Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ, 187...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ, 187-ՐԴ, 280-ՐԴ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական               Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                        թիվ ԵԴ/15299/02/18

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/15299/02/18    2021 թ.

Նախագահող դատավոր` Գ. Խանդանյան

    Դատավորներ`        Ա. Մխիթարյան

                       Ն. Կարապետյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հոկտեմբերի 22-ին

գրավոր ընթացակարգով քննելով Անահիդա Բունիաթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.02.2021 թվականի որոշման դեմ` ըստ Անահիդա Բունիաթյանի հայցի ընդդեմ Սոֆյա և Արփիկ Մարտիրոսյանների (այսուհետ` Համապատասխանողներ)` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, ու ըստ Համապատասխանողների հակընդդեմ հայցի ընդդեմ Անահիդա Բունիաթյանի` վտարելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անահիդա Բունիաթյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 15/21 հասցեում գտնվող բնակելի տան` Համապատասխանողներին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, իր կողմից փաստացի օգտագործվող և տիրապետվող 48,66 քմ մակերեսով շինությունների և դրանով ծանրաբեռնված 65,98 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Համապատասխանողները պահանջել են վերացնել իրենց գույքի ապօրինի տիրապետումը և օգտագործումը` Անահիդա Բունիաթյանին վտարելով Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 15/21 հասցեում գտնվող անշարժ գույքի` վերջինիս կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող շինություններից:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 21.10.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Անահիդա Բունիաթյանի սեփականության իրավունքը Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 15/21 հասցեում գտնող բնակելի տան` Համապատասխանողներին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, իր կողմից փաստացի օգտագործվող, տիրապետվող 48,66 քմ մակերեսով շինությունների նկատմամբ, իսկ շինություններով ծանրաբեռնված 65,8 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու մասով պահանջը և հակընդդեմ հայցը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.02.2021 թվականի որոշմամբ Համապատասխանողների վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 21.10.2020 թվականի վճիռը մասնակիորեն` հայցը մասնակիորեն բավարարելու մասով, բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժելու մասով` բեկանվել է, և գործն այդ մասով ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անահիդա Բունիաթյանը (ներկայացուցիչ Սերգեյ Ադիբեկյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Համապատասխանողները (ներկայացուցիչ Սարգիս Ցականյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետը, 187-րդ հոդվածը, 280-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, 380-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը, անտեսելով գործում եղած իրավական և փաստական հանգամանքները, որոնցով ակնհայտ հիմնավորվում է հայցվորի կողմից անշարժ գույքի զբաղեցված տարածքը տիրապետելու բարեխղճությունը` կայացրել է անհիմն դատական ակտ և դրա հիմքում դրել է այնպիսի փաստեր, որոնք իրավական տեսանկյունից ենթակա չեն որակման:

Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով որպես ձեռքբերման վաղեմության ժամկետի հոսելու սկիզբ հիմք է ընդունել 2009 թվականը, որը պատասխանողների իրավանախորդի սեփականության իրավունքի ծագման ժամանակահատվածն է: Սակայն, գործով ձեռքբերված ապացույցներով հիմնավորված է, որ հայցվորի կողմից ինչպես մինչև 2009 թվականը Զավեն Մարտիրոսյանի սեփականության իրավունքը ճանաչելը, այնպես էլ դրանից հետո` 10 տարի և ավել ժամանակաշրջանի ընթացքում վեճի առարկա հանդիսացող գույքի տիրապետումը չի ընդհատվել նաև այն դեպքում, որ վեճի առարկա գույքն օտարվել է տարբեր անձանց: Մասնավորապես, սեփականատերերից որևէ մեկը, այդ թվում նաև` Զավեն Մարտիրոսյանը և վերջինիս ժառանգները որևէ գործողություն չեն կատարել գույքը վերադարձնելու ուղղությամբ:

Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, թե մինչև 2009 թվականն Անահիդա Բունիաթյանի կողմից փաստացի օգտագործվող` 25,66 քմ ընդհանուր մակերեսով հողատարածքի վրա առկա շենք-շինությունները որևէ իրավական կարգավիճակ չեն ունեցել, և որ միայն Զավեն Մարտիրոսյանի կողմից է այդ տարածքի սեփականության իրավունքը ճանաչվել և գրանցվել, անհիմն է, քանի որ անշարժ գույքը կառուցվել է 1948 թվականին և բոլոր սեփականատերերը ունեցել են սեփականության իրավունքի գրանցման վկայագիր և դրանցում նշված են, որ շինությունները եղել են օրինական:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.02.2021 թվականի որոշումը և ամբողջությամբ օրինական ուժ տալ Դատարանի 21.10.2020 թվականի վճռին, կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ սույն քաղաքացիական գործում առկա չէ որևէ վերաբերելի ապացույց, որը կփաստի կամ կվկայի Անահիդա Բունիաթյանի մոտ տիրապետման բարեխղճության առկայությունը և վերջինիս մոտ բարեխղճության ծագման ժամանակահատվածը, այսինքն` անշարժ գույքը որպես սեփականը տիրապետելու համոզմունքի կամ ենթադրության առկայությունն ու դրա հոսքի սկիզբը:

Ավելին` սույն քաղաքացիական գործում առկա չէ որևէ վերաբերելի ապացույց, որը կփաստի կամ կվկայի Անահիդա Բունիաթյանի կողմից իր զբաղեցրած անշարժ գույքը երրորդ անձանց ոտնձգություններից պաշտպանելու մասին այն պայմաններում, երբ նրա տիրապետման ժամանակահատվածում մի շարք դեպքերում վտանգվել է գույքի նկատմամբ նրա տիրապետումը: Բողոքում վկայակոչված ապացույցներով, մասնավորապես` վկաներ Աիդա Գալստյանի, Ելենա Արզումանյանի, Լեյլի Բաբաջանյանի և Սամվել Առաքելյանի ցուցմունքներով, Երևան քաղաքի Կենտրոն համայնքի թաղապետարանի թիվ 21 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 03.02.2003 թվականին տրված տեղեկանքով, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի կողմից 30.10.2007 թվականին և 14.12.2017 թվականին տրված տեղեկանքներով, Կենտրոն վարչական շրջանի թիվ 21 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 29.05.2018 թվականին տրված տեղեկանքով, Աղավնի Կանայանի, Ալինա Միրզոյանի, Ռուզաննա Կարապետյանի, Գոհար Առաքելյանի հայտարարությամբ չի հաստատվում Անահիդա Բունիաթյանի` վեճի առարկա գույքի ձեռքբերման բարեխղճությունը: Այդ փաստաթղթերով ընդամենը փաստվում է այն հանգամանքը, որ Անահիդա Բունիաթյանը որոշակի ժամանակահատվածում բնակվել է անշարժ գույքում, որն ի սկզբանե ընդունվել է Համապատասխանողների կողմից ու վիճելի փաստ չի եղել:

Անհնարին է հասկանալ, թե ինչպիսի հանգամանքի հիման վրա ու երբվանից կարող էր հայցվորի մոտ համոզմունք ձևավորվել, որ ինքը որպես իր սեփականն է տիրապետում իր կողմից զբաղեցված տարածքները: Տվյալ դեպքում անհնար է անգամ գուշակել, թե վկայակոչված ապացույցներից ու փաստերից որոնցով են հաստատվում վերջինիս պնդումները:

Բացի այդ, սույն քաղաքացիական գործում առկա այնպիսի ապացույցներով, ինչպիսիք են ՀՍՍՀ Երևան քաղաքի Սպանդարյան շրջանի ժողդատարանի կողմից 11.08.1975 թվականին և 07.06.1982 թվականին կայացված վճիռները, Երքաղսովետի հաշվետեխնիկական բյուրոյի պետի կողմից Երքաղսովետի Սպանդարյան շրջսովետի գործկոմի նախագահի տեղակալին ուղղված Լենա և Գելա Մուրմանիշվիլիների գրությունը, վերջիններիս և Կարպիս Հալաջյանի միջև 20.01.1987 թվականին կնքված բնակելի տան առուծախի պայմանագիրը, հաստատվում է այն փաստը, որ Անահիդա Բունիաթյանի մոտ այդ անշարժ գույքի վիճելի հատվածում անարգել բնակվելը չէր կարող ձևավորել համոզմունք առ այն, որ անշարժ գույքի` իր կողմից զբաղեցված ու օգտագործվող մասն օրինական կարգով պատկանում է իրեն, քանի որ նախ 1975 թվականի վճռով ՀՍՍՀ Երևան քաղաքի Սպանդարյան շրջանի ժողդատարանը Անահիդա Բունիաթյանի նախկին ամուսին Աշոտ Գրիգորյանին էր թողել բնակության համար վարձակալության, իսկ 07.06.1982 թվականին ՀՍՍՀ Երևան քաղաքի Սպանդարյան շրջանի ժողդատարանի կողմից կայացված վճռով, երբ լուծվել էր Անահիդա Բունիաթյանի և Աշոտ Գրիգորյանի ամուսնությունը, ևս իրեն չէր տրամադրվել որևէ իրավունք այդ գույքի նկատմամբ:

Միաժամանակ, բնակելի տան նախկին սեփականատերեր Լենա և Գելա Մուրմանիշվիլիների Երքաղսովետի Սպանդարյան շրջսովետի գործկոմի նախագահի տեղակալին ուղղված դիմումով, ինչպես նաև Կարպիս Հալաջյանի հետ կնքված առուծախի պայմանագրով հավաստվում է նրանց կողմից բնակելի տարածքը` որպես մեկ ամբողջություն, իրենց սեփականությունը դիտարկելու և այն որպես սեփականը տնօրինելու փաստը:

Ավելին` ինչպես Համապատասխանողները, այնպես էլ նրանցից առաջ եղած մյուս սեփականատերերը ոչ միայն ակտիվ վարքագծով տիրապետել, օգտագործել են իրենց գույքը` որպես սեփականը, այլև երրորդ անձանց ոտնձգություններից պաշտպանելուն ուղղված որոշակի ակտիվ վարքագիծ են դրսևորել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) տնամերձ հողամասի դասավորության վերաբերյալ հատակագծի համաձայն` Միկոյան պողոտայի թիվ 15 հասցեում (հետագայում` Հոկտեմբերյան պողոտա, թիվ 15, իսկ ներկայումս` Տիգրան Մեծ փողոց, թիվ 15) գտնվող հողամասը պատկանել է Սուրեն Հունանի Գրիգորյանին (հատոր 2-րդ, գ.թ. 21).

2) 10.04.1974 թվականին նոտարական գրասենյակի կողմից տրված` ամուսինների ընդհանուր գույքի մասի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրի համաձայն` հաստատվել է, որ Սուրեն Հունանի Գրիգորյանը մահացել է 20.07.1973 թվականին, և նրան պատկանող` Միկոյան պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող տնատիրության 1/2 մասը հանդիսանում է նրա կնոջ` քաղաքացի Սիրանուշ Գրիգորյանի սեփականությունը (հատոր 2-րդ, գ.թ. 22).

3) Միկոյան պողոտայի թիվ 15 հասցեի հողամասի հատակագծի համաձայն` նույն հասցեի անշարժ գույքի 5/8 մասը պատկանում է Սիրանուշ Գրիգորյանին, 1/8` Մեսրոպ Սուրենի Գրիգորյանին, 1/8` Մարթա Սուրենի Գրիգորյանին, 1/8` Սուրեն Արամայիսի Գրիգորյանին (հատոր 2-րդ, գ.թ. 23-25).

4) Երևան քաղաքի Սպանդարյան շրջանի Ժողդատարանի ժողդատավոր Ա. Ասատրյանի 11.08.1975 թվականին կայացված վճռով որոշվել է` ք. Երևան, Հոկտեմբերյան պողոտա, թիվ 15 հասցեում գտնվող տան մեկ սենյակը` 23 քմ բնակելի մակերեսով, թողնել Աշոտ Մեսրոպի Գրիգորյանին ընտանիքի անդամների հետ միասին վարձակալական հիմունքներով բնակվելու (հատոր 3-րդ, գ.թ. 86-87).

5) Կենտրոն համայնքի թաղապետարանի թիվ 21 տեղամասի լիազոր-ներկայացուցիչ Ե. Արզումանյանի 03.02.2003 թվականի թիվ 354 տեղեկանքի համաձայն` քաղաքացի Անահիդա Բունիաթյանը բնակվում է Տիգրան Մեծ փողոց, թիվ 15 շենք, 27-րդ տանը: Նշված հասցեում բնակվում են նաև Գայանե Սարգսյանը` 1975 թվականից, Արթուր Գրիգորյանը` 1976 թվականից (հատոր 2-րդ, գ.թ. 38).

6) Երևանի «Կենտրոն» վարչական շրջանի թիվ 21 տեղամասի լիազոր-ներկայացուցիչ Ե. Արզումանյանի կողմից 29.05.2018 թվականին տրված թիվ 70 տեղեկանքի համաձայն` քաղաքացի Անահիդա Խաչիկի Բունիաթյանը 1975 թվականից առ այսօր բնակվում է Տիգրան Մեծ փողոց, թիվ 15 շենք, 27-րդ տանը: Նշված տանը բնակվում են նաև Գայանե Գրիգորյանն ու Արթուր Գրիգորյանը (հատոր 2-րդ, գ.թ. 19).

7) 19.11.1974 թվականի բնակելի տան առուվաճառքի պայմանագրի համաձայն` Սիրանուշ Գրիգորյանը, Մեսրոպ Սուրենի Գրիգորյանը, Մարթա Սուրենի Գրիգորյանը և Սուրեն Արամայիսի Գրիգորյանը վաճառել են իրենց պատկանող տնատիրությունը Լենա և Գելլա Մուրմանիշվիլիներին, որը բաղկացած է 5 սենյակից` 88,6 քմ բնակելի մակերեսով, երկու միջանցքով` 9,9 քմ և 3,36 քմ մակերեսներով (հատոր 2-րդ, գ.թ. 95).

8) բնակելի տան տեխնիկական անձնագրի համաձայն` անշարժ գույքի 1/2 մասը պատկանել է Գելա Մուրմանիշվիլիին, իսկ մյուս 1/2 մասը` Լենա Մուրմանիշվիլիին (հատոր 2-րդ, գ.թ. 24-25).

9) 20.01.1987 թվականին բնակելի տան առուծախի պայմանագրի համաձայն` Լենա և Գելա Մուրմանիշվիլիները Երևանի Տիգրան Մեծի թիվ 15/21 (Հոկտեմբերյան թիվ 15) բնակելի տունը` բաղկացած 79,34 քմ բնակելի և 47,86 քմ օժանդակ մակերեսներից (որը գտնվում է 176 քմ հողամասի վրա), վաճառել են Կարպիս Հալաջյանին (հատոր 2-րդ, գ.թ. 26-27).

10) Սպանդարյան շրջանի Տիգրան Մեծի թիվ 15/21 (Հոկտեմբերյան թիվ 15) բնակելի տան սեփականության վկայագրի համաձայն` վերոհիշյալ գույքը 79,34 քմ բնակելի, 47,36 քմ օժանդակ մակերեսներով սեփականության իրավունքով պատկանել է Կարպիս Հալաջյանին: Հողամասի բնութագիրը` 176 քմ, շինության ներքին բնութագիրը` բնակարանների թիվը` 1, բնակելի սենյակների թիվը` 4, ընդհանուր մակերեսը` 127,9 քմ` բնակելի` 79,34 քմ, օժանդակ` 47,86 քմ: Լրացուցիչ նշումների համաձայն` հիմք է հանդիսանում Սպանդարյան շրջանի Ժողդատարանի առուվաճառքի պայմանագիրը չեղյալ համարելու վերաբերյալ 22.06.1992 թվականի թիվ 2-315 վճիռը (հատոր 2-րդ, գ.թ. 29).

11) բնակելի տան առուծախի 05.06.1995 թվականի պայմանագրի համաձայն` Կարպիս Հալաջյանը 79,34 քմ բնակելի և 47,36 քմ օժանդակ մակերեսներից բաղկացած տունը վաճառել է Զավեն Մարտիրոսյանին (հատոր 2-րդ, գ.թ. 94).

12) 19.06.1995 թվականի սեփականության վկայականի համաձայն` Տիգրան Մեծի թիվ 15/21 (Հոկտեմբերյան թիվ 15) գույքը` բաղկացած 79,34 քմ բնակելի և 47,86 քմ օժանդակ մակերեսներից, ամբողջությամբ պատկանում է Զավեն Մարտիրոսյանին (հատոր 2-րդ, գ.թ. 32).

13) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման 10.07.2009 թվականի թիվ 2290443 վկայականի համաձայն` ք. Երևան, Տիգրան Մեծ պողոտա, թիվ 15/21 հասցեում գտնվող անշարժ գույքը` 0,02261 հա հողամասը և 241,5 քմ մակերեսով բնակելի տունը, սեփականության իրավունքով պատկանում է Զավեն Մարտիրոսյանին:

Լրացուցիչ նշումների համաձայն` առկա է 14,8 քմ մակերեսով ինքնակամ շինություն, որը հաշվառված է թիվ 2-47 մատյանում: Գույքը գտնվում է բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքում: Ինքնակամ շինությունը գտնվում է «Սիթի Սենթի Դիվելըփենթ» ՓԲԸ-ի հողամասում (հատոր 2-րդ, գ.թ. 33-34).

14) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 28.02.2018 թվականին տրված թիվ ԱՏ-26/03/2018-1-0261 տեղեկանքի համաձայն` ք. Երևան, Կենտրոն, Տիգրան Մեծ պողոտա, թիվ 15/21 հասցեում գտնվող անշարժ գույքը 15.04.1974 թվականին գույքագրվել է Սիրանուշ, Մեսրոպ և Սուրեն Գրիգորյանների անուններով, 29.11.1974 թվականին գույքագրվել է Լենա ու Գելա Մարմանիշվիլիների անուններով, 30.05.1995 թվականին գույքագրվել է Կարպիս Հալաջյանի անվամբ, 19.06.1995 թվականին գույքագրվել է Զավեն Մարտիրոսյանի անվամբ, այնուհետև` Սոֆյա Թորգոմի Մարտիրոսյանի և Արփիկ Զավենի Մարտիրոսյանի անուններով (հատոր 2-րդ, գ.թ. 39).

15) 11.05.2017 թվականին տրված սեփականության իրավունքի վկայագրի համաձայն` Զավեն Մարտիրոսյանի մահվանից հետո (վերջինս մահացել է 16.04.2011 թվականին), նրա գույքի նկատմամբ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր է ստացել Արփիկ Զավենի Մարտիրոսյանը (հատոր 2-րդ, գ.թ. 45).

16) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն` ք. Երևան, Կենտրոն, Տիգրան Մեծ պողոտա, թիվ 15/21 հասցեում գտնվող բնակելի տան (241,5 քմ) գրանցված սուբյեկտներ են հանդիսանում` Սոֆյա Թորգոմի Մարտիրոսյանը` 1/2, և Արփիկ Զավենի Մարտիրոսյանը` 1/2: Գրանցման համար հիմք են հանդիսացել նոտարի 11.05.2017 թվականի թիվ 13853 սեփականության իրավունքի և թիվ 13854 ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերը (հատոր 2-րդ, գ.թ. 35, 45).

17) Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի 14.12.2017 թվականի տեղեկանքի համաձայն` Անահիդա Բունիաթյանն ընտանիքի 3 անձով բնակվում է Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 15 փողոցի 21-րդ տանը: Բնակելի տանը հաշվառված են Անահիդա Բունիաթյանը` 1975 թվականից, Գայանե Սարգսյանը` 17.07.1991 թվականից, Արթուր Գրիգորյանը` 08.06.2005 թվականից: Տունը կառուցվել է 1948 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 40).

18) «ՍՎ ՉԱՓԱԳՐՈՒՄ» ՍՊԸ-ի տնօրեն Վ. Սարգսյանի 20.11.2017 թվականի շինությունների չափագրման հատակագծի և եզրակացության համաձայն` Անահիդա Բունիաթյանը զբաղեցնում է 24,3 քմ, 10,5 քմ, 7,3 քմ, 4,34 քմ և 2,22 քմ մակերեսներով օրինական տարածք (հատոր 2-րդ, գ.թ. 57-59).

19) Երևանի քաղաքապետի 31.03.2009 թվականի թիվ 1775-Ա որոշմամբ վերականգնվել է Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 15/21 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Զավեն Մարտիրոսյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և նրա սպասարկման համար անհրաժեշտ օրինական 176 քմ մակերեսով հողամասին կից 50,1 քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 50,1 քմ մակերեսով հողամասի և 50,1 քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ (հատոր 2-րդ, գ.թ. 125).

20) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման (Հաշվառման քարտ` թիվ 2-122-15-0-21) 24.10.2017 թվականի պայմանագրի համաձայն` Անահիդա Բունիաթյանը հանդիսանում է ջրամատակարարման բաժանորդ (հատոր 3-րդ, գ.թ. 67-69).

21) Երևանի «Ջրմուղ-Կոյուղի» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սուրեն Վարդանյանի կողմից 19.07.2018 թվականին Անահիդա Բունիաթյանին տրված տեղեկանքի համաձայն` Երևանի «Ջրմուղ-Կոյուղի» ՓԲԸ-ի դեբիտորական պարտքերի ցուցակում Անահիդա Բունիաթյանի անվամբ ք. Երևան, Տիգրան Մեծի թիվ 15-21 հասցեում, ըստ թիվ 2-122-15-0-0 բաժանորդի քարտի համարի, մինչև 2006 թվականը խմելու ջրի վարձի պարտք գրանցված չէ, վճարված է (հատոր 3-րդ, գ.թ. 75).

22) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ Վ. Մեսրոբյանի կողմից 18.07.2018 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Անահիդա Բունիաթյանը 2004 թվականի մարտ ամսից մինչև 2018 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում կատարել է Երևանի Տիգրան Մեծ փողոցի թիվ 15 շենքի 21-րդ բնակարանի օգտագործված էլեկտրաէներգիայի վճարումները (հատոր 3-րդ, գ.թ. 62-66).

23) Վկաներ Աիդա Գալստյանը, Ելենա Արզումանյանը, Լեյլի Բաբաջանյանը և Սամվել Առաքելյանը 09.09.2020 թվականի դատական նիստի ընթացքում հայտնել են, որ նրանք ճանաչում են Անահիդա Բունիաթյանին` որպես իրենց հարևան և հաստատել են այն փաստը, որ Անահիդա Բունիաթյանն իր երեխաների հետ 1974 թվականից բնակվում է վիճելի հասցեում (հատոր 5-րդ, գ.թ. 54):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ մասով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի այնպիսի խախտում, որով խաթարվել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսևորման առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքը ոչնչացնելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի` օրենքով նախատեսված այլ դեպքերում:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ձեռքբերման վաղեմության ինստիտուտի հետ կապված իրավակարգավորումների կիրառման հարցերին, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. Տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփական, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփական նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. Տիրապետումը եղել է բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի):

Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին` արձանագրելով, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ` գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:

i

Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:

i

Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը որպես սեփականությունից հրաժարվելու հիմք կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

i

Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը (տե՛ս, Աշխեն Առաքելյանի ընդդեմ Արայիկ Ավետիսյանի, Համլետ և Մելանյա Ավետիսյանների, երրորդ անձինք Աշոտ Ավետիսյանի, Քաջիկ Ստեփանյանի թիվ ԵԿԴ/3299/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին:

Բարեխղճության ծագումը, ինչպես և մյուս պայմանները կարևորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ` գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից: Վերջինս էլ ըստ էության նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը և անցման պահին անձը եղել է բարեխիղճ (տե՛ս, Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը, Նունե Մովսեսյանն ընդդեմ Վարդանուշ և Լուսինե Թորոսյանների, Օֆելյա Բոդուրյանի թիվ ԵԿԴ/0532/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը, հայցը մասնակիորեն բավարարելով, եկել է այն եզրահանգման, որ հայցվորը, հանդիսանալով խնդրո առարկա տան սեփականատիրոջ ընտանիքի անդամ, բնակվել է վիճելի հասցեում, ընդ որում` բնակությունը շարունակվել է նաև այն ժամանակ, երբ սեփականատերերն օտարել են գույքը, ավելին` տունը վերավաճառվել է մի քանի անգամ, սակայն որևէ սեփականատեր ոչ միայն չի վիճարկել հայցվորի տիրապետման փաստը, այլև սեփականատերերն իրենց գործողություններով մեկուսացել են գույքի օգտագործումից և տիրապետումից: Այսինքն` վիճելի անշարժ գույքը տարբեր գործարքների հիմքով փոխանցվել է տարբեր սեփականատերերի, որոնք իրենց վարքագծով ընդունել են հայցվորի իրավունքը վերջինիս զբաղեցրած տարածքի նկատմամբ: Վերոգրյալի հաշվառմամբ Դատարանը գտել է, որ ինչպես գույքի օտարման, այնպես էլ ժառանգության ընդունման կամ օրինականացման գործողությունները չեն կարող դադարեցնել ձեռքբերման վաղեմության ընթացքը, բացի այդ, այդ գործընթացի ժամանակ հայցվորն արդեն իսկ ձեռք է բերել սեփականության իրավունք ձեռքբերման վաղեմության ուժով և դրանից հետո կատարված գործողությունները չեն կարող չեղարկել նախկինում կատարված գործողություններն ու օրենքի ուժով արդեն իսկ ձեռքբերված իրավունքը, որպիսի հիմնավորմամբ էլ Դատարանը եզրահանգել է, որ հայցը պետք է բավարարել մասնակի` շինությունների մասով (...):

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը հայցը մասնակիորեն բավարարելու մասով բեկանելով և փոփոխելով, պատճառաբանել է, որ գործով ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման համար անհրաժեշտ վավերապայմաններով բարեխղճությունը հիմնավորված չէ, քանի որ թե՛ Լենա ու Գելա Մուրմանիշվիլիները, թե՛ Կարպիս Հալաջյանը, որպես սեփականատերեր, երբեք չեն հրաժարվել իրենց գույքից կամ դրա մասից և այն համարել են իրենց սեփականը, հակառակ պարագայում, իրենց համարելով որպես վիճելի գույքի սեփականատեր` համապատասխան առուվաճառքի պայմանագրի ուժով չէին հրաժարվի իրենց սեփականության իրավունքից հօգուտ գնորդի:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ հայցվորի կողմից, ըստ էության, չի հիմնավորվել վիճելի անշարժ գույքի տիրապետման բարեխղճությունը, համակցության մեջ չի գնահատել գործում առկա ապացույցները և դրանցով հիմնավորվող փաստական հանգամանքները: Այսպես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վեճի առարկա հասցեում հայցվորի բնակության փաստը պայմանավորված է եղել ամուսնության հանգամանքով և Երևան քաղաքի Սպանդարյան շրջանի Ժողդատարանի ժողդատավոր Ա. Ասատրյանի 11.08.1975 թվականի վճռով, որով վեճի առարկա գույքը վարձակալական հիմունքներով հատկացվել է հայցվորի ընտանիքին` բնակվելու համար: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` թեև վեճի առարկա գույքը հայցվորի տիրապետմանն անցնելու սկզբնական ժամանակահատվածում բացառվել է վերջինիս մոտ իր տիրապետման վերաբերյալ բարեխղճության համոզմունքը, այդուհանդերձ, վերը վկայակոչված իրավական դիրքորոշումների ուժով, այդ համոզմունքը ձևավորվել է գույքի տիրապետման հետագա ընթացքում: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հայցվորը 1975 թվականից առ այսօր բնակվում է վիճելի հասցեում, վերջինս և նրա ընտանիքի անդամները հաշվառված են նշված հասցեում, այդ հասցեի էլեկտրամատակարարման և ջրօգտագործման ծառայությունների դիմաց վճարումները կատարվել են հայցվորի կողմից: Բացի այդ, գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ վիճելի գույքի գրանցված սեփականատերերը երբևէ միջոցներ են ձեռնարկել վիճելի գույքի` Անահիդա Բունիաթյանի տիրապետմանը խոչընդոտելու կամ գույքը հետ վերադարձնելու ուղղությամբ:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` վերը թվարկված հանգամանքները ժամանակի ընթացքում Անահիդա Բունիաթյանի մոտ կարող էին համոզմունք ձևավորել առ այն, որ նա վեճի առարկա գույքը տիրապետում է որպես իր սեփականություն:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ վեճի առարկա գույքի սեփականատերերը երբևէ չեն հրաժարվել տվյալ գույքի նկատմամբ իրենց սեփականության իրավունքից, քանի որ տարբեր ժամանակահատվածներում առուվաճառքի պայմանագրերով օտարել են նշված հասցեի գույքը, ինչպես նաև միջոցներ են ձեռնարկել այն երրորդ անձանց ոտնձգություններից պաշտպանելու ուղղությամբ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ միայն նման պայմանագրերի կնքումը և դրանցից բխող իրավունքների գրանցումը չի կարող բավարար որակվել վեճի առարկա գույքի նկատմամբ սեփականատիրոջ կողմից բավարար հոգածություն ցուցաբերելու փաստը գնահատելու համար: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև գույքի գրանցված սեփականատերերն իրավաբանորեն տնօրինել են վեճի առարկա գույքի ճակատագիրը, սակայն փաստացի մեկուսացել են այդ գույքի տնօրինումից` որևէ կերպ չհոգալով դրա պահպանման ծախսերը, ինչպես նաև չխոչընդոտելով երրորդ անձանց կողմից այդ գույքի տիրապետմանն ու օգտագործմանը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի նման հետևությունը վերաբերում է Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 15/21 հասցեի` Անահիդա Բունիաթյանի կողմից տիրապետվող մակերեսին և վերջինիս տիրապետումը խոչընդոտելուն, այլ ոչ թե ընդհանրական կերպով նշված հասցեի գույքն այլ անձանց ոտնձգություններից պաշտպանելուն` նկատի ունենալով նաև այն, որ գործում առկա ապացույցներից միանշանակ կերպով չի հետևում, թե արդյոք այդ գործողությունները վերաբերել են նաև Անահիդա Բունիաթյանի կողմից տիրապետվող մակերեսին: Հետևաբար առնվազն 1987 թվականից, այսինքն` վիճելի հասցեի գույքի երկրորդ օտարումից և նշված հասցեի գրանցված սեփականատերերի կողմից իր տիրապետման նկատմամբ դրսևորված անգործությունից Անահիդա Բունիաթյանի մոտ կարող էր համոզմունք ձևավորվել առ այն, որ վիճելի մակերեսը տիրապետում է որպես սեփական գույք:

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի թիվ 1775-Ա որոշմանը, որով Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 15/21 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ վերականգնվել է Զավեն Մարտիրոսյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և նրա սպասարկման համար անհրաժեշտ օրինական 176 քմ մակերեսով հողամասին կից 50,1 քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 50,1 քմ մակերեսով հողամասի և 50,1 քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ, ապա Վճռաբեկ դատարանի դիտարկմամբ սույն գործով այդպես էլ չի հիմնավորվել, որ վեճի առարկա գույքը ներառված է վերոնշյալ 50,1 քմ մակերեսով շինությունների կազմում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Դատարանը, հայցը մասնակիորեն բավարարելով և հակընդդեմ հայցը մերժելով, կայացրել է օրինական ու հիմնավորված դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

 

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատարանի 21.10.2020 թվականի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցն առանց քննության թողնելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

i

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը, գտնում է, որ Համապատասխանողներից համապարտության կարգով հօգուտ Անահիդա Բունիաթյանի ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և նախապես վճարված պետական տուրքի գումար:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.02.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 21.10.2020 թվականի վճռին:

2. Սոֆյա և Արփիկ Մարտիրոսյաններից հօգուտ Անահիդա Բունիաթյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 22 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.10.2021
N ԵԴ/15299/02/18
Որոշում