Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ձգտելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամական կապերի ու համագործակցության հետագա զարգացմանը մշակույթի, գիտության և կրթության բնագավառներում,

հաշվի առնելով մշակույթների մերձությունը, մշակութային շփումների ավանդույթները և իրենց ժողովուրդների հարաբերություններում ռուսաց լեզվի պատմականորեն ձևավորված դերը,

համոզված լինելով, որ կապերը մշակույթի, գիտության ու կրթության բնագավառներում համապատասխանում են երկու պետությունների ժողովուրդների արմատական շահերին և կնպաստեն բարեկամական հարաբերությունների, բարիդրացիության և փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը,

գործելով Եվրոպայում Անվտանգության ու համագործակցության խորհրդի Հելսինկյան Եզրափակիչ ակտի, ինչպես նաև Եվրոպայում Անվտանգության ու համագործակցության կազմակերպության փաստաթղթերի դրույթների ոգով,

համաձայն 1991 թվականի դեկտեմբերի 8-ի Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին Համաձայնագրի, 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի Հռչակագրի,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը կնպաստեն`

համագործակցության զարգացմանը մշակույթի, կրթության, տեղեկատվության ու սպորտի բնագավառներում, այդ թվում նաև հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միությունների, միավորումների և հիմնադրամների միջև,

մյուս երկրի մշակույթի և, մասնավորապես, մշակութային արժեքների պատմականորեն ձևավորված խոշոր ժողովածուներին և հավաքածուներին ծանոթացմանը,

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական գրադարանային, արխիվային և թանգարանային հիմնադրամների փոխադարձաբար մատչելիության ապահովմանը, երկու պետությունների քաղաքացիների համար միատեսակ պայմաններով, և այդ հիմնադրամների օգտագործմանը մշակութային, գիտական և կրթական նպատակներով:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը կաջակցեն մշակույթի բնագավառում կադրերի պատրաստման հարցում համագործակցության զարգացմանը, շահագրգիռ գերատեսչությունների ու կազմակերպությունների միջև փորձի փոխանակմանը, գիտաժողովների ու «կլոր սեղանների» անցկացմանը, պետական հիմնարկների և հասարակական կազմակերպությունների միջև մշակույթի, գիտության, կրթության, տեղեկատվության, սպորտի բնագավառներում անմիջական համագործակցության ու ուղիղ կապերի հաստատմանը և խորացմանը, այդ թվում նաև տարածաշրջանների ու քաղաքների մակարդակով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը երաշխավորում են Հայաստանի Հանրապետությունում ռուսական համայնքի և Ռուսաստանի Դաշնությունում հայկական համայնքի մշակույթի ազատ և իրավահավասար զարգացումը:

Կողմերը բարենպաստ պայմաններ կստեղծեն նրանց ազգային ինքնատիպության, մշակույթի, լեզվի պահպանման, հոգևոր և կրոնական կարիքների իրագործման համար:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Յուրաքանչյուր Կողմ կաջակցի գեղարվեստական փառատոների, համույթների ու մենակատարների հյուրախաղերի անցկացմանը, մյուս երկրի հեղինակների երաժշտական ու դրամատիկական ստեղծագործությունների բեմականացմանը, պատվիրակությունների, գեղարվեստական գրականության և ցուցահանդեսների, այդ թվում նաև համաշխարհային նշանակություն ունեցող հավաքածուների փոխանակումներին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը կհամագործակցեն իրենց պատմամշակութային ժառանգության պահպանման բնագավառում:

Կորած կամ ապօրինաբար դուրս բերված և մյուս երկրի տարածքում հայտնված մշակութային արժեքների հետ կապված հարցերը Կողմերը կլուծեն բանակցությունների միջոցով` ազգային օրենսդրությունների և միջազգային իրավունքի նորմերի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերը կաջակցեն համագործակցությանը կինեմատոգրաֆիայի բնագավառում.

ազգային կինոփառատոների և կինոպրեմիերաների անցկացման,

պատվիրակությունների և առանձին մասնագետների փոխանակման,

համատեղ բեմադրությունների իրականացման, կինոարխիվների միջև կապերի զարգացման,

կինոնկարների, գրականության ու նյութերի փոխանակման ճանապարհով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերից յուրաքանչյուրը կխրախուսի փոխանակումները գրահրատարակչական գործում և կաջակցի մյուս երկրի հրատարակած տպագրական արտադրանքի տարածմանը իր երկրի տարածքում:

Կողմերից յուրաքանչյուրը համակողմանի աջակցություն կցուցաբերի գրական ստեղծագործությունների թարգմանությանը և հրատարակմանը, միջգրադարանային կապերի իրականացմանը, գրողների և լրագրողների, հրատարակչությունների ու խմբագրությունների միջև տարբեր նյութերի փոխանակմանը, քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կյանքի մասին նյութերի, մյուս երկրների լեզվով լրագրերի ու թերթերի հրատարակմանը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերը կաջակցեն հեղինակային և հարակից իրավունքների փոխադարձաբար պաշտպանության ապահովման հարցում երկու երկրների համապատասխան կազմակերպությունների միջև համագործակցության զարգացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերը կհամագործակցեն հեռուստատեսության և ռադիոհաղորդումների բնագավառում: Այդպիսի համագործակցության կոնկրետ հարցերը կկարգավորեն երկու երկրների շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների միջև կնքված համաձայնագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Անհրաժեշտության դեպքում Կողմերը կանցկացնեն խորհրդակցություններ մշակույթի, գիտության և կրթության բնագավառներում` գիտահետազոտական աշխատանքներում առաջնային ուղղությունները որոշելու նպատակով, գիտական հետազոտությունների արդյունքների մասին փոխադարձաբար տեղեկացում, այդ նպատակներով կկազմակերպեն համատեղ գիտական և գիտապրակտիկ կոնֆերանսներ, կիրականացնեն համատեղ հրատարակչական գործունեություն և կօգտագործեն գիտական փոխանակումների և համագործակցության այլ ձևեր:

Խորհրդակցությունների առարկա կարող են լինել նաև համագործակցության նոր բնագավառների և ձևերի որոնումները, մշակույթի, գիտության և կրթության բնագավառներում քաղաքացիների ազատության և իրավունքների ապահովման հարցերը, մշակութային, գիտական և կրթական հիմնարկների գործունեության իրավական և սոցիալ-տնտեսական կարգավորումը, գիտության և կրթության զարգացման շահերից ելնելով` միջոցառումների իրականացումը, մշակույթի, գիտության և կրթության վիճակագրության համաձայնեցված սկզբունքների մշակումը:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Կողմերը կհամագործակցեն մշակույթի նյութատեխնիկական բազայի զարգացման հարցերում, կփոխանակեն նոր տեխնոլոգիաներ, փոխշահավետ հիմունքների վրա կիրականացնեն մշակույթի, արվեստի, հիմնարկների և կազմակերպությունների համար սարքավորումների և տեխնիկական միջոցների մատակարարումը:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Կողմերը կաջակցեն ուղիղ գործընկերային կապերի զարգացմանը մշակույթի հիմնարկների և կազմակերպությունների, գեղարվեստական կոլեկտիվների, կինոհիմնարկների, հրատարակչությունների, մշակույթի առանձին գործիչների, ինչպես նաև համագործակցության ավանդական կապեր ունեցող տարածաշրջանների միջև:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Կողմերը կխրախուսեն համագործակցությունը երկու երկրների գիտությունների ակադեմիաների և այլ գիտական հիմնարկների ու կազմակերպությունների միջև:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Կողմերը կզարգացնեն համագործակցությունը կրթության բնագավառում: Այդ նպատակով նրանք.

կնպաստեն անմիջական պայմանավորվածությունների հիման վրա կրթական հիմնարկների միջև ուղիղ կապերի հաստատմանը և զարգացմանը,

կաջակցեն սովորողների, ուսանողների, ասպիրանտների, մասնագետների և դասախոսների փոխանակմանը ուսման, գիտական ստաժավորման, դասախոսություններ կարդալու, դասախոսական աշխատանքի և որակավորման բարձրացման համար,

կնպաստեն յուրաքանչյուր երկրում անցկացվող գիտական ու գիտամեթոդական սեմինարներին, կոնֆերանսներին, գիտաժողովներին և այլ միջոցառումներին մասնակցությանը, ինչպես նաև համատեղ գիտական նախագծերի և ծրագրերի իրականացման գործում համագործակցությանը,

կխրախուսեն ընդհանուր և մասնագիտական կրթության բնագավառում համագործակցության այլ ձևերը:

Փոխանակման կոնկրետ ձևերն ու պայմանները կկարգավորվեն երկու երկրների շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների միջև կնքված համաձայնագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Կողմերը կնպաստեն ռուսաց լեզվի ուսուցմամբ Հայաստանի Հանրապետությունում և հայոց լեզվի ուսուցմամբ Ռուսաստանի Դաշնությունում հանրակրթական հիմնարկների, ինչպես նաև միջնակարգ, բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններում դասարանների և բաժինների ստեղծմանը, Կողմերի ներքին օրենսդրությանը համապատասխան, կադրերի պատրաստմանը, նյութատեխնիկական բազայի զարգացմանը, այդ հիմնարկների համար դասագրքերի և այլ ուսումնամեթոդական գրականության մշակմանը և հրատարակմանը:

Հայկական Կողմը համապատասխան պայմաններ կստեղծի Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում ռուսաց լեզվի խորացված ուսուցման համար:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Կողմերը կաջակցեն Ռուսաստանի Դաշնության միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատությունների ստեղծմանը Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետության միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատությունների ստեղծմանը Ռուսաստանի Դաշնությունում, ինչպես նաև այդպիսի ուսումնական հաստատությունների ստեղծմանը համատեղ հիմունքով:

Կողմերը, փոխադարձության հիման վրա, կնպաստեն երկու երկրների լեզուների, պատմության, գրականության և մշակույթի ուսումնասիրությանը: Այդ նպատակով Կողմերը կնպաստեն ռուսաց լեզվի և գրականության, հայոց լեզվի և գրականության բնագավառներում դասախոսների, մասնագետների, ինչպես նաև ուսումնամեթոդական ձեռնարկների և նյութերի փոխանակումների զարգացմանը:

Կողմերից յուրաքանչյուրը կխրախուսի լեզվական և երկրագրական դասընթացների և սեմինարների անցկացումը, մասնագետների որակավորման բարձրացումը, ինչպես նաև ռադիոյի և հեռուստատեսության հնարավորությունների օգտագործումը մյուս երկրի լեզվի և մշակույթի ուսուցման համար:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Կողմերը կապահովեն իրենց պետությունների տարածքներում բնակվող ռուսական և հայկական համայնքների հանրակրթական կարիքների բավարարումը նախ և առաջ, համապատասխանաբար, ռուսերենով և հայերենով կրթություն ստանալու համար պայմանների ստեղծման միջոցով:

Կողմերից յուրաքանչյուրը, ազգային օրենսդրությանը համապատասխան, երաշխավորում է իր պետության տարածքում մշտապես բնակվող մյուս պետության քաղաքացիներին` իր քաղաքացիներին հավասար կրթություն ստանալու իրավունքներ:

Այդ իրավունքների կարգն ու պայմանների իրականացումը կորոշվեն երկու երկրների համապատասխան գերատեսչությունների և կազմակերպությունների միջև կնքվող համաձայնագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Կողմերը փոխադարձաբար ճանաչում են պետական նմուշի փաստաթղթերի համարժեքությունը ընդհանուր /լրիվ/ միջնակարգ և միջնակարգ մասնագիտական կրթության մասին, որոնք իրավունք են տալիս ընդունվելու երկու երկրների բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններ:

Բարձրագույն կրթության, գիտական աստիճանների և կոչումների փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչման կոնկրետ պայմանները կորոշվեն կրթության գիտական աստիճանների և կոչումների փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչման և համարժեքության մասին կնքված համաձայնագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Կողմերը կաջակցեն համագործակցությունը արխիվային գործի բնագավառում համատեղ միջոցառումներ անցկացնելու, աշխատանքային փորձի, արխիվային նյութերի, գիտամեթոդական գրականության, մասնագետների փոխանակումների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

Կողմերը, փոխադարձության պայմաններով, կնպաստեն իրենց պետությունների տարածքներում մյուս երկրի մշակութային կենտրոնների ստեղծմանը և գործունեությանը, որոնք կզբաղվեն երկու երկրների ժողովուրդների և մշակույթի մասին տեղեկություններ տարածելով:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

Կողմերը կնպաստեն ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում կապերի զարգացմանը առաջին հերթին մարզական ընկերությունների միջև ուղղակի կապերի իրականացման, մրցումների և հանդիպումների կազմակերպման, մարզիկների և մարզիչների, գիտամեթոդական տեղեկության և հատուկ գրականության, միջազգային մրցումներին մասնակցության փորձի փոխանակման միջոցով:

Համագործակցության կոնկրետ ձևերն ու պայմանները կկարգավորվեն երկու երկրների շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների միջև կնքված համաձայնագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

Կողմերը կխրախուսեն զբոսաշրջության զարգացման բոլոր տեսակները` նպատակ ունենալով փոխադարձաբար ծանոթանալու երկու պետությունների ժողովուրդների սոցիալ-տնտեսական զարգացման, գիտության և մշակույթի փորձին, ինչպես նաև պատմամշակութային և բնության հուշարձանների օբյեկտներին, մշակութային և պատմական ավանդույթներին:

Համագործակցության կոնկրետ ձևերն ու փոխանակումների պայմանները կկարգավորվեն երկու երկրների շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների միջև կնքված համաձայնագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 23

 

Կողմերը կխրախուսեն համագործակցությունը և փոխանակումները երիտասարդության և երիտասարդական կազմակերպությունների միջև` այդ նպատակով օգտագործելով ավանդական մշակութային, գիտական, մասնագիտական և մարզական կապերը:

 

ՀՈԴՎԱԾ 24

 

Սույն Համաձայնագրի կատարման նպատակով կմշակվեն և կստորագրվեն փոխանակումների երկկողմ ծրագրեր և համագործակցության աշխատանքային պլաններ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների և կազմակերպությունների միջև:

Կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են ստեղծել Խառը հանձնաժողով սույն Համաձայնագրի իրագործման, Կողմերի բեղմնավոր փոխգործունեությանն ուղղված հանձնարարականների նախապատրաստման նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 25

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում նրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարումը հաստատող վերջին գրավոր ծանուցման օրվանից:

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հետագա հնգամյա ժամանակամիջոցների համար, եթե Կողմերից որևէ մեկը համապատասխան ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չծանուցի նրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Երևան քաղաքում 1995 թվականի նոյեմբերի 13-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի հունիսի 28-ից:

 

 

pin
Ռուսաստանի Դաշնություն
Համաձայնագիր