Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԸՆԹԱՑՔԸ ԿԱՐՈՂ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ԵԱՔԴ/2192/02/10

    Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2192/02/10      2022 թ.

Նախագահող դատավոր` Գ. Խանդանյան

    Դատավորներ`        Տ. Նազարյան

                       Հ. Ենոքյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի հունվարի 12-ին

գրավոր ընթացակարգով քննելով Իրինա Մանասերյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.07.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Իրինա Մանասերյանի ընդդեմ Ռուզաննա Մանուկյանի, Մհեր Արմենակյանի` համապարտության կարգով 25.791.360 ՀՀ դրամ գումարի, տոկոսների բռնագանձման, գրավի առարկա հանդիսացող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, Ռուզաննա Մանուկյանի և Մհեր Արմենակյանի ընդհանուր սեփականության իրավունքը ճանաչելու, անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը վերականգնված ճանաչելու և բռնագանձումը գրավի առարկա հանդիսացող գույքի վրա տարածելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Ռուզաննա Մանուկյանի, Մհեր Արմենակյանի ընդդեմ Իրինա Մանասերյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ անձ «Էյչ-Էս-Բի-Սի-Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության` 30.12.2009 թվականին կնքված փոխառության պայմանագրի 1-ին, 2-րդ կետերի և անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրի 1-ին, 2-րդ և 7.1 կետերի պահանջների համապատասխան համամասնական չափով անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը մասնակի` 8/9 մասով անվավեր ճանաչելու, Իրինա Մանասերյանի սեփականության իրավունքն անշարժ գույքի 1/9 բաժնեմասի նկատմամբ ճանաչելու և տվյալ մասով բաժնեմասն առանձնացնելու, անվավեր ճանաչվող 8/9 մասով Ռուզաննա Մանուկյանի և Մհեր Արմենակյանի համատեղ ընդհանուր սեփականության իրավունքն անշարժ գույքի նկատմամբ ճանաչելու, որպես հետևանք փոփոխելու և անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը համամասնորեն վերագրանցելու` որպես Իրինա Մանասերյանի` 1/9, Ռուզաննա Մանուկյանի և Մհեր Արմենակյանի` 8/9 համասեփականատերերի ընդհանուր համատեղ բաժնեմասային սեփականություն, անշարժ գույքի տիրապետման, օգտագործման, կառավարման հետ չկապված իրավունքների իրականացման խախտումները վերացնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Իրինա Մանասերյանը պահանջել է Ռուզաննա Մանուկյանին, Ղազարոս և Հակոբ Սիմոնյաններին, Արսեն, Անդրանիկ, Մհեր, Ռուզաննա և Արա Արմենակյաններին վտարել Երևան քաղաքի Կամարակ 1-ին նրբանցք թիվ 24 հասցեի տնից:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Մհեր Արմենակյանն ու Ռուզաննա Մանուկյանը պահանջել են անվավեր ճանաչել Իրինա Մանասերյանի անվամբ Երևան քաղաքի Կամարակ 1-ին նրբանցք թիվ 24 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 19.07.2010 թվականին կատարված պետական գրանցման հիմք հանդիսացած գործարքը և դրա հիման վրա 19.07.2010 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Հունանյան) 28.06.2011 թվականի վճռով հաստատվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը, և գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Լ. Գրիգորյան, Գ. Մատինյան, Ա. Թումանյան) 24.05.2013 թվականի որոշմամբ Մհեր Արմենակյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.06.2011 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Թադևոսյան) 25.06.2015 թվականի վճռով սկզբնական հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ա. Պետրոսյան, Գ. Կարախանյան, Լ. Գրիգորյան) 03.12.2015 թվականի որոշմամբ Մհեր, Արա, Արսեն, Անդրանիկ Արմենակյանների և Ռուզաննա Մանուկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.06.2015 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Գործի նոր քննության ընթացքում սկզբնական հայցվոր Իրինա Մանասերյանի կողմից դատարան է ներկայացվել հայցի հիմքը և առարկան փոփոխելու մասին դիմում, որով վերջինս պահանջել է Ռուզաննա Մանուկյանից և Մհեր Արմենակյանից համապարտության կարգով բռնագանձել 25.791.360 ՀՀ դրամ` որպես 04.09.2018 թվականի դրությամբ առկա վճարային պարտավորություն, որից` 12.768.000 ՀՀ դրամը որպես փոխառության գումար, 13.023.360 ՀՀ դրամը որպես 02.03.2010 թվականից մինչև 04.09.2018 թվականն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված տոկոսների գումար, մինչև փոխառության գումարի լրիվ վճարումը (հիմնական պարտքը մարելը), 04.09.2018 թվականից հետո ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր հաջորդող ամսվա համար Ռուզաննա Մանուկյանից և Մհեր Արմենակյանից բռնագանձել դեռևս չվճարված փոխառության գումարի (դրա մասի) նկատմամբ հաշվարկված տոկոսներ, չեղյալ համարել գրավի առարկա հանդիսացող` Երևանի Կամարակի 1-ին նրբանցքի թիվ 24 հասցեում գտնվող անշարժ գույքի միավորների նկատմամբ իրավունքի պետական գրանցման միասնական 4-22 մատյանի 000060 համարի տակ գրանցված իր սեփականության իրավունքը և համապատասխանաբար նույն անշարժ գույքի միավորների նկատմամբ ճանաչել վերականգնված Ռուզաննա Մանուկյանի և Մհեր Արմենակյանի ընդհանուր սեփականության իրավունքը, ճանաչել վերականգնված իր (գրավառու) և Ռուզաննա Մանուկյանի ու Մհեր Արմենակյանի (գրավատուներ) միջև 30.12.2009 թվականին կնքված` անշարժ գույքի, հիփոթեքի պայմանագիրը` բռնագանձումը տարածելով այդ պայմանագրով գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Բունիաթյան) (այսուհետ` Դատարան) 20.03.2019 թվականի վճռով սկզբնական հայցը բավարարվել է, իսկ գործի վարույթը` հակընդդեմ հայցի մասով` կարճվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.07.2019 թվականի որոշմամբ Ռուզաննա Մանուկյանի և Մհեր Արմենակյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 20.03.2019 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է. Վերաքննիչ դատարանը որոշել է Իրինա Մանասերյանի հայցն ընդդեմ Ռուզաննա Մանուկյանի և Մհեր Արմենակյանի` 25.791.360 ՀՀ դրամի և օրենքով սահմանված կարգով հաշվարկման ենթակա տոկոսներ բռնագանձելու, որպես գրավառու Իրինա Մանասերյանի և որպես գրավատուներ Ռուզաննա Մանուկյանի, Մհեր Արմենակյանի միջև 30.12.2009 թվականին կնքված անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը վերականգնելու և բռնագանձումը 30.12.2009 թվականին կնքված անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրով գրավադրված գրավի առարկայի նկատմամբ տարածելու վերաբերյալ, մերժել` հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով, իսկ վճիռը` մնացած մասով, թողնել անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Իրինա Մանասերյանը (ներկայացուցիչ Գևորգ Մինասյանը):

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Մհեր Արմենակյանն ու Ռուզաննա Մանուկյանը (ներկայացուցիչ Սամվել Միրզոյանը):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անհիմն հետևություն է արել այն մասին, որ Իրինա Մանասերյանն առնվազն 03.03.2010 թվականի դրությամբ իմացել է կամ կարող էր իմանալ իր իրավունքների խախտման մասին, մինչդեռ գումարի բռնագանձման պահանջ է ներկայացրել 30.08.2018 թվականին` բաց թողնելով հայցային վաղեմության օրենքով սահմանված ժամկետը, իսկ Ռուզաննա Մանուկյանն ու Մհեր Արմենակյանը պարտքը չեն ճանաչել և գործի ողջ քննության ընթացքում պնդել են, որ փոխառության պայմանագրից բխող իրենց պարտականությունները պատշաճ կատարել են:

Մինչդեռ Իրինա Մանասերյանը 09.11.2010 թվականին դատարան է դիմել պատասխանողներին իրեն սեփականության իրավունքով պատկանող տնից վտարելու պահանջով, որպիսի հանգամանքը սակայն Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ռուզաննա Մանուկյանի և Մհեր Արմենակյանի 25.10.2016 թվականին Դատարան ներկայացրած հակընդդեմ հայցադիմումի հստակեցման և 15.12.2016 թվականի հակընդդեմ հայցապահանջն ավելացնելու մասին դիմումներն ամբողջությամբ հիմնված են եղել փոխառության պայմանագրի վրա: Նշված դատավարական գործողություններով հակընդդեմ հայցվորները, ճանաչելով փոխառության պայմանագիրը, դրանից բխող իրենց վճարային պարտավորությունը, պահանջել են մասնակի անվավեր ճանաչել Երևան քաղաքի Կամարակ 1-ին նրբանցքի թիվ 24 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Իրինա Մանասերյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը և համապատասխանաբար վեճի առարկա հանդիսացող անշարժ գույքի 1/9 մասը թողնել Իրինա Մանասարյանի սեփականությանը` որպես իրենց հիմնական պարտքի դիմաց հատուցում, իսկ 8/9 մասով ճանաչել Ռուզաննա Մանուկյանի և Մհեր Արմենակյանի համատեղ ընդհանուր սեփականությունը` ելնելով այն իրողությունից, որ Իրինա Մանասերյանի հանդեպ ունեցած իրենց պարտքի հիմնական գումարը` 12.768.000 ՀՀ դրամը կազմում է Երևան քաղաքի Կամարակ 1-ին նրբանցքի թիվ 24 հասցեի անշարժ գույքի շուկայական արժեքի 1/9 մասը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 19.07.2019 թվականի որոշումը մասնակիորեն` Դատարանի 20.03.2019 թվականի վճիռը մասնակի բեկանելու և փոփոխելու մասով, բեկանել և այդ մասով օրինական ուժ տալ Դատարանի 20.03.2019 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործի շրջանակներում ի սկզբանե Իրինա Մանասարյանը հանդես է եկել որպես Երևան քաղաքի Կամարակ 1-ին նրբանցքի թիվ 24 հասցեի անշարժ գույքի սեփականատեր` իր սեփական բնակարանից «ապօրինի» զբաղեցնողներին` պատասխանողներին վտարելու միակ պահանջով և երբևէ անցած ութ տարիների ընթացքում իրեն չի ներկայացրել որպես փոխատու և, ըստ այդմ էլ, պահանջը չի ներկայացրել դրամական ձևով հատուցման մասին, ինչը ներկայացվեց 04.09.2018 թվականին հայցի առարկան և հիմքը փոխելու մասին դիմումով, պահանջելով փոխառության գումարը և բանկային տոկոսները, այսինքն` արդեն իսկ այլ կարգավիճակում, այն է` որպես փոխատու, իսկ նման հայցապահանջի դեմ պատասխանողներն ի սկզբանե` 2010-2011 թվականներից ամբողջությամբ առարկել են և սույն գործով դատաքննության ընթացքում վերջնականապես պարզելով հայցվորի պահանջը` խնդրել են կիրառել հայցային վաղեմություն և հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Թիվ ՍԼ 354703 ամուսնության վկայականի համաձայն` Մհեր Արմենակյանն ու Ռուզաննա Մանուկյանն օրինական ամուսիններ են, ամուսնությունը գրանցվել է 22.07.1976 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 15),

2. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 02.03.2005 թվականի թիվ 1482687 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Երևան քաղաքի Կամարակ 1-ին նրբանցք թիվ 24 հասցեի անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Ռուզաննա Մանուկյանի սեփականության իրավունքը` 06.12.1985 թվականի թիվ 2-211 բնակելի տան առուվաճառքի պայմանագրի հիման վրա (հատոր 2-րդ, գ.թ. 16-17),

3. Իրինա Մանասերյանի և Ռուզաննա Մանուկյանի, Մհեր Արմենակյանի միջև 30.12.2009 թվականին կնքված փոխառության պայմանագրի 1-ին կետի համաձայն` Իրինա Մանասերյանը, Ռուզաննա Մանուկյանին և Մհեր Արմենակյանին փոխառությամբ տվել է 12.768.000 ՀՀ դրամ` երկու ամիս ժամկետով` մինչև 02.03.2010 թվականը վերադարձնելու պայմանով` առանց տոկոսների վերահաշվարկման: Փոխառության պայմանագրի 2-րդ կետի համաձայն` Ռուզաննա Մանուկյանը և Մհեր Արմենակյանն Իրինա Մանասերյանից ստացել են 12.768.000 ՀՀ դրամ և պարտավորվել են փոխառությամբ վերցված գումարը վերադարձնել Երևան քաղաքում մինչև 02.03.2010 թվականը:

Փոխառության պայմանագրի 3-րդ կետի համաձայն` նշված պարտավորության խախտման դեպքում նույն պայմանագրով նշված գումարը ենթակա է բռնագանձման դատական կարգով (հատոր 1-ին, գ.թ. 38),

4. Ի ապահովումն վերը նշված փոխառության պայմանագրի` Ռուզաննա Մանուկյանի և Մհեր Արմենակյանի, Իրինա Մանասերյանի միջև 30.12.2009 թվականին կնքվել է անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիր:

Հիփոթեքի պայմանագրի 2-րդ կետի համաձայն` որպես նույն պայմանագրի 1-ին կետով ստանձնած պարտավորության ապահովման երաշխիք` գրավատուն որպես գրավ է դնում սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Կամարակ 1-ին նրբանցքի թիվ 24 հասցեում գտնվող 610,3 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը, 8,4 քմ կաթսայատունը, 12,9 քմ և 0,0476 հա հողամասը:

Հիփոթեքի պայմանագրի 3-րդ կետի համաձայն` գրավականը կողմերի փոխադարձ համաձայնությամբ գնահատվել է 108.000.000 ՀՀ դրամ:

Հիփոթեքի պայմանագրի 7.1 կետի համաձայն` սահմանված ժամկետից շուտ գումարը գրավառուին վերադարձնելու դեպքում պայմանագրի գործողությունը դադարեցվում է երկկողմանի համաձայնությամբ: Գրավով ապահովված պարտավորությունը գրավատուի կողմից ժամանակին չկատարելու դեպքում գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի, առանց դատարան դիմելու, գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածով նախատեսված կարգով իրացնելու այն (հատոր 1-ին, գ.թ. 37),

5. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 19.07.2010 թվականի թիվ 2602155 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Երևան քաղաքի Կամարակ 1-ին նրբանցք թիվ 24 հասցեի անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Իրինա Մանասերյանի սեփականության իրավունքը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի, նոտարի 30.12.2009 թվականի թիվ 6471 անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրի 7.1 կետի հիման վրա (հատոր 2-րդ, գ.թ. 18-19),

6. 09.11.2010 թվականին դիմելով դատարան` Իրինա Մանասերյանը պահանջել է Ռուզաննա Մանուկյանին, Ղազարոս և Հակոբ Սիմոնյաններին, Արսեն, Անդրանիկ, Մհեր, Ռուզաննա և Արա Արմենակյաններին վտարել Երևան քաղաքի Կամարակ 1-ին նրբանցք թիվ 24 հասցեի տնից (հատոր 1-ին, գ.թ. 4),

7. 18.01.2011 թվականին Մհեր Արմենակյանն ու Ռուզաննա Մանուկյանը հակընդդեմ հայց են ներկայացրել` պահանջելով անվավեր ճանաչել Իրինա Մանասերյանի անվամբ Երևան քաղաքի Կամարակ 1-ին նրբանցք թիվ 24 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 19.07.2010 թվականին կատարված պետական գրանցման հիմք հանդիսացած գործարքը և դրա հիման վրա 19.07.2010 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 35-36),

i

8. 30.08.2018 թվականին Իրինա Մանասերյանը հայցի հիմքն ու առարկան փոխելու մասին դիմում է ներկայացրել Դատարան, որով հայցի իրավական հիմքում վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 424-րդ և 880-րդ հոդվածների պահանջները, պահանջել է Ռուզաննա Մանուկյանից և Մհեր Արմենակյանից համապարտության կարգով հօգուտ իրեն բռնագանձել 25.791.360 ՀՀ դրամ` որպես 04.09.2018 թվականի դրությամբ առկա վճարային պարտավորություն, որից 12.768.000 ՀՀ դրամը փոխառության գումարն է, 13.023.360 ՀՀ դրամը 02.03.2010 թվականից մինչև 04.09.2018 թվականն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված տոկոսների գումար, մինչև փոխառության գումարի լրիվ վճարումը 04.09.2018 թվականից հետո ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր հաջորդող ամսվա համար բռնագանձման ենթակա չվճարված փոխառության գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսներ, չեղյալ համարել գրավի առարկա հանդիսացող` Երևանի Կամարակի 1-ին նրբանցքի թիվ 24 հասցեում գտնվող անշարժ գույքի միավորների նկատմամբ, իրավունքի պետական գրանցման միասնական 4-22 մատյանի 000060 համարի տակ գրանցված, իր սեփականության իրավունքը և համապատասխանաբար նույն անշարժ գույքի միավորների նկատմամբ ճանաչել վերականգնված Ռուզաննա Մանուկյանի և Մհեր Արմենակյանի ընդհանուր սեփականության իրավունքը, ճանաչել վերականգնված սկզբնական հայցվորի` իր և Ռուզաննա Մանուկյանի, Մհեր Արմենակյանի միջև 30.12.2009 թվականին կնքված` անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը` բռնագանձումը տարածելով այդ պայմանագրով գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ (հատոր 8-րդ, գ.թ. 90),

9. 06.02.2019 թվականի դատական նիստում Մհեր Արմենակյանն ու Ռուզաննա Մանուկյանը դիմում են ներկայացրել Դատարան` խնդրելով հայցը մասնակի` գումարի բռնագանձմանն առնչվող պահանջով, մերժել` հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով (հատոր 9-րդ, գ.թ. 90-107):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

i

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ և 340-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր,

2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ, 340-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կարող է համարվել սկսված, եթե պարտատիրոջ մոտ պարտավորության կատարում պահանջելու իրավունք չի ծագել:

 

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը, եթե օրենքով դիմում տալու համար այլ ժամկետ նախատեսված չէ: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն պարտավորությունների համար, որոնց կատարման ժամկետը որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այն պահից, երբ պարտատիրոջ մոտ առաջանում է պարտավորության կատարում պահանջելու իրավունք, իսկ եթե պարտապանին արտոնյալ ժամկետ է տրամադրվել պահանջը կատարելու համար, հայցային վաղեմության հաշվարկն սկսվում է այդ ժամկետի ավարտից հետո:

 

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով վերոգրյալ նորմերին, արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը: Այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս, Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբօղլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը (տե՛ս, Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի վերլուծությանը, արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման համար անհրաժեշտ է սահմանված կարգով (օրենքով սահմանված կարգով) հայցը հարուցած լինելու հանգամանքի առկայությունը, այսինքն` երբ հայցը հարուցվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջներին համապատասխան և ընդունվել է դատարանի կողմից: Ինչ վերաբերում է հայցային վաղեմության ընթացքի ընդհատմանը, ապա վերջինիս յուրահատկությունը կայանում է նրանում, որ օրենքով մատնանշված հիմքերի առկայության դեպքում հայցային վաղեմության արդեն իսկ անցած ժամանակահատվածն այլևս հաշվի չի առնվում և հայցային վաղեմության ժամկետը սկսում է հոսել վերստին (տե՛ս, «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն ընդդեմ Կարեն Մկրտչյանի և Նարինե Ավետիսյանի թիվ ԵԿԴ/0526/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2015 թվականի որոշումը):

i

Վերահաստատելով նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով բողոքի հիմքում բարձրացված իրավական խնդիրը, գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ և 340-րդ հոդվածների իրավակարգավորումների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր: Այդ իսկ նկատառումով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել հետևյալը. ինչպես բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից` օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը կապել է ոչ թե իրավունքի խախտման պահի, այլ այն օրվա հետ, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Օրենսդրի այս կարգավորումը բխում է այն տրամաբանությունից, ըստ որի` եթե անձն իր իրավունքի խախտման մասին չիմանա, ապա չի էլ կարող ձեռնամուխ լինել որևէ եղանակով` այդ թվում և հայց հարուցելու միջոցով իր խախտված իրավունքի պաշտպանությանը: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընթացքի մեկնարկի երկու նախապայմանների դեպքում էլ օրենսդիրը գործածել է «իմացել է» և «պետք է իմացած լիներ» արտահայտությունները, որոնց տառացի մեկնաբանությունը հանգեցնում է այն հետևության, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու համար անհրաժեշտ է, որ հայցվորը հաստատապես իմանա կամ իմացած լինի իր իրավունքի խախտման մասին:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձը հավաստի տեղեկություններ է ունենում իր իրավունքի խախտման փաստի մասին: Այսինքն` հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվելու համար անհրաժեշտ նախապայման է այն, որ անձը բավարար հիմքեր ունենա համոզված լինելու, որ իր իրավունքը խախտվել է:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Իրինա Մանասերյանի և Ռուզաննա Մանուկյանի, Մհեր Արմենակյանի միջև 30.12.2009 թվականին կնքվել է փոխառության պայմանագիր, որի 1-ին կետի համաձայն` Իրինա Մանասերյանը, Ռուզաննա Մանուկյանին և Մհեր Արմենակյանին փոխառությամբ տվել է 12.768.000 ՀՀ դրամ` երկու ամիս ժամկետով` մինչև 02.03.2010 թվականը վերադարձնելու պայմանով` առանց տոկոսների վերահաշվարկման:

i

Ի ապահովումն վերը նշված փոխառության պայմանագրի` Իրինա Մանասերյանի և Ռուզաննա Մանուկյանի, Մհեր Արմենակյանի միջև 30.12.2009 թվականին կնքվել է անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիր: Հիփոթեքի պայմանագրի 7.1 կետի համաձայն` (...) գրավով ապահովված պարտավորությունը գրավատուի կողմից ժամանակին չկատարելու դեպքում գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի, առանց դատարան դիմելու, գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածով նախատեսված կարգով իրացնելու այն:

Ռուզաննա Մանուկյանը և Մհեր Արմենակյանը մինչև 02.03.2010 թվականը չեն վերադարձրել փոխառությամբ վերցրած 12.768.000 ՀՀ դրամը:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 19.07.2010 թվականի թիվ 2602155 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Երևան քաղաքի Կամարակ 1-ին նրբանցք թիվ 24 հասցեի անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Իրինա Մանասերյանի սեփականության իրավունքը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի, նոտարի 30.12.2009 թվականի թիվ 6471 անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրի 7.1 կետի հիման վրա:

i

Սույն գործով Դատարանը, հայցը բավարարելով և Ռուզաննա Մանուկյանից ու Մհեր Արմենակյանից հօգուտ Իրինա Մանասերյանի բռնագանձելով 25.791.360 ՀՀ դրամ, և 04.09.2018 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը 12.768.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիման վրա հաշվեգրման ենթակա տոկոսներ, ըստ այդմ` մերժելով պատասխանողների միջնորդությունը հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, պատճառաբանել է, որ «(...) Իրինա Մանասերյանի` փոխառության գումարը պահանջելու իրավունքի համար, հայցային վաղեմության ժամկետը սկսվել է 03.03.2010 թվականից, որի ընթացքը ընդհատվել է 18.01.2011 թվականին, երբ Ռուզաննա Մանուկյանը և Մհեր Արմենակյանը Դատարան են ներկայացրել հակընդդեմ հայց, որով ընդունվել են իրենց և հայցվորի միջև 30.12.2009 թվականին կնքված փոխառության պայմանագրի առկայությունը և դրանից բխող իրենց վճարային պարտավորության առկայության հանգամանքը, որը ըստ էության, շարունակվել է մինչև հայցային վաղեմություն կիրառելու մասին դիմում ներկայացվելը, այն է` 06.02.2019 թվականը: Հետևաբար Ռուզաննա Մանուկյանի և Մհեր Արմենակյանի կողմից սույն գործի ընթացքում, այդ թվում մինչև հայցային վաղեմություն կիրառելու մասին դիմում ներկայացվելը, պարտավոր անձանց կողմից կատարվել են պարտքի ճանաչումը վկայող գործողությունները, որպիսի պայմաններում Դատարանը գտնում է, որ վաղեմության ժամկետի ընթացքը ընդհատվել է»:

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելիս պատճառաբանել է, որ «(...) պատասխանողների փոխառության պայմանագրից բխող պարտավորությունը ծագել է դեռևս 30.12.2009 թվականին և այն մարելու վերջնաժամկետը նախատեսվել է 02.03.2010 թվականը, հետևաբար հայցվորը 03.03.2010 թվականից գիտեր կամ պարտավոր էր իմանալ իր իրավունքի խախտման մասին, մինչդեռ իր իրավունքների պաշտպանության հայցով, մասնավորապես` համապարտության կարգով 25.791.360 ՀՀ դրամ պարտքի գումարի և տոկոսների բռնագանձման, գրավի առարկա հանդիսացող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, Ռուզաննա Մանուկյանի և Մհեր Արմենակյանի ընդհանուր սեփականության իրավունքը ճանաչելու, անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը վերականգնված ճանաչելու և բռնագանձումը գրավի առարկա հանդիսացող գույքի վրա տարածելու պահանջներով Դատարան է դիմել 30.08.2018 թվականին` հայցի ներկայացման համար հիմք հանդիսացող պատասխանողների կողմից պարտավորությունների խախտում կատարելուց 8 տարի անց` այդպիսով բաց թողնելով հայցային վաղեմության ժամկետը»:

 

Մինչդեռ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերից բխում է, որ Իրինա Մանասերյանի իրավունքը խախտվել է 02.03.2010 թվականից սկսած, այսինքն` այն պահից սկսած, երբ փոխառուները չեն վերադարձրել փոխառությամբ վերցրած գումարը, և շարունակվել է խախտված մնալ մինչև 19.07.2010 թվականը, այսինքն` մինչ այն պահը, երբ գրանցվել է Իրինա Մանասերյանի սեփականության իրավունքը գրավադրված գույքի վրա: Այլ կերպ ասած` 19.07.2010 թվականին Իրինա Մանասերյանի սեփականության իրավունքի գրանցմամբ վերջինիս իրավունքի խախտումը վերացվել է, քանի որ գրավադրված գույքի իրացմամբ, տվյալ դեպքում` գրավադրված գույքն ի սեփականություն վերցնելով, Իրինա Մանասերյանը ստացել է իր պահանջի բավարարում: Հետևաբար 30.08.2018 թվականին, այսինքն` այն պահին, երբ Իրինա Մանասերյանը դիմել է դատական պաշտպանության` փոխառությամբ հանձնված գումարի բռնագանձման պահանջով, վերջինիս իրավունքները խախտված չեն եղել, քանի որ վերջինս արդեն իսկ ստացել էր իր պահանջի բավարարում 19.07.2010 թվականին` գրավի առարկայի նկատմամբ իր իրավունքի գրանցման փաստի ուժով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 30.08.2018 թվականի դրությամբ Իրինա Մանասերյանը չի ունեցել խախտված իրավունք, ուստի վերջինս չէր էլ կարող բավարար հիմքեր ունենալ համոզված լինելու, որ իր իրավունքը խախտվել է, ընդհակառակը` վերջինս հստակ իմացել է, որ թեև իրենից փոխառությամբ վերցված գումարը չի վերադարձվել, սակայն ինքն օգտվել է պարտավորության կատարման ապահովման միջոցից և գրավի առարկայի նկատմամբ իր սեփականության իրավունքի գրանցմամբ ստացել է իր պահանջի բավարարում:

 

Վճռաբեկ դատարանը, կողմերի ներկայացրած փաստարկները դիտարկելով վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո, արձանագրում է, որ հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի կողմից եզրահանգումը հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով հայցը մերժելու մասին, նկատի ունենալով, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ըստ էության սույն գործով առհասարակ չի էլ սկսել հոսել, ավելին` ներկայումս էլ վիճելի գույքը դեռևս սեփականության իրավունքով գրանցված է Իրինա Մանասերյանի անվամբ, ինչից էլ հետևում է, որ խոսք չի կարող գնալ հայցային վաղեմության ժամկետը լրացած լինել-չլինելու մասին, ուստի անհիմն են սույն գործով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով հայցը մերժելու մասին:

Հետևաբար Վերաքննիչ դատարանն առանց հետազոտման առարկա դարձնելու Իրինա Մանասերյանի իրավունքների խախտման փաստը` կապված վերջինիս կողմից գրավի առարկա հանդիսացող գույքը սեփականության իրավունքով իր անվամբ գրանցելու և 30.08.2018 թվականին հայցի հիմքն ու առարկան փոխելու մասին դիմում ներկայացնելու ժամանակահատվածի հետ, չէր կարող վերջնական եզրահանգում կատարել, որ բողոք բերած անձն իր իրավունքի խախտման մասին տեղեկացված է եղել դեռևս 03.03.2010 թվականին:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը թեև գտնում է, որ սույն գործով հայցային վաղեմության ժամկետի ընթացքը չի սկսել հոսել, քանի որ Իրինա Մանասերյանը գրավի առարկան ի սեփականություն վերցնելով` ստացել է իր պահանջի բավարարում, այսինքն` գումարի բռնագանձման պահանջ ներկայացնելու պահին չի ունեցել խախտված իրավունք, այդուհանդերձ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Դատարանի 20.03.2019 թվականի վճիռը բացի հայցային վաղեմության օրենքով սահմանված ժամկետներն անցած լինելու հիմքից, վերաքննության կարգով բողոքարկվել է նաև այլ հիմքերով, մասնավորապես` որ Իրինա Մանասերյանը դեռևս 2010 թվականի հուլիսին Ռուզաննա Մանուկյանից և Մհեր Արմենակյանից ամբողջությամբ ստացել է իր կողմից փոխառությամբ տրված գումարը, ինչը նշանակում է, որ արդեն իսկ փաստացի կատարված ու ավարտված գործարքով հայցվորը կրկնակի պահանջներ է ներկայացնում, ինչպես նաև, վիճելի` Երևան քաղաքի Կամարակ 1-ին նրբանցք թիվ 24 հասցեի ամբողջ անշարժ գույքի նկատմամբ Իրինա Մանասերյանի սեփականության իրավունքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի պահանջների խախտմամբ գրանցված լինելու վերաբերյալ, որոնց Վերաքննիչ դատարանը որևէ անդրադարձ չի կատարել` հայցային վաղեմության ժամկետը լրացած համարելով, բեկանել և փոփոխել է Դատարանի վճիռը և հայցը` մերժել:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը, իսկ այդ առաքելությունը կարող է իրագործվել միայն այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանն անդրադառնա վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին` դրանով իսկ բացահայտելով ենթադրյալ դատական սխալի առկայությունը կամ բացակայությունը: Այնինչ տվյալ պարագայում Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով միայն հայցային վաղեմության կիրառման հիմքի առկայությանը և սխալ եզրահանգման գալով, չի անդրադարձել վերաքննիչ բողոքի մնացած հիմքերին և հիմնավորումներին` սահմանափակելով բողոքարկման իրավունքի իրացման հնարավորությունը` արդյունքում թույլ տալով այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար` Ռուզաննա Մանուկյանի և Մհեր Արմենակյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի մնացած հիմքերը քննության առնելու և դրանց հիմնավորվածությունը ստուգելու նպատակով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մասնակիորեն բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.07.2019 թվականի որոշումը` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 20.03.2019 թվականի վճիռը մասնակիորեն` Իրինա Մանասերյանի հայցն ընդդեմ Ռուզաննա Մանուկյանի և Մհեր Արմենակյանի` գումարի բռնագանձման, անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը վերականգնելու և բռնագանձումը գրավի առարկայի նկատմամբ տարածելու պահանջները բավարարելու մասերով բեկանելու և փոփոխելու մասերը, և գործն այդ մասերով ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 12 հունվարի 2022 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.01.2022
N ԵԱՔԴ/2192/02/10
Որոշում