Սեղմել Esc փակելու համար:
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

01.01.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.04.2018  -ից մինչեւ   01.01.2020  -ը:
 

(Օրենքն ուժը կորցրել է 01.01.2020 թվականից` 04.12.19 ՀՕ-283-Ն օրենք)

09.04.2018 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին

 

i

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության իրականացման հիմունքները և կանոնակարգում աուդիտորական գործունեության հետ կապված հարաբերությունները:

 

i
Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

 

Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող աուդիտորական գործունեության վրա:

Պետական (հանրային) հատվածում արտաքին աուդիտը կոչվում է հաշվեքննություն և կարգավորվում է «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(2-րդ հոդ. փոփ. 16.01.18 ՀՕ-59-Ն օրենք)

 

i
Հոդված 3. Աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերը

 

Աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերը կազմված են սույն օրենքից, աուդիտորական գործունեությանը վերաբերող նորմեր պարունակող այլ օրենքներից, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) կողմից ընդունված այլ իրավական ակտերից:

 

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Ստորև բերված հասկացությունները սույն օրենքում օգտագործվում են հետևյալ իմաստով`

աուդիտորական ծառայություն` աուդիտը և (կամ) աուդիտորական դիտարկումը.

աուդիտ իրականացնող անձ` աուդիտորական կազմակերպությունը.

աուդիտորական կազմակերպություն` աուդիտորական ծառայություններ իրականացնող իրավաբանական անձը.

աուդիտի ենթարկվող անձ` այն իրավաբանական անձը, հիմնարկը կամ անհատ ձեռնարկատերը, որի մոտ իրականացվում են աուդիտորական ծառայություններ.

աուդիտոր` աուդիտորի որակավորում ստացած ֆիզիկական անձը:

(4-րդ հոդ. փոփ. 26.05.11 ՀՕ-207-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 4.1. Փոխկապակցված անձինք

 

1. Սույն օրենքի իմաստով իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե`

ա) նրանցից մեկը քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի, այսուհետ` բաժնետոմս) 20 և ավելի տոկոսին, կամ իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջև կնքված պայմանագրին համապատասխան հնարավորություն ունի կանխորոշել մյուսի որոշումները.

բ) նրանցից մեկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 20 տոկոսից ավելիին տիրապետող կամ օրենքով չարգելված այլ ձևով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակիցները (բաժնետերերը) կամ նրանց ընտանիքի անդամներն իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետել (այդ թվում` առուվաճառքի, հավատարմագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարության կամ այլ գործարքների հիման վրա) մյուս անձի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 20 տոկոսից ավելիին կամ ունեն օրենքով չարգելված այլ ձևով վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն.

գ) նրանցից մեկի խորհրդի նախագահը, խորհրդի անդամը, վարչության նախագահը, վարչության անդամը, գործադիր տնօրենը, ֆինանսական կառավարման գծով նրա տեղակալը, ֆինանսական ստորաբաժանման ղեկավարը, հաշվապահը կամ հաշվապահական հաշվառման վարման կամ ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատու անձը, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը, անդամը կամ վերստուգիչ հանձնաժողովի նախագահը, վերստուգիչ հանձնաժողովի անդամը կամ նման այլ մարմինների անդամը (այսուհետ` կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ), ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկը միաժամանակ հանդիսանում է մյուս անձի որևէ կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ:

2. Սույն օրենքի իմաստով ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք միևնույն ընտանիքի անդամ են կամ վարում են ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն:

3. Սույն օրենքի իմաստով ֆիզիկական և իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը հանդիսանում է`

ա) տվյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի 20 տոկոսից ավելին տնօրինող մասնակից.

բ) օրենքով չարգելված այլ ձևով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ.

գ) տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ:

4. Սույն օրենքի իմաստով միևնույն ընտանիքի անդամ են համարվում երեխան, ամուսինը, ծնողը, քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխաները, ինչպես նաև ամուսնու երեխան, ծնողը, քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը:

(4.1-ին հոդ. լրաց. 26.05.11 ՀՕ-207-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 5. «Աուդիտ», «աուդիտոր», «աուդիտորական» բառերի օգտագործումը

 

1. «Աուդիտ», «աուդիտոր», «աուդիտորական» բառերը կամ դրանց ածանցյալներն իր անվանման մեջ կարող է օգտագործել միայն աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստացած կազմակերպությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ դրա օգտագործման իմաստից բխում է, որ խոսքն աուդիտորական գործունեությանը չի վերաբերում:

Լիցենզիա չունեցող, այդ թվում` նոր ստեղծվող կամ լիցենզիայի գործողությունը դադարեցված կազմակերպությունը սույն կետում նշված բառերն իր անվանման մեջ չի կարող օգտագործել վեց ամսից ավելի ժամկետով:

2. Աուդիտորական կազմակերպությունը չի կարող իր անվանման մեջ օգտագործել ապակողմնորոշող այնպիսի բառեր, որոնք կարող են տեղիք տալ թյուր ենթադրության` տվյալ աուդիտորական կազմակերպության ֆինանսական վիճակի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ:

(5-րդ հոդ. փոփ. 08.06.04 ՀՕ-93-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ II
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՈՒԴԻՏԸ

 

i
Հոդված 6. Աուդիտորական գործունեության հասկացությունը

 

1. Աուդիտորական գործունեությունը ֆինանսական հաշվետվությունների և (կամ) ֆինանսական հաշվետվություններ ներառող փաստաթղթերում առկա այլ տեղեկատվության (այսուհետ` ֆինանսական հաշվետվություններ) աուդիտի և (կամ) աուդիտին հարակից ծառայությունների (աուդիտորական դիտարկում, համաձայնեցված ընթացակարգեր, կոմպիլյացիա (տեղեկատվության հավաքում) իրականացումն է:

2. Աուդիտորական գործունեությունն իրականացվում է աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

3. Աուդիտը և աուդիտորական դիտարկումն աուդիտ իրականացնող անձին հնարավորություն են ընձեռում տեղեկատվության արժանահավատության վերաբերյալ ապահովելու իր հավաստիացումը, իսկ համաձայնեցված ընթացակարգերը և կոմպիլյացիան այդպիսի հավաստիացում չեն նախատեսում:

4. Աուդիտորական ծառայության իրականացումն առանց լիցենզիայի արգելվում է: Աուդիտորական ծառայությունները պետք է իրականացվեն առնվազն մեկ աուդիտորի կողմից:

(6-րդ հոդ. փոփ. 08.06.04 ՀՕ-93-Ն օրենք)

 

i
Հոդված 7. Աուդիտը

 

1. Աուդիտը աուդիտի ենթարկվող անձի ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության անկախ ստուգումն է, որի արդյունքում տրամադրվում է աուդիտորական եզրակացություն:

Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակն է հնարավորություն ընձեռել աուդիտորին` կարծիք արտահայտելու այն մասին, թե արդյոք ֆինանսական հաշվետվությունները, բոլոր էական առումներով, կազմված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

2. Աուդիտն անցկացվում է օրենքով սահմանված դեպքերում (պարտադիր աուդիտ) կամ աուդիտի ենթարկվող անձի նախաձեռնությամբ (կամավոր աուդիտ):

Ինչպես պարտադիր, այնպես էլ կամավոր աուդիտն իրականացվում է աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

Կամավոր աուդիտը կարող է իրականացվել այլ հիմունքներով (այլ ստանդարտներով և այլն), եթե աուդիտի արդյունքները նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող օգտագործողների համար:

 

Հոդված 8. Աուդիտորական դիտարկումը

 

Ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական դիտարկումն այնպիսի ընթացակարգերի իրականացում է, որը հնարավորություն է ընձեռում աուդիտորին` պարզելու, թե արդյոք առկա են այնպիսի փաստեր, որոնք կարող են վկայել այն մասին, որ ֆինանսական հաշվետվությունները, բոլոր էական առումներով, կազմված չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 9. Համաձայնեցված ընթացակարգերը

 

Համաձայնեցված ընթացակարգերն աուդիտորական բնույթի այնպիսի ընթացակարգեր են, որոնց շուրջ համաձայնության են գալիս այդ ընթացակարգերն իրականացնող անձը, իրավաբանական անձը (հիմնարկը կամ անհատ ձեռնարկատերը) և համապատասխան երրորդ անձը կամ անձինք, և որոնց արդյունքում այդ ընթացակարգերն իրականացնող անձի կողմից ներկայացված հաշվետվության հիման վրա այդ հաշվետվությունն օգտագործողները կարող են կատարել եզրահանգումները:

 

Հոդված 10. Կոմպիլյացիան

 

Կոմպիլյացիան ֆինանսական տեղեկատվության հավաքումը, դասակարգումն ու ամփոփումն է` այն օգտագործելու համար առավել հասկանալի և հարմար տեսքի բերելու նպատակով:

 

i
Հոդված 11. Աուդիտի ստանդարտները

 

Աուդիտի ստանդարտները` աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխանող, աուդիտի անցկացման, ինչպես նաև աուդիտին հարակից ծառայությունների իրականացման մեթոդներն ու կարգը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերն են:

Աուդիտ իրականացնող անձն ինքնուրույն է ընտրում իր աշխատանքի ձևերն ու մեթոդները` ելնելով աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներից:

Աուդիտի ստանդարտները, ինչպես նաև աուդիտորի վարքագծին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` աուդիտի միջազգային ստանդարտների և վարքագծի կանոնների հիման վրա:

(11-րդ հոդ. փոփ. 08.06.04 ՀՕ-93-Ն օրենք)

 

Հոդված 12. Աուդիտորի, աուդիտ իրականացնող անձի գործունեության սահմանափակումները

 

1. Աուդիտ իրականացնող անձին, բացի աուդիտորական գործունեությունից և սույն հոդվածի 2-րդ մասում նշված ծառայությունների մատուցումից, արգելվում է ձեռնարկատիրական որևէ այլ գործունեությամբ զբաղվելը:

2. Աուդիտ իրականացնող անձին չի արգելվում մատուցել նաև հետևյալ ծառայությունները`

ա) հաշվապահական հաշվառման ներդրում, վերականգնում և վարում, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների կազմում.

բ) հաշվապահական հաշվառման, տնտեսագիտության, ֆինանսների և աուդիտի գծով ուսուցանում.

գ) ակտիվների և (կամ) պարտավորությունների և (կամ) իրավաբանական անձի բաժնետոմսի (փայի, բաժնեմասի և այլ մասնակցության) գնահատում.

դ) հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պլանավորում ու հաշվարկում.

ե) կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն.

զ) հաշվապահական, տնտեսագիտական, ֆինանսական, հարկային, կառավարչական և իրավաբանական խորհրդատվություն.

է) գործարար (բիզնես) պլանի կազմում.

ը) հաշվապահական հաշվառմանը, աուդիտորական գործունեությանը, ֆինանսներին, տնտեսագիտությանը, հարկերին, տուրքերին և այլ պարտադիր վճարներին առնչվող գործունեության հետ կապված մասնագիտական փորձաքննության իրականացում.

թ) մասնագիտական գրականության հրատարակում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ծառայությունների առանձին տեսակների մատուցման համար օրենքով լիցենզիա պահանջվելու դեպքում աուդիտ իրականացնող անձը գործունեության այդ տեսակներով զբաղվելու համար պարտավոր է սահմանված կարգով ստանալ համապատասխան լիցենզիա:

4. Աուդիտորական ծառայություն չի կարող իրականացնել`

ա) այն աուդիտորը կամ աուդիտորական կազմակերպությունը, որը տվյալ աուդիտի ենթարկվող անձին մատուցել է սույն հոդվածի երկրորդ մասի «ա», «գ», «դ» կամ «ե» կետերում նշված ծառայությունները կամ կատարել է այդ մասերով նախատեսված աշխատանքները` տվյալ ժամանակաշրջանը ներառող հաշվետու տարվա համար.

բ) այն աուդիտորը կամ աուդիտորական կազմակերպությունը, որը հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի ապահովադիրը (բացառությամբ պարտադիր ապահովագրության տեսակների).

գ) այն աուդիտորական կազմակերպությունը, որի կառավարման մարմնի կամ նման պարտականություններ կատարող այլ անձանցից, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկը հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի ապահովադիրը (բացառությամբ պարտադիր ապահովագրության տեսակների).

դ) այն աուդիտորական կազմակերպությունը, որի կառավարման մարմնի անդամներից կամ նման պարտականություններ կատարող այլ անձանցից, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկը հանդիսանում է տվյալ իրավաբանական անձին փոխկապակցված անձ.

ե) աուդիտորը` իրեն փոխկապակցված անձանց մոտ.

զ) աուդիտորական կազմակերպությունը` իրեն փոխկապակցված անձանց մոտ:

(12-րդ հոդ. փոփ. 08.06.04 ՀՕ-93-Ն, 26.05.11 ՀՕ-207-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 13. Աուդիտի և հարակից ծառայությունների փաստաթղթավորումը

 

1. Աուդիտի և հարակից ծառայությունների իրականացումը պարտադիր փաստաթղթավորվում է աուդիտ իրականացնող անձի կողմից` աուդիտի ստանդարտներով սահմանված կարգով:

Աուդիտի և հարակից ծառայությունների փաստաթղթավորումը պարտադիր իրականացվում է հայերեն լեզվով, բացառությամբ աշխատանքային փաստաթղթերի` աուդիտ իրականացնող անձի ներքին կանոնակարգերով սահմանված դեպքերում: Սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով նախատեսված հսկողությունն իրականացնող անձանց պահանջով` աուդիտ իրականացնող անձը պարտավոր է ողջամիտ ժամկետում տրամադրել աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի հայերեն թարգմանված տարբերակները:

2. Աուդիտի փաստաթղթավորումը նախատեսում է աուդիտորի աշխատանքային փաստաթղթերի և աուդիտի արդյունքների հիման վրա աուդիտորական եզրակացության կազմումը: Պայմանագրով նախատեսված դեպքերում կամ աուդիտ իրականացնող անձի նախաձեռնությամբ կազմվում է նաև աուդիտորական հաշվետվություն (նամակ աուդիտի ենթարկվող անձի ղեկավարությանը):

3. Աուդիտորի աշխատանքային փաստաթղթերն աուդիտի անցկացման նպատակով աուդիտորի կողմից պատրաստվող կամ ձեռք բերվող և պահպանվող փաստաթղթերն են: Աուդիտորի աշխատանքային փաստաթղթերը առևտրային գաղտնիք պարունակող փաստաթղթեր են և կարող են հրապարակվել միայն օրենքով սահմանված դեպքերում:

4. Աուդիտորական եզրակացությունները, աուդիտորական հաշվետվությունները, աուդիտորի աշխատանքային փաստաթղթերը և աուդիտի անցկացման հետ կապված այլ փաստաթղթերը պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան աուդիտի անցկացմանը հաջորդող հինգ տարիների ընթացքում:

(13-րդ հոդ. փոփ. 26.05.08 ՀՕ-86-Ն, 26.05.11 ՀՕ-207-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 14. Աուդիտորական եզրակացությունը

 

1. Աուդիտորական եզրակացությունն աուդիտ իրականացնող անձի կողմից կազմված փաստաթուղթ է, որում արտահայտվում է կարծիք` աուդիտի ենթարկվող անձի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ: Աուդիտորական եզրակացության ձևին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են աուդիտի ստանդարտներով:

2. Աուդիտորական եզրակացությունը գաղտնիք չպարունակող փաստաթուղթ է, որի հրապարակման անհրաժեշտությունը որոշում է աուդիտի ենթարկվող անձը, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:

Աուդիտորական եզրակացությունը կազմվում է առնվազն երկու օրինակից, ստորագրվում աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորի կողմից և հաստատվում աուդիտ իրականացնող անձի ղեկավարի ստորագրությամբ: Աուդիտորական եզրակացության մեկ օրինակը տրվում է աուդիտի ենթարկվող անձին, իսկ մյուսը մնում է աուդիտ իրականացնող անձի մոտ:

(14-րդ հոդ. փոփ. 08.06.04 ՀՕ-93-Ն, 13.04.11 ՀՕ-114-Ն, 19.03.12 ՀՕ-70-Ն օրենքներ)

 

Հոդված 15. Ոչ հավաստի աուդիտորական եզրակացությունը

 

1. Սույն օրենքի իմաստով ոչ հավաստի աուդիտորական եզրակացությունն այն աուդիտորական եզրակացությունն է, որը կազմվել է առանց աուդիտի ստանդարտներին համապատասխան աուդիտ անցկացնելու, ինչպես նաև այն եզրակացությունը, որը հակասում է աուդիտի ենթարկվող անձի կողմից ներկայացված և աուդիտ իրականացնող անձի կողմից աուդիտի ընթացքում ուսումնասիրված փաստաթղթերի բովանդակությանը:

2. Աուդիտորական եզրակացությունը ոչ հավաստի է ճանաչվում լիազորված մարմնի որոշմամբ: Լիազորված մարմնի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել աուդիտորական եզրակացության ոչ հավաստիության հատկանիշների հայտնաբերման ուղղությամբ ստուգումների ընթացակարգը:

(15-րդ հոդ. փոփ. 26.05.11 ՀՕ-207-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 16. Աուդիտորական հաշվետվությունը (նամակ ղեկավարությանը)

 

1. Աուդիտորական հաշվետվությունում կարող են ներառվել տեղեկություններ աուդիտի ընթացքի, հայտնաբերված սխալների և թերությունների, հաշվապահական հաշվառման վարմանը ու ֆինանսական հաշվետվությունների կազմմանը ներկայացվող պահանջների խախտումների, առանձին հարցերի գծով վերլուծության արդյունքների, պայմանագրով նախատեսված և այլ հարցերի մասին, ինչպես նաև առաջարկություններ սխալների և թերությունների վերացման ուղղությամբ: Աուդիտի ենթարկվող անձի կամ աուդիտորի ցանկությամբ աուդիտորական հաշվետվությունում կարող են ընդգրկվել նաև այլ տեղեկություններ:

2. Աուդիտորական հաշվետվությունն առևտրային գաղտնիք պարունակող փաստաթուղթ է: Այն կազմվում է առնվազն երկու օրինակից, ստորագրվում աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորի կողմից և հաստատվում աուդիտ իրականացնող անձի ղեկավարի ստորագրությամբ: Աուդիտորական հաշվետվության առնվազն մեկ օրինակը տրվում է աուդիտի ենթարկվող անձին, իսկ մյուսը մնում է աուդիտ իրականացնող անձի մոտ:

(16-րդ հոդ. փոփ. 08.06.04 ՀՕ-93-Ն, 13.04.11 ՀՕ-114-Ն, 19.03.12 ՀՕ-70-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ III
ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԸ ԵՎ ԱՈՒԴԻՏԻ ԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԸ

(3-րդ գլխի վերնագիրը փոփ. 26.05.11 ՀՕ-207-Ն օրենք)

 

Հոդված 17. Աուդիտորը

(17-րդ հոդվածն ուժը կորցրել է 04.07.2011 թվականից` 26.05.11 ՀՕ-207-Ն օրենք)

 

Հոդված 18. Աուդիտ իրականացնող անձի իրավունքները և պարտականությունները

 

1. Աուդիտ իրականացնող անձն իրավունք ունի`

ա) աուդիտորական ծառայությունների իրականացման ընթացքում լրիվ ծավալով ուսումնասիրել աուդիտի ենթարկվող անձի ֆինանսատնտեսական գործունեությանն առնչվող փաստաթղթերը, ինչպես նաև ստուգել փաստաթղթերում հաշվառված գույքի փաստացի առկայությունը.

բ) աուդիտի ենթարկվող անձից ստանալ աուդիտորական ծառայությունների իրականացման ընթացքում ծագած հարցերի վերաբերյալ բանավոր, գրավոր բացատրություններ և այլ անհրաժեշտ տեղեկություններ, ինչպես նաև պահանջել այդպիսի տեղեկությունների ստացումը երրորդ անձանցից.

գ) աուդիտի ենթարկվող անձի գիտությամբ գրավոր հարցում անել և ստանալ երրորդ անձանցից անհրաժեշտ տեղեկատվություն կամ հավաստումներ.

դ) աուդիտորական ծառայությունների իրականացման աշխատանքներում ներգրավել այլ աուդիտորների, մասնագետների (այդ թվում` պայմանագրային հիմունքներով), ինչպես նաև այլ առևտրային կազմակերպությունների: Աուդիտորական ծառայությունների իրականացման աշխատանքներում նշված անձանց ներգրավման կարգը նախատեսվում է աուդիտի ստանդարտներով.

ե) սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կամ «բ» կետերով սահմանված պահանջների խախտման դեպքում հրաժարվել աուդիտորական ծառայությունների իրականացումից և վաղաժամկետ լուծել պայմանագիրը կամ հրաժարվել աուդիտորական կարծիք արտահայտելուց` աուդիտի ստանդարտներին համապատասխան.

զ) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ իրավունքներ:

i

2. Աուդիտ իրականացնող անձը պարտավոր է`

ա) աուդիտորական գործունեության իրականացման ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները.

բ) ապահովել իր աշխատող աուդիտորների, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասի «դ» կետում նշված անձանց կողմից սույն օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանումը.

գ) լիցենզիայի բացակայության կամ սույն օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանների առկայության դեպքում հրաժարվել աուդիտորական ծառայություններ իրականացնելուց.

գ.1) օրենքով սահմանված դեպքերում աուդիտորական ծառայությունների իրականացումից հրաժարվելու և պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում լիազորված մարմնին տասը աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պարտադիր աուդիտի դեպքում` երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել հրաժարվելու պատճառների մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը.

դ) ապահովել աուդիտորական գործունեության իրականացման ընթացքում ստացված և կազմված փաստաթղթերի, ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության գաղտնիության պահպանումը: Գաղտնի տեղեկությունների ցանկը սահմանվում է օրենքով, աուդիտորական գործունեության իրականացման մասին պայմանագրով և ենթակա չէ հրապարակման, բացառությամբ օրենքով կամ պայմանագրով սահմանված դեպքերի, ինչպես նաև այն իրավաբանական անձի, հիմնարկի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրավոր համաձայնությամբ, որի մոտ իրականացվել է աուդիտորական գործունեությունը: Այդ ցանկում չեն ներառվում այն տեղեկությունները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չեն կարող լինել ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք.

դ1) «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված և առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը տրամադրել այդ օրենքով սահմանված լիազոր մարմնին փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ կասկածի կամ լիազոր մարմնի հարցման հիման վրա` այդ օրենքով սահմանված դեպքերում և կարգով.

ե) սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից որևէ մեկը խախտվելու դեպքում խախտում թույլ տրվելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետում այդ մասին գրավոր հայտնել լիազորված մարմին.

զ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազորված մարմին ներկայացնել աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ եռամսյակային հաշվետվություններ` տվյալ եռամսյակին հաջորդող 30 օրվա ընթացքում, ինչպես նաև գործունեության արդյունքների վերաբերյալ տարեկան հաշվետվություններ` մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը.

է) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վարել իր կողմից կնքված պայմանագրերի գրանցամատյան.

ը) կրել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով նախատեսված պարտականությունները.

թ) ապահովել պայմաններ լիազորված մարմնի համապատասխան աշխատակիցների, այդ թվում` լիազորված մարմնի կողմից ներգրավված մասնագետների (պետական ծառայող չհանդիսացող մասնագետների դեպքում գաղտնիության պահպանման հայտարարագիր տրամադրելու պայմանով) համար` սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով նախատեսված հսկողությունն իրականացնելու համար և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր, այդ թվում` գաղտնիք կազմող, որոնք անհրաժեշտ են համոզվելու համար, որ աուդիտ իրականացնող անձն աուդիտն իրականացրել է աուդիտի ստանդարտներին համապատասխան.

ժ) ունենալ ինտերնետային կայք, որում մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 1-ը պարտավոր է տեղադրել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները և աուդիտի ենթարկված անձանց ցանկը.

ժա) գործադիր տնօրենի, ինչպես նաև առկայության դեպքում` կոլեգիալ գործադիր մարմնի անդամների, խորհրդի անդամների և նախագահի (այսուհետ` կազմակերպության ղեկավար) փոփոխություն կատարելու համար ստանալ լիազորված մարմնի հաստատումը` սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված պահանջներին կազմակերպության նոր ղեկավարի համապատասխանության վերաբերյալ:

(18-րդ հոդ. փոփ. 08.06.04 ՀՕ-93-Ն, 26.05.08 ՀՕ-86-Ն, 26.05.11 ՀՕ-207-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 21.06.14 ՀՕ-120-Ն օրենքներ)

 

Հոդված 19. Աուդիտի ենթարկվող անձի իրավունքները և պարտականությունները

 

1. Աուդիտի ենթարկվող անձն իրավունք ունի`

ա) ինքնուրույն ընտրել աուդիտ իրականացնող անձին, եթե օրենքով կամ պայմանագրով այլ բան սահմանված չէ.

բ) աուդիտ իրականացնող անձից ստանալ աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ տեղեկատվություն.

գ) լիազորված մարմնին, իսկ եթե տվյալ աուդիտորն անդամակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն, սույն օրենքի 22.1-րդ հոդվածով սահմանված սկզբունքներով, լիազորված մարմնի կողմից հավատարմագրված` աուդիտորների կամ հաշվապահների և աուդիտորների անդամակցությամբ ստեղծված հասարակական կազմակերպությանը (այսուհետ` մասնագիտացված կառույց), ապա նաև մասնագիտացված կառույցին տեղեկացնել աուդիտ իրականացնող անձի կողմից աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտման մասին.

դ) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ իրավունքներ:

2. Աուդիտի ենթարկվող անձը պարտավոր է`

ա) չխոչընդոտել աուդիտորական ծառայությունների իրականացմանը, աուդիտորական ծառայությունների իրականացման համար աուդիտ իրականացնող անձին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, աուդիտորների բանավոր և (կամ) գրավոր հարցումներին տալ պարզաբանումներ և բացատրություններ (բանավոր և (կամ) գրավոր), ինչպես նաև աուդիտորի առաջարկությամբ, իր իրավասության սահմաններում, երրորդ անձանցից պահանջել աուդիտորական ծառայությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ.

բ) չձեռնարկել աուդիտորական ծառայությունների իրականացման ընթացքում ուսումնասիրվող հարցերի շրջանակները սահմանափակող որևէ միջոց.

գ) վերացնել աուդիտորական ծառայությունների իրականացման արդյունքում բացահայտված` հաշվապահական հաշվառման մեջ և ֆինանսական հաշվետվություններում տեղ գտած թերություններն ու խախտումները.

դ) աուդիտ իրականացնող անձից պահանջել ներկայացնելու լիցենզիայի պատճենը.

ե) կրել օրենքով նախատեսված այլ պարտականություններ:

(19-րդ հոդ. փոփ. 08.06.04 ՀՕ-93-Ն, 26.05.11 ՀՕ-207-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 20. Աուդիտորական ծառայությունների վճարը

 

Աուդիտորական ծառայությունների դիմաց վճարի չափը, վճարման կարգը և ձևը որոշվում են կողմերի միջև կնքված պայմանագրով և չեն կարող կախվածության մեջ դրվել աուդիտի ենթարկվող անձի այնպիսի պահանջներից, որոնք կարող են ազդել աուդիտորական ծառայությունների իրականացման արդյունքում տրամադրվող եզրակացության (հաշվետվության) բովանդակության վրա:

 

i

ԳԼՈՒԽ IV
ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

i
Հոդված 21. Աուդիտորների որակավորումը

 

i

1. Աուդիտորների որակավորումը սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված պահանջներին բավարարող աուդիտորի որակավորում ստանալու համար լիազորված մարմնին կամ մասնագիտացված կառույցին դիմած ֆիզիկական անձի (այսուհետ` դիմող) մասնագիտական գիտելիքների ստուգման արդյունքների հիման վրա աուդիտորի որակավորման վկայական (այսուհետ` վկայական) տալու ընթացակարգ է:

Աուդիտորների որակավորումն իրականացվում է քննությունների միջոցով: Աուդիտորների որակավորման քննությունների ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Աուդիտորների որակավորման քննությունները կազմակերպվում և անցկացվում են լիազորված մարմնի և (կամ) մասնագիտացված կառույցի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած որակավորման քննությունների ծրագրի շրջանակներում:

Լիազորված մարմնի կողմից որակավորման քննությունների անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ մասնագիտացված կառույցի կողմից քննությունների անցկացման կարգը սահմանում է մասնագիտացված կառույցը` համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ:

Մասնագիտացված կառույցի կողմից լիազորված մարմին համաձայնեցման նպատակով ներկայացված քննությունների անցկացման կարգը չի կարող պարունակել լիազորված մարմնի կողմից քննությունների անցկացման պահանջները մեղմացնող առաջարկներ:

Վկայականը տալիս է լիազորված մարմինը և (կամ) մասնագիտացված կառույցը` դիմողի կողմից ծրագրի բոլոր բաժինների գծով քննությունները հանձնելու և վկայական ստանալու համար անհրաժեշտ միավորներ վաստակելու դեպքում:

2. Դիմողի կողմից որոշակի պաշտոններում կամ որոշակի աշխատանքներում աշխատանքներ կատարելու մասին աշխատանքային ստաժը տվյալ անձի աուդիտորի որակավորում ունենալու փաստը հաստատող փաստաթուղթ չի համարվում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է ճանաչվել օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների կողմից, ինչպես նաև Հաշվապահների միջազգային դաշնության (այսուհետ` ՀՄԴ) հավաստագիր ունեցող` Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունների կողմից ՀՄԴ կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված աուդիտորների որակավորումը:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է իրավասություն վերապահվել լիազորված մարմնին` սահմանելու միջազգային ճանաչում ունեցող այն կառույցների ցանկը, ում կողմից անցկացված քննությունների արդյունքում որակավորված աուդիտորների որակավորումը ճանաչվում է:

(21-րդ հոդ. փոփ. 08.06.04 ՀՕ-93-Ն, 26.05.11 ՀՕ-207-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 22. Աուդիտորների որակավորման քննությունների կազմակերպումը

 

1. Աուդիտորների որակավորման քննություններն անցկացնում են աուդիտորների որակավորման հանձնաժողովները (այսուհետ` հանձնաժողով), որոնց անհատական կազմը, կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ծրագրի շրջանակներում քննությունների հարցերը հաստատում է`

ա) քննությունները լիազորված մարմնի կողմից անցկացվելու դեպքում` լիազորված մարմինը.

բ) քննությունները մասնագիտացված կառույցի կողմից անցկացվելու դեպքում` տվյալ կառույցը:

Քննությունները կարող են անցկացվել քննությունների ծրագիրը, հարցերը և տիպային խնդիրները պաշտոնապես հրապարակվելու օրվանից ոչ շուտ, քան երկու ամիս հետո:

2. Հանձնաժողովների կազմում ընդգրկվում է առնվազն ինն անդամ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի երկու ներկայացուցիչ: Հանձնաժողովի կազմում լիազորված մարմնի ներկայացուցիչների թիվը չի կարող պակաս լինել չորսից:

Մասնագիտացված կառույցը լիազորված մարմնին հնգօրյա ժամկետում հայտնում է վկայական տալու, վկայականը վերաձևակերպելու և (կամ) վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումների ընդունման մասին տեղեկություններ` լիազորված մարմնի սահմանած կարգով:

3. Որակավորման քննությունների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով մասնագիտացված կառույցը գանձում է վճար, որի չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկը:

(22-րդ հոդ. փոփ. 08.06.04 ՀՕ-93-Ն, 26.05.11 ՀՕ-207-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 22.1. Մասնագիտացված կառույցի հավատարմագրումը

 

1. Մասնագիտացված կառույցի հավատարմագրումն աուդիտորի վարքագծին ներկայացվող միջազգային չափանիշներին համապատասխանող վարքագծի նորմեր ընդունած հասարակական կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներկայացվող պահանջներին համապատասխանության ճանաչումն է պետության կողմից, որի արդյունքում տրվում է պետական հավատարմագրման վկայական:

2. Հավատարմագրման սկզբունքներն են`

ա) հավատարմագրման միասնական կարգի սահմանումը.

բ) հավատարմագրման հրապարակայնությունը.

գ) հավատարմագրման գործընթացի օրինականության և թափանցիկության ապահովումը.

դ) հավատարմագրման պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ հսկողության իրականացումը:

(22.1-ին հոդ. լրաց. 08.06.04 ՀՕ-93-Ն օրենք)

 

Հոդված 23. Դիմողին ներկայացվող պահանջները

 

1. Աուդիտորների որակավորման քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող այն անձինք, ովքեր ունեն`

ա) տնտեսագետի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և վկայական ստանալու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ`

բ) բարձրագույն կրթություն և վկայական ստանալու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող վերջին յոթ տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքի փորձ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մասնագիտական աշխատանքի վերաբերյալ պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Աուդիտորների որակավորման քննություններին մասնակցել չի թույլատրվում այն դիմողին, որը դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, կամ դատարանի վճռով զրկվել է ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից:

(23-րդ հոդ. փոփ. 26.05.11 ՀՕ-207-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

i
Հոդված 24. Վկայականի ժամկետը

 

1. Վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետով, որը չի կարող պակաս լինել 5 տարուց:

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 24.07.2004 թվականից` 08.06.04 ՀՕ-93-Ն օրենք)

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 24.07.2004 թվականից` 08.06.04 ՀՕ-93-Ն օրենք)

4. Վկայականի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում աուդիտորը պարտավոր է դրա մասին տալ հայտարարություն` զանգվածային լրատվության միջոցով: Աուդիտորը կարող է կորցրած կամ ոչ պիտանի դարձած վկայականի կրկնօրինակն ստանալու համար դիմում ներկայացնել այն մարմին, որը նրան տվել է վկայականը:

Լիազորված մարմինը կամ մասնագիտացված կառույցը պարտավոր են տալ կորցրած կամ ոչ պիտանի դարձած վկայականի կրկնօրինակը` աուդիտորի կողմից վերը նշված դիմումը ներկայացվելու օրվանից սկսած 10 օրվա ընթացքում: Վկայականի կրկնօրինակների վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

Վկայականի կրկնօրինակի կորստի կամ ոչ պիտանի դառնալու դեպքում վկայականի կրկնօրինակը տրվում է սույն մասով սահմանված կարգով:

5. Իր անվան կամ ազգանվան փոփոխման դեպքում, այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած 15 օրվա ընթացքում, աուդիտորը պարտավոր է դիմում ներկայացնել վկայականի վերաձևակերպման համար` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:

Վկայականի վերաձևակերպումն իրականացվում է աուդիտորի համապատասխան դիմումը լիազորված մարմնում կամ մասնագիտացված կառույցում մուտքագրվելուց հետո` 10-օրյա ժամկետում:

(24-րդ հոդ. փոփ. 08.06.04 ՀՕ-93-Ն օրենք)

 

Հոդված 24.1. Վկայականի գործողության դադարեցումը

 

1. Վկայականի գործողությունը դադարեցվում է լիազորված մարմնի կամ մասնագիտացված կառույցի որոշմամբ` հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում`

ա) աուդիտորների որակավորման քննություններին մասնակցելու թույլտվության համար պահանջվող փաստաթղթերը կեղծելու կամ խեղաթյուրելու միջոցով վկայական ստանալու փաստի բացահայտվելը.

բ) աուդիտորի կողմից ոչ հավաստի աուդիտորական եզրակացություն տրամադրելու փաստի հայտնի դառնալը.

գ) աուդիտորի վարքագծին ներկայացվող պահանջները խախտելը.

դ) աուդիտորին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը.

ե) սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի պահանջը խախտելը.

զ) վկայականի ժամկետի լրանալը:

Վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը, որը ենթակա է հրապարակման` դրա ընդունման օրվանից երկշաբաթյա ժամկետում, կայացնում է այն մարմինը, որը տվել է վկայականը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա», «գ» և «ե» կետերով նախատեսված հիմքերով վկայականի գործողության դադարեցման դեպքում անձին թույլատրվում է աուդիտորների որակավորման քննությանը մասնակցել միայն վկայականի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո:

3. Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված հիմքով վկայականի գործողության դադարեցման դեպքում անձին թույլատրվում է աուդիտորների որակավորման քննությանը մասնակցել վկայականի գործողությունը դադարեցվելուց հինգ տարի հետո:

(24.1-ին հոդ. լրաց. 08.06.04 ՀՕ-93-Ն, 26.05.11 ՀՕ-207-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

i

ԳԼՈՒԽ V
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

i
Հոդված 25. Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորումը

 

Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորումը սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված լիցենզիա ստանալու իրավունք ունեցող սուբյեկտներին «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն օրենքի համաձայն լիցենզիաների տրման, վերաձևակերպման, գործողության կասեցման, վերականգնման և դադարեցման հետ կապված գործընթաց է:

(25-րդ հոդ. փոփ. 08.06.04 ՀՕ-93-Ն օրենք)

 

i
Հոդված 26. Լիցենզիա ստանալու իրավունք ունեցող սուբյեկտները

 

1. Լիցենզիա ստանալու իրավունք ունի որպես փակ բաժնետիրական ընկերություն կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրանցված իրավաբանական անձը, եթե միաժամանակ`

ա) կազմակերպությունն ունի առնվազն 5 աշխատող աուդիտորներ, որոնցից առնվազն 3-ը այլ գործատուի մոտ չեն աշխատում` բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական բնույթի աշխատանքների.

բ) հիմնադիրների (մասնակիցների) առնվազն 50 տոկոսն աուդիտոր է, և կազմակերպության կանոնադրական կապիտալի առնվազն 50 տոկոսը պատկանում է նրանց.

գ) կազմակերպության ղեկավարն ունի` բարձրագույն կրթություն և վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա ստաժ` պետական կամ համայնքային ծառայության ոլորտում` քաղաքական կամ հայեցողական պաշտոնում կամ քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնում կամ գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում կամ պետական կամ համայնքային հիմնարկի ղեկավարի, իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամի (գործադիր մարմնի ղեկավարի, նրա տեղակալի), խորհրդի նախագահի, հաշվապահական հաշվառման առումով խոշոր կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում:

2. Աուդիտորի որակավորման տվյալ վկայականը հիմք է հանդիսանում միայն մեկ լիցենզիայի` սույն հոդվածով սահմանված պայմանները կամ դրանցից որևէ մեկն ապահովելու համար:

3. Աուդիտորական կազմակերպության ղեկավար չի կարող լինել`

ա) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձը.

բ) դատավճռով ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկված անձը.

գ) անձը, որը չի բավարարում սույն հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջներին.

դ) անձը, որը լիցենզիա ստանալու համար դիմում (հայտ) ներկայացնելու օրվա դրությամբ քրեական գործով ներգրավված է որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ.

ե) անձը, որը սնանկ է ճանաչվել և ունի չմարված (չներված) պարտավորություններ.

զ) անձը, որի գործողությունները հանգեցրել են այլ անձի սնանկության (անվճարունակության):

(26-րդ հոդ. փոփ. 08.06.04 ՀՕ-93-Ն, 26.05.11 ՀՕ-207-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 26.1. Լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը

 

1. Լիցենզիա ստանալու համար, սույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն լիցենզիա ստանալու իրավունք ունեցող սուբյեկտները (այսուհետ` հայտատու) լիազորված մարմին են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած լիցենզավորման կարգով սահմանված փաստաթղթերը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած լիցենզավորման կարգով սահմանված փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում, աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման նպատակով լիազորված մարմնի ստեղծած հանձնաժողովը (այսուհետ` լիցենզավորող հանձնաժողով) քննում է դրանք և կայացնում որոշում հայտատուին լիցենզիա տրամադրելու կամ լիցենզիայի հայտը մերժելու վերաբերյալ: Լրացուցիչ տեղեկատվություն կամ փաստաթղթեր պահանջվելու կամ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով լիցենզավորող հանձնաժողովի որոշմամբ վերոնշյալ ժամկետը կարող է կասեցվել: Կասեցման ժամկետը չի կարող 10 աշխատանքային օրից ավելի լինել: Անհրաժեշտ տեղեկությունների ստացումից հետո հայտի քննարկումը վերսկսելու որոշման պահից ժամկետը չպետք է գերազանցի մինչև կասեցումն ընկած աշխատանքային օրերի և 23 աշխատանքային օրվա ժամկետի տարբերությամբ առաջացող աշխատանքային օրերի քանակը:

(26.1-ին հոդ. լրաց. 26.05.11 ՀՕ-207-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 25.10.17 ՀՕ-167-Ն օրենք)

 

Հոդված 26.2. Լիցենզիա ստանալու հայտի մերժումը

 

1. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե`

ա) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.

բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

գ) հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել աուդիտորական ծառայությունների իրականացմամբ.

դ) հայտատուն չի համապատասխանում սույն օրենքի 26-րդ հոդվածի պահանջներին.

ե) օրենքով սահմանված այլ դեպքերում:

2. Լիցենզիա ստանալու հայտը գրավոր մերժվում է լիազորված մարմնում հայտը մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 23 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն օրենքի 26.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով լիցենզավորող հանձնաժողովի կողմից 23 աշխատանքային օրվա ժամկետը կասեցվելու դեպքում այդ ժամկետը սույն մասով սահմանված ժամկետի մեջ չի հաշվարկվում:

3. Լիցենզիա ստանալու հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

4. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիազորված մարմինը դրանք հայտնաբերելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիազորված մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:

6. Լիցենզիայի հայտի մերժման դեպքում հայտատուն իրավունք ունի նոր հայտ ներկայացնել ընդհանուր կարգով:

(26.2-րդ հոդ. լրաց. 26.05.11 ՀՕ-207-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 25.10.17 ՀՕ-167-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 27. Լիցենզիայի գործողության կասեցումը

 

1. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, ինչպես նաև`

ա) սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի պահանջը խախտվելու դեպքում.

բ) սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից որևէ մեկի խախտման դեպքում, եթե աուդիտ իրականացնող անձն այդ մասին տեղեկացրել է լիազորված մարմնին` խախտում թույլ տրվելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետում.

գ) սույն օրենքի 31.3-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն տուգանքի կիրառումից հետո` 3 տարվա ընթացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը երրորդ անգամ թույլ տալու դեպքում.

դ) սույն օրենքի 31.3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջը խախտելու հիմքով տուգանքի կիրառումից հետո` 3 տարվա ընթացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը երրորդ անգամ թույլ տալու դեպքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը լիազորված մարմնի կողմից կասեցվում է վեց ամիս ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից որևէ մեկի խախտման օրվանից:

Սույն մասով նախատեսված կասեցումը վերացած է համարվում համապատասխան խախտումը վերացնելու վերաբերյալ հիմնավորող փաստաթղթերը լիազորված մարմին ներկայացվելու օրվան հաջորդող օրվանից:

4. Սույն հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցվում է 6 ամիս ժամկետով:

5. Սույն հոդվածով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը կասեցնելու դեպքում աուդիտ իրականացնող անձին չի արգելվում շարունակելու և ավարտելու միայն այն աուդիտի պայմանագրերի կատարումը, որոնց իրականացումը սկսվել է լիցենզիայի կասեցման վարույթը հարուցվելուց առաջ:

(27-րդ հոդ. փոփ. 26.05.11 ՀՕ-207-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 28. Լիցենզիայի գործողության դադարեցումը

 

1. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, ինչպես նաև`

ա) աուդիտ իրականացնող անձի կողմից ոչ հավաստի աուդիտորական եզրակացություն տրամադրվելու դեպքում.

բ) աուդիտ իրականացնող անձի կողմից սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի պահանջները խախտելու դեպքում.

գ) աուդիտ իրականացնող անձի կողմից սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից որևէ մեկը խախտելու դեպքում, եթե աուդիտ իրականացնող անձն այդ մասին չի տեղեկացրել լիազորված մարմնին` սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով սահմանված ժամկետում.

դ) տարեկան պետական տուրք չվճարելու հիմքով լիցենզիայի գործողության կասեցման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, պետական տուրքի և այն ժամանակին բյուջե չվճարելու համար հաշվարկված տույժի գումարների վճարումը հաստատող փաստաթուղթը չներկայացվելու դեպքում.

ե) աուդիտ իրականացնող անձի կողմից սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու դեպքում.

զ) աուդիտ իրականացնող անձի նկատմամբ սույն օրենքի 31.3-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ» կամ «դ» կետերով սահմանված պատասխանատվության միջոցներից որևէ մեկը կիրառելուց հետո` երկու տարվա ընթացքում, երրորդ անգամ նույն հոդվածի կիրառման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տրվելու դեպքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված աուդիտորական եզրակացությունը սույն օրենքի 15-րդ հոդվածի համաձայն ոչ հավաստի ճանաչվելու վերաբերյալ լիազորված մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից:

Սույն հոդվածի 1-ին մասի «բ», «գ» և «ե» կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով` լիազորված մարմնի դիմումի համաձայն: Լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված դատարանի համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից, եթե դատարանի վճռով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

3. Սույն հոդվածի 1-ին մասի «գ» և «ե» կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի նոր լիցենզիա ստանալու համար դիմել միայն լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո:

4. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անձը, ինչպես նաև դրա որևէ հիմնադրի (մասնակցի, բաժնետիրոջ) կողմից հիմնադրված առևտրային կազմակերպությունն իրավունք ունի նոր լիցենզիա ստանալու համար դիմելու լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց հինգ տարի հետո:

(28-րդ հոդ. փոփ. 08.06.04 ՀՕ-93-Ն, 16.12.05 ՀՕ-25-Ն, 26.05.11 ՀՕ-207-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

ԳԼՈՒԽ VI
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆԸ

 

Հոդված 29. Լիազորված մարմնի խնդիրները և գործառույթները

(29-րդ հոդվածն ուժը կորցրել է 24.07.2004 թվականից` 08.06.04 ՀՕ-93-Ն օրենք)

 

i
Հոդված 30. Աուդիտորական գործունեությունը կարգավորող պետական լիազորված մարմինը

 

1. Լիազորված մարմինը`

ա) իրականացնում է աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորումը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում է մասնագիտացված կառույցների հավատարմագրումը.

գ) հաստատում է որակավորման քննությունների հարցերը.

դ) հաստատում է հանձնաժողովի անհատական կազմը և կանոնադրությունը.

ե) կազմակերպում և անցկացնում է աուդիտորների որակավորման քննությունները.

զ) տալիս է վկայական և ընդունում է որոշումներ վկայականը վերաձևակերպելու և վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ.

է) կազմակերպում և իրականացնում է հսկողություն` աուդիտ իրականացնող անձանց կողմից աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների, մասնագիտացված կառույցի կողմից հավատարմագրի պայմանների պահպանման նկատմամբ, աուդիտորների վարքագծի նորմերի պահպանման, ինչպես նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ: Հսկողության ընթացքում կարող են ներգրավվել մասնագիտացված կառույցի և (կամ) աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնագետներ` լիազորված մարմնի սահմանած կարգով և չափանիշներով.

է.1) հրապարակում է աուդիտ իրականացնող անձանց նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերաբերյալ տեղեկատվությունն իր ինտերնետ կայքում.

ը) սահմանում է մասնագիտացված կառույցի կողմից վկայական տալու, վկայականը վերաձևակերպելու և (կամ) վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումների ընդունման մասին տեղեկությունների ներկայացման կարգը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի «է» կետով նախատեսված` աուդիտ իրականացնող անձանց կողմից աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ հսկողական աշխատանքների իրականացման ընթացքում բանկային գաղտնիքին առնչվելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում այդ աշխատանքներում ներգրավվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասնագետներ, որոնք ծագած հարցերի վերաբերյալ տալիս են գրավոր կարծիք:

3. Լիազորված մարմինը` աուդիտորական ծառայությունների իրականացումից հրաժարվելու և (կամ) պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «գ.1» կետով նախատեսված պարտադիր աուդիտին վերաբերող ծանուցում ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին հրապարակում է տեղեկություններ իր ինտերնետ կայքում:

(30-րդ հոդ. փոփ. 08.06.04 ՀՕ-93-Ն, 26.05.11 ՀՕ-207-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

ԳԼՈՒԽ VII
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Հոդված 31. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար

 

Սույն օրենքի պահանջները խախտելու համար աուդիտորները, աուդիտ իրականացնող անձինք և աուդիտի ենթարկվող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 31.1. Աուդիտ իրականացնող անձի պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար

 

Սույն օրենքի պահանջները խախտելու համար աուդիտ իրականացնող անձի նկատմամբ լիազորված մարմինը, բացի լիցենզիայի գործողության կասեցումից կամ դադարեցումից, կիրառում է նաև հետևյալ պատասխանատվության միջոցները`

ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու և (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարական.

բ) տուգանք:

(31.1-ին հոդ. լրաց. 16.12.05 ՀՕ-25-Ն, 26.05.11 ՀՕ-207-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 31.2. Նախազգուշացումը և խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարականը

 

1. Լիազորված մարմինը ստուգումների կամ սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով սահմանված` աուդիտ իրականացնող անձի կողմից ներկայացված եռամսյակային կամ տարեկան հաշվետվությունների ուսումնասիրության միջոցով արձանագրում է թույլ տրված խախտումը և նախազգուշացնում աուդիտ իրականացնող անձին:

2. Նախազգուշացումը նախատեսում է թույլ տրված խախտումը լիազորված մարմնի կողմից սահմանված ժամկետում վերացնելու կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու և դրանց մասին լիազորված մարմնին գրավոր տեղեկացնելու վերաբերյալ հանձնարարական:

3. Նախազգուշացումը որպես պատասխանատվության միջոց կիրառվում է, եթե աուդիտ իրականացնող անձը`

ա) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով սահմանված` եռամսյակային կամ տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամկետները.

բ) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով սահմանված` եռամսյակային կամ տարեկան հաշվետվությունների ներկայացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:

(31.2-րդ հոդ. լրաց. 16.12.05 ՀՕ-25-Ն, 26.05.11 ՀՕ-207-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 31.3. Տուգանքը

 

1. Տուգանքը կիրառվում և գանձվում է լիազորված մարմնի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Եթե աուդիտ իրականացնող անձը համաձայն չէ տուգանքի կիրառման վերաբերյալ որոշման հետ, ապա լիազորված մարմինը տուգանքը գանձելու հայցով դիմում է դատարան:

2. Տուգանքը որպես պատասխանատվության միջոց կիրառվում է, եթե աուդիտ իրականացնող անձը`

ա) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` աուդիտորական ծառայություններն առնվազն մեկ աուդիտորի կողմից իրականացվելու վերաբերյալ պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար 600 000 դրամի չափով.

բ) խախտել է սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար 200 000 դրամի չափով.

գ) խախտել է սույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունով սահմանված պահանջը` յուրաքանչյուր խախտման (կետի) համար 200 000 դրամի չափով.

դ) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կամ «գ.1» կետերով սահմանված պահանջները` յուրաքանչյուր խախտման (կետի) համար` 500 000 դրամի չափով, իսկ լիցենզիայի բացակայությամբ աուդիտորական ծառայություններ իրականացնելու դեպքում` օրենքով սահմանված չափով և կարգով.

ե) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետով սահմանված պահանջը` յուրաքանչյուր չգրանցած պայմանագրի համար 400 000 դրամի չափով, յուրաքանչյուր այլ տեսակի խախտման համար` 200 000 դրամի չափով.

զ) սույն օրենքի 31.2-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան նախազգուշացում կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկնել է նույն խախտումը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար 200 000 դրամի չափով.

է) խախտել է սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, սակայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, կատարված խախտումը լիազորված մարմնի կողմից գնահատվել է ոչ էական` չի ազդել աուդիտորական եզրակացության ձևի և բովանդակության վրա` 200 000 դրամի չափով.

ը) սույն օրենքի 31.2-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան թույլ տրված խախտումը լիազորված մարմնի կողմից սահմանված ժամկետում չի վերացրել կամ այդ մասին լիազորված մարմնին գրավոր չի տեղեկացրել` խախտման յուրաքանչյուր դեպքի համար 200 000 դրամի չափով.

թ) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» կետով սահմանված պահանջը` 200 000 դրամի չափով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` տուգանքի կիրառումից հետո` 3 տարվա ընթացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը շարունակելու կամ այդպիսի նոր խախտում թույլ տալու դեպքում տուգանքի չափը ավելանում է 500 000 դրամով:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի «ա», «գ» կամ «դ» կետերի խախտումով կազմված եզրակացությունները աուդիտորական եզրակացություն չեն:

(31.3-րդ հոդ. լրաց. 16.12.05 ՀՕ-25-Ն, 26.05.11 ՀՕ-207-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 31.4. Աուդիտորական կազմակերպության և աուդիտորի պատասխանատվությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար

 

1. Լիազորված մարմինը, եթե իր իրականացրած վերահսկողության արդյունքում կամ առկա տեղեկատվության հիման վրա պարզում է, որ աուդիտորական կազմակերպությունը կամ աուդիտորը չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները, ապա աուդիտորական կազմակերպության նկատմամբ կիրառում է այդ օրենքով, իսկ աուդիտորի նկատմամբ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

(31.4-րդ հոդ. լրաց. 21.06.14 ՀՕ-120-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ VIII
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 32. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տրված աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիաները գործում են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը` սույն օրենքը հրապարակվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված լիցենզավորմանը ներկայացվող պահանջներին համապատասխանեցվելու պայմանով, բացառությամբ 26-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի, որի պահանջներին լիցենզիաների համապատասխանեցումն իրականացվում է սույն օրենքի համաձայն առաջին անգամ աուդիտորների որակավորման քննություն կազմակերպվելուց հետո` երկու տարվա ընթացքում:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ուժի մեջ գտնվող վկայականները գործում են սույն օրենքով սահմանված կարգով առաջին անգամ աուդիտորների որակավորման քննություն կազմակերպվելուց հետո` երկու տարի ժամկետով:

(32-րդ հոդ. փոփ. 08.06.04 ՀՕ-93-Ն օրենք)

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. հունվարի 31
Երևան
ՀՕ-512-Ն

 

 

pin
ՀՀ 26.12.2002
N ՀՕ-512-Ն օրենք