Սեղմել Esc փակելու համար:
2003 ԹՎԱԿԱՆԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2003 ԹՎԱԿԱՆԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ...

 

 

040.0246.240303

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» մարտի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 փետրվարի 2003 թվականի N 246-Ն

 

i

2003 ԹՎԱԿԱՆԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

2003 թվականին Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի բուժհաստատություններում պետության կողմից երաշխավորված պետական նպատակային ծրագրերի շրջանակներում անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումն արդյունավետ կազմակերպելու և կանոնակարգելու նպատակով ու «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի երրորդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2003 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնել 2003 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 2003 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի ֆինանսավորումն իրականացնող մարմիններն են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը.

բ) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 05 («Առողջապահություն») խմբի 02 (»Հիվանդանոցային բուժօգնություն») և 03 (»Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն») ենթախմբերի` ըստ առանձին ծրագրերի, իսկ 04 (»Հիգիենիկ-հակահամաճարակային ծառայություններ») ենթախմբի (»02. Հիգիենիկ-հակահամաճարակային ծառայության գծով պետական պատվեր») ու 05. (»Առողջապահական այլ ծառայություններ և ծրագրեր») ենթախմբի (»05. Առողջապահական այլ ծառայությունների գծով պետական պատվեր») ծրագրերի` ըստ ծառայությունների բաշխումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ.

գ) բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային ու արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման նորմատիվները, ինչպես նաև միջինացված գները` ըստ բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի, իսկ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության բուժհաստատություններում իրականացվող բժշկական օգնության գծով` նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի հետ.

դ) պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային ու արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման դիմաց փոխհատուցված միջոցների նպատակային օգտագործման ու բուժօգնության որակի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը.

i

ե) Երևան քաղաքի հիվանդանոցային կազմակերպություններում 2003 թվականի հոկտեմբերի 1-ից փորձարարական կարգով կիրառվում է բժշկական օգնության և սպասարկման դիմաց ֆինանսական փոխհատուցման համավճարային սկզբունքը.

զ) բժշկական օգնության և սպասարկման դիմաց ֆինանսական փոխհատուցման համավճարային սկզբունքի կիրառումը չի տարածվում սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով հաստատված` բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց և նույն կետի «բ» ենթակետով հաստատված կարգի 20-րդ կետով նախատեսված` սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց վրա.

i

է) չի թույլատրվում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից իրենց ու պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման պետական պատվեր տեղադրող մարմինների միջև կնքված` պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնության ու սպասարկման աշխատանքների կատարման վերաբերյալ` համապատասխան պայմանագրերի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության նկատմամբ ձեռք բերած` իրենց պահանջի իրավունքի զիջումն այլ անձանց` առանց պարտապանի համաձայնության:

(2-րդ կետը փոփ. 14.08.03 թիվ 1038-Ն, 27.11.03 թիվ 1778-Ն որոշումներ)

3. Հաստատել`

ա) 2003 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող` բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

բ) 2003 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` մեկամսյա ժամկետում`

ա) համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ, իսկ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության մասով` նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի հետ` «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 05 («Առողջապահություն») խմբի 02 (»Հիվանդանոցային բուժօգնություն»), 03 (»Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն») ենթախմբերի` ըստ առանձին ծրագրերի, իսկ 04 (»Հիգիենիկ-հակահամաճարակային ծառայություններ») ենթախմբի (»02. Հիգիենիկ-հակահամաճարակային ծառայության գծով պետական պատվեր») և 05 (»Առողջապահական այլ ծառայություններ և ծրագրեր») ենթախմբի (»05. Առողջապահական այլ ծառայությունների գծով պետական պատվեր») ծրագրերի` ըստ ծառայությունների բաշխումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 11 հավելվածով հաստատված 2003 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերին համապատասխան.

բ) մշակել և սահմանված կարգով հաստատել պետական պատվերի տեղադրման կարգը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումն իրականացնող մարմնի և բուժհաստատությունների միջև կնքվելիք օրինակելի պայմանագրերի, բուժհաստատությունների կողմից իրականացվող բժշկական օգնության և սպասարկման ծավալների հաշվառման, հաշվետվության և հանձնման-ընդունման ակտի ձևերը, հաշվետվությունը ներկայացնելու կարգը, բժշկական օգնության ու սպասարկման իրականացման և ֆինանսավորման կարգերն ու մեթոդական ցուցումները.

գ) մշակել ու, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի, իսկ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության մասով` նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի հետ, հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային ու արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների նորմատիվներն ու գները.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների սահմաններում մշակել և, համաձայնեցնելով իրավասու նախարարությունների և այլ պետական մարմինների հետ, սահմանված կարգով հաստատել սույն որոշումից բխող անհրաժեշտ գերատեսչական ակտեր.

ե) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել քաղաքացիական բուժհաստատություններում զինծառայողների ու ոստիկանության ծառայողների հետազոտման և բուժման կազմակերպման, ինչպես նաև ծախսերի հետագա փոխհատուցման կարգը:

i

4.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` մինչև 2003 թվականի սեպտեմբերի 15-ը`

ա) սահմանել հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման այն տեսակները, որոնց վրա տարածվում է համավճարային սկզբունքը.

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ սահմանել բժշկական օգնության և սպասարկման տեսակների փոխհատուցման համավճարի չափասահմանները և կիրառման կարգը:

(4.1-րդ կետը լրաց. 14.08.03 թիվ 1038-Ն որոշում)

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2002 թվականի տարեկան հաշվետվությունների ընդունումից և ամփոփումից հետո մինչև 2003 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից իրականացված անվճար բժշկական օգնության և սպասարկման դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից թերֆինանսավորման արդյունքներով առաջացած պարտքերի մարման վերաբերյալ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

փետրվարի 6-ի N 246-Ն որոշման

 

ՑԱՆԿ

2003 ԹՎԱԿԱՆԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ

 

(բացառությամբ այն բժշկական օգնության ու սպասարկման տեսակների և

բուժծառայությունների, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի

Հանրապետության առողջապահության նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի

Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ)

 

Աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված 38 և ավելի բալ ունեցող նպաստառուներ

 

1-ին խմբի հաշմանդամներ

2-րդ խմբի հաշմանդամներ

3-րդ խմբի հաշմանդամներ

Հաշմանդամ երեխաներ (մինչև 18 տարեկան)

Հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք

Միայնակ մայրերի երեխաներ (մինչև 18 տարեկան)

Ծնողազուրկ երեխաներ (միակողմանի, երկկողմանի` մինչև 18 տարեկան)

Բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող)

ընտանիքների երեխաներ

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ

 

Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ

Բռնադատվածներ

Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներում քննվողներ

Հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան)

Մինչև 7 տարեկան երեխաներ

Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք

Ձերբակալվածներ և ազատազրկման դատապարտվածներ

Մանկատներում և ծերանոցներում խնամվողներ

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

փետրվարի 6-ի N 246-Ն որոշման

 

ԿԱՐԳ

2003 ԹՎԱԿԱՆԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

1. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում բուժհաստատություններում 2003 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման (այսուհետ` բժշկական օգնություն և սպասարկում) կազմակերպման ու ֆինանսավորման կարգը և պայմանները:

2. Հիվանդանոցային բուժհաստատություններում իրականացվող` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման բազային ծավալները որոշվում են սահմանափակված բյուջեի սկզբունքով:

Սահմանափակված բյուջեի սկզբունքով ֆինանսավորումը կատարվում է բուժհաստատության և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումն իրականացնող մարմնի (այսուհետ` պատվիրատու) միջև կնքված` Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին` բժշկական օգնության և սպասարկման իրականացման ու փոխհատուցման մասին պայմանագրով սահմանված ծավալների շրջանակներում:

3. Ամբուլատոր-պոլիկլինիկական և շտապ բժշկական օգնության բազային ծավալները որոշվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի (այսուհետ` նախարար) կողմից հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով մեկ բնակչի հաշվով միջինացված գներով:

4. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 05 խմբի («Առողջապահություն») ենթախմբերի` ըստ ծրագրերի բաշխումն իրականացնում է նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի, իսկ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության մասով` նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի հետ:

5. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեում սահմանված կարգով փոփոխություններ և վերաբաշխումներ կատարվելու դեպքում` հաստատված պայմանագրային ծավալները` ըստ բժշկական օգնության և սպասարկման տեսակների ենթակա են վերանայման:

6. Բուժհաստատությունը բժշկական օգնության և սպասարկման ծավալների պահանջարկի վերլուծության ու պայմանագրային ծավալների ձևավորման նպատակով պատվիրատուին` նրա կողմից սահմանված կարգով և ձևերով ներկայացնում է իր կողմից իրականացվող բժշկական ու ֆինանսատնտեսական գործունեությունը բնութագրող վիճակագրական ցուցանիշներ, ինչպես նաև տեղեկություններ առկա մասնագիտական ներուժի և կառուցվածքի մասին:

7. Բուժհաստատությունը պատվիրատուին ներկայացնում է հաշվետվություն իրականացված բժշկական օգնության և սպասարկման մասին (անկախ փոխհատուցման ձևից)` համաձայն նախարարի կողմից սահմանված կարգի և հաստատված ձևերի:

8. Բուժհաստատության ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում է պատվիրատուի կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված հայտերի համաձայն` Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությամբ, ընդ որում, բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի ֆինանսավորման գերակայությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի փետրվարի 19-ի N 112 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 520 որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, իսկ ըստ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների` ընթացիկ ֆինանսավորման առաջնահերթությունները սահմանում է նախարարը:

 

2. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

9. Հիվանդանոցային բուժհաստատություններում (այսուհետ` հիվանդանոց) սահմանափակված բյուջեի բազային ծավալները որոշվում են բժշկական օգնության և սպասարկման հետևյալ տեսակների համար`

ա) սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բուժման համար, այդ թվում`

տուբերկուլյոզի բուժում, աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բուժում և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բուժում,

հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների, հետսթրեսային վիճակների (Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության բուժհաստատություններում) բուժում.

բ) սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բուժօգնություն.

գ) մինչև 7 տարեկան երեխաներին բուժօգնություն.

դ) ծննդաբերության հետ կապված բուժօգնություն.

ե) վերակենդանացման և անհետաձգելի բժշկական միջամտություններ պահանջող վիճակներ.

զ) հեմոդիալիզի անցկացում.

է) նախա- և հետպրոթեզավորման հետ կապված բուժօգնություն (Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության բուժհաստատություններում):

10. Նյարդահոգեբուժական, հակատուբերկուլյոզային, նարկոլոգիական կենտրոններում, դիսպանսերներում և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բուժման համար սահմանափակված բյուջեի բազային ծավալները որոշվում են`

ա) տվյալ հիվանդանոցի համար հաստատված` մահճակալների թվի, մահճակալի տարեկան միջին հաշվարկային զբաղվածության և մեկ մահճակալ/օրվա համար նախատեսված միջին գնի արտադրյալով.

բ) ֆինանսավորման ծավալները` ըստ բաժանմունքների և բուժօգնության տեսակների, փաստացի կատարված հիվանդ/օրերի դիմաց, հիվանդի բուժման 1 օրվա համար նախատեսված միջինացված գնով, սակայն հաստատված սահմանափակված բյուջեի ծավալից ոչ ավելի:

Հիվանդանոցներում փաստացի կատարված հիվանդ/օրերը, որոնք ենթակա են փոխհատուցման (ըստ բաժանմունքների), չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված բուժման միջին տևողությունը:

11. Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բուժօգնության համար սահմանափակված բյուջեի բազային ծավալը որոշվում է`

ա) Երևանի և մարզերի համար (հանրագումարային)` Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժօգնության համար նախատեսված հատկացումների չափով` ըստ 2002 թվականին հիվանդանոցներում պետական պատվերի շրջանակներում կատարված և պատվիրատուի կողմից ընդունված փաստացի բուժօգնության ծավալների (այսուհետ` փաստացի կատարված բուժօգնության ծավալներ) համամասնության.

բ) Երևանի հիվանդանոցների համար` սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բուժօգնության համար 2002 թվականին առանձին հիվանդանոցներում փաստացի կատարված բուժօգնության ծավալների նկատմամբ կիրառելով 2003 թվականին Երևանի համար հանրագումարային ձևով` սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բուժօգնության համար նախատեսված ծավալների ու 2002 թվականին փաստացի կատարված բուժօգնության ծավալների համադրումից առաջացած գործակիցը.

գ) Հայաստանի Հանրապետության մարզերի հիվանդանոցների համար` սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բուժօգնության համար 2002 թվականին առանձին հիվանդանոցներում փաստացի կատարված բուժօգնության ծավալների նկատմամբ կիրառելով Հայաստանի Հանրապետության մարզերում բնակվող` սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված մեկ բնակչի համար 2003 թվականին հաշվարկված միջինացված գումարի և 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված` տվյալ մարզի բնակչության թվի արտադրյալով ստացված գումարի և նույն մարզի հիվանդանոցներում 2002 թվականին փաստացի կատարված բուժօգնության ծավալների հանրագումարի համադրումից ստացված գործակիցը:

12. Մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնության համար սահմանափակված բյուջեի բազային ծավալը որոշվում է`

ա) Երևանի և մարզերի համար (հանրագումարային)` Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով մինչև 7 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնության համար նախատեսված հատկացումների չափով` ըստ 2002 թվականին հիվանդանոցներում կատարված և պատվիրատուի կողմից ընդունված «Բուժօգնություն մինչև 7 տարեկան երեխաներին» ծրագրի փաստացի ծավալների համամասնության.

բ) Երևանի հիվանդանոցների համար` «Բուժօգնություն մինչև 7 տարեկան երեխաներին» ծրագրի շրջանակներում 2002 թվականին առանձին հիվանդանոցներում փաստացի կատարված բուժօգնության ծավալների նկատմամբ կիրառելով 2003 թվականին Երևանի համար հանրագումարային ձևով` մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնության համար նախատեսված ծավալների և 2002 թվականին «Բուժօգնություն մինչև 7 տարեկան երեխաներին» ծրագրի շրջանակներում փաստացի կատարված բուժօգնության ծավալների համադրումից առաջացած գործակիցը.

գ) Հայաստանի Հանրապետության մարզերի հիվանդանոցների համար` «Բուժօգնություն մինչև 7 տարեկան երեխաներին» ծրագրի շրջանակներում 2002 թվականին առանձին հիվանդանոցներում փաստացի կատարված բուժօգնության ծավալների նկատմամբ կիրառելով Հայաստանի Հանրապետության մարզերում բնակվող մինչև 7 տարեկան մեկ երեխայի համար 2003 թվականին հաշվարկված միջինացված գումարի և 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ մարզի` մինչև 7 տարեկան երեխաների թվի արտադրյալով ստացված գումարի և նույն մարզի հիվանդանոցներում 2002 թվականին փաստացի կատարված բուժօգնության ծավալների հանրագումարի համադրումից ստացված գործակիցը:

13. Հիվանդանոցներում ինֆեկցիոն հիվանդությունների, մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության, վերակենդանացման և անհետաձգելի բժշկական միջամտություններ պահանջող վիճակների հետ կապված բուժօգնության իրականացման համար սահմանափակված բյուջեի բազային ծավալները որոշվում են հիվանդանոցների (բաժանմունքների), ծննդատների, դիսպանսերների կողմից` նշված ծրագրերով 2003 թվականին նախատեսված ֆինանսական ծավալների ու 2002 թվականին փաստացի կատարված բուժօգնության ծավալների համադրումից առաջացած գործակցի և առանձին հիվանդանոցների կողմից 2002 թվականին փաստացի կատարված բուժօգնության նույն ծավալի արտադրյալով:

14. Ծննդաբերության հետ կապված բուժօգնության ծրագրով սահմանափակված բյուջեի բազային ծավալները որոշվում են ծնունդների կանխատեսվող թվի (2002 թվականի ծնունդների չափով) և մեկ ծննդի գնի արտադրյալով:

15. Հեմոդիալիզի անցկացման համար սահմանափակված բյուջեի բազային ծավալները որոշվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից` ըստ հեմոդիալիզ իրականացնող հիվանդանոցների, հաստատված հիվանդների թվի, մեկ հիվանդի համար նախատեսված սեանսների միջին տարեկան թվի և 1 սեանսի գնի արտադրյալով:

16. Սահմանափակված բյուջեն հաստատվում է հաշվարկված բազային ծավալների չափով: Առանձին դեպքերում այն կարող է փոփոխվել նախարարի կողմից: Հաստատված սահմանափակված բյուջեի 10 տոկոս փաստացի ծավալների շեղումը (թերակատարում կամ գերակատարում) համարվում է ռիսկի գոտի, որի պայմաններում փոխհատուցումը կատարվում է հաստատված սահմանափակված բյուջեի չափով:

Ռիսկի գոտուց պակաս փաստացի կատարված բուժօգնության ծավալների թերակատարման դեպքում փոխհատուցումը կատարվում է փաստացի կատարված բուժօգնության ծավալների չափով:

17. Սահմանափակված բյուջեի հաշվարկված բազային ծավալները կարող են փոփոխվել առաջիկա ժամանակահատվածի համար` նախարարի և բուժհաստատությունների հիմնադիրների համաձայնությամբ:

18. Բացառությամբ հեմոդիալիզի անցկացման և վերակենդանացման ու անհետաձգելի բժշկական միջամտություններ պահանջող դեպքերի` սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժօգնությունն իրականացվում է տվյալ բնակչին սպասարկող տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի (իսկ հոգեկան հիվանդությունների, տուբերկուլյոզի և ծննդաբերության հետ կապված դեպքերում` համապատասխան մասնագետի) կողմից տրված ուղեգրով:

19. Նախարարը հաստատում է հիվանդանոցային բուժօգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկը` 2003 թվականին նախատեսված գումարների շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության բժշկական ծառայությունների ծրագրերի շրջանակներում հիվանդանոցային բուժօգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի հետ:

20. Հատուկ ցուցումների դեպքում սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում չընդգրկված անձանց բուժման համար նախատեսված հատկացումների շրջանակներում բուժօգնություն կարող է իրականացվել նաև`

ա) նախարարի կողմից տրված ուղեգրերով` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և պետական պատվեր իրականացնող բուժհաստատություններում` յուրաքանչյուր հիվանդանոցին «Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժում» ծրագրով նախատեսված սահմանափակված բյուջեի բազային ծավալի սահմաններում.

բ) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության, Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից տրված ուղեգրերով` իրենց հիմնադրած կամ տարածքում գործող հիվանդանոցներում` տվյալ հիվանդանոցին «Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժում» ծրագրով նախատեսված սահմանափակված բյուջեի բազային ծավալի երկու տոկոսի սահմաններում.

գ) հիվանդանոցի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից գլխավորվող բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա տվյալ հիվանդանոցին «Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժում» ծրագրով նախատեսված սահմանափակված բյուջեի բազային ծավալի 3 տոկոսի սահմաններում:

21. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բուժօգնության տրամադրման կարգը սահմանում է նախարարը:

 

3. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ- ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

22. Յուրաքանչյուր ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության համար «Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն» ծրագրի ֆինանսավորման բազային ծավալը որոշվում է 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության սպասարկման տարածքում մշտական բնակվող անձանց թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման և ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված բուժօգնության համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով մեկ բնակչի հաշվով միջինացված գումարի արտադրյալով:

23. Պատվիրատուն յուրաքանչյուր ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության հետ կնքում է պայմանագիր` հաշվարկված բազային ծավալի չափով: Ֆինանսավորումն իրականացվում է`

ա) առողջության առաջնային պահպանման (տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի), ընտանեկան բժշկի (ԱԱՊ մասով) և ամբուլատոր-պոլիկլինիկական դիսպանսերային բուժօգնության գծով` ամսական կտրվածքով, առողջության առաջնային պահպանման և ամբուլատոր-պոլիկլինիկական դիսպանսերային բուժօգնության համար հաստատված տարեկան պայմանագրային գումարի համամասնությամբ.

բ) մասնագիտացված ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով (ներառյալ ընտանեկան բժշկի կողմից իրականացված մասնագիտական ծառայությունները) փաստացի կատարված աշխատանքների դիմաց, սակայն ոչ ավելի, քան մասնագիտացված ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության համար հաշվարկված տարեկան բազային ծավալը:

24. Պատվիրատուն ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով փոխհատուցումը կատարում է «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 05 խմբի («Առողջապահություն») 03 ենթախմբի (»Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն») համապատասխան ծրագրերով նախատեսված գումարներից:

25. Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված բնակչության պլանային հոսպիտալացումն իրականացվում է տվյալ բնակչին սպասարկող տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի և ընտանեկան բժշկի կողմից տրված ուղեգրերով:

26. Պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության տրամադրման կարգը սահմանում է նախարարը:

 

4. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

27. Պետության կողմից երաշխավորված անվճար շտապ բժշկական օգնության կայանների (բաժանմունքների) ֆինանսավորման բազային ծավալները որոշվում են նախարարի կողմից հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով` ըստ տարածաշրջանների մեկ բնակչի հաշվով միջինացված գումարների և 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ շտապ բժշկական օգնության կայանի (բաժանմունքի) սպասարկման տարածքում մշտական բնակվող անձանց թվի արտադրյալով:

28. Ֆինանսավորումն իրականացվում է ըստ փաստացի սպասարկված կանչերի` նախարարի կողմից սահմանված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) գներով:

29. Պատվիրատուն յուրաքանչյուր շտապ բժշկական օգնության կայանի (բաժանմունքի) հետ կնքում է պայմանագիր:

30. Պատվիրատուն շտապ բժշկական օգնության դիմաց փոխհատուցումը կատարում է «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 05 խմբի («Առողջապահություն») 02 ենթախմբով (»Հիվանդանոցային բուժօգնություն») շտապ բժշկական օգնության համար նախատեսված գումարներից:

31. Պետության կողմից երաշխավորված անվճար շտապ բժշկական օգնության տրամադրման կարգը սահմանում է նախարարը:

 

5. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

32. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման տարեկան ծավալի ու տարվա ընթացքում բժշկական հաստատությունում այլ աղբյուրներից կանխատեսվող եկամուտների շրջանակներում կազմվում ու հաստատվում է բժշկական հաստատության եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը:

33. Տարեկան եկամուտները հաշվարկվում են սույն կարգի II, III, IV բաժիններում նշված եղանակներով և այլ աղբյուրներից կանխատեսվող եկամուտների չափով: Ընդ որում, բժշկական օգնության և սպասարկման դիմաց ֆինանսական մուտքերը կանխատեսվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի «Առողջապահություն» խմբի ծախսերի կատարման եռամսյակային համամասնությամբ:

34. Տարեկան ծախսերի ծավալները որոշվում են բժշկական օգնության և սպասարկման կանխատեսվող եկամուտների շրջանակներում: Ծախսերի կառուցվածքը որոշվում է հետևյալ կողմնորոշիչ չափանիշներով`

ա) աշխատանքի վարձատրությանը նպատակաուղղվող միջոցները որոշելու նպատակով դրանց բազային ամսական չափը նախատեսվում է բյուջետային համակարգի բուժաշխատողների համար սահմանված դրույքաչափերի շրջանակներում: Ֆինանսական տարվա ընթացքում առաջացած լրացուցիչ հնարավորության դեպքում բուժհաստատության ղեկավարի կողմից սահմանվում են աշխատավարձի հավելումներ և պարգևատրումներ:

Սոցիալական պարտադիր ապահովագրական վճարների գծով ծախսերի մեծությունը նախատեսվում է աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների նկատմամբ օրենքով սահմանված կարգով` միջին դրույքաչափի սահմաններում.

բ) դեղորայքի, վիրակապական միջոցների, բժշկական պարագաների ձեռքբերման և տեխնիկական սպասարկման ծախսերը նախատեսվում են` ելնելով բժշկական հաստատության ուղղվածության, հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղորայքի պահանջի ապահովման, լաբորատոր-ախտորոշիչ նյութերի ձեռքբերման, սարքավորումների տեխնիկական վիճակի ապահովման ծախսերի չափից.

գ) սննդի ծախսերը նախատեսվում են հիվանդանոցային հատուկ խնամք պահանջող բուժհաստատություններում և բաժանմունքներում: Մյուս բուժհաստատություններում և բաժանմունքներում սննդի ծախսերը կատարվում են հիվանդի պահանջով, ընդ որում, սննդի ծախսերից առաջացած տնտեսումները (թերածախս) կարող են ուղղվել բուժհաստատության մյուս ծախսերին.

դ) էլեկտրաէներգիայի, ջրմուղ-կոյուղու, ջեռուցման, կապի և մյուս ծախսերը սահմանվում են տարածաշրջանի համանման պրոֆիլի հաստատություններում մեկ հիվանդի հաշվով 2002 թվականին փաստացի կատարված ծախսերի նվազագույնի չափով:

35. Կատարողի և պատվիրատուի փոխհամաձայնությամբ սահմանվում են բժշկական օգնության և սպասարկման պայմանագրային ծախսերի կառուցվածքը և կողմնորոշիչ չափաքանակները:

36. Բուժհաստատությունում ստացված ֆինանսական մուտքերը, անկախ ֆինանսավորման աղբյուրից, հաշվառվում են ընդհանուր դրամարկղում և առաջին հերթին ուղղվում են կոլեկտիվի անդամների աշխատանքի վարձատրությանը, դեղորայքային ապահովմանը և այլ առաջնահերթ ծախսերի համամասնական կատարմանը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.02.2003
N 246-Ն
Որոշում