Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ...

19.04.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.01.1998  -ից մինչեւ   19.04.2005  -ը:
 

(Սույն օրենսգիրքն ուժը կորցրել է 19.04.2005 թվականից` 09.11.04 ՀՕ-123-Ն օրենք)

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ և ԸՆՏԱՆԻՔԻ
ՕՐԵՆՍԳԻՐՔ

 

ՀԱՏՎԱԾ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1.
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսդրության խնդիրները

 

Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսդրության խնդիրներն են`

կոմունիստական բարոյականության սկզբունքների վրա խարսխված խորհրդային ընտանիքի հետագա ամրապնդումը.

կնոջ և տղամարդու կամավոր ամուսնական դաշինքի վրա ընտանիքի բոլոր անդամների` նյութական նկատառումներից զերծ փոխադարձ սիրո, բարեկամության և հարգանքի զգացումների վրա հիմնված ընտանեկան հարաբերությունների կառուցումը.

երեխաների` հասարակական դաստիարակության հետ օրգանապես զուգորդված դաստիարակությունն ընտանիքում հայրենիքին նվիրվածության, աշխատանքի նկատմամբ կոմունիստական վերաբերմունքի ոգով, երեխաների նախապատրաստումը կոմունիստական հասարակարգի կառուցմանն ակտիվորեն մասնակցելուն.

մոր և երեխաների շահերի ըստ ամենայնի պահպանությունը և յուրաքանչյուր երեխայի երջանիկ մանկության ապահովումը.

ընտանեկան հարաբերություններում անցյալի վնասակար մնացուկների և սովորույթների վերջնական վերացումը.

ընտանիքի հանդեպ պատասխանատվության զգացումի դաստիարակումը:

(1-ին հոդ խմբ. 29.05.85 օրենք)

 

Հոդված 2. ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքով կարգավորվող հարաբերությունները

 

Սույն օրենսգիրքը, ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ամուսնության և ընտանիքի օրենսդրության հիմունքներին համապատասխան սահմանում է ամուսնանալու կարգն ու պայմանները, կարգավորում է ընտանիքում ամուսինների միջև, ծնողների ու զավակների միջև, ընտանիքի մյուս անդամների միջև առաջացող անձնական և գույքային հարաբերությունները, որդեգրման, խնամակալության ու հոգաբարձության, երեխաներին դաստիարակության վերցնելու կապակցությամբ առաջացող հարաբերությունները, ամուսնության դադարման կարգն ու պայմանները, քաղաքացիական կացության ակտերի գրանցման կարգը:

 

i
Հոդված 3. Կնոջ և տղամարդու իրավահավասարությունը ընտանեկան հարաբերություններում

 

ԽՍՀՄ և ՀՀ սահմանադրությամբ ամրապնդված` ՀՀ-ում կնոջ և տղամարդու իրավունքների հավասարությանը համապատասխան, ընտանեկան հարաբերություններում նրանք ունեն անձնական և գույքային հավասար իրավունքներ:

(3-րդ հոդ խմբ. 14.04.80 օրենք)

 

i
Հոդված 4. Քաղաքացիների իրավահավասարությունը ընտանեկան հարաբերություններում

 

Բոլոր քաղաքացիները հավասար իրավունքներ ունեն ընտանեկան հարաբերություններում:

Ամուսնանալիս և ընտանեկան հարաբերություններում չի թույլատրվում իրավունքների որևէ ուղղակի կամ անուղղակի սահմանափակում, ուղղակի կամ անուղղակի առավելությունների սահմանում` ելնելով ծագումից, սոցիալական և գույքային դրությունից, ռասայական և ազգային պատկանելությունից, սեռից, կրթությունից, լեզվից, կրոնի նկատմամբ վերաբերմունքից, զբաղմունքի տեսակից ու բնույթից, բնակության վայրից և այլ հանգամանքներից:

 

i
Հոդված 5. Ընտանիքի պաշտպանությունը պետության կողմից: Մայրության պաշտպանությունն ու խրախուսումը

 

ԽՍՀՄ սահմանադրությանը և ՀՀ սահմանադրությանը համապատասխան ՀՀ-ում ընտանիքը գտնվում է պետության պաշտպանության ներքո:

Պետությունը ընտանիքի մասին հոգ է տանում ծննդատների, մանկամսուրների և մանկապարտեզների, գիշերօթիկ դպրոցների և մանկական այլ հիմնարկների լայն ցանցի ստեղծման ու զարգացման, կենցաղի ծառայության և հասարակական սննդի կազմակերպման ու կատարելագործման, երեխայի ծննդյան նպաստներ վճարելու, միայնակ մայրերին և բազմազավակ ընտանիքներին նպաստներ և արտոնություններ, ինչպես նաև ընտանիքին այլ տեսակի նպաստներ տրամադրելու և օգնություն ցույց տալու:

ՀՀ-ում մայրությունը շրջապատված է համաժողովրդական պատվով ու հարգանքով, պաշտպանվում և խրախուսվում է պետության կողմից: Մոր և մանկան շահերի պաշտպանությունն ապահովվում է կանանց աշխատանքի և առողջության պահպանության հատուկ միջոցառումներով, այնպիսի պայմանների ստեղծումով, որոնք կանանց թույլ են տալիս աշխատանքը զուգակցել մայրության հետ, մայրության և մանկության իրավական պաշտպանությամբ, նյութական և բարոյական օժանդակությամբ, ներառյալ կանանց հղիության և ծննդաբերության արձակուրդներ տալը` աշխատավարձի պահպանմամբ, և հղի կանանց ու մայրերին այլ արտոնություններ:

(5-րդ հոդ խմբ. 14.04.80 օրենք)

 

i
Հոդված 6. Պետության կողմից ամուսնական և ընտանեկան հարաբերությունների իրավական կարգավորումը

 

ՀՀ-ում ամուսնական և ընտանեկան հարաբերությունների իրավական կարգավորումը իրականացնում է միայն պետությունը:

Ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետական մարմիններում գրանցված ամուսնությունը: Ամուսնության կրոնական ծեսը, ինչպես և կրոնական մյուս ծեսերը իրավական նշանակություն չունեն:

Այս կանոնը չի վերաբերում մինչև քաղաքացիական կացության ակտերի գրանցման խորհրդային մարմինների ստեղծումը կամ դրանց վերականգնումը կատարված կրոնական ծեսերին և ի հաստատումն դրանց ստացված ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության և մահվան վերաբերյալ փաստաթղթեր:

Հայրենադարձների` նախքան ՀՀ վերադառնալը արտասահմանում կրոնական ծիսակատարություններով կամ նրանց ապրած վայրի օրենքներով կատարած ամուսնադրությունները, ինչպես նաև ի հաստատումն համապատասխան պետությունների օրենքներով կատարված քաղաքացիական կացության ակտի հայրենադարձներին տրված փաստաթղթերը ՀՀ-ում ճանաչվում են վավերական:

 

ԳԼՈՒԽ 2.
ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ և ՆՐԱ ԿԻՐԱՌՈՒՄ

 

Հոդված 7. Ամուսնության և ընտանիքի վերաբերյալ օրենսդրությունը

 

ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ամուսնության և ընտանիքի օրենսդրության հիմունքներին համապատասխան ամուսնության ու ընտանիքի վերաբերյալ օրենսդրությունը բաղկացած է հիմունքներից և դրանց համապատասխան հրատարակվող ԽՍՀ Միության այլ օրենսդրական ակտերից, սույն օրենսգրքից և ՀՀ այլ օրենսդրական ակտերից:

Սույն օրենսգիրքը և ամուսնության ու ընտանիքի վերաբերյալ ՀՀ մյուս օրենսդրական ակտերը լուծում են հիմունքներով միութենական հանրապետությունների իրավասությանը վերապահված հարցերը և հիմունքներով անմիջականորեն չնախատեսված ամուսնական ու ընտանեկան հարաբերությունների հարցերը:

 

Հոդված 8. Ամուսնության և ընտանիքի վերաբերյալ օրենսդրության կիրառումը Հայաստանի Հանրապետությունում

 

ՀՀ-ում ամուսնադրությունը, հարաբերությունները ամուսինների միջև, ծնողների և զավակների միջև, որդեգրումը, հայրությունը որոշելը, ապրուստի միջոցի (ալիմենտի) գանձումը, խնամակալությունը և հոգաբարձությունը, ամուսնալուծությունը, քաղաքացիական կացության ակտերի գրանցումը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ:

ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ամուսնության և ընտանիքի օրենսդրության հիմունքներին համապատասխան մյուս միութենական հանրապետություններում կատարված ամուսնության, որդեգրման, խնամակալության ու հոգաբարձության սահմանման իսկությունը և քաղաքացիական կացության ակտերի իսկությունը որոշվում են այն միութենական հանրապետության օրենսդրությամբ, որի տերիտորիայում կատարվել է ամուսնադրությունը, որդեգրումը, սահմանվել է հոգաբարձությունը և խնամակալությունը կամ գրանցվել է քաղաքացիական կացության ակտը:

(8-րդ հոդ խմբ. 14.04.80 օրենք)

 

ԳԼՈՒԽ 3.
ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՀԱՇՎՈՒՄ

 

i
Հոդված 9. Հայցային վաղեմություն

 

Ամուսնական և ընտանեկան հարաբերություններից բխող պահանջների վրա հայցային վաղեմություն չի տարածվում, բացառությամբ այն դեպքերի, երբ խախտված իրավունքի պաշտպանության ժամկետը սահմանված է ԽՍՀ Միության օրենսդրությամբ և սույն օրենսգրքով: Այդպիսի դեպքերում հայցային վաղեմությունը դատարանի կողմից կիրառվում է քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան, եթե օրենքով այլ բան չի սահմանված:

(9-րդ հոդ. խմբ.14.04.80 օրենք)

 

Հոդված 10. Հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը

 

Հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է սույն օրենսգրքի համապատասխան հոդվածում մատնանշված ժամանակից, իսկ եթե այդ ժամանակը չի մատնանշված, ապա այն օրից, երբ անձն իմացել է կամ պետք է իմանար իր իրավունքի խախտման մասին:

 

i
Հոդված 11. Հայցային վաղեմության կիրառման կարգը և ժամկետները հաշվելը

 

Դատարանը, հայցային վաղեմություն սահմանող նորմաները կիրառելիս և ժամկետները հաշվելիս, ղեկավարվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ և 6-րդ գլուխներում նախատեսված կանոններով:

 

ՀԱՏՎԱԾ 2.
ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

 

ԳԼՈՒԽ 4.
ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հոդված 12. Ամուսնադրություն

 

Ամուսնադրությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետական մարմիններում:

Ամուսնության գրանցումը սահմանվում է ինչպես պետական և հասարակական շահերը նկատի ունենալով, այնպես էլ ամուսինների և զավակների անձնական ու գույքային իրավունքներն ու շահերը պաշտպանելու նպատակով:

Միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետական մարմիններում կատարված ամուսնադրությունն է առաջացնում ամուսինների իրավունքներն ու պարտականությունները:

 

i
Հոդված 13. Ամուսնադրության կարգը

 

Ամուսնադրությունը տեղի է ունենում ամուսնանալ ցանկացողների կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետական մարմնին դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո, բայց երեք ամսից ոչ ուշ:

Հարգելի պատճառների առկայության դեպքում ամուսնացող անձանց խնդրանքով քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման հանրապետական մարմնի սահմանված կարգով կարող է կրճատել սույն հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետը:

Ամուսնադրությունը կատարվում է հանդիսավորությամբ: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները, ամուսնացող անձանց համաձայնության դեպքում, ամուսնության գրանցումը կատարում են հանդիսավոր պայմաններում:

(13-րդ հոդ. խմբ. 14.04.80, 29.05.85, 10.03.90, 10.06.96 օրենքներ)

 

Հոդված 14. Ամուսնադրության պայմանները

 

Ամուսնադրության համար անհրաժեշտ է ամուսնացող անձանց փոխադարձ համաձայնությունը և նրանց ամուսնական տարիքի հասնելը:

 

Հոդված 15. Ամուսնական տարիքը

 

Ամուսնական տարիք է սահմանվում տղամարդկանց համար` 18 տարին, իսկ կանանց համար` 17 տարին:

(15-րդ հոդ. խմբ. 14.04.80, 22.12.92 օրենքներ)

 

Հոդված 16. Ամուսնադրության արգելքները

 

Ամուսնադրություն չի թույլատրվում`

այն անձանց միջև, որոնցից թեկուզ և մեկը արդեն այլ ամուսնության մեջ է գտնվում.

ուղիղ վերընթաց և վայրընթաց ազգակցության մեջ գտնվող անձանց միջև, հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի միջև, ինչպես նաև որդեգրողների ու որդեգրվածների միջև.

այն անձանց միջև, որոնցից թեկուզ և մեկին հոգեկան հիվանդության կամ տկարամտության հետևանքով դատարանն անգործունակ է ճանաչել:

(16-րդ հոդ. խմբ. 29.05.85 օրենք)

 

ԳԼՈՒԽ 5.
ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հոդված 17. Ամուսինների իրավունքների և պարտականությունների ծագման ժամանակը

 

Ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են ամուսնությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցելու պահից:

 

Հոդված 18. Ամուսնադրություն կատարելիս ամուսինների ազգանվան ընտրության իրավունքը

 

Ամուսնադրություն կատարելիս ամուսինները իրենց ցանկությամբ ընտրում են ամուսիններից մեկի ազգանունը` որպես իրենց ընդհանուր ազգանուն, կամ նրանցից յուրաքանչյուրը պահպանում է իր մինչամուսնական ազգանունը:

 

Հոդված 19. Ամուսինների` ընտանեկան կյանքի հարցերը համատեղ լուծելու և ազատորեն զբաղմունք, արհեստ ու բնակության վայր ընտրելու իրավունքը

 

Երեխաների դաստիարակության հարցերը և ընտանեկան կյանքի մյուս հարցերը ամուսինները լուծում են համատեղ:

Ամուսիններից յուրաքանչյուրը ազատ է զբաղմունք, արհեստ և բնակության վայր ընտրելու հարցում:

 

i
Հոդված 20. Ամուսինների իրավունքները ընդհանուր համատեղ սեփականության նկատմամբ և միմյանց միջև գույքային գործարքներ կնքելու հարցում

 

Ամուսնության ընթացքում ամուսինների վաստակած գույքը նրանց ընդհանուր համատեղ սեփականությունն է: Ամուսինները այդ գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու հավասար իրավունքներ ունեն:

Ամուսինները գույքի նկատմամբ հավասար իրավունքներ ունեն նաև այն դեպքում, երբ նրանցից մեկը զբաղված է եղել տնային տնտեսությամբ, երեխաների խնամքով կամ այլ հարգելի պատճառներով ինքնուրույն վաստակ չի ունեցել:

Ամուսինները կարող են օրենքով թույլատրելի ամեն տեսակի գույքային գործարքներ կնքել միմյանց հետ: Ամուսինների միջև կայացած այն համաձայնությունները, որոնք նպատակ ունեն նվազեցնելու նրանցից որևէ մեկի գույքային իրավունքները, անվավեր են:

 

i
Հոդված 21. Գույքը բաժանելիս ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության մեջ բաժինները որոշելը

 

Ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող գույքը բաժանելիս նրանց բաժինները հավասար են: Առանձին դեպքերում դատարանը կարող է շեղվել ամուսինների բաժինների հավասարության սկզբունքից, հաշվի առնելով անչափահաս երեխաների շահերը կամ ամուսիններից մեկի ուշադրության արժանի շահերը:

Ամուսիններից մեկի բաժինը կարող է ավելացվել, մասնավորապես, եթե մյուս ամուսինը խուսափել է հանրօգուտ աշխատանքին մասնակցելուց կամ ընդհանուր գույքը ծախսել է ի վնաս ընտանիքի շահերի:

Ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող գույքը բաժանելիս դատարանը որոշում է, թե ինչ առարկաներ են ենթակա հանձնելու նրանցից յուրաքանչյուրին: Երբ ամուսիններից մեկին հանձնվում են այնպիսի իրեր, որոնք իրենց արժեքով գերազանցում են հասանելիք բաժինը, մյուս ամուսնու օգտին կարող է վճռվել համապատասխան դրամական փոխհատուցում: Ապահարզանված ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի բաժանման պահանջի համար սահմանվում է հայցային վաղեմության եռամյա ժամկետ:

(21-րդ հոդ. խմբ. 14.04.80, 25.05.85 օրենքներ)

 

Հոդված 22. Ամուսիններից յուրաքանչյուրի անձնական սեփականությունը

 

Մինչև ամուսնանալը ամուսիններին պատկանած գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում նվիրատվությամբ կամ ժառանգման կարգով ստացված գույքը նրանցից յուրաքանչյուրի սեփականությունն է:

Անհատական օգտագործման իրերը (հագուստեղեն, կոշկեղեն և այլն), բացառությամբ թանկարժեք իրերի և պերճանքի այլ առարկաների, թեկուզ և դրանք ձեռք բերված լինեն ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին, ճանաչվում են այն ամուսնու անձնական սեփականությունը, որն օգտագործել է դրանք:

Ամուսիններից յուրաքանչյուրի գույքը դատարանը կարող է ճանաչել ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում այդ գույքի մեջ ներդրումներ են կատարվել ի հաշիվ ամուսինների ընդհանուր միջոցների կամ ի հաշիվ մյուս ամուսնու, որով զգալիորեն բարձրացել է այդ գույքի արժեքը (տան հիմնական վերանորոգում, կիսակառույց տան ավարտում, վերասարքավորում և այլն:

(22-րդ հոդ. խմբ. 29.05.85 օրենք)

 

i
Հոդված 23. Ամուսինների գույքի վրա բռնագանձում տարածելը

 

Ամուսիններից մեկի պարտավորությունների դիմաց բռնագանձումը կարող է տարածվել միայն նրա անձնական սեփականությունը հանդիսացող գույքի վրա և ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության մեջ ունեցած նրա այն բաժնի վրա, որը նրան կհասներ այդ գույքը բաժանելիս:

Ամուսիններից մեկի պարտավորության դիմաց ամուսինները պատասխանատու են իրենց ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող գույքով, եթե դատարանը կպարզի, որ պարտավորությամբ ստացվածը օգտագործվել է հօգուտ ամբողջ ընտանիքի շահերի:

Ամուսիններից մեկի հանցագործությամբ պատճառած վնասը հատուցելիս բռնագանձումը կարող է տարածվել նաև ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի վրա, եթե քրեական գործի դատավճռով հաստատված է, որ այդ գույքը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով հայթայթված միջոցների հաշվին:

 

i
Հոդված 24. Կոլտնտեսային ծխի անդամ ամուսինների գույքային իրավունքները

 

Սույն օրենսգրքի 20-23 հոդվածներով սահմանված կանոնները տարածվում են կոլտնտեսային ծխի անդամ ամուսինների այն գույքի վրա միայն, որը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 114 հոդվածի համաձայն կազմում է նրանց անձնական սեփականությունը:

Կոլտնտեսային ծխի սեփականությունը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու ամուսինների իրավունքը որոշվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 128-134 հոդվածներով:

Սույն հոդվածի կանոնները հավասարապես կիրառվում են նաև գյուղական տնտեսության մեջ անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող քաղաքացիների տնտեսության անդամ ամուսինների նկատմամբ:

(24-րդ հոդ. խմբ 29.05.85 օրենք)

 

i
Հոդված 25. Ամուսինների` միմյանց ապրուստի միջոցներ տալու պարտականությունները

 

Ամուսինները պարտավոր են նյութապես օժանդակել միմյանց: Այդպիսի օժանդակությունը մերժվելու դեպքում նյութական օգնության կարիք ունեցող անաշխատունակ ամուսինը, ինչպես նաև կինը հղիության շրջանում և երեխան ծննդաբերելուց հետո մեկուկես տարվա ընթացքում իրավունք ունի դատարանով ապրուստի միջոց ստանալու մյուս ամուսնուց, եթե վերջինս ի վիճակի է տալու այդ ապրուստի միջոցը: Այդ իրավունքը պահպանվում նաև ամուսնալուծությունից հետո:

(25-րդ հոդ. խմբ. 28.03.84 օրենք)

 

Հոդված 26. Ամուսնու` ապրուստի միջոց ստանալու իրավունքի պահպանումը ամուսնալուծությունից հետո

 

Բաժանված կարիքավոր ամուսինը իրավունք ունի ապրուստի միջոց ստանալու, եթե անաշխատունակ է դարձել ամուսնալուծությունից հետո մեկ տարվա ընթացքում:

Եթե ամուսինները երկար ժամանակ են գտնվել ամուսնական հարաբերությունների մեջ, դատարանը իրավունք ունի ապահարզանված կարիքավոր ամուսնու օգտին ալիմենտ բռնագանձելու նաև այն դեպքում, երբ այդ ամուսինը կենսաթոշակային տարիքի է հասել, սակայն ոչ ուշ, քան ամուսնալուծության պահից սկսած հինգ տարում:

Կինը պահպանում է ամուսնուց ապրուստի միջոց ստանալու իրավունքը հղիության ժամանակ և երեխան ծննդաբերելուց հետո մեկուկես տարվա ընթացքում, եթե հղիությունը սկսվել է նախքան ամուսնալուծությունը:

(26-րդ հոդ. խմբ. 28.03.84 օրենք)

 

Հոդված 27. Ամուսնու` ապրուստի միջոց ստանալու իրավունքից զրկումը կամ նրա սահմանափակումը

 

Դատարանը, նկատի առնելով ամուսինների ամուսնության կարճատևությունը կամ ալիմենտ պահանջող ամուսնու անվայել վարքը, կարող է նրան զրկել մյուս ամուսնուց ապրուստի միջոց ստանալու իրավունքից կամ այդ իրավունքը սահմանափակել որոշակի ժամկետով:

 

Հոդված 28. Ամուսնուն պահելու համար բռնագանձվող ալիմենտի չափը

 

Ամուսնուն պահելու համար բռնագանձվող ալիմենտի չափը դատարանը որոշում է` ելնելով ամուսինների նյութական և ընտանեկան դրությունից, ամեն ամիս վճարվող կայուն դրամական գումարով: Ամուսիններից մեկի նյութական կամ ընտանեկան դրությունը փոխվելու դեպքում նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի ալիմենտի չափը փոփոխելու հայցով դիմելու դատարան:

 

Հոդված 29. Ամուսնու` ապրուստի միջոց ստանալու իրավունքը կորցնելը

 

Մյուս ամուսնուց ապրուստի միջոց ստանալու իրավունքը կորչում է, եթե վերացել են սույն օրենսգրքի 25 հոդվածի համաձայն ապրուստի միջոց ստանալու համար հիմք ծառայող պայմանները, ինչպես նաև ամուսնալուծված կարիքավոր անաշխատունակ ամուսնու նոր ամուսնության դեպքում:

Եթե ալիմենտի բռնագանձումը կատարվել է դատարանի վճռով, ապա այն ամուսինը, որից ալիմենտ է բռնագանձվում, իրավասու է բռնագանձումը դադարեցնելու հայցով դիմելու դատարան:

 

i

ԳԼՈՒԽ 6.
ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

i
Հոդված 30. Ամուսնության դադարումը ամուսնու մահվան հետևանքով

 

Ամուսնությունը դադարում է ամուսիններից մեկի մահվան կամ դատական կարգով մեռած հայտարարվելու հետևանքով:

 

Հոդված 31. Ամուսնության դադարումը ամուսինների կենդանության օրոք

 

Ամուսինների կենդանության օրոք ամուսնությունը կարող է դադարել ապահարզանի միջոցով` ամուսիններից մեկի կամ երկուսի դիմումի համաձայն:

Ամուսինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուսնալուծության գործ հարուցելու կնոջ հղիության ժամանակ և երեխան ծնվելուց հետո` մեկ տարվա ընթացքում:

 

Հոդված 32. Ամուսնալուծության կարգը

 

Ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, իսկ սույն օրենսգրքի 38 և 39 հոդվածներով նախատեսված դեպքերում` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում:

 

Հոդված 33. Ամուսնալուծությունը դատական կարգով

 

Ամուսնալուծության վերաբերյալ գործերի քննությունը կատարվում է դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հայցային վարույթի կարգով:

Դատարանը միջոցներ է ձեռնարկում ամուսիններին հաշտեցնելու համար: Դատարանը իրավասու է, հետաձգելով գործի քննությունը, ժամկետ նշանակել ամուսինների հաշտվելու համար: Այդ ժամկետը չպետք է անցնի վեց ամսից:

Ամուսնությունը լուծվում է, եթե դատարանը կպարզի, որ ամուսինների հետագա համատեղ կյանքը և ընտանիքի պահպանումը անհնարին են դարձել:

Ամուսնալուծության մասին վճիռ կայացնելիս դատարանը անհրաժեշտ դեպքերում միջոցներ է ձեռնարկում պաշտպանելու անչափահաս երեխաների և անաշխատունակ ամուսնու շահերը:

(33-րդ հոդ. խմբ. 29.05.85 օրենք)

 

i
Հոդված 34. Երեխաների դաստիարակության վերաբերյալ վեճի լուծումը

 

Երբ ամուսինների միջև վեճ է ծագում, թե նրանցից ում մոտ պետք է ապրեն երեխաները ամուսնալուծությունից հետո և ինչ չափով պետք է միջոցներ վճարվեն երեխաների ապրուստի համար, դատարանը պարտավոր է ամուսնալուծության վերաբերյալ գործի լուծման հետ միաժամանակ որոշել, թե ծնողներից որի մոտ և երեխաներից ով է մնալու, ինչպես նաև որ ծնողից և ինչ չափով է երեխաներին պահելու համար ալիմենտ գանձվելու:

 

Հոդված 35. Ամուսնու համար ապրուստի միջոց բռնագանձելը

 

Մյուս ամուսնուց ապրուստի միջոց պահանջելու իրավունք ունեցող ամուսնու խնդրանքով դատարանը պարտավոր է ամուսնալուծության վերաբերյալ գործի լուծման հետ միաժամանակ որոշել մյուս ամուսնուց բռնագանձման ենթակա ապրուստի միջոցի չափը:

 

Հոդված 36. Ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության բաժանումը

 

Ամուսինների կամ նրանցից մեկի խնդրանքով դատարանը պարտավոր է ամուսնալուծության վերաբերյալ գործի լուծման հետ միաժամանակ բաժանել ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող գույքը:

Եթե նման բաժանումը շոշափում է երրորդ անձանց իրավունքները, ապա գույքի բաժանման վերաբերյալ վեճը ամուսնալուծության գործի հետ միաժամանակ լուծվել չի կարող:

(36-րդ հոդ. խմբ. 29.05.85 օրենք)

 

i
Հոդված 37. Ամուսնալուծության վերաբերյալ դատարանի վճռի հիման վրա գանձվող պետական տուրքը

 

Ամուսնալուծության վերաբերյալ դատարանի վճռի հիման վրա ամուսնալուծությունը գրանցելու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

(37-րդ հոդ. խմբ. 10.03.90, 27.12.97 ՀՕ-174 օրենքներ)

 

Հոդված 38. Անչափահաս երեխաներ չունեցող ամուսինների ամուսնալուծությունը փոխադարձ համաձայնությամբ

 

Անչափահաս երեխաներ չունեցող ամուսինների միջև ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնություն լինելու դեպքում նրանց ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում:

Ապահարզանը ձևակերպվում և ամուսիններին ամուսնալուծության վերաբերյալ վկայական է տրվում ապահարզանի մասին դիմում տալու օրվանից երեք ամիս անցնելուց հետո:

Կարիքավոր անաշխատունակ ամուսնուն ապրուստի միջոցի հայթայթման կամ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի բաժանման վերաբերյալ ամուսինների միջև վեճ լինելու դեպքում ամուսինները կամ նրանցից մեկը իրավասու են ամուսնալուծության հայցով դիմելու դատարան:

(38-րդ հոդ. խմբ. 29.05.85, 27.12.97 ՀՕ-174 օրենքներ)

 

i
Հոդված 39. Ամուսնու միակողմանի դիմումի հիման վրա ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում

 

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում ամուսնալուծությունը կատարվում է նաև ամուսիններից մեկի միակողմանի դիմումի հիման վրա, եթե մյուս ամուսինը`

օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող.

օրենքով սահմանված կարգով անգործունակ է ճանաչվել հոգեկան հիվանդության կամ տկարամտության հետևանքով.

հանցանք կատարելու համար դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամանակով:

Ալիմենտի, գույքի բաժանության կամ երեխաների վերաբերյալ վեճ լինելու դեպքում ամուսնալուծությունը կատարվում է դատարանի միջոցով:

Այդպիսի դեպքերում ամուսնալուծությունը գրանցելու համար դիմող ամուսնուց գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

(39-րդ հոդ. փոփ. 27.12.97 ՀՕ-174 օրենք)

 

Հոդված 40. Ամուսնությունը դադարելու ժամանակը

 

Ամուսնությունը դադարած է համարվում ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցվելու պահից:

 

Հոդված 41. Ամուսնու ազգանվան փոփոխումը ամուսնալուծության դեպքում

 

Ամուսնանալիս իր ազգանունը այլ ազգանունով փոխած ամուսինը իրավունք ունի ամուսնալուծությունից հետո ևս կոչվելու այդ ազգանունով կամ ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից գրանցելիս նրա պահանջով նրան տրվում է մինչամուսնական ազգանունը:

(41-րդ հոդ. խմբ. 14.04.80 օրենք)

 

i
Հոդված 42. Ամուսնության վերականգնումը մեռած հայտարարված ամուսնու հայտնվելու դեպքում

 

Օրենքով սահմանված կարգով մեռած հայտարարված ամուսնու հայտնվելու և նրան մեռած հայտարարելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացվելու դեպքում ամուսնությունը համարվում է վերականգնված, եթե մյուս ամուսինը նորից չի ամուսնացել:

 

i
Հոդված 43. Ամուսնության վերականգնումը անհայտ բացակայող ճանաչված ամուսնու հայտնվելու դեպքում

 

Երբ հայտնվում է ամուսինը, որը օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող է ճանաչված, եթե այդ հիման վրա ամուսնալուծությունը կատարված է եղել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կամ դատարանի միջոցով, և վերացվել է նրան անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը, ապա ամուսնությունը կարող է վերականգնվել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից` ամուսինների համատեղ դիմումի հիման վրա:

Այն դեպքերում, երբ ամուսնալուծությունը կատարվել է դատարանի կողմից, ապա դատարանը ամուսինների դիմումի հիման վրա վերացնում է ամուսնալուծության վերաբերյալ վճիռը: Ամուսնությունը չի կարող վերականգնվել, եթե անհայտ բացակայող ճանաչված անձի ամուսինը ամուսնացել է մեկ ուրիշի հետ:

ԳԼՈՒԽ 7.
ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ

 

i
Հոդված 44. Ամուսնությունն անվավեր ճանաչելու հիմքերը

 

Ամուսնությունը կարող է անվավեր ճանաչվել սույն օրենսգրքի 14-16 հոդվածներով սահմանված պայմանները խախտվելու, ինչպես նաև առանց ընտանիք կազմելու մտադրության ամուսնություն (կեղծ ամուսնություն) գրանցելու դեպքերում:

 

i
Հոդված 45. Ամուսնությունն անվավեր ճանաչելու կարգը

 

Ամուսնությունն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

 

Հոդված 46. Ամուսնությունն անվավեր ճանաչելը ամուսնու ամուսնական տարիքի հասած չլինելու դեպքում

 

Ամուսնական տարիքի չհասած անձի ամուսնությունը կարող է անվավեր ճանաչվել, եթե այդ են պահանջում մինչև ամուսնական տարիքի հասնելն ամուսնացած անձի շահերը:

Այս հոդվածի առաջին մասում նշված հիմունքներով ամուսնությունը անվավեր ճանաչելու պահանջի իրավունք ունեն ամուսնական տարիքի չհասած անձի ծնողները, խնամակալը (հոգաբարձուն), խնամակալության և հոգաբարձության մարմինները, դատախազը, ինչպես նաև ամուսնական տարիքի չհասած անձը, եթե նա չափահաս է դարձել:

Բոլոր դեպքերում գործին մասնակից պետք է դարձվի խնամակալության ու հոգաբարձության մարմնի ներկայացուցիչը:

Եթե գործը դատարանում լուծվելու պահին անչափահաս ամուսինը դարձել է չափահաս, ապա ամուսնությունը անվավեր կարող է ճանաչվել միայն նրա պահանջով:

 

Հոդված 47. Ամուսնադրության պայմանների խախտումով կատարված ամուսնությունն անվավեր ճանաչելը

 

Սույն օրենսգրքի 14-16 հոդվածներում թվարկված պայմանների խախտումով կատարված ամուսնությունը կարող է անվավեր ճանաչվել: Եթե գործի լուծման պահին վերացել են ամուսնադրությանն արգելք հանդիսացող հանգամանքները, դատարանն իրավասու է ամուսնությունը վավերական ճանաչել, այդ հանգամանքները վերանալու պահից:

Այդ հիմունքներով ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջի իրավունք ունեն ամուսինները, այն անձինք, որոնց իրավունքները խախտվել են այդ ամուսնությամբ, ինչպես նաև խնամակալության ու հոգաբարձության մարմինները և դատախազը:

Հոգեկան հիվանդության կամ տկարամտության հետևանքով անգործունակ ճանաչված անձի հետ կատարված ամուսնադրությունն անվավեր ճանաչելու գործը քննելիս պետք է գործին մասնակից դարձվի խնամակալության ու հոգաբարձության մարմնի ներկայացուցիչը:

 

Հոդված 48. Հարկադրաբար կատարված ամուսնությունն անվավեր ճանաչելը

 

Եթե կինը ամուսնացել է հարկադրաբար, ապա ամուսնությունը կարող է անվավեր ճանաչվել նրա դիմումի հիման վրա:

 

i
Հոդված 49. Կեղծ ամուսնությունն անվավեր ճանաչելը

 

Երբ ամուսինները կամ նրանցից մեկը ամուսնությունը գրանցել են առանց ընտանիք կազմելու մտադրության (կեղծ ամուսնություն), ամուսնությունը կարող է անվավեր ճանաչվել:

Ամուսնությունը, որպես կեղծ ամուսնություն, անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու իրավունք ունի դատախազը, իսկ այն դեպքում, երբ ամուսիններից միայն մեկն է ամուսնացել առանց ընտանիք կազմելու մտադրության, այդպիսի պահանջ ներկայացնել կարող է նաև մյուս ամուսինը:

Առանց ընտանիք կազմելու մտադրության ամուսնությունը կարող է վավերական ճանաչվել, եթե ամուսնությունը գրանցած անձանց միջև հետագայում ընտանեկան հարաբերություններ են ստեղծվել:

 

i
Հոդված 50. Ամուսնությունն անվավեր ճանաչելու հետևանքները

 

Անվավեր ճանաչած ամուսնությունը անվավեր է համարվում ամուսնադրության պահից: Այդպիսի ամուսնության մեջ գտնվող անձանց մոտ ամուսինների որևէ իրավունք և պարտականություն չի ծագում:

Եթե ամուսիններից մեկը մյուսից թաքցրել է, որ ամուսնության մեջ է, ապա ամուսնությունը անվավեր ճանաչվելու դեպքում դատարանն իրավասու է, սույն օրենսգրքով նախատեսված կանոնների համաձայն, միջոցներ բռնագանձել նրանից` նրա հետ անվավեր ամուսնության մեջ գտնված անձին պահելու համար, ինչպես նաև իրավասու է մինչև ամուսնությունը անվավեր ճանաչելու պահը այդ անձանց կողմից համատեղ ձեռք բերված գույքի նկատմամբ կիրառել սույն օրենսգրքի 20-23 հոդվածներով սահմանված կանոնները;

Ալիմենտի իրավունք կարող է վերապահվել պայմանով, եթե ալիմենտ պահանջող անձի անաշխատունակությունը վրա է հասել անվավեր ճանաչված ամուսնության ընթացքում:

Ամուսնության անվավեր ճանաչումը չի ազդում այդպիսի ամուսնությունից ծնված երեխաների իրավունքների վրա:

Այն ամուսինը, որը չի իմացել ամուսնադրության համար արգելքների առկայության մասին, իրավունք ունի պահպանելու այն ազգանունը, որն ընտրել է անվավեր ճանաչված ամուսնությունը գրանցելիս:

(50-րդ հոդ. խմբ. 29.05.85 օրենք)

 

ՀԱՏՎԱԾ 3.
ԸՆՏԱՆԻՔ

 

ԳԼՈՒԽ 8.
ԾՆՈՂՆԵՐ ԵՎ ԶԱՎԱԿՆԵՐ

 

Հոդված 51. Ծնողների և զավակների իրավունքների ու պարտականությունների ծագման հիմքերը

 

Ծնողների և զավակների փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները հիմնվում են երեխաների` օրենքով սահմանված կարգով հաստատված սերման փաստի վրա:

 

Հոդված 52. Ամուսնության մեջ գտնվող ծնողներից երեխաների սերումը հաստատելը

 

Ամուսնության մեջ գտնվող ծնողներից երեխայի սերումը հաստատում է ծնողների ամուսնության վերաբերյալ գրառմամբ:

 

Հոդված 53. Երեխաների սերման հաստատումը ամուսնության մեջ չգտնվող ծնողների համատեղ դիմումի հիման վրա

 

Երեխայի սերումը ամուսնության մեջ չգտնվող ծնողներից հաստատվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետական մարմիններին երեխայի հոր և մոր կողմից տրվող համատեղ դիմումի միջոցով:

 

i
Հոդված 54. Հայրությունը դատական կարգով որոշելը

 

Ամուսնության մեջ չգտնվող ծնողներից երեխա ծնվելու դեպքում, եթե չկա ծնողների համատեղ դիմումը, հայրությունը կարող է որոշվել դատական կարգով` երեխայի ծնողներից մեկի կամ խնամակալի (հոգաբարձուի), այն անձի, որի խնամքի տակ է գտնվում երեխան, ինչպես նաև հենց իր` երեխայի դիմումի հիման վրա, չափահաս դառնալուց հետո:

Հայրությունը որոշելիս դատարանը նկատի է առնում երեխան ծնվելուց առաջ երեխայի մոր և պատասխանողի համատեղ բնակվելը և ընդհանուր տնտեսություն վարելը, կամ նրանց կողմից երեխայի համատեղ դաստիարակությունը կամ խնամքը, կամ այն ապացույցները, որոնք որոշակիորեն հաստատում են պատասխանողի կողմից հայրության ընդունումը:

(54-րդ հոդ. խմբ. 14.04.80 օրենք)

 

i
Հոդված 54.1 Ամուսնության մեջ չգտնվող անձանցից ծնված երեխաների իրավունքներն ու պարտականությունները` հայրությունը որոշվելու դեպքում

 

Սույն օրենսգրքի 53 և 54 հոդվածներով նախատեսված կարգով հայրությունը որոշվելու դեպքում երեխաները ծնողների և նրանց ազգականների նկատմամբ ձեռք են բերում նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ որ միմյանց հետ ամուսնության մեջ գտնվող անձանցից ծնված երեխաները:

(54.1-ին հոդ. խմբ. 29.05.85 օրենք)

 

i
Հոդված 55. Ամուսնության մեջ գտնվող ծնողների գրանցումը

 

Ամուսնության մեջ գտնվող հայրը և մայրը ծնունդների գրանցման մատյանում որպես երեխայի ծնողներ գրանցվում են նրանցից որևէ մեկի դիմումի համաձայն: Որպես երեխայի հայր կամ մայր գրանցված անձն իրավունք ունի վիճարկելու կատարված գրանցումը մեկ տարվա ընթացքում այն ժամանակից սկսած, երբ նրան հայտնի է դարձել կամ պետք է հայտնի դառնար կատարված գրանցման մասին:

Եթե այդ ժամանակ որպես հայր կամ մայր գրանցված անձը եղել է անչափահաս, մեկ տարվա ժամկետը հաշվվում է նրա տասնութ տարին լրանալուց հետո:

(55-րդ հոդ. խմբ. 14.04.80 օրենք)

 

Հոդված 56. Ամուսնության մեջ չգտնվող ծնողների գրանցումը

 

Եթե ծնողները ամուսնության մեջ չեն գտնվում, երեխայի մոր գրանցումը կատարվում է մոր դիմումի համաձայն, իսկ երեխայի հոր գրանցումը` երեխայի հոր և մոր համատեղ դիմումի հիման վրա, կամ հայրը գրանցվում է դատարանի վճռի համաձայն: Եթե մայրը մահացել է, ճանաչվել է անգործունակ, զրկվել է ծնողական իրավունքներից, ինչպես նաև, երբ հնարավոր չէ պարզել նրա բնակության վայրը, երեխայի հոր գրանցումը կատարվում է հոր դիմումի համաձայն:

(56-րդ հոդ. խմբ. 14.04.80 օրենք)

 

i
Հոդված 57. Երեխայի հոր գրանցումը հայրությունը որոշված չլինելու դեպքում

 

Ամուսնության մեջ չգտնվող մորից երեխա ծնվելիս, եթե չկան ծնողների համատեղ դիմումը և հայրությունը որոշելու վերաբերյալ դատարանի վճիռը, երեխայի հոր մասին գրանցումը ծնունդների գրանցման մատյանում կատարվում է մոր ազգանունով, երեխայի հոր անունն ու հայրանունը գրանցվում են մոր ցուցումով:

 

i
Հոդված 58. Երեխայի անունն ու հայրանունը

 

Երեխային անուն է տրվում ծնողների համաձայնությամբ, հայրանուն է տրվում հոր անունով, իսկ սույն օրենսգրքի 57 հոդվածով նախատեսված դեպքերում` որպես հայր գրանցված անձի անունով:

 

Հոդված 59. Երեխաների ազգանունը

 

Երեխաների ազգանունը որոշվում է ծնողների ազգանունով: Երբ ծնողները տարբեր ազգանուններ ունեն, երեխային տրվում է մոր կամ հոր ազգանունը` ծնողների համաձայնությամբ, իսկ համաձայնություն չլինելու դեպքում` խնամակալության և հոգաբարձության մարմնի ցուցումով:

 

Հոդված 60. Երեխաների ազգանվան փոփոխումը

 

Ծնողների միջև ամուսնության դադարումը կամ ամուսնությունն անվավեր ճանաչելը երեխաների ազգանվան փոփոխություն չի առաջացնում: Եթե ամուսնությունը դադարելուց կամ ամուսնությունն անվավեր ճանաչելուց հետո ծնողը, որի մոտ ապրում է երեխան, ցանկանում է նրան տալ իր ազգանունը, ապա հարցը լուծում է խնամակալության և հոգաբարձության մարմինը` ելնելով երեխայի շահերից:

Այն դեպքերում, երբ երեխայի ծնողները միմյանց հետ գրանցված ամուսնության մեջ չեն, սակայն նրանց համատեղ դիմումով կամ հայրությունը հաստատելու մասին դատարանի վճռին համապատասխան քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը գրանցել է որոշված հայրությունը և երեխայի ազգանունը փոխվել է հոր ազգանվամբ, եթե երեխայի մայրը հետագայում ցանկանում է անչափահասին տալ իր ազգանունը, ապա հարցը լուծվում է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կանոններով:

Եթե անչափահասի ծնողները միմյանց հետ գրանցված ամուսնության մեջ չեն և հայրությունը որոշված չէ, ապա երեխայի մոր ազգանունը փոխվելիս, խնամակալության և հոգաբարձության մարմինների ցուցումով անչափահասի ազգանունը կարող է փոխվել երեխայի մոր դիմումի հիման վրա:

Տասը տարեկան դարձած երեխայի ազգանվան փոփոխումը բոլոր դեպքերում կատարվում է նրա համաձայնությամբ:

(60-րդ հոդ. խմբ. 29.05.85 օրենք)

 

ԳԼՈՒԽ 9.
ԾՆՈՂՆԵՐԻ` ԶԱՎԱԿՆԵՐԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

i
Հոդված 61. Ծնողական իրավունքներն ու պարտականությունները

 

Ծնողները պարտավոր են դաստիարակել իրենց երեխաներին, հոգ տանել նրանց ֆիզիկական զարգացման և ուսուցման մասին, պատրաստել հանրօգուտ աշխատանքի, աճեցնել որպես սոցիալիստական հասարակության արժանավոր անդամների:

Ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ:

Անչափահաս զավակների իրավունքների և շահերի պաշտպանությունը նրանց ծնողների պարտականությունն է:

Ծնողներն իրենց անչափահաս երեխաների օրինական ներկայացուցիչներն են և բոլոր, այդ թվում նաև դատական հիմնարկներում հանդես են գալիս նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությամբ, առանց հատուկ լիազորության:

(61-րդ հոդ.. խմբ. 14.04.80, 29.05.85 օրենքներ)

 

Հոդված 62. Ծնողների իրավունքների ու պարտականությունների հավասարությունը

 

Հայրը և մայրը իրենց զավակների նկատմամբ ունեն հավասար իրավունքներ ու պարտականություններ:

Ծնողներն իրենց զավակների նկատմամբ հավասար իրավունքներ և հավասար պարտականություններ ունեն նաև ամուսնալուծությունից հետո:

 

Հոդված 63. Ծնողների համաձայնության անհրաժեշտությունը երեխաներին դաստիարակելիս

 

Երեխաների դաստիարակությանը վերաբերյալ բոլոր հարցերը ծնողները լուծում են փոխադարձ համաձայնությամբ:

Ծնողների միջև համաձայնություն չլինելու դեպքում վիճելի հարցը լուծում է խնամակալության ու հոգաբարձության մարմինը` ծնողների մասնակցությամբ, իսկ սույն օրենսգրքի 66 հոդվածով նախատեսված դեպքերում` դատարանը:

 

Հոդված 64. Երեխաների ապրելու վայրը ծնողների անջատ բնակության դեպքում

 

Եթե ծնողները ամուսնալուծության կամ այլ պատճառներով բնակվում են անջատ, ապա նրանց համաձայնությունից է կախված, թե ում մոտ պետք է ապրեն անչափահաս երեխաները: Ծնողների միջև համաձայնություն չլինելու դեպքում վեճը լուծում է դատարանը` ելնելով երեխաների շահերից:

 

i
Հոդված 65. Անջատ ապրող ծնողի` երեխայի դաստիարակությանը մասնակցելու և նրա հետ շփվելու իրավունքը

 

Երեխայից անջատ ապրող ծնողը իրավունք ունի շփվելու երեխայի հետ և պարտավոր է մասնակցել նրա դաստիարակությանը:

Այն ծնողը, որի մոտ ապրում է երեխան, իրավունք չունի մյուս ծնողին խոչընդոտ հանդիսանալ շփվելու երեխայի հետ և մասնակցելու նրա դաստիարակությանը: խնամակալության և հոգաբարձության մարմինները իրավունք ունեն անջատ ապրող ծնողին որոշակի ժամանակով զրկելու երեխայի հետ շփվելու իրավունքից, եթե այդ շփումը խանգարում է երեխայի նորմալ դաստիարակությանը և նրա վրա վնասակար ազդեցություն է թողնում:

 

Հոդված 65.1. Պապի և տատի` թոռների հետ շփվելու իրավունքը

 

Պապը և տատը իրավունք ունեն շփվելու իրենց անչափահաս թոռների հետ: Այն դեպքում, եթե ծնողները հրաժարվում են պապին կամ տատին հնարավորություն տալ շփվելու թոռների հետ, խնամակալության և հոգաբարձության մարմինները կարող են ծնողներին պարտավորեցնել պապին և տատին թոռների հետ տեսակցելու հնարավորություն տալ` այդ մարմինների կողմից սահմանված կարգով, եթե այդպիսի տեսակցությունները չեն խանգարում երեխայի նորմալ դաստիարակությանը և նրա վրա վնասակար ազդեցություն չեն գործում:

 

Հոդված 66. Անջատ ապրող ծնողների միջև երեխաների դաստիարակության վերաբերյալ ծագած վեճերի լուծումը

 

Եթե ծնողները չեն կարողանում համաձայնության գալ երեխայի դաստիարակությանը անջատ ապրող ծնողի մասնակցության կարգի մասին և չեն ենթարկվում խնամակալության ու հոգաբարձության մարմինների ցուցումներին, վերջիններս իրավասու են վեճի լուծման համար դիմելու դատարան:

 

Հոդված 67. Ծնողների` երեխաներին ետ վերցնելու իրավունքը

 

Ծնողները իրավունք ունեն պահանջելու ետ վերադարձնել երեխաներին ամեն մի անձից, ով երեխաներին իր մոտ է պահում առանց օրինական հիմքի և դատական վճռի: Վեճ ծագելու դեպքում ծնողները իրենց իրավունքները պաշտպանելու համար կարող են դիմել դատարան: Դատարանը նման վեճերը լուծելիս պետք է ելնի երեխաների շահերից:

 

i
Հոդված 68. Ծնողական իրավունքներից զրկելը

 

Ծնողները, կամ նրանցից մեկը, կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե հաստատվի, որ նրանք խուսափում են երեխաներին դաստիարակելու իրենց պարտականությունների կատարումից կամ չարաշահում են ծնողական իրավունքները, դաժանաբար են վարվում երեխաների հետ, նրանց վրա վնասակար ազդեցություն են գործում իրենց բարոյազուրկ, հակահասարակական վարքով, ինչպես նաև եթե ծնողները խրոնիկական ալկոհոլիկներ կամ թմրադեղամոլներ են:

Ծնողները ծնողական իրավունքներից կարող են զրկվել միայն դատական կարգով և միայն սույն հոդվածով նախատեսված դեպքերում:

Ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ գործերը դատարանը քննության է առնում դատախազի մասնակցությամբ:

 

Հոդված 69. Ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ գործի հարուցման կարգը

 

Ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ գործերը դատարանը քննության է առնում պետական կամ հասարակական կազմակերպությունների, երեխայի ծնողներից մեկի կամ խնամակալի (հոգաբարձուի) դիմումի, ինչպես նաև դատախազի հայցի հիման վրա:

 

Հոդված 70. Ծնողական իրավունքներից զրկելու հետևանքները

 

Ծնողական իրավունքներից զրկված ծնողները կորցնում են այն երեխայի հետ հարազատության փաստի վրա հիմնված բոլոր իրավունքները, որի նկատմամբ նրանք զրկվել են ծնողական իրավունքներից:

Ծնողական իրավունքներից զրկելը ծնողներին չի ազատում երեխաների ապրուստը հոգալու պարտականությունից:

 

i
Հոդված 71. Ծնողական իրավունքներից զրկված ծնողի վտարումը երեխայի զբաղեցրած բնակարանից

 

Եթե ծնողական իրավունքներից զրկված ծնողը սիստեմատիկորեն խախտելով սոցիալիստական համակեցության կանոնները` երեխայի համար անհնարին է դարձնում համատեղ ապրելը, իսկ նախազգուշական և հասարակական ներգործության միջոցները անցնում են ապարդյուն, այդ ծնողը ՀՀ բնակարանային օրենսգրքի 94 հոդվածի համաձայն կարող է վտարվել առանց այլ բնակելի տարածության հատկացման:

 

Հոդված 72. Ծնողական իրավունքներից զրկված անձանց երեխաների տեղավորումը

 

Երկու ծնողներին էլ ծնողական իրավունքներից զրկելու դեպքում երեխան հանձնվում խնամակալության ու հոգաբարձության մարմինների խնամքին:

 

i
Հոդված 73. Ծնողական իրավունքներից զրկված ծնողների տեսակցությունը երեխաների հետ

 

Ծնողական իրավունքներից զրկված ծնողի խնդրանքով խնամակալության ու հոգաբարձության մարմինները կարող են թույլ տալ նրան տեսակցելու երեխայի հետ, եթե ծնողի հետ շփումը վնասակար ազդեցություն չի թողնի երեխայի վրա:

 

i
Հոդված 74. Ծնողական իրավունքների վերականգնումը

 

Ծնողական իրավունքները վերականգնվում են միայն դատական կարգով` ծնողական իրավունքներից զրկված անձի կամ դատախազի հայցով:

Ծնողական իրավունքների վերականգնում թույլ է տրվում միայն այն դեպքում, երբ հաստատվի, որ ծնողի վարքն ու կենցաղաձևը փոխվել են և նա ի վիճակի է իրականացնելու երեխայի դաստիարակությունը, և եթե ծնողական իրավունքների վերականգնում են պահանջում երեխայի շահերը:

Եթե երեխան տասը տարեկան է դարձել, դատարանը հաշվի է առնում նաև երեխայի կարծիքը:

Ծնողական իրավունքների վերականգնում չի թույլատրվում, եթե երեխան որդեգրված է:

Ծնողական իրավունքները վերականգնելու վերաբերյալ գործերը դատարանը քննության է առնում դատախազի մասնակցությամբ:

 

i
Հոդված 75. Ծնողական իրավունքներից զրկելուց անկախ երեխային ծնողներից վերցնելը

 

Դատարանը կարող է վճիռ արձակել երեխային ծնողներից վերցնելու և նրան խնամակալության ու հոգաբարձության մարմինների խնամքին հանձնելու մասին, անկախ ծնողներին ծնողական իրավունքներից զրկելուց, եթե երեխային նրանց մոտ թողնելը վտանգավոր է նրա համար:

Եթե կվերանան այն պատճառները, որոնք երեխան վերցնելու հիմք են հանդիսացել, ապա դատարանը, ծնողների կամ դատախազի հայցի հիման վրա, ելնելով երեխայի շահերից, կարող է վճիռ կայացնել նրան ծնողներին վերադարձնելու մասին:

 

Հոդված 76. Խնամակալության ու հոգաբարձության մարմինների պարտադիր մասնակցությունը երեխաների դաստիարակության հետ կապված վեճերի լուծմանը

 

Երեխաների դաստիարակության հետ կապված վեճերը դատարանի կողմից քննվելիս գործին մասնակից պետք է դարձվի խնամակալության և հոգաբարձության մարմինը:

Մինչև գործը սկսվելու օրը խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է հետազոտել երեխայի և այն անձանց կենսապայմանները, ովքեր պահանջ են ներկայացնում ստանձնելու երեխայի դաստիարակությունը:

 

i
Հոդված 76.1. Երեխաներին հանձնելու կամ վերցնելու վերաբերյալ դատարանների վճիռների կատարումը

 

Երեխաներին հանձնելու կամ ծնողներից կամ այլ անձանցից վերցնելու վերաբերյալ դատարանների վճիռները կատարվում են դատական կատարածուները` խնամակալության և հոգաբարձության մարմինների պարտադիր մասնակցությամբ:

Այն դեպքում, երբ ծնողը կամ այն անձը, որի խնամքին է գտնվում երեխան, խոչընդոտում է վճռի կատարմանը, կիրառվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404 հոդվածով նախատեսված միջոցները:

 

ԳԼՈՒԽ 10.
ԾՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԱՎԱԿՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 77. Ծնողների` երեխաներին պահելու պարտականությունները

 

Ծնողները պարտավոր են պահել իրենց անչափահաս և օգնության կարոտ անաշխատունակ չափահաս զավակներին:

 

i
Հոդված 78. Անչափահաս երեխաների համար ծնողներից բռնագանձվող ալիմենտի չափը

 

Անչափահաս երեխաների համար նրանց ծնողներից ալիմենտ բռնագանձվում է հետևյալ չափով. մեկ երեխայի համար` ծնողների վաստակի (եկամտի) մեկ քառորդը, երկու երեխայի համար` մեկ երրորդը, երեք և ավելի երեխաների համար` կեսը, բայց յուրաքանչյուր երեխայի համար ամիսը նվազագույն աշխատավարձի 20 տոկոսից ոչ պակաս:

Գործազրկության նպաստ ստացող ծնողներից ալիմենտ է բռնագանձվում հետևյալ չափով. մեկ երեխայի համար` նպաստի մեկ քառորդը, երկու երեխայի համար` մեկ երրորդը, երեք և ավելի երեխաների համար` կեսը, բայց յուրաքանչյուր երեխայի համար սահմանված գործազրկության նպաստի 20 տոկոսից ոչ պակաս:

Դատարանը կարող է նվազեցնել ալիմենտի այդ բաժինների չափը և ալիմենտի նվազագույն չափը, եթե ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողը ունի այլ անչափահաս երեխաներ, որոնք սույն հոդվածով նախատեսված չափով ալիմենտի բռնագանձման դեպքում, նյութապես ավելի պակաս ապահովված կլինեն, քան ալիմենտ ստացող երեխաները, ինչպես նաև այն դեպքում, եթե ծնողը, որից բռնագանձվում է ալիմենտը, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, կամ եթե երեխաները աշխատում են և ունեն բավարար վաստակ, կամ էլ այլ հարգելի պատճառներով:

Դատարանն իրավունք ունի նվազեցնելու ալիմենտի չափը կամ ազատելու դրա վճարումից, եթե երեխաները լիովին գտնվում են պետության կամ հասարակական կազմակերպության խնամքի տակ:

(78-րդ հոդ. խմբ. 29.05.85, 29.04.87, 22.12.92 օրենքներ)

 

Հոդված 79. Ալիմենտի պահում կատարելիս հաշվառման ենթակա վաստակի (եկամտի) տեսակները

 

ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ամուսնության և ընտանիքի օրենսդրության հիմունքներին համապատասխան վաստակի (եկամտի) այն տեսակները, որոնք հաշվառման ենթակա են ալիմենտի պահում կատարելիս, որոշվում են ԽՍՀՄ մինիստրների խորհրդի կողմից սահմանվող կարգով:

 

Հոդված 80. Ալիմենտի բռնագանձումը տնամերձ հողամասի օժանդակ տնտեսությունից եկամուտներ ունեցող անձերից

 

Եթե անչափահաս երեխաների ապրուստի համար ալիմենտ վճարող ծնողը լրացուցիչ եկամուտ ունի տնամերձ հողամասի օժանդակ տնտեսությունից, ապա նրանից, բացի սույն օրենսգրքի 78 հոդվածով սահմանված չափով վաստակի (եկամտի) համապատասխան բաժինը ետ պահելուց, բռնագանձվում է ամեն ամիս վճարվող դրամական գումար:

Այդ գումարի չափը սույն օրենսգրքի 78 հոդվածով սահմանված դրույթների համեմատ որոշում է դատարանը, ելնելով տնամերձ հողամասից ենթադրվող եկամտից ալիմենտ վճարող ծնողին բաժին ընկնող մասից:

 

Հոդված 81. Անչափահաս երեխաների համար ալիմենտի բռնագանձումը կայուն դրամական գումարով

 

Երբ անչափահաս երեխաների համար ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողը ունի ոչ կանոնավոր, փոփոխվող վաստակ (եկամուտ), կամ երբ այդ ծնողը վաստակի (եկամտի) մի մասն ստանում է բնամթերքով, ինչպես նաև մյուս դեպքերում, երբ ծնողի վաստակից (եկամտից) բաժնային հարաբերությամբ ալիմենտի բռնագանձումը անհնարին կամ դժվար է, երեխաների ապրուստի միջոցների վճարում պահանջող անձի խնդրանքով ալիմենտը կարող է որոշվել ամեն ամիս վճարվող կայուն դրամական գումարով:

Այդ գումարի չափը սույն օրենսգրքի 78 հոդվածում շարադրված կանոնների համեմատ որոշում է դատարանը, ելնելով ծնողի ենթադրյալ վաստակից (եկամտից):

Եթե յուրաքանչյուր ծնողի մոտ երեխաներ են մնում, ավելի պակաս ապահովված ծնողի օգտին մյուս ծնողից բռնագանձվելիք ալիմենտի չափը դատարանի կողմից որոշվում է սույն օրենսգրքի 78 հոդվածով սահմանված կանոնների համեմատ, ամեն ամիս բռնագանձվող կայուն դրամական գումարով, ելնելով ծնողների նյութական ու ընտանեկան դրությունից:

 

Հոդված 82. Ծնողների մասնակցությունը լրացուցիչ ծախսերին

 

Անչափահաս երեխաներին ալիմենտ վճարող ծնողները կարող են մասնակից դարձվել բացառիկ հանգամանքներից (երեխայի ծանր հիվանդություն, խեղում և այլն) առաջացող լրացուցիչ ծախսերին:

Այդպիսի ծախսերին մասնակցելու չափը որոշում է դատարանը, հաշվի առնելով ծնողների նյութական և ընտանեկան դրությունը:

 

Հոդված 83. Մանկական հիմնարկներում տեղավորված երեխաների համար ալիմենտի բռնագանձումը

 

Երբ երեխաները տեղավորված են մանկական հիմնարկներում պետական լրիվ ապահովությամբ, խնամակալության և հոգաբարձության մարմինները կամ մանկական հիմնարկները իրավասու են երեխաներին պահելու համար դատարանով միջոցներ բռնագանձել ծնողներից, եթե նրանք օրենքով ազատված չեն երեխաներին պահելու համար վճար մուծելուց:

Նման դեպքերում երեխաներին պահելու համար միջոցները յուրաքանչյուր ծնողից սույն օրենսգրքի 78 հոդվածով սահմանված չափով բռնագանձվում են այն մանկական հիմնարկի օգտին, որտեղ գտնվում է երեխան: Դատարանը, հաշվի առնելով ծնողների նյութական դրությունը, կարող է նրանց լիովին կամ մասամբ ազատել այդ միջոցների վճարումից: Այդպիսի դեպքերում ծնողներից մեկի (խնամակալի, հոգաբարձուի) օգտին վճռված ալիմենտի բռնագանձումը դադարեցվում է:

 

Հոդված 84. Դատարանի իրավունքը` մինչև վեճն ըստ էության լուծելը որոշելու բռնագանձման ենթակա ալիմենտի չափը

 

Ծնողներից երեխաների համար ալիմենտ բռնագանձելու գործերով այն դեպքերում, երբ սույն օրենսգրքի 55 և 56 հոդվածների համաձայն պատասխանողը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյանում գրանցված է որպես երեխայի ծնող, դատարանը կամ դատավորը իրավասու են ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ դիմումն ընդունելու հետ միաժամանակ որոշում կայացնելու այն մասին, թե պատասխանողը ժամանակավորապես, մինչև վեճի լուծումը, ինչ չափով է պարտավոր կրելու երեխաներին պահելու ծախսերը:

Այդ գումարի չափը կարող է որոշվել պատասխանողի վաստակի (եկամտի) նկատմամբ բաժնային հարաբերությամբ կամ կայուն դրամական գումարով:

 

Հոդված 85. Անաշխատունակ չափահաս զավակների համար բռնագանձվող ալիմենտի չափը

 

Օգնության կարիք ունեցող անաշխատունակ չափահաս զավակների համար ծնողներից բռնագանձվող ալիմենտի չափը որոշում է դատարանը` ամեն ամիս վճարվող կայուն դրամական գումարով, ելնելով ծնողների և օգնության կարիք ունեցող զավակների նյութական և ընտանեկան դրությունից:

 

Հոդված 86. Զավակների պարտականությունները ծնողների նկատմամբ

 

Զավակները պարտավոր են հոգ տանել ծնողների մասին և նրանց օգնություն ցույց տալ: Անաշխատունակ, օգնության կարիք ունեցող ծնողներին պահելը նրանց չափահաս զավակների պարտականությունն է:

 

Հոդված 87. Ծնողների ապրուստի համար բռնագանձվող միջոցների չափը

 

Օգնության կարիք ունեցող անաշխատունակ ծնողներին պահելու համար զավակներից յուրաքանչյուրի մասնակցության չափը որոշում է դատարանը` ամեն ամիս վճարվող կայուն դրամական գումարով, ելնելով ծնողների և զավակների նյութական և ընտանեկան դրությունից:

Այդ գումարը որոշելիս դատարանը հաշվի է առնում տվյալ ծնողի բոլոր զավակներին, անկախ այն բանից թե պահանջը ներկայացվել է բոլոր զավակներին, թե միայն մեկին, կամ նրանցից մի քանիսին:

 

Հոդված 88. Ծնողներին պահելու պարտականությունից զավակներին ազատելը

 

Զավակները կարող են ազատվել իրենց ծնողներին պահելու պարտականությունից, եթե դատարանով հաստատվի, որ ծնողները խուսափել են ծնողական պարտականությունները կատարելուց: ծնողական իրավունքներից զրկված ծնողները կորցնում են իրենց զավակներից ապրուստի միջոց պահանջելու իրավունքը:

 

Հոդված 89. Անչափահաս երեխաների համար ծնողներից գանձվող ալիմենտի չափը պակասեցնելը կամ նրա վճարումից ազատելը

 

Սույն օրենսգրքի 78 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանգամանքներ առաջանալիս անչափահաս երեխաների համար ալիմենտ վճարող ծնողը իրավունք ունի հայց հարուցելու` դատարանի վճռով կամ ժողովրդական դատավորի որոշմամբ սահմանված պատասխանողի վաստակի (եկամտի) բաժնի չափը պակասեցնելու մասին, իսկ 78 հոդվածի երրորդ մասով նախատեսված դեպքերում ալիմենտի չափը պակասեցնելու կամ նրա վճարումից ազատելու մասին:

Այդ հանգամանքների վերացման դեպքում անչափահաս երեխաների համար ալիմենտ ստացող անձը իրավունք ունի դատարանին հայց հարուցելու պատասխանողի վաստակից (եկամտից) ալիմենտ բռնագանձել սույն օրենսգրքի 78 հոդվածի առաջին մասով սահմանված չափով:

Եթե փոխվում անչափահաս երեխաների համար կայուն դրամական գումարով (սույն օրենսգրքի 81 հոդված) ալիմենտ վճարող ծնողի նյութական կամ ընտանեկան դրությունը, դատարանն իրավունք ունի շահագրգռված անձի հայցի հիման վրա փոխելու ալիմենտի չափը:

(89-րդ հոդ. խմբ. 29.05.85, 22.03.86 օրենքներ)

 

Հոդված 90. Անաշխատունակ չափահաս զավակների համար ծնողներից բռնագանձվող ալիմենտի չափի և ծնողների համար զավակներից բռնագանձվող ալիմենտի չափի փոփոխումը

 

Եթե օգնության կարիք ունեցող անաշխատունակ չափահաս զավակներին պահելու համար ծնողներից բռնագանձման ենթակա գումարի չափը կամ օգնության կարիք ունեցող անաշխատունակ ծնողների համար զավակներից բռնագանձվող գումարի չափը դատարանի կողմից սահմանվելուց հետո փոխվել է ծնողների կամ զավակների նյութական կամ ընտանեկան դրությունը, դատարանը իրավասու է նրանցից յուրաքանչյուրի հայցի հիման վրա փոփոխելու ալիմենտի սահմանված չափը:

 

ԳԼՈՒԽ 11.
ԸՆՏԱՆԻՔԻ ՄՅՈՒՍ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ԱԼԻՄԵՆՏ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

i
Հոդված 91. Խորթ հոր և խորթ մոր` խորթ որդիներին և խորթ դուստրերին պահելու պարտականությունները

 

Խորթ հայրը և խորթ մայրը պարտավոր են պահել իրենց անչափահաս, ինչպես նաև օգնության կարիք ունեցող անաշխատունակ չափահաս խորթ որդիներին և խորթ դուստրերին, եթե վերջիններս գտնվել են նրանց դաստիարակության կամ խնամքի տակ և չունեն ծնողներ կամ չեն կարող ապրուստի համար բավարար միջոցներ ստանալ իրենց ծնողներից:

 

Հոդված 92. Խորթ որդիների և խորթ դուստրերի` խորթ հորը և խորթ մորը պահելու պարտականությունները

 

Խորթ որդիները և խորթ դուստրերը պարտավոր են պահել անաշխատունակ, օգնության կարիք ունեցող իրենց խորթ հորը և խորթ մորը, եթե վերջիններս խնամել կամ դաստիարակել են նրանց:

Դատարանը իրավասու է խորթ որդիներին և խորթ դուստրերին ազատել խորթ հորն ու խորթ մորը պահելու պարտականությունից, եթե վերջիններս հինգ տարուց պակաս են դաստիարակել կամ խնամել նրանց, ինչպես նաև եթե նրանք պատշաճորեն չեն կատարել խորթ որդիների ու խորթ դուստրերին դաստիարակելու իրենց պարտականությունները:

 

Հոդված 93. Եղբայրների և քույրերի` իրենց անչափահաս կամ անաշխատունակ չափահաս եղբայրներին և քույրերին պահելու պարտականությունները

 

Բավարար միջոցներ ունեցող եղբայրներն ու քույրերը պարտավոր են պահել իրենց անչափահաս եղբայրներին ու քույրերին, ինչպես նաև օգնության կարիք ունեցող չափահաս անաշխատունակ եղբայրներին ու քույրերին, եթե վերջիններս չունեն ծնողներ, ամուսիններ կամ երեխաներ, կամ չեն կարող ապրուստի միջոց ստանալ նրանցից:

 

Հոդված 94. Թոռների` պապին և տատին պահելու պարտականությունը

 

Բավարար միջոցներ ունեցող թոռները պարտավոր են պահել օգնության կարիք ունեցող իրենց անաշխատունակ պապին և տատին, եթե վերջիններս չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց զավակներից կամ միմյանցից:

 

Հոդված 95. Պապի և տատի` թոռներին պահելու պարտականությունները

 

Բավարար միջոցներ ունեցող պապը և տատը պարտավոր են պահել իրենց անչափահաս թոռներին, ինչպես նաև օգնության կարիք ունեցող անաշխատունակ չափահաս թոռներին, եթե նրանք չունեն ծնողներ կամ չեն կարող ապրուստի միջոցներ ստանալ իրենց ծնողներից կամ ամուսնուց:

 

Հոդված 96. Փաստական դաստիարակների` իրենց սաներին պահելու պարտականությունները

 

Երեխաների մշտական դաստիարակությունն ու խնամքը ստանձնած անձինք նրանց հետագա դաստիարակությունից ու խնամքից հրաժարվելու դեպքում պարտավոր են խնամել անչափահաս, ինչպես նաև օգնության կարիք ունեցող անաշխատունակ չափահաս սաներին, եթե վերջիններս չունեն ծնողներ կամ չեն կարող ապրուստի միջոցներ ստանալ իրենց ծնողներից:

Այս հոդվածով նախատեսված պարտականությունները չեն դրվում երեխաների դաստիարակությունը որպես խնամակալներ (հոգաբարձուներ) իրականացնող անձանց վրա:

 

Հոդված 97. Սաների` իրենց փաստական դաստիարակներին պահելու պարտականությունները

 

Մշտական դաստիարակության ու խնամքի տակ գտնված անձինք պարտավոր են ապրուստի միջոցներ տալ իրենց փաստական դաստիարակներին, եթե վերջիններս օգնության կարիք ունեցող անաշխատունակներ են և չեն կարող ապրուստի միջոցներ ստանալ իրենց զավակներից կամ ամուսիններից: Դատարանը իրավասու է ազատելու այս հոդվածով նախատեսված պարտականության կատարումից, եթե այդ անձինք դաստիարակության և խնամքի տակ են գտնվել հինգ տարուց պակաս:

 

Հոդված 98. Ընտանիքի անդամներին պահելու համար ալիմենտի չափը

 

Ներկա գլխում հիշատակված անձանց պահելու համար ալիմենտի չափը, յուրաքանչյուր առանձին դեպքում, սահմանում է դատարանը` ամեն ամիս վճարվող կայուն դրամական գումարով, ելնելով ալիմենտ վճարող անձի և ալիմենտ ստացող անձի նյութական ու ընտանեկան դրությունից:

 

Հոդված 99. Ալիմենտի չափի փոփոխումը

 

Այն դեպքերում, երբ ներկա գլխում թվարկված անձանց ապրուստի համար բռնագանձվելիք գումարը դատարանի կողմից որոշվելուց հետո փոփոխվել է ապրուստի միջոց տալու պարտականություն ունեցող անձի կամ ալիմենտ ստացող անձի նյութական կամ ընտանեկան դրությունը, դատարանն իրավասու է շահագրգռված անձանց հայցի հիման վրա փոփոխելու ալիմենտի սահմանված չափը:

 

ԳԼՈՒԽ 12.
ԱԼԻՄԵՆՏԻ ՎՃԱՐՄԱՆ և ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳ

 

Հոդված 100. Ալիմենտի հոժարակամ վճարումը

 

Ալիմենտը վճարվում է ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող անձի կողմից հոժարակամ անձամբ կամ նրա գրավոր դիմումի համաձայն` նրա աշխատանքի կամ կենսաթոշակ, կրթաթոշակ, գործազրկության նպաստ ստանալու վայրի ադմինիստրացիայի միջոցով:

Ալիմենտի հոժարակամ վճարման կարգը չի բացառում ալիմենտ ստացողի իրավունքը` ալիմենտ բռնագանձելու դիմումով ուզած ժամանակ դիմելու դատարան:

(100-րդ հոդ. խմբ. 27.02.85, 29.05.85, 22.12.92 օրենքներ)

 

Հոդված 101. Ալիմենտը հոժարակամ վճարելու վերաբերյալ դիմումի բովանդակությունը

 

Երեխաների համար հոժարակամ ալիմենտ վճարելու ցանկություն հայտնած անձի գրավոր դիմումի մեջ, որը տրվում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիային` ըստ դիմողի աշխատանքի կամ կենսաթոշակի, կրթաթոշակի, գործազրկության նպաստի ստացման վայրի, պետք է նշված լինեն դիմողի ազգանունը, անունը, հայրանունը, այն երեխայի ազգանունը, անունը, հայրանունը և ծննդյան տարեթիվը, որի համար պետք է ալիմենտ պահվի, այն անձի անունը, ազգանունը, հայրանունը և հասցեն, որի օգտին պետք է պահվի ալիմենտը:

(101-րդ հոդ. խմբ. 29.05.85, 22.12.92 օրենքներ)

 

i
Հոդված 102. Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի` գրավոր դիմումի հիման վրա ալիմենտ ետ պահելու պարտականությունը

 

Ալիմենտ վճարողի գրավոր դիմումի հիման վրա ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան պարտավոր է ամեն ամիս ալիմենտը ետ պահել ալիմենտ վճարողի աշխատավարձից (կենսաթոշակից, նպաստից, կրթաթոշակից և այլն) և այդպիսին ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում, հաշված աշխատավարձի (կենսաթոշակի, նպաստի, կրթաթոշակի) վճարման համար սահմանված օրվանից, վճարել (փոխադրել) դիմումի մեջ մատնանշված անձին: Դիմումի հիման վրա ալիմենտի ետ պահումը կատարվում է օրենքով նախատեսված չափերով:

Ալիմենտ պահելու, ինչպես նաև դրա չափերը փոփոխելու կամ ալիմենտի գանձումը դադարեցնելու վերաբերյալ դիմումները ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան պահում է կատարողական փաստաթղթերի պահպանման համար սահմանված կարգով: Ալիմենտ գանձելու վերաբերյալ դիմումը կորցնելու մեջ մեղավոր պաշտոնատար անձը ենթակա է պատասխանատվության ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 343 հոդվածով նախատեսված կարգով:

Եթե իր դիմումի հիման վրա ալիմենտ վճարող քաղաքացին փոխադրվում է այլ աշխատանքի կամ փոխում է բնակության վայրը, կամ գործազուրկի կարգավիճակ է ստանում, ապա ալիմենտի գանձումը կատարվում է նրա կողմից վերստին տրված դիմումի հիման վրա: Այդպիսի դեպքերում ալիմենտը չվճարելու ժամանակ առաջացած պարտքը կարող է պահվել պարտապանից նրա դիմումի հիման վրա կամ բռնագանձվել դատարանի կողմից:

(102-րդ հոդ. խմբ. 29.05.85, 22.03.86, 22.12.92 օրենքներ)

 

i
Հոդված 103. Ալիմենտի պահումը այն անձի դիմումի հիման վրա, որը ցանկություն է հայտնել կամովին վճարել ալիմենտը

 

Ալիմենտի պահումը այն անձի դիմումի հիման վրա, որը ցանկություն է հայտնել կամովին վճարել ալիմենտը, կարող է կատարվել նաև այն դեպքերում, եթե դիմումի և կատարողական փաստաթղթերի հիման վրա պահման ենթակա ընդհանուր գումարը գերազանցում է պարտապանին հասանելիք աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների ու հասույթների 50 տոկոսը, ինչպես նաև եթե դատարանի վճռով կամ ժողովրդական դատավորի որոշմամբ պարտապանից ալիմենտ է բռնագանձվում ուրիշ մորից ծնված երեխաների համար:

(103-րդ հոդ. խմբ. 29.04.87 օրենք)

 

i
Հոդված 104. Ալիմենտի բռնագանձումը դատական կարգով

 

Ալիմենտ ստանալու համար իրավազորված անձն իրավունք ունի ցանկացած ժամանակ ալիմենտ բռնագանձելու մասին դիմում տալու դատարան, անկախ պահանջի իրավունքի ծագման պահից անցած ժամանակից:

Ալիմենտը վճարվում է դատարանին դիմում տալու կամ ալիմենտ բռնագանձելու մասին դիմում ներկայացնելու պահից սկսած հետագա ժամանակի համար միայն: Անցած ժամանակի համար ալիմենտը կարող է բռնագանձվել երեք տարվա ժամկետի սահմաններում, եթե դատարանով կհաստատվի, որ մինչև դատարան դիմելը ապրուստի միջոցներ ստանալու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել, բայց ալիմենտը չի ստացվել` վճարելու պարտականություն ունեցող անձի դրա վճարումից խուսափելու հետևանքով:

(104-րդ հոդ. խմբ. 27.02.85, 22.03.86 օրենքներ)

 

i
Հոդված 105. Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության, ադմինիստրացիայի` կատարողական թերթի հիման վրա ալիմենտ ետ պահելու և ալիմենտ վճարող անձի աշխատանքի վայրի փոփոխման մասին հաղորդելու պարտականությունը

 

Դատարանի տված կատարողական թերթի հիման վրա ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան պարտավոր է ամեն ամիս ալիմենտը ետ պահել ալիմենտ վճարողի աշխատավարձից (կենսաթոշակից, նպաստից, կրթաթոշակից և այլն) և այդպիսին ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում, հաշված աշխատավարձի (կենսաթոշակի, նպաստի, կրթաթոշակի և այլն) վճարման օրվանից, վճարել (փոխադրել) դատարանի վճռի կամ ժողովրդական դատավորի որոշման մեջ մատնանշված անձին:

Դատարանի վճռի կամ ժողովրդական դատավորի որոշման հիման վրա երեխաների համար ալիմենտ բռնագանձող ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան պետք է վճռի կամ որոշման կատարման վայրի դատական կատարածուին և ալիմենտ ստացող անձին երեք օրվա ընթացքում հաղորդի ալիմենտ վճարող անձի աշխատանքից հեռանալու, ինչպես նաև նրա աշխատանքի կամ բնակության նոր վայրի մասին, եթե այն հայտնի է ադմինիստրացիային:

Ալիմենտ վճարող անձը պարտավոր է այդ նույն ժամանակամիջոցում դատական կատարածուին հաղորդել իր աշխատանքի կամ բնակության վայրը փոխելու կամ գործազուրկի կարգավիճակ ստանալու, ինչպես և լրացուցիչ վաստակի մասին (համատեղության և այլ կարգով կատարած աշխատանքի համար):

Նշված տեղեկությունները անհարգելի պատճառներով չհաղորդելու համար մեղավոր պաշտոնատար անձինք և քաղաքացիները կարող են տուգանքի ենթարկվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406 հոդվածով սահմանված կարգով ու չափով:

(105-րդ հոդ. խմբ. 27.02.85, 22.03.86, 22.12.92 օրենքներ)

 

Հոդված 106. Ալիմենտ բռնագանձելու մասին անձնագրում կատարվող նշումները

 

Ալիմենտի վճարումից չարամտորեն խուսափելու համար դատապարտված կամ ալիմենտի վճարումից խուսափելու կապակցությամբ ներքին գործերի մարմինների կողմից հետախուզված անձանց անձնագրերում ներքին գործերի մարմինները նշում (գրառում) են կատարում այն մասին, որ այդ անձինք դատարանի վճռի կամ ժողովրդական դատավորի որոշման համաձայն պարտավոր են ալիմենտ վճարել:

(106-րդ հոդ. խմբ. 27.02.85, 29.05.85 օրենքներ)

 

i
Հոդված 107. Ալիմենտի վճարումից խուսափող անձանց աշխատավարձից ալիմենտ պահելը

 

Եթե անձի անձնագրում ներքին գործերի մարմինների նշում (գրառում) կա, որ դատարանի վճռին կամ ժողովրդական դատավորի որոշմանը համապատասխան նա պարտավոր է ալիմենտ վճարել, ապա ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան այդ անձին աշխատավարձ կամ այլ վաստակ, կենսաթոշակ, կրթաթոշակ, գործազրկության նպաստ վճարելիս պարտավոր է, մինչև կատարողական թերթի ստացումը անձնագրում եղած նշմանը (գրառմանը) համապատասխան ալիմենտ գանձել կատարողական թերթերով գանձման համար սահմանված կարգով և այդ մասին հաղորդել տվյալ շրջանի (քաղաքի) ժողովրդական դատարանի դատական կատարածուին:

Եթե անհայտ է այն անձի հասցեն, որի օգտին գանձվում է ալիմենտը, գանձված գումարները փոխանցվում են ժողովրդական դատարանի դեպոզիտային հաշվին: Այդ պարտականությունը չկատարվելու դեպքում մեղավոր պաշտոնատար անձինք կարող են տուգանքի ենթարկվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406 հոդվածով սահմանված կարգով ու չափով:

(107-րդ հոդ. խմբ. 27.02.85, 29.05.85, 22.03.86, 22.12.92 օրենքներ)

 

i
Հոդված 108. Ալիմենտի պարտքը որոշելը

 

Անցած ժամանակի համար ալիմենտի պարտքի բռնագանձումը կատարողական թերթով կատարվում է երեք տարվա ժամանակի սահմաններում: Երբ կատարողական թերթով ալիմենտի պահումը չի կատարվել պարտապանին փնտրելու պատճառով, ալիմենտի պարտքը բռնագանձվում է անցած ամբողջ ժամանակի համար, անկախ այն անձի չափահաս դառնալուց, որին պահելու համար վճռվել է ալիմենտը:

Ալիմենտի պարտքը որոշվում է բռնագանձում կատարված ժամանակի ընթացքում պատասխանողի ստացած փաստական վաստակի (եկամտի) հիման վրա:

Եթե պատասխանողը այդ ժամանակամիջոցում չի աշխատել կամ չեն ներկայացվել նրա վաստակը (եկամուտը) հաստատող փաստաթղթեր, պարտքը որոշվում է ելնելով պարտքը բռնագանձելու պահին նրա ստացած վաստակից (եկամտից):

Ինչպես պահանջատերը, այնպես էլ պարտապանը, դատական կատարածուի որոշած պարտքի չափի հետ համաձայն չլինելու դեպքում, իրավասու են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով գանգատարկել դատական կատարածուի գործողությունները:

 

Հոդված 109. Ալիմենտի պարտքի վճարումից ազատելը կամ այն պակասեցնելը

 

Ալիմենտի պարտքի վճարումից ազատելը կամ այն պակասեցնելը հնարավոր է միայն դատական վճռով:

Դատարանն իրավասու է ալիմենտ վճարող անձի հայցի հիման վրա նրան լրիվ կամ մասամբ ազատել ալիմենտի գոյացած պարտքից, եթե կպարզի, որ ալիմենտ չի վճարվել այդ անձի հիվանդության հետևանքով կամ այլ հարգելի պատճառներով, և որ նրա նյութական ու ընտանեկան դրությունը հնարավորություն չի տալիս մարելու գոյացած պարտքը:

 

i

ԳԼՈՒԽ 13.
ՈՐԴԵԳՐՈՒՄ

 

i
Հոդված 110. Որդեգրման հասկացությունը

 

Որդեգրում է համարվում այն իրավաբանական ակտը, որի համաձայն որդեգրողները և որդեգրվածները ձեռք են բերում ծնողների և զավակների համար օրենքով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները:

 

Հոդված 111. Այն երեխաները, որոնց նկատմամբ թույլատրվում է որդեգրում

 

Որդեգրում թույլատրվում է միայն անչափահաս երեխաների նկատմամբ և ելնելով նրանց շահերից:

 

i
Հոդված 112. Որդեգրում սահմանող մարմինը

 

Որդեգրումը կատարվում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի որոշմամբ` երեխային որդեգրել ցանկացող անձի (անձանց) խնդրանքով:

Մինչև սահմանադրությամբ նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորումը քաղաքներում և գյուղերում որդեգրումն իրականացնում են համապատասխանաբար պատգամավորների քաղաքային և գյուղական խորհուրդների գործադիր մարմինները, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանը:

(112-րդ հոդ. խմբ. 14.04.80, 10.06.96 օրենքներ)

 

Հոդված 113. Որդեգրողները

 

Որդեգրողներ կարող են լինել երկու սեռի չափահաս քաղաքացիները, բացառությամբ`

1) դատարանով ծնողական իրավունքներից զրկված անձանց.

2) օրենքով սահմանված կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց.

3) նախկին որդեգրողների, եթե որդեգրումը վերացվել է նրանց կողմից իրենց պարտականությունները պատշաճ կերպով չկատարելու հետևանքով:

 

Հոդված 114. Ծնողների համաձայնությունը` երեխաների որդեգրման համար

 

Ծնողներ ունեցող երեխայի որդեգրման համար անհրաժեշտ է ծնողների գրավոր համաձայնությունը:

Եթե երեխան գտնվում է խնամակալության ներքո, ապա որդեգրման համար անհրաժեշտ է երեխայի խնամակալի, ինչպես նաև ծնողների գրավոր համաձայնությունը:

Ծնողը (խնամակալները) կարող են երեխայի որդեգրման համար համաձայնություն տալ` նկատի ունենալով որոշակի անձի (անձանց), կամ որդեգրման վերաբերմամբ համաձայնություն տալով` որդեգրողների ընտրությունը թողնել խնամակալության և հոգաբարձության մարմիններին:

Ծնողները (խնամակալները) իրավասու են ետ վերցնելու որդեգրման համար իրենց տված համաձայնությունը, եթե որդեգրման վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել:

 

i
Հոդված 115. Որդեգրումը առանց ծնողների համաձայնության

 

Որդեգրման համար ծնողների համաձայնությունը չի պահանջվում, եթե նրանք զրկված են ծնողական իրավունքներից կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ կամ անհայտ բացակայող են ճանաչված:

Որդեգրումը կարող է կատարվել նաև առանց ծնողների համաձայնության, եթե նրանք մեկ տարուց ավելի երեխայի հետ համատեղ չեն ապրում, և չնայած խնամակալության ու հոգաբարձության մարմինների նախազգուշացմանը, խուսափում են դաստիարակելուց ու խնամք տանելուց և երեխայի նկատմամբ ուշադրություն ու հոգատարություն չեն ցուցաբերում:

 

Հոդված 116. Որդեգրողի ամուսնու համաձայնությունը` որդեգրման համար

 

Ամուսնության մեջ գտնվող անձի կողմից երեխա որդեգրելիս, եթե երեխան չի որդեգրվում երկու ամուսինների կողմից, պահանջվում է մյուս ամուսնու համաձայնությունը: Համաձայնությունը պետք է լինի գրավոր դիմումի ձևով:

Որդեգրման համար մյուս ամուսնու համաձայնությունը չի պահանջվում, եթե նա օրենքով սահմանված կարգով ճանաչված է անգործունակ, ինչպես նաև, եթե ամուսինները դադարեցրել են ամուսնական հարաբերությունները, մեկ տարուց ավելի համատեղ չեն ապրում, կամ մյուս ամուսնու բնակության վայրը անհայտ է:

 

Հոդված 117. Որդեգրվողի համաձայնությունը` որդեգրման համար

 

Տասը տարեկան դարձած երեխաների որդեգրումը չի թույլատրվում առանց նրանց համաձայնության: Երեխայի համաձայնությունը որդեգրմանը ի հայտ են բերում խնամակալության և հոգաբարձության մարմինները:

Եթե մինչև որդեգրման մասին դիմում տրվելը երեխան ապրել է որդեգրողի ընտանիքում և որդեգրողին համարում է իր ծնողը, որդեգրումը, որպես բացառություն, կարող է կատարվել առանց որդեգրվողի համաձայնությունն ստանալու:

 

Հոդված 118. Որդեգրման ձևակերպումը

 

Երեխային որդեգրելու ցանկության մասին դիմումը որդեգրողի ընտրությամբ տրվում է իր բնակավայրի կամ որդեգրվողի բնակավայրի խնամակալության ու հոգաբարձության մարմիններին:

(118-րդ հոդ. խմբ. 14.04.80, 10.06.96 օրենքներ)

 

i
Հոդված 119. Որդեգրման մերժումը գանգատարկելը

 

Որդեգրման մասին դիմում տվող անձը տեղական ինքնակառավարման մարմնի կողմից որդեգրման մերժումը կարող է գանգատարկել դատարան:

(119-րդ հոդ. խմբ. 10.06.96 օրենք)

 

Հոդված 120. Որդեգրվողի ազգանունը, հայրանունը և անունը փոխելը

 

Որդեգրման մասին որոշում կայացնելիս (սույն օրենսգրքի 112 հոդված) որդեգրողի խնդրանքով որդեգրվողին տրվում որդեգրողի ազգանունը և հայրանունը` որդեգրողի անունով:

Եթե որդեգրողը կին է, հայրանունը տրվում նրա ցուցումով: Երբ սույն օրենսգրքի 125 հոդվածի համաձայն պահպանվում են իրավահարաբերությունները երեխայի հոր հետ, ապա կինը, երեխան որդեգրելիս, չի կարող իր ցանկությամբ հայրանուն տալ նրան: Որդեգրողի խնդրանքով կարող է փոխվել նաև երեխայի անունը:

Տասը տարեկան դարձած որդեգրվող երեխային ազգանուն և հայրանուն կարող է տրվել, ինչպես նաև անունը կարող է փոխվել միայն նրա համաձայնությամբ, բացառությամբ սույն օրենսգրքի 117 հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 121. Որդեգրողների գրանցումը որպես որդեգրվողի ծնողներ

 

Որդեգրողների խնդրանքով ծնունդների գրանցման մատյաններում նրանք կարող են գրանցվել որպես որդեգրվողի ծնողներ:

Տասը տարեկան դարձած որդեգրվողի նկատմամբ այդպիսի գրանցում կատարելու համար անհրաժեշտ է նրա համաձայնությունը, բացառությամբ սույն օրենսգրքի 117 հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի:

Այդպիսի գրանցման մասին մատնանշվում է որդեգրման վերաբերյալ որոշման մեջ (սույն օրենսգրքի 112 հոդված):

 

i
Հոդված 122. Որդեգրումը ծագելու ժամանակը

 

Որդեգրումը ծագում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից որդեգրման վերաբերյալ որոշումն ընդունելու օրվանից:

(122-րդ հոդ. խմբ. 14.04.80, 10.06.96 օրենքներ)

 

i
Հոդված 123. Որդեգրման գրանցումը

 

Որդեգրումը ենթակա է պարտադիր գրանցման որդեգրման մասին որոշում կայացվելու վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում:

Տեղական ինքնակառավարման մարմինը պարտավոր է որդեգրման մասին որոշումն ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում որոշման պատճենն ուղարկել քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետական մարմին` գրանցում կատարելու համար:

(123-րդ հոդ. խմբ. 14.04.80, 10.06.96 օրենքներ)

 

i
Հոդված 124. Որդեգրվածներին որդեգրողի ազգականներին հավասարեցնելը

 

Որդեգրվածներն ու նրանց սերունդը որդեգրողների և նրանց ազգականների նկատմամբ, իսկ որդեգրողներն ու նրանց ազգականները` որդեգրվածների ու նրանց սերնդի նկատմամբ իրենց անձնական ու գույքային իրավունքներով ու պարտականություններով հավասարեցվում են ծագումով ազգականներին:

Որդեգրվածները իրենց ծնողների և նրանց ազգականների նկատմամբ կորցնում են անձնական ու գույքային իրավունքները և ազատվում են պարտականություններից:

 

Հոդված 125. Իրավահարաբերությունների պահպանումը ծնողներից մեկի հետ

 

Այն դեպքերում, երբ որդեգրումը կատարվում է մեկ անձի կողմից, և որդեգրողը տղամարդ է, մոր ցանկությամբ կարող են մոր և նրա ազգականների նկատմամբ պահպանվել իրավունքներ և պարտականություններ, իսկ եթե որդեգրողը կին է, ապա հոր ցանկությամբ իրավունքներ և պարտականություններ կարող են պահպանվել հոր և նրա ազգականների նկատմամբ:

Եթե ծնողներից մեկը մահացել է, ապա մահացածի ծնողների (երեխայի պապի ու տատի) խնդրանքով իրավունքներ և պարտականություններ կարող են պահպանվել մահացած ծնողի ազգականների նկատմամբ, եթե որդեգրողը չի առարկում դրա դեմ:

Ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ իրավահարաբերություններ պահպանելու մասին պետք է մատնանշված լինի որդեգրման վերաբերյալ որոշման մեջ (սույն օրենսգրքի 112 հոդված):

 

i
Հոդված 126. Ծնողների մահվան դեպքում կենսաթոշակի և նպաստի իրավունքի պահպանումը

 

Որդեգրման պահին պետական կամ հասարակական կազմակերպություններից կերակրողին կորցնելու կապակցությամբ կենսաթոշակի կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող անչափահասները այդ իրավունքը պահպանում են նաև որդեգրման ժամանակ:

 

i
Հոդված 127. Որդեգրման գաղտնիքի ապահովումը

 

Որդեգրման գաղտնիքը պահպանվում է օրենքով: Առանց որդեգրողների համաձայնության, իսկ նրանց մահվան դեպքում` առանց խնամակալության ու հոգաբարձության մարմինների համաձայնության, արգելվում է ծանոթանալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյանների և մյուս փաստաթղթերի բովանդակությանը, նրանցից քաղվածքներ տալ, ինչպես նաև այլ տեղեկություններ տալ, որոնցից հայտնի կդառնա, որ որդեգրողները որդեգրվածի հարազատ ծնողները չեն:

Որդեգրողի կամքին հակառակ որդեգրման գաղտնիքը հրապարակող անձինք պատասխանատվության են կանչվում օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 128. Որդեգրումն անվավեր ճանաչելու և որդեգրումը վերացնելու կարգը

 

Որդեգրումն անվավեր ճանաչելը և որդեգրումը վերացնելը թույլատրվում է միայն դատական կարգով:

 

Հոդված 129. Խնամակալության և հոգաբարձության մարմինների ներկայացուցիչների պարտադիր մասնակցությունը` որդեգրումը անվավեր ճանաչելու կամ որդեգրումը վերացնելու վերաբերյալ գործերի քննարկմանը

 

Դատարանում որդեգրումը անվավեր ճանաչելու կամ որդեգրումը վերացնելու վերաբերյալ գործերը քննելու բոլոր դեպքերում խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի մասնակցությունը պարտադիր է:

 

Հոդված 130. Երեխայի ծնողների կամ որդեգրողի ամուսնու պահանջով որդեգրումը վերացնելը

 

Եթե որդեգրումը, ի խախտումն սույն օրենսգրքի 114-116 հոդվածների, կատարվել է առանց երեխայի ծնողների կամ որդեգրողի ամուսնու համաձայնության, երեխայի ծնողների կամ որդեգրողի ամուսնու հայցի հիման վրա դատարանը կարող է որդեգրումը վերացնել, եթե կգտնի, որ երեխան ծնողներին վերադարձնելը համապատասխանում է երեխայի շահերին:

Տասը տարեկան դարձած անչափահասի որդեգրումը վերացնելու վերաբերյալ հարցը լուծելիս դատարանը պետք է պարզի որդեգրվածի կարծիքը որդեգրումը վերացնելու մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ որդեգրումը վերացվում է որդեգրողի կողմից իր պարտականությունները պատշաճորեն չկատարելու հետևանքով:

 

Հոդված 131. Ծնողների պահանջով որդեգրման վերացումը որդեգրողի անհայտ լինելու դեպքում

 

Երբ ծնողներին հայտնի չէ, թե ով է նրանց երեխային որդեգրողը, որդեգրումը վերացնելու վերաբերյալ պահանջը հարուցվում է որդեգրման մասին որոշում կայացվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինների դեմ:

Գործի հարուցման մասին տեղեկացվում է որդեգրողին, որն իրավունք ունի միջամուխ լինելու գործին կամ իր շահերի պաշտպանությունը հանձնարարելու խնամակալության և հոգաբարձության մարմիններին: Դատարանն իրավասու է բոլոր անհրաժեշտ դեպքերում գործով որպես հարակից պատասխանող ներգրավել որդեգրողին:

 

Հոդված 132. Որդեգրման վերացումը խնամակալության ու հոգաբարձության մարմինների և դատախազի պահանջով

 

Խնամակալության և հոգաբարձության մարմինները, ինչպես նաև դատախազը իրավասու են ամեն ժամանակ դատարանով պահանջելու, որ վերացվի որդեգրումը, եթե այդ են պահանջում որդեգրված անչափահասի շահերը: Պետական և հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև առանձին քաղաքացիներ, որոնք գտնում են, որ որդեգրումը երեխայի շահերին չի համապատասխանում, այդ մասին հաղորդում են խնամակալության և հոգաբարձության մարմիններին կամ դատախազին, որոնցից կախված է որդեգրման վերացման պահանջ ներկայացնելու հարցի լուծումը:

 

Հոդված 133. Որդեգրումը վերացնելու անթույլատրելիությունը որդեգրվածի չափահաս դառնալուց հետո

 

Որդեգրումը վերացնել չի թույլատրվում, եթե այն վերացնելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու պահին որդեգրվածը չափահաս է դարձել:

Որդեգրվածի չափահաս դառնալուց հետո որդեգրումը կարող է վերացվել, եթե կա որդեգրողների, որդեգրվածի ծնողների և իրեն իսկ որդեգրվածի փոխադարձ համաձայնությունը:

 

Հոդված 134. Որդեգրումը դատարանով վերացնելու հետևանքները

 

Որդեգրումը վերացվելու դեպքում վերականգնվում են փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները երեխայի և նրա ծնողների ու ծագումով ազգականների միջև և դադարում են փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները որդեգրվածի և որդեգրողի ու նրա ազգականների միջև:

Եթե որդեգրումը վերացվում երեխայի դաստիարակման պարտականությունները որդեգրողի կողմից պատշաճորեն չկատարվելու հետևանքով, ապա երեխային իրավունք է վերապահվում որդեգրողից ալիմենտ ստանալու սույն օրենսգրքի 78 հոդվածով սահմանված չափով:

Որդեգրման վերացման դեպքում դատարանը, ելնելով երեխայի շահերից, իրավասու է լուծելու այն հարցը թե պահպանվում են արդյոք որդեգրման կապակցությամբ երեխային տրված անունը, հայրանունը և ազգանունը: Եթե երեխան տասը տարեկան է դարձել, դատարանը հաշվի է առնում երեխայի կարծիքը:

Դատարանի վճռով երեխան հանձնվում է ծնողներին, իսկ եթե այդ հակասում է նրա շահերին` հանձնվում է խնամակալության և հոգաբարձության մարմիններին:

 

Հոդված 135. Որդեգրումը դադարելու պահը

 

Որդեգրումը դադարում է այն պահից, երբ օրինական ուժի մեջ է մտնում որդեգրումը վերացնելու վերաբերյալ դատարանի վճիռը:

 

Հոդված 136. Որդեգրումն անվավեր ճանաչելը

 

Որդեգրումը անվավեր կարող է ճանաչվել այն դեպքերում, երբ`

Որդեգրման վերաբերյալ որոշումը հիմնված է եղել կեղծ փաստաթղթերի վրա. որդեգրումը եղել է կեղծ.

Որդեգրողը եղել է օրենքով սահմանված կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձ.

Որդեգրողը եղել է ծնողական իրավունքներից զրկված անձ:

Որդեգրումը թույլատրվում է անվավեր ճանաչել միայն այն դեպքում, եթե դա համապատասխանում է երեխայի շահերին: Որդեգրումը անվավեր ճանաչելիս դատարանը պետք է պարզի տասը տարեկան դարձած որդեգրվածի կարծիքը:

Որդեգրումը կարող է անվավեր ճանաչվել երեխայի ծնողների, խնամակալության ու հոգաբարձության մարմինների և դատախազի հայցի հիման վրա:

 

Հոդված 137. Որդեգրումը անվավեր ճանաչելու հետևանքները

 

Անվավեր ճանաչված որդեգրումը անվավեր է համարվում որդեգրման վերաբերյալ որոշումը կայացվելու պահից: Որդեգրումը անվավեր ճանաչվելու դեպքում վերականգնվում են փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները երեխայի և նրա ծնողների ու ծագումով ազգականների միջև և դադարում են փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները որդեգրվածի և որդեգրողի ու նրա ազգականների միջև:

Դատարանի վճռով երեխան հանձնվում է ծնողներին, իսկ եթե դա հակասում է նրա շահերին` հանձնվում է խնամակալության և հոգաբարձության մարմիններին:

 

i
Հոդված 138. Դատարանի` կայացված վճռի մասին համապատասխան մարմիններին հաղորդելու պարտականությունը

 

Որդեգրումը անվավեր ճանաչելու կամ որդեգրումը վերացնելու վերաբերյալ վճիռ կայացնող դատարանը պարտավոր է ոչ ուշ, քան օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում վճռի պատճենը ուղարկել որդեգրման վերաբերյալ որոշում կայացրած տեղական ինքնակառավարման մարմին և քաղաքացիական կացության ակտերի գրանցման այն մարմնին, որտեղ գրանցված է եղել որդեգրումը:

(138-րդ հոդ. խմբ. 14.04.80, 10.06.96 օրենքներ)

 

i

ԳԼՈՒԽ 14.
ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 139. Խնամակալության և հոգաբարձության նպատակները

 

Խնամակալություն և հոգաբարձություն է սահմանվում ծնողների մահվան, ծնողներին ծնողական իրավունքներից զրկելու, ծնողների հիվանդության հետևանքով կամ այլ պատճառներով առանց ծնողական խնամքի մնացած անչափահաս երեխաների դաստիարակության համար, ինչպես նաև այդ երեխաների անձնական և գույքային իրավունքների ու շահերի պաշտպանության համար:

Խնամակալություն և հոգաբարձություն է սահմանվում նաև այն չափահաս անձանց անձնական ու գույքային իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար, ովքեր իրենց առողջական վիճակով չեն կարող ինքնուրույն կերպով իրագործել իրենց իրավունքները և կատարել իրենց պարտականությունները:

 

Հոդված 140. Այն անձինք, որոնց նկատմամբ խնամակալություն է սահմանվում

 

Խնամակալությունը սահմանվում է տասնհինգ տարեկան չդարձած երեխաների, ինչպես նաև հոգեկան հիվանդության կամ տկարամտության հետևանքով դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձանց նկատմամբ:

 

Հոդված 141. Այն անձինք, որոնց նկատմամբ հոգաբարձություն է սահմանվում

 

Հոգաբարձությունը սահմանվում է տասնհինգից մինչև տասնութ տարեկան անչափահասների նկատմամբ:

Հոգաբարձությունը սահմանվում է նաև չափահաս գործունակ անձանց նկատմամբ, եթե նրանք իրենց առողջական վիճակով չեն կարող ինքնուրույն կերպով իրագործել իրենց իրավունքները և կատարել իրենց պարտականությունները, ինչպես նաև ոգելից խմիչքներ և թմրամիջոցներ չարաշահելու հետևանքով դատարանի կողմից սահմանափակ գործունակ ճանաչված անձանց նկատմամբ:

(141-րդ հոդ. խմբ. 23.10.87 օրենք)

 

i
Հոդված 142. Խնամակալությունը մահացած ու անհայտ բացակայող անձանց գույքի նկատմամբ

 

Մահացած և անհայտ բացակայող անձանց գույքի նկատմամբ խնամակալությունը սահմանվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կարգով:

 

i
Հոդված 143. Խնամակալության և հոգաբարձության մարմինները

 

Խնամակալության և հոգաբարձության մարմիններն են տեղական ինքնակառավարման մարմինները:

Մինչև սահմանադրությամբ նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորումը քաղաքներում, գյուղերում խնամակալության և հոգաբարձության մարմինների իրավասություններն իրականացվում են համապատասխանաբար պատգամավորների քաղաքային, գյուղական խորհուրդների գործադիր մարմինների, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի կողմից:

(143-րդ հոդ. խմբ. 14.04.80, 10.06.96 օրենքներ)

 

i
Հոդված 144. Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության հսկողությունը

 

Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինները:

(144-րդ հոդ. խմբ. 10.06.96 օրենք)

 

i
Հոդված 145. Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը

 

Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատում է ՀՀ նախարարների խորհուրդը:

 

i
Հոդված 146. Խնամակալություն և հոգաբարձություն սահմանելու վայրը

 

Խնամակալությունը և հոգաբարձությունը սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ըստ խնամակալության կամ հոգաբարձության ենթակա անձի բնակության վայրի կամ ըստ խնամակալի (հոգաբարձուի) բնակության վայրի:

(146-րդ հոդ. խմբ. 14.04.80, 10.06.96 օրենքներ)

 

Հոդված 147. Խնամակալության կամ հոգաբարձության կարիք ունեցող անչափահասների մասին հաղորդելու պարտականությունը

 

Այն հիմնարկները և անձինք, որոնց հայտնի կդառնա ծնողների մահվան, ծնողներին ծնողական իրավունքներից զրկելու, ծնողների հիվանդության հետևանքով կամ այլ պատճառներով առանց ծնողների խնամքի մնացած անչափահասների մասին, պարտավոր են անհապաղ հայտնել խնամակալության կամ հոգաբարձության ենթակա երեխաների փաստորեն գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմիններին:

 

Հոդված 148. Խնամակալության և հոգաբարձության մարմինների պարտականությունը` ժամանակավորապես ապահովելու խնամակալության և հոգաբարձության ենթակա անչափահասների խնամքը

 

Խնամակալության և հոգաբարձության մարմինները, տեղեկություն ստանալով առանց ծնողների խնամքի մնացած անչափահասների մասին, պարտավոր են անհապաղ ուսումնասիրել և ծնողների խնամքի բացակայության փաստը հաստատվելու դեպքում ապահովել անչափահասի խնամքի ժամանակավոր կարգավորումը, մինչև կլուծվի խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու հարցը:

 

Հոդված 149. Խնամակալության կամ հոգաբարձության սահմանումը այն անչափահասի նկատմամբ, որի ծնողները հրաժարվում են նրան դաստիարակելուց

 

Այն դեպքում, երբ երեխան չի ապրում իր ծնողների հետ միասին և ծնողները հրաժարվում են նրան դաստիարակելու պարտականություններից, երեխայի նկատմամբ սահմանվում խնամակալություն կամ հոգաբարձություն: Այդ դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմինները իրավունք ունեն դատական կարգով պահանջելու ծնողներին զրկել ծնողական իրավունքներից:

(149-րդ հոդ. խմբ. 29.05.85 օրենք)

 

Հոդված 150. Ծնողների ժամանակավոր բացակայության դեպքում անչափահասի նկատմամբ խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը

 

Հարգելի պատճառներով ծնողների ժամանակավոր բացակայության դեպքում (գործուղման մեջ գտնվելը, հիվանդությունը և այլն), եթե նրանք երեխային թողել են ազգականների կամ այլ մերձավոր անձանց խնամքին ու հսկողությանը, խնամակալություն կամ հոգաբարձություն նշանակելը պարտադիր չէ:

Երբ ծնողները բացակայում են վեց ամսից ավելի ժամանակով, նրանց երեխաների նկատմամբ պետք է խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանվի, եթե այդ են պահանջում անչափահասների շահերը:

 

i
Հոդված 151. Դատարանի` խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու անհրաժեշտության մասին խնամակալության և հոգաբարձության մարմիններին հաղորդելու պարտականությունը

 

Անձի անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին վճիռ արձակած դատարանը պարտավոր է իր արձակած վճռի մասին երեք օրվա ընթացքում հաղորդել անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին, նրա նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու համար:

 

Հոդված 152. Չափահասների խնդրանքով նրանց նկատմամբ հոգաբարձություն սահմանելը

 

Եթե չափահաս գործունակ անձինք իրենց առողջական վիճակով չեն կարողանում ինքնուրույն կերպով պաշտպանել իրենց իրավունքները կամ կատարել պարտականությունները, ապա նրանց նկատմամբ հոգաբարձություն նշանակվել կարող է միայն այդ անձանց խնդրանքով:

 

Հոդված 153. Խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը

 

Խնամակալական և հոգաբարձական պարտականությունները անմիջականորեն իրականացնելու համար խնամակալության և հոգաբարձության մարմինները նշանակում են խնամակալ կամ հոգաբարձու:

Խնամակալ կամ հոգաբարձու կարող է նշանակվել միայն իր համաձայնությամբ:

Խնամակալ կամ հոգաբարձու պետք է նշանակվի մեկ ամսվա ընթացքում այն պահից սկսած, երբ խնամակալության և հոգաբարձության մարմիններին հայտնի է դարձել խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու անհրաժեշտության մասին:

 

Հոդված 154. Խնամակալ կամ հոգաբարձու նշանակվող անձին ներկայացվող պահանջները

 

Խնամակալ կամ հոգաբարձու նշանակելիս պետք է ուշադրության առնվեն անձի անձնական հատկությունները, այդ պարտականությունները կատարելու նրա ընդունակությունը, նրա և խնամակալության ու հոգաբարձության կարիք ունեցող անձի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, ինչպես նաև, եթե հնարավոր է` խնամարկյալի ցանկությունը:

Առողջական վիճակի պատճառով իր իրավունքներն ինքնուրույն կերպով պաշտպանելու և պարտականություններ կատարելու հնարավորություն չունեցող չափահաս գործունակ անձի համար հոգաբարձու կարելի է նշանակել միայն խնամարկյալի համաձայնությամբ:

 

Հոդված 155. Այն անձինք, ովքեր չեն կարող խնամակալ կամ հոգաբարձու նշանակվել

 

Խնամակալ կամ հոգաբարձու նշանակվել չեն կարող`

1. տասնութ տարեկան չդարձած անձինք.

2. դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք.

3. դատարանով ծնողական իրավունքներից զրկված անձինք.

4. նախկին որդեգրողները, եթե որդեգրումը վերացվել է նրանց կողմից իրենց պարտականությունները պատշաճորեն չկատարելու հետևանքով.

5. իրենց վրա դրված պարտականությունները պատշաճ կերպով չկատարելու համար խնամակալի կամ հոգաբարձուի պարտականություններից հեռացված անձինք:

 

Հոդված 156. Խնամակալների և հոգաբարձուների գործունեության հսկողությունը

 

Խնամակալների և հոգաբարձուների գործունեության հսկողությունը իրականացնում է խնամակալի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը: Հսկողության իրականացման կարգն ու ձևը որոշում են խնամակալության ու հոգաբարձության մարմինների կանոնադրությամբ:

 

Հոդված 157. Խնամակալությունը և հոգաբարձությունը պետական կամ հասարակական հիմնարկների խնամքի տակ գտնվող անձանց նկատմամբ

 

Լիովին մանկական հիմնարկների դաստիարակության տակ գտնվող երեխաների նկատմամբ, ինչպես նաև համապատասխան բուժհիմնարկներում կամ սոցիալական ապահովության մարմինների հիմնարկներում տեղավորված` խնամակալության կամ հոգաբարձության կարիք ունեցող չափահաս անձանց նկատմամբ խնամակալներ և հոգաբարձուներ չեն նշանակվում:

Այդ անձանց նկատմամբ խնամակալների և հոգաբարձուների պարտականությունների կատարումը դրվում է այն հիմնարկի ադմինիստրացիայի վրա, որտեղ գտնվում է խնամարկյալը: Այդ անձանց գույքային շահերը (կենսաթոշակի ստացում, գույքի կառավարում և այլն) պաշտպանելու համար, անհրաժեշտ դեպքերում, կարող է գույքի նկատմամբ խնամակալ նշանակվել:

 

Հոդված 158. Խնամարկյալի բնակության վայրում չգտնվող գույքի խնամակալությունը

 

Եթե խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը այլ վայրում գույք ունի, ապա այդ գույքի պահպանությունը դրվում է գույքը գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի վրա: Անհրաժեշտության դեպքում այդ մարմինը կարող է խնամակալ նշանակել գույքի նկատմամբ:

 

Հոդված 159. Խնամակալների և հոգաբարձուների պարտականությունների անհատույց կատարումը

 

Խնամակալության և հոգաբարձության պարտականությունները կատարվում են անհատույց:

 

i
Հոդված 160. Խնամակալների և հոգաբարձուների` անչափահասներին դաստիարակելու և նրանց իրավունքներն ու շահերը պաշտպանելու պարտականությունները

 

Անչափահասների նկատմամբ նշանակված խնամակալներն ու հոգաբարձուները պարտավոր են դաստիարակել խնամարկյալներին, հոգ տանել նրանց ֆիզիկական զարգացման և ուսուցման մասին, պատրաստել հանրօգուտ աշխատանքի, աճեցնել որպես սոցիալիստական հասարակության արժանավոր անդամներ, պաշտպանել նրանց իրավունքներն ու շահերը:

(160-րդ հոդ. խմբ. 14.04.80 օրենք)

 

i
Հոդված 161. Խնամակալների և հոգաբարձուների` իրենց չափահաս խնամարկյալների անձն ու առողջությունը պահպանելու և նրանց իրավունքներն ու շահերը պաշտպանելու պարտականությունները

 

Խնամակալներն ու հոգաբարձուները պարտավոր են հոգ տանել իրենց խնամակալության ու հոգաբարձության տակ գտնվող չափահաս անձանց պահելու, այդ անձանց համար անհրաժեշտ կենցաղային պայմաններ ստեղծելու, նրանց խնամքն ու բուժումն ապահովելու մասին, ինչպես նաև պաշտպանել նրանց իրավունքներն ու շահերը:

Հոգեկան հիվանդների խնամակալները պարտավոր են, դրանից բացի, հետևել, որ իրենց խնամարկյալների նկատմամբ մշտական բժշկական հսկողություն իրականացվի:

Դատարանի կողմից գործունակությունը սահմանափակված անձանց հոգաբարձուների պարտականությունները որոշվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 15 հոդվածի երկրորդ մասին համապատասխան:

 

i
Հոդված 162. Խնամակալի և հոգաբարձուի` խնամարկյալի հետ համատեղ ապրելու պարտականությունը

 

Խնամակալներն ու հոգաբարձուները պարտավոր են համատեղ ապրել իրենց խնամարկյալների հետ:

Առանձին դեպքերում խնամակալության ու հոգաբարձության մարմինները կարող են թույլ տալ հոգաբարձուին տասնվեց տարեկան դարձած խնամարկյալից առանձին ապրելու, եթե հիշյալ մարմինները կգան այն եզրակացությանը, որ առանձին ապրելը անբարենպաստ չի անդրադառնա խնամարկյալի դաստիարակության և նրա իրավունքների ու շահերի պաշտպանության վրա:

Իրենց բնակավայրի ամեն մի փոփոխության մասին խնամակալներն ու հոգաբարձուները պարտավոր են իրազեկ պահել խնամակալության ու հոգաբարձության մարմիններին:

Սույն հոդվածով նախատեսված պարտականությունները չեն դրվում գործունակ և սահմանափակ գործունակություն ունեցող չափահաս անձանց հոգաբարձուների վրա:

 

Հոդված 163. Խնամակալի և հոգաբարձուի` ապօրինաբար երեխաներին իրենց մոտ պահող անձերից երեխաների վերադարձը պահանջելու իրավունքը

 

Խնամակալներն ու հոգաբարձուները իրավունք ունեն երեխաներին առանց օրինական հիմքի իր մոտ պահող ամեն մի անձից դատարանով պահանջելու իրենց վերադարձնել խնամակալության ու հոգաբարձության տակ գտնվող երեխաներին:

 

Հոդված 164. Հոգեկան հիվանդի խնամակալի` խնամարկյալի առողջանալու դեպքում խնամակալության վերացման մասին միջնորդելու պարտականությունը

 

Հոգեկան հիվանդի խնամակալը պարտավոր է խնամարկյալի առողջանալու դեպքում անհապաղ միջնորդություն հարուցել դատարանում իր խնամարկյալին գործունակ ճանաչելու և նրա վրայից խնամակալությունը հանելու մասին:

 

i
Հոդված 165. Խնամակալների ու հոգաբարձուների քաղաքացիական-իրավական պարտականությունները

 

Խնամակալները խնամարկյալների օրինական ներկայացուցիչներն են և նրանց անունից ու հօգուտ նրանց կնքում են բոլոր անհրաժեշտ գործարքները պահպանելով քաղաքացիական օրենսգրքի 14 և 16 հոդվածներով սահմանված կանոնները:

Հոգաբարձուները օժանդակություն են ցույց տալիս խնամարկյալներին իրենց իրավունքներն իրականացնելիս և իրենց պարտականությունները կատարելիս, ինչպես նաև նրանց պաշտպանում են երրորդ անձանց չարարկություններից:

Տասնհինգից մինչև տասնութ տարեկան անչափահասների հոգաբարձուները համաձայնություն են տալիս կնքելու այնպիսի գործարքներ, որպիսիք օրենքով անչափահասներն իրավունք չունեն ինքնուրույն կերպով կնքելու:

Գործունակությունը սահմանափակված անձանց հոգաբարձուները քաղաքացիական օրենսգրքի 15 հոդվածին համապատասխան համաձայնություն են տալիս, որ խնամարկյալներն ստանան իրենց հասանելիք վճարումները և տնօրինեն իրենց ստացած դրամական գումարներն ու մյուս գույքը:

 

i
Հոդված 166. Այն գործարքները, որոնց կնքման համար պահանջվում է խնամակալության ու հոգաբարձության մարմինների նախնական թույլատվությունը

 

Խնամակալության ու հոգաբարձության մարմինների նախնական թույլատվություն պահանջվում է նոտարական հաստատման ենթակա գործարքներ (պայմանագրեր) կնքելու, խնամարկյալին պատկանող իրավունքներից հրաժարվելու, գույքի բաժանում կատարելու, բնակելի տներ փոխանակելու և խնամարկյալների գույքը օտարելու համար:

Խնամակալության և հոգաբարձության մարմինները իրավասու են սահմանափակելու խնամարկյալի ավանդը տնօրինելու ծնողների կամ խնամակալի իրավունքը, եթե դա բխում է խնամարկյալի շահերի պաշտպանության անհրաժեշտությունից:

(166-րդ հոդ. խմբ. 14.04.80 օրենք)

 

i
Հոդված 167. Այն գործարքները, որոնք իրավասու չեն կնքելու խնամակալը և հոգաբարձուն

 

Խնամակալն ու հոգաբարձուն, նրանց ամուսիններն ու մերձավոր ազգականները իրավունք չունեն գործարքներ կնքելու խնամարկյալի հետ, ինչպես նաև իրավունք չունեն իրենց խնամակալության և հոգաբարձության տակ գտնվող անձանց ներկայացնելու այն դեպքերում, երբ գործարքները կնքվում են կամ դատական գործերը վարվում են մի կողմից խնամարկյալի և մյուս կողմից խնամակալի կամ հոգաբարձուի ամուսնու կամ նրանց մերձավոր ազգականների միջև: խնամարկյալի անունից նվիրատվության պայմանագրեր կնքել չի թույլատրվում:

 

i
Հոդված 168. Խնամարկյալների ընթացիկ եկամուտների (մուտքերի) տնօրինումը

 

Խնամարկյալին հասանելիք կենսաթոշակի, նպաստի կամ ալիմենտի գումարները և մյուս ընթացիկ մուտքերը հանձնվում են խնամակալի կամ հոգաբարձուի տնօրինությանը և ծախսվում են խնամարկյալին պահելու համար: Տասնհինգից մինչև տասնութ տարեկան անչափահասների վաստակը և մյուս եկամուտները տնօրինելու իրավունքը որոշվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13 հոդվածով: Առողջական վիճակի պատճառով հոգաբարձության տակ գտնվող չափահաս գործունակ խնամարկյալի գումարները հոգաբարձուն ծախսել կարող է միայն խնամարկյալի համաձայնությամբ:

 

Հոդված 169. Խնամարկյալին պահելու համար նպաստ նշանակելը

 

Խնամարկյալին պահելու համար բավականաչափ միջոցներ չլինելու դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմինները նպաստ են նշանակում նրա ապրուստի համար:

 

Հոդված 170. Խնամարկյալների գույքի կառավարումը

 

Խնամարկյալների գույքի կառավարման կարգը, նրանց պատկանող գույքի օտարման կարգն ու պայմանները, խնամարկյալներին պատկանող դրամական գումարների և այլ արժեքների պահպանման կարգը, ինչպես նաև գույքի պահպանման ու կառավարման հետ կապված այլ գործողությունների կատարման կարգը սահմանվում են ՀՀ լուսավորության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատվող կանոններով` ՀՀ ֆինանսների նախարարության համաձայնությամբ:

Այդ կանոններով է սահմանվում նաև խնամակալների ու հոգաբարձուների` խնամարկյալների գույքի կառավարման ու պահպանման վերաբերյալ հաշվետվության կարգը:

 

Հոդված 171. Խնամակալների ու հոգաբարձուների հանդես գալը ի պաշտպանություն խնամարկյալների իրավունքների

 

Խնամակալներն ու հոգաբարձուները, ի պաշտպանություն խնամարկյալների շահերի, հանդես են գալիս բոլոր հիմնարկներում, այդ թվում նաև դատական հիմնարկներում` առանց հատուկ լիազորության:

 

Հոդված 172. Ծնողները որպես իրենց երեխաների խնամակալներ և հոգաբարձուներ

 

Ծնողները և որդեգրողները իրենց անչափահաս երեխաների խնամակալները կամ հոգաբարձուներն են առանց հատուկ նշանակման:

 

Հոդված 173. Խնամակալներ ու հոգաբարձուների գործողությունների գանգատարկումը

 

Խնամակալների ու հոգաբարձուների գործողությունները կարող են գանգատարկվել ամեն մի անձի, այդ թվում նաև խնամարկյալի կողմից` խնամարկյալի բնակության վայրի խնամակալության ու հոգաբարձության մարմիններին:

 

Հոդված 174. Խնամակալների ու հոգաբարձուների ազատումը իրենց պարտականությունների կատարումից

 

Խնամակալության և հոգաբարձության մարմինները խնամակալներին ու հոգաբարձուներին ազատում են իրենց պարտականությունների կատարումից, երբ երեխաները վերադարձվում են ծնողների դաստիարակությանը, երբ երեխաները որդեգրվում են, կամ երբ խնամակալության ու հոգաբարձության տակ գտնվող անձը տեղավորվում է պետական կամ հասարակական հիմնարկում (սույն օրենսգրքի 157 հոդված):

Խնամակալներն ու հոգաբարձուները կարող են ազատվել իրենց պարտականություններից նաև իրենց անձնական խնդրանքով, եթե խնամակալության և հոգաբարձության մարմինները կգտնեն, որ այդ խնդրանքը բխում է հարգելի պատճառներից (խնամակալի, հոգաբարձուի հիվանդությունը, նրա նյութական պայմանների փոփոխությունը, խնամարկյալի հետ անհրաժեշտ համերաշխության բացակայությունը և այլն):

 

i
Հոդված 175. Խնամակալների և հոգաբարձուների հեռացումը` իրենց պարտականությունները պատշաճորեն չկատարելու դեպքում

 

Եթե խնամակալը կամ հոգաբարձուն պատշաճ կերպով չի կատարում իր վրա դրված պարտականությունները, խնամակալության և հոգաբարձության մարմինը խնամակալին կամ հոգաբարձուին հեռացնում է այդ պարտականությունների կատարումից:

Խնամակալի (հոգաբարձուի) կողմից խնամակալությունը (հոգաբարձությունը) շահադիտական նպատակներով ի վնաս խնամարկյալի օգտագործելու (բնակելի տարածության զբաղեցում, գույքի օգտագործում և այն), ինչպես նաև խնամարկյալ երեխաներին առանց հսկողության և անհրաժեշտ նյութական օգնության թողնելու դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմինները պարտավոր են դատախազին հանձնել անհրաժեշտ նյութերը` մեղավոր անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար:

 

Հոդված 176. Չափահասի նկատմամբ նշանակված հոգաբարձուի ազատումը խնամարկյալի պահանջով

 

Իր առողջական վիճակով հոգաբարձության կարիք ունեցող չափահաս անձի հոգաբարձուն ենթակա է ազատման խնամարկյալի պահանջով: Խնամակալության և հոգաբարձության մարմիններն այդ դեպքում կարող են խնամարկյալի համաձայնությամբ որպես հոգաբարձու նշանակել մեկ այլ անձի:

 

i
Հոդված 177. Խնամակալության և հոգաբարձության մարմինների որոշումների գանգատարկումը

 

Խնամակալության և հոգաբարձության մարմինների որոշումները խնամակալներ ու հոգաբարձուներ նշանակելու, ազատելու և հեռացնելու, ինչպես նաև խնամակալության ու հոգաբարձության մյուս բոլոր հարցերով շահագրգռված անձանց կողմից կարող են գանգատարկվել դատարան:

(177-րդ հոդ. խմբ. 10.06.96 օրենք)

 

Հոդված 178. Խնամակալության դադարումը խնամարկյալի տասնհինգ տարեկան դառնալուց հետո

 

Անչափահաս խնամարկյալի տասնհինգ տարեկան դառնալուց հետո դադարում է նրա նկատմամբ նշանակված խնամակալությունը, իսկ խնամակալի պարտականություններն իրականացնող անձը առանց հատուկ որոշման դառնում է անչափահասի հոգաբարձուն:

 

i
Հոդված 179. Հոգաբարձության դադարումը անչափահաս խնամարկյալի տասնութ տարեկան դառնալուց հետո

 

Անչափահաս խնամարկյալի տասնութ տարեկան դառնալուց հետո դադարում է նրա նկատմամբ նշանակված հոգաբարձությունը առանց խնամակալության և հոգաբարձության մարմնի հատուկ որոշման:

 

i

ՀԱՏՎԱԾ 4.
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐ

 

ԳԼՈՒԽ 15.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 180. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը

 

Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումը սահմանվում է ինչպես պետական և հասարակական շահերը նկատի ունենալով, այնպես էլ քաղաքացիների անձնական և գույքային իրավունքների պաշտպանության նպատակով:

Ծնունդը, մահը, ամուսնադրությունը, ամուսնալուծությունը, որդեգրումը, հայրությունը որոշելը, անուն, հայրանուն և ազգանուն փոխելը ենթակա են գրանցման քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետական մարմիններում:

 

i
Հոդված 181. Քաղաքացիական կացության ակտերը գրանցող մարմինները

 

Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը կատարում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման հանրապետական մարմնի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինները (զագսերը):

Ամուսնության և ծննդի գրանցումը կարող է կատարվել նաև ամուսնության և ծննդի հանդիսավոր գրանցման պալատներում և տներում:

Հայաստանի հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման հանրապետական մարմնի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի պետի պաշտոնում նշանակվում են միայն իրավաբանական բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

(181-րդ հոդ. խմբ. 14.04.80, 29.05.85, 10.06.96 օրենքներ)

 

i
Հոդված 182. Քաղաքացիական կացության ակտերը գրանցող մարմինների իրավասությունը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման հանրապետական մարմնի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինները գրանցում են ծնունդը, մահը, ամուսնադրությունը, ամուսնալուծությունը, որդեգրումը, հայրությունը որոշելը, անունը, հայրանունը և ազգանունը փոխելը, փոփոխում, լրացնում, ուղղում և չեղյալ են հայտարարում քաղաքացիական կացության ակտերի գրանցումները, վերականգնում են կորած գրանցումները, պահպանում են ակտերի մատյանները և տալիս են վկայականների կրկնօրինակներ:

(182-րդ հոդ. խմբ.14.04.80, 29.05.85, 10.06.96 օրենքներ)

 

i
Հոդված 183. Ակտերի գրանցման մատյանները: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման կանոնները

 

ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ամուսնության և ընտանիքի օրենսդրության հիմունքների համապատասխան քաղաքացիական կացության ակտերի գրանցումը փոխելու, վերականգնելու և չեղյալ հայտարարելու կարգը որոշող հիմնական դրույթները, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյանների ձևերը և այդ մատյաններում կատարված գրանցումների հիման վրա տրվող վկայականների ձևը, ակտերի գրանցման մատյանների պահպանման կարգն ու ժամկետները սահմանում է ԽՍՀՄ նախարարների խորհուրդը:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման կանոնները, ներառյալ ամուսնությունների և ծնունդների հանդիսավոր գրանցման կարգը, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցումներ կատարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է ՀՀ նախարարների խորհուրդը:

(183-րդ հոդ. խմբ. 14.04.80 օրենք)

 

Հոդված 184. Քաղաքացիական կացության ակտերը գրանցելիս ներկայացվող փաստաթղթերը

 

Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներ կատարելիս պետք է ներկայացվեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցման ենթակա փաստերը հաստատող փաստաթղթեր և դիմողների ինքնությունը հաստատող փաստաթղթեր:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման կատարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանվում է ՀՀ նախարարների խորհրդի կողմից հաստատվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման կարգի վերաբերյալ հրահանգով:

 

Հոդված 185. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներ կատարելը

 

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյաններում մտցվող յուրաքանչյուր գրանցում պետք է ընթերցվի դիմում տվողներին, ստորագրվի նրանց և գրանցումը կատարող պաշտոնակատար անձի կողմից ու հաստատվի կնիքով:

Քաղաքացիական կացության ակտի գրանցում կատարելու մասին համապատասխան վկայական է տրվում դիմում տվողներին:

 

i
Հոդված 186. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վիճարկելու կարգը

 

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ եղած սխալների շտկումը և նրանում փոփոխությունները, երբ դրանց համար բավականաչափ հիմքեր կան և շահագրգռված անձանց միջև վեճ չկա, կատարում են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից գրանցումը շտկելու կամ փոփոխելու վերաբերյալ պահանջի մերժումը կարող է գանգատարկվել դիմողի բնակության վայրի ժողովրդական դատարանին:

Շահագրգռված անձանց միջև վեճ լինելու դեպքում գրանցումը շտկելու և փոփոխելու հարցերը լուծվում են դատական կարգով:

 

i
Հոդված 187. Պետական տուրք

 

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումների փոփոխությունների, լրացումների, ուղղումների և վերականգնման կապակցությամբ վկայականներ տալու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

(187-րդ հոդ. փոփ. 27.12.97 ՀՕ-174 օրենք)

 

i

ԳԼՈՒԽ 16.
ԾՆՆԴԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

i
Հոդված 188. Ծնունդը գրանցելու կարգը

 

Ծննդի գրանցումը կատարվում է երեխաների ծննդավայրի, կամ ծնողների, կամ նրանցից մեկի բնակավայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում:

Ծնողների համաձայնության դեպքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները ապահովում են ծննդի գրանցման հանդիսավոր իրադրություն:

 

Հոդված 189. Ծննդյան վերաբերյալ հայտարարությունը

 

Ծննդյան վերաբերյալ հայտարարություն տրվում է բանավոր կամ գրավոր ձևով ծնողների կամ նրանցից մեկի կողմից, իսկ ծնողների հիվանդության, մահվան կամ այլ պատճառներով նրանց համար հայտարարություն անելն անհնար լինելու դեպքում այն կարող է արվել ազգականների, հարևանների, ծննդախնամ հիմնարկի ադմինիստրացիայի կողմից, որտեղ գտնվելիս է եղել մայրը` երեխան ծննդաբերելիս և այլ անձանց կողմից:

 

Հոդված 190. Ծննդյան վերաբերյալ հայտարարություն արվելու ժամկետը

 

Ծննդյան վերաբերյալ հայտարարությունը պետք է արվի երեխայի ծննդյան օրվանից ոչ ուշ, քան երեք ամսում, իսկ մահացած երեխա ծնվելու դեպքում` ծնվելու պահից երեք օրում:

(190-րդ հոդ. խմբ. 28.04.77 օրենք)

 

Հոդված 191. Ծննդյան գրանցումը

 

Ծննդյան գրանցման մեջ երեխայի անունը, հայրանունը և ազգանունը, ինչպես նաև նրա ծնողների վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են սույն օրենսգրքի 55-59 հոդվածներին համապատասխան:

Ծննդյան գրանցման մեջ ցույց է տրվում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են մտցվել տեղեկությունները երեխայի հոր մասին:

Այն դեպքերում, երբ հայրությունը որոշված չէ, հոր ազգությունը գրվում է մոր ցուցումով:

 

Հոդված 192. Մինչև երեխայի ծնվելը մահացած հոր գրանցումը

 

Եթե երեխան ծնվել է մոր հետ գրանցված ամուսնության մեջ գտնվող անձի մահից հետո, գրանցման մեջ և ծննդյան վերաբերյալ վկայականում մահացածին կարելի է որպես երեխայի հայրը գրանցել պայմանով, որ նրա մահվան օրվանից մինչև երեխայի ծնունդը անցել է տասն ամսից ոչ ավելի:

 

Հոդված 193. Ամուսնալուծությունից կամ ամուսնությունն անվավեր ճանաչվելուց հետո ծնված երեխաների ծնունդը գրանցելը

 

Ամուսնության մեջ գտնվելու ժամանակ սաղմնավորված, բայց ամուսնալուծությունից կամ ամուսնությունն անվավեր ճանաչվելուց հետո ծնված երեխայի ծննդի գրանցումը, եթե ամուսնալուծության կամ ամուսնությունը անվավեր ճանաչվելու օրվանից մինչև երեխայի ծնվելու օրը տասն ամսից ավելի չի անցել, կատարվում է նույն կարգով, ինչպես գրանցված ամուսնության մեջ գտնվող ծնողների երեխաների ծննդի գրանցումը:

 

i

ԳԼՈՒԽ 17.
ՄԱՀՎԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

i
Հոդված 194. Մահը գրանցելու կարգը

 

Մահվան գրանցումը կատարվում է այն վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում, ուր ապրել է մահացածը, կամ ուր տեղի է ունեցել մահը:

Մահվան փաստը հաստատելու կամ քաղաքացուն մեռած հայտարարելու վերաբերյալ դատարանի վճռի հիման վրա մահվան գրանցումը կատարվում է վճիռն արձակող դատարանի գտնվելու վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում:

(194-րդ հոդ. խմբ. 29.05.85 օրենք)

 

Հոդված 195. Մահվան վերաբերյալ հայտարարությունը

 

Մահվան գրանցումը կատարվում է մահացածի հարազատների, նրա հարևանների, բնակարանային շահագործման կազմակերպության աշխատողների հայտարարության հիման վրա, ինչպես նաև ըստ այն հիմնարկի ադմինիստրացիայի հաղորդման, որտեղ տեղի է ունեցել մահը, կամ միլիցիայի մարմինների և այլ անձանց հաղորդմամբ:

(195-րդ հոդ. խմբ. 29.05.85 օրենք)

 

Հոդված 196. Մահվան մասին հայտարարություն արվելու ժամկետը

 

Մահվան մասին հայտարարությունը պետք է արվի մահը տեղի ունենալու կամ մահացածին հայտնաբերելու պահից ոչ ուշ, քան երեք օրում:

 

i

ԳԼՈՒԽ 18.
ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 197. Ամուսնությունը գրանցելու վայրը

 

Ամուսնությունը գրանցվում է ամուսնացողներից մեկի կամ նրանց ծնողների բնակության վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում:

 

Հոդված 198. Ամուսնանալու մասին դիմումը

 

Ամուսնանալ ցանկացողները այդ մասին անձամբ դիմում են տալիս սույն օրենսգրքի 197 հոդվածում նշված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից մեկին ըստ իրենց ընտրության:

Դիմումի մեջ նրանք պետք է հաստատեն, որ ամուսնությունն արգելող սույն օրենսգրքի 16 հոդվածով նախատեսված խոչընդոտներ չկան, ինչպես նաև պետք է մատնանշեն, թե նրանցից յուրաքանչյուրը քանիերորդ անգամ է ամուսնանում և քանի երեխա ունի:

 

i
Հոդված 199. Ամուսնացողներին իրենց իրավունքներին և պարտականություններին ծանոթացնելը

 

Դիմումն ընդունող քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը պարտավոր է ամուսնացողներին ծանոթացնել ամուսնությունը գրանցելու պայմաններին և կարգին, հավաստիանալ, որ այդ անձինք փոխադարձորեն իրազեկ են միմյանց առողջական վիճակին և ընտանեկան դրությանը, ինչպես նաև նրանց պարզաբանել որպես ապագա ամուսիններ և ծնողներ` իրենց իրավունքներն ու պարտականությունները և նախազգուշացնել ամուսնությանն արգելք հանդիսացող խոչընդոտները թաքցնելու համար պատասխանատվության մասին:

 

i
Հոդված 200. Ամուսնության գրանցման համար օր նշանակելը

 

Ամուսնացողների համաձայնությամբ, սույն օրենսգրքի 13 հոդվածին համապատասխան, նշանակվում է ամուսնության գրանցման օրը:

Ամուսնության գրանցման օրը նշանակելիս ամուսնացողները հայտնում են, թե ցանկանում են արդյոք, որ ամուսնադրությունը կատարվի հանդիսավոր իրադրության պայմաններում:

Եթե մինչև ամուսնության գրանցումը որևէ մեկից դիմում կստացվի գրանցման համար օրինական արգելքներ լինելու մասին, ապա պաշտոնատար անձը պարտավոր է կասեցնել գրանցումը և դիմողից պահանջել ներկայացնելու համապատասխան փաստաթղթերով հիմնավորված ապացույցներ այն ժամկետում, որը կնշանակվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի պետը: Այդ ժամկետը չպետք է անցնի երեք ամսից:

(200-րդ հոդ. խմբ. 14.04.80, 29.05.85, 10.06.96 օրենքներ)

 

Հոդված 201. Ամուսնության գրանցումը

 

Ամուսնության գրանցումը կատարվում է նշանակված օրը, ամուսնացող անձանց ներկայությամբ:

Ամուսնացած անձանց անձնագրերում կամ նրանց ինքնությունը հաստատող այլ փաստաթղթերում գրառում է կատարվում ամուսնության գրանցման մասին և մատնանշվում է մյուս ամուսնու ազգանունը, անունը, հայրանունն ու ծննդյան թվականը, ամուսնության գրանցման տեղը և ժամանակը:

 

i

ԳԼՈՒԽ 19.
ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 202. Ամուսնալուծության գրանցման վայրը

 

Ամուսնալուծությունը գրանցվում է ամուսինների կամ նրանցից մեկի բնակավայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում:

 

Հոդված 203. Ամուսնալուծության գրանցումը դատարանի վճռի հիման վրա

 

Ամուսնալուծության գրանցումը դատարանի վճռի հիման վրա կատարում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը ինչպես ամուսիններից երկուսի, այնպես էլ մեկի դիմումի համաձայն: Եթե ամուսնալուծությունը գրանցվում է ամուսիններից միայն մեկի դիմումի հիման վրա, ամուսնությունը համարվում է դադարած, սակայն մյուս ամուսինը, նախքան ամուսնալուծության վերաբերյալ վկայական ստանալը, իրավասու չէ նոր ամուսնություն գրանցելու:

 

Հոդված 204. Ամուսնալուծությունը ամուսինների փոխադարձ համաձայնությամբ

 

Փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծության վերաբերյալ դիմումի մեջ (սույն օրենսգրքի 38 հոդված) ամուսինները պարտավոր են հաստատել, որ նրանք անչափահաս երեխաներ չունեն:

Ամուսնալուծության գրանցումը կատարում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը` ամուսնալուծության վերաբերյալ ամուսինների դիմում տալու օրվանից երեք ամիս անցնելուց հետո` երկու ամուսինների ներկայությամբ:

Ամուսնալուծության գրանցումը կարող է կատարվել նաև ամուսիններից մեկի բացակայությամբ, եթե այդ ամուսինը հարգելի պատճառով չի կարող ներկայանալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին և նրա անունից պատշաճ ձևով վավերացված դիմում կներկայացվի, որով կհաստատվի ամուսնալուծվելու նրա համաձայնությունը:

 

Հոդված 205. Ամուսնալուծությունը ամուսիններից մեկի միակողմանի հայտարարությամբ

 

Սույն օրենսգրքի 39 հոդվածով նախատեսված հիմքերով ամուսնալուծության վերաբերյալ դիմումին պետք է կցվի մյուս ամուսնուն անհայտ բացակայող կամ հոգեկան հիվանդության կամ տկարամտության հետևանքով անգործունակ ճանաչելու վերաբերյալ դատարանի վճռի պատճենը, կամ նրան երեք տարուց ոչ պակաս ժամանակով ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատարանի դատավճռի պատճենը կամ քաղվածքը:

Տրված դիմումի մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը ծանուցում է ազատազրկված ամուսնուն կամ անգործունակ ամուսնու խնամակալին: Ծանուցագրում ժամկետ է սահմանվում հաղորդելու համար, թե արդյոք վեճ կա երեխաների մասին, ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի բաժանության մասին կամ վեճ կա օգնության կարիք ունեցող անաշխատունակ ամուսնուն ալիմենտ վճարելու մասին:

Վեճ չլինելու մասին հաղորդում ստանալով կամ ծանուցագրում սահմանված ժամկետում պատասխան չստանալով, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը գրանցում է ամուսնալուծությունը:

 

Հոդված 206. Ամուսնալուծությունը գրանցելիս ամուսնուն մինչամուսնական ազգանունը տալը

 

Մինչամուսնական ազգանունով կոչվել ցանկացող ամուսինը պարտավոր է այդ մասին նշել ամուսնալուծությունը գրանցելիս: Ամուսնուն մինչամուսնական ազգանունը տալու մասին հիշատակություն է արվում ամուսնալուծության վերաբերյալ գրանցման մեջ:

 

Հոդված 207. Ամուսնալուծության մասին վկայական տալը: Ապահարզանվածների փաստաթղթերում ապահարզանի մասին նշումներ կատարելը

 

Ամուսնալուծության վերաբերյալ գրանցում կատարելուց հետո ապահարզանվածներին տրվում են ամուսնալուծության վկայականներ և ամուսնալուծության մասին նշումներ են կատարվում անձնագրերում կամ նրանց ինքնությունը հաստատող մյուս փաստաթղթերում:

(207-րդ հոդ. խմբ. 29.05.85 օրենք)

 

i

ԳԼՈՒԽ 20.
ՈՐԴԵԳՐՄԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

i
Հոդված 208. Որդեգրման գրանցման կարգն ու վայրը

 

Որդեգրման գրանցումը կատարվում է որդեգրողների համատեղ դիմումի կամ նրանցից մեկի դիմումի հիման վրա, կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի հաղորդման հիման վրա (սույն օրենսգրքի 123 հոդված):

Որդեգրման գրանցումը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում` որդեգրման վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմնի որոշման համաձայն:

(208-րդ հոդ. խմբ. 14.04.80, 10.06.96 օրենքներ)

 

Հոդված 209. Որդեգրման ակտերի գրանցումները չեղյալ հայտարարելը

 

Դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա որդեգրումը անվավեր ճանաչվելու կամ որդեգրումը վերացվելու դեպքում, որդեգրման ակտի գրանցումը չեղյալ է հայտարարվում քաղաքացիական կացության ակտերի գրանցման այն մարմինը, որը կատարել է գրառումը:

 

Հոդված 210. Որդեգրվածի ծննդյան գրանցման մեջ փոփոխություններ մտցնելը

 

Որդեգրվածին որդեգրողի ազգանունը և նրա անվամբ հայրանուն տալիս, ինչպես նաև որդեգրվածի անունը փոխելիս կամ որդեգրողներին որպես որդեգրվածի ծնողներ գրանցելիս քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները որդեգրման մասին գրանցման հիման վրա համապատասխան փոփոխություններ են մտցնում որդեգրվածի ծննդյան գրանցման մեջ և ծննդյան նոր վկայական են տալիս, հաշվի առնելով մտցված փոփոխությունները:

Որդեգրման գաղտնիքն ապահովելու համար, որդեգրողների խնդրանքով, թույլատրվում է փոխել երեխայի ծննդյան վայրը:

Ծննդյան վայրը փոխելու դեպքում կարելի է ծննդյան մասին նոր գրառում կատարել:

 

i

ԳԼՈՒԽ 21.
ՀԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼԸ

 

Հոդված 211. Հայրության որոշումը գրանցելու վայրը

 

Հայրության որոշման գրանցումը կատարվում է ծնողներից մեկի բնակության վայրի կամ հայրությունը որոշելու վերաբերյալ դատարանի վճռի արձակման վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում:

 

Հոդված 212. Հայրության որոշումը գրանցելու կարգը

 

Հայրության որոշման գրանցումը կատարվում է ծնողների համատեղ դիմումի կամ դատարանի վճռի հիման վրա, իսկ մոր մահվան, անգործունակ ճանաչվելու, ծնողական իրավունքներից զրկվելու կամ նրա բնակավայրը պարզելը անհնարին լինելու դեպքում` հոր դիմումի հիման վրա:

Հայրության որոշման գրանցումը չափահաս դարձած երեխաների նկատմամբ թույլատրվում է միայն նրանց համաձայնությամբ:

(212-րդ հոդ. խմբ. 14.04.80 օրենք)

 

Հոդված 213. Երեխայի ծննդյան գրանցման մեջ հոր վերաբերյալ տեղեկություններ մտցնելը

 

Հայրությունը որոշելու վերաբերյալ գրանցման հիման վրա քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները հոր վերաբերյալ տեղեկություններ են մտցնում ծննդյան ակտերի գրառման մեջ և վկայական են տալիս երեխայի ծննդյան մասին:

 

i

ԳԼՈՒԽ 22.
ԱՆՎԱՆ, ՀԱՅՐԱՆՎԱՆ ԵՎ ԱԶԳԱՆՎԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ

 

i
Հոդված 214. Անվան, հայրանվան և ազգանվան փոփոխումը գրանցելու կարգը

 

Անվան, հայրանվան ազգանվան փոփոխումը գրանցվում է փոփոխման մասին դիմում տվող անձանց մշտական բնակավայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում:

(214-րդ հոդ. խմբ. 14.04.80, 29.05.85, 10.06.96 օրենքներ)

 

Հոդված 215. Իրենց անունները, հայրանունները և ազգանունները փոխած անձանց երեխաների ծննդյան գրանցումներում փոփոխություններ մտցնելը

 

Հոր կողմից իր անվան փոփոխումը գրանցելիս փոխվում է նրա անչափահաս երեխաների հայրանունը: Չափահաս զավակների հայրանունը փոխվում է միայն այն դեպքում, երբ այդ մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին դիմում են տալիս իրենք` չափահաս զավակները:

Անչափահաս երեխաների ազգանունը փոխվում է, երբ երկու ծնողներն էլ փոխում են իրենց ազգանունը: Եթե ազգանունը փոխել է ծնողներից մեկը, ապա նրա անչափահաս երեխաների ազգանունը փոխելու հարցը լուծվում է ծնողների միջև կայացած համաձայնությամբ, իսկ համաձայնություն չլինելու դեպքում` լուծվում է խնամակալության ու հոգաբարձության մարմնի կողմից:

 

Հոդված 216. Անվան, հայրանվան և ազգանվան փոփոխման կապակցությամբ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ նոր վկայականներ տալը

 

Անվան, հայրանվան և ազգանվան փոփոխումը գրանցելու մասին կատարված գրառման հիման վրա քաղաքացիական կացության ակտերի գրանցումների մեջ անհրաժեշտ փոփոխություններ մտցվելու դեպքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները չեղյալ են համարում առաջներում տրված վկայականները և նրանց փոխարեն նոր վկայականներ են տալիս` հաշվի առնելով գրառումներում մտցված փոփոխությունները:

 

i

ՀԱՏՎԱԾ 5.
ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ: ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

i
Հոդված 217. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքներն ու պարտականությունները ամուսնական և ընտանեկան հարաբերություններում

 

ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ամուսնության և ընտանիքի օրենսդրության հիմունքներին համապատասխան, օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում ամուսնական և ընտանեկան հարաբերություններում օգտվում են իրավունքներից և պարտականություններ են կրում խորհրդային քաղաքացիներին հավասար:

Առանձին բացառություններ կարող են սահմանվել ԽՍՀ Միության օրենքով: Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք ամուսնական և ընտանեկան հարաբերություններում օգտվում են իրավունքներից և պարտականություններ են կրում խորհրդային քաղաքացիներին հավասար:

 

Հոդված 218. Հայաստանի Հանրապետությունում խորհրդային քաղաքացիների ամուսնադրությունը օտարերկրյա քաղաքացիների հետ և օտարերկրյա քաղաքացիների ամուսնադրությունը միմյանց հետ

 

Հայաստանի Հանրապետությունում խորհրդային քաղաքացիների ամուսնադրությունները օտարերկրյա քաղաքացիների հետ, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների ամուսնադրությունները միմյանց հետ կատարվում են խորհրդային օրենսդրությամբ:

ԽՍՀՄ-ում օտարերկրյա պետությունների դեսպանություններում կամ հյուպատոսություններում կատարված ամուսնադրությունները օտարերկրյա քաղաքացիների միջև փոխադարձության պայմաններով վավերական են ճանաչվում Հայաստանի Հանրապետությունում, եթե այդ անձինք ամուսնության պահին եղել են դեսպան կամ հյուպատոս նշանակած պետության քաղաքացիներ:

 

Հոդված 219. Խորհրդային քաղաքացիների ամուսնադրությունները ԽՍՀՄ հյուպատոսական հիմնարկներում: ԽՍՀՄ սահմաններից դուրս կատարված ամուսնադրությունների ճանաչումը

 

ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ամուսնության և ընտանիքի օրենսդրության հիմունքներին համապատասխան, ԽՍՀՄ սահմաններից դուրս բնակվող խորհրդային քաղաքացիների ամուսնադրությունները միմյանց հետ կատարվում են ԽՍՀՄ հյուպատոսական հիմնարկներում: Այն դեպքում, երբ խորհրդային քաղաքացիների միջև և խորհրդային քաղաքացիների ու օտարերկրյա քաղաքացիների միջև ամուսնադրություններ կատարվել են ԽՍՀՄ սահմաններից դուրս, պահպանելով նրա կատարման տեղի օրենքով սահմանված ամուսնության ձևը, այդ ամուսնությունները Հայաստանի Հանրապետությունում վավերական են ճանաչվում, եթե ճանաչման համար չկան սույն օրենսգրքի 14-16 և 44 հոդվածներից բխող խոչընդոտներ:

ԽՍՀՄ սահմաններից դուրս համապատասխան պետությունների օրենքների համաձայն կատարված օտարերկրյա քաղաքացիների ամուսնադրությունները Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում են վավերական:

 

Հոդված 220. Օտարերկրյա քաղաքացիների ամուսնալուծությունները խորհրդային քաղաքացիների հետ և օտարերկրյա քաղաքացիների ամուսնալուծությունները միմյանց հետ Հայաստանի Հանրապետությունում: ԽՍՀՄ սահմաններից դուրս կատարված ապահարզանների ճանաչումը

 

Օտարերկրյա քաղաքացիների ամուսնալուծությունները խորհրդային քաղաքացիների հետ, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների ամուսնալուծությունները միմյանց հետ Հայաստանի Հանրապետությունում կատարվում են խորհրդային օրենսդրությամբ:

ԽՍՀՄ սահմաններից դուրս համապատասխան պետությունների օրենքներով կատարված խորհրդային քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների ամուսնալուծությունը Հայաստանի Հանրապետությունում վավերական է ճանաչվում, եթե ամուսնալուծության պահին ամուսիններից թեկուզ մեկը բնակվել է ԽՍՀՄ սահմաններից դուրս:

ԽՍՀՄ սահմաններից դուրս համապատասխան պետությունների օրենքներով կատարված խորհրդային քաղաքացիների ամուսնալուծությունը Հայաստանի Հանրապետությունում վավերական է ճանաչվում, եթե երկու ամուսիններն էլ ամուսնալուծության պահին բնակվել են ԽՍՀՄ սահմաններից դուրս:

ԽՍՀՄ սահմաններից դուրս համապատասխան պետությունների օրենքներով կատարված օտարերկրյա քաղաքացիների ամուսնալուծությունը Հայաստանի Հանրապետությունում վավերական է ճանաչվում:

ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ամուսնության և ընտանիքի օրենսդրության հիմունքներին համապատասխան, ԽՍՀՄ սահմաններից դուրս բնակվող խորհրդային քաղաքացին իրավունք ունի խորհրդային դատարանում լուծել ամուսնությունը ԽՍՀՄ սահմաններից դուրս բնակվող ամուսնու հետ, անկախ նրա քաղաքացիությունից: Այն դեպքում, երբ խորհրդային օրենսդրությամբ թույլատրվում է ամուսնալուծությունը կատարել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում, ամուսնությունը կարող է լուծվել ԽՍՀՄ հյուպատոսական հիմնարկներում: Մշտապես արտասահմանում բնակվող խորհրդային քաղաքացիների ամուսնալուծության գործերը ԽՍՀՄ գերագույն դատարանի հանձնարարությամբ կարող են քննվել Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի կողմից:

 

Հոդված 221. Հայրությունը որոշելը Հայաստանի Հանրապետությունում: ԽՍՀՄ սահմաններից դուրս որոշված հայրության ճանաչումը

 

Հայրությունը Հայաստանի Հանրապետությունում, անկախ ծնողների և երեխայի քաղաքացիությունից և նրանց բնակության վայրից, որոշվում է խորհրդային օրենսդրությամբ:

ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ամուսնության և ընտանիքի օրենսդրության հիմունքներին համապատասխան, այն դեպքում, երբ խորհրդային օրենսդրությամբ թույլատրվում է հայրությունը որոշել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում, երեխայի` ԽՍՀՄ սահմաններից դուրս բնակվող ծնողները, որոնցից թեկուզ մեկը ԽՍՀՄ քաղաքացի է, իրավունք ունեն հայրությունը որոշելու մասին խնդրագրերով դիմելու ԽՍՀՄ հյուպատոսական հիմնարկներին:

 

i
Հոդված 222. Խորհրդային քաղաքացիներ հանդիսացող և ԽՍՀՄ սահմաններից դուրս բնակվող երեխաների որդեգրումը: Հայաստանի Հանրապետությունում երեխաների որդեգրումը օտարերկրյա քաղաքացիների կողմից և օտարերկրյա քաղաքացիներ հանդիսացող երեխաների որդեգրումը

 

ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ամուսնության և ընտանիքի օրենսդրության հիմունքներին համապատասխան խորհրդային քաղաքացի հանդիսացող և ԽՍՀՄ սահմաններից դուրս բնակվող երեխայի որդեգրումը կատարվում է ԽՍՀՄ հյուպատոսական հիմնարկներում:

Եթե որդեգրողը խորհրդային քաղաքացի չէ, ապա Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի որդեգրման համար անհրաժեշտ է ստանալ Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի թույլտվությունը:

Վավերական է համարվում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի որդեգրումը, եթե դա կատարվել է այն պետության մարմիններում, որի տերիտորիայում բնակվում է երեխան, պայմանով, որ այդ որդեգրման համար նախապես ստացվի Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությունը:

Օտարերկրյա քաղաքացիների կողմից խորհրդային քաղաքացիներ հանդիսացող երեխաների որդեգրումը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներ հանդիսացող և Հայաստանի Հանրապետությունում բնակվող երեխաների որդեգրումը կատարվում է խորհրդային օրենսդրությամբ: Խորհրդային քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրումը օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության տերիտորիայում կատարվում է սույն օրենսգրքի 13-րդ գլխում սահմանված ընդհանուր հիմունքներով, պայմանով, որ յուրաքանչյուր առանձին դեպքում այդ որդեգրման համար ստացվի Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի թույլտվությունը:

 

i
Հոդված 223. Խնամակալության (հոգաբարձության) սահմանումը ԽՍՀՄ սահմաններից դուրս բնակվող խորհրդային քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում: ԽՍՀՄ սահմաններից դուրս սահմանված խնամակալության (հոգաբարձության) ճանաչումը

 

ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ամուսնության և ընտանիքի օրենսդրության հիմունքներին համապատասխան խնամակալությունը (հոգաբարձությունը) ԽՍՀՄ սահմաններից դուրս բնակվող անչափահաս, անգործունակ կամ սահմանափակ գործունակ խորհրդային քաղաքացիների նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ սահմանվում է խորհրդային օրենսդրությամբ:

ԽՍՀՄ սահմաններից դուրս բնակվող խորհրդային քաղաքացիների նկատմամբ համապատասխան պետությունների օրենքներով սահմանված խնամակալությունը (հոգաբարձությունը) Հայաստանի Հանրապետությունում վավերական է ճանաչվում, եթե խնամակալություն (հոգաբարձություն) սահմանելու դեմ կամ դրա ճանաչման դեմ չկան ԽՍՀՄ հյուպատոսական հիմնարկի առարկությունները:

ԽՍՀՄ սահմաններից դուրս օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ համապատասխան պետությունների օրենքներով սահմանված խնամակալությունը (հոգաբարձությունը) Հայաստանի Հանրապետությունում վավերական է ճանաչվում:

 

i
Հոդված 224. ԽՍՀՄ սահմաններից դուրս բնակվող խորհրդային քաղաքացիների քաղաքացիական կացության ակտերի գրանցումը

 

ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ամուսնության և ընտանիքի օրենսդրության հիմունքներին համապատասխան ԽՍՀՄ սահմաններից դուրս բնակվող խորհրդային քաղաքացիների քաղաքացիական կացության ակտերի գրանցումը կատարվում է ԽՍՀՄ հյուպատոսական հիմնարկներում:

ԽՍՀՄ հյուպատոսական հիմնարկներում քաղաքացիական կացության ակտերը գրանցելիս կիրառվում է ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, եթե շահագրգռված անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են: Եթե շահագրգռված անձինք տարբեր միութենական հանրապետությունների քաղաքացիներ են կամ պարզված չէ, թե որ հանրապետության քաղաքացիներ են նրանք, ապա նրանց համաձայնությամբ կիրառվում է միութենական հանրապետություններից մեկի օրենսդրությունը, իսկ տարաձայնությունների դեպքում` քաղաքացիական կացության ակտը գրանցող հյուպատոսի որոշմամբ:

 

Հոդված 225. Ի հավաստումն քաղաքացիական կացության ակտերի` օտարերկրյա պետությունների մարմինների կողմից տրված փաստաթղթերի ճանաչումը

 

Այն փաստաթղթերը, որոնք օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից տրվել են ի հավաստումն ԽՍՀՄ սահմաններից դուրս համապատասխան պետությունների օրենքներով ԽՍՀՄ քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ կատարված քաղաքացիական կացության ակտերի, Հայաստանի Հանրապետությունում վավերական են ճանաչվում հյուպատոսական լեգալացման առկայության դեպքում:

 

i
Հոդված 226. Օտարերկրյա օրենքների և միջազգային պայմանագրերի կիրառումը

 

Ամուսնության և ընտանիքի վերաբերյալ օտարերկրյա օրենքների կիրառումը կամ այդ օրենքների վրա հիմնված քաղաքացիական կացության ակտերի ճանաչումը չի կարող տեղի ունենալ, եթե այդպիսի կիրառումը կամ ճանաչումը հակասի խորհրդային կարգերի հիմքերին:

ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ամուսնության և ընտանիքի օրենսդրության հիմունքներին համապատասխան, եթե ԽՍՀՄ միջազգային պայմանագրով սահմանված են այլ կանոններ, քան այն, որ պարունակում է ամուսնության և ընտանիքի վերաբերյալ խորհրդային օրենսդրությունը, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի կանոնները:

Նույն կարգը կիրառվում է Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսդրության նկատմամբ, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ կանոններ, քան այն, որ նախատեսված են Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսդրությամբ:

 

 

pin
ՀՀ 18.07.1969
օրենսգիրք