Սեղմել Esc փակելու համար:
{01.07.2021 - 27.04.2023} ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.07.2021 - 27.04.2023} ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.07.2021  -ից մինչեւ   27.04.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

01.07.2021 - 27.04.2023

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2015 թվականի մարտի 25-ին

 

i

ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սույն օրենքի նպատակը և կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքի նպատակն է Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի կայուն, համակարգված, իրավական, տնտեսական, սոցիալական, ինչպես նաև գիտական և գիտատեխնիկական կադրային քաղաքականության հիմքերի ստեղծումը և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ու այլ զորքերի սպառազինման պետական, ինչպես նաև ռազմատեխնիկական հավակնոտ ծրագրերի իրականացումը:

2. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ռազմարդյունաբերական քաղաքականության նպատակները, սկզբունքները և խնդիրները, ռազմարդյունաբերական համալիրի մեջ ընդգրկվող պետական և այլ մարմինների ու կազմակերպությունների միջև ծագող հարաբերությունները, ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման և տեղադրման կարգը, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գների կարգավորման մեթոդաբանությունը:

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիր (այսուհետ` ՌԱՀ)` գիտական, գիտաարտադրական, արտադրական և այլ բնույթի կազմակերպությունների ու պետական կառավարման մարմինների համակարգ, որի գործունեությունն ուղղված է պետության ռազմատեխնիկական քաղաքականության կենսագործմանը.

2) ռազմատեխնիկական քաղաքականություն` պետության պաշտոնական տեսակետ և գործունեություն, որն ուղղված է խաղաղ և պատերազմական ժամանակ զինված ուժերը և այլ զորքերը ներհանրապետական ռազմական ապրանքով և գույքով բավարարման ապահովմանը.

3) ռազմարդյունաբերական քաղաքականություն` ՌԱՀ-ի իրավական ու ռազմատնտեսական միջոցառումների և գործողությունների համակարգ` ելնելով պետության անվտանգության ապահովման, ռազմատնտեսական մրցունակության և սոցիալ-տնտեսական զարգացման անհրաժեշտությունից.

4) ռազմարդյունաբերական քաղաքականության սուբյեկտներ` պետական կառավարման մարմիններ և ռազմարդյունաբերական գործունեություն իրականացնող կազմակերպություններ` անկախ կազմակերպական-իրավական ձևից.

5) ռազմարդյունաբերական գործունեություն` ռազմական կարիքների համար պետական պատվերների հիման վրա սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի, ռազմատեխնիկական միջոցների մշակման, արդիականացման, արտադրության, վերականգնման, նորոգման, ծառայությունների մատուցման և սպասարկման աշխատանքների տնտեսական գործունեության ձևերի համակցություն.

6) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներ` իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում են ռազմարդյունաբերական գործունեություն.

7) ռազմարդյունաբերական կլաստեր` միմյանց լրացնող և մրցունակություն ապահովող, ռազմական կարիքների համար պետական պատվերներ կատարող կազմակերպությունների փոխկապակցված խումբ.

8) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական աջակցություն` պետական մարմինների տնտեսական և իրավական բնույթի գործունեություն, որն ուղղված է ռազմական արդյունաբերության ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման արդյունավետության աճի խթանմանը.

9) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների աջակցության կազմակերպություններ` առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ, որոնք ստեղծվում են ռազմարդյունաբերական գործունեության սուբյեկտներին աջակցություն իրականացնելու նպատակով, կամ ներգրավվում են այդ աշխատանքներում.

10) ռազմական կարիքների համար պետական պատվեր` զինված ուժերը և այլ զորքերը ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների կողմից ներհանրապետական ռազմական ապրանքով և գույքով` սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով, ռազմատեխնիկական միջոցներով, ունեցվածքով և թիկունքային գույքով ապահովման գործառույթ.

11) ռազմական ապրանք և գույք` ռազմական կարիքների համար պետական պատվերով մատակարարվող արտադրանք, մատուցվող ծառայություն և աշխատանք.

12) ռազմական կարիքների համար պետական պատվերի պատվիրատու (այսուհետ` պետական պատվիրատու)` Հայաստանի Հանրապետության օրենքով (օրենքներով) սահմանված լիազոր պետական կառավարման մարմին (մարմիններ).

13) ռազմական ապրանքի և գույքի մատակարարման գլխավոր կատարող (այսուհետ` գլխավոր կատարող)` պետական պատվիրատուի հետ մատակարարման պայմանագիր կնքող իրավաբանական կամ ֆիզիկական անձ.

14) ռազմական ապրանքի և գույքի մատակարարման մասնակից (այսուհետ` կատարող)` գլխավոր կատարողի (կատարողի) հետ ռազմական ապրանքի և գույքի մատակարարման պայմանագիր կնքող իրավաբանական կամ ֆիզիկական անձ.

15) մատակարարվող ռազմական ապրանքի և գույքի բնութագիր` մատակարարվող ռազմական ապրանքի և գույքի մարտավարատեխնիկական բնութագրեր, պահանջներ և հատկանիշներ.

16) ռազմական կարիքների համար պետական պատվերի հիմնական ցուցանիշ` ընթացիկ ֆինանսական տարվա և պլանային ժամանակահատվածի համար պետական բյուջեով հաստատված ռազմական կարիքների համար պետական պատվերի ֆինանսական ապահովման չափը.

17) ռազմական կարիքների համար պետական պատվերի պայմանագիր (այսուհետ` պետական պայմանագիր)` ռազմական ապրանքի և գույքի մատակարարման համար պետության անունից պետական պատվիրատուի կնքած պայմանագիր.

18) ՌԱՀ-ի նյութական միջոցների պետական պահուստ` պետության կազմակերպած պահուստ (զինված ուժերում, ՌԱՀ-ի կազմակերպություններում), որտեղ` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված հատուկ ցանկի, կուտակվում և թարմացվում են ՌԱՀ-ում օգտագործվող նյութական արժեքները (հումք, նյութեր, էլեկտրոնային և օպտոէլեկտրոնային տարրեր, համալրող պատրաստվածքներ և այլն).

19) հավակնոտ ծրագիր` պետության անվտանգության ապահովման կամ տնտեսական զարգացման նպատակով գիտական, տնտեսական, ֆինանսական, ինչպես նաև այլ հնարավորությունների համախմբմամբ նորագույնի ստեղծման ծրագիր.

20) ՌԱՀ-ի ամփոփ ցուցակ (ռեեստր)` ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն պարունակող ցուցակ.

21) ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող բազային կազմակերպություն` կազմակերպություն, որն իր կառավարման ներքո ունի համապատասխան ուղղության կամ ոլորտի գործունեության ապահովման համար անհրաժեշտ արտադրական և տեխնիկական բացառիկ կարողություններ, ինչպես նաև գիտական, ինժեներական և միջին մասնագիտական որակյալ կադրեր:

(2-րդ հոդ. փոփ. 16.07.20 ՀՕ-382-Ն օրենք)

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական քաղաքականության նպատակը, սկզբունքները և խնդիրները

 

1. Ռազմարդյունաբերական քաղաքականության նպատակն է ռազմարդյունաբերության վերածումը տնտեսության կարևորագույն և առաջատար ոլորտի, որը կապահովի սեփական պաշտպանական կարիքները ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ հեռանկարում` ստեղծելով ռազմական անվտանգության ապահովման և տարածաշրջանային հավասարակշռության պահպանման իրական երաշխիքներ:

2. Ռազմարդյունաբերական քաղաքականության սկզբունքներն են`

1) ռազմարդյունաբերական քաղաքականության և ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների շահերի համակցումը.

2) ռազմարդյունաբերության ոլորտում գիտության և տեխնիկայի ժամանակակից ու նորարարական տեխնոլոգիաների հետևողական օգտագործումը.

3) պետական կառավարման և տնտեսական ինքնակարգավորման միջոցների ներդաշնակումը.

4) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների զարգացման բարենպաստ պայմանների ստեղծման համար պետական պատասխանատվությունը.

5) ռազմարդյունաբերական քաղաքականության ձևավորման, իրականացման, ինչպես նաև իրավական ակտերի նախագծերի փորձաքննության գործում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների ներկայացուցիչների մասնակցությունը.

6) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների համար պետական աջակցության մատչելիությունը, հավասար պայմանների ապահովումը:

3. Ռազմարդյունաբերական քաղաքականության խնդիրներն են`

1) գիտելիքահեն և ժամանակակից արտադրությունների համար հնարավորությունների ստեղծումը.

2) տարածաշրջանային և միջազգային տնտեսական գործընթացներին ինտեգրվելը.

3) զորահավաքային նախապատրաստության իրականացումը և զորահավաքային պահանջմունքների բավարարումը.

4) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական ներուժի ավելացման միջոցով ռազմատեխնիկական գործընկերության և համագործակցության հաստատումը շահագրգիռ պետությունների հետ:

 

Հոդված 4. ՌԱՀ-ի նպատակները և խնդիրները

 

1. ՌԱՀ-ի նպատակներն են`

1) ռազմատեխնիկական քաղաքականության իրագործումը, ռազմարդյունաբերության կայուն և նորարարական զարգացումը.

2) հայրենական մրցունակ ռազմական արդյունաբերության ստեղծումը և զարգացումը.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության նպատակով ձեռք բերվող ռազմական ապրանքների և գույքի առավելագույն մատակարարումը ՌԱՀ-ի կազմակերպություններից.

4) ՌԱՀ-ի արտադրանքի արտահանման խթանման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.

5) ռազմական դրության պայմաններում զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային պահանջմունքների բավարարումը:

2. ՌԱՀ-ի խնդիրներն են`

1) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական կառավարման ապահովումը.

2) ՌԱՀ-ի գործունեության արդյունքում շրջակա միջավայրի պաշտպանությունը.

3) բնակչության զբաղվածության ապահովումը, նոր աշխատատեղերի ստեղծումը.

4) ռազմարդյունաբերական քաղաքականության սուբյեկտների շահերի համաձայնեցումը.

5) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական օժանդակության առաջնահերթությունների որոշումը.

6) ռազմարդյունաբերական գործունեության տարբեր ոլորտների ներդաշնակ զարգացումը.

7) նյութական, ֆինանսական, աշխատանքային միջոցների և բնական պաշարների արդյունավետ օգտագործումը.

8) ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ներդրումը.

9) ռազմավարական հումքի, նյութերի և էլեկտրոնային դետալների պետական պահուստի ստեղծումը.

10) ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորումը, հաստատումը և տեղադրումը.

11) ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորումը.

12) ռազմական կարիքների համար պետական պատվերի բնագավառում մենաշնորհից պաշտպանվածության ապահովումը.

13) ռազմարդյունաբերական գործունեության խթանումը.

14) ռազմարդյունաբերական քաղաքականության սուբյեկտների պետություն-մասնավոր ընկերակցություն համագործակցության կարգավորումը.

15) ռազմական դրության պայմաններում զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային առաջադրանքների կատարումը:

 

ԳԼՈՒԽ 2
ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

i
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության նախագահը

(5-րդ հոդվածն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 20.12.17 ՀՕ-2-Ն օրենք)

 

i
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության կառավարությունը

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) համակարգում է ռազմարդյունաբերության ոլորտում պետական կառավարման մարմինների գործունեությունը.

2) հաստատում է`

ա. ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության հայեցակարգը,

բ. ՌԱՀ-ի զարգացման պետական ծրագիրը,

գ. ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման կարգը և պետական պատվերը,

դ. ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող բազային կազմակերպությունների ցանկը,

ե. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման և վարման` քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաև ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների գրանցման կարգը,

զ. ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդները, դրանց կիրառման առանձնահատուկ մեխանիզմները և ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգը,

է. պետական պատվիրատուի ներկայացուցչության (ներկայացուցչի) կողմից ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման որակի հսկողության կարգը,

ը. պետական պահուստում կուտակման ենթակա` ՌԱՀ-ում օգտագործվող նյութական արժեքների ցանկի մշակման և վարման կարգը,

թ. ՌԱՀ-ի կազմակերպությունների գիտաարտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և վարման կարգը,

ժ. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարման կարգը,

ժա. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ պետական աջակցության առաջնահերթությունները և աջակցման ձևերը, ըստ ըստ ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերության քաղաքականության,

ժբ. ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող կազմակերպությանը բազայինի կարգավիճակ տալու կարգը,

ժգ. գիտական և գիտատեխնիկական արդյունքների պետական հաշվառման կարգը,

i

ժդ. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը.

3) ստեղծում, վերակազմակերպում և լուծարում է ռազմարդյունաբերական բնագավառի կազմակերպությունները և ռազմագիտատեխնիկական հաստատությունները:

(6-րդ հոդ. փոփ. 20.12.17 ՀՕ-2-Ն, 16.07.20 ՀՕ-382-Ն օրենքներ)

 

Հոդված 7. Ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմինը

 

1. Ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմինը (այսուհետ` պետական լիազոր մարմին)`

1) հանդես է գալիս որպես պետական պատվիրատու.

2) մասնակցում է զինված ուժերի և այլ զորքերի զարգացման պլանների, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի մշակմանը.

3) մշակում է`

ա. ռազմական կարիքների համար գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների պետական պատվերի ծրագիրը,

բ. ՌԱՀ-ի զարգացման պետական ծրագիրը, որը ներառում է ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը և միջոցառումները,

գ. ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման կարգը,

դ. ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող կազմակերպությանը բազայինի կարգավիճակ տալու կարգը և այդ կազմակերպությունների ցանկը,

ե. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման և վարման` քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաև ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների գրանցման կարգը,

զ. ռազմական ապրանքների, գույքի և ծառայությունների գների պետական կարգավորման մեթոդները, դրանց կիրառման առանձնահատուկ մեխանիզմները և ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգը,

է. պետական պահուստում կուտակման ենթակա` ՌԱՀ-ում օգտագործվող նյութական արժեքների ցանկի մշակման և վարման կարգը,

ը. ՌԱՀ-ի կազմակերպությունների գիտաարտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և վարման կարգը,

թ. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ պետական աջակցության առաջնահերթությունները և աջակցման ձևերը` ըստ ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերության քաղաքականության,

ժ. գիտական և գիտատեխնիկական արդյունքների պետական հաշվառման կարգը,

ժա. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական պետական փորձարկումների անցկացման կարգը.

4) իրականացնում է`

ա. ռազմական ապրանքների, գույքի և ծառայությունների գների պետական կարգավորումը` համաձայն սույն օրենքի 18-րդ և 19-րդ հոդվածների պահանջների,

բ. ռազմական կարիքների համար գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարումը` հանդես գալով որպես պատվիրատու,

գ. ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարության իրականացման համար պատասխանատու պետական մարմինների հետ համագործակցությունը,

դ. ռազմարդյունաբերության ոլորտում գիտական և գիտատեխնիկական արդյունքների պետական հաշվառումը,

ե. ՌԱՀ-ի բնագավառի մասնագետների վերաբերյալ տեղեկատվական բազայի վարումը,

զ. ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման վերլուծությունը,

է. ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող բազային կազմակերպությունների կայուն գործունեության ապահովումը,

ը. ռազմարդյունաբերության ոլորտում նորմատիվ իրավական և նորմատիվ տեխնիկական բազայի ստեղծումը,

թ. ռազմարդյունաբերության ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի ձևավորումը,

ժ. իր լիազորությունների սահմաններում մասնակցում է միջազգային ռազմատեխնիկական համագործակցության իրականացմանը,

ժա. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների ամփոփ ցուցակի վարումը,

ժբ. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական աջակցության ծրագրերը,

ժգ. զենքի արտադրության լիցենզիա տալու լիազոր մարմնի գործառույթը,

ժդ. իր իրավասության սահմաններում ապահովում է պետական պատվերի կատարման և ռազմական արտադրանքի որակի հսկողությունը,

ժե. կազմակերպությունների զորահավաքային նախապատրաստության աշխատանքների և առաջադրանքների համակարգումը,

ժզ. իրականացնում է ռազմարդյունաբերության ոլորտում սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

(7-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-307-Ն, խմբ. 16.07.20 ՀՕ-382-Ն օրենքներ)

 

Հոդված 7.1. Ռազմարդյունաբերության ոլորտում պետական մարմինները

 

1. Ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող այլ պետական մարմինները`

1) հանդես են գալիս որպես պետական պատվիրատու.

2) մասնակցում են ռազմական կարիքների համար պետական պատվերի մշակմանը.

3) իրենց իրավասության սահմաններում ապահովում են պետական պատվերի կատարման և ռազմական արտադրանքի որակի հսկողությունը.

4) իրենց լիազորությունների սահմաններում մասնակցում են միջպետական ռազմատեխնիկական համագործակցության իրականացմանը.

5) մասնակցում են ռազմատեխնիկական քաղաքականության իրականացմանը.

6) իրականացնում են ռազմարդյունաբերության ոլորտում սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

(7.1-ին հոդ. լրաց. 16.07.20 ՀՕ-382-Ն օրենք)

 

Հոդված 8. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները

 

1. Ռազմարդյունաբերական քաղաքականության ապահովման գործընթացում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտները իրավունք ունեն`

1) պետական մարմինների քննարկմանը ներկայացնել առաջարկություններ ՌԱՀ-ի զարգացման վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությամբ սահմանված կարգով, խորհրդակցական ձայնի իրավունքով, մասնակցել և առաջարկություններով հանդես գալ Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստերում:

2. Ռազմարդյունաբերական քաղաքականության ապահովման գործընթացում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտները պարտավոր են ռազմարդյունաբերական քաղաքականության իրականացման գործընթացում իրենց զարգացման և հզորությունների պահպանման ամենամյա ծրագրերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին:

 

Հոդված 9. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովը

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետը ի պաշտոնե հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի նախագահ:

2. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովը մշտապես գործող խորհրդակցական մարմին է, որը մշակում է առաջարկություններ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու նպատակով: Դրանք են`

1) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական քաղաքականության իրագործման, ՌԱՀ-ի զարգացման և գործունեության վերաբերյալ.

2) ռազմարդյունաբերական քաղաքականության սուբյեկտների գործունեության վերաբերյալ.

3) ռազմական կարիքների համար պետական պատվերների հաստատման և փոփոխման վերաբերյալ.

4) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին աջակցման պայմանների և կարգի վերաբերյալ` ըստ ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների զարգացման ծրագրերի.

5) ռազմական կարիքների համար պետական պատվերի գնի որոշման կարգի սահմանման վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովն իրեն կից ունի ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհուրդ, որը մշտապես գործող մարմին է և ուսումնասիրում է գործադիր մարմիններից ստացված ռազմական կարիքների համար պետական պատվերների հայտերը, ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներից ստացված բոլոր առաջարկություններն ու համապատասխան եզրակացությամբ ներկայացնում ռազմարդյունաբերական հանձնաժողովին:

i

4. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի կանոնադրությունն ու կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

5. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի նախագահին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

6. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովն ապահովում է ՌԱՀ-ի խնդիրների իրականացումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 3
ՌԱՀ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

 

Հոդված 10. ՌԱՀ-ի զարգացման պետական ծրագիրը

 

1. ՌԱՀ-ի զարգացման պետական ծրագիրն ընդգրկում է`

1) ՌԱՀ-ի զարգացման ուղղությունները` ըստ գործունեության ձևերի.

2) (2-րդ կետն ուժը կորցրել է 28.07.2020 թվականից` 16.07.20 ՀՕ-382-Ն օրենք)

3) ՌԱՀ-ի զարգացման միջոցառումները.

4) ՌԱՀ-ի արտադրանքի մրցունակության բարձրացման միջոցառումները.

5) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին պետական աջակցման ենթակառույցների զարգացման միջոցառումները.

6) ռազմարդյունաբերության ոլորտում կադրերի պատրաստման միջոցառումները.

7) (7-րդ կետն ուժը կորցրել է 28.07.2020 թվականից` 16.07.20 ՀՕ-382-Ն օրենք)

(10-րդ հոդ. փոփ. 16.07.20 ՀՕ-382-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 4
ՌԱՀ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 11. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական աջակցության ձևերը և պայմանները

 

1. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական աջակցության ձևերն են`

1) ֆինանսական, իրավական, գույքային, տեղեկատվական, խորհրդատվական ապահովումը.

2) նորարարական տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունից ելնելով` ֆինանսական վարձակալության (լիզինգ), ինչպես նաև հավատարմագրային կառավարման մեխանիզմների օգտագործմամբ` համապատասխան գործունեության իրականացմանն օժանդակությունը.

3) կադրերի պատրաստումը, վերապատրաստումը և որակավորման բարձրացումը.

4) անմիջական և այլ ձևերի օժանդակությունը ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին, որոնք իրականացնում են նաև այլ գործունեություն:

2. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների ֆինանսական աջակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` առանձին ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև պետական հատուկ նպատակային հիմնադրամներ ստեղծելու միջոցով:

3. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների գույքային աջակցությունն իրականացվում է անշարժ կամ շարժական պետական գույքը ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին անհատույց օգտագործման իրավունքով կամ հավատարմագրային կառավարման հանձնելու միջոցով, որոնք պետք է օգտագործվեն ըստ նպատակային նշանակության` համապատասխան պայմանագրեր կնքելու միջոցով:

4. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների նորարարական աշխատանքների կազմակերպման աջակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում նորարարական աշխատանքների չափորոշիչներ սահմանելով, որն իրականացվում է հետևյալ ձևերով`

1) ՌԱՀ-ի մասնագիտացված կազմակերպություններում տեխնոպարկերի, ապրանքների և տեխնոլոգիաների առևտրայնացման կենտրոնների ստեղծում` անկախ կազմակերպական-իրավական ձևից.

2) ՌԱՀ-ի գիտաարտադրական կազմակերպություններում նորարարական տեխնոլոգիաների ներդրման գործունեության ապահովում.

3) հայտնագործությունների, ռազմարդյունաբերական նմուշների, ինչպես նաև ռազմարդյունաբերական գործունեության սուբյեկտների մտավոր արդյունքների հաշվառում.

4) ներդրումային հիմնադրամների կամ ազատ տնտեսական գոտիների ստեղծում.

5) վարչարարական ընթացակարգերի պարզեցում.

6) այլ միջոցառումներ:

5. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին տեղեկատվական և խորհրդատվական աջակցությունն իրականացվում է`

1) տեղեկատվական համակարգի ստեղծմամբ.

2) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին տնտեսագիտական, իրավական, արտադրատեխնոլոգիական, վիճակագրական, մարկետինգային տեղեկատվությունների տրամադրմամբ:

6. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման աջակցությունն իրականացվում է կադրերի պատրաստման պետական կրթական չափորոշիչների և դրանց հիման վրա մասնագիտական կրթական համապատասխան նյութական բազայի ստեղծման ծրագրերի հաստատմամբ, ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին ուսումնամեթոդական և գիտամեթոդական օժանդակությամբ:

7. Արտաքին տնտեսական գործառույթներ իրականացնող ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական աջակցությունն իրականացվում է`

1) միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների հետ ռազմարդյունաբերության զարգացման բնագավառում համագործակցությամբ.

2) արտաքին շուկաներում տեղական արտադրության ապրանքների արտահանման, այլ պետություններում մտավոր գործունեության արդյունքների արտոնագրային իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովմամբ.

3) համապատասխան պետական մարմիններում մասնագիտացված կառույցների ստեղծմամբ և գործունեության ապահովմամբ:

8. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին այլ աջակցությունը կարող է իրականացվել քաղաքացիական ապրանքների արտադրության և պետական կարիքների համար ծառայությունների մատուցման պատվերների տեղադրմամբ:

(11-րդ հոդվածը փոփ. 03.03.21 ՀՕ-119-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 5
ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ

 

Հոդված 12. Ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորումը

 

1. Ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման հիմք են հանդիսանում`

1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զարգացման ծրագրերը.

2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը (պետական սպառազինման ծրագիր).

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության նպատակային պետական ծրագրերը.

4) Հայաստանի Հանրապետության հանրապետական զորահավաքային ծրագրերը.

5) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերը և պլանները.

6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության վերաբերյալ Կառավարության, վարչապետի և Անվտանգության խորհրդի որոշումները:

2. Ռազմական կարիքների համար պետական պատվերը ձևավորվում է` ըստ ռազմական կարիքների համար պետական պատվերի հիմնական ցուցանիշների: Ռազմական կարիքների համար պետական պատվերի հիմնական ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունները մշակվում են`

1) պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը կազմելիս.

2) պետական պատվիրատուների առաջարկությամբ հերթական ֆինանսական տարվա և պլանային ժամանակահատվածի պետական բյուջեի նախագիծը կազմելիս:

3. Ռազմական կարիքների համար պետական պատվերում կարող են ընդգրկվել`

1) սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի և թիկունքային գույքի մշակման, ստեղծման, արդիականացման, նորոգման (վերականգնման), արդիականացմամբ նորոգման, սպասարկման և այլ աշխատանքներ.

2) (2-րդ կետն ուժը կորցրել է 28.07.2020 թվականից` 16.07.20 ՀՕ-382-Ն օրենք)

3) սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի և թիկունքային գույքի, ինչպես նաև հումքի, նյութերի, համալրող պատրաստվածքների մատակարարումը.

4) շահագործումից հանված սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների և ունեցվածքի օգտահանումը.

5) շահագործումից հանված սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների և ունեցվածքի օգտահանման համար տեխնիկական վերազինման աշխատանքները.

6) Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում ապրանքների մատակարարման աշխատանքները.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան` ՌԱՀ-ում օգտագործվող նյութական արժեքների, պետական պահոցում կուտակման համար ապրանքների մատակարարումը.

8) Հայաստանի Հանրապետության անվտանգության նպատակով այլ ապրանքների մատակարարումները` սույն հոդվածի առաջին մասին համապատասխան:

(12-րդ հոդ. փոփ. 20.12.17 ՀՕ-2-Ն, 23.03.18 ՀՕ-307-Ն, 16.07.20 ՀՕ-382-Ն օրենքներ)

 

Հոդված 13. Ռազմական կարիքների համար պետական պատվերի հաստատումը

 

1. Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հաստատումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում հաստատում է ռազմական կարիքների համար պետական պատվերը` ըստ միջոցառումների և գնման ընթացակարգերի, իսկ կատարման ժամանակացույցը հաստատվում է ռազմարդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից:

2. Պետական պատվիրատուների ցանկը` ըստ պատվերների, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ռազմական կարիքների համար պետական պատվերի հաստատման ընթացքում:

3. Ռազմական կարիքների համար պետական պատվերը կարող է փոփոխվել ռազմական պետական պատվերի հիմնական ցուցանիշների սահմաններում` պայմանավորված ռազմական պետական պատվերի կատարման իրական ընթացքով և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությամբ:

(13-րդ հոդ. փոփ. 16.07.20 ՀՕ-382-Ն օրենք)

 

Հոդված 14. Ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրումը

 

1. Հայաստանի Հանրապետությունում արտադրված ու զինված ուժերի և այլ զորքերի սպառազինություն ընդունված սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի և թիկունքային գույքի ձեռք բերման` պետական պատվերում տեղադրման համար, մրցութային փաստաթղթերում նշվում է ապրանքի անվանումը կամ ապրանքային նշանը:

2. Ռազմական կարիքների համար պետական պատվերի գինը որոշվում է մրցույթի միջոցով:

3. Մեկ տարուց ավելի ժամկետով մատակարարվող ռազմական ապրանքների և գույքի մատակարարման գնի փոփոխությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով` ռազմական կարիքների համար պետական պատվերի ընթացիկ տարվա փոփոխությունների կատարման կամ հերթական տարվա ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման ընթացքում:

4. Ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման ժամկետները, պետական պատվերի կազմում հաստատվող նյութատեխնիկական ռեսուրսների ցանկի և ծավալների ձևավորման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ԳԼՈՒԽ 6
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ, ԳԼԽԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂԻ (ԿԱՏԱՐՈՂԻ) ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 15. Պետական պատվիրատուի իրավասությունները

 

1. Պետական պատվիրատուն`

1) գլխավոր կատարողների (կատարողների) ներգրավմամբ ներկայացնում է ռազմական ապրանքի և գույքի մատակարարման ծավալների և նրա հիմնական ցուցանիշների վերաբերյալ առաջարկություններ.

2) կազմակերպում և իրականացնում է ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրումը` Հայաստանի Հանրապետության գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով` կնքված պայմանագրերի մասին տեղեկացնելով պետական լիազոր մարմնին.

3) ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ` պետական պայմանագրով նախատեսված պայմանների և մատակարարվող ռազմական ապրանքին և գույքին ներկայացվող պահանջների կատարման ուղղությամբ.

4) պետական պայմանագրի պայմաններին համապատասխան կատարում է վճարումներ.

5) (5-րդ կետն ուժը կորցրել է 28.07.2020 թվականից` 16.07.20 ՀՕ-382-Ն օրենք)

6) պետական պայմանագրի պահանջներին համապատասխան` իրականացնում է հսկողություն ռազմական ապրանքի և գույքի մատակարարման ժամկետների և որակի նկատմամբ.

7) ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման ընթացքում մասնակցում է սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի և թիկունքային գույքի փորձնական նմուշների, հատային և սերիական արտադրված ապրանքների խմբաքանակների, համալրող սարքերի և նյութերի փորձարկումներին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կարող է պահանջել իրականացնելու լրացուցիչ փորձարկումներ, ընդ որում զորավարժարանային փորձարկումների անհրաժեշտության դեպքում փորձարկումներն անցկացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորավարժարաններում.

8) գլխավոր կատարողի հետ կազմակերպում և անցկացնում է սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի և թիկունքային գույքի փորձնական նմուշների պետական փորձարկումներ.

9) իրականացնում է հսկողություն ռազմական ապրանքի և գույքի որակի նկատմամբ` պետական պատվիրատուի սահմանած նորմատիվ իրավական և այլ ակտերին համապատասխան.

10) հաստատում է սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի և թիկունքային գույքի ստեղծման և սերիական արտադրության համար անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթեր.

11) (11-րդ կետն ուժը կորցրել է 28.07.2020 թվականից` 16.07.20 ՀՕ-382-Ն օրենք)

12) պետական պայմանագրերում նախատեսում է համալրող մասերի, հումքի և նյութերի առաջանցիկ գնումների համար միջոցներ.

13) սահմանում է գլխավոր կատարողի կողմից հաշվետվության ներկայացման կարգ` պետական պայմանագրի ուժի մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածի համար.

14) պետական պատվիրատուի ներկայացուցչության (ներկայացուցչի) միջոցով պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման համակարգի մարմնի իրավասու ներկայացուցչի մասնակցությամբ և ընդունումը հավաստող համապատասխան ակտով իրականացնում է ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման որակի համապատասխանության հսկողություն:

(15-րդ հոդ. փոփ. 16.07.20 ՀՕ-382-Ն  օրենք)

 

Հոդված 16. Գլխավոր կատարողի իրավասությունները

 

1. Գլխավոր կատարողը`

1) ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման (ճշգրտման) ընթացքում, պետական պատվիրատուի հարցումով, կատարողների մասնակցությամբ տրամադրում է ապրանքի գինը, իսկ պետական պատվիրատուի հարցումով, կատարողների մասնակցությամբ սահմանում է ապրանքի մատակարարման կարգը և ժամկետները (ամբողջովին և առանձին փուլերով), որոշում է կատարողների կազմը, ֆինանսավորման ժամկետները և պայմանները.

2) պետական պայմանագրի պայմաններին համապատասխան` ապահովում է ապրանքի մատակարարումը.

3) կազմակերպում և անցկացնում է տեխնիկական փաստաթղթերով նախատեսված սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի և թիկունքային գույքի փորձնական նմուշների, հատային և սերիական արտադրված ապրանքների խմբաքանակների (համալիրների, համակարգերի), ինչպես նաև համալրող սարքերի և նյութերի փորձարկումներ.

4) ապահովում է ռազմական ապրանքի և գույքի համապատասխանությունը պետական պատվիրատուի կողմից ներկայացված պահանջներին.

5) ապահովում է մատակարարվող ռազմական ապրանքների և գույքի որակը` պետական պատվիրատուի նորմատիվ և իրավական այլ ակտերի ու փաստաթղթերի պահանջներին, ինչպես նաև պետական պայմանագրի պայմաններին համապատասխան.

6) ապահովում է պետական պատվիրատուի իրավասու մարմնի կողմից պետական պայմանագրի կատարման հսկողությունը.

7) պետական պատվիրատուի պահանջով պետական պատվիրատուի իրավասու մարմին տեղեկատվություն է ներկայացնում ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման ընթացքում կատարված ծախսերի վերաբերյալ.

8) պետական պատվիրատուին է ներկայացնում պետական պայմանագրի գնի փոփոխման անհրաժեշտ հիմնավորում: Պետական պայմանագրի գնի ավելացման դեպքում ներկայացնում է նաև ծախսերի կրճատմանն ուղղված միջոցառումների ցանկ.

9) (9-րդ կետն ուժը կորցրել է 28.07.2020 թվականից` 16.07.20 ՀՕ-382-Ն օրենք)

10) պետական պատվիրատուին տեղեկացնում է ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում գրանցված ու 50% և պակաս պետական բաժնեմաս ունեցող ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող կազմակերպության արտադրական հզորությունների կրճատման, վերացման կամ աշխատանքի բնույթի փոփոխման մասին, եթե հերթական տարվա և պլանային ժամանակաշրջանում բացակայում կամ դադարեցվում է ռազմական ապրանքի և գույքի մատակարարման ռազմական պետական պատվերը.

11) գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթի արդյունքների հիման վրա պայմանագրի կնքումից հետո` 5-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով, դիմում է ներկայացնում պետական լիազոր մարմին` ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում գրանցվելու համար:

(16-րդ հոդ. փոփ. 16.07.20 ՀՕ-382-Ն օրենք)

 

Հոդված 17. Կատարողի իրավասությունները

 

1. Կատարողը`

1) ապահովում է մատակարարվող ռազմական ապրանքի և գույքի, այդ թվում` համալրող մասերի և նյութերի, համապատասխանությունը պայմանագրով նախատեսված պահանջներին.

2) կազմակերպում և անցկացնում է տեխնիկական փաստաթղթերով նախատեսված համալրող մասերի ու նյութերի, փորձնական նմուշների, հատային և սերիական արտադրված ապրանքների խմբաքանակների փորձարկումներ.

3) ապահովում է մատակարարվող ռազմական ապրանքների և գույքի որակը` պետական պայմանագրի պահանջներին համապատասխան.

4) ապահովում է գլխավոր կատարողի և իրավասու մարմնի կողմից պետական պայմանագրի կատարման նկատմամբ հսկողության իրականացումը, այդ թվում` նաև պայմանագրի կատարման առանձին փուլերում.

5) գլխավոր կատարողի պահանջով ներկայացնում է կատարված պայմանագրի իրականացված ծախսերի մասին տեղեկատվություն.

6) իրականացնում է պայմանագրի կատարման համար օրենքով սահմանված անհրաժեշտ այլ գործողություններ:

 

ԳԼՈՒԽ 7
ՌԱԶՄԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 18. Ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման նպատակները և սկզբունքները

 

1. Ռազմական ապրանքի և գույքի գնի պետական կարգավորման նպատակն է պահպանել պետական պատվիրատուի և գլխավոր կատարողի (կատարողի) շահերի հարաբերակցությունը, որը նպատակաուղղված է`

1) բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործմանը.

2) ռազմական կարիքների համար պետական պատվերի արդյունավետ տեղադրմանը.

3) պետական պայմանագրի ժամանակին և որակյալ կատարման համար իրական պայմանների ստեղծմանը:

2. Ռազմական ապրանքի և գույքի գնի պետական կարգավորման սկզբունքներն են`

1) ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման և կատարման համար բոլոր մասնակիցների շահերի իրավական ապահովումը.

2) ռազմական ապրանքի և գույքի մատակարարման ծախսերի նվազեցումը.

3) մատակարարման ապրանքի շահութաբերության ապահովումը.

4) գլխավոր կատարողի և կատարողի կողմից իրականացվող ծախսերի հիմնավորվածությունը.

5) հակամենաշնորհային կարգավորման միջոցների կիրառումը.

6) պետական պատվիրատուի և գլխավոր կատարողի (կատարողի) շահերի հավասարակշռության պահպանումը.

7) ռազմական արտադրանքի ներքին արտադրողի խրախուսումը:

(18-րդ հոդ. փոփ. 16.07.20 ՀՕ-382-Ն օրենք)

 

Հոդված 19. Մատակարարվող ռազմական ապրանքների գների պետական կարգավորման մեթոդները

 

1. Ռազմական ապրանքի և գույքի գնի պետական կարգավորումն իրականացվում է`

1) մրցույթի միջոցով` ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման սկզբնական (առավելագույն) գնի որոշման կանոնակարգով.

2) ռազմական կարիքների պետական պատվերի ձևավորման համար ապրանքի գնի հաշվարկի մեթոդական ուղեցույցի ներդրմամբ և կիրառմամբ.

3) (3-րդ կետն ուժը կորցրել է 28.07.2020 թվականից` 16.07.20 ՀՕ-382-Ն օրենք)

4) (4-րդ կետն ուժը կորցրել է 28.07.2020 թվականից` 16.07.20 ՀՕ-382-Ն օրենք)

5) շահույթի չափերի որոշմամբ` հաշվի առնելով ռազմական կարիքների պետական պատվերի կատարման համար գլխավոր կատարողին (կատարողին) անհրաժեշտ արտադրական հզորությունների պահպանման ու զարգացման միջոցները, ինչպես նաև ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման նպատակով պետության ցուցաբերած ֆինանսական աջակցությունը.

6) (6-րդ կետն ուժը կորցրել է 28.07.2020 թվականից` 16.07.20 ՀՕ-382-Ն օրենք)

7) ռազմական ապրանքների և գույքի գնի պետական հաշվառմամբ.

8) ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման, տեղադրման և կատարման ժամանակ ապրանքի գնի նկատմամբ պետական հսկողության իրականացմամբ.

9) գլխավոր կատարողի (կատարողի) կողմից յուրաքանչյուր պետական պայմանագրի (պայմանագրի) ֆինանսատնտեսական արդյունքի առանձին հաշվառմամբ:

(19-րդ հոդ. փոփ. 16.07.20 ՀՕ-382-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 8
ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հոդված 20. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների տնտեսական մրցակցության պաշտպանության պահանջները

 

1. ՌԱՀ-ի գործունեության ոլորտում տնտեսական մրցակցության պաշտպանության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են տնտեսական մրցակցության պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. Ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման շրջանակներում գլխավոր կատարողը (կատարողը) պարտավոր է պետական պատվիրատուին ներկայացնել տեղեկություն մատակարարների (կատարողների, կապալառուների) կողմից նյութերի, համալրող սարքավորումների, սարքավորումների, հումքի, ինչպես նաև աշխատանքի (ծառայության) գնային բոլոր բարձրացումների մասին, եթե առաջարկվող գինը ավելի քան 5%-ով գերազանցում է այն գինը, որը հաշվարկված է` հաշվի առնելով որոշված գների ինդեքսը:

3. Ռազմական պետական պատվերի կատարման շրջանակներում կատարողի կողմից նյութերի, համալրող սարքավորումների, հումքի, աշխատանքի (ծառայության) գնի բարձրացման դեպքում մատակարարը պարտավոր է գնի բարձրացման պահից սկսած` 10 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնել պետական պատվիրատուին` վերջինիս կողմից հաստատված ձևին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 9
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 21. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2015 թ. ապրիլի 15
Երևան
ՀՕ-16-Ն

 

 

pin
ՀՀ 25.03.2015
N ՀՕ-16-Ն օրենք