Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿԱՄԱՎՈՐ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ղեկավարվելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով հիմնական փաստաթղթերում պարունակվող սկզբունքներով, Հելսինկյան Եզրափակիչ ակտի դրույթներով, ինչպես նաև Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդակցության հետագա փաստաթղթերով,

ելնելով համաձայնեցված միգրացիոն քաղաքականություն վարելու ձգտումից,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագիրը տարածվում է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն վերաբնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն վերաբնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների վրա:

Սույն Համաձայնագրի կիրառումը յուրաքանչյուր կոնկրետ անձի նկատմամբ մեկանգամյա է:

Կողմերը անթույլատրելի են համարում անձանց վերաբնակեցման ցանկացած հարկադրանքը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Համաձայնագրում կիրառվող տերմիններն ունեն հետևյալ նշանակությունները.

«Վերաբնակ» - Կողմերից մեկի պետության քաղաքացի, որը կամավոր լքում է իր մշտական բնակության պետության տարածքը և մշտական բնակության է տեղափոխվում իր քաղաքացիության պետության տարածք:

«Վերաբնակի ընտանիքի անդամներ» - վերաբնակի ամուսինը (կինը), ծնողները, անչափահաս երեխաները, ինչպես նաև նրա հետ համատեղ բնակվող և ընդհանուր տնտեսություն վարող այլ հարազատները, անաշխատունակ խնամարկյալները:

«Ելքի պետություն» - նախկին մշտական բնակության պետություն:

«Մուտքի պետություն» - նոր մշտական բնակության պետություն:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Վերաբնակներին տեղափոխման թույլտվությունը տալիս է մուտքի պետությունը ելքի պետության հետ համաձայնեցմամբ` միջազգային-իրավական նորմերին և ազգային օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Վերաբնակներն ու նրանց ընտանիքների անդամները իրավունք ունեն Կողմերի միգրացիոն ծառայություններից ազատ և անվճար ստանալու տեղեկություններ`

ա) սույն Համաձայնագրի բովանդակության մասին,

բ) վերաբնակեցման պայմանների մասին,

գ) ելքի և մուտքի պետություններում իրենց իրավունքների և պարտականությունների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Վերաբնակներն ու նրանց ընտանիքների անդամներն իրավունք ունեն.

ա) ելքի պետությունից դուրս բերելու մեկնելուց առաջ հայտարարված իրենց սեփականությունը հանդիսացող ամբողջ շարժական գույքը` հաշվի առնելով ելքի պետության ներքին օրենսդրությանը համապատասխան նրա ազգային հարստությունը ճանաչվող մշակութային արժեքների նկատմամբ եղած սահմանափակումները,

բ) վաճառել կամ այլ կերպ տնօրինել իրենց անձնական սեփականությունը հանդիսացող գույքը և հայտարարված կարգով դուրս բերել ստացված դրամական միջոցները ելքի պետության արժույթով կամ փոխանակելով դրանք մուտքի պետության արժույթով կամ ազատ փոխարկելի արժույթով` ելքի պետության ներքին արժութային շուկայում ձևավորվող փոխարժեքով:

Դուրս բերվող արժույթի տեսակը որոշում են վերաբնակները և նրանց ընտանիքների անդամները: Ելքի պետությունը վերաբնակների և նրանց ընտանիքների անդամների համար ապահովում է պայմաններ ելքի պետության կանխիկ ազգային արժույթը մուտքի պետության դրամանիշերով կամ ազատ փոխարկելի արժույթով անարգել փոխանակելու համար,

գ) փոխադրել ելքի պետության բանկային հիմնարկներում գտնվող դրամական ավանդներն ու ակտիվները մուտքի պետության բանկային հիմնարկներ` հայկական և ռուսական լիազորված բանկերի թղթակցային հաշիվների միջոցով:

Ելքի պետությունը պարտավորվում է ապահովել պայմաններ ելքի պետության արժույթը մուտքի պետության արժույթով կամ ազատ փոխարկելի արժույթներով, վերաբնակների և նրանց ընտանիքների անդամների ընտրությամբ, անարգել փոխանցելու համար` ելքի պետության արժութային շուկայում ձևավորվող փոխարժեքով,

դ) թողնել ելքի պետության տարածքում սեփականության իրավունքով իրենց պատկանող շարժական ու անշարժ գույքը, դրամական ավանդներն ու ակտիվները, դրանց նկատմամբ իրականացնել տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը:

Շարժական և անշարժ գույքը չի կարող օտարվել ելքի պետության իշխանությունների կողմից այն հիմքով, որ դրա սեփականատերը հանդիսանում է այդ պետության սահմաններից դուրս վերաբնակվող անձը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերը ճանաչում են բնակարանային, բնակշինարարական, ամառանոցային, ավտոտնակաշինարարական կոոպերատիվների, այգեգործական-բանջարաբուծական ընկերության կամ այլ կոոպերատիվի անդամ-վերաբնակների, որոնք լրիվ մուծել են բնակարանի, տան, ամառանոցի, այգետան, ավտոտնակի, իրենց օգտագործմանը տրամադրված այլ շենքի կամ շինության համար իրենց փայավճարը, այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը:

Վերաբնակներին իրավունք է վերապահվում վաղաժամկետ մուծելու իրենց օգտագործմանը տրամադրված գույքի համար փայավճարը և ձևակերպելու այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը:

Վերաբնակի կողմից տունը կամ այլ շինությունը (ամառանոցը, այգետնակը և այլն) վաճառելու (այլ ձևով տնօրինելու) դեպքում համապատասխան հողամասի նկատմամբ իրավունքները փոխանցվում են նոր տիրոջը` ելքի պետության օրենսդրությամբ սահմանված կանոնների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Վերաբնակների և նրանց ընտանիքների անդամների սեփականությունը հանդիսացող գույքի տիրապետումը, օգտագործումը և տնօրինումը նրանց կողմից իրականացվում է ամբողջ ծավալով:

Ելքի պետության տարածքում գտնվող սեփականության նկատմամբ քաղաքացիական իրավական վեճերը վերաբնակների ու նրանց ընտանիքների անդամների` մի կողմից, և շահագրգիռ անձանց միջև, մյուս կողմից, լուծվում են դատական կարգով` ելքի պետության տարածքում նրա օրենսդրությանը և սույն Համաձայնագրին համապատասխան:

Մուտքի պետության իրավասու իշխանությունները ճանաչում են նշված վեճերի կապակցությամբ ելքի պետության դատարանների օրինական ուժի մեջ մտած որոշումները, այդ թվում` մուտքի պետությունների տարածքում դրանք կատարման նպատակներով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերը, փոխադարձության հիմքով, ապահովում են վերաբնակների և նրանց ընտանիքների անդամների համար իրենց անձնական գույքի ներկրման և դուրս բերման սահմանափակումներից, մաքսային տուրքերի, հարկերի և դրա հետ կապված գանձումների վճարումներից ազատում:

Դուրս բերվող դրամական միջոցները և փոխանցվող դրամական ավանդներն ու ակտիվները ազատվում են գանձումներով և տուրքերով հարկումից, բացառությամբ փոխանցման ծառայությունների համար վարձատրության:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Ելքի պետությունն աջակցում է վերաբնակներին ու նրանց ընտանիքների անդամներին իրենց սեփականությունը հանդիսացող կացարանը և այլ գույքը վաճառելու կամ այլ ձևով տնօրինելու գործում:

Ելքի պետությունն աջակցում է վերաբնակներին ու նրանց ընտանիքների անդամներին ինքնաթիռի և երկաթուղային տոմսեր ձեռք բերելու, ինչպես նաև անձնական գույքը մուտքի պետություն տեղափոխելու համար բեռնարկղեր հատկացնելու գործում:

Մուտքի պետությունն աջակցում է վերաբնակներին և նրանց ընտանիքների անդամներին կացարան վարձելու, ձեռք բերելու և կառուցելու գործում:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Կողմերի մարմիններ (այսուհետ` լիազորված մարմիններ), որոնց իրավասության մեջ է մտնում սույն Համաձայնագրի իրագործումը, համապատասխանաբար, հանդիսանում են.

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը,

Ռուսաստանի արտագաղթի դաշնային ծառայությունը:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Կողմերը կարող են բացել լիազորված մարմինների ներկայացուցչություններ, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ այլ բան է նախատեսված, գործում են սույն Համաձայնագրի նորմերը:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Վիճելի հարցերը, որոնք ծագում են սույն Համաձայնագրի իրագործման կապակցությամբ և չեն կարգավորվում լիազորված մարմինների կողմից, Կողմերի միջև կլուծվեն դիվանագիտական ուղիներով:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման, ուժի մեջ է մտնում վավերագրերի փոխանակման օրվանից և գործում է 5 տարվա ընթացքում: Կողմերը, փոխադարձ պայմանավորվածությամբ, իրավասու են երկարաձգելու սույն Համաձայնագրի գործողության ժամկետը:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1997 թվականի օգոստոսի 29-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի մարտի 4-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
29.08.1997
Համաձայնագիր