Սեղմել Esc փակելու համար:
2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՊԱԼԵՐՄՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՊԱԼԵՐՄՈՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎ ...

 

 

020.0392.151002

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՊԱԼԵՐՄՈՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ, 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՊԱԼԵՐՄՈՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ԼՐԱՑՆՈՂ` «ՄԱՐԴԿԱՆՑ, ՀԱՏԿԱՊԵՍ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՊԱՏԺԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՊԱԼԵՐՄՈՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ԼՐԱՑՆՈՂ` «ՑԱՄԱՔՈՎ, ԾՈՎՈՎ ԵՎ ՕԴՈՎ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐՍ ԲԵՐԵԼՈՒ ԴԵՄ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 15 հոկտեմբերի 2002 թվականի

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2000 թվականի դեկտեմբերի 12-ին Պալերմոյում ստորագրված` Միավորված ազգերի կազմակերպության «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիայում, 2000 թվականի դեկտեմբերի 12-ին Պալերմոյում ստորագրված` Միավորված ազգերի կազմակերպության «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիան լրացնող` «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» արձանագրության մեջ և 2000 թվականի դեկտեմբերի 12-ին Պալերմոյում ստորագրված` Միավորված ազգերի կազմակերպության «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիան լրացնող` «Ցամաքով, ծովով և օդով միգրանտների անօրինական ներս բերելու դեմ» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումներն են սահմանադրական դատարան:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45 հոդվածով, իր 2002 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ ՍԴԱՈ-53 աշխատակարգային որոշմամբ միավորել է վերոնշյալ գործերը` քննելով դատարանի նույն նիստում:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան, այն լրացնող արձանագրությունները և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիան ստորագրվել է 2000 թվականի դեկտեմբերի 12-ին` Պալերմոյում, որի նպատակն անդրազգային կազմակերպված հանցավորության առավել արդյունավետ կանխարգելմանը և դրա դեմ պայքարի գործում համագործակցությանն աջակցելն է:

Կոնվենցիան նախատեսվում է կիրառել այնպիսի հանցագործությունների կանխարգելման, քննության և հետապնդման նպատակով, ինչպիսիք են.

- կազմակերպված հանցագործությունները, դրանցում մասնակցությունը,

- հանցագործություններից ստացվող եկամուտների լվացումը,

- կաշառակերությունը,

- արդարադատության իրականացմանը խոչընդոտելը,

ինչպես նաև` այն հանցագործությունների, որոնք կապված են կազմակերպված հանցավոր խմբի մասնակցությամբ և անդրազգային բնույթ ունեցող հանցավոր այնպիսի արարքների հետ, որոնց կատարման համար, կոնվենցիայի 2 հոդվածին համապատասխան, կողմերի ներպետական օրենսդրությամբ նախատեսված է չորս տարուց ոչ պակաս ժամանակով ազատազրկում կամ` ավելի խիստ պատիժ:

Կոնվենցիայի 3 հոդվածին համապատասխան` հանցագործությունն անդրազգային բնույթ է կրում, եթե.

ա) այն կատարվել է մեկից ավելի պետություններում,

բ) այն կատարվել է մի պետությունում, բայց դրա նախապատրաստման, պլանավորման, ղեկավարման կամ վերահսկողության էական մասը տեղի է ունեցել այլ պետությունում,

գ) այն կատարվել է մի պետությունում, բայց այնպիսի կազմակերպված հանցավոր խմբի մասնակցությամբ, որը հանցավոր գործունեություն է իրականացնում մեկից ավելի պետություններում,

դ) այն կատարվել է մի պետությունում, բայց դրա էական հետևանքները եղել են այլ պետությունում:

2. Կոնվենցիայի շրջանակներում միջպետական համագործակցությունը նախատեսված է իրականացնել ինչպես միջազգային իրավունքում, այնպես էլ` մասնակից պետությունների իրավական համակարգերով հաստատագրված սկզբունքներին և ներքին օրենսդրությանը համապատասխան` ելնելով պետությունների ինքնիշխան հավասարության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև` այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների գերակայությունից, այսինքն` այնպիսի հիմնարար սկզբունքներից, որոնք անմիջականորեն բխում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1 և 9 հոդվածների դրույթներից:

3. Կոնվենցիան նախատեսում է ոչ միայն համատեղ և նպատակային պայքար կազմակերպված հանցավորության և վտանգավոր այլ հանցագործությունների դեմ, այլև` այդ նպատակով ներպետական օրենսդրության զարգացում, այդ թվում նաև` հանրավտանգ որոշ արարքների քրեականացման և դրանց նկատմամբ պատժական քաղաքականության բնագավառներում, որն անհրաժեշտ է ինչպես կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման, այնպես էլ` հանցավորության դեմ պայքարի բնագավառում միջպետական համագործակցությունն ընդլայնելու նպատակով:

4. Կոնվենցիայում նախորոշված են կազմակերպված և դիտավորությամբ կատարվող հանրավտանգ այլ արարքների քրեականացման հիմնական սկզբունքները և դրանց դեմ իրականացվելիք պայքարի միջոցները` առանձնահատուկ կարևորելով նաև այդպիսի հանցագործությունների հետ առնչություն ունեցած իրավաբանական անձանց պատասխանատվության հարցը:

5. Կոնվենցիայի նպատակների իրականացման համար նախատեսված են մասնակից պետությունների միջև համագործակցության հետևյալ հիմնական ուղղությունները.

- դրամական միջոցների լվացման դեմ պայքար,

- հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտների կամ գույքի բռնագրավում,

- կազմակերպված հանցավոր խմբի կամ անձի հանձնում,

- դատապարտված անձանց փոխանցում,

- փոխադարձ իրավական օգնություն,

- համատեղ քննությունների անցկացում,

- քրեական վարույթի փոխանցում,

- դատվածության վերաբերյալ տեղեկատվության փոխանակում,

- իրավապահ մարմինների միջև համագործակցություն,

- կազմակերպված հանցավորության բնույթի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում,

- կադրերի պատրաստում և տեխնիկական օգնություն:

6. Կոնվենցիայի առանձին հոդվածներում մանրամասնված են վերոհիշյալ ուղղություններով համագործակցության իրականացման կարգն ու սկզբունքները` հիմք ընդունելով նաև մասնակից պետությունների օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերը և այդ պետությունների կողմից ստանձնված միջազգային այլ պարտավորությունները: Միաժամանակ, կոնվենցիան դիտարկվում է որպես անհրաժեշտ և բավարար իրավապայմանագրային հիմք` կազմակերպված հանցավորության դեմ պայքարի միջպետական համագործակցությունը զարգացնելու համար:

7. Կոնվենցիային համապատասխան միջպետական համագործակցությունը նախատեսված է իրականացնել նաև մարդու հանրաճանաչ իրավունքների և ազատությունների պաշտպանման սկզբունքով, մասնավորապես. առաջադրված մեղադրանքից պաշտպանվելու և իրավաբանական անհրաժեշտ օգնություն ստանալու, սեփականությունից զրկելու, անձի նկատմամբ ռասայական, սեռական կամ այլ խտրականություն չդրսևորելու, անձի ազատության և անձեռնմխելիության ապահովման, ազատ տեղաշարժման, հաղորդումների գաղտնիության և այլ բնագավառներում, որը բխում է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային այլ պարտավորություններից, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1, 4, 8, 15, 16, 18, 38, 39, 40, 41, 42 և 43 հոդվածների դրույթներից:

8. Կոնվենցիայում նախատեսված խնդիրների լուծման նպատակով, նախատեսված է կոնվենցիայի մասնակիցների խորհրդաժողովի և քարտուղարության ստեղծում, որոնք խորհրդատվական սկզբունքներով կնպաստեն կազմակերպված հանցավորության դեմ միջպետական պայքարի արդյունավետության բարձրացմանը:

9. Կոնվենցիայում նախատեսված են համապատասխան դրույթներ` մասնակից պետությունների միջև առաջացած հնարավոր վեճերի կարգավորման, կոնվենցիան ստորագրելու, վավերացնելու ընթացակարգերի, կոնվենցիայի ուժի մեջ մտնելու, դրանում ուղղումներ կատարելու, գործողությունը դադարեցնելու վերաբերյալ:

10. Կոնվենցիայի 37 հոդվածին համապատասխան կոնվենցիան կարող է լրացվել մեկ կամ մի քանի արձանագրություններով, որոնց մասնակից կարող են լինել կոնվենցիայի մասնակից պետությունները: Այդպիսի ցանկացած արձանագրություն մեկնաբանվում է կոնվենցիայի հետ համատեղ:

11. Կոնվենցիայի 5 հոդվածի 3-րդ, 13 հոդվածի 5-րդ, 16 հոդվածի 5-րդ և 18 հոդվածի 13-րդ, 14-րդ կետերին համապատասխան` կողմերը պարտավոր են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հայտնել կոնվենցիայով նախատեսված հանցավոր արարքների ներպետական քրեականացման, անդրազգային հանցավոր արարքների արդյունքում ստացված նյութական արժեքների բռնագրավման վերաբերյալ միջազգային համագործակցություն նախատեսող ներպետական օրենքների և ընթացակարգային կանոնների, դրանց ցանկացած հետագա փոփոխությունների, հանձնման հարցերով երկկողմ և բազմակողմ համապատասխան այլ պայմանագրերի առկայության դեպքում կոնվենցիայի մասնակից մյուս պետությունների հետ հանձնման հարցերով հարաբերվելիս կոնվենցիայի դրույթները կիրառելու մտադրության, ինչպես նաև փոխադարձ իրավական օգնության բնագավառում ներպետական պատասխանատու կենտրոնական մարմնի վերաբերյալ:

12. Կոնվենցիայի 37 հոդվածի կարգով Հայաստանի Հանրապետության կողմից 2000 թվականի դեկտեմբերի 12-ին Պալերմոյում ստորագրվել են. «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին», ինչպես նաև` «Ցամաքով, ծովով և օդով միգրանտների անօրինական ներս բերելու դեմ» արձանագրությունները:

Միավորված ազգերի կազմակերպության «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիան լրացնող` «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» արձանագրության նպատակը մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, այդպիսի առևտրից տուժողների պաշտպանության և օգնության բնագավառներում միջպետական համագործակցության խրախուսումն է:

Արձանագրության 3 և 5 հոդվածներին համապատասխան պետությունները պարտավորվել են օրենսդրական միջոցներ գործադրել քրեականացնելու անդրազգային բնույթ կրող և հանցավոր խմբի մասնակցությամբ կատարված դիտավորյալ այնպիսի հանցագործություններ, որպիսիք հանդիսանում են. շահագործման նպատակով իրականացվող մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը` ուժի սպառնալիքով կամ հարկադրանքի այլ միջոցների կիրառմամբ, կիրառմամբ, առևանգման, խարդախության, խաբեության, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը չարաշահելու կամ ուրիշ անձի կողմից վերահսկվող անձի համաձայնությունն ստանալու համար վճարումների կամ շահերի ձևով կաշառելու ճանապարհով, ինչպես նաև այդպիսի հանցագործությունների կատարման փորձը, հանցակցությունը և այդպիսի արարքների կատարման նպատակով անձանց կազմակերպելը կամ ղեկավարելը:

Արձանագրության շրջանակներում միջպետական համագործակցությունը ծրագրված է իրականացնել ինչպես միջազգային իրավական, այնպես էլ կողմերի ներպետական օրենսդրության սկզբունքներով` հանրավտանգ արարքների քրեականացման, դրանց նկատմամբ պատժական համաձայնեցված քաղաքականության իրականացման բնագավառներում` մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության սկզբունքով, մասնավորապես. կյանքի, ազատության և անձեռնմխելիության, արժանապատվության, անձնական կյանքի, մշտական բնակության վայր վերադարձի, պատճառված վնասի փոխհատուցման, տեղեկատվություն ստանալու, աշխատանքի, կրթության, առողջության պահպանման, բժշկական օգնության և սպասարկման, խախտված իրավունքների վերականգնման, իրավաբանական օգնություն ստանալու բնագավառներում, որը բխում է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային այլ պարտավորություններից, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4, 8, 9, 15, 16, 17, 18, 19, 20, 22, 24, 29, 34, 35, 38, 39 և 40 հոդվածների դրույթներից:

Արձանագրությամբ միջպետական համագործակցությունը նախատեսված է իրականացնել նաև հետևյալ բնագավառներում.

- մարդկանց առևտրի զոհերի օգնություն և նրանց պաշտպանություն,

- մարդկանց առևտրի զոհերի հայրենադարձություն,

- մարդկանց առևտրի կանխարգելում,

- տեղեկատվության փոխանակում և կադրերի պատրաստում,

- սահմանային հսկողության միջոցների սահմանում,

- փաստաթղթերի հավաստիության և օրինականության նկատմամբ վերահսկողություն:

Արձանագրության կողմերը պարտավորվել են մարդկանց առևտուրը կանխարգելելու միջոցներ ձեռնարկել կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության բնագավառներում ներպետական օրենսդրության կատարելագործման, երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման ուղղությամբ:

Արձանագրությամբ նախատեսված են նաև դրույթներ` մասնակից պետությունների միջև առաջացած հնարավոր վեճերի կարգավորման, արձանագրությունն ստորագրելու, վավերացնելու ընթացակարգերի, արձանագրությունն ուժի մեջ մտնելու, դրանում ուղղումներ կատարելու, գործողությունը դադարեցնելու վերաբերյալ:

13. Միավորված ազգերի կազմակերպության «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիան լրացնող` «Ցամաքով, ծովով և օդով միգրանտների անօրինական ներս բերելու դեմ» արձանագրության նպատակը ցամաքով, ծովով և օդով միգրանտների անօրինական ներմուծման կանխարգելման ուղղությամբ արդյունավետ միջոցներ ձեռնարկելն ու դրա դեմ պայքարի համար անհրաժեշտ համընդգրկուն միջազգային մոտեցման դրսևորումն է` որպես Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1998 թվականի դեկտեմբերի 9-ի և 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 53/111 և 54/212 բանաձևերով նախանշված նպատակների իրագործման արտահայտություն:

Արձանագրության 6 հոդվածին համապատասխան պետությունները պարտավորվում են օրենսդրական միջոցներ ձեռնարկել քրեականացնելու անդրազգային բնույթ ունեցող և հանցավոր խմբի մասնակցությամբ կատարված այնպիսի դիտավորյալ հանցագործություններ, ինչպիսիք են.

- միգրանտների անօրինական ներմուծումը, երբ այն կատարվում է միգրանտների անօրինական ներմուծման համար պայմաններ ստեղծելու նպատակով,

- մուտքի (ելքի) կամ անձը հաստատող կեղծ փաստաթուղթ պատրաստելը, այդպիսի փաստաթուղթ ձեռք բերելը կամ տրամադրելը,

- որևէ անձի հետապնդելը, որը համապատասխան պետության քաղաքացի չի համարվում կամ նրա տարածքում չի բնակվում, այդ պետությունում առանց դրանում օրինական գտնվելու համար անհրաժեշտ պահանջների պահպանման,

ինչպես նաև`

- վերոհիշյալ հանցագործությունների կատարմանը մասնակցությունը, այդպիսի հանցագործությունների կատարման նպատակով այլ անձանց կազմակերպելը կամ ղեկավարելը: Ընդ որում, հանցագործության կատարման ծանրացուցիչ հանգամանք է դիտվում միգրանտների կյանքը կամ անվտանգությունը վտանգի տակ դնելը կամ դրա հավանականությունը, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը, այդ թվում` շահագործելը:

Արձանագրության շրջանակներում միջպետական համագործակցությունը ծրագրված է իրականացնել ինչպես միջազգային իրավական, այնպես էլ` կողմերի ներպետական օրենսդրության սկզբունքներով և արձանագրությամբ նախատեսված հանրավտանգ արարքների քրեականացման, դրանց նկատմամբ պատժական համաձայնեցված քաղաքականության իրականացման բնագավառներում` մասնակից կամ այլ շահագրգիռ պետությունների սեփականությանը, առևտրային կամ իրավաբանական շահերին վնաս չհասցնելու, բնապահպանական անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև մարդու հանրաճանաչ իրավունքների և ազատությունների պաշտպանման սկզբունքներով, մասնավորապես. կյանքի, խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի տեսակների չենթարկվելու և անհրաժեշտ օգնություն ստանալու իրավունքների, որը բխում է Հայաստանի Հանրապետության ստանձնած այլ պարտավորություններից, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4, 8, 9, 10, 15, 16, 17, 18, 19, 22 և 40 հոդվածների դրույթներից:

Միգրանտների անօրինական ներս բերելու դեմ միջպետական համագործակցությունն արձանագրությամբ նախատեսված է իրականացնել նաև.

- ծովով միգրանտների անօրինական ներմուծումը հակազդելու,

- տեղեկատվության փոխանակման,

- սահմանային հսկողության միջոցների սահմանման,

- մուտքի (ելքի) կամ անձը հաստատող փաստաթղթերի հուսալիության և դրանց նկատմամբ վերահսկողության հաստատման,

- փաստաթղթերի օրինականությունը և վավերականությունը ստուգելու,

- կադրերի պատրաստման և տեխնիկական համագործակցության,

- անօրինական ներմուծված միգրանտներին վերադարձնելու,

- կանխարգելիչ այլ միջոցներ իրականացնելու բնագավառներում:

Արձանագրությամբ նախատեսված են նաև դրույթներ` մասնակից պետությունների միջև առաջացած հնարավոր վեճերի կարգավորման, արձանագրությունն ստորագրելու, վավերացնելու ընթացակարգերի, արձանագրությունն ուժի մեջ մտնելու, դրանում ուղղումներ կատարելու, գործողությունը դադարեցնելու վերաբերյալ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2000 թվականի դեկտեմբերի 12-ին Պալերմոյում ստորագրված` Միավորված ազգերի կազմակերպության «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

i

2. 2000 թվականի դեկտեմբերի 12-ին Պալերմոյում ստորագրված` Միավորված ազգերի կազմակերպության «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիան լրացնող` «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

i

3. 2000 թվականի դեկտեմբերի 12-ին Պալերմոյում ստորագրված` Միավորված ազգերի կազմակերպության «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիան լրացնող` «Ցամաքով, ծովով և օդով միգրանտների անօրինական ներս բերելու դեմ» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

15 հոկտեմբերի 2002 թվականի

ՍԴՈ - 392

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
15.10.2002
N ՍԴՈ-392
Որոշում