Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Կանադայի կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ընդունելով, որ մի Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների խրախուսումն ու դրանց պաշտպանությունը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կնպաստեն գործարար նախաձեռնությունների խթանմանը և այդ պետությունների միջև տնտեսական համագործակցության զարգացմանը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար.

ա) «ձեռնարկություն» տերմինը նշանակում է.

1. գործող օրենսդրության համաձայն հիմնված կամ կազմակերպված, շահույթ հետապնդող կամ չհետապնդող, մասնավոր կամ պետական սեփականություն հանդիսացող որևէ հաստատություն` ներառյալ որևէ կորպորացիա, տրեստ, ընկերություն, անհատ ձեռներեց, համատեղ ձեռնարկություն կամ այլ ասոցիացիա, և

2. ցանկացած նման հաստատության մասնաճյուղ,

բ) «գոյություն ունեցող միջոց» տերմինը նշանակում է սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահին գոյություն ունեցող միջոց,

գ) «ֆինանսական ծառայություն» տերմինը նշանակում է ֆինանսական բնույթի ծառայություն` ներառյալ ապահովագրությունը կամ ֆինանսական բնույթի ծառայության կողմնակի կամ օժանդակ ծառայությունը,

դ) «ֆինանսական հաստատություն» տերմինը նշանակում է ֆինանսական որևէ միջնորդ կամ այլ ձեռնարկություն, որն իրավասու է զբաղվելու գործարարությամբ և որպես ֆինանսական հաստատություն կառավարվում կամ ղեկավարվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում այն տեղակայված է,

ե) «մտավոր սեփականության իրավունքներ» նշանակում է հեղինակային իրավունքը և դրան հարակից իրավունքները` ապրանքային նշանների, արտոնագրված գյուտերի, կիսահաղորդչային ինտեգրալ շղթաների տոպոլոգիաների, առևտրային գաղտնիքի, բույսերի սելեկցիոներների, աշխարհագրական տեղանունների և արդյունաբերական նմուշների վերաբերյալ,

զ) «ներդրում» տերմինը նշանակում է որևէ տեսակի գույք, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն որևէ երրորդ պետության ներդրողի միջոցով տնօրինվում կամ վերահսկվում է մի Պայմանավորվող կողմի ներդրողի կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածքում` վերջինիս օրենսդրության համապատասխան և, մասնավորապես, բայց ոչ բացառապես, ներառում է.

1. շարժական և անշարժ սեփականությունը և դրան առնչվող գույքային իրավունքները, ինչպիսիք են հիպոթեքը, պարտապանի ունեցվածքի վրա կալանք դնելու իրավունքը կամ գրավը,

2. բաժնետոմսերը, բաժնեմասերը, պարտատոմսերը և պարտքի հանձնառությունը կամ ընկերությունը, առևտրային կամ համատեղ ձեռնարկությանը մասնակցության որևէ այլ ձև,

3. դրամը, դրամի պահանջները և ֆինանսական արժեք ներկայացնող համաձայնագրին համապատասխան գործունեություն ծավալելու պահանջները,

4. գործարար համբավը,

5. մտավոր սեփականության իրավունքները,

6. որևէ տնտեսական կամ առևտրային գործունեություն ծավալելու իրավունքները, որոնք ամրագրված են օրենքով կամ պայմանագրով, ներառյալ բնական ռեսուրսների հետազոտման, արդյունահանման, մշակման և շահագործման իրավունքները, բայց չի նշանակում անշարժ գույք կամ այլ սեփականություն` անկախ դրա ծավալներից, որը չի օգտագործվել տնտեսական շահույթ ստանալու կամ այլ գործարար նպատակների համար կամ ձեռք չի բերվել այդ նկատառումներով:

Ներդրման ձևի որևէ փոփոխություն չի ազդի որպես ներդրում դրա բնույթի վրա,

է) «Ներդրող» տերմինը նշանակում է.

Հայաստանի Հանրապետության դեպքում`

1. որևէ ֆիզիկական անձ, որն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ մշտապես բնակվում է Հայաստանի Հանրապետությունում` համաձայն այդ երկրի օրենսդրության, կամ

2. որևէ ձեռնարկություն, որը կազմավորվել կամ պատշաճորեն հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքներին համապատասխան, որը ներդրում է կատարում Կանադայի տարածքում և չունի Կանադայի քաղաքացիություն, և

Կանադայի դեպքում`

1. որևէ ֆիզիկական անձ, որն ունի Կանադայի քաղաքացիություն կամ մշտապես բնակվում է Կանադայում` համաձայն նրա օրենսդրության, կամ

2. որևէ ձեռնարկություն, որը կազմավորվել կամ պատշաճորեն հաստատվել է Կանադայում գործող օրենքներին համապատասխան, որը ներդրում է կատարում Հայաստանի Հանրապետության տարածքում,

ը) «միջոց» տերմինը ներառում է որևէ օրենք, կանոնակարգ, ընթացակարգ, պահանջ կամ պրակտիկա,

թ) «եկամուտներ» տերմինը նշանակում է բոլոր այն գումարները, որոնք վաստակվում են ներդրման արդյունքում և, մասնավորապես, բայց ոչ բացառապես, ներառում են եկամուտներ, շահույթ, կապիտալի աճ, շահաբաժիններ, հոնորարներ, վճարումներ կամ այլ ընթացիկ եկամուտներ,

ժ) «պետական ձեռնարկություն» տերմինը նշանակում է ձեռնարկություն, որը պետության սեփականությունն է կամ, սեփականության շահերից ելնելով, վերահսկվում է Պայմանավորվող կողմի կառավարության կողմից,

ժա) «տարածք» տերմինը նշանակում է.

1. Հայաստանի Հանրապետության դեպքում` Հայաստանի Հանրապետության տարածքը,

2. Կանադայի դեպքում` Կանադայի տարածքը, ինչպես նաև այն ջրային տարածքները, ներառյալ ծովի հատակը և ենթահողային տարածքները, որոնք հարում են Կանադայի տարածքային ջրերի արտաքին սահմանագծին, որոնց նկատմամբ Կանադան, համաձայն միջազգային իրավունքի նորմերի, կիրառում է նման տարածքներում բնական ռեսուրսներ հետազոտելու և շահագործելու ինքնիշխան իրավունքներ:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ, ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է խրախուսի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների համար նպաստավոր պայմանների ստեղծումը` իր տարածքում ներդրումներ կատարելու համար:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների կամ եկամուտների նկատմամբ պետք է ապահովի.

ա) արդար ու անաչառ վերաբերմունք` միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, և

բ) լիարժեք պաշտպանություն և անվտանգություն:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է թույլատրի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կամ ապագա ներդրողների կողմից նոր գործարար ձեռնարկության հիմնումը կամ արդեն գոյություն ունեցող գործարար ձեռնարկության կամ դրա բաժնեմասի ձեռքբերումը ոչ պակաս բարենպաստ հիմունքներով, քան նույնպիսի հանգամանքներում թույլատրում է նման ձեռքբերումը կամ հիմնումը`

ա) իր սեփական ներդրողների կամ ապագա ներդրողների կողմից, կամ

բ) ցանկացած երրորդ պետության ներդրողների կամ ապագա ներդրողների կողմից:

4. ա) Ձեռքբերումը թույլատրելու կամ չթույլատրելու մասին որևէ Պայմանավորվող կողմի` սույն Համաձայնագրին չհակասող միջոցներով կայացրած որոշումները չեն ենթարկվում սույն Համաձայնագրի 13-րդ և 15-րդ հոդվածների դրույթներին,

բ) ներդրողների կամ ապագա ներդրողների կողմից նոր գործարար ձեռնարկության հիմնումը կամ արդեն գոյություն ունեցող գործարար ձեռնարկության կամ նման ձեռնարկության բաժնեմասի ձեռքբերումը չթույլատրելու մասին որևէ Պայմանավորվող կողմի կայացրած որոշումները չեն ենթարկվում սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածի դրույթներին:

 

ՀՈԴՎԱԾ 3. ԱՌԱՎԵԼ ԲԱՐԵՆՊԱՍՏ ԱԶԳԻ (ԱԲԱ) ՌԵԺԻՄԸ ՀԻՄՆՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԵՎ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԲԱ-ԻՑ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի կատարած ներդրումներին կամ եկամուտներին պետք է տրամադրի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան նման հանգամանքներում նա տրամադրում է որևէ երրորդ պետության ներդրողների կատարած ներդրումներին կամ եկամուտներին:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին նրանց կատարած ներդրումների կամ եկամուտների կառավարման, օգտագործման, տնօրինման կամ օտարման առնչությամբ պետք է տրամադրի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան նման հանգամանքներում նա տրամադրում է որևէ երրորդ պետության ներդրողներին:

2-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետը և սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերը չեն վերաբերում Պայմանավորվող կողմի այն ռեժիմին, որը նա տրամադրում է համաձայն գոյություն ունեցող կամ նոր կնքվելիք` երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի`

ա) մաքսային միության կամ ազատ առևտրի գոտու ստեղծման, ամրապնդման կամ ընդլայնման մասին,

բ) ԱՍԳՀ-ի կամ դրան փոխարինող կազմակերպության շրջանակներում փոխհամաձայնեցված և ծառայությունների առևտրի ազատականացման մասին, կամ

գ) որոնք վերաբերում են.

1. ավիացիային,

2. տրանսպորտային հեռահաղորդակցության ցանցին և տրանսպորտային հեռահաղորդակցության ծառայություններին,

3. ձկնորսությանը,

4. ծովային հարցերին, ներառյալ փրկարարական աշխատանքները, կամ

5. ֆինանսական ծառայություններին:

 

ՀՈԴՎԱԾ 4. ԱԶԳԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ ՀԻՄՆՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԵՎ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՌԵԺԻՄԻՑ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումներին կամ եկամուտներին պետք է տրամադրի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն նման հանգամանքներում տրամադրում է իր սեփական ներդրողների ներդրումներին կամ եկամուտներին` ներդրումների ընդլայնման, կառավարման, իրագործման, գործարկման և վաճառքի կամ տնօրինման առումով:

2. 2-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետը, սույն հոդվածի 1-ին կետը և 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը չեն վերաբերում.

ա) 1) մի Պայմանավորվող կողմի տարածքում ընդունված` որևէ գոյություն ունեցող կանոնին չհամապատասխանող միջոցներին, և

2) որևէ գոյություն ունեցող կամ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից հետո ընդունված միջոցին, որը որևէ գործող պետական ձեռնարկության կամ որևէ գոյություն ունեցող կառավարական հաստատության միջոցների վաճառքի կամ դրանցում կառավարության բաժնետոմսերի շահույթի այլ տնօրինման ժամանակ արգելում կամ հարկադրում է բաժնետոմսերի շահույթի կամ միջոցների սեփականության սահմանափակումներ կամ հարկադրում է ազգային հպատակության պահանջներին` բարձրագույն կառավարման կամ տնօրենների խորհրդի անդամներին,

բ) «ա» ենթակետում նշված որևէ չհամապատասխանող միջոցի շարունակմանը կամ շտապ վերականգնմանը,

գ) «ա» ենթակետում հիշատակված որևէ չհամապատասխանող միջոցի լրացմանը` այնքանով, որքանով այդ լրացումը չի պակասեցնում այդ միջոցի համապատասխանությունը, այնպես, ինչպես այն գոյություն ուներ անմիջապես նախքան լրացումը, այդ պարտականություններով,

դ) յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի իրավունքին` կատարելու կամ ընդունելու բացառություններ սույն Համաձայնագրի Հավելվածում թվարկված ոլորտներում կամ դեպքերում:

 

ՀՈԴՎԱԾ 5. ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐ

 

1. ա) Մի Պայմանավորվող կողմը չի կարող պահանջել, որ մյուս Պայմանավորվող կողմի որևէ ձեռնարկություն, որը սույն Համաձայնագրով նախատեսված կարգով կատարված ներդրում է հանդիսանում, բարձրագույն կառավարման պաշտոններում նշանակի որևէ որոշակի քաղաքացիություն ունեցող անհատների:

բ) Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ ձեռնարկության, որը սույն Համաձայնագրով կատարված ներդրում է հանդիսանում, տնօրենների խորհրդի կամ դրա որևէ կոմիտեի անդամների մեծամասնությունը ունենա որոշակի քաղաքացիություն կամ բնակվի Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում` պայմանով, որ այս պահանջը նյութապես չի վնասի ներդրողի` իր կատարած ներդրումի հանդեպ հսկողություն կատարելու հնարավորությունը:

2. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չի կարող հարկադրել հետևյալ պահանջներից որևէ մեկը` կապված ներդրման կատարումը, ձեռքբերումը թույլատրելու հետ, կամ պարտադրել հետևյալ պահանջներից որևէ մեկը` կապված այդ ներդրման հետագա կարգավորման հետ.

ա) արտահանել որոշակի մակարդակի կամ տոկոսային հարաբերությամբ ապրանքներ,

բ) ձեռք բերել որոշակի մակարդակի կամ տոկոսային հարաբերության տեղական արտադրանք,

գ) գնել, օգտագործել կամ նախապատվությունը տալ իր տարածքում արտադրված ապրանքներին կամ մատուցված ծառայություններին կամ ապրանքներ կամ ծառայություններ գնել անհատներից իր տարածքում,

դ) որևէ կերպ հարաբերել ներմուծումների ծավալը կամ արժեքը արտահանումների ծավալի կամ արժեքի հետ կամ այդպիսի ներդրումների հետ կապված արտասահմանյան տարադրամի ներհոսքի քանակի հետ, կամ

ե) փոխանցել տեխնոլոգիա, արտադրական գործընթաց կամ այլ ձեռնարկատիրական տեղեկություն իր տարածքում գտնվող այն անձին, որը անդամագրված չէ փոխանցողին, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ պահանջը հարկադրվում կամ դրա կատարումը և ձեռնարկումը պարտադրվում է դատարանի, վարչական տրիբունալի կամ իրավասու մարմնի, մրցակցային կանոնների խախտման կամ սույն Համաձայնագրի դրույթների համաձայն չգործելու հայտնի փաստը:

3. Ենթարկվելով օտարերկրացիների մուտքի մասին իր օրենքներին, կանոնակարգերին և քաղաքականությանը` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ապահովի մյուս Պայմանավորվող կողմի այն քաղաքացիների ժամանակավոր մուտքը, որոնք աշխատում են ձեռնարկությունում, որը ցանկանում է ծառայություններ մատուցել այդ ձեռնարկությանը, դրա մասնաճյուղին կամ ֆիլիալին` կառավարման կամ գործադիր նշանակությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 6. ԱՅԼ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. ա) Կապված մտավոր սեփականության իրավունքների հետ` Պայմանավորվող կողմը կարող է շեղվել 3-րդ և 4-րդ հոդվածներից այնպես, որ համապատասխանի Մարաքեշում 1994 թվականի ապրիլի 15-ին ընդունված Առևտրի բազմակողմ բանակցությունների ՈՒրուգվայի փուլի արդյունքների ամփոփման վերջնական ակտին:

բ) 8-րդ հոդվածի դրույթները չեն վերաբերում պարտադիր արտոնագրերին, որոնք տրվում են կապված մտավոր սեփականության իրավունքների հետ` մտավոր սեփականության իրավունքները չեղյալ հայտարարելու, դրանց սահմանափակման կամ ստեղծման հետ` այն չափով, որ դրանց հատկացումը, վերացումը, սահմանափակումը կամ ստեղծումը համապատասխանում են Մարաքեշում 1994 թվականի ապրիլի 15-ին ընդունված Առևտրական բազմակողմ բանակցությունների ՈՒրուգվայի փուլի արդյունքների ամփոփման վերջնական ակտին:

2. Սույն Համաձայնագրի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածների դրույթները չեն կիրառվում հետևյալների նկատմամբ.

ա) կառավարման կամ պետական ձեռնարկության կողմից կատարված գնումների,

բ) կառավարական կամ ձեռնարկության կողմից տրամադրված սուբսիդիաների կամ նվիրատվությունների, ներառյալ կառավարության օժանդակային վարկերը, երաշխավորություններն ու ապահովագրությունը,

գ) որևէ միջոցի, որը մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին և նրանց ներդրումները զրկում է Կանադայի բնիկ ժողովուրդներին տրվող որևէ իրավունքից կամ նախապատվությունից,

դ) տնտեսական զարգացումը խթանող որևէ ընթացիկ կամ ապագա արտասահմանյան օգնության ծրագրի, երկկողմ համաձայնագրով կամ ըստ բազմակողմանի համաձայնության կամ պայմանագրի, ինչպիսին է «OECD»-ի արտահանման վարկերի պայմանագիրը:

3. Մշակութային արդյունաբերություններում կատարված ներդրումները ազատվում են սույն Համաձայնագրի դրույթներից: «Մշակութային արդյունաբերություններ» նշանակում է հետևյալ գործունեություններից որևէ մեկով զբաղված ֆիզիկական անձինք կամ ձեռնարկությունները`

ա) գրքերի, ամսագրերի, պարբերականների կամ թերթերի տպագրական կամ մեքենագրական ընթեռնելիությամբ հրատարակում, բաշխում կամ վաճառք, բայց ոչ վերոհիշյալներից որևէ մեկի տպագրելու կամ գրաշարելու անհատական գործունեությունը,

բ) ֆիլմերի կամ տեսաձայնագրությունների արտադրությունը, բաշխումը, վաճառքը կամ ցուցադրումը, կամ

գ) երաժշտական տեսագրությունների ու ձայնագրությունների արտադրությունը, բաշխումը, վաճառքը կամ ցուցադրումը, կամ

դ) երաժշտության տպագրական կամ մեքենագրական ընթեռնելիությամբ արտադրությունը, բաշխումը, վաճառքը կամ ցուցադրումը, կամ

ե) ռադիոհաղորդակցությունները, որտեղ հաղորդումները նախատեսվում են անմիջականորեն լայն հասարակայնության համար, բոլոր ռադիո, հեռուստատեսային կամ կաբելային հաղորդումների ձեռնարկումները և բոլոր արբանյակային ծրագրային և հաղորդման ցանցի ծառայությունները:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԸ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԴԻՄԱՑ

 

Մի Պայմանավորվող կողմի ներդրողներին, որոնք կորուստներ են կրում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում իրենց կատարած ներդրումների ու եկամուտների վնասման պատճառով, այդ տարածքում ծագած զինված վերջին հակամարտության, արտակարգ իրավիճակի կամ բնական աղետի հետևանքով, վերջին Պայմանավորվող կողմը վնասի փոխհատուցման, ապահովագրման, վերականգնման կամ հարցի այլ լուծման առումով պետք է տրամադրի ոչ պակաս բարենպաստ պայմանակարգ, քան այն, որը նա տրամադրում է իր սեփական ներդրողներին կամ որևէ երրորդ պետության ներդրողներին:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՀԱՐԿԱԴԻՐ ՕՏԱՐՈՒՄ

 

1. Որևէ Պայմանավորվող կողմի ներդրողների կատարած ներդրումները կամ եկամուտները չպետք է ազգայնացվեն, հարկադիր օտարվեն կամ ենթարկվեն ազգայնացմանը կամ հարկադիր օտարմանը (այսուհետ` հարկադիր օտարում) հավասարազոր ազդեցություն ունեցող միջոցառումների մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա արվում է հասարակության շահերից ելնելով, օրենքով սահմանված կարգով, առանց խտրականության և դրա դիմաց կատարելով շտապ, համարժեք և արդյունավետ փոխհատուցում: Նման փոխհատուցումը պետք է հիմնված լինի հարկադիր օտարված ներդրման կամ եկամուտների` անմիջապես նախքան հարկադիր օտարումը կամ ծրագրված հարկադիր օտարման մասին հասարակությանը հայտնի դառնալու պահին հաշվարկված իրավական արժեքի վրա, որն ավելի շուտ կլինի, պետք է լինի վճարելի սկսված հարկադիր օտարման օրվանից, նորմալ առևտրական տոկոսադրույքով, պետք է վճարվի առանց հետաձգելու և լինի արդյունավետորեն իրացվելի ու ազատ փոխանցելի:

2. Վնաս կրող ներդրողը, հարկադիր օտարումն իրականացնող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, պետք է իրավունք ունենա այդ Կողմի իրավաբանական կամ այլ անկախ հեղինակության կողմից արագ քննարկելու իր դեպքը և իր կատարած ներդրման կամ եկամուտների գնահատումը` համաձայն սույն հոդվածում ամրագրված սկզբունքների:

 

ՀՈԴՎԱԾ 9. ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի համար պետք է երաշխավորի ներդրումների և եկամուտների անարգել փոխանցումը: Առանց սահմանափակելու վերոհիշյալի ընդհանրությունը, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ներդրողի համար պետք է նաև երաշխավորի հետևյալի անարգել փոխանցումը`

ա) ներդրման հետ կապված վարկերի վերավճարումների գումարների,

բ) որևէ ներդրման լրիվ կամ մասնակի լիկվիդացումից ստացված հասույթների,

գ) աշխատավարձերի և այլ տեսակի վարձատրության, որը բաժնեվճարում է հանդիսանում մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացուն, որին թույլատրվել է աշխատել` կապված մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կատարված ներդրման հետ,

դ) սույն Համաձայնագրի 7-րդ կամ 8-րդ հոդվածների համաձայն ներդրողին տրված որևէ փոխհատուցման:

2. Փոխանցումները պետք է կատարվեն առանց հետաձգելու, ազատ փոխարկելի տարադրամով, որով կապիտալը ի սկզբանե ներդրվել էր, կամ ներդրողի և համապատասխան Պայմանավորվող կողմի միջև համաձայնեցված որևէ այլ ազատ փոխարկելի տարադրամով: Եթե այլ համաձայնություն չկա ներդրողի հետ, փոխանցումները պետք է կատարվեն տարադրամի` փոխանցման օրը կիրառելի փոխանակման արժեքով:

3. Անկախ 1-ին և 2-րդ կետերից` Պայմանավորվող կողմը կարող է կանխել փոխանցումը` հետևյալի մասին, իր օրենսդրության արդարացի, անխտրական և բարեխիղճ կիրառմամբ.

ա) վարկատուների սնանկացման, անվճարունակության կամ իրավունքների պաշտպանության մասին,

բ) արժեթղթերի թողարկման, առևտրի կամ բաշխման մասին,

գ) հանցավոր կամ քրեական օրինազանցությունների մասին,

դ) տարադրամի կամ այլ դրամական միջոցների փոխանցումների վերաբերյալ հաշվետվությունների մասին, կամ

ե) դատավճռային ընթացակարգերում դատավճիռների բավարարումն ապահովելու մասին:

4. Ոչ մի Պայմանավորվող կողմ չի կարող իր ներդրողներից պահանջել փոխանցում կատարել կամ տուգանել իր ներդրողներին, որոնք չեն կարողանում փոխանցումներ կատարել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կատարած ներդրումներից ստացված եկամուտները:

5. 4-րդ կետը չպետք է խոչընդոտի Պայմանավորվող կողմին, որ նա հարկադրի որևէ միջոց 3-րդ կետի «ա»-ից մինչև «ե» ենթակետերում նշված հարցերի մասին` իր օրենսդրության արդարացի, անխտրական և բարեխիղճ կիրառմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՍՈՒԲՐՈԳԱՑԻԱ

 

1. Եթե մի Պայմանավորվող կողմ կամ դրա որևէ գործակալություն վճարում է կատարում իր ներդրողներից որևէ մեկին` համաձայն երաշխիքի կամ ապահովագրական պայմանագրի, որը նա ընդունել է ներդրման կապակցությամբ, մյուս Պայմանավորվող կողմը պետք է ճանաչի ներդրողի կողմից որևէ իրավունքի կամ լիազորության` հօգուտ այդպիսի Պայմանավորվող կողմի կամ դրա գործակալության, սուբրոգացիայի վավերականությունը:

2. Մի Պայմանավորվող կողմը կամ դրա որևէ գործակալություն, որը սուբրոգացվել է ներդրողի իրավունքներին, համաձայն սույն հոդվածի 1-ին կետի, բոլոր հանգամանքներում պետք է լիազորվի նույն իրավունքներով, ինչ ներդրողը, կապված համապատասխան ներդրման և դրան առնչվող եկամուտների հետ: Նման իրավունքները կարող են կիրառվել Պայմանավորվող կողմի կամ դրա որևէ գործակալության կողմից կամ ներդրողի կողմից, եթե Պայմանավորվող կողմը կամ դրա որևէ գործակալություն այդպես են լիազորում:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՆԵՐԴՐՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

1. Սույն Համաձայնագրում ոչինչ չպետք է խոչընդոտի Պայմանավորվող կողմերին` ընդունել կամ ձեռնարկել հիմնավոր միջոցներ զգուշավորության նպատակով, ինչպիսիք են`

ա) ներդրողների, դեպոնենտների, ֆինանսական շուկայի մասնակիցների, ապահովագրերի տերերի և ապահովագրերի հայցվորների կամ ֆինանսական հաստատության վստահված անձանց պաշտպանությունը,

բ) ֆինանսական հաստատությունների անվտանգության, հզորության, ամբողջականության կամ ֆինանսական կարողությունների պահպանումը, և

գ) Պայմանավորվող կողմի ֆինանսական համակարգի կայունության և ամբողջականության ապահովումը:

2. Չնայած 9-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերին և առանց սահմանափակելու 9-րդ հոդվածի 3-րդ կետի կիրառելիությունը, Պայմանավորվող կողմը կարող է արգելել կամ սահմանափակել ֆինանսական հաստատության փոխանցումները կամ հօգուտ դրանց, նման հաստատությանը անդամագրված անձանց կամ այն անձանց, որոնք առնչություն ունեն այդ հաստատության հետ կամ դրանց սպասարկողին կատարվող փոխանցումները` միջոցների արդարացի, անխտրական և բարեխիղճ կիրառման ճանապարհներով, որոնք վերաբերում են ֆինանսական հաստատությունների անվտանգությանը, հզորությանը, ամբողջականությանը կամ ֆինանսական կարողությունների պահպանմանը:

3. ա) Այն դեպքում, երբ ներդրողը արբիտրաժի պահանջ է ներկայացնում, համաձայն 13-րդ հոդվածի, և բանավիճող Պայմանավորվող կողմը վկայակոչում է վերը նշված 1-ին և 2-րդ կետերը, ապա 13-րդ հոդվածի համաձայն ստեղծված տրիբունալը, այդ Պայմանավորվող կողմի պահանջով պետք է Պայմանավորվող կողմերից տվյալ հարցի վերաբերյալ գրավոր հաշվետվություններ պահանջի այն մասին, թե ինչպես և ինչ չափով են նշված կետերը հանդես գալիս ի պաշտպանություն ներդրողի պահանջի: Տրիբունալը չի կարող գործել նախքան սույն հոդվածով նախատեսված հաշվետվության ստացումը:

բ) 3 «ա» ենթակետին համապատասխան ստացված պահանջի համաձայն` Պայմանավորվող կողմերը պետք է գործեն 15-րդ հոդվածի համաձայն. պատրաստեն գրավոր հաշվետվություններ կամ խորհրդակցությունների արդյունքում եղած համաձայնության հիման վրա, կամ արբիտրաժային հանձնաժողովի միջոցով: Խորհրդակցությունները պետք է ընթանան Պայմանավորվող կողմերի ֆինանսական ծառայությունների ղեկավարների միջև: Հաշվետվությունը պետք է ներկայացվի տրիբունալին և պետք է պարտավորեցնող լինեն տրիբունալի համար:

գ) Այն դեպքում, երբ տրիբունալի ծանուցումից հետո 70 օրվա ընթացքում պահանջ չի ստացվում 3 «ա» ենթակետի համաձայն հանձնաժողով ստեղծելու մասին, և տրիբունալը կարող է գործել` հարցի շուրջ որոշում կայացնելու նպատակով:

4. Զգուշավորության հարցերի և այլ ֆինանսական հարցերի շուրջ վեճերի համար հանձնաժողովները պետք է ունենան վեճում առկա առանձնահատուկ ֆինանսական ծառայությանը համապատասխանող անհրաժեշտ փորձաքննություն: 2-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետը չի կիրառվում ֆինանսական ծառայությունների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՀԱՐԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

1. Բացի սույն հոդվածում ամրագրվածից, սույն Համաձայնագրում ոչինչ չի վերաբերում հարկման միջոցառումներին:

2. Սույն Համաձայնագրում ոչինչ չպետք է ազդի Պայմանավորվող կողմերի որևէ հարկային համաձայնագրով տրվող իրավունքների և պարտականությունների վրա: Սույն Համաձայնագրի և նման որևէ համաձայնագրի դրույթների անհամապատասխանության դեպքում կկիրառվեն այդ համաձայնագրի դրույթները` անհամապատասխանության առումով:

3. Ելնելով 2-րդ կետից` ներդրողի բողոքը այն մասին, որ մի Պայմանավորվող կողմի հարկման միջոցառումը խախտում է մյուս Պայմանավորվող կողմի կենտրոնական կառավարման մարմինների և ներդրողի միջև ներդրման մասին համաձայնագիրը, կհամարվի սույն Համաձայնագրի խախտման մասին բողոք, քանի դեռ Պայմանավորվող կողմերի հարկային մարմինները ներդրողի բողոքի վերաբերյալ ծանուցում ստանալուց հետո ոչ ուշ, քան վեց ամսում համատեղ չեն վճռի, որ այդ միջոցառումը չի հակասում նման համաձայնությանը:

4. 8-րդ հոդվածը կարող է կիրառվել հարկման միջոցառման նկատմամբ, քանի դեռ Պայմանավորվող կողմերի հարկային մարմինները ներդրողից` նրա կողմից հարկման միջոցառումը վիճարկելու մասին ծանուցում ստանալուց հետո ոչ ուշ, քան վեց ամսում համատեղ չեն վճռի, որ այդ միջոցառումը հարկադիր օտարում չէ:

5. Եթե ծանուցում ստանալուց հետո վեց ամսվա ընթացքում Պայմանավորվող կողմերի հարկային մարմինները չեն կարողանում հասնել 3-րդ և 4-րդ կետերում ամրագրված համատեղ վճիռներին, ապա ներդրողը կարող է, համաձայն 13-րդ հոդվածի, իր բողոքը քննարկման ներկայացնել:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՆԵՐԴՐՈՂԻ ԵՎ ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԻ ՄԻՋԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

1. Մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև ծագած որևէ վեճ, որը վերաբերում է ներդրողի բողոքի այն մասին, թե առաջին Պայմանավորվող կողմի ձեռնարկած կամ չձեռնարկած միջոցառումը խախտում է սույն Համաձայնագիրը, և ներդրողը վնաս կամ կորուստ է կրել այդ խախտման պատճառով կամ դրա հետևանքում, հնարավորության սահմաններում պետք է խաղաղ լուծում ստանա նրանց միջև:

2. Եթե վեճը խաղաղ լուծում չի ստանում դրա ծագման օրից սկսած 6 ամսվա ընթացքում, ապա ներդրողը կարող է այն ներկայացնել արբիտրաժի` համաձայն 4-րդ կետի: Սույն կետի նպատակների համար վեճը համարվում է ծագած, երբ մի Պայմանավորվող կողմի ներդրողը գրավոր ծանուցում է ուղարկում մյուս Պայմանավորվող կողմին` հայտարարելով, որ վերջին Պայմանավորվող կողմի ձեռնարկած կամ չձեռնարկած միջոցը հանդիսանում է սույն Համաձայնագրի խախտում, և որ ներդրողը վնաս կամ կորուստ է կրել այդ խախտման պատճառով կամ դրա հետևանքով:

3. Ներդրողը, ինչպես նշված է 1-ին կետում, կարող է վեճը ներկայացնել արբիտրաժի` համաձայն 4-րդ կետի, միայն եթե.

ա) ներդրողը համաձայն է գրավոր դիմելու նրանց,

բ) ներդրողը կասեցրել է որևէ այլ գործարք ձեռնարկելու կամ շարունակելու իր իրավունքը` կապված այն միջոցառման հետ, որը հայտարարված է սույն Համաձայնագրի խախտում, նախքան վնասվող կամ բանավիճող Պայմանավորվող կողմի դատարանների կամ տրիբունալների կողմից վեճերի լուծման որևէ ընթացակարգը,

գ) հարկմանն առնչվող որևէ դեպքում կատարվել են 12-րդ հոդվածի 5-րդ կետում նշված պայմանները, և

դ) ոչ ավել, քան 3 տարի է անցել այն օրվանից, երբ ներդրողն առաջին անգամ տեղեկացել է կամ պետք է որ առաջինը տեղեկանար բացահայտված խախտման մասին և ներդրողի կորուստ կամ վնաս կրելու մասին:

4. Վեճը, վնաս կրող ներդրողի ընտրությամբ, կարող է ներկայացվել արբիտրաժի` հետևյալ ձևերով.

ա) ներդրմանն առնչվող վեճերի լուծման Միջազգային կենտրոնի միջոցով («ICSID»), որը հիմնվել է համաձայն Պետությունների և մյուս պետությունների քաղաքացիների միջև ներդրումների առնչությամբ ծագած վեճերի լուծման կոնվենցիայի, որը բաց է ստորագրման համար 1965 թվականի մարտի 18-ին` Վաշինգտոնում (»ICSID»-ի Կոնվենցիա), սույնի պահանջով բանավիճող Պայմանավորվող կողմը և ներդրողի Պայմանավորվող կողմը պետք է լինեն «ICSID» Կոնվենցիայի անդամներ, կամ

բ) «ICSID»-ի Լրացուցիչ օժանդակ կանոններով` պայմանով, որ կամ բանավիճող Պայմանավորվող կողմը, բայց ոչ երկուսն էլ, «ICSID» Կոնվենցիայի անդամ է, կամ

գ) միջազգային արբիտրաժի կամ «ad hoc» արբիտրաժի միջոցով, որը հաստատվել է ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի արբիտրաժային կանոններով («UNCITRAL»):

5. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ստորև իր անվերապահ համաձայնությունն է տալիս սույն հոդվածի դրույթներին համապատասխան կարգով վեճը միջազգային արբիտրաժի ներկայացնելու կապակցությամբ:

6. ա) 5-րդ կետով տրված համաձայնությունը 3-րդ կետով տրված համաձայնության կամ 12-րդ կետով տրված համաձայնության հետ միասին պետք է բավարարեն հետևյալների համար ներկայացվող պահանջները.

1. վեճի կողմերի գրավոր համաձայնություն «ICSID» Կոնվենցիայի 11-րդ գլխի (Կենտրոնի իրավազորություն) նպատակների և Լրացուցիչ օժանդակ կանոնների նպատակների համար, և

2. «գրավոր համաձայնություն» 1958թ. հունիսի 10-ին Նյու Յորքում ընդունված արտասահմանյան արբիտրաժային վճիռների ճանաչման և հարկադրման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի (Նյու Յորքի Կոնվենցիա) 2-րդ հոդվածի նպատակների համար,

բ) սույն հոդվածով նախատեսվող որևէ արբիտրաժային դատավարություն պետք է կայանա այնպիսի երկրում, որը Նյու Յորքի Կոնվենցիայի անդամ է, և արբիտրաժի ներկայացված բողոքները պետք է համարվեն ծագած որևէ առևտրային հարաբերություններից կամ գործարքից` այդ Կոնվենցիայի 1-ին հոդվածի նպատակների համար:

7. Սույն հոդվածով ստեղծված տրիբունալը պետք է լուծի վիճարկվող հարցերը սույն Համաձայնագրին և միջազգային իրավունքի կիրառվող կանոններին համապատասխան:

8. Տրիբունալը կարող է առաջադրել պաշտպանության ժամանակավոր միջոց` վիճարկող Պայմանավորվող կողմի իրավունքները պաշտպանելու համար կամ տրիբունալի իրավասության լիարժեք արդյունավետությունը պաշտպանելու համար: Տրիբունալը չի կարող առաջադրել այնպիսի միջոցի կիրառում, որը սույն Համաձայնագրի խախտում կարող է առաջացնել: Սույն կետի նպատակների համար առաջադրանքը ներառում է երաշխիք:

9. Տրիբունալը կարող է վճռել, առանձին կամ համատեղ, միայն`

ա) դրամական վնասների փոխհատուցումը և որևէ կիրառելի շահ,

բ) սեփականության վերականգնումը, որի դեպքում վճիռը պետք է նախատեսի, որ բանավիճող Պայմանավորվող կողմը կարողանա վճարել դրամական վնասների փոխհատուցումը և որևէ կիրառելի շահ` վերականգնման փոխարեն:

Տրիբունալը կարող է վճռել նաև ծախսերը` կիրառելի արբիտրաժային կանոններին համապատասխան:

10. Արբիտրաժի վճիռը պետք է լինի վերջնական և պարտավորեցնող ու պարտադիր Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի տարածքում:

11. Սույն հոդվածում ամրագրված ընթացակարգերը չեն հակասում 14-րդ և 15-րդ հոդվածներով Պայմանավորվող կողմերին տրվող իրավունքներին:

12. ա) Բողոքն այն մասին, որ մի Պայմանավորվող կողմը խախտում է սույն Համաձայնագիրը, և որ ձեռնարկությունը, որն իրավաբանական անձ է` ստեղծված կամ պատշաճորեն հաստատված այդ Պայմանավորվող կողմի գործող օրենսդրությանը համապատասխան, կորուստ կամ վնաս է կրել այդ խախտման պատճառով կամ դրա հետևանքով, կարող է բարձրացվել մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի կողմից, այն Պայմանավորվող կողմի, որը հանդես է գալիս ներդրողի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն տնօրինվող կամ վերահսկվող ձեռնարկության անունից: Նման դեպքում`

1. վնաս կրած ձեռնարկության վերաբերյալ պետք է կայացվի որևէ վճիռ,

2. պետք է պահանջվի և՛ ներդրողի և՛ ձեռնարկության համաձայնությունները արբիտրաժի վերաբերյալ,

3. և՛ ներդրողը և՛ ձեռնարկությունը պետք է կասեցնեն որևէ այլ գործընթաց ձեռնարկելու կամ շարունակելու իրենց իրավունքը` կապված այն միջոցառման հետ, որը սույն Համաձայնագրի խախտում է համարվում, նախքան վնասվող կամ բանավիճող Պայմանավորվող կողմի դատարանների կամ տրիբունալների կողմից վեճի լուծման որևէ տեսակի ընթացակարգը, և

4. ներդրողը չի կարող բողոք ներկայացնել, եթե 3 տարուց ավելի ժամանակ է անցել այն օրվանից, երբ ձեռնարկությունն առաջին անգամ տեղեկացել է կամ պետք է, որ առաջինը տեղեկանար բացահայտված խախտման մասին և այն մասին, որ վնաս կամ կորուստ է պատճառել,

բ) չնայած 12 «ա» ենթակետին` այն դեպքում, երբ բանավիճող Պայմանավորվող կողմը վիճարկող ներդրողին զրկել է ձեռնարկության նկատմամբ հսկողությունից, չպետք է պահանջվի հետևյալը.

1. 12 (ա) (2) ենթակետով` ձեռնարկության արբիտրաժի համաձայնությունը, և

2. 12 (ա) (3) ենթակետով` կասեցում ձեռնարկության կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 14. ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է պահանջել խորհրդակցություններ սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ դրա կիրառման առիթով: Մյուս Պայմանավորվող կողմը պետք է բարյացակամ վերաբերվի այդ պահանջին: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի պահանջով պետք է իրականացվի տեղեկության փոխանակում մյուս Պայմանավորվող կողմի միջոցների մասին, որը կարող է ազդել նոր ներդրումների, սույն Համաձայնագրով իրականացված ներդրումների կամ եկամուտների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 15. ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ՎԵՃԵՐԸ

 

1. Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ Պայմանավորվող կողմերի միջև ծագած յուրաքանչյուր վեճ պետք է հնարավորության դեպքում լուծվի բարեկամաբար` խորհրդակցությունների միջոցով:

2. Եթե վեճը խորհրդակցությունների միջոցով չի լուծվում, ապա այն որևէ Պայմանավորվող կողմի պահանջով պետք է ներկայացվի արբիտրաժային հանձնաժողովին` որոշում կայացնելու համար:

3. Արբիտրաժային հանձնաժողով պետք է ստեղծվի յուրաքանչյուր վեճի համար: Արբիտրաժի պահանջը դիվանագիտական ուղիներով ստանալուց հետո 2 ամսվա ընթացքում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նշանակի արբիտրաժային հանձնաժողովի մեկական անդամ: Այս երկու անդամները հետո պետք է ընտրեն որևէ երրորդ պետության քաղաքացու, որն էլ երկու Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ պետք է նշանակվի արբիտրաժային հանձնաժողովի նախագահ: Նախագահը պետք է նշանակվի արբիտրաժային հանձնաժողովի մյուս երկու անդամների նշանակման օրվանից 2 ամսվա ընթացքում:

4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետում ամրագրված ժամկետներում անհրաժեշտ նշանակումները չեն կատարվում, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ որևէ համաձայնության բացակայության դեպքում կարող է հրավիրել միջազգային դատարանի նախագահին` անհրաժեշտ նշանակումները կատարելու համար: Եթե նախագահը Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի է կամ որևէ պատճառով չի կարող իրականացնել նշված գործառույթը, ապա փոխնախագահը պետք է հրավիրվի` կատարելու անհրաժեշտ նշանակումներ: Եթե փոխնախագահը Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի է կամ որևէ պատճառով չի կարող իրականացնել նշված գործառույթը, ապա միջազգային դատարանի ավագության սկզբունքով հաջորդ անդամը, որը Պայմանավորվող կողմերից ոչ մեկի քաղաքացի չէ, պետք է հրավիրվի` կատարելու անհրաժեշտ նշանակումներ:

5. Արբիտրաժային հանձնաժողովը պետք է սահմանի իր սեփական ընթացակարգը: Արբիտրաժային հանձնաժողովը պետք է իր որոշումները կայացնի ձայների մեծամասնությամբ: Նման որոշումը պետք է պարտադիր լինի երկու Պայմանավորվող կողմերի համար: Մինչև այլ համաձայնության գալը արբիտրաժային հանձնաժողովի որոշումը պետք է կայացվի նախագահի նշանակումից հետո 6 ամսվա ընթացքում` համաձայն սույն հոդվածի 3-րդ կամ 4-րդ կետերի:

5. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է վճարի հանձնաժողովի իր անդամների ծախսերը և նրա` արբիտրաժային դատավարություններում իր ներկայացուցչության հետ կապված ծախսերի դիմաց. նախագահի հետ կապված և մնացած ծախսերը պետք է հավասարապես բաժանվեն Պայմանավորվող կողմերի միջև: Այնուամենայնիվ, արբիտրաժային հանձնաժողովը կարող է վճռել այնպես, որ ծախսերի մեծ մասը ընկնի երկու Պայմանավորվող կողմերից որևէ մեկի վրա, և այս վճիռը պետք է պարտադիր լինի երկու Պայմանավորվող կողմերի համար:

6. Պայմանավորվող կողմերը հանձնաժողովի որոշումից հետո 60 օրվա ընթացքում պետք է համաձայնության գան այն մասին, թե ինչ ճանապարհով պետք է լուծվի իրենց վեճը: Նման համաձայնությունը պետք է պատշաճորեն բավարարի հանձնաժողովի որոշումը: Եթե Պայմանավորվող կողմերը չեն կարողանում համաձայնության գալ, վեճը բարձրացնող Պայմանավորվող կողմին իրավունք կտրվի փոխհատուցման կամ պահելու եկամուտներից` հանձնաժողովի վճռած արժեքին հավասար չափով:

 

ՀՈԴՎԱԾ 16. ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ

 

1. Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 2 տարվա ընթացքում պետք է նամակներ փոխանակեն, որտեղ հնարավորին չափով կթվարկեն գործող այն միջոցները, որոնք չեն համապատասխանում 2-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետում, 4-րդ հոդվածում կամ 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում ամրագրված պարտականություններին:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրագործելի սահմաններում պետք է հավաստիացնի, որ իր օրենքները, կանոնակարգերը, ընթացակարգերը և ընդհանուր կիրառության վարչական կանոնները, որոնք վերաբերում են սույն Համաձայնագրում ամրագրված որևէ հարցի, հստակորեն հրատարակված են կամ որևէ այլ ձևով մատչելի են այնպես, որ շահագրգիռ անձինք և մյուս Պայմանավորվող կողմը հնարավորություն կունենան ծանոթանալու դրանց:

 

ՀՈԴՎԱԾ 17. ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սույն Համաձայնագիրը պետք է գործի մի Պայմանավորվող կողմի տարածքում մյուս Պայմանավորվող կողմի կատարած յուրաքանչյուր ներդրման նկատմամբ, որը կատարվել է սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո:

2. Սույն Համաձայնագրում ոչինչ չպետք է խանգարի Պայմանավորվող կողմերին, որպեսզի նրանք ընդունեն, ունենան կամ կիրառեն որևէ միջոց, որն ինչ-որ կերպ համապատասխանում է սույն Համաձայնագրին, և որը նա համարում է անհրաժեշտ` ապահովելու համար, որպեսզի իր տարածքում ներդրման հետ կապված գործունեությունն իրականացվի առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու:

3. Նախատեսվում է, որ նման միջոցները չեն կիրառվում կամայական կամ անարդարացի ձևով կամ անուղղակի սահմանափակումներ չեն ստեղծում միջազգային առևտրի կամ ներդրումների համար, սույն Համաձայնագրում ոչինչ չպետք է խանգարի Պայմանավորվող կողմին ընդունելու կամ ունենալու միջոցներ, ներառյալ շրջակա միջավայրին առնչվող միջոցները, որոնք.

ա) անհրաժեշտ են սույն Համաձայնագրի դրույթներին չհակասող օրենքների և կանոնակարգերի հետ համապատասխանությունը ապահովելու համար,

բ) անհրաժեշտ են մարդկանց, կենդանիների կամ բույսերի կյանքը կամ առողջությունը պաշտպանելու համար, կամ

գ) վերաբերում են կենդանի կամ ոչ կենդանի սպառվող բնական ռեսուրսների պահպանմանը, եթե այդպիսի միջոցները գործադրվում են տեղական արտադրության կամ սպառման նկատմամբ սահմանափակումների կապակցությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 18. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցի իր տարածքում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին: Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի այս երկու ծանուցագրերից վերջինը ստանալու օրվանից:

2. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Պայմանավորվող կողմերից որևէ մեկը մյուսին գրավոր չի ծանուցում Համաձայնագիրը դադարեցնելու իր մտադրության մասին: Սույն Համաձայնագրի գործողությունը կդադարեցվի մի Պայմանավորվող կողմի կողմից դրա գործողության դադարեցման մասին ծանուցագիրը ստանալուց մեկ տարի հետո: Այն ներդրումների համար կամ դրանց իրականացման համար, որոնք կատարվել են նախքան սույն Համաձայնագրի գործողության դադարեցման օրը, սույն Համաձայնագրում ներառված 1-ից մինչև 17-րդ հոդվածների դրույթները կշարունակեն ուժի մեջ մնալ տասնհինգ տարի ժամկետով:

 

Ի հավաստումն որի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճորեն լիազորված իրենց համապատասխան կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

 

Կատարված է Օտտավա քաղաքում 1997 թվականի մայիսի 8-ին, երկու բնօրինակով, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

1. Կանադան իրեն իրավունք է վերապահում բացառություններ անել կամ պահպանել բացառությունները 4-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետում սահմանված հետևյալ բնագավառներում.

- սոցիալական ծառայությունների (այսինքն` հասարակական կարգ ու կանոնի պահպանություն, ուղղիչ ծառայություններ, եկամուտների ապահովագրություն, սոցիալական ապահովություն կամ ապահովագրություն, սոցիալական բարեկեցություն, ժողովրդական կրթություն, վերապատրաստման պետական ծրագրեր, առողջապահություն և երեխաների խնամք),

- ծառայություններ ցանկացած այլ բնագավառում,

- պետական արժեթղթեր, ինչպես նկարագրված է ՍԱԴ-ի 8152 պարբերությունում,

- առափնյա հողատարածքների սեփականության հարցերում մշտական բնակության պահանջներ,

- հյուսիս-արևմտյան տարածքների և Յուքոնի նավթի ու գազի համաձայնագրով նախատեսված միջոցառումների կատարում:

2. Սույն Հավելվածի նպատակների համար ՍԱԴ-ը այս Հավելվածում նշանակում է.

Կանադայի դեպքում` Ստանդարտ արդյունաբերական դասակարգման թվերը, ինչպես դրանք սահմանված են Կանադայի վիճակագրական վարչության «Ստանդարտ արդյունաբերական դասակարգում»-ի 1980 թվականի չորրորդ հրատարակության մեջ:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի մարտի 29-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
08.05.1997
Համաձայնագիր