Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ցանկանալով հաստատել երկու ժողովուրդների միջև բարյացակամ հարաբերությունները և զարգացնել համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում,

լինելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի Կոնվենցիայի մասնակից կողմեր, որը բաց է ստորագրման համար 1944 թ. դեկտեմբերի 7-ից` Չիկագոյում,

 

համաձայնեցին իրենց համապատասխան տարածքների միջև ու դրանց սահմաններից դուրս կանոնավոր օդային հաղորդակցություններ հաստատելու և իրականացնելու վերաբերյալ.

 

ՀՈԴՎԱԾ 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար, եթե ենթատեքստը այլ բան չի պահանջում.

1. «Ավիացիոն իշխանություններ» տերմինը նշանակում է.

Հայաստանի Հանրապետության դեպքում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, կամ ցանկացած անձ կամ կազմակերպություն, որը լիազորված է իրականացնելու այդ վարչության կողմից իրականացվող գործառույթները:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեպքում` Չինաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, կամ ցանկացած անձ կամ կազմակերպություն, որը լիազորված է իրականացնելու այդ վարչության կողմից իրականացվող գործառույթները:

2. «Համաձայնագիր» տերմինը նշանակում է սույն Համաձայնագիրը և դրա Հավելվածը, կամ սույն Համաձայնագրի 18-րդ հոդվածի դրույթներին համապատասխան սույն Համաձայնագրի կամ դրա Հավելվածի ցանկացած լրացում:

3. «Ավիաընկերություն» տերմինը նշանակում է ցանկացած ավիատրանսպորտային ձեռնարկություն, որը առաջարկում կամ իրականացնում է միջազգային օդային փոխադրումներ:

4. «Նշանակված ավիաընկերություն» տերմինը նշանակում է այն ավիաընկերությունը, որը նշանակված և լիազորված է սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածին համապատասխան:

5. «Օդանավ» տերմինը նշանակում է քաղաքացիական օդանավ:

6. «Օդային հաղորդակցություն» տերմինը նշանակում է չվացուցակով նախատեսված ցանկացած օդային հաղորդակցություն, որն իրականացվել է հասարակական տրանսպորտի օդանավով ուղևորների, ուղեբեռի, փոստի և բեռի փոխադրման նպատակով:

7. «Միջազգային օդային հաղորդակցություն» տերմինը նշանակում է ցանկացած օդային հաղորդակցություն, որն իրականացվում է մեկից ավելի երկրների տարածքով:

8. «Ոչ առևտրային նպատակներով վայրէջք» տերմինը նշանակում է վայրէջք, որը կատարվել է ցանկացած այլ նպատակով, բացառությամբ ուղևորների, ուղեբեռի, փոստի և բեռի բեռնաթափման կամ բեռնավորման:

9. «Տարողություն» տերմինը նշանակում է.

ա) օդանավի առնչությամբ` երթուղում կամ դրա մի մասում օդանավի հնարավոր բեռնաբարձությունը,

բ) օդային հաղորդակցության առնչությամբ` այդ չվագծում օգտագործվող օդանավի բեռնաբարձությունը բազմապատկած սահմանված երթուղում կամ նրա մասում որոշակի ժամանակահատվածի թռիչքների քանակով:

10. «Սակագին» տերմինը նշանակում է այն վճարները, որոնք վճարվում են ուղևորների, ուղեբեռների և բեռների միջազգային փոխադրումների համար, և այն պայմանները, որոնց ներքո այդ վճարները կիրառվում են, ներառյալ պայմանները և գները` գործակալային և մյուս օժանդակ սպասարկումների համար, բայց բացառությամբ փոստի փոխադրման համար նախատեսվող վճարի ու պայմանների:

11. «Երթուղու չվացուցակ» տերմինը նշանակում է երթուղու չվացուցակ, որը կցված է սույն Համաձայնագրի Հավելվածին կամ լրացված է սույն Համաձայնագրի 18-րդ հոդվածի դրույթներին համապատասխան: Երթուղու չվացուցակը հանդիսանում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

12. «Սահմանված երթուղի» տերմինը նշանակում է երթուղու չվացուցակում նշված երթուղի:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը տրամադրում է սույն Համաձայնագրով նախատեսված իրավունքներ` սույն Համաձայնագրի Հավելվածում սահմանված երթուղով (այսուհետ` համաձայնեցրած չվագծեր) միջազգային կանոնավոր չվագծերի հաստատման և շահագործման նպատակով:

2. Սույն Համաձայնագրի դրույթների համաձայն` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություն սահմանված երթուղով պայմանավորված չվագծերը շահագործելիս օգտվելու է հետևյալ իրավունքներից.

ա) առանց վայրէջք կատարելու թռիչքների իրականացման մյուս Պայմանավորվող կողմի տարածքի վրայով` այդ Կողմի ավիացիոն իշխանությունների սահմանած երթուղով,

բ) սահմանված երթուղու կետերում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վայրէջքներ կատարելու ոչ առևտրային նպատակներով` միայն մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների թույլտվությամբ,

գ) սահմանված երթուղու վրա գտնվող վայրերում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վայրէջք կատարելը ուղևորներ նստեցնելու և իջեցնելու, փոստ և բեռներ բեռնելու և բեռնաթափելու նպատակով, որոնց փոխադրումը սկսվում է կամ վերջանում առաջին Պայմանավորվող կողմի տարածքում:

3. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության սահմանված երթուղու վրա գտնվող վայրերում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ուղևորների, փոստի և բեռների, որոնց փոխադրումը սկսվում է կամ վերջանում երրորդ երկրի տարածքում, նստեցնելու, իջեցնելու, բեռնելու կամ բեռնաթափելու իրավունքը պետք է փոխհամաձայնեցվի երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև:

 

ՀՈԴՎԱԾ 3. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒՄԸ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի, գրավոր ծանուցելով մյուս Պայմանավորվող կողմին, նշանակել ավիաընկերություն` սահմանված երթուղով համաձայնեցված չվագծերի շահագործման նպատակով և դադարեցնել կամ չեղյալ հայտարարել նման նշանակումը:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության նյութական սեփականությունը կամ դրա վերահսկողությունը պետք է պատկանի այդ Պայմանավորվող կողմերին կամ նրանց քաղաքացիներին:

3. Մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները կարող են առաջին Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունից պահանջել կատարել այն օրենքներով և իրավունքներով սահմանված պայմանները, որոնք սովորաբար այդ իշխանությունների կողմից տրամաբանորեն կիրառվում են միջազգային չվագծերը շահագործողների նկատմամբ:

4. Այսպիսի նշանակումը ստանալուց հետո մյուս Պայմանավորվող կողմը պետք է, սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն, առանց ուշացման, թռիչքների համապատասխան թույլտվություն տրամադրի այդ նշանակված ավիաընկերությանը:

5. Սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան թռիչքների թույլտվությունը ստանալուց հետո, նշանակման մեջ նշված ժամկետից հետո, այդ Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը կարող է սկսել համաձայնեցված չվագծերի շահագործումը:

 

ՀՈԴՎԱԾ 4. ԼԻԱԶՈՐՈՒԹՅԱՆ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ, ԿԱՍԵՑՆԵԼԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի չեղյալ հայտարարելու կամ կասեցնելու թռիչքի թույլտվությունը, որը տրամադրված է մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը, կամ պահանջել այնպիսի պայմաններ, որոնք նա անհրաժեշտ կհամարի սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում նշված իրավունքներից հետևյալ դեպքերում օգտվելիս.

ա) ամեն դեպքում, երբ նա համոզված չէ, որ այդ ավիաընկերության նյութական սեփականության իրավունքը կամ իրական վերահսկողությունը պատկանում է Պայմանավորվող կողմին, որը նշանակել է այդ ավիաընկերությունը կամ նրա քաղաքացիներին, կամ

բ) այն դեպքում, երբ այդ ավիաընկերությունը չի պահպանում սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածում նշված մյուս Պայմանավորվող կողմի օրենքներն ու կանոնները, որոնցով տրամադրվել են այդ իրավունքները, կամ

գ) այն դեպքում, երբ այդ ավիաընկերությունը շահագործման ընթացքում չի պահպանում սույն Համաձայնագրի պայմանները:

2. Բացառությամբ այն դեպքի, երբ իրավունքները դադարեցնելը, անհապաղ չեղյալ հայտարարելը, կասեցնելը կամ սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմանները կատարելու պահանջները անհրաժեշտ են սույն Համաձայնագրի դրույթների կամ Պայմանավորվող կողմերի օրենքների ու կանոնների հետագա խախտումների կանխման համար, Պայմանավորվող կողմերը կօգտվեն այդ իրավունքից միայն միմյանց միջև խորհրդատվություն անցկացնելուց հետո:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՐԿԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Մի Պայմանավորվող կողմի օրենքներն ու կանոնները, որոնք կարգավորում են միջազգային ավիաչվերթներում և օդագնացության մեջ ընդգրկված օդանավերի մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվելու, ժամանման և մեկնման հարցերը, կկիրառվեն նաև մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության օդանավերի նկատմամբ առաջին Պայմանավորվող կողմի տարածքում գտնվելու պահից մինչև տարածքից դուրս գալը:

2. Մի Պայմանավորվող կողմի օրենքներն ու կանոնները, որոնք կարգավորում են ուղևորների, անձնակազմի, բեռի և փոստի, ժամանման, մնալու և մեկնման, բեռնման և բեռնաթափման, ինչպես նաև ներգաղթի, անձնագրերին, մաքսատանը, տարադրամի, առողջապահությանը և կարանտինին վերաբերող հարցերը, մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության օդանավերի նկատմամբ կկիրառվեն առաջին Պայմանավորվող կողմի տարածքում գտնվելու պահից մինչև տարածքից դուրս գալը:

3. Մի Պայմանավորվող կողմի այլ համապատասխան օրենքներն ու կանոնները, որոնք վերաբերում են օդանավին, քաղաքացիական ավիացիայի ոլորտին, կկիրառվեն նաև մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության նկատմամբ առաջին Պայմանավորվող կողմի տարածքում համաձայնեցված չվագծերը շահագործելիս:

4. ՈՒղիղ տարանցման ուղևորները, ուղեբեռը, բեռն ու փոստը, չլքելով օդանավակայանի տարածքը, որը նախատեսված է այդ նպատակի համար, պետք է ենթակա լինեն միայն պարզեցված հսկողության:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՏԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերություններին կտրամադրվեն սահմանված երթուղիներով համաձայնեցված չվագծերի շահագործման արդարացի և հավասար հնարավորություններ:

2. Պայմանավորված չվագծերը շահագործելիս յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություն պետք է հաշվի առնի մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության շահերը այն նկատառումով, որ վնաս չհասցնի մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը, որը շահագործում է այդ նույն երթուղու չվագիծը կամ նրա մի մասը:

3. Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների կողմից ցանկացած պայմանավորված չվագծով ուղևորների, ուղեբեռի, բեռի և փոստի Պայմանավորվող կողմերի տարածքների միջև իրականացվող փոխադրումների տարողությունը պետք է համապատասխանի տվյալ երթուղու տրանսպորտային պահանջներին:

4. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը իրականացնում է պայմանավորված չվագծով մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ուղևորների նստեցնելը և իջեցնելը, բեռի, ուղեբեռի և փոստի, բեռնումը և բեռնաթափումը, և դրանց ծավալները պետք է համապատասխանեն հետևյալ հիմնական սկզբունքներին.

ա) ավիաընկերությունը նշանակող Պայմանավորվող կողմի տարածք և տարածքից դուրս փոխադրումների պահանջներին,

բ) հաշվի առնելով, բացի Պայմանավորվող կողմերից, այլ երկրների կամ տարածաշրջանների, որոնց վրայով անցնում են պայմանավորված չվագծերը, որոնք շահագործվում են այդ երկրների ավիաընկերությունների կողմից, փոխադրումների պահանջարկը,

գ) տարանցիկ փոխադրումներին ներկայացվող պահանջները:

 

ՀՈԴՎԱԾ 7. ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Տարողությունը, հաճախականությունը, օդանավի տեսակը և չվացուցակը պետք է փոխհամաձայնեցվեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև:

2. Վաճառքը իրականացնող գործակալությանը և վերգետնյա ծառայություններին վերաբերող հարցերը պետք է համաձայնեցվեն Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների միջև և հաստատվեն Կողմերի ավիացիոն իշխանությունների կողմից:

3. Ցանկացած Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություն, ելնելով փոխադրումների պահանջարկից, կարող է դիմել մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին` սահմանված երթուղու լրացուցիչ հատվածի շահագործման խնդրանքով: Այսպիսի դիմումը պետք է ներկայացված լինի Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանություններին առնվազն երեք օր առաջ: Նշանակված ավիաընկերությունը այս շահագործումը կարող է սկսել այդ իշխանությունների համաձայնությունը ստանալուց հետո:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՍԱԿԱԳՆԵՐ

 

1. Կատարվող փոխադրումների համար գանձվող սակագները պետք է սահմանվեն ընդունելի չափերով` հաշվի առնելով հնարավոր բոլոր գործոնները, այդ թվում նաև շահագործման արժեքը, ընդունելի շահույթը, ծառայությունների բնույթը /արագությունը և սպասարկման մակարդակը/, մյուս ավիաընկերությունների կողմից սահմանված սակագները` սահմանված երթուղիների կամ նրանց ցանկացած մասի շահագործման համար:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված սակագները պետք է համաձայնեցվեն Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների միջև և հնարավորության կամ անհրաժեշտության դեպքում` այլ ավիաընկերությունների հետ, որոնք շահագործում են նույն սահմանված երթուղին կամ նրա ցանկացած մասը: Համաձայնեցված սակագները պետք է ներկայացվեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների հաստատմանը այդ սակագները կիրառելուց առնվազն 60 օր առաջ: Դրանք ուժի մեջ կմտնեն այդ հաստատումից հետո:

3. Եթե Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունները չեն կարող համաձայնության գալ որևիցե սակագնի վերաբերյալ, այդ դեպքում Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները պետք է սահմանեն այդ սակագինը խորհրդակցությունների միջոցով:

4. Այն դեպքում, երբ Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները չեն կարող համաձայնության գալ սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան իրենց ներկայացված որևէ սակագնի հաստատման կամ սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան որևիցե սակագնի սահմանման հարցերում, ապա, համաձայն տվյալ Համաձայնագրի 17-րդ հոդվածի դրույթների, այս տարաձայնությունների կարգավորումը պետք է հանձնարարվի Պայմանավորվող կողմերին:

5. Սույն հոդվածի դրույթներին համապատասխան` նոր սակագինը սահմանելիս նախապատվությունը կտրվի արդեն իսկ գործող սակագնին:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ՉԱՓԸ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը պետք է իր տարածքում ապահովի սահմանված երթուղիներ շահագործելու նպատակով հիմնական և պահեստային օդանավակայաններ, օդագնացության միջոցներ, ինչպես նաև հաղորդակցության, օդագնացության, օդերևութաբանական և այլ օժանդակ ծառայություններ:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունից, օդանավակայանի և օդագնացության միջոցների շահագործման համար, արդարացի և տրամաբանորեն կգանձվեն գումարներ, որոնց չափը կսահմանեն մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները: Այդ գումարների չափը չպետք է գերազանցի ցանկացած այլ ավիաընկերությունից կատարվող գանձումները, որը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում իրականացնում է նույն միջազգային փոխադրումները և օգտվում է նույն օդանավակայանից և օդագնացության միջոցներից:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները պետք է տրամադրեն մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին, ըստ նրանց տրամաբանական պահանջի, վիճակագրական տվյալներ առաջին Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից սահմանված երթուղով իրականացվող փոխադրումների տարողության մասին: Այդ տվյալները պետք է պարունակեն տեղեկություններ նշանակված ավիաընկերության կողմից պայմանավորված չվագծերով իրականացվող փոխադրումների ծավալների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

 

1. Պայմանավորված չվագծերի շահագործումը ապահովելու համար յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը փոխադարձության հիման վրա իրավունք է ստանում սահմանված երթուղու վայրերում, մյուս Պայմանավորվող կողմի տարածքում բացել իր ներկայացուցչությունը:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության ներկայացուցչության աշխատակազմը պետք է կազմված լինի Պայմանավորվող կողմի քաղաքացիներից: Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները միմյանց հետ համաձայնեցնում են այդ աշխատակազմերի քանակը: Այս աշխատակազմը պետք է ենթարկվի մյուս Պայմանավորվող կողմի օրենքներին և կանոններին:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է համաձայնեցված չվագծերի արդյունավետ շահագործման համար օժանդակի և անհրաժեշտ հնարավորություններ տրամադրի մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության ներկայացուցչությանը և նրա աշխատակազմին:

4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության պայմանավորված չվագծերը շահագործող անձնակազմը պետք է կազմված լինի հիշյալ Պայմանավորվող կողմի քաղաքացիներից: Եթե որևիցե Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություն մտադիր է պայմանավորված չվագծերը շահագործող անձնակազմի մեջ ընդգրկել այլ երկրի քաղաքացիներին, այն պետք է նախօրոք ստանա մյուս Պայմանավորվող կողմի համաձայնությունը:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐ ԵՎ ՀԱՐԿԵՐ

 

1. Եթե մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից միջազգային չվագծերում շահագործվող օդանավը ժամանում է մյուս Պայմանավորվող կողմի տարածք, ապա նրա մեջ գտնվող ցանկացած գույք, պահեստամասեր, ներառյալ շարժիչները, վառելանյութը և քսանյութերը (հիդրավլիկ հեղուկներ) ու օդանավի պաշարները (սննդամթերք, խմիչքներ, ծխախոտեղեն), փոխադարձության հիման վրա ազատվում են բոլոր մաքսատուրքերից, տեսչական վճարներից, և մյուս հարկերից ու տուրքերից` այն պայմանով, որ վերոհիշյալ գույքը և սարքավորումները կմնան այդ օդանավում մինչև նրա մեկնումը:

2. Ներքոհիշյալ սարքավորումները և գույքը, փոխադարձության հիման վրա, ազատվում են բոլոր մաքսային տուրքերից, տեսչական վճարներից և մյուս հարկերից ու տուրքերից, բացառությամբ սպասարկման համար նախատեսված գանձումների.

ա) ցուցակագրված սարքավորումները, պահեստամասերը, ներառյալ շարժիչները, վառելանյութը և յուղը (քսանյութերը, հիդրավլիկ հեղուկներ) ու օդանավի պաշարները (սննդամթերք, խմիչքներ, ծխախոտեղեն), որոնք բերվել են այդ օդանավ, և նախատեսված են միայն այդ նշանակված ավիաընկերության օդանավով պայմանավորված չվագծերի շահագործման համար, նույնիսկ երբ այդ գույքը և սարքավորումները նախատեսված են այլ երկրի տարածքի վրայով ուղևորության համար,

բ) պահեստամասերը, ներառյալ շարժիչները, որոնք բերվել են այդ օդանավով մյուս Պայմանավորվող կողմի տարածք և նախատեսված են համաձայնեցված չվագծերը շահագործող նշանակված ավիաընկերության օդանավի տեխնիկական սպասարկման կամ վերանորոգման համար:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված նյութերը կարող են բեռնաթափվել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում այդ Կողմի մաքսային իշխանությունների համաձայնությամբ և պահվել մաքսատան հսկողության կամ վերահսկման ներքո մինչև նրանց արտահանումը կամ օգտագործումը` համաձայն վերոհիշյալ Պայմանավորվող կողմի մաքսային կանոնների:

4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված նյութերի բոլոր մաքսատուրքերից, տեսչական վճարներից և մյուս հարկերից և տուրքերից ազատումը կգործի նաև այն դեպքում, երբ Պայմանավորվող կողմերից մեկի նշանակած ավիաընկերությունը համաձայնության մեջ կմտնի այլ ավիաընկերության հետ, որը օգտվում է նույն առավելություններից այլ Պայմանավորվող կողմի տարածքում սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված նյութերի առաքման և արտահանման դեպքում:

5. Տպագրված տոմսերի քանակը, բեռների վկայականները և այլ հրատարակչական նյութերը, որոնք ներմուծվել են մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածք, ազատվում են, փոխադարձության հիման վրա, բոլոր մաքսատուրքերից, տեսչական վճարներից և մյուս հարկերից ու տուրքերից:

6. Գրասենյակի համար նախատեսվող գույքը, բեռնատար մեքենաները, օդանավակայանում շահագործման համար նախատեսվող բեռնատար մեքենաները, անձնակազմի և ուղեբեռի փոխադրման համար նախատեսվող ավտոբուսատիպի մեքենաները, բացառությամբ մարդատար մեքենաների, ինչպես նաև համակարգչային ռեզերվացիոն համակարգը, հաղորդակցական սարքավորումները և նրանց պահեստամասերը` նախատեսված Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության ներկայացուցչության համար մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, փոխադարձության հիման վրա, պետք է ազատվեն բոլոր տեսակի մաքսատուրքերից, տեսչական վճարներից և մյուս հարկերից ու տուրքերից` այն պայմանով, որ չեն գերազանցի տրամաբանական չափերը և նախատեսված են միայն այդ ներկայացուցչության օգտագործման համար:

7. ՈՒղիղ տարանցիկ փոխադրման բեռը, ուղեբեռը և փոստը, փոխադարձության հիման վրա կազատվեն բոլոր մաքսային տուրքերից, տեսչական վճարներից և մյուս հարկերից ու տուրքերից, բացառությամբ սպասարկման գանձումների:

8. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից պայմանավորված չվագծերի շահագործումից գոյացած եկամուտները և շահույթները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ազատվում են բոլոր մաքսային տուրքերից, տեսչական վճարներից և մյուս հարկերից ու տուրքերից:

9. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության սեփականությունը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, փոխադարձության հիման վրա, կազատվի բոլոր հարկերից:

10. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության ներկայացուցչության ծառայողների աշխատավարձը և այլ նման վճարումները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, փոխադարձության հիման վրա, կազատվեն բոլոր տեսակի հարկերից` այն պայմանով, որ այդ ծառայողները պետք է լինեն առաջին Պայմանավորվող կողմի քաղաքացիներ:

 

ՀՈԴՎԱԾ 13. ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություն պետք է, փոխադարձության հիման վրա, իրավունք ունենա մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ստացված իր եկամուտները փոխանցել առաջին Պայմանավորվող կողմի տարածք:

2. Այդ եկամուտների փոխանցումը և փոխանակումը պետք է կատարվեն փոխարկելի տարադրամով և համապատասխանեն փոխանցման և փոխանակման օրվա սահմանված փոխարկելի արժույթին:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է դյուրացնի մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության եկամուտների փոխանցումը և փոխանակումը, ինչպես նաև օժանդակի այդ ավիաընկերության կողմից ընթացակարգերի պահպանման հարցերում:

 

ՀՈԴՎԱԾ 14. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

 

1. Իրենց իրավունքներին և պարտավորություններին համապատասխան` Պայմանավորվող կողմերը հաստատում են, որ անօրինական միջամտության ձեռնարկումներից պաշտպանելու` միմյանց հանդեպ ստանձնած պարտավորությունները սույն Համաձայնագրի անբաժանելի մասն են: Պայմանավորվող կողմերը գործում են համաձայն օդանավերում կատարվող հանցագործությունների ու որոշ այլ ձեռնարկումների վերաբերյալ Կոնվենցիայի (ստորագրվել է Տոկիոյում 1963 թվականի սեպտեմբերի 14-ին), օդանավերի անօրինական գրավման դեմ պայքարելու մասին Կոնվենցիայի (ստորագրվել է Հաագայում 1970 թվականի դեկտեմբերի 16-ին), Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված անօրինական ձեռնարկումների դեմ պայքարելու մասին Կոնվենցիայի (ստորագրվել է Մոնրեալում 1971 թվականի սեպտեմբերի 23-ին):

2. Պայմանավորվող կողմերը պետք է, անհրաժեշտության դեպքում, միմյանց օժանդակություն ցույց տան` կանխելու օդանավերի ապօրինի գրավման գործողությունները և օդանավերի, դրանց ուղևորների, անձնակազմերի, օդանավակայանների և օդագնացային միջոցների անվտանգության դեմ ուղղված անօրինական այլ ձեռնարկումները, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք:

3. Ելնելով միմյանց շահերից` Պայմանավորվող կողմերը գործում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ավիացիոն) անվտանգության դրույթներին և Միջազգային քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ Կոնվենցիայի Հավելվածներում նախատեսված երաշխավորագրերին և ստանդարտներին համապատասխան այնքանով, որքանով որ այդ դրույթները ու պահանջները կիրառելի են Պայմանավորվող կողմերի նկատմամբ: Նրանք պետք է պահանջեն, որ իրենց գրանցված օդանավերի շահագործողները, որոնց գործունեության հիմնական կամ մշտապես գտնվելու վայրը իրենց տարածքում է, և իրենց տարածքում եղած միջազգային օդանավակայանների շահագործողները գործեն ավիացիոն անվտանգության այդ դրույթներին ու պահանջներին համապատասխան:

4. Երկու Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ մյուս Պայմանավորվող կողմը կարող է օդանավերի նման շահագործողներից պահանջել, որ կիրառեն սույն հոդվածի 3-րդ կետում հիշատակված ավիացիոն անվտանգության դրույթները ու պահանջները, որոնք այդ մյուս Պայմանավորվող կողմը նախատեսում է մուտք գործելու, մեկնելու և իր տարածքի սահմաններում գտնվելու համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքում ապահովելու է պատշաճ միջոցների կիրառումը օդանավի պաշտպանության և մինչև օդանավ նստելը կամ բեռնումը և դրանց ընթացքում ուղևորների, անձնակազմի, ձեռնածանրոցների, բեռների, ուղեբեռների և օդանավի պաշարների ստուգման համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ բարյացակամորեն է քննելու կոնկրետ սպառնալիքի առնչությամբ անվտանգության հատուկ միջոցներ ձեռնարկելու ամեն մի խնդրանք:

5. Եթե միջադեպ է տեղի ունենում, կամ միջադեպի սպառնալիք է առկա` կապված օդանավի ապօրինի գրավման հետ, կամ կան այլ անօրինական ձեռնարկումներ` ուղղված օդանավի, ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների կամ օդագնացության միջոցների անվտանգության դեմ, Պայմանավորվող կողմերը միմյանց օգնություն են ցույց տալիս` դյուրացնելով կապը և նման միջադեպի կամ դրա սպառնալիքի արագ ու անվտանգ կասեցման նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելով:

 

ՀՈԴՎԱԾ 15. ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ճանաչի օդանավի թռիչքային պիտանիության վկայականները և մյուս փաստաթղթերը, որոնք մյուս Պայմանավորվող կողմը տրամադրել է սույն Համաձայնագրով սահմանված երթուղիների ու չվագծերի շահագործման նպատակով: Այն պահանջները, որոնց համապատասխան տրվում են նման վկայականները և արտոնագրերը, պետք է համապատասխանեն Միջազգային քաղաքացիական ավիացիայի Կոնվենցիայում սահմանված նվազագույն ստանդարտներին կամ գերազանցեն դրանք:

 

ՀՈԴՎԱԾ 16. ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Պայմանավորվող կողմերը սերտ համագործակցության ոգով և աջակցությամբ ապահովում են սույն Համաձայնագրի պատշաճ կատարումը և նրա դրույթներին համապատասխանեցումը: Այդ նպատակով Պայմանավորվող կողմերը ժամանակ առ ժամանակ կխորհրդակցեն միմյանց հետ:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ պահանջել խորհրդակցություններ սույն Համաձայնագրի շրջանակներում: Եթե Պայմանավորվող կողմերը այլ որոշում չընդունեն, ապա նման խորհրդակցությունները պետք է սկսվեն հնարավորին չափ շուտ` հարցապնդումը ստանալուց հետո 60 օրվա ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 17. ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Սույն Համաձայնագրի մեկնաբանմանը կամ կիրառմանը վերաբերող ցանկացած տարաձայնության առաջացման դեպքում երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները պետք է անմիջապես այդ տարաձայնությունը կարգավորեն բանակցությունների միջոցով:

2. Եթե Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները չկարողանան կարգավորել վերը նշված տարաձայնությունները, ապա Պայմանավորվող կողմերը պետք է կարգավորեն դրանք դիվանագիտական ուղիներով:

 

ՀՈԴՎԱԾ 18. ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Եթե մի Պայմանավորվող կողմը գտնում է, որ սույն Համաձայնագրի դրույթների կամ նրա Հավելվածի մեջ պետք է փոփոխություն մտցվի, ապա նա պետք է պահանջի խորհրդակցությունների անցկացում մյուս Պայմանավորվող կողմի հետ ցանկացած ժամանակ, և այդ խորհրդակցությունները կարող են անցկացվել քննարկման կամ նամակագրության միջոցով: Այդ խորհրդակցությունները պետք է սկսվեն դրանց անցկացման մասին արված գրավոր հարցապնդման ամսաթվից իննսուն օրվա ընթացքում, եթե Կողմերը չպայմանավորվեն այդ ժամկետը երկարաձգելու մասին:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված խորհրդակցությունները կարող են անցկացվել նաև Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև:

3. Սույն Համաձայնագրի կամ դրա Հավելվածի ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի միջև դիվանագիտական ուղիներով հայտագրերի փոխանակումից հետո:

 

ՀՈԴՎԱԾ 19. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցման միջոցով տեղեկացնել մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագրի գործողության դադարեցման մասին: Այդ դեպքում սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է 12 ամիս անց այդ ամսաթվից, եթե Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին նշված ծանուցագիրը մինչև այդ ժամանակահատվածի լրանալը հետ չվերցվի Կողմերի երկուստեք համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 20. ԳՐԱՆՑՈՒՄ

 

Սույն Համաձայնագիրը կամ դրա ցանկացած փոփոխություն կգրանցվեն Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունում (ԻԿԱՕ):

 

ՀՈԴՎԱԾ 21. ՎԵՐՆԱԳՐԵՐԸ

 

Սույն Համաձայնագրի բոլոր հոդվածների վերնագրերը կրում են մեջբերման և պարզաբանման նպատակ և չեն ձևակերպում, սահմանափակում կամ որակավորում սույն Համաձայնագրի դրույթների նպատակը կամ դիտավորությունը:

 

ՀՈԴՎԱԾ 22. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի ստորագրման պահից:

Ի հաստատումն վերոհիշյալի` ներքոստորագրյալները, լինելով լիազորված իրենց կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

 

Կատարված է Պեկին քաղաքում 1996 թվականի մայիսի 5-ին, երկու բնօրինակով` հայերեն, չինարեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Տեքստերի մեկնաբանման ընթացքում տարաձայնությունների դեպքում անգլերեն տեքստը գերակայում է:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1997 թվականի հուլիսի 11-ից:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Երթուղիների չվացուցակ

 

1. Հայաստանի Հանրապետության նշանակված ավիաընկերության կողմից շահագործվող համաձայնեցրած չվագծերի երթուղին պետք է լինի երկկողմանի.

 

Երևան կամ մեկ այլ վայր Հայաստանում - Պեկին կամ մեկ այլ վայր Չինաստանում:

 

2. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նշանակված ավիաընկերության կողմից շահագործվող համաձայնեցրած չվագծերի երթուղին պետք է լինի երկկողմանի.

 

Պեկին կամ մեկ այլ վայր Չինաստանում - Երևան կամ մեկ այլ վայր Հայաստանում:

 

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը կարող է իր հայեցողությամբ բաց թողնել սահմանված երթուղու ցանկացած վայր` այն պայմանով, որ սահմանված երթուղին սկսվում է և վերջանում ավիաընկերությունը նշանակող Պայմանավորվող կողմի տարածքում:

 

Ծանոթություն:

 

Վայրը` Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև հետագայում համաձայնեցվելիք:

 

 

pin
ՉԺՀ
05.05.1996
Համաձայնագիր