Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱ ...

01.01.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.12.1998  -ից մինչեւ   01.01.2007  -ը:
 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Բուլղարիայի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

գիտակցելով երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման կարևոր նշանակությունը,

հաշվի առնելով երկու պետությունների հասարակական-տնտեսական կյանքում տեղի ունեցող արմատական փոփոխությունները,

ղեկավարվելով ինքնիշխան հավասարության, փոխշահավետության սկզբունքներով և միջազգային իրավունքի հանրաճանաչ մյուս սկզբունքներով և նորմերով,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Կողմերը միմյանց տրամադրում են առավել բարենպաստության կարգավիճակ բոլոր հարցերում, որոնք վերաբերում են`

արտահանման և ներմուծման նկատմամբ կիրառվող ցանկացած տեսակի մաքսատուրքերին և գանձումներին` ներառյալ այդպիսի տուրքերի և գանձումների գանձման ձևերն ու եղանակները,

արտահանման և ներմուծման հետ կապված կանոններին և ձևականություններին` ներառյալ նրանք, որոնք վերաբերում են`

մաքսազերծմանը, տարանցմանը, պահեստավորմանը և վերաբեռնմանը,

ներմուծվող ապրանքների հանդեպ կիրառվող անուղղակի հարկերին և այլ ներքին գանձումներին,

արտահանման և ներմուծման վճարումների և դրանց միջազգային փոխանցումների եղանակներին,

ներքին շուկայում առքուվաճառքի, փոխադրումների, բաշխման, պահպանման և օգտագործման կանոններին:

2. 1-ին կետի դրույթները չեն գործադրվի`

այն առավելությունների հանդեպ, որոնք Կողմերից յուրաքանչյուրը տրամադրել է կամ կարող է տրամադրել հարևան երկրներին` սահմանամերձ առևտրի հեշտացման համար,

այն առավելությունների հանդեպ, որոնք բխում են արդեն գոյություն ունեցող կամ ապագայում ստեղծվելիք մաքսային միություններում կամ ազատ առևտրի գոտիներում յուրաքանչյուր Կողմի անդամությունից,

այն առավելությունների հանդեպ, որոնք տրամադրվում են երրորդ երկրներին` առևտրի և սակագների մասին Գլխավոր համաձայնագրին և զարգացող երկրներին տրամադրվող միջազգային այլ համաձայնագրերին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Ապրանքների մատակարարումները և ծառայությունների մատուցումը իրականացվելու է արտաքին տնտեսական գործունեության իրավունք ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց (այսուհետ` Սուբյեկտներ) միջև կնքված պայմանագրերի հիման վրա` սույն Համաձայնագրի դրույթներին և յուրաքանչյուր երկրի օրենսդրությանը համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման համար բոլոր հաշվարկներն ու վճարումները կիրականացվեն ազատ փոխարկելի արժույթով` միջազգային շուկաների գներով և ըստ միջազգային առևտրում, ֆինանսական և բանկային պրակտիկայում ընդունված պայմանների:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերի առանձին պայմանավորվածությունների հիման վրա երկու երկրների տարածաշրջանների, գերատեսչությունների, կազմակերպությունների և ֆիրմաների սեփական միջոցների հաշվին ապրանքների փոխառաքումների համար կարող է սահմանվել հաշվարկների և վճարումների այլ կարգ:

Այդ դեպքերում լիազորված բանկերը սահմանում են հաշվարկների տեխնիկական կարգը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության լիազորված իրավասու մարմինները, իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան, սուբյեկտներին, եթե դա անհրաժեշտ է, ժամանակին կտրամադրեն հատուկ թույլտվություն (լիցենզիա) ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման համար` համաձայն նրանց միջև կնքված պայմանագրերի:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերը միմյանց կաջակցեն տեղեկության փոխանակման գործում, մասնավորապես, երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը նպաստող առևտրատնտեսական և այլ միջոցառումներին վերաբերող օրենքների և նորմատիվ այլ ակտերի բնագավառում:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Յուրաքանչյուր Կողմ, իր օրենսդրության համապատասխան, կաջակցի իր տարածքում մյուս Կողմի արտաքին տնտեսական կազմակերպությունների ներկայացուցչությունների ստեղծմանը և գործունեությանը, ինչպես նաև երկու երկրների առևտրական պատվիրակությունների փոխանակմանը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերը կնպաստեն արտադրության կոոպերացման ընդլայնմանը, համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը, համագործակցության այլ ձևերի ներդրմանն և զարգացմանը` յուրաքանչյուր Կողմի օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Երկու Կողմերի երկրների տարածքով բեռների և ուղևորների փոխադրման և տարանցման կարգը կսահմանվի առանձին համաձայնագրով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագրի կատարման ընթացքը քննելու նպատակով Կողմերի լիազոր ներկայացուցիչները հաջորդաբար կհանդիպեն Երևանում և Սոֆիայում:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Կողմերը համաձայնեցին ստեղծել առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության գծով միջկառավարական հանձնաժողով` սույն Համաձայնագրի կատարման ընթացքը քննելու և առևտրատնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության զարգացման նպատակով կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Երկու երկրների Սուբյեկտների միջև վեճերը կլուծվեն Կողմերի միջև կնքված պայմանագրերով կամ առանձին գրավոր համաձայնագրերում պարունակվող պայմանավորվածությունների համաձայն:

Ծագած վեճերով արբիտրաժի որոշումները երկու երկրների Սուբյեկտների համար ենթակա են անվերապահ կատարման:

Կողմերից յուրաքանչյուրը, անհրաժեշտության դեպքում, միջոցներ կձեռնարկի արբիտրաժի որոշումը գործադրելու և ի կատար ածելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագրում Կողմերի համաձայնությամբ կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում նոտաների փոխանակումից հետո, որոնցով Կողմերը միմյանց կծանուցեն դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին, և կգործի 5 տարվա ընթացքում:

Սույն Համաձայնագրի գործողության ժամկետը ինքնաբերաբար կերկարաձգվի յուրաքանչյուր հաջորդ 5 տարվա համար, եթե Կողմերից ոչ մեկը Համաձայնագրի ժամկետի լրանալուց 6 ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չծանուցի սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Սույն Համաձայնագրի գործողությունը դադարելու դեպքում դրա դրույթները կկիրառվեն Համաձայնագրին համապատասխան կնքված բոլոր պայմանագրերի հանդեպ, համաձայն որոնց պարտավորություններ են ծագել Համաձայնագրի գործողության ընթացքում և չեն կատարվել դրա գործողության ժամկետը լրանալու պահին:

 

Կատարված է Սոֆիա քաղաքում 1994 թվականի ապրիլի 25-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բուլղարերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի դեկտեմբերի 16-ից:

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի

Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական

համագործակցության մասին համաձայնագրի գործողությունը դադարեցնելու

մասին

 

2007 թ. հունվարի 1-ից դադարեցվել է 1994 թ. ապրիլի 25-ին Սոֆիայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի գործողությունը:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
25.04.1994
Համաձայնագիր