Սեղմել Esc փակելու համար:
1950 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ԻՆ ՀՌՈՄՈՒՄ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1950 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ԻՆ ՀՌՈՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «Մ ...

 

 

020.0350.220202

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

1950 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ԻՆ ՀՌՈՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ, «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ` 1952 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-ԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ, «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ` 1963 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՈՐՈՇ ԱՅՆՊԻՍԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ԱՅԼ ԵՆ, ՔԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՎ ԴՐԱՆ ԿԻՑ ԹԻՎ ԱՌԱՋԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՐԴԵՆ ԸՆԴԳՐԿՎԱԾՆԵՐԸ» ԹԻՎ 4 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ` 1984 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԹԻՎ 7 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 22 փետրվարի 2002 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1950 թվականի նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայում, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի` 1952 թվականի մարտի 20-ին Փարիզում ստորագրված արձանագրությունում, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի` 1963 թվականի սեպտեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված` «Որոշ այնպիսի իրավունքների և ազատությունների ապահովման մասին, որոնք այլ են, քան կոնվենցիայի և դրան կից թիվ առաջին արձանագրության մեջ արդեն ընդգրկվածները» թիվ 4 արձանագրությունում և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի` 1984 թվականի նոյեմբերի 22-ին Ստրասբուրգում ստորագրված թիվ 7 արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան, կոնվենցիայի` վերը նշված արձանագրությունները և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան ստորագրվել է 1950 թ. նոյեմբերի 4-ին և ուժի մեջ է մտել 1953 թ. սեպտեմբերի 3-ին: Հայաստանի Հանրապետության անունից կոնվենցիան ստորագրվել է 2001 թ. հունվարի 25-ին:

Կոնվենցիայի և դրան կից լրացուցիչ արձանագրությունների միջոցով ձևավորվել է մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգ, որում ներառված են քաղաքացիական և քաղաքական, ինչպես նաև սոցիալ-տնտեսական մի շարք իրավունքներ և ազատություններ:

2. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի` 1952 թ. մարտի 20-ին Փարիզում ստորագրված արձանագրությունը վերաբերում է սեփականության, կրթության և ազատ ընտրության իրավունքների պաշտպանությանը:

3. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի` 1963 թ. սեպտեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված` «Որոշ այնպիսի իրավունքների և ազատությունների ապահովման մասին, որոնք այլ են, քան կոնվենցիայի և դրան կից թիվ առաջին արձանագրության մեջ արդեն ընդգրկվածները» թիվ 4 արձանագրությունը վերաբերում է պարտքի համար ազատազրկման արգելմանը, տեղաշարժի ազատության պաշտպանությանը, քաղաքացիների արտաքսման արգելմանը և օտարերկրացիների կոլեկտիվ արտաքսման արգելմանը:

4. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի` 1984 թ. նոյեմբերի 22-ին Ստրասբուրգում ստորագրված թիվ 7 արձանագրությունը վերաբերում է` օտարերկրացիների արտաքսման ընթացակարգային երաշխիքներին, քրեական գործերով գանգատարկման իրավունքին, սխալ դատապարտման դեպքում փոխհատուցում տրամադրելուն, նույն հանցագործության համար կրկին անգամ չդատվելու և չպատժվելու իրավունքին, ինչպես նաև ամուսինների իրավահավասարությանը:

5. Քննության առարկա կոնվենցիայով և արձանագրություններով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- իր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար ապահովել կոնվենցիայի 1-ին բաժնում և արձանագրություններում սահմանված մարդու իրավունքներն ու ազատությունները,

- պատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող այլ արտակարգ դրության ժամանակ կոնվենցիայով ստանձնած պարտավորություններից շեղվելու իրավունքն օգտագործելիս Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ամբողջությամբ իրազեկել կիրառված միջոցառումների և դրանց կիրառման դրդապատճառների մասին,

- որևէ կերպ չխոչընդոտել Մարդու իրավունքների եվրոպական դատարան անհատական գանգատ տալու` ցանկացած անձի, հասարակական կազմակերպության կամ անձանց խմբի իրավունքի իրականացմանը,

- կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջնական վճիռներն այն գործերի վերաբերյալ, որոնցում հանդես է գալիս որպես կողմ,

- Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի պահանջով ներկայացնել պարզաբանումներ այն կարգի վերաբերյալ, որով ՀՀ ներպետական իրավունքն ապահովում է քննության առարկա կոնվենցիայի ցանկացած դրույթի արդյունավետ իրականացումը,

- կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ Հայաստանի Հանրապետության և մյուս կողմերի միջև ծագած վեճը գանգատի միջոցով ներկայացնել կարգավորման այն միջոցներով, որոնք նախատեսված են քննության առարկա կոնվենցիայով:

6. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թ. նոյեմբերի 4-ին ընդունված կոնվենցիան էապես տարբերվում է Հայաստանի Հանրապետության կողմից մինչ այժմ կնքված մյուս համընդգրկուն և տարածաշրջանային միջազգային պայմանագրերից և համաձայնագրերից նրանով, որ կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով նախատեսված` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը երաշխավորելու համար գործում է հատուկ միջազգային վերահսկողական համակարգ` հանձինս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի:

7. ՀՀ սահմանադրական դատարանում քննության առարկա կոնվենցիայում և դրան կից թիվ 1, 4 և 7 արձանագրություններում ամրագրված իրավունքների և ազատությունների զգալի մասը բովանդակային առումով համահունչ է ՀՀ մասնակցությամբ գործող այլ միջազգային փաստաթղթերում, մասնավորապես` 1966 թ. դեկտեմբերի 16-ի` Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի և դրան կից կամընտիր արձանագրության, ինչպես նաև 1966 թ. դեկտեմբերի 16-ի` Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի մեջ ամրագրված իրավունքներին և ազատություններին:

ՀՀ Գերագույն խորհրդի 1991 թ. ապրիլի 1-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունը միացել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին և դրան կից կամընտիր արձանագրությանը, իսկ ՀՀ Գերագույն խորհրդի 1993 թ. հունիսի 9-ի որոշմամբ` Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրին:

8. Ուսումնասիրությունը վկայում է, որ քննության առարկա կոնվենցիայում և հիշյալ արձանագրություններում ամրագրված իրավունքների և հիմնարար ազատությունների մի մասը համահունչ է և համապատասխանում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու համապատասխան իրավունքներին և ազատություններին, մյուս մասը ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված է այլ խմբագրությամբ և ձևակերպումներով, իսկ քննության առարկա կոնվենցիայում և արձանագրություններում ամրագրված առանձին իրավունքներ ՀՀ Սահմանադրությամբ անմիջականորեն նախատեսված չեն: Այսպես`

8.1. Կոնվենցիայի 2, 3, 6, 11, 13, 14 հոդվածներում ամրագրված իրավունքները և ազատությունները համահունչ են և համապատասխանում են ՀՀ Սահմանադրության համապատասխանաբար` 17, 19, 38 և 39, 25 և 26, 38, 15 և 16 հոդվածներում ամրագրված իրավունքներին և ազատություններին.

8.2. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի` 1952 թ. մարտի 20-ին Փարիզում ստորագրված արձանագրության 1, 3 հոդվածներում ամրագրված իրավունքները և ազատությունները համահունչ են և համապատասխանում են ՀՀ Սահմանադրության համապատասխանաբար` 8 և 28, 2-3 և 27 հոդվածներում ամրագրված իրավունքներին և ազատություններին.

8.3. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի` 1984 թ. նոյեմբերի 22-ին Ստրասբուրգում ստորագրված թիվ 7 արձանագրության 2 հոդվածի 1-ին կետում, 5 հոդվածում ամրագրված իրավունքները համապատասխանում են ՀՀ Սահմանադրության 40 հոդվածի 3-րդ մասում, 32 հոդվածի 2-րդ մասում ամրագրված իրավունքներին:

9. Կոնվենցիայում և արձանագրություններում ամրագրված իրավունքների և հիմնարար ազատությունների մյուս մասը ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված է այլ խմբագրությամբ և ձևակերպումներով: Այսպես`

9.1. Կոնվենցիայի 5, 7, 14, 8, 9, 10, 12, 13, 15(2), 16 հոդվածներում նշված իրավունքները և ազատություններն ամրագրված են ՀՀ Սահմանադրության համապատասխանաբար` 18, 42, (1-ին պարբ.), 15 և 16, 20 և 21, 23, 24, 32, 38, 45, 25 և 26 հոդվածներում` այլ խմբագրությամբ.

9.2. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի` 1952 թ. մարտի 20-ին Փարիզում ստորագրված արձանագրության 2 հոդվածում նշված իրավունքն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 35 հոդվածում` այլ խմբագրությամբ.

9.3. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի` 1963 թ. սեպտեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված` «Որոշ այնպիսի իրավունքների և ազատությունների ապահովման մասին, որոնք այլ են, քան կոնվենցիայի և դրան կից թիվ առաջին արձանագրության մեջ արդեն ընդգրկվածները» թիվ 4 արձանագրության 2 հոդվածում նշված ազատությունն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 22 հոդվածում` այլ խմբագրությամբ.

9.4. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի` 1984 թ. նոյեմբերի 22-ին Ստրասբուրգում ստորագրված թիվ 7 արձանագրության 3 հոդվածում նշված իրավունքն առավել ընդհանրական ձևով ամրագրված է ՀՀ Սահմանադրության 40 հոդվածի 4-րդ մասում:

10. Վերը հիշատակվող 9.1, 9.2, 9.3 և 9.4 կետերում նշված` կոնվենցիայում և արձանագրություններում ամրագրված իրավունքները և ազատությունները, չնայած համահունչ են ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված նման իրավունքներին և ազատություններին, սակայն ՀՀ Սահմանադրությունը դրանց մի մասը պատվիրակում է ոչ թե ընդհանրապես մարդկանց, այլ միայն քաղաքացիներին: Դրանցից են` ՀՀ Սահմանադրության 15, 22 հոդվածները, 25 հոդվածի 2-րդ մասը, 26, 27, 28, 29, 31, 33, 35 և 37 հոդվածները:

Միաժամանակ, հիշատակվող կոնվենցիոն և արձանագրային նորմերը, որոնք ՀՀ Սահմանադրության մեջ շարադրված են այլ խմբագրությամբ, ինչպես բովանդակության, այնպես էլ իրավաբանական ձևակերպման առումով համահունչ են Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի, ինչպես նաև Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի մեջ ամրագրված նույնաբնույթ իրավունքներին և ազատություններին, և դրանք ոչ միայն չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը, այլև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ամրագրում են առավել ընդգրկուն:

11. Քննության առարկա կոնվենցիայում և արձանագրություններում տեղ գտած մի շարք իրավունքներ և ազատություններ անմիջականորեն ամրագրված չեն ՀՀ Սահմանադրության մեջ: Այսպես`

11.1. Կոնվենցիայի 34 հոդվածում ամրագրված` անձանց և հասարակական կազմակերպությունների` իրենց խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով միջազգային դատարան դիմելու իրավունքը չունի իր համանման նորմը ՀՀ Սահմանադրության մեջ.

11.2. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի` 1963 թ. սեպտեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված` «Որոշ այնպիսի իրավունքների և ազատությունների ապահովման մասին, որոնք այլ են, քան կոնվենցիայի և դրան կից թիվ առաջին արձանագրության մեջ արդեն ընդգրկվածները» թիվ 4 արձանագրության 1 հոդվածում, 2 հոդվածի 1-ին կետում, 3, 4, հոդվածներում նշված իրավունքները և ազատություններն ամրագրված չեն ՀՀ Սահմանադրության մեջ.

11.3. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի` 1984 թ. նոյեմբերի 22-ին Ստրասբուրգում ստորագրված թիվ 7 արձանագրության 1 հոդվածում, 2 հոդվածի 2-րդ կետում, 4 հոդվածում նշված իրավունքներն ամրագրված չեն ՀՀ Սահմանադրության մեջ:

12. Վերը նշված 9.1-9.4 կետերում հիշատակվող կոնվենցիոն և արձանագրային նորմերում ամրագրված` մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակներն ու սկզբունքները համահունչ են ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված` մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող նույնաբնույթ իրավահարաբերությունները կարգավորող նորմերի և դրույթների նպատակներին ու սկզբունքներին:

Առկա տարբերության էությունը կայանում է նրանում, որ կոնվենցիոն և արձանագրային նորմերը մարդու իրավունքները և ազատությունները պաշտպանում են ավելի լայն ընդգրկումով, քան ՀՀ Սահմանադրության հիշյալ նորմերը:

13. Չնայած կոնվենցիոն և սահմանադրական նորմերի միջև տարբերությունն ուղղված չէ ՀՀ իրավազորության ներքո գտնվող անձանց իրավունքների և ազատությունների նպատակային սահմանափակմանը, այդուհանդերձ, առաջին հայացքից կարող է թվալ, թե դրանց միջև գոյություն ունի նորմատիվային բնույթի հակասություն:

Նման հարցադրումը զրկվում է որևէ հիմքից, եթե ՀՀ ամբողջ օրենսդրական համակարգը և միջազգային պայմանագրային պարտավորությունները դիտվեն որպես փոխկապակցված մեկ միասնական իրավական համակարգ: Այս առումով, անվերապահ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 6 հոդվածում նախատեսված դրույթի պահանջով, այն է` «Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը կարող են վավերացվել Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելուց հետո», պետք է նաև, որ որպես սահմանադրաիրավական հարաբերությունները կարգավորող պարտադիր ելակետային դրույթ ընդունել ՀՀ Սահմանադրության 4 հոդվածի պահանջն այն մասին, որ` «Պետությունն ապահովում է մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը Սահմանադրության և օրենքների հիման վրա` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան»: Նշված սահմանադրական դրույթը նշանակում է որ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է բարեխղճորեն կատարել միջազգային իրավունքի սկզբունքներից ու նորմերից բխող պարտավորությունները, այդ թվում` միջազգային պայմանագրային պարտավորությունները (Pacta sunt servanda):

Նշված` 1966 թ. դեկտեմբերի 16-ի երկու դաշնագրերն էլ հանդիսանում են միջազգային համընդգրկուն փաստաթղթեր, որոնցով նախատեսված պարտավորությունները մարդու և քաղաքացու իրավունքների ու հիմնական ազատությունների առումով, ինչպես նաև դրանց հնարավոր սահմանափակումները կամ ստանձնած պարտավորություններից շեղումները Հայաստանի Հանրապետության համար ունեն պարտադիր իրավաբանական ուժ` անկախ այն հանգամանքից, թե Հայաստանը կվավերացնի քննարկվող կոնվենցիան և արձանագրությունները, թե` ոչ:

Այսպիսով, ՀՀ Սահմանադրության 4 և 43 հոդվածները, ըստ էության, նշված դաշնագրերի դրույթները ներառում են սահմանադրաիրավական հարաբերությունները կարգավորող նորմերի և սկզբունքների համակարգի մեջ:

Ընդունելով այս իրողությունը, միաժամանակ հարկ է արձանագրել, որ այս հանգամանքը, փաստորեն, կարող է ՀՀ Սահմանադրության 4 հոդվածի և 6 հոդվածի 6-րդ պարբերության միջև թվացյալ հակասության պատրանք ստեղծել:

Դրա բացակայությունը վկայող կարևոր հիմք է հանդիսանում ՀՀ Սահմանադրության 43 հոդվածի դրույթն այն մասին, որ` «Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները և ազատություններն սպառիչ չեն և չեն կարող մեկնաբանվել որպես մարդու և քաղաքացու այլ հանրաճանաչ իրավունքների և ազատությունների բացառում»: Նշված սահմանադրական դրույթը կարող է մեկնաբանվել, որ ՀՀ քաղաքացին կամ ՀՀ իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձ կարող է ունենալ ոչ միայն Սահմանադրության մեջ չարձանագրված իրավունք կամ ազատություն, այլև այնպիսի իրավունքներ և ազատություններ, որոնք հանդիսանում են ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված իրավունքների և ազատությունների տրամաբանական շարունակությունը կամ դրանց իրականացումն ապահովող լրացուցիչ երաշխիք:

Սույն մեկնաբանության համար հիմք է հանդիսանում նաև այն, որ Սահմանադրության և ցանկացած միջազգային պայմանագրի դրույթների հնարավոր հակասությունը ենթադրում է, որ Սահմանադրությունն ուղղակի բացառում է այն իրավունքը, որը հստակորեն սահմանված է պայմանագրով, կամ երբ Սահմանադրությունը պարտադրում է այնպիսի վարքագիծ, որը կտրականապես արգելված է պայմանագրով: Նշված իրավունքների առումով նման հակասություն առկա չէ:

ՀՀ սահմանադրական դատարանը նաև գտնում է, որ չնայած միջազգային հանրային իրավունքի նորմերով պետությունները կրում են միմյանց նկատմամբ պարտավորություններ, սակայն միջազգային հանրային իրավունքի համակարգում մարդու իրավունքների պաշտպանության այսօր ձևավորված մոտեցումը հիմք է տալիս եզրակացնել, որ բազմակողմ կոնվենցիաների համակարգի վրա հիմնված մարդու հիմնական իրավունքները և հիմնարար ազատություններն ավելի շատ հանդիսանում են պետությունների վարքագծի օբյեկտիվ չափորոշիչներ, քան թե նրանց փոխադարձ իրավունքներ և պարտականություններ: Այդ կոնվենցիաներով նախատեսված` պետությունների պարտավորություններն ավելի շատ ուղղված են իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց, քան թե մյուս մասնակից պետություններին: Այս առումով 1950 թ. նոյեմբերի 4-ի կոնվենցիան կոչված է պետական իշխանության մարմիններից պաշտպանելու անձանց և հասարակական կազմակերպություններին, որը ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված` իրավական պետության կարևոր հատկանիշներից է: Ընդ որում, կոնվենցիան և արձանագրությունները հիմնված են այնպիսի իրավունքների և չափորոշիչների վրա, որոնք համահունչ են ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ միջազգային պայմանագրերով երաշխավորված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոգուն և տառին:

Կոնվենցիայի ամբողջ իրավական ռեժիմը, այդ թվում նաև իրավունքների հնարավոր սահմանափակման սկզբունքները կառուցված են այն ելակետային դրույթի վրա, որ պետության կողմից ընդունված պարտավորություններն ուղղված են բոլոր մարդկանց իրավունքների պաշտպանությանը` միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան: Հետևաբար, նկատի ունենալով, որ ՀՀ Սահմանադրությունը 4 հոդվածի ուժով պետությանը պարտավորեցնում է միջազգային իրավունքի սկզբունքներից ելնելով ապահովել մարդու միջազգայնորեն ճանաչված բոլոր իրավունքները և ազատությունները, միաժամանակ 43 հոդվածով ընդունում է, որ ՀՀ Սահմանադրությամբ թվարկված իրավունքները և ազատություններն սպառիչ չեն, որ մարդը և քաղաքացին կարող են ունենալ այլ հանրաճանաչ իրավունքներ և ազատություններ, և, հիմք ընդունելով այն, որ մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրության նորմերն ունեն ոչ թե արգելող, այլ լիազորող բնույթ, կարելի է արձանագրել, որ քննության առարկա կոնվենցիոն և արձանագրային նորմերը համահունչ են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նորմերին ու սկզբունքներին:

14. 11.1-11.3 կետերում հիշատակվող իրավունքների և ազատությունների համակարգում ՀՀ միջազգային իրավական պարտավորությունների տեսակետից նոր երևույթ պետք է դիտել քննարկվող կոնվենցիայի 34 և 46 հոդվածներով նախատեսվող` մասնակից պետությունների իրավազորության ներքո գտնվող անձանց և հասարակական կազմակերպությունների` իրենց խախտված իրավունքների պաշտպանության նպատակով միջազգային դատարան դիմելու իրավունքը, որի կայացրած վճիռները պետության համար ձեռք են բերում պարտադիր իրավաբանական ուժ:

Նման իրավունք ոչ՛ իր քաղաքացիների և ոչ՛ էլ իր իրավազորության ներքո գտնվող անձանց համար Հայաստանի Հանրապետությունն ուղղակիորեն չի հռչակել ոչ՛ իր Սահմանադրությամբ և ոչ՛ էլ ճանաչել է իր համար ներկայումս գործող միջազգային պայմանագրերով: Սակայն, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 43 հոդվածի լիազորող բնույթը և ՀՀ ինքնիշխան իրավունքը` կամավոր և փոխադարձության հիման վրա, հանուն միջազգային համագործակցության արդյունավետության ընդունել նման պարտավորություն, կարելի է արձանագրել, որ քննարկվող կոնվենցիայի 36 և 43 հոդվածներով նախատեսված պարտավորությունները չեն հակասում ՀՀ Սահմանադրության ոգուն:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թ. կոնվենցիայով և քննության առարկա արձանագրություններով նախատեսված պարտավորությունները համահունչ են նաև Եվրոպայի խորհրդի կանոնադրության 3 հոդվածով նախատեսված պարտավորությանը, համաձայն որի Հայաստանի Հանրապետությունը, որպես Եվրոպայի խորհրդի անդամ, պարտավորվել է ընդունել իրավունքի գերակայության սկզբունքը և այն սկզբունքը, որի համաձայն յուրաքանչյուր անձ, ով գտնվում է այդ պետության իրավազորության ներքո, պետք է օգտվի մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից: Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը վավերացրել է 2000 թ. դեկտեմբերի 30-ին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 1950 թ. նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայում,

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի` 1952 թ. մարտի 20-ին Փարիզում ստորագրված արձանագրությունում,

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի` 1963 թ. սեպտեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված` «Որոշ այնպիսի իրավունքների և ազատությունների ապահովման մասին, որոնք այլ են, քան կոնվենցիայի և դրան կից թիվ առաջին արձանագրության մեջ արդեն ընդգրկվածները» թիվ 4 արձանագրությունում,

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի` 1984 թ. նոյեմբերի 22-ին Ստրասբուրգում ստորագրված թիվ 7 արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

22 փետրվարի 2002 թվականի

ՍԴՈ-350

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
22.02.2002
N ՍԴՈ-350
Որոշում