Սեղմել Esc փակելու համար:
«Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱ ...

 

 

040.1813.271102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 նոյեմբերի 2002 թվականի N 1813-Ն

 

«Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Հաստատել «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

i

3. «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

4. Սահմանել, որ «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը կրթական, գիտական, փորձագիտական, խորհրդատվական, ուսումնագիտաարտադրական, հրատարակչական գործունեության իրականացումն է:

i

5. Թույլատրել «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական, միջին մասնագիտական, միջնակարգ լրիվ (ընդհանուր) կրթության, նախադպրոցական կրթության և լրացուցիչ կրթության կազմակերպում.

2) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.

3) գիտամանկավարժական կադրերի և այլ մասնագետների պատրաստում, վերապատրաստում, մասնագիտական որակավորման բարձրացում.

4) գիտահետազոտական, գիտատեխնիկական, արտադրական աշխատանքների իրականացում, դրանց արդյունքների առևտրայնացում.

5) հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.

6) համալսարանի աշխատողների, սովորողների և այլ անձանց հանրային սննդի, հանգստի, բուժման, կենցաղի կազմակերպում և սպասարկում.

7) խորհրդատվական, փորձագիտական ծառայությունների մատուցում.

8) համակարգչային ծրագրերի, լեզուների և այլ դասընթացների ուսուցման կազմակերպում.

9) մշակութային գործունեության իրականացում.

10) միջազգային ուսումնական և գիտատեխնիկական ծրագրերի իրականացում:

(5-րդ կետը փոփ. 15.09.05 թիվ 1720-Ն, 23.09.09 թիվ 1098-Ն, 02.05.13 թիվ 471-Ն որոշումներ)

i

6. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի տնօրինության գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի տնօրինության շենքերը, շինությունները, սպասարկման հողատարածքները` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով իրենց սպասարկման հողատարածքներով, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

(6-րդ կետը փոփ. 09.06.05 թիվ 888-Ն, 15.09.05 թիվ 1720-Ն որոշումներ)

7. Սահմանել, որ`

ա) մինչև վերակազմակերպումը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

Նշված հատկացումները Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի վերակազմակերպումից հետո ներառվում են «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում.

բ) Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվում են «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հոկտեմբերի 24-ի N 1813-Ն որոշման

 

i

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` համալսարան) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կրթական, գիտահետազոտական և մշակութային ինքնավար, բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է հայագիտական, բնագիտական, հասարակագիտական և հումանիտար, հատկապես, մանկավարժական և հոգեբանական գիտությունների, մշակույթի բնագավառներում կրթական գործընթացների և գիտական հետազոտությունների կազմակերպմանը` բարձրագույն և հետբուհական մասնագիտական մակարդակներում` օրենքով նախատեսված կարգով և կրթական ծրագրերին համապատասխան:

2. Համալսարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

3. Համալսարանը «ՀՊՄՀ-ի Երևանի հենակետային վարժարան», «Երևանի Ա. Բակունցի անվան պետական մանկավարժական քոլեջ» և «Վ. Թոթովենցի անվան N 57 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է:

4. Համալսարանի խորհրդանիշներն են` դրոշը, խորհրդանշանը և օրհներգը: Համալսարանն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ, մեդալ, շքանշան և պատվոգիր:

5. Համալսարանի անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

2) հայերեն կրճատ` ՀՊՄՀ.

3) ռուսերեն լրիվ` «Առմյանսկիյ գօսուդառստվեննիյ պեդագօգիչեսկիյ ունիվեռսիտետ իմենի Խաչատուռա Աբովյանա» գօսուդառստվեննայա նեկօմմեռչեսկայա օրգանիզացիյա.

4) ռուսերեն կրճատ` ԱԳՊՈՒ

5) անգլերեն լրիվ` «Armenian State Pedagogical University after Khachatur Abovyan» state non commercial organization.

6) անգլերեն կրճատ` ASPU:

6. Համալսարանի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան-0010, Տիգրան Մեծի 17:

 

II. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7. Համալսարանի խնդիրներն են`

1) կրթության, գիտության, մշակույթի, դաստիարակության ոլորտների համար բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը, վերապատրաստումը, մասնագիտական որակավորման բարձրացումը.

2) մանկավարժական կադրերի պատրաստման բովանդակության ու մեթոդների մշակումը և զարգացումը, մանկավարժական գործընթացի կազմակերպումն ու կատարելագործումը.

3) բնական, հասարակական, հումանիտար, մշակութային և, հատկապես, մանկավարժական ու հոգեբանական գիտությունների բնագավառներում գիտական, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական հետազոտությունների ու ստեղծագործական աշխատանքների իրականացումը.

4) ուսուցման բովանդակության կատարելագործումը, մասնագիտությունների և մասնագիտացումների համակարգերի, դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների և ուղեցույցների մշակումն ու ներդրումը.

5) գիտական մշակումների տարածումը, մշակութային աշխատանքների իրականացումը.

6) գիտության, կրթության և մշակույթի զարգացումը` գիտամանկավարժական աշխատողների և սովորողների գիտական հետազոտությունների, ստեղծագործական ու մշակութային գործունեության միջոցով.

7) կրթության որակի ապահովման և վերահսկման համապատասխան համակարգի ներդրումը.

8) կրթական գործընթացի անընդհատության, հաջորդականության, շարունակականության, մրցունակության, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.

9) մանկավարժական ուսուցման տարբեր շրջանակներում, ձևերում և մակարդակներում սփյուռքահայ սովորողների առավելագույն հնարավոր ընդգրկումը.

10) ուսուցման բոլոր մակարդակներում համապարփակ և համակարգված եղանակով նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգչային և էլեկտրոնային միջոցների կիրառումը:

8. Համալսարանն առաջադրված խնդիրներին համապատասխան` իրավասու է`

1) իրականացնելու բարձրագույն, հետբուհական մասնագիտական, ինչպես նաև նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթական ծրագրեր.

2) ըստ կրթական ծրագրերի` կազմակերպելու դիմորդների, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը և ուսումնական գործընթացը.

3) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան` մշակելու և հաստատելու ուսումնական պլաններ, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական և առարկայական ծրագրեր.

4) ինքնուրույն որոշելու ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական տեխնոլոգիաների ներդրման, սովորողների ընթացիկ և ամփոփիչ գնահատման, ատեստավորման ձևերի և կարգի ընտրության հարցերը.

5) շնորհելու մասնագիտական կրթության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված որակավորման աստիճաններ.

6) շնորհելու համալսարանի պատվավոր կոչումներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրելու համալսարանի մեդալով, շքանշանով և (կամ) պատվոգրով.

7) սահմանելու իր կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման կարգը, օրենքով սահմանված կարգով ստեղծելու, վերակազմակերպելու և լուծարելու մասնաճյուղեր, ֆակուլտետներ, ամբիոններ, ինստիտուտներ, լաբորատորիաներ, կենտրոններ, քոլեջներ, դպրոցներ, մանկապարտեզներ, ինչպես նաև կրթական գործընթացների կազմակերպման և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության այլ տեսակների իրականացման համար անհրաժեշտ այլ կառուցվածքային ստորաբաժանումներ.

8) ինքնուրույն որոշելու բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքացուցակը, իրականացնելու աշխատողների ընտրությունը, նշանակումը, բաշխումը և ատեստավորումը.

9) մշակելու և ներդնելու համալսարանի ընտրովի պաշտոնների ու պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության կարգերը և գիտամանկավարժական կազմը համալրելու մրցութային եղանակով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

10) տնօրինելու իր ֆինանսական միջոցները, ինքնուրույն որոշելու դրանց օգտագործման ուղղությունները` ներառյալ իր աշխատողների վարձատրության և նյութական խրախուսման կարգը և չափերը.

11) համալսարանում իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության իրականացման թույլտվություն չպահանջող շինարարական աշխատանքներ.

12) անհրաժեշտ պայմաններ ստեղծելու սովորողների և աշխատողների առողջության պահպանման, կենցաղի, սննդի, հանգստի, բուժման կազմակերպման, ֆիզիկական և հոգևոր զարգացման համար.

13) կազմակերպելու մասնագետների որակավորման բարձրացման, վերապատրաստման և լրացուցիչ կրթության ծրագրեր.

14) կնքելու պայմանագրեր ու համաձայնագրեր հանրապետության և օտարերկրյա համալսարանների, գիտական հիմնարկների, գիտակրթական կենտրոնների, պետական մարմինների, այլ կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ, սահմանված կարգով օտարերկրյա պետություններում ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ և այլն.

15) իրականացնելու օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործունեություն:

9. Համալսարանն իրավունք ունի իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) բարձրագույն մասնագիտական, միջին մասնագիտական, հետբուհական մասնագիտական, միջնակարգ լրիվ (ընդհանուր) կրթության, նախադպրոցական կրթության և լրացուցիչ կրթության կազմակերպում.

2) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.

3) գիտամանկավարժական կադրերի և այլ մասնագետների պատրաստում, վերապատրաստում, մասնագիտական որակավորման բարձրացում.

4) գիտահետազոտական, գիտատեխնիկական, արտադրական աշխատանքների իրականացում, դրանց արդյունքների առևտրայնացում.

5) հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.

6) համալսարանի աշխատողների, սովորողների և այլ անձանց հանրային սննդի, հանգստի, բուժման, կենցաղի կազմակերպում և սպասարկում.

7) խորհրդատվական, փորձագիտական ծառայությունների մատուցում.

8) համակարգչային ծրագրերի, լեզուների և այլ դասընթացների ուսուցման կազմակերպում.

9) մշակութային գործունեության իրականացում.

10) միջազգային ուսումնական և գիտատեխնիկական ծրագրերի իրականացում:

 

III. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

10. Համալսարանի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա կառավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, հիմնադրի, լիազոր մարմնի, համալսարանի խորհրդի, համալսարանի գիտական խորհրդի և ռեկտորի գործառույթների իրականացմամբ:

11. Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`

1) համալսարանի հիմնադրումը.

2) համալսարանի գործունեության նպատակների և ուղղությունների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

3) համալսարանի կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը.

4) համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը.

5) համալսարանի վերակազմակերպումը և լուծարումը.

6) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացումը:

12. Լիազոր պետական մարմինը`

1) վերահսկողություն է իրականացնում համալսարանի գործունեության նկատմամբ.

2) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում համալսարանի ռեկտորի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, որոշումներն ու ցուցումները.

3) վերահսկողություն է իրականացնում համալսարանին ամրացված պետական սեփականության օգտագործման, պահպանության և համալսարանի սեփականության պահպանության նկատմամբ, իսկ օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս նրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

4) լսում է համալսարանի գործունեության մասին հաշվետվություններ, քննարկում է դրանց գործունեության վերստուգման արդյունքները.

5) սահմանում է համալսարանի կառավարման համակարգը.

6) նշանակում է համալսարանի լուծարման հանձնաժողով և հաստատում լուծարման հաշվեկշիռը.

7) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

13. Համալսարանի խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) կոլեգիալ կառավարման մարմին է, որն ստեղծվում է 5 տարի ժամկետով` սույն կանոնադրությանը համապատասխան: Խորհրդի անդամների թիվը 28-ն է:

14. Խորհուրդը ձևավորվում է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, սովորողների (ուսանողներ և ասպիրանտներ), հիմնադրի և լիազոր մարմնի ներկայացուցիչներից:

15. Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից խորհրդի անդամի թեկնածուներ են առաջադրում համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումները: Պրոֆեսորադասախոսական կազմից խորհրդի անդամների առաջադրված թեկնածուների ընտրությունն իրականացվում է գիտական խորհրդի կանոնակարգով սահմանված կարգով:

16. Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների ընդհանուր թվի 25 տոկոսը:

17. Համալսարանի սովորողների (ուսանողներ և ասպիրանտներ) ներկայացուցիչներից խորհրդի անդամի թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների ուսանողական խորհուրդները`

1) ուսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող ցանկացած սովորող (ուսանող կամ ասպիրանտ).

2) համալսարանի ուսանողական խորհուրդն ընտրում է ֆակուլտետների կողմից առաջադրված թեկնածուների.

3) սովորողների կողմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների ընդհանուր թվի 25 տոկոսը:

18. Պրոֆեսորադասախոսական անձնակազմի և սովորողների ներկայացուցիչներից ընտրված` խորհրդի կազմում առաջադրվող անդամների ցուցակը ներկայացվում է լիազոր մարմին:

19. Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը` պետական պաշտոն զբաղեցնող անձանց կազմից (խորհրդի անդամների ընդհանուր թվի 25 տոկոսը):

20. Լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև` ճանաչված գործատուներ (Խորհրդի անդամների ընդհանուր թվի 25 տոկոսը):

21. Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

22. Համալսարանի ռեկտորը չի կարող լինել խորհրդի անդամ և խորհրդի նիստերին մասնակցում է խորհրդակցական ձայնի իրավունքով:

23. Խորհուրդը ձևավորվելուց հետո իր կազմից ընտրում է նախագահ և քարտուղար: Խորհրդի նախագահը չի կարող լինել համալսարանի հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ և այլն) կամ սովորող: Խորհրդի նախագահը համատեղության կարգով կարող է զբաղվել գիտամանկավարժական գործունեությամբ:

24. Խորհրդի նախագահը կազմակերպում և անցկացնում է խորհրդի նիստերը, ղեկավարում դրանք, ստորագրում խորհրդի նիստերի արձանագրությունները և որոշումները, վերահսկում է դրանց կատարումը, իրականացնում խորհրդի աշխատակարգով նախատեսված այլ լիազորություններ:

25. Խորհուրդը`

1) հաստատում է իր աշխատակարգը.

2) հաստատում է համալսարանի բյուջեն, համալսարանի ռազմավարական ծրագրերը, համալսարանի ռեկտորի ընտրության կարգը.

3) լսում և գնահատում է համալսարանի գործունեության մասին ռեկտորի տարեկան հաշվետվությունը.

4) հիմնադրին ներկայացնում է համալսարանի` նոր խմբագրությամբ կանոնադրությունը, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները:

26. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում դրանք համալրվում են սույն կանոնադրության 14-21-րդ կետերի պահանջներին համապատասխան:

27. Խորհրդի անգործության դեպքում հիմնադիրը կարող է վաղաժամկետ դադարեցնել խորհրդի նախագահի լիազորությունները կամ լուծարել խորհուրդը:

28. Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ: Խորհրդի նիստերը գումարվում են խորհրդի նախագահի, ինչպես նաև լիազոր մարմնի, համալսարանի ռեկտորի, խորհրդի կամ գիտական խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով և անցկացվում են նախաձեռնողների սահմանած ողջամիտ ժամկետում ու առաջարկվող օրակարգով:

29. Խորհրդի նիստերը համարվում են իրավազոր` խորհրդի անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե սույն կանոնադրությամբ կամ Խորհրդի որոշմամբ այլ բան նախատեսված չէ: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անդամի չի թույլատրվում:

30. Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են`

1) իր դիմումի համաձայն.

2) նրա մահվան դեպքում.

3) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում` պաշտոնից ազատվելու հետևանքով.

4) որպես սովորող առաջադրվելու դեպքում` սովորողի կարգավիճակը կորցնելու հետևանքով:

31. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել խորհրդի անդամի թեկնածությունն առաջադրող մարմնի (ստորաբաժանման) առաջարկությամբ:

32. Խորհրդի անդամի լիազորությունները, լիազոր մարմնի ներկայացմամբ, դադարեցվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:

33. Խորհրդի անդամների իրավասությունը, նիստերի նախապատրաստման, գումարման, անցկացման, քվեարկության, որոշումների ընդունման, նիստերի արձանագրման կարգը սահմանվում են խորհրդի աշխատակարգով:

34. Համալսարանի գիտական խորհուրդը (այսուհետ` գիտական խորհուրդ) համալսարանի ռեկտորի նախագահությամբ գործող մարմին է, որը լուծում է համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման հիմնահարցերը: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

35. Գիտական խորհրդի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է գիտական խորհրդի կանոնակարգով:

36. Գիտական խորհուրդը`

1) հաստատում է իր կանոնակարգը.

2) հատկացված ընդհանուր չափաքանակների շրջանակներում, համալսարանի ռեկտորի ներկայացմամբ, հաստատում է վճարովի հիմունքներով ըստ մասնագիտությունների ընդունելության տեղերի նախագծեր, ինչպես նաև` ուսման վարձավճարների չափերը.

3) քննարկում և հաստատում է համալսարանի` օտարերկրյա պետությունների հետ կապերի ուղղությունները, միջազգային համագործակցության ծրագրերը.

4) համալսարանի ռեկտորի ներկայացմամբ` որոշում է ստեղծել, վերակազմակերպել, լուծարել ֆակուլտետներ, գիտահետազոտական ինստիտուտներ, լաբորատորիաներ, կենտրոններ, ամբիոններ և օրենքով չարգելված այլ կառուցվածքային ստորաբաժանումներ և հաստատում է նշված կառուցվածքային ստորաբաժանումների կանոնակարգերը.

5) սույն կանոնադրությամբ և գիտական խորհրդի կանոնակարգով սահմանված կարգով կազմակերպում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից խորհրդի անդամության համար առաջադրված թեկնածուների ընտրությունները և ներկայացնում է իր կողմից ներկայացված խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման վերաբերյալ առաջարկություններ.

6) հաստատում է համալսարանի ներքին կարգապահական կանոնները.

7) հաստատում է ուսումնական պլաններն ըստ մասնագիտությունների, որոնք ներկայացվում են լիազոր մարմին.

8) քննարկում է համալսարանի գիտական գործունեության գլխավոր ու հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ համալսարանում կատարվող գիտահետազոտական և ուսումնական աշխատանքների արդյունքների մասին.

9) հաստատում է համալսարանի ֆակուլտետի դեկանի, ամբիոնի վարիչի և պրոֆեսորադասախոսական կազմի ընտրությունների կարգերը.

10) պրոֆեսորադասախոսական անձնակազմի ընտրության կարգի համաձայն կազմակերպում է թափուր տեղերի համար անցկացվող մրցույթները և հաստատում դրանց արդյունքները.

11) գիտական խորհրդի կողմից հաստատված կանոնակարգով` սահմանված դեպքերում և կարգով կազմակերպում է ֆակուլտետի դեկանի և ամբիոնի վարիչի ընտրությունները և հաստատում դրանց արդյունքները.

12) շնորհում է համալսարանի պատվավոր կոչումներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրում համալսարանի մեդալով, շքանշանով և (կամ) պատվոգրով.

13) շնորհում է գիտական կոչումներ.

14) իրականացնում է համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և սույն կանոնադրությունից:

37. Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են համալսարանի ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, համալսարանի գիտական քարտուղարը, ռեկտորի խորհրդականները, ուսումնական և գիտական վարչությունների (կամ բաժինների) վարիչները (կամ պետերը), ֆակուլտետների դեկանները, համահամալսարանական ամբիոնների վարիչները, արհեստակցական կազմակերպության նախագահը, գրադարանի վարիչը, համալսարանի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ուսումնական հաստատությունների ղեկավարները, ուսանողական խորհրդի նախագահը, ինչպես նաև համալսարանի ռեկտորի ընտրությամբ` այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, հանրապետության գիտության և կրթության առաջատար մասնագետներ (գիտական խորհրդի անդամների ընդհանուր թվի մինչև 15 տոկոսի չափով):

38. Գիտական խորհրդի մյուս անդամներն ընտրվում են համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` գիտական խորհրդի կանոնակարգով սահմանված կարգով: Գիտական խորհրդի ընտրված անդամները կազմում են գիտական խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն 50 տոկոսը:

39. Գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է գիտական խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են գիտական խորհրդի ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

40. Գիտական խորհրդի որոշմամբ, անհրաժեշտության դեպքում, ստեղծվում են հանձնաժողովներ, որոնց կարգավիճակը, կառուցվածքը, իրավասությունը և աշխատանքի կարգը սահմանում է գիտական խորհուրդը:

41. Համալսարանի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է համալսարանի գործադիր մարմինը` համալսարանի ռեկտորը (այսուհետ` ռեկտոր):

42. Ռեկտորն ընտրվում է խորհրդի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Ռեկտոր կարող է ընտրվել գիտամանկավարժական աշխատանքի փորձ, գիտությունների դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:

43. Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Այդ արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն:

44. Ռեկտորը`

1) ղեկավարում է համալսարանի ընթացիկ կրթական, գիտական, արտադրական, ֆինանսական, միջազգային և այլ կարգի գործունեությունը.

2) ղեկավարում և կազմակերպում է գիտական խորհրդի, համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները.

3) կնքում է պայմանագրեր, բանկերում բացում հաշիվներ.

4) սահմանում է համալսարանի կառուցվածքը և հաստիքացուցակը.

5) կնքում է աշխատանքային պայմանագրեր սահմանված կարգով ընտրված դեկանների, ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին և համալսարանի այլ աշխատողների, սահմանում նրանց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվության շրջանակները.

6) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համալսարանի պրոռեկտորներին` սահմանելով նրանց գործունեության ոլորտներն ու պարտականությունները.

7) աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր, կազմակերպում է աշխատողների ատեստավորումը.

8) հրավիրում է գիտական խորհրդի, ռեկտորատի նիստեր.

9) սահմանված կարգով խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր է կիրառում սովորողների նկատմամբ.

10) հաստատում է համալսարանի պրոֆեսորադասախոսական և այլ անձնակազմի, հրավիրվող մասնագետների հիմնական և հավելյալ վարձատրության չափերը, կայացնում է որոշումներ աշխատողների ու սովորողների պարգևատրման և (կամ) նյութական օգնության տրամադրման վերաբերյալ.

11) արձակում է սովորողների (ուսանող, ասպիրանտ) ընդունելության, հեռացման, ազատման, ուսումնառության ընդհատման, ուսանողական իրավունքների վերականգնման, կուրսից կուրս տեղափոխման, համապատասխան արձակուրդ տրամադրելու, խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր կիրառելու, որակավորման աստիճան շնորհելու, ուսանողական նպաստ հատկացնելու և համալսարանի գործունեությանն առնչվող այլ հրամաններ.

12) իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունները վերապահում է պրոռեկտորներից մեկին.

13) տարեկան հաշվետվություն է ներկայացնում խորհրդին.

14) խորհրդի հաստատմանն է ներկայացնում զարգացման ռազմավարական ծրագրերը, խորհրդի քննարկմանն է ներկայացնում համալսարանի` նոր խմբագրությամբ կանոնադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ.

15) ապահովում է խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարումը.

16) գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում սույն կանոնադրության 36-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու կամ լուծարելու վերաբերյալ առաջարկություններ: Հաստատում է համալսարանի այլ կառուցվածքային ստորաբաժանումներ (վարչական կառուցվածք` վարչություն, բաժին և այլն) ստեղծելու, վերակազմակերպելու կամ լուծարելու վերաբերյալ որոշումները, ինչպես նաև` նշված կառուցվածքային ստորաբաժանումների կանոնակարգերը և այլ ներքին իրավական ակտեր.

17) տալիս է համալսարանի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով.

18) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և համալսարանի կառավարման մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

45. Ռեկտորն առանց լիազորագրի գործում է համալսարանի անունից, ներկայացնում է նրա շահերը պետական մարմինների, այլ կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազոր մարմնի որոշումներով, սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է համալսարանի գույքն ու ֆինանսական միջոցները, կնքում է պայմանագրեր, արձակում հրամաններ, կարգադրություններ, հրահանգներ, տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է:

46. Համալսարանի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որը ձևավորվում է ռեկտորի հրամանով: Ռեկտորատը խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում քննարկում է համալսարանի գործունեությանը վերաբերող հարցեր:

47. Ռեկտորատի կազմի մեջ մտնում են ռեկտորը, պրոռեկտորները, համալսարանի գիտական քարտուղարը, ռեկտորի օգնականն ու խորհրդականը, ֆակուլտետների դեկանները, արհեստակցական կազմակերպության նախագահը, գլխավոր հաշվապահը, ուսանողական խորհրդի նախագահը, գիտական և ուսումնական վարչությունների (կամ ստորաբաժանումների) ղեկավարներ:

 

IV. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

48. Համալսարանի ստորաբաժանումներ են ինստիտուտները, ֆակուլտետները, ամբիոնները, վարչությունները, բաժինները, լաբորատորիաները, գիտական գրադարանը, թանգարանը, քոլեջները, վարժարանները, դպրոցները, մանկապարտեզը և այլն: Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ և իրենց գործունեությունը կարգավորող կանոնակարգերով:

49. Համալսարանն իր կազմի մեջ մտնող բոլոր ստորաբաժանումների հետ միասին ուսումնական, գիտական և արտադրական ամբողջություն է, որի միասնությունն ապահովվում է ուսումնական, կրթական և գիտահետազոտական գործընթացների կազմակերպմանը նրա բոլոր ստորաբաժանումների պարտադիր մասնակցությամբ:

50. Համալսարանի ֆակուլտետն առանձին մասնագիտությունների ու մասնագիտացումների գծով բարձրագույն կրթության տարբեր մակարդակներում և ուսուցման բոլոր ձևերով ուսումնական և գիտահետազոտական գործընթացների կազմակերպումն ու իրականացումն ապահովող կառուցվածքային ստորաբաժանում է:

51. Ֆակուլտետը (ֆակուլտետի խորհուրդը) իր իրավասության սահմաններում իրավունք ունի ընդունելու ինքնուրույն որոշումներ, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի նորմատիվ ակտերին, սույն կանոնադրությանը և համալսարանի կառավարման մարմինների կողմից ընդունված ներքին և (կամ) անհատական իրավական ակտերին:

52. Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից, ուսումնական և այլ ստորաբաժանումներից:

53. Ֆակուլտետի խորհուրդը`

1) ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ (լաբորատորիաներ, բաժիններ) և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմավորելու և լուծարելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում ռեկտորին.

2) սահմանված կարգի համաձայն ընտրում է ֆակուլտետի դեկանին.

3) քննարկում և լուծում է ֆակուլտետի ուսումնական, գիտական աշխատանքների, միջազգային կապերի և այլ գործունեության հետ կապված հարցեր.

4) գիտական խորհրդում հաստատելու համար ռեկտորին է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլանները.

5) մշակում և ռեկտորի հաստատմանն է ներկայացնում ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի հաստիքացուցակը.

6) սահմանված կարգի համաձայն իրականացնում է ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ընտրությունը.

7) խորհրդի կազմում ընդգրկվելու համար առաջարկում է թեկնածուներ և ընտրում է գիտական խորհրդի կազմում ֆակուլտետի ներկայացուցիչներին.

8) քննարկում է ֆակուլտետի խորհրդի կանոնակարգը և ներկայացնում գիտական խորհրդի հաստատմանը.

9) լսում է դեկանի ամենամյա հաշվետվությունները, գնահատում է նրա գործունեությունը.

10) լուծում է սույն կանոնադրությունից բխող` ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր:

54. Ֆակուլտետի խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է ֆակուլտետի խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Ֆակուլտետի խորհրդում որոշումներն ընդունվում են նրա նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

55. Ֆակուլտետի ղեկավար մարմիններն են ֆակուլտետի խորհուրդը և ֆակուլտետի դեկանը: Ֆակուլտետի խորհրդի կազմի ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում է ֆակուլտետի խորհրդի կանոնակարգով: Ֆակուլտետի խորհրդի նախագահը ֆակուլտետի դեկանն է:

56. Ֆակուլտետի գործունեությունը կազմակերպում և ղեկավարումն իրականացնում է ֆակուլտետի դեկանը` իր իրավասության սահմաններում և սույն կանոնադրության համաձայն: Ֆակուլտետի դեկանի պաշտոնն ընտրովի է: Դեկանի ընտրությունը կազմակերպվում է գիտական խորհրդի կողմից հաստատված կարգի համաձայն:

57. Ֆակուլտետի դեկանը`

1) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական, արտադրական, միջազգային և այլ կարգի գործունեությունը.

2) ապահովում է համապատասխան մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի կատարումը.

3) ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեկանի տեղակալներին.

4) սահմանված կարգով ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու, հեռացնելու, վերականգնելու և (կամ) ուսումնառությունն ընդհատելու վերաբերյալ.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ֆակուլտետի խորհրդի կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:

58. Ամբիոնները (բաժինները, լաբորատորիաները) համալսարանի ֆակուլտետի ուսումնագիտական գործընթացը կազմակերպող հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներն են, որոնք գործում են սույն կանոնադրության և ֆակուլտետների ամբիոնների ու լաբորատորիաների օրինակելի կանոնակարգերի հիման վրա:

59. Ամբիոնի գիտամանկավարժական կազմը բաղկացած է պրոֆեսորներից, դոցենտներից, ասիստենտներից, դասախոսներից:

60. Ամբիոնի վարիչի պաշտոնն ընտրովի է: Ընտրությունն իրականացվում է գիտական խորհրդի կողմից սահմանված կարգով:

61. Ամբիոնը, ելնելով կատարվող մանկավարժական, գիտական, ուսումնաօժանդակ աշխատանքների ծավալից ու ձևերից, ըստ սահմանված չափանիշների, մշակում է իր աշխատողների ուսումնական բեռնվածությունը և ներկայացնում համալսարանի ռեկտորի հաստատմանը:

62. Համալսարանի ամբիոններում պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատողների աշխատանքի ընդունումը, նրանց և համալսարանի միջև աշխատանքային հարաբերություններն իրականացվում են ըստ աշխատանքային պայմանագրի: Աշխատանքային պայմանագրի կնքմանը նախորդում է բաց մրցութային ընտրությունը:

63. Համալսարանի ամբիոնի վարիչի պաշտոնի թեկնածուներ առաջադրելու, ընտրություններ անցկացնելու և ամբիոնի վարիչին պաշտոնում հրամանագրելու կարգը սահմանվում է ամբիոնների վարիչների ընտրության կարգով:

64. Ամբիոնի վարիչը կազմակերպում և ղեկավարում է ամբիոնի կրթական, գիտական և այլ աշխատանքները, ներկայացնում նրա կոլեկտիվը համալսարանի, ֆակուլտետի և համալսարանական այլ ստորաբաժանումների, ինչպես նաև ոչ համալսարանական կազմակերպությունների հետ հարաբերություններում:

65. Համալսարանի ամբիոնը կարող է լինել նաև համահամալսարանական: Համահամալսարանական ամբիոնի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է վերջինիս կանոնակարգով:

66. Ամբիոնի կրթական և գիտական հիմնական հարցերը քննարկվում են ամբիոնի նիստերում: Ամբիոնի նիստերում քվեարկվող հարցերի վերաբերյալ ձայնի իրավունք ունեն միայն պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները: Ամբիոնի ուսումնաօժանդակ կազմի աշխատողները նիստերին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով: Ամբիոնի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է անդամների կեսից ավելին: Ամբիոնի որոշումներն ընդունվում են նրա նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

67. Ֆակուլտետի մյուս ստորաբաժանումների ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է ֆակուլտետի խորհրդի կանոնակարգով:

68. Համալսարանում արհեստակցական կազմակերպության և այլ հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իրենց կանոնադրություններով:

 

V. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

69. Համալսարանում ուսուցումն իրականացվում է առկա, հեռակա, հեռավար և դրսեկություն (էքստեռն) ձևերով:

70. Համալսարանում ուսումնական գործընթացը կազմակերպվում է երկու կիսամյակից բաղկացած ուսումնական տարով, յուրաքանչյուր կիսամյակ ավարտվում է քննաշրջանով:

71. Համալսարանում սահմանվում են ուսումնական պարապմունքների հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություն, գործնական (սեմինար), լաբորատոր և անհատական պարապմունքներ, ուսումնական, մանկավարժական, գիտահետազոտական և սահմանված այլ պրակտիկա, խորհրդատվություն և այլն:

72. Համալսարանում բարձրագույն կրթությունն իրականացվում է բակալավրի և մագիստրոսի հիմնական կրթական ծրագրերով, պետական կրթական չափորոշիչներին համապատասխան:

73. ՈՒսուցման մեկ աստիճանից մյուսին անցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

74. Համալսարանի ասպիրանտուրա ընդունելությունն իրականացվում է մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման հիման վրա` ըստ մրցութային ընդունելության քննությունների արդյունքների, որի կարգը և մասնագիտությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

75. Համալսարանում կատարվում են գիտահետազոտական և ստեղծագործական աշխատանքներ` գիտական խորհրդի կողմից հաստատված պլաններով, անցկացվում են գիտական համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ, որոնք համակարգվում և կազմակերպվում են գիտահետազոտական բաժնի կողմից, որը նաև հեղինակային հսկողություն է իրականացնում գիտական և ուսումնամեթոդական հետազոտությունների արդյունքների նկատմամբ:

76. Գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել համալսարանի դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտները, հետազոտողները, հայցորդները և ուսանողները, ինչպես նաև` պայմանագրային կարգով հրավիրված այլ մասնագետներ:

77. Համալսարանում գործում է որակի ներքին ապահովման և վերահսկման համակարգ, որի նպատակը կրթության որակի շարունակական բարելավումն է:

 

VI. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ

 

78. Համալսարանի աշխատողներն են պրոֆեսորադասախոսական կազմը, գիտական, ուսումնաօժանդակ, վարչատնտեսական և այլ տարակարգերի աշխատողները:

79. Համալսարանի սովորողներն են ուսանողները, դրսեկները, ասպիրանտները, հետազոտողները և հայցորդները:

80. Համալսարանի աշխատողների և սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ներքին կանոններով, կոլեկտիվ պայմանագրերով և համալսարանի այլ իրավական ակտերով:

81. Համալսարանի աշխատողներն իրավունք ունեն`

1) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ` մասնագիտական և աշխատանքային գործունեության համար.

2) ընտրելու և ընտրվելու համալսարանի խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետների խորհուրդներում.

3) մասնակցելու համալսարանի գործունեությանն առնչվող խնդիրների քննարկմանը և ընտրովի մարմինների աշխատանքներին.

4) միավորվելու արհեստակցական կազմակերպություններում և այլ հասարակական կազմակերպություններում.

5) օգտվելու համալսարանի գիտական, մշակութային, սոցիալ-կենցաղային ստորաբաժանումների և գիտական գրադարանի ծառայություններից.

6) սահմանված կարգով ստանալու վճարվող և չվճարվող արձակուրդ.

7) նախատեսված ժամկետում և սահմանված չափով ստանալու աշխատավարձ, լրավճարներ, հավելավճարներ, ինչպես նաև պարգևատրումներ և խրախուսումներ (ներառյալ` դրամական)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և համալսարանի կոլեկտիվ պայմանագրով սահմանված դեպքերում:

82. Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և ուսանողներն օժտված են ակադեմիական ազատություններով:

83. Գիտամանկավարժական աշխատողների, ուսանողների, ասպիրանտների և դոկտորանտների ու հայցորդների համար ստեղծվում են գիտահետազոտական աշխատանքներ կատարելու, դրանց արդյունքների շարադրման և տարածման նպաստավոր պայմաններ` այդ նպատակներին հատկացված միջոցների սահմաններում:

84. Համալսարանի պրոֆեսորադասախոսական և գիտական կազմը, բացի նշված իրավունքներից, ունի`

1) մասնագիտական գործունեության կազմակերպման ու նյութատեխնիկական ապահովման իրավունք.

2) գիտական հետազոտության ակադեմիական ազատության իրավունք.

3) պետական կրթության չափորոշիչներին համապատասխան ուսումնական դասընթացների բովանդակության, ծրագրերի ազատ որոշման իրավունք.

4) անհատական առանձնահատկություններին համապատասխանող և ուսումնական գործընթացի բարձր որակն ապահովող նյութի շարադրման, դասավանդման մեթոդների ու միջոցների ազատ ընտրության իրավունք.

5) համատեղությամբ գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքներ կատարելու իրավունք:

85. Գիտության և մանկավարժության բնագավառներում ակնառու նվաճումների համար համալսարանի աշխատողներին շնորհվում են համալսարանի մրցանակներ: Երիտասարդ գիտնականների համար սահմանվում է առանձին մրցանակ:

86. Համալսարանի աշխատողները պարտավոր են`

1) պահպանել և կատարել սույն կանոնադրության, համալսարանի ներքին կարգապահական կանոնների և այլ ներքին իրավական ակտերի պահանջները.

2) կատարել ղեկավար մարմինների որոշումները.

3) մշտապես բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը.

4) պահպանել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել համալսարանի գույքը.

5) սահմանված ժամկետում կատարել բոլոր հանձնարարականներն ու առաջադրանքները.

6) բարձր պահել համալսարանի պատիվն ու հեղինակությունը.

7) պահպանել համակեցության կանոններն ու նպաստել հասարակության բարոյական նորմերի պահպանմանը.

8) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

87. Համալսարանի սովորողներն իրավունք ունեն`

1) ստանալու ժամանակակից պահանջներին համապատասխանող գիտելիքներ.

2) հաճախելու դասախոսություններին.

3) սահմանված կարգով ընտրելու մասնագիտություն, ուսուցման ձևը, ցանկացած կրթական աստիճանում ընդհատելու կամ շարունակելու բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունը.

4) ըստ նախասիրությունների մասնակցելու համալսարանում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին.

5) գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը, համալսարանի կառավարման մարմիններ ներկայացնելու ուսուցման որակի բարձրացման վերաբերյալ առաջարկություններ.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ընդգրկվելու և մասնակցելու համալսարանի կառավարման մարմինների աշխատանքներին.

7) օգտվելու համալսարանի գրադարանից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական, մարզական, առողջարանային, ուսումնաարտադրական և այլ ստորաբաժանումների ծառայություններից.

8) միավորվելու ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և ուսանողական այլ կազմակերպություններում.

9) օգտվելու ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցման իրավունքից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և համալսարանի կողմից սահմանված կարգով ստանալու սահմանված չափի (ներառյալ անվանական) կրթաթոշակ.

11) ծանոթանալու համալսարանի կանոնադրությանը և այլ իրավական փաստաթղթերի.

12) լիազորված մարմնի սահմանած կարգով, անհրաժեշտության դեպքում, ստանալու ակադեմիական արձակուրդ` մինչև մեկ տարի ժամկետով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

13) ուսուցման առկա ձևով ուսումնառության դեպքում տվյալ ուսումնական տարվա ընթացքում առնվազն երկու անգամ գտնվելու արձակուրդում` ոչ պակաս, քան յոթ շաբաթ ընդհանուր տևողությամբ.

14) սահմանված կարգով տեղափոխվելու մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն` ներառյալ օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունները:

88. Համալսարանի սովորողներն ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

89. Համալսարանի սովորողները պարտավոր են`

1) կատարել սույն կանոնադրությունից և համալսարանի այլ իրավական ակտերից բխող հանձնարարականները.

2) կատարել համալսարանի ղեկավար մարմինների որոշումները.

3) ապահովել ուսումնական գործընթացի, անցկացվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.

4) հաճախել ուսումնական ծրագրերով նախատեսված դասընթացներին.

5) հոգատար վերաբերվել համալսարանի գույքին.

6) բարձր պահել համալսարանի պատիվն ու հեղինակությունը, պահպանել հասարակական համակեցության և բարոյականության նորմերը:

90. Հանրակրթական ուսումնառություն ստացած յուրաքանչյուր ոք վճարովի կամ անվճար հիմունքներով կարող է դառնալ համալսարանի ուսանող` ընդունելության քննությունները սահմանված կարգով հանձնելու դեպքում:

91. Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վճարովի հիմունքներով ուսուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

92. ՈՒսուցման անվճար համակարգում ընդունված և առկա ձևով կրթություն ստացող ուսանողները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին ապահովվում են ուսանողական կրթաթոշակներով: Համալսարանն իրավունք ունի սահմանելու անվանական կրթաթոշակներ և պետական կրթաթոշակների հավելավճարներ, ինչպես նաև ուսումը խրախուսող բարոյական ու նյութական խթանման այլ ձևեր:

93. Արգելվում է ուսանողներին ուսումնական գործընթացով չնախատեսված աշխատանքներում ներգրավելը` առանց վերջիններիս և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների ու հոգաբարձուների) համաձայնության, ինչպես նաև սովորողների նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման միջոցների կիրառումը:

94. Լրացուցիչ մասնագիտական կրթության կրթական ծրագիրն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է համալսարանի` սահմանված նմուշի ավարտական փաստաթուղթ (հավաստագիր, վկայական):

95. Վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են պայմանագրով նախատեսված ժամկետում վճարել ուսման վարձը, որի չափը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է համալսարանը: ՈՒսման վարձը ժամանակին չվճարելու դեպքում ուսանողները կարող են հեռացվել համալսարանից:

96. Այն ուսանողները, ովքեր կիսամյակի քննաշրջանի (քննաշրջանների) ընթացքում չեն կուտակում ուսումնական պլաններով նախատեսված անհրաժեշտ գումարային կրեդիտները, ցուցաբերում են ակադեմիական անբավարար առաջադիմություն, խախտում են համալսարանի ներքին կարգապահական կանոնները, համալսարանի ռեկտորի հրամանով կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև համալսարանից հեռացվելը:

97. Համապատասխան կրթական ծրագիրն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած սովորողներին շնորհվում է համապատասխան որակավորում և տրվում պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (դիպլոմ)` համապատասխան ներդիրով:

98. Համալսարանի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը պաշտպանող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը և համապատասխան մարմինների քննարկմանն է ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր:

99. Համալսարանի ուսանող է համարվում սահմանված կարգով ընդունված և բարձրագույն մասնագիտական կրթության կրթական որևէ ծրագրով ուսումնառու անձ.

100. Համալսարանի ասպիրանտ է համարվում բարձրագույն մասնագիտական (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) կրթություն ունեցող, հետբուհական կրթական ծրագրով ուսումնառությունն ասպիրանտուրայում շարունակող և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձը, որը հետբուհական մասնագիտական կրթական ծրագրով ատեստավորման արդյունքում կարող է ստանալ հետազոտողի որակավորման աստիճան:

101. Համալսարանի դոկտորանտ է համարվում գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող և գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստելու համար համապատասխան կարգով ձևակերպված անձը:

102. Համալսարանի հայցորդ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն (մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում) ունեցող և առանց ասպիրանտուրայում սովորելու` գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձը, ինչպես նաև գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող և գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձը, որը սահմանված կարգով կցված է համալսարանին:

103. Համալսարանի գիտամանկավարժական կադրերի պատրաստումը` ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության ձևերով, իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

VII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

104. Համալսարանի գույքը կազմված է համալսարանին սեփականության իրավունքով պատկանող գույքից և հիմնադրի կողմից համալսարանին ամրացված գույքից: Համալսարանին ամրացված գույքը հիմնադրի կողմից նրան է հատկացվում անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով:

105. Համալսարանի գույքն ստեղծվում է հետևյալ աղբյուրներից`

1) պետական գույք, որը հանձնվել է համալսարանին` անհատույց օգտագործման համար.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պետական պատվերի, ինչպես նաև այլ նպատակների համար հատկացված միջոցներ.

3) միջոցներ, որոնք գոյանում են համալսարանի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից.

4) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, այդ թվում` բարեգործական, հովանավորչական, նպատակային մուծումները, կտակած գույքը.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

106. Ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված զուտ շահույթն ուղղվում է համալսարանի կանոնադրական խնդիրների իրականացմանը:

107. Համալսարանի բոլոր եկամուտներն ու ծախսերը նախատեսվում և օգտագործվում են սահմանված կարգով` հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան:

108. Համալսարանն իրավունք ունի հիմնադրի կողմից իրեն ամրացված գույքը հանձնել վարձակալության` միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի` բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:

109. Ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Ամրացված գույքի այլ օգտագործման արդյունքում ստացված եկամուտները համալսարանի սեփականությունն են: Համալսարանին ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

110. Համալսարանի գործունեության նկատմամբ վերահսկողություն են իրականացնում հիմնադիրը, լիազորված պետական մարմինը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:

111. Համալսարանի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի), որի արդյունքները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

112. Համալսարանն իրավասու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, հիմնադրի որոշումներին և իր կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

 

VIII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

113. Համալսարանի վերակազմակերպումը (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) և լուծարումը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

114. Համալսարանի լուծարման դեպքում համալսարանի պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(կանոնադրությունը խմբ. 02.05.13 թիվ 471-Ն որոշում)

(կանոնադրությունը փոփ. 23.09.09 թիվ 1098-Ն, 10.06.11 թիվ 781-Ն, 29.12.11 թիվ 1872-Ն, 15.09.05 թիվ 1720-Ն, 11.02.10 թիվ 106-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.10.2002
N 1813-Ն
Որոշում