Սեղմել Esc փակելու համար:
{01.01.2020 - 12.05.2023} ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.01.2020 - 12.05.2023} ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2020  -ից մինչեւ   12.05.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

01.01.2020 - 12.05.2023

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2011 թվականի հունիսի 23-ին

 

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում աղբահանության և սանիտարական մաքրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացի կազմակերպման սկզբունքները, աղբահանության վճարը, դրա դրույքաչափերը, վճարողների շրջանակը, նրանց իրավունքները և պարտականությունները, վճարման կարգը, պատասխանատվությունը չվճարելու, պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման կարգը աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպման բնագավառներում:

2. Բացառությամբ սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերի, սույն օրենքը չի կարգավորում վտանգավոր թափոնների հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2. Աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպման իրավական կարգավորումը

 

i

1. Աղբահանության և սանիտարական մաքրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Թափոնների մասին» և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով:

 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) աղբահանություն` բնակավայրերում գոյացող աղբի հավաքում, պահում, փոխադրում և տեղադրում աղբավայրում.

2) աղբ` կենցաղային աղբ, ոչ կենցաղային աղբ և խոշոր եզրաչափերի աղբ.

ա. կենցաղային աղբ` «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` մարդու կողմից սպառման և (կամ) կենսագործունեության հետևանքով առաջացող թափոնները.

բ. ոչ կենցաղային աղբ`

- արտադրական աղբ` արտադրության և արտադրական և (կամ) սպառման թափոններ, որոնք առաջանում են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գործունեության ընթացքում,

- շինարարական աղբ` քաղաքաշինական գործունեության ընթացքում առաջացող, շինարարական վերանորոգման, շենքերի վերակառուցումից և քանդումից առաջացող թափոններ.

գ. խոշոր եզրաչափերի աղբ` մարդու կենսագործունեության հետևանքով կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի գործունեության ընթացքում առաջացող արտադրության և սպառման թափոններ, որոնք, հաշվի առնելով դրանց ֆիզիկական հատկությունները (ներառյալ` չափը, ծավալը կամ քաշը), անհնար է հավաքել, պահել կամ փոխադրել կենցաղային աղբի համար նախատեսված` սովորաբար կիրառվող տեխնիկական միջոցներով.

3) սանիտարական մաքրում` համայնքի ընդհանուր օգտագործման տարածքների (փողոցների, այգիների, պուրակների, հրապարակների, բակերի, մայթերի, անցումների, կամուրջների, սիզամարգերի, լողափերի և ընդհանուր օգտագործման այլ տարածքների) մաքրումը աղբից, տերևակույտերից, փոշուց, կենդանիների դիակներից և փողոցների երթևեկելի մասերի ջրում-լվացումը, փողոցների, կամուրջների, անցումների և մայթերի` ձյունից և սառույցից մաքրումը, համայնքի ընդհանուր օգտագործման համար տեղադրված աղբամանների սպասարկումը.

4) օպերատոր` համայնքին աղբահանության և (կամ) սանիտարական մաքրման ծառայություններ մատուցող կազմակերպություն (կազմակերպություններ) կամ անհատ ձեռնարկատեր (անհատ ձեռնարկատերեր):

2. Այն հասկացությունները, որոնք սահմանված չեն սույն օրենքով, ունեն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացությունների իմաստը:

 

Հոդված 4. Աղբահանության և սանիտարական մաքրման հիմնական նպատակները և գործընթացի կազմակերպման սկզբունքները

 

1. Աղբահանության և սանիտարական մաքրման հիմնական նպատակները և գործընթացի կազմակերպման սկզբունքներն են`

1) մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբի բացասական (վտանգավոր) ներգործության նվազեցումը և չեզոքացումը.

2) բնակության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովումը.

3) տարածքների աղտոտման, աղբակույտերի առաջացման անթույլատրելիությունը և տարածքների մաքրումը աղբից.

4) աղբահանության և սանիտարական մաքրման պարտադիր և պարբերաբար իրականացումը սույն օրենքով նախատեսված սանիտարական մաքրման սխեմային համապատասխան.

5) աղբահանության վճարովի լինելը.

6) օգտահանման ենթակա թափոնների տեսակավորման, օգտագործման ու վերամշակման համար պայմանների ստեղծումը և աղբավայրերում տեղադրվող թափոնների ծավալների նվազեցումը.

7) աղբահանության և սանիտարական մաքրման վերաբերյալ տեղեկատվության մատչելիության և հանրային իրազեկվածության ապահովումը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից.

8) աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների մեքենայացումը.

9) ոլորտում միջհամայնքային համագործակցությունը.

10) համայնքային բյուջեի հաշվին կամ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում սանիտարական մաքրման աշխատանքների իրականացումը:

(4-րդ հոդ. փոփ. 28.06.19 ՀՕ-119-Ն օրենք)

 

Հոդված 4.1.  Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

 

1. Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`

1) աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում պետական քաղաքականության մշակումը և իրականացման համակարգումը.

2) աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում պետական կառավարման մարմինների գործունեության համակարգումը.

3) աղբահանության ժամանակակից տեխնոլոգիաների, թափոնների հավաքման, տեսակավորման, տեղափոխման, պահպանման, անվտանգ հեռացման մեխանիզմների ներդրումը.

3.1) սահմանում է աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնին.

4) օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

(4.1-ին հոդ. լրաց. 22.05.18 ՀՕ-330-Ն, փոփ. 10.09.19 ՀՕ-165-Ն օրենքներ)

 

Հոդված 4.2.  Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի լիազորությունները

 

1. Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններն են`

1) մասնակցությունը աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում պետական քաղաքականության ձևավորմանը.

2) աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում տարածքային նշանակության նպատակային ծրագրերի կազմումը.

3) աղբահանության ծառայությունների բարելավմանն ուղղված ծրագրերի մշակումը և համակարգումը.

4) աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակումը.

5) չհսկվող և չարտոնագրված աղբավայրերի վերացման (լիկվիդացման) աշխատանքների համակարգումը.

6) կոշտ կենցաղային թափոնների գործածության ոլորտում միջազգային համագործակցության մասնակցությունը.

7) օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

(4.2-րդ հոդ. լրաց. 22.05.18 ՀՕ-330-Ն օրենք)

 

Հոդված 5. Աղբահանության վճարը

 

1. Աղբահանության վճարը սույն օրենքով նախատեսված վճարողների կողմից աղբահանության դիմաց սույն օրենքով սահմանված կարգով և սույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու կողմից սահմանված չափով համայնքի բյուջե կամ արտաբյուջե գանձվող պարտադիր գանձույթ է:

 

Հոդված 6. Աղբահանության վճար վճարողների շրջանակը

 

1. Աղբահանության վճար վճարողներ են համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի, այդ թվում` բնակելի շինության սեփականատեր համարվող կամ որևէ այլ իրավունքով այդ գույքը տիրապետող կամ օգտագործող ֆիզիկական անձինք (ներառյալ` անհատ ձեռնարկատերը և արտոնագրային վճար վճարողը), իրավաբանական անձինք, հիմնարկները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ պետական կամ համայնքային սեփականություն համարվող անշարժ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հիմքով քաղաքացու կամ իրավաբանական անձի կողմից տիրապետման դեպքում` վարձակալը, անհատույց օգտագործողը:

Եթե միևնույն գույքի նկատմամբ սույն օրենքի իմաստով աղբահանության վճար վճարող են համարվում մեկից ավելի անձինք, ապա աղբահանության վճարի գծով սույն օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատասխանատվություն:

2. Շինարարական և խոշոր եզրաչափի աղբ առաջացնողները ազատվում են աղբահանության վճարից, եթե նշված աղբը փոխադրվում և տեղադրվում է սեփական միջոցներով` սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված թույլտվության հիման վրա կամ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա:

3. Համայնքի ավագանին կարող է սահմանել աղբահանության վճարի արտոնություններ առանձին կատեգորիայի անձանց համար: Համայնքի ավագանու կողմից անհատական արտոնություններ սահմանելն արգելվում է:

 

Հոդված 7. Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների ֆինանսավորումը

 

i

1. Համայնքի տարածքում իրականացված աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները ֆինանսավորվում են համայնքի բյուջեից` առանձին ծախսային ծրագրով (ծրագրերով) կամ արտաբյուջետային հաշվից: «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում սույն մասով սահմանված աշխատանքների ֆինանսավորումը կարող է իրականացվել այլ աղբյուրներից:

(7-րդ հոդ. փոփ. 28.06.19 ՀՕ-119-Ն օրենք)

 

i
Հոդված 8. Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնողը

 

i

1. Համայնքի ավագանու որոշմամբ աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները համայնքի բյուջեի միջոցների հաշվին իրականացնում են անմիջականորեն համայնքային հիմնարկները կամ համայնքի կարիքների համար գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված օպերատորը: «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները կարող են ֆինանսավորվել և (կամ) իրականացվել ՊՄԳ պայմանագրով սահմանված կարգով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք կարող են իրականացնել խոշոր եզրաչափերի աղբի հավաքումը և փոխադրումը` տվյալ համայնքի ավագանու հաստատած դրույքաչափերին համապատասխան:

3. Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, համայնքի ավագանու սահմանած պահանջներին համապատասխան, կարող է իրականացնել շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքումը և փոխադրումը սույն հոդվածով նախատեսված` աղբի հավաքման և փոխադրման թույլտվության հիման վրա:

4. Աղբի հավաքման և փոխադրման թույլտվություններ կարող են տրամադրվել նաև շինարարական և խոշոր եզրաչափի աղբի աղբահանության վճար վճարողներին` աղբն ինքնուրույն հավաքելու և փոխադրելու համար:

5. Աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը համայնքի ավագանու հաստատած պայմաններով և կարգով:

6. Աղբի հավաքման և փոխադրման թույլտվության տրամադրման պայմանները և կարգը պետք է ուղղված լինեն սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված նպատակներին և սկզբունքներին, ինչպես նաև սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամանակացույցին և սույն օրենքի 12-րդ հոդվածի պահանջներին համապատասխան աղբահանության իրականացման ապահովմանը:

i

7. Աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունները տրամադրվում են կոնկրետ աղբահանության վճար վճարողների քանակի համար` վճարովի հիմունքներով: Թույլտվությունների համար վճարների դրույքաչափերը սահմանում է ավագանին, որոնք, սակայն, չեն կարող գերազանցել համապատասխան աղբահանության վճար վճարողի կողմից սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հաշվարկվելիք դրույքաչափերի 20 տոկոսը:

(8-րդ հոդ. փոփ. 16.12.16 ՀՕ-235-Ն, 28.06.19 ՀՕ-119-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 2
ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հոդված 9. Աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպմանը ներկայացվող պահանջները

 

1. Աղբահանությունը և սանիտարական մաքրումը պարտադիր և պարբերաբար իրականացվող աշխատանքներ են` օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի պահանջների պահպանմամբ:

 

Հոդված 10. Աղբի հավաքմանը և պահմանը ներկայացվող պահանջները

 

1. Կենցաղային աղբը հավաքվում և (կամ) պահվում է համայնքի ընդհանուր օգտագործման տարածքների` այդ նպատակով հատուկ սահմանված կամ նախատեսված տեղերում և համայնքի կամ օպերատորի տրամադրած տարողություններում` աղբամաններում կամ կոնտեյներներում, աղբախցերում` սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի պահանջների պահպանմամբ:

2. Համայնքի ընդհանուր օգտագործման տարածքներում առաջացող աղբի համար համայնքը կամ օպերատորը տեղադրում է աղբամաններ կամ կոնտեյներներ` սանիտարահիգիենիկ կանոններին և նորմերին, ինչպես նաև սանիտարական սխեմային համապատասխան:

3. Ոչ կենցաղային աղբը, ինչպես նաև խոշոր եզրաչափերով աղբը հավաքվում և պահվում է աղբահանության վճար վճարողների ձեռք բերած կամ համայնքի կամ օպերատորի կամ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց տրամադրած և դրանց համար նախատեսված աղբամաններում կամ կոնտեյներներում, որոնք տեղադրվում են աղբահանության վճար վճարողների համապատասխան տարածքներում, եթե այլ բան չի սահմանել համայնքի ավագանին: Ընդ որում, համայնքը կամ օպերատորը աղբամանները կամ կոնտեյներները աղբահանության համար վճարողների պահանջով կարող է տրամադրել վարձակալության հիմունքներով:

4. Աղբահանության իրականացման կարգը, այդ թվում` աղբահանության իրականացման նվազագույն ժամանակացույցը, աղբամանների կամ կոնտեյներների տեղադրման վայրերը, դրանց տեսակները և քանակը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին` պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ կանոնները և նորմերի պահանջները: Ընդ որում, աղբը պետք է փոխադրվի մինչև կոնտեյներների ամբողջությամբ լցվելը:

5. Արգելվում է աղբը պահել և թափել դրա համար չսահմանված կամ չնախատեսված վայրերում:

 

Հոդված 11. Աղբի փոխադրմանը ներկայացվող պահանջները

 

1. Աղբի փոխադրման իրականացումը պետք է կազմակերպվի` նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի աղտոտումը:

 

Հոդված 12. Աղբի տեղադրմանը ներկայացվող պահանջները

 

1. Աղբը տեղադրվում է օրենսդրությամբ սահմանված կարգով արտոնագրված աղբավայրերում կամ ենթարկվում է վերամշակման:

2. Աղբավայրերում աղբի տեղադրումն իրականացվում է աղբավայրերի շահագործման և սանիտարահիգիենիկ կանոնների պահանջների պահպանմամբ:

3. Արգելվում է աղբի տեղադրումը դրա համար չնախատեսված վայրերում:

 

Հոդված 13. Սանիտարական մաքրման սխեմային ներկայացվող պահանջները

 

1. Սանիտարական մաքրման սխեման պարունակում է հետևյալ հիմնական տարրերը. համայնքում առաջացող աղբի ծավալների մոտավոր հաշվարկը, սանիտարական մաքրման ենթակա տարածքները, սանիտարական մաքրման աշխատանքների ծավալները, աղբի հավաքման, պահման, փոխադրման, տեղադրման, տեսակավորման և վնասազերծման ձևերն ու մեթոդները, անհրաժեշտ մեքենա-մեխանիզմներին ներկայացվող պահանջները, սանիտարական մաքրման ենթակա հուշարձանների տեղակայումը:

2. Սանիտարական մաքրման սխեման հաստատում է համայնքի ավագանին:

 

ԳԼՈՒԽ 3
ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԻՄՔԸ, ԴՐԱ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i
Հոդված 14. Աղբահանության վճարի դրույքաչափը

 

1. Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է`

1) ըստ հաշվառված անձանց քանակի` համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար` ամսական հիսունից մինչև չորս հարյուր Հայաստանի Հանրապետության դրամ, կամ

2) ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հինգից մինչև քսանհինգ Հայաստանի Հանրապետության դրամ:

2. Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.

1) առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հիսունից մինչև հարյուր Հայաստանի Հանրապետության դրամ.

2) հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` քսանից մինչև հիսուն Հայաստանի Հանրապետության դրամ.

3) վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` տասնհինգից մինչև քսան Հայաստանի Հանրապետության դրամ.

4) գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` երեքից մինչև տասնհինգ Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ զորանոցների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` ութ Հայաստանի Հանրապետության դրամ.

5) արտադրական` արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում` ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հինգից մինչև տասնհինգ Հայաստանի Հանրապետության դրամ.

6) շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար` ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն սույն մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին` կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափով.

7) շինություններում (այդ թվում` առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափով:

2.1. Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հիսունից մինչև հարյուր Հայաստանի Հանրապետության դրամ:

2.2. Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին:

3. Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է`

1) ըստ ծավալի` մեկ խորանարդ մետր աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում` երեք հազար Հայաստանի Հանրապետության դրամ, կամ

2) ըստ զանգվածի` մեկ տոննա աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում` տասը հազար Հայաստանի Հանրապետության դրամ.

3) ոչ բնակելի նպատակային նշանակության շենքի և (կամ) շինության սեփականատերը անհամաձայնության մասին գրավոր ներկայացնում է համապատասխան համայնքի ղեկավարին կամ սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց` աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

3.1. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված շենքերի, շինությունների և տարածքների մասով աղբի հեռացման հարաբերությունները կարգավորվում են աղբահանության ծառայություն մատուցող և ստացող կողմերի միջև կնքված պայմանագրով:

4. Աղբահանության վճար սահմանելու համար կիրառվող մեթոդները և աղբահանության վճարի դրույքաչափերը յուրաքանչյուր համայնքի համար սահմանվում են համայնքի ավագանու` օրենքով սահմանած կարգով` սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույքաչափերի սահմաններում:

5. (5-րդ մասն ուժը կորցրել է 14.10.2019 թվականից` 10.09.19 ՀՕ-165-Ն օրենք)

(14-րդ հոդ. փոփ. 22.05.18 ՀՕ-330-Ն, 10.09.19 ՀՕ-165-Ն օրենքներ)

 

Հոդված 15. Աղբահանության վճարի հաշվարկման կարգը

 

1. Աղբահանության վճարի հաշվարկման հաշվետու ժամանակահատվածը օրացուցային ամիսն է:

2. Անշարժ գույքի սեփականատիրոջ` ցանկացած հիմքով փոփոխության դեպքում նոր սեփականատիրոջն է անցնում աղբահանության վճարի գծով նախկին սեփականատիրոջ չկատարած պարտավորությունը կամ գերավճարի իրավունքը:

3. Պետական կամ համայնքային սեփականություն համարվող անշարժ գույքի վարձակալի կամ անհատույց օգտագործողի` աղբահանության վճարի գծով պարտավորությունները փոխանցվում են համապատասխանաբար պետությանը կամ համայնքին, եթե այլ բան նախատեսված չէ նոր վարձակալի կամ անհատույց օգտագործողի հետ կնքված գործարքով:

4. Աղբահանության վճար վճարողի պարտավորությունը դադարում է դրամական միջոցների վճարմամբ կամ ֆիզիկական անձ համարվող վճարողի մահվամբ, եթե`

1) վճարողի անշարժ գույքն անժառանգ ճանաչվելու հիմքով փոխանցվել է համայնքին ի սեփականություն.

2) պետական կամ համայնքային սեփականություն համարվող անշարժ գույքի վարձակալության կամ անհատույց օգտագործման` մահացածի իրավունքը այլ անձի չի փոխանցվել:

 

Հոդված 16. Աղբահանության վճարը հաշվարկողի կողմից սխալ հաշվարկվելու դեպքում պակաս վճարված աղբահանության վճարի գումարների վերահաշվարկումն ու վճարումը

 

i

1. Աղբահանության վճարը հաշվարկողի կողմից սխալ հաշվարկվելու դեպքում պակաս վճարված աղբահանության վճարի` գրավոր տեղեկացնելու օրվա դրությամբ հաշվարկված`

1) գումարները վճարում է աղբահանության վճար վճարողը` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան երեք տարվա համար, եթե սխալ հաշվարկի համար պատճառ են դարձել աղբահանության վճար վճարողի ներկայացրած կեղծ տվյալները.

2) գումարների վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերը վճարում է հաշվարկող մարմինը, բացառությամբ սույն մասի 3-րդ կետում նշված դեպքերի.

3) գումարների վճարումն ուշացնելու տույժեր չեն հաշվարկվում, եթե հաշվարկող մարմինը տեղական ինքնակառավարման մարմինն է.

4) սույն մասի 1-ին և 2-րդ կետերում նշված գումարները ներառվում են և ենթակա են վճարման ընթացիկ ամսվա վճարի հետ: Աղբահանության վճար վճարողի կամ հաշվարկող մարմնի դիմումի առկայությամբ դիմումատուի հետ համայնքի ղեկավարը կարող է 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմել վճարման ժամանակացույց, որով սույն կետում նշված գումարների մարման ժամկետը կարող է սահմանվել ժամանակացույցի կնքման օրվանից առավելագույնը 6 ամիս: Սահմանված ժամանակացույցի` աղբահանության վճար վճարողի կողմից առաջին իսկ խախտման դեպքում կիրառվում են սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տույժերը:

 

Հոդված 17. Աղբահանության վճարի գերավճարները

 

1. Աղբահանության վճարի ավել մուծված գումարները (ներառյալ` աղբահանության վճարը հաշվարկողի կողմից սխալ հաշվարկվելու դեպքում ավել վճարված գումարները) հաշվարկվում են որպես կանխավճար, կամ այդ վճարը վճարողի դիմումի հիման վրա ենթակա է համայնքի կողմից վերադարձման` դիմումը տալուն հաջորդող 30 օրվա ընթացքում, անկախ օպերատորի հետ պայմանագրի լուծման հանգամանքից:

 

Հոդված 18. Աղբահանության վճարի վճարման կարգը

 

1. Յուրաքանչյուր ամսվա համար աղբահանության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ անկանխիկ` հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:

2. Աղբահանության վճարի դրույքաչափի կամ դրա տեսակի փոփոխման դեպքում աղբահանության վճար հաշվարկողը հաջորդող ամսվա 10-ը ներառյալ աղբահանության վճար վճարողներին իրազեկում է հաշվարկված վճարի չափի մասին:

 

i
Հոդված 19. Աղբահանության վճար վճարողներին հաշվառողները, աղբահանության վճարը հաշվարկողները և աղբահանության վճարի գանձումը

 

1. Աղբահանության վճար վճարողների հաշվառումը, աղբահանության վճարը հաշվարկելը, ինչպես նաև այդ վճարի գանձումը և համայնքի բյուջե փոխանցումն իրականացնում է համայնքի ղեկավարը:

i

2. Աղբահանության վճար վճարողների հաշվառումը, աղբահանության վճարը հաշվարկելը, ինչպես նաև այդ վճարի գանձումը (մուտքագրումը) համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ համայնքի ղեկավարի ներկայացմամբ և համայնքի ավագանու կողմից կարող են վերապահվել օպերատորին կամ այլ կազմակերպությանը (կազմակերպություններին):

3. Աղբահանության վճար վճարողների հաշվառումը, աղբահանության վճարի հաշվարկումը, ինչպես նաև այդ վճարի գանձումը օպերատորի կամ այլ կազմակերպության կողմից իրականացվելու դեպքում օպերատորը կամ տվյալ կազմակերպությունը համայնքի ղեկավարին է ներկայացնում ամսական տեղեկատվություն` հաշվետու ժամանակաշրջանում իրենց կողմից աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման գործառույթների իրականացման արդյունքների (հաշվետվություն) վերաբերյալ:

i

4. Աղբահանության վճար վճարողների հաշվառման կարգը սահմանում է համայնքի ավագանին:

5. Աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման կարգի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում է համայնքի ղեկավարը:

 

ԳԼՈՒԽ 4
ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 20. Աղբահանության վճար վճարողների հիմնական իրավունքները և պարտականությունները

 

1. Աղբահանության վճար վճարողների հիմնական իրավունքներն են`

1) ինքնուրույն հաշվարկել իրենց կողմից կատարվող վճարի չափը և ստուգել դրա համապատասխանությունը կատարված հաշվարկների հետ.

2) ծանոթանալ իրենց կողմից կատարվող վճարի չափին և հաշվարկներին, ինչպես նաև տեղեկություններ ստանալ իրենց կատարած վճարումների մասին.

3) օրենքով սահմանված կարգով բողոքարկել աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման իրեն վերաբերող գործողությունները.

4) համայնքից, օպերատորից կամ կազմակերպությունից պահանջել աղբահանությունը կազմակերպողի պարտավորությունների ոչ պատշաճ կատարելու հետևանքով սեփական միջոցների հաշվին կատարած աղբահանության ծախսերի հատուցում:

2. Աղբահանության վճար վճարողները պարտավոր են`

1) սույն օրենքով սահմանված ժամկետում և սահմանված դրույքաչափով վճարել աղբահանության վճարը.

2) խոշոր եզրաչափի աղբի գոյացման դեպքում պատվիրել նշված աղբի` համապատասխան կոնտեյներով փոխադրումը.

3) աղբը պահել և թափել դրա համար սահմանված կամ նախատեսված վայրերում:

 

Հոդված 21. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

 

1. Աղբահանության վճարի վճարումը սույն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար աղբահանության վճար վճարողը, իսկ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում աղբահանության վճար հաշվարկողը վճարում է տույժ` ժամանակին չմուծված աղբահանության վճարի գումարի 0,075 տոկոսի չափով, դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տույժերը հաշվարկվում և հաշվառվում (գանձվում) են աղբահանության վճարի վճարման ժամկետին հաջորդող ամսվա 1-ից:

i

3. Օպերատորը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար` համայնքի բյուջե վճարելով տուգանք` չկատարված կամ ոչ պատշաճ կատարված աղբահանության յուրաքանչյուր դեպքի համար` հիսուն հազար դրամի չափով, եթե օպերատորի և համայնքի միջև կնքված պայմանագրով ավելի մեծ տուգանք սահմանված չէ:

Տուգանքի վճարումն օպերատորին չի ազատում չկատարված կամ ոչ պատշաճ կատարված պարտավորության կատարումից: Օպերատորի պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է համայնքի ղեկավարը կամ նրա լիազորած անձը (մարմինը):

i

4. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված անձինք համայնքի ղեկավարի որոշմամբ կարող են զրկվել աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունից սույն օրենքով նախատեսված` աղբի հավաքմանը կամ փոխադրմանը ներկայացվող պահանջները մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ խախտելու դեպքում:

(21-րդ հոդ. փոփ. 21.12.17 ՀՕ-289-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 22. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո համայնքի ու աղբահանություն և (կամ) սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնող համապատասխան կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերը գործում են, կամ դրանց գործողությունը կարող է երկարաձգվել, ինչպես նաև համանման պայմանագրեր կարող են կնքվել մինչև սույն օրենքով սահմանված պայմաններին ու պահանջներին համապատասխան օպերատորի հետ կնքված պայմանագրով նախատեսված օպերատորի կողմից պարտավորությունների կատարման ժամկետի սկիզբը:

3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում, համայնքի ավագանին սահմանում է աղբահանության դրույքաչափերը, ընդ որում` աղբահանության վճարը հաշվարկվում է աղբահանության դրույքաչափը սահմանելուն հաջորդող ամսվանից և գանձվում է սույն օրենքով սահմանված կարգով:

i

4. Սույն օրենքի ընդունումը պետության համար չի առաջացնում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված փոխհատուցման պարտավորություն:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. հուլիսի 15
Երևան
ՀՕ-237-Ն

 

pin
ՀՀ 23.06.2011
N ՀՕ-237-Ն օրենք