Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ Հ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետություն կառավարությունը ու Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը, ցանկանալով կնքել համաձայնագիր եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. ԱՆՁԻՆՔ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՒՄ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

 

Սույն Համաձայնագիրը կիրառվում է Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտներ հանդիսացող անձանց նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՀԱՐԿԵՐ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

 

1. Սույն Համաձայնագիրը տարածվում է յուրաքանչյուր Պայմանավորվող պետության կամ իշխանության տեղական մարմինների կողմից եկամուտներից և գույքից գանձվող հարկերի վրա, անկախ դրանց գանձման եղանակից:

2. Եկամուտներից և գույքից գանձվող հարկեր են համարվում եկամուտների ընդհանուր գումարից, գույքի ընդհանուր արժեքից կամ եկամուտների և գույքի առանձին տարրերից, այդ թվում` շարժական կամ անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտներից գանձվող, ձեռնարկությունների վճարած աշխատավարձի ընդհանուր գումարից գանձվող հարկերը, ինչպես նաև գույքի արժեքաճից հարկերը:

3. Սույն Համաձայնագիրը տարածվում է, մասնավորապես, հետևյալ գոյություն ունեցող հարկերի վրա`

a) Հայաստանի դեպքում.

I) շահութահարկ,

II) եկամտահարկ,

III) գույքահարկ,

IV) հողի հարկ,

(այսուհետ` «հայկական հարկ»)

b) Իրանի դեպքում.

I) եկամտահարկ,

II) գույքահարկ,

(այսուհետ` «Իրանի Իսլամական Հանրապետության ուղղակի հարկ):

4. Սույն Համաձայնագիրը կկիրառվի նաև սույն հոդվածի 1-ին կետի սահմանման համապատասխան դասակարգված, բնույթով նմանատիպ կամ նույնական ցանկացած այլ հարկերի նկատմամբ, որոնք գանձվում են ի լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն` սույն Համաձայնագրի ստորագրումից հետո: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները ժամանակին կծանուցեն միմյանց իրենց հարկային օրենսդրություններում կատարված փոփոխությունների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար, եթե տեքստից այլ բան չի բխում`

a) «Պայմանավորվող պետություն» և «մյուս Պայմանավորվող պետություն» տերմինը համատեքստից կախված նշանակում են Հայաստանի Հանրապետություն կամ Իրանի Իսլամական Հանրապետություն,

«Հայաստան» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետություն և, երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, ներառում է տարածքը, որի նկատմամբ, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է ինքնիշխան իրավունքներ և իրավասություն, և որտեղ գործում է նրա հարկային օրենսդրությունը,

«Իրանի Իսլամական Հանրապետություն» տերմինը նշանակում է Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանության տակ գտնվող տարածքները,

b) «հարկ» տերմինը նշանակում է սույն Համաձայնագրի երկրորդ հոդվածում ընդգրկված որևէ հարկ,

c) «անձ» տերմինը ներառում է ֆիզիկական անձ, ընկերություն կամ անձանց ցանկացած այլ միավորում,

d) «ընկերություն» տերմինը նշանակում է ցանկացած իրավաբանական անձ կամ ցանկացած այլ միավորում, որը հարկման նպատակների համար դիտարկվում է որպես կորպորատիվ կազմավորում,

e) «գրանցված գրասենյակ» տերմինը նշանակում է Պայմանավորվող պետություններից որևէ մեկի օրենսդրության համաձայն գրանցված գրասենյակ,

f) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» տերմինները նշանակում են, համապատասխանաբար, Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն,

g) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից իրականացվող ցանկացած ծովային, գետային նավով, օդանավով կամ ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտային միջոցով փոխադրում, բացառությամբ այն դեպքերի, երբ ծովային, գետային նավով, օդանավով կամ ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով փոխադրումն իրականացվում է բացառապես մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող կետերի միջև,

h) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է`

I) Հայաստանի դեպքում` հարկային պետական տեսչությունը կամ նրա կողմից լիազորված ներկայացուցիչը,

II) Իրանի Իսլամական Հանրապետության դեպքում` Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարը կամ կամ նրա կողմից լիազորված ներկայացուցիչը,

i) «ազգային անձ» տերմինը նշանակում է`

I) Պայմանավորվող պետության քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ,

II) Պայմանավորվող պետության գործող օրենսդրության հիման վրա իրավաբանական անձի կարգավիճակ ստացած ցանկացած ցանկացած անձ:

2. Պայմանավորվող պետության կողմից սույն Համաձայնագիրը կիրառելիս, եթե ենթատեքստից այլ բան չի բխում, սույն Համաձայնագրով ընդգրկվող հարկերի առնչությամբ դրանում չսահմանված ցանկացած տերմին կունենա այն նշանակությունը, որը նրան տրվում է այդ պետության օրենսդրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՌԵԶԻԴԵՆՏ

 

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է ցանկացած անձ, որն այդ պետության օրենսդրությամբ այնտեղ ենթակա է հարկման բնակության, մշտական տեղակայման, գրանցման վայրի կամ այլ նմանատիպ չափանիշի հիման վրա:

2. Եթե սույն հոդվածի առաջին կետի դրույթներին համապատասխան, ֆիզիկական անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, ապա նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպ`

a) նա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որտեղ ունի իրեն պատկանող մշտական կացարան: Եթե նա երկու պետություններում էլ ունի իրեն պատկանող մշտական կացարան, ապա նա համարվում է այն պետության ռեզիդենտը, որի հետ նրա անձնական և տնտեսական կապերն առավել սերտ են (կենսական շահերի կենտրոն),

b) եթե հնարավոր չէ որոշել այն պետությունը, որտեղ նա ունի կենսական շահերի կենտրոն կամ եթե պետություններից և ոչ մեկում չունի իրեն պատկանող մշտական կացարան, ապա նա համարվում է այն պետության ռեզիդենտը, որտեղ սովորաբար բնակվում է,

c) եթե նա սովորաբար բնակվում է երկու Պայմանավորվող պետություններում կամ եթե նա սովորաբար չի բնակվում դրանցից և ոչ մեկում, ապա նա համարվում է այն պետության ռեզիդենտը, որի քաղաքացին է հանդիսանում,

d) եթե նա հանդիսանում է երկու պետությունների քաղաքացի կամ չի հանդիսանում պետություններից և ոչ մեկի քաղաքացի, ապա Պայմանավորվող պետությունների իրավասու մարմիններն այդ հարցը լուծում են փոխադարձ համաձայնությամբ:

3. Երբ, սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան, ֆիզիկական անձ չհանդիսացող անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, ապա նա համարվում է այն պետության ռեզիդենտը, որտեղ գտնվում է նրա գրանցված գրասենյակը:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ

 

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար «մշտական հաստատություն» տերմինը նշանակում է գործունեության հաստատուն վայր, որի միջոցով Պայմանավորվող պետության ձեռնարկությունն ամբողջությամբ կամ մասամբ իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն մյուս Պայմանավորվող պետությունում:

2. «Մշտական հաստատություն» տերմինը, մասնավորապես, ներառում է.

a) ղեկավարման վայր,

b) բաժանմունք,

c) գրասենյակ,

d) գործարան,

e) արտադրամաս,

f) հանքահոր, նավթի կամ գազի հորատանցք, քարհանք կամ բնական պաշարների հետախուզման, վերամշակման կամ արդյունահանման ցանկացած այլ վայր:

3. Շինարարական հրապարակը, շինարարական, մոնտաժային կամ հավաքման օբյեկտը, ինչպես նաև դրանց հետ կապված վերահսկողական գործունեությունը կազմում են մշտական հաստատություն, բայց միայն, եթե այդպիսի հրապարակի, օբյեկտի կամ գործունեության տևողությունը գերազանցում է տասներկու ամիսը:

4. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին, Պայմանավորվող պետության ձեռնարկության գործունեության հետևյալ տեսակները չեն դիտարկվում որպես Պայմանավորվող պետությունում մշտական հաստատության միջոցով իրականացվող.

a) կառույցների օգտագործումը բացառապես ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պահպանման կամ ցուցադրման նպատակով,

b) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահումը բացառապես պահպանման կամ ցուցադրման նպատակով,

c) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահումը բացառապես այլ ձեռնարկության կողմից վերամշակման նպատակների համար,

d) գործունեության հաստատուն վայրի պահումը բացառապես ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի գնման կամ տեղեկության հավաքման նպատակով,

e) գործունեության հաստատուն վայրի պահումը բացառապես ձեռնարկության համար նախապատրաստական կամ օժանդակ բնույթի` գովազդի, տեղեկությունների տրամադրման, գիտահետազոտական կամ ցանկացած այլ գործունեության իրականացման նպատակով,

f) գործունեության հաստատուն վայրի պահումը բացառապես «ա»-ից «ե» ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության իրականացման համար, պայմանով, որ այդպիսի համակցության արդյունքում գործունեության հաստատուն վայրի ընդհանուր գործունեությունը կրում է նախապատրաստական կամ օժանդակ բնույթ:

5. Չնայած 1-ին և 2-րդ կետերի դրույթներին` եթե անկախ կարգավիճակով գործակալ համարվող անձից (որին վերաբերում է 6-րդ կետը) տարբերվող անձը գործում է Պայմանավորվող պետությունում և ունի և սովորաբար օգտագործում է մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության անունից կոնտրակտներ կնքելու իրավասություն, ապա համարվում է, որ այդ ձեռնարկությունն ունի առաջինը հիշատակված Պայմանավորվող պետությունում մշտական հաստատություն` ցանկացած գործունեության առումով, որն այդ անձն իրականացնում է ձեռնարկության համար, բացառությամբ չորրորդ կետին համապատասխան սահմանափակված դեպքերի, երբ այդ անձի գործունեությունը, իրականացված գործունեության հաստատուն վայրի միջոցով չի վերածում այդ գործունեության հաստատուն վայրը մշտական հաստատության` համաձայն սույն կետի դրույթների:

6. Մի Պայմանավորվող պետության ձեռնարկությունը չի դիտարկվում որպես մյուս Պայմանավորվող պետությունում մշտական հաստատություն ունեցող, եթե նա այդ Պետությունում ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում բրոքերի, գլխավոր կոմիսիոների կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով` պայմանով, որ այդ անձինք գործում են իրենց սովորական գործունեության շրջանակներում:

Սակայն, երբ նման գործակալի գործողությունները լիովին կամ գրեթե լիովին իրականացվում են ձեռնարկության անունից, նա չպետք է դիտարկվի որպես անկախ կարգավիճակով գործակալ, եթե ձեռնարկության և գործակալի միջև գործարքը չի կատարվի «մեկնված ձեռքի սկզբունքով»:

7. Այն փաստը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը վերահսկում մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությանը կամ վերահսկվում է նրա կողմից կամ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում (մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպ), ինքնին այդ ընկերություններից մեկին չի վերածում մյուսի մշտական հաստատությանը:

 

ՀՈԴՎԱԾ 6. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ

 

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից ստացվող եկամուտները (ներառյալ եկամուտ գյուղատնտեսությունից կամ անտառտնտեսությունից) կարող են հարկվել այդ մյուս պետությունում:

2. «Անշարժ գույք» տերմինը ունի այն նշանակությունը, որը նա ունի այն Պայմանավորվող պետության օրենսդրությամբ, որտեղ գտնվում է տվյալ գույքը: Այդ տերմինը բոլոր դեպքերում պետք է ներառի անշարժ գույքին առնչվող օժանդակ գույքը, գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում օգտագործվող անասունն ու սարքավորումները, իրավունքները, որոնց նկատմամբ կիրառվում են հողային սեփականության առնչությամբ ընդհանուր իրավունքի դրույթները, անշարժ գույքի ուզուֆրուկտը և հանքային պաշարների, աղբյուրների և այլ բնական հանածոների արդյունահանման կամ արդյունահանման իրավունքի համար փոխհատուցման կարգով փոփոխական կամ հաստատուն վճարումների իրավունքները: Ծովային, գետային նավերը, օդանավերը կամ ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտային միջոցները որպես անշարժ գույք չեն դիտարկվում:

3. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները կիրառվում են անշարժ գույքի անմիջական օգտագործումից, վարձակալության տալուց կամ ցանկացած այլ ձևով օգտագործումից ստացված եկամուտների նկատմամբ:

4. Եթե ընկերության բաժնետոմսերի կամ այլ կորպորատիվ իրավունքների տնօրինումը բաժնետոմսերի կամ այլ կորպորատիվ իրավունքների տիրոջը տալիս է ընկերությանը պատկանող անշարժ գույքից օգտվելու իրավունք, ապա այդ գույքի ուղղակի օգտագործումից, վարձակալության տալուց կամ ցանկացած այլ ձևով օգտագործումից ստացված եկամուտները կարող են հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է անշարժ գույքը:

5. Սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև ձեռնարկության անշարժ գույքից և անկախ անձնական ծառայություններ մատուցելու համար օգտագործվող անշարժ գույքից ստացվող եկամուտների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՇԱՀՈՒՅԹ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ

 

1. Պայմանավորվող պետության ձեռնարկության` ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթը հարկվում է միայն այդ Պայմանավորվող պետությունում, եթե միայն այդ գործունեությունը չի իրականացվում մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե Պայմանավորվող պետության ձեռնարկությունը գործունեությունն իրականացնում է մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող մշտական հաստատության միջոցով, ապա այդ ձեռնարկության շահույթը կարող է հարկվել այդ մյուս պետությունում, բայց միայն այն մասով, որը վերագրվում է.

a) այդ մշտական հաստատությանը,

b) այդ մյուս պետությունում մշտական հաստատության միջոցով վաճառվող նույն կամ նման կարգի ապրանքների կամ արտադրանքի վաճառքին,

c) այդ մյուս պետությունում մշտական հաստատության միջոցով իրականացվող նույն կամ նման կարգի ձեռնարկատիրական գործունեությանը:

2. Հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ կետի դրույթները, երբ Պայմանավորվող պետության ձեռնարկությունը մյուս Պայմանավորվող պետությունում գործունեություն է իրականացնում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, ապա Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրում այդ մշտական հաստատությանը վերագրվում է այն շահույթը, որը նա կարող էր ստանալ, եթե լիներ նույն կամ նման պայմաններում, նույն կամ նման գործունեություն իրականացնող և ինքնուրույն գործող առանձնացված և ինքնուրույն ձեռնարկություն և գործեր լիովին անկախ այն ձեռնարկությունից, որի մշտական հաստատությունն է հանդիսանում:

3. Մշտական հաստատության շահույթը որոշելիս կթույլատրվի մշտական հաստատության գործունեության նպատակների համար կատարված ծախսերի նվազեցում, ներառյալ կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերը, որոնք կնվազեցվեն այնպես, ինչպես եթե մշտական հաստատությունը հանդիսանար անկախ ձեռնարկություն, անկախ այն հանգամանքից` այդ ծախսերը կատարված են այն պետությունում, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը, թե այլ տեղ:

4. Եթե, Պայմանավորվող պետության օրենսդրության համաձայն մշտական հաստատությանը վերագրվող շահույթի որոշումը կարող է կատարվել ձեռնարկության տարբեր ստորաբաժանումների միջև շահույթի ընդհանուր գումարի համամասնական բաշխման հիման վրա, ապա սույն հոդվածի 2-րդ կետում ոչինչ չի խոչընդոտի Պայմանավորվող պետությանը հարկվող շահույթը հաշվարկել նման բաշխման եղանակով: Բաշխման ընտրված եղանակը պետք է, սակայն համապատասխանի սույն հոդվածում պարունակվող սկզբունքներին:

5. Ոչ մի շահույթ չի վերագրվում մշտական հաստատությանը` այդ մշտական հաստատության կողմից բացառապես ձեռնարկության համար ապրանքներ կամ արտադրանք գնվելու հետևանքով:

6. Մշտական հաստատությանը վերագրվող շահույթն ամեն տարի կորոշվի միևնույն եղանակով, եթե միայն դրա փոփոխման համար պատշաճ և բավարար պատճառ չլինի:

7. Եթե շահույթը ներառում է եկամտի այնպիսի տարրեր, որոնք առանձին դիտարկվում են սույն Համաձայնագրի այլ հոդվածներում, ապա սույն հոդվածի դրույթները չեն ազդում այդ հոդվածների դրույթների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

 

Միջազգային փոխադրումներում ծովային, գետային նավերի, օդանավերի կամ ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտային միջոցների շահագործումից Պայմանավորվող պետության ձեռնարկության ստացած շահույթը հարկվում է միայն այդ պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 9. ԶՈՒԳՈՐԴՎԱԾ (ԱՍՈՑԱՑՎԱԾ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Այն դեպքում, երբ.

ա) Պայմանավորվող պետության ձեռնարկությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում է մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության կառավարմանը, վերահսկմանը կամ կապիտալում, կամ

բ) միևնույն անձինք ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում են և մի Պայմանավորվող պետության ձեռնարկության և մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության, կառավարմանը, վերահսկմանը կամ կապիտալում, և յուրաքանչյուր դեպքում երկու ձեռնարկությունների միջև` նրանց առևտրային կամ ֆինանսական փոխհարաբերություններում, ստեղծվում կամ սահմանվում են պայմաններ, որոնք հնարավոր չէին լինի երկու անկախ ձեռնարկությունների միջև, ապա ցանկացած շահույթ, որը կարող էր հաշվեգրվել նրանցից մեկին, բայց այդ պայմանների պատճառով չի հաշվեգրվել, կարող է ներառվել այդ ձեռնարկության շահույթի մեջ և համապատասխանաբար, հարկվել:

2. Երբ Պայմանավորվող պետությունն այդ պետության ձեռնարկության շահույթի մեջ ներառում և համապատասխանաբար հարկում է մի տարր, որի նկատմամբ մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկությունն այդ մյուս պետությունում ենթարկվել է հարկման և այդ ձևով առաջին նշված պետության պահանջով ներառված տարրը համարվում է շահույթ, որը պետք է հաշվեգրված լիներ առաջին նշված պետության ձեռնարկությանը, եթե երկու ձեռնարկությունների միջև լինեին անկախ ձեռնարկությունները բնորոշող փոխհարաբերություններ, ապա այդ մյուս պետությունը կատարում է այդ շահույթի առնչությամբ գանձված հարկի գումարի համապատասխան ճշգրտում: Այդպիսի ճշգրտումը որոշելիս հաշվի կառնվեն սույն Համաձայնագրի այլ դրույթները, իսկ Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները, անհրաժեշտության դեպքում, կխորհրդակցեն միմյանց հետ:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ

 

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս պետությունում:

2. Սակայն, այդպիսի շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում շահաբաժիններ վճարող ընկերությունն` այդ պետության օրենսդրությանը համապատասխան, բայց եթե ստացողը շահաբաժինների փաստացի սեփականատերն է, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի`

a) շահաբաժինների համախառն գումարի 10 տոկոսը: Եթե ստացողը մի ընկերություն (բացառությամբ ընկերակցության) է, որը անմիջականորեն տիրապետում է շահաբաժիններ վճարող ընկերության կապիտալի առնվազն 25 տոկոսը,

b) շահաբաժինների համախառն գումարի 15 տոկոսը մնացած բոլոր դեպքերում:

3. «Շահաբաժիններ» տերմինը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է եկամուտ բաժնետոմսերից, բաժնետոմսերի «օգտագործումից» կամ իրավունքների «օգտագործումից», հիմնադիրների բաժնետոմսերից կամ պարտապահանջ չհանդիսացող` շահույթին մասնակցության իրավունք տվող այլ իրավասությունից, ինչպես նաև այլ կորպորատիվ իրավունքներից, որոնք ենթակա են նույնպիսի հարկային կարգավորման, ինչպես բաժնետոմսերից ստացված եկամուտը այն Պետության օրենսդրության համաձայն, որի ռեզիդենտն է հանդիսանում բաշխումն իրականացնող ընկերությունը:

4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, մյուս Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում շահաբաժիններ վճարող ընկերությունը, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ այդ մյուս պետությունում անկախ անձնական ծառայություններ է մատուցում այնտեղ գտնվող հաստատուն բազայից, և մասնակցությունը, որի առնչությամբ վճարվում են շահաբաժինները, հիրավի կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում, կախված հանգամանքներից, կիրառվում են սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածի կամ 14-րդ հոդվածի դրույթները:

5. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունից, այդ մյուս պետությունը չի հարկում ընկերության կողմից վճարվող շահաբաժինները, բացառությամբ, եթե այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ մյուս պետության ռեզիդենտին կամ, եթե մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, հիրավի կապված է այդ մյուս պետությունում գտնվող մշտական հաստատության հետ, և չի հարկում ընկերության չբաշխված շահույթը ընկերության չբաշխված շահույթից գանձվող հարկով, նույնիսկ, եթե վճարվող շահաբաժինները կամ չբաշխված շահույթը լիովին կամ մասամբ կազմված են այդ մյուս պետությունում առաջացող շահույթից կամ եկամտից:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՏՈԿՈՍՆԵՐ

 

1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող տոկոսները կարող են հարկվել այդ մյուս պետությունում:

2. Սակայն այդպիսի տոկոսները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ դրանք առաջանում են այդ պետության օրենսդրությանը համապատասխան, բայց եթե ստացողը հանդիսանում է տոկոսների փաստացի սեփականատեր, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 10 տոկոսը:

3. Չնայած 2-րդ կետի դրույթներին, Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս կառավարության, նախարարությունների, այլ կառավարական կառույցների, տեղական իշխանության մարմինների, կենտրոնական բանկի և ամբողջովին մյուս Պայմանավորվող պետության կառավարությանը պատկանող բանկերի կողմից ստացված տոկոսները ազատվում են հարկումից առաջինը հիշատակված պետությունում:

4. «Տոկոսներ» տերմինը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջներից` անկախ գրավային ապահովումից և անկախ պարտապանի շահույթում մասնակցության իրավունքի առկայությունից, և, մասնավորապես, եկամուտ կառավարական արժեթղթերից և եկամուտ պարտատոմսերից կամ փոխառության տոմսերից, ներառյալ այդպիսի արժեթղթերի, պարտատոմսերի կամ փոխառության տոմսերի հետ կապված պարգևավճարներն ու շահումները: Սույն հոդվածի նպատակների համար ժամկետանց վճարումների համար տուգանքները որպես տոկոսներ չեն դիտարկվում:

5. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և պարտապահանջը, որի հիման վրա վճարվում են տոկոսները, հիրավի կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում, կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:

6. Համարվում է, որ տոկոսներն առաջանում են Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն ինքն այդ պետությունն է, նրա իշխանության տեղական մարմինը կամ այդ պետության ռեզիդենտը: Սակայն, եթե տոկոսներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն, որի առնչությամբ առաջացել է պարտքը, որի համար վճարվում են տոկոսները, և այդպիսի տոկոսների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը, ապա այդպիսի տոկոսները համարվում են առաջացած այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը:

7. Եթե վճարողի և տոկոսների փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ երրորդ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով պարտապահանջի առնչությամբ վճարվող տոկոսների գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և տոկոսների փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում, հաշվի առնելով սույն Համաձայնագրի այլ դրույթները, վճարումների գերազանցող մասը առաջվա պես հարկվում է Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՌՈՅԱԼԹԻ

 

1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող ռոյալթին կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

2. Սակայն այդպիսի ռոյալթին կարող է հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ այն առաջանում է, այդ պետության օրենսդրությանը համապատասխան, բայց եթե ստացողը հանդիսանում է ռոյալթիի փաստացի սեփականատեր, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի ռոյալթիի համախառն գումարի 5 տոկոսը:

3. «Ռոյալթի» տերմինը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է ցանկացած տեսակի վճարում, որը ստացվել է որպես փոխհատուցում գրականության, արվեստի ստեղծագործության կամ գիտական աշխատանքի, ներառյալ կինոնկարները և ռադիո և հեռուստատեսային հաղորդումների ձայնագրությունները, ցանկացած պատենտի, ապրանքային նշանի, նախագծի կամ մոդելի, պլանի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի ցանկացած հեղինակային իրավունքի օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար, կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական փորձին վերաբերող տեղեկատվության համար, կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական սարքավորումների օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար:

4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե ռոյալթիի փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում է ռոյալթին, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց առնչությամբ վճարվում է ռոյալթին, հիրավի կապված են այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում, կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:

5. Համարվում է, որ ռոյալթին առաջանում է Պայմանավորվող պետությունում, եթե վճարող են հանդիսանում ինքը` պետությունը, նրա իշխանության տեղական մարմինը կամ այդ պետության ռեզիդենտը: Սակայն եթե ռոյալթի վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն, որի ռոյալթի առաջացնող գույքը կամ իրավունքը հիրավի կապված են ռոյալթի վճարելու պարտավորության հետ, և այդպիսի ռոյալթիի վճարման ծախսերը կրում է այդ մշտական հաստատությունը, ապա այդպիսի ռոյալթին համարվում է առաջացած այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը:

6. Եթե վճարողի և ռոյալթիի փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ երրորդ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով օգտագործման, իրավունքի կամ տեղեկատվության համար վճարվող ռոյալթիի գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և ռոյալթիի փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում, հաշվի առնելով սույն Համաձայնագրի այլ դրույթները, վճարումների գերազանցող մասը առաջվա պես հարկվում է Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 13. ԳՈՒՅՔԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՎԵԼԱՃԸ

 

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի` մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող` 6-րդ հոդվածում սահմանված անշարժ գույքի օտարումից ստացված եկամուտները կարող են հարկվել այդ մյուս Պայմանավորվող պետությունում:

2. Պայմանավորվող պետության ձեռնարկության` մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական հաստատության առևտրային գույքի մաս կազմող շարժական գույքի կամ Պայմանավորվող պետության ռեզիդենտի` մյուս Պայմանավորվող պետությունում անկախ անձնական ծառայությունների մատուցման նպատակով ունեցած հաստատուն բազային վերաբերող շարժական գույքի օտարումից ստացված եկամուտները, ներառյալ այդպիսի մշտական հաստատության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ) օտարումից ստացված եկամուտները, կարող են հարկվել այդ մյուս պետությունում:

3. Միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային, գետային նավերի, օդանավերի կամ ավտոմոբիլային և երկաթուղային փոխադրամիջոցների կամ այդպիսի ծովային, գետային նավերի, օդանավերի կամ ավտոմոբիլային և երկաթուղային փոխադրամիջոցների շահագործմանը վերաբերող շարժական գույքի օտարումից Պայմանավորվող պետության ձեռնարկության ստացած եկամուտները հարկվում են միայն այդ պետությունում:

4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած եկամուտները բաժնետոմսերի կամ այն ընկերության այլ կորպորատիվ իրավունքների օտարումից, որի գույքը, ուղղակի կամ անուղղակի գլխավորապես կազմված է մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից, կարող է հարկվել այդ պետությունում:

5. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում չնշված ցանկացած գույքի օտարումից ստացած եկամուտները հարկվում են միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում գույք օտարող անձը:

 

ՀՈԴՎԱԾ 14. ԱՆԿԱԽ ԱՆՁՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի մասնագիտական ծառայությունների մատուցումից կամ անկախ բնույթի այլ գործունեությունից ստացած եկամուտը հարկվում է միայն այդ պետությունում, բացառությամբ այն դեպքի, երբ նա այդ գործունեությունն իրականացնելու նպատակով մյուս Պայմանավորվող պետությունում իր տրամադրության տակ ունի կանոնավորապես մատչելի հաստատուն բազա: Եթե նա իր տրամադրության տակ ունի այդպիսի հաստատուն բազա, ապա եկամուտը կարող է հարկվել մյուս պետությունում, բայց միայն այդ հաստատուն բազային վերագրվող մասով:

2. «Մասնագիտական ծառայություններ» տերմինը ներառում է, մասնավորապես, անկախ գիտական, գրական, արվեստաբանական, կրթական կամ ուսուցչական գործունեությունը, ինչպես նաև բժիշկների, ինժեներների, իրավաբանների, ատամնաբույժների, ճարտարապետների և հաշվապահների անկախ գործունեությունը:

 

ՀՈԴՎԱԾ 15. ԿԱԽՅԱԼ ԱՆՁՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Հաշվի առնելով սույն Համաձայնագրի 16-րդ, 18-րդ, 19-րդ և 20-րդ հոդվածների դրույթները, Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից վարձու աշխատանքի դիմաց ստացվող աշխատավարձն ու այլ համանման վարձատրությունը հարկվում են միայն այդ պետությունում, եթե միայն վարձու աշխատանքը չի իրականացվում մյուս Պայմանավորվող պետությունում: Եթե վարձու աշխատանքը իրականացվում է այդ ձևով, ապա դրա հետ կապված վարձատրությունը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

2. Չնայած 1-ին կետի դրույթներին Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացվող վարձատրությունը հարկվում է միայն առաջինը հիշատակված պետությունում, եթե`

a) ստացողը գտնվում է մյուս պետությունում տվյալ օրացուցային տարում սկսվող կամ ավարտվող ցանկացած տասներկուամսյա ժամկետի ընթացքում ընդհանուր առմամբ 183 օրը չգերազանցող ժամկետի կամ ժամկետների ընթացքում, և

b) վարձատրությունը վճարվում է մյուս պետության ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից, և

c) վարձատրության վճարման հետ կապված ծախսերը չի կրում այդ մյուս պետությունում գործատուի ունեցած մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:

3. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին, միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային, գետային նավերի, օդանավերի կամ ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտային միջոցների վրա իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է ձեռնարկության գրանցված գրասենյակը:

 

ՀՈԴՎԱԾ 16. ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՀՈՆՈՐԱՐՆԵՐ

 

Տնօրենների հոնորարներն ու այլ համանման վճարումները, որոնք Պայմանավորվող պետության ռեզիդենտը ստանում է որպես մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության տնօրենների խորհրդի անդամ, կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 17. ԱՐՏԻՍՏՆԵՐ ԵՎ ՄԱՐԶԻԿՆԵՐ

 

1. Չնայած 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներին` այն եկամուտը, որը Պայմանավորվող պետության ռեզիդենտը ստանում է որպես արվեստի գործիչ, ինչպիսին է թատրոնի, կինոյի, ռադիոյի կամ հեռուստատեսության դերասանը կամ երաժիշտը, կամ որպես մարզիկ մյուս Պայմանավորվող պետությունում իրականացրած անձնական գործունեությունից, որպես այդպիսին կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

2. Այն դեպքում, երբ արվեստի գործչի կամ մարզիկի կողմից իրականացվող անձնական գործունեության, որպես այդպիսին, հետ կապված եկամուտը վերագրվում է ոչ թե անձամբ արվեստի գործչին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա, չնայած սույն Համաձայնագրի 7-րդ, 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներին, այդ եկամուտը կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվում է արվեստի գործչի կամ մարզիկի գործունեությունը:

3. Չնայած սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթներին` մյուս Պայմանավորվող պետությունում արվեստի գործչի կամ մարզիկի կողմից իրականացված գործունեության դիմաց ստացված եկամուտը այդ պետությունում հարկումից ազատվում է, եթե այդ գործունեությունը իրականացվում է Պայմանավորվող պետությունների միջև կնքված մշակութային համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում:

 

ՀՈԴՎԱԾ 18. ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

 

1. Հաշվի առնելով 19-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները` Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող կենսաթոշակները, կապված նախկին վարձու աշխատանքի հետ, ենթակա են հարկման միայն այդ պետությունում:

2. Թոշակները և դժբախտ պատահարների դեպքում ապահովագրության կապակցությամբ Պայմանավորվող պետության կողմից կատարվող այլ կանոնավոր կամ միանվագ վճարումները կարող են հարկվել միայն այդ պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 19. ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

1. Պայմանավորվող պետության կամ նրա իշխանության տեղական մարմնի կողմից ստեղծված հիմնադրամների միջոցով կամ առանց դրա այդ պետությանը կամ իշխանության տեղական մարմնին մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարվող աշխատավարձը, ռոճիկը և կենսաթոշակից տարբերվող այլ վարձատրությունը հարկվում է միայն այդ պետությունում:

Սակայն, այդպիսի վարձատրությունը հարկվում է միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ պետությունում, և այդ պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձը`

I) հանդիսանում է այդ պետության քաղաքացի, կամ

II) չի դարձել այդ պետության ռեզիդենտը միայն ծառայություններ մատուցելու նպատակով:

2. 15-րդ, 16-րդ և 18-րդ հոդվածների դրույթները կկիրառվեն Պայմանավորվող պետության կամ նրա իշխանության տեղական մարմնի կողմից իրականացվող` ձեռնարկատիրության հետ կապված մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարվող կենսաթոշակի և վարձատրության նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 20. ԴԱՍԱԽՈՍՆԵՐ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ

 

1. Վճարումները, որոնք Պայմանավորվող պետության քաղաքացի հանդիսացող և մյուս Պայմանավորվող պետությունում բացառապես ուսանելու կամ նախապատրաստվելու նպատակով գտնվող ուսանողը կամ պրակտիկանտը ստանում են կենսաապահովման, կրթություն ստանալու կամ ուսման նախապատրաստվելու նպատակով, չեն հարկվում այդ մյուս պետությունում, եթե այդ վճարումների աղբյուրը գտնվում է այդ մյուս պետության սահմաններից դուրս:

2. Նմանապես, Պայմանավորվող պետության ազգային անձ հանդիսացող և ներկայումս մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող դասախոսը կամ հրահանգիչը, որոնց գտնվելու հիմնական նպատակը կրթելը կամ գիտահետազոտական աշխատանք կատարելն է, երկու տարին չգերազանցող ժամանակահատվածում կամ ժամանակահատվածներում ազատվում են հարկումից այդ մյուս պետությունում, ինչպես նաև ուսուցանելու կամ գիտական հետազոտությունների հետ կապված անհատական ծառայությունների համար վարձատրությունները, եթե այդպիսի վճարումները կատարվել են այդ մյուս պետությունից դուրս գտնվող աղբյուրներից:

Սույն կետը չի կիրառվի հետազոտություններից եկամուտների նկատմամբ, եթե այդպիսի հետազոտությունները նախատեսված են հիմնականում հատուկ անձի կամ անձանց մասնավոր շահի համար:

 

ՀՈԴՎԱԾ 21. ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

 

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի եկամուտների` սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չհիշատակված տեսակները, հարկվում են միայն այդ պետությունում, բացառությամբ, եթե այդպիսի եկամուտը առաջացել է մյուս Պայմանավորվող պետության աղբյուրներից: Եթե այդպիսի եկամուտը առաջացել է մյուս Պայմանավորվող պետության աղբյուրներից, ապա այն կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

2. 1-ին կետի դրույթները չեն կիրառվում 6-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված անշարժ գույքից ստացված եկամուտներից տարբերվող եկամուտների նկատմամբ, եթե այդպիսի եկամուտների ստացողը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, մյուս Պայմանավորվող պետությունում ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց հետ կապված ստացվել է եկամուտը, իսկապես կապված են այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում, եկամտի տեսակները հարկվում են մյուս Պայմանավորվող պետությունում` համաձայն իր օրենսդրության:

 

ՀՈԴՎԱԾ 22. ԳՈՒՅՔ

 

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտին պատկանող և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող` 6-րդ հոդվածում նշված անշարժ գույքով ներկայացված գույքը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

2. Մյուս Պայմանավորվող պետությունում մի Պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքով կամ մյուս Պայմանավորվող պետությունում անկախ անձնական ծառայությունների մատուցման նպատակով Պայմանավորվող պետության ռեզիդենտի հաստատուն բազային վերաբերող և շարժական գույքով ներկայացված գույքը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

3. Միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային, գետային նավերով, օդանավերով, ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտային միջոցներով կամ այդպիսի ծովային, գետային նավերի, օդանավերի, ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտային միջոցների շահագործմանը վերաբերող` շարժական գույքով ներկայացված գույքը հարկվում է միայն այդ` Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է ձեռնարկության գրանցված գրասենյակը:

4. Ընկերության գլխավորապես Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից կազմված գույքը` ներկայացված բաժնետոմսերի կամ ընկերության այլ կորպորատիվ իրավունքների տեսքով կարող է հարկվել այդ Պայմանավորվող պետությունում:

5. Պայմանավորվող պետության ռեզիդենտի գույքի բոլոր այլ տարրերը հարկվում են միայն այդ պետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 23. ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՄԵԹՈԴ

 

1. Եթե Պայմանավորվող պետության ռեզիդենտը ստանում է եկամուտ կամ նրան պատկանում է գույք, որոնք, համաձայն սույն Համաձայնագրի դրույթների, կարող են հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում, ապա առաջինը հիշատակված պետությունը կթույլատրի.

a) այդ ռեզիդենտի եկամտահարկը նվազեցնել այդ մյուս պետությունում վճարված եկամտահարկի գումարին հավասար չափով,

b) այդ ռեզիդենտի գույքահարկը նվազեցնել այդ մյուս պետությունում վճարված գույքահարկի գումարին հավասար չափով:

Ցանկացած դեպքում, սակայն այդպիսի նվազեցումը չպետք է գերազանցի մինչև նվազեցման իրականացումը հաշվարկված եկամտահարկի կամ գույքահարկի այն մասը, որը, հանգամանքներից կախված, վերագրվում է եկամտին կամ գույքին, որոնք կարող են հարկվել այդ մյուս պետությունում:

2. Եթե, համաձայն սույն Համաձայնագրի ցանկացած դրույթի, Պայմանավորվող պետության ռեզիդենտի եկամուտը կամ գույքը այդ պետությունում ազատված է հարկումից, ապա այդ պետությունը, այնուամենայնիվ, կարող է այդ ռեզիդենտի եկամտի կամ գույքի մնացած մասի համար հարկի գումարը հաշվարկելիս հաշվի առնել հարկումից ազատված եկամուտը կամ գույքը:

 

ՀՈԴՎԱԾ 24. ԱՆԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Պայմանավորվող պետության ազգային անձինք մյուս Պայմանավորվող պետությունում չեն ենթարկում այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան այն հարկումը կամ դրա հետ կապված պարտավորությունն է, որին ենթարկվում են կամ կարող են ենթարկվել այդ մյուս պետության ազգային անձինք նույն հանգամանքների դեպքում: Չնայած 1-ին հոդվածի դրույթների, սույն դրույթը կիրառվում է նաև Պայմանավորվող պետություններից և ոչ մեկի ռեզիդենտ չհանդիսացող անձանց նկատմամբ:

2. Պայմանավորվող պետության ռեզիդենտի` մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական հաստատության հարկումը այդ մյուս պետությունում չպետք է պակաս բարենպաստ լինել, քան այդ մյուս պետության համանման գործունեություն իրականացնող ձեռնարկությունների հարկումն է:

3. Պայմանավորվող պետության ձեռնարկությունները, որոնց գույքը ամբողջովին կամ մասամբ ուղղակի կամ անուղղակիորեն պատկանում կամ կառավարվում է մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, առաջինը հիշատակված Պայմանավորվող պետությունում չեն ենթարկվում այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորությանը, քան այն հարկումը կամ դրա հետ կապված պարտավորություններն են, որին ենթարկվում են կամ կարող են ենթարկվել առաջինը հիշատակված պետության համանման ձեռնարկությունները:

4. Այս դրույթները չպետք է դիտարկվեն որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող` տրամադրելու մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտներին որևէ հարկային անհատական արտոնություն, նվազեցում կամ զեղչ, որ նա տրամադրում է իր ռեզիդենտներին` նրանց քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 25. ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Եթե Պայմանավորվող պետության ռեզիդենտը գտնում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն իր` սույն Համաձայնագրին չհամապատասխանող հարկման, ապա նա կարող է, այդ պետությունների ազգային օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, ներկայացնել իր գործը այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ռեզիդենտն է հանդիսանում, կամ, եթե իր դեպքն ընկնում է 24-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների տակ, ապա այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ազգային անձն է հանդիսանում: Դիմումը պետք է ներկայացվի երկու տարվա ընթացքում` սույն Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկմանը հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցման պահից:

2. Եթե իրավասու մարմինը դիմումը համարում է հիմնավորված, և եթե նա ի վիճակի չէ ինքնուրույն հանգելու գոհացուցիչ լուծման, ապա նա ձգտում է հարցը լուծել մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հետ փոխհամաձայնությամբ` սույն Համաձայնագրին չհամապատասխանող կրկնակի հարկումը բացառելու նպատակով:

3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման ընթացքում առաջացող ցանկացած դժվարություն կամ հակասություն ձգտում են լուծել փոխհամաձայնությամբ: Նրանք կարող են նաև խորհրդակցել միմյանց հետ` սույն Համաձայնագրով չնախատեսված դեպքերում կրկնակի հարկումը բացառելու նպատակով:

4. Նախորդ կետերի ըմբռնման գործում համաձայնության հասնելու նպատակով Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են միմյանց հետ անմիջական կապ հաստատել: Իրավասու մարմինները խորհրդակցությունների միջոցով, պետք է մշակեն երկկողմ համապատասխան ընթացակարգ, պայմաններ, մեթոդներ և ձևեր սույն հոդվածով նախատեսված փոխհամաձայնության ընթացակարգի կիրառման համար:

 

ՀՈԴՎԱԾ 26. ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

 

1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխանակում են այնպիսի տեղեկություն, որն անհրաժեշտ է սույն Համաձայնագրի դրույթների կամ սույն Համաձայնագրով ընդգրկվող հարկերի առնչությամբ Պայմանավորվող պետությունների ազգային օրենսդրությունների իրագործման համար, այնքանով, որքանով հարկումը չի հակասում սույն Համաձայնագրին: Տեղեկության փոխանակումը 1-ին հոդվածով չի սահմանափակվում: Պայմանավորվող պետության կողմից ստացված ցանկացած տեղեկություն համարվում է գաղտնի այնպես, ինչպես և այդ պետության ներքին օրենսդրության շրջանակներում ստացված տեղեկությունը, և հայտնվում է միայն այն անձանց կամ մարմիններին, ներառյալ դատարաններն ու վարչական մարմինները, որոնք զբաղված են սույն Համաձայնագրով ընդգրկվող հարկերի որոշմամբ կամ գանձմամբ, հարկադիր բռնագանձմամբ կամ որոշումների կատարմամբ, կամ դիմումների քննարկմամբ: Այդպիսի անձինք կամ մարմինները տեղեկությունը օգտագործում են միայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել տեղեկությունը դռնբաց դատական նիստի ընթացքում կամ իրավական որոշումներ ընդունելիս:

2. 1-ին կետի դրույթները ոչ մի դեպքում չեն դիտարկվում որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող`

a) կիրառելու այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներին կամ վարչական գործավարությանը հակասող վարչական միջոցառումներ,

b) ներկայացնելու տեղեկություն, որը հասանելի չէ այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքների կամ սովորական վարչական գործավարության շրջանակներում,

c) ներկայացնելու տեղեկություն, որը կբացահայտի որևէ առևտրական, ձեռնարկատիրական, արդյունաբերական, առևտրային կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրական գործընթաց, կամ տեղեկություն, որի բացահայտումը կհակասեր հասարակական կարգին:

 

ՀՈԴՎԱԾ 27. ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԿԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

 

1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները պարտավորվում են միմյանց աջակցել սույն հոդվածում «պետական եկամուտներ» կոչվող հարկերին վերաբերող տոկոսների, ծախսերի, քաղաքացիական տուգանքների հետ մեկտեղ հարկերի գանձման գործում:

2. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմնի խնդրանքը պետական եկամուտների գանձման գործում օգնություն ցուցաբերելու վերաբերյալ ընդգրկում է այնպիսի վկայականի հանձնումը, որի օժտած լիազորությունները, այդ պետության օրենքների համաձայն, վերջնականապես որոշում է պետական եկամուտների գանձումը: Սույն հոդվածի նպատակների համար պետական եկամուտների գանձումը համարվում է ամբողջովին որոշված, երբ պայմանավորվող պետությունը իրավունք ունի սեփական ներքին օրենսդրությանը համապատասխան գանձել պետական եկամուտները, իսկ հարկատուն չունի այդ գանձումը կասեցնելու հետագա իրավունք:

3. Պայմանավորվող պետության պետական եկամուտների գանձումը մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի կողմից այդ մյուս պետությունը կատարում է այնպես, ինչպես կգանձեր սեփական եկամուտը այն վերջնականապես որոշված լինելու դեպքում` նրա հարկերի գանձմանը վերաբերող օրենսդրության դրույթներին համապատասխան:

4. Սույն հոդվածի համաձայն` Պայմանավորվող պետության իրավասու մարմնի գանձած գումարները փոխանցվում են մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնին: Ընդ որում, եթե Պայմանավորվող պետության իրավասու մարմինները չեն հանգում այլ որոշման, ապա գանձման ժամանակ օգնության ապահովման սովորական ծախսերը իր վրա է վերցնում առաջինը հիշատակված պետությունը, իսկ բոլոր չնախատեսված ծախսերը` մյուս պետությունը:

5. Ըստ սույն հոդվածի պայմանների, եթե պետական եկամուտների գանձումը վերաբերում է մի ժամանակաշրջանի, որի ընթացքում հարկատուն հանդիսացել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ապա պետական եկամուտների գանձման գործում ոչ մի օգնություն չի ցուցաբերվի:

6. Չնայած երկրորդ հոդվածի (հարկեր, որոնց վրա տարածվում է Համաձայնագիրը) դրույթներին, սույն հոդվածի դրույթները վերաբերում են Պայմանավորվող պետության կողմից գանձված բոլոր հարկերին:

7. Սույն հոդվածում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող պետություններից ցանկացածի վրա սեփական հարկերի գանձման ժամանակ օգտագործվող միջոցներից տարբեր վարչական միջոցների կիրառման կամ հասարակական կարգին հակասող պարտավորությունների հանձնարարական:

 

ՀՈԴՎԱԾ 28. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի ոչ մի դրույթ չի ազդում դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անդամներին` միջազգային իրավունքի ընդհանուր նորմերի կամ հատուկ համաձայնագրերի դրույթների շրջանակներում տրամադրված հարկային արտոնությունների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 29. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման յուրաքանչյուր Պայմանավորվող պետությունում և վավերագրերի փոխանակումը տեղի կունենա հնարավորինս սեղմ ժամկետներում:

2. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վավերագրերի փոխանակումից հետո, և դրա դրույթները կիրառվում են`

ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` Համաձայնագրի ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո վճարվող եկամուտների նկատմամբ,

բ) եկամուտներից և գույքից գանձվող այլ` այդպիսի հարկման ենթակա հարկերի առնչությամբ` Համաձայնագրի ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո սկսվող ցանկացած հարկային ժամանակաշրջանում գանձվող հարկերի նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 30. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև նրա գործողությունը դադարեցվի Պայմանավորվող պետության կողմից: Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը, ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարի անց սկսվող ցանկացած օրացուցային տարվա ավարտից առնվազն 6 ամիս առաջ կարող է դիվանագիտական ուղիներով դադարեցման մասին գրավոր ծանուցման միջոցով դադարեցնել Համաձայնագրի գործողությունը: Այդ դեպքում Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է`

ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` ծանուցագիրը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո վճարված եկամուտների նկատմամբ,

բ) եկամուտներից և գույքից գանձվող այլ` այդպիսի հարկման ենթակա հարկերի առնչությամբ` ծանուցագիրը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո սկսվող ցանկացած հարկային ժամանակաշրջանում գանձվող հարկերի նկատմամբ:

Ի հավաստումն որի` համապատասխան ձևով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

 

Կատարված է Թեհրան քաղաքում 1995 թվականի մայիսի 6-ին, հայերեն, պարսկերեն և անգլերեն: Բոլոր տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնության առաջացման դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1997 թվականի հուլիսի 11-ից:

 

 

pin
Իրանի Իսլամական Հանրապետություն
Համաձայնագիր