Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԼՈՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Սլովակիայի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` Կողմեր),

ղեկավարվելով առևտրատնտեսական կապերը, գիտատեխնիկական և մշակութային համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու ցանկությամբ,

մտադրվելով ընդլայնել առևտրական հարաբերությունները երկու պետությունների միջև իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա,

հաշվի առնելով երկու հանրապետությունների քաղաքական և տնտեսական համակարգերում տեղի ունեցած արմատական փոփոխությունները,

ձգտելով համաշխարհային տնտեսության մեջ երկու երկրների տնտեսությունների հետևողականորեն ինտեգրացմանը` միջազգային իրավունքին և Կողմերի ներպետական օրենսդրություններին համապատասխան,

հաստատելով Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի (ՍԱԳՀ) և Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սկզբունքներին Հայաստանի Հանրապետության հավատարմությունը,

հաշվի առնելով Սլովակիայի Հանրապետության` որպես Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի (ՍԱԳՀ) և Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամի պարտավորությունները,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Կողմերը կաջակցեն փոխադարձ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, որոնք առաջին հերթին ուղղված կլինեն փոխադարձ ապրանքաշրջանառության և մատուցվող ծառայությունների ծավալի մեծացմանը:

2. Կողմերը պայմանավորվեցին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, իրենց ներպետական օրենսդրություններին համապատասխան, տնտեսական, առևտրական և գիտատեխնիկական համագործակցությունն ապահովելու, դյուրացնելու և խրախուսելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Կողմերը միմյանց կտրամադրեն առավել բարենպաստ ռեժիմ իրենց երկրների տարածքից ծագող ապրանքների առևտրի և առևտրատնտեսական համագործակցության այլ ձևերի նկատմամբ:

2. Առավել բարենպաստ ռեժիմը չի տարածվում այն առավելությունների և արտոնությունների վրա, որոնք.

ա) Կողմերից մեկը տրամադրել է կամ հետագայում կտրամադրի հարևան պետություններին` սահմանամերձ առևտուրը կամ այլ պետությունների հետ տարածաշրջանային առևտուրը հեշտացնելու նպատակով,

բ) բխում են Կողմերի` մաքսային միություններին և ազատ առևտրի գոտիներին մասնակցությունից:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Կողմերը համաձայնեցին, որ արտաքին առևտրական գործառնությունները, ապրանքաշրջանառությունը և ծառայությունների մատուցումը կիրականացվեն երկու պետությունների արտաքին տնտեսական գործունեության մասնակից սուբյեկտների (այսուհետ` Սուբյեկտների) միջև` Կողմերի ներպետական օրենսդրություններին համապատասխան կնքված արտաքին առևտրական տարբեր ձևերի գործարքների հիման վրա:

2. Կողմերի Սուբյեկտները, փոխադարձ պայմանավորվածության հիման վրա, կկնքեն տնտեսական համագործակցության վերաբերյալ պայմանագրեր, այդ թվում նաև երկարաժամկետ, գլխավորապես երկարատև արտադրական ցիկլի ապրանքների մատակարարման վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը համաձայնեցին, որ Սուբյեկտների միջև ապրանքների և ծառայությունների ներմուծումը և արտահանումը կիրականացվեն պայմանագրերի կնքման միջոցով` համաձայն համաշխարհային գների և միջազգային առևտրում գոյություն ունեցող սկզբունքների, եթե նրանց միջև այլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության անհրաժեշտ նախադրյալների ապահովման նպատակով Կողմերը անհրաժեշտ են համարում.

ա) Կողմերի ներպետական օրենսդրություններին համապատասխան` ստեղծել բարենպաստ պայմաններ համատեղ ձեռնարկատիրական գործունեության զարգացման համար,

բ) չկիրառել խտրական միջոցներ փոխադարձ առևտրատնտեսական համագործակցության շրջանակներում,

գ) փոխադարձաբար միմյանց տրամադրել տնտեսական և գիտատեխնիկական գործունեության, այդ թվում նաև առևտրի, ներդրումների, հարկման, բանկային և ապահովագրական գործունեության և այլ ֆինանսական ծառայությունների, տրանսպորտի և աշխատանքային պայմանների վերաբերյալ օրենսդրական և նորմատիվային ակտերը,

դ) ապահովել առևտրական, արդյունաբերական և մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Կողմերը, հաշվի առնելով առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության ընդլայնման կարևորությունը, իրենց ներպետական օրենսդրություններին համապատասխան կստեղծեն բարենպաստ պայմաններ իրենց պետությունների տարածքում կազմակերպությունների, ձեռնարկությունների, բանկերի, առևտրական տների, բորսաների, կոոպերատիվների և ընկերությունների մասնաճյուղերի ստեղծման համար` դրանց առևտրատնտեսական գործունեության նպատակով:

2. Կողմերը կաջակցեն հումքային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը` ուղղված համատեղ ձեռնարկությունների, կազմակերպությունների, միջպետական և գիտատեխնիկական համալիրների ստեղծմանն ու գործունեությանը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերը, հաշվի առնելով երկու պետություններում շուկայական տնտեսական հարաբերությունների զարգացումը, իրենց ներպետական օրենսդրություններին համապատասխան, հաստատում են իրենց փոխադարձ շահագրգռվածությունը.

ա) կապիտալի շարժի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հարցում,

բ) կարևորագույն նախագծերի իրականացման համար երկու պետությունների ներդրումների միավորման գործում,

գ) ազատ տնտեսական գոտիների իրականացմանն ուղղված երկու պետությունների Սուբյեկտների մասնակցության մեջ,

դ) սեփականաշնորհման գործընթացում:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերը, ելնելով այն բանից, որ հիմնարար և կիրառական գիտությունների, առաջատար տեխնիկայի և տեխնոլոգիայի ոլորտում գիտատեխնիկական համագործակցությունը կարևոր դեր է խաղում տնտեսական զարգացման գործում, կստեղծեն անհրաժեշտ պայմաններ այդ ոլորտում փոխադարձ կապերի զարգացման համար:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Կողմերը հատուկ ուշադրություն կդարձնեն գիտնականների և մասնագետների, գիտական կազմակերպությունների և ձեռնարկությունների միջև կապերի և համագործակցության զարգացմանը, ներառյալ գիտատեխնիկական հիմնախնդիրների մշակման և հետազոտական նախագծերի իրականացման համար ժամանակավոր և մշտական հիմունքներով խառը գիտական կոլեկտիվների ստեղծումը` երկու պետությունների սոցիալական և տնտեսական զարգացումը ապահովելու նպատակով:

2. Կողմերը կապահովեն համատեղ գիտատեխնիկական աշխատանքների արդյունքների պաշտպանությունը: Այդ արդյունքների տրամադրումը երրորդ կողմի կարող է իրականացվել միայն մյուս Կողմի գրավոր համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Կողմերը կաջակցեն իրենց Սուբյեկտներին` իրենց պետությունների տարածքներով երրորդ երկրներ ապրանքների տարանցման հարցում, բացառությամբ այն ապրանքների, որոնց արտահանումը և ներմուծումը արգելվում է Կողմերի ներպետական օրենսդրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

1. Սուբյեկտների միջև մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների համար հաշվարկներն ու վճարումները կկատարվեն ազատ փոխարկելի տարադրամով` միջազգային առևտրական, ֆինանսական և բանկային պրակտիկայում կիրառվող սկզբունքներին, պայմաններին և ձևերին համապատասխան:

2. Ապրանքաշրջանառության ավելացման և նրա անվանացանկի ընդլայնման նպատակով երկու պետությունների Սուբյեկտները կարող են իրականացնել փոխկապակցված առևտրական գործառնություններ, ներառյալ փոխհատուցման սկզբունքներով գործարքները, Կողմերի գործող ներպետական օրենսդրությունների շրջանակներում:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Կողմերի Սուբյեկտների միջև վճարահաշվարկային և վարկային հարաբերությունները կիրականացվեն համագործակցությանը մասնակցող Սուբյեկտների ընտրած առևտրային բանկերի մակարդակով` Կողմերի գործող օրենսդրություններին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագրի կատարման ընթացքը քննարկելու նպատակով Կողմերի ներկայացուցիչները Կողմերից մեկի խնդրանքով հաջորդաբար կհանդիպեն իրենց պետությունների տարածքում:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման ընթացքում ծագած տարաձայնությունները Կողմերը կլուծեն բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով` հաշվի առնելով միջազգային իրավունքի նորմերը:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագրի նպատակների իրականացման, երկու Կողմերի միջև առևտրատնտեսական համագործակցության կատարելագործմանն ուղղված առաջարկությունների մշակման ու հարաբերությունների համակարգման աշխատանքների կազմակերպման համար Կողմերը պայմանավորվում են քննարկել հայ-սլովակյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի ստեղծման հարցը:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու նպատակով Կողմերը կարող են երկու Կողմերի տարածքներում առևտրական ներկայացուցչություններ հիմնել Կողմերի ներպետական օրենսդրությունների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

1. Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել կամ լրացվել Կողմերի փոխադարձ պայմանավորվածության հիման վրա:

2. Փոփոխություններն ու լրացումները կձևակերպվեն առանձին Արձանագրությամբ, որը կհանդիսանա սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնի սույն Համաձայնագրի 18-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ներպետական օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ ընթացակարգերը կատարելու մասին դիվանագիտական ճանապարհով միմյանց ծանուցելու օրվանից և գործում է անորոշ ժամկետով:

2. Սույն Համաձայնագիրը կգործի այնքան ժամանակ, մինչև Կողմերից մեկը այն դադարեցնելուց առնվազն վեց ամիս առաջ ծանուցի մյուսին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

3. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդի այն պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների վրա, որոնք կնքվել են դրա գործողության ընթացքում և չեն կատարվել մինչև դրա գործողության դադարեցումը:

 

Կատարված է Երևան քաղաքում 2000 թվականի փետրվարի 2-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, սլովակերեն և ռուսերեն: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ընթացքում առաջացած տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի դեկտեմբերի 21-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
02.02.2000
Համաձայնագիր