Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆ ...

 

 

011.0167.040397

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը որոշում է.

Վավերացնել 1996 թվականի հունիսի 4-ին Թբիլիսի քաղաքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև քրեական գործերով իրավական օգնության մասին» պայմանագիրը:

 

4 մարտի 1997 թվականի

Ն-167-1

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունը և Վրաստանը, այսուհետև անվանելով «Պայմանավորվող Կողմեր» , կարևոր նշանակություն տալով քրեական գործերով իրավական օգնության բնագավառում համագործակցության զարգացմանը,

պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

ԲԱԺԻՆ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1 ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են քրեական գործերով միմյանց իրավական օգնություն ցույց տալ սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան:

2. Իրավական օգնությունն իր մեջ ներառում է անձանց հետազոտումը և ճանաչումը, դատական ծանուցագրերի և դատական այլ փաստաթղթերի հանձնումը, կասկածյալների, մեղադրյալների և ամբաստանյալների հարցաքննումը, ապացույցների առգրավումը, վկաների` և փորձագետների հարցաքննումը, զննումը, խուզարկությունը և առգրավումը փաստաթղթերի և իրերի առաքումը, ձեռբակալված անձանց հանձնումը` դատավարական գործողություններ կատարելու համար, դատավճիռների կամ դատվածության մասին փաստաթղթերի պատճենների առաքումը, դատավճիռների վերաբերյալ տեղեկատվության և նորմատիվ ակտերի փոխանակումը:

3. Պայմանավորվող Կողմերը կիրառելու են նաև իրավական օգնության ձևեր, եթե դրանք համապատասխանում են հայցվող Կողմի օրենսդրությանը:

4. Սույն Պայմանագրի գործողությունը չի տարածվում.

ա) անձի հանձնման և հանձնման նպատակով անձի ձերբակալման վրա.

բ) Պայմանավորվող Կողմերից մեկի տարածքում մյուս Պայմանավորվող Կողմի դատարանների կողմից կայացված դատավճիռների կատարման վրա.

գ) պատիժը կրելու համար դատապարտված անձանց փոխանցման վրա.

դ) քրեական վարույթի փոխանցման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 2 ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

 

Իրավական օգնություն ցույց է տրվելու այն դեպքերում, եթե արարքը, որի համար պահանջվում է այդպիսի օգնություն, հանցագործություն է համարվում ինչպես հայցող, այնպես էլ հայցվող Պայմանավորվող Կողմի օրենսդրության համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 3 ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ

 

1. Իրավական օգնություն ցույց չի տրվում, եթե.

ա) գործողությունները, որոնք պահանջվում է կատարել իրավական օգնություն ցույց տալու համար, հակասում են հայցվող Պայմանավորվող Կողմի օրենքին կամ իրավունքի հիմնական սկզբունքներին.

բ) հայցվող Պայմանավորվող Կողմը հիմք ունի ենթադրելու, որ այն անձի ռասան, կրոնը, սեռը, ազգությունը, լեզուն, քաղաքական համոզմունքները կամ անձնական ու հասարակական դիրքը, որի վերաբերյալ իրավական օգնություն է հայցվում, կարող են բացասական ներգործություն ունենալ քրեական վարույթի արդյունքի վրա.

գ) անձը, որի նկատմամբ հայցող Պայմանավորվող Կողմի տարածքում քրեական վարույթ է իրականացվում, այդ նույն հանցագործության համար, որը կատարվել է հայցվող Պայմանավորվող Կողմի տարածքում, դատապարտվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով և չի խուսափում պատիժը կրելուց.

դ) հայցվող Պայմանավորվող Կողմը` համարում է, որ իրավական օգնություն ցույց տալը կարող է վնաս հասցնել նրա ինքնիշխանությանը անվտանգությանը կամ այլ ազգային շահերին:

2. Իրավական օգնություն ցույց տալը կարող է մերժվել այն դեպքում, եթե այդպիսի օգնության ցույց տալը կարող է խանգարել հայցվող Պայմանավորվող Կողմի տարածքում սկսված մեկ ուրիշ քրեական վարույթի: Այդ դեպքում սակայն, հայցվող Պայմանավորվող Կողմերը` հայցող Պայմանավորվող Կողմի համաձայնությամբ, կարող է կամ հետաձգել իրավական օգնության ցույց տալը, կամ էլ այն ցույց տալ որոշակի պայմաններով:

3. Հայցվող Պայմանավորվող Կողմը պարտավոր է հայցող Պայմանավորվող Կողմին նախօրոք ուղարկել իրավական օգնություն ցույց տալու իր մերժման, այն ցույց տալու հետաձգման կամ որոշակի պայմաններով այն ցույց տալու մասին պատճառաբանված ծանուցումը:

 

ՀՈԴՎԱԾ 4 ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

իրավական օգնություն ցույց տալու մասին հանձնարարության մեջ պետք է նշվեն.

ա) տեղեկություններ քրեական վարույթն իրականացնող մարմինների մասին, այն անձի մասին, որի նկատմամբ այն հարուցվել է, վարույթի առարկայի և բնույթի մասին, ինչպես նաև կիրառվող քրեա-իրավական նորմերի մասին

բ) հանձնարարության առարկան և բնույթը.

գ) այլ տվյալներ, որոնք առկա են հայցող Պայմանավորվող Կողմի մոտ և անհրաժեշտ են իրավական օգնության իրականացման համար.

դ) այն հատուկ կարգը և պայմանները, որոնք անհրաժեշտ է կիրառել իրավական օգնության մասին հանձնարարությունը կատարելիս, ինչպես նաև ընդհանուր տեղեկություններ քրեական վարույթի մասնակիցների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 5 ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

1. Իրավական օգնության մասին հանձնարարությունը կատարելիս հայցվող Պայմանավորվող Կողմը կիրառում է իր օրենսդրության դրույթները:

2. Հայցող Պայմանավորվող Կողմի պահանջով հայցվող Պայմանավորվող Կողմը նրան ծանուցում է իրավական օգնության կատարման ժամանակի և տեղի մասին:

Այդ դեպքում, հայցվող Պայմանավորվող Կողմի իրավասու մարմինները, ինչպես նաև գործով կողմերը, կարող են հայցվող Պայմանավորվող Կողմի օրենսդրությանը համապատասխան, ներկա գտնվել հանձնարարությունը կատարելիս կամ նպաստել հանձնարարության կատարմանը:

 

ԲԱԺԻՆ II
ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 6 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ

 

1. Փաստաթղթերի հանձնումը կատարվում է հայցվող Պայմանավորվող Կողմի օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում:

2. Հայցվող Պայմանավորվող Կողմը փաստաթղթերի հանձնման մասին, հայտնում է հայցող Պայմանավորվող Կողմին, նրան ուղարկելով ստացման մասին ծանուցումը կամ արձանագրությունը, որը պարունակում է հանձնման ձևի և ժամանակի, փաստաթղթերն ստացած անձի մասին տվյալները, և որը ստորագրված է հանձնաժողովի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 7 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԻՐԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

1. Փաստաթղթերի փոխանցման մասին հանձնարարությունը կատարելիս հայցվող Պայմանավորվող Կողմը մյուս Պայմանավորվող Կողմին ուղարկում է հայցվող փաստաթղթերի վավերացված պատճենները կամ` ըստ հնարավորության, իսկականները, եթե հայցող Պայմանավորվող Կողմը, դա կպահանջի:

2. Հայցվող Պայմանավորվող Կողմի պահանջով հայցող Պայմանավորվող Կողմը` ըստ հնարավորության, վերադարձնում է այն փաստաթղթերը և իրերը, որոնք ստացել է մյուս Պայմանավորվող Կողմի կողմից հանձնարարությունը կատարելու արդյունքում:

3. Սույն Պայմանագրին համապատասխան փոխանցվող իրերը հարկերով և տուրքերով չեն հարկվում:

 

ՀՈԴՎԱԾ 8 ՀԱՅՑՎՈՂ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՆԱԼԸ

 

Անձանց ներկայացնելու մասին հանձնարարությունը կատարելիս կապված հայցվող Պայմանավորվող Կողմի տարածքում նրանց կատարած գործողությունների հետ, այդ Կողմը այն անձանց նկատմամբ կարող է կիրառել նրա սեփական օրենսդրությամբ նախատեսված հարկադրական միջոցներ և պատժատեսակներ:

 

ՀՈԴՎԱԾ 9 ՀԱՅՑՈՂ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԻ ՏԱՐԱԾՔ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՆԱԼԸ

 

1. Եթե Պայմանավորվող Կողմերից մեկի տարածքում առաջանում է այն անձանց ներկայանալու անհրաժեշտություն, որոնք գտնվում են մյուս Պայմանավորվող Կողմի տարածքում, ապա, շահագրգիռ Պայմանավորվող Կողմը կարող է դիմել մյուս Պայմանավորվող Կողմին` ծանուցագրի հանձնման մասին հանձնարարությամբ: Չներկայանալու դեպքում անձը չի կարող ենթարկվել պատժամիջոցների կամ այլ հարկադրական միջոցների:

2. Հայցող Պայմանավորվող Կողմն իր պահանջով ներկայացած վնասներին ու փորձագետներին իր օրենսդրությանը համապատասխան վճարում է համապատասխան վարձատրություն ու փոխհատուցում: Հայցվող Պայմանավորվող Կողմը` մյուս Կողմի պահանջով, կարող է տրամադրել կանխավճար:

3. Իրավական օգնության մասին խնդրանքի հիման վրա հայցող Պայմանավորվող Կողմի հիմնարկ որպես վկա, տուժող կամ փորձագետ կանչված անձն իրավունք ունի ցուցմունք տալուց կամ այլ գործառույթներ կատարելուց հրաժարվել միայն այն դեպքում, երբ հրաժարվելու իրավունքն ու պարտականությունը նախատեսված են Պայմանավորվող Կողմերից որևէ մեկի օրենսդրությամբ: Հայցող Պայմանավորող Կողմի հիմնարկները` անհրաժեշտության դեպքում, պարտավոր են խնդրանքին կցել տեղեկանք` վերոհիշյալ իրավունքներին և պարտականություններին վերաբերվող օրենսդրության մասին:

 

ՀՈԴՎԱԾ 10 ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայցող Պայմանավորվող Կողմի հանձնարարության հիման վրա ներկայացած անձի նկատմամբ չեն կարող հարկադրական կամ նրա ազատությունը սահմանափակող միջոցներ կիրառվել այն արարքների համար, որոնք կատարվել են մինչև ծանուցագրի հանձնումը:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթը չի կիրառվի, եթե ներկայացած անձը նրա ներկայությունն անհրաժեշտ չլինելու մասին ծանուցում ստանալուց հետո 15 օրվա ընթացքում չհեռանալու հայցող Պայմանավորվող Կողմի տարածքից, կամ եթե Պայմանավորվող Կողմի տարածքից հեռանալուց հետո նա կամավոր վերադառնա այնտեղ:

Այդ ժամկետի մեջ չի հաշվարկվում այն ժամանակը, որի ընթացքում անձը չէր կարող թողնել հայցող Պայմանավորվող Կողմի տարածքը իրենից անկախ պատճառներով:

 

ՀՈԴՎԱԾ 11 ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ԵՎ ԴԱՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔԱՂՎԱԾՔՆԵՐԻ ԱՌԱՔՈՒՄԸ

 

Երկու Պայմանավորվող Կողմերը` խնդրանքով, միմյանց ուղարկում են իրենց իրավասու դատարանների կողմից մյուս Պայմանավորվող Կողմի քաղաքացիների նկատմամբ կայացրած դատավճիռների պատճենները, ինչպես նաև այդ անձանց դատվածության մասին փաստաթղթերի քաղվածքները: Դատավճռի պատճեն առաքելի հայցվող Պայմանավորվող Կողմը` հայցող Պայմանավորվող Կողմի պահանջով, նրան տրամադրում է տվյալ գործի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները:

 

ՀՈԴՎԱԾ 12 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

 

1. Պայմանավորվող Կողմերը յուրաքանչյուր տարի, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում, տեղեկատվություն են փոխանակում իրենց դատական մարմինների կողմից մյուս Պայմանավորվող Կողմի քաղաքացիների նկատմամբ կայացրած դատավճիռների մասին:

2. Պայմանավորվող Կողմերը` ըստ խնդրանքի, միմյանց տեղեկատվություն են տրամադրում նաև իրենց օրենսդրության և դատական պրակտիկայի մասին:

 

ԲԱԺԻՆ III
ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԾԱԽՍԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 13 ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

1. Պայմանավորվող Կողմերը միմյանց միջև հաղորդակցվում են իրենց կենտրոնական մարմինների միջոցով:

Կենտրոնական մարմիններն են համարվում.

Հայաստանի Հանրապետության համար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կամ Դատախազությունը.

Վրաստանի համար` Վրաստանի Արդարադատության նախարարությունը և Դատախազությունը

Պայմանավորվող Կողմերը միմյանց միջև կարող են հաղորդակցվել նաև դիվանագիտական ուղիներով:

2. Իրավական օգնության մասին հանձնարարությունը, ինչպես նաև նրան կից հաղորդումները, ակտերը և մյուս փաստաթղթերն ուղարկվում են հայցող Պայմանավորվող Կողմի լեզվով և ուղեկցվում են վավերացված թարգմանությամբ` ռուսերեն լեզվով:

3. Պաշտոնական փաստաթղթերը կամ փաստաթղթերի վավերացված պատճենները, որոնք փոխանակում են Պայմանավորվող Կողմերը, ազատում են օրինականացումից:

 

ՀՈԴՎԱԾ 14 ԾԱԽՍԵՐ

 

1. Իրավական օգնության հետ կապված ծախսերը կրում է հայցվող Պայմանավորվող Կողմը:

2. Հայցող Պայմանավորվող Կողմի տարածքում ձեռբակալված անձի փոխանցման, հայցվող Պայմանավորվող Կողմի  տարածքում փորձաքննությունների անցկացման հետ կապված ծախսերը, ինչպես նաև սույն Պայմանագրի 9-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ծախսերը կատարվում են հայցող Պայմանավորվող Կողմի հաշվին:

 

ԲԱԺԻՆ IV
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 15 ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Պայմանավորվող Կողմերը սույն Պայմանագրի մեկնաբանման կամ կատարման հարցերով ծագած վեճերը պիտի լուծեն սույն Պայմանագրի 13-րդ հոդվածում նշված կենտրոնական մարմինների միջև խորհրդատվությունների միջոցով, կամ դիվանագիտական ուղիներով:

 

ՀՈԴՎԱԾ 16 ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ

 

1. Պայմանավորվող Կողմերը պարբերաբար տեղեկատվություն կփոխանակեն սույն Պայմանագրի կիրառման պրակտիկայի մասին և խորհրդակցություններ կանցկացնեն նրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցերով:

2. Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ սույն Պայմանագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ուժի մեջ են մտնում սույն Պայմանագրի 17-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 17 ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման:

2. Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում վավերագրերի փոխանակումից 30 օր անցնելուց հետո:

3. Սույն Պայմանագիրը կնքված է անորոշ ժամանակով և գործելու է ընդհուպ մինչև վեց ամիս անցնելը այն օրից, երբ Պայմանավորվող Կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով կհայտնի մյուս Պայմանավորվող Կողմին դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Թբիլիսիում, 1996թ. հունիսի «1»-ին երկու բնօրինակից, յուրաքանչյուրը հայերեն, վրացերեն և ռուսերեն լեզուներով, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

 

Սույն Պայմանագրի մեկնաբանման տարաձայնությունների դեպքում հիմք է ընդունվում Պայմանագրի ռուսերեն լեզվով տեքստը:

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                             ՎՐԱՍՏԱՆԻ

  ԿՈՂՄԻՑ                                               ԿՈՂՄԻՑ

 

 

pin
ՀՀ Ազգային Ժողով
04.03.1997
N Ն-167-1
Որոշում