Սեղմել Esc փակելու համար:
{29.02.2020 - 01.04.2021} ՏՆՏԵՍԱԿԱՆ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{29.02.2020 - 01.04.2021} ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.02.2020  -ից մինչեւ   01.04.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
Արդեն պատրաստ է տվյալ ակտի   03.05.2024  -ից ուժի մեջ մտնող խմբագրությունը:
 

29.02.2020 - 01.04.2021

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2000 թվականի նոյեմբերի 6-ին

 

i

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i
Հոդված 1. Օրենքի նպատակը

 

Օրենքի նպատակն է պաշտպանել և խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում:

(1-ին հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն օրենք)

 

i
Հոդված 2. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը տարածվում է տնտեսվարող սուբյեկտների, պետական մարմինների, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց այն գործողությունների կամ վարքագծի վրա, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողությանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ինչպես նաև վնասել սպառողների շահերը:

i

2. Սույն օրենքը չի տարածվում մտավոր սեփականության իրավունքներին առնչվող հարաբերությունների վրա, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կարգավորվող կամ վերահսկվող անձանց, ինչպես նաև հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործող անձանց նկատմամբ տնտեսական մրցակցության գործառույթները Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) իրականացնում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Կարգավորող մարմիններ) հետ համագործակցության սկզբունքի հիման վրա:

4.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարող է տրամադրված պետական օժանդակությունների վերաբերյալ տեղեկատվություն չներկայացնել Հանձնաժողով:

5. Կարգավորող մարմինները գերիշխող դիրքի չարաշահումների, հակամրցակցային համաձայնությունների կանխարգելման, համակենտրոնացումների վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելուց առաջ դրանք ներկայացնում են Հանձնաժողով` կարծիքի:

6. Սույն հոդվածով նախատեսված ոլորտներում տնտեսական մրցակցության վերաբերյալ խնդիրների մասին Հանձնաժողովը տեղեկացնում է Կարգավորող մարմիններին:

7. Հանձնաժողովը, բացառությամբ սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքի, ձեռնպահ է մնում տնտեսական մրցակցության վերաբերյալ բարձրացրած հարցի հետ կապված որևէ միջամտությունից, եթե Կարգավորող մարմինները Հանձնաժողովին հիմնավոր կերպով տեղեկացնում են, որ այդ հարցը, օրենքով սահմանված կարգավորման նպատակներից ելնելով, վերապահվում է Կարգավորող մարմիններին, և Կարգավորող մարմինները իրականացնում են օրենքով սահմանված գործառույթներ:

Հանձնաժողովը սույն հոդվածով սահմանված կարգով կարող է արտահայտել դիրքորոշում, իսկ վերջնական որոշումն ընդունում են Կարգավորող մարմինները:

8. Կարգավորող մարմինները ձեռնարկվող միջոցառումների ընթացքում Հանձնաժողովին օրենքով սահմանված շրջանակներում հնարավորություն են ընձեռում ներկայացնելու իր դիրքորոշումը: Կարգավորող մարմինները պարտադիր անդրադառնում են Հանձնաժողովի կողմից բարձրացված բոլոր հարցերին և արտահայտած դիրքորոշումներին` նշելով դրանք ընդունելու կամ չընդունելու հիմնավորումները:

Կարգավորող մարմիններն իրենց վերջնական դիրքորոշման կամ որոշման մեջ հիշատակում են Հանձնաժողովի դիրքորոշումը, ինչպես նաև այն չընդունելու դեպքում` դրա հիմնավորումները:

Սույն մասով սահմանված կարգով Հանձնաժողովի կողմից դիրքորոշում չներկայացվելու դեպքում Կարգավորող մարմինների որոշումները կամ դիրքորոշումները ընդունվում են առանց Հանձնաժողովի կարծիքի:

9. Սույն հոդվածի 5-րդ, 7-րդ և 8-րդ մասերով սահմանված ընթացակարգը չի կիրառվում այն բացառիկ դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը նպատակ ունի կանխել ֆինանսական կայունությանն ու գների կայունությանն սպառնացող հնարավոր վտանգը կամ արձագանքել դրան, ֆինանսական կազմակերպությունը ճանաչում է անվճարունակ կամ սնանկության դիմում է ներկայացնում դատարան, իրականացնում է ֆինանսական կազմակերպության կամ դրա մասնակցի բաժնեմասի կամ բաժնետոմսի հարկադիր օտարում, իրականացնում է ֆինանսական կազմակերպության վերակազմակերպում, հարկադիր վաճառք կամ լուծարում:

Կարգավորող մարմինները սույն մասով նախատեսված որոշումներն ընդունելուց հետո այդ մասին տեղեկացնում են Հանձնաժողովին, եթե դրանք չեն պարունակում բանկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններ:

10. Եթե Հանձնաժողովը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված տեղեկացումը հիմնավոր չէ, ապա կարող է դիմել վարչապետին` հարցը Կառավարության հերթական նիստի օրակարգ ընդգրկելու միջնորդությամբ: Սույն մասով նախատեսված դեպքում Կառավարությունը անհատական իրավական ակտի ընդունմամբ որոշում է տնտեսական մրցակցության վերաբերյալ բարձրացված հարցով տնտեսական մրցակցության գործառույթներ իրականացնող իրավասու մարմնին:

(2-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն, 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 24.01.20 ՀՕ-79-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 3. Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությունը

 

Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությունը կազմված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից և այլ իրավական ակտերից:

 

i
Հոդված 4. Հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

տնտեսական մրցակցություն կամ մրցակցություն` ապրանքների իրացման կամ ձեռքբերման առավել նպաստավոր պայմանների ապահովմանն ուղղված տնտեսական գործունեություն, որի արդյունքում օբյեկտիվորեն սահմանափակվում են տվյալ ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա մրցակիցներից յուրաքանչյուրի միակողմանի ազդելու հնարավորությունները.

ապրանք` քաղաքացիական իրավունքի օբյեկտ, այդ թվում` գույք, աշխատանք, ծառայություն (ներառյալ` ֆինանսական), որը նախատեսված է իրացման համար.

փոխադարձ փոխարինելի ապրանքներ` ապրանքներ, որոնք կարող են համեմատվել ըստ իրենց գործածության նշանակության, կիրառման, որակական, տեխնիկական, գնային կամ այլ հատկանիշներով այնպես, որ ձեռքբերողը փոխարինում է կամ պատրաստ է փոխարինելու դրանք մեկը մյուսով.

ապրանքային շուկա` Հանձնաժողովի որոշմամբ սահմանված` որոշակի տարածքում տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների շրջանառության ոլորտ, որի սահմանները որոշվում են գնորդի կողմից համապատասխան տարածքում ապրանքի ձեռքբերման տնտեսական կամ այլ հնարավորություններով և նպատակահարմարությամբ և դրա սահմաններից դուրս այդպիսի հնարավորությունների և նպատակահարմարության բացակայությամբ: Ապրանքային շուկան բնութագրվում է ապրանքատեսակային ու աշխարհագրական սահմաններով, դրա սուբյեկտների կազմով և ծավալով.

ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահման` Հանձնաժողովի որոշմամբ սահմանված` տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների ամբողջություն.

ապրանքային շուկայի աշխարհագրական սահման` Հանձնաժողովի որոշմամբ սահմանված` որոշակի աշխարհագրական տարածք (այդ թվում` ճանապարհ, երթուղի` օդային, ջրային, ցամաքային և այլն), որի շրջանակներում գնորդի համար տնտեսապես հնարավոր ու նպատակահարմար է ձեռք բերել տվյալ ապրանքը և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքները և առկա չէ այդ հնարավորությունն ու նպատակահարմարությունը տվյալ տարածքից դուրս: Ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանը կարող է ներառել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը կամ դրա մի մասը կամ Հայաստանի Հանրապետության (կամ դրա մի մասի) և այլ պետության (կամ դրա մի մասի) տարածքը.

ապրանքային շուկայի սուբյեկտներ` տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացնողը (վաճառողը, մատակարարը, օտարողը, մատուցողը, կատարողը) և ձեռքբերողը (գնորդը, ստացողը, ընդունողը, սպառողը).

ապրանքային շուկայի ծավալ` ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանում տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացման կամ ձեռքբերման ընդհանուր ծավալը` բնեղեն և (կամ) արժեքային արտահայտությամբ.

իրացում` վաճառք, մատակարարում, օտարում, մատուցում, կատարում.

ձեռքբերում` գնում, ստացում, ընդունում.

պետական մարմին` պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին, պետության կամ համայնքի հիմնարկ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.

տնտեսվարող սուբյեկտ` արտոնագրային վճար վճարող, անհատ ձեռնարկատեր, իրավաբանական անձ, այլ կազմակերպություն, դրա ներկայացուցիչ, ներկայացուցչություն կամ մասնաճյուղ, անձանց խումբ: Սույն օրենքով նախատեսված համակենտրոնացման դեպքում տնտեսվարող սուբյեկտ է համարվում նաև ֆիզիկական անձը.

տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձ` տնտեսվարող սուբյեկտի միանձնյա գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող անձ կամ կոլեգիալ գործադիր մարմնի անդամ կամ կազմակերպչական, կարգադրական կամ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող ղեկավար անձ.

առևտրային օբյեկտ` գույքային համալիր (հողամաս, շենք, կառույց), որն օգտագործվում է իրացման ոլորտում ապրանքները սպառողին հասցնելու համար.

առևտրային ցանց` երկու կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ, որոնք գտնվում են ընդհանուր կառավարման ներքո կամ գործում են միևնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո.

տնտեսական պայմաններ (գործոններ)` ապրանքի ձեռքբերման, արտադրության, իրացման (ծառայության մատուցման, աշխատանքի կատարման) հետ կապված ծախսեր, հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ.

գնի չհիմնավորված բարձրացում` տնտեսվարող սուբյեկտի կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի` տնտեսական պայմանների (գործոնների) առկայությամբ չպայմանավորված բարձրացում.

գնի չհիմնավորված իջեցում` տնտեսվարող սուբյեկտի կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի` տնտեսական պայմանների (գործոնների) առկայությամբ չպայմանավորված իջեցում.

գնի չհիմնավորված պահպանում` տնտեսվարող սուբյեկտի կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի պահպանումը (ներառյալ` այդ գնի մինչև հինգ տոկոս փոփոխությունը) այն դեպքում, երբ որոշակի տնտեսական պայմանների (գործոնների) առկայությունը կարող էր հանգեցնել կամ պետք է հանգեցներ ավելի ցածր կամ ավելի բարձր գնի սահմանման.

խտրական պայմաններ` ապրանքային շուկա մուտք գործելու, արտադրության, փոխանակման, սպառման, իրացման կամ ապրանքի այլ կերպ փոխանցման պայմաններ, որոնք տնտեսվարող սուբյեկտի կամ սպառողի համար ստեղծում են անհավասար մրցակցային պայմաններ կամ անհավասար դրություն այլ տնտեսվարող սուբյեկտի կամ սպառողի համեմատությամբ.

մրցակցության սահմանափակման, կանխման կամ արգելման հատկանիշներ` անձանց խումբ չհանդիսացող տնտեսվարող սուբյեկտների քանակի կրճատում, ապրանքի գնի բարձրացում կամ իջեցում, որոնք կապված չեն ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների համապատասխան փոփոխությունների հետ, անձանց խումբ չհանդիսացող տնտեսվարող սուբյեկտների կողմից ապրանքային շուկայում ինքնուրույն գործողություններից հրաժարում, ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների սահմանում տնտեսվարող սուբյեկտների միջև հակամրցակցային համաձայնությունների արդյունքով, կամ այլ անձի կողմից տրված` նրանց համար պարտադիր կատարման ենթակա ցուցումներին համապատասխան, կամ անձանց խումբ չհանդիսացող տնտեսվարող սուբյեկտների գործողությունների համաձայնեցման արդյունքով, այլ հանգամանքներ, որոնք տնտեսվարող սուբյեկտի համար հնարավորություն են ստեղծում միակողմանիորեն ազդել ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների վրա, ինչպես նաև պետական մարմինների և (կամ) դրանց պաշտոնատար անձանց կողմից ապրանքների կամ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ օրենքով չնախատեսված պահանջների սահմանումը.

տնտեսական գործունեության համակարգում` տնտեսվարող սուբյեկտների գործողությունների համաձայնեցում այն ֆիզիկական անձի, տնտեսվարող սուբյեկտի կամ պետական մարմնի կամ դրանց պաշտոնատար անձի կողմից, որը այդ տնտեսվարող սուբյեկտներից ոչ մեկի հետ չի ընդգրկվում անձանց խմբում և գործունեություն չի իրականացնում այն ապրանքային շուկայում, որում իրականացվում է տնտեսվարող սուբյեկտների գործողությունների համաձայնեցումը.

ուղղակի վերահսկողություն` իրավաբանական կամ ֆիզիկական անձի` իրավաբանական անձի կողմից ընդունվող որոշումները կանխորոշելու հնարավորություն, որը դրսևորվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի գործառույթների իրականացման, իրավաբանական անձի ձեռնարկատիրական գործունեության իրականացման պայմանները սահմանելու իրավունքի ձեռքբերման և (կամ) իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալը կազմող բաժնետոմսերով (բաժնեմասերով) տրվող ձայների ընդհանուր թվի 50 տոկոսից ավելի ձայների տնօրինման միջոցով.

անուղղակի վերահսկողություն` իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից իրավաբանական անձի կողմից ընդունվող որոշումները կանխորոշելու հնարավորությունն այնպիսի իրավաբանական կամ ֆիզիկական անձի միջոցով, որն ունի ուղղակի վերահսկողություն տվյալ իրավաբանական անձի նկատմամբ.

(«անձանց խումբ» պարբերությունն ուժը կորցրել է 08.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-249-Ն օրենք)

վարչական (իրավական) ակտի կամ այլ փաստաթղթի (այսուհետ սույն պարբերությունում` թղթակցություն) հանձնում` թղթակցությունը հասցեատիրոջ գտնվելու, բնակվելու կամ գործունեության վայրի կամ փոստային հասցեով կամ նրա նշած այլ հասցեով պատվիրված նամակով ուղարկելը կամ առձեռն հանձնելը կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ ուղարկելը կամ պատշաճ այլ ձևով հանձնելը: Սույն պարբերությունում նշված վայրի կամ փոստային հասցեով ուղարկված (հանձնված) թղթակցությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված, անկախ այն հանգամանքից, թե ում է այն տրամադրվել: Ոչ ճիշտ հանձնված թղթակցության պատճառով հասցեատիրոջը պատճառված վնասի համար նրա առջև պատասխանատվություն է կրում փոստային կապի ծառայություն մատուցող կազմակերպությունը: Այն դեպքում, երբ հասցեատերը հրաժարվում է սույն պարբերությունում նշված վայրի կամ փոստային հասցեով ուղարկված թղթակցությունն ստանալուց կամ թղթակցության ստացումը հավաստող փաստաթուղթն ստորագրելուց, կամ հասցեատիրոջ բացակայության պատճառով Հանձնաժողովի կողմից պատվիրված նամակով ուղարկված թղթակցությունը վերադարձվում է, ապա թղթակցությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված Հանձնաժողովի կողմից http://www.azdarar.am հասցեում և (կամ) իր պաշտոնական կայքում հասցեատիրոջը հասցեագրված թղթակցության առկայության և դրա բովանդակությանը ծանոթանալու հնարավորության վերաբերյալ հայտարարություն հրապարակելու օրվան հաջորդող օրվանից հաշված երրորդ օրը.

ակտիվի արժեք` ակտիվի հաշվեկշռային արժեք.

փայաբաժին` իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցության իրավունք (բաժնեմաս, բաժնետոմս, այլ արժեթուղթ).

դիտանցում` տնտեսվարող սուբյեկտի կողմից իրացվող կամ ձեռքբերվող ապրանքի գնի, որակի, քանակի, այլ բնութագրերի, տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործողությունների կամ վարքագծի բացահայտման նպատակով տնտեսվարող սուբյեկտի գործունեության վայրում (այդ թվում` առևտրի օբյեկտում) իրականացվող դիտարկում.

պետական օժանդակություն տրամադրող մարմին` պետական մարմին, ինչպես նաև բոլոր այն մարմինները կամ կազմակերպությունները կամ պաշտոնատար անձինք, որոնք լիազորված են հանրային ֆինանսների կամ հանրային ռեսուրսների հաշվին տրամադրելու պետական օժանդակություն սույն օրենքի իմաստով:

2. Սույն հոդվածով սահմանված հասկացությունները կիրառվում են միայն սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի իմաստով:

3. Սույն օրենքում նշված մյուս հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իմաստով:

(4-րդ հոդ. փոփ. 25.12.03 ՀՕ-29-Ն, 22.02.07 ՀՕ-107-Ն, 26.12.08 ՀՕ-227-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն, 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 24.01.20 ՀՕ-79-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 4.1. Անձանց խումբը

 

1. Սույն օրենքի իմաստով անձանց խումբն իրավաբանական և (կամ) ֆիզիկական այնպիսի անձանց խումբ է, որոնց միջև փաստացի առկա է փոխկապվածություն կամ վերահսկողություն և որոնց նկատմամբ բավարարվում է հետևյալ պայմաններից առնվազն մեկը.

1) կազմակերպությունը և ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձն այդ կազմակերպությունում իր մասնակցության և (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի տնօրինելու (այդ թվում` առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության կամ այլ գործարքների միջոցով) կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին.

2) կազմակերպությունները, եթե միևնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձն այդ կազմակերպություններում իր մասնակցության և (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի տնօրինելու (այդ թվում` առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության կամ այլ գործարքների միջոցով) կազմակերպությունների կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին.

3) կազմակերպությունը և ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձը կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ պայմանագրի հիման վրա կամ այլ ձևով հնարավորություն է ստանում կանխորոշելու այդ կազմակերպության կողմից ընդունվող որոշումները (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) և (կամ) տալու այդ կազմակերպության կողմից պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ.

4) կազմակերպությունները, եթե միևնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձը կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ պայմանագրի հիման վրա կամ այլ ձևով հնարավորություն է ստանում կանխորոշելու այդ կազմակերպությունների կողմից ընդունվող որոշումները (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) և (կամ) տալու այդ կազմակերպությունների կողմից պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ.

5) կազմակերպությունը և ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձի առաջարկությամբ ընտրվել կամ նշանակվել է այդ կազմակերպության միանձնյա գործադիր մարմինը և (կամ) կոլեգիալ գործադիր մարմնի կազմի կեսից ավելին և (կամ) ընտրվել է այդ կազմակերպության կառավարման մարմնի կազմի կեսից ավելին.

6) կազմակերպությունները, եթե միևնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձի առաջարկությամբ ընտրվել կամ նշանակվել են այդ կազմակերպությունների միանձնյա գործադիր մարմինները և (կամ) կոլեգիալ գործադիր մարմինների կազմերի կեսից ավելին և (կամ) ընտրվել է այդ կազմակերպությունների կառավարման մարմինների կազմերի կեսից ավելին.

7) կազմակերպությունը և ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձն առնվազն մեկ տարի իրականացնում է այդ կազմակերպության միանձնյա գործադիր մարմնի իրավասությունները.

8) կազմակերպությունները, եթե միևնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձն առնվազն մեկ տարի իրականացնում է կազմակերպությունների միանձնյա գործադիր մարմինների իրավասությունները.

9) կազմակերպությունները, որոնցում կոլեգիալ գործադիր մարմնի անդամների կեսից ավելին միևնույն ֆիզիկական անձինք են.

10) ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք, որոնց կողմից շահագործվող առևտրային օբյեկտները ընդհանուր կառավարման ներքո են կամ գործում են միևնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո.

11) ֆիզիկական անձը, նրա ամուսինը, ծնողը, զավակը, եղբայրը, քույրը.

12) ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք, որոնցից յուրաքանչյուրը սույն մասում նշված հիմքերից որևէ մեկով անձանց խումբ է կազմում միևնույն անձի հետ, ինչպես նաև այլ անձինք, որոնք սույն մասում նշված հիմքերից որևէ մեկով տվյալ անձանցից որևէ մեկի հետ անձանց խումբ են կազմում.

13) կազմակերպությունը, ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձը, որոնք սույն մասում նշված հիմքերից որևէ մեկով կազմում են անձանց խումբ, եթե այդ անձինք կազմակերպությունում իրենց մասնակցության և (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի տնօրինելու (այդ թվում` առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության կամ այլ գործարքների միջոցով) այդ կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին:

(4.1-ին հոդ. լրաց. 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 2.
ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(2-րդ գլուխը փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն օրենք)

 

i
Հոդված 5. Հակամրցակցային համաձայնությունները, դրանց արգելումը

 

1. Սույն օրենքի իմաստով հակամրցակցային համաձայնություններ են համարվում տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված այն գործարքները, նրանց համաձայնությունները, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը, տնտեսվարող սուբյեկտների միավորումների ընդունած որոշումները (այսուհետ` համաձայնություններ), որոնք ուղղակի կամ անուղղակի հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Հակամրցակցային համաձայնությունները կնքվում (կայացվում) են`

1) միևնույն ապրանքային շուկայում գործող հնարավոր կամ փաստացի մրցակից հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների միջև (հորիզոնական համաձայնություն).

2) որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում գործող (մրցակից չհանդիսացող` տվյալ ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքներ իրացնող ու ձեռք բերող կամ հնարավոր իրացնող կամ ձեռք բերող) տնտեսվարող սուբյեկտների միջև (ուղղահայաց համաձայնություն).

3) (3-րդ կետն ուժը կորցրել է 08.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-249-Ն օրենք)

3. Հորիզոնական հակամրցակցային համաձայնությունները կարող են մասնավորապես վերաբերել`

1) շուկան կամ մատակարարման աղբյուրները բաշխելուն կամ բաժանելուն` ըստ իրացման կամ ձեռքբերման ծավալի կամ ապրանքի տեսականու կամ իրացնողների կամ ձեռք բերողների խմբերի կամ տարածքային սկզբունքով կամ այլ եղանակով.

2) այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելուն (շուկա մուտք գործելը սահմանափակելուն) կամ շուկայից նրանց դուրս մղելուն.

3) ապրանքների գների չհիմնավորված բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը.

4) իրացման կամ ձեռքբերման գների, դրույքաչափերի, զեղչերի, հավելաճի, արտոնությունների կամ առևտրի այլ պայմանների համաձայնեցված ուղղակի կամ անուղղակի սահմանմանը, փոփոխմանը կամ պահպանմանը.

5) արտադրանքի, մատակարարման, տեխնիկական զարգացման կամ արդիականացման, ներմուծման, առևտրի կամ ներդրումների սահմանափակմանը կամ վերահսկմանը.

6) ի վնաս սպառողի շահերի ապրանքների ներկրմանը կամ արտադրության չհիմնավորված կրճատմանը կամ դադարեցմանը կամ ապրանքները պահելու, փչացնելու, ոչնչացնելու միջոցով ապրանքային շուկայում պակասորդի ստեղծմանը կամ պահպանմանը.

7) պետական գնումների կամ մրցույթների կամ աճուրդների պայմանների կամ արդյունքների վերաբերյալ պայմանավորվածությանը կամ արդյունքների կեղծմանը (խեղաթյուրմանը) կամ ապրանքի գնի չհիմնավորված բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը.

8) առանց հիմնավոր պատճառի առևտրային գործունեությունը որևէ տնտեսվարող սուբյեկտի հետ կազմակերպելու պայմանավորվածությանը.

9) միևնույն ապրանք(ներ)ի համար անհավասար պայմաններ առաջարկելուն կամ կիրառելուն, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը.

10) պայմանագրի կողմին, ներառյալ` առևտրի օբյեկտներին, լրացուցիչ պարտավորություններ պարտադրելուն, որոնք տնտեսապես կամ տեխնոլոգիապես հիմնավորված չեն և անշահավետ են նրա համար կամ իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ.

10.1) որոշակի իրացնողների կամ ձեռք բերողների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ չմտնելու կամ պայմանագրային հարաբերությունները դադարեցնելու կամ կասեցնելու պարտադրմանը.

11) այլ պայմանների կամ վարքագծի, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը:

4. Ուղղահայաց հակամրցակցային համաձայնությունները կարող են մասնավորապես վերաբերել`

1) ապրանքների իրացման սահմանափակումներին` տարածքային, գնային կամ այլ հատկանիշներից ելնելով.

2) ապրանքների գների չհիմնավորված բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը.

3) այլ տնտեսվարող սուբյեկտներից (սուբյեկտներին) ապրանք ձեռք բերելուց (իրացնելուց) հրաժարվելուն.

4) միևնույն ապրանք(ներ)ի համար անհավասար պայմաններ առաջարկելուն կամ կիրառելուն, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը.

5) գործարքներում այնպիսի դրույթ(ներ) սահմանելուն, որը (որոնք) տնտեսապես կամ տեխնոլոգիապես հիմնավորված չէ (չեն) և անշահավետ է (են) նրա համար կամ իր(իրենց) բնույթով կամ իրականացման տեսանկյունից չի (չեն) առնչվում գործարքի բուն առարկայի հետ.

5.1) որոշակի իրացնողների կամ ձեռք բերողների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ չմտնելու կամ պայմանագրային հարաբերությունները դադարեցնելու կամ կասեցնելու պարտադրմանը.

6) այլ պայմանների կամ վարքագծի, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը:

5. Հակամրցակցային համաձայնությունը համարվում է ապացուցված, եթե`

1) առկա է այդ մասին վկայող որևէ փաստական տվյալ (այդ թվում` ցանկացած գրավոր փաստաթուղթ կամ գրավոր այլ ապացույց, տեսագրություն կամ ձայնագրություն) կամ օրենքով չարգելված ցանկացած այլ ապացույց.

2) այդ մասին են վկայում տնտեսվարող սուբյեկտների` սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նշված գործողությունները կամ վարքագիծը:

6. Հակամրցակցային համաձայնություն կնքելը (կայացնելը) արգելվում է:

7. Հակամրցակցային համաձայնություն չեն համարվում`

1) տնտեսվարող սուբյեկտների ուղղահայաց համաձայնությունները, եթե այդ համաձայնության մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը համապատասխան ապրանքային շուկայում չի գերազանցում 20 տոկոսը.

2) անձանց խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված համաձայնությունները, եթե այդ տնտեսվարող սուբյեկտներից մեկն ուղղակի կամ անուղղակի վերահսկողություն է սահմանել տնտեսվարող մյուս սուբյեկտի նկատմամբ, ինչպես նաև եթե այդ տնտեսվարող սուբյեկտները գտնվում են մեկ անձի ուղղակի կամ անուղղակի վերահսկողության տակ, բացառությամբ այնպիսի տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված համաձայնությունների, որոնք իրականացնում են գործունեության այնպիսի տեսակներ, որոնց միաժամանակ իրականացումն անձանց խմբում ընդգրկված մի քանի տնտեսվարող սուբյեկտի կողմից չի թույլատրվում օրենքով:

8. Մինչև համաձայնություն կնքելը (կայացնելը), եզրակացություն ստանալու համար, տնտեսվարող սուբյեկտները կարող են դիմել Հանձնաժողովին:

(5-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն, 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 5.1. Հակամրցակցային համաձայնությունների թույլատրման հիմքերը և կարգը

 

1. Որպես հակամրցակցային համաձայնություն որակման ենթակա ուղղահայաց հակամրցակցային համաձայնությունները Հանձնաժողովի որոշմամբ թույլատրվում են, եթե դրանցով տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ չեն սահմանվում այնպիսի սահմանափակումներ, որոնք անհրաժեշտ չեն այդ համաձայնությունների նպատակներն իրականացնելու համար և չեն ստեղծում համապատասխան ապրանքային շուկայում մրցակցության սահմանափակման, կանխման և (կամ) արգելման հնարավորություն, և եթե տնտեսվարող սուբյեկտներն ապացուցում են, որ նման համաձայնությունները նպաստում են կամ կարող են նպաստել`

1) ապրանքների արտադրության (իրացման) կատարելագործմանը կամ տեխնիկական (տնտեսական) առաջընթացը խթանելուն կամ համաշխարհային ապրանքային շուկայում անդամ պետություններում արտադրված ապրանքների մրցունակության բարձրացմանը.

2) համապատասխան անձանց կողմից նման գործողությունների իրականացման արդյունքով ձեռք բերվող առավելությունների (օգուտների) համապատասխան մասի ստացմանն սպառողների կողմից:

2. Հանձնաժողովն իրավասու է տնտեսվարող սուբյեկտների ուղղահայաց հակամրցակցային համաձայնությունները որոշմամբ թույլատրելու հետ մեկտեղ սահմանելու պարտադիր կատարման ենթակա հանձնարարություններ և (կամ) պայմաններ:

3. Հանձնաժողովն իրավասու է ուժը կորցրած ճանաչելու տնտեսվարող սուբյեկտների ուղղահայաց հակամրցակցային համաձայնությունը թույլատրելու վերաբերյալ որոշումը, եթե Հանձնաժողովի կողմից հետագայում ձեռք բերված ապացույցներով հաստատվի, որ այդ որոշումն ընդունվել է ոչ հավաստի տեղեկությունների հիման վրա, կամ եթե տնտեսվարող սուբյեկտը չի կատարել Հանձնաժողովի որոշմամբ սահմանված հանձնարարությունները կամ չի պահպանել Հանձնաժողովի որոշմամբ սահմանված պայմանները:

(5.1-ին հոդ. լրաց. 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 5.2. Տնտեսական գործունեության համակարգում

 

Արգելվում է տնտեսական գործունեության այնպիսի համակարգումը, որը հանգեցնում է և (կամ) կարող է հանգեցնել`

1) գների (սակագների), զեղչերի, հավելումների (հավելավճարների), հավելագների կիրառմանը կամ պահպանմանը.

2) աճուրդների, սակարկությունների, գնումների կամ մրցույթների ժամանակ գների բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը.

3) ապրանքային շուկայի բաժանմանը` ըստ տարածքային սկզբունքի, ապրանքների իրացման կամ ձեռքբերման ծավալի, իրացվող ապրանքների տեսականու կամ վաճառողների կամ գնորդների կամ պատվիրատուների կազմի.

4) ապրանքների արտադրության կրճատմանը կամ դադարեցմանը.

5) կոնկրետ վաճառողների կամ գնորդների կամ պատվիրատուների հետ պայմանագրեր կնքելուց հրաժարվելուն.

6) ապրանքի վերավաճառքի գնի սահմանմանը, բացառությամբ այն դեպքի, երբ վաճառողը գնորդի համար սահմանում է ապրանքի վերավաճառքի առավելագույն գինը.

7) գնորդի` այն տնտեսվարող սուբյեկտի ապրանքը չվաճառելու պարտավորությանը, որը վաճառողի մրցակիցն է: Այդպիսի արգելքը չի տարածվում գնորդի կողմից` ապրանքային նշան կամ վաճառողի կամ արտադրողի անհատականացման այլ միջոց կրող ապրանքի վաճառքը կազմակերպելու վերաբերյալ համաձայնության վրա.

8) այլ եղանակներով մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը:

(5.2-րդ հոդ. լրաց. 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 3.
ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ

(3-րդ գլուխը փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն օրենք)

 

i
Հոդված 6. Մենաշնորհ կամ գերիշխող դիրքը

 

1. Սույն օրենքի իմաստով տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է մենաշնորհ դիրք ունեցող, եթե որպես իրացնող կամ ձեռք բերող չունի մրցակից:

2. Տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե`

1) տվյալ ապրանքային շուկայում ունի շուկայական իշխանություն, մասնավորապես, որպես իրացնող կամ ձեռք բերող չի հանդիպում էական մրցակցության և (կամ) իր ֆինանսական կարողությունից կամ այլ հատկանիշներից ելնելով` հնարավորություն ունի որոշիչ ազդեցություն ունենալու տվյալ ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա և (կամ) դուրս մղելու այլ տնտեսվարող սուբյեկտին տվյալ ապրանքային շուկայից և (կամ) խոչընդոտելու տվյալ ապրանքային շուկա մուտք գործելուն, կամ

2) որպես իրացնող կամ ձեռք բերող իրացման կամ ձեռքբերման ծավալներով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ երրորդը, կամ

3) ապրանքային շուկայում իրացման կամ ձեռքբերման առավել մեծ ծավալներ ունեցող երկու տնտեսվարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք, որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն մեկ երկրորդը, կամ

4) ապրանքային շուկայում իրացման կամ ձեռքբերման առավել մեծ ծավալներ ունեցող երեք տնտեսվարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք, որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն երկու երրորդը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով տնտեսավարող սուբյեկտ(ներ)ը գերիշխող դիրք ունեցող է (են) համարվում` հաշվի առնելով տվյալ ապրանքային շուկայի կառուցվածքի առանձնահատկություններն այդ շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների բաժինների բաշխվածության վերաբերյալ:

Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով տնտեսավարող սուբյեկտ(ներ)ը չի (չեն) կարող համարվել գերիշխող դիրք ունեցող, եթե նա (նրանք), որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով չի (չեն) գերազանցում տվյալ շուկայի մեկ տասներորդը:

Սույն հոդվածում նշված տնտեսավարող սուբյեկտ(ներ)ը կարող է (են) ներկայացնել տվյալ ապրանքային շուկայում իր(ենց) գերիշխող դիրքի առկայությունը բացառող ապացույցներ:

4. Տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի, այդ թվում` շուկայական իշխանության որոշման կարգը և չափանիշները սահմանում է Հանձնաժողովը:

i

5. Տնտեսվարող սուբյեկտը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե`

1) տվյալ տնտեսվարող սուբյեկտի ընդհանուր կառավարման ներքո գտնվում են չորս կամ ավելի առևտրային օբյեկտներ (առևտրային ցանց), որոնցում իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1.5 մլրդ դրամը, կամ

2) տվյալ տնտեսվարող սուբյեկտին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող միևնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործում են չորս կամ ավելի առևտրային օբյեկտներ (առևտրային ցանց), որոնցում իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1.5 մլրդ դրամը:

6. (6-րդ մասն ուժը կորցրել է 08.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-249-Ն օրենք)

7. Մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի լուծարման (պետական հաշվառումից հանելու) համար պարտադիր է Հանձնաժողովի կողմից տրամադրվող տեղեկանքն առ այն, որ Հանձնաժողովը չի առարկում տնտեսվարող սուբյեկտի լուծարմանը (պետական հաշվառումից հանելուն):

(6-րդ հոդ. փոփ. 28.06.02 ՀՕ-398-Ն, 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն, 08.12.17 ՀՕ-253-Ն, 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

i
Հոդված 7. Մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը

 

1. Արգելվում է տնտեսվարող սուբյեկտների կողմից մենաշնորհ կամ գերիշխող դիրքի (այսուհետ` գերիշխող դիրք) չարաշահումը:

2. Գերիշխող դիրքի չարաշահում է համարվում`

ա) իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված, խտրական գների սահմանումը կամ կիրառումը կամ օրենսդրությանը հակասող առևտրի այլ պայմանների ուղղակի կամ անուղղակի պարտադրումը.

ա.1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ գործարար շրջանառության սովորույթներին հակասող պայմանների ուղղակի կամ անուղղակի պարտադրումը կամ կիրառումը, որի հետևանքով ստեղծվում են կամ կարող են ստեղծվել անհավասար մրցակցային պայմաններ.

բ) այլ տնտեսվարող սուբյեկտի առևտրի կամ արտադրության արդիականացման կամ ներդրումների սահմանափակումը.

գ) ի վնաս սպառողի շահերի ապրանքների ներկրման կամ արտադրության չհիմնավորված կրճատումը կամ դադարեցումը կամ ապրանքները պահելու, փչացնելու կամ ոչնչացնելու միջոցով ապրանքային շուկայում պակասորդի ստեղծումը կամ պահպանումը.

դ) այլ տնտեսվարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ խտրական պայմանների (այդ թվում` գների) սահմանումը կամ կիրառումն այլ հավասար պայմաններում.

ե) պայմանագրի կողմին կամ պայմանագիր կնքել ցանկացող անձին, ներառյալ` առևտրի օբյեկտներին, իրենց համար ոչ շահավետ կամ պայմանագրի առարկային չվերաբերող տնտեսապես և (կամ) տեխնոլոգիապես չհիմնավորված պայմաններ պարտադրելը.

զ) տնտեսվարող սուբյեկտների վերակազմակերպման, լուծարման կամ տնտեսական կապերի խզման պարտադրումը.

է) այլ տնտեսվարող սուբյեկտի շուկա մուտք գործելուն խոչընդոտելու (շուկա մուտք գործելը սահմանափակելու) կամ շուկայից նրան դուրս մղելու գործողությունը կամ վարքագիծը, որի հետևանքով այլ տնտեսվարող սուբյեկտը մուտք չի գործել շուկա կամ դուրս է մղվել շուկայից կամ կատարել է լրացուցիչ ծախսեր` շուկայից դուրս չմղվելու համար կամ որի հետևանքով այլ տնտեսվարող սուբյեկտը կարող էր մուտք չգործել շուկա կամ դուրս մղվել շուկայից կամ կատարել լրացուցիչ ծախսեր` շուկայից դուրս չմղվելու համար.

ը) այնպիսի պայմանների առաջարկը կամ կիրառումը, որոնք առաջացնում են կամ կարող են առաջացնել մրցակցային անհավասար պայմաններ այն դեպքում, երբ համանման պայմաններ չեն առաջարկվել տվյալ ապրանքային շուկայում գործող մյուս տնտեսվարող սուբյեկտներին.

թ) իրացման կամ ձեռքբերման գների զեղչերի կամ արտոնությունների սահմանումը, փոփոխումը կամ պահպանումը, եթե դրանք նպատակաուղղված են մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը.

ժ) ապրանքի գնի չհիմնավորված բարձրացումը, իջեցումը կամ պահպանումը.

ժա) չհիմնավորված բարձր կամ չհիմնավորված ցածր գների սահմանումը և (կամ) կիրառումը.

ժբ) ապրանք ձեռք բերողի կամ ձեռք բերել ցանկացողի հետ պայմանագիր կնքելուց տնտեսապես կամ տեխնոլոգիապես չհիմնավորված պատճառներով հրաժարվելը կամ խուսափելը համապատասխան ապրանքի արտադրության և (կամ) իրացման հնարավորության առկայության դեպքում.

ժգ) այլ պայմանների կամ վարքագծի սահմանումը կամ կիրառումը, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը:

3. Բացի սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողություններից (վարքագծից), առևտրային ցանցի կողմից գերիշխող դիրքի չարաշահում է համարվում նաև`

1) պայմանագրի կողմին պայմանների պարտադրումը, որոնք վերաբերում են`

ա) այլ տնտեսվարող սուբյեկտի հետ պայմանագիր կնքելու արգելքին,

բ) այլ տնտեսվարող սուբյեկտի հետ կնքվող պայմանագր(եր)ի վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանը,

գ) տնտեսվարող սուբյեկտից լրացուցիչ վճարի գանձմանը կամ այլ պայմանի պարտադրմանը, եթե մատակարարում իրականացվելու է նաև տվյալ առևտրային ցանցի մեջ մտնող նոր առևտրային օբյեկտին,

դ) տնտեսվարող սուբյեկտից լրացուցիչ վճարի գանձմանը կամ այլ պայմանի պարտադրմանը` կապված մատակարարվող ապրանք(ներ)ի տեսականու փոփոխության հետ,

ե) մատակարարված և առևտրային ցանցի սեփականությունը համարվող ապրանք(ներ)ի փչացման, վնասվածքի, կորստի կամ ոչնչացման դեպքում տնտեսվարող սուբյեկտի կողմից վնասների փոխհատուցմանը, բացառությամբ այն դեպքի, երբ դա տեղի է ունեցել վերջինիս մեղքով,

զ) տնտեսվարող սուբյեկտի կողմից այն ծախսերի փոխհատուցմանը, որոնք կապված չեն ապրանք(ներ)ի մատակարարման պայմանագրի կատարման կամ ապրանք(ներ)ի հետագա իրացման հետ,

է) այն ապրանք(ներ)ի վերադարձման պարտավորության սահմանմանը, որոնք չեն իրացվել որոշակի ժամանակահատվածի ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքների վերադարձման պահանջը սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ,

ը) այլ հանգամանքների, որոնք պարունակում են սույն կետով սահմանված պայմանների էական տարրեր.

2) առանց գրավոր պայմանագիր կնքելու մատակարարում իրականացնելուն պարտադրելը:

(7-րդ հոդ. փոփ. 25.12.03 ՀՕ-29-Ն, 04.05.05 ՀՕ-91-Ն, 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն, 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 7.1. Չհիմնավորված բարձր գինը

 

1. Չհիմնավորված բարձր գին է համարվում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի սահմանած` ապրանքի իրացման կամ ձեռքբերման այն գինը, որը բարձր է այդ ապրանքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերի և շահույթի գումարից, և այն գնից, որը ձևավորվել է մրցակցության պայմաններում այնպիսի ապրանքային շուկայում, որը համադրելի է` ըստ ապրանք ձեռք բերողների կամ իրացնողների կազմի, ապրանքաշրջանառության պայմանների, ապրանքային շուկայի հասանելիության պայմանների, պետական կարգավորման, այդ թվում` հարկման ու մաքսասակագնային կարգավորման (այսուհետ` համադրելի ապրանքային շուկա)` Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս այդպիսի շուկայի առկայության դեպքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Չհիմնավորված բարձր գին չի համարվում ապրանքի այն գինը, որը`

1) սահմանվել է հանրային ծառայությունների մատուցման ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սակագների սահմաններում.

2) սահմանվել է նորարարական գործունեության արդյունքով, այսինքն` այնպիսի գործունեության, որը հանգեցնում է նոր, փոխադարձ անփոխարինելի ապրանքի ստեղծմանը կամ նոր փոխադարձ փոխարինելի ապրանքի ստեղծմանը` դրա արտադրության ծախսերի կրճատման կամ որակի բարելավման դեպքում:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված չհիմնավորված բարձր գնի որոշման ընթացքում Հանձնաժողովը հաշվի է առնում տվյալ ապրանքի համաշխարհային շուկաներում սահմանված բորսայական և ոչ բորսայական գնի ցուցանիշները` ելնելով յուրաքանչյուր գործի առանձնահատկություններից:

(7.1-ին հոդ. լրաց. 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 7.2. Չհիմնավորված ցածր գինը

 

1. Չհիմնավորված ցածր գին է համարվում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի սահմանած` ապրանքի իրացման կամ ձեռքբերման այն գինը, որը ցածր է այդ ապրանքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերի և շահույթի գումարից, և այն գնից, որը ձևավորվել է մրցակցության պայմաններում համադրելի ապրանքային շուկայում` Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս այդպիսի շուկայի առկայության դեպքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Ապրանքի գինը չի համարվում չհիմնավորված ցածր, եթե`

1) այն սահմանվել է հանրային ծառայությունների մատուցման ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սակագների սահմաններում.

2) այդ գնի սահմանումը չի հանգեցրել կամ չէր կարող հանգեցնել մրցակցության սահմանափակման` կապված ապրանքային շուկայում ապրանք իրացնողների և ձեռք բերողների հետ անձանց խումբ չհանդիսացող տնտեսվարող սուբյեկտների քանակի կրճատման հետ:

(7.2-րդ հոդ. լրաց. 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 4.
ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ

(4-րդ գլուխը փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն օրենք)

 

i
Հոդված 8. Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հասկացությունը

 

1. Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացում է համարվում`

1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված տնտեսվարող սուբյեկտների միացումը.

2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված տնտեսվարող սուբյեկտների միաձուլումը.

3) տնտեսվարող սուբյեկտի կողմից Հայաստանի Հանրապետությունում գրանցված այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերումը, եթե դրանց արժեքն ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող ակտիվների արժեքի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների արժեքի 20 տոկոսը կամ ավելին.

4) տնտեսվարող սուբյեկտի կողմից Հայաստանի Հանրապետությունում գրանցված այլ տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող փայաբաժնի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոսը կամ ավելին.

5) տնտեսվարող սուբյեկտների ցանկացած գործարք, գործողություն, վերակազմակերպում կամ վարքագիծ, որի շնորհիվ տնտեսվարող սուբյեկտն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կազդի այլ տնտեսվարող սուբյեկտի որոշումների կայացման կամ մրցունակության վրա կամ կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:

2. Միացման մասնակիցներ են համարվում միացման ձևով վերակազմակերպվող տնտեսվարող սուբյեկտները:

3. Միաձուլման մասնակիցներ են համարվում միաձուլվող տնտեսվարող սուբյեկտները:

4. Ակտիվների ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են ակտիվներ իրացնող և ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտները:

5. Փայաբաժնի ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են փայաբաժին ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտը և այն տնտեսվարող սուբյեկտը, որի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում փայաբաժին է ձեռք բերվում:

6. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում իրավահարաբերության մասնակից տնտեսվարող սուբյեկտները:

i

7. Սույն օրենքի իմաստով համակենտրոնացումը կայացվում է`

1) միևնույն ապրանքային շուկայում (հորիզոնական համակենտրոնացում).

2) որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում (ուղղահայաց համակենտրոնացում).

3) տարբեր ապրանքային շուկաներում (խառը համակենտրոնացում):

8. Համակենտրոնացում չեն համարվում տնտեսվարող սուբյեկտների սույն հոդվածի 1-ին մասում նշված վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները, որոնք տեղի են ունենում սույն օրենքի 4.1-ին հոդվածի համաձայն անձանց խումբ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների միջև:

(8-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն, 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

i
Հոդված 9. Համակենտրոնացման հայտարարագրումը

 

i

1. Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացումը, մինչև գործողության մեջ դնելը, ենթակա է հայտարարագրման, եթե`

1) համակենտրոնացման մասնակիցների ակտիվների կամ հասույթի ընդհանուր արժեքը (չափը) կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների կամ հասույթի արժեքը (չափը) դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ակտիվների կամ հասույթ(ներ)ի արժեքը (չափը).

2) համակենտրոնացման մասնակիցներից առնվազն մեկը որևէ ապրանքային շուկայում ունի գերիշխող դիրք:

2. Համակենտրոնացման հայտարարագրում նշվում է համակենտրոնացման ձևը, նպատակը և մասնակիցներից յուրաքանչյուրի մասին հետևյալ տեղեկատվությունը`

1) անունը (անվանումը), բնակվելու (գտնվելու) և գործունեության վայրը.

2) գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունները` հայտարարագրմանը նախորդող ֆինանսական տարվա վերջի դրությամբ, իսկ օրենքով սահմանված` ֆինանսական հաշվետվությունների աուդիտի պարտադիր անցկացման պահանջի առկայության դեպքում` նաև դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը: Եթե համակենտրոնացման մասնակիցներից որևէ մեկը գործունեությունը սկսել է տվյալ տարում, ապա նրա ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը ներկայացվում են հայտարարագրմանը նախորդող ամսվա վերջի դրությամբ: Հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերում տնտեսվարող սուբյեկտի կողմից կարող է ներկայացվել նաև այլ ժամկետի դրությամբ առկա ֆինանսական հաշվետվություն.

3) նախորդ տարվա ընթացքում իրացրած ապրանքների ծավալներն ըստ տեսականու, ինչպես նաև արտադրական կարողությունների նկարագիրը.

4) Հանձնաժողովի` համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը հաստատելու մասին որոշմամբ սահմանված այլ փաստաթղթեր և տեղեկատվություն:

i

3. Համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը սահմանում է Հանձնաժողովը:

(9-րդ հոդ. փոփ. 23.05.06 ՀՕ-74-Ն, 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն, 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 10. Համակենտրոնացման պետական կարգավորումը

 

1. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը թույլատրվում կամ արգելվում է Հանձնաժողովի որոշման հիման վրա, որը կարող է պարունակել նաև համակենտրոնացման մասնակցի (մասնակիցների) համար պարտադիր կատարման ենթակա պայմաններ և պարտավորություններ:

2. Հանձնաժողովը հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը գնահատելիս հաշվի է առնում տնտեսական մրցակցությունը խոչընդոտելու, այդ թվում` գերիշխող դիրքի հանգեցնելու կամ գերիշխող դիրքն ամրապնդելու կամ մրցակցային պայմանների վատթարացման հանգամանքները:

3. Հանձնաժողովը հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը թույլ է տալիս նաև այն դեպքում, երբ տնտեսվարող սուբյեկտն ապացուցում է, որ տվյալ համակենտրոնացման արդյունքով ապրանքային շուկայում կապահովվեն մրցակցային պայմաններ:

4. Արգելվում է հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը գործողության մեջ դնելը`

1) մինչև Հանձնաժողովի կողմից որոշում կայացնելը (չհայտարարագրված համակենտրոնացում).

2) Հանձնաժողովի կողմից համակենտրոնացումն արգելելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում (արգելված համակենտրոնացում):

5. Հանձնաժողովի որոշմամբ արգելված գործողության մեջ դրված համակենտրոնացումը Հանձնաժողովի որոշմամբ ենթակա է լուծարման (լուծման, դադարեցման)` օրենսդրությամբ սահմանված կարգով:

(10-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն, 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 5.
ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

i
Հոդված 11. Անբարեխիղճ մրցակցությունը

 

i

1. Անբարեխիղճ մրցակցություն է համարվում տնտեսվարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է սույն օրենքին, այլ օրենքներին, իրավական ակտերին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է մրցակիցների միջև կամ վերջիններիս ու սպառողների միջև բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և (կամ) անաչառության սկզբունքները:

2. Անբարեխիղճ մրցակցությունն արգելվում է:

3. Յուրաքանչյուր շահագրգիռ անձ, այդ թվում` սպառողը, որն անբարեխիղճ մրցակցության հետևանքով վնաս է կրել, իրավունք ունի անբարեխիղճ մրցակցությունը դադարեցնելու պահանջով դիմելու դատարան: Սույն իրավունքը վերապահվում է նաև շահագրգիռ անձերի տնտեսական շահերը պաշտպանելու իրավասություն ունեցող կազմակերպություններին:

4. Անբարեխիղճ մրցակցության գործողություններ են սույն օրենքի 12-15-րդ, 15.1-ին և 16-րդ հոդվածներում թվարկված դեպքերը, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասի հատկանիշներին համապատասխանող այլ գործողություններ:

(11-րդ հոդ. փոփ. 30.09.08 ՀՕ-168-Ն, 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

i
Հոդված 12. Տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթություն առաջացնելը

 

1. Տնտեսվարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որն առաջացնում է կամ կարող է առաջացնել շփոթություն այլ տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների նկատմամբ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:

2. Սույն հոդվածի իմաստով շփոթության առաջացում է համարվում`

1) գրանցված ապրանքային կամ սպասարկման նշանին կամ արդյունաբերական նմուշին շփոթության աստիճանի նման չգրանցված ապրանքային կամ սպասարկման նշանի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումը.

2) առավել վաղ օգտագործվող չգրանցված ապրանքային կամ սպասարկման նշանին կամ արդյունաբերական նմուշին շփոթության աստիճանի նման չգրանցված ապրանքային կամ սպասարկման նշանի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումը.

3) գրանցված ապրանքային կամ սպասարկման նշանին կամ արդյունաբերական նմուշին նույնական ապրանքային կամ սպասարկման նշանի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումն առանց իրավատիրոջ համաձայնության.

4) ֆիրմային անվանմանը շփոթության աստիճանի նման ֆիրմային անվանման օգտագործումը կամ ֆիրմային անվանման ապօրինի օգտագործումը.

5) ապրանքի արտաքին տեսքի, օրինակ` ապրանքի փաթեթավորման, գույնի կամ այլ ոչ ֆունկցիոնալ բնութագրերի նկատմամբ շփոթություն առաջացնող գործողությունները կամ վարքագիծը.

6) քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, անհատականացման այլ միջոցների, օրինակ` գործարարության խորհրդանիշի, բառեր փոխարինող նշանների կամ տառերի, կարգախոսների նկատմամբ շփոթություն առաջացնող գործողությունները կամ վարքագիծը.

7) ապրանքների ներկայացման ձևերի, այդ թվում` գովազդի, ծառայողական հագուստի, ապրանքների մատուցման ոճի նկատմամբ շփոթություն առաջացնող գործողությունները կամ վարքագիծը.

8) հռչակավոր մարդկանց, գրականության, արվեստի կամ սպորտի հանրաճանաչ գործիչների, հանրաճանաչ այլ անձանց անունների, այլ տվյալների, պատկերների օգտագործումը, ստեղծագործությունների, դրանց անվանումների, տեքստերի կամ պատկերների ամբողջական կամ մասնակի արտատպումը, պատճենումը կամ այլ կերպ օգտագործումն առանց համապատասխան համաձայնության (թույլտվության):

(12-րդ հոդ. փոփ. 12.04.11 ՀՕ-137-Ն, 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

i
Հոդված 13. Տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վարկաբեկումը

 

1. Վերաբերյալ ցանկացած կեղծ կամ անհիմն հայտարարություն, որը վարկաբեկում է կամ կարող է վարկաբեկել տնտեսվարող սուբյեկտին, նրա գործունեությունը կամ առաջարկած ապրանքները, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:

2. Սույն հոդվածի իմաստով վարկաբեկումը կարող է ծագել ապրանքների գովազդմանը կամ տարածմանը նպաստող միջոցառումների իրականացման ընթացքում և, մասնավորապես, տեղի ունենալ ապրանքների`

- արտադրության գործընթացի,

- որոշակի նպատակի համար դրանց պիտանիության,

- որակի, քանակի կամ այլ բնութագրերի,

- առաջարկման կամ մատուցման պայմանների,

- գնի կամ դրա հաշվարկման եղանակի նկատմամբ:

(13-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 14. Հասարակության մոլորեցումը

 

1. Ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:

2. Սույն հոդվածի իմաստով մոլորեցումը կարող է ծագել ապրանքների գովազդմանը կամ տարածմանը նպաստող միջոցառումների իրականացման ընթացքում, մասնավորապես, տեղի ունենալ ապրանքի աշխարհագրական ծագման, ինչպես նաև սույն օրենքի 13 հոդվածի 2-րդ մասում թվարկված առանձնահատկությունների նկատմամբ: Մոլորեցում է համարվում նաև ապրանքների որակն անհիմն չափազանցնելը, որակի, քանակի կամ այլ բնութագրերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը, որը կարող է հանգեցնել թյուր տպավորության ստեղծման (ապակողմնորոշման), կեղծիքը գովազդատուի անձի վերաբերյալ: Հասարակության մոլորեցում է համարվում նաև ապրանքի արտադրության տարեթվի, ամսվա, օրվա կամ պահպանման ժամկետի, տվյալ ապրանքը արտադրող կամ ներկրող տնտեսվարող սուբյեկտի անվան (անվանման) կամ հասցեի կամ օրենսդրությամբ նախատեսված տվյալների կամ պայմանների վերաբերյալ հայերեն նշումների բացակայությունը կամ օրենքին հակասող նշումների առկայությունը կամ գովազդի մեջ (գովազդման ընթացքում) կամ իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների (տեղեկությունների) նշումը կամ այնպիսի տվյալների (տեղեկությունների) բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել իրացվող կամ գովազդվող ապրանքի վերաբերյալ կամ օրենքին հակասող գովազդը:

3. Հասարակության մոլորեցման առկայության հարցը որոշում է Հանձնաժողովը:

(14-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն, 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

i
Հոդված 15. Տնտեսվարող սուբյեկտի համբավի, վարկարժեքի վնասումը

 

1. Ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը շփոթություն առաջացնելուց անկախ վնասում է կամ կարող է վնասել տնտեսվարող սուբյեկտի համբավը կամ վարկարժեքը (ոչ նյութական ակտիվը), համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:

2. Սույն հոդվածի իմաստով տնտեսվարող սուբյեկտի համբավի կամ վարկարժեքի վնասումը կարող է հիմնականում լինել սույն օրենքի 12 հոդվածի 2-րդ մասում թվարկված օբյեկտների հետ կապված համբավի կամ վարկարժեքի թուլացման արդյունք:

Համբավի կամ վարկարժեքի թուլացում է համարվում սույն օրենքի 12 հոդվածի 2-րդ մասում թվարկված տարբերակիչ բնութագրերի կամ գովազդային նշանակությունների (իմաստի) նվազեցումը, մասնավորապես որոշակի ապրանքների համար գրանցված կամ ճանաչում ձեռք բերած ապրանքային նշանին նման կամ նույնական նշան կիրառելով` միանգամայն տարբեր այլ ապրանքների համար:

(15-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն, 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 15.1. Անտեղի համեմատությունների կատարումը

 

Տնտեսվարող սուբյեկտի կողմից անտեղի` ոչ կոռեկտ, անպատշաճ համեմատություն կատարելն իր կողմից արտադրվող կամ իրացվող ապրանքների և այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրվող կամ իրացվող ապրանքների միջև համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:

(15.1-ին հոդ. լրաց. 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 16. Անբարեխիղճ մրցակցությունը չբացահայտված տեղեկատվության նկատմամբ

 

1. Սույն հոդվածի իմաստով չբացահայտված են համարվում տեխնիկական, կազմակերպչական կամ առևտրային տեղեկատվությունները, այդ թվում` արտադրության գաղտնիքները (նոու-հաու), եթե դրանք`

ա) որպես ամբողջություն կամ իր մասերի ճշգրիտ փոխդասավորվածությամբ և համախմբությամբ ընդհանրապես հայտնի կամ դյուրամատչելի չեն տվյալ կարգի տեղեկատվության հետ սովորաբար առնչվող անձանց համար.

բ) երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունեն իրական կամ հնարավոր որոշակի առևտրային արժեք, բայց բացակայում են օրինական հիմքերով դրանց ազատորեն ստանալու հնարավորությունները.

գ) օրինականորեն տնօրինող ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից ձեռնարկվել են տեղեկատվությունն առկա հանգամանքներում գաղտնի պահելու ողջամիտ քայլեր, որոնք կարող են արտահայտված լինել համապատասխան պայմանագրի կնքման և (կամ) դրա պայմանների ապահովման, նախազգուշական այլ միջոցների ձեռնարկման տեսքով` պահպանելով այն նույնականացման տեղեկակիրներում` փաստաթղթերի, համակարգչային ֆայլերի, տեսագրման և ձայնագրման ժապավենների, տվյալ տեղեկատվությունը մարմնավորող իրի տեսքով և այլն:

Չբացահայտված տեղեկատվության առարկա կարող են լինել արտադրության եղանակները, քիմիական բանաձևերը, գծագրերը, փորձնական նմուշները, ապրանքի վաճառքի և բաշխման եղանակները, պայմանագրի ձևերը, գործարար ծրագրերը, պայմանագրային գների մանրամասնությունները, սպառողների մասնագիտական գործունեության ոլորտները (պրոֆիլները), գովազդման ռազմավարությունը, մատակարարների կամ հաճախորդների ցուցակները, համակարգչային ծրագրային ապահովումները, տվյալների հիմնապաշարները (բազաները) և այլն:

Չբացահայտված տեղեկատվություն չեն համարվում վարչական բնույթի դիտարկումների միջոցով հավաքված հաշվետվություններում ընդգրկված նյութերը և տեղեկությունները:

2. Ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հանգեցնում է չբացահայտված տեղեկատվության ձեռքբերմանը, օգտագործմանը կամ բացահայտմանը` առանց դրա օրինաչափ տիրապետողի համաձայնության կամ գործարար շրջանառության սովորույթներին հակասող ձևերով, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:

3. Սույն օրենքի 11 հոդվածի 3-րդ մասում նշված իրավունքները ծագում են անկախ չբացահայտված տեղեկատվության նկատմամբ որևէ ձևականություն կատարելուց (գրանցելուց, վկայական ստանալուց և այլն) և գործում են այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանները:

4. Սույն հոդվածի իմաստով չբացահայտված տեղեկատվության ձեռքբերման, օգտագործման կամ բացահայտման գործարար շրջանառության սովորույթներին հակասող եղանակներից են`

ա) արդյունաբերական, առևտրային լրտեսությունը կամ դրան հարկադրումը.

բ) չբացահայտված տեղեկատվությանն առնչվող պայմանագրի խախտումը, լուծումը կամ դրան հարկադրումը.

գ) խորհրդապահության խախտումը կամ դրան հարկադրումը.

դ) չբացահայտված տեղեկատվության ձեռքբերումը երրորդ անձի կողմից, որը գիտեր կամ կարող էր իմանալ, որ դա ենթադրում է վերոհիշյալ կետերում նշված գործողությունների կատարում:

5. Չբացահայտված տեղեկատվության օգտագործում է համարվում դրա կիրառումը ձեռնարկատիրական գործունեության ընթացքում, ինչպես նաև դրա կիրառմամբ ստացված կամ մշակված (վերամշակված) ապրանքը տնտեսական շրջանառության մեջ մտցնելը:

6. Չբացահայտված տեղեկատվության բացահայտում է համարվում ինչպես դրա հրապարակումը, այնպես էլ փոխանցումը մեկ այլ անձի, որը, գաղտնի պահելով այն, կարող է նյութական կամ այլ օգուտ ստանալ:

7. Ցանկացած գործողություն կամ վարքագիծ համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն, եթե այն հանդիսանում է կամ դրան հետևում է`

ա) նոր քիմիական խառնուրդի, բաղադրության կամ միացության օգտագործմամբ դեղագործական կամ գյուղատնտեսական քիմիական ապրանքների հավանություն ստանալու նպատակներով իրավասու մարմին ներկայացված և զգալի ջանքերի արդյունք հանդիսացող փորձարկման կամ այլ չբացահայտված տվյալների անբարեխիղճ առևտրային օգտագործում.

բ) սույն մասի «ա» կետում նշված տվյալների բացահայտում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է հասարակության շահերի պաշտպանության համար, կամ եթե արդեն ստեղծված են անբարեխիղճ առևտրային օգտագործումից տվյալների պաշտպանության երաշխիքներ:

Սույն մասի իմաստով տվյալների անբարեխիղճ առևտրային օգտագործում է համարվում դրանց վաճառքն այլ անձանց, օգտագործումը նույն կամ նման ապրանքներ արտադրելու համար և այլն:

8. Եթե չբացահայտված տեղեկատվությունն ապօրինի օգտագործող անձն այն ստացել է դա տարածելու (հրապարակելու) իրավունքը չունեցող անձից, որի մասին ինքը չգիտեր և պարտավոր չէր իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա չբացահայտված տեղեկատվության օրինական տիրապետողն իրավունք ունի բարեխիղճ ձեռք բերողից պահանջել չբացահայտված տեղեկատվության օգտագործմամբ իրեն պատճառված վնասի հատուցում` սկսած այն պահից, երբ բարեխիղճ ձեռք բերողն իմացել է, որ դրա օգտագործումն ապօրինի է:

9. Հաշվի առնելով չբացահայտված տեղեկատվության օգտագործման հետ կապված բարեխիղճ ձեռք բերողի կատարած ծախսերը` դատարանը կարող է թույլատրել դրա հետագա օգտագործումը մինչև կատարված ծախսերի փոխհատուցումը:

10. Չբացահայտված տեղեկատվության բովանդակություն ունեցող տեղեկություններն ինքնուրույն և օրինաչափ ստացած անձն իրավունք ունի դրանք օգտագործել` անկախ համապատասխան չբացահայտված տեղեկատվության տիրապետողի իրավունքներից և վերջինիս հանդեպ դրա օգտագործման համար պատասխանատվություն չի կրում:

11. Չբացահայտված տեղեկատվությունն օրինականորեն տնօրինող անձը կարող է դրա բովանդակությունը կազմող տեղեկություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն տրամադրել այլ անձի` համապատասխան պայմանագրի հիման վրա:

12. Համապատասխան պայմանագրի հիման վրա չբացահայտված տեղեկատվությունը տնօրինող անձը պարտավոր է պատշաճ միջոցներ ձեռնարկել դրա գաղտնիության պահպանման համար և չբացահայտված տեղեկատվության օրինաչափ տիրապետողի հետ հավասար որպես այդպիսին ունի երրորդ անձանց ապօրինի օգտագործումից այն պաշտպանելու իրավունք: Եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա չբացահայտված տեղեկատվությունը տնօրինող անձը դրա գաղտնիությունը պահպանելու պարտականությունը կրում է նաև լիցենզային պայմանագիրը դադարեցնելուց հետո, եթե այդ տեղեկությունը շարունակում է պահպանել իր չբացահայտված բնույթը:

(16-րդ հոդ. փոփ. 28.06.02 ՀՕ-398-Ն, 26.05.04 ՀՕ-86-Ն, 22.02.07 ՀՕ-107-Ն, 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 5.1.
ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՈՒ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(5.1-ին գլուխը լրաց. 22.02.07 ՀՕ-107-Ն, 30.09.08 ՀՕ-168-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն օրենքներ)

 

Հոդված 16.1. Պետական օժանդակությունը, դրա արգելումը

 

1. Սույն օրենքի իմաստով պետական օժանդակություն է համարվում պետական օժանդակություն տրամադրող մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտին կամ տնտեսվարող սուբյեկտների որոշակի խմբին կամ որոշակի ապրանքի համար կամ որոշակի ոլորտին ուղղակիորեն կամ անուղղակիորեն տրամադրվող ցանկացած օժանդակություն (ներառյալ` սուբսիդիա, դրամաշնորհ, օգնություն, վարկ, փոխառություն, գույք, արտոնություններ, այլ ֆինանսական միջոցներ կամ այլ պայմաններ), որի պայմաններում տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծվում են այնպիսի առավելություններ, որոնք ազատ տնտեսական մրցակցության պայմաններում տրամադրվող օժանդակության բացակայության դեպքում տնտեսվարող սուբյեկտները չէին ունենա:

2. Պետական օժանդակությունը, որն ուղղակի կամ անուղղակի կերպով հանգեցնում կամ կարող է հանգեցնել որևէ ապրանքային շուկայում մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը կամ վնասում կամ կարող է վնասել սպառողների շահերը, արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված օժանդակությունը նախատեսված է օրենքով:

3. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված եզրակացությունը չի տրամադրվում այն պետական օժանդակությունների վերաբերյալ, որոնք ուղղված են շրջակա միջավայրի պաշտպանությանը, կլիմայի փոփոխության ազդեցության մեղմացմանը և ադապտացմանը, սոցիալական բնույթի խնդիրների լուծմանը, բնական աղետների կամ այլ բացառիկ դեպքերի հետևանքով առաջացած վնասների փոխհատուցմանը, սահմանամերձ համայնքների զարգացմանը, տարածքային համաչափ զարգացմանը, մշակութային ժառանգությունների պահպանությանը, օրենքով կամ միջազգային պայմանագրով նախատեսված պարտականությունների կատարմանը:

4. Պետական օժանդակության տրամադրումը նախաձեռնող մարմինը (կազմակերպությանը) կամ դրա ստացման համար դիմող տնտեսվարող սուբյեկտը, համապատասխանաբար մինչև պետական օժանդակություն տրամադրելը կամ դրա ստացման համար դիմելը, եզրակացություն ստանալու համար իրավասու են դիմելու Հանձնաժողով:

5. Արգելված պետական օժանդակություն ստացած տնտեսվարող սուբյեկտը պարտավոր է հետ վերադարձնել այն` Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում:

6. Հանձնաժողովը վարում է պետական օժանդակության միասնական գրանցամատյան:

i

7. Պետական օժանդակություն տրամադրող մարմինները պետական օժանդակության տրամադրումից հետո Հանձնաժողով են ներկայացնում իրենց տրամադրած պետական օժանդակության վերաբերյալ տեղեկատվությունը: Սույն մասով նախատեսված տեղեկատվության տրամադրման կարգն ու ժամկետները սահմանվում են Կառավարության որոշմամբ:

(16.1-ին հոդ. լրաց. 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն, 24.01.20 ՀՕ-79-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 16.2. Իրավական ակտերի ու ստորագրված պայմանագրերի փորձաքննությունը

 

Հանձնաժողովն իրականացնում է պետական մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի և ստորագրված պայմանագրերի փորձաքննություն` տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը դրանց համապատասխանության վերաբերյալ: Փորձաքննությունը կատարվում է Հանձնաժողովի կողմից` իր նախաձեռնությամբ կամ յուրաքանչյուր ֆիզիկական ու իրավաբանական անձի կամ իրավական ակտն ընդունող կամ պայմանագիր ստորագրող մարմնի դիմումի համաձայն: Նման մարմինները կարող են փորձաքննություն իրականացնելու խնդրանքով դիմել Հանձնաժողովին մինչև իրավական ակտն ընդունելը կամ պայմանագիրն ստորագրելը` համապատասխան դրական եզրակացություն ստանալու նպատակով:

Հանձնաժողովն իրավական ակտի կամ պայմանագրի վերաբերյալ փորձաքննության արդյունքների մասին եզրակացությունը ներկայացնում է դիմումի ստացման օրվանից հետո` տասն օրվա ընթացքում: Եթե պետական մարմինը համաձայն չէ իրավական ակտի վերաբերյալ Հանձնաժողովի փորձագիտական եզրակացության հետ, իսկ Հանձնաժողովի եզրակացության համաձայն` իրավական ակտը հնարավոր է բացասաբար անդրադառնա որևէ ապրանքային շուկայում տնտեսական մրցակցության վրա, ապա իրավական ակտի ընդունումը նախաձեռնող մարմինը պարտավոր է համապատասխան իրավական ակտն ընդունող մարմին ներկայացնել նաև իր դիրքորոշման հիմնավորումը:

(16.2-րդ հոդ. լրաց. 30.09.08 ՀՕ-168-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն օրենքներ)

 

Հոդված 16.3. Պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների կամ վարքագծի արգելումը

 

1. Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի գործողությունները կամ վարքագիծը կամ ակտերը, որոնք սահմանափակում, կանխում կամ արգելում են տնտեսական մրցակցությունը, արգելվում են:

2. Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի` տնտեսական մրցակցությունը սահմանափակող, կանխող կամ արգելող գործողություն կամ վարքագիծ է համարվում`

1) տնտեսվարող սուբյեկտ(ներ)ի նկատմամբ խտրական պայմանների սահմանումը և (կամ) կիրառումը.

2) ձեռնարկատիրական գործունեության արգելումը կամ սահմանափակումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

3) տնտեսվարող սուբյեկտներին հրահանգներ, հանձնարարություններ, ցուցումներ, խորհուրդներ կամ հրամաններ տալը` կապված նրանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ (ապրանքների, կնքվող գործարքների կամ այլ հարցերի վերաբերյալ), բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

4) սպառողների համար պարտականություն նախատեսելը, որով սահմանափակվում է ապրանքների ազատ ընտրության նրանց իրավունքը.

5) այլ պետական մարմինների կամ տնտեսվարող սուբյեկտների կամ դրանց պաշտոնատար անձանց հետ հակամրցակցային համաձայնությունները, այդ թվում` գործարքները, համաձայնությունները, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը, որոնք ուղղակի կամ անուղղակի հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը:

3. Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից իր իրավասությունների սահմաններում իրականացված, օրինական նպատակ հետապնդող` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կամ վարքագիծը չպետք է համարվեն հակամրցակցային, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է այդ նպատակի իրագործման` տնտեսական մրցակցությունն ավելի պակաս սահմանափակող` օրենքով չարգելված այլ միջոց:

(16.3-րդ հոդ. լրաց. 12.04.11 ՀՕ-137-Ն, 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 6.
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ

 

i
Հոդված 17. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական մարմինը

 

1. Տնտեսական մրցակցության պաշտպանությունն իրականացնում է Հանձնաժողովը:

2. Հանձնաժողովն ինքնավար մարմին է:

3. Հանձնաժողովն ունի կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ և անհատականացման այլ միջոցներ: Հանձնաժողովի կնիքի վրա պատկերված են Հայաստանի Հանրապետության զինանշանը և «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով» բառերը: Հանձնաժողովի գտնվելու վայրը Երևան քաղաքն է:

4. Հանձնաժողովն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, ինչպես նաև իր գործունեության նպատակներին և ամրացված գույքի նշանակությանը համապատասխան` տիրապետել, օգտագործել և տնօրինել այդ գույքը:

5. Հանձնաժողովը ստեղծվում է սույն օրենքով սահմանված կարգով, գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենքի, այլ իրավական ակտերի և իր կանոնադրության հիման վրա և ինքնուրույն է իր իրավասության շրջանակներում:

(17-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն, 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

i
Հոդված 18. Հանձնաժողովի խնդիրները և գործառույթները

 

1. Հանձնաժողովի խնդիրներն են`

ա) ձեռնարկատիրության զարգացման և սպառողների շահերի պաշտպանության նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանումը և խրախուսումը.

բ) բարեխիղճ և ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը.

գ) հակամրցակցային գործունեության կանխարգելումը, սահմանափակումը և նախազգուշացումը.

դ) տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը:

2. Իր խնդիրներն իրականացնելու համար Հանձնաժողովը կատարում է հետևյալ հիմնական գործառույթները`

- վերահսկողություն է իրականացնում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահպանման նկատմամբ.

- քննարկում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտման դեպքերը և ընդունում է որոշումներ.

- դիմում է դատարան` տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտման դեպքերի կապակցությամբ.

- մասնակցում է տնտեսական մրցակցության զարգացումը և այդ բնագավառում պետական քաղաքականությունը կարգավորող իրավական ակտերի մշակմանը և դրանց սահմանված կարգով ներկայացմանը.

- մասնակցում է իր իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ միջպետական համաձայնագրերի կնքմանը.

- համագործակցում է Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների պետական մարմինների և ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ, նրանց հետ կնքում է իր իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ հուշագրեր, համագործակցության մասին այլ համաձայնագրեր, անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքներում ներգրավում է մասնագետներ, փորձագետներ նշված մարմիններից և կազմակերպություններից` այդ մարմինների և կազմակերպությունների ղեկավարների գրավոր համաձայնությամբ.

- մշակում և իրականացնում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումները կանխող միջոցառումներ.

- ամփոփում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության կիրառման փորձը և առաջարկություններ է մշակում դրա կատարելագործման ուղղությամբ.

- ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը.

- իրականացնում է միջոցառումներ` տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի, այդ թվում` սույն օրենքի դրույթների մասին հանրությանն իրազեկելու ուղղությամբ.

- իրականացնում է իր իրավասությանը վերապահված այլ գործողություններ:

(18-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն, 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

i
Հոդված 19. Հանձնաժողովի լիազորությունները

 

1. Հանձնաժողովն իրավունք ունի`

ա) ընդունելու որոշումներ`

- սույն օրենքի հնարավոր կամ փաստացի խախտումների,

- ապրանքային շուկաների ուսումնասիրության,

- վարչական վարույթ հարուցելու, ստուգում, ուսումնասիրություն իրականացնելու,

- ապրանքային շուկաների սահմանների, այդ շուկայում տնտեսվարող սուբյեկտների գերիշխող դիրքի առկայության, ինչպես նաև դրանով պայմանավորված միջոցառումների իրականացման,

- գերիշխող դիրքը մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ չարաշահող տնտեսվարող սուբյեկտների ապախոշորացման (բաժանման, առանձնացման, փայաբաժնի կամ միջոցների օտարման),

- տնտեսվարող սուբյեկտների, պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից սույն օրենքի խախտումների դադարեցման կամ դրանց հետևանքների վերացման, սկզբնական վիճակի վերականգնման, սույն օրենքին հակասող պայմանագրերի փոփոխման կամ լուծման, այլ տնտեսվարող սուբյեկտների հետ պայմանագրերի կնքման,

- պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված ակտերի, այլ փաստաթղթերի (կազմակերպված մրցույթների վերաբերյալ որոշումների, արձանագրությունների և այլն)` տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը հակասելու, կնքվող համաձայնությունների, պետական օժանդակությունների, ինչպես նաև համակենտրոնացումների մասին եզրակացություններ տալու,

- համակենտրոնացումը կամ պետական օժանդակությունը, պետական մարմինների, տնտեսվարող սուբյեկտների կամ դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունները կամ վարքագիծը կասեցնելու, լուծարելու (լուծելու, դադարեցնելու), ակտերը ոչ իրավաչափ, ուժը կորցրած ճանաչելու,

- տնտեսվարող սուբյեկտներին և նրանց պաշտոնատար անձանց, պետական մարմինների պաշտոնատար անձանց սույն օրենքի խախտման համար պատասխանատվության ենթարկելու.

- տնտեսվարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց` սույն օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ զգուշացումներ տալու.

- Հանձնաժողովի, պետական այլ մարմինների և դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների կողմից սույն օրենքի դրույթների կիրառման վերաբերյալ խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցներ, այլ փաստաթղթեր հաստատելու վերաբերյալ.

բ) իրականացնելու վերահսկողություն` Հանձնաժողովի որոշման կատարման (պահպանման) նկատմամբ.

գ) տնտեսվարող սուբյեկտի կողմից ներկայացված տեղեկատվության արժանահավատության, տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործունեության բացահայտման կամ Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով իրականացնելու ստուգում, ուսումնասիրություն (այդ թվում` հսկիչ գնում) և (կամ) դիտանցում.

դ) դիմելու դատարան սույն օրենքի խախտումների վերաբերյալ, այդ թվում` պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ընդունած ակտերը, տնտեսվարող սուբյեկտների` օրենքի խախտմամբ կնքված պայմանագրերը լրիվ կամ մասնակի անվավեր ճանաչելու, ինչպես նաև այդ պայմանագրերի փոփոխման կամ լուծման պահանջով.

ե) դիմելու Հայաստանի Հանրապետության կառավարությանը` պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց` սույն օրենքին հակասող գործողությունները կամ վարքագիծը դադարեցնելու միջնորդությամբ.

զ) տալու նախազգուշացում` խախտումները շտկելու և (կամ) հետագայում բացառելու հանձնարարությամբ, նշանակելու տուգանք` խախտումները շտկելու և (կամ) հետագայում բացառելու և տուգանքը վճարելու հանձնարարությամբ` սահմանելով հանձնարարության կատարման ժամկետ.

է) ընդունելու հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի, չհիմնավորված բարձր գնի և չհիմնավորված ցածր գնի որոշման, համակենտրոնացումների, անբարեխիղճ մրցակցության, պետական օժանդակության, պետական օժանդակության միասնական գրանցամատյանի վարման ու գրանցամատյանի ձևի, դիտանցումների, հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման, ինչպես նաև ապրանքային շուկայի որոշման հետ կապված համապատասխան կարգեր.

ը) տալու պարզաբանումներ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության կիրառման հետ կապված հարցերի վերաբերյալ.

թ) կատարելու օրենսդրությամբ նախատեսված այլ իրավասություններ:

1.1. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված` ապախոշորացման վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը ենթակա է կատարման տնտեսվարող սուբյեկտների կողմից ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում:

1.2. Եթե որևէ տնտեսվարող սուբյեկտ սահմանված ժամկետում չի ներկայացնում քննարկման, վարույթի, ստուգման, ուսումնասիրության և (կամ) դիտանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն կամ այլ կերպ խոչընդոտում է դրանց ընթացքը կամ բացակայում են դրանց համար անհրաժեշտ փաստաթղթերն ու այլ տեղեկատվությունը, ապա Հանձնաժողովն իրավասու է որոշումներ կայացնելու իր տրամադրության տակ առկա փաստաթղթերի և այլ տեղեկատվության հիման վրա: Սույն մասով նախատեսված որոշումների ընդունումը տնտեսվարող սուբյեկտներին չի ազատում փաստաթղթեր և այլ տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունից կամ դրանք սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սույն մասով սահմանված լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար սահմանված պատասխանատվությունից:

1.3. Էլեկտրոնային հաղորդակցության ապրանքային շուկաների սահմանների և այդ շուկաներում տնտեսվարող սուբյեկտների գերիշխող դիրքի առկայության հարցի քննարկման դեպքում Հանձնաժողովը խորհրդակցում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ:

2. Սույն օրենքով սահմանված խնդիրները և գործառույթներն իրականացնելիս Հանձնաժողովն անկախ է պետական այլ մարմիններից:

(19-րդ հոդ. փոփ. 28.06.02 ՀՕ-398-Ն, 04.05.05 ՀՕ-91-Ն, 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն, 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 24.01.20 ՀՕ-79-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 19.1. Որոշումները նոր ի հայտ եկած հանգամանքներով վերանայելը, ինչպես նաև որոշումների պարզաբանումը, գրասխալների, թվաբանական սխալների և վրիպակների ուղղումը

 

1. Հանձնաժողովի որոշումները կարող են վերանայվել նոր ի հայտ եկած հանգամանքներով` Հանձնաժողովի նախաձեռնությամբ կամ որոշման ընդունմանը նախորդած վարույթի մասնակիցների դիմումի հիման վրա:

2. Նոր ի հայտ եկած հանգամանքները հիմք են որոշման վերանայման համար, եթե այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել Հանձնաժողովին կամ վարույթի մասնակիցներին, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել վարույթի մասնակիցներին, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել Հանձնաժողով, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

3. Նոր ի հայտ եկած հանգամանքներով Հանձնաժողովի որոշման վերանայման համար դիմում կարող է ներկայացվել երեք ամսվա ընթացքում, սկսած այն պահից, երբ դիմում ներկայացնող անձն իմացել է կամ կարող էր իմանալ այդ հանգամանքների ի հայտ գալու մասին:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմում ներկայացնելու բաց թողնված ժամկետը Հանձնաժողովը կարող է վերականգնել դիմում ներկայացնող անձի միջնորդության հիման վրա, եթե այդ միջնորդությունը ներկայացվել է վեց ամսվա ընթացքում, սկսած այն պահից, երբ դիմումատուն իմացել կամ կարող էր իմանալ նոր հանգամանքների ի հայտ գալու մասին, և այդ միջնորդության մեջ նշված հանգամանքները Հանձնաժողովը ճանաչել է հարգելի:

5. Նոր ի հայտ եկած հանգամանքներով որոշման վերանայման համար ներկայացված դիմումը, բացի ընդհանուր վավերապայմաններից, պարունակում է նաև`

1) վերանայվող որոշման համարը, կայացման տարին, ամիսը և ամսաթիվը.

2) դիմումատուի պահանջը` նոր ի հայտ եկած հանգամանքների մատնանշմամբ.

3) նոր ի հայտ եկած հանգամանքների` գործի համար էական նշանակություն ունենալու վերաբերյալ հիմնավորումները:

Դիմումին կցվում են դիմումատուի տրամադրության տակ առկա բոլոր այն ապացույցները, որոնք կարող են էական նշանակություն ունենալ հարցի լուծման համար:

Նոր ի հայտ եկած հանգամանքների` գործի լուծման համար էական նշանակություն ունենալու հարցը լուծում է Հանձնաժողովը:

6. Հանձնաժողովը վերադարձնում է դիմումը, եթե չեն պահպանվել դիմումի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, կամ բաց է թողնվել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետը, և չի ներկայացվել բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, կամ այդ միջնորդությունը Հանձնաժողովը մերժել է:

7. Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կամ վարույթին մասնակցող անձանց դիմումի հիման վրա իրավունք ունի պարզաբանել իր որոշումները, ուղղել դրանցում առկա գրասխալները, թվաբանական սխալներն ու վրիպակները առանց փոխելու որոշման բովանդակությունը:

(19.1-ին հոդ. լրաց. 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

i
Հոդված 20. Հանձնաժողովի կազմավորման կարգը և անդամներին ներկայացվող պահանջները

 

1. Հանձնաժողովը կազմված է յոթ անդամից` նախագահ և վեց անդամ: Հանձնաժողովի անդամների պաշտոնները ինքնավար պաշտոններ են:

i

2. Հանձնաժողովի նախագահին և մյուս անդամներին «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակում է Ազգային ժողովը` հինգ տարի ժամկետով, բացառությամբ Հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման, ինչպես նաև սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերի: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Հանձնաժողովի նախագահ կամ լիազորությունների ամբողջ ժամկետով` Հանձնաժողովի անդամ:

2.1. Հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հանձնաժողովի մյուս անդամների թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունք ունեն հաջորդաբար` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը և Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունը:

2.2. Հանձնաժողովի նախագահի կամ անդամի թափուր պաշտոնում թեկնածուն առաջադրվում է Հանձնաժողովի նախագահի կամ անդամի լիազորությունները դադարելու մասին սույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով տեղեկացվելուց, Հանձնաժողովի նախագահի կամ անդամի լիազորությունները դադարեցվելուց, ինչպես նաև Հանձնաժողովի նախագահ կամ անդամ նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումը չընդունվելուց հետո` մեկամսյա ժամկետում: Եթե Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը վերապահված Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա նույն մարմինն այդ պաշտոնում թեկնածու առաջադրում է մեկամսյա ժամկետում: Եթե Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությանը վերապահված Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա Ազգային ժողովի կառավարող խմբակցությունն այդ պաշտոնում թեկնածու առաջադրում է մեկամսյա ժամկետում:

2.3. Հանձնաժողովի նախագահի կամ անդամի թափուր պաշտոնում նշանակումը կատարվում է այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո` մեկամսյա ժամկետում: Եթե Հանձնաժողովի անդամ նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումը չի ընդունվում, ապա նույն մարմնի կողմից այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը պահպանվում է:

3. Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթությամբ և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք, ով ունի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին` քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից): Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է ունենա բարձրագույն իրավաբանական, առնվազն մեկը` բարձրագույն տնտեսագիտական կրթություն:

4. Հանձնաժողովի անդամը պաշտոնավարում է մինչև 65 տարին լրանալը:

5. Հանձնաժողովի անդամները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացառությամբ գիտական, ստեղծագործական կամ մանկավարժական գործունեության: Հանձնաժողովի անդամն իր հրապարակային ելույթներում ցուցաբերում է քաղաքական զսպվածություն:

6. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում Հանձնաժողովի անդամի նշանակման համար սույն հոդվածով սահմանված ընթացակարգով նշանակվում է Հանձնաժողովի նոր անդամ` պաշտոնավարման չլրացած ժամկետի մնացած ժամանակահատվածի համար: Եթե պաշտոնավարման մնացած ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա Հանձնաժողովի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի` գումարած մնացած ժամանակահատվածը:

7. Այն դեպքում, երբ Հանձնաժողովի նախագահ է նշանակվում Հանձնաժողովի անդամներից մեկը, ապա նա պաշտոնավարում է մինչև իր` որպես Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման ժամկետի ավարտը: Եթե պաշտոնավարման մնացած ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա Հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի` գումարած մնացած ժամանակահատվածը:

8. Հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել այն անձը, որը`

1) չի համապատասխանում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է դիտավորությամբ կատարած հանցագործության համար.

4) օրենքով սահմանված կարգով զրկվել է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

5) ունի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկով նախատեսված` դատավորի նշանակմանը խոչընդոտող հիվանդություն:

(20-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 13.09.19 ՀՕ-176-Ն օրենքներ)

 

i
Հոդված 21. Հանձնաժողովի անդամների լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը

 

1. (1-ին մասն ուժը կորցրել է 19.10.2019 թվականից` 13.09.19 ՀՕ-176-Ն օրենք)

2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե`

1) լրացել է նրա պաշտոնավարման տարիքը.

1.1) ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը.

2) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

i

3) նա «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական է տվել.

4) նա դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

5) նրա նկատմամբ կայացվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ.

6) նա մահացել է.

7) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից:

3. Հանձնաժողովի անդամի լիազորությունները Հանձնաժողովի եզրակացության հիման վրա` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով դադարեցվում են, եթե`

1) նա պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել Հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն.

2) նա երկարատև անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում բացակայել է Հանձնաժողովի նիստերի առնվազն կեսից.

3) նա մեկ տարվա ընթացքում ավելի քան երկու անգամ անհարգելի բացակայել է Հանձնաժողովի նիստերից.

4) նա խախտել է Հանձնաժողովի անդամի անհամատեղելիության պահանջները.

5) նա չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել իր պաշտոնեական պարտականությունները.

6) պաշտոնավարման ընթացքում պարզվել է, որ նա նշանակման պահին չի համապատասխանել Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջներին:

3.1. Հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են, եթե նրա` որպես Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարել կամ դադարեցվել են:

3.2. Հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված եզրակացությունը դրա ընդունման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:

3.3. Հանձնաժողովի անդամի լիազորությունները կասեցվում են սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված եզրակացության ընդունման դեպքում:

4. Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելիս Հանձնաժողովի անդամն անհապաղ տեղեկացնում է Հանձնաժողովի նախագահին, ինչպես նաև այն մարմնին կամ պաշտոնատար անձին, որի առաջարկությամբ նա նշանակվել է Հանձնաժողովի անդամ: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված այլ դեպքերում Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարելուց, ինչպես նաև Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամն այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, ինչպես նաև այն մարմնին, որն իրավասու է տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու` միաժամանակ ներկայացնելով թեկնածուի համար անհրաժեշտ սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները:

(21-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն, 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 13.09.19 ՀՕ-176-Ն օրենքներ)

 

Հոդված 22. Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը

 

1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի և կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով: Կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունը հաստատում է Հանձնաժողովի նախագահը:

2. Կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, աշխատակիցների թիվը և հանձնաժողովի աշխատանքների կազմակերպմանն առնչվող ներքին կանոնակարգային այլ հարցեր կարգավորվում են Հանձնաժողովի որոշումներով: Հանձնաժողովի աշխատողների թիվը համաձայնեցվում է վարչապետի հետ:

3. Հանձնաժողովի անդամների և աշխատողների վարձատրությունն իրականացվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

(22-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.12.13 ՀՕ-185-Ն, 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 21.01.20 ՀՕ-33-Ն օրենքներ)

 

Հոդված 23. Հանձնաժողովի նախագահը

 

1. Հանձնաժողովի նախագահը`

ա) իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.

բ) ղեկավարում և համակարգում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը, այդ նպատակով Հանձնաժողովի անդամներին և Հանձնաժողովի նախագահի խորհրդականին, օգնականին, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին և գլխավոր քարտուղարին տալիս է հանձնարարականներ, կատարում է աշխատանքային պարտականությունների բաշխում Հանձնաժողովի անդամների միջև.

գ) («գ» կետն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-257-Ն օրենք)

դ) հրավիրում և նախագահում է Հանձնաժողովի նիստերը, հաստատում նիստի օրակարգը.

ե) կազմակերպում է Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարումը.

զ) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները.

է) հաստատում է Հանձնաժողովի հաստիքացուցակը, Հանձնաժողովի անդամների և իր կողմից նշանակվող աշխատողների համար հանդես է գալիս որպես գործատուի ներկայացուցիչ, իր իրավասությունների սահմաններում աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Հանձնաժողովի աշխատողներին, դատարանում հանդես է գալիս Հանձնաժողովի անունից, տալիս է Հանձնաժողովի անունից հանդես գալու լիազորագրեր, ընդունում է հրամաններ, ներառյալ` ստուգում, ուսումնասիրություն (այդ թվում` հսկիչ գնում) կամ դիտանցում իրականացնելու վերաբերյալ հրամաններ, իրականացնում է սույն օրենքով, այլ իրավական ակտերով և Հանձնաժողովի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

2. Արձակուրդի կամ գործուղման դեպքում Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է իրեն փոխարինող: Փոխարինող չնշանակելու, ինչպես նաև Հանձնաժողովի նախագահի ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման, դադարեցման կամ կասեցման դեպքերում Հանձնաժողովի նախագահին փոխարինում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

(23-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն, 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 23.03.18 ՀՕ-257-Ն, 13.09.19 ՀՕ-176-Ն, 21.01.20 ՀՕ-33-Ն օրենքներ)

 

Հոդված 24. Շահերի բախումը

 

1. Հանձնաժողովի նիստում քննարկվող որևէ հարցի վերաբերյալ անձնական շահագրգռվածություն ունեցող Հանձնաժողովի անդամը պարտավոր է քննարկումից առաջ տեղեկացնել մյուս անդամներին իր շահագրգռվածության փաստի և բնույթի մասին, ինչը պետք է արձանագրվի նիստի արձանագրության մեջ: Այդ տեղեկացումից հետո նշված անդամը`

ա) պարտավոր է հրաժարվել տվյալ հարցի վերաբերյալ նիստին մասնակցելուց.

բ) չպետք է հաշվառվի այդ նիստի իրավազորության ապահովման նպատակով:

2. Անձը, որի հարցը քննվում է, կարող է բացարկ հայտնել Հանձնաժողովի անդամին, եթե վերջինս քննարկվող հարցի վերաբերյալ ունի անձնական շահագրգռվածություն:

 

Հոդված 25. Հանձնաժողովի անդամների եկամուտների հայտարարագրումը

 

Հանձնաժողովի անդամներն իրենց եկամուտների հայտարարագրերը ներկայացնում են օրենքով սահմանված կարգով:

(25-րդ հոդ. փոփ. 04.05.05 ՀՕ-91-Ն օրենք)

 

Հոդված 26. Հանձնաժողովի կանոնադրությունը

 

1. Հանձնաժողովի կանոնադրությունը սահմանում է Հանձնաժողովի գործունեության կարգը:

2. Հանձնաժողովի կանոնադրությունը հաստատում է Հանձնաժողովը:

(26-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն օրենք)

 

Հոդված 27. Տարեկան ծրագիրը և հաշվետվությունը

 

1. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի` մինչև հոկտեմբերի 1-ը, Ազգային ժողովում հրապարակում է հաջորդ տարվա իր գործունեության տարեկան ծրագիրը, որն ամփոփ տեղեկություններ է պարունակում տնտեսական մրցակցության իրավիճակի վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման, տնտեսական մրցակցության պաշտպանության միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի, ինչպես նաև սույն օրենքով սահմանված խնդիրների և գործառույթների իրականացման համար Հանձնաժողովի սահմանած անհրաժեշտ այլ դրույթների մասին:

2. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի` մինչև մայիսի 1-ը, հրապարակում է նախորդ տարվա իր գործունեության հաշվետվությունը, որը համառոտ տեղեկատվություն է պարունակում Հանձնաժողովի գործունեության, ապրանքային շուկաների վերլուծության, տնտեսական մրցակցության պաշտպանության և վերահսկման ուղղությամբ իրականացված միջոցառումների, մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկների իրականացման ընթացքի, իր գործունեության ֆինանսական հաշվետվության և այլ միջոցառումների վերաբերյալ:

3. Հանձնաժողովի գործունեության տարեկան ծրագիրը և նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը հաստատվում են Հանձնաժողովի որոշմամբ:

(27-րդ հոդ. փոփ. 23.10.02 ՀՕ-436-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն, 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 28. Պետական մարմինների, տնտեսվարող սուբյեկտների պարտականությունները հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրելու հարցում

 

1. Հանձնաժողովի նախագահի գրության կամ Հանձնաժողովի որոշման կամ օրենսդրությամբ սահմանված պահանջի հիման վրա պետական մարմինները, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են սահմանված ժամկետում ներկայացնել օրենքով նախատեսված` Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն:

2. Հանձնաժողովի նախագահի գրության կամ Հանձնաժողովի որոշման կամ օրենսդրությամբ սահմանված պահանջի հիման վրա տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են սահմանված ժամկետում ներկայացնել օրենքով նախատեսված` Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն:

3. Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն պահանջելիս Հանձնաժողովը տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնում է դրանք ներկայացնելու ժամկետների, ինչպես նաև սահմանված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկատվություն ներկայացնելու իրավական հետևանքների մասին:

i

4. Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտները Հանձնաժողովի սահմանած կարգով և դեպքերում պարտավոր են եռամսյա պարբերականությամբ ամսական կտրվածքով Հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն ապրանքների մնացորդների, ձեռքբերումների, արտադրության և իրացման ցուցանիշների վերաբերյալ` բնեղեն և արժեքային արտահայտությամբ: Տեղեկատվությունը Հանձնաժողով ներկայացվում է մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 30-ը:

(28-րդ հոդ. փոփ. 25.12.03 ՀՕ-29-Ն, 04.05.05 ՀՕ-91-Ն, 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն, 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

i
Հոդված 28.1. Դիտանցումների իրականացումը, հանձնաժողովին վերապահված իրավունքների և պարտականությունների կատարմանը խոչընդոտելու անթույլատրելիությունը

 

1. Դիտանցում իրականացնելու վերաբերյալ հրամանում նշվում են դիտանցում իրականացնող մարմնի անվանումը, տնտեսվարող սուբյեկտ(ներ)ի լրիվ անուն(ներ)ը կամ անվանում(ներ)ը, դիտանցումն իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, դիտանցման նպատակը, դիտանցման ժամանակահատվածը և իրավական հիմքերը: Դիտանցում իրականացնելու վերաբերյալ հրամանի պատճենը դիտանցումն իրականացնելուց հետո հանձնվում է տնտեսվարող սուբյեկտին կամ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին (փոխարինող անձին) կամ իրավասու այլ անձի (այսուհետ` տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչ): Դիտանցման արդյունքների վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում, Հանձնաժողովի ներկայացուցչի պահանջով, վերջինիս կողմից կազմվում է Հանձնաժողովի սահմանած ձևով արձանագրություն, որը ստորագրում են Հանձնաժողովի և տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչները: Դիտանցման արձանագրությանը կարող են կցվել լուսանկարներ, փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և (կամ) այլ նյութեր, որի վերաբերյալ կատարվում է համապատասխան նշում դիտանցման արձանագրության մեջ: Դիտանցման արդյունքների վերաբերյալ առարկություն ունենալու դեպքում տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ: Եթե տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչը հրաժարվում է արձանագրությունն ստորագրել կամ այլ կերպ խոչընդոտում է դիտանցման իրականացմանը, ապա Հանձնաժողովի ներկայացուցիչն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ, որում նշվում են նաև դիտանցման իրականացմանը խոչընդոտած տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը:

2. Հանձնաժողովի նախագահի հրամանով դիտանցման կամ ուսումնասիրության (այդ թվում` հսկիչ գնման) կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ Հանձնաժողովի նախագահի հրամանով ստուգման իրականացմանը խոչընդոտելը դիտվում է որպես տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովին վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտում և առաջացնում է սույն օրենքով սահմանված պատասխանատվություն:

(28.1-ին հոդ. լրաց. 12.04.11 ՀՕ-137-Ն, 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 29. Հանձնաժողովի տարեկան ծախսերը

 

i

1. Հանձնաժողովի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Հանձնաժողովի նախագահը «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա սահմանված ժամկետում Հանձնաժողովի ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:

Բյուջետային հայտը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվելու դեպքում անփոփոխ, իսկ առարկության դեպքում` փոփոխված, ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում, որի հետ միասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացվում նաև հայտը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում նաև բյուջետային հայտի փոփոխությունների վերաբերյալ իր հիմնավորումը:

2. Հանձնաժողովի ծախսերի նախահաշիվը պետք է ապահովի սույն օրենքով սահմանված խնդիրների և գործառույթների պատշաճ իրականացման հնարավորությունը, այդ թվում` միջազգային կազմակերպություններում ներկայացուցչության ապահովումը, ինչպես նաև Հանձնաժողովի անդամներին աշխատավարձի վճարումը:

i

3. Հանձնաժողովի անդամների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(29-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.12.13 ՀՕ-185-Ն, 21.01.20 ՀՕ-33-Ն օրենքներ)

 

Հոդված 30. Աշխատանքների կազմակերպման կարգը

 

1. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով:

2. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են անդամներից առնվազն չորսը:

3. Հանձնաժողովը հարցերը քննում է դռնբաց նիստում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է վնաս հասցնել շահագրգիռ անձանց շահերին:

4. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրության մեջ նշվում են համառոտ տեղեկություններ նիստի անցկացման վայրի, ժամանակի, մասնակիցների, օրակարգի, ելույթների և քվեարկության արդյունքների վերաբերյալ: Արձանագրությունն ստորագրում են նիստին ներկա Հանձնաժողովի բոլոր անդամները:

5. Նիստերը գումարվում են որոշակի պարբերականությամբ կամ ըստ անհրաժեշտության` Հանձնաժողովի անդամներից որևէ մեկի պահանջով:

6. Քննարկման արդյունքում Հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում:

Ընթացակարգային հարցերի քննարկման կամ ըստ էության որոշում չկայացվելու (այդ թվում` դռնփակ նիստ գումարելու, հարցը քննարկումից հանելու, քննարկումը հետաձգելու, օրակարգում լրացուցիչ հարց ընդգրկելու, աշխատողներին հանձնարարություն տալու և այլն) դեպքում Հանձնաժողովի կողմից քվեարկությամբ կայացվում է բանավոր (արձանագրային) որոշում, ինչի մասին նշվում է արձանագրության մեջ:

Հանձնաժողովի նիստերում որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասար բաշխման դեպքում Հանձնաժողովի նախագահի կամ նրան փոխարինող անձի ձայնը որոշիչ է:

Քվեարկությունից ձեռնպահ մնալը կամ ձայնի փոխանցումը մեկ այլ անդամի չի թույլատրվում:

Ծանուցված անձանց չներկայանալը չի խոչընդոտում քննարկման անցկացմանը և որոշումների ընդունմանը:

7. Վարչական ակտի ընդունումից հետո հասցեատիրոջն է հանձնվում դրա պատճենը` 5 օրվա ընթացքում:

8. Հանձնաժողովի կողմից ընդունված վարչական ակտն ուժի մեջ է մտնում դրա պատճենը հասցեատիրոջը հանձնելուն հաջորդող օրվանից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ: Վարչական ակտի` մեկից ավելի հասցեատերերի առկայության դեպքում վարչական ակտը նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ ուժի մեջ է մտնում իր մասով` տվյալ վարչական ակտի պատճենը համապատասխան հասցեատիրոջը հանձնելուն հաջորդող օրվանից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:

Հանձնաժողովի կողմից ընդունված մյուս անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում ընդունման պահից, եթե դրանցով այլ ժամկետ սահմանված չէ:

9. Հանձնաժողովի ընդունած վարչական ակտը կարող է բողոքարկվել վարչական կարգով` ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում: Հանձնաժողովի ընդունած վարչական ակտը կարող է բողոքարկվել դատական կարգով` վարչական բողոքի քննարկման արդյունքներին համաձայն չլինելու դեպքում` բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում, իսկ վարչական բողոք չբերելու դեպքում` Հանձնաժողովի ընդունած վարչական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

10. Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի իրականացման առավելագույն ժամկետը 90 օր է:

11. Հարուցված վարչական վարույթի իրականացման ժամկետի ընթացքը կարող է կասեցվել տնտեսվարող սուբյեկտի, վերջինիս պաշտոնատար անձի կամ իրավասու այլ աշխատակցի բացակայության պատճառով սույն օրենքով նախատեսված թղթակցությունը հանձնելու անհնարինության, Հանձնաժողով փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելու կամ վարույթի իրականացմանն այլ կերպ խոչընդոտելու կամ վարչական վարույթի իրականացումն անհնար դարձնող այլ հանգամանքների առկայության դեպքում: Վարչական վարույթը վերսկսվում է սույն մասով նախատեսված հանգամանքների վերացումից հետո:

12. Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի ընթացքում սույն օրենքի խախտման փաստ չհայտնաբերվելու կամ վարչական ակտի ընդունումն անհնար դարձնող հանգամանքների առկայության դեպքում Հանձնաժողովի որոշմամբ վարույթը կարճվում է:

13. Հանձնաժողովն ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունը զանգվածային լրատվամիջոցների, պաշտոնական ինտերնետային կայքի և այլ միջոցներով: Հանձնաժողովն իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է իր ընդունած որոշումները, բացառությամբ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակողների:

(30-րդ հոդ. փոփ. 04.05.05 ՀՕ-91-Ն, 22.02.07 ՀՕ-107-Ն, 30.09.08 ՀՕ-168-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն, 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 13.09.19 ՀՕ-176-Ն, 21.01.20 ՀՕ-33-Ն օրենքներ)

 

i
Հոդված 31. Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոցների, ինչպես նաև զգուշացում տալու իրավասությունը և կիրառման կարգը

 

1. Սույն օրենքի խախտման դեպքում Հանձնաժողովն իրավասու է իր որոշմամբ տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք:

2. Պատասխանատվության միջոց կիրառելիս Հանձնաժողովը հաշվի է առնում տվյալ իրավախախտման բնույթը, տևողությունը, իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, տվյալ տնտեսվարող սուբյեկտի կողմից սույն օրենքի խախտումների կրկնակիությունը, տնտեսվարող սուբյեկտի դիտավորության աստիճանը, տնտեսվարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու շարժառիթները և հանգամանքները, տնտեսվարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու փաստն ընդունելու կամ Հանձնաժողովի հետ համագործակցելու հանգամանքը, տնտեսվարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությունը, տվյալ տնտեսվարող սուբյեկտի գործունեության ոլորտը և (կամ) տնտեսվարող սուբյեկտի պատմությունը:

Հակամրցակցային համաձայնության համար տուգանք նշանակելիս Հանձնաժողովը հաշվի է առնում նաև սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հակամրցակցային համաձայնության տեսակը (հորիզոնական, ուղղահայաց, խառը):

3. Եթե սույն օրենքով նախատեսված են վարչական վարույթի իրականացման, վարչական ակտի ընդունման, ուժի մեջ մտնելու, բողոքարկման կամ հարկադիր կատարման այլ կարգ և ժամկետներ, քան այլ օրենքներով, ապա գործում են սույն օրենքի դրույթները:

4. Սույն օրենքի հնարավոր խախտումների կանխման նպատակով Հանձնաժողովն իրավասու է իր որոշմամբ տալու զգուշացում տնտեսվարող սուբյեկտների, պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց այն գործողությունների և (կամ) վարքագծի վերաբերյալ, որոնք կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողությանը կամ վնասել սպառողների շահերը:

(31-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն, 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 32. Կարգադրությունը

(32-րդ հոդվածն ուժը կորցրել է 14.04.2007 թվականից` 22.02.07 ՀՕ-107-Ն օրենք)

 

Հոդված 33. Հանձնաժողովի պարտավորություններն առևտրային, բանկային կամ ծառայողական գաղտնիքի պահպանման գործում

 

1. Առևտրային, բանկային կամ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները, որոնք ստացված են սույն օրենքով տրված լիազորությունների կատարման ժամանակ, Հանձնաժողովի կողմից պահպանվում են օրենքով սահմանված կարգով:

2. Հանձնաժողովի անդամները և աշխատողներն իրավունք չունեն հրապարակել կամ այլ կերպ տարածել, ինչպես նաև անձնական շահադիտական նպատակով օգտագործել իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս ստացած գաղտնի տեղեկություններն ու ծառայողական տեղեկատվությունը:

3. Առևտրային, բանկային կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման դեպքում տնտեսվարող սուբյեկտին հասցված վնասը ենթակա է փոխհատուցման հանրապետական բյուջեի միջոցների հաշվին` օրենսդրությամբ սահմանված կարգով:

(33-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն, 21.01.20 ՀՕ-33-Ն օրենքներ)

 

Հոդված 34. Հանձնաժողովի կողմից սույն օրենքի խախտումների քննարկման հիմքերը

 

Հանձնաժողովն իրավասու է որոշում ընդունել պետական մարմինների, տնտեսվարող սուբյեկտների և սպառողների դիմումների, տեղեկատվության, զանգվածային լրատվական միջոցների հաղորդումների և իր տրամադրության տակ գտնվող այլ փաստաթղթերի հիման վրա, որոնք վկայում են սույն օրենքի խախտման մասին:

(34-րդ հոդ. փոփ. 12.04.11 ՀՕ-137-Ն օրենք)

 

i
Հոդված 35. Հանձնաժողովի որոշման կատարման կարգը

 

1. Հանձնաժողովի որոշումը տնտեսվարող սուբյեկտների, պետական մարմինների և նրանց պաշտոնատար անձանց կողմից ենթակա է կատարման` որոշման մեջ նշված ժամկետում:

2. Հանձնաժողովն իր որոշման չկատարման դեպքում իրավասու է հայցով դիմել դատարան:

3. Հանձնաժողովի որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը (կատարումը):

(35-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 7.
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

i
Հոդված 36. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար նախատեսվող տուգանքի չափերը

 

1. Սույն օրենքը խախտելու համար տնտեսվարող սուբյեկտները, պետական մարմինները և դրանց պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

2. Հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար նշանակվող տուգանքի չափը կազմում է հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտի` այդ համաձայնությունը կնքելուն (կայացնելուն, դրան մասնակցելուն) նախորդող տարվա հասույթի մինչև 10 տոկոսը: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտի` այդ համաձայնությունը կնքելուն (կայացնելուն, դրան մասնակցելուն) նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի մինչև 10 տոկոսը:

2.1. Տնտեսական գործունեության արգելված համակարգման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է իրավախախտում թույլ տված տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 10 տոկոսը: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի մինչև 10 տոկոսը:

3. Գերիշխող դիրքի չարաշահման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 10 տոկոսը: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի մինչև 10 տոկոսը:

4. Հանձնաժողովի որոշմամբ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 10 տոկոսը: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է իրավախախտում կատարած տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի մինչև 10 տոկոսը:

4.1. Համակենտրոնացումը չհայտարարագրելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ:

5. Անբարեխիղճ մրցակցության գործողության համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ նշանակվող տուգանքի չափը կազմում է տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոս: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի մինչև հինգ տոկոս:

6. Արգելված պետական օժանդակություն ստանալու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ:

7. Տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ:

8. Հանձնաժողովին, Հանձնաժողովի անդամին կամ աշխատակցին օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ:

9. Տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չշտկելու, որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ:

(36-րդ հոդ. փոփ. 28.06.02 ՀՕ-398-Ն, 25.12.03 ՀՕ-29-Ն, 04.05.05 ՀՕ-91-Ն, 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն, 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 36.1. Պատասխանատվության միջոցի կիրառումից ազատումը

 

1. Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ պատասխանատվության միջոց չկիրառելու մասին, եթե տնտեսվարող սուբյեկտը, մինչև տվյալ համաձայնության առնչությամբ Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի հարուցման մասին որոշման կայացումը կամ ստուգում կատարելու մասին Հանձնաժողովի նախագահի հրամանի ընդունումը իր նախաձեռնությամբ առաջինն է դիմում Հանձնաժողով և կամովին պարտավորվում դադարեցնել այդ հակամրցակցային համաձայնությանն իր մասնակցությունը (բացառությամբ այն դեպքերի, երբ Հանձնաժողովի կարծիքով դա անհրաժեշտ է հակամրցակցային համաձայնության բացահայտման համար) և հետագայում բացառել այն` միաժամանակ ներկայացնելով տվյալ հակամրցակցային համաձայնությանը վերաբերող այնպիսի ապացույց(ներ), որը (որոնք), ըստ Հանձնաժողովի, բավարար հիմք է(են) տվյալ հակամրցակցային համաձայնության վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու և (կամ) ստուգում կատարելու համար:

2. Տնտեսվարող սուբյեկտը լիովին ազատվում է հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար նախատեսված պատասխանատվությունից, եթե Հանձնաժողովին տրամադրում է իր տնօրինության տակ եղող կամ իրեն հայտնի հետևյալ ապացույցները`

1) հակամրցակցային համաձայնությանը մասնակցող (մասնակցած) բոլոր տնտեսվարող սուբյեկտների անվանումները և այլ տեղեկություններ.

2) հակամրցակցային համաձայնության մանրամասն նկարագրությունը, ներառյալ` դրա նպատակը, դրսևորման եղանակը, համաձայնության առարկա հանդիսացող ապրանքը, հակամրցակցային համաձայնության կնքման (կայացման) ամսաթիվը, տևողությունը, վայրը, այլ տվյալներ.

3) բոլոր այն անձանց անունները, պաշտոնները, հասցեները, որոնք ներգրավված են, ներգրավված են եղել կամ կարող են ներգրավված լինել հակամրցակցային համաձայնության կնքման (կայացման) գործընթացում.

4) հակամրցակցային համաձայնությանն առնչվող` դիմողի տրամադրության տակ եղած այլ ապացույցներ:

3. Հանձնաժողով դիմած տնտեսվարող սուբյեկտը չի կարող ազատվել սույն հոդվածով սահմանված պատասխանատվությունից, եթե նա չի կատարել հետևյալ պայմանները կամ դրանցից որևէ մեկը`

1) տնտեսվարող սուբյեկտը դիմում ներկայացնելուց անմիջապես հետո չի դադարեցնում իր մասնակցությունը հակամրցակցային համաձայնությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ Հանձնաժողովի կարծիքով դա անհրաժեշտ է հակամրցակցային համաձայնության բացահայտման համար.

2) տեղեկատվություն ներկայացնելու պահից սկսած մինչև վարչական վարույթի ավարտը տնտեսվարող սուբյեկտը չի համագործակցում Հանձնաժողովի հետ` առանց վերապահումների և շարունակական հիմունքով: Այդ համագործակցությունը ենթադրում է, որ`

ա. տնտեսվարող սուբյեկտը ենթադրյալ հակամրցակցային համաձայնության վերաբերյալ ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը և ապացույցները, որոնք հայտնվում են իր տնօրինության տակ կամ հայտնի են դառնում իրեն, անհապաղ ներկայացնում է Հանձնաժողով,

բ. սահմանված ժամկետում պատասխանում է Հանձնաժողովի բոլոր հարցումներին, որոնք կարող են նպաստել ենթադրյալ հակամրցակցային համաձայնությանը վերաբերող փաստերի արձանագրմանը,

գ. ապահովում է հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտների գործող կամ հնարավորության դեպքում նախկին տնօրենների և աշխատակիցների բացատրություններ ներկայացնելու հնարավորությունը,

դ. չի ոչնչացնում, կեղծում և թաքցնում հակամրցակցային համաձայնությանը վերաբերող տեղեկություններն ու ապացույցները և

ե. չի բացահայտում ենթադրյալ հակամրցակցային համաձայնության վերաբերյալ հայտարարության, դիմումի, տեղեկատվության կամ ապացույցների ներկայացման փաստը և բովանդակությունը մինչև Հանձնաժողովի կողմից ընդունված հակամրցակցային համաձայնության հնարավոր փաստի վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու մասին որոշման ուժի մեջ մտնելը կամ Հանձնաժողովի համաձայնությամբ այլ դեպքերում:

4. Հակամրցակցային համաձայնության մասնակից միաժամանակ երկու և (կամ) ավելի տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված դիմումը Հանձնաժողովը թողնում է առանց քննության:

5. Պատասխանատվության միջոցի կիրառումից ազատման դիմումների ներկայացման և քննության կարգը սահմանում է Հանձնաժողովը:

(36.1-ին հոդ. լրաց. 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 36.2. Տուգանքի չափի նվազեցումը

 

1. Հակամրցակցային համաձայնությանն իր մասնակցությունը բացահայտող տնտեսվարող սուբյեկտը, երբ չի բավարարվում սույն օրենքի 36.1-ին հոդվածի պայմանները, կարող է դիմում ներկայացնել տուգանքի չափի նվազեցման մասին:

2. Տուգանքի չափի նվազեցման համար տնտեսվարող սուբյեկտը պետք է ապացույց ներկայացնի Հանձնաժողով սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման հնարավոր փաստի վերաբերյալ, որը էական նշանակություն կունենա իրավախախտումն ապացուցելու համար:

3. Սույն հոդվածով սահմանված կարգով հակամրցակցային համաձայնության մասին առաջինը հայտնած և այդ համաձայնության բացահայտման համար էական նշանակություն ունեցող ապացույցներ ներկայացրած տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ տուգանքի չափը կազմում է սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տուգանքի մինչև 50 տոկոսը: Էական նշանակություն ունեցող ապացույց ներկայացրած երկրորդ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ տուգանքի չափը կազմում է սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տուգանքի մինչև 70 տոկոսը: Էական նշանակություն ունեցող ապացույց ներկայացրած երրորդ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ տուգանքի չափը կազմում է սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տուգանքի մինչև 85 տոկոսը:

4. Տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառվող տուգանքի նվազեցման կարգը սահմանվում է Հանձնաժողովի որոշմամբ:

5. Եթե տուգանքի չափի նվազեցման մասին դիմում ներկայացնելու պահին տնտեսվարող սուբյեկտը մեկ այլ հակամրցակցային համաձայնության մասնակից է և հայտնում է նաև այդ հակամրցակցային համաձայնության մասին, ապա այդ տնտեսվարող սուբյեկտը կարող է դիմում ներկայացնել Հանձնաժողով` տուգանքի վճարումից ամբողջովին ազատում ստանալու համար` սույն օրենքի 36.1-ին հոդվածով սահմանված կարգով:

(36.2-րդ հոդ. լրաց. 23.03.18 ՀՕ-249-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 37. Հանձնաժողովի որոշումը չկատարելը

(37-րդ հոդվածն ուժը կորցրել է 23.05.2011 թվականից` 12.04.11 ՀՕ-137-Ն օրենք)

(37-րդ հոդ.փոփ. 04.05.05 ՀՕ-91-Ն, 22.02.07 ՀՕ-107-Ն օրենքներ)

 

Հոդված 38. Վնասների փոխհատուցումը

 

Եթե սույն օրենքը խախտելու միջոցով տնտեսվարող սուբյեկտի գործողությունների (անգործության) հետևանքով այլ տնտեսվարող սուբյեկտներին կամ անձանց հասցվել են վնասներ, ապա դրանք ենթակա են հատուցման խախտում կատարած տնտեսվարող սուբյեկտի կողմից` օրենսդրությամբ սահմանված կարգով:

Եթե անօրինական որոշումներով, գործողություններով կամ վարքագծով պետական մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտներին կամ այլ անձանց հասցվել են վնասներ, ապա դրանք ենթակա են փոխհատուցման` օրենսդրությամբ սահմանված կարգով:

(38-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն, 12.04.11 ՀՕ-137-Ն օրենքներ)

 

Հոդված 39. Հանձնաժողովի պաշտոնատար անձանց պատասխանատվությունը

 

Հանձնաժողովի պաշտոնատար անձը սույն օրենքի խախտման համար կրում է պատասխանատվություն` օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 40. Սույն օրենքի պահանջների խախտման համար պաշտոնատար անձանց պատասխանատվությունը

 

Սույն օրենքի պահանջների խախտման համար պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության վարչական օրենսդրությամբ սահմանված կարգով:

(40-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 8.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i
Հոդված 41. Հանձնաժողովի ստեղծումը

 

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեսուն օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Նախագահը նշանակում է Հանձնաժողովի նախագահին, նրա տեղակալին և անդամներին:

 

Հոդված 42. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
5 դեկտեմբերի 2000 թ.
ՀՕ-112

 

  

 

pin
ՀՀ 06.11.2000
N ՀՕ-112 օրենք