Սեղմել Esc փակելու համար:
ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹ ...

 

 

i

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը և Իտալիայի Հանրապետության առողջապահության նախարարությունը (ստորև` Կողմեր),

նպատակ ունենալով խթանել երկկողմ հարաբերություններն առողջապահության և բժշկագիտության բնագավառում և գիտակցելով, որ այս համագործակցությունը կնպաստի իրենց ազգաբնակչությունների առողջական վիճակի բարելավմանը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը կզարգացնեն և կծավալեն համագործակցություն առողջապահության և բժշկագիտության ասպարեզում` խթանելով փորձի փոխանակումը երկու Կողմերի համար առաջնահերթ համարվող բնագավառներում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերն առաջնահերթ և ուղարկող երկրի կողմից առաջարկված թեմաներով կկազմակերպեն փորձագետների պատվիրակությունների աշխատանքային այցելություններ` նպատակ ունենալով փոխադարձաբար ծանոթանալ երկու երկրների առողջապահության համակարգերի հետ և առավել լավ կրթել իրենց առողջապահության և գիտահետազոտական ոլորտների աշխատողներին:

Կողմերը միմյանց պետք է տեղեկացնեն փորձի փոխանակման նպատակով առաջարկված փորձագետների անունները, մասնագիտությունները, կոչումները, փորձի փոխանակման նպատակով առաջարկված թեմաները փոխհամաձայնությամբ որոշված ամսաթվից 30 օր առաջ: Ժամանման օրվա և ճանապարհի մասին ուղարկող Կողմը ընդունող Կողմին պետք է տեղեկացնի ամենաքիչը 15 օր առաջ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը կնպաստեն իրենց երկրների բժշկագիտական հաստատությունների միջև համագործակցության զարգացմանը: Այդ նպատակով հաստատությունները մինչև ամեն տարվա դեկտեմբերի 5-ը կներկայացնեն գիտաժողովների ժամանակացույցը: Նրանք կներկայացնեն նաև վերոհիշյալ ժողովների կազմակերպական մանրամասները և մյուս Կողմի մասնակիցների համար կապահովեն նվազեցված վճարումներ ու արտոնյալ սակագներ` կախված ֆոնդերի հնարավորություններից:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

4.1. Կողմերը կաջակցեն բժշկական և գիտահետազոտական ինստիտուտների միջև ուղղակի համագործակցությանը` հիմնվելով այդ հաստատությունների միջև կնքված անմիջական համաձայնագրերի վրա:

Ինստիտուտների միջև ուղղակի համագործակցությունը կստեղծվի գիտական նյութերի և տեխնիկական փաստաթղթերի փոխանակման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ համատեղ հետազոտական ծրագրերի միջոցով` հիմնված աշխատանքի համատեղ պլանների և մեթոդաբանությունների վրա:

Ինստիտուտների ղեկավարների կողմից ստորագրված պլաններն արդյունավետ կդառնան տվյալ երկրի իրազեկ մարմինների կողմից հաստատվելուց հետո` տեղի օրենսդրությանը համապատասխան:

4.2. Կողմերը կօժանդակեն հիվանդանոցների միջև ուղղակի համագործակցությանը` հիմնված անմիջական փոխըմբռնման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

5.1. Կողմերը փոխադարձաբար կնպաստեն բժշկական ամսագրերի, առողջապահական ուսուցողական նյութերի փոխանակմանը:

5.2. Կողմերը միմյանց կուղարկեն առողջապահական վիճակագրական տվյալներ, համաճարակաբանական հաշվետվություններ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ:

5.3. Կողմերը խնդրանքի դեպքում կփոխանակեն տեղեկություններ առողջապահական օրենսդրության մասին և կուղարկեն պաշտոնական փաստաթղթեր:

5.4. Կողմերը կնպաստեն բժշկական հրատարակչությունների միջև համագործակցության զարգացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Հուշագրի 2-րդ հոդվածի շրջանակներում ճամփորդող մասնագետների համար ուղարկող Կողմն իր վրա կվերցնի երկրի ներսում տրանսպորտի, հյուրանոցի և օրվա կեցության ծախսերը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերը կստեղծեն համակարգող խումբ, որը պատասխանատու կլինի համագործակցությունը իրականացնելու համար և երկու Կողմերի նախարարություններին պարբերաբար (6 ամիսը մեկ անգամ) կտեղեկացնի սույն Հուշագրի շրջանակներում համագործակցության ընթացքի և զարգացման մասին:

Խումբն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի սույն Հուշագրի իրագործմանը նպաստելու ուղղությամբ:

Խումբն իր մեջ կներառի երեքական անձ Կողմերից յուրաքանչյուրից և կղեկավարվի առողջապահության նախարարությունների բարձրագույն ներկայացուցիչներից մեկի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև համագործակցությանը վերաբերող ցանկացած նախկին պայմանավորվածություն չեղյալ կհամարվի Հուշագիրն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Հուշագիրն ուժի մեջ է մտնում պայմանավորվող Կողմերի օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ ընթացակարգերի կատարման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի փոխանակման օրվանից սկսած:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Հուշագիրն ուժի մեջ կմնա 5 տարի, որից հետո կարող է ինքնաբերաբար երկարացվել հետագա 5 տարիների համար, եթե Կողմերից որևէ մեկը դիվանագիտական ուղիներով, գրավոր կերպով չեղյալ չհայտարարի այն: Այդ պարագայում չեղյալ հայտարարելը ուժի մեջ կմտնի տեղեկացման օրվանից 6 ամիս անց: Այս հոդվածին համապատասխան սույն Հուշագիրը չեղյալ հայտարարելու դեպքում նրա սահմաններում իրականացվող անավարտ մնացած ցանկացած փոխհամագործակցության ծրագիր կմնա ուժի մեջ մինչև ավարտը:

Ի հաստատումն որի` իրենց կառավարությունների կողմից պատշաճ կերպով լիազորված ներքոհիշյալ ներկայացուցիչները ստորագրեցին սույն Հուշագիրը:

 

Կատարված է Հռոմ քաղաքում 1997 թվականի ապրիլի 2-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, իտալերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման ընթացքում տարաձայնության դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Հուշագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի ապրիլի 25-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
02.04.1997
Փոխըմբռնման հուշագիր