i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ՈՒկրաինայի կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
հանդիսանալով Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիայի մասնակիցներ, որը Չիկագոյում ստորագրման համար բաց է 1944 թվականի դեկտեմբերի 7-ից,
ցանկանալով կնքել Համաձայնագիր իրենց համապատասխան տարածքների միջև և տարածքներից դուրս օդային հաղորդակցություն հաստատելու նպատակով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
1. Սույն Համաձայնագրի նպատակների համար ներքոհիշյալ տերմինները նշանակում են`
ա) «Կոնվենցիա»` Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիան, որը Չիկագոյում ստորագրման համար բաց է 1944 թվականի դեկտեմբերի 7-ից, ինչպես նաև` դրա ցանկացած Հավելված և ուղղում այնքանով, որքանով որ դրանք ընդունված են Պայմանավորվող կողմերի կողմից և կիրառելի են դրանց նկատմամբ,
բ) «ավիացիոն իշխանություններ»` Հայաստանի Հանրապետության առնչությամբ` քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, ՈՒկրաինայի առնչությամբ` օդային տրանսպորտի պետական դեպարտամենտ, կամ երկու դեպքում էլ` ցանկացած անձ կամ մարմին, որի լիազորված է իրականացնելու ներկայումս վերոհիշյալ իշխանությունների կողմից կատարվող գործառույթները,
գ) «նշանակված ավիաընկերություն»` ավիաընկերություն, որը նշանակվել և թռիչքներ կատարելու թույլտվություն է ստացել սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն,
դ) «տարածք»` պետության առնչությամբ նշանակում է տվյալ պետության ինքնիշխանության տակ գտնվող հողային տարածությունները, տարածքային և ներքին ջրերը և դրանց վրայի օդային տարածությունը,
ե) «օդային հաղորդակցություն», «միջազգային օդային հաղորդակցություն», «ավիաընկերություն» և «կանգառ ոչ առևտրական նպատակներով» տերմիններն ունեն այն իմաստները, որոնք նշված են Կոնվենցիայի 96-րդ հոդվածում,
զ) «սակագին»` ուղևորների, բեռների, ուղեբեռների տեղափոխման համար վճարվելիք վճարները և այդ վճարումների կիրառման պայմանները, ներառյալ գործակալությունների, միջնորդական (կոմիսիոն) և այլ լրացուցիչ ծառայությունների վճարները բացառելով փոստի տեղափոխման պայմանները և վճարումները:
2. Սույն Համաձայնագրի Հավելվածը դրա անբաժանելի մասն է կազմում:
ՀՈԴՎԱԾ 2
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագրով նախատեսված իրավունքներ է արտոնում` սույն Համաձայնագրի Հավելվածում սահմանված երթուղիներով միջազգային օդային հաղորդակցություններ հաստատելու նպատակով (այսուհետ` համապատասխանաբար, պայմանագրային չվագծեր և սահմանված երթուղիներ):
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը սահմանված երթուղիներով պայմանագրային չվագծերը շահագործելիս կօգտվի հետևյալ իրավունքներից`
ա) անվայրէջք թռիչք կատարել մյուս Պայմանավորվող կողմի տարածքի վրայով,
բ) մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վայրէջքներ կատարել ոչ առևտրային նպատակներով` սույն Համաձայնագրի Հավելվածում նշված վայրերում,
գ) մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վայրէջքներ կատարել սույն Համաձայնագրի Հավելվածում նշված վայրերում` Պայմանավորվող կողմերի տարածքների միջև ուղևորներ, փոստ և բեռ վերցնելու և (կամ) իջեցնելու նպատակով:
3. Սույն հոդվածում ոչինչ չպետք է դիտվի որպես մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը ուղևորներ, փոստ և բեռ ինքնաթիռ վերցնելու իրավունքի տրամադրում մյուս Պայմանավորվող կողմի վայրերի միջև վարձատրությամբ կամ վարձակալությամբ փոխադրելու համար:
4. Պայմանագրային չվագծերով օդանավերի թռիչքների երթուղիները և պետական սահմանների հատման վայրերը կսահմանվեն յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի կողմից` նրա տարածքում:
5. Օդանավերի թռիչքներին և ուղևորների, բեռների և փոստի պայմանագրային չվագծերով փոխադրմանն առնչվող տեխնիկական և առևտրային հարցերը, ինչպես նաև առևտրային համագործակցությանն առնչվող հարցերը, մասնավորապես, չվերթերի հաճախականությունը, օդանավերի տեսակները, ավիավառելիքով լիցքավորումը, օդանավակայաններում օդանավերի տեխնիկական սպասարկումը և ֆինանսական հաշվարկների կարգը կորոշվեն նշանակված ավիաընկերությունների միջև պայմանավորվածությամբ և կներկայացվեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների հաստատմանը: Պայմանավորվածության չհասնելու դեպքում վերոհիշյալ հարցերը կորոշեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները:
ՀՈԴՎԱԾ 3
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն իրավունք կունենա նշանակել ավիաընկերություն(ներ)` սահմանված երթուղիներով պայմանագրային չվագծեր շահագործելու նպատակով` դրա մասին մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցելով:
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք կունենա յուրաքանչյուր պայմանագրային չվագծի համար նշանակել միայն մեկ ավիաընկերություն:
2. Նման ծանուցում ստանալուն պես մյուս Պայմանավորվող կողմը, սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթներին համապատասխան, անհապաղ թռիչքների համապատասխան, թույլտվություն կտրամադրի յուրաքանչյուր նշանակված ավիաընկերությանը:
3. Մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները մինչև թռիչքների թույլտվություն տալը կարող են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունից պահանջել ապացույցներ, որ նա ի վիճակի է կատարելու օրենքներով և կանոններով կարգորոշված այն պայմանները, որոնք այդ իշխանությունների կողմից սովորաբար կիրառվում են միջազգային չվագծերը շահագործելիս և իրենց մակարդակով չեն գերազանցում Կոնվենցիայի պահանջները:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք կունենա մերժել թռիչքների` սույն հոդվածի 2-րդ կետում նշված թույլտվություն տալը կամ պահանջել այն պայմանների կատարումը, որոնք նա անհրաժեշտ կհամարի նշանակված ավիաընկերության կողմից սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում նշված իրավունքներն օգտագործելիս ամեն դեպքում, երբ հիշյալ Պայմանավորվող կողմը չունի այն բանի ապացույցները, որ այդ ավիաընկերության նկատմամբ առավելատիրումը և նրա իրական վերահսկողությունը պատկանում են այդ ավիաընկերությանը նշանակած Պայմանավորվող կողմին, նրա մարմիններին կամ քաղաքացիներին:
5. Նշանակված ավիաընկերությունը սույն հոդվածում նախատեսված թույլտվությունը ստանալուն պես կարող է սկսել պայմանագրային չվագծերի շահագործումը` այն պայմանով, որ նման չվագծերում գործողության մեջ են դրված սույն Համաձայնագրի 12-րդ հոդվածին համապատասխան սակագները, ինչպես նաև լուծված են տեխնիկական ու առևտրային հարցերը` սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 4
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք կունենա չեղյալ հայտարարել թռիչքների թույլտվությունը կամ դադարեցնել սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում նշված իրավունքներից օգտվելը, որոնք մյուս Պայմանավորվող կողմը տրամադրել է նշանակված ավիաընկերությանը, կամ պահանջել կատարել այն պայմանները, որոնք նա անհրաժեշտ կհամարի այդ իրավունքներից օգտվելիս`
ա) ամեն դեպքում, երբ նա համոզված չէ, որ այդ ավիաընկերության նկատմամբ գերադաս տիրապետությունը և իրական վերահսկողությունը պատկանում են այն Պայմանավորվող կողմին, որը նշանակել է այդ ավիաընկերությանը կամ նրա քաղաքացիներին կամ էլ նրանց երկուսին, կամ
բ) այն դեպքում, երբ այդ ավիաընկերությունը չի պահպանում այն Պայմանավորվող կողմի օրենքներն ու կանոնները, որը տրամադրում է այդ իրավունքները, կամ
գ) այն դեպքում, եթե այդ ավիաընկերությունը որևէ այլ ձևով չի պահպանում սույն Համաձայնագրում նախատեսված պայմանները:
2. Եթե թույլտվության անհապաղ չեղյալ հայտարարումը, իրավունքների կասեցումը կամ սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմանները կատարելու պահանջը անհրաժեշտ չեն օրենքների ու կանոնների հետագա խախտումների կանխման համար, ապա այն իրավունքը, որի մասին ասվում է սույն կետում, կօգտագործվի միայն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև անցկացված խորհրդակցություններից հետո: Ավիացիոն իշխանությունների միջև նման խորհրդակցություններ պետք է կայանան հարցապնդման օրվանից` հնարավորինս սեղմ ժամկետում:
ՀՈԴՎԱԾ 5
1. Պայմանավորվող կողմերը բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն պայմանագրային չվագծերի անվտանգ և արդյունավետ շահագործումն ապահովելու համար: Այդ նպատակով յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կներկայացնի մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության օդանավերին, կտրամադրի պայմանագրային չվագծերի շահագործման համար անհրաժեշտ ռադիոլուսատեխնիկական, օդերևութաբանական և այլ սպասարկման բոլոր միջոցները:
2. Մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները պետք է մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին տրամադրեն հիմնական և պահեստային օդանավակայանների, օդային ուղեգծերի, կապի համակարգերի և օդագնացության միջոցների, օդային երթևեկության կառավարման և այլ հարցերի մասին անհրաժեշտ տեղեկություններ այն ծավալներով, որ անհրաժեշտ են պայմանագրային չվագծերում օդանավերի անվտանգ ու արդյունավետ շահագործման ապահովման համար:
ՀՈԴՎԱԾ 6
1. Մի Պայմանավորվող կողմի այն օրենքներն ու կանոնները, որոնք կարգավորում են նրա տարածքից միջազգային թռիչքներ իրականացնող օդանավերի ժամանումն ու մեկնումը կամ այդ օդանավերի շահագործումը կամ օդագնացությունը նրա տարածքում գտնվելու ժամանակ, կկիրառվեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության օդանավերի հանդեպ:
2. Մի Պայմանավորվող կողմի` միջազգային փոխադրումներին վերաբերող օրենքներն ու կանոնները, որոնք կարգավորում են նրա տարածքից ուղևորների, անձնակազմերի, բեռների և փոստի ժամանումը, գտնվելն ու ուղարկելը և, մասնավորապես, անձնագրային, մաքսային, տարադրամային և սանիտարական կանոններին վերաբերող ձևականությունները կկիրառվեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության օդանավերի ուղևորների, անձնակազմերի, բեռների և փոստի նկատմամբ` նշված տարածքի սահմաններում դրանց գտնվելու ընթացքում:
ՀՈԴՎԱԾ 7
Յուրաքանչյուր օդանավակայանից օգտվելու դիմաց գանձումներն ու այլ վճարումները, ներառյալ` դրա կառույցների, տեխնիկական և այլ միջոցների ու ծառայությունների դիմաց, ինչպես նաև ցանկացած վճարումներ ծառայությունների, օդագնացության և կապի միջոցների օգտագործման համար, կգանձվեն յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տարածքում սահմանված սակագներին և դրույքներին համապատասխան` այն պայմանով, որ այդպիսի գանձումներն ու վճարումները չեն գերազանցի այլ պետությունների օդանավերից կատարվող համանման գանձումներին:
ՀՈԴՎԱԾ 8
1. Նշանակված ավիաընկերությունների օդանավերը մյուս Պայմանավորվող կողմի տարածքի վրայով թռչելիս պետք է ունենան իրենց պետությունների տարբերանշանները, գրանցման վկայականները, թռիչքների պիտանելիության վկայականները և այլ օդանավային փաստաթղթեր` սահմանված Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների կողմից: Օդաչուները և անձնակազմի մյուս անդամները պետք է ունենան սահմանված վկայականներ: Պահանջները, որոնց համապատասխան տրվում են այդպիսի վկայականներ և հավաստագրեր, պետք է համապատասխանեն կամ գերազանցեն Կոնվենցիայի պահանջներին համապատասխան հաստատված նվազագույն ստանդարտներին:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև շահագործողի վկայականները (սերտիֆիկատները) և համապատասխան փոխադրումներ իրականացնելու և այլ տրանսպորտային առաքման գործունեության արտոնագրերը (առևտրային թույլտվությունները)` տրված կամ հաստատված Պայմանավորվող կողմերից մեկի կողմից և ժամկետը չլրացած, մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կճանաչվեն վավերական:
ՀՈԴՎԱԾ 9
1. Պայմանավորվող կողմերից մեկի ավիաընկերության օդանավի հարկադրական վայրէջքի, աղետի կամ այլ պատահարի դեպքում այն Պայմանավորվող կողմը, որի տարածքում տեղի է ունեցել պատահարը, այդ պատահարի և դրա մանրամասնությունների և հանգամանքների մասին անմիջապես կծանուցի մյուս Պայմանավորվող կողմին, անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի պատահարի պատճառները հետաքննելու համար, ինչպես նաև կձեռնարկի անձնակազմին և ուղևորներին օգնություն ցույց տալու անհետաձգելի միջոցներ, եթե նրանք տուժել են պատահարից, և կապահովի այդ օդանավում գտնվող փոստի, ուղևորների և բեռների պահպանվածությունը այն վիճակում, որում նրանք գտնվում էին պատահարից հետո, և կապահովի նրանց հետագա արագ տեղափոխումը:
2. Պայմանավորվող կողմը, որի գրանցամատյանում գրանցված է օդանավը, իրավունք կունենա նշանակել իր դիտորդներին, որոնք, ըստ մյուս Պայմանավորվող կողմի հետ համաձայնության, հնարավորություն կունենան մասնակցելու ավիապատահարի հետաքննությանը:
ՀՈԴՎԱԾ 10
Մի Պայմանավորվող կողմի տարածքով ուղիղ տարանցմամբ անցնող և օդանավակայանի` այդ նպատակի համար հատկացված տարածքը չլքած ուղևորները, ուղեբեռները և բեռները կենթարկվեն միայն պարզեցված հսկողության, եթե այն պայմանավորված չէ ավիացիոն անվտանգության ապահովման միջոցներով: ՈՒղիղ տարանցմամբ առաքվող ուղեբեռները և բեռները մաքսատուրքերի և այլ համանման հարկերի չեն ենթարկվում:
ՀՈԴՎԱԾ 11
1. Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերություններին կտրամադրվեն սահմանված երթուղիներով պայմանագրային չվերթերի շահագործման արդարացի և հավասար պայմաններ նրանց համապատասխան տարածքների միջև:
2. Պայմանագրային չվերթերը շահագործելիս մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը պետք է նկատի ունենա մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության շահերը այն նկատառումներով, որ վնաս չհասցնի վերջինիս ավիաընկերության փոխադրումներին, որը ավիագիծ է շահագործում նույն երթուղով կամ նրա մի մասով:
3. Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների կողմից սպասարկվող պայմանագրային չվերթերը պետք է համապատասխանեն հաստատված երթուղիներով փոխադրումների հասարակական պահանջմունքներին, և յուրաքանչյուր ավիաընկերության առաջնահերթ խնդիրը պետք է լինի տրամադրել այնպիսի ծավալներ, որոնք բեռնման խելամիտ գործակցի դեպքում կհամապատասխանեն իրենց համապատասխան տարածքների միջև ուղևորների, բեռների և փոստի առաքման առկա և բանականորեն ենթադրվող պահանջմունքներին:
4. Պայմանագրային չվերթերում օգտագործվող ծավալները սահմանվում են Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև համաձայնությամբ և ձևակերպվում են առանձին արձանագրությամբ:
ՀՈԴՎԱԾ 12
1. Ցանկացած պայմանագրային չվագծերում սակագները պետք է սահմանել խելամիտ մակարդակով` հաշվի առնելով բոլոր համապատասխան գործոնները` ներառյալ շահագործման ծախսերը, խելամիտ շահույթը, փոխադրման բնույթը և այլ ավիաընկերությունների սակագները սահմանված երթուղու ցանկացած մասի համար: Այդ սակագները պետք է սահմանվեն սույն հոդվածի ներքոհիշյալ պայմաններին համապատասխան:
2. Սույն հոդվածի առաջին կետում նշված սակագները պետք է հնարավորին չափ համաձայնեցվեն շահագրգիռ նշանակված ավիաընկերությունների միջև յուրաքանչյուր սահմանված երթուղու համար` ամբողջ երթուղին կամ նրա մի մասը շահագործող այլ ավիաընկերությունների հետ խորհրդակցելուց հետո:
Նման համաձայնությունը պետք է ձեռք բերվի` օգտվելով սակագների հաստատման համապատասխան մեխանիզմներից, որոնք կիրառվում են ԻԱՏԱ-ում: Այդ ձևով համաձայնեցված սակագները ներկայացվում են Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների հաստատմանը շահագործելուց ոչ ուշ, քան 30 օր առաջ:
3. Եթե նշանակված ավիաընկերությունները չկարողանան համաձայնել այդ սակագներից ցանկացածի հետ, կամ ինչ-որ այլ պատճառով սակագինը չի կարող համաձայնեցվել, սույն հոդվածի 2-րդ կետի պայմաններին համապատասխան, ապա Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները պետք է փորձեն սակագինը սահմանել` պայմանավորվելով միմյանց հետ:
4. Եթե ավիացիոն իշխանությունները, սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան, չկարողանան համաձայնության հասնել իրենց ներկայացված որևէ սակագնի հաստատման կամ, սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան, որևէ սակագնի հաստատման հարցում, ապա այդ տարաձայնությունը պետք է կարգավորվի սույն Համաձայնագրի 20-րդ հոդվածի պայմանների համաձայն:
5. Սույն հոդվածի դրույթներին համապատասխան հաստատված սակագները պետք է ուժի մեջ մնան այնքան ժամանակ, քանի դեռ նոր սակագներ չեն սահմանվել սույն հոդվածի պայմաններին համապատասխան:
6. Ոչ մի սակագին ուժի մեջ չի մտնի, եթե Պայմանավորվող կողմերից մեկի ավիացիոն իշխանությունները չհաստատեն այն:
ՀՈԴՎԱԾ 13
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություն թռիչքներն սկսելուց առնվազն երեսուն օր առաջ մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հաստատմանը կներկայացնի ենթադրյալ չվացուցակը` նշելով թռիչքների հաճախականությունը, օդանավի տեսակը, ամբողջ կազմը և վաճառքի համար առաջարկվող տեղերի քանակը:
2. Նշանակված ավիաընկերության հաստատված չվացուցակի հետագա ցանկացած փոփոխություն պետք է ներկայացվի մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հաստատմանը:
ՀՈԴՎԱԾ 14
1. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության` պայմանագրային չվագծերում շահագործվող օդանավերը, ինչպես նաև դրանց ցուցակագրված կայքը, վառելանյութի պաշարները և քսանյութերը, օդանավի պաշարները (ներառյալ` սննդամթերքը, ըմպելիքները և ծխախոտեղենը), որոնք գտնվում են այդ օդանավերում, մյուս Պայմանավորվող կողմի տարածք ժամանելուց հետո կազատվեն բոլոր մաքսատուրքերից և այլ հարկերից ու գանձումներից` պայմանով, որ այդ կայքը, նյութերը և պաշարները մնան օդանավի մեջ մինչև դրանց վերաարտահանումը:
2. Նման մաքսերից, հարկերից ու գանձումներից, բացառությամբ մատուցվող սպասարկման գանձումների, կազատվեն նաև`
ա) օդանավի այն պաշարները, որոնք վերցվել են Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում` հիշյալ Պայմանավորվող կողմի իշխանությունների սահմանած չափաբաժինների (լիմիտների) սահմաններում և նախատեսված են մյուս Պայմանավորվող կողմի և նշանակված ավիաընկերության` պայմանագրային չվագծերում շահագործվող օդանավերում օգտագործելու համար,
բ) այն պահեստամասերը, որոնք բերվել են Պայմանավորվող կողմերից մեկի տարածք մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության պայմանագրային չվագծերում շահագործվող օդանավի տեխնիկական սպասարկման կամ նորոգման համար,
գ) այն վառելանյութն ու քսանյութերը, որոնք նախատեսված են պայմանագրային չվագծերում մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության շահագործվող օդանավի օգտագործման համար, եթե անգամ այդ պաշարները կօգտագործվեն մյուս Պայմանավորվող կողմի տարածքով անցնող երթուղու հատվածում, ուր դրանք վերցվել են օդանավ,
դ) մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից օգտագործվող փաստաթղթերը, ներառյալ ավիատոմսերը, ավիաբեռնագրերը, ինչպես նաև գովազդային նյութերը, որոնք մյուս Պայմանավորվող կողմի տարածքում տարածվում են անվճար:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված նյութերը, պաշարներն ու պահեստամասերը, ինչպես նաև փաստաթղթերը պահանջի դեպքում կարող են դրվել մաքսային իշխանությունների վերահսկողության ներքո:
4. Պայմանավորվող կողմերից մեկի նշանակած ավիաընկերության` իր շահագործողական պահանջների համար մյուս Պայմանավորվող կողմի տարածք հասցված կամ հասցվելիք վառելանյութը, քսանյութերը, պահեստամասերը, հաշվեցուցակային կայքը, օդանավի պաշարները, ներառյալ սննդամթերքը, ըմպելիքները և ծխախոտեղենը, ազդանյութերը, ավտոտրանսպորտը, կապի և ամրագրման էլեկտրոնային սարքերն ու դրանց պահեստամասերը, ներկայացուցչությունների կահույքն ու սարքավորման և գործունեության համար իրերը, փոխադրման փաստաթղթերը այդ մյուս Պայմանավորվող կողմի տարածք բերելու, տանելու և գտնվելու ժամանակ ազատվում են բոլոր մաքսատուրքերից և այլ հարկերից ու գանձումներից:
ՀՈԴՎԱԾ 15
1. Նշված ավիաընկերությունների միջև հաշվարկները կկատարվեն Պայմանավորվող կողմերի միջև գործող հաշվարկների և վճարումների համաձայնագրերին համապատասխան:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը իրավունք է վերապահում ազատորեն փոխանցելու ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցման գումարները, որոնք ստացվել են այդ ավիաընկերության կողմից պայմանագրային չվագծերը շահագործելիս:
3. Նման փոխանցումը պետք է կատարվի Պայմանավորվող կողմերի միջև ֆինանսական հարաբերությունները կարգավորող համաձայնագրի դրույթներին համապատասխան: Նման Համաձայնագրի կամ այդ Համաձայնագրում համապատասխան դրույթների բացակայության դեպքում փոխանցումը պետք է կատարվի Պայմանավորվող կողմերի գործող օրենսդրության համաձայն:
ՀՈԴՎԱԾ 16
1. Պայմանագրային չվագծերի շահագործման ապահովման համար մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանն իրավունք է ընձեռվում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում բացելու իր ներկայացուցչությունները` անհրաժեշտ վարչական, առևտրային և տեխնիկական անձնակազմով:
2. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը իրավունք կունենա մյուս Պայմանավորվող կողմի տարածքում սեփական փոխադրական փաստաթղթերով ավիափոխադրումների ինքնուրույն վաճառք կատարել և դրանց վաճառքի համար գործակալ նշանակել` նշված մյուս Պայմանավորվող կողմի օրենքներին ու կանոններին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 17
1. Պայմանավորվող կողմերը, միջազգային իրավունքից բխող իրենց պարտավորություններին ու իրավունքներին համապատասխան, հաստատում են, որ քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը անօրինական միջամտության ձեռնարկումներից պաշտպանելու միմյանց հանդեպ ստանձնած պարտավորությունը սույն Համաձայնագրի անքակտելի մասն է կազմում: Չսահմանափակելով իրենց իրավունքների ու պարտավորությունների ընդհանուր կիրարկելիությունն ըստ միջազգային իրավունքի` Պայմանավորվող կողմերը գործում են օդանավերում կատարվող հանցագործությունների ու որոշ այլ ձեռնարկումների վերաբերյալ 1963 թվականի սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված Կոնվենցիայի, Օդանավերի անօրինական զավթման դեմ պայքարի մասին 1970 թվականի դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված Կոնվենցիայի, Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված անօրինական ձեռնարկումների դեմ պայքարելու մասին 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված Կոնվենցիայի և Միջազգային օդանավակայաններում բռնության անօրինական ձեռնարկումների դեմ պայքարելու մասին 1988 թվականի փետրվարի 24-ին Մոնրեալում ստորագրված Արձանագրության, Պայմանավորվող կողմերի միջև գործող երկկողմ համաձայնագրերի և Պայմանավորվող կողմերի մասնակցությամբ գործող բազմակողմ համաձայնագրերի, ինչպես նաև այն համաձայնագրերի դրույթներին համապատասխան, որոնք նրանց միջև կկնքվեն հետագայում:
2. Պայմանավորվող կողմերը խնդրանքի դեպքում միմյանց լիակատար անհրաժեշտ օգնություն են ցույց տալիս` կանխելու օդանավերի ապօրինի զավթումը և այլ ապօրինի ձեռնարկումները` ուղղված օդանավերի, դրանց ուղևորների և անձնակազմերի, օդանավակայանների և օդանավորդական միջոցների անվտանգության, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգության ցանկացած այլ սպառնալիքի դեմ:
3. Պայմանավորվող կողմերը գործում են ավիացիոն անվտանգության և տեխնիկական պահանջների վերաբերյալ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության հաստատած և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիայի Հավելվածներում նախատեսված դրույթներին համապատասխան` այնքանով, որքանով այդ դրույթներն ու պահանջները կիրարկելի են Պայմանավորվող կողմերի նկատմամբ` Քաղաքացիական ավիացիայի և օդային տարածության օգտագործման Համաձայնագրին համապատասխան: Պայմանավորվող կողմերը կպահանջեն, որ իրենց գրանցման օդանավեր շահագործողները և օդանավեր շահագործողները, որոնց գործունեության հիմնական տեղը կամ մշտական գտնվելու վայրն իրենց տարածքում է, և իրենց տարածքում գտնվող միջազգային օդանավակայանները շահագործողները գործեն ավիացիոն անվտանգության այդպիսի դրույթներին ու պահանջներին համապատասխան:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համաձայնում է, որ մյուս Պայմանավորվող կողմը կարող է օդանավերի նման շահագործողներից պահանջել սույն հոդվածի 3-րդ կետում հիշատակված` ավիացիոն անվտանգության այն դրույթների և պահանջների կիրարկումը, որոնք այդ մյուս Պայմանավորվող կողմը նախատեսում է իր տարածք մուտք գործելու, մեկնելու և իր տարածքի սահմաններում գտնվելու համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքի սահմաններում կապահովի օդանավերի պաշտպանության և ուղևորների, անձնակազմի, ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռների և օդանավի պաշարների ստուգման պատշաճ միջոցների կիրառում ինչպես մինչև օդանավի վայրէջք կատարելը կամ բեռնելը, այնպես էլ դրանց ընթացքում:
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ բարյացակամորեն քննում է կոնկրետ սպառնալիքի առնչությամբ անվտանգության հատուկ միջոցներ ձեռնարկելու` մյուս Պայմանավորվող կողմի ամեն մի խնդրանք:
5. Երբ միջադեպ է տեղի ունենում կամ առկա է միջադեպի սպառնալիք` կապված քաղաքացիական օդանավերի ապօրինի զավթման կամ այլ անօրինական ձեռնարկումների հետ, որոնք ուղղված են օդանավերի, դրանց ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների կամ օդանավորդական միջոցների անվտանգության դեմ, Պայմանավորվող կողմերը միմյանց օգնություն են ցույց տալիս կապը դյուրացնելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու միջոցով և նման միջադեպի կամ դրա սպառնալիքի արագ ու անվտանգ կասեցման նպատակով:
6. Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը բավականաչափ հիմքեր ունի ենթադրելու, որ մյուս Պայմանավորվող կողմը հետ է կանգնում սույն հոդվածի ավիացիոն անվտանգության վերաբերյալ դրույթներից, այդ Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները կարող են խնդրել անհապաղ խորհրդակցություններ անցկացնել մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հետ: Խորհրդակցություններ անցկացնելու խնդրանքի կամ քաղաքացիական ավիացիայի անվտանգությանն անմիջական սպառնալիքի առաջացման օրվանից 15 օրվա ընթացքում ընդունելի պայմանավորվածության չհասնելու դեպքում հիմք կառաջանա սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի կիրարկման համար:
ՀՈԴՎԱԾ 18
Սույն Համաձայնագրի կատարմանն առնչվող բոլոր հարցերով սերտ համագործակցություն ապահովելու համար Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև պարբերաբար խորհրդակցություններ կանցկացվեն:
ՀՈԴՎԱԾ 19
Մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները, ըստ մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հարցման, պարբերաբար ներկայացնում են վիճակագրական տեղեկություն, որը կարող է խելամտորեն պահանջվել առաջին Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության` պայմանագրային չվագծերում փոխադրումների ծավալների որոշման նպատակով:
ՀՈԴՎԱԾ 20
1. Սույն Համաձայնագրի կամ դրա Հավելվածի մեկնաբանման կամ կիրարկման հետ կապված ցանկացած վեճ կլուծվի երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև ուղղակի բանակցությունների միջոցով: Եթե հիշատակված իշխանությունները համաձայնության չգան, վեճը կլուծվի անմիջականորեն Պայմանավորվող կողմերի միջև:
2. Պայմանավորվող կողմերի միջև համաձայնության չհասնելու դեպքում վեճի որոշման իրավունքը կհանձնվի ուրիշ անձի կամ կազմակերպության, կամ էլ, մի Կողմի պահանջով, այն կտրվի երեք դատավորից կազմված Միջնորդ դատարանին, որոնցից երկուսը, նշանակված լինելով յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի կողմից, կնշանակեն երրորդ դատավորին:
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է իր դատավորին նշանակի մյուս Պայմանավորվող կողմի կողմից դիվանագիտական ուղիներով տարաձայնության կարգավորման պահանջն ստանալու պահից 60 օրվա ընթացքում, իսկ երրորդ դատավորը պետք է նշանակվի հաջորդ 30 օրվա ընթացքում: Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը չնշանակի իր դատավորին, կամ էլ երրորդ դատավորը նշված ժամկետի ընթացքում չնշանակվի, ապա Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության խորհրդի նախագահը, Պայմանավորվող կողմերից մեկի պահանջով, նշանակում է դատավոր կամ դատավորներ, ինչպես պահանջում է գործը: Այն դեպքում, երբ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության խորհրդի նախագահը Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի է կամ այլ պատճառով չի կարող կատարել այդ պարտականությունը, նրա տեղակալը պետք է կատարի անհրաժեշտ նշանակումները: Երրորդ դատավորը պետք է լինի երրորդ պետության քաղաքացի և պետք է գործի որպես Միջնորդ դատարանի նախագահ:
3. Միջնորդ դատարանն իր որոշումը կայացնում է ձայների մեծամասնությամբ: Այդպիսի որոշումը պարտադիր է երկու Պայմանավորվող կողմերի համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կկրի իր դատավորի ծախսերը դատաքննությունում: Միջնորդ դատարանի նախագահի աշխատանքի հետ կապված և այլ նման ծախսերը հավասարապես բաշխվում են Պայմանավորվող կողմերի միջև: Բոլոր այլ դեպքերում Միջնորդ դատարանն ինքնուրույն որոշում է իր աշխատանքի ընթացակարգը:
ՀՈԴՎԱԾ 21
Եթե Պայմանավորվող կողմերից մեկն առաջարկի փոփոխել սույն Համաձայնագրի կամ դրա Հավելվածի պայմանները, ապա Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև ենթադրվող փոփոխության վերաբերյալ խորհրդակցություններ կանցկացվեն: Խորհրդակցությունները պետք է սկսվեն դրանց անցկացման վերաբերյալ հարցապնդման պահից վաթսուն (60) օրվա ընթացքում, եթե միայն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները այդ ժամանակամիջոցի երկարացման մասին չպայմանավորվեն: Սույն Համաձայնագրի յուրաքանչյուր փոփոխություն ուժի մեջ կմտնի դիվանագիտական ուղիներով հայտագրեր փոխանակելու միջոցով հաստատվելուց հետո:
Հավելվածներում փոփոխություններ կարող են մտցվել Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև կայացած համաձայնությամբ:
ՀՈԴՎԱԾ 22
Սույն Համաձայնագիրը և դրա ցանկացած ուղղում կգրանցվեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում:
ՀՈԴՎԱԾ 23
1. Սույն Համաձայնագիրը կնքված է անորոշ ժամկետով:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ցանկացած ժամանակ կարող է մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական ուղիներով ծանուցել սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին: Այդ դեպքում Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է այն ամսաթվից 12 ամիս անց, երբ այդպիսի ծանուցագիր է ստացել մյուս Պայմանավորվող կողմը, եթե Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին նշված ծանուցագիրը մինչև այդ ժամկետի լրանալը հետ չի վերցվում Կողմերի երկուստեք համաձայնությամբ: Եթե ծանուցագիրը ստանալու մասին մյուս Պայմանավորվող կողմի հաստատումը չստացվի, ապա ծանուցագիրը ստացված է համարվում Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունում այն ստանալուց տասնչորս (14) օր հետո:
ՀՈԴՎԱԾ 24
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Պայմանավորվող կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից:
Կատարված է Կիև քաղաքում 1995 թվականի հունիսի 17-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Սակայն մեկնաբանության և տարակարծության դեպքում ռուսերեն տեքստը գերակայելի է:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1995 թվականի հուլիսի 24-ից:
ՀԱՎԵԼՎԱԾ
Հայաստանի Հանրապետության կառավարության և ՈՒկրաինայի կառավարության
միջև օդային հաղորդակցության մասին Համաձայնագրի
Երթուղիներ, որոնք կշահագործվեն երկու ուղղություններով` ՈՒկրաինայի նշանակած ավիաընկերությունների կողմից:
Մեկնման Միջանկյալ Ժամանման Վայրեր
վայրեր վայրեր վայրեր Հայաստանի
սահմաններից
դուրս
-------------------------------------------------------------------------
Ցանկացած Վայրեր երրորդ Ցանկացած Վայրեր երրորդ
վայր երկրներում վայր երկրներում
ՈՒկրաինայում Հայաստանում
-------------------------------------------------------------------------
Երթուղիներ, որոնք կշահագործվեն երկու ուղղություններով` Հայաստանի Հանրապետության նշանակած ավիաընկերությունների կողմից:
Մեկնման Միջանկյալ Ժամանման Վայրեր
վայրեր վայրեր վայրեր ՈՒկրաինայի
սահմաններից
դուրս
-------------------------------------------------------------------------
Ցանկացած Վայրեր երրորդ Ցանկացած Վայրեր երրորդ
վայր երկրներում վայր երկրներում
Հայաստանում ՈՒկրաինայում
-------------------------------------------------------------------------
Ծանոթություն
ա) Մյուս Պայմանավորվող կողմի տարածքում և երրորդ երկրներում գտնվող կետերի միջև ուղևորների, բեռների և փոստի փոխադրումներն իրականացնելու` մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության իրավունքը Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև առանձին պայմանավորվածության առարկա է,
բ) «միջանկյալ վայրերը» և «երկրի սահմաններից դուրս վայրերը» կորոշվեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև համաձայնությամբ: