Սեղմել Esc փակելու համար:
{21.05.2020 - 06.03.2023} ՖԻԶԻԿԱԿԱՆ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{21.05.2020 - 06.03.2023} ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.05.2020  -ից մինչեւ   06.03.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

21.05.2020 - 06.03.2023

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2001 թվականի հունիսի 26-ին

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

 

Ֆիզիկական կուլտուրան ազգային մշակույթի մի մասն է: Արդար խաղի, հարգանքի և համագործակցության վրա հիմնված սպորտը դիտվում է որպես ժողովուրդների մերձեցման, խաղաղության և բարեկամության հաստատման ու ամրապնդման միջոց:

Սույն օրենքը կարգավորում և սահմանում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համակարգի կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, ինչպես նաև այն սկզբունքները, որոնք պետք է պահպանվեն միջազգային մարզական շարժմանն ինտեգրվելու համար:

(1-ին հոդ. փոփ. 11.06.04 ՀՕ-110-Ն, 10.06.09 ՀՕ-151-Ն օրենքներ)

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

ա) ֆիզիկական կուլտուրա` մարդու առողջ ապրելակերպի և ֆիզիկական կատարելագործման համար հասարակության կողմից ստեղծված և օգտագործվող հոգևոր ու նյութական արժեքների ամբողջություն.

բ) ֆիզիկական դաստիարակություն` բնակչության առողջության ամրապնդմանը, աշխատունակության բարձրացմանը և երկարակեցությանը, ֆիզիկապես կոփված ու բարոյապես կայուն սերնդի ձևավորմանն ուղղված կազմակերպված գործընթաց.

գ) ֆիզկուլտուրայի շարժում` բնակչության ֆիզիկական կուլտուրայի մակարդակի բարձրացմանը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը նպատակաուղղված պետական և հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիների գործունեություն.

դ) սպորտ` ֆիզիկական կուլտուրայի բաղկացուցիչ մաս, պատմականորեն առաջացած` մարդկանց մրցակցական գործունեության և մրցումների նախապատրաստման հատուկ մասնագիտական մարզումների գործընթաց.

ե) Հայաստանի Հանրապետության հավաքական թիմ` մարզաձևի լավագույն մարզիկներով, մարզիչ-մանկավարժներով, գիտնականներով, բժիշկներով և այլ մասնագետներով համալրված թիմ, որը նախապատրաստվում և Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո մասնակցում է միջազգային մարզական միջոցառումներին.

զ) սիրողական սպորտ` մարզական զանգվածային գործունեություն, ֆիզիկական դաստիարակության բաղկացուցիչ մաս, ըստ նախասիրության` տարբեր մարզաձևերում շնորհալի և հեռանկարային անհատներին ի հայտ բերելու միջոց.

է) պրոֆեսիոնալ սպորտ` սպորտի բնագավառում շահույթ հետապնդող գործունեություն, որին մասնակցում են պրոֆեսիոնալ մարզական կազմակերպությունները (լիգաներ, ակումբներ, թիմեր), սպորտը որպես մասնագիտություն ընտրած մարզիկները.

ը) օլիմպիական շարժում` սպորտի զարգացմանը, մարդու հոգևոր և ֆիզիկական կատարելությանը, միջազգային սպորտային փոխհամագործակցությանը նպատակաուղղված հասարակական շարժում.

թ) ֆիզկուլտուրային, մարզական չափորոշիչներ` ֆիզիկական վարժությունների համալիր առաջադրանքներ, որոնց կատարման արդյունքներով բացահայտվում են բնակչության տարբեր տարիքային և առողջական խմբերի ֆիզիկական պատրաստականության մակարդակն ու առողջական վիճակը.

ժ) ուսումնամարզական ծրագրեր` ֆիզկուլտուրային, մարզական չափորոշիչներին համապատասխան մշակված տարբեր մակարդակների և ուղղվածության ծրագրեր, որոնց հիման վրա կազմակերպվում է ուսումնամարզական գործընթացը.

ժա) մարզիչ-մանկավարժ` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ուսումնական ծրագրով մարզական, մանկավարժական գործունեություն իրականացնող մասնագիտական կրթություն ունեցող անձ.

ժբ) մարզիկ (մարզուհի)` որևէ մարզաձևով կանոնավոր զբաղվող և տվյալ մարզաձևից մարզական կարգ ունեցող անձ:

ժգ) Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի թեկնածու` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող` տվյալ մարզաձևի առաջատար մարզիկ, որը Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի թեկնածուի կարգավիճակ է ստացել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով.

ժդ) Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամ` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող` տվյալ մարզաձևի գծով աշխարհի, Եվրոպայի, օլիմպիական խաղերի կամ շախմատի համաշխարհային օլիմպիադայի մասնակից մարզիկ.

ժե) դոպինգի օգտագործում` հակադոպինգային կանոնների խախտում.

ժզ) հակադոպինգային ապահովում` սպորտում դոպինգի օգտագործման կանխարգելում` սպորտում դոպինգի օգտագործման կանխմանն ուղղված միջոցառումների կազմակերպում, իրականացում և պայքար սպորտում դոպինգի օգտագործման դեմ.

ժէ) Հայաստանի Հանրապետության պարալիմպիկ պատվիրակություն` Հայաստանի Հանրապետության պարալիմպիկ թիմ, ինչպես նաև պարալիմպիկ խաղերին և Միջազգային պարալիմպիկ կոմիտեի հովանու ներքո անցկացվող այլ միջազգային մարզական միջոցառումներին Հայաստանի պարալիմպիկ թիմի անդամների մասնակցությունն ապահովող` Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի, Հայաստանի Հանրապետության իշխանության պետական մարմինների, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ.

ժը) Հայաստանի պարալիմպիկ թիմ` պարալիմպիկ խաղերում և Միջազգային պարալիմպիկ կոմիտեի հովանու ներքո անցկացվող միջազգային այլ մարզական միջոցառումներում Հայաստանի Հանրապետության անունից մասնակցող` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի մարզիկներից (մարզուհիներից), մարզիչներից և այլ մասնագետներից կազմավորված կոլեկտիվ:

(2-րդ հոդ. փոփ. 10.06.09 ՀՕ-151-Ն, 10.09.19 ՀՕ-160-Ն օրենքներ)

 

Հոդված 2.1. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին օրենսդրությունը

 

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

(2.1-ին հոդ. լրաց. 11.06.04 ՀՕ-110-Ն օրենք)

 

Հոդված 3. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի օրենսդրության խնդիրները

 

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի օրենսդրության խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված` պետության կողմից ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը նպաստելու իրավական մեխանիզմների ստեղծումը.

բ) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համակարգի գործառնության և զարգացման համար իրավական երաշխիքների ապահովումը.

գ) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգի կառավարման իրավասությունների բաշխումն ու տարանջատումը, գործառույթների կանոնակարգումը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, մարզական հասարակական կազմակերպությունների, միությունների և ընկերությունների միջև.

դ) այդ բնագավառի իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքների, պարտականությունների, պատասխանատվության սահմանումն ու փոխհարաբերությունների իրավական կարգավորումը:

 

i
Հոդված 4. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականությունը

 

Պետությունը նպաստում և աջակցում է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականությունն իրականացվում է տարեկան ծրագրի միջոցով: Տարեկան ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի կազմում, որի ֆինանսավորման գումարն արտացոլվում է պետական բյուջեի ծախսերում:

(4-րդ հոդ. փոփ. 18.04.03 ՀՕ-540-Ն, 10.06.09 ՀՕ-151-Ն օրենքներ)

 

i
Հոդված 5. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները

 

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են`

ա) բնակչության առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացումը, աշխատունակության բարձրացումն ու երկարակեցության ապահովումը.

բ) տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիությունը.

գ) հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության ֆիզիկական պատրաստականության ապահովումը.

դ) բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովումը.

ե) պետական ծրագրի միջոցով Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգի կատարելագործումը.

զ) մարզիկների շրջանում արդար խաղի գաղափարի ամրապնդումը, մրցակցի հանդեպ հարգանքի, ազնիվ վերաբերմունքի ոգով դաստիարակումը, օլիմպիզմի գաղափարների, մարզական էթիկայի կանոնների պահպանումը և սպորտում դոպինգ օգտագործելու, ֆիզիկական և բարոյական կոպտության դեմ պայքարը:

(5-րդ հոդ. փոփ. 10.06.09 ՀՕ-151-Ն օրենք)

 

i
Հոդված 6. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պետական երաշխիքները

 

Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պետական երաշխիքներն են`

ա) ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու, այդ բնագավառը որպես մասնագիտություն ընտրելու, ֆիզկուլտուրային և օլիմպիական շարժմանը մասնակցելու մարդկանց հավասար իրավունքների ապահովումը.

բ) բնակչության ֆիզիկական դաստիարակության ապահովումը, «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր դասավանդումն ուսումնական բոլոր հաստատություններում` ուսումնառության ամբողջ ընթացքում.

գ) Հայաստանի Հանրապետության առաջնությունների, համահայկական խաղերի անցկացման, օլիմպիական խաղերին, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին, համաշխարհային ունիվերսիադաներին, միջազգային և այլ մրցաշարերին Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի ու մարզիկների նախապատրաստման և մասնակցության ֆինանսավորումը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին.

դ) աջակցությունը մանկապատանեկան մարզադպրոցների ցանցի ընդլայնմանը, դրանց նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը.

ե) այդ բնագավառի համար կադրերի պատրաստման, վերապատրաստման ապահովումը, բնակչության ֆիզիկական դաստիարակության և բարձրագույն նվաճումների` սպորտի հիմնահարցերին վերաբերող գիտական հետազոտությունների նպատակային ֆինանսավորումը.

զ) աջակցությունը ֆիզկուլտուրային-առողջարարական, մարզական և ուսումնական բազաների պահպանմանն ու նպատակային օգտագործմանը, նոր ուսումնամարզական բազաների կառուցմանը.

է) մարզական գույքի արտադրության և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառում այլ տնտեսական գործունեության խթանումը:

ը) մարզական գործունեության ընթացքում պրոֆեսիոնալ մարզիկների հաշմանդամ դառնալու դեպքում սոցիալական պաշտպանության ապահովումը:

(6-րդ հոդ.փոփ. 10.06.09 ՀՕ-151-Ն օրենք)

 

i
Հոդված 7. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) հաստատում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական քաղաքականության հայեցակարգը.

բ) («բ» կետն ուժը կորցրել է 22.05.2003 թվականից` 18.04.03 ՀՕ-540-Ն օրենք)

գ) սահմանում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական պատվերի տեղադրման կարգը.

դ) հաստատում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի ակտեր, մասնավորապես զանգվածային սպորտին, բարձրագույն նվաճումների սպորտին և մանկապատանեկան սպորտին առնչվող իրավական ակտեր, այդ թվում`

i

դ.1) ֆիզիկական կուլտուրայի կամ սպորտի (պրոֆեսիոնալ ու սիրողական) բնագավառի, այդ թվում` մարզական մրցումների (մարզային, հանրապետական և միջազգային մրցաշարերի), ուսումնամարզական հավաքների, ֆիզկուլտուրային-առողջարարական, ադապտիվ կամ մարզական զանգվածային միջոցառումների (պետական բյուջեի միջոցներով) կազմակերպմանն ու անցկացմանը, ինչպես նաև ֆինանսատնտեսական հիմքերի (մասնավորապես մարզիկների կամ մասնակիցների գիշերավարձի և սննդի օրական վճարի, մարզիչների, մրցանակակիրների ու մրցավարների դրամական պարգևատրման չափերի) վերաբերյալ.

i

դ.2) Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի հատկացման և թոշակի վճարման չափորոշիչների ու չափերի վերաբերյալ.

դ.3) Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրության վերաբերյալ.

դ.4) Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմերում աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններ և մրցանակակիրներ դարձած մարզիկների պատվովճարի վճարման կարգի վերաբերյալ.

դ.5) բնագավառում մրցանակներ հիմնելու վերաբերյալ.

դ.6) օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի) աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (նաև հաշմանդամների), եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում, Եվրոպայի օլիմպիական երիտասարդական փառատոնում, համաշխարհային ունիվերսիադայում, պատանեկան օլիմպիական խաղերում, շախմատի պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին, ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին, բժիշկներին շնորհվող դրամական մրցանակների չափերի ու շնորհման կարգի վերաբերյալ.

դ.7) Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչների ու կարգի վերաբերյալ.

դ.8) Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում պետական քաղաքականության հայեցակարգի (ռազմավարության) վերաբերյալ, այդ թվում` մարզաձևերի զարգացման հայեցակարգերի (ռազմավարությունների) հաստատման կամ հավանություն տալու վերաբերյալ.

դ.9) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների և ղեկավար անձնակազմի պաշտոնային դրույքաչափերի, հավելավճարների և լրավճարների հաշվարկման և վճարման կարգի վերաբերյալ.

դ.10) ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչների վերաբերյալ.

դ.11) Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական հիմնարկների ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մարզական կազմակերպությունների աշխատողների պաշտոնային դրույքաչափերին լրավճարներ սահմանելու վերաբերյալ.

դ.12) Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման (այդ թվում` առանձին մարզաձևերի զարգացման) ծրագրերի և ծրագրերի իրականացման միջոցառումների վերաբերյալ.

դ.13) մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման վերաբերյալ.

դ.14) Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցների, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և այլ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն պետական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի շարունակական արդիականացման և մարզագույքի բաշխման վերաբերյալ.

դ.15) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների կազմակերպման, մեթոդաբանական ու բժշկական աջակցության կարգի սահմանման վերաբերյալ.

դ.16) ուսումնական հաստատություններում «ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր դասավանդման իրականացման կարգի վերաբերյալ.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ.

զ) սույն հոդվածի «դ» կետով նախատեսված լիազորությունները Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է վերապահել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի լիազոր մարմնին:

(7-րդ հոդ. փոփ. 18.04.03 ՀՕ-540-Ն, 10.09.19 ՀՕ-160-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 2.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգի կառուցվածքը

 

Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգը պետական կառավարման լիազորված մարմնի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան ստորաբաժանումների ամբողջությունն է: Այդ համակարգի մասն են կազմում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հետևյալ հասարակական կազմակերպությունները`

ա) Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն.

բ) մարզաձևերի ազգային ֆեդերացիաները.

i

գ) այլ մարզական հասարակական կազմակերպությունները, միությունները և ընկերությունները:

 

i
Հոդված 9. Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները

 

Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմինը`

ա) իրականացնում է բնագավառի միասնական պետական քաղաքականությունը և զարգացման ռազմավարությունը, ընդունում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի իրավական ակտեր, մասնավորապես զանգվածային սպորտին, բարձրագույն նվաճումների սպորտին և մանկապատանեկան սպորտին առնչվող իրավական ակտեր.

i

բ) համադասում է պետական և տարեկան ծրագրերի մշակման գործընթացը: Մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում այդ ծրագրերով նախատեսված պետական պատվերների տեղադրման կարգը.

գ) համադասում է բնակչության շրջանում տարվող ֆիզկուլտուրային-առողջարարական, մարզական աշխատանքները, Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի համալրման գործընթացը.

դ) շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, այլ մարզական կազմակերպությունների հետ մշակում և հաստատում է ֆիզկուլտուրային, մարզական չափորոշիչները: Մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի իրավական ակտերը, մասնավորապես զանգվածային սպորտին, բարձրագույն նվաճումների սպորտին և մանկապատանեկան սպորտին առնչվող իրավական ակտերը, այդ թվում` սույն օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետում նշված իրավական ակտերը.

ե) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների հետ կազմում և հաստատում է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների, սովորող երիտասարդության և ուսանողների ֆիզիկական դաստիարակության պետական ծրագրերը.

զ) իրականացնում է այդ բնագավառի գիտամեթոդական ապահովումը, կազմակերպում է ֆիզկուլտուրային կադրերի, այդ թվում` մարզիչ-մանկավարժների պատրաստումը և վերապատրաստումը.

է) համագործակցում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հասարակական կազմակերպությունների հետ.

ը) Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և օլիմպիական մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացմամբ հաստատում է օլիմպիական խաղերի նախապատրաստման քառամյա փուլային ծրագիրը, հանրապետական մարզական և զանգվածային միջոցառումների օրացուցային պլանը.

թ) աջակցում է հաշմանդամների շրջանում ֆիզկուլտուրային և մարզական ծրագրերի իրականացմանը.

ժ) իր իրավասության սահմաններում կնքում է միջազգային պայմանագրեր.

ժ.1) տարածքային կառավարման մարմինների հետ համատեղ կազմակերպում է ոլորտի տարածքային քաղաքականության իրականացումը.

ժ.2) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի վաստակաշատ անձանց, ինչպես նաև այդ ոլորտում ներդրում ունեցած անձանց առաջարկում է ներկայացնել պետական պարգևների և կոչումների.

ժ.3) մարզիկներին շնորհում է մարզական կոչումներ և կարգեր, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի լավագույն աշխատողներին և կազմակերպություններին, ինչպես նաև այդ ոլորտում ներդրում ունեցած անձանց պարգևատրում է մեդալներով, մրցանակներով, հուշանվերներով և արժեքավոր այլ նվերներով, տալիս է հավաստագրեր.

ժ.4) միջազգային միջոցառումներում առավել բարձր արդյունքների հասած մարզիկներին արժանացնում է «Սպորտի վաստակավոր վարպետ» կոչման.

ժ.5) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի վաստակաշատ անձանց արժանացնում է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչման.

ժ.6) հաստատում է օտարերկրյա պետություններում կազմակերպվող մրցաշարերին և այլ մարզական միջոցառումներին մասնակցող պատվիրակությունների ոչ մարզիկ ներկայացուցիչների կազմը.››

ժ.7) հաստատում է հակադոպինգային կանոնները.

ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

(9-րդ հոդ. փոփ. 10.06.09 ՀՕ-151-Ն, 14.04.11 ՀՕ-88-Ն, 10.09.19 ՀՕ-160-Ն , 11.05.20 ՀՕ-263-Ն օրենքներ)

 

Հոդված 9.1. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական կառավարման մարմինների լիազորությունները

 

Առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը`

ա) օժանդակում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնին մարզական բժշկության կադրերի վերապատրաստման, ինչպես նաև մարզական բժշկության նպատակային ծրագրերի իրականացման գործում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օժանդակում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնին դոպինգի դեմ պայքարի միջոցառումները իրականացնելիս.

գ) սահմանում է հանրակրթական ուսումնական հաստատությունների «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման համար դպրոցականներին բժշկական համապատասխան խմբերի դասելու չափորոշիչը.

դ) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է մարզիկների առողջական վիճակի նախնական և պարբերական բժշկական զննություններ.

ե) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի, աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի հետ աջակցում է հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող մարզական հասարակական կազմակերպություններին:

Արդարադատության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը, համագործակցելով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի հետ, մշակում է ֆիզկուլտուրային, առողջարարական ծրագրեր և ապահովում դրանց իրականացումը ազատազրկման վայրերում:

Կրթության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը`

ա) կազմակերպում է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների, սովորողների ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրաստվածության տվյալների ընդհանրացումն ու վերլուծումը: ՈՒսումնական հաստատությունում «Ֆիզիկական կուլտուրա» առարկան և արտադասարանական մարզական խմբում դասավանդող անձի մասնագիտական կրթությունը պարտադիր է.

բ) կազմակերպում է ուսումնական հաստատություններում մանուկների, երիտասարդների, այդ թվում` հաշմանդամների ֆիզիկական ունակությունների զարգացումը.

գ) կազմակերպում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի կատարելագործումն ու զարգացումը, ընդլայնում մանկապատանեկան մարզադպրոցների ցանցը.

դ) կազմակերպում է ազգային, միջազգային մարզական միջոցառումներ ու մրցումներ սովորողների համար.

ե) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի հետ մշակում և հաստատում է ուսումնական հաստատությունների արտաուսումնական մարզական խմբերի գործունեության կարգը.

զ) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի հետ համատեղ սահմանում է մարզական ուղղվածության դասարան ստեղծելու կարգը:

Պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը`

ա) կազմակերպում է զինվորականների ընդհանուր և հատուկ ֆիզիկական պատրաստականությունը.

բ) աջակցում է զինծառայող մարզիկներին մարզվելու և մրցումներին մասնակցելու համար, նպաստում ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող` Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված ուժեղագույն մարզիկների մարզական վարպետության հետագա կատարելագործմանը մարզական վաշտում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը`

ա) աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզկուլտուրայի և սպորտի ծրագրերի մշակման ու իրականացման աշխատանքներին.

բ) կազմակերպում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (մանկատուն, գիշերօթիկ դպրոց, տուն-ինտերնատ) ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու անհրաժեշտ պայմաններ:

Ոստիկանության և ազգային անվտանգության բնագավառների պետական կառավարման լիազորված մարմինները`

ա) կազմակերպում են ոստիկանության և ազգային անվտանգության ծառայողների ընդհանուր և հատուկ մասնագիտական ֆիզիկական պատրաստվածությունը.

բ) աջակցում են իրենց լավագույն մարզիկներին մարզվելու և մրցումներին մասնակցելու համար.

գ) նպաստում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության զորքերում ժամկետային ծառայության մեջ գտնվող` Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված ուժեղագույն մարզիկների մարզական վարպետության հետագա կատարելագործմանը` ըստ ծառայության վայրի:

(9.1-ին հոդ. լրաց. 10.06.09 ՀՕ-151-Ն օրենք)

 

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների լիազորությունները ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում

 

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում տարածքային կառավարման մարմինները`

ա) մշակում և հաստատում են իրենց տարածքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման առաջնային ուղղությունները, հսկողություն են իրականացնում տարածքում պետական ծրագրերի իրագործման ուղղությամբ.

բ) համադասում են մանկապատանեկան մարզադպրոցների, հանրակրթական դպրոցների, մարզական հերթափոխի պատրաստման, մարզաձևերի զարգացման և Ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի նյութատեխնիկական բազայի ամրապնդման գործընթացը.

գ) աջակցում են մարզական կազմակերպությունների հանրապետական առաջնություններին, միջազգային մրցումներին մարզի և համայնքների մարզիկների ու թիմերի մասնակցությանը.

դ) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

(10-րդ հոդ. փոփ. 10.06.09 ՀՕ-151-Ն օրենք)

 

Հոդված 11. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների դերը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում

 

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինները նպաստում են`

ա) համայնքի տարածքում պետական ծրագրերի իրագործմանը.

բ) նախադպրոցական, դպրոցական, արտադպրոցական և այլ ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրայի ուսուցման գործընթացին.

գ) համայնքների բնակչության շրջանում ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական միջոցառումների կազմակերպմանը.

դ) Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նյութատեխնիկական բազայի ստեղծման, բարելավման և հետագա ամրապնդման գործընթացին.

ե) մանկապատանեկան մարզադպրոցների ցանցի ընդլայնմանը և մարզաձևերի զարգացմանը:

(11-րդ հոդ. փոփ. 10.06.09 ՀՕ-151-Ն օրենք)

 

Հոդված 12. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն

 

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (այսուհետ` ՀԱՕԿ) գլխավորում է օլիմպիական շարժումը երկրում:

Հայաստանի Հանրապետության Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի և օլիմպիական մարզաձևերի ազգային ֆեդերացիաների հետ ՀԱՕԿ-ը մշակում և իրագործում է բարձրագույն նվաճումների` սպորտի զարգացման միասնական քաղաքականությունը:

ՀԱՕԿ-ը գործում է Միջազգային օլիմպիական կոմիտեի խարտիային, իր կանոնադրությանը և Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:

ՀԱՕԿ-ն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցությունն օլիմպիական խաղերին ու Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մյուս միջոցառումներին:

Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերը և մարզիկներն օլիմպիական խաղերին և Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցումներին մասնակցում են Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո:

Օլիմպիական շարժման և բարձրագույն նվաճումների` սպորտի զարգացման հարցերում ՀԱՕԿ-ը համադասում է հասարակական մարզական կազմակերպությունների աշխատանքները:

ՀԱՕԿ-ը մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացմամբ մշակում է օլիմպիական խաղերի նախապատրաստման քառամյա փուլային ծրագիրը:

ՀԱՕԿ-ը Միջազգային օլիմպիական կոմիտեի խորհրդանիշների, նշանաբանների պահապանն է մեր երկրում: Հայաստանի օլիմպիական խորհրդանիշները գովազդային կամ այլ նպատակներով կարող են օգտագործվել միայն ՀԱՕԿ-ի թույլտվությամբ և պայմաններով:

ՀԱՕԿ-ն իր առջև դրված խնդիրներն իրականացնում է պետական բյուջեի նպատակային հատկացումների, ֆինանսական սեփական միջոցների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրների հաշվին:

ՀԱՕԿ-ը, համաձայն օլիմպիական խարտիայի, աջակցություն է ցուցաբերում դոպինգի օգտագործման կանխարգելմանը սպորտում և դրա դեմ պայքարին, ինչպես նաև աջակցություն է ցուցաբերում խտրականության և բռնության ցանկացած ձևի արտահայտման հակազդեցությանը սպորտում:

(12-րդ հոդ. փոփ. 10.09.19 ՀՕ-160-Ն օրենք)

 

Հոդված 13. Մարզաձևերի ազգային ֆեդերացիաները

 

Մարզաձևերի ազգային ֆեդերացիաները սպորտի առանձին տեսակը կամ տեսակները զարգացնելու նպատակով ստեղծված կազմակերպություններ են, որոնք կարող են ֆեդերացիա ճանաչվել, եթե`

ա) մշակում և իրականացնում են մարզաձևերի զարգացման ծրագրեր, կազմակերպում են հանրապետական առաջնություններ, ուսանողական մարզական խաղեր, Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերին և մարզիկներին նախապատրաստում են աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, համաշխարհային ունիվերսիադաներին և միջազգային մրցաշարերին մասնակցելու համար.

բ) քառամյա փուլային ծրագրով Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերին նախապատրաստում են օլիմպիական խաղերին մասնակցելու համար.

գ) աջակցություն են ցուցաբերում դոպինգի օգտագործման կանխարգելմանը սպորտում և դրա դեմ պայքարում, ինչպես նաև աջակցություն են ցուցաբերում խտրականության և բռնության ցանկացած ձևի արտահայտման հակազդեցությանը սպորտում:

Ֆեդերացիաները կարող են ընդգրկել մարզական ակումբներ, այլ մարզական հասարակական կազմակերպություններ, միություններ, ընկերություններ ու ակումբներ:

Ֆեդերացիաներում ընդգրկվող մարզական ակումբները կարող են մասնակցել ֆեդերացիաների կողմից կազմակերպվող մրցաշարերին:

(13-րդ հոդ. փոփ. 10.09.19 ՀՕ-160-Ն օրենք)

 

Հոդված 14. Այլ մարզական հասարակական կազմակերպությունները, միությունները, ընկերությունները և ակումբները

 

Այլ մարզական հասարակական կազմակերպությունները, միությունները, ընկերություններն ու ակումբներն իրականացնում են ֆիզկուլտուրային-առողջարարական, մարզական զանգվածային միջոցառումներ, ինչպես նաև մարզաձևերի զարգացման և մարզական հերթափոխի պատրաստման ծրագրեր:

(14-րդ հոդ. փոփ. 10.06.09 ՀՕ-151-Ն, 14.04.11 ՀՕ-88-Ն, 10.09.19 ՀՕ-160-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 3.
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Հոդված 15. Սեփականության հարաբերությունները ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում

 

Պետական ու համայնքային ենթակայության ֆիզկուլտուրային և մարզական կազմակերպության գործունեությունն ապահովելու նպատակով հիմնադիրը կազմակերպությանն է հանձնում շենքեր, շինություններ, մարզական և այլ անհրաժեշտ գույք, որոնք պետք է օգտագործվեն կանոնադրական խնդիրներն իրականացնելու նպատակով:

Ոչ պետական ֆիզկուլտուրային և մարզական կազմակերպությունների սեփականության ներքո կարող է գտնվել ցանկացած գույք, բացի գույքի այն տեսակներից, որոնք արգելված են Հայաստանի Հանրապետության օրենքներով:

 

Հոդված 16. Ֆիզկուլտուրային և մարզական կազմակերպությունների ֆինանսավորումը

 

Պետական բյուջեից ֆիզկուլտուրային և մարզական հասարակական կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է պետական պատվերի տեղադրման, նպատակային ծրագրերի և դրամաշնորհների ձևով:

Ֆիզկուլտուրային և մարզական կազմակերպությունների ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կատարած ներդրումները.

բ) սեփական միջոցները, որոնք գոյանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված գործունեության այլ ձևերից.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ միջոցները:

(16-րդ հոդ. փոփ. 10.06.09 ՀՕ-151-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 4.
ՄԱՐԶԻԿՆԵՐԸ: ՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

 

Հոդված 17. Սիրողական և պրոֆեսիոնալ մարզիկները

 

Սիրողական մարզիկներ են համարվում այն անձինք, որոնք մրցումներին նախապատրաստվում և մասնակցում են սիրողական սկզբունքով:

Պրոֆեսիոնալ մարզիկներ են համարվում սպորտը որպես մասնագիտություն ընտրած անձինք, որոնք իրենց մարզական գործունեության համար վարձատրվում են:

Պրոֆեսիոնալ մարզիկի գործունեությունը կարգավորվում է ազգային ֆեդերացիաների և մարզական այլ կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերով:

 

Հոդված 18. Մարզական գործունեության մասին պայմանագիրը և մարզիկների տեղափոխություններն այլ մարզական կազմակերպություններ

 

Մարզական գործունեության մասին պայմանագիրը կնքվում է մարզիկի և մարզական կազմակերպության միջև:

Պայմանագիրը պետք է բովանդակի մարզիկի իրավունքները և պարտականությունները, բժշկական, սոցիալական ապահովագրության, պայմանագրի ժամկետի երկարաձգման, պայմանագրի լուծման, մարզումների, միջոցառումների մասնակցության անհրաժեշտ պայմանների ստեղծման, նյութական ապահովման վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև այլ պայմաններ:

Մարզիկների տեղափոխություններն այլ մարզական կազմակերպություններ կամ օտարերկրյա ակումբներ կարող են իրականացվել պայմանագրի ժամկետը լրանալու և (կամ) դրանում նախատեսված պարտավորությունների կատարման դեպքում:

Մարզական կազմակերպությունների փոխադարձ համաձայնության դեպքում մարզիկի տեղափոխությունը կարող է իրականացվել նաև մինչև պայմանագրի ժամկետը լրանալը:

Մարզիկների` կազմակերպությունից կազմակերպություն տեղափոխության կանոնները, տրանսֆերտային վճարումները, փոխհատուցումները, մարզիկին պատրաստող ակումբի շահերը կարգավորվում են պայմանագրերով` օրենսդրությանը համապատասխան:

Պետական պատվերով ֆինանսավորվող ֆիզկուլտուրային և մարզական կազմակերպություններում ընդգրկված մարզիկների և մարզիչների տեղափոխությունների կարգն այլ մարզական կազմակերպություններ սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմինը:

 

ԳԼՈՒԽ 4.1
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՄԱՐԶԻԿՆԵՐԸ

(4.1-ին գլուխը լրաց. 10.09.19 ՀՕ-160-Ն օրենք)

 

Հոդված 18.1.  Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի ձևավորումը

 

Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերը (այսուհետ` հավաքական թիմ) ձևավորում են համապատասխան մարզաձևերի ազգային ֆեդերացիաները:

(18.1-ին հոդ. լրաց. 10.09.19 ՀՕ-160-Ն օրենք)

 

Հոդված 18.2.  Հավաքական թիմի հիմնական նպատակները

 

Հավաքական թիմի հիմնական նպատակներն են`

ա) Հայաստանի Հանրապետության հեղինակության ամրապնդման համար համաշխարհային մրցասպարեզներում, օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր գրավելը և Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացնելը.

բ) Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացմանը և օլիմպիական գաղափարների տարածմանը, մարզաձևերի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզչությանը նպաստելը.

գ) ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդմանը նպաստելը:

(18.2-րդ հոդ. լրաց. 10.09.19 ՀՕ-160-Ն օրենք)

 

Հոդված 18.3.  Հավաքական թիմի հիմնական խնդիրը

 

Հավաքական թիմի հիմնական խնդիրն է առաջատար մարզիկների մարզական վարպետության կատարելագործումը, նրանց համալիր նախապատրաստումը օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին:

(18.3-րդ հոդ. լրաց. 10.09.19 ՀՕ-160-Ն օրենք)

 

Հոդված 18.4.  Հավաքական թիմի կազմի սահմանումը

 

Հավաքական թիմի թեկնածուների առավելագույն թվակազմը սահմանում է համապատասխան մարզաձևի ազգային ֆեդերացիան` ելնելով մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների հաստատած կանոնակարգերից, Հայաստանի Հանրապետությունում տվյալ մարզաձևի զարգացման մակարդակից ու տարվա գլխավոր մրցաշարերում մարզիկների մասնակցության արդյունքներից:

(18.4-րդ հոդ.  լրաց. 10.09.19 ՀՕ-160-Ն օրենք)

 

Հոդված 18.5.  Օլիմպիական հավաքական թիմի ձևավորումը

 

Օլիմպիական մարզաձևերի մեծահասակների հավաքական թիմի հիմնական կազմի բոլոր անդամները համարվում են օլիմպիական հավաքական թիմի թեկնածուներ (ՕՀԹԹ):

Համապատասխան մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացմամբ օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերած մարզիկների ցանկը և օլիմպիական հավաքական թիմի մարզիչների կազմը հաստատում է ՀԱՕԿ-ը` օլիմպիական խաղերին մասնակցելու համար:

 Օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերած մարզիկները համարվում են օլիմպիական հավաքական թիմի անդամներ:

(18.5-րդ հոդ. լրաց. 10.09.19 ՀՕ-160-Ն օրենք)

 

Հոդված 18.6. Հավաքական թիմի կազմում ընդգրկված մարզիկների իրավունքներն ու պարտականությունները

 

 Հավաքական թիմի կազմում ընդգրկված մարզիկները, մարզիչները և սպասարկող անձնակազմը մարզաձևերի համապատասխան ազգային ֆեդերացիաների հետ կարող են կնքել երկկողմ պայմանագրեր:

Հավաքական թիմի կազմում ընդգրկված մարզիկներն իրավունք ունեն`

ա) ուսումնամարզական հավաքներին և միջազգային միջոցառումներին մասնակցելու ժամանակահատվածում ստանալու օրապահիկ, գիշերավարձ, մարզական համազգեստ և հանդերձանք.

բ) օգտվելու ազգային մարզական կենտրոններ (անկախ դրանց սեփականության ձևից) համարվող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ֆիզկուլտուրային-առողջարարական կառույցներից.

գ) օգտվելու պետական գիտական կենտրոնների, գիտահետազոտական ինստիտուտների, լաբորատորիաների և ուսումնական հաստատությունների փորձակոնստրուկտորական, տեխնոլոգիական և այլ գիտահետազոտական հաստատությունների գիտական բժշկակենսաբանական ու տեխնիկական նվաճումներից.

դ) օգտվելու բժշկական, հակադոպինգային սպասարկումից, ինչպես նաև հիվանդությունների և վնասվածքների դեպքում բժշկական հաստատություններում, բժշկամարզական դիսպանսերներում ստանալու համապատասխան բուժում.

ե) օգտվելու պետական բյուջեի, ՀԱՕԿ-ի, մարզաձևերի ֆեդերացիաների և օրենքով չարգելված այլ միջոցներով ձեռք բերված ժամանակակից նյութատեխնիկական հանդերձանքից (մարզագույք, մարզահագուստ և այլն).

զ) արժանանալու մարզական կոչումների` «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ», «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ», «Հայաստանի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետ», ինչպես նաև ներկայացվելու պարգևատրման` Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի և ՀԱՕԿ-ի դիպլոմներով ու պատվոգրերով, կառավարական պարգևներով` օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում մարզական բարձրագույն նվաճումների հասնելու, համապատասխան մարզաձևի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար.

է) մարզումներին, մարզական հավաքներին և միջազգային միջոցառումներին մասնակցելու ժամանակ ապահովագրված լինելու դժբախտ պատահարների պատճառած վնասներից.

ը) մասնակցելու անհատական պլանով նախապատրաստման նախագծերի ծրագրմանը, մշակմանն ու վերլուծությանը:

Սույն հոդվածով նախատեսված իրավունքների իրականացման համապատասխան կարգերը լիազորված մարմնի ներկայացմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հավաքական թիմի կազմում ընդգրկված մարզիկները պարտավոր են`

ա) հանդես գալով Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո` արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը միջազգային մրցասպարեզներում` օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, միջազգային այլ մրցաշարերում և իրենց նվաճումներով ամրապնդել հայրենիքի մարզական փառքը.

բ) դրսևորել քաղաքացիական դիրքորոշում, բարոյակամային բարձր հատկանիշներ, տիրապետել ֆիզկուլտուրային և սպորտին, օլիմպիական և միջազգային մարզական շարժմանը վերաբերող գիտելիքներին.

գ) անձնական օրինակով նպաստել հավաքական թիմում համերաշխության, ընկերական մթնոլորտի, ազնիվ մրցակցության գաղափարների սերմանմանը, հարգալից վերաբերմունքի ձևավորմանը հավաքական թիմի ղեկավարության, սպասարկող անձնակազմի, մրցավարների և երկրպագուների նկատմամբ.

դ) բարեխղճորեն և ստեղծագործաբար կատարել հավաքական թիմի ղեկավարության հրահանգները, մարզչական կազմի պահանջներն ու խորհուրդները.

ե) չխախտել մարզական ռեժիմը, չօգտագործել Միջազգային օլիմպիական կոմիտեի, մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների կողմից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված դեղամիջոցներն ու մեթոդները (թմրադեղեր, խթանիչներ և այլն).

զ) պահպանել համակեցության նորմերը, հասարակական կարգ ու կանոնը.

է) խնամքով վերաբերվել մարզահագուստին, գույքին, հանդերձանքին, սարքավորումներին և մարզական այլ պարագաներին.

ը) ապահովել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի, ՀԱՕԿ-ի, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և հովանավոր կազմակերպությունների հետ կնքված պայմանագրի պահանջները:

Աշխատանքային կարգապահության խախտումների դեպքում հավաքական թիմի մարզիկ-անդամների նկատմամբ կիրառվում է աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգապահական տույժ:

(18.6-րդ հոդ. լրաց. 10.09.19 ՀՕ-160-Ն օրենք)

 

Հոդված 18.7.  Հավաքական թիմի մարզիչների և մասնագետների իրավունքներն ու պարտականությունները

 

Հավաքական թիմի մարզիչներն ու մասնագետները պետք է ունենան համապատասխան մասնագիտական բարձրագույն կրթություն, հինգ տարուց ոչ պակաս գործնական աշխատանքի փորձ: Նրանք նշանակվում են համապատասխան մարզաձևերի ազգային ֆեդերացիաների կողմից:

Հավաքական թիմի մարզիչներն ու մասնագետները իրավունք ունեն`

ա) ստանալու աշխատավարձ, դրամական պարգև, պատվովճար, պարգևատրում, թոշակ, խրախուսման այլ ձևեր` օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մարզիկների ցուցաբերած մարզական բարձր արդյունքների համար.

բ) ներկայացվելու պետական պարգևների` օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, շախմատի օլիմպիադաներում մարզիկների և նրանց մարզիչների ցուցաբերած բարձր նվաճումների համար, «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ», «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող», «Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ» կոչումների շնորհման:

Հավաքական թիմի մարզիչների ու մասնագետների` սույն հոդվածով նախատեսված իրավունքների իրականացման համապատասխան կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հավաքական թիմի մարզիչներն ու մասնագետները պարտավոր են`

ա) ապահովել ուսումնամարզական գործընթացի ժամանակակից մեթոդական և կազմակերպչական մակարդակը, օպերատիվ ու հեռանկարային պլանավորումը` միջազգային միջոցառումներին նախապատրաստման և մասնակցության անցած փուլերի վերլուծության հիման վրա.

բ) հավաքական թիմում ստեղծել ընկերական ու գործնական մրցակցության մթնոլորտ, ապահովել հարգալից վերաբերմունքի դրսևորում հավաքական թիմի սպասարկող անձնակազմի, մրցավարների և երկրպագուների նկատմամբ.

գ) հասնել հայկական սպորտի հեղինակության ամրապնդմանը միջազգային մրցասպարեզում.

դ) արժանապատվորեն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում և միջազգային այլ միջոցառումներում:

(18.7-րդ հոդ. լրաց. 10.09.19 ՀՕ-160-Ն օրենք)

 

Հոդված 18.8.  Հավաքական թիմի ղեկավարումը

 

Հավաքական թիմի ղեկավարումը միանձնյա ղեկավարության իրավունքով իրականացնում է գլխավոր (ավագ) մարզիչը` հավաքական թիմի մյուս մարզիչների հետ, որոնք պատասխանատու են թիմի անդամների` մրցաշարերին նախապատրաստման մակարդակի և մրցելույթների արդյունքների, համալիր նպատակային ծրագրերի իրագործման, ուսումնամարզական հավաքների անցկացման, դաստիարակչական աշխատանքների և թիմում տիրող հոգեբանական մթնոլորտի համար:

Գլխավոր մարզիչը ղեկավարում է հավաքական թիմի խորհուրդը:

Ըստ մարզաձևի խմբերի և առանձին ենթամարզաձևերի (ճյուղերի) մարզիչները մարզիկների անձնական մարզիչների հետ համատեղ մարզիկների` մրցաշարերին նախապատրաստման համալիր նպատակային ծրագրերի հիման վրա մշակում և իրականացնում են մարզիկների անհատական նախապատրաստման պլանները (ծրագրերը), անմիջականորեն մասնակցում են մարզումային գործընթացին:

(18.8-րդ հոդ. լրաց. 10.09.19 ՀՕ-160-Ն օրենք)

 

Հոդված 18.9.  Հավաքական թիմերի մասնագետները

 

Հավաքական թիմի բժիշկները հետևում են մարզիկների առողջությանը, անհրաժեշտության դեպքում իրականացնում են նրանց բուժումն ու վերականգնումը, ինչպես նաև հսկողության տակ են առնում մարզիկների հաշվեկշռված սնունդն ու այն վայրերի սանիտարահիգիենիկ պայմանները, որտեղ ընթանում է ուսումնամարզական գործընթացը:

Հավաքական թիմի մերսողները ենթարկվում են թիմի բժշկին, ապահովում են մարզիկների վերականգնումը, անցկացնում են ֆիզիոթերապևտիկ մեթոդներով պրոցեդուրաներ: Հավաքական թիմերին սպասարկող գիտական խմբերի մասնագետները աշխատում են հավաքական թիմի գլխավոր (ավագ) մարզչի ղեկավարությամբ, իրականացնում են նրանց նախապատրաստվածության ֆունկցիոնալ վիճակի ու տեխնիկական մակարդակի ընթացիկ և համալիր վերահսկողություն, մարզչական կազմի հետ համատեղ մշակում են մարզիկների` մրցաշարերին նախապատրաստման համալիր նպատակային ծրագրերը:

Հավաքական թիմերի մյուս մասնագետները (մեխանիկները, ձիապանները և այլն) իրենց աշխատանքը կատարում են համապատասխան ազգային ֆեդերացիաների հաստատած պաշտոնական հրահանգների համաձայն:

(18.9-րդ հոդ. լրաց. 10.09.19 ՀՕ-160-Ն օրենք)

 

Հոդված 18.10.  Հավաքական թիմի նյութատեխնիկական և ֆինանսական ապահովվածությունը

 

Հավաքական թիմերի նախապատրաստումը և օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, միջազգային այլ մրցաշարերին մասնակցությունը (այդ թվում` նրանց նյութատեխնիկական ապահովվածությունը) իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` պետական բյուջեի միջոցների, ինչպես նաև ՀԱՕԿ-ի, համապատասխան մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

(18.10-րդ հոդ. լրաց. 10.09.19 ՀՕ-160-Ն օրենք)

 

Հոդված 19. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
19 հուլիսի 2001 թ.
ՀՕ-196

 

 

pin
ՀՀ 26.06.2001
N ՀՕ-196 օրենք