Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ...

 

 

005.060595

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

 

i

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը, ցանկանալով կնքել Համաձայնագիր եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափումը կանխելու վերաբերյալ, պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1.

ԱՆՁԻՆՔ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՒՄ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

 

Սույն համաձայնագիրը կկիրառվի Պայմանավորվող Պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց նկատմամբ:

 

Հոդված 2.

ՀԱՐԿԵՐ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

 

1. Սույն Համաձայնագիրը տարածվում է յուրաքանչյուր Պայմանավորվող Պետության կամ իշխանության տեղական մարմինների կողմից եկամուտներից և գույքից գանձվող հարկերի վրա, անկախ դրանց գանձման եղանակից:

2. Եկամուտներից և գույքից գանձվող հարկեր են համարվում եկամուտների ընդհանուր գումարից, գույքի ընդհանուր արժեքից կամ եկամուտների և գույքի առանձին տարրերից, այդ թվում շարժական կամ անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտներից գանձվող, ձեռնարկությունների վճարած աշխատավարձի ընդհանուր գումարից գանձվող հարկերը, ինչպես նաև գույքի արժեքաճից հարկերը:

3. Սույն համաձայնագիրը տարածվում է մասնավորապես հետևյալ` գոյություն ունեցող հարկերի վրա.

ա) Հայաստանի կիրարկմամբ.

(I) շահութահարկ,

(II) եկամտահարկ,

(III) գույքահարկ,

(IY) հողի հարկ,

(հետայսու` «Հայկական հարկ»)

բ) Իրանի կիրարկմամբ.

(I) եկամտահարկ,

(II) գույքահարկ (հետայսու` «Իրանի Իսլամական Հանրապետության ուղղակի հարկ»):

4. Սույն Համաձայնագիրը պետք է կիրառվի նաև սույն հոդվածի 1-ին կետի սահմանման համապատասխան դասակարգված, բնույթով նմանատիպ կամ նույնական ցանկացած այլ հարկերի նկատմամբ, որոնք գանձվելու են ի լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն սույն Համաձայնագրի ստորագրումից հետո: Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները ժամանակին կծանուցեն միմյանց իրենց հարկային օրենսդրությունում կատարված փոփոխությունների մասին:

 

Հոդված 3.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար, եթե այլ բան չի բխում ենթատեքստից.

ա) «Պայմանավորվող Պետություն» և «Պայմանավորվող մյուս Պետություն» արտահայտությունները ենթատեքստից կախված նշանակում են Հայաստան կամ Իրանի Իսլամական Հանրապետություն:

«Հայաստան» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետություն և երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով ներառվում է տարածքը, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան իրավունքներ ու միջազգային իրավունքի նորմերին համապատասխան իրավասություն է իրականացնում և որտեղ գործում է նրա հարկային օրենսդրությունը, «Իրանի Իսլամական Հանրապետություն» արտահայտությունը նշանակում է Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանության տակ գտնվող տարածքները,

բ) «հարկ» տերմինը նշանակում է սույն Համաձայնագրի երկրորդ հոդվածում ընդգրկված որևէ հարկ,

գ) «անձ» տերմինը ներառում է ֆիզիկական անձ, ընկերություն կամ անձանց ցանկացած այլ միավորում,

դ) «ընկերություն» տերմինը նշանակում է ցանկացած միավորում կամ ցանկացած այլ իրավաբանական անձ, որը հարկման նպատակների համար դիտարկվում է որպես կորպորատիվ կազմավորում,

ե) «գրանցված գրասենյակ» արտահայտությունը նշանակում է Պայմանավորվող Պետություններից որևէ մեկի օրենսդրության համաձայն գրանցված գլխավոր գրասենյակ,

զ) «Պայմանավորվող Պետության ձեռնարկություն» և «Պայմանավորվող մյուս Պետության ձեռնարկություն» արտահայտությունները նշանակում են համապատասխանաբար Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող կամ Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն,

է) «միջազգային փոխադրում» արտահայտությունը նշանակում է Պայմանավորվող Պետության ձեռնարկության կողմից իրականացվող ցանկացած ծովային, գետային, օդային նավով կամ ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով փոխադրում, բացառությամբ այն դեպքերի, երբ ծովային, գետային, օդային նավով կամ ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով փոխադրումը իրականացվում է բացառապես Պայմանավորվող մյուս Պետությունում գտնվող կետերի միջև,

ը) «իրավասու մարմին» արտահայտությունը նշանակում է.

(I) Հայաստանի կիրարկմամբ` Հարկային պետական տեսչությունը կամ նրա կողմից լիազորված ներկայացուցիչը.

(II) Իրանի Իսլամական Հանրապետության կիրարկմամբ` էկոնոմիկայի և ֆինանսների նախարարը կամ նրա կողմից լիազորված ներկայացուցիչը,

թ) «ազգային անձ» արտահայտությունը նշանակում է.

(I) Պայմանավորվող Պետության քաղաքացիությունն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ,

(II) Պայմանավորվող Պետության գործող օրենսդրության հիման վրա իրավաբանական անձի կարգավիճակ ստացած ցանկացած անձ:

2. Պայմանավորվող Պետության կողմից սույն Համաձայնագիրը կիրառելիս, եթե ենթատեքստից այլ բան չի բխում, սույն Համաձայնագրով ընդգրկվող հարկերի առնչությամբ դրանում չսահմանված ցանկացած տերմին կունենա այն նշանակությունը, որը նրան տրվում է այդ Պետության օրենսդրությամբ:

 

Հոդված 4.

Ռ Ե Զ Ի Դ Ե Ն Տ

 

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար «Պայմանավորվող Պետության ռեզիդենտ» արտահայտությունը նշանակում է ցանկացած անձ, որը Պետության օրենսդրության համաձայն այնտեղ ենթակա է հարկման բնակության, մշտական տեղակայման, գրանցման վայրի կամ այլ նմանատիպ չափանիշների հիման վրա:

2. Եթե, սույն հոդվածի առաջին կետի դրույթներին համապատասխան, ֆիզիկական անձը Պայմանավորվող երկու Պետություններում էլ ռեզիդենտ է, ապա նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպ.

ա) նա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որտեղ ունի մշտական կացարան:

Եթե նա Պայմանավորվող երկու Պետություններում էլ ունի մշտական կացարան, ապա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որտեղ ունի առավել սերտ անձնական և տնտեսական կապեր (կենսական շահերի կենտրոն).

բ) եթե հնարավոր չէ որոշել այն Պետությունը, որտեղ նա ունի կենսական շահերի կենտրոն, կամ եթե նա Պայմանավորվող Պետություններից և ոչ մեկում էլ չունի մշտական կացարան, ապա նա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որտեղ սովորաբար բնակվում է.

գ) եթե նա սովորաբար երկու Պետությունում էլ բնակվում է, կամ եթե նա սովորաբար չի բնակվում դրանցից և ոչ մեկում, ապա նա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որի քաղաքացին է.

դ) եթե նա Պայմանավորվող երկու Պետություններում էլ քաղաքացի է կամ նրանցից և ոչ մեկում էլ քաղաքացի չէ, ապա Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները լուծում են տվյալ հարցը փոխադարձ համաձայնությամբ:

3. Այն դեպքում, երբ առաջին կետի դրույթների համաձայն, ֆիզիկական անձ չհանդիսացողը Պայմանավորվող երկու Պետություններում էլ ռեզիդենտ է, ապա նա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որտեղ գտնվում է նրա գրանցված գրասենյակը:

 

Հոդված 5.

ՄՇՏԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄ

 

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար «մշտական կազմավորում» արտահայտությունը նշանակում է գործունեության հաստատուն վայր, որի միջոցով Պայմանավորվող Պետության ռեզիդենտը իր գործունեությունը, ամբողջությամբ կամ մասամբ, իրականացնում է Պայմանավորվող մյուս Պետությունում:

2. «Մշտական կազմավորում» արտահայտությունը գլխավորապես ներառում է.

ա) ղեկավարման վայր,

բ) բաժանմունք,

գ) գրասենյակ,

դ) գործարան,

ե) արհեստանոց,

զ) հանքահոր, նավթի կամ գազի հորատանցք, քարհանք կամ բնական պաշարների հետախուզման, վերամշակման կամ արդյունահանման ցանկացած այլ վայր:

3. Շինարարական հրապարակը, շինարարական, մոնտաժային կամ հավաքման օբյեկտը, ինչպես նաև նշված օբյեկտների հետ կապված վերահսկողական գործունեությունը կազմում են մշտական կազմավորում, բայց միայն այն դեպքում, եթե այդպիսի հրապարակի, օբյեկտի կամ գործունեության տևողությունը գերազանցում է տասներկու ամիսը:

4. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին, Պայմանավորվող Պետության ձեռնարկության գործունեության հետևյալ տեսակները չեն դիտարկվում որպես Պայմանավորվող մյուս Պետությունում մշտական կազմավորման միջոցով իրականացվող.

ա) կառույցների օգտագործումը բացառապես ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պահպանման կամ ցուցադրման նպատակով.

բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարի պահումը բացառապես պահպանման կամ ցուցադրման նպատակով.

գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարի պահումը բացառապես այլ ձեռնարկության կողմից վերամշակման նպատակների համար.

դ) գործունեության հաստատուն վայրի պահումը բացառապես ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակներով.

ե) գործունեության հաստատուն վայրի պահումը բացառապես ձեռնարկության համար նախապատրաստական կամ օժանդակ բնույթի` գովազդի, տեղեկությունների տրամադրման, գիտահետազոտական կամ ցանկացած այլ գործունեության իրականացման նպատակով.

զ) գործունեության հաստատուն վայրի պահումը բացառապես ա-ե ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության իրականացման համար, այդպիսի համակցության արդյունքում առաջացած գործունեության հաստատուն վայրի համընդհանուր գործունեության իրականացումը նախապատրաստական կամ օժանդակ բնույթ ունենալու դեպքում:

5. Չնայած առաջին և երկրորդ կետերի դրույթներին, եթե ձեռնարկության անունից Պայմանավորվող Պետությունում գործող անձը անկախ կարգավիճակով գործակալ չէ (որի մասին խոսվում է 6-րդ կետում) ունի և սովորաբար օգտագործում է Պայմանավորվող Պետությունում ձեռնարկության անունից կոնտրակտներ կնքելու իրավասություն, ապա համարվում է, որ այդ ձեռնարկությունը ունի մշտական կազմավորում այդ Պետությունում ցանկացած գործունեության առումով, որն անձն իրականացնում է ձեռնարկության համար, բացառությամբ չորրորդ կետին համապատասխան սահմանափակված դեպքերի, երբ այդ անձի գործունեությունը, իրականացված գործունեության հաստատուն վայրի միջոցով չի վերածում այդ գործունեության հաստատուն վայրը մշտական կազմավորման` այդ կետի դրույթների համաձայն:

6. Համարվում է, որ Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը չունի մշտական կազմավորում Պայմանավորվող մյուս Պետությունում, եթե նա ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում բրոքերի, գլխավոր կոմիսիոների կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով, որտեղ այդպիսի անձինք գործում են իրենց գործունեության սովորական շրջանակներում:

Սակայն, երբ նման գործակալի գործողությունները լիովին կամ գրեթե լիովին իրականացվում են ձեռնարկության անունից, նա չպետք է դիտարկվի, որպես անկախ կարգավիճակով գործակալ, եթե ձեռնարկության և գործակալի միջև գործարքը չի կատարվի «մեկնված ձեռքի» սկզբունքով:

7. Այն փաստը, որ Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը հսկում է Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը կամ հսկվում է նրա կողմից, կամ իրականացնում է մյուս Պետությունում ձեռնարկատիրական գործունեություն (մշտական կազմավորման միջոցով կամ այլ կերպ), ինքնըստինքյան այդ ընկերություններից մեկին չի վերածում մյուսի մշտական կազմավորման:

 

Հոդված 6.

ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ

 

1. Եկամուտները, որոնք ստանում է Պայմանավորվող Պետության ռեզիդենտը Պայմանավորվող մյուս Պետությունում գտնվող անշարժ գույքից (այդ թվում եկամուտները գյուղացիական կամ անտառային տնտեսություններից), կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. «Անշարժ գույք» արտահայտությունը ունի այն նշանակությունը, որը նրան տրվում է Պայմանավորվող այն Պետության օրենսդրությամբ, որտեղ գտնվում է այդ գույքը:

Այդ արտահայտությունը բոլոր դեպքերում պետք է ներառի անշարժ գույքին վերաբերող օժանդակ գույքը, գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում օգտագործվող անասունն ու սարքավորումը, իրավունքները, որոնց նկատմամբ կիրառվում են հողային սեփականության առնչությամբ ընդհանուր իրավունքի դրույթները, անշարժ գույքի ուզուֆրուկտը, և փոփոխական կամ հաստատուն վճարումների իրավունքները, վճարվող, որպես փոխհատուցումներ հանքային պաշարների, աղբյուրների և այլ բնական հանածոների արդյունահանման կամ արդյունահանման իրավունքի դիմաց վճարումների նկատմամբ: Ծովային, գետային, օդային նավերը կամ ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտը որպես անշարժ գույք չեն դիտարկվում:

3. Սույն հոդվածի առաջին կետի դրույթները կիրառվում են անշարժ գույքի անմիջական օգտագործումից, վարձակալության տալուց կամ օգտագործման ցանկացած այլ ձևից ստացված եկամուտների նկատմամբ:

4. Եթե ընկերության բաժնետոմսերի կամ այլ կորպորատիվ իրավունքների տնօրինումը բաժնետոմսերի կամ այլ կորպորատիվ իրավունքների տիրոջը տալիս է ընկերությանը պատկանող անշարժ գույքից օգտվելու իրավունք, ապա այդ գույքի ուղղակի օգտագործումից, վարձակալման տալուց կամ այդպիսի իրավունքից օգտվելու ցանկացած այլ ձևի օգտագործումից առաջացած եկամուտները կարող են հարկվել Պայմանավորվող այն Պետությունում, որտեղ գտնվում է անշարժ գույքը:

5. Սույն հոդվածի առաջին և երրորդ կետերի դրույթները կիրառվում են նաև ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ անկախ անհատական ծառայություններ մատուցելու համար օգտագործվող անշարժ գույքից առաջացած եկամուտների նկատմամբ:

 

Հոդված 7.

ՇԱՀՈՒՅԹ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ

 

1. Պայմանավորվող Պետության ձեռնարկության ստացած շահույթը ձեռնարկատիրական գործունեությունից հարկվում է միայն այդ Պետությունում, եթե այդ գործունեությունը չի իրականացվում Պայմանավորվող մյուս Պետությունում գտնվող մշտական կազմավորման միջոցով:

Եթե ձեռնարկությունը գործունեությունը իրականացնում է այդ կերպ, ապա ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս Պետությունում, բայց միայն այն մասով, որը վերաբերում է.

ա) այդ մշտական կազմավորմանը,

բ) այդ մյուս Պետությունում մշտական կազմավորման միջոցով վաճառվող նույն կամ նման կարգի ապրանքների կամ արտադրանքի վաճառքին,

գ) այդ մյուս Պետությունում մշտական կազմավորման միջոցով իրականացվող նույն կամ նման կարգի ձեռնարկատիրական գործունեությանը:

2. Ելնելով սույն հոդվածի երրորդ կետի դրույթներից, եթե Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը գործունեություն է իրականացնում Պայմանավորվող մյուս Պետությունում այնտեղ գտնվող մշտական կազմավորման միջոցով, ապա Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրում այդ մշտական կազմավորմանն է վերաբերում այն շահույթը, որ նա կարող էր ստանալ, եթե լիներ նույն կամ նման պայմաններում, նույնպիսի կամ նմանատիպ գործունեություն իրականացնող և միանգամայն ինքնուրույն գործող առանձին ձեռնարկություն, և լիներ իրոք անկախ ձեռնարկությունից, ում մշտական կազմավորումը համարվում է:

3. Մշտական կազմավորման շահույթը որոշելիս կթույլատրվի գործունեության հետ կապված ծախսերի հանում, այդ թվում ղեկավարման և ընդհանուր վարչական ծախսերը, որոնք կհանվեն այնպես, ինչպես մշտական կազմավորումը` անկախ ձեռնարկություն հանդիսանալու դեպքում, այն մասով, որով դրանք իրականացված են այդ մշտական կազմավորման նպատակների համար, անկախ այն բանից` կատարվում են դրանք մշտական կազմավորումը գտնվող Պետությունում, թե նրա սահմաններից դուրս:

4. Եթե, Պայմանավորվող Պետության օրենսդրության համաձայն մշտական կազմավորմանը վերաբերվող շահույթի որոշումը կարող է կատարվել ձեռնարկության տարբեր ստորաբաժանումների միջև շահույթի ընդհանուր գումարի հավասար բաշխման հիման վրա, ապա սույն հոդվածի երկրորդ կետի դրույթները խոչընդոտ չեն հանդիսանա հաշվառելու հարկվող շահույթը նման բաշխման միջոցով: Բաշխման ընտրված ձևի արդյունքները պետք է լինեն սույն հոդվածում ընդգրկված սկզբունքներին համապատասխան:

5. Մշտական կազմավորմանը չի հաշվարկվում այն շահույթը, որն առաջացել է միայն ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի գնումից:

6. Մշտական կազմավորմանը վերաբերվող շահույթը կորոշվի ամեն տարի միևնույն եղանակով, եթե միայն դրա փոփոխման համար հիմնավոր ու բավարար պատճառ չառաջանա:

7. Եթե շահույթը ներառում է եկամտի այնպիսի տեսակներ, որոնց մասին առանձին նշվում է սույն Համաձայնագրի այլ հոդվածներում, ապա սույն հոդվածի դրույթները չեն ազդում այդ հոդվածների դրույթներին:

 

Հոդված 8.

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

 

Պայմանավորվող Պետության ձեռնարկության ստացած շահույթը ծովային, գետային, օդային նավերի կամ ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի շահագործումից միջազգային փոխադրումներում, հարկվում են միայն այդ Պետությունում:

 

Հոդված 9.

ԶՈՒԳՈՐԴՎԱԾ (ԱՍՈՑԱՑՎԱԾ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Այն դեպքում, եթե.

ա) Պայմանավորվող Պետության ձեռնարկությունը ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է Պայմանավորվող մյուս Պետության ձեռնարկության կառավարման, վերահսկման կամ գույքի մեջ, կամ

բ) միևնույն անձինք ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում են ինչպես մի, այնպես էլ մյուս Պայմանավորվող Պետության ձեռնարկության կառավարման, վերահսկման կամ գույքի մեջ, և յուրաքանչյուր դեպքում երկու ձեռնարկությունների միջև նրանց առևտրային և ֆինանսական փոխհարաբերություններում ստեղծվում կամ սահմանվում են պայմաններ, որոնք հնարավոր չէին լինի երկու անկախ ձեռնարկությունների միջև, ապա ցանկացած շահույթ, որը կարող էր համարվել նրանցից մեկինը, բայց այդ պայմանների պատճառով չի համարվել, կարող է մտցվել այդ ձեռնարկության շահույթի մեջ և համապատասխանաբար հարկվել:

2. Այն դեպքում, երբ Պայմանավորվող Պետությունը այդ Պետության ձեռնարկության հարկվող շահույթի կազմում հաշվի է առնում մի տարր, որի նկատմամբ Պայմանավորվող մյուս Պետության ձեռնարկությունը այդ մյուս Պետությունում արդեն հարկվել է, և այդ ձևով առաջին նշված Պետության պահանջով մտցված տարրը, համարվում է շահույթ, որը պետք է հաշվառվեր առաջին նշված Պետության ձեռնարկությանը, եթե երկու ձեռնարկությունների միջև լինեին անկախ ձեռնարկությունները բնորոշող փոխհարաբերություններ, ապա այդ մյուս Պետությունը շահութահարկի հավելումը կշտկի:

Նման շտկման որոշման ժամանակ հաշվի կառնվեն սույն Համաձայնագրի մյուս դրույթները, իսկ Պայմանավորվող Պետության իրավասու մարմինները անհրաժեշտության դեպքում կխորհրդակցեն միմյանց հետ:

 

Հոդված 10.

ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐ

 

1. Շահաբաժինները, որոնք վճարում է Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտին, կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն, նման շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող Պետությունում, ում ռեզիդենտն է համարվում շահաբաժիններ վճարող ընկերությունը, այդ Պետության օրենսդրությանը համապատասխան. բայց եթե ստացողը շահաբաժինների փաստացի սեփականատերն է, ապա գանձվող հարկը չպետք է գերազանցի.

ա) շահաբաժինների համախառն գումարի 10 %: Եթե ստացող-ընկերությունը (բացառությամբ ընկերակցությունների) համարվում է շահաբաժիններ վճարող ընկերության գույքի առնվազն 25 %-ի սեփականատերը,

բ) շահաբաժինների համախառն գումարի 15 %, մնացած բոլոր դեպքերում:

3. «Շահաբաժիններ» տերմինը սույն Համաձայնագրում օգտագործելիս նշանակում է մուտ` բաժնետոմսերից, բաժնետոմսերի «օգտագործումից» կամ իրավունքների «օգտագործումից» հիմնադիրների բաժնետոմսերից կամ պարտապահանջ չհանդիսացող` շահույթին մասնակցության իրավունք տվող այլ իրավասությունից, ինչպես նաև այլ կորպորատիվ իրավունքներից, որոնք ենթակա են նույնպիսի հարկային կարգավորման, ինչպես բաժնետոմսերից եկամուտը, այն Պետության օրենսդրությանը համաձայն, որի ռեզիդենտն է հանդիսանում շահույթի բաշխումը իրականացնող ընկերությունը:

4. Առաջին և երկրորդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում Պայմանավորվող մյուս Պետությունում, որտեղ ռեզիդենտ է շահաբաժիններ վճարող ընկերությունը, այնտեղ գտնվող, համապատասխանաբար, մշտական կազմավորման կամ հաստատուն բազայի միջոցով, և մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները իրոք վերաբերվում են նման մշտական կազմավորմանը կամ հաստատուն բազային: Այդ դեպքում, իրավիճակից կախված, կիրառվում են սույն Համաձայնագրի 7-րդ կամ 14-րդ հոդվածների դրույթները:

5. Այն դեպքում, երբ Պայմանավորվող Պետության ռեզիդենտ համարվող ընկերությունը շահույթ է ստանում Պայմանավորվող մյուս Պետությունում, վերջինս կարող է լիովին ազատել այդ ընկերության վճարած շահաբաժինները հարկումից, բացառությամբ, եթե այդ շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պետության ռեզիդենտին, կամ եթե մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, իրոք վերաբերում է այդ մյուս Պետությունում գտնվող մշտական կազմավորմանը և չբաշխված շահույթից հարկեր չգանձել, անգամ եթե շահաբաժինները վճարվում են կամ չբաշխված շահույթը լիովին կամ մասամբ կազմված է այդ մյուս Պետությունում կազմավորվող շահույթից:

 

Հոդված 11.

ՏՈԿՈՍՆԵՐ

 

1. Տոկոսները, որոնք առաջանում են Պայմանավորվող Պետությունում և վճարվում են Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտին, կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն, նման տոկոսները կարող են հարկվել նաև Պայմանավորվող այն Պետությունում, որտեղ դրանք առաջանում են, այդ Պետության օրենսդրությանը համապատասխան. բայց եթե ստացողը հանդիսանում է տոկոսների փաստացի սեփականատերը, ապա գանձվող հարկն այդ դեպքում չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 10 %:

3. Անկախ երկրորդ կետի դրույթներից, Պայմանավորվող Պետությունում առաջացած կառավարության, նախարարությունների, այլ պետական հաստատությունների, տեղակալ իշխանության մարմինների, Կենտրոնական Բանկի և լիովին Պայմանավորվող մյուս Պետության կառավարության պատկանելիության տակ գտնվող բանկերի ստացած տոկոսները կազատվեն հարկումից առաջին հիշատակված Պետությունում:

4. «Տոկոսներ» տերմինը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջներից, անկախ իպոտեկային ապահովումից և պարտապանի շահույթում մասնակցության իրավունքի առկայությունից և մասնավորապես, եկամուտ կառավարական արժեթղթերից, փոխառության տոմսերից ու պարտատոմսերից, ներառյալ դրանց պարգևավճարներն ու շահումները, կցված այդպիսի արժեթղթերին, պարտատոմսերին և փոխառության տոմսերին: Սույն հոդվածի նպատակների առումով ժամկետանց վճարումների դիմաց գանձվող տուգանքները որպես տոկոսներ չեն դիտվում:

5. Առաջին և երկրորդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսներ փաստացի ստացողը, լինելով Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ տոկոսների առաջացման աղբյուր հանդիսացող Պայմանավորվող մյուս Պետությունում, այնտեղ գտնվող մշտական կազմավորման միջոցով և պարտապահանջը, որի հիման վրա տոկոսները վճարվում են, իրոք վերաբերում է նման մշտական կազմավորմանը: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:

6. Համարվում է, որ տոկոսներն առաջանում են Պայմանավորվող Պետությունում, եթե վճարողն ինքը Պետությունն է, իշխանության տեղական մարմինը կամ այդ Պետության ռեզիդենտը: Սակայն, եթե տոկոսներ վճարող անձը, անկախ այն բանից` Պայմանավորվող Պետության ռեզիդենտ է թե ոչ, մշտական կազմավորում ունի Պայմանավորվող Պետությունում, որի գործունեության արդյունքում է ստեղծվել պարտքը, որի տոկոսները վճարվում են, և այդ տոկոսների վճարման ծախսերը կատարում է այդ մշտական կազմավորումը, ապա համարվում է, որ այդ տոկոսները առաջանում են այն Պայմանավորվող Պետությունում, որտեղ գտնվում է մշտական կազմավորումը:

7. Եթե վճարողի և տոկոսների փաստացի սեփականատիրոջ, կամ նրանց երկուսի և որևէ երրորդ անձի միջև հատուկ հարաբերությունների հետևանքով պարտապահանջին վերաբերող տոկոսների գումարը գերազանցում է այն գումարին, որը կհամաձայնեցվեր վճարողի և տոկոսների փաստացի սեփականատիրոջ միջև, նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն մատնանշված վերջին գումարի նկատմամբ: Այս դեպքում վճարի ավելցուկային մասը առաջվա պես հարկվում է պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան, հաշվի առնելով սույն Համաձայնագրի մյուս դրույթները:

 

Հոդված 12.

Ռ Ո Յ Ա Լ Տ Ի

 

1. Պայմանավորվող Պետությունում առաջացած և Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտին վճարված ռոյալտին կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն, այդպիսի ռոյալտին կարող է հարկվել նաև Պայմանավորվող այն Պետությունում, որտեղ դրանք առաջանում են, այդ Պետության օրենսդրությանը համապատասխան, բայց եթե ստացողը հանդիսանում է ռոյալտիի փաստացի սեփականատերը, ապա գանձվող հարկն այդ դեպքում չպետք է գերազանցի ռոյալտիի համախառն գումարի 5 %:

3. «Ռոյալտի» տերմինը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է փոխհատուցման տեսքով ստացվող ցանկացած տեսակի վճարումներ գրականության, արվեստի և գիտության ցանկացած ստեղծագործության (ներառյալ կինոնկարները), ռադիոյի և հեռուստատեսության համար ձայնագրությունները, ցանկացած պատենտի, ապրանքային նշանի, դիզայնի կամ մոդելի, պլանի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի հեղինակային իրավունքներից, արդյունաբերական, կոմերցիոն, գիտական սարքավորումներից կամ արդյունաբերական, կոմերցիոն, գիտական փորձի վերաբերյալ տեղեկությունից օգտվելու կամ օգտագործելու համար իրավունքի տրամադրման դիմաց:

4. Առաջին և երկրորդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե ռոյալտիի փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում ռոյալտիի աղբյուր հանդիսացող Պայմանավորվող մյուս Պետությունում գտնվող մշտական կազմավորման միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց նկատմամբ վճարվում է ռոյալտին իրոք կապված են այդպիսի մշտական կազմավորման հետ: Այդ դեպքում, կիրառվում են սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթները:

5. Համարվում է, որ ռոյալտին առաջանում է Պայմանավորվող Պետությունում, եթե վճարող են հանդիսանում ինքը Պետությունը, իշխանության տեղական մարմինը կամ այդ Պայմանավորվող Պետության ռեզիդենտը: Եթե ռոյալտի վճարող անձը, անկախ այն բանից, Պայմանավորվող Պետության ռեզիդենտ է թե ոչ, այնտեղ մշտական կազմավորում ունի, որի ռոյալտի առաջացնող գույքը կամ իրավունքը իրոք կապված են ռոյալտի վճարելու պարտավորության հետ, և վճարման ծախսերը կրում է այդ մշտական կազմավորումը, ապա համարվում է, որ այդ ռոյալտին առաջացել է Պայմանավորվող այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական կազմավորումը:

6. Եթե, վճարողի և ռոյալտիի փաստացի սեփականատիրոջ միջև կամ նրանց երկուսի և երրորդ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով, վճարվող ռոյալտին գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և ռոյալտիի փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն նշված վերջին գումարի նկատմամբ: Այս դեպքում վճարի ավելցուկային մասն առաջվա պես հարկվում է Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրի օրենսդրության համաձայն, հաշվի առնելով սույն Համաձայնագրի այլ դրույթները:

 

Հոդված 13.

ԳՈՒՅՔԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՎԵԼԱՃԸ

 

1. Պայմանավորվող Պետությունում գտնվող, 6-րդ հոդվածում սահմանված, անշարժ գույքի օտարումից ստացած Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտի եկամուտները կարող են հարկվել այդ Պետությունում:

2. Պայմանավորվող Պետության ձեռնարկության տնօրինության տակ գտնվող մշտական կազմավորման կոմերցիոն գույքի մաս կազմող կամ անկախ ծառայությունների մատուցման համար Պայմանավորվող մյուս Պետությունում օգտագործվող շարժական գույքի, այդ թվում նման մշտական կազմավորման (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ) եկամուտները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

3. Միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային, օդային, գետային նավերի կամ ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի, ինչպես նաև այդպիսի ծովային, օդային կամ գետային նավերի, ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտի շահագործմանը վերաբերող շարժական գույքի օտարումից Պայմանավորվող Պետության ձեռնարկության ստացած եկամուտները հարկվում են միայն այդ Պայմանավորվող Պետությունում, որտեղ գտնվում է ձեռնարկության գրանցված գրասենյակը:

4. Պայմանավորվող Պետության ձեռնարկության ստացած եկամուտները բաժնետոմսերի կամ այն ընկերության այլ կորպորատիվ իրավունքների օտարումից, ում գույքը ուղղակի կամ անուղղակի գլխավորապես կազմված է Պայմանավորվող մյուս Պետությունում գտնվող անշարժ գույքից, կարող է հարկվել այդ Պետությունում:

5. Սույն հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ կետերում չնշված ցանկացած այլ գույքի օտարումից առաջացած եկամուտները, հարկվում են միայն Պայմանավորվող այն Պետությունում, ում ռեզիդենտն է գույք օտարողը:

 

Հոդված 14.

ԱՆԿԱԽ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Եկամուտը, որը ստանում է Պայմանավորվող Պետության ռեզիդենտը մասնագիտական ծառայությունների մատուցումից կամ այլ, անկախ բնույթի համանման գործունեությունից, հարկվում է միայն այդ Պայմանավորվող Պետությունում, բացառությամբ այն դեպքի, երբ նա իր գործունեությունն իրականացնելու համար Պայմանավորվող մյուս Պետությունում տնօրինության տակ ունի կանոնավոր օգտագործվող մշտական բազա: Եթե նա ունի այդպիսի հաստատուն բազա` եկամուտը կարող է հարկվել մյուս Պետությունում, բայց միայն այդ հաստատուն բազային վերաբերող մասով:

2. «Մասնագիտական ծառայություններ» արտահայտությունը ներառում է մասնավորապես, անկախ գիտական, գրական, արվեստաբանական, կրթական կամ դասախոսական, ինչպես նաև բժիշկների, իրավաբանների, ճարտարագետների, ճարտարապետների, ատամնաբույժների, հաշվապահների, աուդիտորների գործունեությունը:

 

Հոդված 15.

ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏԱՆՔ

 

1. Հաշվի առնելով սույն Համաձայնագրի 16-րդ, 18-րդ, 19-րդ և 20-րդ հոդվածների դրույթներից աշխատավարձը և նման այլ վարձատրումները, որոնք Պայմանավորվող Պետության ռեզիդենտը ստանում է վարձու աշխատանքի դիմաց հարկվում են միայն այդ Պետությունում, եթե միայն վարձու աշխատանքը չի իրականացվում Պայմանավորվող մյուս Պետությունում: Եթե վարձու աշխատանքը իրականացվում է այդ ձևով, ապա այդ կապակցությամբ առաջացած վարձատրությունը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Չնայած 1-ին կետի դրույթներին, Պայմանավորվող Պետության ռեզիդենտի ստացած վարձատրությունը Պայմանավորվող մյուս Պետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց, հարկվում է միայն հիշատակված առաջին Պետությունում, հետևյալ պայմանների միաժամանակ կատարման դեպքում.

ա) ստացողը գտնվում է Պայմանավորվող մյուս Պետությունում, տվյալ ֆինանսական տարում սկսվող կամ ավարտվող, ամբողջությամբ վերցրած 183 օրը չգերազանցող ժամանակահատվածի կամ ժամանակահատվածների ընթացքում, ցանկացած 12-ամսյա ժամկետում,

բ) վարձատրումը կատարվում է մյուս Պետության ռեզիդենտ չհանդիսացող վարձատուի կողմից կամ նրա անունից,

գ) Պայմանավորվող մյուս Պետությունում վարձատուի ունեցած մշտական ներկայացուցչությունը կամ մշտական բազան չի կրում վարձատրություն կատարելու ծախսերը:

3. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին, միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային, օդային, գետային նավում կամ ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտում իրականացվող վարձու աշխատանքի հետ կապված վարձատրությունը կարող է հարկվել այն Պայմանավորվող Պետությունում, որտեղ գտնվում է ձեռնարկության գրանցված գրասենյակը:

 

Հոդված 16.

ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՀՈՆՈՐԱՐՆԵՐ

 

Տնօրենների հոնորարները և մյուս նմանատիպ վճարումները, որոնք ստանում է Պայմանավորվող Պետության ռեզիդենտը որպես Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության տնօրենների խորհրդի անդամ, կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

 

Հոդված 17.

ԱՐՎԵՍՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ ԵՎ ՄԱՐԶԻԿՆԵՐ

 

1. Անկախ 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներից, եկամուտը, որը ստանում է Պայմանավորվող Պետության ռեզիդենտը որպես արվեստի աշխատող (թատրոնի, կինոյի, ռադիոյի կամ հեռուստատեսության դերասան, երաժիշտ) կամ որպես մարզիկ Պայմանավորվող մյուս Պետությունում իրականացվող իր անձնական` որպես այդպիսին, գործունեությունից, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Եթե արվեստի աշխատողի կամ մարզիկի, որպես այդպիսին իրականացվող անհատական գործունեությունից առաջացած եկամուտը հաշվարկվում է ոչ թե արվեստի աշխատողին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա, չնայած սույն Համաձայնագրի 7-րդ, 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներին, այդ եկամուտը կարող է հարկվել այն Պետությունում, որտեղ այդ արվեստի աշխատողը կամ մարզիկը իրականացնում են գործունեությունը:

3. Չնայած առաջին և երկրորդ կետերի դրույթներին, Պայմանավորվող մյուս Պետությունում արվեստի աշխատողի կամ մարզիկի կատարողական գործունեությունից ստացած եկամուտը, Պայմանավորվող Պետությունների կառավարությունների միջև կնքված մշակութային համաձայնագրի շրջանակներում, մյուս Պետությունում կազատվի հարկումից:

 

Հոդված 18.

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

 

1. Կախված 19-րդ հոդվածի առաջին կետի դրույթներից, Պայմանավորվող Պետության ռեզիդենտին նախկին վարձու աշխատանքի հետ կապված վճարված կենսաթոշակները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:

2. Թոշակները և դժբախտ դեպքերի անհատական ապահովագրության առնչությամբ, Պայմանավորվող Պետության կատարած այլ պարբերական, կամ պատահական վճարումները կարող են հարկվել միայն այդ Պետությունում:

 

Հոդված 19.

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

1. Պայմանավորվող Պետության կամ իշխանության տեղական մարմնի կողմից ստեղծված հիմնադրամների միջոցով կամ առանց դրա, վարձատրումը (աշխատավարձի կամ ցանկացած այլ ձևով) ցանկացած ֆիզիկական անձի Պայմանավորվող այդ Պետությանը կամ իշխանությանը տեղական մարմնին մատուցած ծառայությունների դիմաց (բացի կենսաթոշակից), հարկվում են միայն այդ Պետությունում:

Պետությունում և այդ Պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձը.

ա) հանդիսանում է այդ Պետության քաղաքացի, կամ բ) այդ Պետության ռեզիդենտը չի դարձել միայն այդպիսի ծառայություններ մատուցելու նպատակով:

2. 15-րդ, 16-րդ և 18-րդ հոդվածների դրույթները կկիրառվեն այն ծառայությունների վարձատրման և թոշակների նկատմամբ, որոնք կապված են Պայմանավորվող Պետության կամ իշխանության տեղական մարմնի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ:

 

Հոդված 20.

ԴԱՍԱԽՈՍՆԵՐ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ

 

1. Վճարումները, որոնք Պայմանավորվող Պետության քաղաքացի հանդիսացող և Պայմանավորվող մյուս Պետությունում բացառապես ուսանելու կամ նախապատրաստվելու նպատակով գտնվող ուսանողը կամ պրակտիկանտը ստանում են կենսաապահովման, կրթության ստացման կամ ուսանելու նպատակով չեն հարկվում այդ մյուս Պետությունում, եթե այդ վճարումների աղբյուրը գտնվում է Պայմանավորվող այդ մյուս Պետության սահմաններից դուրս:

2. Նմանապես, Պայմանավորվող Պետության ազգային անձ համարվող և ներկայումս Պայմանավորվող մյուս Պետությունում գտնվող ուսուցիչը կամ հրահանգիչը, որոնց գտնվելու հիմնական նպատակը կրթելն ու գիտահետազոտական հետազոտություններ կատարելն է 2 տարին չգերազանցող ժամանակահատվածում կամ ժամանակահատվածներում ազատվում են հարկումից այդ մյուս Պետությունում, ինչպես նաև ուսուցանելու կամ գիտական հետազոտությունների հետ կապված անհատական ծառայությունների համար վարձատրությունները, եթե այդպիսի վճարումները կատարվել են այդ մյուս Պետությունից դուրս գտնվող աղբյուրներից:

Սույն կետը չի կիրառվի հետազոտություններից եկամուտների նկատմամբ, եթե այդպիսի հետազոտությունները նախատեսված են հիմնականում հատուկ անձի կամ անձանց մասնավոր շահի համար:

 

Հոդված 21.

ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

 

1. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի եկամուտների սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում որոշակիորեն չհիշատակվող տեսակները, հարկվում են միայն Պայմանավորվող այդ Պետությունում, բացառությամբ եթե այդպիսի եկամուտը առաջացել է Պայմանավորվող մյուս Պետության աղբյուրներից: Եթե այդպիսի եկամուտը առաջացել է Պայմանավորվող մյուս Պետության աղբյուրներից, ապա այդ դեպքում այն կարող է հարկվել նաև այդ մյուս Պետությունում:

2. 1-ին կետի դրույթը չի կիրառվում միայն 6-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված անշարժ գույքից եկամուտի նկատմամբ, եթե նման եկամուտներ ստացողը համարվում է Պայմանավորվող Պետության ռեզիդենտ և Պայմանավորվող մյուս Պետությունում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն այնտեղ գտնվող մշտական կազմավորման միջոցով և գույքը կամ իրավունքը, որի հետ կապված ստացվել է եկամուտը, իրոք կապված են այդպիսի մշտական կազմավորման հետ: Այդ դեպքում, եկամուտի տեսակները հարկվում են Պայմանավորվող մյուս Պետությունում համաձայն սեփական օրենսդրության, կախված հանգամանքներից, կիրառվում են 7-րդ կամ 14-րդ հոդվածների դրույթները:

 

Հոդված 22.

Գ ՈՒ Յ Ք

 

1. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի սեփականություն համարվող, Պայմանավորվող մյուս Պետությունում գտնվող և որպես անշարժ (6-րդ հոդվածում) ներկայացված գույքը, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Պայմանավորվող Պետության ձեռնարկության պատկանելության տակ գտնվող Պայմանավորվող մյուս Պետության մշտական ներկայացուցչության առևտրային գույքի մաս կազմող կամ Պայմանավորվող մյուս Պետությունում անկախ անհատական ծառայություններ մատուցելու նպատակով Պայմանավորվող Պետության ռեզիդենտի տրամադրության տակ գտնվող հաստատուն բազային վերաբերող շարժական գույքը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

3. Գույքը, ներկայացված միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային, գետային, օդային նավերի, ավտոմոբիլային, երկաթուղային տրանսպորտների կամ այդպիսի ծովային, գետային, օդային նավերի, ավտոմոբիլային, երկաթուղային տրանսպորտային միջոցների շահագործմանը վերաբերող շարժական գույքի տեսքով, կհարկվի միայն այդ Պայմանավորվող Պետությունում, որտեղ գտնվում է ձեռնարկության գրանցված գրասենյակը:

4. Ընկերության գլխավորապես Պայմանավորվող Պետությունում գտնվող անշարժ գույքից կազմված գույքը` ներկայացված բաժնետոմսերի կամ ընկերության այլ կորպորատիվ իրավունքների տեսքով, կարող է հարկվել այդ Պայմանավորվող Պետությունում:

5. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի գույքի մյուս բոլոր տարրերը հարկվում են միայն այդ Պետությունում:

 

Հոդված 23.

ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՄԵԹՈԴ

 

1. Եթե Պայմանավորվող Պետության ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որոնք սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան կարող են հարկվել Պայմանավորվող մյուս Պետությունում, ապա առաջին հիշատակված Պետությունը թույլ կտա.

ա) այդ ռեզիդենտի եկամտահարկից հանել մյուս Պետությունում վճարված եկամտահարկին հավասար գումար,

բ) այդ ռեզիդենտի գույքահարկից հանել այդ մյուս Պետությունում վճարված գույքահարկին հավասար գումար:

Այդպիսի հանումները, երկու դեպքում էլ, չպիտի գերազանցեն մինչև հանումի տրամադրումը հաշվարկված եկամուտի կամ գույքի հարկի մասը, որը կախված հանգամանքներից կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Եթե Համաձայնագրի ցանկացած դրույթին համապատասխան Պայմանավորվող Պետության ռեզիդենտի ստացվող եկամուտը կամ գույքը ազատված է այդ Պետությունում, ապա այդ Պետությունը, այնուամենայնիվ, կարող է այդ ռեզիդենտի գույքի կամ եկամուտի մնացած մասի վրա տարածվող հարկի գումարը հաշվարկելիս ուշադրություն դարձնել հարկումից ազատված եկամուտի կամ գույքի վրա:

 

Հոդված 24.

ԱՆԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Պայմանավորվող Պետության ազգային անձինք չեն ենթարկվի Պայմանավորվող մյուս Պետությունում այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորության կատարման, քան հարկումը կամ դրա հետ կապված պարտավորության կատարումը, որին ենթակա են կամ կարող են ենթակա լինել Պայմանավորվող մյուս Պետության ազգային անձինք միևնույն պայմանների դեպքում: Այս դրույթը, չնայած առաջին Հոդվածի դրույթներին, կիրառվում է նաև, Պայմանավորվող Պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ:

2. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի Պայմանավորվող մյուս Պետությունում ունեցած մշտական ներկայացուցչության հարկումը չի կարող պակաս բարենպաստ լինել Պայմանավորվող այդ մյուս Պետությունում, քան այդ մյուս Պետությունում նույնատիպ գործունեություն իրականացնող ռեզիդենտի հարկումը:

3. Պայմանավորվող Պետության ձեռնարկությունները, որոնց գույքը ամբողջովին կամ մասամբ պատկանում է Պայմանավորվող մյուս Պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կամ ուղղակի կամ անուղղակի վերահսկվում են այդ մյուս Պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, չպետք է նշված առաջին Պետությունում ենթարկվեն որևէ հարկման կամ դրանց հետ կապված ցանկացած պարտավորությունների, այլ կամ ավելի բարձր հարկման կամ նրա հետ կապված պարտավորությունների, քան նշված առաջին Պետության այլ նման ձեռնարկությունները:

4. Սույն դրույթները չպետք է մեկնաբանվեն, որպես Պայմանավորվող Պետությանը Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտի նկատմամբ հարկման առումով անհատական զեղչեր, հանումներ և արտոնություններ պարտավորեցնող, որոնք այդ Պետությունը տրամադրում է սեփական ռեզիդենտներին, նրանց քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան պարտականությունների հիման վրա:

 

Հոդված 25.

ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ

 

1. Եթե Պայմանավորվող Պետության ռեզիդենտը համարում է, որ Պայմանավորվող Պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները բերում են կամ կբերեն նրա` սույն Համաձայնագրին ոչ համապատասխան հարկմանը, ապա նա կարող է, այդ Պետությունների ազգային օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, ներկայացնել քննարկման համար իր գործը Պայմանավորվող այն Պետության իրավասու մարմնին, ում ռեզիդենտը հանդիսանում է կամ, եթե գործը վերաբերվում է սույն Համաձայնագրի 24-րդ հոդվածի առաջին կետին, Պայմանավորվող այն Պետության իրավասու մարմնին, ում ազգային անձն է հանդիսանում:

Դիմումը պետք է ներկայացվի երկու տարվա ընթացքում Համաձայնագրի դրույթներին ոչ համապատասխան հարկմանը բերող գործողության մասին առաջին հիշատակման պահից:

2. Եթե իրավասու մարմինը դիմումը կհամարի հիմնավորված կամ եթե չկարողանա հանգել գոհացուցիչ որոշման, կձգտի լուծել հարցը Պայմանավորվող մյուս Պետության իրավասու մարմնի հետ փոխադարձ համաձայնությամբ, նպատակ ունենալով բացառել Համաձայնագրին ոչ համապատասխան կրկնակի հարկումը:

3. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ կձգտեն լուծել բոլոր դժվարություններն ու հակասությունները, որոնք կարող են առաջանալ Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման ժամանակ: Նրանք կարող են նաև, Համաձայնագրով չնախատեսված դեպքերում, խորհրդակցել կրկնակի հարկումը բացառելու նպատակով:

4. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները կարող են անմիջական կապ հաստատել միմյանց հետ նախորդ կետերի ըմբռնման մեջ համաձայնության հասնելու նպատակով: Իրավասու մարմինները, խորհրդակցելով, պետք է մշակեն երկկողմանի համապատասխան արարողակարգ, պայմաններ, ձևեր և մեթոդներ, սույն Հոդվածով նախատեսված փոխհամաձայնության արարողակարգի կիրարկման համար:

 

Հոդված 26.

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

 

1. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները սույն Համաձայնագրի կամ Պայմանավորվող Պետությունների ներքին օրենսդրության դրույթների կիրառման համար անհրաժեշտ տեղեկություններ կփոխանակեն հարկերի վերաբերյալ, որոնց վրա տարածվում է Համաձայնագիրը այն չափով, մինչև հարկումը չի հակասում Համաձայնագրին:

Տեղեկությունների փոխանակումը առաջին Հոդվածով չի սահմանափակվում: Պայմանավորվող Պետության կողմից ստացված ցանկացած տեղեկություն համարվում է գաղտնի այնպես, ինչպես և այդ Պետության ներքին օրենսդրության գծով ստացված տեղեկությունը, և հանձնվում է միայն այն անձանց կամ մարմիններին, ներառյալ դատարանները և վարչական մարմինները, որոնք զբաղված են Համաձայնագրով ընդգրկվող հարկերը գնահատելով կամ գանձելով, հարկադիր բռնագանձումով կամ դատական հետապնդումով կամ բողոքարկումների քննմամբ: Ստացած տեղեկությունը անձինք կամ մարմինները պետք է օգտագործեն միայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել այդ տեղեկությունը բաց դատական նիստի ընթացքում կամ իրավաբանական որոշումներ ընդունելիս:

2. Առաջին կետի դրույթները ոչ մի դեպքում չեն մեկնաբանվի որպես Պայմանավորվող Պետություններին պարտավորեցնող.

ա) անցկացնել այդ կամ Պայմանավորվող մյուս Պետության օրենսդրությանը կամ վարչական գործավարությանը հակասող վարչական միջոցառումներ.

բ) ներկայացնել տեղեկություն, որը հնարավոր չի ստանալ այդ կամ Պայմանավորվող մյուս Պետության օրենսդրության համաձայն կամ սովորական վարչական գործավարության ընթացքում.

գ) ներկայացնել պետական քաղաքականությանը (հասարակարգին) հակասող որևէ առևտրական, արդյունաբերական, ձեռնարկատիրական, մասնագիտական գաղտնիք, առևտրական գործընթաց բացահայտող կամ այդ քաղաքականությանը հակասող տեղեկություն:

 

Հոդված 27.

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԿԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

 

1. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները պարտավորվում են միմյանց աջակցել սույն Հոդվածում «Պետական եկամուտներ» կոչվող հարկերին վերաբերող տոկոսների, ծախսերի, քաղաքացիական տուգանքների հետ մեկտեղ հարկերի գանձման գործում:

2. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմնի խնդրանքը պետական եկամուտների գանձման գործում օգնություն ցուցաբերելու վերաբերյալ ընդգրկում են այնպիսի վկայականի հանձնումը, որի օժտած լիազորությունները, այդ Պետության օրենքների համաձայն, վերջնականապես որոշեին պետական եկամուտների գանձումը: Սույն հոդվածի նպատակների համար պետական եկամուտների գանձումը համարվում է ամբողջովին որոշված, երբ Պայմանավորվող Պետությունը իրավունք ունի սեփական ներքին օրենսդրության համապատասխան, գանձել պետական եկամուտները, իսկ հարկատուն չունի այդ գանձումը կասեցնելու հետագա իրավունք:

3. Պայմանավորվող Պետության եկամուտների գանձումը Պայմանավորվող մյուս Պետության իրավասու մարմնի կողմից այդ մյուս Պետությունը կատարում է այնպես, ինչպես կգանձեր սեփական եկամուտը այն վերջնականապես որոշված լինելու դեպքում, նրա հարկերի գանձմանը վերաբերող օրենսդրության դրույթներին համապատասխան:

4. Սույն Հոդվածի համաձայն Պայմանավորվող Պետության իրավասու մարմնի գանձած գումարները փոխանցվում են Պայմանավորվող մյուս Պետության իրավասու մարմնին: Ընդ որում, եթե Պայմանավորվող Պետության իրավասու մարմինները չեն հանգում այլ որոշման, ապա գանձման ժամանակ օգնության ապահովման սովորական ծախսերը իր վրա է վերցնում առաջին հիշված Պետությունը, իսկ բոլոր արտակարգ ծախսերը` մյուս Պետությունը:

5. Ըստ սույն Հոդվածի պայմանների, եթե պետական եկամուտների գանձումը վերաբերվում է մի ժամանակաշրջանի, որի ընթացքում հարկատուն հանդիսացել է Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտ, ապա պետական եկամուտների գանձման գործում ոչ մի օգնություն չի ցուցաբերվի:

6. Չնայած երկրորդ (հարկեր, որոնց վրա տարածվում է Համաձայնագիրը) Հոդվածի դրույթներին, սույն Հոդվածի դրույթները վերաբերվում են բոլոր հարկերին գանձված Պայմանավորվող Պետության կողմից:

7. Սույն Հոդվածում ոչինչ չի կարող մեկնաբանվել, որպես Պայմանավորվող Պետություններից ցանկացածի վրա սեփական հարկերի գանձման ժամանակ օգտագործվող միջոցներից տարբեր վարչական միջոցների կիրառման կամ հասարակական քաղաքականությանը (հասարակարգին) հակասող պարտավորությունների հանձնարարական:

 

Հոդված 28.

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի ոչ մի դրույթ չի սահմանափակում դիվանագիտական ներկայացուցչությունների անդամների և հյուպատոսային ծառայողների միջազգային իրավունքի ընդհանուր նորմերի կամ հատուկ համաձայնագրերի հիման վրա տրամադրված հարկային արտոնությունները:

 

Հոդված 29.

ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման յուրաքանչյուր Պայմանավորվող Պետությունում և վավերագրերի փոխանակումը տեղի կունենա հնարավոր կարճ ժամկետում:

2. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վավերագրերի փոխանակումից հետո, և նրա դրույթները կիրառվում են.

ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարին հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից հետո վճարվող գումարներից,

բ) եկամուտներից և գույքից գանձվող այլ, այդպիսի հարկման ենթակա, հարկերի առնչությամբ` Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի 1-ին կամ հունվարի 1-ից սկսված, հարկման ենթակա տարվա ընթացքում, վճարվող կամ հաշվարկվող հարկերի նկատմամբ:

 

Հոդված 30.

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Սույն Համաձայնագիրը մնում է ուժի մեջ մինչև Պայմանավորվող Պետության կողմից նրա գործողության դադարեցումը: Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել Համաձայնագրի գործողությունը` ուժի մեջ մտնելու պահից հինգ տարի անցնելուց հետո ցանկացած ժամանակ, օրացուցային տարվա ավարտից առնվազն վեց ամիս առաջ, դիվանագիտական ուղիներով այդ գործողության դադարեցման մասին գրավոր ծանուցում անելով Պայմանավորվող մյուս Պետությանը: Այս դեպքում Համաձայնագիրը դադարեցնում է գործողությունը.

ա) սկզբնաղբյուրի մոտ գանձվող հարկերի նկատմամբ` ծանուցագիրը փոխանցված տարին հաջորդող տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո վճարված գումարների մասով.

բ) եկամուտներից և գույքից գանձվող այլ, այդպիսի հարկման ենթակա, հարկերի նկատմամբ` ծանուցագիրը փոխանցված տարին հաջորդող տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո, հարկման ենթակա տարվա ընթացքում, վճարված կամ հաշվարկված հարկերի նկատմամբ:

Ի վկայություն որի համապատասխան ձևով լիազորված ներքոստորագրողներս ստորագրեցինք սույն Համաձայնագիրը:

Ստորագրվել է Թեհրանում 1995 թվականի մայիսի 6-ին հայերեն, պարսկերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում բոլոր բնօրինակներն էլ, հավասարազոր են:

Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ որևէ տարաձայնության դեպքում որպես հիմք ընդունվում է անգլերեն տեքստը:

 

Հայաստանի Հանրապետության               Իրանի Իսլամական Հանրապետության

     կառավարություն                            կառավարություն

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
06.05.1995
Համաձայնագիր