Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 25 փետրվարի 2020 թ.

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 43-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 16.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ`

դիմողների` Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի,

 համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի և 4-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 41, 68 և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում մասամբ բանավոր ընթացակարգով քննեց «Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դիմումների հիման վրա` «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ պարբերության և «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ նաև` Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2002 թվականի հուլիսի 3-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել 2002 թվականի հուլիսի 30-ին և ուժի մեջ է մտել 2003 թվականի հունվարի 1-ից:

i

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Կարգապահական տույժը կիրառելու և տույժը հանելու կարգը» վերտառությամբ 43-րդ հոդվածի` սույն գործով վիճարկվող 9-րդ մասի երկրորդ պարբերությունը սահմանում է.

«Ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս լիազորությունների ժամանակավորապես կասեցումը կատարվում է մինչև քրեական գործի ավարտը կամ մինչև տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում աշխատավարձը վճարվում է մինչև երկու ամսվա համար, իսկ մնացած վճարումը կատարվում է գործի` արդարացնող հիմքով ավարտի դեպքում»:

i

Օրենքի 43-րդ հոդվածը լրացվել և փոփոխվել է 14.12.04թ. ՀՕ-131-Ն, 24.10.06թ. ՀՕ-169-Ն, 15.11.10թ. ՀՕ-169-Ն, 16.12.16թ. ՀՕ-215-Ն, 31.05.19թ. ՀՕ-49-Ն օրենքներով:

 «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ նաև` Կանոնագիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2005 թվականի ապրիլի 11-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել 2005 թվականի մայիսի 11-ին և ուժի մեջ է մտել 2005 թվականի մայիսի 28-ից:

i

Կանոնագրքի «Քրեական հետապնդում իրականացնելու և ծառայողական քննության ժամանակահատվածում նոր պաշտոնի նշանակվելու և ոստիկանությունում ծառայությունից ազատվելու արգելքը» վերտառությամբ 16.1-ին հոդվածի` սույն գործով վիճարկվող 1-ին մասը սահմանում է.

i

«Ոստիկանության ծառայողը, որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում, մինչև քրեական հետապնդումը դադարեցնելը չի կարող նշանակվել նոր պաշտոնի, իր նախաձեռնությամբ ազատվել ոստիկանությունում ծառայությունից»: Կանոնագրքի 16.1-ին հոդվածը լրացվել է 19.03.12թ. ՀՕ-36-Ն օրենքով:

Գործի քննության առիթը Մարդու իրավունքների պաշտպանի` 2019 թվականի հուլիսի 31-ին և Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 23-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի հիմքով` Սահմանադրական դատարանի 2019 թվականի նոյեմբերի 5-ի ՍԴԱՈ-123 աշխատակարգային որոշմամբ վերոհիշյալ դիմումներով գործերը միավորվել են:

Սահմանադրական դատարանի 2020 թվականի փետրվարի 11-ի ՍԴԱՈ-23 աշխատակարգային որոշմամբ սույն գործի հանգամանքների առավել արդյունավետ բացահայտման նպատակով որոշվել է անցնել բանավոր ընթացակարգով դատաքննության` Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի մասով:

Լսելով և ուսումնասիրելով սույն գործով դիմողների և պատասխանողի բացատրությունները, ինչպես նաև վերլուծելով Օրենքի և Կանոնագրքի համապատասխան դրույթները, գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

 

1. Դիմողների դիրքորոշումները

1.1. Մարդու իրավունքների պաշտպանը, դիմելով Սահմանադրական դատարան, խնդրում է որոշել «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ պարբերության և «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի` Սահմանադրության 29, 31, 57, 66, 78 և 80-րդ հոդվածներին համապատասխանությունն այնքանով, որքանով ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու դեպքում վերջինս զրկված է լինում և` սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու հնարավորությունից, և` այլ պաշտոնի նշանակվելու կամ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից բացի այլ աշխատանք կատարելու հնարավորությունից:

Մարդու իրավունքների պաշտպանը վիճարկվող իրավադրույթների հետ կապված ենթադրյալ սահմանադրականության հարցերը ներկայացնում է աշխատանքի ազատ ընտրության իրավունքի իրացման սահմանադրաիրավական և միջազգային իրավական բովանդակության, այդ իրավունքի սահմանափակման սահմանադրաիրավական երաշխիքների, աշխատանքի ազատ ընտրության և մասնավոր ու ընտանեկան կյանքի իրավունքների փոխկապակցվածության, աշխատանքային հարաբերություններում խտրականության արգելքի, անմեղության կանխավարկածի սկզբունքի, ինչպես նաև պետական ծառայության այլ տարատեսակների հարաբերությունները կարգավորող համանման իրավադրույթների համեմատական վերլուծության համատեքստում: Մասնավորապես, դիմողը եզրահանգում է, որ «Ոստիկանության ծառայողների համար նման խնդրահարույց կարգավորումներ նախատեսելու արդյունքում վերջինս հայտնվում է մի իրավիճակում, երբ ծառայողը մի կողմից` չի կարող ընտրել վարձատրվող այլ աշխատանք, մյուս կողմից` առանց աշխատավարձի հնարավորություն չի ունենում հոգալ նյութական և սոցիալական նվազագույն կարիքները` ապահովելով իր և իր ընտանիքի կենսաապահովման նվազագույն կարիքների բավարարումը»: Դիմողը նաև գտնում է, որ ծառայողի նկատմամբ քրեական հետապնդման ողջ ժամանակահատվածի համար աշխատավարձի չվճարման և ծառայությունից դուրս գալու միաժամանակյա արգելքը հանգեցնում է անմեղության կանխավարկածի սկզբունքի սահմանադրաիրավական երաշխիքից օգտվող ոստիկանության ծառայողի իրավունքների անհամաչափ սահմանափակման, ինչն էլ իր հերթին պարունակում է անձի վիճակը էականորեն վատթարացնող և այդպիսով պատժիչ բնույթ ունեցող տարրեր:

1.2. Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը, դիմելով Սահմանադրական դատարան, խնդրում է որոշել «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ պարբերության` Սահմանադրության 29-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին և 79 հոդվածին համապատասխանության հարցը:

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը վիճարկվող իրավադրույթի հետ կապված ենթադրյալ սահմանադրականության հարցերը, ներկայացնելով սահմանադրակաիրավական և միջազգային իրավական մի շարք կարգավորումների, Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առանձին իրավական դիրքորոշումների վերլուծության համատեքստում, մասնավորապես եզրահանգում է, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ պարբերությունը հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ իրավադրույթի կիրառումը սահմանափակում է անձի` Սահմանադրության 57-րդ հոդվածով նախատեսված` աշխատանքի ազատ ընտրության իրավունքի իրացումը` չսահմանելով նման սահմանափակման բովանդակային հիմքեր և կիրառման որոշակի պայմաններ: Ըստ դիմողի` վիճարկվող իրավադրույթով «....ոստիկանության ծառայողի լիազորությունների ժամանակավորապես կասեցնելու հիմքերը և ծավալը չսահմանելը թեև անձին de jure չի զրկում լիազորությունները կասեցնելու վերաբերյալ վարչական ակտը բողոքարկելու դատական պաշտպանության իրավունքից, այդուհանդերձ, նման իրավունքը գործնականում ձեռք է բերում ձևական բնույթ: Մասնավորապես, ոստիկանության ծառայողի լիազորություններն առանց որևէ հիմքի` զուտ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու ուժով կասեցնելու վերաբերյալ հրամանը դատական կարգով բողոքարկելիս անձը զրկված է նշված հրամանի հիմնավորվածությունը դատարանում վիճարկելու իրական հնարավորությունից, ինչն էլ ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքին»: Միաժամանակ դիմողը գտնում է, որ հանրային տարբեր ծառայողների նկատմամբ օրենսդրական միասնական մոտեցում ապահովված չէ, ինչը հիմնավորված չէ, ըստ այդմ` ոստիկանության ծառայողների նկատմամբ դրսևորվում է չարդարացված խտրականություն և տարբերակում է նախատեսվում միևնույն հանգամանքներում գտնվող միևնույն կարգավիճակով օժտված սուբյեկտների համեմատ:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Պատասխանողը (2019 թվականի սեպտեմբերի 27-ի և նոյեմբերի 11-ի գրավոր բացատրություններով) խնդրում է Սահմանադրական դատարանին «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ պարբերության և «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ընդունել որոշում` վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:

Պատասխանողը վիճարկվող իրավադրույթների վերաբերյալ դիմողների բարձրացրած ենթադրյալ սահմանադրականության հարցերին անդրադարձել է` վերլուծելով Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի,

 Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի, պետական ծառայության առանձին տեսակների հարաբերությունները կարգավորող օրենքների մի շարք դրույթներ, ինչպես նաև վկայակոչելով Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առանձին իրավական դիրքորոշումներ:

Պատասխանողը գտնում է, որ «....կարգապահական վարույթի ընթացքում ոստիկանության ծառայողի աշխատանքի ընտրության սահմանափակումը .... պայմանավորված է անձին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերջնական լուծմամբ, այն պարագայում, երբ նա չենթարկվի քրեական պատասխանատվության, ինչը ոստիկանության ծառայողի կողմից ծառայությունից դուրս գալու դեպքում հնարավոր չի լինի: .... տվյալ պարագայում նախատեսված սահմանափակումը անհրաժեշտ է և համաչափ հետապնդվող իրավաչափ նպատակին և բխում է պատժի անխուսափելիության սկզբունքից»:

Ըստ պատասխանողի` «..ոստիկանության ծառայողները չեն համարվում զինծառայողներին հավասարեցված անձինք, ի տարբերություն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողների, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայողների և հարկադիր կատարողների: .... ոստիկանության ծառայողներին և զինծառայողներին ու նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև այլ իրավապահ մարմինների ծառայողներին, մասնավորապես` քննչական կոմիտեի և դատախազության ծառայողներին որպես «միևնույն կատեգորիայի անձինք» դիտարկելը չի բխում ՀՀ օրենսդրական կարգավորումներից»: Պատասխանողը եզրահանգում է, որ օրենսդրական կարգավորմամբ առկա չէ խտրական վերաբերմունք ոստիկանության ծառայողների և դատավորների, քննչական կոմիտեի կամ դատախազության ծառայողների միջև, քանի որ նրանք չեն կարող համարվել էապես նույն իրավիճակում գտնվող անձինք:

i

Պատախանողը գտնում է նաև, որ ոստիկանության ծառայողի լիազորությունների կասեցման վարչաիրավական մեխանիզմը կարող է կիրառվել, եթե իրականացվել են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված գործողությունները, և պահպանվել են նույն հոդվածով սահմանված երաշխիքները, որն էլ իրենից ենթադրում է հենց լիազորությունների կասեցման քրեադատավարական մեխանիզմը: Ըստ պատասխանողի` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի և Օրենքի հիմքում դրված նպատակը, սկզբունքները և ելնելով դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ընդունող մարմնի հետապնդող նպատակից` հիշյալ երկու իրավական ակտերում սահմանված մեխանիզմները հանդիսանում են մեկը մյուսով պայմանավորված, հաջորդական գործընթացներ, այսինքն` Օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված լիազորությունների ժամանակավորապես կասեցումը կարող է կատարվել միայն այն պարագայում, երբ կա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի կարգով կայացված դատախազի կամ քննիչի որոշում:

Ի լրումն վերը նշված բացատրությունների` պատասխանողն իր 2020 թվականի փետրվարի 17-ի գրավոր և փետրվարի 18-ի բանավոր լրացուցիչ բացատրություններով նշում է, որ վիճարկվող դրույթները Սահմանադրության հետ հակասության մեջ չեն գտնվում, բայց միաժամանակ, տեղեկացնում է, որ դիմումով բարձրացված հարցերը և առաջ քաշված խնդիրներն ընդհանուր առմամբ ընդունելի են նաև Ազգային ժողովի կողմից:

 

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն գործով վիճարկվող իրավակարգավորումների սահմանադրականությունը գնահատելու նպատակով Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ, մասնավորապես, հետևյալ հարցադրումներին.

ա) ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդման ժամանակահատվածում նրա լիազորությունների կասեցումը պարտադի՞ր է արդյոք Օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ պարբերության իրավակարգավորման ուժով, և եթե հիմնված է ոստիկանության ծառայողի նկատմամբ բացառապես քրեական հետապնդում հարուցելու փաստի վրա, խախտու՞մ է արդյոք Սահմանադրության 29-րդ հոդվածով նախատեսված խտրականության արգելքը և Սահմանադրության 66-րդ հոդվածով նախատեսված անմեղության կանխավարկածի սկզբունքը,

բ) ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդման որոշակի ժամանակահատվածում աշխատավարձ չվճարելու և դրա հետ միաժամանակ ծառայությունից իր նախաձեռնությամբ ազատվելու օրենսդրական արգելք սահմանելը խախտու՞մ է արդյոք Սահմանադրության 49, 66 և 78-րդ հոդվածներով սահմանված պահանջները,

գ) Օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ պարբերության իրավակարգավորումը համապատասխանու՞մ է արդյոք Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված որոշակիության սկզբունքին:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

i

4.1. Օրենքի դրույթների վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը «Կարգապահական տույժը կիրառելու և տույժը հանելու կարգը» վերտառությամբ 43-րդ հոդվածով առանձին կանոնակարգել է ծառայողական քննության ժամանակահատվածում ոստիկանության ծառայողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու (9-րդ մասի առաջին պարբերություն) և ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս լիազորությունների ժամանակավորապես կասեցման հետ կապված հարաբերությունները (9-րդ մասի երկրորդ պարբերություն):

Սահմանադրական դատարանն իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքում (ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի 17.02.2020թ. գրության) արձանագրում է նաև, որ ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս լիազորությունների ժամանակավորապես կասեցումը կատարվել է ինչպես Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով նախատեսված հիմքով (դատախազի, կամ դատախազի համաձայնությամբ` քննիչի որոշմամբ), այնպես էլ առանց հիշյալ հոդվածով նախատեսված հիմքի առկայության: Այլ կերպ` իրավակիրառական պրակտիկայում արձանագրվել են դեպքեր, երբ ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդման ժամանակահատվածում նրա լիազորությունների ժամանակավորապես կասեցումը հիմնված է եղել ոստիկանության ծառայողի նկատմամբ բացառապես քրեական հետապնդում իրականացնելու փաստի վրա:

i

Սահմանադրական դատարանը, անդրադառնալով սույն գործով վիճարկվող դրույթներով ամրագրված «քրեական հետապնդում իրականացնել» և «քրեական հետապնդում հարուցել» եզրույթներին, փաստում է, որ «քրեական հետապնդում» և «քրեական հետապնդման հարուցում» հասկացությունների նշանակությունը բացահայտված է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համապատասխանաբար 17 և 18-րդ կետերում։ Ըստ այդմ` քրեական հետապնդում են համարվում այն բոլոր դատավարական գործողությունները, որոնք իրականացնում են քրեական հետապնդման մարմինները, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը` նպատակ ունենալով բացահայտել քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարած անձին, վերջինիս մեղավորությունը հանցանքի կատարման մեջ, ինչպես նաև ապահովել այդպիսի անձի նկատմամբ պատժի և հարկադրանքի այլ միջոցներ կիրառելը: Ինչ վերաբերում է քրեական հետապնդում հարուցելուն, ապա դա քրեական հետապնդման մարմնի որոշումն է անձին որպես մեղադրյալ ներգրավելու, ինչպես նաև մինչև այդ նրան ձերբակալելու կամ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու մասին:

i

Նշված որոշումներից որևէ մեկը կայացնելու դեպքում անձը պարտադիր ստանում է կամ կասկածյալի (Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մաս), կամ մեղադրյալի (Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մաս) կարգավիճակ:

 Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից հետևում է, որ «պաշտոնավարության ժամանակավոր դադարեցում» դատավարական հարկադրանքի միջոցը կարող է կիրառվել բացառապես կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ, այսինքն` այն անձի, որի նկատմամբ արդեն իսկ հարուցված է քրեական հետապնդում։

Վերոհիշյալ քրեադատավարական կարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանը նշում է, որ սույն գործով վիճարկվող դրույթների վերլուծության շրջանակներում «քրեական հետապնդում իրականացնելը» հաջորդում է «քրեական հետապնդում հարուցելուն»։ Հետևաբար, սույն որոշման մեջ նշված եզրույթներն օգտագործվում են` նկատի ունենալով դրանց հենց այդ հարաբերակցությունը:

i

4.2. Սահմանադրական դատարանն իր 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշմամբ անդրադարձել է Սահմանադրության 49-րդ հոդվածում ամրագրված` ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունքի սահմանադրական բովանդակությանը և արտահայտել, մասնավորապես, հետևյալ իրավական դիրքորոշումները.

1) սահմանադրորեն երաշխավորված հանրային ծառայության անցնելու իրավունքի իրականացման համար օրենսդիրը պետք է ապահովի ընդհանուր հիմքեր` բացառելով որևէ խտրականություն,

2) այդուհանդերձ` ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունքի իրականացման կառուցակարգերը կարող են էապես տարբերվել միմյանցից` կախված հանրային պաշտոնի առանձնահատկություններից և հանրային ծառայության տեսակից,

3) հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի ծավալի մեջ ներառվում է նաև անձի կողմից ընդհանուր հիմունքներով զբաղեցված հանրային պաշտոնում պաշտոնավարելու իրավունքը, որը, իր հերթին, ենթադրում է օրենքով չնախատեսված, ինչպես նաև կամայական հիմքերով հանրային ծառայությունից ազատվելու արգելք:

 Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1488 որոշմամբ ամրագրվել է նաև, որ «....հիմնական իրավունքները կամ ազատությունները սահմանափակող օրենքների հստակությունը, կանխատեսելիությունը և մատչելիությունն ուղիղ համեմատական են հիմնական իրավունքի սահմանափակման աստիճանին. որքան ավելի ինտենսիվ է այդ սահմանափակումը, այնքան ավելի հստակ, կանխատեսելի և մատչելի պետք է լինեն հիշյալ օրենքների ձևակերպումները, որպեսզի երկիմաստություն չառաջացնեն մասնավոր անձանց համար արգելքների, այլ սահմանափակումների կամ նրանց վրա դրված պարտականությունների առկայության և բովանդակության հարցում»:

Վերահաստատելով և սույն գործի շրջանակներում զարգացնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը գտնում է.

1) հանրային ծառայողի պաշտոնավարման իրավունքին որևէ միջամտություն պետք է իրականացվի ոչ խտրական հիմքերով` անկախ այն հանգամանքից, թե այդ ծառայողի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, թե ոչ, և անկախ որևէ այլ հանգամանքից, որը օբյեկտիվ հիմքով և իրավաչափ նպատակով չի հանգեցնում նրա պաշտոնավարման իրավունքին իրավաչափ միջամտության.

2) հանրային ծառայողի պաշտոնավարման իրավունքին այնպիսի միջամտությունը, որն ունի առավելագույն կամ բարձր ինտենսիվություն, այն է` հանգեցնում է նրա պաշտոնավարման հարկադիր դադարեցման կամ կասեցման, պետք է հիմքում ունենա հստակ, կանխատեսելի և մատչելի կարգավորումներ օրենքի մակարդակում, բացի դրանից, լինի համաչափ.

3) հանրային ծառայությունը կարգավորող օրենքներում չպետք է ամրագրվեն սոսկ քրեական հետապնդման հարուցման փաստով պայմանավորված այնպիսի հավելյալ սահմանափակումներ, որոնք, մի կողմից` դուրս են հանրային ծառայության ընդհանուր համակարգի տրամաբանությունից, մյուս կողմից` չունեն առարկայական արդարացում հատուկ օրենքում.

4) հաշվի առնելով հանրային ծառայողների առավել մեծ մասի և, ընդհանրապես, որևէ այլ` մասնավոր անձի նկատմամբ ինքնին քրեական վարույթ հարուցելու համար իրավական խոչընդոտների նվազ լինելը` հանրային ծառայողի պաշտոնավարման նկատմամբ քրեական դատավարության օրենքով չնախատեսված այլ` հավելյալ սահմանափակումները պետք է կիրառվեն բացառապես սուբսիդիարության կանոնի համաձայն, այն է` եթե քրեադատավարական միջոցների կիրառմամբ հնարավոր չէ հասնել Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանված համապատասխան իրավաչափ նպատակի կենսագործմանը: Ընդսմին` քրեադատավարական ներգործության միջոցներ կիրառելու անհրաժեշտության բացակայության պայմաններում սոսկ քրեական հետապնդման հարուցման փաստի ուժով հավելյալ օրենսդրական սահմանափակումներ ամրագրելը չի կարող հետապնդել Սահմանադրության տեսանկյունից արդարացված որևէ նպատակ, ուստի չի կարող արդարացվել ո`չ հանրային ծառայության ընդհանուր համակարգի տրամաբանությամբ, ո`չ էլ հանրային ծառայության որևէ կոնկրետ տեսակի առանձնահատկություններով.

5) հանրային ծառայության անցնելու և զբաղեցված պաշտոնում առանց չարդա րացված միջամտության պաշտոնավարելու իրավունքը ենթադրում է նաև այդ պաշտոնից սեփական նախաձեռնությամբ ազատվելու անարգել հնարավորություն` անկախ պաշտոնեական լիազորությունների իրականացման կապակցությամբ կարգապահական, քրեական կամ այլ պատասխանատվության ընթացակարգի առկայությունից: Հանրային ծառայության պաշտոնից սեփական նախաձեռնությամբ ազատվելու իրավունքը նույնքան պաշտպանված է Սահմանադրության 49-րդ հոդվածով, որքան հանրային ծառայության անցնելու իրավունքը:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ հանրային ծառայությունից սեփական նախաձեռնությամբ ազատվելու արգելքն առնչվում է նաև Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված` աշխատանքի ազատ ընտրության իրավունքին, քանի որ սահմանափակում է անձի հնարավորությունը հանրային ծառայությունից անցնելու այլ, այդ թվում` մասնավոր իրավահարաբերությունների շրջանակում աշխատանքի:

 Հարկ է նշել նաև, որ միջազգային իրավական փաստաթղթերով ևս սահմանված են աշխատանքային իրավունքների պաշտպանության բնագավառում առանցքային կարգավորումներ: Այսպես.

i

1) Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 23-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության իրավունք,

i

2) Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Սույն դաշնագրին մասնակցող պետությունները ճանաչում են աշխատանքի իրավունքը, որն իր մեջ ներառում է յուրաքանչյուր մարդու իրավունքը իր ապրուստի համար աշխատանքով վաստակելու հնարավորություն ստանալը, որը նա ազատորեն ընտրում է, կամ որին նա ազատորեն համաձայնում է, և կձեռնարկեն հարկ եղած քայլեր այդ իրավունքի ապահովման համար»,

3) Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի 1-ին մասի համաձայն` կողմերը, որպես իրենց քաղաքականության նպատակ, պարտավորվում են արդյունավետ իրականացման համար նպաստել նաև, որ յուրաքանչյուր ոք ունենա վաստակելու հնարավորություն` իր կողմից ազատորեն ընտրված ցանկացած աշխատանքով,

i

4) Աշխատանքի և զբաղվածության բնագավառում խտրականության մասին կոնվենցիայի 1-ին հոդվածի 2-րդ կետի համաձայն` որոշակի աշխատանքի հետ կապված ցանկացած տարբերակում, բացառում կամ նախապատվություն, որը հիմնված է այդ աշխատանքին հատուկ պահանջների վրա, խտրականություն չի համարվում, իսկ հիշյալ կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն` այն անձի դեմ ուղղված ցանկացած միջոցառում, որի վերաբերյալ կա հիմնավորված կասկած կամ ապացուցված է, որ նա զբաղվում է պետության անվտանգությունը վտանգող գործունեությամբ, խտրականություն չի համարվում` պայմանով, որ տվյալ անձն իրավունք ունենա դիմելու ներպետական պրակտիկային համապատասխան ստեղծված իրավասու մարմնին:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ այս միջազգային չափորոշիչները mutatis mutandis պետք է կիրառելի լինեն նաև հանրային ծառայության ոլորտում, քանի որ իրենց էությամբ տարածելի են նաև հանրային իրավահարաբերությունների շրջանակներում հանրային-իշխանական գործառույթներ իրականացնող անձանց վրա:

i

4.3. Սույն գործով վիճարկվող Օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն` ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս լիազորությունների ժամանակավորապես կասեցումը կատարվում է մինչև քրեական գործի ավարտը կամ մինչև տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում աշխատավարձը վճարվում է մինչև երկու ամսվա համար, իսկ մնացած վճարումը կատարվում է գործի` արդարացնող հիմքով ավարտի դեպքում: Ինչպես վերը փաստվեց նաև իրավակիրառական պրակտիկայով, նման ձևակերպմամբ իրավակարգավորումից բխում է, որ ոստիկանության ծառայողի նկատմամբ լիազորությունների ժամանակավորապես կասեցում կիրառվում է նաև առանց Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով նախատեսված հիմքի առկայության (դատախազի, կամ դատախազի համաձայնությամբ` քննիչի որոշման), և այն, ըստ էության, պայմանավորվում է ոստիկանության ծառայողի նկատմամբ սոսկ քրեական հետապնդում հարուցելու փաստով:

Հարկ է ընդգծել, որ այս իրավակարգավորման հետ միաժամանակ գործում է նաև օրենսդրական այն արգելքը, համաձայն որի` ոստիկանության ծառայողը, որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում, մինչև քրեական հետապնդումը դադարեցնելը չի կարող նշանակվել նոր պաշտոնի, իր նախաձեռնությամբ ազատվել ոստիկանությունում ծառայությունից (Կանոնագրքի 16.1-ին հոդվածի 1-ին մաս):

Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերոհիշյալ իրավակարգավորումները և դրանց իրավակիրառումը խնդրահարույց են Սահմանադրության 29 և 66-րդ հոդվածների տեսանկյունից:

i

Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն` խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհահայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Խտրականության արգելքն ամրագրող հիմնարար սկզբունքի ձևակերպումը` անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշների մասով, ի թիվս այլնի, վերաբերում է նաև հանրային ծառության մեջ գտնվելու հանգամանքին, ինչպես նաև քրեական հետապնդում հարուցելու փաստին:

i

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է խտրականության արգելքի սկզբունքին` արտահայտելով, մասնավորապես, հետևյալ իրավական դիրքորոշումները.

1) «....պետության պոզիտիվ սահմանադրական պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում` պաշտպանելու իրենց իրավունքները, հակառակ դեպքում` կխախտվեն ոչ միայն հավասարության, խտրականության արգելման, այլ նաև իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքները» (ՍԴՈ-731),

i

2) «Սահմանադրական դատարանը խտրականության արգելման սկզբունքի շրջանակներում թույլատրելի է համարում օբյեկտիվ հիմքով և իրավաչափ նպատակով պայմանավորված ցանկացած տարբերակված մոտեցում: Խտրականության արգելման սկզբունքը չի նշանակում, որ միևնույն կատեգորիայի անձանց շրջանակում ցանկացած տարբերակված մոտեցում կարող է վերածվել խտրականության: Խտրականության սկզբունքի խախտում է հանդիսանում այն տարբերակված մոտեցումը, որը զուրկ է օբյեկտիվ հիմքից և իրավաչափ նպատակից» (ՍԴՈ-881),

i

3) «..աշխատանքի ընտրության ազատությունը յուրաքանչյուր անհատի համար ապահովում է առանց խտրականության աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելու և իր մասնագիտական ու այլ ընդունակություններն ազատ դրսևորելու հավասար հնարավորություն: Միաժամանակ, այն չի խոչընդոտում օրենսդրին աշխատանքային հարաբերություններն իրավական կարգավորման ենթարկելիս սահմանել անձանց իրավական տարբեր կարգավիճակներ` կապված աշխատանքային պայմանների, անմիջական պայմանագրային պարտականությունների, գործունեության բնագավառի հետ, և նույնիսկ նախատեսել առանձին պաշտոններ զբաղեցնելու և պաշտոններից ազատելու առանձնահատուկ դեպքեր, եթե դրանք օբյեկտիվորեն արդարացված են և ունեն սահմանադրաիրավական համապատասխան հիմնավորում» (ՍԴՈ-991),

i

4) «....խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսևորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես` նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ (ՍԴՈ-1224):

Սահմանադրական դատարանը հարկ է համարում նաև վկայակոչել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` խտրականության արգելքի սկզբունքի վերաբերյալ արտահայտած, մասնավորապես, հետևյալ իրավական դիրքորոշումները.

1) վարքագծում տարբերությունը խտրականություն է միայն այն դեպքում, երբ չունի օբյեկտիվ և պատճառաբանված հիմնավորում, այսինքն` եթե չի հետապնդում իրավաչափ նպատակ, կամ որևէ ողջամիտ հարաբերակցություն առկա չէ օգտագործվող միջոցների և այն նպատակների միջև, որին պետք է հասնել (Inze v. Austria, գործով 1987թ. հոկտեմբերի 28-ի վճիռ, գանգատ թիվ 8695/79, § 41),

2) տարբերակումը կամ տարբերությունը համարվում է խտրական, եթե այն չունի օբյեկտիվ և ողջամիտ արդարացում, այսինքն` եթե այդ տարբերակումը կամ տարբերությունը չի հետապնդում իրավաչափ նպատակ կամ համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին (Andrejeva v. Latvia, գործով Մեծ պալատի 2009թ. փետրվարի 18-ի վճիռ, գանգատ թիվ 55707/00, § 81):

i

Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն` հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ անմեղության կանխավարկածը` համակցված խտրականության արգելքի սկզբունքի հետ, բացառում է օրենքով քրեական հետապնդում հարուցելու հետ կապված այնպիսի սահմանափակումների ամրագրման իրավական հնարավորությունը, որոնք վերաբերում են անձի ընդհանուր կարգավիճակին, այդ թվում` հանրային, տվյալ դեպքում` ոստիկանության ծառայության պաշտոնում նրա հետագա պաշտոնավարման կամ ծառայությունից ազատվելու իրավունքին, և որոնք անհրաժեշտ չեն քրեական վարույթի իրականացման համար: Հետևապես` նախ` քրեական հետապնդում հարուցելու փաստը որևէ կերպ չի կարող հիմք դառնալ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնավարումը կասեցնելու կամ դադարեցնելու համար, եթե նրա նկատմամբ չի ընտրվել դատավարական ներգործության այնպիսի միջոց, որը արգելափակում է նրա հետագա պաշտոնավարումը: Դա նշանակում է, որ նման հիմքով չի կարող արգելափակվել նաև հանրային ծառայության պաշտոնից ազատվելու` անձի իրավունքը: Ուստի հանրային ծառայության պաշտոնի հետ կապված բոլոր իրավունքները, որոնք քրեական հետապնդման շրջանակներում չեն սահմանափակվել, չեն կարող սահմանափակվել նաև հանրային ծառայությունը կարգավորող ընդհանուր կամ հատուկ օրենքներով: Բացի դրանից, դա նշանակում է նաև հանրային ծառայության պաշտոնով պայմանավորված պարտականությունների անարգել իրականացման ապահովում, ինչից էլ հետևում է, որ մինչև մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելն անձի` վարձատրություն ստանալու իրավունքը չի կարող և չպետք է սահմանափակվի ո`չ բովանդակային, ո`չ էլ ժամանակագրական տեսանկյունից:

Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա չէ որևէ հիմնավորում` բացառապես քրեական հետապնդում հարուցելու փաստի հիմքով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի` այդ պաշտոնից ածանցվող որևէ իրավունքի սահմանափակման համար:

 Նշվածը վերաբերելի է ինչպես պետական ծառայության, համայնքային ծառայության, հանրային պաշտոններ զբաղեցնող, այնպես էլ աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց:

4.4. Սահմանադրության 78-րդ հոդվածով ամրագրված համաչափության սկզբունքի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:

Սույն գործով վիճարկվող իրավակարգավորումների սահմանադրականության գնահատման շրջանակներում անհրաժեշտ է պարզել նաև, թե արդյոք ոստիկանության ծառայողի նկատմամբ օրենքներով ընտրված սահմանափակումները, այն է` լիազորությունների ինքնաշխատ կասեցումը, աշխատավարձի վճարման ժամկետի սահմանափակումը, նոր պաշտոնի նշանակվելը կամ իր նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելը հետապնդում են իրավաչափ, այսինքն` Սահմանադրությամբ սահմանված նպատակ:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ հիշյալ սահմանափակումները պայմանավորված են բացառապես քրեական հետապնդում հարուցելու փաստով, հետևապես, կարող են արդարացված լինել միայն քրեական վարույթի շրջանակներում ներգործության միջոցներ կիրառելու անհրաժեշտությամբ, ինչի գնահատումը քրեական վարույթն իրականացնող համապատասխան մարմինների իրավասության շրջանակներում է: Միայն նրանց համապատասխան որոշումը կարող է հիմք հանդիսանալ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի, տվյալ դեպքում` ոստիկանության ծառայողի նկատմամբ անհրաժեշտ այնպիսի սահմանափակման կիրառման համար, ինչպիսին է լիազորությունների կասեցումը: Այս առումով Սահմանադրական դատարանը գտնում է, որ ոստիկանության ծառայության պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունների ինքնաշխատ, այսինքն` պարտադիր կասեցումը, նրա աշխատավարձի վճարման ժամկետային սահմանափակումը, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ ծառայությունից ազատվելու արգելքը չեն կարող հետապնդել Սահմանադրությամբ սահմանված որևէ նպատակ, այսինքն` հակասում են Սահմանադրության 78-րդ հոդվածին: Հարկ է նշել, որ Օրենքով չեն կարող սահմանվել այնպիսի սահմանափակումներ, որոնք մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն ուղղակի կամ անուղղակի կկանխորոշեն անձի մեղավորությունը ենթադրյալ հանցագործության կատարման համար:

Ինչ վերաբերում է Կանոնագրքի` սույն գործով վիճարկվող 16.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված` նոր պաշտոնի նշանակվելու արգելքին, ապա այն կարող է արդարացված լինել, եթե ոստիկանությունում ծառայության պաշտոն զբաղեցնող անձը պետք է դրանով խրախուսվի` զբաղեցնելով ավելի բարձր պաշտոն կամ տեղափոխվելով ավելի մեծ պատասխանատվություն ենթադրող համարժեք այլ պաշտոնի: Նման դեպքերում թույլատրելի է քրեական հետապնդում հարուցելու փաստի ուժով ժամանակավորապես ձեռնպահ մնալ այնպիսի խրախուսական միջոցներ կիրառելուց, որոնք կասկածի տակ կդնեն հանցագործությունների բացահայտման հանրային շահը: Սակայն այդ դեպքերում ևս, ելնելով անմեղության կանխավարկածի հրամայական պահանջից` չպետք է ամրագրվի պարտադիր կարգով կիրառվող բացարձակ արգելք` հատկապես հաշվի առնելով մեղսագրվող արարքի ծանրությունը և անձը բնութագրող, ինչպես նաև յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գնահատման ենթակա մյուս բոլոր անհրաժեշտ հանգամանքները:

i

4.5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ պարբերությամբ չեն սահմանվում ոստիկանության ծառայողի լիազորությունների կասեցման հիմքերը, ինչպես նաև կասեցնելու իրավասություն ունեցող սուբյեկտների շրջանակը, ինչի սահմանադրականության գնահատման հարցը, իրավական որոշակիության տեսակետից, բարձրացվել է սույն գործով դիմող Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից:

i

 Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին` արտահայտելով, մասնավորապես, հետևյալ իրավական դիրքորոշումները.

i

1) որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), իրավական օրենքը պետք է լինի բավականաչափ մատչելի` իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու` թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (ՍԴՈ-753), օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (ՍԴՈ-1176),

i

2) « .... Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է ինչպես հնարավորինս հստակ իրավակարգավորման առկայություն, այնպես էլ դրա կանխատեսելիության ապահովում: Մասնավորապես, իրավակարգավորման ձևակերպումը պետք է հնարավորություն տա անձին ոչ միայն դրան համապատասխան ձևավորելու իր վարքագիծը, այլև կանխատեսելու, թե ինչպիսի՞ն կարող են լինել հանրային իշխանության գործողությունները, և ի՞նչ հետևանքներ կառաջանան տվյալ իրավակարգավորման կիրառման արդյունքում» (ՍԴՈ-1452),

3) հաշվի առնելով կենսական հարցերի բազմազանությունը և նորմաստեղծ ճանապարհով բոլոր իրավիճակներին արձագանքելու անհնարինությունը` օրենսդրական և ենթաօրենսդրական կարգավորումների որոշակիության պահանջը չի բացառում անորոշ իրավական հասկացությունների ամրագրումն օրենքներում և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում, սակայն այն պարտադիր պետք է ուղեկցվի նման հասկացությունների համարժեք, իսկ նույնական դեպքերում` միատեսակ մեկնաբանությամբ, առանց որի անհնարին կլինի փաստել այդ դրույթների կանխատեսելիությունը (ՍԴՈ-1488):

 Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ վերոհիշյալ իրավական դիրքորոշումները կարևոր են նաև Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման ապահովման առումով:

Հիմք ընդունելով քրեադատավարական օրենսդրության ընդհանուր տրամաբանությունը, ինչպես նաև սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ պարբերության «լիազորությունների ժամանակավորապես կասեցումը կատարվում է» դրույթը խնդրահարույց է նաև Սահմանադրության 79-րդ հոդվածի տեսանկյունից: Իրավական որոշակիության ապահովման առումով Օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ պարբերության` «լիազորությունների ժամանակավորապես կասեցումը կատարվում է» դրույթը պետք է որպես իրավական հիմք ունենա քրեադատավարական օրենքը:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում նաև նշել, որ օրենսդրորեն անհրաժեշտ է անդրադառնալ նաև, ըստ էության, նույն բովանդակությունը և իմաստն արտահայտող եզրույթների կիրառման միասնականության ապահովման հարցին: Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածում օրենսդիրը կիրառում է «պաշտոնավարության ժամանակավոր դադարեցում» եզրույթը, Օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի առաջին պարբերությունում` կիրառում է «լիազորությունների ժամանակավորապես դադարեցում» եզրույթը, իսկ նույն մասի երկրորդ պարբերությունում` «լիազորությունների ժամանակավորապես կասեցում» եզրույթը:

i

4.6. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` հանրային ծառայության առանձին տեսակների կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան օրենքներով (2-րդ հոդվածի 3-րդ մաս):

 Սույն գործի քննության առարկայի շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև անդրադառնալ հանրային ծառայության այլ տեսակների կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները կարգավորող առանձին օրենքների համանման դրույթներին: Այսպես.

i

«Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն` «Ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս լիազորությունների ժամանակավորապես կասեցումը կատարվում է մինչև քրեական գործի ավարտը կամ մինչև տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում ծառայողին շարունակում է վճարվել աշխատավարձ»:

i

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` «Քրեակատարողական ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցվում են մինչև քրեական հետապնդումը դադարեցնելը կամ մինչև տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Քրեակատարողական ծառայողի լիազորությունների ժամանակավորապես դադարեցման ժամանակահատվածում նրա աշխատավարձը պահպանվում է»:

i

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` «Հարկադիր կատարողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս լիազորությունները ժամանակավորապես դադարեցվում են մինչև քրեական հետապնդման դադարեցումը կամ մինչև տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Հարկադիր կատարողի լիազորությունների ժամանակավորապես դադարեցման ժամանակահատվածում նրա աշխատավարձը պահպանվում է»:

i

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի համաձայն`

«1. Քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունները կասեցվում են`

 1) քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու դեպքում մինչև համապատասխան վերջնական որոշման ընդունումը.

(...)

4. Քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա աշխատավարձը պահպանվում է»:

i

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37.1-ին հոդվածի համաձայն`

«Քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված մաքսային ծառայողի պաշտոնական լիազորությունները կասեցվում են հիմնական աշխատավարձի պահ պանմամբ մինչև մեղադրանքի հանվելը»:

Ելնելով վերոգրյալից` Սահմանադրական դատարանը փաստում է, որ հանրային ծառայության վերոհիշյալ տեսակները կարգավորող օրենքներում առկա չէ ծառայությունից սեփական նախաձեռնությամբ ազատվելու և նոր պաշտոնի նշանակվելու կամ այլ աշխատանք կատարելու արգելք` քրեական հետապնդում հարուցելու փաստի հիմքով: Բացի դրանից, լիազորությունների կասեցման դեպքում աշխատավարձը պահպանվում է:

Սույն գործի շրջանակներում Սահմանադրական դատարանն իրավասու չէ անդրադառնալ հանրային ծառայության առանձին տեսակները կարգավորող օրենքների վերաբերելի դրույթների սահմանադրականությանը: Միևնույն ժամանակ, սակայն, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ օրենսդրորեն հիմնավորված չեն հանրային ծառայության վերը նշված տեսակները կարգավորող օրենքների վերաբերելի դրույթներից տարբերվող` սույն գործով վիճարկվող իրավակարգավորումների օբյեկտիվ հիմքերը և իրավաչափ նպատակները, ուստիև այս առումով ևս դրանք հակասում են Սահմանադրության 29-րդ հոդվածին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը և 4-րդ մասը, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64, 68 և 71-րդ հոդվածները` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ պարբերությունը` ոստիկանության ծառայողի նկատմամբ բացառապես քրեական հետապնդում հարուցելու (իրականացնելու) փաստով պայմանավորված` լիազորությունները կասեցնելու, ինչպես նաև ոստիկանության ծառայողի աշխատավարձի վճարման ժամկետային սահմանափակում նախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության 29, 49, 66, 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

i

2. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասը` մինչև քրեական հետապնդումը դադարեցնելը ոստիկանության ծառայողի նոր պաշտոնի նշանակվելու բացարձակ արգելք, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ ոստիկանության ծառայությունից ազատվելու արգելք նախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության 29, 49, 66 և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

i

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

    Հ. Թովմասյան


2020 թ. փետրվարի 25
ՍԴՈ-1507

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 27 փետրվարի 2020 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
25.02.2020
N ՍԴՈ-1507
Որոշում