Սեղմել Esc փակելու համար:
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ

07.08.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.05.2020  -ից մինչեւ   07.08.2020  -ը:
 

09.05.2020 -

(Օրենքն ուժը կորցրել է 07.08.2020 թվականից` 16.07.20 ՀՕ-395-Ն օրենք)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2000 թվականի հոկտեմբերի 9-ին

 

i

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ

(օրենքը խմբ. 10.06.10 ՀՕ-100-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը սահմանում է հեռուստառադիոընկերությունների (հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների) կարգավիճակը, կանոնակարգում է դրանց հիմնադրման, հեռուստաընկերությունների լիցենզավորման և ղեկավարման կարգը, իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմքերը, հեռուստառադիոընկերությունների ստեղծման ու գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները:

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենսդրությունը

 

i

1. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենսդրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենքը, «Զանգվածային լրատվության մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին», «Լեզվի մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, տեղեկատվության բնագավառը կարգավորող այլ իրավական ակտերը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

i
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

հեռուստառադիոհեռարձակում` էլեկտրամագնիսական ալիքների միջոցով պատկերների և (կամ) հնչյունների կամ դրանց պայմանանշանների այնպիսի տարածում հաղորդագծով (ներառյալ` կաբելային (մալուխային) կապով) կամ առանց հաղորդագծի (ներառյալ` ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ արբանյակային կապով եթեր հեռարձակումը), որ այդ պատկերները կամ հնչյունները հասանելի լինեն հասարակությանը.

հեռուստառադիոհաղորդում` հեռուստատեսությամբ կամ ռադիոյով տարածվող պատկերներ և (կամ) հնչյուններ և (կամ) այլ տեղեկատվություն պարունակող կենդանի կատարման կամ ամրագրված սահմանափակ տևողությամբ նյութ, որը բովանդակության և կազմակերպչական իմաստով ինքնուրույն և ավարտուն է, համարվում է հեղինակային և (կամ) հարակից իրավունքի օբյեկտ.

հեռուստառադիոծրագիր` հեռարձակման համար նախատեսված, հեռուստառադիոընկերության կողմից նախապես կարգավորված հաջորդականությամբ հեռուստառադիոհաղորդումների, գովազդի և այլ նյութերի ամբողջություն.

հեռուստառադիոհեռարձակման լիցենզիա` գրավոր թույլտվություն, որն իրավունք է տալիս իրականացնելու հեռուստառադիոծրագրերի հեռարձակում (վերահեռարձակում).

հեռուստառադիոընկերություն (հեռուստաընկերություն և (կամ) ռադիոընկերություն)` իրավաբանական անձ, որը հեռարձակում կամ վերահեռարձակում է հեռուստառադիոծրագրեր և պատասխանատվություն է կրում սույն օրենքի և իրավական այլ ակտերի կատարման համար.

լիցենզավորված անձ` սույն օրենքի համաձայն` հեռուստառադիոհեռարձակման (վերահեռարձակման) լիցենզիա ստացած անձ.

հայրենական արտադրության հեռուստառադիոհաղորդում` Հայաստանի Հանրապետությունում գործող հեռուստառադիոհաղորդումներ արտադրող ընկերությունների կողմից կամ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կամ իրավաբանական անձի պատվերով արտադրված կամ հայերեն թարգմանված հաղորդում.

սեփական հեռուստառադիոհաղորդում` հաղորդում, որը տնօրինելու և օգտագործելու իրավունքը պատկանում է տվյալ հեռուստառադիոընկերությանը.

բաժանորդային հեռարձակում` հեռարձակում, որը նախատեսված և հասանելի է հեռարձակողի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձանց համար.

վերահեռարձակում` այլ հեռուստառադիոընկերության հեռուստառադիոծրագրի միաժամանակյա կամ արդեն հեռարձակված և ամրագրված (ձայնագրված և (կամ) տեսագրված) հաղորդման հետագա հեռարձակում այլ լիցենզավորված անձի կողմից.

սփռման տարածք` տարածք, որի սահմաններում հեռուստառադիոընկերությունները, տեխնիկական գործող չափանիշներին համապատասխան, ապահովում են ձայնային, տեսաշարային և տեսաձայնաշարային լրատվության կամ տվյալների (լրացուցիչ տեղեկատվության) տարածում.

լրացուցիչ տեղեկատվություն` հիմնական հաղորդմանը զուգակցող լուսագրային, գրաֆիկական, ձայնային այլ տեղեկատվություն.

պաշտոնական հաղորդագրություն (տեղեկատվություն)` Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Կենտրոնական բանկի գործունեության մասին պաշտոնապես ներկայացված, պետության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող, հանրության շահերին առնչվող, արտակարգ իրավիճակներին վերաբերող լրատվություն.

ժեստերի լեզվով թարգմանություն` հեռուստահաղորդման համաժամանակյա թարգմանությունը ժեստերի լեզվով.

փոխկապակցված անձինք` ամուսին, ծնողներ, երեխաներ, քույրեր, եղբայրներ.

մուլտիպլեքս` թվային տեղեկատվության միասնական հոսքում միաձուլված մի քանի հեռուստառադիոծրագրերի և լրացուցիչ տեղեկատվության ամբողջականություն, որը սփռվում է հեռարձակման թվային ցանցի մեկ կապուղով.

մուլտիպլեքսոր` անձ, որն ապահովում է մուլտիպլեքսի (մուլտիպլեքսների) տարածման և (կամ) հեռարձակման ենթակառուցվածքի (ենթակառուցվածքների) տեխնիկական շահագործումը.

մասնավոր մուլտիպլեքսոր` Հանձնաժողովի կողմից լիցենզավորված իրավաբանական անձ, որն ապահովում է մուլտիպլեքսի տարածման կամ հեռարձակման ենթակառուցվածքի տեխնիկական շահագործումը.

Հանրային մուլտիպլեքսոր` իրավաբանական անձ, որն իրականացնում է Հանրային հեռարձակման թվային ցանցի շահագործումը.

Հանրային հեռարձակման թվային ցանց` Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետությանը 100 տոկոս պատկանող ընկերության սեփականությունը հանդիսացող հեռարձակման թվային ցանց.

տեղական հեռուստաընկերություն` մինչև 2015 թվականի հունվարի մեկը գործող և դրանից հետո իր լիցենզիայի պայմանների սահմաններում գործունեությունը շարունակող հեռուստաընկերություն.

մշտադիտարկում` հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների փաստացի գործունեությունը օրենքին և լիցենզիայի պահանջներին համապատասխան իրականացնելու բացահայտման նպատակով իրականացվող դիտարկում.

ուղղակի դիտարկում` հեռուստաընկերությունների կամ ռադիոընկերությունների կողմից հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումները դիտելու և տեսաձայնագրելու միջոցով իրականացվող մշտադիտարկում

(3-րդ հոդ. փոփ. 28.04.14 ՀՕ-12-Ն, 18.12.15 ՀՕ-202-Ն, 27.10.17 ՀՕ-152-Ն, 23.03.18 ՀՕ-153-Ն օրենքներ)

 

Հոդված 4. Հեռուստառադիոհաղորդումների ազատությունը

 

1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է հեռուստառադիոհաղորդումների ազատ ընտրության, արտադրության ու տարածման իրավունքը: Հեռուստառադիոհաղորդումների գրաքննությունն արգելվում է:

2. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատ ընդունելու հեռուստառադիոհաղորդումներ և լրացուցիչ տեղեկատվություն, ներառյալ` արբանյակային, կաբելային (մալուխային) ցանցերով, անվճար կամ վճարովի ինչպես ապակոդավորող միջոցներով, այնպես էլ հեռուստառադիոհեռարձակման բաց ցանցերով:

3. Պետությունն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում և միջոցներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում Հանրային հեռուստառադիոընկերության (առնվազն 1 հեռուստաալիքի և 1 ռադիոալիքի) ծրագրերի ընդունման համար:

4. Եթերային հեռուստառադիոհեռարձակում իրականացնող ընկերությունը համապատասխան սփռման գոտիների համընկնման շրջաններում չպետք է սահմանափակի մարդկանց` այլ հեռուստառադիոծրագրեր ընդունելու իրավունքը:

 

Հոդված 5. Հեռուստառադիոհաղորդումների լեզուն

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն գրական հայերենն է, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի: Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ապահովել իրենց հաղորդումների լեզվի անաղարտությունը:

2. Օտար լեզուների ուսուցման նպատակով կազմակերպվող հեռուստառադիոդասընթացները, ինչպես նաև երգերն ու երաժշտական այլ ժանրերի ստեղծագործությունները կարող են եթեր հեռարձակվել առանց հայերեն թարգմանության:

3. Արգելվում է լիցենզավորված անձանց կողմից հեռուստառադիոընկերությունների անվանումները, ազդականչերը և այլ ելքային տվյալները միայն օտար լեզուներով օգտագործելը: Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում արտերկրի համար հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների և ազգային փոքրամասնությունների լեզուներով տրվող հաղորդումների վրա:

 

Հոդված 5.1. Հեռուստահաղորդումների հեռարձակումը ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն լուսագրով

 

Հանրային հեռուստաընկերությունը և Հայաստանի Հանրապետությունում գործող այն մասնավոր հեռուստաընկերությունները, որոնք հեռարձակում են նաև մանկական և (կամ) լրատվական հեռուստահաղորդումներ, պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել խուլ հանրության համար հնարավոր տեղեկատվության ստացման մատչելիությունը, օրվա եթերաժամում առնվազն մեկական մանկական և լրատվական հեռուստահաղորդում հեռարձակել ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն լուսագրով:

(5.1-ին հոդ. լրաց. և փոփ. 08.12.11 ՀՕ-327-Ն, 28.04.14 ՀՕ-12-Ն, 23.03.18 ՀՕ-153-Ն օրենքներ)

 

Հոդված 6. Օրենքի գործողության ոլորտը

 

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է հեռուստառադիոծրագրերի հեռարձակում իրականացնելու հետ կապված հարաբերությունների վրա:

 

ԳԼՈՒԽ 2
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

i
Հոդված 7. Հեռուստառադիոհաղորդումները և դրանց իրականացման կարգը

 

1. Հայաստանի Հանրապետությունում հեռուստառադիոծրագրերի հեռարձակումն իրականացվում է լիցենզիայի հիման վրա: Առանց լիցենզիայի հեռարձակում իրականացնում են հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոընկերությունը և միջպետական պայմանագրի հիման վրա հեռարձակողները:

2. Այլ զանգվածային լրատվության միջոցների կողմից հեռուստառադիոընկերությունների պատրաստած տեղեկատվության տարածման դեպքում հղումն այդ լրատվամիջոցներին պարտադիր է:

3. Ոչ սեփական հեռուստառադիոհաղորդումները կարող են հեռարձակվել միայն դրանց հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում:

Հեռուստառադիոհաղորդման արտադրության և հեղինակի մասին տեղեկատվության (ենթագրեր, ձայնային ներկայացում) ամբողջական հեռարձակումը պարտադիր է:

(7-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն օրենք)

 

Հոդված 8. Հայրենական արտադրության հեռուստառադիոհաղորդումներ արտադրողի պաշտպանությունը

 

1. Հեռուստառադիոընկերությունների կողմից հայրենական արտադրության հաղորդումների հեռարձակումը մեկ հեռուստաալիքով (ռադիոալիքով) չի կարող ամսական ընդհանուր եթերաժամի 55 տոկոսից պակաս լինել:

2. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում բաժանորդային հեռարձակման, կաբելային (մալուխային) հեռուստատեսության կամ արբանյակային հեռուստատեսության արբանյակային ընդունման (անհատական) դեպքերի վրա:

 

Հոդված 9. Օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների ծրագրերի հեռարձակումը

 

1. Օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների ծրագրերը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են ամբողջությամբ վերահեռարձակվել միջպետական պայմանագրի կամ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից վերահեռարձակողին տրված լիցենզիայի հիման վրա:

2. Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված հեռուստառադիոընկերություններն օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների ծրագրերը կարող են վերահեռարձակել պայմանագրային հիմունքներով:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների հեռուստառադիոծրագրերի վերահեռարձակման ժամանակ գովազդի, ներառյալ` վերահեռարձակող գովազդի հեռարձակումն արգելվում է: Օրենքով կամ միջազգային պայմանագրերով կարող են սահմանվել այլ կարգավորումներ:

(9-րդ հոդ. փոփ. 18.12.15 ՀՕ-202-Ն, 23.03.18 ՀՕ-153-Ն օրենքներ)

 

Հոդված 10. Հեռուստառադիոհաղորդումներն ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության ժամանակահատվածում

 

1. Ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում`

1) հեռուստառադիոհաղորդումները հեռարձակվում են ընտրությունների (հանրաքվեների) մասին օրենսդրությանը համապատասխան.

2) հեռուստառադիոընկերությունները պարտավոր են հավասար պայմաններ ապահովել թեկնածուների և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար` հրապարակավ հայտնել վճարովի հաղորդումների իրենց եթերաժամի գինը և հեռարձակման պայմանագրի էական այլ պայմաններ.

3) հեռուստառադիոընկերությամբ հեռարձակվող լրատվական հաղորդումներում թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների (հանրաքվեի քարոզչությանը մասնակցող կողմերի) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության վերաբերյալ պետք է ներկայացվի անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն` ապահովելով հավասար պայմանների պահպանումը.

4) թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին տրամադրվող նախընտրական քարոզչական հեռուստահաղորդումների սփռումը հեռուստատեսությամբ (հանրային հեռուստառադիոընկերության դեպքում` նաև օրենքով սահմանված անվճար եթերաժամը) պետք է ուղեկցվի էկրանի վրա պարտադիր անընդմեջ լուսագրով` «Նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչություն», իսկ ռադիոսփռման դեպքում յուրաքանչյուր հաղորդման ընթացքում ոչ պակաս, քան երեք անգամ պետք է հիշեցվի դրա մասին:

2. Ընտրությունների (հանրաքվեների) քվեարկության օրը և դրան նախորդող օրն արգելվում է հեռարձակել քարոզչական նյութ` տեղեկատվական, խմբագրական, փաստավավերագրական, հեղինակային կամ այլ հաղորդումների տեսքով կամ ցանկացած այլ ձևով նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչություն իրականացնել:

 

Հոդված 11. Հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ

 

1. Հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները պարտավոր են ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ վարչապետին կամ վարչապետի լիազորած` Կառավարության այլ անդամին հատկացնել եթերաժամանակ` պաշտոնական հայտարարություններ կատարելու համար:

i

2. Հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից եթերաժամանակի հատկացման կարգը և պայմանները սահմանում է Հանձնաժողովը:

(11-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն օրենք)

 

Հոդված 12. Ձայնային, տեսաշարային, տեսաձայնաշարային տեղեկատվություն ստանալը

 

1. Հեռուստադիտողները և ռադիոունկնդիրներն ստանում են ձայնային, տեսաշարային, տեսաձայնաշարային տեղեկատվություն` անվճար կամ վճարովի:

2. Հեռուստադիտողները և ռադիոունկնդիրները կարող են անարգել ընդունել բոլոր հեռուստառադիոհաղորդումները (ներառյալ` արբանյակային կապի միջոցով հեռարձակվող արտասահմանյան արտադրության հեռուստառադիոհաղորդումները)` առանց վերահեռարձակման իրավունքի:

 

Հոդված 13. Հեռուստառադիոհաղորդումների ձայնագրությունների և տեսագրությունների, ինչպես նաև այլ նյութերի պահպանման կարգը

 

1. Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են պահպանել իրենց հեռարձակած հաղորդումների տեսագրություններն ու ձայնագրությունները` հեռարձակման օրվանից սկսած մեկ ամիս ժամկետով:

2. Հաղորդումները գրանցվում են հաշվառման մատյանում` պարտադիր նշելով հեռարձակման ամիսը, ամսաթիվը, հաղորդման սկզբի և ավարտի ժամը, համառոտ բովանդակությունը, հեռուստառադիոհաղորդման հեղինակների և հեռարձակողի անունը:

3. Հեռուստառադիոընկերությունները հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանի տվյալները ներկայացնում են Հանձնաժողով: Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանում հաշվառման կարգը սահմանում է Հանձնաժողովը:

4. Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման տվյալների հիման վրա Հանձնաժողովը վերահսկում է հեռուստառադիոընկերությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրության և լիցենզիայի պայմաններին: Հանձնաժողովը ընտրանքային սկզբունքով իրականացնում է հեռուստառադիոընկերությունների կողմից հեռարձակվող ծրագրերի ուղղակի դիտարկումներ յուրաքանչյուր հեռուստառադիոընկերության համար ամսվա ընթացքում առնվազն հինգ օր: Դիտարկման արդյունքները համադրվում են հեռուստառադիոընկերությունների ներկայացրած հաշվառման մատյանների տվյալների հետ:

Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման վերաբերյալ գրանցումները կարող են կատարվել նաև էլեկտրոնային տարբերակով:

5. Մեկ ամիսը լրանալուց հետո հեռուստառադիոհաղորդումների տեսագրությունները և ձայնագրությունները կարող են ջնջվել, եթե այդ ընթացքում հաղորդումներում տեղ գտած տեղեկությունների հերքման կամ այլ վիճելի հարցերի վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ, Հանձնաժողով կամ հեռուստառադիոընկերություններ դիմում կամ բողոք կամ դատարան հայց չի ներկայացվել: Նշված ձայնագրություններն ու տեսագրությունները կարող են չպահպանվել վիճելի հարցերի լուծումից հետո:

(13-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն օրենք)

 

Հոդված 14. Հովանավորությունը հեռուստառադիոհաղորդումների իրականացման գործում

 

1. Հովանավորությունը հեռուստառադիոհեռարձակման գործունեություն չիրականացնող կամ տեսաձայնային աշխատանքների ստեղծման գործում չներգրավված ֆիզիկական կամ իրավաբանական անձի մասնակցությունն է հեռուստառադիոհաղորդման ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորմանը` այդ անձի անունը, ապրանքանիշը, համբավը կամ գործունեությունը գովազդելու նպատակով:

2. Հեռուստառադիոհաղորդումների հովանավորության նկատմամբ կիրառվում են «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներում գովազդը կարգավորող դրույթները:

3. Հովանավորված ծրագրերի բովանդակությունը և ուղղվածությունը չպետք է կրեն հովանավորի միջամտությունը և այլ բնույթի ազդեցություն, եթե դա միջամտություն է հովանավորվողի պարտավորություններին և անկախությանը:

4. Արգելվում է հովանավորությունը`

1) քաղաքական կուսակցությունների, նախընտրական հիմնադրամների և կրոնական կազմակերպությունների կողմից կամ դրանց միջոցներից.

2) լրատվական թողարկումների, պաշտոնական հաղորդագրությունների և քաղաքական հաղորդումների համար.

3) դեղատոմսով տրամադրվող դեղերի անունների հիշատակումով, արտադրությամբ և վաճառքով, ինչպես նաև օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվող ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից:

5. Ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից հովանավորության դեպքում կիրառվում են «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումները:

6. Հովանավորությամբ ստեղծված հեռուստառադիոհաղորդումներում կարող են նշվել տեղեկություններ հովանավորի մասին, ներկայացվել խորհրդանիշեր, մակագրություններ, կարճ հայտարարություններ միայն հաղորդման սկզբում և վերջում, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուրը մեկ րոպե տևողությամբ:

 

ԳԼՈՒԽ 3
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 15. Հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների տեսակները

 

1. Հայաստանի Հանրապետությունում կարող են լինել հանրային և մասնավոր հեռուստաընկերություններ և ռադիոընկերություններ:

2. Հայաստանի Հանրապետությունում գործում են առնվազն մեկ անկախ հանրային հեռուստաընկերություն և մեկ անկախ հանրային ռադիոընկերություն:

3. Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոընկերությունը հիմնադրվում են Կառավարության որոշմամբ:

4. Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոընկերությունը կարող են հիմնադրվել միայն բաժնետիրական ընկերության ձևով, որի միակ մասնակիցը Հայաստանի Հանրապետությունն է:

5. Հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունն ապահովում են հանրային հեռուստաընկերություններն ու հանրային ռադիոընկերությունները:

i

6. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով լիազոր մարմինը հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության համար Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն է (այսուհետ` Խորհուրդ):

7. Կառավարության որոշմամբ Խորհրդի կառավարմանը կարող են հանձնվել այլ բաժնետիրական ընկերություններ:

8. Մասնավոր են այն հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները, որոնց հիմնադիրները (մասնակիցները) ֆիզիկական անձինք են կամ իրավաբանական անձինք:

9. Հայաստանի Հանրապետությունում գործող մասնավոր հեռուստաընկերությունները և ռադիոընկերություններն օգտվում են հավասար իրավունքներից և օրենքի առջև հավասարապես պատասխանատու են` անկախ իրենց կազմակերպաիրավական ձևից:

(15-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն օրենք)

 

Հոդված 16. Հեռուստառադիոընկերությունների հիմնադիրները

 

1. Հեռուստառադիոընկերությունների հիմնադիրներ կարող են լինել իրավաբանական և ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

2. Հեռուստառադիոընկերությունների հիմնադրման (ստեղծման) ժամանակ կամ դրանից հետո օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է հավասար կամ ավելի լինի հեռարձակող կազմակերպության որոշումների ընդունման համար անհրաժեշտ բաժնեմասերի հիսուն տոկոսից: Ավելի մեծ բաժնեմաս կարող է սահմանվել միջպետական պայմանագրերով:

3. Մասնավոր հեռուստառադիոընկերությունների հիմնադիրներ (մասնակիցներ) չեն կարող լինել`

1) Հանրապետության նախագահ և նրան փոխկապակցված անձինք.

2) պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինները.

3) Կառավարության անդամները և նրանց փոխկապակցված անձինք.

4) Ազգային ժողովի պատգամավորները և նրանց փոխկապակցված անձինք.

5) տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները և նրանց փոխկապակցված անձինք.

6) Խորհրդի անդամները և նրանց փոխկապակցված անձինք.

7) Հանձնաժողովի անդամները և նրանց փոխկապակցված անձինք.

8) դատավորները և նրանց փոխկապակցված անձինք.

9) կուսակցությունները.

10) դատարանի վճռով անգործունակ ճանաչված, օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող անձինք, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձինք, որոնց դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

11) 18 տարին չլրացած քաղաքացիները:

(16-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն օրենք)

 

Հոդված 17. Հեռուստառադիոընկերությունների ինքնուրույնության երաշխիքը

 

1. Արգելվում է պետական իշխանության մարմինների, պետական պաշտոնյաների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից հեռուստառադիոընկերությունների գործունեությանը միջամտելը:

Պետական իշխանության մարմինները կարող են հեռուստառադիոընկերությունների գործունեությանը միջամտել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

2. Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը:

 

Հոդված 18. Հակամենաշնորհային երաշխիքը

 

1. Իրավաբանական անձինք կարող են ունենալ եթերային հեռարձակում իրականացնող ոչ ավելի, քան մեկ հեռուստաընկերության և մեկ ռադիոընկերության լիցենզիա:

2. Ֆիզիկական անձինք և նրանց հետ փոխկապակցված անձինք կարող են դառնալ ոչ ավելի, քան եթերային հեռարձակում իրականացնող լիցենզավորված երկու անձի (մեկ հեռուստաընկերության և մեկ ռադիոընկերության) հիմնադիր և (կամ) մասնակից:

 

Հոդված 19. Հեռուստառադիոընկերությունների կողմից հեռարձակվող գովազդը

 

1. Հեռուստառադիոընկերությունների կողմից գովազդի հեռարձակումն իրականացվում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

 

Հոդված 20. Հեռուստառադիոընկերությունների եկամուտների աղբյուրները

 

1. Հեռուստառադիոընկերությունների եկամուտների աղբյուրներ կարող են համարվել գովազդից, վճարովի եթերաժամից, հովանավորությունից, սեփական արտադրության տեսաշարային, ձայնաշարային և տեսաձայնաշարային նյութերի վաճառքից, բաժանորդային մուծումներից, հիմնադիրների ներդրումներից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցները:

Հանրային հեռուստառադիոընկերության եկամուտները կանոնակարգվում են նաև սույն օրենքի 33-րդ հոդվածով:

2. Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ապահովել իրենց ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունը, մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 1-ը հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տեղեկատվություն տարեկան եկամուտների մասին` ըստ սույն հոդվածի 1-ին մասում նշված եկամուտների աղբյուրների:

 

Հոդված 21. Ելքային տվյալները

 

1. Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ամեն օր եթերում հայտարարել իրենց անվանումները, ներկայացնել խորհրդանիշերը` ազդականչերը, ներդիրները, այլ ելքային տվյալներ, ինչպես նաև օրվա հաղորդումների ծրագիրը: Հեռուստաընկերությունները պարտավոր են իրենց հաղորդումների հեռարձակման ժամանակ անընդմեջ հեռարձակել տվյալ ընկերության խորհրդանիշը, բացառությամբ գովազդի հաղորդման ժամանակ:

2. Հեռուստաընկերությունները պարտավոր են`

1) իրենց հաղորդումների հեռարձակման ժամանակ անընդմեջ հեռարձակել տվյալ ընկերության խորհրդանիշը, բացառությամբ գովազդի հաղորդման ժամանակ.

2) յուրաքանչյուր հեռարձակվող հաղորդման ավարտին նշել (հայտարարել) տվյալ հաղորդման արտադրողի մասին տեղեկություններ:

 

i
Հոդված 22. Հեռուստառադիոհաղորդումների չարաշահման անթույլատրելիությունը

 

1. Արգելվում է հեռուստառադիոհաղորդումներն օգտագործել`

1) իշխանությունը յուրացնելու, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու և տապալելու քարոզչության,

2) ազգային, ռասայական և կրոնական թշնամանք կամ երկպառակություններ սերմանելու,

3) պատերազմ քարոզելու,

4) քրեորեն պատժելի կամ գործող օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելու,

5) պոռնկագրություն տարածելու,

6) բռնության և դաժանության պաշտամունք պարունակող կամ քարոզող հաղորդումներ հեռարձակելու նպատակներով:

Բացառություն կարող են լինել պատմափաստավավերագրական նյութերի օգտագործումն ու ցուցադրումը:

2. Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները, բացառությամբ բաժանորդային հեռարձակման, կարող են եթեր հեռարձակվել ժամը 24.00-6.00-ն: Նման հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

3. Պետության կողմից հայտարարված սգո օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը հեռուստառադիոընկերությունների կողմից արգելվում է:

(22-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն օրենք)

 

Հոդված 23. Արբանյակային հեռուստառադիոհեռարձակումը և հեռահաղորդակցությունը

 

1. Հեռուստառադիոընկերություններն արբանյակային հեռարձակում կարող են իրականացնել համապատասխան արբանյակային գործակալության հետ պայմանագրի առկայության դեպքում: Հեռուստաընկերությունն արբանյակային հեռարձակման մասին գրավոր տեղեկացնում է Հանձնաժողովին հեռարձակման համար նախատեսված օրվանից հինգ աշխատանքային օր առաջ:

(23-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն օրենք)

 

Հոդված 24. Մարդու իրավունքները տեղեկատվության հասանելիության նկատմամբ

 

1. Եթե հեռուստառադիոընկերությունն իր հաղորդումները հեռարձակում կամ օրենքով սահմանված կարգով վերահեռարձակում է անսահմանափակ թվով անձանց համար և անվճար տեղեկատվություն տալու պայմանով, ապա յուրաքանչյուր ոք իրավունք ունի նման ծառայությունից օգտվելու անհատույց և առանց տվյալ հեռուստառադիոընկերությանը տեղեկացնելու:

Այլ դեպքերում հեռուստառադիոընկերության մատուցելիք ծառայության գինը և պայմանները սահմանվում են պայմանագրային կարգով:

 

Հոդված 25. Բաժանորդային հեռարձակումը

 

1. Բաժանորդային հեռարձակման նկատմամբ թեմատիկ, բովանդակային և լեզվական սահմանափակումներ չեն սահմանվում, բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Լիցենզավորված հեռուստառադիոընկերություններն իրենց գործունեության ընթացքում բաժանորդային հեռարձակման անցնելու դեպքում պարտավոր են ստանալ Հանձնաժողովi թույլտվությունը:

(25-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 4
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(4-րդ գլուխը խմբ. 23.03.18 ՀՕ-153-Ն օրենք)

 

Հոդված 26. Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության կարգավիճակը և գործունեության սկզբունքները

 

1. Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոընկերությունը ղեկավարվում են օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով և ապահովում են կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի, խղճի, մտքի և կրոնի, ինչպես նաև ստեղծագործության ազատությունը:

2. Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոընկերությունը պարտավոր են`

1) ապահովել հեռարձակվող տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանությունը.

2) օրվա եթերաժամի առնվազն երկու երրորդը հատկացնել հայրենական արտադրության հաղորդումներին.

3) մշակել և իրականացնել ծրագրային քաղաքականություն`

ա. Հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենահարմար եթերային ժամանակը` ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը), կարծիքների բազմազանությունը,

բ. Հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր և հաղորդումների տեսակներ, որոնցում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը,

գ. Հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր և հաղորդումներ, որոնք ուղղված են բնակչության իրավագիտակցության բարձրացմանը, աշխարհաքաղաքական իրադարձությունների մասին բնակչությանը համալիր տեղեկատվության տրամադրմանը, Հայաստանի Հանրապետությունում աղետների կառավարմանը և նվազեցմանը,

դ. Եթերային ժամանակ տրամադրել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների կյանքի, մշակույթի, այդ թվում` իրենց լեզուների մասին հաղորդումների հեռարձակման համար:

3. Հանրային հեռուստաընկերությունում և հանրային ռադիոընկերությունում Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի, Կառավարության պաշտոնական հաղորդագրությունների (տեղեկատվության) տևողությունը չի սահմանափակվում:

4. Հանրային հեռուստատեսությամբ թույլատրվում է ցուցադրել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ, ինչպես նաև մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ` հովանավորների մասին սույն օրենքին համապատասխան նշել տեղեկություններ (հովանավորություն):

4.1. Մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին սույն օրենքին համապատասխան տեղեկություններ նշելու դեպքերի (հովանավորության) վրա չի տարածվում հանրային հեռուստատեսությամբ գովազդի հեռարձակման համար սույն օրենքով սահմանված ժամանակային սահմանափակումը: Մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորի մասին տեղեկությունների հիշատակումը չպետք է գերազանցի տվյալ հաղորդման ընդհանուր տևողության 2,5 տոկոսը:

i

4.2. Հանրային հեռուստատեսությամբ թույլատրվում է ցուցադրել սոցիալական գովազդ` «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ժամը 00:00-ից մինչև 18.00-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական գովազդը հեռարձակվում է անհատույց հիմունքներով: Ժամը 18:00-ից մինչև 00:00-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական գովազդը հեռարձակվում է վճարովի հիմունքներով` «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5. Սույն հոդվածի 4-րդ մասի դրույթները չեն տարածվում հանրային հեռուստատեսության արբանյակային կապով եթերի հեռարձակումների, ինչպես նաև հանրային հեռուստատեսությամբ միջազգային հեղինակավոր մշակութային կամ սպորտային իրադարձությունների այն վերահեռարձակումների վրա, որոնց շրջանակներում դրանց կազմակերպիչների պահանջով պարտադիր պետք է ցուցադրվեն գովազդներ:

6. Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության աշխատակիցների գործադուլի ժամանակ վերջիններս պարտավոր են ապահովել լրատվական հաղորդումների օրական առնվազն երկու թողարկում` առավոտյան և երեկոյան:

7. Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության կանոնադրությունները հաստատում է Խորհուրդը:

8. Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոընկերությունը տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վիճակի վերաբերյալ հաշվետվություն են ներկայացնում Հանձնաժողով:

9. Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության կողմից հաշվետվություն ներկայացնելու կարգը և հաշվետվության ձևը սահմանվում են Հանձնաժողովի որոշմամբ:

10. Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոընկերությունը գործում են սույն օրենքին, իրենց կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

11. Հանրային հեռուստաընկերությամբ և հանրային ռադիոընկերությամբ հեռարձակման ենթակա պաշտոնական հաղորդագրության (տեղեկատվության) արտադրությունն իրականացնում է այդ հաղորդագրությունը (տեղեկատվությունը) ներկայացնող մարմնի աշխատակազմը (ստորաբաժանումը) կամ այդ մարմնի համաձայնությամբ` հանրային հեռուստաընկերությունը կամ հանրային ռադիոընկերությունը կամ այլ հեռուստառադիոընկերություններ:

(26-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն, 16.04.20 ՀՕ-215-Ն օրենքներ)

 

Հոդված 27. Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը

 

1. Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության կառավարման մարմինը Խորհուրդն է:

2. Խորհուրդը բաղկացած է հինգ անդամից` Խորհրդի նախագահ և Խորհրդի 4 անդամ: Խորհրդում պետք է ապահովվի սեռային ներկայացվածությունը:

3. Խորհրդի անդամները նշանակվում են մրցութային կարգով վարչապետի կողմից` վեց տարի ժամկետով:

4. Խորհրդի անդամները պետք է լինեն լրագրության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի և արվեստի հեղինակավոր գործիչներ, ունենան բարձրագույն կրթություն և տիրապետեն հայոց լեզվին:

5. Խորհրդի անդամ չեն կարող լինել`

1) օտարերկրյա քաղաքացին և քաղաքացիություն չունեցող անձը.

2) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձը.

3) անձը, որը դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:

6. Խորհրդի անդամ նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, Խորհրդի անդամը պարտավոր է`

1) դադարեցնել ձեռնարկատիրական կամ քաղաքական գործունեությամբ զբաղվելը.

2) ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, կուսակցության ղեկավար մարմնում, ինչպես նաև առևտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոններից.

3) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, բացառությամբ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի:

(27-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն օրենք)

 

Հոդված 28. Խորհրդի գործունեության կարգը

 

1. Խորհուրդը գործում է սույն օրենքի, այլ օրենքների և իր հաստատած կանոնակարգի համաձայն:

2. Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է ամենօրյա գործունեության և հրավիրվող հերթական ու արտահերթ նիստերի միջոցով: Խորհրդի հերթական նիստերը գումարում է Խորհրդի նախագահը` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:

3. Խորհրդի նախագահի բացակայության, ինչպես նաև նրա կողմից իր պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նիստը վարում է նրան փոխարինող Խորհրդի անդամը, իսկ նրա բացակայության դեպքում` Խորհրդի տարիքով ավագ անդամը:

4. Խորհրդի արտահերթ նիստը հրավիրում է Խորհրդի նախագահը`

1) իր նախաձեռնությամբ.

2) Խորհրդի առնվազն երկու անդամի պահանջով:

5. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Խորհրդի անդամների կեսից ավելին:

6. Խորհրդի որոշումներն ընդունվում են Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

7. Խորհրդի նիստերն արձանագրվում են:

8. Խորհուրդն ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը: Խորհուրդն իր գործունեության, ընդունած որոշումների և ծրագրերի մասին պարբերաբար տեղեկատվություն է տրամադրում զանգվածային լրատվության միջոցներին և հրապարակում իր պաշտոնական կայքում:

9. Խորհրդի նախագահի աշխատավարձի հաշվարկման գործակիցը 9 է, իսկ Խորհրդի անդամներինը` 5.25: Խորհրդի նախագահի և Խորհրդի անդամների աշխատավարձը որոշվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բազային աշխատավարձը սույն մասում նշված գործակիցներով բազմապատկելու միջոցով:

(28-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն օրենք)

 

Հոդված 29. Խորհրդի անդամների նշանակման կարգը և լիազորությունների դադարումը

 

1. Խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով Հանձնաժողովը ձևավորում է մրցութային հանձնաժողով, որը բաղկացած է 5 անդամից, ներառյալ` նախագահը:

2. Մրցութային հանձնաժողովի նախագահը և անդամները ընտրվում են 6 տարի ժամկետով:

3. Մրցութային հանձնաժողովի անդամ կարող են լինել լրագրության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի և արվեստի հեղինակավոր գործիչներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

4. Մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության կարգը սահմանում է Հանձնաժողովը:

5. Մրցութային հանձնաժողովի ընթացիկ գործունեությունն սպասարկում է Հանձնաժողովը:

6. Մրցութային հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Մրցութային հանձնաժողովի նիստերը հրավիրում և վարում է մրցութային հանձնաժողովի նախագահը, իսկ դրա անհնարինության դեպքում` մրցութային հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

7. Մրցութային հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է նրա անդամների կեսից ավելին:

i

8. Մրցութային հանձնաժողովի անդամները գործում են հասարակական հիմունքներով: Մրցութային հանձնաժողովի անդամներն ստանում են փոխհատուցում որպես մրցութային հանձնաժողովի անդամ կատարած ծախսերի համար: Փոխհատուցման չափը և կարգը սահմանում է վարչապետը:

9. Խորհրդի անդամի թափուր տեղի առկայության դեպքում Խորհրդի նախագահը, իսկ Խորհրդի նախագահի թափուր տեղի առկայության դեպքում Խորհրդի տարիքով ավագ անդամը թափուր տեղն առաջանալուց հետո 3-օրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնում են մրցութային հանձնաժողովի նախագահին:

10. Խորհրդի անդամի թափուր տեղի վերաբերյալ գրավոր տեղեկատվությունն ստացվելուց հետո մրցութային հանձնաժողովը մեկշաբաթյա ժամկետում հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև Հանձնաժողովի պաշտոնական կայքում հայտարարություն է տարածում թափուր տեղի համալրման համար մրցույթի անցկացման վերաբերյալ:

11. Հայտարարության մեջ նշվում են`

1) թափուր պաշտոնի անվանումը.

2) թափուր պաշտոնին ներկայացվող պահանջները.

3) մրցույթին մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու վայրը, ժամկետը, մրցույթի անցկացման օրը և ժամը:

12. Մրցույթն անցկացվում է նաև այն դեպքում, երբ դրան մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:

13. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել կամ մրցույթի արդյունքով հաղթող չի ճանաչվել, ապա մրցույթը համարվում է չկայացած և անցկացվում է կրկնակի մրցույթ:

14. Կրկնակի մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով` սույն հոդվածով սահմանված կարգով:

15. Փաստաթղթերը ներկայացվում են Հանձնաժողով մրցույթի անցկացման մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը մրցութային հանձնաժողովը չի քննարկում:

16. Մրցույթի արդյունքներով հաղթողին որոշելու նպատակով մրցութային հանձնաժողովի նիստը հրավիրվում է փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո` 10 օրվա ընթացքում:

17. Մրցութային հանձնաժողովի նիստի մասին մրցութային հանձնաժողովի անդամներին նիստից առնվազն մեկ օր առաջ ծանուցում է Հանձնաժողովը:

18. Մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, որոշում է մրցույթի հաղթողին: Անհրաժեշտության դեպքում մինչև մրցույթի հաղթողի վերաբերյալ որոշում կայացնելը մրցութային հանձնաժողովը կարող է թեկնածուի հետ անցկացնել հարցազրույց:

19. Մրցութային հանձնաժողովի նախագահի հրավերով նիստերին կարող են մասնակցել հեռուստատեսության և ռադիոյի ոլորտի մասնագետներ:

20. Մրցութային հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Մրցութային հանձնաժողովի անդամները քվեարկում են «կողմ» կամ «դեմ»:

21. Մրցույթի արդյունքով մրցութային հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) մրցույթը չկայացած համարելու և կրկնակի մրցույթ անցկացնելու մասին.

2) մրցույթում հաղթող ճանաչելու մասին:

22. Մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքով հաղթող է ճանաչում մեկ մասնակցի:

23. Մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթում հաղթող ճանաչվելու մասին որոշումն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում, վարչապետը Խորհրդի անդամ է նշանակում մրցույթում հաղթած մասնակցին:

24. Առաջին կրկնակի մրցույթը չկայացած համարվելու դեպքում մինչև մրցութային հանձնաժողովի կողմից կրկնակի մրցույթների արդյունքում հաղթող ճանաչելը վարչապետը տասնօրյա ժամկետում նշանակում է Խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար, որը պետք է բավարարի Խորհրդի անդամին սույն օրենքով ներկայացվող պահանջները:

25. Մրցույթի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման կարգը սահմանում է Հանձնաժողովը:

26. Մրցութային հանձնաժողովի նիստերի նախապատրաստումը, արձանագրումը, ինչպես նաև ընդունված որոշումների առաքումն ապահովում է Հանձնաժողովը:

27. Խորհրդի անդամները նախքան պաշտոնավարման ժամկետը լրանալը չեն կարող հետ կանչվել իրենց պաշտոններից, բացառությամբ այն դեպքերի, երբ Խորհրդի անդամը`

1) հրաժարական է տվել.

2) ընտրվել կամ նշանակվել է որևէ պաշտոնում.

3) վերջին մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով չի մասնակցել Խորհրդի` երկու անընդմեջ կամ ընդհանուր առմամբ երեք նիստերին.

4) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ.

5) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

7) չի կատարել սույն օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պարտականությունը.

8) մահացել է:

(29-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն, 21.01.20 ՀՕ-32-Ն օրենքներ)

 

Հոդված 30. Խորհրդի նախագահը

 

1. Խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է Խորհրդի և նրա աշխատակազմի գործունեությունը.

2) գումարում է Խորհրդի նիստերը և նախագահում է դրանք, ստորագրում է Խորհրդի ընդունած որոշումները և նիստերի արձանագրությունները.

3) վերահսկում է Խորհրդի որոշումների կատարումը.

4) ընդունում և ազատում է Խորհրդի աշխատակազմի աշխատողներին.

5) համակարգում և ապահովում է Խորհրդի բնականոն աշխատանքը:

2. Խորհրդի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Խորհրդի նախագահի կողմից որպես փոխարինող նշանակված Խորհրդի անդամը, իսկ եթե Խորհրդի նախագահը փոխարինող չի նշանակել, ապա Խորհրդի տարիքով ավագ անդամը:

(30-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն օրենք)

 

Հոդված 31. Խորհրդի իրավասությունները

 

2. Խորհուրդը`

1) սահմանում է հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով հաղորդումների հեռարձակման ընդհանուր ծավալը և հեռուստառադիոծրագրերի (հեռուստաալիքների) թիվը, որը չի կարող պակաս լինել չորսից` երկու հեռուստածրագիր և երկու ռադիոծրագիր, առնվազն մեկը ընդհանուր, մյուսը` հոգևոր-մշակութային ուղղվածության.

2) սահմանում է հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության ֆինանսական միջոցների օգտագործման կարգը և ուղղությունները.

3) հաստատում է հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության աշխատողների հաստիքացուցակը, պաշտոնները, նրանց հետ կնքվող պայմանագրերի ձևերը, պայմանները և վարձատրման կարգը.

4) սահմանում է հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության այն պաշտոնների ցանկը, որոնք զբաղեցնողներն իրավունք չունեն աշխատելու այլ հեռուստաընկերություններում և ռադիոընկերություններում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներում.

5) սահմանում է հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների թափուր տեղերի համալրման համար մրցույթի անցկացման կարգը.

6) նշանակում և պաշտոնից ազատում է հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության մրցույթում հաղթող ճանաչված գործադիր տնօրեններին.

7) հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների ներկայացմամբ նշանակում է գործադիր տնօրենների տեղակալներին.

8) յուրաքանչյուր տարի մինչև հունվարի 20-ը լսում է հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության նախորդ տարվա գործունեության մասին գործադիր տնօրենների հաշվետվությունները.

9) հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության տնօրենների ներկայացմամբ պարբերաբար հաստատում է ծրագրային քաղաքականությունը.

10) հաստատում է իր կանոնադրությունը և հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության կառուցվածքը.

11) հաստատում է Խորհրդի աշխատակազմի կառուցվածքը և հաստիքացուցակը.

12) հաստատում է հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնները.

13) ստացված բողոքների հիման վրա կամ իր նախաձեռնությամբ ուսումնասիրում է լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնների խախտման դեպքերը և ընդունում է խորհրդատվական բնույթի եզրակացություն.

14) առնվազն տարին երկու անգամ կազմակերպում է հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության գործունեության վերաբերյալ հասարակական կարծիքի ուսումնասիրություններ ու հրապարակում դրանց արդյունքները.

15) իրականացնում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված այլ իրավասություններ:

2. Խորհրդի որոշումներն իրենց իրավասության շրջանակներում կատարում են հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենները:

3. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով: Խորհրդի աշխատակազմը «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աշխատակազմ» պետական հիմնարկն է:

(31-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն օրենք)

 

Հոդված 32. Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների իրավասությունները

 

1. Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենները`

1) ղեկավարում են հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության ընթացիկ գործունեությունը.

2) Խորհրդի հաստատմանն են ներկայացնում ծրագրերի կառուցվածքը, դրանց առանձին բաժինների համամասնությունները, հաղորդացանցը.

3) նշանակում և ազատում են հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին.

4) ընդունում են հրամաններ.

5) կնքում են պայմանագրեր և վերահսկում դրանց կատարումը.

6) մասնակցում են Խորհրդի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով.

7) Հայաստանի Հանրապետությունում, օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում ներկայացնում են հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոընկերությունը.

8) իրենց իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես են գալիս հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության անունից և ներկայացնում են նրանց շահերը.

9) օրենքով, այլ իրավական ակտերով և հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում են հանրային հեռուստաընկերությանը և հանրային ռադիոընկերությանը պատկանող գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

10) տալիս են հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

11) նշանակում և ազատում են հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում են խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

12) Խորհրդի հաստատմանն են ներկայացնում հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության տարեկան հաշվետվությունները.

13) ապահովում են աշխատողների մասնագիտական կատարելագործումը.

14) իրականացնում են օրենքով, իրավական այլ ակտերով և հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ իրավասություններ:

2. Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության մրցույթում հաղթող ճանաչված գործադիր տնօրենները նշանակվում և ազատվում են Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` մինչև 5 տարի ժամկետով:

3. Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքերում նրանց փոխարինում և նրանց լիազորություններն իրականացնում են հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների տեղակալները:

4. Գործադիր տնօրենների տեղակալները նշանակվում են Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

(32-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն օրենք)

 

Հոդված 33. Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության ֆինանսավորումը

 

1. Խորհուրդը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում և պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման համակարգի մարմին է ներկայացնում հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը` առանձին նշելով Խորհրդին, հանրային հեռուստաընկերությանը և հանրային ռադիոընկերությանը հատկացվելիք գումարները առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար:

2. Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության հաջորդ տարվա ծախսերի նախահաշիվը հաստատում է Խորհուրդը` հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների ներկայացմամբ:

(33-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն օրենք)

 

Հոդված 34. Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության տարեկան հաղորդումը

 

1. Խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը հրապարակում է հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության նախորդ տարվա գործունեության վերաբերյալ հաղորդում:

2. Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության հաղորդումը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներում, ինչպես նաև տեղադրվում է Խորհրդի պաշտոնական կայքում:

(34-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 5
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

(5-րդ գլուխը խմբ. 23.03.18 ՀՕ-153-Ն օրենք)

 

Հոդված 35. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը

 

1. Սահմանադրության 196-րդ հոդվածի համաձայն` Հանձնաժողովը անկախ պետական մարմին է, որն ապահովում է հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը, վերահսկում է հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեությունը:

2. Հանձնաժողովն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանով և իր անվանմամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ և անհատականացման այլ միջոցներ:

3. Հանձնաժողովը օրենքով իրեն վերապահված իրավասության շրջանակներում կամ հատուկ լիազորությունների առկայության դեպքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունն այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում: Հանձնաժողովը կարող է համագործակցել այլ պետությունների համապատասխան կառույցների և միջազգային կազմակերպությունների հետ:

4. Հանձնաժողովի նստավայրը Երևան քաղաքն է: Իր որոշմամբ Հանձնաժողովը կարող է արտագնա նիստեր գումարել նաև այլ համայնքներում:

(35-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն օրենք)

 

Հոդված 36. Հանձնաժողովի լիազորությունները

 

1. Հանձնաժողովը`

1) հրապարակային և մրցութային կարգով հատկացնում է վերգետնյա եթերային հաճախություններ.

2) իրականացնում է հեռուստառադիոհեռարձակողների վերգետնյա եթերային հեռարձակման լիցենզավորումը մրցույթի միջոցով և ապահովում մրցույթի արդյունքների մասին ամբողջական տեղեկատվության հրապարակումը.

3) իրականացնում է հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման լիցենզավորումը.

4) իրականացնում է հեռուստառադիոծրագրերի վերահեռարձակման լիցենզավորումը.

5) անցկացնում է մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթ և տրամադրում է մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա.

6) սահմանում է թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակելու համար հեռուստաընկերությունների, մրցույթի անցկացման կարգը, մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթի կազմակերպման առանձնահատկությունները.

7) հաստատում է լիցենզիայի ձևերը.

8) տրամադրում է լիցենզիաներ.

9) տարին մեկ հրապարակում է վերգետնյա եթերային հաճախականությունների ամբողջական ցանկը` հիմք ընդունելով լիազորված պետական կառավարման մարմնի կազմած և պարբերաբար իրեն տրամադրվող` Հայաստանի Հանրապետության տարածքում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար նախատեսված վերգետնյա եթերային հաճախությունների ցանկը.

10) կազմում և հրապարակում է լիցենզավորված անձանց ցուցակը, հսկողություն է իրականացնում լիցենզիայում նշված պայմանների կատարման նկատմամբ.

11) թույլատրում է հեռուստառադիոընկերությունների կողմից բաժանորդային հեռարձակումը.

12) հեռուստառադիոհաղորդումների տեսագրությունների և ձայնագրությունների ընտրանքային դիտարկման միջոցով պարզում է դրանց համապատասխանությունը օրենսդրության և լիցենզիայի պահանջներին.

13) վերահսկում է հեռուստառադիոհաղորդումների պատրաստման տեխնիկական չափանիշների, ինչպես նաև տեխնիկական միջոցների համապատասխանությունը գործող ստանդարտներին և տրված հավաստագրին.

14) սույն օրենքի խախտման կամ լիցենզիայի պայմանները կամ իր որոշումները չկատարելու դեպքում կիրառում է պատասխանատվության միջոցներ.

i

15) վերահսկում է հեռուստաընկերության և ռադիոընկերության կողմից նախընտրական քարոզչության «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգի պահպանումը.

16) նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներ հայտնաբերելու դեպքում դիմում է դատարան` տվյալ հեռուստառադիոընկերությանը օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու հայցով.

17) ուսումնասիրում և պատասխանում կամ եզրակացություն է տալիս հեռուստառադիոընկերությունների գործունեության վերաբերյալ բողոքներին, առաջարկություններին և հարցումներին.

18) իրականացնում է հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկում.

19) կարող է ներգրավվել հեռուստատեսության և ռադիոյի բնագավառին առնչվող միջազգային պայմանագրերի և իրավական ակտերի նախագծերի մշակմանը.

20) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում իրականացնում է ստուգումներ և ուսումնասիրություններ.

i

21) ուսումնասիրություն է իրականացնում հանրային հեռուստատեսությունում և ռադիոյում տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վերաբերյալ.

22) սահմանում է հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության կողմից սույն օրենքի 26-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված հաշվետվության ներկայացման կարգը և ձևը.

i

23) սահմանում է ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ վարչապետին կամ վարչապետի լիազորած` Կառավարության այլ անդամին եթերաժամանակ հատկացնելու կարգը և պայմանները.

i

24) սահմանում է հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների կյանքի, մշակույթի, այդ թվում` իրենց լեզուների մասին հաղորդումների հեռարձակման համար տրամադրվող եթերային ժամանակի նվազագույն ժամաքանակները.

25) սահմանում է մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության ձևը.

26) (26-րդ կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-32-Ն օրենք)

2. Հանձնաժողովն իրավասու մարմիններից, հանրային հեռուստաընկերությունից և հանրային ռադիոընկերությունից, այլ կազմակերպություններից և պաշտոնատար անձանցից պահանջում և ստանում է անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով նախատեսված ուսումնասիրության իրականացման ընթացքում թերություններ հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովն իրավասու է հանրային հեռուստաընկերությանը և հանրային ռադիոընկերությանը հանձնարարելու սահմանված ժամկետում վերացնել հայտնաբերված թերությունները:

4. Հանձնաժողովի սահմանած ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում Հանձնաժողովն իրավասու է դիմելու Խորհրդին հանրային հեռուստաընկերության կամ հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի հետագա պաշտոնավարման հարցը լուծելու առաջարկով:

5. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս կարող է հասարակական կամ պայմանագրային հիմունքներով ներգրավել մասնագետների և փորձագետների:

i

6. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ, 22-24-րդ, սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ, 13-րդ հոդվածի 3-րդ մասով, 46-րդ հոդվածի 2-րդ, 49-րդ հոդվածի 3-րդ և 50-րդ հոդվածի 4-րդ մասերով նախատեսված լիազորություններն իրականացնելիս Հանձնաժողովն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

(36-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն, 21.01.20 ՀՕ-32-Ն օրենքներ)

 

Հոդված 37. Հանձնաժողովի գործունեության սկզբունքները

 

1. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է օրինականության, ժողովրդավարության, հավասարության, անաչառության, ինքնուրույնության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:

(37-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն օրենք)

 

Հոդված 38. Հանձնաժողովի անդամների թեկնածուներին և անդամներին ներկայացվող պահանջները և նրանց վարձատրության կարգը

 

1. Հանձնաժողովի անդամի թեկնածու կարող է լինել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք, որն ունի լրագրության, հեռուստատեսության և ռադիոյի, տնտեսության, կառավարման, ճարտարագիտության, մշակույթի, արվեստի կամ իրավագիտության առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն, բարձրագույն կրթություն, հանդիսանում է զանգվածային լրատվության բնագավառում հեղինակավոր մասնագետ:

2. Հանձնաժողովի անդամ չի կարող լինել`

1) անձը, որը դատապարտվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձը.

3. Սահմանադրության 197-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն: Հանձնաժողովի անդամները ընտրություններին և հանրաքվեներին մասնակցում են միայն որպես ընտրող:

4. Հանձնաժողովի անդամները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Հանձնաժողովի անդամի պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող այլ գործունեության նկատմամբ:

5. Հանձնաժողովի անդամի լիազորություններն ստանձնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, Հանձնաժողովի անդամը պարտավոր է`

1) դադարեցնել ձեռնարկատիրական կամ քաղաքական գործունեությամբ զբաղվելը.

2) ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև առևտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոններից.

3) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, բացառությամբ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի:

6. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իր պաշտոնն ստանձնելիս տալիս է հետևյալ երդումը.

«Ստանձնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պարտականությունները` երդվում եմ, հավատարիմ լինելով Սահմանադրությանը և օրենքներին, պաշտպանել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, աջակցել քաղաքացիական հասարակության ձևավորմանը` կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի, տեղեկատվության ազատության և բազմակարծության ապահովման միջոցով:

Երդվում եմ, որ պարտականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ազնվությամբ, կգործեմ հրապարակայնության, անկողմնակալության և արդարության սկզբունքով` անկախ որևէ քաղաքական կամ տնտեսական շահից:»:

7. Հանձնաժողովի անդամների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(38-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն օրենք)

 

Հոդված 39. Հանձնաժողովի կազմավորման կարգը

 

1. Սահմանադրության 197-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` Հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից: Հանձնաժողովի անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

2. Հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտման օրվանից ոչ շուտ, քան մեկ ամիս առաջ և ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ, իսկ այլ հիմքով թափուր տեղ առաջանալու դեպքում թափուր տեղն առաջանալուց հետո` եռօրյա ժամկետում, Հանձնաժողովի նախագահը, իսկ Հանձնաժողովի նախագահի թափուր տեղ առաջանալու դեպքում Հանձնաժողովի նախագահին փոխարինող անդամը այդ մասին գրավոր տեղեկացնում է Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին:

3. Ազգային ժողովը Հանձնաժողովի անդամի ընտրությունը կատարում է Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

4. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է Հանձնաժողովի նախագահ: Հանձնաժողովի անդամը կարող է առաջադրվել որպես Հանձնաժողովի նախագահ ինքնաառաջադրման կամ Հանձնաժողովի որևէ այլ անդամի կողմից իր համաձայնությամբ առաջադրվելու եղանակով:

5. Հանձնաժողովի նախագահի ընտրության համար գաղտնի քվեարկվում են Հանձնաժողովի բոլոր անդամները:

6. Քվեարկության համար կազմվում է քվեաթերթիկ, որում ներառվում են բոլոր թեկնածուները:

7. Քվեարկելիս Հանձնաժողովի անդամն ունի մեկ ձայն: Եթե քվեարկության մասնակիցն ավելի ձայն է տվել, ապա այդ քվեաթերթիկը համարվում է անվավեր:

8. Եթե քվեարկության արդյունքով որևէ թեկնածու չի ստացել ձայների կեսից ավելին, ապա անցկացվում է լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցում են առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:

9. Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել առավել ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա նախապատվությունը տրվում է մասնագիտական աշխատանքի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում` տարիքով ավագին:

10. Լրացուցիչ քվեարկության ժամանակ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Լրացուցիչ քվեարկության ժամանակ ձայների թվի կեսից ավելին ստացած թեկնածուն համարվում է ընտրված: Եթե ոչ մեկը չի ստացել քվեարկության մասնակիցների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ, ապա անցկացվում է նոր ընտրություն:

 11. Հանձնաժողովի նախագահն ընտրվում է Հանձնաժողովների անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Հանձնաժողովի անդամն իրավունք չունի հրաժարվելու քվեարկությունից և քվեարկում է միայն «կողմ» կամ «դեմ»:

12. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանձնաժողովի անդամ, ներառյալ` Հանձնաժողովի նախագահ:

13. Հանձնաժողովի նախագահն ընտրվում է մինչև որպես Հանձնաժողովի անդամ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը:

14. Հանձնաժողովի նոր նախագահի ընտրությունը կատարվում է Հանձնաժողովի անդամների կազմը համալրվելուց հետո` տասնօրյա ժամկետում:

(39-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն օրենք)

 

Հոդված 40. Հանձնաժողովի նախագահը

 

1. Հանձնաժողովի նախագահը`

1) ապահովում է Հանձնաժողովի բնականոն գործունեության կազմակերպումը.

2) ներկայացնում է Հանձնաժողովն այլ մարմինների հետ հարաբերություններում.

3) ձևավորում է նիստերի օրակարգը, հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը, ընդ որում` Հանձնաժողովի անդամը մասնակցում է Հանձնաժողովի նիստերի օրակարգի ձևավորմանը օրակարգի վերաբերյալ Հանձնաժողովի նախագահին առաջարկություններ ներկայացնելու միջոցով.

4) ստորագրում և հրապարակում է Հանձնաժողովի որոշումները, արձակում է հրամաններ.

5) վերահսկում է Հանձնաժողովի ընդունած որոշումների կատարումը.

6) Հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին հաղորդումը ներկայացնում է Ազգային ժողով.

7) իրականացնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով պետական մարմնի ղեկավարումը.

8) Հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում կանոնադրության նախագիծը, կառուցվածքը և հաստիքացուցակը.

9) օրենքով սահմանված կարգով նշանակում և ազատում է Հանձնաժողովի աշխատակիցներին:

2. Արձակուրդի կամ գործուղման դեպքում Հանձնաժողովի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է նրա նշանակած Հանձնաժողովի անդամը:

3. Հանձնաժողովի նախագահի կողմից արձակուրդի կամ գործուղման մեջ գտնվելու դեպքում իրեն փոխարինող չնշանակելու, ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

(40-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն, 21.01.20 ՀՕ-32 օրենքներ)

 

Հոդված 41. Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարումը և դադարեցումը

 

1. Հանձնաժողովի անդամը չի կարող նախքան պաշտոնավարության ժամկետը լրանալը հետ կանչվել իր պաշտոնից:

2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվում են`

1) անհամատեղելիության պահանջները խախտելու դեպքում.

2) քաղաքական գործունեությամբ զբաղվելու դեպքում.

3) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան 4 ամիս անընդմեջ կամ ավելի քան 6 ամիս օրացուցային տարվա ընթացքում իր պաշտոնական պարտականությունները կատարելու անհնարինության, բացառությամբ մայրության, երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում արձակուրդում լինելու հետ կապված պատճառներով, կամ ընտրվելուց հետո իր պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու դեպքում.

4) տարվա ընթացքում Հանձնաժողովի նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու դեպքում.

5) առնվազն մեկ անգամ քվեարկությունից հրաժարվելու կամ ձեռնպահ մնալու դեպքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված` քվեարկությանը մասնակցությունը բացառող դեպքերի.

6) առնվազն մեկ անգամ Հանձնաժողովի նիստին իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին չհայտնելու դեպքում:

3. Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարման դեպքերն են`

1) լիազորությունների ժամկետն ավարտվելը.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելը կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելը.

3) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը.

4) նրան անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը.

5) նրա հրաժարականը.

6) նրա մահը:

4. Հանձնաժողովի անդամի լիազորությունները սույն օրենքով սահմանված դեպքերում դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

5. Սույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի հիմքով Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են այդ հարցի համար հրավիրված Հանձնաժողովի նիստում Հանձնաժողովի անդամի կողմից իր հրաժարականը պնդելու կամ այդ նիստին չներկայանալու օրվանից:

6. Սույն հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի հիմքով Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են նրա մահվան օրը:

7. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հիմքով Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են նրա լիազորությունները դադարելու օրը:

8. Սույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված հիմքերով Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարելու դեպքում Հանձնաժողովի նախագահը անհապաղ հայտարարություն է տարածում Հանձնաժողովի պաշտոնական կայքում:

9. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-4-րդ կետերում նշված հիմքերով Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են համապատասխան հիմքի առկայությունն արձանագրող Հանձնաժողովի որոշման ընդունման օրվանից:

(41-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն օրենք)

 

Հոդված 42. Հանձնաժողովի ծախսերի ֆինանսավորումը

 

 1. Հանձնաժողովի գործունեությունը ֆինանսավորվում է պետական բյուջեից:

2. Հանձնաժողովը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում և Կառավարություն է ներկայացնում Հանձնաժողովի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (ծախսերի նախահաշիվը)` առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար:

3. Հանձնաժողովի բյուջետային ֆինանսավորման հայտը Կառավարության կողմից ընդունվելու դեպքում` անփոփոխ, իսկ առարկությունների դեպքում` փոփոխված, ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում: Կառավարությունը Հանձնաժողովի բյուջետային ֆինանսավորման հայտը պետական բյուջեի նախագծի հետ ներկայացնում է Ազգային ժողով: Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնում նաև բյուջետային հայտի փոփոխությունների վերաբերյալ իր հիմնավորումը:

4. Հանձնաժողովի ծախսերի նախահաշիվը պետք է ապահովի սույն օրենքով սահմանված խնդիրների և գործառույթների պատշաճ իրականացման հնարավորությունը, այդ թվում` միջազգային կազմակերպություններում ներկայացուցչության ապահովումը, ինչպես նաև Հանձնաժողովի անդամների աշխատավարձի վճարումը:

(42-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն օրենք)

 

Հոդված 43. Հանձնաժողովի տարեկան հաղորդումը

 

1. Հանձնաժողովը մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում իր նախորդ տարվա գործունեության և հեռուստատեսությունում ու ռադիոյում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդում:

2. Հաղորդումը ներառում է Հանձնաժողովի գործունեությանը և լիազորություններին համապատասխան իրականացված բոլոր բաղադրիչների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ և վիճակագրական տվյալներ (ներառյալ` հայտարարված մրցույթների, տրված լիցենզիաների, հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման լիցենզավորման համար ներկայացված ու մերժված դիմումների և դրանց հիմնավորման, բացահայտված խախտումների և դրանց նկատմամբ կիրառված պատժամիջոցների և այլ լիազորությունների իրականացման մասին):

3. Հաղորդումը Ազգային ժողով է ներկայացնում Հանձնաժողովի նախագահը:

4. Հաղորդումն Ազգային ժողովում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

5. Հանձնաժողովն իր հաղորդումը հրապարակում է Հանձնաժողովի պաշտոնական կայքում:

6. Հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքում:

(43-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն օրենք)

 

Հոդված 44. Հանձնաժողովի գործունեության կարգը

 

1. Հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի և աշխատանքային քննարկումների միջոցով:

2. Հանձնաժողովի նիստերը հրավիրում է Հանձնաժողովի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ Հանձնաժողովի առնվազն երեք անդամի պահանջով:

3. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկատվության վերաբերյալ հարցերի քննարկման դեպքերի, երբ դրանք Հանձնաժողովի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ անցկացվում են դռնփակ:

4. Հանձնաժողովը զանգվածային լրատվության առնվազն մեկ միջոցով, ինչպես նաև իր կայքում հրապարակում է նիստերի անցկացման տեղը, ժամանակը և օրակարգը:

5. Հանձնաժողովի գլխավոր քարտուղարը Հանձնաժողովի նիստին կարող է մասնակցել խորհրդակցական ձայնի իրավունքով:

6. Հանձնաժողովի նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը կամ նրան փոխարինող անձը: Նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

7. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

8. Հանձնաժողովի նիստում քննարկվող որևէ հարցի վերաբերյալ շահերի բախում ունեցող Հանձնաժողովի անդամը պարտավոր է քննարկումից առաջ Հանձնաժողովի նախագահին և մյուս անդամներին տեղեկացնել շահերի բախման փաստի և բնույթի մասին, որը պետք է արձանագրվի նիստի արձանագրության մեջ:

9. Այդ տեղեկացումից հետո Հանձնաժողովի համապատասխան անդամը`

1) պարտավոր է հրաժարվել տվյալ հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց և քվեարկությանը մասնակցելուց.

2) չպետք է հաշվառվի այդ նիստի իրավազորության ապահովման նպատակով:

10. Հանձնաժողովի նիստը հետաձգվում է`

1) քվորում չլինելու,

2) աշխատանքային օրն ավարտվելու,

3) հարցի քննությունը տվյալ նիստում անհնարին դարձնող այլ բացառիկ հանգամանքների առկայության դեպքերում:

11. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Նիստերի արձանագրություններն ստորագրում է նիստը նախագահողը: Նիստի արձանագրությունը կամ դրա մի մասը Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կարող է հրապարակվել: Հանձնաժողովում վարվում է Հանձնաժողովի որոշումների գրանցամատյան:

12. Հանձնաժողովն ընդունում է աշխատակարգ, որով սահմանվում են Հանձնաժողովի գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերը:

(44-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն, 21.01.20 ՀՕ-32-Ն օրենքներ)

 

Հոդված 45. Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումները

 

1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով:

2. Հանձնաժողովի վարձատրությունն իրականացվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

(45-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն, 21.01.20 ՀՕ-32-Ն օրենքներ)

 

Հոդված 45.1. Հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկման իրականացման կարգը

 

1. Հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկումն իրականացվում է ուղղակի դիտարկման, իսկ կաբելային (մալուխային) հեռուստառադիոհեռարձակման դեպքում նաև հեռուստառադիոընկերությունում տեղում դիտարկում իրականացնելու միջոցով: Ուղղակի դիտարկման արդյունքները կարող են համադրվել հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների ներկայացրած հաշվառման մատյանների տվյալների հետ:

2. Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության գործունեության մշտադիտարկումը ներառում է նաև տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վերաբերյալ ուսումնասիրությունը, որն իրականացվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված եղանակներով:

3. Կաբելային (մալուխային) հեռուստառադիոհեռարձակման դեպքում հեռուստառադիոընկերություններում մշտադիտարկումն իրականացվում է Հանձնաժողովի նախագահի հրամանի հիման վրա:

4. Մշտադիտարկում իրականացնելու մասին հրամանում նշվում են`

1) մշտադիտարկում իրականացնող մարմնի անվանումը.

2) հեռուստաընկերության կամ ռադիոընկերության լրիվ անվանումը և գտնվելու վայրը.

3) մշտադիտարկում իրականացնող անձի անունը, ազգանունը և պաշտոնը.

4) մշտադիտարկման նպատակը, ժամանակահատվածը և իրավական հիմքերը:

5. Հեռուստաընկերությունում կամ ռադիոընկերությունում մշտադիտարկումն սկսելուց առաջ հրամանի մեկ օրինակը հանձնվում է հեռուստաընկերության կամ ռադիոընկերության ղեկավարին կամ նրան փոխարինող իրավասու այլ անձի:

6. Եթե հեռուստառադիոընկերության ղեկավարը կամ նրան փոխարինելու իրավունք ունեցող անձը հեռուստաընկերության կամ ռադիոընկերության գործունեության վայրում չէ կամ հրաժարվում է ստանալ մշտադիտարկում իրականացնելու վերաբերյալ հրամանը և ստորագրությամբ հավաստել այն ստանալու փաստը, ապա հրամանի պատճենը եռօրյա ժամկետում փոստային առաքման միջոցով ուղարկվում է հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը, որն ստանալուց հետո միայն կարող է իրականացվել մշտադիտարկում: Անհապաղ մշտադիտարկում իրականացնելու անհրաժեշտության դեպքում մշտադիտարկում իրականացնելու վերաբերյալ հրամանի օրինակը և մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը փոստային առաքման միջոցով ուղարկվում են հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն մշտադիտարկումն իրականացնելուց հետո` եռօրյա ժամկետում:

7. Հեռուստառադիոընկերությունում մշտադիտարկում իրականացնելու դեպքում հեռուստառադիոընկերությունը մշտադիտարկում իրականացնող անձանց պետք է ապահովի անհրաժեշտ աշխատանքային տարածքով և տեխնիկական միջոցներով:

8. Մշտադիտարկման արդյունքներով Հանձնաժողովի ներկայացուցիչը կազմում է մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրություն:

9. Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ նշվում են մշտադիտարկման արդյունքների համառոտ շարադրանքը, ինչպես նաև վարչական վարույթ հարուցելու կամ հարուցված վարչական վարույթի համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստական հանգամանքները, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները: Դիտարկման արդյունքների և հաշվառման մատյանների տվյալների համադրման դեպքում մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ նշվում են նաև դիտարկման արդյունքների և հաշվառման մատյանների տվյալների միջև անհամապատասխանությունը, անհամապատասխանությունների քանակը և տևողությունը:

10. Արձանագրությանը կցվում են մշտադիտարկման առարկային վերաբերող, իսկ հեռուստառադիոընկերությունում մշտադիտարկում իրականացնելու դեպքում` հեռուստառադիոընկերության տիրապետության տակ գտնվող ապացույցները, որի մասին նշում է կատարվում արձանագրության մեջ:

11. Մշտադիտարկման արդյունքների մասին արձանագրությունն ուղղակի դիտարկում իրականացնելու դեպքում ստորագրում է մշտադիտարկում իրականացրած անձը, իսկ հեռուստառադիոընկերությունում մշտադիտարկում իրականացնելու դեպքում` Հանձնաժողովի և հեռուստաընկերության կամ ռադիոընկերության ներկայացուցիչները:

12. Ուղղակի դիտարկման միջոցով իրականացված մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կազմելուց հետո` եռօրյա ժամկետում, ուղարկվում է հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն:

13. Մշտադիտարկման արդյունքների մասին արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում հեռուստառադիոընկերությունը մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կարող է դրանք ներկայացնել Հանձնաժողով:

14. Հեռուստառադիոընկերությունում իրականացված մշտադիտարկման արդյունքների մասին արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում հեռուստաընկերության կամ ռադիոընկերության ներկայացուցիչն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ և ստորագրում:

15. Եթե հեռուստառադիոընկերության ղեկավարը կամ նրան փոխարինելու իրավունք ունեցող անձը հրաժարվում է ստորագրել և ստանալ արձանագրության երկրորդ օրինակը կամ մշտադիտարկման իրականացման վայրում չէ, ապա արձանագրության երկրորդ օրինակը փոստով առաքվում է հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն:

16. Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը հեռուստառադիոընկերության ղեկավարին փոխարինելու իրավունք ունեցող անձի կողմից ստորագրվելու դեպքում դրա մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ, և արձանագրությանը կցվում է այն իրավական փաստաթղթի պատճենը (կանոնադրություն, հրաման, որոշում, լիազորագիր կամ այլ փաստաթուղթ), որի հիման վրա տվյալ անձն իրավունք ունի փոխարինելու հեռուստաընկերության կամ ռադիոընկերության ղեկավարին:

17. Եթե հեռուստառադիոընկերության ներկայացուցիչը հրաժարվում է արձանագրությունն ստորագրել կամ այլ կերպ խոչընդոտում է մշտադիտարկման իրականացմանը, ապա Հանձնաժողովի ներկայացուցիչն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ, որում նշվում են նաև մշտադիտարկման իրականացմանը խոչընդոտած հեռուստաընկերության կամ ռադիոընկերության ներկայացուցչի անունը, ազգանունը և պաշտոնը:

18. Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կարող է հիմք հանդիսանալ վարչական վարույթ հարուցելու համար, իսկ հարուցված վարչական վարույթի շրջանակներում ծառայել որպես վարչական վարույթի ապացույց:

19. Հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկման իրականացումն ապահովում է Հանձնաժողովը` կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով:

20. Մշտադիտարկման իրականացման ընթացակարգը և մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության ձևը հաստատում է Հանձնաժողովը:

(45-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն, 21.01.20 ՀՕ-32-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 6
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 46. Լիցենզավորումը

 

1. Լիցենզիան միակ օրինական հիմքն է, որը թույլ է տալիս Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնել հեռուստառադիոծրագրերի հեռարձակում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

i

2. Հեռուստառադիոծրագրերի եթերային հեռարձակման լիցենզիան տրվում է մրցութային կարգով` թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակելու համար հայտարարվող հեռուստաընկերությունների կամ ռադիոընկերությունների մրցույթից հետո: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Հանձնաժողովը:

i

3. Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման լիցենզիան տրվում է առանց մրցույթի` լիցենզիա ստանալու նպատակով ներկայացված դիմումի քննարկման արդյունքում:

4. Հեռուստառադիոծրագրերի հեռարձակման լիցենզիան չի կարող փոխանցվել կամ վաճառվել (օտարվել) այլ անձի:

(46-րդ հոդ. փոփ. 31.05.17 ՀՕ-87-Ն, 23.03.18 ՀՕ-153-Ն օրենքներ) 

 

i
Հոդված 47. Թվային հեռարձակման ցանցը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում հեռուստառադիոծրագրերի եթերային հեռարձակումն իրականացվում է թվային հեռարձակման ցանցի միջոցով:

2. Մինչև սույն օրենքի 62-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված ժամկետում իրավաբանական անձանց կողմից թվային հեռարձակման մասնավոր ցանցերի ստեղծումը թվային հեռարձակման ցանցը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:

3. Հայաստանի Հանրապետության սեփականություն համարվող թվային հեռարձակման ցանցի ստեղծումը, պահպանումն ու շահագործումն իրականացնող կազմակերպության հիմնադրումը և նրա գործառույթները սահմանվում են Կառավարության որոշմամբ:

4. Հանձնաժողովը յուրաքանչյուր տասը տարին մեկ` սկսած 2010 թվականի հուլիսի 20-ից, հայտարարում է թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների մրցույթ` հանրապետական, մայրաքաղաքային և տարածքային սփռման սույն հոդվածով սահմանված թեմատիկ ուղղվածություն ունեցող և սույն հոդվածում նշված քանակությամբ հեռուստաընկերությունների համար:

2010 թվականի հուլիսի 20-ին հայտարարվող թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների առաջին մրցույթի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 62-րդ հոդվածով:

5. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում հանրապետական սփռման հետևյալ թեմատիկ ուղղվածությամբ հեռուստաընկերությունները.

1) օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն սահմանված Հանրային հեռուստառադիոընկերության երկու հեռուստածրագրեր (հեռուստաալիքներ), որոնցից մեկը` ընդհանուր ուղղվածության, մյուսը` հոգևոր-մշակութային.

2) հինգ մասնավոր հեռուստաընկերություններ` ընդհանուր ուղղվածության.

3) մեկ վերահեռարձակող հեռուստաընկերություն:

6. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում մայրաքաղաքային սփռման հետևյալ թեմատիկ ուղղվածությամբ հեռուստաընկերությունները.

1) մեկ մասնավոր հեռուստաընկերություն` ժամանցային ուղղվածության.

2) մեկ մասնավոր հեռուստաընկերություն` երիտասարդական ուղղվածության.

3) մեկ մասնավոր հեռուստաընկերություն` երաժշտական ուղղվածության.

4) մեկ մասնավոր հեռուստաընկերություն` մանկապատանեկան, գիտակրթական, դաստիարակչական, ճանաչողական ուղղվածության.

5) մեկ մասնավոր հեռուստաընկերություն` միջազգային և տեղական լրատվական-վերլուծական ուղղվածության.

6) չորս վերահեռարձակող հեռուստաընկերություններ:

7. Թվային հեռարձակման ցանցի միջոցով Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում և Երևան քաղաքում հեռարձակում է իրականացնում ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող մեկական տարածքային սփռման մասնավոր հեռուստաընկերություն:

8. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում հանրապետական սփռման հետևյալ թեմատիկ ուղղվածությամբ ռադիոընկերությունները.

1) օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն սահմանված Հանրային հեռուստառադիոընկերության մեկ ռադիոծրագիր.

2) երեք մասնավոր ռադիոընկերություն` ընդհանուր ուղղվածության:

9. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում մայրաքաղաքային սփռման հետևյալ թեմատիկ ուղղվածությամբ ռադիոընկերությունները.

1) օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն սահմանված Հանրային հեռուստառադիոընկերության երկու ռադիոծրագիր.

2) մեկ մասնավոր ռադիոընկերություն` ժամանցային ուղղվածության.

3) մեկ մասնավոր ռադիոընկերություն` երիտասարդական ուղղվածության.

4) մեկ մասնավոր ռադիոընկերություն` երաժշտական ուղղվածության.

5) տասը մասնավոր ռադիոընկերություն` ընդհանուր ուղղվածության:

10. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում մարզային սփռման հետևյալ թեմատիկ ուղղվածությամբ ռադիոընկերությունները.

1) օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն սահմանված Հանրային հեռուստառադիոընկերության մեկ ռադիոծրագիր և ընդհանուր ուղղվածության երկու մասնավոր ռադիոընկերություն:

(47-րդ հոդ. փոփ. 31.05.17 ՀՕ-87-Ն, 23.03.18 ՀՕ-153-Ն օրենքներ)

 

Հոդված 48. Լիցենզավորման մրցույթի մասնակցության հայտը

 

1. Հեռուստառադիոհեռարձակողների լիցենզավորման մրցույթի մասնակցության հայտում նշվում են`

1) հայտ ներկայացնողի անվանումը և գտնվելու վայրը.

2) հեռուստառադիոծրագրերի թեմատիկ ուղղվածությունը.

3) սփռման տարածքը.

4) տեղեկություններ հայտ ներկայացնողի` այլ հեռուստառադիոընկերությունների հիմնադիր և լիցենզավորված անձ կամ զանգվածային լրատվության այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաև դրանց արտադրությամբ և տարածմամբ զբաղվելու մասին.

5) սեփական և հայրենական արտադրության հաղորդումների ծավալը.

6) հայտի ներկայացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը:

i

2. Հայտին կցվում են ընկերության հիմնադիր փաստաթղթերի և իրավաբանական անձի կարգավիճակը հաստատող փաստաթղթերի պատճենները, հեռուստառադիոընկերության բիզնես ծրագիրը, տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին, ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր, տեղեկություններ աշխատակազմի քանակի, նրանց կրթության և մասնագիտական պատրաստվածության մասին, ինչպես նաև լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով վճարված պետական տուրքի մուծման անդորրագիրը:

(48-րդ հոդ. փոփ. 31.05.17 ՀՕ-87-Ն օրենք)

 

Հոդված 49. Լիցենզավորված անձի ընտրությունը

 

1. Հանձնաժողովը լիցենզավորված անձի ընտրության ժամանակ հաշվի է առնում`

1) սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը.

2) հայրենական արտադրության հաղորդումների գերակայությունը.

3) հեռուստառադիոընկերության բիզնես ծրագրի հիմնավորվածությունը.

4) բազմակարծությունը խթանելու կարողությունը.

5) դիմողի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները.

6) աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը:

2. Լիցենզավորման մրցույթի ժամանակ այլ հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է`

1) գործող այն հեռուստառադիոընկերություններին, որոնք իրենց գործունեության ընթացքում օրենսդրության խախտումներ թույլ չեն տվել.

2) գործող այն հեռուստառադիոընկերություններին, որոնք հեռուստառադիոհաղորդումների արտադրության և հեռարձակման բնագավառում ունեն առնվազն երեք տարվա փորձ:

i

3. Հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումը կայացնում է վարկանիշային քվեարկության արդյունքների հիման վրա: Հանձնաժողովի որոշումը պետք է լինի պատշաճ հիմնավորված և պատճառաբանված: Հանձնաժողովն ապահովում է իր որոշման հրապարակայնությունը: Վարկանիշային քվեարկության իրականացման ընթացակարգը սահմանվում է Հանձնաժողովի սահմանած մրցույթի անցկացման կարգով:

(49-րդ հոդ. փոփ. 31.05.17 ՀՕ-87-Ն, 23.03.18 ՀՕ-153-Ն օրենքներ)

 

Հոդված 50. Կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու դիմումը

 

1. Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու համար դիմողը պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ, կամ առձեռն` ստացականով, Հանձնաժողովին ներկայացնում է դիմում, որում նշվում են`

1) դիմումատուի անվանումը և գտնվելու վայրը.

2) հեռուստառադիոծրագրերի թեմատիկ ուղղվածությունը.

3) սփռման տարածքը.

4) տեղեկություններ դիմումատուի` այլ հեռուստառադիոընկերությունների հիմնադիր և լիցենզավորված անձ կամ զանգվածային լրատվության այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաև դրանց արտադրությամբ և տարածմամբ զբաղվելու մասին.

5) վերահեռարձակվող հեռուստառադիոծրագրերի թիվը (եթե դիմումատուն նախատեսում է իրականացնել վերահեռարձակում).

6) իր կողմից շահագործվող կաբելային (մալուխային) ցանցով այլ հեռահաղորդակցական ծառայություններ մատուցելու մասին տեղեկություններ.

7) դիմումի ներկայացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը:

2. Դիմումին կից ներկայացվում են դիմումատուի հիմնադիր փաստաթղթերի պատճենները, բիզնես ծրագիրը, տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին, ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր, տեղեկություններ աշխատակազմի թվաքանակի, նրանց կրթության և մասնագիտական պատրաստվածության մասին, տեղեկանք դիմումում նշված սփռման տարածքում բնակարանների թվի մասին:

3. Դիմումին կից ներկայացված փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովը դրանք ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դիմողին պատշաճ կերպով տեղեկացնում է այդ մասին` դրանց շտկման նպատակով: Դիմողն իրավունք ունի սույն մասում նշված ծանուցումը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, Հանձնաժողով ներկայացնել փաստաթղթերը` առանց սույն մասում նշված թերությունների:

i

4. Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգը սահմանում է Հանձնաժողովը:

(50-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն օրենք)

 

Հոդված 51. Դիմումի քննարկումը և որոշման ընդունումը

 

1. Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա տալու համար Հանձնաժողովն իր նիստում քննարկում է դիմումը և որոշում է ընդունում այն մուտքագրելուց հետո` 60 օրվա ընթացքում:

2. Լիցենզիա տալու մասին որոշմամբ Հանձնաժողովը սահմանում է նաև սույն օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված այն հեռուստաընկերությունների հեռուստառադիոծրագրերը (բացառությամբ վերահեռարձակող հեռուստաընկերությունների), որոնք ենթակա են պարտադիր հեռարձակման հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստացած անձի կողմից:

3. Լիցենզիա չի տրվում, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը թերի, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են կամ չեն համապատասխանում սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին և սույն օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` դիմողը չի վերացրել Հանձնաժողովի նշած թերությունները.

2) դիմողը, օրենքի համաձայն, իրավունք չունի զբաղվելու հեռուստառադիոծրագրերի հեռարձակմամբ.

3) բացակայում են հեռուստառադիոծրագրերի հեռարձակման տեխնիկական հնարավորությունները:

4. Լիցենզիա տալը մերժելու հիմքերի մասին դիմողին գրավոր տեղեկացնում են որոշման ընդունումից հետո` տասնօրյա ժամկետում: Լիցենզավորման մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

(51-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն օրենք)

 

Հոդված 52. Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստացած անձի գործունեությունը

 

1. Օրենքով սահմանված կարգով հեռուստառադիոհեռարձակում իրականացնող` Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս գործող ընկերությունների հեռուստառադիոծրագրերը հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստացած անձի կողմից կարող են վերահեռարձակվել միայն Հանձնաժողովի թույլտվության հիման վրա:

Թույլտվությունը տրվում է, կամ դիմումը մերժվում է վերահեռարձակում իրականացնելու համար Հանձնաժողովին դիմելուց հետո` 15-օրյա ժամկետում:

1.1. Ընտրությունների (հանրաքվեների) քվեարկության օրը և դրան նախորդող օրն արգելվում է կաբելային (մալուխային) հեռուստաընկերությունների կողմից վերահեռարձակել Հայաստանի Հանրապետությունում գործող վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների վերգետնյա եթերային այն ծրագրերը, որոնք պարունակում են քարոզչական նյութ` տեղեկատվական, խմբագրական, փաստավավերագրական, հեղինակային կամ այլ հաղորդումների տեսքով կամ որևէ այլ ձևով:

2. Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստացած անձը սեփական արտադրության հեռուստառադիոհաղորդումներ կարող է արտադրել և հեռարձակել Հանձնաժողովի թույլտվության հիման վրա:

3. Սեփական արտադրության յուրաքանչյուր նոր հեռուստառադիոծրագրի հեռարձակման համար թույլտվություն ստանալու նպատակով լիցենզավորված անձը Հանձնաժողով է ներկայացնում սույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված բովանդակությամբ դիմում և փաստաթղթեր:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմումը և փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 20-օրյա ժամկետում, դրանց քննարկման արդյունքում Հանձնաժողովը տալիս է թույլտվություն սեփական արտադրության հեռուստառադիոծրագրի հեռարձակման համար կամ կայացնում է դիմումը մերժելու մասին որոշում:

(52-րդ հոդ. փոփ. 25.05.16 ՀՕ-59-Ն, 23.03.18 ՀՕ-153-Ն օրենքներ)

 

i
Հոդված 53. Լիցենզիայի բովանդակությունը

 

1. Հեռուստառադիոծրագրերի եթերային հեռարձակման և հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման լիցենզիան պարունակում է հետևյալ տեղեկությունները.

1) լիցենզավորող մարմնի անվանումը.

2) լիցենզիայի համարը.

3) լիցենզիան տալու ամսաթիվը.

4) գործունեության տեսակը, որի համար տրվել է լիցենզիան.

5) իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը.

6) սփռման տարածքը.

7) լիցենզիայի գործողության ժամկետը:

2. Լիցենզիայի պայմանները կցվում են լիցենզիային և համարվում դրա անբաժանելի մասը:

 

Հոդված 54. Լիցենզիա տալը

 

i

1. Լիցենզավորման մրցույթում հաղթող ճանաչված, ինչպես նաև դիմումի հիման վրա լիցենզիայի իրավունք ստացած հեռուստառադիոընկերությունները լիցենզավորման մրցույթում հաղթող ճանաչվելու և դիմումի հիման վրա լիցենզիա տալու մասին Հանձնաժողովի որոշումները ստանալուց հետո` 20-օրյա ժամկետում, վճարում են հեռարձակում իրականացնելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով պետական տուրք:

2. Սույն հոդվածով սահմանված պետական տուրքի վճարումից հետո` տասնօրյա ժամկետում, Հանձնաժողովը նշված անձանց տալիս է լիցենզիաներ:

3. Սույն հոդվածով սահմանված պետական տուրքը չվճարելը հիմք է մրցույթում հաղթող ճանաչելու և դիմումի հիման վրա լիցենզիա տալու մասին որոշումներն Հանձնաժողովի կողմից չեղյալ ճանաչվելու համար:

4. Մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումը սույն հոդվածով սահմանված հիմքով չեղյալ ճանաչվելու դեպքում Հանձնաժողովը հայտարարում է թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնող համապատասխան սփռման և ուղղվածության հեռուստաընկերության և համապատասխան սփռման և ուղղվածության ռադիոընկերության լիցենզավորման արտահերթ մրցույթ և իրականացնում լիցենզավորում սույն օրենքով մրցույթի միջոցով իրականացվող լիցենզավորման համար սահմանված կարգով ու պայմաններով:

5. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով և 6-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հեռուստաընկերությունների վրա:

(54-րդ հոդ. փոփ. 26.05.11 ՀՕ-206-Ն, 31.05.17 ՀՕ-87-Ն, 23.03.18 ՀՕ-153-Ն օրենքներ)

 

Հոդված 55. Լիցենզիաների գործողության ժամկետները

 

1. Հեռուստառադիոծրագրերի հեռարձակման լիցենզիաները տրվում են տասը տարի ժամկետով:

 

ԳԼՈՒԽ 6.1
ՄԱՍՆԱՎՈՐ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

(6.1-ին գլուխը լրաց. 18.12.15 ՀՕ-202-Ն օրենք)

 

Հոդված 55.1. Ընդհանուր դրույթներ մասնավոր մուլտիպլեքսորի վերաբերյալ

 

1. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով Հանձնաժողովի տված լիցենզիայի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված իրավաբանական անձի կողմից, որի հիմնադրման (ստեղծման) ժամանակ կամ դրանից հետո օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է հավասար կամ ավելի լինի հեռարձակող կազմակերպության որոշումների ընդունման համար անհրաժեշտ բաժնեմասերի 50 տոկոսից: Ավելի մեծ բաժնեմաս կարող է սահմանվել միջպետական պայմանագրերով:

2. Մասնավոր մուլտիպլեքսորը պարտավոր է մուլտիպլեքսն իրականացնել սեփական հեռարձակման թվային ցանցի միջոցով, որի սփռման տարածքը չպետք է լինի ավելի փոքր, քան Հայաստանի Հանրապետության հանրային հեռարձակման թվային ցանցի սփռման տարածքը:

3. Մասնավոր մուլտիպլեքսորի ցանցի բաղադրիչները (ներառյալ` ռադիոկայանները, մալուխները, հեռարձակող սարքավորումները) պետք է լինեն մասնավոր մուլտիպլեքսորի սեփականությունը:

4. Մասնավոր մուլտիպլեքսորն իրավունք չունի մատուցելու այլ ծառայություններ, քան այնպիսիները, որոնք բացառապես կապված են հեռարձակման թվային ցանցի գործունեության և շահագործման հետ:

5. Մասնավոր մուլտիպլեքսորը պարտավոր է իր մուլտիպլեքսի հեռուստառադիոծրագրերի 20 տոկոսը Հանձնաժողովի սահմանած ժամկետում, բայց ոչ շուտ, քան երեք ամսում տրամադրել Հանձնաժողովի կողմից լիցենզավորված հեռուստառադիոընկերություններին` հեռուստառադիոհեռարձակում իրականացնելու համար, իսկ մնացած հեռուստառադիոծրագրերը կարող է օգտագործել անձամբ կամ տրամադրել վճարովի կամ անվճար հիմունքներով հեռուստառադիոընկերություններին, բացառապես սույն օրենքով նախատեսված կարգով վերահեռարձակում իրականացնելու նպատակով: Սույն հոդվածում նշված հեռուստածրագրերը Հանձնաժողովը տրամադրում է սույն օրենքի 48-49-րդ հոդվածներով սահմանված մրցույթ հայտարարելու միջոցով նոր լիցենզիա ստացած ընկերություններին:

Սույն հոդվածում նշված հեռուստառադիոծրագրերը չեն կարող տրամադրվել Հանրային հեռարձակման թվային ցանցում հեռարձակման իրավունք ունեցող հեռուստառադիոընկերությանը, բացառությամբ եթե այդ ընկերությունը հրաժարվում է Հանրային հեռարձակման թվային ցանցում հեռարձակման իրավունքից:

(55.1-ին հոդ. լրաց. 18.12.15 ՀՕ-202-Ն, 27.10.17 ՀՕ-152-Ն, 23.03.18 ՀՕ-153-Ն օրենքներ)

 

Հոդված 55.2. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա ստանալու մրցույթը

 

1. Հանձնաժողովը մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա ստանալու առաջին մրցույթը հայտարարում է մինչև 2016 թվականի մայիսի 1-ը: Մրցույթը չկայանալու կամ մրցույթում հաղթող չլինելու դեպքում դրա հայտարարելուց մեկ տարի հետո Հանձնաժողովը հայտարարում է նոր մրցույթ:

2. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա ստանալու մրցույթը հայտարարելուց հետո` վեց ամսվա ընթացքում, սույն օրենքի 55.1-ին հոդվածի պայմաններին համապատասխանող իրավաբանական անձը Հանձնաժողով պետք է ներկայացնի`

ա) դիմում.

բ) հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագիծը, ներառյալ` ցանցի գործարկման ժամանակացույցը.

գ) ապացույցներ դիմողի մոտ հեռարձակման թվային ցանցն ստեղծելու և շահագործելու համար անհրաժեշտ տեխնիկական և ֆինանսական կարողությունների առկայության մասին:

3. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիայի համար դիմումում պետք է նշվեն`

ա) դիմումն Հանձնաժողովին ուղղված լինելու մասին.

բ) դիմողի գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, գործունեության իրականացման հասցեն.

գ) մասնավոր մուլտիպլեքսորի լիցենզիա ստանալու համար դիմումը ներկայացնելու մասին.

դ) մուլտիպլեքսի կառուցման և գործարկման համար անհրաժեշտ ռադիոհաճախականությունների մասին, ընդ որում, հաճախականությունները պետք է ներառված լինեն Հանձնաժողովի կառավարման ներքո տրամադրված հաճախականություններում:

4. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման համար դիմումների ներկայացման ժամկետի ավարտից հետո Հանձնաժողովը ցանցի ստեղծման նախագիծը և ժամանակացույցը իր ընտրած փորձագետներին ներկայացնում է տեխնիկական փորձաքննության, որը պետք է իրականացվի առավելագույնը երեք ամսվա ընթացքում:

5. Եթե երեք ամսվա ընթացքում հանձնաժողովը չի տալիս տեխնիկական եզրակացությունը, ապա համարվում է, որ այն համապատասխանում է անհրաժեշտ պահանջներին:

6. Տեխնիկական փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո` առավելագույնը 15-օրյա ժամկետում, Հանձնաժողովը կազմակերպում է հանրային լսումներ, որոնց անցկացման վայրի և ժամի մասին հայտարարություն է հրապարակում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (www.azdarar.am):

7. Տեխնիկական փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո` առավելագույնը երկու ամսվա ընթացքում, հիմք ընդունելով փորձաքննության և հանրային լսումների արդյունքները, Հանձնաժողովը որոշում է ընդունում լիցենզիա տրամադրելու կամ դիմումը մերժելու վերաբերյալ:

8. Մրցույթի կազմակերպման առանձնահատկությունները (ներառյալ` գնահատման չափանիշները) սահմանվում են Հանձնաժողովի որոշմամբ:

9. Հանձնաժողովը մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթը հայտարարում է չկայացած, եթե`

1) սահմանված ժամկետում ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված դիմումներից ոչ մեկը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

2) մրցույթի միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագծի և ժամանակացույցի տեխնիկական փորձաքննության արդյունքում տրվել է բացասական եզրակացություն, ընդ որում այս դեպքում հանրային լսումներ չեն անցկացվում.

3) մրցույթի միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագծով ներկայացված հեռարձակման ցանցի առաջարկվող սփռման տարածքի չափը չի համապատասխանում սույն օրենքի 55.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջին:

(55.2-րդ հոդ. լրաց. 18.12.15 ՀՕ-202-Ն, 27.10.17 ՀՕ-152-Ն, 23.03.18 ՀՕ-153-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 7
ԱՌԱՆՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հոդված 56. Առանց լիցենզավորման հեռուստառադիոհաղորդումների կազմակերպման պայմանները

 

1. Կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման համար լիցենզիա չի պահանջվում, եթե սփռման և սպասարկման տարածքը սահմանափակվում է իրավաբանական անձին պատկանող շենքերով ու տարածքներով, բացառությամբ հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների և նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի:

2. Առանց լիցենզավորման հեռուստառադիոհաղորդումների կազմակերպումը չպետք է ազդի տվյալ շրջանում գործող հեռուստառադիոհաղորդումների իրականացման որակի վրա, ինչպես նաև չպետք է խաթարի հեռուստառադիոհաղորդումներ ընդունող և հեռարձակող հեռահաղորդակցության տեխնիկական միջոցների աշխատանքը:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործունեությունն այն հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների և նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի տարածքում, որտեղ առկա է ութ կամ ավել հեռուստացույց, կարող է իրականացվել միայն Հանձնաժողով ծանուցում ներկայացնելուց հետո:

4. Սույն օրենքի և հեռուստատեսության ու ռադիոյի բնագավառի այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների խախտման դեպքում առանց լիցենզավորման հեռուստառադիոընկերությունների գործունեությունն Հանձնաժողովը դադարեցնում է:

(56-րդ հոդ. փոփ. 18.12.15 ՀՕ-202-Ն, 23.03.18 ՀՕ-153-Ն օրենքներ)

 

Հոդված 57. Հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների և նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի տարածքում հեռուստառադիոհաղորդումների վերահեռարձակման մասին ծանուցումը

 

1. Սույն օրենքի 56-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ծանուցումը հեռուստառադիոհաղորդումներ հեռարձակողը պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել հեռուստառադիոհաղորդումների կազմակերպումից հինգ օր առաջ:

2. Ծանուցման մեջ պետք նշվեն այն բոլոր հեռուստաընկերությունների անվանումները, որոնք ծանուցում ներկայացնողը պատրաստվում է վերահեռարձակել, ինչպես նաև ներկայացվում են վերը նշված հեռուստառադիոընկերությունների իրավատերերի հետ կնքված պայմանագրերի լուսապատճենները:

3. Հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների և նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի տարածքում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

(57-րդ հոդ. փոփ. 18.12.15 ՀՕ-202-Ն, 23.03.18 ՀՕ-153-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 8
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 58. Պատասխանատվությունը հեռուստատեսության և ռադիոյի օրենսդրության պահանջները խախտելու համար

 

1. Հանձնաժողովի կողմից հեռուստատեսության և ռադիոյի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների, լիցենզիայի պայմանների խախտման դեպքեր հայտնաբերվելու, ինչպես նաև պետական այլ մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակում հեռուստատեսության և ռադիոյի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումների կրկնակի դեպքեր հայտնաբերելու և դրանց մասին Հանձնաժողովին գրավոր տեղեկացնելու դեպքում Հանձնաժողովը կիրառում է հետևյալ վարչական տույժերը.

1) գրավոր նախազգուշացում.

2) տուգանք:

2. Հանձնաժողովն իրավասու է սույն օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերով սահմանված հիմքերի առկայության պարագայում դիմել դատարան` լիցենզիայի գործողության դադարեցման պահանջով, ինչպես նաև խախտում թույլ տված հեռուստառադիոընկերությանը (հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան այլ պատասխանատվության ենթարկելու պահանջով:

3. Հեռուստառադիոընկերությունները (հեռուստաընկերությունը կամ ռադիոընկերությունը) իրավունք ունեն դիմելու դատարան` Հանձնաժողովի որոշումներն անվավեր ճանաչելու կամ փոփոխելու պահանջով, ընդ որում` նշված պահանջով հայցը դատարան ներկայացնելը չի կասեցնում վարչական տույժի կիրառման մասին որոշման կատարումը:

(58-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն օրենք)

 

Հոդված 59. Գրավոր նախազգուշացումը

 

1. Սույն օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հայտնաբերված խախտումների առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով, Հանձնաժողովն իրավախախտումը հայտնաբերելու օրվանից և (կամ) պետական այլ մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակում հայտնաբերված իրավախախտումների կրկնակի դեպքերի մասին տեղեկացվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում գրավոր նախազգուշացնում է խախտում կատարած հեռուստառադիոընկերությանը` պահանջելով վերացնել խախտումը և սահմանելով խախտումը վերացնելու համար ողջամիտ ժամկետ:

(59-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն օրենք)

 

Հոդված 60. Տուգանքը

 

1. Սույն հոդվածով սահմանված իրավախախտումներ կատարած անձի նկատմամբ տուգանք կարող է կիրառվել իրավախախտում կատարելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող կամ տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:

2. Սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով գրավոր նախազգուշացում ստացած անձի կողմից նախազգուշացմամբ նշված ժամկետում սահմանված պահանջը չկատարելը կամ նախազգուշացման համար հիմք դարձած նույն խախտումը սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

3. Հեռուստառադիոհեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերության կողմից համապատասխան սփռման գոտիների համընկնման շրջաններում հեռուստառադիոլսարանի` այլ հեռուստառադիոծրագրեր ընդունելու իրավունքը սահմանափակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

4. Հեռուստառադիոընկերության անվանումը, ազդականչն ու այլ ելքային տվյալներ միայն օտար լեզուներով (առանց հայերեն տարբերակի) օգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

5. Հեռուստառադիոընկերության կողմից հայրենական արտադրության հաղորդումները ընդհանուր եթերաժամի 55 տոկոսից պակաս հեռարձակելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

6. Առանց Հանձնաժողովին տեղեկացնելու վերահեռարձակում իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

7. Ընտրությունների և հանրաքվեների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ քարոզչության համար արգելված ժամանակահատվածում քարոզչական բնույթի հաղորդում հեռարձակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

8. Ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում հեռուստատեսությամբ առանց էկրանի վրա պարտադիր անընդմեջ «Նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչություն» լուսագրի քաղաքական կամ այլ քարոզչական հաղորդումներ սփռելը, իսկ ռադիոսփռման դեպքում` յուրաքանչյուր հաղորդման ընթացքում ոչ պակաս, քան 3 անգամ դրա մասին չհիշեցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

8.1. Հեռուստառադիոընկերությունների կողմից թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նկատմամբ խտրականության դրսևորումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

8.2. Հեռուստառադիոընկերությամբ հեռարձակվող լրատվական հաղորդումներում թեկնածուների և ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների (հանրաքվեի քարոզչությանը մասնակցող կողմերի) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչական միջոցառումների վերաբերյալ անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

9. Հեռուստառադիոընկերության կողմից իր հեռարձակած հաղորդումների տեսագրությունները և ձայնագրությունները` հեռարձակման օրվանից սկսած մեկ ամիս ժամանակով չպահպանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

10. Ռադիոհեռուստատեսային հաղորդման ընթացքում ավելի քան քսան րոպեն մեկ հաճախականությամբ կամ յուրաքանչյուր մեկ եթերային ժամի հաշվով տասնչորս րոպեից ավելի տևողությամբ գովազդ հեռարձակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

11. Հեռուստառադիոընկերությունների կողմից թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) խմիչքների (բացառությամբ տեղական արտադրության կոնյակի) գովազդի հեռարձակումը 06:00-ից մինչև 22:30-ն ընկած ժամանակահատվածում, ծխախոտի և ծխախոտային արտադրության գովազդի հեռարձակումը, ինչպես նաև մանկապատանեկան հեռուստառադիոհաղորդումներում ծխախոտի կամ ծխախոտային արտադրության ապրանքատեսակների ուղղակի կամ անուղղակի օգտագործումը կամ ցուցադրումը առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

12. Պաշտոնական հաղորդագրությունների, լրատվական թողարկումների գովազդային ընդհատումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

13. Ռադիոընկերության կողմից եթերում օրական առնվազն երեք անգամ իր անվանումը չհայտարարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

14. Հեռուստառադիոընկերության կողմից իր հաղորդումների հեռարձակման ժամանակ անընդմեջ իր խորհրդանիշը չհեռարձակելը, բացառությամբ գովազդի հաղորդման ժամանակ`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

15. Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների եթեր հեռարձակումը ժամը 24.00-ից մինչև 6.00-ն ընկած ժամանակահատվածից դուրս, բացառությամբ բաժանորդային հեռարձակման`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

16. Արբանյակային հեռարձակման մասին սույն օրենքով սահմանված ժամկետում Հանձնաժողովին գրավոր չտեղեկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով:

17. Լիցենզավորված հեռուստառադիոընկերության կողմից առանց Հանձնաժողովի թույլտվության բաժանորդային հեռարձակում իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով:

18. Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանի վարման սահմանված կարգի խախտումներ թույլ տալը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

19. Յուրաքանչյուր առանձին գովազդային հատուկ հաղորդման տևողությունը եթերային մեկ ժամվա ընթացքում հինգ րոպեն գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

i

20. Հեռուստառադիոընկերությունների կողմից այն ապրանքատեսակների և ծառայությունների գովազդի հեռարձակումը, որոնց գովազդն արգելված է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

21. Սույն հոդվածի 3-20-րդ մասերով սահմանված հիմքերով վարչական տույժի ենթարկված հեռուստառադիոընկերության կողմից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

22. Առանց սույն օրենքի 56-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ծանուցման վերահեռարձակում իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

23. Սույն հոդվածի 22-րդ մասով սահմանված հիմքերով վարչական տույժի ենթարկված իրավաբանական անձի կողմից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

(60-րդ հոդ. փոփ. 21.06.14 ՀՕ-107-Ն, 18.12.15 ՀՕ-202-Ն, 25.05.16 ՀՕ-59-Ն, 23.03.18 ՀՕ-153-Ն օրենքներ)

 

Հոդված 61. Լիցենզիայի գործողության դադարեցումը

 

1. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե`

1) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն է հայտնաբերվել.

2) լիցենզավորված անձը սույն օրենքի 60-րդ հոդվածի 21-րդ մասով սահմանված հիմքով մեկ տարվա ընթացքում երեք անգամ ենթարկվել է վարչական տույժի (բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի), որից հետո նույն տարվա ընթացքում կատարել է սույն օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որևէ վարչական տույժի նշանակման համար հիմք համարվող արարք.

3) լիցենզավորված անձը սույն օրենքի 60-րդ հոդվածի 21-րդ մասով սահմանված հիմքով սույն օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերի համաձայն` մեկ տարվա ընթացքում մեկ անգամ ենթարկվել է վարչական տույժի, որից հետո նույն տարվա ընթացքում կատարել է սույն օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որևէ վարչական տույժի նշանակման համար հիմք համարվող արարք.

4) հեռուստառադիոընկերության տեխնիկական միջոցները չեն համապատասխանում ընդունված ստանդարտներին, որի հետևանքով վտանգ է սպառնում մարդկանց առողջությանը, արգելքներ են ստեղծվում այլ հեռուստառադիոընկերությունների գործունեության համար, չի ապահովվում հեռուստառադիոհաղորդումների տեխնիկական որակը.

5) տեղի է ունեցել լիցենզիայի զիջում ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձանց.

6) լիցենզավորված անձն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել հեռուստահաղորդումների հեռարձակում.

7) լիցենզավորված անձը լիցենզիան ստանալու պահից վեց ամսվա ընթացքում չի հեռարձակել հեռուստառադիոհաղորդումներ.

8) այդ մասին կա լիցենզավորված անձի դիմումը.

9) խախտվել են օրենքի 22-րդ հոդվածի պահանջները.

10) ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ Հանրապետության նախագահին կամ նրա լիազորած անձին պաշտոնական հայտարարություններ կատարելու համար եթերաժամանակ չի հատկացվել.

11) խախտվել է սույն օրենքի 62-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը.

12) լիցենզավորված անձը լուծարվել է:

2. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով` Հանձնաժողովի դիմումի համաձայն: Դիմում կարող է ներկայացվել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, իսկ շարունակվող և տևական խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից մեկ տարվա ընթացքում, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում` կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից 15-օրյա ժամկետում:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ և 12-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է Հանձնաժողովի որոշմամբ:

5. Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ընթացքում կատարված տեխնիկական կանոնների խախտման, թերացումների կամ հաղորդումների հեռարձակումը չապահովելու համար լիցենզավորված անձն ազատվում է պատասխանատվությունից, եթե հիմնավորվում է, որ դրանք թույլ են տրվել`

1) պետական լիազորված մարմինների կողմից տեխնիկական կանոնների կամ չափորոշիչների փոփոխության պատճառով.

2) տեխնիկական վերազինման նպատակով, որի մասին դրա իրականացումից առնվազն 30 օր առաջ գրավոր հիմնավորմամբ լիցենզավորված անձը տեղյակ է պահել Հանձնաժողովին և ստացել թույլտվություն.

3) վթարի կամ աղետների հետևանքով:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում հեռուստառադիոընկերությունները ողջամիտ ժամկետում վերականգնում են հեռուստառադիոհաղորդումների հեռարձակումը` պահպանելով և ապահովելով լիցենզիայի պայմանները:

7. Սույն հոդվածով սահմանված հիմքերով եթերային հեռարձակում իրականացնելու լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու պահից երեք ամիս հետո Հանձնաժողովը հայտարարում է թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնող համապատասխան սփռման և ուղղվածության հեռուստառադիոընկերության լիցենզավորման արտահերթ մրցույթ և իրականացնում լիցենզավորում սույն օրենքով մրցույթի միջոցով իրականացվող լիցենզավորման համար սահմանված կարգով ու պայմաններով, ընդ որում` որպես լիցենզավորված նոր հեռուստառադիոընկերության լիցենզիայի գործողության ժամկետ սահմանվում է այն ամսաթիվը, որը նշված էր ուժը կորցրած ճանաչված լիցենզիայում:

(61-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն օրենք)

 

Հոդված 61.1. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիայի դադարեցումը

 

1. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիան դադարեցվում է լիցենզավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև եթե`

1) մուլտիպլեքսորը չունի օրենքով պահանջվող թվային ցանց.

2) տեխնիկական պատճառներով նրա գործունեության խափանումը տևում է երեք ամսից ավել:

(61.1-ին հոդ. լրաց. 18.12.15 ՀՕ-202-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 9
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i
Հոդված 62. Անցումային դրույթներ

 

1. Հեռահաղորդակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության տարածքում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացրած ռադիոհեռարձակման համար նախատեսված հաճախությունների համաձայն` Հանձնաժողովը 2017 թվականի հուլիսի 20-ից հետո անցկացնում է ռադիոհեռարձակման թվային լիցենզավորման մրցույթ:

Հայաստանի Հանրապետությունում թվային ռադիոհեռարձակման անցման ժամանակ օրենքի 47-րդ հոդվածի 8-10-րդ մասերում նշված ռադիոընկերությունները պարտավոր են իրենց տեխնիկական միջոցները համապատասխանեցնել թվային հեռարձակման ցանցով հեռարձակվելու համար նախատեսված միջոցներին: Այս պայմանի ապահովման դեպքում լիցենզավորված ռադիոընկերությունները կգործեն մինչև իրենց գործող լիցենզիայի ժամկետի ավարտը:

2. Այն ռադիոընկերությունները, որոնց լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է մինչև 2011 թվականի հունվարի 20-ը, կարող են լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտ ներկայացնել Հանձնաժողով: Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է հայցվող ժամկետով, բայց ոչ ավելի, քան մինչև 2017 թվականի հուլիսի 20-ը:

3. Մարզային հեռուստաընկերությունների (դրանց թվում չեն ներառվում Երևան քաղաքում գործող լիցենզավորված հեռուստաընկերությունները) անալոգային լիցենզիաների գործողության ժամկետը երկարաձգվում է մինչև 2016 թվականի հունվարի 1-ը, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի:

4. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթի արդյունքում լիցենզավորված մարզային հեռուստաընկերությունների (դրանց թվում չեն ներառվում Երևան քաղաքում գործող լիցենզավորված հեռուստաընկերությունները) նկատմամբ տարածվում են այդ մրցույթի արդյունքում լիցենզավորված բոլոր հեռուստաընկերությունների համար սույն օրենքով սահմանված դրույթները:

5. 2010 թվականի հուլիսի 20-ին Հանձնաժողովը հայտարարում է տասնութ հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթ և սույն օրենքով սահմանված կարգով իրականացնում լիցենզավորում:

6. Հեռուստահեռարձակողների լիցենզավորման սույն հոդվածի 5-րդ մասում նշված ժամկետում հայտարարվող առաջին մրցույթում հաղթող ճանաչված հեռուստահեռարձակողներից յուրաքանչյուրի հետ Հանձնաժողովը մրցույթի արդյունքների ամփոփումից հետո` տասնօրյա ժամկետում, լիցենզիայի գործողության առաջին հինգ տարիների ընթացքում հեռարձակում իրականացնելու համար համաձայնեցնում է հեռուստահաղորդումների հեռարձակման հաճախականությունը: Հայաստանի Հանրապետությունը մրցույթում հաղթող ճանաչված հեռուստահեռարձակողներին ապահովում է ազատ եթերային հաճախականությամբ` մինչև 2016 թվականի հունվարի 1-ը անալոգային հեռուստահեռարձակում իրականացնելու համար:

7. Հեռուստահաղորդումների հեռարձակման հաճախականությունների համաձայնեցումից հետո` վեցամսյա ժամկետում, լիցենզավորված հեռուստահեռարձակողները պարտավոր են իրականացնել հեռուստահաղորդումների հեռարձակման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների ու հեռարձակման ցանցերի տեղադրումը` Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրականացրած` հեռուստատեսության հեռարձակման ցանցերի տեխնիկական փորձաքննության հիման վրա:

8. Լիցենզիա ստացած հեռուստահեռարձակողի կողմից սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետում նշված պարտականությունը չկատարելը հիմք է սույն օրենքով սահմանված կարգով լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար:

9. Լիցենզավորման մրցույթում հաղթող ճանաչված հեռուստահեռարձակողներին տրված լիցենզիաների գործողության ժամկետի սկիզբն է 2011 թվականի հունվարի 20-ը:

10. 2010 թվականի հուլիսի 20-ից մինչև 2016 թվականի հունվարի 1-ը համարվում է անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցման ժամանակաշրջան, որի ընթացքում պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմամբ իրականացվում է աստիճանական (ըստ Հայաստանի Հանրապետության առանձին մարզերի) անցում թվային հեռարձակման:

11. 2016 թվականի հունվարի 1-ին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դադարեցվում է անալոգային հեռուստահեռարձակումը, և այդ պահից սկսած` Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվում է միայն թվային հեռուստահեռարձակում:

12. 2017 թվականի հուլիսի 20-ից ռադիոյի թվային հեռարձակումն ապահովելու նպատակով օրենքով սահմանվում են ռադիոհեռարձակողների լիցենզավորման կարգն ու պայմանները, այդ թվում` ռադիոհեռարձակման լիցենզիաների համար մրցույթի արդյունքում լիցենզավորվող ռադիոընկերությունների թեմատիկ ուղղվածությունն ու քանակը: Մինչև թվային ռադիոհեռարձակման լիցենզիաների համար մրցույթի անցկացումը և համապատասխան լիցենզիաների տրամադրումը գործող ռադիոընկերությունները շարունակում են գործունեությունը իրենց լիցենզիաների պայմաններին համապատասխան:

13. (13-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2016 թվականից` 18.12.15 ՀՕ-202-Ն օրենք)

14. Սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունն ուժի մեջ է մտնում սույն օրենքով սահմանված կարգով կազմավորված Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներից որևէ մեկի պաշտոնավարման ժամկետը լրանալու պահից:

15. Սույն օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

16. Մինչև մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության սկիզբը Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է տեղական հեռուստաընկերությունների գործունեությունը` գործող լիցենզիաների` առանց փոփոխությունների երկարաձգման միջոցով: Հանձնաժողովը սահմանում է տեղական հեռուստաընկերությունների լիցենզիաների երկարաձգման կարգը և պայմանները, որոնք, սակայն, չեն կարող պարունակել հավելյալ պահանջներ, բացի ընկերության կողմից կիրառվող հեռարձակող սարքերի, ընկերության գործունեության (տևողության) և ընկերության մասին հանձնաժողով տեղեկատվություն ներկայացնելուց: Լիցենզիան երկարաձգվում է յուրաքանչյուր տարածքում մինչև նշված տարածքը ներառող մարզում թվային հեռարձակման նոր մրցույթի անցկացումը և մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելը: Սույն մասում նշված ընկերություններից լիցենզիայի երկարաձգման և տարեկան պետական տուրքեր չեն գանձվում:

(62-րդ հոդ. փոփ. 19.06.13 ՀՕ-70-Ն, 23.06.15 ՀՕ-68-Ն, 18.12.15 ՀՕ-202-Ն, 07.06.16 ՀՕ-98-Ն, 31.05.17 ՀՕ-87-Ն, 27.10.17 ՀՕ-152-Ն, 23.03.18 ՀՕ-153-Ն օրենքներ)

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
9 նոյեմբերի 2000 թ.
ՀՕ-97

 

pin
ՀՀ 09.10.2000
N ՀՕ-97 օրենք