Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 96-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 17 դեկտեմբերի 2019 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 96-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

i

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` նաև Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2013 թվականի դեկտեմբերի 28-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 7-ից:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` նաև Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2004 թվականի փետրվարի 18-ին, Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2004 թվականի մարտի 16-ին և ուժի մեջ է մտել 2004 թվականի դեկտեմբերի 31-ից:

i

Օրենսգրքի` սույն գործով վիճարկվող «Ճանաչման հայցը» վերտառությամբ 69-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է.

«3. Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այսինքն`

1) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ.

2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ

3) դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»:

i

Օրենքի` սույն գործով վիճարկվող «Վնասի հատուցման նախապայմանը» վերտառությամբ 96-րդ հոդվածը սահմանում է.

«Վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ սույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի»:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի` 2019 թվականի հունիսի 18-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է, որով ներկայացվել է նույն դատարանի 2019 թվականի հունիսի 18-ի ՎԴ/10890/05/18 գործով «Վարչական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշումը:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանող կողմի գրավոր բացատրությունը, վերլուծելով Օրենսգրքի և Օրենքի համապատասխան դրույթները, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները

i

Հղումներ կատարելով Սահմանադրության 61, 62 և 75-րդ հոդվածներին, վկայակոչելով Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1121 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան, վերլուծության ենթարկելով Օրենսգրքի և Օրենքի վիճարկվող նորմերով նախատեսված իրավակարգավորումները` դիմողը գտնում է, որ Օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասում` ոչ նյութական վնասի հատուցման պահանջ ներկայացնելու անձի մտադրության ներառված չլինելու մասով, և Օրենսգրքի 96-րդ հոդվածի իրավակարգավորման պայմաններում ապահովված չէ վնասի հատուցման սահմանադրական իրավունքի իրացման արդյունավետությունը: Մասնավորապես, դիմողի կարծիքով` «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասը` այնքանով որքանով հնարավորություն չի տալիս վիճարկելու վարչական մարմնի այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ կատարմամբ կամ որևէ այլ կերպ սպառած գործողությունը կամ անգործությունը ոչ նյութական վնասի հատուցման պահանջ ներկայացնելու մտադրության հիմքով, խախտում է բարոյական վնասի հատուցման սահմանադրական իրավունքը...», ինչը հետևանք է նաև Օրենքի վիճարկվող իրավակարգավորմամբ «ստեղծված երկաստիճան համակարգ»-ի, որով չի ապահովվում վնասի հատուցման արդյունավետ ընթացակարգ:

i

Ըստ դիմողի` նման համակարգը « .... մեկ ընդհանուր խնդիրը քննելու համար մարդուն պարտադրում է անցնել երկու վարույթ: Ընդ որում, իրավակիրառ պրակտիկան ցույց է տալիս, որ երկու դեպքում էլ, որպես կանոն, հարցի քննությունը չի ավարտվում վարչական վարույթով և դատական քննության անհրաժեշտություն է առաջանում: Արդյունքում վարչական մարմնի սպառված վարչարարության դեմ պաշտպանվելու և խախտված իրավունքը լիարժեք վերականգնելու գործընթացը, որպես կանոն, անցնում է վեց դատական ատյան (չհաշված միջանկյալ վարչական վարույթը), որպիսի գործընթացը տևում է տարիներ»: Դիմողի կարծիքով` « .... վարչական մարմնի սպառված վարչարարության վիճարկումն ինքնին չի վերականգնում մարդու խախտված իրավունքը: Ըստ այդմ էլ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասը իրավական շահագրգռվածության լրացուցիչ պայմաններ է սահմանում: Ուստի վնասի առկայության դեպքում տվյալ վարչարարության վիճարկման միակ նպատակը վնասի հատուցում ստանալն է: Ուստի վարչարարության իրավաչափությունը և դրանով հասցված վնասի հատուցման հարցերը խիստ փոխկապակցված են և մեկի քննությունը կախված է մյուսից»: Դիմողը եզրահանգում է, որ « .... վնասի հատուցման երկաստիճան այս համակարգի միակ նպատակը վարչական մարմնի վարչարարության ոչ իրավաչափությունը հաստատվելուց հետո նույն վարչական մարմնին իր կողմից հասցված վնասի հատուցման հարցը քննարկելու հնարավորություն ընձեռելն է»: Հետևաբար, ինչպես նշում է դիմողը` « .... հաշվի առնելով վարչական մարմինների իրավակիրառ պրակտիկան և պաշտոնատար անձանց իրավագիտակցության մակարդակը, նույն վարչական մարմնի կողմից իր իսկ ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով հասցված վնասի հատուցման պահանջի քննության օբյեկտիվության նկատմամբ լուրջ կասկածներ կարող են առաջանալ»: Դիմողի կարծիքով` « .... վնասի հատուցման պահանջը վարչական մարմնի սպառված վարչարարության իրավաչափության հարցի հետ մեկտեղ քննելու օրենսդրական արգելքը չի հետապնդում արդարացված շահ և խախտում է վնասի հատուցման և դատական պաշտպանության սահմանադրական իրավունքների արդյունավետությունը», իսկ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներով էլ (մասնավորապես` ՎԴ/0277/05/09 գործով) արձանագրվել է, որ « .... վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով»:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Ըստ պատասխանողի` վիճարկվող դրույթները համապատասխանում են Սահմանադրության պահանջներին և « .... ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով, և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածով սահմանված կարգավորումներն իրենց իրավական բովանդակությամբ արհեստական խոչընդոտներ չեն ստեղծում անձի իրավունքների արդյունավետ իրականացման համար»:

Պատասխանողը գտնում է, որ վարչական մարմնի համապատասխան գործողությունները կամ անգործությունը դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչվելուց հետո հայցվորը զրկված չէ ստանալու իր իրավունքների խախտումների կապակցությամբ բարոյական (ոչ նյութական) վնասի փոխհատուցում:

Ըստ պատասխանողի` իրավակիրառ պրակտիկայում գոյություն ունեցող « .... ընթացակարգային բարդություններ, բյուրոկրատական քաշքշուքներ, պաշտոնատար անձանց իրավագիտակցության մակարդակ, վեց դատական ատյաններ, տարիներ տևող գործընթացներ» եզրույթները չեն կարող լինել իրավական անորոշության, իրավական նորմերի հակասահմանադրականության արդյունք, և « .... օրենքով նախատեսված իրավական ընթացակարգային որոշ գործընթացների անհարկի երկարաձգումները թեև կարող են նվազեցնել մարդու իրավունքները և օրինական շահերն ողջամիտ ժամկետում արդյունավետ պաշտպանելու հնարավորությունը, այնուամենայնիվ, նման պայմաններում դրանք չեն կարող համարվել Սահմանադրությանը հակասող և անվավեր»:

 

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն գործի շրջանակներում վիճարկվող նորմերի սահմանադրականությունը գնահատելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել.

1) վիճարկվող իրավակարգավորումներով արդյոք երաշխավորվում է հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից պատճառված ոչ նյութական վնասի հատուցման իրավունքի իրացման արդյունավետ կառուցակարգեր և ընթացակարգեր,

i

2) արդյոք Վարչական դատավարության օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իրավակարգավորումների շրջանակներում վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու և ոչ նյութական վնասի հատուցման պահանջները միևնույն գործի շրջանակներում միաժամանակյա քննելը կբխի վնասի հատուցման հիմնական իրավունքի արդյունավետ պաշտպանության նպատակից:

Ելնելով վերոգրյալից` Սահմանադրական դատարանը վիճարկվող դրույթների սահմանադրականությունը գնահատում է Սահմանադրության 62 և 75-րդ հոդվածների տեսանկյունից:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Մարդուն պատճառված վնասի հատուցման հնարավորությունը հիմնարար իրավունք է: Վնասի (այդ թվում` ոչ նյութական) հատուցման իրավունքն իր ամրագրումն է ստացել թե` միջազգային, և թե` ներպետական օրենսդրությամբ: Մասնավորապես, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով (կից արձանագրություններով) սահմանվում են ոչ միայն հիմնական իրավունքներ ու ազատություններ, այլև` դրանց խախտման դեպքում արդարացի փոխհատուցման իրավունք:

i

Սահմանադրության 3 և 62-րդ հոդվածների բովանդակությունից հետևում է, որ վնասի, այդ թվում` հանրային իշխանության մարմինների կողմից իրականացված իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման հնարավորությունը ոչ միայն իրավունք է, այլև` մարդու իրավունքների պաշտպանության կարևոր սահմանադրական սկզբունք, որի իրացման անմիջական պատասխանատուն, Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն` հանրային իշխանության մարմիններն են:

Վնասի հատուցման կառուցակարգի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմանը Սահմանադրական դատարանն անդրադարձել է իր մի շարք որոշումներում: Մասնավորապես` ամփոփելով վնասի հատուցման միջազգային-իրավական պրակտիկան և համադրելով դրա սահմանադրաիրավական բովանդակության հետ` Սահմանադրական դատարանը գտել է`

i

1) անօրինական գործողությունների` հանցագործության և իշխանության չարաշահման արդյունքում վնաս կրած անձինք իրենց կարգավիճակով նույնացվում են, և նրանց նկատմամբ պահանջվում է համարժեք վերաբերմունք (ՍԴՈ-929),

i

2)  բարոյական վնասը և բարոյական վնասի նյութական հատուցման հնարավորությունը բխում են մարդու իրավունքների պաշտպանության հարցում որդեգրված սահմանադրաիրավական մոտեցումներից, և մարդու արժանապատվության առանցքային բաղադրատարրերից մեկը, ի թիվս այլնի, հանդիսանում է անհատական հատկանիշներով պայմանավորված բարոյական տառապանքներից զերծ մնալը (ՍԴՈ-1121),

3) բարոյական վնասի նյութական փոխհատուցման ընդհանուր չափանիշներն ու կարգը պետք է օրենսդրորեն հստակ ամրագրվեն, որպեսզի երաշխավորվի համապատասխան դեպքերում և կարգով անձին պատճառված բարոյական վնասի ողջամիտ և արդարացի փոխհատուցումը (ՍԴՈ-1121):

i

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նաև ՄԻԵԴ) Հայաստանի Հանրապետությանն առնչվող իր մի շարք վճիռներում անձին պատճառված բարոյական վնասի դիմաց նյութական փոխհատուցում չտրամադրելը գնահատել է որպես Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (կից արձանագրություններով, այսուհետ` նաև Կոնվենցիա) համապատասխան դրույթների խախտում: Մասնավորապես, Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի Հանրապետության (գանգատ թիվ 23978/06, 27.11.2012 թ.) և Պողոսյանն ու Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության (գանգատ թիվ 22999/06, 12.06.2012 թ.) գործերով կայացված վճիռներով ներպետական օրենսդրության վկայակոչմամբ բարոյական վնասի նյութական փոխհատուցում չտրամադրելը ճանաչվել է որպես Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի խախտում: Իսկ Պողոսյանն ու Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով կայացված վճռում ՄԻԵԴ-ն արձանագրել է նաև, որ « .... Կոնվենցիայի ամենահիմնարար դրույթների` 2-րդ և 3-րդ հոդվածների խախտման հետևանքով առաջ եկող ոչ նյութական վնասի փոխհատուցումը սկզբունքորեն պետք է հասանելի լինի հնարավոր պաշտպանության միջոցների շարքում: Նույն վճռում արձանագրվել է նաև, որ տվյալ գործով դիմումատուն պետք է հնարավորություն ունենար դիմելու վատ վերաբերմունքի հետևանքով կրած ոչ նյութական վնասի փոխհատուցման համար: Անդրադարձ է կատարվել նաև Կոնվենցիայի 7-րդ Արձանագրության 3-րդ հոդվածին, ինչի առնչությամբ ընդգծվել է, որ «Դատարանը կրկնում է, որ թիվ 7 Արձանագրության 3-րդ հոդվածի նպատակն է փոխհատուցման իրավունք ընձեռել անձանց, ովքեր դատապարտվել են դատական սխալի հետևանքով և երբ հետագայում այդ դատավճիռը չեղյալ է հայտարարվել ազգային դատարանների կողմից` նոր կամ նոր երևան եկած որևէ փաստի հիմքով»: Նույն վճռով ՄԻԵԴ-ն արձանագրել է նաև հետևյալը. «Ինչ վերաբերում է թիվ 7 Արձանագրության 3-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների համապատասխանության հարցին, ապա Դատարանը գտնում է, որ թեև այս դրույթը երաշխավորում է փոխհատուցման վճարումը տվյալ պետության օրենքին կամ պրակտիկային համապատասխան, այն չի ենթադրում, որ փոխհատուցում չի վճարվում, եթե ազգային օրենքը կամ պրակտիկան չեն նախատեսում նման փոխհատուցում»:

i

Միաժամանակ, Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով կայացված վճռով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը` արձանագրելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում, գտել է, որ 5-րդ հոդվածի 5-րդ կետը չպետք է մեկնաբանվի այնպես, որ ընձեռվի միայն նյութական վնասի հատուցում. նման իրավունք պետք է ընձեռվի նաև ցանկացած հյուծման, անհանգստության, հուսախաբության համար, ինչն անձը կարող էր կրել 5-րդ հոդվածի այլ կետերի խախտման արդյունքում:

Վնասի հատուցման ներպետական իրավակարգավորման սկզբունքային մոտեցումներ են ամրագրված Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ Rec (2006) 8 հանձնարարականում, որով անդամ պետություններին պատվիրակվում է.

- փոխհատուցում հատկացնել ֆիզիկական և հոգեբանական վնասների վերականգնման և բուժման համար,

- փոխհատուցում սահմանել եկամտի կորստի, հուղարկավորման ծախսերի և կերակրողին կորցնելու համար, սահմանել նաև փոխհատուցում ցավի և տանջանքների համար,

- սահմանել միջոցներ հանցագործությամբ գույքին պատճառված վնասի փոխհատուցման համար:

i

4.2. Սահմանադրության 62-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք: Վնասի հատուցման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:

Հիշյալ նորմի բովանդակությունից բխում է, որ հանրային իրավահարաբերությունների շրջանակներում պատճառված վնասը ենթակա է հատուցման որոշակի սահմանադրական սկզբունքներին համապատասխան, մասնավորապես.

1) յուրաքանչյուր ոք ունի վնասի հատուցման անվիճելի իրավունք բոլոր այն դեպքերում, երբ վնասը պատճառվել է վարչական մարմնի ոչ իրավաչափ գործողությամբ կամ անգործությամբ,

2) յուրաքանչյուր ոք իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք ունի, երբ այն սահմանված է օրենքով,

3) վնասի հատուցման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:

Սույն գործով վիճարկվող և դրանց հետ փոխկապակցված այլ իրավակարգավորումների բովանդակության վերլուծությունը վկայում է, որ վարչարարությամբ անձին պատճառված վնասի հատուցման իրավունքը, ընդհանուր առմամբ, կարող է իրացվել հետևյալ իրավական նախապայմանների և միմյանց հաջորդող գործընթացների շրջանակներում.

1) վնասի հատուցում, նախ` կարող է իրականացվել այն դեպքերում, երբ անձին վնաս պատճառած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը սահմանված կարգով ոչ իրավաչափ ճանաչվի (Օրենքի 96-րդ հոդված),

i

2) վնասի հատուցման պահանջ դիմումի միջոցով պետք է ներկայացվի այն վարչական մարմին, որի վարչարարության հետևանքով պատճառվել է այն (Օրենքի 100-րդ հոդված),

3) վարչական մարմնի կողմից վնասի հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելը կամ դիմումը չքննարկելը կարող են բողոքարկվել օրենքով սահմանված ընդհանուր կարգով (Օրենքի 102-րդ հոդվածի 2-րդ մաս),

i

4) անձին վնաս պատճառած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը կարող են ոչ իրավաչափ ճանաչվել իրավասու վարչական դատարան ճանաչման հայց ներկայացնելու միջոցով (Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մաս),

5) ճանաչման հայցի շրջանակներում անձը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը (Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մաս),

6) ճանաչման հայցի շրջանակներում անձը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը, եթե նա արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ (Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մաս),

7) ճանաչման հայցի շրջանակներում անձը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը, եթե, ի թիվս այլնի, մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում (Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ):

Այսպիսով, դիմումում բարձրացված խնդրի առնչությամբ վարչարարությամբ անձին պատճառված վնասի հատուցման գործընթացի իրավակարգավորման տրամաբանությունը հանգում է նրան, որ վնասի հատուցումը ստացել է բացառապես նյութաիրավական դրսևորում` այդ իրավունքի իրացման` օրենքով սպառիչ սահմանված նախապայմանների շրջանակներում:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ վարչարարությամբ անձին պատճառված վնասի հատուցման օրենքով սահմանված կառուցակարգը` իրավակարգավորման վերոհիշյալ ընդհանուր սկզբունքներով հանդերձ, միտված է երաշխավորելու Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների իրացումը, այն է` նախատեսելու վնասի հատուցման պայմանները, կարգը, և վնասի հատուցման արտադատական և դատական կարգեր նախատեսելով` օրենսդիրը չի խախտել Սահմանադրության հիշյալ պատվիրանները:

4.3. Սույն գործի շրջանակներում վեճի առարկա իրավակարգավորման սահմանադրականությունը գնահատելիս, հաշվի առնելով դիմողի հարցադրումները` Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, նախ` այն դիտարկել վնասի հատուցման իրավակարգավորման ընդհանուր կառուցակարգերի շրջանակներում` պարզելու համար տարբեր իրավական կարգավիճակով օժտված սուբյեկտներով պայմանավորված այն օբյեկտիվ առանձնահատկությունները, որպիսիք առկա են, մի դեպքում` քաղաքացիաիրավական, մյուս դեպքում` վարչաիրավական հարաբերություններից բխող վնասի, այդ թվում և` ոչ նյութական վնասի հատուցման վերաբերյալ վեճերի լուծման հիմքում: Այս առումով Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ վնասի հատուցման կառուցակարգ նախատեսված է նաև քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում: Սակայն այդ կառուցակարգերի ընդհանուր համեմատական վերլուծությունն անհրաժեշտ է հանրային իրավահարաբերություններից բխող վնասի հատուցման առանձնահատկությունները բացահայտելու տեսանկյունից:

i

Այսպես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի` ինչպես վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները, այնպես էլ քաղաքացիաիրավական նորմերի կիրառելիության շրջանակները կարգավորող նորմերի համալիր վերլուծությունը վկայում է, որ վարչական կամ այլ իշխանական ենթակայության վրա հիմնված հարաբերությունների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությունը, որպես կանոն, կիրառելի չէ (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ մաս): Նույն օրենսգրքի 162.1-ին հոդվածի 5-րդ մասի համաձայն` ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Միևնույն ժամանակ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ բաժնի` վարչարարությամբ պատճառված վնասի, այդ թվում` ոչ նյութական վնասի հատուցման հիմքերը և կարգը սահմանող նորմերի համադրված վերլուծությունը վկայում է, որ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման կառուցակարգը չի կարող նույնացվել քաղաքացիական իրավահարաբերությունների շրջանակներում առաջացող վնասի հատուցման կառուցակարգի հետ, քանի որ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման իրավահարաբերությունները հանրային իրավահարաբերություններ են, որոնք բնութագրվում են հանրային իրավունքից բխող հատկանիշներով: Մասնավորապես` հիշյալ իրավահարաբերությունների պարտադիր մասնակից է վնաս պատճառած վարչական մարմինը` օժտված հանրային-իշխանական լիազորություններով (Օրենքի 95-րդ հոդված): Վերջինիս և վնաս կրած անձի միջև իրավահարաբերության առաջացման համար անհրաժեշտ և բավարար է միայն տուժողի կողմից վնասի հատուցում տրամադրելու վերաբերյալ դիմումի ներկայացումը (Օրենքի 100-րդ հոդված), այսինքն` չի պահանջվում իրավահարաբերության երկու կողմերի կամաարտահայտության այնպիսի ազատություն, որն առկա է քաղաքացիաիրավական հարաբերություններում (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մաս): Բացի դրանից, վարչական մարմին համապատասխան դիմում ներկայացվելու դեպքում վերջինս պարտավոր է իրականացնել վնասի հատուցման կապակցությամբ հանրային-իշխանական համապատասխան լիազորություններ, այսինքն` վարչարարություն, որը եզրափակվում է հատուցման պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ վարչական ակտի ընդունմամբ (Օրենքի 102-րդ հոդված) և կարող է վիճարկվել ընդհանուր կարգով: Այսինքն` հանրային իրավահարաբերությունների բնույթով պայմանավորված` առանձնահատուկ և բազմափուլ են իրավական այն գործընթացները, որոնք առաջանում են վարչական մարմնի գործողությամբ (անգործությամբ) պայմանավորված այս կամ այն վնասի հատուցման համար:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ քաղաքացիաիրավական հարաբերությունների բնագավառում վնասի հատուցումն իր էությամբ քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոցի կիրառում է, մինչդեռ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցումը` օրենքով նախանշված նախապայմանների պահպանմամբ, հանրային-իշխանական լիազորություններով պայմանավորված պարտականություն է:

Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ վնասի հատուցման կառուցակարգի տարբերակված օրենսդրական կանոնակարգումը` ելնելով կոնկրետ իրավահարաբերությունների և դրանցում ընդգրկված սուբյեկտների իրավական կարգավիճակի առանձնահատկություններից, ունի որոշակի սահմանադրական նպատակ և միտված է անձին պատճառված վնասի հատուցման իրավունքի արդյունավետ իրացման երաշխավորմանը:

i

4.4. Անդրադառնալով դիմողի այն հարցադրմանը, համաձայն որի` Օրենսգրքի վիճարկվող` 69-րդ հոդվածի 3-րդ մասը հնարավորություն չի ընձեռում վիճարկելու վարչական մարմնի այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը հատկապես ոչ նյութական վնասի հատուցման պահանջ ներկայացնելու մտադրության հիմքով, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում բարձրացված խնդիրը դիտարկել վնասի` որպես պատասխանատու սուբյեկտի որոշակի գործողության կամ անգործության արդյունքում առաջացած հետևանքի գնահատման և խախտված իրավունքի վերականգնման անհրաժեշտության տեսանկյունից` ելնելով Սահմանադրության 62-րդ հոդվածի բովանդակությունից և հատկապես վնասի հատուցման պայմանները և կարգն օրենքով սահմանելու սահմանադրական պահանջի իրացման անհրաժեշտությունից:

Սահմանադրության 62-րդ հոդվածի բովանդակության վերլուծությունը վկայում է, որ վնասի հատուցման իրավունքի էության հիմքում «վնաս» եզրույթն ունի ընդհանրական իրավական բովանդակություն, և Սահմանադրության մակարդակում վնասի նյութական և ոչ նյութական տեսակները տարբերակված չեն:

Այդուհանդերձ, վնասի հատուցման հիմնական իրավունքը որպես այդպիսին որևէ սահմանափակման ենթակա չէ: Թեև վնասի հատուցման պայմանները և կարգը` համաձայն Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության, սահմանվում են օրենքով, ինչը ենթադրում է, մի կողմից` այս հիմնական իրավունքի էության անխախտելիության (Սահմանադրության 80-րդ հոդված) երաշխավորում, ինչպես նաև որևէ պայմանի կամ կարգի համապատասխանություն Սահմանադրության 75-րդ հոդվածի պահանջներին` հաշվի առնելով այս հիմնական իրավունքի սահմանափակման ոչ ենթակա լինելը, այդուհանդերձ, դատավարական կառուցակարգերի տարբերակումը` ըստ պատճառված վնասի բնույթի, սահմանադրորեն չարդարացված խոչընդոտ է ստեղծում ճանաչման հայցով հետապնդվող նպատակների արդյունավետ իրացման համար: Նախ` հիմնավոր չէ, որ օրենսդիրն արդարացված է համարել միայն նյութական վնասի հատուցման մտադրությունը` որպես արդարացի շահագրգռվածության հիմք: Չնայած այն հանգամանքին, որ այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը ճանաչման հայցի շրջանակներում ոչ իրավաչափ ճանաչելը որոշակի նախադրյալների առկայությամբ պայմանավորելը` որպես օրենսդրի նպատակ, արդարացված է Սահմանադրության տեսանկյունից` հաշվի առնելով տվյալ հայցատեսակի առանձնահատկությունները և դրա հարաբերակցությունն այլ հայցատեսակների հետ, այդուհանդերձ, սահմանափակման ոչ ենթակա հիմնական իրավունքի իրացումը չի կարող պայմանավորվել վնասի բնույթով, ուստի օրենսդիրը պետք է երաշխավորի դատական պաշտպանության հնարավորություն նաև ճանաչման հայցի դեպքում` հավասարապես նաև ոչ նյութական վնասի համար ընդհանրապես, այլ ոչ թե միայն հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը պաշտպանելու նպատակով: Նման տարբերակումը չունի օբյեկտիվ հիմք, ինչը նշանակում է, որ Օրենսգրքում առկա է օրենքի բաց, որը հակասում է Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին:

i

Սահմանադրական դատարանը կարևոր է համարում արձանագրել, որ ճանաչման հայցի նպատակն այլ իրավական միջոցների սպառված լինելու պայմաններում` անկախ վնասի բնույթից, ի թիվս այլնի, նաև հանրային իրավահարաբերություններում վնասի հատուցման երաշխավորումն է, ինչը շահագրգիռ անձի համար հիմք կհանդիսանա այնուհետ` Օրենքի 7-րդ բաժնում նախատեսված ընթացակարգերի շրջանակներում վնաս պատճառած վարչական մարմնին համապատասխան պահանջ ներկայացնելու համար:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ, առաջնորդվելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներով, իրավակիրառ պրակտիկան պետք է առաջնորդվի Սահմանադրության 62-րդ հոդվածի առաջին մասում երաշխավորված իրավունքի էության անխախտելիության սկզբունքով, ինչը Սահմանադրության 80-րդ հոդվածի պահանջն է, այսինքն` յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք: Այսինքն` օրենքով պետք է սահմանվեն միայն այդպիսի վնասի հատուցման պայմանները և կարգը, ինչը չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրության 62-րդ հոդվածի առաջին մասից անմիջականորեն բխող, այդ թվում` ոչ նյութական վնասի հատուցման իրավունքի իրացման արգելափակում:

4.5. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վիճարկվող` 96-րդ հոդվածով սահմանված նախապայմանի հիմնական նպատակն է, մի կողմից` վնասի հատուցման հիմնական իրավունքի իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական նախադրյալների ստեղծումը` հատկապես արտադատական կարգով այդ իրավունքն առավել սեղմ ժամկետում իրականացնելու համար, մյուս կողմից` վարչական մարմինների և դատարանների անհարկի ծանրաբեռնման կանխարգելումը:

Ակնհայտ է, որ Օրենքով և հատուկ օրենքներով նախատեսված կառուցակարգերի, հատկապես սեղմ և կոնկրետ ժամկետների շրջանակներում վնասի հատուցման պահանջի` վարչական կարգով կենսագործումը համանուն հիմնական իրավունքի պաշտպանության տեսանկյունից ավելի արդյունավետ միջոց է, քան վարչական դատարանում ընդհանուր առումով ողջամիտ ժամկետում գործի քննության շրջանակներում: Մյուս կողմից, վնասի հատուցման նախադրալ է վնաս պատճառելը, այսինքն` ոչ իրավաչափ, իսկ բացառիկ դեպքերում` իրավաչափ վարչական (կամ ռեալ ակտերի) առկայությունը: Պարզ է, որ այն վարչական մարմին վնասի հատուցման պահանջ ներկայացնելը, որի վարչարարության հետևանքով պատճառվել է այդ վնասը (Օրենքի 100-րդ հոդվածի 1-ին մաս), ընդ որում, առավել պարզեցված եղանակով` ընդհանուր կարգով ներկայացվելիք դիմումի միջոցով այդ պահանջը ներկայացնելը (Օրենքի 100-րդ հոդվածի 2-րդ մաս) միտված է ավելի դյուրին դարձնելու վնասի հատուցման հիմնական իրավունքի իրացումը:

Բացի դրանից, վնասի հատուցման դիմումի քննությունն այն վարչական մարմնի կողմից, որն իրազեկված է տվյալ հարցի մասին, հնարավորություն է տալիս առավել հնարավոր արդյունավետությամբ երաշխավորել վնասի հաշվարկումը և հատուցումը` հիմք ընդունելով այդ մարմնի ոչ իրավաչափ վարչարարությանը տրված առկա գնահատականը, իսկ բացառիկ դեպքերում` նաև իրավաչափ վարչարարության հետևանքները: Մինչդեռ, տվյալ հարցին դեռևս ոչ իրազեկ վարչական մարմինները կամ դատարանն առնվազն դեռևս պետք է իրազեկվեն հարցի վերաբերյալ: Ոչ իրազեկ մարմիններին և վարչական ակտի դեմ ներկայացված բողոքով կամ հայցով և վնասի հատուցման պահանջով միաժամանակյա ծանրաբեռնումն անխուսափելիորեն, իսկ որոշ դեպքերում` էականորեն ավելացնելու է նրանց ծանրաբեռնվածությունը, ինչը հատկապես դատարանների դեպքում հանգեցնելու է գործի քննության ժամկետի երկարաձգման նաև սկզբնական, ենթադրաբար վնաս պատճառած իրավական (կամ ռեալ) ակտի իրավաչափության գնահատման մասով:

Ելնելով վերոգրյալից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենքի վիճարկվող իրավակարգավորումը Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց չէ: Այդուհանդերձ, Սահմանադրական դատարանն անընդունելի է համարում արդեն իսկ փաստված ոչ իրավաչափ, իսկ Սահմանադրությամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում` հատկապես նաև իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցումը վարչական մարմինների կողմից արհեստականորեն ձգձգելու կամ առավել ևս մերժելու պրակտիկան, թեև սույն գործի շրջանակներում անհրաժեշտ չի համարում մանրամասն անդրադառնալ դրա սահմանադրականությանը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ հարցը պետք է լուծվի առաջնահերթ կարգով` պատշաճ վարչական և մասնագիտացված դատական վերահսկողության շրջանակներում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 4-րդ մասով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետն այնքանով, որքանով հնարավորություն չի տալիս անձին օրենքով սահմանված ոչ գույքային վնասի հատուցում պահանջելու մտադրություն ունենալու հիմքով ճանաչման հայց ներկայացնել, ճանաչել Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր:

i

2. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 96-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը:

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Նախագահող

Հ. Թովմասյան


17 դեկտեմբերի 2019 թվականի
ՍԴՈ-1497

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 19 դեկտեմբերի 2019 թվական:

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
17.12.2019
N ՍԴՈ-1497
Որոշում