Սեղմել Esc փակելու համար:
1960 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ԲՐՅՈՒՍԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1960 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎ ...

 

 

020.0566.170505

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

1960 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՕԴԱՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 17 մայիսի 2005 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1960 թվականի դեկտեմբերի 13-ին Բրյուսելում ստորագրված` Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Կոնվենցիան ստորագրվել է 1960թ. դեկտեմբերի 13-ին` Բրյուսելում:

Կոնվենցիայի նպատակը Պայմանավորվող կողմերի միջև օդանավագնացության ոլորտում համագործակցության ամրապնդումն ու, մասնավորապես, բարձր օդային տարածքում օդային փոխադրումների ծառայությունների ընդհանուր կազմակերպման ապահովումն է:

Կոնվենցիան մտել է ուժի մեջ:

Կոնվենցիան ունի երկու հավելված. հավելված 1. «Գործակալության կանոնադրությունը» և հավելված 2. որով, կոնվենցիայի 37 հոդվածին համապատասխան` ներկայացվում են Պայմանավորվող կողմերը և նրանց տարածքները, որոնց նկատմամբ կիրառվում է կոնվենցիան:

2. Կոնվենցիայով հիմնվում է «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» Օդանավագնացության անվտանգության եվրոպական կազմակերպություն (այսուհետ` Կազմակերպություն), որը բաղկացած է երկու մարմնից` Օդանավագնացության անվտանգության մշտական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) և Օդային փոխադրումների ծառայությունների գործակալություն (այսուհետ` Գործակալություն): Կազմակերպության նստավայրը Բրյուսել քաղաքն է:

Ըստ կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի` Պայմանավորվող կողմերից որևէ մեկը կարող է ցածր օդային տարածքի նկատմամբ, հաշվի առնելով պրակտիկ գործունեության պահանջները, Հանձնաժողովից խնդրել որոշում կայացնել, որ իր ցածր օդային տարածքի ամբողջ կամ մի մասի համար օդային փոխադրումների ծառայությունները վերապահվեն Կազմակերպությանը կամ մեկ այլ Պայմանավորվող կողմի: Ընդ որում, օդային փոխադրումները ներառում են քաղաքացիական ավիացիան և այն ռազմական, մաքսային և ոստիկանական օդանավերը, որոնք ենթարկվում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ընթացակարգերին:

Կոնվենցիան սահմանում է Կազմակերպության կարգավիճակը, Հանձնաժողովի նպատակները, այդ նպատակների իրագործման համար Հանձնաժողովի իրավասությունները, Հանձնաժողովի ակտերի ընդունման կարգը, այդ ակտերի տեսակներն ու դրանց իրավաբանական ուժը, դրանցով կարգավորվող հարցերի շրջանակը, կոնվենցիայի կամ դրա հավելվածների մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերի լուծման կարգը:

Գործակալության նպատակները, մարմինները, Գործակալության և դրա մարմինների գործունեության կարգը, լիազորությունները սահմանված են Գործակալության կանոնադրությամբ:

3. Կոնվենցիայով Պայմանավորվող կողմերն ստանձնում են, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- Գործակալությանը վերապահել օդային տարածքում օդային փոխադրումների ծառայությունները,

- անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, մասնավորապես, ռադիոհաճախականությունների հետ կապված, երաշխավորելու համար Կազմակերպության կողմից բոլոր այն գործողությունների կատարումը, որոնք բավարարում են նրա նպատակը,

- ազատել Կազմակերպությանը բոլոր տուրքերից, հարկերից և գանձումներից` կապված իր ստեղծման, կազմալուծման, վերացման, իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ անշարժ գույքի ձեռքբերման հետ,

- Կազմակերպությանն ազատել իր սեփականության, ակտիվների և եկամտի նկատմամբ կիրառվող բոլոր ուղղակի հարկերից, փոխառությունների թողարկման հետևանք հանդիսացող բոլոր անուղղակի դրամական գանձումներից, բացառիկ կամ խտրական բնույթի ցանկացած հարկումից,

- Կազմակերպությանն ազատել բոլոր մաքսային տուրքերից և հարկերից կամ հավասարազոր գանձումներից, պաշտոնական օգտագործման համար Կազմակերպության շենքերի և շինությունների կամ նրա գործունեության համար ներմուծված կամ արտահանված նյութերի, սարքավորումների, ռեսուրսների և այլ առարկաների նկատմամբ ցանկացած արգելանքից կամ սահմանափակումից, իր գործունեության համար անհրաժեշտ նյութերի հրատարակման նկատմամբ բոլոր մաքսային տուրքերից և ներմուծման կամ արտահանման արգելանքից կամ սահմանափակումից,

- Կազմակերպության կողմից ծառայության վերցված անձանց ազատել մաքսատուրքերից և գանձումներից,

- ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները չհարկվող աշխատավարձերի` առանց խոչընդոտների փոխանցումներն ապահովելու համար,

- երաշխավորել Կազմակերպության շինությունների և արխիվների անձեռնմխելիությունը,

- Գործակալության կանոնադրությունում սահմանված չափերի և պայմանների շրջանակներում մատչելի դարձնել իրենց եկամուտների հաշվարկը, համապատասխան ֆինանսական ռեսուրսները,

- Գործակալության աշխատանքային կամ ներդրումային բյուջեում կատարել տարեկան ավանդներ, վճարել իրենց ամբողջ ստորին օդային տարածքով կամ դրա մի մասով` Կազմակերպությանը վերապահված օդային փոխադրումների ծառայություններ մատուցելու համար գանձվող վճարները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 1960 թ. դեկտեմբերի 13-ին Բրյուսելում ստորագրված` Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

17 մայիսի 2005 թվականի

ՍԴՈ-566

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
17.05.2005
N ՍԴՈ-566
Որոշում