Սեղմել Esc փակելու համար:
{27.06.2013 - 01.09.2022} «ՀՀ ԿԵՆՏՐՈՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{27.06.2013 - 01.09.2022} «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.06.2013  -ից մինչեւ   01.09.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

27/06/2013 - 01/09/2022

050.0154.110804

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»         08           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05004203

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունիսի 2004 թվականի N 154-Ն

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 20-րդ հոդվածները, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով աուդիտորական կազմակերպության ընտրության համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող հրապարակային մրցույթի կազմակերպման մասին» կանոնակարգը (կցվում է):

2. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ներքին աուդիտի վարչության վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(որոշումը փոփ. 23.08.2022 թիվ 135-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ

 

i

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն կանոնակարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունը վերստուգելու նպատակով միջազգային ճանաչում ունեցող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կազմակերպվող հրապարակային մրցույթների անցկացման հետ կապված հարաբերությունները` հիմք ընդունելով, որ`

1) Համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի Կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունները յուրաքանչյուր տարի վերստուգվում են միջազգային ճանաչում ունեցող անկախ աուդիտորական կազմակերպության (այսուհետ` Արտաքին աուդիտոր) կողմից:

2) Վերստուգման նպատակով Կենտրոնական բանկը յուրաքանչյուր երեք տարին մեկ կազմակերպում է Արտաքին աուդիտորի ընտրության հրապարակային մրցույթ, որի արդյունքում ընտրվում է Արտաքին աուդիտոր մինչև երեք տարի ժամկետով:

(1-ին կետը փոփ. 30.04.13 թիվ 110-Ն, 23.08.2022 թիվ 135-Ն որոշումներ)

i

2. Սույն կանոնակարգում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

հրապարակային մրցույթ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունը վերստուգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բաց մրցույթի ձևով հրապարակային սակարկության անցկացման միջոցով համապատասխան պայմանագրի կնքման գործընթաց, որի արդյունքում պայմանագիրը կնքվում է հաղթող ճանաչված այն մասնակցի հետ, որը մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ համապատասխանում է սույն կանոնակարգով սահմանված չափանիշներին և առաջարկել է հրապարակային մրցույթի լավագույն պայմաններ.

մրցութային հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդ.

նախաձեռնող ստորաբաժանում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ներքին աուդիտի վարչություն.

աշխատանքային խումբ` մրցույթի մասնակիցների կողմից ներկայացվող տեղեկատվությունները ու փաստաթղթերը ուսումնասիրելու և ամփոփելու նպատակով մրցութային հանձնաժողովի կողմից ստեղծված համապատասխան աշխատանքային խումբ.

հրապարակային մրցույթի մասնակիցներ` սույն կանոնակարգով սահմանված կարգով նախավճար վճարած և հրապարակային մրցույթի միջոցով համապատասխան պայմանագիր կնքելու ցանկություն հայտնած անձինք: Հրապարակային մրցույթի մասնակիցներ կարող են լինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող և «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձինք.

հրապարակային մրցույթի պայմաններ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող հրապարակային մրցույթով կնքվող պայմանագրի էական պայմանների համալիր.

մրցույթի արդյունքների մասին արձանագրություն` մրցույթի արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի միջև ստորագրված փաստաթուղթ, որի ստորագրման պահից մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը ձեռք է բերում/ստանձնում համապատասխան պայմանագիր կնքելու իրավունք/պարտավորություն.

մրցութային հանձնաժողովի հատուկ նիստ` մրցութային հանձնաժողովի հրապարակային ծանուցմամբ սահմանված օրը և ժամին գումարված մրցույթի հայտերի բացման նիստ: Մրցույթի հայտերը բացելու նիստի օրը կարող է նշանակվել մրցույթի հայտերն ընդունելու վերջին օրվանից առնվազն երեք օր հետո.

մրցույթի հայտերի ամփոփման նիստ` մրցույթի հաղթողին որոշելու համար գումարվող մրցութային հանձնաժողովի նիստ, որի ընթացքում մրցութային հանձնաժողովը քվեարկության միջոցով ձևավորված եզրակացության հիման վրա որոշում է կայացնում ստորագրել մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը կամ որոշում է կայացնում մրցույթը չկայացած համարել: Մրցույթի հաղթողին որոշելու համար գումարվող մրցութային հանձնաժողովի նիստը պետք է կայանա մինչև հոկտեմբերի 20-ը, եթե այլ ժամկետ չի սահմանվում հրապարակային ծանուցմամբ կամ մրցութային հանձնաժողովի որոշմամբ:

(2-րդ կետը փոփ. 30.04.13 թիվ 110-Ն, 23.08.2022 թիվ 135-Ն որոշումներ)

 

ԳԼՈՒԽ 2. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

 

i

3. Հրապարակային մրցույթին մասնակցելու մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակված առաջարկը (հայտարարությունը) ուղղված է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող և «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող բոլոր կազմակերպություններին, բացառությամբ սույն կանոնակարգի 4-րդ կետում թվարկված կազմակերպությունների:

(3-րդ կետը փոփ. 23.08.2022 թիվ 135-Ն որոշում)

i

4. Հրապարակային մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն կազմակերպությունները, որոնք անվճարունակ են, լուծարման գործընթացում սնանկ են ճանաչվել:

(4-րդ կետը փոփ. 23.08.2022 թիվ 135-Ն որոշում)

i

5. Արտաքին աուդիտորը պետք է բավարարի հետևյալ նվազագույն չափանիշներին.

1) լինի անկախ Կենտրոնական բանկից, մասնավորապես`

ա. Կենտրոնական բանկի հետ չպետք է ունենա պայմանագրային կամ այլ իրավահարաբերություններ, որոնք կասկածի տակ կարող են դնել նրա անկախությունը,

բ. որևէ կերպ ներգրավված չլինի Կենտրոնական բանկի որոշումների կայացման գործընթացում,

գ. չլինի Կենտրոնական բանկի կամ ֆինանսական համակարգի մասնակիցների և դրանց ղեկավարների հետ փոխկապակցված անձ,

2) Համապատասխանի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 16-րդ հոդվածի և «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի պահանջներին,

3) աուդիտի թիմում ներգրավված աշխատակիցները, աուդիտի համար պատասխանատու ղեկավարը պետք է ունենան ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձ և հաշվապահի կամ աուդիտորի միջազգային որակավորումներ:

Երկրորդ երեք տարվա աուդիտի համար Արտաքին աուդիտորը պետք է ներկայացնի աուդիտի համար պատասխանատու նոր ղեկավար, եթե մասնակցում է մրցույթին:

Վեց տարի անընդմեջ Կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացրած Արտաքին աուդիտորը չի կարող մասնակցել հաջորդ մրցույթին (պետք է փոխվի):

Սույն կետով նախատեսված պահանջները նշվում են հրապարակային ծանուցմամբ:

(5-րդ կետը փոփ. 11.04.06 թիվ 162-Ն, 30.04.13 թիվ 110-Ն, 23.08.2022 թիվ 135-Ն որոշումներ)

6. Հրապարակային մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են սույն կանոնակարգի 34-րդ կետով նախատեսված մրցութային հայտն ընդունելու մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Գլխավոր քարտուղարության փաստաթղթերի շրջանառության բաժնի կողմից ստորագրված և կնքված համապատասխան տեղեկանքի հիման վրա ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին, նրանք կարող են ծանոթանալ մրցույթի նիստերի արձանագրություններին և պատճենահանել դրանք: Հրապարակային մրցույթին մասնակցելու համար ցանկություն հայտնած օտարերկրյա մասնակիցները կարող են սույն կանոնակարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները ներկայացնել ռուսերեն կամ անգլերեն:

i

7. Հրապարակային մրցույթի մասնակիցների պահանջով նրանց էլեկտրոնային եղանակով տրամադրվում է սույն կանոնակարգը:

(7-րդ կետը փոփ. 23.08.2022 թիվ 135-Ն որոշում)

8. Հրապարակային մրցույթի մասնակիցները հրապարակային ծանուցմամբ նախատեսված կարգով, չափով և ժամկետներում մուծում են նախավճար:

9. Մրցութային հանձնաժողովը մինչև մրցույթի հաղթողին ճանաչելու օրը անհրաժեշտության դեպքում կարող է պահանջել հրապարակային մրցույթի մասնակիցներից ներկայացնել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր: Նշված դրույթը պարտադիր նշվում է հրապարակային ծանուցման մեջ:

i

10. Հրապարակային մրցույթին մասնակցելու համար ցանկություն հայտնած մասնակիցները մինչև հայտերի ներկայացման վերջնական ժամկետի ավարտը կարող են հետ վերցնել մրցույթի հայտերը (հրաժարվել մրցույթին մասնակցելուց):

(10-րդ կետը փոփ. 30.04.13 թիվ 110-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 3. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԻՋՈՑՈՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

11. Սույն կանոնակարգով նախատեսված մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու պահից հրապարակային մրցույթի հաղթողը ձեռք է բերում համապատասխան պայմանագիր կնքելու իրավունք:

i

12. Հրապարակային մրցույթում հաղթողի հետ համապատասխան պայմանագիր կնքելիս պայմանագրի էական պայմանները պետք է համապատասխանեն հրապարակային մրցույթի մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված պայմաններին: Սույն կանոնակարգով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունների վերստուգման նպատակով կնքվելիք պայմանագրի ժամկետը սահմանվում է մինչև երեք տարի:

(12-րդ կետը փոփ. 30.04.13 թիվ 110-Ն, 23.08.2022 թիվ 135-Ն որոշումներ)

 

ԳԼՈՒԽ 4. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

 

i

13. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը նախաձեռնող ստորաբաժանման կողմից պատրաստված և մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված հրապարակային մրցույթի անցկացման մասին հայտարարությունը (այսուհետ` հրապարակային ծանուցումը) հրապարակում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքում և www.azdarar.am կայքում` հրապարակային մրցույթը սկսվելուց (մրցույթի հայտերի ընդունման վերջին օրվանից) առնվազն 30 (երեսուն) օր առաջ:

(13-րդ կետը փոփ. 14.07.09 թիվ 213-Ն, 30.04.13 թիվ 110-Ն, 23.08.2022 թիվ 135-Ն որոշումներ)

i

14. Հրապարակային ծանուցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

1. հրապարակային մրցույթի կազմակերպչի անվանումը.

2. հրապարակային մրցույթի կազմակերպման վայրը (հասցեն).

3. հրապարակային մրցույթով կնքվելիք պայմանագրի առարկան.

4. հրապարակային մրցույթի հայտերի ընդունման ժամանակահատվածը` նշելով ժամերն ըստ օրերի.

5. հրապարակային մրցույթի ձևը և դրա անցկացման կարգը (մրցութային հայտերին ներկայացվող պահանջները, դրանց ներկայացման կարգը).

6. հրապարակային մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը.

7. հրապարակային մրցույթին մասնակցելու նախավճարի չափը, ինչպես նաև վճարելու կարգը և ժամկետները.

8. հրապարակային մրցույթի հաղթողին որոշելու կարգը.

9. հրապարակային մրցույթի հայտերը բացելու, ինչպես նաև մրցույթի հայտերն ամփոփելու նիստերի օրը և ժամը.

10. համապատասխան պայմանագիր կնքելու համար տրամադրվող ժամկետը.

11. հրապարակային մրցույթի կանոնակարգին ծանոթանալու վայրը և կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը.

12. սույն կանոնակարգով նախատեսված այլ տեղեկություններ (սույն կանոնակարգի 5, 9, 19 կետեր).

13. մրցութային հանձնաժողովի հայեցողությամբ` այլ տեղեկություններ:

(14-րդ կետը փոփ. 23.08.2022 թիվ 135-Ն որոշում)

14.1 (14.1-ին կետն ուժը կորցրել է 23.08.2022 թիվ 135-Ն որոշում)

i

15. Հրապարակային ծանուցմամբ, որպես հրապարակային մրցույթում հաղթողին որոշելու կարգ, սահմանվում է, որ մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ ներկայացրել է հրապարակային մրցույթի լավագույն պայմաններ: Առանձին դեպքերում հրապարակային մրցույթի ծանուցմամբ կարող է նկարագրվել հրապարակային մրցույթի հաղթողին որոշելու հատուկ արարողակարգ:

i

16. Հրապարակային մրցույթի առարկան` համապատասխան պայմանագիրը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը պետք է ստորագրեն հրապարակային մրցույթի ավարտից և արձանագրության ձևակերպումից հետո:

(16-րդ կետը փոփ. 30.04.13 թիվ 110-Ն որոշում)

17. (17-րդ կետն ուժը կորցրել է 30.04.13 թիվ 110-Ն որոշում)

 

i
ԳԼՈՒԽ 5. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՄԲ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

18. Հրապարակային մրցույթի պայմաններում, ինչպես նաև հրապարակային մրցույթի հայտերը բացելու օրվա և ժամի վերաբերյալ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պարտավոր է մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ անհապաղ կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ (այսուհետ` հրապարակային ծանուցման փոփոխություն): Սույն կետում նշված հրապարակային ծանուցման փոփոխությունները կատարվում են այն ձևով, ինչպես կատարվել էր մրցույթի մասին հրապարակային ծանուցումը:

i

19. Հրապարակային ծանուցման փոփոխությունները կարող են կատարվել մինչև մրցույթի հայտերի բացման օրը: Հրապարակային ծանուցման մեջ փոփոխություններ կատարելու դեպքում մասնակիցներն իրավունք ունեն սույն կանոնակարգով սահմանված կարգով մրցութային հայտերում կատարել լրացուցիչ փոփոխություններ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հրապարակային ծանուցման փոփոխության դեպքում չի կրում մասնակիցների կրած իրական վնասների ռիսկը: Սույն դրույթը պարտադիր նշվում է հրապարակային ծանուցման մեջ:

(19-րդ կետը փոփ. 14.07.09 թիվ 213-Ն որոշում)

20. Հրապարակային ծանուցման փոփոխությամբ թույլատրվում է կատարել ցանկացած լրացում, եթե դրանով չեն փոփոխվում մրցույթի պայմանների մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները:

 

ԳԼՈՒԽ 6. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

21. Մրցութային հանձնաժողովի կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով, որպես մասնագետներ, մրցութային հանձնաժողովի որոշմամբ կարող են ներգրավվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, ինչպես նաև նշանակվում է հանձնաժողովի նիստերի արձանագրողը:

22. Մրցութային հանձնաժողովը հաստատում է մրցույթի մասին հրապարակային ծանուցման տեքստը, բացում և գնահատում է մրցույթի հայտերը, ինչպես նաև որոշում է մրցույթի հաղթողին, իրականացնում օրենքով և սույն կանոնակարգով նախատեսված այլ գործողություններ:

23. Մրցութային հանձնաժողովը պատասխանատու է հրապարակային մրցույթի ընթացքում մրցույթի անցկացման օրինականության ապահովման, հրապարակային մրցույթի կազմակերպման, ինչպես նաև նիստերի արձանագրությունների և այլ փաստաթղթերի պահպանման համար:

24. (24-րդ կետն ուժը կորցրել է 30.04.13 թիվ 110-Ն որոշում)

i

25. Մրցութային հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է մրցութային հանձնաժողովի անդամների 2/3-ը:

26. Մրցութային հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկության արդյունքներով: Մրցութային հանձնաժողովի որոշումները ընդունվում են մրցութային հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, ձայների հավասարության դեպքում մրցութային հանձնաժողովի նախագահողի ձայնը որոշիչ է:

 

ԳԼՈՒԽ 7. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

27. Հրապարակային մրցույթին մասնակցել ցանկացող անձինք, մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահանջներին համապատասխան, առձեռն կամ փոստային ծառայության միջոցով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացնում մրցույթի հայտեր:

28. Հրապարակային մրցույթի հայտով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են երկու փակ և սոսնձված ծրարներում:

i

29. Մրցույթի հայտի առաջին ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.

1. մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մրցույթի հայտի ներկայացման վայրը (հասցեն).

2. մրցույթի անվանումը.

3. «մրցույթի գնային առաջարկ» բառերը.

4. «չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» բառերը.

5. մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը կամ կապի այլ միջոցները:

(29-րդ կետը փոփ. 14.07.09 թիվ 213-Ն որոշում)

i

30. Մրցույթի հայտի առաջին ծրարով ներկայացվում են միայն հրապարակային մրցույթի մասնակցի կողմից առաջարկվող աուդիտի իրականացման արժեքը (ծառայությունների գինը և ծառայությունների գնի հաշվարկման մեթոդը): Գնային առաջարկը պետք է ներառի բոլոր տեսակի ծախսերը և հարկերը: Եթե մասնակիցը տվյալ գործարքի գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե պետք է վճարի ավելացված արժեքի հարկ, ապա ներկայացվող գնային առաջարկում առանձնացված տողով նախատեսվում է այդ հարկատեսակի գծով վճարվելիք գումարի չափը: Ընդ որում` մասնակիցների գնային առաջարկների գնահատումն ու համեմատումն իրականացվում են առանց սույն կետում նշված հարկի գումարի հաշվարկման: Այն պետք է ներկայացվի ՀՀ դրամով` տառերով և թվերով արտահայտված: Ինչպես նաև պետք է ներկայացվեն վճարման պայմանները (վճարումների կատարման կարգը):

(30-րդ կետը փոփ. 14.07.09 թիվ 213-Ն, 23.08.2022 թիվ 135-Ն որոշումներ)

i

31. Մրցույթի հայտի երկրորդ ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.

1. մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մրցույթի հայտի ներկայացման վայրը (հասցեն).

2. մրցույթի անվանումը.

3. «չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» բառերը.

4. մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, կապի այլ միջոցները:.

5. մրցույթի տեխնիկական առաջարկ:

(31-րդ կետը փոփ. 14.07.09 թիվ 213-Ն որոշում)

i

32. Մրցույթի հայտի երկրորդ ծրարով ներկայացվում են հրապարակային ծանուցմամբ պահանջվող բոլոր այլ տեխնիկական առաջարկները, տեղեկությունները և փաստաթղթերը (բացի գնային առաջարկից բոլոր այլ էական պայմանները և տեղեկությունները, այդ թվում` աուդիտի ընդգրկման բնագավառները, աուդիտի իրականացման ժամկետները, մրցույթի նախավճարը հավաստող փաստաթուղթ, աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները, ինչպես նաև Հրապարակային ծանուցմամբ պահանջվող բոլոր այլ փաստաթղթերը և տեղեկությունները):

(32-րդ կետը փոփ. 14.07.09 թիվ 213-Ն, 30.04.13 թիվ 110-Ն, 23.08.2022 թիվ 135-Ն որոշումներ)

i

33. Մրցույթի հայտերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Գլխավոր քարտուղարության փաստաթղթերի շրջանառության բաժնի կողմից գրանցվում են առանձին գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության նշելով գրանցման համարը, տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը, մասնակցի անվանումը, մրցույթի հայտի փոփոխության կամ հայտերի հետ վերցնելու մասին: Նշված գրանցամատյանի հիման վրա կազմվում է ամփոփ տեղեկանք, որը մրցութային հանձնաժողովի հատուկ նիստում ներկայացվում է մրցութային հանձնաժողովին:

(33-րդ կետը փոփ. 23.08.2022 թիվ 135-Ն որոշում)

34. Մրցույթի հայտի ընդունումը ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Գլխավոր քարտուղարության փաստաթղթերի շրջանառության բաժնի կողմից մասնակցին տրամադրվող համապատասխան ստորագրված և կնքված տեղեկանքով` մրցույթի հայտն ընդունելու մասին, որում նշվում է` մասնակցի անվանումը, հայտի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը, հայտն ընդունող աշխատակցի անունը, ազգանունը և պաշտոնը:

35. Հրապարակային մրցույթի մասնակիցների մրցութային հայտերը մինչև մրցութային հանձնաժողովի հատուկ նիստը պահպանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Գլխավոր քարտուղարության փաստաթղթերի շրջանառության բաժնում, որը պատասխանատու է դրանց պահպանության համար: Մրցութային հանձնաժողովի հատուկ նիստում դրանք հանձնվում են մրցութային հանձնաժողովի նախագահին:

 

ԳԼՈՒԽ 8. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

36. Հրապարակային մրցույթի մասնակիցների կողմից հրապարակային մրցույթին մասնակցելու հայտով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերի ցանկը սահմանվում է հրապարակային մրցույթի մասին հրապարակային ծանուցմամբ:

i

37. Հրապարակային մրցույթին մասնակցելու հայտի առաջին ծրարով ներկայացվում են միայն հրապարակային մրցույթի մասնակցի կողմից առաջարկվող աուդիտի իրականացման արժեքը (ծառայությունների գինը և ծառայությունների գնի հաշվարկման մեթոդը)` 1 տարվա, 3 տարվա համար ներկայացված առաջարկները` համապատասխանաբար գումար, ԱԱՀ, ընդամենը դաշտերով:

(37-րդ կետը փոփ. 14.07.09 թիվ 213-Ն, 23.08.2022 թիվ 135-Ն որոշումներ)

i

38. Հրապարակային մրցույթի մասնակիցների կողմից հրապարակային մրցույթին մասնակցելու հայտի երկրորդ ծրարում պետք է ներկայացվեն հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը.

1. մրցույթի մասնակցի տվյալները` այդ թվում` անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), հեռախոսահամարը.

2. լիցենզիայի ռեկվիզիտները.

3. Հայաստանի Հանրապետությունում տվյալ կազմակերպության կողմից աուդիտի անցկացման փորձի մասին տեղեկություններ.

4. Աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների և պատասխանատու ղեկավարի` ՖՄՀՍ միջազգային ստանդարտներով ֆինանսական հաշվետվություններ ներկայացնող առևտրային և կենտրոնական բանկերի աուդիտի փորձի մասին տեղեկատվություն (այդ թվում միջազգային` ԵՄ, ԱՊՀ և այլն).

5. Հայաստանում կամ Անկախ պետությունների համագործակցության երկրներում ներկայացուցչությունների, մասնաճյուղերի կամ դուստր ձեռնարկությունների առկայության վերաբերյալ տեղեկություն.

6. Աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների միջազգային որակավորման վերաբերյալ տեղեկություններ (ԷյՍիՍիԷյ (ACCA), ՍիՊիԷյ (CPA), ՍիԱյԷսԷյ (CISA), այլն).

7. (7-րդ ենթակետն ուժը կորցրել է 23.08.2022 թիվ 135-Ն որոշում)

8. հրապարակային մրցույթին մասնակցելու նախավճարի վճարված լինելը հավաստիացնող փաստաթուղթ.

9. այլ անհրաժեշտ տվյալներ և փաստաթղթեր` մրցույթի կազմակերպչի հայեցողությամբ:

(38-րդ կետը փոփ. 23.08.2022 թիվ 135-Ն որոշում)

39. Սույն կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող մրցույթի հայտերը` ծրարներին, մրցույթի հայտերի ներկայացման ժամկետներին, ինչպես նաև մրցույթի հայտերով ներկայացման ենթակա տեղեկություններին և փաստաթղթերին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող հայտերը, մրցութային հանձնաժողովի որոշմամբ մերժվում և վերադարձվում են ներկայացնողին:

40. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պատասխանատու չէ մրցույթի մասնակիցների այն ծախսերի համար, որոնք պայմանավորված են մրցույթի նախապատրաստման և հայտերի ուղարկման համար` անկախ մրցույթի արդյունքներից:

41. Մրցույթի մասնակիցները մինչև մրցույթի հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտը կարող են փոխել կամ հետ վերցնել հայտերը: Մրցույթի հայտի փոփոխումը կատարվում է սույն կանոնակարգով սահմանված մրցույթի հայտ ներկայացնելու համար նախատեսված կարգով` համապատասխան ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը: Մասնակիցները նույն կարգով կարող են հետ վերցնել մրցույթի հայտերը:

i

42. Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մրցույթի հայտերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ուղարկել պատվիրված նամակով: Պատվիրված նամակով հայտը ներկայացնելու դեպքում մրցութային հայտն ընդունելու մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Գլխավոր քարտուղարության փաստաթղթերի շրջանառության բաժնի կողմից ստորագրված և կնքված համապատասխան տեղեկանքը մրցույթի մասնակցին ուղարկվում է փոստի ծառայության միջոցով` համապատասխան նամակով: Մրցույթի հայտերի ստացման ամսաթիվ է համարվում պատվիրված նամակի` Կենտրոնական բանկի կողմից ստացման ամսաթիվը:

(42-րդ կետը փոփ. 23.08.2022 թիվ 135-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 9. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

i

43. Հրապարակային մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված հայտերը բացվում են մրցութային հանձնաժողովի հատուկ նիստերին` մրցույթի մասին հրապարակային ծանուցմամբ նախատեսված օրերին և ժամերին: Մրցութային հանձնաժողովի առաջին հատուկ նիստին բացվում է միայն մրցույթի մասնակիցների ներկայացրած «մրցույթի տեխնիկական առաջարկ» ծրարը, իսկ «մրցույթի գնային առաջարկ» ծրարը հանձնվում է ի պահ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Գլխավոր քարտուղարություն, որը մրցութային հանձնաժողովի երկրորդ հատուկ նիստին հանձնում է այն մրցութային հանձնաժողովի նախագահին:

(43-րդ կետը փոփ. 19.12.06 թիվ 740-Ն, 14.07.09 թիվ 213-Ն, 23.08.2022 թիվ 135-Ն որոշումներ)

44. Մրցույթի հայտերի բացման նիստում հրապարակվում են`

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Գլխավոր քարտուղարություն փաստաթղթերի շրջանառության բաժնի կողմից ներկայացված ամփոփ տեղեկանքը.

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական վարչության կողմից պատրաստված տեղեկանքը մասնակիցների կողմից վճարված նախավճարների վերաբերյալ.

3. մրցույթի հայտը ներկայացրած յուրաքանչյուր անձի անվանումը.

4. մրցույթի հայտեր ներկայացնելու ժամկետների և հայտերի ծրարների վրա կատարված գրառումների համապատասխանությունը սույն կանոնակարգի և մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահանջներին:

(44-րդ կետը փոփ. 23.08.2022 թիվ 135-Ն որոշում)

i

45. Մրցույթի հայտերի բացման առաջին հատուկ նիստում մասնակիցների «մրցույթի տեխնիկական առաջարկ» ծրարը բացելուց հետո, այն հանձնվում է մրցութային հանձնաժողովի կողմից ստեղծված համապատասխան աշխատանքային խմբին, որը ուսումնասիրում է մասնակիցների «մրցույթի տեխնիկական առաջարկ» ծրարները» ներկայացված տեղեկատվությունները ու փաստաթղթերը և դրանց հիման վրա կազմում «մրցույթի տեխնիկական առաջարկ» համապատասխան տեղեկանք, որում նշվում են մրցույթի յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած հրապարակային մրցույթի պայմանները (կնքվելիք պայմանագրի էական պայմանները և այլ անհրաժեշտ տեղեկություններ): Մրցութային հանձնաժողովը առանձին գնահատում է մասնակիցների ներկայացրած «մրցույթի տեխնիկական առաջարկը:

(45-րդ կետը փոփ. 14.07.09 թիվ 213-Ն, 23.08.2022 թիվ 135-Ն որոշումներ)

i

45.1 Մրցույթի հայտերի բացման երկրորդ հատուկ նիստում բացվում են մասնակիցների գնային առաջարկ պարունակող «մրցույթի գնային առաջարկ» ծրարը: Նշված ծրարը բացելուց հետո դրանք հանձնվում են աշխատանքային խմբին, որը ուսումնասիրում է մասնակիցների առաջին ծրարներով ներկայացվող տեղեկատվությունները և դրանց հիման վրա կազմում «մրցույթի ֆինանսական առաջարկ» համապատասխան տեղեկանք, որում նշվում են մրցույթի յուրաքանչյուր մասնակցի առաջարկվող աուդիտի իրականացման գինը, հաշվարկման մեթոդը, վճարման կարգը և այլ անհրաժեշտ տեղեկություններ: Մրցութային հանձնաժողովը առանձին գնահատում է մասնակիցների ներկայացրած «մրցույթի ֆինանսական առաջարկը»: Աշխատանքային խումբը ամփոփում է «մրցույթի տեխնիկական առաջարկը» և «մրցույթի ֆինանսական առաջարկը» մրցութային առաջարկների գնահատականները և ներկայացնում է մրցույթի ամփոփման նիստին:

(45.1-րդ կետը լրաց. 14.07.09 թիվ 213-Ն որոշում)

45.2 Մրցույթի առաջարկների ամփոփման գործընթացը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանման նվազագույնը երկու աշխատակիցների կողմից (կատարում-ստուգում սկզբունքով), որոնք պետք է ստորագրեն մրցութային հանձնաժողովին ներկայացվող համեմատական աղյուսակի տակ կամ ամփոփ տեղեկանքի վրա: Ընդ որում, եթե մրցույթի առաջարկների ամփոփման գործընթացում ներգրավված են լինում 1-ից ավելի ստորաբաժանումներ, ապա յուրաքանչյուր ստորաբաժանման երկու աշխատակիցները նույնպես ստորագրում են դրա տակ: Մրցույթի առաջարկների ամփոփման գործընթացը իրականացնող աշխատանքային խմբի ղեկավարն է նախաձեռնող ստորաբաժանման ղեկավարը: Աշխատանքային խմբի ղեկավարը կազմակերպում է աշխատանքային խմբի աշխատանքները, հաստատում է աշխատանքային խմբի կողմից կազմված համեմատական աղյուսակները կամ ամփոփ տեղեկանքը, ինչպես նաև մրցույթի ամփոփման նիստին մրցութային հանձնաժողովին է ներկայացնում մրցույթի ամփոփման համար անհրաժեշտ տեղեկությունները (այդ թվում` կնքվելիք պայմանագրի էական պայմանները): Աշխատանքային խմբի ղեկավարի բացակայության դեպքում նրա պարտականությունները կատարում է նրա, որպես ստորաբաժանման ղեկավարի, տեղակալը կամ փոխարինողը:

(45.2-րդ կետը լրաց. 14.07.09 թիվ 213-Ն որոշում)

i

46. Մրցութային հանձնաժողովը սույն կանոնակարգի 45-րդ կետում նշված տեղեկանքի հիման վրա ընտրում է առաջարկված մրցութային պայմաններից լավագույնը: Լավագույն մրցութային պայմանները պարունակող հայտերի քննարկման ժամանակ հարցումների և դրանց պատասխանների հիման վրա մրցույթի ամփոփման օրը որոշվում է մրցույթի հաղթողի անվանումը:

(46-րդ կետը փոփ. 14.07.09 թիվ 213-Ն, 23.08.2022 թիվ 135-Ն որոշումներ)

i

47. Մրցույթի հայտերն ամփոփելու օրը մրցութային հանձնաժողովը կազմում է մրցույթի արդյունքների մասին արձանագրություն, որտեղ նշվում են`

1. մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման վայրը, ամսաթիվը և ժամը, ինչպես նաև մրցութային հանձնաժողովի անդամների, նիստին մասնակցող հրավիրված անձանց և մասնագետների անունները, ազգանունները և պաշտոնները.

2. մրցույթի մասնակիցների անվանումները.

3. մրցույթի հայտերի վերաբերյալ հարցումների և դրանց պատասխանների մասին տեղեկություններ.

4. մրցույթում հաղթողի անվանումը.

4.1 այն նախապատվելիության չափանիշները, որոնց հիման վրա մրցույթի մասնակիցներից մեկը հաղթող է ճանաչվել.

5. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ անհրաժեշտ տեղեկություններ:

(47-րդ կետը փոփ. 14.07.09 թիվ 213-Ն, 30.04.13 թիվ 110-Ն, 23.08.2022 թիվ 135-Ն որոշումներ)

i

47.1 Մրցույթի արդյունքների մասին արձանագրությանը Կենտրոնական բանկի Գլխավոր քարտուղարության արձանագրային բաժնի կողմից կցվում են մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված մրցույթի մասին ծանուցման տեքստը, մասնակիցների կողմից ներկայացված պայմանների վերաբերյալ տեղեկանքը (համեմատական աղյուսակները և այլ տեղեկությունները):

(47.1-րդ կետը լրաց. 14.07.09 թիվ 213-Ն որոշում)

48. Մրցութային հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը ներկայացվում է գրավոր, որը կցվում է արձանագրությանը և համարվում դրա անբաժանելի մասը:

i

49. Մրցույթի արդյունքներն ամփոփելու և մրցույթի հաղթողին ճանաչելու օրը կամ հաջորդ երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, ի դեմս մրցութային հանձնաժողովի, և մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը (մասնակիցները) ստորագրում են մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը, որը ունի պայմանագրի ուժ: Սույն կետով նախատեսված արձանագրությունը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: Կնքված և ստորագրված արձանագրության բնօրինակները փոխանակվում են փոստային կապի միջոցներով:

(49-րդ կետը փոփ. 23.08.2022 թիվ 135-Ն որոշում)

50. (50-րդ կետն ուժը կորցրել է 23.08.2022 թիվ 135-Ն որոշում)

 

i
ԳԼՈՒԽ 10. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆԱԽԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ, ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

i

51. Հրապարակային մրցույթի մասնակիցները մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված չափով, ժամկետներում և կարգով մուծում են նախավճար:

(51-րդ կետը փոփ. 30.04.13 թիվ 110-Ն որոշում)

i

52. Եթե հրապարակային մրցույթը համարվում է չկայացած, նախավճարը վերադարձվում է: Նախավճարը վերադարձվում է նաև մրցույթում չհաղթած մասնակիցներին: Սույն կետում նշված նախավճարը վերադարձվում է մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու կամ մրցույթը չկայացած համարվելու պահից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:

(52-րդ կետը փոփ. 30.04.13 թիվ 110-Ն որոշում)

53. Մրցույթի հաղթող ճանաչված մասնակցի կողմից համապատասխան պայմանագրի ստորագրելու պահից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում նրան վերադարձվում է մուծած նախավճարի գումարը:

54. Մրցույթում հաղթած անձը սույն կանոնակարգի 16-րդ կետում նշված պայմանագիրը կամ 49-րդ կետում նշված արձանագրությունը ստորագրելուց խուսափելու դեպքում կորցնում է մուծած նախավճարը:

55. Սույն կանոնակարգի 16-րդ կետում նշված պայմանագիրը ստորագրելուց հրաժարվող հրապարակային մրցույթի կազմակերպիչը պարտավոր է նախավճարը վերադարձնել կրկնակի չափով, ինչպես նաև մրցույթում հաղթած անձին հատուցել մրցույթին մասնակցելու հետևանքով կրած իրական ծախսերը:

 

ԳԼՈՒԽ 11. ՉԿԱՅԱՑԱԾ ԵՎ ԱՆՎԱՎԵՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ

 

56. Մրցութային հանձնաժողովը չկայացած (անվավեր) է համարում մրցույթը, եթե`

1. ոչ մի հայտ չի ներկայացվել.

2. ներկայացված հայտերից ոչ մեկը չի համապատասխանում մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված պահանջներին.

3. արտակարգ իրավիճակների պատճառով անհնար է դառնում մրցույթով նախատեսված ծառայությունների մատուցումը:

57. (57-րդ կետն ուժը կորցրել է 30.04.13 թիվ 110-Ն որոշում)

 

i
ԳԼՈՒԽ 12. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

58. Մրցութային հանձնաժողովն իր որոշմամբ կարող է հայտարարել փակ մրցույթ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունը վերստուգելու նպատակով միջազգային ճանաչում ունեցող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության համար: Փակ մրցույթ հայտարարելու դեպքում դրա անցկացման կանոնները և պայմանները որոշում է մրցութային հանձնաժողովը:

59. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պարտավոր է վարել փաստաթղթային գրառումներ (արձանագրել մրցութային հանձնաժողովի նիստերը) և պահպանել հրապարակային մրցույթի հետ կապված փաստաթղթերը (պայմանագրերը, արձանագրությունները և այլն) հրապարակային մրցույթի ավարտից երեք տարվա ընթացքում: Հրապարակային մրցույթի հետ կապված բոլոր փաստաթղթերը (պայմանագրերը, արձանագրությունները և այլն) հրապարակային մրցույթի ավարտից հետո պահպանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունում, որը պատասխանատու է դրանց պահպանության համար:

i

60. Հրապարակային մրցույթին հայտեր չներկայացնելու կամ ներկայացված մրցութային հայտերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մրցույթի չափանիշներին և պահանջներին չբավարարելու պատճառով մրցույթը չկայացված համարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով աուդիտորական ծառայության ձեռքբերումը կարող է իրականացվել մեկ անձից:

(60-րդ կետը լրաց. 23.08.2022 թիվ 135-Ն որոշում)

 

(կանոնակարգը փոփ. 23.08.2022 թիվ 135-Ն որոշում)

 

@

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
15.06.2004
N 154-Ն
Որոշում