Սեղմել Esc փակելու համար:
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ ՀՀ ԵՎ ՀՈՒՆԱՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ ՀՀ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈ ...

 

 

i

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

 

Հայաստանի Հանրապետությունը և Հունաստանի Հանրապետությունը, այսուհետ` Բարձր պայմանավորվող կողմեր,

նպատակ ունենալով էլ ավելի ամրապնդել իրենց երկրների միջև բարեկամական կապերը,

ցանկանալով կարգավորել հյուպատոսական բնագավառում իրենց երկրների միջև հարաբերությունները,

 

որոշեցին կնքել սույն Կոնվենցիան և պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՄԱՍ I

ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար օգտագործվող ներքոհիշյալ տերմինները ունեն հետևյալ իմաստները.

ա) «հյուպատոսական հիմնարկ» նշանակում է ցանկացած գլխավոր հյուպատոսություն, հյուպատոսություն, փոխհյուպատոսություն,

բ) «հյուպատոսական շրջանը» հյուպատոսական հիմնարկին հյուպատոսական պարտականությունները կատարելու համար տրված տարածքն է,

գ) «հյուպատոսական հիմնարկի ղեկավարը» այն անձն է, որը լիազորված է ՈՒղարկող պետության կողմից այդ հիմնարկի հետ կապված պարտականությունները կատարելու համար,

դ) «հյուպատոսական պաշտոնյան» այն անձն է, ներառյալ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, որը լիազորված է հյուպատոսական պարտականություններ կատարելու համար,

ե) «հյուպատոսական ծառայողն» այն անձն է, որը հյուպատոսական հիմնարկում կատարում է վարչական կամ տեխնիկական ծառայություններ,

զ) «հյուպատոսական հիմնարկի անդամները» հյուպատոսական պաշտոնյաներն ու հյուպատոսական ծառայողներն են,

է) «հյուպատոսական շենքերը» բացառապես հյուպատոսական հիմնարկի նպատակներով օգտագործվող շինությունները կամ հարկաբաժիններն են` մերձակա հողամասով, անկախ նրանից, թե ով է դրանց սեփականատերը,

ը) «հյուպատոսական արխիվները» ներառում են հյուպատոսական հիմնարկի բոլոր պաշտոնական թղթերը, փաստաթղթերը, նամակագրությունը, գրքերը, տեսաժապավենները, ձայնաժապավենները և գրանցամատյանները` գրանիշերի և ծածկագրերի, քարտարանների և դրանց պաշտպանման և ապահով պահպանման համար օգտագործվող բոլոր սարքավորումները,

թ) «պաշտոնական նամակագրությունը» հյուպատոսական հիմնարկին կամ նրա գործառությանը վերաբերող յուրաքանչյուր գրագրությունն է,

ժ) «ընտանիքի անդամները» հյուպատոսական հիմնարկի անդամի ամուսինը, երեխաները և ծնողներն են` պայմանով, որ նրանք բնակվում են միասին և գտնվում են նրա խնամակալության տակ:

2. Սույն Կոնվենցիայի դրույթները կիրառվում են նաև այն իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք հիմնադրվել են ՈՒղարկող պետության օրենսդրության համաձայն, և որոնց նստավայրը գտնվում է այդ Պետությունում:

 

ՄԱՍ II ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Ընդունող պետության տարածքում հյուպատոսական հիմնարկի հիմնադրումը կատարվում է այդ Պետության համաձայնությամբ:

2. ՈՒղարկող և Ընդունող պետությունները պետք է համաձայնության միջոցով սահմանեն հյուպատոսական հիմնարկի նստավայրը, նրա դասը և հյուպատոսական շրջանի սահմանները: ՈՒղարկող պետությունը կարող է հյուպատոսական հիմնարկի նստավայրի, նրա դասի կամ հյուպատոսական շրջանի հետագա փոփոխություն կատարել միայն Ընդունող պետության համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Հյուպատոսական հիմնարկի ղեկավար նշանակելուց առաջ ՈՒղարկող պետությունը դիվանագիտական ուղիներով հայցում է Ընդունող պետության համաձայնությունը այդ նշանակման համար:

2. Նման համաձայնությունն ստանալուց հետո ՈՒղարկող պետությունը պետք է Ընդունող պետության արտաքին գործերի նախարարությանն ուղարկի հյուպատոսական վկայագիրը կամ նշանակման մասին որևէ այլ փաստաթուղթ: Այդ վկայագրում կամ այլ փաստաթղթում նշվում են հյուպատոսության հիմնարկի ղեկավարի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, դասը, հյուպատոսական հիմնարկի նստավայրը և հյուպատոսական շրջանը:

3. Հյուպատոսական վկայագրի կամ նշանակման մասին այլ փաստաթղթի ներկայացումից հետո Ընդունող պետությունը, հնարավորինս կարճ ժամկետում, պետք է շնորհի էկզեկվատուրա:

4. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարին թույլատրվում է իր գործառույթներն իրականացնել Ընդունող պետության կողմից էկզեկվատուրան շնորհվելուց հետո:

5. Ընդունող պետությունը կարող է թույլատրել հյուպատոսական հիմնարկի ղեկավարին ժամանակավորապես իր գործառույթներն իրականացնել էկզեկվատուրայի շնորհումից առաջ: Այդ դեպքում կկիրառվեն սույն Կոնվենցիայի դրույթները:

6. Էկզեկվատուրայի կամ հյուպատոսական գործառույթները ժամանակավորապես կատարելու համաձայնությունը տալուց անմիջապես հետո Ընդունող պետությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ` հնարավորություն ընձեռելու հյուպատոսական հիմնարկի ղեկավարին` կատարելու իր պարտականությունները:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Հյուպատոսական պաշտոնյան պետք է լինի միայն ՈՒղարկող պետության քաղաքացի և չպետք է լինի Ընդունող պետության մշտական բնակիչ:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. ՈՒղարկող պետությունն Ընդունող պետությանը պետք է նախապես գրավոր հայտնի հյուպատոսական հիմնարկում նշանակված յուրաքանչյուր հյուպատոսական պաշտոնյայի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, դասը և պաշտոնը:

2. ՈՒղարկող պետությունը պետք է նաև նախապես գրավոր հայտնի Ընդունող պետության հյուպատոսական հիմնարկում նշանակված հյուպատոսական ծառայողի անունը, ազգանունը, քաղաքացիությունը և նրա կողմից կատարվելիք պարտականությունները:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Ընդունող պետությունը յուրաքանչյուր հյուպատոսական պաշտոնյայի պետք է տրամադրի փաստաթուղթ, որը կվկայի, որ նա հյուպատոսական պարտականություններ է իրականացնում Ընդունող պետության տարածքում:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Ընդունող պետությունը հյուպատոսական հիմնարկին պետք է տրամադրի բոլոր հնարավորությունները` հյուպատոսական գործառույթները կատարելու համար, և պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ` հյուպատոսական հիմնարկի անդամներին իրենց պաշտոնական պարտականությունները կատարելու հնարավորություն ընձեռելու և սույն Կոնվենցիայով նախատեսվող արտոնություններից և անձեռնմխելիությունից օգտվելու համար:

2. Ընդունող պետությունը պետք է պատշաճ հարգանք ցուցաբերի հյուպատոսական պաշտոնյայի հանդեպ և պետք է ձեռնարկի բոլոր համապատասխան միջոցները` կանխելու նրա անձի, ազատության կամ արժանապատվության դեմ ուղղված որևէ ոտնձգություն:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Եթե հյուպատոսական հիմնարկի ղեկավարը որևէ պատճառով չի կարող կատարել իր պարտականությունները, կամ եթե այդ պաշտոնը ժամանակավորապես թափուր է, ապա ՈՒղարկող պետությունը կարող է այդ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել նույն հյուպատոսական հիմնարկի կամ Ընդունող պետությունում իր դիվանագիտական ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի որևէ անդամի: Նշված անձի անունը և ազգանունը նախապես պետք է գրավոր հայտնվեն Ընդունող պետության արտաքին գործերի նախարարությանը:

2. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը իրավունք ունի կատարելու հյուպատոսական հիմնարկի ղեկավարի բոլոր պարտականությունները և օգտվելու 3-րդ հոդվածին համապատասխան նշանակված հյուպատոսական հիմնարկի ղեկավարի համար նախատեսված բոլոր իրավունքներից, արտոնություններից և անձեռնմխելիությունից:

3. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար հանդիսացող դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի անդամը շարունակում է օգտվել իր դիվանագիտական կարգավիճակից բխող արտոնություններից և անձեռնմխելիությունից:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

ՈՒղարկող պետությունը կարող է Ընդունող պետությունում իր դիվանագիտական ներկայացուցչության մեկ կամ ավելի անդամների, 3-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածներին համապատասխան, լիազորել` իրականացնելու հյուպատոսական գործառույթներ: Հյուպատոսական գործառույթներ կատարելու լիազորված դիվանագիտական ներկայացուցչության անդամը շարունակում է օգտվել այն արտոնություններից և անձեռնմխելիությունից, որոնք նրան տրված են որպես դիվանագիտական ներկայացուցչության անդամի:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

1. Ընդունող պետությունը կարող է ցանկացած ժամանակ և առանց իր որոշման պատճառները բացատրելու պարտավորության դիվանագիտական ուղիներով տեղեկացնել ՈՒղարկող պետությանը, որ հյուպատոսական պաշտոնյան հանդիսանում է «persona non grata», կամ որ հյուպատոսական ծառայողը անցանկալի է:

ՈՒղարկող պետությունը պարտավոր է դրանից անմիջապես հետո հետ կանչել նշված անձին:

2. Եթե ՈՒղարկող պետությունն ընդունելի ժամկետում չի կատարում 1-ին կետում սահմանված այդ պարտավորությունը, Ընդունող պետությունը կարող է հրաժարվել այդ անձին հյուպատոսական հիմնարկի անդամ ճանաչելուց:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

1. ՈՒղարկող պետությունը, պայմանով, որ դա թույլատրվում է Ընդունող պետության օրենքով, իր հյուպատոսական հիմնարկի համար հարմար տարածքներ կամ ՈՒղարկող պետության քաղաքացիներ հանդիսացող հյուպատոսական հիմնարկի անդամների համար բնակարաններ ապահովելու նպատակով կարող է ձեռք բերել, տիրապետել կամ, օրենքի համաձայն, գոյություն ունեցող վարձակալության իրավունքի ցանկացած այլ ձևով օգտագործել հողատարածքներ, շենքեր կամ հարկաբաժիններ:

2. Ընդունող պետությունը պետք է օժանդակի ՈՒղարկող պետությանը 1-ին կետում նշված նպատակներով հողատարածքներ, շենքեր կամ հարկաբաժիններ ձեռք բերելու գործում:

3. ՈՒղարկող պետությունը չի ազատվում շինարարության և քաղաքաշինության ծրագրավորման մասին օրենքներով սահմանված պարտականություններից կամ այլ սահմանափակումներից, որոնք ուղղված են այն տարածքներին, որտեղ գտնվում են այդ հողատարածքները, շենքերը կամ հարկաբաժինները:

 

ՄԱՍ III ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ

 

ՀՈԴՎԱԾ 12

 

1. ՈՒղարկող պետության զինանշանը ՈՒղարկող պետության և Ընդունող պետության լեզուներով գրված` հյուպատոսական հիմնարկի մակագրի հետ մեկտեղ կարող է փակցվել այն շենքի վրա, որտեղ գտնվում է հյուպատոսական հիմնարկը, ինչպես նաև այն շենքի վրա, որտեղ բնակվում է հյուպատոսական հիմնարկի ղեկավարը:

2. ՈՒղարկող պետության դրոշը կարող է փակցվել այն շենքի վրա, որտեղ գտնվում է հյուպատոսական հիմնարկը, և այն շենքի վրա, որտեղ բնակվում է հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, ինչպես նաև նրա կողմից պաշտոնական պարտականությունների համար օգտագործվող փոխադրամիջոցների վրա:

3. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված իրավունքներն իրականացնելիս պետք է հաշվի առնվեն Ընդունող պետության օրենսդրությունը և սովորույթները:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Հյուպատոսական շինությունները և հյուպատոսական ղեկավարի նստավայրն անձեռնմխելի են: Ընդունող պետության իշխանությունները չպետք է մուտք գործեն վերոհիշյալ շինությունները, ինչպես նաև հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նստավայր առանց հյուպատոսական հիմնարկի ղեկավարի կամ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի, կամ նրանց կողմից նշանակված որևէ անձի համաձայնության: Հյուպատոսական շենքերը չպետք է օգտագործվեն հյուպատոսական գործառության իրականացմանը չհամապատասխանող նպատակներով:

2. Ընդունող պետության հատուկ պարտականությունն է ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները` հյուպատոսական շինությունները որևէ ներխուժումից կամ վնաս հասցնելուց պաշտպանելու և հյուպատոսական հիմնարկի անդորրի խախտումը կամ նրա արժանապատվության դեմ ոտնձգությունները կանխելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Հյուպատոսական արխիվները պետք է անձեռնմխելի լինեն բոլոր ժամանակներում և որտեղ էլ դրանք գտնվեն:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

1. Ընդունող պետությունը պետք է թույլատրի և պաշտպանի հյուպատոսական հիմնարկի հաղորդակցման ազատությունը բոլոր պաշտոնական նպատակների համար: ՈՒղարկող պետության կառավարության, դիվանագիտական ներկայացուցչությունների և այլ հյուպատոսական հիմնարկների հետ հաղորդակցվելիս, անկախ նրանից, թե որտեղ են դրանք գտնվում, հյուպատոսական հիմնարկը կարող է օգտագործել բոլոր անհրաժեշտ միջոցները, ներառյալ դիվանագիտական կամ հյուպատոսական սուրհանդակներին, ինչպես նաև կոդավորված կամ ծածկագիր հաղորդագրությունները: Այնուամենայնիվ, հյուպատոսական ծանրոցը կարող է օգտագործվել Ընդունող պետության տարածքում միայն հյուպատոսական հիմնարկի հաղորդակցման համար ՈՒղարկող պետության կառավարության, դիվանագիտական ներկայացուցչությունների և այլ հյուպատոսական հիմնարկների հետ: Հյուպատոսական հիմնարկը կարող է ռադիոհաղորդիչ տեղադրել և օգտագործել միայն Ընդունող պետության համաձայնությամբ:

2. Հյուպատոսական հիմնարկի պաշտոնական նամակագրությունն անձեռնմխելի է:

3. Հյուպատոսական ծանրոցը պետք է կրի այն բնութագրող տեսանելի նշանները և կարող է պարունակել միայն պաշտոնական նամակագրություն և բացառապես պաշտոնական օգտագործման համար նախատեսված փաստաթղթեր կամ իրեր:

4. Հյուպատոսական ծանրոցը չպետք է բացվի կամ առգրավվի: Այդուհանդերձ, եթե Ընդունող պետության իրավասու մարմինները լուրջ պատճառներ ունեն` կասկածելու, որ ծանրոցը պարունակում է առարկաներ վերը նշվածից զատ, նրանք կարող են պահանջել, որ ծանրոցը բացվի իրենց ներկայությամբ` ՈՒղարկող պետության լիազոր ներկայացուցչի կողմից: Եթե այդ պահանջը մերժվում է, ապա ծանրոցը պետք է վերադարձվի առաքման վայր:

5. Հյուպատոսական սուրհանդակին տրվում է պաշտոնական փաստաթուղթ, որում նշվում են նրա կարգավիճակը և հյուպատոսական փոստը կազմող ծրարների քանակը: Հյուպատոսական սուրհանդակը պետք է լինի ՈՒղարկող պետության քաղաքացի և չպետք է լինի Ընդունող պետության մշտական բնակիչ: Իր պարտականությունները կատարելիս հյուպատոսական սուրհանդակը պետք է գտնվի Ընդունող պետության պաշտպանության ներքո: Նա պետք է օգտվի անձնական անձեռնմխելիության իրավունքից և չպետք է ենթարկվի ձերբակալման կամ կալանավորման կամ իր անձի ազատության որևէ այլ սահմանափակման:

6. Հյուպատոսական ծանրոցը կարող է վստահվել օդանավի հրամանատարին: Նրան պետք է տրվի պաշտոնական փաստաթուղթ, որում պետք է նշված լինի հյուպատոսական ծանրոցը կազմող ծրարների քանակը, սակայն նա չպետք է համարվի հյուպատոսական սուրհանդակ: Հյուպատոսական հիմնարկի անդամը կարող է հյուպատոսական ծանրոցն ազատորեն ստանալ անմիջապես օդանավի հրամանատարից և նույն կերպ այն հանձնել նրան:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

1. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պետք է օգտվի անձեռնմխելիության իրավունքից Ընդունող պետության քրեական, քաղաքացիական և վարչական իրավազորության առնչությամբ: Նա պետք է օգտվի անձնական անձեռնմխելիությունից և, հետևաբար, չպետք է ենթարկվի ազատության որևէ սահմանափակման:

2. Հյուպատոսական պաշտոնյաները, բացի հյուպատոսական հիմնարկի ղեկավարից, ինչպես նաև հյուպատոսական ծառայողները չպետք է ենթարկվեն Ընդունող պետության քրեական, քաղաքացիական և վարչական իրավազորությանը իրենց հյուպատոսական գործառույթների իրականացման ընթացքում կատարած գործողությունների համար: Իրենց հյուպատոսական գործառույթների իրականացման ընթացքում կատարած այլ գործողությունների համար նրանք չպետք է ձերբակալվեն կամ կալանավորվեն և չպետք է ենթարկվեն իրենց ազատության որևէ սահմանափակման, բացառությամբ ծանր հանցագործություն կատարելու դեպքի, որի համար Ընդունող պետության օրենսդրությունը նախատեսում է նվազագույնը 5 տարի ազատազրկում կամ ավելին` ի կատարումն այն իշխանությունների որոշման, որոնք իրավասու են քրեական հարցերում:

Վերոհիշյալ դեպքերից բացի, նրանք չպետք է ենթարկվեն ազատազրկման կամ իրենց անձնական ազատության որևէ սահմանափակման առանց վերջնական դատական որոշման:

3. Հյուպատոսական հիմնարկի որևէ անդամի նկատմամբ քրեական հետապնդման, ձերբակալման, կալանավորման կամ որևէ այլ սահմանափակման դեպքում Ընդունող պետության իրավասու մարմինները պետք է անհապաղ տեղեկացնեն հյուպատոսական հիմնարկի ղեկավարին:

4. Եթե հյուպատոսական հիմնարկի անդամի նկատմամբ հարուցվում է քրեական գործ, այն պետք է քննվի արագորեն և այնպես, որ հնարավորինս քիչ խանգարի հյուպատոսական հիմնարկում նրա պարտականությունների կատարմանը:

5. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն կիրառվում այն դեպքերում, երբ.

ա) հայց է հարուցվում Ընդունող պետության տարածքում գտնվող մասնավոր անշարժ գույքի առնչությամբ, եթե այն չի տիրապետում հյուպատոսական հիմնարկի ղեկավարը` ՈՒղարկող պետության անունից և հյուպատոսական հիմնարկի նպատակների համար,

բ) հայց է հարուցվում այն գույքի առնչությամբ, որի հանդեպ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կտակակատար կամ ժառանգորդ է հանդիսանում ոչ թե ՈՒղարկող պետության, այլ իր անունից,

գ) հայց է հարուցվում` կապված հյուպատոսական հիմնարկի ղեկավարի մասնագիտական կամ առևտրային գործունեության հետ, և որը չի առնչվում Ընդունող պետությունում նրա պաշտոնական պարտականություններին:

6. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում քաղաքացիական հայցի նկատմամբ, որը.

ա) բխում է հյուպատոսական հիմնարկի անդամի կողմից կնքված պայմանագրից, որում նա որոշակիորեն կամ ենթադրաբար չի հանդիսանում ՈՒղարկող պետության ներկայացուցիչ,

բ) հարուցվել է երրորդ կողմից` Ընդունող պետությունում որևէ ավտովթարի, ավիավթարի կամ նավաբեկության արդյունքում պատճառված վնասի հետևանքով:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

1. Հյուպատոսական հիմնարկի անդամները կարող են հրավիրվել դատարան կամ վարչական վարույթների` որպես վկա հանդես գալու համար: Եթե հյուպատոսական պաշտոնյան հրաժարվում է վկայություն տալուց, ապա նրա դեմ հարկադրական միջոցներ չեն ձեռնարկվում: Հյուպատոսական հիմնարկի մյուս ծառայողներն իրավունք չունեն հրաժարվել վկայություն տալուց, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նախատեսված դեպքերի:

2. Ընդունող պետության իշխանությունները հյուպատոսական հիմնարկի անդամներին վկայություն տալու խնդրանքով դիմելիս պետք է հնարավորինս ամեն ինչ անեն հյուպատոսական պարտականությունների կատարմանը չմիջամտելու և չխանգարելու համար: Հնարավորության դեպքում վկայությունը տրվում է հյուպատոսական շենքում կամ հյուպատոսական հիմնարկի անդամի բնակության վայրում, կամ վկայությունը կարող է տրվել նաև գրավոր:

3. Հյուպատոսական հիմնարկի անդամներն իրավունք ունեն հրաժարվելու իրենց պարտականությունների կատարմանն առնչվող հարցերով որպես վկա հանդես գալուց կամ ներկայացնել որևէ պաշտոնական փաստաթուղթ կամ գրություն: Նրանք կարող են նաև հրաժարվել վկայություն տալուց որպես փորձագետ` ՈՒղարկող պետության իրավունքի, վերջինիս մեկնաբանման և կիրառման վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

1. ՈՒղարկող պետությունը կարող է հրաժարվել հյուպատոսական հիմնարկի որևէ անդամի` 16-րդ և 17-րդ հոդվածներով տրամադրվող որևէ արտոնությունից և անձեռնմխելիությունից:

2. Այդ հրաժարումը բոլոր դեպքերում պետք է լինի շտապ, բացի սույն հոդվածի 3-րդ կետում նախատեսված դեպքերից, և Ընդունող պետությանը հաղորդվի գրավոր:

3. Հյուպատոսական պաշտոնյայի կամ հյուպատոսական ծառայողի կողմից այնպիսի հարցով հայցի ներկայացումը, որի դեպքում նա կարող էր օգտվել 16-րդ հոդվածով նախատեսված իրավազորության անձեռնմխելիությունից, նրան կզրկի այդ հայցին ուղղակիորեն առնչվող հակընդդեմ հայցի դեպքում իրավազորության անձեռնմխելիություն պահանջելու իրավունքից:

4. Քաղաքացիական կամ վարչական վարույթների նպատակների համար իրավազորության անձեռնմխելիությունից հրաժարումը չի ենթադրում դատական որոշումից բխող միջոցների կիրառման անձեռնմխելիությունից հրաժարում. վերջինիս համար պետք է ներկայացնել առանձին հրաժարում:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Ընդունող պետությունը հյուպատոսական հիմնարկի անդամներին ազատում է բոլոր անհատական և հանրային ծառայությունների ցանկացած ձևից և զինվորական պարտավորություններից, ինչպիսիք են ռեկվիզիցիաները, ռազմատուգանքները և բնակավորումը:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

Հյուպատոսական հիմնարկի անդամներն ազատվում են Ընդունող պետության` օտարերկրացիների գրանցմանը, բնակության թույլատրմանը և օտարերկրացիների բնակության այլ հարցեր կարգավորող օրենքների պահանջների կատարումից:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

1. ՈՒղարկող պետությունն Ընդունող պետության տարածքում ազատվում է այն բոլոր հարկերից, տուրքերից և վճարումներից, որոնք վերաբերում են.

ա) հողամասին, շինություններին կամ հարկաբաժիններին, որոնք օգտագործվում են հյուպատոսական նպատակների համար կամ որպես կացարան հյուպատոսական հիմնարկի ղեկավարի համար` պայմանով, որ խնդրո առարկա շենքերը վարձված են ՈՒղարկող պետության անունից կամ համարվում են նրա սեփականությունը,

բ) 1-ին կետի «ա» ենթակետում նշված անշարժ գույքի ձեռքբերման հետ կապված գործարքներին և փաստաթղթերին,

գ) հյուպատոսական պարտականությունների կատարման, ներառյալ հյուպատոսական ծառայությունները, դիմաց վճարումներին:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված հարկումից ազատումը չի տարածվում այդ հարկերի, տուրքերի և վճարումների նկատմամբ, եթե դրանք, ըստ Ընդունող պետության օրենսդրության, ենթակա են վճարման ՈՒղարկող պետության հետ գործարքի մեջ գտնվող անձի կամ իր անունից գործող անձի կողմից:

3. ՈՒղարկող պետությունն Ընդունող պետության տարածքում ազատվում է նաև բացառապես հյուպատոսական նպատակներով օգտագործվող և իրեն պատկանող կամ իրեն տրամադրված շարժական գույքի կապակցությամբ հարկերից, տուրքերից և վճարումներից: Այդուհանդերձ, դա չի վերաբերում այն հարկերին, տուրքերին կամ վճարումներին, որոնք ներառված են ապրանքների և ծառայությունների արժեքում:

4. Սույն հոդվածով նախատեսված հարկումից ազատումը չի տարածվում տրամադրվող ծառայությունների համար գանձվող հարկերի, տուրքերի և վճարումների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

1. Հյուպատոսական հիմնարկի անդամների` իրենց ծառայողական պարտականությունների կատարման համար ստացած աշխատավարձն ազատվում է Ընդունող պետության կողմից գանձվող հարկերից ու տուրքերից:

2. Հյուպատոսական հիմնարկի անդամներն Ընդունող պետությունում ազատվում են բոլոր պետական, տարածքային և տեղական հարկերից ու տուրքերից:

3. 2-րդ կետի դրույթները չեն տարածվում.

ա) անուղղակի հարկերի վրա, որոնք մտնում են ապրանքների ու ծառայությունների արժեքի մեջ,

բ) 21-րդ հոդվածով նախատեսված դեպքերից բացի, Ընդունող պետության տարածքում գտնվող մասնավոր անշարժ գույքի հարկերի և տուրքերի վրա,

գ) 23-րդ հոդվածով նախատեսված դեպքերից բացի, Ընդունող պետության կողմից գանձվող գույքի, իրավահաջորդության կամ ժառանգության, ինչպես նաև սեփականության փոխանցման կապակցությամբ հարկերի և տուրքերի վրա,

դ) այն մասնավոր եկամուտի վրա դրվող հարկերի ու տուրքերի վրա, որի աղբյուրը գտնվում է Ընդունող պետությունում,

ե) 21-րդ հոդվածով նախատեսված դեպքերից բացի, դատական, վարչական հարկերի, գրավային գրանցումների և դրոշմատուրքերի վրա,

զ) առաջարկվող ծառայությունների համար վճարումների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 23

 

1. Եթե հյուպատոսական հիմնարկի անդամը մահանում է և Ընդունող պետությունում թողնում է շարժական գույք, ապա Ընդունող պետությունը չպետք է սահմանի որևէ վճար գույքի հետմահու տեղափոխման համար, ինչպես նաև ժառանգության հարկ և գույքին առնչվող գործողությունների հետ կապված որևէ գանձում` այն դեպքում, երբ այդ գույքն օգտագործվել է իր կողմից բացառապես որպես հյուպատոսական հիմնարկի անդամ:

2. Ընդունող պետությունը թույլ կտա սույն հոդվածի 1-ին կետում նշված շարժական գույքը դուրս տանել երկրից, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գույքը ձեռք է բերվել Ընդունող պետությունում, և որի արտահանումը տվյալ անձի մահվան պահին արգելված է եղել:

 

ՀՈԴՎԱԾ 24

 

1. Ընդունող պետությունը, համաձայն իր օրենսդրության, մուտքի թույլտվություն կտրամադրի և կազատի բոլոր մաքսատուրքերից, վճարումներից և համապատասխան գանձումներից, բացառությամբ պահպանման, տեղափոխման և նման ծառայությունների դիմաց մուծումների.

ա) հյուպատոսական հիմնարկի պաշտոնական օգտագործման առարկաները,

բ) հյուպատոսական հիմնարկի պաշտոնյայի անձնական օգտագործման իրերը, ներառյալ նրա տնտեսության համար անհրաժեշտ առարկաները: Սպառման համար նախատեսված իրերը չպետք է գերազանցեն տվյալ անձանց ուղղակի օգտագործման համար անհրաժեշտ քանակությունները:

2. Հյուպատոսական ծառայողները օգտվում են սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված ազատումներից և արտոնություններից` այն առարկաների նկատմամբ, որոնք նրանք ներմուծել են սկզբնական տեղավորման ժամանակ:

3. Հյուպատոսական պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների անձնական ուղեբեռն ազատվում է զննումից: Այն կարող է զննվել միայն այն դեպքում, երբ լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այն պարունակում է առարկաներ, որոնք նախատեսված չեն սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով, որոնց ներմուծումն ու արտահանումն արգելված է Ընդունող պետության օրենսդրությամբ կամ էլ ենթակա է վերջինիս կարանտինային օրենքներին և կանոններին: Այդ զննումը պետք է կատարվի հյուպատոսական պաշտոնյայի կամ նրա ընտանիքի որևէ անդամի ներկայությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 25

 

Բոլոր անձինք, որոնց սույն Կոնվենցիան օժտում է արտոնություններով և անձեռնմխելիությամբ` առանց վնասելու այդ արտոնությունները և անձեռնմխելիությունը, պարտավոր են հարգել Ընդունող պետության օրենքները և կանոնները` ներառյալ ճանապարհային երթևեկության կանոնները, և ապահովագրվել ճանապարհային, օդային կամ ծովային փոխադրամիջոցների վթարների հետևանքով երրորդ կողմին պատճառվող վնասից:

Նրանք պարտավորվում են նաև չմիջամտել այդ պետության ներքին գործերին:

 

ՀՈԴՎԱԾ 26

 

Հյուպատոսական հիմնարկի անդամը, ենթարկվելով Ընդունող պետության` ազգային անվտանգության նկատառումներով որոշ շրջաններ մուտքն արգելող օրենքներին, կարող է ազատ երթևեկել Ընդունող պետության տարածքում:

 

ՀՈԴՎԱԾ 27

 

Հյուպատոսական ծառայողները, որոնք Ընդունող պետության քաղաքացիներ կամ մշտական բնակիչներ են, չեն կարող օգտվել սույն Կոնվենցիայով նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիության իրավունքից, բացի 17-րդ հոդվածի 3-րդ կետում նշված դեպքերից:

 

ՀՈԴՎԱԾ 28

 

Հյուպատոսական պաշտոնյաների և ծառայողների ընտանիքների անդամները, որոնց հետ նրանք ապրում են միասին, օգտվում են սույն Կոնվենցիայի 16-րդ հոդվածի 3-րդ կետով, 17-րդ հոդվածի 3-րդ կետով, 19-րդ, 20-րդ հոդվածներով, 22-րդ հոդվածի 2-րդ կետով, 23-րդ, 24-րդ և 26-րդ հոդվածներով նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիությունից` պայմանով, որ նրանք Ընդունող պետության քաղաքացիներ կամ մշտական բնակիչներ չեն:

 

ՄԱՍ IV ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 29

 

1. Հյուպատոսական պաշտոնյան լիազորված է հյուպատոսական շրջանի սահմաններում կատարելու սույն մասում շարադրված պարտականությունները: Նա կարող է կատարել նաև հյուպատոսական այլ պարտականություններ` պայմանով, որ դրանք չեն հակասում Ընդունող պետության օրենսդրությանը:

Հյուպատոսական պաշտոնյան լիազորված է պաշտպանել ՈՒղարկող պետության, նրա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավունքներն ու շահերը:

2. Իր պարտականությունների կատարման հետ կապված` հյուպատոսական պաշտոնյան իրավասու է դիմել, գրավոր կամ բանավոր, իր հյուպատոսական շրջանի իրավասու տեղական իշխանություններին, ինչպես նաև Ընդունող պետության կենտրոնական իշխանություններին տվյալ երկրի օրենսդրությամբ և սովորույթներով թույլատրված սահմաններում:

3. Հյուպատոսական պաշտոնյան կարող է իրավունք ունենալ Ընդունող պետության համաձայնության դեպքում հյուպատոսական պարտականություններ կատարել նաև իր հյուպատոսական շրջանի սահմաններից դուրս:

 

ՀՈԴՎԱԾ 30

 

Հյուպատոսական պաշտոնյան նպաստում է Բարձր պայմանավորվող կողմերի միջև տնտեսական, առևտրային, մշակութային, գիտական և զբոսաշրջության բնագավառում կապերի զարգացմանը և նպաստում է նրանց միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:

 

ՀՈԴՎԱԾ 31

 

1. Հյուպատոսական պաշտոնյան լիազորված է.

ա) վարել ՈՒղարկող պետության քաղաքացիների գրանցում,

բ) ստանալ ՈՒղարկող պետության բնակիչների քաղաքացիության վերաբերյալ դիմումներ և հայտարարագրեր և տալ համապատասխան փաստաթղթեր,

գ) ՈՒղարկող պետության օրենքների համաձայն` ստանալ ՈՒղարկող պետության քաղաքացիների միջև ամուսնությունների գրանցման մասին դիմումներ,

դ) ՈՒղարկող պետության օրենսդրության համաձայն` ստանալ ՈՒղարկող պետության քաղաքացիների ընտանեկան հարաբերությունների մասին կամ որևէ այլ բովանդակությամբ հայտարարագրեր,

ե) գրանցել ՈՒղարկող պետության քաղաքացիների ծննդյան ու մահվան փաստերը, կազմել կամ գրանցել ՈՒղարկող պետության քաղաքացիների ծննդյան կամ մահվան վերաբերյալ փաստաթղթեր կամ այդ քաղաքացիների քաղաքացիական կարգավիճակին վերաբերող ցանկացած այլ փաստաթուղթ,

զ) կազմել և օրինականացնել ՈՒղարկող պետության քաղաքացիների միջև կնքված պայմանագրերը` պայմանով, որ այդ պայմանագրերը չեն վերաբերում Ընդունող պետությունում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրական իրավունքների հաստատմանը, փոխանցմանը կամ չեղյալ համարելուն,

է) կազմել և օրինականացնել պայմանագրեր` անկախ դրանք ստորագրած կողմերի քաղաքացիությունից, եթե այդ պայմանագրերն իրավական ուժ պետք է ունենան միայն ՈՒղարկող պետությունում և վերաբերում են վերջինիս տարածքում գտնվող որևէ սեփականության կամ իրավունքի,

ը) կազմել, հաստատել, օրինականացնել, նույնականացնել, վավերացնել կամ որևէ այլ կերպ օրինական ուժ հաղորդել իրավական ակտերին և փաստաթղթերին, որոնք կպահանջվեն ՈՒղարկող պետության քաղաքացու կողմից` ՈՒղարկող պետության օրենսդրությանը համապատասխան, այն դեպքում, եթե դա չի հակասում Ընդունող պետության օրենսդրությանը,

թ) կազմել կամ օրինականացնել և պահպանել ՈՒղարկող պետության քաղաքացիների կտակները,

ժ) թարգմանել իրավական ակտերն ու փաստաթղթերը և վավերացնել թարգմանության նույնականությունը և փաստաթղթերը,

ժա) տալ ապրանքների ծագման մասին հավաստագրեր:

2. Հյուպատոսական պաշտոնյան պետք է տեղեկացնի Ընդունող պետության իրավասու իշխանություններին սույն հոդվածի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերում նշված իրավական ակտերի կատարման մասին, եթե դա պահանջվում է Ընդունող պետության օրենսդրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 32

 

31-րդ հոդվածին համապատասխան հյուպատոսական պաշտոնյայի կողմից տրված, թարգմանված կամ հաստատված իրավական ակտերն ու փաստաթղթերը Ընդունող պետությունում կունենան նույնպիսի իրավական և ապացուցողական ուժ, ինչպիսիք Ընդունող պետության իրավասու իշխանությունների կողմից տրված, թարգմանված կամ հաստատված փաստաթղթերը` պայմանով, որ դրանց կազմման եղանակը չի հակասում Ընդունող պետության օրենսդրությանը:

 

ՀՈԴՎԱԾ 33

 

1. Հյուպատոսական պաշտոնյան լիազորված է հաստատել, երկարաձգել, փոփոխել ՈՒղարկող պետության քաղաքացիների ճամփորդական փաստաթղթերի վավերականությունը և չեղյալ համարել դրանք` ՈՒղարկող պետության օրենսդրությանը համապատասխան:

2. Հյուպատոսական պաշտոնյան լիազորված է նաև ձևակերպել, երկարաձգել և չեղյալ հայտարարել ՈՒղարկող պետություն մեկնող անձանց մուտքի արտոնագրերը:

 

ՀՈԴՎԱԾ 34

 

Հյուպատոսական պաշտոնյան լիազորված է ի պահ ընդունելու ՈՒղարկող պետության քաղաքացիներին պատկանող կամ նրանց հասցեագրված փաստաթղթեր, դրամական միջոցներ, արժեքավոր իրեր և շարժական գույք: Այդ իրերն Ընդունող պետությունից կարող են արտահանվել միայն վերջինիս օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 35

 

1. Ընդունող պետության իշխանությունները պետք է իրավասու հյուպատոսական հիմնարկին ծանուցեն իրենց հայտնի բոլոր այն դեպքերի մասին, երբ ՈՒղարկող պետության քաղաքացու համար նշանակվում է խնամակալ կամ հոգաբարձու:

2. Անհրաժեշտության դեպքում հյուպատոսական պաշտոնյան դատարանին կամ Ընդունող պետության այլ իրավասու մարմնին կարող է առաջարկել հոգաբարձու կամ խնամակալ` ՈՒղարկող պետության քաղաքացու կամ վերջինիս սեփականության պաշտպանության համար, եթե այդ սեփականությունը մնացել է անպաշտպան:

 

ՀՈԴՎԱԾ 36

 

1. Ընդունող պետության իրավասու իշխանությունները պետք է համապատասխան հյուպատոսական պաշտոնյային անհապաղ տեղյակ պահեն Ընդունող պետության տարածքում ՈՒղարկող պետության քաղաքացու մահվան մասին:

2. Ընդունող պետության իրավասու իշխանությունները, ստանալով որևէ տեղեկություն ՈՒղարկող պետության քաղաքացու մահվանից հետո մնացած գույքի կամ այլ պետության քաղաքացու մահվանից հետո մնացած այնպիսի գույքի մասին, որը կարող է կապված լինել ՈՒղարկող պետության որևէ քաղաքացու հետ, պետք է այդ մասին տեղեկացնի համապատասխան հյուպատոսական պաշտոնյային:

3. Ընդունող պետության իրավասու իշխանությունները, սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված դեպքերում և պայմանով, որ գույքը գտնվում է այդ պետության տարածքում, պետք է միջոցներ ձեռնարկեն, Ընդունող պետության օրենսդրության համաձայն, գույքի պաշտպանության համար և համապատասխան հյուպատոսական պաշտոնյային ուղարկեն կտակի պատճենը, եթե այդպիսին կազմվել է, և տրամադրեն տեղեկություններ ժառանգների, գույքի պարունակության և արժեքի մասին, բացի դրանից, խորհրդակցեն ժառանգության գործով վարույթի ժամկետների վերաբերյալ:

4. Հյուպատոսական պաշտոնյան լիազորված է, Ընդունող պետության օրենսդրության համապատասխան, անձամբ կամ ներկայացուցչի միջոցով ներկայացնել ՈՒղարկող պետության այն քաղաքացու շահերը, որն Ընդունող պետությունում որևէ սեփականության նկատմամբ պահանջ է ներկայացնում և այդ պետությունում չի բնակվում:

5. Հյուպատոսական պաշտոնյան լիազորված է Ընդունող պետությունում չբնակվող իր պետության քաղաքացու անունով ստանալ դրամ կամ այլ գույք, որի նկատմամբ տվյալ անձը կարող է իրավունքներ ձեռք բերել որևէ այլ անձի մահվան հետևանքով, ներառյալ աշխատավորների համար փոխհատուցումների մասին օրենքներից բխող վճարումները` թոշակների և սոցիալական ապահովության համակարգի շրջանակներում և ապահովագրությունից ստացվող գումարները:

6. ՈՒղարկող պետության քաղաքացուն պատկանող սեփականության լուծարումից ստացված շարժական գույքը և դրամը կարող են փոխանցվել համապատասխան հյուպատոսական պաշտոնյային` պայմանով, որ պարտատերերի հայցերը կարգավորված կամ ապահովված են, իսկ գույքին վերաբերող բոլոր հարկերն ու տուրքերը` վճարված:

7. Հյուպատոսական պաշտոնյան լիազորված է համագործակցել Ընդունող պետության իշխանությունների հետ` սույն հոդվածի համաձայն գույքի անվտանգության ապահովման նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 37

 

1. Եթե Ընդունող պետությունում մահանում է վերջինիս տարածքում մշտական բնակության վայր չունեցող ՈՒղարկող պետության քաղաքացի, ապա նրա իրերն անմիջապես փոխանցվում են ՈՒղարկող պետության հյուպատոսական պաշտոնյային` պայմանով, որ Ընդունող պետությունում վախճանվածի պարտատերերի հայցերը բավարարված կամ ապահովված լինեն:

2. Հյուպատոսական հիմնարկը պետք է հետևի Ընդունող պետության օրենսդրությանը, որը վերաբերում է սույն հոդվածի 1-ին կետում և 36-րդ հոդվածի 6-րդ կետում նշված ապրանքների արտահանմանը և դրամական միջոցների փոխանցմանը:

 

ՀՈԴՎԱԾ 38

 

Հյուպատոսական պաշտոնյան լիազորված է, Ընդունող պետության օրենսդրության համապատասխան, Ընդունող պետության իշխանությունների առջև ներկայացնել ՈՒղարկող պետության այն քաղաքացիների շահերը, որոնք բացակայության կամ որևէ այլ լուրջ պատճառով չեն կարող ժամանակին պաշտպանել իրենց շահերն ու իրավունքները:

Հյուպատոսական պաշտոնյան ներկայացնում է այդ անձանց շահերն այնքան ժամանակ, մինչև նրանք նշանակեն լիազոր ներկայացուցիչ կամ կարողանան անձամբ ստանձնել իրենց իրավունքների և շահերի պաշտպանությունը:

 

ՀՈԴՎԱԾ 39

 

Հյուպատոսական պաշտոնյան իրավասու է կապեր հաստատել և պահպանել ՈՒղարկող պետության ցանկացած քաղաքացու հետ` նրան անհրաժեշտ աջակցություն ցույց տալու և խորհրդատվությամբ ապահովելու նպատակով, և, անհրաժեշտության դեպքում, ջանքեր գործադրել նրան իրավաբանական օգնություն ապահովելու համար: Ընդունող պետությունը ոչ մի կերպ չպետք է խախտի ՈՒղարկող պետության քաղաքացու իրավունքը` այցելել իր հյուպատոսական հիմնարկ կամ հաղորդակցվել նրա հետ:

 

ՀՈԴՎԱԾ 40

 

1. Ընդունող պետության իրավասու իշխանությունները պետք է համապատասխան հյուպատոսական պաշտոնյային անհապաղ տեղեկացնեն ՈՒղարկող պետության քաղաքացու ձերբակալման, կալանավորման կամ նրա ազատության որևէ սահմանափակման մասին:

2. Հյուպատոսական պաշտոնյան իրավունք ունի այցելելու, հնարավորինս արագ, և կապ պահպանելու ՈՒղարկող պետության այն քաղաքացու հետ, որն ազատազրկված է, կամ որի ազատությունը սահմանափակված է: Ընդունող պետության իրավասու իշխանությունները հյուպատոսական պաշտոնյային պետք է անհապաղ փոխանցեն նաև ցանկացած հաղորդագրություն` ստացված ՈՒղարկող պետության քաղաքացու կողմից, որն ազատազրկված է, կամ որի ազատությունը որևէ կերպ սահմանափակված է:

3. Հարցման դեպքում հյուպատոսական պաշտոնյան անհապաղ պետք է տեղեկացվի ՈՒղարկող պետության քաղաքացու ձերբակալման, կալանավորման կամ նրա անձնական ազատության որևէ սահմանափակման պատճառների մասին:

4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված` հյուպատոսական պաշտոնյայի իրավունքները պետք է իրականացվեն Ընդունող պետության օրենսդրությանը համապատասխան` պայմանով, որ վերջինս այդ իրավունքները չի խախտում:

 

ՀՈԴՎԱԾ 41

 

Ընդունող պետության իրավասու իշխանությունները հյուպատոսական պաշտոնյային պետք է անհապաղ տեղեկացնեն ՈՒղարկող պետության քաղաքացիների հետ տեղի ունեցած բոլոր լուրջ ճանապարհատրանսպորտային պատահարների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 42

 

Հյուպատոսական հիմնարկը լիազորված է Ընդունող պետությունում հյուպատոսական ծառայությունների կատարման համար ստանալ ՈՒղարկող պետության օրենսդրությամբ նախատեսված տուրքերը և վճարները:

 

ՀՈԴՎԱԾ 43

 

Սույն Կոնվենցիայի դրույթները չեն խոչընդոտի այն միջազգային պայմանագրերի կիրառմանը, որոնց կողմ են հանդիսանում Բարձր պայմանավորվող կողմերը:

 

ՄԱՍ V

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 44

 

1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման և ուժի մեջ կմտնի վավերագրերի փոխանակումից 30 օր հետո:

2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմնա 6 ամիս` այն օրվանից սկսած, երբ Բարձր պայմանավորվող կողմերից մեկը մյուսին գրավոր կծանուցի Կոնվենցիայի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Ի հաստատումն վերը շարադրվածի` Բարձր պայմանավորվող կողմերի պատշաճ կերպով լիազորված անձինք ստորագրեցին սույն Կոնվենցիան և ստորև ամրագրեցին իրենց կնիքներով:

 

Կատարված է Երևան քաղաքում 1997 թվականի ապրիլի 9-ին, երկու բնօրինակով, հայերեն, հունարեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Տարաձայնության դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

 

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2000 թվականի մարտի 10-ից:

 

 

pin
Հունաստանի Հանրապետություն
09.04.1997
Հյուպատոսական կոնվենցիա