Սեղմել Esc փակելու համար:
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 47-ՐԴ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 47-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ Ե ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Սնանկության գործ

    դատարանի որոշում                           թիվ ԵԱՔԴ/0231/04/16

    Սնանկության գործ թիվ ԵԱՔԴ/0231/04/16       2021 թ.

Նախագահող դատավոր` Ա. Մխիթարյան

    Դատավորներ`        Ն. Կարապետյան

                       Ն. Մարգարյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի դեկտեմբերի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.06.2019 թվականի որոշման դեմ` «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կարեն Սավզյանը պահանջել է Արմեն Ավագյանին ճանաչել սնանկ:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Դանիելյան) 22.08.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Դանիելյան) (այսուհետ` Դատարան) 05.05.2017 թվականի որոշմամբ հաստատվել է Արմեն Ավագյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակն ըստ առաջնահերթության և ապահովվածության 05.05.2017 թվականի դրությամբ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.06.2019 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) տնօրեն Արմեն Մելքոնյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է Դատարանի 05.05.2017 թվականի «Արմեն Ավագյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը, և գործը` Բանկի պահանջը 648.771.62 ԱՄՆ դոլարի և 131.000 ՀՀ դրամի չափով որպես ապահովված պահանջ գրանցելու մասով, ուղարկվել է նույն դատարան` այդ ծավալով նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Դավիթ Սարգսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերության տնօրեն Արմեն Մելքոնյանը (ներկայացուցիչ Ռոմեն Ահարոնյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 76-րդ հոդվածի 5-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը նախ և առաջ պարտավոր էր ստուգել Ընկերության և վերջինիս ներկայացուցչի լիազորությունների օրինականությունն ու լեգիտիմությունը, ինչը չի արվել:

Ընկերության լուծարման գործընթացը սկսված լինելու և գործունեությունը կասեցված լինելու պայմաններում չէր կարող տնօրենի փոփոխություն իրականացվել և առանց կառավարչի համաձայնության ու թույլտվության ձեռնարկվել պարտապանին պատկանող գույքի հետ կապված որևէ գործողություն, այդ թվում դատական ակտի բողոքարկում: Վերաքննիչ դատարանը, որոշմամբ չի նշել այն հիմքերն ու շարժառիթները, որոնց հիման վրա հանգել է հետևության այն մասին, թե`

- արդյոք Դատարանը պարտավոր էր սնանկության վարույթի մասնակից դարձնել երրորդ անձ գրավատուին այն պարագայում, երբ գործող օրենսդրությամբ սահմանված չէ այդ հարցի կարգավորումը,

- կամ արդյոք միայն վարույթի մասնակից չդառնալու պատճառով խախտվել է երրորդ անձ գրավատուի այնպիսի իրավունք, որը թույլ կտար բեկանել Դատարանի որոշումը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 14.06.2019 թվականի որոշումը` անհրաժեշտության դեպքում կայացնելով նոր դատական ակտ:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Բողոքարկված դատական ակտը պատճառաբանված է: Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկներին, թե Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել ներկայացված նոր ապացույցներին, ապա դրանք բողոքի քննության համար էական նշանակություն ունենալ չեն կարող, քանի որ վերաքննիչ բողոքը վերաբերում է պահանջների վերջնական ցուցակը հաստատելու հարցի քննությանն Ընկերությանը մասնակից չդարձնելուն, իսկ բողոքաբերի փաստարկները և «ներկայացված ապացույցները» վերաբերում են վիճարկվող որոշումից հետո տեղի ունեցած գործընթացներին` գույքի վաճառքի կամ աճուրդի մասին տեղեկացված լինելուն: Վճռաբեկ բողոքում բարձրացված հարցերը, որոնք վերաբերում են երրորդ անձ գրավատուին, թե ինչ կարգով պետք է գործին մասնակից դարձվի, արդյոք Դատարանը պարտավոր էր նրան մասնակից դարձնել և այլն, արդեն իսկ գտել են իրենց իրավական պատասխանները բողոքարկված դատական ակտում և դրանում վկայակոչված ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված դիրքորոշումներում:

Ինչ վերաբերում է սնանկության կառավարչի տեղեկացված լինելուն, ապա տեղեկացված լինելը և մասնակից դարձվելը տարբեր հասկացություններ են:

Բողոքաբերը փաստարկում է բացառապես սույն սնանկության գործի շրջանակներում Ընկերության գույքի աճուրդի մասին Ընկերության սնանկության կառավարչի տեղեկացված լինելու մասին, ինչը չի նշանակում, որ Ընկերությունը տեղեկացվել է սույն սնանկության գործի, աճուրդի և պարտավորության հիմքերի մասին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Դատարանի 22.08.2016 թվականի վճռով պարտապան Արմեն Ավագյանը ճանաչվել է սնանկ, իսկ 08.12.2017 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Հայկ Կոշեցյանը (հատոր 1-ին, գ.թ 37-38, 49):

Բանկի և Արմեն Ավագյանի միջև 27.12.2014 թվականին կնքված թիվ VP030105 Ներդրումային վարկային պայմանագրի 1.1 կետի համաձայն` Բանկը պարտավորվում է Արմեն Ավագյանին տրամադրել 650.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ` երեք տարի ֆիքսված տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով, իսկ Արմեն Ավագյանը պարտավորվում է վերադարձնել վարկը և վճարել դրա օգտագործման համար հաշվարկված տոկոսներ:

Մի կողմից Բանկի, մյուս կողմից Արմեն Ավագյանի և Ընկերության միջև 27.12.2014 թվականին կնքված Պարտապան չհանդիսացող անձին պատկանող անշարժ գույքի հաջորդող գրավի թիվ 246601 պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 1.1 կետի համաձայն` Արմեն Ավագյանի և Բանկի միջև 27.12.2014 թվականին կնքված Ներդրումային վարկավորման պայմանագրով Բանկի հանդեպ Արմեն Ավագյանի ստանձնած պարտավորությունները վերջինիս կողմից չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում Բանկն իրավունք ունի Արմեն Ավագյանի նկատմամբ իր ունեցած պահանջները բավարարելու Պայմանագրի 1.2 կետում նշված անշարժ գույքի հաշվին:

2) Պայմանագրի 1.2 կետի համաձայն` գրավի առարկա է հանդիսանում հետևյալ անշարժ գույքը` Արարատի մարզ, գյուղ Այնթապ 1 փողոց, թիվ 1/1 Մ. Մելքոնյանի անվան Այնթապի գործ ԲԲԸ շենքեր, շինություններ և հողամաս: Շինության մակերեսը` արտադրական շենքեր` 9031,8 քմ, ստորգետնյա պահեստ` 136,5 քմ, պոմպակայան` 11,6 քմ, ծածկ` 75,1 քմ, ծածկ` 129,9 քմ, գազապաստարան` 738,1 քմ, օժանդակ շինություն 193,1 քմ, պարիսպ` 290 գծմ: Հողամասի չափը` 2,07 հա: Գրավադրված գույքի կազմում ներառվում են նաև պայմանագրի կնքման պահին և հետագայում դրա վրա կատարվող բոլոր էական և ոչ էական, թույլատրելի և ոչ թույլատրելի փոփոխությունները` անկախ դրանց պետական գրանցման հանգամանքից, ինչպես նաև հողամասի, բազմաբնակարան շենքի` ընդհանուր գույքի բաժնային սեփականության իրավունքում համապատասխան բաժինը:

3) Պայմանագրի 1.3 կետի համաձայն` Պայմանագիրը կնքելու պահի դրությամբ գրավադրված գույքը սեփականության իրավունքով պատկանում է գրավատուին, ինչը հավաստվում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից 04.10.2007 թվականին տրված թիվ 2407879 անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով (հատոր 1-ին, գ.թ. 66-67):

4) Թիվ ԱՎԴ/0001/04/16 գործով Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 16.02.2016 թվականի վճռով Ընկերություն ճանաչվել է սնանկ, 14.03.2016 թվականին սնանկության կառավարիչ է նշանակվել Վարդգես Բալաբեկյանը, իսկ 01.09.2016 թվականի որոշմամբ Ընկերության նկատմամբ սկսվել է լուծարման վարույթ (հիմք` www.court.am պաշտոնական կայք):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սնանկ ճանաչված ընկերության տնօրենի կողմից այլ սնանկության գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավական հնարավորությանը:

 

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը սնանկության գործով դիմում է դատարան` նույն օրենքով նախատեսված դեպքերում:

i

Նույն հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն` սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը` պարտապանի անունից դիմում է դատարաններ` դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերոգրյալ իրավանորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի դատավարական իրավունքներն իրացնում է կառավարիչը: Մասնավորապես` վերջինս պարտապանի անունից դիմում է դատարաններ դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից: Նշվածից հետևում է, որ սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի անունից դատարան հայց ներկայացնելու իրավունքը ևս իրացնում է կառավարիչը (տե՛ս Մնացական Նախոյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր-Վարդանյանն ընդդեմ Լեյլի Պետրոսյանի, Թերեզա և Մարի Նախոյանների ԱՐԱԴ/0333/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

i

Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` (...) Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից պարտապանը (ղեկավարը) գործում է նույն օրենքի 47-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված կարգով:

i

Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` մինչև նրա վերաբերյալ լուծարելու մասին որոշում ընդունելը, պարտապանի ղեկավարը գործում է կառավարչի համաձայնությամբ և նրա հսկողության ներքո: Պարտապանի ղեկավարին արգելվում է պարտապանի գույքը տնօրինելու կամ պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող ցանկացած գործողություն կատարել առանց կառավարչի թույլտվության: Պարտապանին պատկանող գույքի տնօրինումը նրա լուծարման մասին որոշում կայացնելուց հետո իրականացնում է կառավարիչը` նույն օրենքով սահմանված կարգով: Պարտապանի ղեկավարը լուծարումից հետո զրկվում է գույքը տնօրինելու և կառավարելու իրավունքներից:

i

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` պարտապանի կողմից նույն հոդվածի առաջին և երկրորդ մասերի պահանջների խախտումով կնքված ցանկացած գործարք առոչինչ է:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով Օրենքի 47-րդ հոդվածին, արձանագրել, որ սնանկ ճանաչված պարտապանի դատավարական իրավունքները և պարտականությունները փոխանցվում են կառավարչին, որն էլ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պարտապանի անունից իրացնում է դրանք (տե՛ս «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «ՄԻԼԼԱՐ» ՍՊԸ-ի ԵԿԴ/2628/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2014 թվականի որոշումը):

i

Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանը 26.01.2021 թվականի ՍԴՈ-1572 որոշմամբ արձանագրել է, որ պարտապանի` սնանկ ճանաչվելու փաստն ինքնին ենթադրում է, որ վերջինս չի կարողացել կատարել իր ֆինանսական պարտավորությունները, այդ իսկ պատճառով սնանկ ճանաչվելուց հետո դատարանի կողմից նշանակվում է սնանկության գործով կառավարիչ, որի լիազորություններն էլ հանգում են պարտատերերի պահանջների պատշաճ բավարարման ապահովմանը: Հենց դա է պատճառը, որ օրենսդիրը սնանկության գործով կառավարչին է վերապահել դատական կարգով լուծում պահանջող հարցերով պարտապանի անունից դատարաններ դիմելու իրավասությունը: Նման իրավակարգավորումը չի կարող դիտարկվել որպես պարտապանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում, քանի որ բոլոր դեպքերում այդ իրավունքն իրացվում է անկախ նրանից` անմիջականորեն դատարան է դիմում պարտապանը, թե նրա անունից` սնանկության գործով կառավարիչը:

i

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարանի վճռով սնանկ ճանաչված պարտապանը սնանկ ճանաչվելուց հետո այլ դատական գործերով իր անունից ինքնուրույն չի կարող իրացնել իր դատավարական իրավունքներն ու պարտականությունները, քանի որ նրա անունից ի պաշտոնե հանդես է գալիս սնանկության գործով կառավարիչը: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանի վճռով սնանկ ճանաչված պարտապանը սնանկ ճանաչվելուց հետո չի կարող զրկվել նույն սնանկության գործի շրջանակներում իր դատավարական իրավունքներն իրացնելու հնարավորությունից (օրինակ` Օրենքի 31-րդ հոդվածի հիմքով կառավարչի գործողությունները (անգործությունը) վիճարկելը, սնանկության գործի շրջանակներում կայացված դատական ակտերը բողոքարկելը, Օրենքով սահմանված դեպքերում առարկություններ ներկայացնելը և այլն):

Սույն գործի փաստերի համաձայն` Կարեն Սավզյանը դիմել է դատարան Արմեն Ավագյանին սնանկ ճանաչելու պահանջով: Դատարանի վճռով դիմումը բավարարվել է:

Սույն սնանկության գործով Դատարանի «Արմեն Ավագյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» 05.05.2017 թվականի որոշմամբ Դատարանը հաստատել է Բանկի պահանջը` որպես Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` ՀՀ Արարատի մարզի Այնթապ 1-ին փողոցի թիվ 1/1 հասցեի անշարժ գույքի գրավով ապահովված պահանջ:

ՀՀ Արարատի մարզի Այնթապ 1-ին փողոցի թիվ 1/1 հասցեի անշարժ գույքը մինչև սույն սնանկության գործի շրջանակում օտարվելը սեփականության իրավունքով պատկանել է Ընկերությանը: Ընկերությունը թիվ ԱՎԴ/0001/04/16 գործով 16.02.2016 թվականի վճռով ճանաչվել է սնանկ, 14.03.2016 թվականին սնանկության կառավարիչ է նշանակվել Վարդգես Բալաբեկյանը, իսկ 01.09.2016 թվականի որոշմամբ Ընկերության նկատմամբ սկսվել է լուծարման վարույթ:

Դատարանի «Արմեն Ավագյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» 05.05.2017 թվականի որոշման դեմ Ընկերության անունից վերաքննիչ բողոք է ներկայացրել Ընկերության տնօրեն Արմեն Մելքոնյանը:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով գործին մասնակից չդարձված անձ Ընկերության տնօրեն Արմեն Մելքոնյանի վերաքննիչ բողոքը` 14.06.2019 թվականի որոշմամբ արձանագրել է. «(...) «Արմեն Ավագյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» 05.05.2017 թվականի որոշումն անմիջականորեն առնչվում է նաև գրավատու «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքին, քանի որ Բանկի, Արմեն Ավագյանի և «Այնթապի Տեքստիլագործ» ՍՊԸ-ի միջև 27.12.2014 թվականին կնքված պարտապան չհանդիսացող անձին պատկանող անշարժ գույքի հաջորդող գրավի թիվ 246601 պայմանագրով վարկառուի և գրավատուի միջև 27.12.2014 թվականին կնքված թիվ VP 030105 ներդրումային վարկավորման պայմանագրով գրավառուի հանդեպ վարկառուի ստանձնած պարտավորությունները վերջինիս կողմից չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում գրավառուին վերապահված է իրավունք` վարկառուի նկատմամբ իր պահանջները բավարարել «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող գրավի առարկա անշարժ գույքի հաշվին:

Դատարանի 05.05.2017 թվականին կայացված «Արմեն Ավագյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշմամբ գրանցվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի` «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող գույքի գրավով ապահովված պահանջը, մինչդեռ «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ն, տեղեկացված չլինելով դատարան ներկայացված պահանջի մասին, զրկվել է ապահովված պահանջի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու և օրենքով սահմանված այլ իրավունքներ իրացնելու հնարավորությունից այն պայմաններում, երբ որոշումն ուղղակիորեն շոշափում է գրավատու հանդիսացող անձանց սեփականության իրավունքը»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը (տե՛ս Դումիտրու Գեորգեն ընդդեմ Ռումինիայի գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է (տե՛ս «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Քրիստինե Տոնոյանի, Օվսաննա Մեսրոբյանի թիվ ԵԿԴ/2357/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2019 թվականի որոշումը):

Վերոգրյալից հետևում է, որ օրենսդիրը մի կողմից ապահովել է անձի դատական պաշտպանության իրավունքը և դրա բաղադրատարր հանդիսացող դատական ակտերի բողոքարկման իրավունքը, մյուս կողմից սահմանել է այդ իրավունքն օրենքով սահմանված կարգով և դեպքերում իրականացնելու պարտադիրությունը: Այսինքն` երբ օրենքով հստակ սահմանված է բողոքարկման իրավունք ունեցող անձանց շրջանակը, բողոքարկման ժամկետները, բողոքարկման ենթակա դատական ակտերը, ապա նշված հանգամանքների խախտումը հանգեցնում է օրենքով սահմանված անձանց շրջանակից դուրս գտնվող անձի դատական պաշտպանության` այդ թվում բողոքարկման իրավունքի իրավաչափ սահմանափակմանը:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սնանկ ճանաչված պարտապանի դատավարական իրավունքները և պարտականությունները փոխանցվում են կառավարչին, որն էլ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պարտապանի անունից իրացնում է դրանք:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն, որ թիվ ԱՎԴ/0001/04/16 գործով Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 16.02.2016 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ: Ավելին, Դատարանի որոշմամբ Ընկերության նկատմամբ սկսվել է լուծարման վարույթ:

i

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ սնանկ ճանաչված պարտապանի դատավարական իրավունքները և պարտականությունները փոխանցվում են կառավարչին, ով օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պարտապանի անունից իրացնում է դրանք` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոք կարող էր ներկայացվել բացառապես Ընկերության սնանկության գործով կառավարչի` որպես ի պաշտոնե ներկայացուցչի կողմից: Այսինքն, տվյալ դեպքում բացակայում է Ընկերության տնօրենի կողմից սույն գործով վերաքննիչ բողոք բերելու իրավական հնարավորությունը, որպիսի հանգամանքը հաշվի չի առնվել Վերաքննիչ դատարանի կողմից (տե՛ս նաև ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՔԴ/0231/04/16 գործով 23.07.2021թ. որոշումը): Հետևաբար, Վերաքննիչ դատարանը բողոքը վարույթ ընդունելու փոխարեն, պետք է այն վերադարձներ` իրավական հնարավորություն ընձեռելով շահագրգիռ անձին իր բողոքարկման իրավունքն իրացնելու պատշաճ ներկայացուցչի կողմից: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը բողոքը վարույթ է ընդունել և այն ըստ էության քննության առնելով` բավարարել: Ընդ որում, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով հանդիսանալով միջանկյալ դատական ակտ, անմիջականորեն ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով: Հետևաբար, նշված դատական ակտի նկատմամբ կիրառման ենթակա է հետաձգված բողոքարկման կառուցակարգը, որը և իրացվել է սույն վճռաբեկ բողոքի շրջանակներում:

i

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը վերացնելու լիազորությունը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` որոշումը Վճռաբեկ դատարանի կողմից վերացվելու դեպքում վերաքննիչ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե բացակայում են վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու այլ հիմքեր կամ վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքեր:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.06.2019 թվականի որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 30 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.12.2021
N ԵԱՔԴ/0231/04/16
Որոշում