i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԻՐԵՆՑ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հունաստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
գիտակցելով, որ մաքսային օրենքների և կանոնների խախտումները վնաս կհասցնեն իրենց երկրների սոցիալական, տնտեսական, ֆինանսական և այլ շահերին,
համոզված լինելով, որ իրենց մաքսային ծառայությունների միջև համագործակցության ամրապնդումը կնպաստի մաքսային իրավախախտումների, ներառյալ թմրանյութերի և հոգեներգործող նյութերի ապօրինի առևտրի, զենքերի, պայթուցիկ նյութերի և զինամթերքի, միջուկային նյութերի, ինչպես նաև մշակութային արժեք ներկայացնող առարկաների և հնագիտական գանձերի` սահմաններով ապօրինի փոխադրումը կանխելու, դրանք հետաքննելու և արգելելու համար ավելի արդյունավետ գործողությունների իրականացմանը,
հաշվի առնելով «Թմրամիջոցների մասին» և «Հոգեներգործող նյութերի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաները,
հաշվի առնելով նաև երկկողմ փոխադարձ օգնությունը խրախուսող` գործող համապատասխան միջազգային կոնվենցիաները և Մաքսային համագործակցության խորհրդի առաջարկությունները,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Սույն Համաձայնագրի նպատակների համար.
ա) «մաքսային օրենսդրություն» տերմինը նշանակում է Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունների կողմից կիրառվող և մաքսային արարողակարգերի համաձայն բեռների ներմուծումը, արտահանումը և տարանցումը, ինչպես նաև դրանց տեղաբաշխումը կարգավորող բոլոր օրենսդրական և այլ ակտերը, ներառյալ արգելքի, սահմանափակման և վերահսկման միջոցառումների իրականացումը,
բ) «մաքսային ծառայություն» տերմինը նշանակում է` Հայաստանի Հանրապետության համար` Հայաստանի Հանրապետության մաքսային վարչություն, Հունաստանի Հանրապետության համար` Հունաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր մաքսային և ակցիզային գլխավոր վարչություն,
գ) «մաքսային իրավախախտում» տերմինը նշանակում է մաքսային օրենսդրության որևէ խախտում կամ խախտման որևէ փորձ,
դ) «անձ» տերմինը նշանակում է յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ,
ե) «անձնական տվյալներ» տերմինը նշանակում է բոլոր տեղեկությունները, որոնք վերաբերում են ինքնությունը հաստատած կամ հաստատվող անձին,
զ) «թմրամիջոց» տերմինը նշանակում է ցանկացած նյութեր` բնական կամ արհեստական, որոնք թվարկված են 1961 թվականի «Թմրամիջոցների մասին» միասնական Կոնվենցիայի (համապատասխան ուղղումներով) I և II Ցանկերում,
է) «հոգեներգործող նյութեր» տերմինը նշանակում է ցանկացած նյութեր` բնական կամ արհեստական, որոնք թվարկված են 1971 թվականի «Հոգեներգործող նյութերի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի I, II, III և IV Ցուցակներում,
ը) «հարցվող ծառայություն» տերմինը նշանակում է այն մաքսային ծառայությունը, որից խնդրվում է օգնություն,
թ) «հարցում անող ծառայություն» տերմինը նշանակում է հարցում կատարող մաքսային ծառայություն:
ՀՈԴՎԱԾ 2. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
1. Սույն Համաձայնագրով Պայմանավորվող կողմերը իրականացնում են փոխադարձ օգնություն իրենց մաքսային ծառայությունների միջև` մաքսային իրավախախտումների կանխման, հետաքննման ու դրանց դեմ պայքարի և մաքսային օրենսդրության պատշաճ կիրառման համար:
2. Երկու Պայմանավորվող կողմերի միջև փոխօգնությունը ապահովվում է համաձայն իրենց ներքին օրենսդրության դրույթների` իրենց իրավասության և առկա միջոցների սահմաններում:
3. Սույն Համաձայնագրի կիրառումը չի ազդի որևէ այլ միջազգային կոնվենցիայի կամ համաձայնագրի շրջանակներում Պայմանավորվող կողմերի պարտավորությունների վրա:
ՀՈԴՎԱԾ 3. ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
1. Հարցման դեպքում Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունները տեղեկացնում են միմյանց, թե արդյո՞ք մի Պայմանավորվող կողմի տարածքից արտահանված բեռներն օրինական կերպով են ներմուծվել մյուս Պայմանավորվող կողմի տարածք: Անհրաժեշտության դեպքում այդ տեղեկությունները պետք է պարունակեն բեռների ձևակերպման ժամանակ օգտագործված մաքսային ընթացակարգերը:
2. Մի Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության հարցման դեպքում և իր հնարավորությունների շրջանակներում տրամադրում է տեղեկություններ, որոնք վերաբերում են.
ա) փոխադրամիջոցներին, որոնց մասին կան տեղեկություններ, որ դրանք օգտագործվել, օգտագործվում կամ կարող են օգտագործվել` խախտելով մաքսային օրենսդրությունը,
բ) հարցում անող ծառայության կողմից որպես ապօրինի գործողությունների օբյեկտ հայտնի կամ կասկածվող բեռներին,
գ) հարցում անող ծառայության կողմից ապօրինի գործողություններում կասկածվող կամ դրանցում ընդգրկված անձանց,
դ) հարցում անող ծառայության կողմից ապօրինի գործողություններում օգտագործվելու մեջ հայտնի կամ կասկածվող մեթոդներին և ուղիներին,
ե) հարցում անող ծառայության կողմից ապօրինի գործողությունների համար օգտագործվող հայտնի կամ կասկածվող վայրերին:
3. Մի Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության հարցման դեպքում տրամադրում է ցանկացած առկա տեղեկություն այն գործողությունների մասին, որոնք կարող են առաջանալ հարցում անող ծառայության պետության տարածքում մաքսային իրավախախտումների և այլ ապօրինի գործունեության արդյունքում:
4. Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունները հարցման դեպքում տրամադրում են բեռների փոխադրման և առաքման հետ կապված անհրաժեշտ տվյալներ, ինչպիսիք են այդ բեռների վարչական, առաքման, առևտրային փաստաթղթերը կամ դրանց արժեքի, ծագման և նշանակման վայրի մասին այլ տեղեկություններ:
5. Հարցման դեպքում մի կամ մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը, իր իրավասության և հնարավորությունների շրջանակներում, որոշակի ժամանակահատվածում, իրականացնում է հատուկ վերահսկողություն այն բեռների փոխադրումների նկատմամբ, որոնք հայտնի են որպես մաքսային իրավախախտման օբյեկտներ, ներառյալ դրանցում ընդգրկված անձանց և փոխադրամիջոցների փոխադրումները:
ՀՈԴՎԱԾ 4. ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
1. Փոխօգնությունն իրականացվում է համապատասխան մաքսային ծառայությունների ղեկավարների կողմից նշանակված պաշտոնատար անձանց միջև հաղորդակցմամբ:
2. Երբ Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը, որին ուղղված է հարցումը, իրավասու չէ պատասխանել այդ հարցմանը, ապա նա պետք է փոխանցի հարցումը իրավասու մարմնին:
ՀՈԴՎԱԾ 5. ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Սույն Համաձայնագրի համաձայն օգնության վերաբերյալ հարցումները ներկայացվելու են գրավոր: Հարցմանը պետք է կցվեն դրա իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Բացառիկ դեպքերում, իրադրության հրատապության պատճառով, կարող են ընդունվել բանավոր հարցումներ, բայց վերջիններս պետք է հաստատվեն գրավոր:
2. Օգնության մասին հարցումը պետք է ընդգրկի հետևյալ տեղեկությունները.
ա) հարցում ներկայացնող մաքսային ծառայությունը,
բ) հարցման նպատակը և պատճառը,
գ) այն անձանց անունները և հասցեները, որոնք հայտնի են որպես հետաքննության օբյեկտներ,
դ) քննարկվող դեպքի համառոտագիրը և ընդգրկված համապատասխան իրավական տարրերը:
3. Սույն Համաձայնագրի համաձայն փոխանակվող գրագրությունը պետք է իրականացնել Պայմանավորվող կողմերի պաշտոնական լեզվով` կցելով դրանց անգլերեն թարգմանությունը:
ՀՈԴՎԱԾ 6. ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
1. Մաքսային ծառայությունը, որին հասցեագրված է հարցումը, պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի հարցմանը պատասխանելու համար: Տրամադրված տեղեկությունները կարող են փոխանցվել էլեկտրոնային միջոցներով: Հաղորդակցությունը պետք է պարունակի այդ տեղեկությունների թարգմանության և օգտագործման համար անհրաժեշտ բացատրություններ:
2. Սույն հոդվածի համաձայն օգնության համար ներկայացված հարցումները պետք է կատարվեն հարցվող ծառայության ներքին օրենսդրությանը համապատասխան: Եթե հարցման կատարումը հնարավոր չէ, ապա այդ մասին հարցվող ծառայությունը տեղեկացնում է հարցում անող ծառայությանը:
3. Մի Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության կողմից ներկայացված հարցումից հետո կարող է իրականացնել բոլոր անհրաժեշտ մաքսային հետաքննությունները, ներառյալ մաքսային իրավախախտման կատարման մեջ կասկածվող անձանց քննումը:
4. Մի Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության հարցումից հետո կարող է սկսել դրա կատարումը, ստուգումը և հետաքննությունը` սույն Համաձայնագրի գործողության շրջանակներում ընդգրկված դեպքերին առնչվող այն փաստերը հայտնաբերելու նպատակով, որոնց համար իրավասու է հարցվող ծառայությունը:
5. Հարցվող ծառայության համաձայնությամբ հարցում անող ծառայության պաշտոնյաները կարող են խորհրդակցել հարցվող ծառայության տարածքում պաշտոնատար անձանց հետ մաքսային հետաքննությունների կամ մաքսային իրավախախտումների մասին այն փաստաթղթերի վերաբերյալ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում հարցում անող ծառայության համար, և կարող են ստուգել համապատասխան տվյալները:
6. Այն դեպքերում, երբ հարցում անող ծառայությունը ներկայացնում է օգնության մասին խնդրանք, որն ինքը անկարող է կատարել, ապա դրա կատարման հարցի որոշումը կգտնվի հարցվող մաքսային ծառայության հայեցողության տակ` տեղեկացնելով հարցում անող ծառայությանը այդ փաստի մասին:
ՀՈԴՎԱԾ 7. ԱՆՄԻՋԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
1. Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունները առանց նախնական հարցման միմյանց փոխադարձ օգնություն կցուցաբերեն, եթե համարեն, որ դա անհրաժեշտ է մաքսային օրենսդրության ճշգրիտ կիրառման համար, և երբ ստանան տեղեկություններ, որոնք վերաբերում են.
ա) ապօրինի գործողություններին,
բ) նոր միջոցներին կամ մեթոդներին, որոնք օգտագործվում են այդպիսի գործողություններ իրականացնելու ընթացքում,
գ) այն բեռներին, որոնք հայտնի են որպես մաքսային իրավախախտումների օբյեկտներ,
դ) անձանց, որոնց մասին կան հիմնավոր փաստեր մաքսային իրավախախտումներում ընդգրկված լինելու մասին,
ե) այն փոխադրամիջոցներին, որոնց մասին հայտնի է կամ կասկածվում է, որ դրանք օգտագործվել են մաքսային իրավախախտումներում:
2. Պայմանավորվող կողմերը վերոհիշյալ անմիջական օգնությունը կցուցաբերեն հատկապես այն դեպքերում, որոնք կարող են զգալի վնաս հասցնել մյուս Պայմանավորվող կողմի տնտեսությանը, հանրային առողջությանը, հասարակական անվտանգությանը կամ կենսական այլ շահերին, ինչպիսիք են զենքերի, պայթուցիկ նյութերի և զինամթերքի, միջուկային նյութերի, թմրանյութերի և հոգեներգործող նյութերի, հնագիտական գանձերի, արվեստի գործերի կամ այլ մշակութային արժեքների ապօրինի փոխադրումները:
ՀՈԴՎԱԾ 8. ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ
1. Տեղեկությունները, փաստաթղթերն ու այլ տվյալները, որոնք տրամադրվել են որպես փոխօգնություն, կարող են օգտագործվել դրանք ստացող Պայմանավորվող կողմից բացառապես սույն Համաձայնագրում նշված նպատակների համար և միայն իրավասու մարմինների կողմից` ներառելով դրանց օգտագործումը դատական կամ վարչական վարույթներում: Այդպիսի տեղեկությունները, փաստաթղթերը և այլ տվյալները կարող են օգտագործվել դրանք ստացող Պայմանավորվող կողմից այլ նպատակներով միայն դրանք տրամադրող Պայմանավորվող կողմի համաձայնության դեպքում:
2. Սույն Համաձայնագրի համաձայն մյուս Պայմանավորվող կողմին տրամադրված տեղեկությունները, փաստաթղթերը և այլ տեղեկությունը, դրանք տրամադրող Պայմանավորվող կողմի խնդրանքով, ստացող Պայմանավորվող կողմը կհամարի գաղտնի:
3. Սույն Համաձայնագրի հիման վրա տրամադրված տեղեկությունները, փաստաթղթերը և այլ տեղեկությունը պետք է համապատասխանեն դրանք ստացող երկրում գաղտնիության նույն աստիճանին, որն օգտագործում է այդ երկիրը իր տարածքում ձեռք բերված տեղեկությունների, փաստաթղթերի և այլ տեղեկության նկատմամբ:
4. Սույն Համաձայնագրի հիման վրա անձի վերաբերյալ տվյալների փոխանակման դեպքերում Պայմանավորվող կողմերը կապահովեն այդ տվյալների նույն պաշտպանվածությունը, որը կիրառում է դրանք տրամադրող Պայմանավորվող կողմը` համաձայն այդ Պայմանավորվող կողմի տարածքում գործող օրենսդրության:
ՀՈԴՎԱԾ 9. ԿԱԶՄՎԱԾ ԳՈՐԾԵՐ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
1. Կազմված գործերի, փաստաթղթերի և այլ տվյալների բնօրինակները կպահանջվեն միայն այն դեպքում, եթե դրանց հաստատված պատճենները բավարար չեն: Հատուկ հարցման դեպքում այդպիսի կազմված գործերի, փաստաթղթերի և այլ տվյալների պատճենները կհաստատվեն:
2. ՈՒղարկված կազմված գործերի, փաստաթղթերի և այլ տվյալների բնօրինակները կվերադարձվեն հնարավորինս կարճ ժամկետում:
3. Կազմված գործերում և փաստաթղթերում նշված հարցվող ծառայության կամ երրորդ կողմերի իրավունքները մնում են անփոփոխ:
ՀՈԴՎԱԾ 10. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ԵՎ ՎԿԱՆԵՐ
1. Մի Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը կարող է թույլ տալ իր պաշտոնյաներին, մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության խնդրանքով, որպես փորձագետներ կամ վկաներ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ներկայանալ դատական կամ վարչական վարույթներում, սույն Համաձայնագրում ընդգրկված հարցերի առնչությամբ, և ներկայացնել վերոհիշյալ վարույթների համար անհրաժեշտ կազմված գործեր, փաստաթղթեր կամ դրանց հաստատված պատճեններ: Վերոհիշյալ խնդրանքում պետք է հատկապես նշվի, թե որ վարչական կամ դատական մարմնին պետք է ներկայանա պաշտոնյան, ինչ հարցերով և որ պաշտոնով կամ որակավորմամբ նա պետք է հարցաքննվի:
2. Հարցում անող ծառայությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իր տարածքում պաշտոնյաների գտնվելու ժամանակահատվածում նրանց անձնական անվտանգության և ցուցմունքների գաղտնիության լիովին ապահովման համար` համաձայն սույն հոդվածի 1-ին կետի: Այդ պաշտոնյաների ճանապարհածախսն և օրապահիկը կհատուցի հարցում անող ծառայությունը:
3. Որպես փորձագետներ և վկաներ մաքսային պաշտոնյաների հանդես գալու խնդրանքը կկատարվի համաձայն Պայմանավորվող կողմերի օրենսդրության:
ՀՈԴՎԱԾ 11. ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ
1. Երբ մի Պայմանավորվող կողմը, որին ուղղված է օգնության մասին հարցումը, գտնում է, որ հարցման կատարումը կարող է վնաս հասցնել իր ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ իր ազգային այլ կարևոր շահերին, նա կարող է մերժել օգնության տրամադրումը կամ բավարարել այդ հարցումը որոշակի պայմաններով:
2. Եթե օգնությունը մերժվում է, ապա մերժման պատճառը պետք է տրվի հարցում անող ծառայությանը գրավոր, առանց ուշացման:
ՀՈԴՎԱԾ 12. ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԸ
Պայմանավորվող կողմերը փոխադարձաբար հրաժարվում են սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում ծագած ծախսերի հատուցման համար որևէ պահանջից, բացի այն վկաների համար ծախսերից ու փորձագետների և թարգմանիչների վարձատրությունից, որոնք պետական պաշտոնյաներ չեն: Այդ ծախսերը կհատուցի հարցում անող Կողմը:
ՀՈԴՎԱԾ 13. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
1. Սույն Համաձայնագրի իրականացման համար իրավասու մարմիններն են` Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունն և Հունաստանի Հանրապետության մաքսային ծառայությունը, որոնք ուղղակիորեն կհաղորդակցվեն, որպեսզի լուծեն սույն Համաձայնագրից ծագող խնդիրները, և որոնք խորհրդակցություններից հետո կհրատարակեն վարչական որոշումներ սույն Համաձայնագրի իրականացման համար և համատեղ ջանքերով կաշխատեն լուծել դրա թարգմանության կամ իրականացման ժամանակ ծագող խնդիրները կամ հարցերը:
2. Պայմանավորվող կողմերը համաձայնեցին հանդիպել առնվազն տարին մեկ անգամ` սույն Համաձայնագրի իրականացումը վերանայելու համար, եթե նրանք փոխադարձաբար գրավոր չեն համաձայնել, որ նման հանդիպումները անհրաժեշտ չեն:
ՀՈԴՎԱԾ 14. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երեսուներորդ օրը` սկսած այն օրվանից, երբ Պայմանավորվող կողմերը հայտագրերի փոխանակմամբ միմյանց կծանուցեն այն մասին, որ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական պահանջները կատարված են, և նրանք ընդունում են սույն Համաձայնագրի պայմանները:
2. Սույն Համաձայնագիրը կարող է դադարեցվել Պայմանավորվող կողմերից մեկի` դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցման դեպքում` ծանուցումը ստանալուց վեց ամիս անց:
Կատարված է Երևան քաղաքում 1999 թվականի մայիսի 12-ին, երկու բնօրինակով, հայերեն, հունարեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Տարաձայնության դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի դեկտեմբերի 10-ից: