Սեղմել Esc փակելու համար:
{01.12.2021 - 06.04.2023} ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.12.2021 - 06.04.2023} ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.12.2021  -ից մինչեւ   06.04.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

01.12.2021 - 06.04.2023

 

(օրենքը խմբ. 18.11.21 ՀՕ-364-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 25-ին

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

 

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը սահմանում է հանրային ծառայությունները կարգավորող մարմնի ստեղծման և գործունեության կարգը, լիազորությունները, անկախության երաշխիքները:

 

Հոդված 2. Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտը

 

1. Սույն օրենքի իմաստով` հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտը (այսուհետ` հանրային ծառայությունների ոլորտ) ներառում է`

1) էներգետիկայի բնագավառը, որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգերը.

2) ջրային ոլորտը.

3) հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառը.

4) փոստային կապի բնագավառը` փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների մասով.

5) երկաթուղային տրանսպորտի բնագավառը` ենթակառուցվածքի օգտագործման վճարների հաշվարկման և հաստատման մասով.

6) տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման բնագավառը` միայն սակագների մասով:

 

Հոդված 3. Հանրային ծառայությունների ոլորտի կարգավորման մասին օրենսդրությունը

 

i

1. Հանրային ծառայությունների ոլորտում ծագող հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, «Էներգետիկայի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Փոստային կապի մասին» օրենքներով (այսուհետ` ճյուղային օրենքներ), այլ օրենքներով և դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

ԳԼՈՒԽ 2
ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ

 

Հոդված 4. Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորումը

 

1. Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորումը պետական քաղաքականության մի մասն է, որի նպատակն է կարգավորող մարմնի կողմից օրենքներով սահմանված իր իրավասությունների իրականացմամբ ոլորտային ռազմավարական քաղաքականությանը համահունչ հավասարակշռել սպառողների և հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց (այսուհետ` կարգավորվող անձինք) շահերը, կարգավորվող անձանց համար ստեղծել գործունեության միատեսակ պայմաններ, նպաստել մրցակցային շուկաների ձևավորմանն ու զարգացմանը և խթանել ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:

 

Հոդված 5. Կարգավորման հիմնական սկզբունքները

 

1. Կարգավորման հիմնական սկզբունքներն են`

1) կարգավորման իրականացումն ինքնավար պետական մարմնի կողմից` օրենքներով սահմանված իրավասությունների շրջանակում.

2) կարգավորող մարմնի որոշումների ընդունման կոլեգիալությունը և անկախությունը.

3) կարգավորման թափանցիկության ապահովումը հանրության համար.

4) սպառողների կամ կարգավորվող անձի նկատմամբ խտրականության բացառումը.

5) սպառողների և կարգավորվող անձանց շահերի հավասարակշռումը սպառողներին որակյալ ծառայությունների մատուցում երաշխավորելու համար անհրաժեշտ իրավատնտեսական նախադրյալների ձևավորման ու ծառայությունների հիմնավորված սակագների սահմանման միջոցով` միաժամանակ ապահովելով ներդրողների` ռիսկերին համարժեք ողջամիտ հասույթ ստանալու հնարավորությունը.

6) մրցակցային շուկաների զարգացմանը համընթաց կարգավորման շրջանակների սահմանափակումը, ինչպես նաև հանրային ծառայությունների ոլորտում ոչ մրցակցային շուկաների առաջացման դեպքում կարգավորման ներդրումը.

7) հանրային ծառայությունների ոլորտում շուկաներ մուտքի խոչընդոտների կրճատումը և կարգավորվող անձանց կողմից մատուցվող ծառայությունների (վաճառվող ապրանքների) հասանելիության կանոնների պահպանման ապահովումը.

8) հասցեական և համաչափ կարգավորումը.

9) հանձնաժողովի կողմից սահմանվող սակագների համապատասխանությունը մատուցվող ծառայությունների (վաճառվող ապրանքների) սպասարկման որակին:

 

ԳԼՈՒԽ 3
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Հոդված 6. Կարգավորող մարմինը և նրա գործունեության կարգը

 

1. Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):

2. Հանձնաժողովն ինքնավար պետական մարմին է, որն ստեղծվում է սույն օրենքով սահմանված կարգով, գործում է Սահմանադրությանը, սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան ու ինքնուրույն է իր իրավասություններն իրականացնելիս:

3. Հանձնաժողովի իրավասությունները սահմանվում են ճյուղային և այլ օրենքներով:

4. Հանձնաժողովն ունի կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ և անհատականացման այլ միջոցներ: Հանձնաժողովի կնիքի վրա պատկերված են Հայաստանի Հանրապետության զինանշանը և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով» բառերը:

5. Հանձնաժողովի գտնվելու վայրը Երևան քաղաքն է:

6. Հանձնաժողովն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, ինչպես նաև իր գործունեության նպատակներին և ամրացված գույքի նշանակությանը համապատասխան` տիրապետել, օգտագործել և տնօրինել այդ գույքը:

 

Հոդված 7. Հանձնաժողովի կազմավորման կարգը և անդամներին ներկայացվող պահանջները

 

1. Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից` հանձնաժողովի նախագահ և չորս անդամ: Հանձնաժողովի անդամների պաշտոններն ինքնավար պաշտոններ են:

i

2. Հանձնաժողովի նախագահին և մյուս անդամներին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակում է Ազգային ժողովը` հինգ տարի ժամկետով, բացառությամբ հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման, ինչպես նաև սույն հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով նախատեսված դեպքերի: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ լիազորությունների ամբողջ ժամկետով նշանակվել հանձնաժողովի նախագահ կամ հանձնաժողովի անդամ:

3. Հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունի Կառավարությունը: Հանձնաժողովի մյուս անդամների թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունք ունեն հաջորդաբար Կառավարությունը, Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը և Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունը: Ընդ որում, եթե Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները մեկից ավելի են, ապա Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները հանձնաժողովի անդամի համապատասխան թափուր պաշտոնում առաջադրում են նախապես համաձայնեցված մեկ միասնական թեկնածու:

4. Հանձնաժողովի նախագահի կամ անդամի թափուր պաշտոնում թեկնածուն առաջադրվում է հանձնաժողովի նախագահի կամ անդամի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու մասին սույն օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով տեղեկացվելուց, ինչպես նաև հանձնաժողովի նախագահ կամ անդամ նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումը չընդունվելուց հետո` մեկամսյա ժամկետում: Եթե Կառավարությանը կամ Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը վերապահված հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա նույն մարմինն այդ պաշտոնում թեկնածու առաջադրում է մեկամսյա ժամկետում: Եթե Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությանը վերապահված հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա Ազգային ժողովի կառավարող խմբակցությունն այդ պաշտոնում թեկնածու առաջադրում է մեկամսյա ժամկետում:

5. Հանձնաժողովի նախագահի կամ անդամի թափուր պաշտոնում նշանակումը կատարվում է այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո` մեկամսյա ժամկետում: Եթե hանձնաժողովի անդամ նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումը չի ընդունվում, ապա նույն մարմնի կողմից այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը պահպանվում է:

6. Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթությամբ և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք, ով ունի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին` քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից): Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է ունենա բարձրագույն իրավաբանական, առնվազն մեկը` բարձրագույն տնտեսագիտական կրթություն, իսկ մյուսները կարգավորվող ոլորտներից որևէ մեկում պետք է ունենան սույն մասով նախատեսված ժամկետով աշխատանքային ստաժ: Կարգավորվող ոլորտի ստաժ է համարվում նաև այդ ոլորտում պետական կառավարում կամ կարգավորում իրականացնող մարմիններում կամ այդ ոլորտում սպառողների հետ կապերի գծով աշխատանքային ստաժը:

7. Հանձնաժողովի անդամը պաշտոնավարում է մինչև 65 տարին լրանալը:

8. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում հանձնաժողովի անդամի նշանակման համար սույն հոդվածով սահմանված ընթացակարգով նշանակվում է հանձնաժողովի նոր անդամ` պաշտոնավարման չլրացած ժամկետի մնացած ժամանակահատվածի համար: Եթե պաշտոնավարման մնացած ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա հանձնաժողովի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի` գումարած մնացած ժամանակահատվածը:

9. Այն դեպքում, երբ նախքան հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետի ավարտը նշանակվում է հանձնաժողովի նոր անդամ, ապա վերջինիս պաշտոնավարման ժամկետն սկսվում է նախորդի լիազորությունների ավարտի պահից:

i

10. Հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձը:

 

Հոդված 8. Հանձնաժողովի նախագահը

 

1. Հանձնաժողովի նախագահը`

1) համակարգում և ապահովում է հանձնաժողովի բնականոն աշխատանքը.

2) հրավիրում և նախագահում է հանձնաժողովի նիստերը.

3) ստորագրում է հանձնաժողովի որոշումները և պաշտոնական այլ փաստաթղթեր, ընդունում է հրամաններ, տալիս է հանձնաժողովի անունից հանդես գալու լիազորագրեր, կնքում է պայմանագրեր.

4) կազմակերպում է հանձնաժողովի ընդունած որոշումների կատարումը.

5) հաստատում է հանձնաժողովի հաստիքացուցակը, հանձնաժողովի անդամների և իր կողմից նշանակվող աշխատողների համար հանդես է գալիս որպես գործատուի ներկայացուցիչ.

6) ներկայացնում է հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.

7) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

2. Արձակուրդի կամ գործուղման դեպքում հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է իրեն փոխարինող: Փոխարինող չնշանակվելու, հանձնաժողովի նախագահի ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման, դադարեցման կամ կասեցման դեպքերում հանձնաժողովի նախագահին փոխարինում է նրան վերջին անգամ իր նշանակած փոխարինող անձը, իսկ դրա անհնարինության դեպքում` հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

 

Հոդված 9. Հանձնաժողովի անդամը

 

1. Հանձնաժողովի անդամը`

1) մասնակցում է հանձնաժողովի նիստերին և քվեարկում, հանձնաժողովի նիստի ժամանակ կարող է հանդես գալ ելույթներով, հարցերով և առաջարկություններով, իսկ իր կամքից անկախ հանգամանքների պատճառով նիստին մասնակցելու անհնարինության դեպքում նիստը նախագահողի համաձայնությամբ նիստին կարող է մասնակցել տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցով` իրական ժամանակի ռեժիմում.

2) հրավիրում է խորհրդակ¬ցություններ, կազմակերպում քննարկումներ, հանդես գալիս առաջարկություններով.

3) համակարգում է հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման կողմից իրականացվող աշխատանքները, տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում հսկողություն, ապահովում է հանձնաժողովի նախագահի հանձնարարականների կատարումը.

4) համաձայնության դեպքում նշագրում է հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները և այլ փաստաթղթեր, իր համակարգման գործառույթների շրջանակում հանձնաժողովի անունից ստորագրում է պաշտոնական փաստաթղթեր.

5) իրականացնում է օրենքով նախատեսված այլ գործառույթներ:

2. Հանձնաժողովի անդամի կողմից իր համակարգման ոլորտում ճյուղային օրենքներին և հանձնաժողովի իրավական ակտերին համապատասխան գործառույթների իրականացումը վերջինիս բացարկ հայտնելու հիմք չէ:

3. Հանձնաժողովի անդամների միջև գործառույթների բաշխման կարգը սահմանում է հանձնաժողովը:

 

Հոդված 10. Հանձնաժողովի անդամի գործունեության երաշխիքները

 

1. Հանձնաժողովի անդամն անկախ է և գործում է Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան:

2. Հանձնաժողովի անդամի համար սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն:

3. Հանձնաժողովի անդամը չի կարող պատասխանատվության ենթարկվել իր լիազորություններն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած որոշման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նրա արարքում առկա են վարչական իրավախախտման կամ հանցագործության հատկանիշներ:

4. Հանձնաժողովի անդամը պարտավոր չէ բացատրություններ տալ հանձնաժողովի վարույթում գտնվող կամ հանձնաժողովի կողմից քննարկվող հարցերի կամ փաստաթղթերի էության վերաբերյալ կամ դրանք տրամադրել այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

5. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ հանձնաժողովի անդամի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել, կամ հանձնաժողովի անդամը կարող է ազատությունից զրկվել գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա միայն հանձնաժողովի համաձայնությամբ` հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ: Հանձնաժողովի անդամն առանց հանձնաժողովի համաձայնության կարող է զրկվել ազատությունից, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել 72 ժամից ավելի: Հանձնաժողովի անդամին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է հանձնաժողովի նախագահը:

 

Հոդված 11. Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման անհամատեղելիության պահանջները

 

1. Հանձնաժողովի անդամը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական, ստեղծագործական աշխատանքից, պայմանով, որ այդ աշխատանքները չեն ֆինանսավորում կարգավորվող անձինք:

2. Հանձնաժողովի անդամը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հանձնաժողովի անդամն իր հրապարակային ելույթներում պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն:

3. Հանձնաժողովի անդամն իր պաշտոնավարման ընթացքում չի կարող ունենալ կարգավորվող անձանց արժեթղթեր կամ դրանցում կատարել ներդրումներ:

 

Հոդված 12. Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը

 

1. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե`

1) լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը կամ տարիքը.

2) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

i

3) նա «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական է տվել.

4) նա դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

5) նրա նկատմամբ կայացվել է դատարանի` oրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ.

6) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

7) նա մահացել է:

i

2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները հանձնաժողովի եզրակացության հիման վրա «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով դադարեցվում են, եթե`

1) նա պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել Կառավարության սահմանած ցանկով նախատեսված` դատավորի պաշտոնում նշանակումը խոչընդոտող հիվանդություն.

2) նա երկարատև անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում բացակայել է հանձնաժողովի նիստերի առնվազն կեսից.

3) նա մեկ տարվա ընթացքում ավելի քան երկու անգամ անհարգելի բացակայել է հանձնաժողովի նիստերից.

4) նա խախտել է հանձնաժողովի անդամի պաշտոնավարման անհամատեղելիության պահանջները.

5) ի հայտ են եկել փաստեր, որ նա նշանակման պահին չի համապատասխանել ներկայացվող պահանջներին:

3. Հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են, եթե նրա` որպես հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարել կամ դադարեցվել են:

4. Հանձնաժողովի նախագահը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված եզրակացությունը դրա ընդունման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:

5. Հանձնաժողովի անդամի լիազորությունները կասեցվում են սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված եզրակացության ընդունման դեպքում:

6. Ազգային ժողով հրաժարական ներկայացնելիս հանձնաժողովի անդամն անհապաղ տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին, ինչպես նաև այն մարմնին կամ պաշտոնատար անձին, որի առաջարկությամբ նա նշանակվել է հանձնաժողովի անդամ:

7. Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման ժամկետը կամ տարիքը լրանալուց ոչ շուտ, քան երեք, և ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, իսկ այլ հիմքով հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն առաջանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, հանձնաժողովի նախագահը կամ սահմանված կարգով նրան փոխարինող հանձնաժողովի անդամն այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, ինչպես նաև այն մարմնին, որն իրավասու է տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու` միաժամանակ ներկայացնելով թեկնածուի համար անհրաժեշտ` սույն օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջները:

 

Հոդված 13. Հանձնաժողովի գործունեության կազմակերպման կարգը

 

1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է հանձնաժողովի անդամներին անմիջական հաշվետու անձանց, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, հիմնական և աջակցող կառուցվածքային ստորաբաժանումների և այլ աշխատողների միջոցով:

2. Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումներն ապահովում են Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ օրենքներով հանձնաժողովին վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը:

3. Հանձնաժողովի կառուցվածքը, կանոնադրությունը, կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, աշխատողների թիվը և հանձնաժողովի աշխատանքային գործունեության կազմակերպմանն առնչվող ներքին կանոնակարգային այլ հարցերը կարգավորվում են հանձնաժողովի որոշումներով:

4. Հանձնաժողովի աշխատողների թիվը գրավոր համաձայնեցվում է վարչապետի հետ:

 

Հոդված 14. Հանձնաժողովի որոշումները

 

1. Հանձնաժողովն օրենքով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում ընդունում է որոշումներ` ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, անհատական իրավական ակտեր, ներքին իրավական ակտեր:

2. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստում, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում` գրավոր քվեարկությամբ:

3. Հանձնաժողովի որոշումն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանձնաժողովի առնվազն երեք անդամ: Քվեարկությունից ձեռնպահ մնալը կամ ձայնի փոխանցումը հանձնաժողովի մեկ այլ անդամի չի թույլատրվում: Որոշմանը դեմ քվեարկելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է հատուկ կարծիք` նիստի ընթացքում քվեարկությունից անմիջապես հետո բանավոր կարգով, իսկ գրավոր քվեարկության դեպքում` քվեարկության հետ միաժամանակ գրավոր կարգով:

4. Հանձնաժողովի գրավոր որոշումներն ստորագրում է հանձնաժողովի նիստը նախագահողը:

5. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են գրավոր, բացառությամբ դռնփակ նիստ գումարելու, օրակարգը հաստատելու, հարցը քննարկումից հանելու, քննարկումը հետաձգելու, օրակարգում լրացուցիչ հարց ընդգրկելու, արձանագրային հանձնարարականներ տալու, նիստից հեռացնելու մասին որոշումների և նիստի անցկացմանն առնչվող ընթացակարգային բնույթ կրող այլ հարցերի:

6. Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշում ընդունելու դեպքում հանձնաժողովը կարող է խախտում կատարած անձի գույքի վրա կիրառված տուգանքի չափով նույն կամ մինչև այդ որոշման անբողոքարկելի դառնալն ընդունված առանձին որոշմամբ կիրառել արգելանք, եթե նման որոշում չկայացնելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել պատասխանատվության միջոց կիրառելու մասին հանձնաժողովի որոշման կատարումը:

7. Պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշումը` արգելանքը կիրառելու մասով, կամ առանձին ընդունված արգելանք կիրառելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է անհապաղ կատարման հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից:

8. Արգելանք դնելու մասին որոշումը հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ներկայացվում հանձնաժողովի նախագահի գրությամբ, որում նշվում են`

1) հանձնաժողովի անվանումը.

2) գրությունը ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը.

3) արգելանք դնելու մասին որոշման ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը.

4) արգելանք դնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու տարին, ամիսը և ամսաթիվը.

5) արգելադրման ենթակա գումարի չափը.

6) պարտապանի անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն, անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը, գտնվելու վայրի հասցեն և պետական գրանցման համարը կամ հարկ վճարողի հաշվառման համարը:

9. Արգելանք դնելու մասին որոշումը հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելու վերաբերյալ գրությունը հանձնաժողովի նախագահի գրությամբ հետ է պահանջվում, եթե`

1) խախտումը կատարած անձի` հանձնաժողովի որոշմամբ սահմանված տուգանքը վճարելու պարտավորությունը դադարել է.

2) հանձնաժողովի որոշումը ճանաչվել է անվավեր կամ ուժը կորցրած:

10. Արգելանք դնելու մասին հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել: Որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը:

 

Հոդված 15. Հանձնաժողովի նիստերը

 

1. Հանձնաժողովի նիստն անցկացվում է հանձնաժողովի գտնվելու վայրում կամ հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ` այլ վայրում:

2. Հանձնաժողովը հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ հանձնաժողովի անդամի կամ գլխավոր քարտուղարի առաջարկության հիման վրա հրավիրում է հերթական և արտահերթ նիստեր: Հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են շաբաթը մեկ, իսկ արտահերթ նիստերը` ըստ անհրաժեշտության:

3. Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված առանձին հարցեր կարող են նշվել որպես քննարկման ոչ ենթակա հարցեր, եթե դրանք ունեն տեխնիկական կամ ներքին կանոնակարգային բնույթ, ինչպես նաև եթե չեն պահանջում ըստ էության քննարկում (ընդունվելիք իրավական ակտի բովանդակությանը դրա հասցեատերերի համաձայնության առկայության պարագայում): Եթե քննարկման ոչ ենթակա հարցի մասին հայտարարելուց հետո այդ հարցի վերաբերյալ ներկայացվում է առարկություն կամ առաջարկություն, ապա այն պետք է քննարկվի և ընդունվի սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

4. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի առնվազն երեք անդամ, և այն նախագահում է հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող հանձնաժողովի անդամը:

5. Հանձնաժողովը հարցերը քննում է դռնբաց նիստում, բացառությամբ պետական, ծառայողական գաղտնիք պարունակող, հանձնաժողովի ներքին կանոնակարգային հարցերի քննարկման կամ շահագրգիռ անձի կողմից հարցի քննարկումը դռնփակ անցկացնելու վերաբերյալ միջնորդության` հանձնաժողովի կողմից շահագրգիռ անձի շահերի, ներառյալ առևտրային գաղտնիքի և օրենքով պահպանվող այլ իրավաչափ շահերի պաշտպանության տեսանկյունից հիմնավոր համարվելու դեպքերի: Հարցը կամ դրա մասը դռնփակ նիստում քննարկելու մասին միջնորդությունն ընդունվում կամ մերժվում է նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ, քննարկվում է դռնփակության պայմաններում և արձանագրվում:

6. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովն իր նախաձեռնությամբ կամ նիստի մասնակցի միջնորդությամբ կարող է հետաձգել նիստը կամ կոնկրետ հարցի քննարկումը:

7. Հարցը կամ դրա մասը դռնփակ նիստում քննարկվելու դեպքում նիստին կամ դրա առանձին մասին մասնակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակը որոշում է նիստը նախագահողը:

8. Շահագրգիռ կամ այլ անձինք հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցով` իրական ժամանակի ռեժիմում:

9. Եթե հանձնաժողովի նիստին ներկա անձանցից որևէ մեկը խախտում է նիստի կարգը կամ անհարգալից վերաբերմունք է դրսևորում հանձնաժողովի կամ այլ անձանց նկատմամբ, ապա նիստը նախագահողը կարող է նիստի անցկացման վայրից հեռացնել նրան և նիստը շարունակել նրա բացակայությամբ:

10. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում և ձայնագրվում են: Դռնփակության պայմաններում քննարկվող հարցերի պարագայում, ինչպես նաև նիստի ձայնագրման համար նախատեսված սարքավորման անսարքության կամ նիստի ձայնագրման անհնարինության այլ դեպքերում ապահովվում է միայն արձանագրումը: Արձանագրությունն ստորագրում է նիստը նախագահողը:

11. Հանձնաժողովի նիստեր հրավիրելու ու անցկացնելու կարգը սահմանվում է հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

 

Հոդված 16. Հանձնաժողովի նիստի և քննարկման մասին տեղեկացումը

 

1. Շահագրգիռ անձը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև իրավասու պետական, տեղական ինքնակառավարման և այլ մարմինը նախապես ողջամիտ ժամկետում տեղեկացվում են հանձնաժողովի նիստի կամ քննարկման անցկացման վայրի, օրվա ու ժամի մասին: Շահագրգիռ անձի տեղեկացումն իրականացվում է նրա` պաշտոնապես հանձնաժողով ներկայացրած հեռախոսահամարով հեռախոսազանգի միջոցով, որը ձայնագրվում է: Հեռախոսազանգից հետո կազմվում է հեռախոսագիր` հանձնաժողովի սահմանած կարգի համաձայն:

2. Հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի քննարկման դեպքում պատշաճ տեղեկացում է համարվում հանձնաժողովի պաշտոնական կայքէջում նիստի անցկացման վայրի, օրվա և ժամի մասին նախապես սահմանված կարգով հրապարակումը:

3. Հանձնաժողովի նիստին ներկայացած անձն իրեն առնչվող հարցի մասով նիստի հետաձգման դեպքում համարվում է հաջորդ նիստի մասին պատշաճ տեղեկացված, եթե վերջինիս ներկայությամբ հայտարարվել են հաջորդ նիստի վայրը, օրը և ժամը:

4. Պատշաճ տեղեկացված անձի չներկայանալը չի խոչընդոտում հարցի քննարկման անցկացումը և որոշման ընդունումը:

5. Շահագրգիռ անձի կողմից իր հեռախոսահամարի փոփոխության մասին հանձնաժողովին չհայտնելու պարագայում, ինչպես նաև շահագրգիռ անձի նշած (վերջին) հեռախոսահամարով նրա հետ կապ հաստատելու անհնարինության դեպքում հեռախոսագրի կազմման ուժով նա համարվում է նիստի կամ քննարկման մասին պատշաճ տեղեկացված:

 

Հոդված 17. Հանձնաժողովի կողմից գրավոր քվեարկության անցկացումը

 

1. Տեխնիկական կամ ներքին կանոնակարգային բնույթ ունեցող, ինչպես նաև ըստ էության քննարկում չպահանջող (ընդունվելիք իրավական ակտի բովանդակությանը դրա հասցեատերերի համաձայնության առկայության պարագայում) կամ սույն օրենքով նախատեսված այլ հարցերի դեպքում հանձնաժողովի անդամի կամ գլխավոր քարտուղարի առաջարկությամբ հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կազմակերպվում է գրավոր քվեարկություն:

2. Գրավոր քվեարկությամբ հանձնաժողովի որոշումն ընդունվում է հանձնաժողովի անդամների գրավոր նշագրումների միջոցով` հանձնաժողովի սահմանած կարգով: Հանձնաժողովի անդամը կարող է քվեարկել կողմ, դեմ կամ ներկայացնել առաջարկություն հարցը հանձնաժողովի նիստում քննարկելու վերաբերյալ:

3. Հարցը հանձնաժողովի նիստում քննարկելու վերաբերյալ հանձնաժողովի նախագահին առաջարկություն ներկայացվելու դեպքում հանձնաժողովի որոշումը համարվում է չընդունված, և հարցը քննարկվում է հանձնաժողովի նիստում` ընդհանուր կարգով:

4. Հանձնաժողովի անդամը գրավոր քվեարկության դրված հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնում է այն իրեն ներկայացվելու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

5. Գրավոր քվեարկության կազմակերպման կարգը սահմանում է հանձնաժողովը:

 

Հոդված 18. Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելը

 

1. Հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով:

2. Հանձնաժողովի որոշումները կարող են ուժի մեջ մտնել օրենքով սահմանված ժամկետից ավելի ուշ` այդ որոշմամբ սահմանված լինելու դեպքում:

3. Վարչական վարույթի ժամկետի երկարաձգման և կասեցման մասին հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում ընդունման պահից:

 

Հոդված 19. Հանձնաժողովի որոշումը կատարելը և դրա պարտադիր լինելը

 

i

1. Հանձնաժողովի որոշումը պարտադիր է դրա հասցեատերերի համար և ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, իսկ սահմանված ժամկետում կամովին չկատարվելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:

2. Հանձնաժողովի որոշումը, բացառությամբ հանրային իրավական դրամական պահանջների, այդ թվում` տուգանք կիրառելու մասին որոշման (այսուհետ` դրամական պահանջի որոշում), ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա է անհապաղ, սակայն ոչ ուշ, քան որոշման մեջ սահմանված ժամկետում կատարման, և դրա բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը կամ կատարումը:

3. Հանձնաժողովի որոշումը, բացառությամբ դրամական պահանջի որոշման, ներկայացվում է հարկադիր կատարման դրանում նշված ժամկետում չկատարվելու դեպքում այդ ժամկետը լրանալուց հետո` եռամսյա ժամկետում:

i

4. Հանձնաժողովի դրամական պահանջի որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո ներկայացվում է հարկադիր կատարման` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:

5. Որոշումը, բացառությամբ դրամական պահանջի որոշման, հարկադիր կատարման ներկայացնելիս հանձնաժողովը որոշմանը կից ներկայացնում է այդ որոշումը հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը հավաստող ապացույցը և կատարման վերաբերյալ գրություն, որում նշվում են`

1) որոշումը հարկադիր կատարման ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը.

2) որոշման հիման վրա կատարման ենթակա գործողությունները կամ այն գործողությունները, որոնց կատարումից պարտավոր անձը պետք է ձեռնպահ մնա.

3) որոշումն ընդունելու տարին, ամիսը, ամսաթիվը և որոշման համարը.

4) որոշումն անբողոքարկելի դառնալու տարին, ամիսը և ամսաթիվը.

5) պարտավոր անձի անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, անձի անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված հարկադիր կատարման վերաբերյալ գրությունը և օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր կարող են հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկվել, և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից փաստաթղթերը կարող են ստացվել օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային եղանակով:

7. Հանձնաժողովի որոշումը հարկադիր կատարման ներկայացնելը կարգավորվող անձին չի ազատում դրա պահանջը չկատարելու համար նախատեսված պատասխանատվությունից:

8. Այն դեպքում, երբ հանձնաժողովի որոշումը, բացի հանրային իրավական դրամական պահանջից, ներառում է նաև այլ կարգավորումներ, ապա սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերով նախատեսված բացառությունները կիրառվում են միայն հանրային իրավական դրամական պահանջի մասով:

9. Հանձնաժողովի որոշմամբ կիրառված տուգանքի 75 տոկոսը մինչև դրանում նշված ժամկետում վճարելու դեպքում տուգանքի վճարման պարտականությունը համարվում է պատշաճ կատարված:

 

Հոդված 20. Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիտորինգը

 

1. Հանձնաժողովը ճյուղային օրենքներով և դրանց հիման վրա ընդունված` հանձնաժողովի իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով, կարգավորվող անձանց գործունեությունը ճյուղային օրենքներին, հանձնաժողովի իրավական ակտերին, լիցենզիայի պայմաններին համապատասխանության ստուգման, հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունների և տեղեկատվության հավաստիության, ինչպես նաև սակագների վրա ազդեցություն ունեցող գործոնների գնահատման համար (ծախսեր, ներդրումներ, գնումներ և այլն) իրականացնում է կարգավորվող անձանց գործունեության մոնիտորինգ (այսուհետ` մոնիտորինգ):

2. Մոնիտորինգն իրականացվում է`

1) հանձնաժողովում` կարգավորվող անձի կողմից հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունների և այլ տեղեկատվության ուսումնասիրության միջոցով.

2) կարգավորվող անձի տարածքում` կարգավորվող անձի գտնվելու կամ գործունեության վայրում:

3. Նախքան կարգավորվող անձի տարածքում մոնիտորինգի իրականացումը հանձնաժողովն այդ մասին տեղեկացնում է նրան, նշելով մոնիտորինգի առարկան, նպատակը, ժամանակահատվածը, իրականացման վայրը, և մոնիտորինգի իրականացումը կարող է սկսել այդ մասին կարգավորվող անձին տեղեկացնելու պահից երեք աշխատանքային օրվանից ոչ շուտ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված դեպքերի:

4. Առանձին դեպքերում անհրաժեշտությունից ելնելով` կարգավորվող անձի համաձայնությամբ մոնիտորինգը կարող է սկսվել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետից ավելի շուտ:

5. Կարգավորվող անձի կողմից ակնհայտ խախտում կատարելու վերաբերյալ ողջամիտ կասկած առաջանալու դեպքում նրա տարածքում մոնիտորինգը կարող է իրականացվել անհապաղ և առանց նրան տեղեկացնելու:

6. Մոնիտորինգի արդյունքներով կազմվում է արձանագրություն, որի վերաբերյալ կարգավորվող անձը այն ստանալու օրվանից հետո` յոթնօրյա ժամկետում, իրավունք ունի ներկայացնելու առարկություններ կամ առաջարկություններ:

7. Մոնիտորինգի իրականացման կարգը սահմանում է հանձնաժողովը:

 

Հոդված 21. Տեղեկություններ տրամադրելու պարտականությունը և օրենքով պահպանվող գաղտնիքի պահպանումը հանձնաժողովի կողմից

 

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են հանձնաժողովի դիմելու դեպքում տասնօրյա ժամկետում ներկայացնել օրենքով նախատեսված` հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկություններ, բացառությամբ եթե դրանց տրամադրումն արգելված է օրենքով կամ կարող է թույլատրվել միայն դատական ակտի հիման վրա:

2. Հանձնաժողովը պարտավոր է օրենքով նախատեսված դեպքերում և կարգով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դիմելու դեպքում տասնօրյա ժամկետում ներկայացնել վերջիններիս` օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ` հանձնաժողովին կամ հանրային ծառայությունների ոլորտին առնչվող փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկություններ, եթե այլ ժամկետ սահմանված չէ օրենքով, կամ ավելի երկար ժամկետ նշված չէ դիմողի կողմից: Այն պարագայում, երբ պահանջվող փաստաթղթերը, նյութերը կամ այլ տեղեկությունները պարունակում են օրենքով պահպանվող գաղտնիք, ապա դրանք տրամադրվում են, եթե պահանջող մարմինն ունի դրանք ստանալու իրավասություն:

3. Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող դեպքերում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված փաստաթղթերը, նյութերը և այլ տեղեկությունները դիմողին են տրամադրվում դիմումն ստանալու պահից երեսնօրյա ժամկետում, որի մասին դիմումն ստանալու պահից տասնօրյա ժամկետում դիմողը գրավոր տեղեկացվում է:

4. Կարգավորվող անձինք պարտավոր են հանձնաժողովի սահմանած ժամկետում ներկայացնել օրենքով նախատեսված` հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկություններ, բացառությամբ եթե դրանց տրամադրումն արգելված է օրենքով:

5. Կարգավորվող անձի հիմնավոր միջնորդության դեպքում սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետը հանձնաժողովի կողմից կարող է երկարաձգվել, բացառությամբ այն դեպքերի, երբ ժամկետը սահմանված է օրենքով:

6. Առևտրային, բանկային, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք հանդիսացող տեղեկությունները, որոնք ստացվել են սույն օրենքով և ճյուղային օրենքներով սահմանված լիազորությունների կատարման ժամանակ, հանձնաժողովի կողմից պահպանվում են օրենքով սահմանված կարգով:

7. Հանձնաժողովի անդամները և աշխատողներն իրավունք չունեն հրապարակելու կամ այլ կերպ տարածելու, ինչպես նաև իրենց պաշտոնեական լիազորություններից դուրս կամ դրանց չարաշահմամբ ցանկացած նպատակով օգտագործելու իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս ստացած գաղտնի տեղեկությունները:

8. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված տեղեկությունների հրապարակման դեպքում կարգավորվող անձին և սպառողին հասցված վնասը ենթակա է հատուցման Հայաստանի Հանրապետության կողմից` օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 22. Հանձնաժողովի լիազորությունների իրականացումը չխոչընդոտելու պարտականությունը

 

1. Հանձնաժողովի անդամները և իրավասու աշխատողներն օրենքով սահմանված` հանձնաժողովի լիազորությունների շրջանակում ունեն կարգավորվող անձանց ու սպառողների` տարածք մուտք գործելու և հանձնաժողովի լիազորություններից բխող գործառույթներն անխոչընդոտ իրականացնելու իրավունք:

2. Կարգավորվող անձինք և սպառողները չպետք է խոչընդոտեն հանձնաժողովի լիազորությունների իրականացումը:

 

Հոդված 23. Հանձնաժողովի իրավական ակտերի բողոքարկումը

 

1. Հանձնաժողովի իրավական ակտերը կարող են բողոքարկվել դատական կարգով:

2. Հանձնաժողովի սահմանած սակագնի մեծությունը դատական կարգով կարող է բողոքարկվել սակագնի մեծությունը սահմանող հանձնաժողովի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից` յոթնօրյա ժամկետում:

3. Սակագնի մեծությունը դատական կարգով բողոքարկվելու դեպքում դատարանն ստուգում է դրա համապատասխանությունն օրենքներին: Օրենքների խախտման փաստի առկայության դեպքում դատարանն ընդունում է հանձնաժողովի կողմից սակագնի սահմանման մասին նոր որոշում ընդունելու առաջարկության վերաբերյալ վճիռ` մատնանշելով հանձնաժողովի իրավական ակտի օրենքների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը իրավակարգավորման այնպիսի միջոցների միաժամանակյա գործադրմամբ, որոնք հանձնաժողովին հնարավորություն կտան ողջամիտ ժամկետում ընդունելու սակագնի սահմանման մասին նոր որոշում: Հանձնաժողովը քննարկում է դատարանի վճիռը և ընդունում որոշում:

4. Հանձնաժողովի սահմանած սակագների մեծությունները դատական կարգով փոփոխման ենթակա չեն:

5. Այն դեպքում, երբ հանձնաժողովի որոշման բողոքարկման պարագայում դատարանը հանգում է հետևության, որ հանձնաժողովը հայեցողական լիազորություններն իրականացրել է ոչ իրավաչափորեն, այդ թվում` թույլ է տվել վարչական վարույթի իրականացման ընթացակարգային խախտումներ, ապա հանձնաժողովը դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, վերսկսում է վարույթը: Վերսկսված վարույթն իրականացվում է սույն օրենքով սահմանված կանոնների պահպանմամբ` հաշվի առնելով դատական ակտում արտահայտված` դատարանի իրավական դիրքորոշումները:

 

Հոդված 24. Հանձնաժողովի որոշումները, գրությունները և այլ փաստաթղթեր հանձնելու (ուղարկելու) կարգը

 

1. Հանձնաժողովի որոշումները, գրությունները և այլ փաստաթղթեր (այսուհետ` թղթակցություն) հանձնվում են ստորագրությամբ առձեռն հանձնելու, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով (թղթակցությունն ստացողի մոտ նման համակարգի առկայության դեպքում), պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, էլեկտրոնային փոստի կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից թղթակցությունն ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը:

2. Թղթակցությունը հասցեատիրոջը հանձնվում (ուղարկվում) է վերջինիս գրավոր դիմումում նշված նախընտրելի եղանակով, իսկ հանձնաժողովին այդ մասին չտեղեկացնելու կամ թղթակցությունը հանձնելու (ուղարկելու) անհնարինության դեպքում` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ եղանակով:

3. Հասցեատերը պարտավոր է հանձնաժողովին անհապաղ հայտնել իր հասցեի, ներառյալ էլեկտրոնային փոստի հասցեի կամ հաղորդակցության այլ միջոցի տվյալի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում թղթակցությունն ուղարկվում է հասցեատիրոջ վերջին հայտնի հասցեով, և հասցեատերը կրում է փոփոխության մասին չտեղեկացնելու անբարենպաստ հետևանքների ռիսկը:

4. Այն դեպքում, երբ հասցեատերը հրաժարվում է փոստային առաքմամբ ուղարկված թղթակցությունն ստանալուց կամ թղթակցության ստացումը հավաստող փաստաթուղթն ստորագրելուց, կամ որևէ պատճառով հանձնաժողովի կողմից պատվիրված նամակով ուղարկված թղթակցությունը վերադարձվում է, ապա թղթակցությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված հանձնաժողովի կողմից http://www.azdarar.am կայքէջում և իր պաշտոնական կայքէջում հասցեատիրոջը հասցեագրված թղթակցության առկայության և դրա բովանդակությանը ծանոթանալու հնարավորության վերաբերյալ հայտարարություններից վերջինը հրապարակելու օրվան հաջորդող օրվանից հետո` երրորդ օրը:

 

Հոդված 25. Հանձնաժողովի համագործակցությունը

 

1. Հանձնաժողովն օրենքով իրեն վերապահված լիազորություններն իրականացնելիս համագործակցում է Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների պետական մարմինների, միջազգային և այլ կազմակերպությունների հետ, այդ թվում` հուշագրերի, համագործակցության մասին այլ համաձայնագրերի կնքման միջոցով:

2. Հանրային ծառայությունների ոլորտում գործող անձանց նկատմամբ տնտեսական մրցակցության գործառույթները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իրականացնում է հանձնաժողովի հետ համագործակցության սկզբունքի հիման վրա:

3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների սահմաններում օժանդակում են հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը:

4. Հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակում մասնակցում է հանրային ծառայությունների ոլորտին վերաբերող ծրագրերի, ռազմավարությունների մշակմանը, դրանց վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ:

 

Հոդված 26. Տարեկան տեղեկատվությունը

 

1. Հանձնաժողովը`

1) յուրաքանչյուր տարի` մինչև հոկտեմբերի 1-ը, հաստատում և Ազգային ժողով է ուղարկում հաջորդ տարվա իր գործունեության ծրագիրը` այն միաժամանակ հրապարակելով իր պաշտոնական կայքէջում.

2) յուրաքանչյուր տարի` մինչև մայիսի 1-ը, հաստատում և իր պաշտոնական կայքէջում հրապարակում է նախորդ տարվա իր գործունեության հաշվետվությունը:

 

Հոդված 27. Հանձնաժողովի գործունեության հրապարակայնությունը

 

1. Հանձնաժողովն ապահովում է իր և իր կողմից կարգավորվող գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունը զանգվածային լրատվամիջոցների, պաշտոնական կայքէջի ու այլ միջոցներով:

2. Հանձնաժողովն իր պաշտոնական կայքէջում հրապարակում է կարգավորվող անձանց առնչվող անհատական և նորմատիվ բնույթի որոշումները, բացառությամբ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակողների:

 

ԳԼՈՒԽ 4
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 28. Ընդհանուր դրույթներ

 

1. Հանձնաժողովը վարչական վարույթն իրականացնում է սույն օրենքի, ճյուղային օրենքների, իսկ դրանցով ուղղակիորեն նախատեսված դեպքերում` hանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համաձայն: Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի իրականացման համար սույն հոդվածում նշված ակտերով առանձնահատկություններ սահմանված չլինելու դեպքում համապատասխան հարաբերությունների նկատմամբ կիրառելի են Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքով սահմանված իրավակարգավորումները:

2. Հանձնաժողովի կողմից վարչական գործերի և վարչական վարույթի արդյունքով ընդունված վարչական ակտերի հաշվառումն իրականացվում է միասնական էլեկտրոնային գրանցամատյանի վարմամբ:

3. Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի վերաբերյալ գործերի կազմման, դրանց վերաբերյալ գրանցամատյանների վարման, ինչպես նաև վարչական ակտերի հաշվառման ու պահպանման կարգը սահմանում է հանձնաժողովը:

4. Վարչական վարույթի շրջանակում կայացված` հանձնաժողովի անհատական բնույթ կրող գրավոր որոշումներն ընդունման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում հանձնվում են վարույթի մասնակիցներին:

 

Հոդված 29. Վարչական վարույթի ժամկետը

 

1. Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի ժամկետը երեք ամիս է, բացառությամբ ճյուղային օրենքներով սահմանված դեպքերի:

2. Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի ժամկետը անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել մինչև մեկ ամսով:

3. Վարչական վարույթի ժամկետի երկարաձգման մասին հանձնաժողովի որոշումն ընդունվում է գրավոր քվեարկությամբ:

 

Հոդված 30. Վաղեմության ժամկետը

 

1. Հանձնաժողովը չի կարող հանրային ծառայությունների ոլորտում հայտնաբերված իրավախախտման համար կարգավորվող անձի նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոց, եթե իրավախախտման կատարման օրվանից անցել է տասը տարի:

2. Հանձնաժողովը կարող է հանրային ծառայությունների ոլորտում իրավախախտման համար կարգավորվող անձի նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոց իր կողմից խախտման հայտնաբերման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում:

 

Հոդված 31. Վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքը

 

1. Վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքն ապահովվում է վարույթի հարուցման մասին ծանուցվելուց հետո վերջինիս կողմից տասնօրյա ժամկետում վարույթում քննարկվող հարցի վերաբերյալ հանձնաժողով գրավոր դիրքորոշում և այն հիմնավորող փաստաթղթեր, նյութեր կամ այլ տեղեկություններ ներկայացնելու միջոցով:

2. Գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննության ապահովման համար հանձնաժողովի գնահատմամբ բանավոր լսումներ անցկացնելու անհրաժեշտության, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքում վարույթի մասնակիցները կամ այլ անձինք ծանուցվում են հանձնաժողովում լսման օրվա և ժամի մասին:

3. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովն իր նախաձեռնությամբ կամ վարչական վարույթի մասնակցի միջնորդությամբ կարող է հետաձգել լսումը` ողջամիտ ժամկետում ծանուցելով վարույթին մասնակցող անձանց:

4. Վարույթի մասնակիցը հանձնաժողովի լսմանը կարող է մասնակցել տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցով:

5. Լսման ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված վարույթի մասնակցի չներկայանալը խոչընդոտ չէ լսում անցկացնելու համար:

 

Հոդված 32. Հանրային ծառայությունների ոլորտում իրավախախտման վերաբերյալ վարույթների միացումը և առանձնացումը

 

1. Հանձնաժողովը կարող է մեկ վարույթում միացնել միևնույն կարգավորվող անձի կողմից կատարված մեկից ավելի խախտումների կամ մի քանի կարգավորվող անձանց կողմից կատարված նույն կամ համանման խախտումների վերաբերյալ վարույթները, եթե այդ վարույթների համատեղ իրականացումը կարող է ապահովել վարույթի առավել արագ և արդյունավետ լուծումը:

2. Հանձնաժողովը կարող է մեկից ավելի անձանց կատարած մեկ կամ մեկից ավելի խախտումների վերաբերյալ կամ նույն անձի կատարած մեկից ավելի խախտումների վերաբերյալ վարույթն առանձնացնել, եթե դրա առանձին իրականացումը կարող է ապահովել վարույթի առավել արագ և արդյունավետ լուծումը:

3. Հանձնաժողովը վարույթները միացնելու կամ առանձնացնելու մասին երեք աշխատանքային օրում ծանուցում է վարույթին մասնակցող անձանց:

4. Վարույթների միացման դեպքում վարույթի իրականացման ժամկետը հաշվարկվում է միացված վարույթներից առավել ուշ հարուցված վարույթի հարուցման օրվանից:

5. Միևնույն անձի մասնակցությամբ վարույթների միացման դեպքում տուգանք կիրառելիս կիրառվում է կարգավորվող անձի թույլ տված խախտումների համար նախատեսված տուգանքներից առավել խիստ տուգանքի առավելագույն չափը: Այն պարագայում, երբ սույն մասով նախատեսված պատասխանատվության կիրառումն առավել անբարենպաստ է խախտում կատարած անձի համար, քան եթե այն կլիներ վարույթների առանձին իրականացման պարագայում, ապա վարչական վարույթները մեկ վարույթում չեն միացվում, իսկ արդեն միացված վարույթներն առանձնացվում են:

 

Հոդված 33. Վարչական վարույթի կասեցումը և վերսկսումը

 

1. Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթը կասեցվում է, եթե`

1) անհնարին է տվյալ վարույթի շրջանակում որոշման ընդունումը մինչև սահմանադրական, վարչական, քաղաքացիական, քրեական դատավարության կամ մեկ այլ վարչական վարույթի կարգով քննվող գործով կայացված ակտն ուժի մեջ մտնելը.

2) վարչական վարույթի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր կամ այլ տեղեկություններ ձեռք բերելու համար անհրաժեշտություն է առաջացել փոխօգնության կարգով դիմելու պետական, տեղական ինքնակառավարման կամ այլ մարմին կամ համապատասխան տեղեկություններ պահանջելու վարույթի մասնակցից.

3) գործում է անհաղթահարելի ուժ կամ վարույթի իրականացումն անհնար դարձնող այլ հանգամանք, որը ժամանակավորապես խոչընդոտում է վարույթի ընթացքը.

4) վարույթին չի ներկայացել վարչական ակտի հասցեատերը, իսկ օրենքը բացառում է առանց նրա ներկայության համապատասխան վարչական ակտ ընդունելը, կամ վարչական ակտի ընդունումը հնարավոր է միայն այդ ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելու դեպքում.

5) առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր:

2. Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթը կարող է կասեցվել, եթե`

1) սահմանված դեպքերում և կարգով չեն ներկայացվել վարչական ակտի ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր կամ այլ տեղեկություններ, կամ ներկայացվել են ոչ հավաստի կամ ոչ ամբողջական փաստաթղթեր, նյութեր կամ այլ տեղեկություններ (այդ թվում` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի սահմանած դեպքերում և կարգով հանձնաժողովի որոշման ընդունման համար անհրաժեշտ համաձայնությունը, դիրքորոշումը կամ այլ փաստաթուղթ չներկայացվելու, ոչ հավաստի կամ ոչ ամբողջական փաստաթղթեր, նյութեր կամ այլ տեղեկություններ ներկայացվելու դեպքում).

2) նշանակվել է փորձաքննություն.

3) առկա է ռազմական կամ արտակարգ դրությամբ պայմանավորված իրավիճակ, որը ժամանակավորապես խոչընդոտում է վարույթի ընթացքը.

4) առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր:

3. Վարչական վարույթի կասեցման ընթացքում հանձնաժողովը կարող է կատարել վարույթի վերսկսման հիմքերի պարզման և վարույթի ըստ էության քննությանը չուղղված այլ գործողություններ: Եթե վարույթի կասեցված լինելու ընթացքում ի հայտ են գալիս վարչական վարույթի կարճման հիմքեր, ապա վարույթը վերսկսվում և կարճվում է:

4. Վարչական վարույթի իրականացման ժամկետի ընթացքը կասեցվում է վարույթի կասեցման ժամանակահատվածով:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ, ինչպես նաև 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո:

6. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցման համար հիմք հանդիսացող հանգամանքները վերանալուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից 60 օրը լրանալը:

7. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է փորձաքննության եզրակացության ստացման դեպքում:

8. Հանձնաժողովը վերսկսում է վարչական վարույթը սույն հոդվածով նախատեսված հիմքերի մասին տեղեկանալուց հետո` հնգօրյա ժամկետում, որի մասին ծանուցում է վարույթի մասնակիցներին:

9. Վարչական վարույթի կասեցման մասին հանձնաժողովի որոշումն ընդունվում է գրավոր քվեարկությամբ:

 

Հոդված 34. Վարչական վարույթի չհարուցումը և կարճումը

 

1. Հանձնաժողովը վարչական վարույթ չի հարուցում, իսկ հարուցված վարույթը կարճում է, եթե`

1) բացակայում է վարչական իրավախախտումը.

2) քննարկվող հարցի առնչությամբ առկա է վարչական կամ դատական ակտ, կամ հարցը վարչական կամ դատարանի վարույթի ներքո է.

3) դիմումով առաջադրված հարցը դուրս է հանձնաժողովի իրավասությունից.

4) անձն օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով ենթակա է ազատման պատասխանատվությունից.

5) արարքը, իրավակարգավորման փոփոխությամբ պայմանավորված, դադարել է իրավախախտում համարվելուց.

6) լրացել է վարչական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը.

7) լրացել է սույն օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետը, և այդ ընթացքում չի վերացել վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը.

8) դիմում-բողոքի հիման վրա հանձնաժողովի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակում դիմողը գրավոր հրաժարվում է իր դիմումից.

9) կարգավորվող անձը լուծարվել կամ մահացել է.

10) առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր:

2. Հանձնաժողովը վարչական վարույթ կարող է չհարուցել, իսկ հարուցված վարչական վարույթը կարճել, եթե`

1) կարգավորվող անձը սպառողին կամ դիմող անձին վճարել է խախտման համար հանձնաժողովի հաստատած կանոններով նախատեսված տույժը.

2) մինչև պատասխանատվության միջոց կիրառելու մասին հանձնաժողովի որոշման ընդունումը կարգավորվող անձը վերացրել է թույլ տված խախտումը, և եթե դրա հետևանքով չի վտանգվել և չէր կարող վտանգվել համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, այն ուղղակիորեն չի հանգեցրել մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման, լիցենզիայի (թույլտվության) պայմանների կոպիտ խախտման, այլ կարգավորվող անձի օրինական շահերի խախտման, կարգավորվող գործունեության խոչընդոտման կամ լիցենզիայի (թույլտվության) պայմանների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, և առկա չէ խախտման կատարման կրկնակիություն: Սույն կետի իմաստով` խախտման կատարման կրկնակիություն է համարվում այդ խախտումը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը:

 

Հոդված 35. Հանձնաժողովի կողմից կիրառվող պատասխանատվությունը

 

1. Կարգավորվող անձի կողմից ճյուղային օրենքներով, հանձնաժողովի իրավական ակտերով սահմանված պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում հանձնաժողովն իրավասու է կիրառելու ճյուղային օրենքներով նախատեսված պատասխանատվության միջոցներ, վերականգնելու մինչև խախտումը եղած դրությունը, կատարելու դրանից բխող գործողություններ (այդ թվում` հաշվարկ, վերահաշվարկ և այլն), ինչպես նաև տալու դրանք կամ խախտումը վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ:

2. Կարգավորվող անձի աշխատողի աշխատանքային գործունեության ընթացքում դրսևորած վարքագիծը դիտարկվում է որպես կարգավորվող անձի վարքագիծ:

3. Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող անձի կատարած իրավախախտման հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման` օրենքով սահմանված կարգով:

4. Հանձնաժողովի կողմից կարգավորվող անձի նկատմամբ պատասխանատվության կիրառումը վերջինիս չի ազատում այն պարտականության կատարումից, որի խախտման համար նա ենթարկվել է պատասխանատվության:

 

Հոդված 36. Հանրային ծառայությունների ոլորտում հնարավոր իրավախախտման վերաբերյալ հաղորդման կամ դիմում-բողոքի քննարկման կարգը

 

1. Հանրային ծառայությունների ոլորտում հնարավոր իրավախախտման վերաբերյալ հաղորդումը (այսուհետ` հաղորդում) կամ դիմում-բողոքը քննարկվում է այն հանձնաժողով մուտքագրվելու օրվանից հետո` երեսնօրյա ժամկետում:

2. Եթե հաղորդմամբ կամ դիմում-բողոքով ներկայացված հարցը լրիվ կամ մասնակի ենթակա է այլ վարչական մարմնի իրավասությանը, ապա հանձնաժողովն այն ամբողջությամբ կամ համապատասխան մասով մուտքագրվելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում վերահասցեագրում է իրավասու մարմնին` ծանուցելով դիմողին:

3. Եթե հաղորդմամբ կամ դիմում-բողոքով ներկայացված հարցը դուրս է ինչպես հանձնաժողովի, այնպես էլ այլ մարմնի իրավասությունից, կամ հստակ չէ ներկայացված պահանջը, ապա հանձնաժողովը հաղորդումը կամ դիմում-բողոքը կից փաստաթղթերով մուտքագրվելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է դիմողին` նշելով պատճառների մասին:

4. Հանձնաժողովը հաղորդմամբ կամ դիմում-բողոքում ներկայացված հարցի փաստական հանգամանքների բազմակողմանի և լրիվ քննարկման համար տեղեկություններ կամ պարզաբանումներ ստանալու նպատակով կարող է դիմողից, կարգավորվող անձից, իրավասու այլ մարմնից կամ կազմակերպությունից պահանջել ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկություններ:

5. Հանձնաժողովը հաղորդման կամ դիմում-բողոքի քննարկման համար անհրաժեշտ փաստական հանգամանքներ պարզելու նպատակով լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ ստանալու նպատակով կարող է առավելագույնը 15 օրով երկարաձգել հաղորդման կամ դիմում-բողոքի քննարկման ժամկետը` այդ մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցելով դիմողին:

6. Ճյուղային օրենքներով իր իրավասությանն առնչվող և դրանց հիման վրա ընդունված` հանձնաժողովի իրավական ակտերի հնարավոր խախտումների բացահայտման դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի, հանձնաժողովի նախաձեռնությամբ հարուցվում է վարչական վարույթ` երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցելով դիմողին և հնարավոր խախտում կատարած անձին:

7. Հաղորդման կամ դիմում-բողոքի քննարկման արդյունքներով դիմողին տրվում է գրավոր պարզաբանում, եթե`

1) բացակայում է խախտումը.

2) քննարկվող հարցի վերաբերյալ առկա է վարչական կամ դատական ակտ, կամ հարցը վարչական կամ դատական քննության փուլում է.

3) անձն օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով ենթակա է ազատման պատասխանատվությունից.

4) արարքը, իրավակարգավորման փոփոխությամբ պայմանավորված, դադարել է իրավախախտում համարվելուց.

5) կարգավորվող անձը սպառողին կամ դիմող անձին վճարել է խախտման համար հանձնաժողովի հաստատած կանոններով նախատեսված տույժը.

6) լրացել է պատասխանատվության ենթարկելու` սույն օրենքով սահմանված վաղեմության ժամկետը.

7) կարգավորվող անձը լուծարվել կամ մահացել է.

8) դիմում-բողոքը ներկայացրել է ոչ շահագրգիռ անձը.

9) դիմումով առաջադրված հարցը դուրս է հանձնաժողովի իրավասությունից:

8. Եթե դիմում-բողոք ներկայացրած անձը հրաժարվել է դրանից կամ հայտնել խնդրի կարգավորման մասին, ապա հանձնաժողովը դիմում-բողոքի քննարկման ընթացքը դադարեցնում է:

 

ԳԼՈՒԽ 5
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 37. Կարգավորման պարտադիր վճարները

 

1. Կարգավորվող անձինք օրենքով սահմանված կարգով և չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են մուծում կարգավորման պարտադիր վճարներ:

2. Կարգավորման պարտադիր վճարների տարեկան գումարը չի կարող պակաս լինել հանձնաժողովի յուրաքանչյուր տարվա պահպանման ծախսերի նախահաշվից:

 

Հոդված 38. Հանձնաժողովի ֆինանսավորումը

 

1. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի կազմում է հաջորդ տարվա իր պահպանման ծախսերի նախահաշիվը և ներկայացնում Կառավարություն` բյուջետային գործընթացի համար սահմանված կարգով և ժամկետներում:

2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հանձնաժողովին հատկացվող պահպանման ծախսերի տարեկան մեծությունը ձևավորվում է սույն օրենքի 40-րդ հոդվածի համաձայն ձևավորված` հանձնաժողովի աշխատավարձի տարեկան ֆոնդը բազմապատկելով 1.75 գործակցով և ավելացնելով հանձնաժողովի լիազորությունների ապահովման նպատակով իրականացվող (իրականացվելիք) գործառույթների, ծրագրերի և միջոցառումների, առանձնահատուկ դեպքերում կապիտալ ծախսերի կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված նպատակային ծախսերը: Ընդ որում, եթե հարկ է լինում հանձնաժողովի պահպանման ծախսերն ավելացնելու հանձնաժողովի լիազորությունների ապահովման նպատակով իրականացվող (իրականացվելիք) գործառույթների, ծրագրերի և միջոցառումների, առանձնահատուկ դեպքերում կապիտալ ծախսերի կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված, ապա հանձնաժողովը դիմում է Կառավարություն և միայն Կառավարության համաձայնությունն ստանալուց հետո նախաձեռնում իր պահպանման ծախսերի տարեկան մեծության ավելացման հետ կապված գործընթացները: Հանձնաժողովին հատկացվող պահպանման ծախսերի տարեկան մեծության և սույն օրենքի 40-րդ հոդվածի համաձայն ձևավորված` հանձնաժողովի աշխատավարձի տարեկան ֆոնդի, հանձնաժողովի լիազորությունների ապահովման նպատակով իրականացվող (իրականացվելիք) գործառույթների, ծրագրերի և միջոցառումների, առանձնահատուկ դեպքերում կապիտալ ծախսերի կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված ծախսերի տարբերությունն ուղղվում է հանձնաժողովի պահպանման և կարողությունների զարգացման, հանձնաժողովի անդամների և աշխատողների նյութական խրախուսման և զարգացման, հանձնաժողովի անդամների և աշխատողների սոցիալական ծրագրերի իրականացման և օրենսդրությամբ չարգելված` հանձնաժողովի այլ ֆոնդերի, որոնց չափերը (մեծությունը) սահմանում է հանձնաժողովը: Նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից յուրաքանչյուրից պարգևատրմանն ուղղվող միջոցները չեն կարող գերազանցել հանձնաժողովի աշխատավարձի տարեկան ֆոնդի 30 տոկոսը:

3. Հանձնաժողովին հատկացվող պահպանման ծախսերի տարեկան մեծությունը ձևավորվում է նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված` հանձնաժողովի անդամների և աշխատողների նյութական խրախուսման և զարգացման, հանձնաժողովի անդամների և աշխատողների սոցիալական ծրագրերի իրականացման և օրենսդրությամբ չարգելված` հանձնաժողովի այլ ֆոնդերի ծախսման կարգը սահմանում է հանձնաժողովը:

5. Սույն հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան հաշվարկված` հանձնաժողովի տարեկան բյուջեի (բացառությամբ հանձնաժողովի լիազորությունների ապահովման նպատակով իրականացվող (իրականացվելիք) ծրագրերի, միջոցառումների և գործառույթների, առանձնահատուկ դեպքերում կապիտալ ծախսերի կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված ծախսերի) մեկ տոկոսի չափով հաշվարկված գումարը, որը ներառվում է հանձնաժողովի պահպանման ծախսերում, ուղղվում է հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող, օրենսդրությանը համապատասխան գրանցված հասարակական կազմակերպություններին կարողությունների զարգացման և նրանց անդամների մասնագիտական գիտելիքների կատարելագործման նպատակով: Յուրաքանչյուր տարի հաշվարկված գումարը հասարակական կազմակերպություններին տրամադրում է Կառավարության որոշմամբ սահմանված պետական լիազոր մարմինը: Սույն մասում նշված հասարակական կազմակերպությունների ընտրության, գումարի տրամադրման կարգն ու պայմանները սահմանվում են Կառավարության որոշմամբ:

 

Հոդված 39. Հանձնաժողովի բյուջեի հաստատումը

 

1. Հանձնաժողովի բյուջեն յուրաքանչյուր տարի հաստատվում է տվյալ տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով:

 

Հոդված 40. Հանձնաժողովի անդամների և աշխատողների վարձատրությունը

 

i

1. Հանձնաժողովի անդամների և աշխատողների վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով:

Հոդված 41. Հանձնաժողովի ֆինանսական հաշվետվությունը և ֆինանսական գործունեության աուդիտը

 

1. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի ֆինանսական հաշվետվություն է ներկայացնում Կառավարության լիազորած մարմին, որն այդ հաշվետվության հավաստիության ճշտման նպատակով կարող է անցկացնել հանձնաժողովի ֆինանսական գործունեության աուդիտ: Հանձնաժողովը պարտավոր է աջակցել աուդիտի անցկացմանը:

 

pin
ՀՀ 25.12.2003
N ՀՕ-18-Ն օրենք