Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹ ...

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին

 

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքից» բառերը փոխարինել «մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերից» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 35. Մաքսային ծառայողի համազգեստը և ծառայողական վկայականը

 

1. Մաքսային ծառայողների համար սահմանվում է համազգեստ, որի ձևը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ կրելու կարգը` մաքսային մարմինը: Համազգեստը տրվում է անվճար:

2. Մաքսային ծառայողին տրվում է ծառայողական վկայական, որի ձևը և տրամադրման կարգը հաստատում է վերադաս մաքսային մարմինը:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 37. Մաքսային ծառայողի պատասխանատվությունը

 

Մաքսային ծառայողների ապօրինի գործողությունների կամ անգործության հետևանքով անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասները հատուցվում են մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին, իսկ նշված ֆոնդում առկա միջոցների անբավարարության դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին:

Մաքսային ծառայողների օրինական գործողությունների արդյունքում անձանց պատճառված վնասները փոխհատուցման ենթակա չեն: Մաքսային ծառայողներն իրենց ապօրինի գործողությունների կամ անգործության, ինչպես նաև իրենց կայացրած ապօրինի որոշումների համար կրում են կարգապահական, վարչական և քրեական պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Մաքսային մարմնի կամ մաքսային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել վերադաս մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով կամ դատարան:

Մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից որոշումների ընդունման, գործողությունների և անգործության վերաբերյալ գործողությունների կամ անգործության վերաբերյալ վեճերի լուծման նպատակով վերադաս մաքսային մարմնում գործում է մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով: Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից ձևավորվող` մաքսային մարմնում մշտապես գործող մարմին է, որը կազմված է նախագահից և ութ անդամից, որոնք հանձնաժողովում իրենց աշխատանքը համատեղում են իրենց զբաղեցրած մաքսային ծառայության պաշտոնների հետ:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը ներկայացված բողոքը վարույթ է ընդունում դիմում-բողոք բերողի կողմից գրավոր կարգով և հայերենով ներկայացված դիմում-բողոքի հիման վրա, որը պետք է պարունակի`

1) բողոքարկման հանձնաժողովի անվանումը, որին ներկայացվում է բողոքը.

2) բողոք բերող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն (վերջինիս բացակայության դեպքում նշվում է հանրային ծառայության համարանիշը), հասցեն, իսկ կազմակերպության դեպքում` կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ-ն, նրա անունից բողոք բերող անձի անունը, ազգանունը և պաշտոնը, ինչպես նաև հեռահաղորդակցման միջոցների տվյալները.

3) բողոքարկման առարկան.

4) բողոք բերողի պահանջը.

5) բողոքին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

6) բողոքը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.

7) բողոք բերող անձի ստորագրությունը, կազմակերպության դեպքում` նրա անունից բողոք բերող անձի ստորագրությունը:

Սույն հոդվածի 5-րդ մասում նշված` ոչ լիարժեք ներկայացված դիմում-բողոքի դեպքում մաքսային մարմինը դիմում-բողոքը ներկայացնողին գրավոր տեղեկացնում է դիմում-բողոքում առկա թերությունների մասին և առաջարկում է վերացնել դրանք երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետում թերությունները վերացնելու և բողոքարկման հանձնաժողովին տեղեկացնելու դեպքում դիմում-բողոքը համարվում է ընդունված այն առաջին անգամ ներկայացնելու օրվանից: Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը քննության է առնում նաև թերություններով ներկայացված դիմում-բողոքը, եթե այդ թերությունները չեն խոչընդոտում բողոքի հետագա քննությանը:

Մաքսային մարմնի ընդունած և ուժի մեջ մտած անհատական իրավական ակտը կարող է բողոքարկվել այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, իսկ մաքսային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել այն կատարելու կամ ցուցաբերելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը, անհատական կազմը (հաշվի առնելով շահերի բախման սկզբունքի հնարավորինս պահպանությունը), բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքի ձևը և դիմում-բողոք բերած անձին հանձնաժողովի նիստի անցկացման վայրի ու ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևը, ինչպես նաև հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումների ձևերը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքները մաքսային մարմինը քննության է առնում և դրանց վերաբերյալ որոշումներ է ընդունում 30 օրվա ընթացքում: Սույն մասով սահմանված ժամկետի հաշվարկն սկսվում է գրավոր դիմում-բողոքը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից: Առանձին դեպքերում վերադաս մաքսային մարմնի ղեկավարի որոշմամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել 15 օրով, որի մասին իրազեկվում է դիմումատուն: Նշված ժամկետում դիմում-բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում դիմում-բողոքը բավարարելու մասին մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովն ընդունում է դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին համապատասխան գրավոր որոշում, եթե`

1) բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքը չի բավարարում սույն օրենքով սահմանված չափանիշները, բացառությամբ այն դեպքերի, եթե այդ հանգամանքը չի խոչընդոտում դիմում-բողոքի հետագա քննությանը.

2) բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքում հստակ նշված չէ բողոք բերողի պահանջը.

3) բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքին կցված չէ բողոքարկվող փաստաթղթերի ցանկը.

4) դիմում-բողոքը բերել է դիմում-բողոք բերելու իրավասություն չունեցող անձը.

5) դիմում-բողոքը չի համապատասխանում ընթացակարգային պահանջներին, և դիմում-բողոքում առկա թերությունները բողոքը ներկայացնողը չի վերացրել սույն հոդվածով սահմանված ժամկետում.

6) դիմում-բողոք բերողը հրաժարվում է բողոքից.

7) դիմում-բողոքում նշված պահանջը դուրս է մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի իրավասություններից.

8) բացակայում է մաքսային մարմնի կողմից բողոքարկվող անհատական իրավական ակտի, գործողության կամ անգործության դեպքը.

9) դիմում-բողոքը ներկայացվել է սույն հոդվածով սահմանված ժամկետի ավարտից հետո.

10) դիմում-բողոք բերած նույն անձի, բողոքարկման նույն առարկայի մասին, միևնույն հիմքերով բողոքի վերաբերյալ առկա է մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերում դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին որոշումների, որոնց կարճման հիմքերը վերացնելուց հետո սույն հոդվածով սահմանված ժամկետում ներկայացված դիմում-բողոքները ենթակա են քննարկման.

11) դիմում-բողոքը ներկայացնողը նույն պահանջով դիմել է դատարան.

12) դիմում-բողոք բերած կազմակերպության լուծարման կամ ֆիզիկական անձի մահվան դեպքում:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին որոշումն ընդունում է երկու օրինակից, որի մեկ օրինակը որոշումն ընդունելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրվում է դիմում-բողոք բերած անձին, իսկ երկրորդ օրինակը պահպանվում է մաքսային մարմնում:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքը հանձնաժողովի կողմից քննարկման ընդունվելու դեպքում դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին: Բողոքարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-բողոք բերած անձը, վերջինիս գլխավոր հաշվապահը և (կամ) դիմում-բողոք բերած անձի լիազորած անձը (մասնագետը): Բողոքարկման հանձնաժողովի նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին տեղեկացված` դիմում-բողոքը բերած անձի կամ նրա ներկայացուցիչների բացակայությունն արգելք չէ բողոքարկման հանձնաժողովի նիստը շարունակելու և վեճն ըստ էության լուծելու համար:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի նիստերն արձանագրվում են, և կազմված արձանագրություններն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները: Հանձնաժողովի անդամների ստորագրած արձանագրությունները պահպանվում են մաքսային մարմնում այն կազմելու տարվան հաջորդող երեք տարվա ընթացքում` վերադաս մաքսային մարմնի ղեկավարի սահմանած կարգով:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովն ընդունված դիմում-բողոքի վերաբերյալ կայացնում է պատճառաբանված որոշում`

1) դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին.

2) դիմում-բողոքը բավարարելու մասին.

3) դիմում-բողոքը մասնակի բավարարելու մասին.

4) դիմում-բողոքը մերժելու մասին.

5) վերստուգում անցկացնելու մասին:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է հանձնաժողովի անդամներից առնվազն յոթ հոգի: Որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ, պարզ մեծամասնության ձևով:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: Ընդունված որոշումը կազմվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը որոշումը կայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրվում է դիմում-բողոք բերած անձին, իսկ երկրորդ օրինակը պահվում է մաքսային մարմնում:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողով` «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կամ դատարան:»:

 

i

Հոդված 4. Օրենքի 53-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով» բառերը փոխարինել «մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2017 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-284-Ն

 

pin
ՀՀ 21.12.2017
N ՀՕ-284-Ն օրենք