Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՍ ...

11.01.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.05.1991  -ից մինչեւ   11.01.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մայիսի 1991 թ. թիվ 327

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԿԻ ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ 1991/92 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով կադրերի պատրաստման և վերապատրաստման գործում որակական տեղաշարժերի և առաջնահերթ միջոցառումների իրականացման, ինչպես նաև բուհերի դիմորդների ընտրության և ընդունելության համակարգի կատարելագործման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի առաջարկությունը` համաձայնեցված շահագրգռված նախարարությունների և գերատեսչությունների հետ, և թույլատրել 1991 թվականից սկսած հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելություններն իրականացնել ինչպես կառավարության կողմից սահմանվող և հաստատվող պետական պատվերի, ներառյալ հիմնարկությունների ու ձեռնարկությունների *) կողմից փոխանցվող միջոցները, այնպես էլ անհատ անձանց միջոցների հիման վրա:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության բուհերի ցերեկային ուսուցման ընդունելության 1991 թվականի ծրագիրը` ըստ մասնագիտությունների, համաձայն հավելվածի), պետական պատվերի սահմաններում` մինչև 2 տոկոսի ճշտությամբ:

1991 թվականից սկսած չսահմանել և չհաստատել բուհերի նախապատրաստական, երեկոյան և հեռակա ուսուցման պետական պատվերներ:

/ 2-րդ կետն ուժը կորցրել է 20.07.91 թիվ 472 որոշում/

3. Պետական բուհերում անվճար ուսուցման համակարգի հետ մեկտեղ կազմակերպել վճարովի ուսուցման համակարգ, որում սովորելու հնարավորություն ընձեռել`

ընտրած մասնագիտությանը համապատասխան ընդունելության բոլոր քննություններից դրական նիշեր ստացած դիմորդներին` տվյալ բուհում հաստատված վճարովի ուսուցման տեղերի քանակի սահմաններում.

ակադեմիական ցածր առաջադիմության կամ անհարգելի պատճառով անվճար ուսուցման համակարգից դուրս մնացած ուսանողներին.

երկրորդ մասնագիտություն ստանալ ցանկացող անձանց.

ազատ ունկնդիրներին, որոնք կարող են տվյալ բուհում ուսումնասիրել մեկ կամ ավելի առարկա, սակայն պետությունը նրանց նկատմամբ ոչ մի պարտավորություն չի ստանձնում.

հումանիտար (նախկին հասարակական մասնագիտությունների) ֆակուլտետներում.

որակավորման բարձրացման ֆակուլտետներում.

դիմորդների նախապատրաստական դասընթացներում:

4. Անվճար ուսուցման գծով գոյացող թափուր տեղերը կարող են օգտագործվել վճարովի հիմունքներով սովորող առավել առաջադեմ ուսանողներին անվճար (լրիվ կամ մասնակի) ուսուցման փոխադրելու համար:

5. Հանրապետության բոլոր պետական բուհերում վճարովի ուսուցման վարձի տարեկան առավելագույն չափը սահմանել մինչև 4,0 հազար ռուբլի` ըստ առանձին մասնագիտությունների, տարեկան վարձաչափի իրավունքը թողնելով բարձրագույն ուսումնական հաստատություններին:

/ խմբ. 20.07.91 թիվ 472 որոշում/

6. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ տասնօրյա ժամկետում մշակել և, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի հետ համաձայնեցնելով, հաստատել բուհերի, կազմակերպությունների անհատ անձանց իրավունքները, պարտավորությունները կարգավորող միասնական պայմանագրի ձև:

7. Թույլատրել հանրապետության բուհերին, 1991 թվականից սկսած, իրականացնել օտարերկրյա քաղաքացիների ընդունելություն` վճարովի ուսուցման ձևով, արժութային վարձատրությամբ վարձաչափը որոշվում է բարձրագույն ուսումնական հաստատության և պատվիրատուի փոխադարձ համաձայնությամբ:

8. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ մինչև 1991 թվականի մայիսի 31-ը Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հետ համաձայնեցնել և հաստատել օտարերկրյա քաղաքացիների` Հայաստանի բուհերում վճարովի ուսուցման ընդունելության և նրանց ուսուցման համար կատարվող ծախսերի արժութային հատուցման կարգի մասին կանոնադրություն, ինչպես նաև կարգավորել ուսման ամբողջ ժամանակաշրջանի համար ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետություն մուտքի թույլտվությունների ձևակերպման հետ կապված հարցերը:

i

9. Սահմանել, որ վճարովի ուսուցումից ստացվող ֆինանսական միջոցները փոխանցվում են բուհերի հատուկ հաշվարկային հաշիվներին և բաշխվում են հետևյալ ձևով`

ընդհանուր միջոցների 10 տոկոսը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

մնացած միջոցների 10 տոկոսը մասհանվում է Հայաստանի Հանրապետության ստեղծվելիք գիտական հետազոտությունների ազգային ֆոնդ:

Թույլատրել բուհերին ստացվող շահույթի մինչև 70 տոկոսը օգտագործել պրոֆեսորադասախոսական և օժանդակ անձնակազմի աշխատավարձի բարձրացման նպատակով:

/ 9-րդ կետն ուժը կորցրել է 21.08.92 թիվ 446 որոշում/

10. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին և ֆինանսների նախարարությանը` շահագրգռված կազմակերպությունների հետ համատեղ մշակել բուհերի դասախոսական նոր հաշվարկային հաստիքային նորմատիվներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտե ներկայացնել առաջարկություններ ինդեքսավորման համակարգի մասին:

11. Սահմանել, որ 1992 թվականի թողարկումից սկսած ուսումնական հաստատություններն ինքնուրույնաբար կազմում և հաստատում են երիտասարդ մասնագետների բաշխման ծրագիրը, ամփոփագրեր ներկայացնելով կադրերի սպառողներ հանդիսացող կազմակերպություններին և վիճակագրական մարմիններին:

Հայաստանի Հանրապետության վիճպետկոմին` ապահովել նշված տվյալների ընդհանրացումը և արտացոլումը վիճակագրական հաշվետվության ժողովածուներում:

Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին` որոշել, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի հետ համաձայնեցնել և մեկամսյա ժամկետում հաստատել երիտասարդ մասնագետների բաշխման ծրագրերի մշակման նոր կարգն ու ժամկետները:

12. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին` բուհերի հետ համատեղ մշակել ԼՂԻՄ-ի, ներքին և արտաքին սփյուռքի դիմորդների 1991 թվականի ընդունելության քննությունները և ընդունելության առանձնահատկությունները կարգավորող միջոցառումները:

13. Հանրապետության բուհերի ռեկտորներին` զանգվածային լրատվության միջոցներով դիմորդների համար բացատրական աշխատանք տանել 1991 թվականին մասնակի վճարովի ուսուցման կազմակերպման, ինչպես նաև ընդունելության քննությունների հետ կապված բոլոր հարցերի վերաբերյալ:

14. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեին, Արմենպրեսին և հանրապետական թերթերի խմբագրություններին` լայնորեն լուսաբանել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մասնակի վճարովի ուսուցում կազմակերպելու և 1991/92 ուսումնական տարվա ընդունելության հետ կապված հարցերը:

15. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին` շահագրգռված կազմակերպությունների հետ համատեղ երկամսյա ժամկետում մշակել, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ քննարկման ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշման նախագիծ` հանրապետության միջնակարգ և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում 1992 թվականից մասնակի վճարովի ուսուցում կազմակերպելու մասին:

____________________

*) Անկախ սեփականության ձևից:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
07.05.1991
N 327
Որոշում