Սեղմել Esc փակելու համար:
ԿՇՌԱԾՐԱՐՄԱՆ, ՎԱՃԱՌՔԻ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՇՌԱԾՐԱՐՄԱՆ, ՎԱՃԱՌՔԻ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՑԱՆԿԱՑԱԾ ...

24.10.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.06.2007  -ից մինչեւ   24.10.2021  -ը:
 

(ուժը կորցրել է 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

i

040.1928.241105

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» նոյեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 նոյեմբերի 2005 թվականի N 1928-Ն

 

i

ԿՇՌԱԾՐԱՐՄԱՆ, ՎԱՃԱՌՔԻ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԻՊԻ ՓԱԹԵԹՎԱԾՔՆԵՐՈՒՄ ՉԱՓԱԾՐԱՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կշռածրարման, վաճառքի, ներմուծման ժամանակ ցանկացած տիպի փաթեթվածքներում չափածրարված ապրանքների քանակին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 18 ամիս հետո:

Սույն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջները չեն տարածվում մինչև 2006 թվականի դեկտեմբերի 31-ը փաթեթվածքներում չափածրարված ապրանքների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի նոյեմբերի 3-ի

N 1928-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԿՇՌԱԾՐԱՐՄԱՆ, ՎԱՃԱՌՔԻ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԻՊԻ ՓԱԹԵԹՎԱԾՔՆԵՐՈՒՄ ՉԱՓԱԾՐԱՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է կշռածրարման, վաճառքի, ներմուծման ժամանակ ցանկացած տիպի փաթեթվածքներում չափածրարված ապրանքների քանակին ներկայացվող պահանջների վրա` անկախ դրանց փաթեթավորման եղանակից:

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են փաթեթավորման միավորներում պարունակվող ապրանքների քանակին, չափագիտական վերահսկողության համար նախատեսված չափածրարված ապրանքների խմբաքանակին, հեղուկ ապրանքների չափածրարման համար օգտագործվող չափիչ անոթներին ներկայացվող չափագիտական պահանջները, ինչպես նաև փաթեթվածքներում չափածրարված ապրանքների մակնշմանը և փաթեթվածքներում չափածրարված ապրանքների խմբաքանակների փաստացի կամ միջին պարունակության չափմանը ներկայացվող պահանջները:

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`

փաթեթվածք` միջոց կամ միջոցների համալիր, որն օգտագործվում է փաթեթավորելու համար և ապահովում է արտադրանքի շրջանառության գործընթացում դրա պահպանումը վնասվածքներից և կորուստներից, շրջակա միջավայրի աղտոտումից.

փաթեթավորում` փաթեթվածքի օգտագործմամբ արտադրանքի նախապատրաստումը փոխադրմանը, պահմանը, իրացմանը և սպառմանը.

փաթեթավորման միավոր` փաթեթավորվող արտադրանքը փաթեթվածքի հետ միացնելու արդյունքում ստացված ապրանք.

կշռածրարում` արտադրանքի տեղավորումը տարայի կամ փաթեթավորման նյութի մեջ` արտադրանքի նախնական կամ միաժամանակյա բաժնավորմամբ.

փաթեթվածքներում չափածրարված ապրանքներ` ապրանքներ փաթեթվածքներում, որոնք փաթեթավորվում և կնքվում են գնորդի բացակայությամբ, ընդ որում, փաթեթվածքի պարունակությունը չի կարող փոփոխվել` առանց այն բացելու կամ ձևախախտելու, իսկ փաթեթվածքում գտնվող ապրանքի զանգվածը, ծավալը, երկարությունը, մակերեսը կամ քանակ ցույց տվող այլ մեծությունները նշված են փաթեթվածքի վրա.

զտաքաշ (m)` փաթեթվածքում սպառողական ապրանքի քանակը.

սպառողական ապրանքի անվանական քանակ (M)` փաթեթվածքի վրա նշված ապրանքի քանակը.

փաթեթվածքներում չափածրարված ապրանքներ` փաթեթվածքի պարունակության միևնույն անվանական քանակով` փաթեթվածքներում չափածրարված ապրանքներ, որոնք բնութագրվում են բոլոր փաթեթվածքների վրա նշված սպառողական ապրանքի միևնույն անվանական քանակի արժեքով.

փաթեթվածքներում չափածրարված ապրանքներ` փաթեթվածքի պարունակության տարբեր անվանական քանակով` փաթեթվածքներում չափածրարված ապրանքներ, որոնք բնութագրվում են յուրաքանչյուր փաթեթվածքի վրա նշված սպառողական ապրանքի տարբեր անվանական քանակի արժեքներով.

փաթեթվածքներում չափածրարված ապրանքի փաստացի քանակ` արտադրանքի այն քանակը (զանգվածը կամ ծավալը), որը փաստացի պարունակում է փաթեթվածքը.

փաթեթվածքներում չափածրարված ապրանքի պարունակության թույլատրելի բացասական շեղում` փաթեթվածքում ապրանքի փաստացի պարունակության և անվանական քանակի միջև առկա տարբերությունը.

ցանկացած տիպի փաթեթվածքներում չափածրարված ապրանքների քանակի նկատմամբ չափագիտական վերահսկողություն` փաթեթվածքներում չափածրարված ապրանքների քանակին ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության գործունեություն, որն իրականացվում է ցանկացած տիպի փաթեթվածքներում չափածրարված ապրանքներ արտադրող, կշռածրարող, վաճառող կամ ներմուծող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից.

ցանկացած տիպի փաթեթվածքներում չափածրարված ապրանքների կշռածրարման, վաճառքի և ներմուծման ժամանակ դրանց քանակի նկատմամբ պետական չափագիտական վերահսկողություն` սահմանված պահանջներին փաթեթվածքներում չափածրարված ապրանքների քանակի համապատասխանության ստուգման նպատակով որակի պետական տեսչության կողմից իրականացվող գործունեություն` արտադրողի, կշռածրարողի, վաճառողի կամ ներմուծողի կողմից փաթեթվածքներում չափածրարված ապրանքների քանակի նկատմամբ վերահսկողությանը վերաբերող փաստաթղթերով հիմնավորված արդյունքների ստուգման, ինչպես նաև փաթեթվածքներում չափածրարված ապրանքների քանակի համապատասխանության գործիքային ստուգման միջոցով.

փաթեթվածքներում չափածրարված ապրանքների խմբաքանակ, որը նախատեսված է չափագիտական վերահսկողության համար` փաթեթվածքներում չափածրարված ապրանքներ, որոնց վրա տարածվում են պետական չափագիտական վերահսկողության արդյունքները, որոնք ունեն սպառողական ապրանքի միևնույն անվանական քանակը, փաթեթվածքի միևնույն տեսակը, կշռածրարված են միևնույն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից:

Կշռածրարման ժամանակ փաթեթվածքներում չափածրարված ապրանքների քանակի չափագիտական վերահսկողություն և պետական չափագիտական վերահսկողություն իրականացնելիս` փաթեթվածքներում չափածրարված ապրանքների խմբաքանակներ են համարվում փաթեթվածքներում չափածրարված այն ապրանքները, որոնք ունեն միևնույն անվանական քանակը, միևնույն տեղում որոշակի ժամանակահատվածում իրականացվող փաթեթավորման միևնույն եղանակը և նախատեսված են միաժամանակյա հանձնման, ընդունման, ստուգման և որակական գնահատման համար.

փաթեթվածքներում չափածրարված ապրանքների խմբաքանակի միջին պարունակություն (միջին պարունակություն)` փաթեթվածքներում միևնույն անվանական քանակով չափածրարված ապրանքների խմբաքանակի բնութագիր, որով որոշվում է խմբաքանակում զտաքաշի միջին արժեքը.

«կեղծ» փաթեթվածք` փաթեթվածք, որն իր տեսքով կեղծ պատկերացում է տալիս փաթեթվածքում ապրանքի պարունակության քանակի մասին և, որը փաթեթվածքի ծավալի ավելի քան 30 տոկոսով լցված չէ ապրանքով (բացառությամբ նվերների և հուշանվերների, ինչպես նաև այն ապրանքների, որոնց փաթեթվածքներին, ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերին համապատասխան, ներկայացված են առանձնահատուկ պահանջներ).

փաթեթվածքում չափածրարված ապրանքի հիմնական գին (Գ)` սպառողական ապրանքի միավոր քանակի համար հաշվարկած ապրանքի գինը (օրինակ` 1 կգ-ի, 1 լ-ի և այլնի գինը).

հիմնական նյութի զանգված` առանց հեղուկի (mք)` քամած մթերքի զանգվածն առանց լցահեղուկի (կանաչ ոլոռ` առանց լցալուծույթի, աղ դրած բանջարեղեն` առանց աղաջրի, մրգեր և բանջարեղեն` առանց հյութի և այլն).

փաթեթավորման միավորի զտաքաշի թույլատրելի բացասական շեղումների սահման (T)` փաթեթավորման միավորում թերլցված ապրանքի առավելագույն քանակը, որի դեպքում ապրանքը դեռևս համարվում է շրջանառության մեջ դնելու համար պիտանի.

զտաքաշի նվազագույն թույլատրելի արժեք (mթ)` փաթեթավորման միավորի զտաքաշի պարունակության թույլատրելի արժեքի սահմանը, որի դեպքում այն դեռևս համարվում է շրջանառության մեջ դնելու համար պիտանի (mթ=M-T).

ըստ «զտաքաշ» պարամետրի խոտանված փաթեթավորման միավոր (խոտանված փաթեթավորման միավոր)` փաթեթավորման միավոր, որի զտաքաշը փոքր է զտաքաշի նվազագույն թույլատրելի արժեքից (mթ-ից), որի հետևանքով փաթեթավորման միավորը շրջանառության մեջ դնելու համար պիտանի չէ.

չափիչ անոթ` սպառողական տարա` հեղուկ չափածրարված ապրանքների համար, որն ունի շշի ձև, պատրաստված է ապակուց կամ ձևը պահպանող այլ թափանցիկ նյութից, որի չափերն ու լրիվ ծավալը հայտնի են և այնքան հաստատուն են, որ դրա պարունակության քանակը կարող է բավարար ճշգրտությամբ որոշվել` առանց այնտեղ գտնվող հեղուկի քանակի որոշման անհրաժեշտության.

չափիչ անոթի անվանական տարողություն` հեղուկի ծավալը, որը տեղավորվում է մինչև որոշակի ծավալը լցնելու համար նախատեսված անոթում.

չափիչ անոթի լրիվ տարողություն` հեղուկի ծավալը, որը տեղավորվում է անոթում` այն մինչև վերջ լցնելիս.

չափիչ անոթի անվանական (լրիվ) տարողության իրական արժեք` հեղուկի ծավալը, որը փաստացի պարունակում է անոթը, երբ այն լցված է մինչև անվանական (լրիվ) տարողությանը համապատասխանող մակարդակը.

չափիչ անոթի անվանական (լրիվ) տարողության իրական արժեքի առավելագույն թույլատրելի շեղում` 20 oC ջերմաստիճանում չափված չափիչ անոթի անվանական (լրիվ) տարողության իրական արժեքի և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթով սահմանված ու մակնշման ժամանակ նշվող անվանական (լրիվ) տարողության արժեքի միջև թույլատրելի ամենամեծ տարբերությունը (դրական կամ բացասական):

 

III. ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Յուրաքանչյուր փաթեթավորման միավորի անվանական քանակի արժեքից զտաքաշի պարունակության բացասական շեղումը չպետք է գերազանցի սույն տեխնիկական կանոնակարգի`

ա) 1-ին աղյուսակում ներկայացված` փաթեթվածքի պարունակության միևնույն անվանական քանակով (10 կգ-ից կամ 10 լ-ից ոչ ավելի) փաթեթավորման միավորներում թույլատրելի բացասական շեղումների սահմանը.

 

Աղյուսակ 1

 

._________________________________________________________________________.

|Սպառողական ապրանքի անվանական քանակը, |  Թույլատրելի բացասական շեղումների |

|           M, գ կամ մլ               |            սահմանը, T             |

|                                     |___________________________________|

|                                     |     % M-ից      |     գ կամ մլ    |

|_____________________________________|_________________|_________________|

|5-ից ավելի մինչև  50-ը ներառյալ      |       9         |       -         |

|_____________________________________|_________________|_________________|

|50-ից ավելի մինչև  100-ը ներառյալ    |       -         |      4,5        |

|_____________________________________|_________________|_________________|

|100-ից ավելի մինչև  200-ը ներառյալ   |      4,5        |       -         |

|_____________________________________|_________________|_________________|

|200-ից ավելի մինչև  300-ը ներառյալ   |       -         |       9         |

|_____________________________________|_________________|_________________|

|300-ից ավելի մինչև  500-ը ներառյալ   |       3         |       -         |

|_____________________________________|_________________|_________________|

|500-ից ավելի մինչև  1000-ը ներառյալ  |       -         |       15        |

|_____________________________________|_________________|_________________|

|1000-ից ավելի մինչև  10000-ը ներառյալ|      1,5        |       -         |

._________________________________________________________________________.

 

1-ին աղյուսակում ներկայացված թույլատրելի բացասական շեղումների սահմանի (T-ի) բացարձակ արժեքները (հաշվարկված տոկոսներով) 1000-ից ոչ պակաս M-ի համար կլորացնում են մինչև տասնորդական մասերը, իսկ 1000-ից ավելի M-ի համար` մինչև ամբողջ մասերը.

բ) 2-րդ աղյուսակում ներկայացված` փաթեթվածքի պարունակության միևնույն անվանական քանակով (10 կգ-ից կամ 10 լ-ից ավելի) փաթեթավորման միավորներում թույլատրելի բացասական շեղումների սահմանը.

 

Աղյուսակ 2

 

._________________________________________________________________________.

|Սպառողական ապրանքի անվանական քանակը, |  Թույլատրելի բացասական շեղումների |

|           M, կգ կամ լ               |            սահմանը, T             |

|                                     |___________________________________|

|                                     |     % M-ից      |     գ կամ մլ    |

|_____________________________________|_________________|_________________|

|10-ից ավելի մինչև  15-ը ներառյալ     |       -         |       150       |

|_____________________________________|_________________|_________________|

|15-ից ավելի մինչև  50-ը ներառյալ     |      1,0        |        -        |

|_____________________________________|_________________|_________________|

|50-ից ավելի մինչև  100-ը ներառյալ    |       -         |       500       |

|_____________________________________|_________________|_________________|

|100-ից ավելի                         |      0,5        |        -        |

._________________________________________________________________________.

 

գ) 3-րդ աղյուսակում ներկայացված` փաթեթվածքի պարունակության տարբեր անվանական քանակով փաթեթավորման միավորներում թույլատրելի բացասական շեղումների սահմանը.

 

Աղյուսակ 3

 

._________________________________________________________________________.

|Սպառողական ապրանքի անվանական քանակը, |  Թույլատրելի բացասական շեղումների |

|           M, գ կամ մլ               |        սահմանը, T գ կամ մլ        |

|_____________________________________|___________________________________|

|Մինչև  100-ը ներառյալ                |               1,0                 |

|_____________________________________|___________________________________|

|100-ից ավելի մինչև  500-ը ներառյալ   |               2,0                 |

|_____________________________________|___________________________________|

|500-ից ավելի մինչև  2000-ը ներառյալ  |               5,0                 |

|_____________________________________|___________________________________|

|2000-ից ավելի մինչև  10000-ը ներառյալ|              10,0                 |

._________________________________________________________________________.

 

3-րդ աղյուսակում ներկայացված թույլատրելի բացասական շեղումների սահմանի (T-ի) արժեքները 1000-ից պակաս M-ի համար կլորացնում են մինչև տասնորդական մասերը, իսկ 1000-ից ավելի M-ի համար` մինչև ամբողջ մասերը:

5. Առանց հեղուկի հիմնական նյութի զանգվածի իրական արժեքի բացասական շեղումը փաթեթվածքի վրա նշված այդ արժեքի անվանական քանակից չպետք է գերազանցի սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին աղյուսակում ներկայացված թույլատրելի բացասական շեղումների եռակի սահմանը:

6. Յուրաքանչյուր փաթեթավորման միավորի պարունակության բացասական շեղումն անվանական քանակից` երկարության նշմամբ, չպետք է գերազանցի փաթեթվածքի վրա նշված անվանական քանակի 2 տոկոսը:

7. Յուրաքանչյուր փաթեթավորման միավորի պարունակության բացասական շեղումն անվանական քանակից` մակերեսի նշմամբ, չպետք է գերազանցի փաթեթվածքի վրա նշված անվանական քանակի 3 տոկոսը:

8. Փաթեթավորման միավորի պարունակությունը պետք է լցնի փաթեթվածքի ծավալի 70 տոկոսից ոչ պակասը (բացառությամբ նվերների և հուշանվերների, ինչպես նաև այն ապրանքների, որոնց փաթեթվածքին, ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերին համապատասխան, ներկայացվում են առանձնահատուկ պահանջներ):

9. Փաթեթավորման միավորները, որոնք չեն համապատասխանում սույն տեխնիկական կանոնակարգի 4-7-րդ կետերի պահանջներին, համարվում են խոտանված, իսկ 8-րդ կետին չհամապատասխանողները` «կեղծ փաթեթվածք» և ենթակա չեն շրջանառության մեջ դնելու:

10. Փաթեթվածքներում չափածրարված ապրանքների վաճառքի ժամանակ վաճառողը, բացի փաթեթավորման միավորի գնից, պետք է նշի փաթեթվածքում չափածրարված ապրանքի հիմնական գնի արժեքը:

11. Անվանական քանակից փաթեթվածքի զտաքաշի թույլատրելի դրական շեղումներին (որոնք բնութագրում են անվանական քանակից պարունակության գերազանցումը) ներկայացվող պահանջները սահմանում է փաթեթվածքներում չափածրարված ապրանքներ արտադրող, կշռածրարող, վաճառող կամ ներմուծող կազմակերպությունը` տվյալ արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթով: Այդ պահանջները պետական չափագիտական վերահսկողության ենթակա չեն:

 

IV. ՓԱԹԵԹՎԱԾՔՆԵՐՈՒՄ ՉԱՓԱԾՐԱՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12. Փաթեթվածքի պարունակության միևնույն անվանական քանակով փաթեթվածքներում չափածրարված ապրանքների խմբաքանակը` 10 կգ-ը կամ 10 լ-ը չգերազանցող զանգվածի կամ ծավալի նշմամբ, պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին`

ա) խմբաքանակի միջին պարունակությունը չպետք է պակաս լինի փաթեթվածքի վրա նշված անվանական քանակից.

բ) սույն տեխնիկական կանոնակարգի 4-րդ կետի «ա» ենթակետով սահմանված թույլատրելի բացասական շեղումներին չհամապատասխանող խոտանված փաթեթավորման միավորների քանակը խմբաքանակում չպետք է գերազանցի խմբաքանակի չափի 2 տոկոսը.

գ) փաթեթվածքներում չափածրարված ապրանքների խմբաքանակում չպետք է լինի ոչ մի փաթեթավորման միավոր, որի անվանական քանակից զտաքաշի բացասական շեղումը գերազանցի սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին աղյուսակում ներկայացված թույլատրելի բացասական շեղումների կրկնակի սահմանը:

13. Փաթեթվածքի պարունակության միևնույն անվանական քանակով փաթեթվածքներում չափածրարված ապրանքների խմբաքանակը` առանց հեղուկի հիմնական նյութի զանգվածի նշման, ըստ այդ ցուցանիշի պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին`

ա) խմբաքանակի միջին պարունակությունն ըստ «հիմնական նյութի զանգվածն առանց հեղուկի» ցուցանիշի չպետք է պակաս լինի փաթեթվածքի վրա նշված առանց հեղուկի հիմնական նյութի անվանական քանակից.

բ) փաթեթվածքներում չափածրարված ապրանքների խմբաքանակում չպետք է լինի ոչ մի փաթեթավորման միավոր, որի առանց հեղուկի հիմնական նյութի զանգվածի փաստացի արժեքի բացասական շեղումն անվանական քանակից գերազանցի սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին աղյուսակում ներկայացված թույլատրելի բացասական շեղումների եռապատիկ սահմանը:

14. Փաթեթվածքի պարունակության միևնույն անվանական քանակով փաթեթվածքներում չափածրարված ապրանքների խմբաքանակը` հատաքանակի նշմամբ, պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին`

ա) 30 հատը չգերազանցող անվանական քանակի դեպքում չափածրարված ապրանքների խմբաքանակում չպետք է լինի ոչ մի փաթեթավորման միավոր, որի պարունակությունը չհամապատասխանի անվանական քանակին.

բ) 30 հատը գերազանցող անվանական քանակի դեպքում`

խմբաքանակի միջին պարունակությունը չպետք է պակաս լինի փաթեթվածքի վրա նշված անվանական քանակից,

փաթեթվածքներում չափածրարված ապրանքների խմբաքանակում չպետք է լինի ոչ մի փաթեթավորման միավոր, որի համար անվանական քանակից փաստացի պարունակության թույլատրելի բացասական շեղումը գերազանցի փաթեթվածքի վրա նշված անվանական քանակի 2 տոկոսը:

15. Փաթեթվածքի պարունակության միևնույն անվանական քանակով փաթեթվածքներում չափածրարված ապրանքների խմբաքանակը` երկարության նշմամբ, պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին`

ա) խմբաքանակի միջին պարունակությունը չպետք է պակաս լինի փաթեթվածքի վրա նշված անվանական քանակից.

բ) փաթեթվածքներում չափածրարված ապրանքների խմբաքանակում չպետք է լինի ոչ մի փաթեթավորման միավոր, որի համար անվանական քանակից փաստացի պարունակության բացասական շեղումը գերազանցի փաթեթվածքի վրա նշված անվանական քանակի 2 տոկոսը:

16. Փաթեթվածքի պարունակության միևնույն անվանական քանակով փաթեթվածքներում չափածրարված ապրանքների խմբաքանակը` մակերեսի նշմամբ, պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին`

ա) խմբաքանակի միջին պարունակությունը չպետք է պակաս լինի փաթեթվածքի վրա նշված անվանական քանակից.

բ) փաթեթվածքներում չափածրարված ապրանքների խմբաքանակում չպետք է լինի ոչ մի փաթեթավորման միավոր, որի համար անվանական քանակից փաստացի պարունակության բացասական շեղումը գերազանցի փաթեթվածքի վրա նշված անվանական քանակի 3 տոկոսը:

17. Փաթեթվածքներում չափածրարված ապրանքների խմբաքանակը, որը չի համապատասխանում սույն տեխնիկական կանոնակարգի 12-16-րդ կետերի պահանջներին, մինչև հայտնաբերված թերությունների վերացումն առաքման ենթակա չէ:

18. Փաթեթվածքներում չափածրարված այն ապրանքների համար, որոնց անվանական քանակը գերազանցում է 10 կգ-ը կամ 10 լ-ը, ինչպես նաև փաթեթվածքի տարբեր անվանական քանակով փաթեթվածքներում չափածրարված ապրանքների խմբաքանակի միջին պարունակության և խմբաքանակում խոտանված փաթեթավորման միավորների քանակի նկատմամբ պահանջները սույն տեխնիկական կանոնակարգով չեն կանոնակարգվում:

19. Փաթեթվածքներում չափածրարված այն ապրանքների համար, որոնց անվանական քանակը գերազանցում է 10 կգ-ը կամ 10 լ-ը, ինչպես նաև փաթեթվածքի տարբեր անվանական քանակով փաթեթվածքներում չափածրարված ապրանքների անվանական քանակից զտաքաշի թույլատրելի բացասական շեղումը չպետք է կրի համակարգված բնույթ (անվանական քանակից զտաքաշի թույլատրելի բացասական շեղումների քանակը չպետք է գերազանցի դրական շեղումների քանակը):

20. Փաթեթվածքներում չափածրարված այն ապրանքների խմբաքանակները, որոնց անվանական քանակը գերազանցում է 10 կգ-ը կամ 10 լ-ը, ինչպես նաև տարբեր անվանական քանակով փաթեթվածքներում չափածրարված ապրանքների խմբաքանակները չպետք է պարունակեն ոչ մի խոտանված փաթեթավորման միավոր:

 

Փաթեթվածքներում չափածրարված ապրանքների մակնշմանը

ներկայացվող պահանջները

 

21. Փաթեթավորման միավորի մականշվածքը, բացի արտադրանքի տվյալ տեսակի մականշվածքին ներկայացվող և Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքներով, այլ իրավական ակտերով (տեխնիկական կանոնակարգերով) և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջներից, պետք է պարունակի`

ա) տեղեկատվություն փաթեթվածքում սպառողական ապրանքի անվանական քանակի մասին` արտահայտված կիլոգրամներով (կգ), գրամներով (գ), լիտրերով (լ), միլիլիտրերով (մլ) և տպագրված առնվազն 6 մմ բարձրությամբ տառերով` 1000 գ-ը կամ 1000 մլ-ը գերազանցող անվանական քանակի դեպքում, 4 մմ բարձրությամբ տառերով` 200-1000 գ կամ 200-1000 մլ անվանական քանակի դեպքում, և 3 մմ բարձրությամբ տառերով, եթե անվանական քանակը չի գերազանցում 200 գ-ը կամ 200 մլ-ը` չափման միավորի նշագրի կամ, անհրաժեշտության դեպքում, միավորի անվանման նշմամբ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1938-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված մեծությունների միավորների անվանման, նշագրման և գրելաձևի, ներառյալ հիմնական նյութի զանգվածն առանց հեղուկի` լցահեղուկ պարունակող փաթեթվածքներում չափածրարված ապրանքների համար.

բ) փաթեթվածքում տվյալ չափածրարված ապրանքի կշռածրարումն իրականացնող իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանատառը, ազգանունը, բնակության վայրը կամ ներմուծողի տվյալները.

գ) սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին փաթեթվածքներում չափածրարված ապրանքների քանակի համապատասխանությունը հավաստող «e» նշանը:

Փաթեթվածքի վրա «e» նշանի առկայությունը վկայում է, որ տվյալ արտադրանքը շրջանառության մեջ դնող տնտեսավարող սուբյեկտը (արտադրողը, կշռածրարողը կամ ներմուծողը) իրականացնում է փաթեթվածքներում չափածրարված ապրանքների քանակի նկատմամբ չափագիտական վերահսկողություն և ապահովում սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին դրա համապատասխանությունը:

«e» նշանը դրվում է փաթեթվածքի այն տեսադաշտում, որտեղ նշվում է անվանական քանակը, ընդ որում, նշանի բարձրությունը պետք է լինի 3 մմ-ից ոչ պակաս (H>=3 մմ):

«e» նշանի չափը և փաթեթվածքի վրա նշագրման եղանակը ընտրում են փաթեթվածքներում չափածրարված ապրանքներն արտադրող, կշռածրարող կամ ներմուծող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը:

 

V. ՓԱԹԵԹՎԱԾՔՆԵՐՈՒՄ ՉԱՓԱԾՐԱՐՎԱԾ ՀԵՂՈՒԿ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՐՊԵՍ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՏԱՐԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԱՓԻՉ ԱՆՈԹՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

22. Չափիչ անոթի վրա պետք է լինի չջնջվող, լավ նկատելի և ընթեռնելի մականշվածք, որը պետք է պարունակի`

ա) անվանական տարողության արժեքը` լիտրերով (լ), միլիլիտրերով (մլ)` մեծության միավորի նշմամբ,

բ) արտադրողի անվանումը կամ ապրանքային նշանը, գտնվելու վայրը,

գ) լրիվ տարողության արժեքը` միլիլիտրերով` առանց «մլ» մեծության միավորի նշման (եթե չափիչ անոթը նախատեսված է մինչև ծավալի հաստատուն չլցվող մասի լցումը),

դ) հեռավորությունը չափիչ անոթի վերին եզրից մինչև նշված անվանական տարողությանը համապատասխանող լցման մակարդակը` միլիմետրերով` «մմ» մեծության միավորի նշմամբ (եթե չափիչ անոթը նախատեսված է մինչև հաստատուն մակարդակը լցնելու համար):

23. Անվանական կամ լրիվ տարողությունից չափիչ անոթի տարողության փաստացի արժեքների շեղումները չպետք է կրեն համակարգված բնույթ (բացասական շեղումների քանակը չպետք է գերազանցի դրական շեղումների քանակը) և չպետք է գերազանցեն սույն տեխնիկական կանոնակարգի 4-րդ աղյուսակում ներկայացված առավելագույն թույլատրելի շեղումները.

 

Աղյուսակ 4

 

._________________________________________________________________________.

|    Անվանական կամ լրիվ ծավալը, մլ    | Թույլատրելի բացասական շեղումների  |

|                                     |           սահմանը, T              |

|                                     |___________________________________|

|                                     |   % անվանական    |       մլ       |

|                                     |     ծավալից      |                |

|_____________________________________|__________________|________________|

|Մինչև  50-ը ներառյալ                 |        6         |      -         |

|_____________________________________|__________________|________________|

|50-ից ավելի մինչև  100-ը ներառյալ    |        -         |      3         |

|_____________________________________|__________________|________________|

|100-ից ավելի մինչև  200-ը ներառյալ   |        3         |      -         |

|_____________________________________|__________________|________________|

|200-ից ավելի մինչև  300-ը ներառյալ   |        -         |      6         |

|_____________________________________|__________________|________________|

|300-ից ավելի մինչև  500-ը ներառյալ   |        2         |      -         |

|_____________________________________|__________________|________________|

|500-ից ավելի մինչև  1000-ը ներառյալ  |        -         |     10         |

|_____________________________________|__________________|________________|

|1000-ից ավելի մինչև  5000-ը ներառյալ |        1         |      -         |

._________________________________________________________________________.

 

VI. ՓԱԹԵԹՎԱԾՔՆԵՐՈՒՄ ՉԱՓԱԾՐԱՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ԿԱՄ ՄԻՋԻՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՉԱՓՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

24. Փաթեթվածքներում չափածրարված ապրանքների փաստացի կամ միջին պարունակությունը կարող է չափվել ուղղակիորեն զանգվածի կամ ծավալի որոշմամբ կամ, փաթեթվածքներում չափածրարված հեղուկ ապրանքների դեպքում` չափածրարված ապրանքը կշռելու և դրա խտությունը չափելու միջոցով:

Չափումները պետք է կատարվեն համապատասխան ստուգաչափված չափման միջոցներով:

Անկախ կիրառվող մեթոդից` փաթեթվածքներում չափածրարված ապրանքների փաստացի կամ միջին պարունակության չափման ժամանակ չափումների սխալանքը չպետք է գերազանցի չափածրարված ապրանքների անվանական քանակի համար սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված թույլատրելի բացասական շեղումների սահմանի 1/5-ը:

25. Փաթեթվածքներում չափածրարված ապրանքների խմբաքանակը պետք է ստուգվի նմուշառման միջոցով և կատարվի`

ա) փորձանմուշի մեջ յուրաքանչյուր փաթեթավորման միավորի փաստացի պարունակության ստուգում,

բ) փորձանմուշի մեջ բոլոր փաթեթավորման միավորների միջին փաստացի պարունակության ստուգում:

Փաթեթվածքներում չափածրարված ապրանքների խմբաքանակը համարվում է փորձարկումն անցած, եթե նշված երկու ստուգման արդյունքներն էլ համապատասխանում են սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

Փաթեթվածքներում չափածրարված ապրանքների խմբաքանակի ստուգումներից յուրաքանչյուրի համար մշակվում է նմուշառման 2 պլան` փաթեթվածքի բացման գործողություն չպարունակող փորձարկման համար (փորձարկում, որի ընթացքում փաթեթավորման միավորը չի բացվում) և փաթեթվածքի բացման գործողություն պարունակող փորձարկման համար (փորձարկում, որի ընթացքում բացվում է փաթեթավորման միավորը):

Տնտեսական և գործնական նկատառումներով` փաթեթվածքի բացման գործողություն պարունակող փորձարկումների թիվը պետք է հասցվի նվազագույնի: Դրանք շատ ավելի պակաս արդյունավետ են, քան փաթեթվածքի բացման գործողություն չպարունակող փորձարկումները: Այդ իսկ պատճառով փաթեթվածքի բացման գործողություն պարունակող փորձարկումները պետք է կատարվեն միայն այն դեպքում, երբ փաթեթվածքի բացման գործողություն չպարունակող փորձարկման կատարումն անհնար է: Փաթեթվածքի բացման գործողություն պարունակող փորձարկումները չպետք է կիրառվեն 100 միավորը չգերազանցող փաթեթվածքներում չափածրարված ապրանքների խմբաքանակների համար:

Երբ փաթեթավորման միավորներն ստուգվում են փաթեթավորման գործընթացի վերջում, յուրաքանչյուր փաթեթվածքում չափածրարված ապրանքների խմբաքանակում դրանց քանակը պետք է հավասար լինի փաթեթավորման գործընթացում առավելագույն օրական արդյունքին` առանց խմբաքանակում փաթեթավորման միավորների թվի սահմանափակման:

Մնացած բոլոր դեպքերում խմբաքանակում փաթեթավորման միավորների թիվը չպետք է գերազանցի 10000-ը:

100 փաթեթավորման միավորը չգերազանցող փաթեթվածքներում չափածրարված ապրանքների խմբաքանակների նկատմամբ փաթեթվածքի բացման գործողություն չպարունակող փորձարկման դեպքում վերջինս պետք է իրականացվի ամբողջությամբ (100 տոկոսով):

26. Օդաթափանց և խոնավաթափանց տարայում փաթեթավորված չափածրարված ապրանքների համար, որոնք չորացման հետևանքով ենթակա են բնական կորստի, միջին պարունակության ու զանգվածի բնական կորստի արժեքի փորձարկումների պարբերությունը` կախված պահման ժամկետից և պայմաններից, սահմանվում է արտադրող կազմակերպության որոշակի արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթով` ապահովելով մականշվածքում համապատասխան տեղեկատվության առկայությունը:

 

VII. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

27. Փաթեթվածքներում չափածրարված ապրանքների քանակի որոշման ժամանակ չափումների միասնականությունը պետք է ապահովվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

 

VIII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

28. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին կշռածրարման, վաճառքի, ներմուծման ժամանակ ցանկացած տիպի փաթեթվածքներում չափածրարված ապրանքների քանակի համապատասխանության պետական չափագիտական վերահսկողությունը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.11.2005
N 1928-Ն
Որոշում