i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Թուրքմենստանի կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
հաշվի առնելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրավահավասար համագործակցության փոխադարձաբար շահագրգռվածությունը,
ճանաչելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված համամարդկային արժեքների գերակայությունը իրենց փոխհարաբերություններում և իրականացվող կրթական քաղաքականության մեջ,
դիտելով ձևավորված պետական համակարգերը որպես երկու պետությունների ժողովուրդների ազգային-մշակութային լիարժեք զարգացման անհրաժեշտ պայման,
ձգտելով կրթության ազգային համակարգերի բովանդակության նորացմանը` մարդասիրության և մշակույթների երկխոսության հիման վրա,
դրսևորելով գիտական, կազմակերպամեթոդական, արտադրական և այլ համագործակցության պատրաստակամություն,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերն ընդունում են պետություններից յուրաքանչյուրի քաղաքականության անկախությունը բարձրագույն կրթության և գիտության բնագավառում` իրենց տարածքներում գտնվող բոլոր ուսումնական հաստատությունների, գիտական կազմակերպությունների և հիմնարկների նկատմամբ:
ՀՈԴՎԱԾ 2
1. Կողմերը հաստատում են իրենց կրթական ազգային համակարգերի մեջ մտնող պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավահավասարությունը` անկախ ուսուցման լեզվից, և նրանց նկատմամբ ցուցաբերում պետական, կազմակերպական, մանկավարժական, ուսումնամեթոդական և նյութաֆինանսական աջակցություն ընդհանուր հիմունքներով, որոնք սահմանվում են Կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությամբ:
2. Կողմերը, նկատի ունենալով համագործակցության հետագա զարգացումը, կուսումնասիրեն համալսարանների և այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների վկայագրերի և գիտական աստիճանների փոխադարձաբար ճանաչման հարցերը` դրանց համարժեքության մասին համաձայնություն ձեռք բերելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերից մեկի տարածքում մշտապես բնակվող և մյուս Կողմի քաղաքացիություն ունեցող անձինք իրավունք ունեն այդ տարածքում ստանալ բարձրագույն կրթություն` բոլոր մակարդակներով, ինչպես նաև գիտական աստիճաններ և կոչումներ` այն պայմաններով, որոնք սահմանված են տվյալ պետության քաղաքացիների համար, որի տարածքում նրանք մշտապես բնակվում են:
ՀՈԴՎԱԾ 4
Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է պահպանել մյուս Կողմի պետության այն քաղաքացիների ուսուցումը շարունակելու հնարավորությունը /մինչև ավարտելը/, որոնք ուսման են ընդունվել մինչև 1992թ. հունվարի 1-ը և սովորում են բարձրագույն դպրոցի և հետբուհական կրթական ուսումնական հաստատություններում` ընդունող Կողմի քաղաքացիների նկատմամբ գործող պայմաններով:
ՀՈԴՎԱԾ 5
1. Կողմերից յուրաքանչյուրը համաձայնում է մյուս Կողմի քաղաքացիներին իր բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունել` ըստ նրա ուղեգրի: ՈՒսումնառության գործուղված անձանց թվաքանակը, նրանց ընդունման և ֆինանսավորման կարգը որոշվում են բարձրագույն դպրոցի կառավարման համապատասխան մարմինների միջև` երկկողմ համաձայնագրով:
2. Կողմերը չեն խոչընդոտում մյուս Կողմի քաղաքացիների` իրենց բարձրագույն ուսումնական հաստատություններ անհատապես ընդունվելուն` յուրաքանչյուր պետությունում գործող ընդունելության կարգին համաձայն:
ՀՈԴՎԱԾ 6
Կողմերն իրենց բարձրագույն ուսումնական հաստատություններում պայմաններ են ստեղծում այն կրթական հիմնարկների համար մանկավարժական և գիտամանկավարժական կադրեր պատրաստելու նպատակով, որոնցում դասավանդումը կատարվում է մյուս Կողմի պետական լեզվով: Կողմերից յուրաքանչյուրն աջակցում է գիտամանկավարժական կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը և որակավորման բարձրացմանը` մյուս Կողմի այն ուսումնական հաստատությունների ուսումնամեթոդական գրականությամբ ապահովմամբ, որտեղ դասավանդումը կատարվում է իր պետության լեզվով:
ՀՈԴՎԱԾ 7
1. Կողմերն աջակցում են բարձրագույն ուսումնական հաստատությունների և բարձրագույն դպրոցի գիտական կազմակերպությունների միջև ուղղակի կապերի հաստատմանը և զարգացմանը, գիտական տեղեկության ստացմանը և փոխանակմանը, բարձրագույն կրթության բնագավառում համատեղ գիտական ծրագրերի մշակմանը, ուսանողների արտադրական պրակտիկայի կազմակերպման ոլորտում շփումների հաստատմանը և ընդլայնմանը, ուսանողների և մանկավարժների զբոսաշրջային-էքսկուրսիոն գործունեությանը, դասախոսություններ կարդալու և գիտական աշխատանք ղեկավարելու համար մասնագետների հրավիրմանը:
2. Կողմերը կզարգացնեն ուսումնամեթոդական և գիտական փորձի փոխանակումը, կակտիվացնեն համագործակցությունը կրթության որակի կառավարման բնագավառում:
3. Կողմերը կտեղեկացնեն միմյանց իրենց կրթական համակարգերում փոփոխությունների, կադրերի պատրաստման մակարդակին ներկայացվող պետական չափանիշների և պահանջների փոփոխությունների մասին:
ՀՈԴՎԱԾ 8
Կողմերը միջազգային համագործակցության վերաբերյալ տեղեկություն են փոխանակում, որը կարող է հետաքրքրել մյուս Կողմին, նպաստում են միջազգային ծրագրերի ու նախագծերի մշակմանը և իրականացմանը համատեղ մասնակցելու նպատակով մասնագետների խմբերի ստեղծմանը: Այդ փոխհարաբերությունները սահմանվում են լրացուցիչ` բազմակողմ արձանագրություններով կամ համաձայնագրերով:
ՀՈԴՎԱԾ 9
Կողմերը գիտամանկավարժական կադրերի պետական ատեստավորման իրենց մարմիններին թույլատրում են փոխհատուցմամբ կատարել մյուս Կողմի քաղաքացիների գործերով ատեստավորում:
ՀՈԴՎԱԾ 10
Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել կամ լրացվել Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ:
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն Համաձայնագրի գործողությունը` մյուս Կողմին վեց ամիս առաջ այդ մասին գրավոր ծանուցելով:
Կատարված է Աշգաբատ քաղաքում 1993 թվականի օգոստոսի 24-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, թուրքմեներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի օգոստոսի 24-ից: