Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱ ...

 

14.08.2020 -

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

16 մարտի 2020 թվականի N 298-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ` վարակ) տարածման դեպքերը և այդ վարակն Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքը,

հիմք ընդունելով, որ Հայաստանի Հանրապետությունում, առավելապես` Հայաստանի Հանրապետության Վաղարշապատ քաղաքում վարակի տարածման հետևանքով համաճարակային իրադրությունը, որպես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակ, սպառնում է բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման,

ելնելով նման արտակարգ իրավիճակում մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, ինչպես նաև համաճարակի կանխարգելման, համաճարակային իրադրության պայմաններում բնակչության պաշտպանության, բնակչության առողջության պահպանման և առողջական վիճակի բարելավման նպատակով սանիտարականխարգելիչ, կարանտինային հատուկ միջոցառումների, վարակի տարածումը կանխելու և վերացնելու հատուկ պայմաններ և ռեժիմ սահմանելու, ինչպես նաև բնակչության պաշտպանության կանխարգելիչ այլ աշխատանքների և միջոցառումների ժամանակին, պատշաճ, օպերատիվ, արդյունավետ կազմակերպման և իրականացման անհրաժեշտությունից,

հաշվի առնելով, որ վարակի տարածմանն էականորեն նպաստում կամ կարող են նպաստել, իսկ կանխարգելմանը` խոչընդոտել այլ, այդ թվում` վարակված բնակչության բարձր ցուցանիշներ ունեցող երկրներից պոտենցիալ վարակակիր անձանց` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու, Հայաստանի Հանրապետության տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու, հանրային միջոցառումներին մասնակցելու, համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ, իսկ ախտանիշների առկայության դեպքում` բժշկական զննություն չանցնելու հանգամանքները,

i

հիմք ընդունելով այն, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 120-րդ հոդվածը Հայաստանի Հանրապետության կառավարությանը լիազորում է երկրում արտակարգ դրություն հայտարարել սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում և այն, որ վարակի տարածումը զանգվածաբար սպառնում է մարդկանց կյանքին ու առողջությանը, և նման արտակարգ իրավիճակը կարող է անմիջական սպառնալիք հանդիսանալ սահմանադրական կարգի համար` վտանգելով սահմանադրական կարգի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված սոցիալական պետության բաղադրիչը և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված` մարդու, որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար,

i

նկատի ունենալով այն, որ վարակի տարածման սահմանների և դրանով վարակված անձանց թվի ավելացման պայմաններում համապատասխան կանխարգելիչ աշխատանքների և միջոցառումների իրականացումը և դրանց արդյունքում անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը հնարավոր չի լինի ապահովել առանց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման, մասնավորապես, անձնական ազատության (հոդված 27), ազատ տեղաշարժվելու իրավունքի (հոդված 40), հավաքների ազատության (հոդված 44), սեփականության իրավունքի (հոդված 60) և արտակարգ դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանափակման ենթակա այլ իրավունքները և ազատությունները` իրավիճակի պահանջով և օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցնելու կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկելու,

i

և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածով, 120-րդ հոդվածի 1-ին մասով և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին, 3-րդ, 4-րդ և 8-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով հայտարարել արտակարգ դրություն:

(1-ին կետը փոփ. 13.04.20 թիվ 543-Ն, 14.05.20 թիվ 729-Ն, 12.06.20 թիվ 933-Ն, 12.08.20 թիվ 1319-Ն որոշումներ)

2. Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծել պարետատուն (այսուհետ` պարետատուն): Պարետատան ղեկավարման համար պարետ նշանակել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին (այսուհետ` պարետ):

3. Պարետատան կազմում ի պաշտոնե ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը և Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը:

(3-րդ կետը փոփ. 14.05.20 թիվ 729-Ն, 12.06.20 թիվ 933-Ն որոշումներ)

4. Պարետատան աշխատանքների սպասարկումն ապահովում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը:

5. Պարետի հրավերով պարետատան աշխատանքներին կարող են մասնակցել պետական մարմինների, կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները, նախարարությանը ենթակա մարմինների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության մարզպետները, համայնքների ղեկավարները:

i

6. Պարետը համակարգում և ղեկավարում է պարետատան աշխատանքները, արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերը և միջոցները, ինչպես նաև արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման և սահմանափակումների կիրառման համար պատասխանատու մարմինների աշխատանքը:

(6-րդ կետը փոփ. 24.03.20 թիվ 345-Ն, 07.04.20 թիվ 494-Ն, 14.05.20 թիվ 729-Ն որոշումներ)

7. Սահմանել արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները` համաձայն հավելվածի:

8. Սահմանել, որ արտակարգ դրության շրջանակներում կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, հաշվի առնելով համաչափության սկզբունքը, կիրառվում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ պարետի կողմից որոշված տարածքների սահմաններում: Արտակարգ դրության շրջանակներում կիրառվող միջոցառումների իրականացման և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու համար պարետի կողմից կարող են ներգրավվել արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող` ոստիկանության, ազգային անվտանգության, պաշտպանության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի ներկայացուցիչները:

(8-րդ կետը փոփ. 24.03.20 թիվ 345-Ն, 07.04.20 թիվ 494-Ն, 14.05.20 թիվ 729-Ն, 12.06.20 թիվ 933-Ն որոշումներ)

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2020 թ. մարտի 16
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի մարտի 16-ի
N 298-Ն որոշման

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

I. ԱՆՁԱՆՑ ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ (ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՌԵԺԻՄ), ԶՆՆՈՒՄՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի բոլոր անցակետերում (այսուհետ` անցակետ) սահմանվում է անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), բեռների, այլ գույքի, կենդանիների տեղափոխման, անձանց ու տրանսպորտային միջոցների գտնվելու և տեղաշարժվելու հատուկ կարգ` սույն հավելվածի համաձայն:

i

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 12.08.2020 թվականից` 12.08.20 թիվ 1319-Ն որոշում)

2.1. Ցամաքային սահմանի անցակետով արգելվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն, բացառությամբ`

1) անցակետով մուտք գործող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքի անդամների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց.

2) դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների.

3) այն առանձնահատուկ դեպքերի, երբ պարետի որոշմամբ, հաշվի առնելով այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրավիճակը, թույլատրվում է անձանց մուտք գործելը:

(2.1-ին կետը լրաց. 12.08.20 թիվ 1319-Ն որոշում)

3. Ցամաքային սահմանի անցակետով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքն արգելվում է, բացառությամբ ապրանքների փոխադրումն իրականացնող անձանց: Պարետի որոշմամբ կարող են սահմանվել ՀՀ-ից ելքի առանձնահատկություններ:

(3-րդ կետը փոփ. 22.03.20 թիվ 324-Ն, 12.08.20 թիվ 1319-Ն որոշումներ)

4. Սույն գլխի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում այն անձանց նկատմամբ, որոնք արտակարգ դրություն հայտարարելու պահին ժամանում են Հայաստանի Հանրապետություն, նրանց Հայաստանի Հանրապետության տարածք մինչև 2020 թվականի մարտի 17-ը մուտք գործելու պայմանով:

5. Անցակետով անձանց` Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է բժշկական զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով: Համապատասխան զննություն անցնելուց հետո Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձանց նկատմամբ ենթակա են կիրառման սույն գլխի 5.1-ին կետով սահմանված միջոցառումները, եթե ախտանիշների առկայությամբ պայմանավորված վերջիններիս նկատմամբ չեն կիրառվում հոսպիտալացում կամ այլ սահմանափակող միջոցառումներ:

(5-րդ կետը փոփ. 22.03.20 թիվ 324-Ն, 03.04.20 թիվ 461-Ն, 14.05.20 թիվ 729-Ն, 12.08.20 թիվ 1319-Ն որոշումներ)

5.1. Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս անձն ինքնամեկուսանում է 14-օրյա ժամկետով, որի ընթացքում նա կարող է անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտություն (այսուհետ` ՊՇՌ հետազոտություն): ՊՇՌ հետազոտության բացասական պատասխանի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից: Սույն կետով սահմանված իրավունքից կարող են օգտվել և ՊՇՌ հետազոտության բացասական պատասխանի դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից նաև 2020 թվականի օգոստոսի 12-ին նախորդող 14 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործած և այդ հիմքով ինքնամեկուսացման մեջ գտնվող անձինք:

(5.1-ին կետը լրաց. 12.08.20 թիվ 1319-Ն, փոփ. 13.08.20 թիվ 1322-Ն որոշումներ)

5.2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց` սույն գլխի 5.1-ին կետով սահմանված միջոցառումների կիրառումից հրաժարվելու դեպքում նրանց` Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելը չի թույլատրվում: Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև նրանց` Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների կողմից սույն գլխի 5.1-ին կետով սահմանված միջոցառումների կիրառումից հրաժարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո նրանց նկատմամբ կիրառվում է մեկուսացում կամ այլ սահմանափակող միջոցառումներ: Անցակետով անձանց մուտք գործելուց հետո սույն գլխի 5-րդ կետին համապատասխան բժշկական զննություն անցնելուց, հոսպիտալացումից կամ այլ սահմանափակող միջոցառումների կիրառումից հրաժարվելու դեպքում կիրառվում է հարկադիր հոսպիտալացում կամ մեկուսացում` հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով:

(5.2-րդ կետը լրաց. 12.08.20 թիվ 1319-Ն որոշում)

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկ սահմանված լինելու դեպքում` այդ երկրներից ժամանող անձանց նկատմամբ կիրառվում է մեկուսացում կամ նրանց հրահանգվում է անցնել ինքնամեկուսացման:

(6-րդ կետը փոփ. 03.04.20 թիվ 461-Ն, 14.05.20 թիվ 729-Ն, 12.06.20 թիվ 933-Ն, 12.08.20 թիվ 1319-Ն որոշումներ)

i

7. Պարետի որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքի (համայնքների) վարչական սահմաններում կարող են կիրառվել հետևյալ սահմանափակումները`

1) համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման դեպքերի, ինչպես նաև արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և այլ հրատապ հարցեր լուծելու անհրաժեշտությունից ելնելով կատարվող մուտքերի և ելքերի.

2) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում կամ ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ գտնվելու վայրում կամ իրենց նախընտրությամբ` մեկ այլ վայրում, ազատ տեղաշարժի նորմավորում, և նրանց նկատմամբ անհրաժեշտ հսկողության իրականացում.

3) սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում անձանց մշտական բնակության կամ գտնվելու վայրում.

4) անձանց մոտ վարակի առկայության կասկածի կամ դրա հայտնաբերման դեպքում անձանց մեկուսացում կամ հոսպիտալացում, այդ թվում` հարկադիր հոսպիտալացում.

5) տրանսպորտային միջոցների զննում, դրանց մուտքի և ելքի արգելք:

(7-րդ կետը փոփ․ 03.04.20 թիվ 461-Ն, 14.05.20 թիվ 729-Ն որոշումներ)

7.1. Սույն որոշման իմաստով ինքնամեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումն իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում` այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով: Բացառությամբ սույն հավելվածի 8-րդ գլխով նախատեսված դեպքերի, ինքնամեկուսացման հրահանգը տրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի անունից` համապատասխան մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի բանավոր կարգադրությամբ, իսկ հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով ենթակա է գրավոր ձևակերպման ոչ ուշ, քան պահանջն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

(7.1-ին կետը լրաց․ 03.04.20 թիվ 461-Ն, փոփ. 13.07.20 թիվ 1161-Ն որոշումներ)

7.2. Սույն որոշման իմաստով մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում`այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:

(7.2-րդ կետը լրաց. 14.05.20 թիվ 729-Ն որոշում)

7.3. Սույն հավելվածով սահմանված դեպքերում անձի մեկուսացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի անունից` համապատասխան մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի գրավոր կարգադրությամբ, իսկ տվյալ պահին այն գրավոր ձևակերպելու անհնարինության դեպքում` բանավոր կարգադրությամբ, որը հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով ենթակա է հետագա գրավոր ձևակերպման ոչ ուշ, քան պահանջն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Մեկուսացման ենթակա յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է մեկուսացման պատճառների, մեկուսացման վայրի, բժշկական խորհրդատվության մատչելիության իրավունքի և իր պարտականությունների մասին: Մեկուսացման ենթարկված անձի պահանջով մեկուսացում կիրառող մարմինը պարտավոր է անձի մեկուսացման մասին անհապաղ տեղեկացնել նրա ընտրած անձին:

(7.3-րդ կետը լրաց. 14.05.20 թիվ 729-Ն որոշում)

7.4. Մեկուսացման նպատակով անձը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցչի հսկողությամբ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված մեկուսացման վայր: Մեկուսացման վայրում անձի համար ապահովվում են կեցության, այդ թվում` սննդի, բժշկական խորհրդատվություն ստանալու հնարավորությունը: Մեկուսացման վայրում մեկուսացման պայմանների նկատմամբ հսկողոթյունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի կողմից, իսկ բժշկական խորհրդատվություն տրամադրում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձինք` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ընդհանուր վերահսկողությամբ:

(7.4-րդ կետը լրաց. 14.05.20 թիվ 729-Ն որոշում)

7.5. Սույն հավելվածի 7.2-7.4.-րդ կետերը կիրառվում են նաև անձանց հարկադիր հոսպիտալացման դեպքերի նկատմամբ:

(7.5-րդ կետը լրաց. 14.05.20 թիվ 729-Ն որոշում)

7.6. Անձի նկատմամբ մեկուսացումը, որպես կանոն, կիրառվում է 14 օրացուցային օրով: Այն դեպքում, երբ անձը դեռևս վարակված չէ, սակայն առկա են հիմնավոր կասկածներ, որ վերջինիս մոտ կարող է հաստատվել վարակի առկայությունը, մեկուսացումը կարող է երկարաձգվել ևս 14 օրացուցային օրով, իսկ այն դեպքում, երբ մեկուսացման ընթացքում անձի մոտ հաստատվել է վարակի առկայությունը, մեկուսացումը կարող է երկարաձգվել մինչև անձի բուժումը կամ վարակի բացակայության փաստի հաստատումը: Մեկուսացումը երկարաձգելու դեպքում անձն անցնում է ամենօրյա բժշկական զննություն և ենթակա է մեկուսացումից անհապաղ ազատման, եթե վերացել են մեկուսացումը երկարաձգելու հիմքերը:

(7.6-րդ կետը լրաց. 14.05.20 թիվ 729-Ն որոշում)

7.7. Սույն հավելվածով սահմանված դեպքերում անձնական ազատության իրավունքը սահմանափակող ակտերը կարող են վիճարկվել վարչական կամ դատական կարգով` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքին և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքին համապատասխան:

(7.7-րդ կետը լրաց. 14.05.20 թիվ 729-Ն որոշում)

7.8. Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին և պացիենտների հետ շփված անձանց (հնարավոր կոնտակտավորներին) ըստ բժշկական ցուցումների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններ այցելությունները` անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ կազմակերպելու նպատակով, չեն հանդիսանում ինքնամեկուսացման կարգի խախտում:

(7.8-րդ կետը լրաց. 13.07.20 թիվ 1161-Ն որոշում)

8. Համապատասխան համայնքի վարչական սահման մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմից բխող միջոցառումների իրականացումն ապահովում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները (այսուհետ` ոստիկանություն), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչները, իսկ պարետի ցուցումով` նաև պետական կառավարման համակարգի այլ մարմիններ:

8.1. Սույն հավելվածով սահմանված` ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները կարող են կիրառվել նաև որպես պայմանով սահմանափակումներ` պարետի կողմից սահմանված կարգով և պայմաններով, ընդ որում, պարետի կողմից սահմանված համապատասխան կարգի և պայմանների խախտումը համարվում է համապատասխանաբար ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումների խախտում:

(8.1-ին կետը լրաց. 14.05.20 թիվ 729-Ն որոշում)

9. Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար կարող են տեղադրվել հատուկ անցակետեր և զննման կետեր: Անցակետերում և զննման կետերում բժշկական հսկողությունն ու զննությունը կարող են իրականացվել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց (բուժանձնակազմի), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և պետական կառավարման համակարգի այլ մարմինների ներկայացուցիչների կողմից: Անցակետերում և զննման կետերում անվտանգության և ռեժիմի պահպանությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

9.1. Ինքնամեկուսացում կիրառելու նպատակով` անձանց հայտնաբերումը և ինքնամեկուսացման կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման նկատմամբ հսկողությունը կարող է իրականացվել նաև էլեկտրոնային եղանակով` սույն հավելվածի 8-րդ գլխին համապատասխան:

(9.1-ին կետը լրաց․ 03.04.20 թիվ 461-Ն որոշում)

 

II. ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

(II գլուխը խմբ. 13.04.20 թիվ 543-Ն որոշում)

 

10. Ֆիզիկական և իրավաբանական անձանց անշարժ և շարժական գույքը կամ դրա մասը (այսուհետ սույն գլխում` գույք) կարող են օգտագործվել արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով:

10.1. Գույքի օգտագործման մասին որոշմամբ սահմանվում են`

1) գույքի օգտագործման կարգը և այն միջոցառումները, որոնց շրջանակներում օգտագործվելու է գույքը.

2) գույքի օգտագործման ժամանակահատվածը` արտակարգ դրության ժամկետը չգերազանցող ժամկետով:

10.2. Գույքի օգտագործումը ենթակա է դադարեցման` արտակարգ դրության իրավական ռեժիմի վերացման հիմքով:

i

10.3. Գույքն օգտագործման հանձնելու և դրա դիմաց փոխհատուցում տրամադրելու կարգի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 18-ի N 760-Ն որոշմամբ սահմանված դրույթները: Գույքը կամավոր կերպով օգտագործման հանձնվելու դեպքում դրա դիմաց փոխհատուցումը կարող է տրամադրվել գույքի օգտագործման մասին որոշմամբ սահմանված կարգով, որի դեպքում չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 18-ի N 760-Ն որոշմամբ սահմանված` փոխհատուցման կարգի վերաբերյալ դրույթները:

10.4․ Սույն գլխով սահմանված սահմանափակումների, այդ թվում` գույքի օգտագործման մասին որոշում կայացնելու, գույքն օգտագործելու, ինչպես նաև գույքի պահպանության իրականացման և դրա օգտագործման դիմաց փոխհատուցում տրամադրելու համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

 

III. ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

11. Քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալվածներին պահելու վայրերում`

1) թույլատրվում է շաբաթական մեկ անգամ մեկ հանձնուքի, ծանրոցի կամ փաթեթի ստանալը կամ ուղարկելը, ընդ որում, անձին հանձնուք, ծանրոց կամ փաթեթ ուղարկելու կամ նրանից հանձնուք, ծանրոց կամ փաթեթ ստանալու նպատակով քրեակատարողական հիմնարկի կամ ձերբակալվածներին պահելու վայրի տարածք կարող է մուտք գործել միայն մեկ անձ.

2) արգելվում է տեսակցություններ ունենալը` բացառությամբ ամսվա ընթացքում մեկ անգամ` մինչև երեք ժամ տևողությամբ կարճատև տեսակցությունից կամ տեսազանգից օգտվելու դեպքերի:

(11-րդ կետը փոփ. 14.05.20 թիվ 729-Ն, 23.07.20 թիվ 1225-Ն որոշումներ)

12. Քրեակատարողական հիմնարկներում քրեակատարողական հիմնարկի առաջարկությամբ և պարետի որոշմամբ համապատասխանաբար կարող են սահմանափակվել կամ արգելվել`

1) զբոսանքները.

2) քրեակատարողական հիմնարկի տարածքի սահմաններում և դրանից դուրս գտնվելը (այդ թվում` կարճաժամկետ մեկնելը), տարածքի սահմաններում տեղաշարժվելը.

3) պարետի որոշմամբ` այլ գործունեություն:

(12-րդ կետը փոփ. 14.05.20 թիվ 729-Ն որոշում)

13. Տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում արգելվում է`

1) հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.

2) տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի):

14. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են`

1) հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.

2) տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի).

3) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը.

4) պարետի որոշմամբ` այլ գործունեություն:

(14-րդ կետը փոփ. 14.05.20 թիվ 729-Ն որոշում)

15. Սույն գլխի 11-13-րդ կետերով սահմանված սահմանափակումները չեն տարածվում օրենսդրությամբ սահմանված իրենց լիազորությունների և գործառույթների իրականացման կապակցությամբ իրավասու անձանց և մարմինների, ներառյալ, բայց չսահմանափակվելով` Մարդու իրավունքների պաշտպանի և նրա իրավասու ներկայացուցչի, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորների, դիտորդական խմբերի, փաստաբանների կողմից համապատասխան վայրեր կատարվող այցելությունների նկատմամբ:

i

15.1. Արտակարգ դրության ընթացքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար սահմանափակվում է`

1) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի հիմքով կայացված վարչական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից կայացված վարչական ակտերի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումով 2020 թվականի ապրիլի 14-ից հետո հարուցված կատարողական վարույթներով պարտապանի գույքի վրա արգելանք դնելու լիազորությունը: Սույն ենթակետով սահմանված հիմքերով չկիրառված արգելանքները ենթակա են կիրառման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` արտակարգ դրությունը դադարելուց հետո.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում 2020 թվականի մարտի 16-ից հետո ֆիզիկական և իրավաբանական անձանց որպես աջակցություն տրամադրված դրամական միջոցների վրա արգելանք դնելու և բռնագանձում կատարելու լիազորությունը.

3) ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից իր հետ աշխատանքային կամ այլ պայմանագրային հարաբերություններում չգտնվող ֆիզիկական անձին որպես աջակցություն տրամադրված դրամական միջոցների վրա արգելանք դնելու կամ բռնագանձում տարածելու լիազորությունը: Սույն ենթակետի իմաստով աջակցություն են համարվում այն դրամական միջոցները, որոնք տրամադրվել են 2020 թվականի մարտի 16-ից հետո` անհատույց կերպով` կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առաջացումը կանխարգելելու կամ կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու (հաղթահարելու) համար: Սույն ենթակետում նշված դրամական միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը տրամադրում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` հիմք ընդունելով աջակցության շահառուների շրջանակի որոշման գործընթացում ներգրավված պետական մարմնից կամ աջակցություն տրամադրող անձից ստացված տեղեկատվությունը` աջակցության նպատակի, շահառուների շրջանակի, աջակցություն տրամադրողի, ինչպես նաև այն հաշվեհամարի վերաբերյալ, որից փոխանցվել (փոխանցվելու) են դրամական միջոցները:

(15.1-ին կետը լրաց. 13.04.20 թիվ 543-Ն, փոփ. 23.04.20 թիվ 595-Ն, 12.06.20 թիվ 933-Ն  (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

 

IV. ՀԱՎԱՔՆԵՐ, ԳՈՐԾԱԴՈՒԼՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

(IV գլխի վերնագիրը խմբ. 12.08.20 թիվ 1319-Ն որոշում)

 

16. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների ընթացքում դրանց մասնակիցները պարտավոր են կրել դիմակներ` պարետի կողմից սահմանված կանոններով, և պահպանել միմյանց միջև առնվազն 1.5 մետր հեռավորություն:

(16-րդ կետը խմբ. 12.08.20 թիվ 1319-Ն որոշում)

i

17. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում թույլատրվում է ընտանեկան արարողությունների և ժամանցային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը` պարետի կողմից սահմանված կարգով, պայմաններով և կանոնների պահպանմամբ, սակայն ոչ ավելի, քան 40 հոգու մասնակցությամբ: Սույն կետի իմաստով`

1) ժամանցային միջոցառումներ են համարվում համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները, սպորտային, մշակութային կամ կրթադաստիարակչական այլ միջոցառումները և ժամանցային բնույթի այլ միջոցառումները, եթե դրանց կազմակերպումը և անցկացումը չի համարվում տնտեսական գործունեություն.

2) ընտանեկան արարողություններ են համարվում տոնական և հիշատակի արարողությունները` ներառյալ ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները:

(17-րդ կետը փոփ. 14.05.20 թիվ 729-Ն, 12.06.20 թիվ 933-Ն, խմբ. 12.08.20 թիվ 1319-Ն որոշումներ)

17.1. Սույն գլխով սահմանված սահմանափակումները կարող են կիրառվել նաև որպես պայմանով սահմանափակումներ` պարետի կողմից սահմանված կարգով և պայմաններով:

(17.1-ին կետը լրաց. 14.05.20 թիվ 729-Ն որոշում)

17.2. (17.2-րդ կետն ուժը կորցրել է 12.08.2020 թվականից` 12.08.20 թիվ 1319-Ն որոշում)

17.3. Հավաքներ և գործադուլներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու համար սահմանված կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, իսկ ընտանեկան արարողություններ և ժամանցային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու համար սահմանված կանոնների պահպանման նկատմամբ` Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և պարետի որոշմամբ սահմանված տեսչական մարմինները:

(17.3-րդ կետը լրաց. 12.08.20 թիվ 1319-Ն որոշում)

 

V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

(V գլուխն ուժը կորցրել է 12.08.2020 թվականից` 12.08.20 թիվ 1319-Ն որոշում)

 

VI. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

(VI գլխի վերնագիրը փոփ. 12.08.20 թիվ 1319-Ն որոշում)

 

i

20. Պարետի որոշմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով կամ առանձին համայնքներում կարող է արգելվել տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացումը: Պարետի որոշմամբ կարող է ժամանակավորապես արգելվել նաև տնտեսական գործունեություն իրականացնող առանձին իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի գործունեությունը, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում ֆիզիկական անձանց կողմից իրականացվող վաճառքն այն վայրում (հասցեում), որտեղ պահպանված չեն պարետի որոշումներով սահմանված կանոնները, ինչպես նաև նրանց աշխատակիցների մոտ վարակի առկայության կասկածի կամ դրա հայտնաբերման դեպքում:

(20-րդ կետը փոփ. 22.03.20 թիվ 324-Ն, 26.03.20 թիվ 353-Ն, 14.05.20 թիվ 729-Ն, 12.06.20 թիվ 933-Ն որոշումներ)

21. (21-րդ կետն ուժը կորցրել է 25.07.2020 թվականից` 23.07.20 թիվ 1225-Ն որոշում)

i

22. Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերպությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումները:

22.1. Սույն գլխով սահմանված սահմանափակումները կարող են կիրառվել նաև որպես պայմանով սահմանափակումներ` պարետի կողմից սահմանված կարգով և պայմաններով, ընդ որում, պարետի կողմից սահմանված համապատասխան կարգի և պայմանների խախտումը համարվում է ֆինանսատնտեսական գործունեության իրականացման սահմանափակումների խախտում:

(22.1-ին կետը լրաց. 14.05.20 թիվ 729-Ն որոշում)

 

i

VII. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ, ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՔՆԵՐԸ

(VII գլուխն ուժը կորցրել է 13.04.2020 թվականից` 13.04.20 թիվ 543-Ն որոշում)

 

VIII. ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ` ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ ԵՎ ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԿԱՄ ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ

(VIII գլուխը լրաց․ 03.04.20 թիվ 461-Ն որոշում)

 

i

27. Սույն գլխի շրջանակներում, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետին և 9.1-ին հոդվածին համապատասխան, կիրառվում են նաև անձանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքի սահմանափակումներ:

28. Հայաստանի Հանրապետությունում գործող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները (այսուհետ` օպերատոր) յուրաքանչյուրն իր հաճախորդների մասով «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության տվյալների կենտրոն (այսուհետ` տվյալների կենտրոն) են փոխանցում հետևյալ տվյալները`

1) ինքնաշխատ համակարգի միջոցով, ըստ պահանջի, ստուգված (թեսթավորված), վարակակիր, հիվանդության ախտանիշներ ունեցող, հիվանդացած, բուժվող և նրանց հետ շփում ունեցած (կոնտակտավոր), ինչպես նաև ինքնամեկուսացված կամ մեկուսացված անձի (հաճախորդի) կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ (հաճախորդի տեղորոշում), այդ թվում` իրական ժամանակի ռեժիմում.

2) ինքնաշխատ համակարգի միջոցով, ըստ պահանջի, սույն մասի 1-ին կետում նշված հաճախորդի հեռախոսահամարի հետ ոչ ավելի, քան տասնչորս օրվա կտրվածքով կապ ունեցած հեռախոսահամարներ և հաճախորդների տվյալներ, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում` այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը:

(28-րդ կետը փոփ. 12.08.20 թիվ 1319-Ն որոշում)

29. Օպերատորների կողմից տվյալները փոխանցվում են բացառապես փակ պաշտպանված կապուղու (VPN) միջոցով: Այլ եղանակով տվյալների փոխանցումն արգելվում է:

30. Առողջապահության ոլորտի պետական կառավարման համակարգի մարմինները, կազմակերպությունները և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները (այսուհետ` առողջապահական կազմակերպություններ) տվյալների կենտրոն են փոխանցում իրենց հայտնի` ստուգված (թեսթավորված), վարակակիր, հիվանդության ախտանիշներ ունեցող, հիվանդացած, բուժվող և նրանց հետ շփում ունեցած (կոնտակտավոր), ինչպես նաև ինքնամեկուսացված անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները` անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի, հաշվառման վայրի հասցե, բնակության վայրի հասցե, ինքնամեկուսացման վայրի հասցե, ինքնամեկուսացում սկսելու ամսաթիվ, բուժում անցնելու վայրի հասցե, հեռախոսահամարներ, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, հանրային ծառայության համարանիշ:

31. Առողջապահական կազմակերպությունների կողմից տվյալները փոխանցվում են Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգի (այսուհետ` ԱՐՄԵԴ համակարգ) միջոցով:

32. Տվյալները տվյալների կենտրոնից ստացվում են առանց մարդու միջամտության և մշակվում են ինքնաշխատ եղանակով` հատուկ համակարգչային ծրագրի միջոցով (այսուհետ` հատուկ համակարգչային ծրագիր), որի անվտանգությունը վերահսկվում և սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից` առանց տվյալները մշակելու իրավունքի: Տվյալներին չեն կարող հասանելիություն ունենալ և դրանք չեն կարող մշակել սույն գլխում չնշված մարմինները և անձինք:

33. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավասու աշխատակիցները, ինչպես նաև զինծառայողների մասով` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու աշխատակիցները, տվյալների կենտրոնից հատուկ համակարգչային ծրագրի միջոցով ստանում են`

1) ինքնամեկուսացված և ինքնամեկուսացման ենթակա անձանց վերաբերյալ սույն գլխի 30-րդ կետով սահմանված տվյալները` նրանց հետ կապ հաստատելու, ստուգված (թեսթավորված), վարակակիր, հիվանդության ախտանիշներ ունեցող, հիվանդացած, բուժվող և նրանց հետ շփում ունեցած (հնարավոր կոնտակտավոր) անձանց հետ հնարավոր շփումները պարզելու, ինքնամեկուսացման համար հրահանգավորում, ինչպես նաև ինքնամեկուսացման ռեժիմի իրականացումն ապահովելու նկատմամբ հսկողություն իրականացնելու` ներառյալ ինքնամեկուսացման վայրի և պայմանների, անձի առողջական վիճակի, ինքնամեկուսացման վայրում գտնվող այլ անձանց վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով.

2) ստուգված (թեսթավորված), վարակակիր, հիվանդության ախտանիշներ ունեցող, հիվանդացած, բուժվող, նրանց հետ շփում ունեցած (հնարավոր կոնտակտավոր) անձանց և վերջիններիս հետ որոշակի հաճախականությամբ կոնտակտավորված անձանց կատարած հեռախոսազանգերի և տեղորոշման տվյալների հիման վրա հատուկ ալգորիթմով ինքնաշխատ մշակման ձևով գեներացված տվյալներ` ներառյալ անձի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, տեղորոշման համընկնման արդյունքում ենթադրյալ շփման ժամանակահատվածը, որոնք անհրաժեշտ են բացառապես ստուգման (թեսթավորման) դրական արդյունք ունեցող անձանց (վարակակիրների) հետ հնարավոր շփում ունեցած անձանց (այսուհետ` հնարավոր կոնտակտավոր) շրջանակը պարզելու նպատակով:

34. Սույն գլխի 33-րդ կետով սահմանված կարգով հնարավոր կոնտակտավորների վերաբերյալ տվյալները ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավասու աշխատակիցները, կապ հաստատելով հնարավոր կոնտակտավորների հետ, իրականացնում են հրահանգավորում` պարզելով հնարավոր կոնտակտավորի` կոնտակտավոր հանդիսանալու հանգամանքը և ներկայացնելով ինքնամեկուսացման վերաբերյալ պահանջ` սույն գլխի 36-րդ կետին համապատասխան: Հրահանգավորման ողջ ընթացքը ձայնագրվում է, որի մասին անձը նախազգուշացվում է:

i

35. Եթե հնարավոր կոնտակտավորի հետ կապ հաստատելու արդյունքում պարզվում է, որ վերջինս Վիեննայի «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961 թվականի և «Հյուպատոսական հարաբերությունների մասին» 1963 թվականի կոնվենցիաների համաձայն օժտված է անձեռնմխելիությամբ, ապա նա տեղեկացվում է, որ իր տվյալները (անուն ազգանուն, հեռախոսի համար, ուղարկող պետություն կամ միջազգային կազմակերպություն) փոխանցվելու են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը։

36. Հրահանգավորումն իրականացնելիս` համապատասխան նախարարության իրավասու աշխատակիցը`

1) հնարավոր կոնտակտավորին հայտնում է այն մասին, որ զանգը կատարվում է պարետատան կողմից և հրահանգավորումն իրականացվում է համապատասխան նախարարության անունից.

2) ճշգրտում է հնարավոր կոնտակտավորի անունը, ազգանունը, հայրանունը.

3) տեղեկացնում է վարակակիր կամ հիվանդացած անձի հետ հնարավոր կոնտակտավորի հավանական շփման մասին, պարզում և հավաստում է շփման փաստը, ժամանակահատվածը և այլ անհրաժեշտ տվյալներ այլ հնարավոր կոնտակտավորներին պարզելու համար.

4) հնարավոր կոնտակտավորի հետ հեռախոսազրույցի արդյունքում շփման փաստի հաստատման դեպքում`

ա. պարզաբանում է ներկայացնում հնարավոր կոնտակտավորի` կոնտակտավոր հանդիսանալու վերաբերյալ,

բ. կոնտակտավորին հրահանգում է ինքնամեկուսանալ 14 օրացուցային օրով` նշելով հրահանգի տրման տարին, ամիսը, ամսաթիվը, ինքնամեկուսացման կարգը,

գ. ճշտում է այն վայրի հասցեն, որտեղ կոնտակտավորը պատրաստվում է ինքնամեկուսանալ,

դ. ճշտում է այն հնարավոր սեղմ ժամանակահատվածը, որի ընթացքում կոնտակտավորը պետք է սկսի ինքնամեկուսացումը իր նշած հասցեում,

ե. ճշտում է ինքնամեկուսացվող անձի հեռախոսահամարը, հեռախոսի տեսակը, ինտերնետին հասանելիությունը,

զ. ճշտում է ինքնամեկուսացման ընթացքում անձին սննդով ապահովելու անհրաժեշտությունը,

է. պարզում է ինքնամեկուսացման հասցեում գտնվող այլ անձանց, ինչպես նաև այն անձանց տվյալները, որոնց հետ առկա է ինքնամեկուսացվածի շփման հնարավորությունը և հավանականությունը ինքնամեկուսացման ընթացքում,

ը. նախազգուշացնում է հրահանգը չկատարելու հետևանքների մասին:

37. Եթե հրահանգավորումը տեխնիկական խնդիրների կամ այլ պատճառով տեղի չի ունենում կամ ընդհատվում է կամ հրահանգավորման ընթացքում հնարավոր կոնտակտավորը հերքում է վարակակրի հետ իր հավանական շփման փաստը` հրաժարվելով ինքնամեկուսանալ, սակայն առկա են ողջամիտ կասկածներ այդ փաստի առկայության վերաբերյալ, ապա համապատասխան անձի վերաբերյալ տվյալները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն` այդ մասին նախազգուշացնելով անձին: Տեղեկությունները ստանալուց հետո անմիջապես Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, համադրելով հնարավոր կոնտակտավորի հետ հրահանգավորման ընթացքում պարզված տեղեկությունները և սույն գլխի 33-րդ կետով ստացված տվյալները, որոշում է կայացնում սույն գլխով սահմանված ինքնամեկուսացման հրահանգավորում իրականացնելու կամ սույն գլխի 46-րդ կետով նախատեսված միջոցները կիրառելու մասին` անհրաժեշտության դեպքում համագործակցելով նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ:

38. Արտերկրից ժամանած անձանց նկատմամբ ինքնամեկուսացման ռեժիմ կիրառելու դեպքում հրահանգավորումն իրականացվում է միայն սույն գլխի 36-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերի մասով:

39. Ինքնամեկուսացման հրահանգ տալու հետ միաժամանակ հատուկ համակարգչային ծրագրում ամրագրվում են սույն գլխի 36-րդ կետի 4-րդ ենթակետի «գ»-ից «է» պարբերություններում սահմանված տեղեկությունները, ինչպես նաև ինքնամեկուսացված անձանց վերաբերյալ տվյալները ԱՐՄԵԴ համակարգի միջոցով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` տվյալների ստուգման և հնարավոր վարակակիր անձանց թեսթավորման նպատակով:

40. Ինքնամեկուսացման հրահանգ տալու հետ միաժամանակ կոնտակտավորը տեղեկացվում է, որ ինքնամեկուսացման ռեժիմի իրականացումն ապահովելու նկատմամբ հսկողությունն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով` հեռախոսի օգտագործմամբ կիրառվող հատուկ ծրագրային ապահովման միջոցով և հրահանգավորվում է լինել հասանելի` հեռախոսազանգերին և հաղորդագրություններին պատասխանելու համար` նախազգուշացնելով հատուկ ծրագրային ապահովումը կիրառելուց հրաժարվելու հետևանքների մասին:

41. Հրահանգավորումից հետո անձի հեռախոսահամարին ուղարկվում է կարճ հաղորդագրություն, որը պարունակում է տեղեկատվություն ինքնամեկուսացման անհրաժեշտության և դրա ժամկետի մասին, ինչպես նաև այն հղումը, որով կիրառվելու է հատուկ ծրագրային ապահովումը` անձի ինքնամեկուսացման տեղորոշումը գրանցելու և ստուգելու, ախտանիշների վերաբերյալ տվյալներ մուտքագրելու և փոխանցելու, ինչպես նաև պարետատան կողմից սնունդով ապահովվելու դեպքում` սննդի ստացման փաստը հաստատելու մասին տեղեկություն տրամադրելու հնարավորությամբ: Հատուկ ծրագրային ապահովման միջոցով հավաքագրված տվյալները գրանցվում են տվյալների կենտրոնում։ Եթե հավաքագրված տվյալների համաձայն` անձի մոտ նկատվում են վարակի ախտանիշներ, ապա համապատասխան տեղեկատվությունը հատուկ համակարգչային ծրագրի միջոցով փոխանցվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավասու աշխատակիցներին` լրացուցիչ հրահանգավորում իրականացնելու նպատակով։ Անձի մոտ վարակի ախտանիշների առկայությունը հաստատվելու դեպքում նրա վերաբերյալ տվյալները ԱՐՄԵԴ համակարգի միջոցով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն:

42. Հատուկ ծրագրային ապահովումը հեռախոսի տեղակայման միջոցով ֆիքսում է ինքնամեկուսացածի տեղակայման վայրը, որի վերաբերյալ տվյալները իրական ժամանակի ռեժիմում արտացոլվում են հատուկ համակարգչային ծրագրում:

43. Ինքնամեկուսացվածին հատուկ ծրագրային ապահովման միջոցով ներկայացվում են նաև ինքնամեկուսացման ռեժիմի պահպանման վերաբերյալ հետևյալ պարտադիր կանոնները`

1) ինքնամեկուսացման վայրը չփոխելը.

2) ինքնամեկուսացման ողջ ժամանակահատվածում ինքնամեկուսացման վայրը չլքելը.

3) ինքնամեկուսացման վայրում համատեղ ապրող անձանց հետ հնարավորինս չշփվելը կամ նման շփումները սահմանափակելը, իրավասու մարմինների կողմից սահմանված հիգիենայի պահանջներին հետևելը.

4) բջջային հեռախոսը սարքին և լիցքավորված վիճակում պահելը.

5) սույն որոշմամբ և պարետի կողմից սահմանված այլ սափմանափակումները պահպանելը, իրավասու մարմինների կողմից տրված պարտադիր կատարման ենթակա այլ ցուցումները կատարելը:

44. Էլեկտրոնային եղանակով հսկողություն իրականացնելու դեպքում անձին ինքնամեկուսացման ժամանակահատվածի ընթացքում յուրաքանչյուր օրվա` պատահականության սկզբունքով որոշվող ժամերին ուղարկվում է կարճ հաղորդագրություն, որով պահանջվում է անցնել էլեկտրոնային հղումով` հատուկ ծրագրային ապահովումը կիրառելու համար: Հատուկ ծրագրային ապահովումը կիրառելու համար պահանջվում է ակտիվացնել հեռախոսի տեղակայման թույլտվությունը:

45. Եթե ինքնամեկուսացվածը սույն գլխի 44-րդ կետով սահմանված կարգով չի կարողանում կիրառել հատուկ ծրագրային ապահովումը` պայմանավորված տեխնիկական սահմանափակումներով (օգտագործվող հեռախոսի տեսակ, ինտերնետի բացակայություն), ապա Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակիցները սույն գլխի 41-րդ կետով սահմանված տվյալները հավաքագրում են հեռախոսազանգի միջոցով: Տեխնիկական սահմանափակումների առկայությունը ստուգելու նպատակով, ինչպես նաև այն դեպքում, երբ ինքնամեկուսացված անձը չի պատասխանում նաև սույն կետով նախատեսված հեռախոսազանգերին, համապատասխան անձանց տվյալները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ զինծառայողների վերաբերյալ տվյալները` նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, համադրելով հնարավոր կոնտակտավոր անձի հետ հրահանգավորման ընթացքում պարզված տեղեկությունները և սույն գլխի 33-րդ կետով ստացված տվյալները, որոշում է կայացնում սույն գլխով սահմանված ինքնամեկուսացման հրահանգավորում իրականացնելու, տվյալները ստուգելու կամ սույն գլխի 46-րդ կետով նախատեսված միջոցները կիրառելու մասին` անհրաժեշտության դեպքում համագործակցելով նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ: Պարետատան աշխատանքներում ներգրավված` Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական, մարզային և տարածքային ստորաբաժանումներին տեղեկատվությունը փոխանցում է էլեկտրոնային փոստի, հեռախոսազանգի, հաղորդագրության միջոցով:

46. Եթե որևէ այլ պատճառով հնարավոր չէ իրականացնել հսկողությունը ինչպես էլեկտրոնային, այնպես էլ սույն գլխի 45-րդ կետով սահմանված կարգով, ապա համապատասխանաբար`

1) ելնելով կոնկրետ իրավիճակից` անձի նկատմամբ կարող է կիրառվել տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում որոշակի տարածքի (վայրի) սահմաններում. կամ`

2) անձի նկատմամբ կարող են կիրառվել սույն որոշմամբ սահմանված հսկողության այլ ձևեր. կամ`

3) անձի` ինքնամեկուսացման վայրը լքելու փաստը կարող է բացահայտվել անձի հեռախոսի միջոցով` օպերատորների կողմից տրամադրված` սույն գլխի 28-րդ կետով սահմանված տվյալների հիման վրա:

47. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավասու աշխատակիցները ինքնամեկուսացված անձի առողջական վիճակի, հնարավոր առկա ախտանիշների, բացակա տվյալների համալրման, ինքնամեկուսացման կանոնները պահպանելու հրահանգավորում իրականացնելու, սննդի անհրաժեշտության և այլ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման նպատակով պարբերաբար զանգահարում են ինքնամեկուսացված անձանց, իսկ հավաքագրված տվյալները ավտոմատ եղանակով գրանցվում են տվյալների կենտրոնում։

48. Ինքնամեկուսացված անձանց անհրաժեշտ սննդի վերաբերյալ տեղեկատվությունն ավտոմատացված թվային համակարգի միջոցով փոխանցվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` էլեկտրոնային փոստի, հեռախոսազանգի կամ հաղորդագրության միջոցով` համապատասխան սննդի մատակարարումը կազմակերպելու նպատակով։

49. Սույն գլխի 43-րդ կետում նշված պարտադիր կանոնները խախտելու համապատասխան դեպքերում ինքնաշխատ եղանակով ծանուցում է ուղարկվում Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` սույն գլխի 46-րդ կետով նախատեսված միջոցները կիրառելու, ինչպես նաև համապատասխան կանոնների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու համար` անհրաժեշտության դեպքում համագործակցելով նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ:

i

50. Տվյալների կենտրոնում և հատուկ համակարգչային ծրագրում մշակված բոլոր տվյալները ոչնչացվում են «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածի 5-րդ մասի իմաստով` արտակարգ դրության ավարտից հետո` երկշաբաթյա ժամկետում:

51. Ոչնչացման գործընթացը կազմակերպում և իրականացնում է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության և այն բոլոր մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք արտակարգ դրության ժամանակահատվածում հասանելիություն են ունեցել տվյալներին կամ մշակել են դրանք: Ոչնչացման գործընթացին սույն գլխի 52-րդ կետով սահմանված կարգով կարող է մասնակցել նաև մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցություններից` առանց տվյալները մշակելու իրավունքի:

52. Արտակարգ դրության ավարտից հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը գրավոր ծանուցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցություններին` առաջարկելով յուրաքանչյուր խմբակցությանը` ներկայացնելու խմբակցության ներկայացուցչի վերաբերյալ տվյալներ` ոչնչացման գործընթացին մասնակցելու համար: Խմբակցությունների ներկայացուցիչները պատշաճ կերպով ծանուցվում են ոչնչացման գործընթացի ժամանակի և վայրի մասին:

53. Տվյալների ոչնչացումն իրականացվում է տվյալների նյութական կրիչների (տվյալների կենտրոնային համակարգերի կոշտ սկավառակների) ապամագնիսացման և ֆիզիկական ոչնչացման եղանակով` այն ձևով, որն անհնար է դարձնում վերականգնել տվյալների բովանդակությունը:

54. Տվյալների ոչնչացման փաստը հավաստվում է գրավոր արձանագրությամբ, որը ստորագրվում է ոչնչացման գործընթացին մասնակցած բոլոր անձանց կողմից և ենթակա է հրապարակման Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքում, ինչպես նաև համապատասխան քանակի օրինակներով տրամադրվում է ոչնչացման գործընթացին մասնակցած բոլոր անձանց:»:

(հավելվածը փոփ. 19.03.20 թիվ 310-Ն, 22.03.20 թիվ 324-Ն, 24.03.20 թիվ 345-Ն, 03.04.20 թիվ 461-Ն, 07.04.20 թիվ 494-Ն, 13.04.20 թիվ 543-Ն, 23.04.20 թիվ 595-Ն, 14.05.20 թիվ 729-Ն,  12.06.20 թիվ 933-Ն, 13.07.20 թիվ 1161-Ն, 23.07.20 թիվ 1225-Ն, 12.08.20 թիվ 1319-Ն, 13.08.20 թիվ 1322-Ն որոշումներ)

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.03.2020
N 298-Ն
Որոշում