Սեղմել Esc փակելու համար:
«ՈՉ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԶԻՆՎԱԾ ԿՈՆՖԼԻԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՈՉ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԶԻՆՎԱԾ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԶՈՀԵՐԻ ...

 

 

ոչ պաշտոնական թարգմանություն

 

i

«ՈՉ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԶԻՆՎԱԾ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԶՈՀԵՐԻ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԺՆԵՎԻ 1949 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻՆ ԿԻՑ ԺՆԵՎԻ 1977 ԹՎԱԿԱՆԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ 2)

 

Ընդունվել է Զինված ընդհարումների ժամանակ կիրառվող միջազգային
մարդասիրական իրավունքի ամրապնդման և զարգացման հարցերով դիվանագիտական
կոնֆերանսի կողմից` 1977 թվականի հունիսի 8-ին

 

Ուժի մեջ է մտել 1978 թվականի դեկտեմբերի 7-ին` համաձայն 23 հոդվածի

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Բարձր Պայմանավորվող Կողմերը.

հիշեցնելով, որ 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի Կոնվենցիաների համար ընդհանուր 3 հոդվածում շարադրված մարդասիրական սկզբունքներն ընկած են միջազգային բնույթ չկրող զինված կոնֆլիկտի դեպքում մարդկային անհատի նկատմամբ հարգանքի հիմքում,

հիշեցնելով, որ մարդու իրավունքներին վերաբերող միջազգային փաստաթղթերը մարդկային անհատին տրամադրում են հիմնական պաշտպանություն,

ընդգծելով այդպիսի զինված կոնֆլիկտների զոհերի լավագույն պաշտպանության ապահովման անհրաժեշտությունը,

հիշեցնելով, որ գործող իրավական նորմաներով չնախատեսված դեպքերում մարդկային անհատը մնում է մարդասիրական սկզբունքների և հասարակական գիտակցման պահանջների պաշտպանության տակ,

համաձայնեցին ներքոհիշյալին.

 

ՄԱՍ 1-ԻՆ

ՍՈՒՅՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

Հոդված 1. Կիրառման հիմնական ոլորտը

 

1. 1969 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաների համար ընդհանուր հանդիսացող 3 հոդվածը զարգացնող և լրացնող սույն Արձանագրությունը, չփոխելով դրա կիրառման գոյություն ունեցող պայմանները, կիրառվում է բոլոր այն զինված կոնֆլիկտների դեպքում, որոնք չեն ընկնում միջազգային կոնֆլիկտների (Արձանագրություն 1) զոհերի պաշտպանությանը վերաբերող` 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաներին կից Լրացուցիչ արձանագրության 1 հոդվածի տակ, և որոնք տեղի են ունենում Բարձր Պայմանավորվող որևէ Կողմի տարածքում վերջինիս զինված ուժերի կամ կազմակերպված այլ զինված խմբերի միջև, որոնք, գտնվելով պատասխանատու հրամանատարության ներքո, նշված Կողմի տարածքի մի մասի վրա իրականացնում են այնպիսի վերահսկողություն, որը նրանց թույլ է տալիս իրականացնելու անընդմեջ և համաձայնեցված մարտական գործողություններ և կիրառելու սույն Արձանագրությունը:

2. Սույն Արձանագրությունը չի կիրառվում ներքին կարգուկանոնի խախտման և ներքին լարվածության իրադրության առաջացման այնպիսի դեպքերի կապակցությամբ, ինչպիսիք են անկարգությունները, բռնության առանձին ու պատահական գործողությունները, քանի որ այդպիսիք չեն հանդիսանում զինված կոնֆլիկտներ:

 

Հոդված 2. Կիրառման ոլորտն առանձին անձանց վերաբերմամբ

 

1. Սույն Արձանագրությունը առանց որևէ տարբերության` հիմնված ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի կամ դավանանքի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային դրության, ծննդի կամ ուրիշ կարգավիճակի հատկանիշների վրա, կամ որևէ ուրիշ նման չափանիշների (ստորև` «աննպաստ տարբերություն») վրա, կիրառվում է բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց շոշափում է զինված կոնֆլիկտն այնպես, ինչպես այդ կոնֆլիկտը բնորոշված է 1 հոդվածում:

3. Զինված կոնֆլիկտի ավարտին բոլոր այն անձինք, ովքեր այդպիսի կոնֆլիկտի հետ կապված պատճառներով ենթարկված են եղել ազատազրկման կամ ազատության սահմանափակման, ինչպես նաև այն անձինք, ովքեր կոնֆլիկտից հետո այդ նույն պատճառներով ենթարկվում են ազատազրկման կամ ազատության սահմանափակման, մինչև այդպիսի ազատազրկման կամ ազատության սահմանափակման ժամանակաշրջանի վերջը օգտվում են 5 և 6 հոդվածներով նախատեսված պաշտպանությունից:

 

Հոդված 3. Չմիջամտելը

 

1. Սույն Արձանագրության մեջ ոչ մի բան չպետք է մեկնաբանվի որպես պետության ինքնիշխանությունը կամ բոլոր օրինական միջոցներով պետության մեջ օրակարգը պահպանելու կամ վերականգնելու կամ ազգային միասնությունը և պետության տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կառավարության պարտականությունը շոշափող դրույթ:

2. Սույն Արձանագրության մեջ ոչ մի բան չպետք է մեկնաբանվի որպես կոնֆլիկտին կամ այն Բարձր Պայմանավորվող Կողմի ներքին և արտաքին գործերին ուղղակի կամ անուղղակի կերպով միջամտելու արդարացում, որի տարածքում է տեղի ունենում այդ կոնֆլիկտը:

 

ՄԱՍ 2-ՐԴ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԸ

 

Հոդված 4. Հիմնական երաշխիքները

 

1. Ռազմական գործողություններին չմասնակցող կամ դրանց մասնակցելը դադարեցրած բոլոր անձինք, անկախ այն բանից` նրանց ազատությունը սահմանափակված է, թե ոչ, ունեն իրենց անձի, իրենց պատվի, իրենց համոզմունքների և իրենց կրոնական ծիսակատարությունների նկատմամբ հարգանքի իրավունք: Բոլոր հանգամանքներում նրանց հետ վարվում են մարդասիրաբար և առանց որևէ աննպաստ տարբերության: Արգելվում է տալ ոչ մեկին կենդանի չթողնելու հրաման:

2. Առանց վնասելու վերը նշված ընդհանուր դրույթները, արգելվում և ցանկացած ժամանակ ու ցանկացած տեղում արգելված կմնան 1 կետում հիշատակված անձանց նկատմամբ հետևյալ գործողությունները.

ա) ոտնձգությունը անձանց կյանքի, առողջության, ֆիզիկական և հոգեկան վիճակի նկատմամբ, մասնավորապես, սպանությունը, ինչպես նաև այնպիսի դաժան վերաբերմունքը, ինչպիսին տանջահարությունն է, խեղումներ պատճառելը կամ մարմնական պատիժների ցանկացած ձևերը,

բ) կոլեկտիվ պատիժները,

գ) պատանդ վերցնելը,

դ) ահաբեկչության գործողությունները,

ե) անարգանքը մարդկային արժանապատվության նկատմամբ, մասնավորապես, նվաստացնող և վիրավորական վարվելակերպը, բռնաբարությունը, պոռնկության ստիպելը կամ ցանկացած ձևի անվայել ոտնձգությունը,

զ) բոլոր ձևերի ստրկությունը և ստրկավաճառությունը,

է) կողոպուտը,

ը) վերը նշված գործողություններից որևէ մեկը կատարելու սպառնալիքը:

3. Երեխաների համար տրամադրվում են անհրաժեշտ հոգատարություն և օգնություն, մասնավորապես.

ա) նրանք ստանում են կրթություն, ներառյալ կրոնական և բարոյական դաստիարակությունը` նրանց ծնողների, կամ ծնողների բացակայության դեպքում, այն անձանց ցանկությունների համաձայն, ովքեր պատասխանատվություն են կրում նրանց խնամակալության համար,

բ) ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները անջատված ընտանիքների վերամիավորմանն աջակցելու համար,

գ) տասնհինգամյա տարիքի չհասած երեխաները ենթակա չեն զինված ուժերի կամ խմբերի մեջ հավաքագրելու և նրանց չեն թույլատրվում մասնակցել ռազմական գործողություններին,

դ) տասնհինգամյա տարիքի չհասած երեխաների վերաբերմամբ սույն հոդվածով նախատեսվող հատուկ պաշտպանությունը շարունակվում է նրանց նկատմամբ կիրառվել, եթե նրանք մասնակցություն են ունենում ռազմական գործողություններին, ի հակակշիռ գ) ենթակետի, և գերի ընկնում:

 

Հոդված 5. Անձինք, որոնց ազատությունը սահմանափակված է եղել

 

1. Ի լրումն Զինված կոնֆլիկտի հետ կապված պատճառներով ազատազրկված անձանց վերաբերմամբ 4 հոդվածի դրույթների, անկախ այն բանից, նրանք ներկալվել են կամ կալանվել, որպես նվազագույն պայման, պահպանվում են հետևյալ դրույթները.

ա) վիրավորները և հիվանդները օգտվում են 7-րդ հոդվածի դրույթներին համապատասխանող վարվելակերպից,

բ) այդ կետում նշված անձինք, միևնույն կերպ, ինչպես որ տեղական քաղաքացիական բնակչությունը, մատակարարվում են պարենով և խմելու ջրով, նրանց համար ապահովվում են առողջությունը պահպանելու և հիգիենային հետևելու պայմաններ, ինչպես նաև տրամադրվում է պաշտպանություն խստաշունչ կլիմայական պայմաններից և զինված կոնֆլիկտի վտանգներից,

գ) նրանց թույլատրվում է ստանալ օգնություն` անհատական կամ կոլեկտիվ կարգով,

դ) նրանց թույլատրվում է կատարել իրենց կրոնական ծեսերը և, համապատասխան խնդրանքի առկայությամբ և երբ դա տեղին է, ստանալ հոգևոր օգնություն այն անձանցից, ինչպես օրինակ, հոգևորականներից, որոնք կատարում են կրոնական ֆունկցիաներ,

ե) աշխատանքի ներգրավելու դեպքում նրանք ապահովվում են աշխատանքի այնպիսի պայմաններով և պաշտպանությամբ, որոնք համանման են տեղական քաղաքացիական բնակչությանը տրամադրվող պայմաններին և պաշտպանությանը:

2. Նրանք, ովքեր պատասխանատվություն են կրում 1 կետում խոսվող անձանց ներկալման կամ կալանման համար, նույնպես իրենց հնարավորությունների սահմաններում, պահպանում են այդպիսի անձանց վերաբերող հետևյալ դրույթները.

ա) բացառությամբ մի ընտանիք կազմող տղամարդկանց և կանանց համատեղ տեղավորման դեպքերից, կանայք պահվում են տղամարդկանց կողմից զբաղեցված շենքերից ազատ շենքերում և գտնվում են կանանց անմիջական հսկողության տակ,

բ) նրանց թույլատրվում է ուղարկել և ստանալ նամակներ, փոստային քարտեր, որոնց թվաքանակը կարող է սահմանափակվել իրավասու իշխանությունների կողմից, եթե նրանք դա անհրաժեշտ համարեն,

գ) ներկալված և կալանված անձանց պահման տեղերը չպետք է մոտ գտնվեն ռազմական գործողությունների գոտուն: 1-ին կետում հիշատակված անձինք պետք է էվակուացվեն, երբ զինված կոնֆլիկտի հետևանքով նրանց ներկալման և կալանման վայրերը ենթարկվում են ուղղակի վտանգի, եթե նրանց էվակուացումը կարելի կլինի իրականացնել բավարար չափի անվտանգության պայմաններում,

դ) նրանք օգտվում են բժշկական սպասարկման իրավունքից,

ե) նրանց առողջության ֆիզիկական և հոգեկան վիճակին և անձեռնմխելիությանը վնաս չի պատճառվում որևէ անհիմն գործողության` կամ վրիպման միջոցով: Համապատասխանաբար արգելվում է սույն հոդվածում նշված անձանց ենթարկել որևէ այնպիսի բժշկական պրոցեդուրաների, որոնց անհրաժեշտությունը չի թելադրվում համապատասխան անձանց առողջական վիճակով և, որոնք չեն համապատասխանում բոլորի կողմից ընդունված բժշկական այն նորմաներին, որոնք համանման հանգամանքների բերումով բժշկական տեսանկյունից կիրառվում են ազատ անձանց նկատմամբ:

3. Այն անձինք, որոնց վրա չեն տարածվում 1-ին կետի դրույթները, բայց, որոնց ազատությունը զինված կոնֆլիկտի հետ կապված պատճառներով, ինչ-որ կերպ սահմանափակվում է, օգտվում են մարդասիրական վարվելակերպից 4-րդ հոդվածին և սույն հոդվածի 1. ա), բ) և գ) և 2. բ) կետերին համապատասխան:

4. Եթե որոշում է կայացվում ազատազրկված անձանց ազատելու մասին, ապա, նրանք, ովքեր այդպիսի որոշում են կայացրել, անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում այդ անձանց անվտանգության ապահովման համար:

 

Հոդված 6. Քրեական հետապնդումը

 

1. Սույն հոդվածը կիրառվում է քրեական հետապնդման և զինված կոնֆլիկտի հետ կապված քրեական իրավախախտումների համար պատժի ենթարկելու դեպքերում:

2. Օրինախախտման մեջ մեղավոր ճանաչված անձի նկատմամբ ոչ մի դատական որոշում չի կայացվում և ոչ մի պատիժ չի նշանակվում առանց հիմնվելու միայն անկախության և անաչառության հիմնական երաշխիքներ ապահովող դատարանի դատավճռի վրա: Մասնավորապես.

ա) ընթացակարգը պետք է նախատեսի, որպեսզի մեղադրյալը անհապաղ տեղյակ պահվի որպես մեղադրանք նրան հարուցված իրավախախտման մանրամասների մասին և մինչև դատը ու դրա ընթացքում մեղադրյալին տրամադրվեն պաշտպանության անհրաժեշտ իրավունքներ և միջոցներ,

բ) ոչ մի անձ չի կարող իրավախախտման համար դատապարտվել` առանց հիմնվելու միայն անձնական քրեական պատասխանատվության վրա,

գ) ոչ մի անձ չի կարող մեղավոր ճանաչվել կապված որևէ քրեական իրավախախտման մեջ որևէ այնպիսի գործողության կամ վրիպման հետ, որը դրա կատարման ժամանակ օրենքով չի համարվել քրեական իրավախախտում, հավասարապես չի կարող նշանակվել առավել խիստ պատիժ, քան այն պատիժը, որը կիրառվելիս է եղել, երբ կատարվել է տվյալ քրեական իրավախախտումը, եթե իրավախախտում կատարելուց հետո օրենքով սահմանվում է առավել թեթև պատիժ, ապա այդ օրենքի գործողությունը տարածվում է և տվյալ հանցագործի վրա,

դ) յուրաքանչյուր ոք, ում ներկայացված է իրավախախտման մեղադրանք համարվում է անմեղ մինչև այն ժամանակը, քանի դեռ նրա մեղքը չի ապացուցված օրենքով,

ե) յուրաքանչյուր ոք, ում ներկայացված է իրավախախտման մեղադրանք, ունի իր ներկայությամբ դատական քննության իրավունք,

զ) ոչ մի անձ չի կարող հարկադրվել իր դեմ ցուցմունքներ տալու կամ իրեն մեղավոր ճանաչելու:

3. Դատավճիռ կայացնելիս պետք է դատապարտյալին հայտնվի դատական կամ այլ կարգով բողոքարկելու նրա իրավունքի մասին, ինչպես նաև այն ժամկետի մասին, որի ընթացքում նա կարող է օգտվել այդ իրավունքից:

4. Մահվան դատավճիռ չի կայացվում այն անձանց նկատմամբ, ովքեր իրավախախտում կատարելու պահին հասած չեն եղել տասնութամյա տարիքին, և այդ պատիժը ի կատար չի ածվում հղի կանանց և մանկահասակ երեխաներ ունեցող մայրերի նկատմամբ:

5. Ռազմական գործողությունների ավարտին իշխանության գլուխ կանգնած մարմինները ձգտում են առավել լայն ամնիստիա տրամադրել զինված կոնֆլիկտներին մասնակցած անձանց և զինված կոնֆլիկտի հետ կապված պատճառներով ազատազրկված անձանց` անկախ այն բանից` նրանք ներկալվա՞ծ, թե՞ կալանված են եղել:

 

ՄԱՍ 3-ՐԴ

ՎԻՐԱՎՈՐՆԵՐԸ, ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ԵՎ ՆԱՎԱԲԵԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԻՆՔ

 

Հոդված 7. Պաշտպանությունը և խնամքը

 

1. Բոլոր վիրավորները, հիվանդները և նավաբեկության ենթարկված անձինք, անկախ այն բանից` նրանք մասնակցե՞լ են զինված կոնֆլիկտին թե ոչ, օգտվում են հարգանքից և պաշտպանությունից:

2. Բոլոր հանգամանքներում նրանց հետ վարվում են մարդասիրաբար և նրանց առավելագույն հնարավոր չափով և կարճագույն ժամկետում տրամադրում են բժշկական օգնություն և խնամք, որոնք պահանջում են նրանց վիճակը: Նրանց միջև ոչ մի տարբերություն չի դրվում որևէ նկատառումներով, բացի բժշկական նկատառումներից:

 

Հոդված 8. Որոնումը

 

Բոլոր դեպքերում, երբ թույլ են տալիս հանգամանքները և, մասնավորապես, ճակատամարտից հետո, անհապաղ կերպով միջոցներ են ձեռնարկվում այն բանի համար, որպեսզի որոնեն և հավաքեն վիրավորներին, հիվանդներին և նավաբեկության ենթարկված անձանց և նրանց պաշտպանեն կողոպուտից և անվայել վարվելակերպից, նրանց համար ապահովեն անհրաժեշտ խնամք, ինչպես նաև այն բանի համար, որպեսզի որոնեն մահացածներին և խոչընդոտեն նրանց կողոպուտը և պատշաճ կերպով նրանց թաղեն:

 

Հոդված 9. Բժշկական և հոգևոր անձնակազմի պաշտպանությունը

 

1. Բժշկական և հոգևոր անձնակազմը օգտվում է հարգանքից և պաշտպանությունից, և այդ անձնակազմին ցույց է տրվում ամբողջ հնարավոր օգնությունը` իր պարտականությունները կատարելու համար: Այդ անձնակազմը չպետք է հարկադրվի կատարելու իր մարդասիրական առաքելության հետ անհամատեղելի խնդիրներ:

2. Չի կարելի պահանջել, որպեսզի իր ֆունկցիաները կատարելիս բժշկական անձնակազմը նախապատվություն տա որևէ անձի, բացի բժշկական բնույթի նկատառումներից:

 

Հոդված 10. Բժշկական ֆունկցիաներ կատարող անձանց

հատուկ պաշտպանությունը

 

1. Ոչ մի հանգամանքներում ոչ մի անձ չի կարող պատժի ենթարկվել նրա կողմից բժշկական էթիկայի հետ համատեղելի բժշկական ֆունկցիաներ կատարելու համար, անկախ այն բանից, թե ի շահ որ անձի են կատարվում այդ ֆունկցիաները:

2. Բժշկական ֆունկցիաներ կատարող անձինք չեն կարող հարկադրվել թույլ տալու գործողություններ կամ կատարելու աշխատանքներ ի խախտումն բժշկական էթիկայի նորմաների կամ վիրավորների և հիվանդների շահերին ծառայող այլ բժշկական նորմաների, կամ ի խախտումն սույն Արձանագրության դրույթների, ինչպես նաև հարկադրվել կատարելու այդպիսի նորմաներով և դրույթներով պահանջվող գործողություններ:

3. Ազգային օրենսդրության հաշվառմամբ անհրաժեշտ է հարգել բժշկական ֆունկցիաներ կատարող անձանց պրոֆեսիոնալ այն պարտավորությունները, որոնք կապված են տեղեկատվության հետ, որ նրանք կարող են ստանալ իրենց խնամակալության ներքո գտնվող վիրավորների և հիվանդների վերաբերյալ:

4. Ազգային օրենսդրության հաշվառմամբ բժշկական ֆունկցիաներ կատարող ոչ մի անձ ոչ մի կերպ չի կարող պատժի ենթարկվել նրա խնամակալության ներքո գտնվող վիրավորների և հիվանդների վերաբերյալ տեղեկատվություն տալուց հրաժարվելու կամ տեղեկատվություն չտրամադրելու համար:

 

Հոդված 11. Բժշկական կազմավորումների և սանիտարա-տրանսպորտային

միջոցների պաշտպանությունը

 

1. Բժշկական կազմավորումները և սանիտարա-տրանսպորտային միջոցները ցանկացած ժամանակ օգտվում են հարգանքից և պաշտպանությունից և չեն կարող դառնալ հարձակման օբյեկտ:

2. Բժշկական կազմավորումների և սանիտարա-տրանսպորտային միջոցների պաշտպանության իրավունքը դադարում է միայն այն դեպքում, եթե դրանք օգտագործվում են իրենց մարդասիրական ֆունկցիաների շրջանակներից դուրս թշնամական գործողություններ կատարելու համար: Սակայն պաշտպանության տրամադրումը կարող է դադարել միայն նախազգուշացումից հետո` սահմանելով, երբ դա պահանջվում է, բանական ժամկետ, և այն բանից հետո, երբ այդպիսի նախազգուշացումը ուշադրության չի առնվում:

 

Հոդված 12. Տարբերիչ խորհրդանշանը

 

Համապատասխան իրավասու իշխանությունների վերահսկողության ներքո նախատեսվում է բժշկական կամ հոգևոր անձնակազմի, բժշկական կազմավորումների և սանիտարա-տրանսպորտային միջոցների կողմից սպիտակ ֆոնի վրա Կարմիր խաչի, Կարմիր կիսալուսնի կամ Կարմիր առյուծի և Արևի տարբերիչ խորհրդանշանի կրում կամ տեսանելի տեղում դրանց տեղադրում: Բոլոր հանգամանքներում դրանք օգտվում են հարգանքից: Խորհրդանշանը չպետք է օգտագործվի ոչ իր նշանակությամբ:

 

ՄԱՍ 4-ՐԴ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 13. Քաղաքացիական բնակչության պաշտպանությունը

 

1. Քաղաքացիական բնակչությունը և առանձին անձինք ռազմական օպերացիաների կապակցությամբ ծագած վտանգների դեպքում օգտվում են ընդհանուր պաշտպանությունից: Այդ պաշտպանության իրականացման նպատակով բոլոր հանգամանքներում պահպանվում են հետևյալ նորմաները:

2. Քաղաքացիական բնակչությունը որպես այդպիսին, ինչպես նաև առանձին քաղաքացիական անձինք չպետք է լինեն հարձակման օբյեկտ: Արգելվում են բռնության գործողությունները կամ քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու հիմնական նպատակ ունեցող բռնությամբ սպառնալը:

3. Քաղաքացիական անձինք օգտվում են սույն մասով նախատեսված պաշտպանությունից, բացառությամբ այն դեպքերի և այնպիսի ժամանակաշրջանում, քանի դեռ նրանք անմիջականորեն մասնակցում են ռազմական գործողություններին:

 

Հոդված 14. Քաղաքացիական բնակչության գոյատևման համար

անհրաժեշտ օբյեկտների պաշտպանությունը

 

Արգելվում է բնակչության շրջանում սովը օգտագործել որպես ռազմական գործողությունների վարման մեթոդ: Այդ պատճառով էլ արգելվում է այդ նպատակով հարձակման ենթարկել, ոչնչացնել, դուրս բերել կամ անսարքության հասցնել քաղաքացիական բնակչության գոյության համար անհրաժեշտ օբյեկտները, ինչպես, օրինակ, սննդամթերքի պաշարները, պարեն արտադրող գյուղատնտեսական շրջանները, ցանքերը, անասունները, ջրամատակարարման կառույցները և ջրի պաշարները, ինչպես նաև ոռոգման շինությունները:

 

Հոդված 15. Վտանգավոր ուժեր պարունակող կայանքների և

կառույցների պաշտպանությունը

 

Վտանգավոր ուժեր պարունակող կայանքները և կառույցները, այսինքն` ամբարտակները, պատնեշները և ատոմային էլեկտրակայանները չպետք է հարձակման օբյեկտներ դառնան անգամ այն դեպքերում, երբ այդպիսի օբյեկտները հանդիսանում են ռազմական օբյեկտներ, եթե այդպիսի հարձակումը կարող է առաջացնել վտանգավոր ուժերի ազատում և հետագա ծանր կորուստներ քաղաքացիական բնակչության շրջանում:

 

Հոդված 16. Մշակութային արժեքների և պաշտամունքի

կատարման տեղերի պաշտպանությունը

 

Առանց վնաս պատճառելու Զինված կոնֆլիկտի դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թ. մայիսի 14-ի Հաագայի կոնվենցիայի դրույթներին, արգելվում է կատարել որևէ թշնամական գործողություն` ուղղված այն պատմական հուշարձանների, արվեստի ստեղծագործությունների կամ պաշտամունքի կատարման տեղերի դեմ, որոնք կազմում են ժողովուրդների մշակութային և հոգևոր ժառանգությունը, և դրանք օգտագործել ռազմական գործողություններին զորակցելու համար:

 

Հոդված 17. Քաղաքացիական անձանց ստիպողական

տեղափոխման արգելումը

 

1. Չպետք է արվեն կարգադրություններ զինված կոնֆլիկտի հետ կապված պատճառներով քաղաքացիական բնակչության տեղափոխման մասին, եթե դրա անհրաժեշտությունը չի հարուցվում հիշատակված քաղաքացիական անձանց անվտանգության ապահովման պահանջներով կամ ռազմական բնույթի անհետաձգելի պատճառներով: Այդպիսի տեղափոխումներ իրականացնելու անհրաժեշտության դեպքում ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները քաղաքացիական բնակչությանը ապաստանով, հիգիենայով, առողջության, անվտանգության և սննդով ապահովելու տեսակետից բավարար պայմաններում ընդունելու համար:

2. Քաղաքացիական անձինք չեն կարող հարկադրվել թողնելու իրենց սեփական տարածքը` կոնֆլիկտի հետ կապված պատճառներով:

 

Հոդված 18. Օգնության ընկերությունները և օգնության

ցուցաբերման օպերացիաները

 

1. Բարձր Պայմանավորվող Կողմի տարածքում գտնվող օգնության ընկերությունները, այնպիսիք, ինչպիսիք են Կարմիր խաչի (Կարմիր կիսալուսնի, Կարմիր առյուծի և Արևի) կազմակերպությունները, կարող են առաջարկել ծառայություններ զինված կոնֆլիկտի զոհերի նկատմամբ իրենց ավանդական ֆունկցիաների կատարման նպատակով: Քաղաքացիական բնակչությունը կարող է, անգամ իր նախաձեռնությամբ, առաջարկել հավաքելու վիրավորներին, հիվանդներին և նավաբեկության ենթարկված անձանց և խնամել նրանց:

2. Եթե քաղաքացիական բնակչությունը չափից ավելի ծանր զրկանքներ է կրում իր գոյության համար էապես կարևոր այնպիսի պաշարներով անբավարար ապահովված լինելու պատճառով, ինչպես օրինակ, պարենամթերքը և բժշկական նյութերը, ապա շահագրգիռ Բարձր Պայմանավորվող Կողմի համաձայնությամբ անցկացվում են քաղաքացիական բնակչությանը օգնություն ցուցաբերելու օպերացիաներ, որոնք կրում են բացառապես մարդասիրական և անկողմնակալ բնույթ, և իրականացվում են առանց որևէ աննպաստ տարբերության:

 

ՄԱՍ 5-ՐԴ

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 19. Տարածումը

 

Սույն արձանագրությունը պետք է հնարավորին չափ առավել լայն տարածում ունենա:

 

Հոդված 20. Ստորագրումը

 

Սույն Արձանագրությունը Կոնվենցիաների մասնակիցների կողմից ստորագրելու համար բաց կլինի Եզրափակիչ ակտն ստորագրելուց հետո վեց ամիս անց և բաց կմնա տասներկու ամսվա ընթացքում:

 

Հոդված 21. Վավերացումը

 

Սույն Արձանագրությունը պետք է հնարավորին չափ վավերացվի արագորեն: Վավերագրերը ի պահ են հանձնվում Շվեյցարական Դաշնակցային Խորհրդին` Կոնվենցիաների ավանդապահին:

 

Հոդված 22. Միանալը

 

Սույն Արձանագրությունը դրան միանալու համար բաց է Կոնվենցիաների` այն չստորագրած ցանկացած մասնակցի առջև: Միանալու մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում Կոնվենցիաների ավանդապահին:

 

Հոդված 23. Ուժի մեջ մտնելը

 

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում երկու վավերագիրը կամ միանալու մասին երկու փաստաթուղթը ի պահ հանձնելուց հետո վեց ամիս անց:

2. Կոնվենցիաների` սույն Արձանագրությունը հետագայում վավերացրած կամ դրան միացած յուրաքանչյուր մասնակցի համար ուժի մեջ է մտնում այդպիսի մասնակցի կողմից իր վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելուց հետո վեց ամիս անց:

 

Հոդված 24. Ուղղումները

 

1. Բարձր Պայմանավորվող Կողմերից ցանկացած Կողմ կարող է ուղղումներ առաջարկել սույն Արձանագրության առթիվ: Առաջարկված ցանկացած ուղղման տեքստը ուղարկվում է ավանդապահին, որը բոլոր Բարձր Պայմանավորվող Կողմերի և Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի հետ խորհրդատվություններ անցկացնելուց հետո որոշում է, թե պե՞տք է գումարել կոնֆերանս` առաջարկված ուղղումը կամ ուղղումները քննության առնելու համար:

2. Ավանդապահն այդ կոնֆերանսին հրավիրում է բոլոր Բարձր Պայմանավորվող Կողմերին, ինչպես նաև Կոնվենցիաների մասնակիցներին, անկախ այն բանից` նրանք սույն Արձանագրությունն ստորագրե՞լ են, թե ոչ:

 

Հոդված 25. Չեղյալ հայտարարվելը

 

1. Այն դեպքում, եթե Բարձր Պայմանավորվող Կողմը չեղյալ է հայտարարում սույն Արձանագրությունը, չեղյալ հայտարարվելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարելու մասին փաստաթուղթն ստանալուց հետո վեցերորդ ամսվա ավարտին: Սակայն, եթե վեցերորդ ամսվա ավարտին չեղյալ հայտարարված կողմը հայտնվի 1-ին հոդվածում հիշատակված իրադրության մեջ, ապա չեղյալ հայտարարվելը ուժի մեջ չի մտնում մինչև զինված կոնֆլիկտի ավարտը: Այն անձինք, որոնք ազատազրկվում են կամ որոնց ազատությունը սահմանափակվում է այդ կոնֆլիկտի հետ կապված պատճառներով, այնուամենայնիվ, շարունակվում են սույն Արձանագրության դրույթների հովանավորությունից օգտվել, մինչև նրանց վերջնական ազատագրումը:

2. Չեղյալ հայտարարելու մասին ծանուցումը գրավոր ձևով ուղարկվում է ավանդապահին, որն այն առաքում է բոլոր Բարձր Պայմանավորվող Կողմերին:

 

Հոդված 26. Ծանուցումը

 

Ավանդապահը Բարձր Պայմանավորվող Կողմերին, ինչպես նաև Կոնվենցիաների մասնակիցներին, անկախ այն բանից` նրանք սույն Արձանագրությունն ստորագրել են, թե ոչ, ծանուցում է`

ա) սույն Արձանագրության տակ դրված ստորագրությունների մասին, վավերագրերը և միանալու փաստաթղթերն ի պահ հանձնելու մասին` 21 և 22 հոդվածներին համապատասխան,

բ) սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելու թվականի մասին` 23 հոդվածին համապատասխան և

գ) 24 հոդվածին համապատասխան ստացված հաղորդումների և հայտարարությունների մասին:

 

Հոդված 27. Գրանցումը

 

1. Ուժի մեջ մտնելուց հետո սույն Արձանագրությունը ավանդապահի կողմից ուղարկվում է Միավորված Ազգերի Կազմակերպության Քարտուղարություն` գրանցման և հրապարակման համար` Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության 102 հոդվածին համապատասխան:

2. Ավանդապահը, նաև Միավորված Ազգերի Կազմակերպության Քարտուղարությանը տեղեկացնում է սույն Արձանագրության առթիվ իր կողմից ստացված բոլոր վավերագրերի և միանալու վերաբերյալ բոլոր փաստաթղթերի մասին:

 

Հոդված 28. Նույնական տեքստերը

 

Բնագիրը սույն Արձանագրության, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հանդիսանում են հավասարապես նույնական, հանձնվում է ի պահ ավանդապահին, որը դրա հաստատված պատճեններն ուղարկում է Կոնվենցիաների բոլոր մասնակիցներին:

 

Հայաստանի Հանրապետությունը միացել է Արձանագրությանը 31.03.93 թ.:

Արձանագրությանը կից հավելվածները չեն բերվում:

 

 

pin
Միջազգային կոնֆերանս
08.06.1977
Արձանագրություն