Սեղմել Esc փակելու համար:
ԾՈՎԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ` ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԾՈՎԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ` ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԾՈՎԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ` ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 1982 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 11-ՐԴ ՄԱՍԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները,

ճանաչելով Ծովային իրավունքի` Միավորված ազգերի կազմակերպության 1982 թվականի դեկտեմբերի 10-ի Կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) կարևոր ներդրումը աշխարհի բոլոր ժողովուրդների համար խաղաղության, արդարության ու առաջադիմության ապահովման գործում,

վերահաստատելով, որ ծովերի ու օվկիանոսների հատակը և դրանց ընդերքը` ազգային իրավազորությունից դուրս (այսուհետ` Շրջան), ինչպես նաև Շրջանի պաշարները հանդիսանում են մարդկության ընդհանուր ժառանգություն,

գիտակցելով Կոնվենցիայի կարևորությունը ծովային միջավայրի պաշտպանության ու պահպանման համար և աճող մտահոգությունը շրջակա միջավայրի վիճակով,

քննության առնելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի զեկույցը 11-րդ մասին և Կոնվենցիայի` դրա հետ կապված դրույթներին (այսուհետ` 11-րդ մաս) վերաբերող չլուծված հարցերի շուրջ 1990-1994 թթ. տեղի ունեցած ոչ պաշտոնական միջպետական խորհրդակցությունների արդյունքների մասին,

նշելով քաղաքական ու տնտեսական փոփոխությունները, ներառյալ 11-րդ մասի կատարման վրա ազդող շուկայական մոտեցումները,

ցանկանալով նպաստել համընդհանուր մասնակցությանը Կոնվենցիային,

համարելով, որ այդ նպատակին հասնելու առավել օպտիմալ միջոցը կլինի 11-րդ մասի կատարման մասին համաձայնագիրը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1. 11-րդ մասի կատարումը

 

1. Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները պարտավորվում են կատարել 11-րդ մասը` սույն Համաձայնագրին համապատասխան:

2. Հավելվածը կազմում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

Հոդված 2. Սույն համաձայնագրի և 11-րդ մասի միջև հարաբերակցություն

 

1. Սույն Համաձայնագրի և 11-րդ մասի դրույթները պետք է մեկնաբանվեն ու կիրառվեն միասին` որպես միասնական փաստաթուղթ: Սույն Համաձայնագրի և 11-րդ մասի միջև որևէ անհամապատասխանության դեպքում սույն Համաձայնագրի դրույթներն ունեն գերակայություն:

2. Կոնվենցիայի 309-րդից 319-րդ հոդվածները սույն Համաձայնագրի նկատմամբ կիրառվում են այնպես, ինչպես դրանք կիրառվում են Կոնվենցիայի նկատմամբ:

 

Հոդված 3. Ստորագրում

 

Սույն Համաձայնագիրը Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական գրասենյակում բաց է մնում պետությունների ու Կոնվենցիայի 305-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «գ», «դ», «ե» և «զ» ենթակետերում նշված սուբյեկտների ստորագրման համար ընդունման օրվանից 12 ամսվա ընթացքում:

 

Հոդված 4. Պարտադիր լինելու վերաբերյալ համաձայնությունը

 

1. Սույն Համաձայնագիրն ընդունելուց հետո Կոնվենցիայի վավերացման, պաշտոնական հաստատման կան նրան միանալու մասին ցանկացած փաստաթուղթ միևնույն ժամանակ հանդիսանում է նաև սույն Համաձայնագրի պարտադիր լինելու վերաբերյալ համաձայնության արտահայտում:

2. Ոչ մի պետություն կամ այլ սուբյեկտ չի կարող իր համար սույն Համաձայնագրի պարտադիր լինելու վերաբերյալ համաձայնությունն արտահայտել առանց մինչ այդ կամ դրա հետ միաժամանակ իր համար Կոնվենցիայի պարտադիր լինելու վերաբերյալ համաձայնության արտահայտումը:

3. Պետությունը կամ այն սուբյեկտը, որի մասին խոսվում է 3-րդ հոդվածում, կարող է իր համար սույն Համաձայնագրի պարտադիր լինելու վերաբերյալ համաձայնությունն արտահայտել.

ա) ստորագրելու միջոցով` առանց վավերացնելու, պաշտոնապես հաստատելու կամ 5-րդ հոդվածում նախատեսված ընթացակարգը կիրառելու պայմանի,

բ) ստորագրելու միջոցով` վավերացնելու կամ պաշտոնապես հաստատելու պայմանով` հետագայում վավերացնելով կամ պաշտոնապես հաստատելով,

գ) ստորագրելու միջոցով` 5-րդ հոդվածում նախատեսված ընթացակարգին համապատասխան, կամ

դ) միանալու միջոցով:

4. Կոնվենցիայի 305-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետում նշված սուբյեկտների կողմից պաշտոնական հաստատումը կատարվում է Կոնվենցիային կից 9-րդ Հավելվածին համապատասխան:

5. Վավերացման, պաշտոնական հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

 

Հոդված 5. Պարզեցված ընթացակարգ

 

1. Պետությունը կամ այլ սուբյեկտը, որոնք Կոնվենցիան վավերացնելու, պաշտոնապես հաստատելու կամ նրան միանալու մասին փաստաթուղթն ի պահ են հանձնել մինչև սույն Համաձայնագրի ընդունումը, և որոնք սույն Համաձայնագիրը ստորագրել են 4-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան, Համաձայնագիրն ընդունելու օրվանից 12 ամսից անց համարվում են իրենց համար նրա պարտադիր լինելու վերաբերյալ համաձայնությունն արտահայտած, եթե միայն տվյալ պետությունը կամ սուբյեկտը մինչև այդ օրը ավանդապահին գրավոր չեն ծանուցում այն մասին, որ չեն կիրառում սույն հոդվածում նախատեսված պարզեցված ընթացակարգը:

2. Այդպիսի ծանուցում ներկայացնելու դեպքում սույն Համաձայնագրի պարտադիր լինելու վերաբերյալ համաձայնությունն արտահայտվում է 4-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան:

 

Հոդված 6. Ուժի մեջ մտնելը

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն օրվանից հաշված 30 օր հետո, երբ 40 պետություն իրենց համար նրա պարտադիր լինելու վերաբերյալ համաձայնությունն արտահայտել են 4-րդ և 5-րդ հոդվածներին համապատասխան` պայմանով, որ դրանց թվում են Ծովային իրավունքի վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության երրորդ խորհրդաժողովի II բանաձևի (այսուհետ` II բանաձև) 1-ին կետի «ա» ենթակետում նշված պետություններից առնվազն յոթը, և որ առնվազն հինգը զարգացած պետություններ են: Եթե ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ այս պայմանները կատարվում են մինչև 1994 թվականի նոյեմբերի 16-ը, սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում 1994 թվականի նոյեմբերի 16-ից:

2. Յուրաքանչյուր պետության կամ այլ սուբյեկտի համար, որն իր համար սույն Համաձայնագրի պարտադիր լինելու վերաբերյալ համաձայնությունն արտահայտել է այն բանից հետո, երբ կատարվել են 1-ին կետում նշված պահանջները, սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այդպիսի համաձայնությունն արտահայտելու օրվանից հետո` երեսուներորդ օրը:

 

Հոդված 7. Ժամանակավոր կիրառում

 

1. Եթե սույն Համաձայնագիրն ուժի մեջ չի մտնում 1994 թվականի նոյեմբերի 16-ից, մինչև ուժի մեջ մտնելը ժամանակավոր կիրառվում է.

ա) այն պետությունների կողմից, որոնք համաձայնել են այն ընդունել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում, բացառությամբ այն պետությունների, որոնք մինչև 1994 թվականի նոյեմբերի 16-ը ավանդապահին գրավոր ծանուցել են այն մասին, որ իրենք այդ կարգով չեն կիրառելու Համաձայնագիրը, կամ այն մասին, որ իրենք կհամաձայնեն այդ կարգով կիրառել միայն հետագայում ստորագրելուց կամ գրավոր ծանուցելուց հետո,

բ) այն պետությունների ու այլ սուբյեկտների կողմից, որոնք ստորագրել են սույն Համաձայնագիրը, բացառությամբ նրանց, որոնք ստորագրման պահին ավանդապահին գրավոր ծանուցում են այն մասին, որ իրենք այդ կարգով չեն կիրառելու Համաձայնագիրը,

գ) այն պետությունների ու այլ սուբյեկտների կողմից, որոնք ավանդապահին գրավոր ծանուցելու միջոցով համաձայնում են այն ժամանակավոր կիրառել,

դ) այն պետությունների կողմից, որոնք միանում են սույն Համաձայնագրին:

2. Բոլոր այդ պետությունները և այլ սուբյեկտները սույն Համաձայնագիրը կիրառում են ժամանակավոր, իրենց ազգային կամ ներքին օրենքներին ու կանոններին համապատասխան, սկսած 1994 թվականի նոյեմբերի 16-ից կամ ստորագրման, համաձայնության մասին ծանուցելու կամ միանալու օրվանից, եթե դրանք տեղի են ունենում ավելի ուշ:

3. Ժամանակավոր կիրառումը դադարեցվում է սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից: Բոլոր դեպքերում ժամանակավոր կիրառումը դադարեցվում է 1998 թվականի նոյեմբերի 16-ին, եթե մինչև այդ օրը չի կատարվել 6-րդ հոդվածի 1-ին կետում նշված` իրենց համար սույն Համաձայնագրի պարտադիր լինելու վերաբերյալ համաձայնությունը II բանաձևի 1-ին կետի «ա» ենթակետում նշված առնվազն յոթ պետությունների կողմից (որոնցից առնվազն հինգը պետք է լինեն զարգացած պետություններ) արտահայտված լինելու պահանջը:

 

Հոդված 8. Մասնակից պետություններ

 

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար «մասնակից պետություններ» նշանակում է` պետություններ, որոնք համաձայնել են իրենց համար սույն Համաձայնագրի պարտադիր լինելուն, և որոնց համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտել:

2. Սույն Համաձայնագիրը mutatis mutandis կիրառվում է Կոնվենցիայի 305-րդ հոդվածի 1-ին կետի «գ», «դ», «ե» և «զ» ենթակետերում նշված սուբյեկտների նկատմամբ, որոնք սույն Համաձայնագրի մասնակից են դառնում իրենցից յուրաքանչյուրի վերաբերյալ գործող պայմաններով, և այդ չափով «մասնակից պետություններ» տերմինը կիրառվում է այդ սուբյեկտների նկատմամբ:

 

Հոդված 9. Ավանդապահը

 

Սույն Համաձայնագրի ավանդապահը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարն է:

 

Հոդված 10. Նույնական տեքստեր

 

Սույն Համաձայնագրի բնօրինակը, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

Ի հաստատումն որի` ներքոստորագրյալ ներկայացուցիչները, պատշաճորեն լիազորված լինելով, ստորագրել են սույն Համաձայնագիրը:

Կատարված է Նյու Յորքում հազար ինը հարյուր իննսունչորս թվականի հուլիսի քսանութին:

 

Հավելված

 

ԲԱԺԻՆ 1
ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾԱԽՍԵՐԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

1. Ծովի հատակի միջազգային մարմինը (այսուհետ` Մարմին) կազմակերպություն է, որի միջոցով Կոնվենցիայի մասնակից պետությունները, 11-րդ մասում և սույն Համաձայնագրում սահմանված` Շրջանի ռեժիմին համապատասխան, կազմակերպում և վերահսկում են Շրջանում իրականացվող գործունեությունը հատկապես նրա պաշարների կառավարման նպատակով: Մարմինն ունի Կոնվենցիային համապատասխան իրեն հստակ վերապահված լիազորություններ ու գործառույթներ: Մարմինն ունի Կոնվենցիային համապատասխանող այնպիսի ենթադրյալ լիազորություններ, որոնք բխում են Շրջանում իրականացվող գործունեությանը կապված լիազորություններից ու գործառույթներից և անհրաժեշտ են դրանց իրականացման համար:

2. Մասնակից պետությունների համար ծախսերը նվազագույնի հասցնելու նպատակով Կոնվենցիային ու սույն Համաձայնագրին համապատասխան հիմնադրվող բոլոր մարմինները և օժանդակ ստորաբաժանումները պետք է լինեն խնայողական: Այս սկզբունքով է կարգավորվում նաև նիստերի հաճախականությունը, տևողությունը և ժամանակացույցը:

3. Մարմնի մարմինների ու օժանդակ ստորաբաժանումների ստեղծումն ու գործառնությունը հիմնվում են աստիճանական զարգացման մոտեցման վրա, որի դեպքում համապատասխան մարմինների ու օժանդակ ստորաբաժանումների գործառութային պահանջները հաշվի են առնվում այնպես, որ նրանք կարողանան արդյունավետ իրականացնել իրենց գործառույթները Շրջանում իրականացվող գործունեության զարգացման տարբեր փուլերում:

4. Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո` սկզբնական շրջանում, Մարմնի գործառույթներն իրականացնում են Ասամբլեան, Խորհուրդը, Քարտուղարությունը, Իրավաբանական ու տեխնիկական հանձնաժողովը և Ֆինանսական կոմիտեն: Տնտեսական պլանային հանձնաժողովի գործառույթներն իրականացվում են Իրավաբանական ու տեխնիկական հանձնաժողովի կողմից, քանի դեռ Խորհուրդն այլ որոշում չի ընդունել կամ չի հաստատվել շահագործման առաջին աշխատանքային պլանը:

5. Կոնվենցիան ուժի մեջ մտնելու և շահագործման առաջին աշխատանքային պլանի հաստատման միջև ընկած ժամանակահատվածում Մարմինը պետք է կենտրոնանա հետևյալի վրա.

ա) հետախուզման աշխատանքների պլանների հաստատման վերաբերյալ հայտերի քննարկում` 11-րդ մասին և սույն Համաձայնագրին համապատասխան,

բ) ծովի հատակի միջազգային մարմնի և Ծովային իրավունքի միջազգային տրիբունալի համար Նախապատրաստական հանձնաժողովի (այսուհետ` Նախապատրաստական հանձնաժողով) որոշումների կատարում, որոնք վերաբերում են գրանցված սկզբնական ներդրողներին ու դրանց հավաստող պետություններին, այդ թվում դրանց իրավունքներին ու պարտականություններին` Կոնվենցիայի 308-րդ հոդվածի 5-րդ կետին և II բանաձևի 13-րդ կետին համապատասխան,

գ) պայմանագրերի ձևով հաստատված հետախուզման աշխատանքների պլանների կատարման մոնիտորինգ,

դ) ծովի հատակի խորջրյա արդյունահանման գործունեությանը վերաբերող միտումների ու իրադարձությունների մոնիտորինգ և դիտարկում` ներառյալ մետաղների համաշխարհային շուկայում իրավիճակի, ինչպես նաև մետաղների գների, համապատասխան միտումների ու հեռանկարների կանոնավոր վերլուծություն,

ե) ցամաքում օգտակար հանածոներ արտադրող այն զարգացող պետությունների տնտեսության վրա Շրջանում այդ օգտակար հանածոների արդյունահանման հնարավոր ներգործության ուսումնասիրություն, որոնք, հավանաբար, կարող են առավելապես տուժել` նրանց բարդությունները նվազագույնի հասցնելու և տնտեսությունը հարմարեցնելու հարցում օգնություն ցույց տալու նպատակով` հաշվի առնելով այդ ուղղությամբ Նախապատրաստական հանձնաժողովի կատարած աշխատանքը,

զ) Շրջանում գործունեության իրականացման համար անհրաժեշտ նորմերի, կանոնների և ընթացակարգերի ընդունում դրա զարգացմանը համաչափ: Չնայած Կոնվենցիայի 3-րդ Հավելվածի 17-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» և «գ» ենթակետերի դրույթներին` այդ նորմերում, կանոններում և ընթացակարգերում պետք է հաշվի առնվեն սույն Համաձայնագրի դրույթները, ծովի հատակի խորջրյա արդյունաբերական շահագործման սկզբի տևական ուշացումը և Շրջանում իրականացվող գործունեության հավանական տեմպերը,

է) ծովային միջավայրի պաշտպանության ու պահպանման կիրառելի չափանիշներ ներառող նորմերի, կանոնների և ընթացակարգերի ընդունում,

ը) Շրջանում իրականացվող գործունեության վերաբերյալ ծովային գիտական հետազոտությունների կատարման խրախուսում և օժանդակում, ինչպես նաև այդ հետազոտությունների ու վերլուծությունների արդյունքների հավաքում և տարածում, երբ դրանք մատչելի են դառնում, հատուկ ուշադրություն դարձնելով Շրջանում իրականացվող գործունեության բնապահպանական ներգործությանը նվիրված հետազոտություններին,

թ) գիտելիքների կուտակում և Շրջանում իրականացվող գործունեությանը վերաբերող ծովային տեխնոլոգիայի զարգացման մոնիտորինգ, մասնավորապես այն տեխնոլոգիայի, որը վերաբերում է ծովային միջավայրի պաշտպանությանը ու պահպանմանը,

ժ) որոնման ու հետախուզման վերաբերյալ գոյություն ունեցող տվյալների գնահատում,

ժա) շահագործման, այդ թվում ծովային միջավայրի պաշտպանության ու պահպանման վերաբերյալ նորմերի, կանոնների ու ընթացակարգերի ժամանակին նախապատրաստում:

6. ա) Հետախուզման աշխատանքների պլանի հաստատման վերաբերյալ հայտը քննարկվում է Խորհրդի կողմից` Իրավաբանական և տեխնիկական հանձնաժողովի կողմից այդ հայտի վերաբերյալ երաշխավորությունը ստանալուց հետո: Հետախուզման աշխատանքների պլանի հաստատման վերաբերյալ հայտի քննարկումն անցկացվում է Կոնվենցիայի, ներառյալ նրա 3-րդ Հավելվածը, և սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան` պահպանելով հետևյալ պայմանները.

i) հետախուզման աշխատանքների պլանը, որը ներկայացվել է II բանաձևի 1-ին կետի «ա» (ii) և (iii) ենթակետերում նշված պետության կամ այլ սուբյեկտի կամ այդ սուբյեկտի որևէ բաղադրատարրի անունից, որոնք չեն հանդիսանում գրանցված սկզբնական ներդրողներ, և որոնք մինչև Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը Շրջանում արդեն կատարել են զգալի ծավալի աշխատանք, կամ նրանց իրավահաջորդների անունից, համարվում է այդ պլանը հաստատելու համար անհրաժեշտ ֆինանսական ու տեխնիկական պայմաններին բավարարող, եթե երաշխավոր պետությունը (պետությունները) հավաստում է, որ հայտ ներկայացնողը հետազոտական և հետախուզական գործունեության համար ծախսել է առնվազն 30 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար. ընդ որում այդ գումարի ոչ պակաս, քան 10 տոկոսը` աշխատանքի պլանում նշված Շրջանի տեղադրությունը որոշելու, չափագրելու և գնահատելու համար: Եթե աշխատանքի պլանը մյուս բոլոր առումներով բավարարում է Կոնվենցիայի պահանջներին և դրան համապատասխան ընդունված այս կամ այն նորմերին, կանոններին ու ընթացակարգերին, այն Խորհրդի կողմից հաստատվում է պայմանագրի ձևով: Սույն Հավելվածի 3-րդ բաժնի 11-րդ կետի դրույթները պետք է մեկնաբանվեն և կիրառվեն համապատասխան ձևով,

ii) չնայած II բանաձևի 8-րդ կետի «ա» ենթակետի դրույթներին` գրանցված սկզբնական ներդրողը կարող է Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից 36 ամսվա ընթացքում հետախուզման աշխատանքների պլանը հաստատելու խնդրանքով դիմել: Հետախուզման աշխատանքների այդ պլանը կազմված է փաստաթղթերից, զեկույցներից ու այլ տվյալներից, որոնք ներկայացվել են Նախապատրաստական հանձնաժողովի կողմից ինչպես մինչև գրանցումը, այնպես էլ դրանից հետո, և ուղեկցվում է Նախապատրաստական հանձնաժողովի կողմից II բանաձևի 11-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան տրվող` պարտավորությունների կատարման մասին վկայականով, որը կազմված է սկզբնական ներդրողների ռեժիմից բխող պարտավորությունների կատարման փաստացի վիճակի վերաբերյալ զեկույցից: Այդպիսի աշխատանքների պլանը համարվում է հաստատված: Այդպիսի հաստատված աշխատանքների պլանն ունի Մարմնի և գրանցված սկզբնական ներդրողի միջև 11-րդ մասին ու սույն Համաձայնագրին համապատասխան կնքված պայմանագրի ձև: II բանաձևի 7-րդ կետի «ա» ենթակետի համաձայն կատարված` 250.000 ԱՄՆ դոլարի չափով մուծումը դիտվում է որպես սույն Հավելվածի 8-րդ բաժնի 3-րդ կետին համապատասխան հետախուզման փուլին վերաբերող մուծում: Սույն Հավելվածի 3-րդ բաժնի 11-րդ կետը պետք է մեկնաբանվի և կիրառվի համապատասխան ձևով,

iii) խտրականության անթույլատրելիության սկզբունքին համապատասխան` «ա» կետի i ենթակետում նշված պետության կամ այլ սուբյեկտի կամ այդ սուբյեկտի որևէ բաղադրատարրի հետ պայմանագիրը պետք է ներառի պայմանավորվածություններ, որոնք նման են և ոչ պակաս արտոնյալ են, քան նրանք, որոնք կնքվում են «ա» կետի ii ենթակետում նշված ցանկացած գրանցված սկզբնական ներդրողի հետ: Եթե «ա» կետի i ենթակետում նշված ցանկացած պետություն կամ այլ սուբյեկտ կամ այդ սուբյեկտի որևէ բաղադրատարր ձեռք է բերում ավելի արտոնյալ պայմանավորվածություններ, Խորհուրդը պետք է ապահովի նման և ոչ պակաս արտոնյալ պայմանավորվածություններ «ա» կետի ii ենթակետում նշված գրանցված սկզբնական ներդրողների կողմից ձեռք բերվող իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ` պայմանով, որ այդ պայմանավորվածությունները չեն շոշափում Մարմնի շահերը և վնաս չեն պատճառում դրանց,

iv) «ա» կետի i կամ ii ենթակետի դրույթների հիման վրա աշխատանքների պլանի վերաբերյալ հայտի հետ կապված երաշխավոր պետություն կարող է լինել մասնակից պետությունը կամ սույն Համաձայնագիրը 7-րդ հոդվածի համաձայն ժամանակավոր կիրառող պետությունը կամ ժամանակավոր հիմունքներով, 12-րդ կետի համաձայն, Մարմնի անդամ հանդիսացող պետությունը,

v) II բանաձևի 8-րդ կետի «գ» ենթակետը պետք է մեկնաբանվի ու կիրառվի «ա» կետի iv ենթակետին համապատասխան:

բ) Հետախուզման աշխատանքների պլանի հաստատումը պետք է կատարվի Կոնվենցիայի 153-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան:

7. Աշխատանքների պլանի հաստատման վերաբերյալ հայտն ուղեկցվում է առաջարկվող գործունեության` հնարավոր բնապահպանական ներգործության գնահատմամբ և, Մարմնի կողմից ընդունված նորմերին, կանոններին ու ընթացակարգերին համապատասխան, օվկիանոսագիտական ու ֆոնային բնապահպանական հետազոտությունների ծրագրի նկարագրությամբ:

8. Պահպանելով 6-րդ կետի «ա» (i) կամ (ii) ենթակետերի պահանջները` հետախուզման աշխատանքների պլանի հաստատման վերաբերյալ հայտը քննարկվում է սույն Հավելվածի 3-րդ բաժնի 11-րդ կետում շարադրված ընթացակարգերին համապատասխան:

9. Հետախուզման աշխատանքների պլանը հաստատվում է 15 տարի ժամկետով: Հետախուզման աշխատանքների պլանի ժամկետը լրանալուց հետո պայմանագրի կողմը շահագործման աշխատանքների պլանի վերաբերյալ հայտ է ներկայացնում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագրի կողմն արդեն դա արել է կամ կարողացել է հասնել հետախուզման աշխատանքների պլանի երկարաձգմանը: Պայմանագրի կողմերը կարող են յուրաքանչյուր դեպքում միջնորդել ոչ ավելի, քան հինգ տարով երկարաձգելու համար: Այդ երկարաձգումները հաստատվում են, եթե պայմանագրի կողմը բարեխղճորեն փորձել է պահպանել աշխատանքների պլանի պահանջները, սակայն իրենից անկախ հանգամանքների ուժով չի կարողացել ավարտին հասցնել շահագործման փուլին անցնելու համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքը, կամ եթե այդպիսի անցումը չի արդարացվում ստեղծված տնտեսական իրավիճակով:

10. Կոնվենցիայի 3-րդ Հավելվածի 8-րդ հոդվածին համապատասխան Մարմնի համար պահառվող Շրջանի նշումը կատարվում է հետախուզման աշխատանքների պլանի վերաբերյալ հայտի կամ հետախուզման ու շահագործման աշխատանքների պլանի վերաբերյալ հայտի հաստատման հետ կապված:

11. Չնայած 9-րդ կետի դրույթներին` հետախուզման աշխատանքների հաստատված պլանը, որի երաշխավոր է հանդես գալիս սույն Համաձայնագիրը ժամանակավոր կիրառող թեկուզ և մեկ պետություն, դադարեցվում է, եթե այդ պետությունը դադարում է ժամանակավոր կիրառել սույն Համաձայնագիրը` չդառնալով ժամանակավոր հիմունքներով անդամ, համաձայն 12-րդ կետի, կամ մասնակից պետություն:

12. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված պետություններն ու այլ սուբյեկտները, որոնք, 7-րդ հոդվածի համաձայն, այն կիրառել են ժամանակավոր, և որոնց համար այն ուժի մեջ չի մտել, կարող են ժամանակավոր հիմունքներով մնալ Մարմնի անդամներ, քանի դեռ այն ուժի մեջ չի մտել այդ պետությունների ու սուբյեկտների համար` հետևյալ ենթակետերին համապատասխան.

ա) եթե սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում մինչև 1996 թվականի նոյեմբերի 16-ը, այդ պետություններն ու սուբյեկտները կարող են շարունակել ժամանակավոր հիմունքներով մասնակցել որպես Մարմնի անդամներ` տեղեկացնելով Համաձայնագրի ավանդապահին որպես ժամանակավոր հիմունքներով անդամ մասնակցելու իրենց մտադրության մասին: Այդ անդամությունն ավարտվում է կամ 1996 թվականի նոյեմբերի 16-ին, կամ այդ անդամի համար սույն Համաձայնագրի և Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո` կախված նրանից, թե որն է ավելի շուտ տեղի ունենում: Համապատասխան պետության կամ սուբյեկտի խնդրանքով` Խորհուրդը կարող է 1996 թվականի նոյեմբերի 16-ից հետո երկարաձգել այդպիսի անդամությունը լրացուցիչ ժամկետով (ժամկետներով) ոչ ավելի, քան, ընդհանուր առմամբ, երկու տարով, եթե Խորհուրդը հավաստիանում է, որ համապատասխան պետությունը կամ սուբյեկտը բարեխղճորեն ջանքեր են գործադրել Համաձայնագրի ու Կոնվենցիայի մասնակից դառնալու համար,

բ) եթե սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում 1996 թ. նոյեմբերի 15-ից հետո, այդ պետություններն ու սուբյեկտները կարող են խնդրել Խորհրդին Մարմնում իրենց ժամանակավոր հիմունքներով անդամությունը մինչև 1998 թ. նոյեմբերի 16-ը պահպանելու մասին: Խորհուրդը կարող է այդպիսի անդամությունը տրամադրել հայտի օրվանից, եթե հավաստիանում է, որ պետությունը կամ սուբյեկտը բարեխղճորեն ջանքեր են գործադրել Համաձայնագրի ու Կոնվենցիայի մասնակից դառնալու համար,

գ) «ա» կամ «բ» ենթակետերին համապատասխան` ժամանակավոր հիմունքներով Մարմնի անդամ հանդիսացող պետություններն ու այլ սուբյեկտները 11-րդ մասի և սույն Համաձայնագրի դրույթները կիրառում են իրենց ազգային կամ ներքին օրենքներին, կանոններին ու ամենամյա բյուջետային հատկացումներին համապատասխան և ունեն այն նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ մյուս անդամները` ներառյալ.

i) սահմանված մուծումների սանդղակին համապատասխան Մարմնի վարչական բյուջե մուծումներ կատարելու պարտականությունը,

ii) հետախուզման աշխատանքների պլանի հաստատման վերաբերյալ հայտով երաշխավոր հանդես գալու իրավունքը: Այն սուբյեկտների դեպքում, որոնց բաղադրատարրերը մեկից ավելի պետության քաղաքացիություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են, հետախուզման աշխատանքների պլանը հաստատվում է միայն այն դեպքում, եթե բոլոր պետությունները, որոնց ֆիզիկական կամ իրավաբանական անձինք մտնում են այդ սուբյեկտների կազմի մեջ, հանդիսանում են մասնակից պետություն կամ ժամանակավոր հիմունքներով անդամ,

դ) չնայած 9-րդ կետի դրույթներին` պայմանագրի ձևով հաստատված հետախուզման աշխատանքների պլանը, որի համար, «գ» կետի ii ենթակետին համապատասխան, երաշխավոր է հանդես գալիս ժամանակավոր հիմունքներով անդամ հանդիսացող պետությունը, դադարեցվում է, եթե դադարեցվում է այդպիսի անդամությունը և պետությունը կամ այլ սուբյեկտը չեն դառնում մասնակից պետություն,

ե) եթե այդ անդամը չի կատարել սահմանված մուծումները կամ որևէ այլ ձևով չի կատարել սույն կետի համաձայն իր պարտականությունները, նրա ժամանակավոր հիմունքներով անդամությունը դադարեցվում է:

13. Աշխատանքների անբավարար կատարման վերաբերյալ Կոնվենցիայի 3-րդ Հավելվածի 10-րդ հոդվածում պարունակվող հղումը նշանակում է, որ պայմանագրի կողմը չի պահպանել աշխատանքների հաստատված պլանի պահանջները` չնայած դրանք պահպանելու անհրաժեշտության մասին պայմանագրի կողմին Մարմնի կողմից տրված գրավոր զգուշացմանը (զգուշացումներին):

14. Մարմինն ունի սեփական բյուջե: Մինչև սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող տարվա վերջը Մարմնի վարչական ծախսերը կատարվում են Միավորված ազգերի կազմակերպության բյուջեի հաշվին: Դրանից հետո Մարմնի վարչական ծախսերը կատարվում են նրա անդամների, ներառյալ ժամանակավոր հիմունքներով ցանկացած անդամը, սահմանված չափով մուծումների հաշվին` Կոնվենցիայի 171-րդ հոդվածի «ա» ենթակետին և 173-րդ հոդվածին ու սույն Համաձայնագրին համապատասխան, քանի դեռ Մարմինը չունի բավարար միջոցներ այլ աղբյուրներից այդ ծախսերը կատարելու համար: Մարմինը չպետք է իրականացնի Կոնվենցիայի 174-րդ հոդվածի 1-ին կետում նշված` իր վարչական բյուջեն ֆինանսավորելու համար միջոցներ փոխառելու իրավունքը:

15. Կոնվենցիայի 162-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» կետի ii ենթակետին համապատասխան Մարմինը մշակում և ընդունում է նորմեր, կանոններ ու ընթացակարգեր, որոնք հիմնվում են սույն Հավելվածի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ բաժիններում նշված սկզբունքների վրա, ինչպես նաև ցանկացած լրացուցիչ նորմ, կանոն ու ընթացակարգ, որոնք անհրաժեշտ են հետախուզման կամ շահագործման աշխատանքների պլանների հաստատումը հեշտացնելու համար` հետևյալ ենթակետերին համապատասխան.

ա) Խորհուրդը կարող է սկսել մշակել այս կամ այն նորմերը, կանոնները և ընթացակարգերը ցանկացած ժամանակ, երբ անհրաժեշտ կհամարի Շրջանում գործունեության իրականացման համար, կամ երբ կպարզի, որ շուտով կսկսվի արդյունաբերական շահագործումը, կամ այն պետության խնդրանքով, որի ֆիզիկական կամ իրավաբանական անձը մտադրված է շահագործման աշխատանքների պլանի հաստատման վերաբերյալ հայտ ներկայացնել,

բ) եթե ստացվել է «ա» ենթակետում նշված պետության խնդրանքը, Խորհուրդը, համաձայն Կոնվենցիայի 162-րդ հոդվածի 2-րդ կետի «ժե» ենթակետի, պետք է այդ նորմերի, կանոնների ու ընթացակարգերի ընդունումն ավարտի խնդրանքը ներկայացնելու պահից երկու տարվա ընթացքում,

գ) եթե Խորհուրդը նշված ժամկետի ընթացքում չի ավարտել շահագործման վերաբերյալ նորմերի, կանոնների ու ընթացակարգերի մշակումը, սակայն իրեն շահագործման աշխատանքների պլանի հաստատման վերաբերյալ հայտ է ներկայացվել, չնայած դրան` նա պետք է քննարկի և ժամանակավորապես հաստատի այդպիսի աշխատանքների պլանը` հիմնվելով Կոնվենցիայի դրույթների և ցանկացած նորմի, կանոնի ու ընթացակարգի վրա, որոնք Խորհրդի կողմից կարող էին ընդունված լինել ժամանակավորապես, կամ հիմնվելով Կոնվենցիայում առկա նորմերի և սույն Հավելվածում պարունակվող դրույթների ու սկզբունքների, ինչպես նաև պայմանագրի կողմերի միջև խտրականության անթույլատրելիության սկզբունքի վրա:

16. 11-րդ մասին և սույն Համաձայնագրին համապատասխան նորմեր, կանոններ ու ընթացակարգեր ընդունելիս Մարմինը պետք է հաշվի առնի նորմերի, կանոնների ու ընթացակարգերի նախագծերը և 11-րդ մասի դրույթների վերաբերյալ ցանկացած առաջարկություն, որոնք պարունակվում են Նախապատրաստական հանձնաժողովի զեկույցներում և հանձնարարականներում:

17. Կոնվենցիայի 11-րդ մասի 4-րդ բաժնի համապատասխան դրույթները պետք է մեկնաբանվեն ու կիրառվեն սույն Համաձայնագրին համապատասխան:

 

ԲԱԺԻՆ 2
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

 

1. Ձեռնարկության գործառույթները իրականացվում են Մարմնի Քարտուղարության կողմից այնքան ժամանակ, քանի դեռ նա չի սկսել գործել Քարտուղարությունից անկախ: Մարմնի Գլխավոր քարտուղարը Մարմնի աշխատակիցների թվից նշանակում է ժամանակավոր Գլխավոր տնօրեն, որը հետևում է Քարտուղարության կողմից այդ գործառույթների իրականացմանը:

Այդ գործառույթներն են.

ա) ծովի հատակի խորջրյա արդյունահանման գործունեությանը վերաբերող միտումների ու իրադարձությունների մոնիտորինգը և դիտարկումը` ներառյալ մետաղների համաշխարհային շուկայում իրավիճակի, ինչպես նաև մետաղների գների, համապատասխան միտումների ու հեռանկարների կանոնավոր վերլուծությունը,

բ) Շրջանում իրականացվող գործունեության առնչությամբ կատարվող ծովային գիտական հետազոտությունների ու նախ և առաջ Շրջանում իրականացվող գործունեության բնապահպանական ներգործությանը նվիրված հետազոտությունների արդյունքների գնահատումը,

գ) որոնման ու հետախուզման, ներառյալ այդ գործունեության չափանիշների վերաբերյալ գոյություն ունեցող տվյալների գնահատումը,

դ) Շրջանում իրականացվող գործունեությանը վերաբերող տեխնոլոգիական նվաճումների, մասնավորապես, ծովային միջավայրի պաշտպանությանը և պահպանմանը վերաբերող տեխնոլոգիայի գնահատումը,

ե) Մարմնի համար պահառված Շրջանների մասին տեղեկատվության ու տվյալների գնահատումը,

զ) համատեղ ձեռնարկությունների կազմակերպմանը մոտեցումների գնահատումը,

է) որակյալ կադրերի առկայության մասին տեղեկատվության հավաքումը,

ը) Ձեռնարկության գործառության տարբեր փուլերում նրա ղեկավարման համար կառավարչական քաղաքականության տարբերակների ուսումնասիրումը:

2. Սկզբում Ձեռնարկությունը պետք է ծովի հատակի խորջրյա շահագործմանն ուղղված գործունեությունն իրականացնի համատեղ ձեռնարկությունների միջոցով: Շահագործման աշխատանքների պլանը ոչ թե Ձեռնարկության, այլ մեկ այլ սուբյեկտի համար հաստատելուց հետո կամ Խորհրդի կողմից Ձեռնարկության հետ համատեղ ձեռնարկության շրջանակներում գործունեության վերաբերյալ հայտ ստանալուց հետո Խորհուրդը պետք է քննարկի Մարմնի Քարտուղարությունից անկախ Ձեռնարկության գործառության հարցը: Եթե Ձեռնարկության հետ համատեղ ձեռնարկության գործունեությունը համապատասխանում է ողջամիտ առևտրային սկզբունքներին, Խորհուրդը պետք է Կոնվենցիայի 170-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա ընդունի հրահանգ, որը նախատեսում է այդպիսի անկախ գործառություն:

3. Ձեռնարկության արդյունահանման մեկ հատված ֆինանսավորելու մասնակից պետությունների` Կոնվենցիայի 4-րդ Հավելվածի 11-րդ հոդվածի 3-րդ կետում նախատեսված պարտականությունը չի կիրառվում, իսկ մասնակից պետությունները որևէ պարտավորություն չեն կրում` կապված Ձեռնարկության արդյունահանման այս կամ այն հատվածում կամ նրա կողմից կազմակերպվող համատեղ ձեռնարկությունների շրջանակներում որևէ գործառնությունների ֆինանսավորման հետ:

4. Պայմանագրի կողմերի վերաբերյալ գործող պարտավորությունները գործում են նաև Ձեռնարկության վերաբերյալ: Չնայած Կոնվենցիայի 153-րդ հոդվածի 3-րդ կետի և Կոնվենցիային կից 3-րդ Հավելվածի 3-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթներին` Ձեռնարկության համար աշխատանքների պլանը հաստատելուց հետո պետք է ունենա Մարմնի ու Ձեռնարկության միջև կնքված պայմանագրի ձև:

5. Պայմանագրի այն կողմը, որը Մարմնին հատկացրել է որոշակի հատված պահառված Շրջանի տեսքով, նախապատվության իրավունք ունի Ձեռնարկության հետ այդ Շրջանի հետախուզման ու շահագործման համար կազմակերպել համատեղ ձեռնարկություն: Եթե Մարմնի Քարտուղարությունից անկախ իր գործառության սկզբից 15 տարվա ընթացքում կամ, կախված նրանից, թե ինչն է ավելի ուշ տեղի ունենում, Մարմնի համար այդ Շրջանը պահառելու օրվանից 15 տարվա ընթացքում Ձեռնարկությունը այդպիսի պահառված Շրջանում գործունեություն իրականացնելու համար աշխատանքների պլանի վերաբերյալ հայտ չի ներկայացնում, այդ Շրջանը հատկացրած պայմանագրի կողմն իրավունք ունի այդ Շրջանում աշխատանքների պլանի վերաբերյալ հայտ ներկայացնել` պայմանով, որ նա բարեխղճորեն Ձեռնարկությանը համատեղ ձեռնարկության շրջանակներում գործակցություն է առաջարկում:

6. 4-րդ Հավելվածի 170-րդ հոդվածի 4-րդ կետը և Ձեռնարկությանը վերաբերող Կոնվենցիայի մյուս դրույթները պետք է մեկնաբանվեն ու կիրառվեն սույն բաժնին համապատասխան:

 

ԲԱԺԻՆ 3
ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

1. Մարմնի ընդհանուր քաղաքականությունը սահմանում է Ասամբլեան` համագործակցելով Խորհրդի հետ:

2. Որպես ընդհանուր կանոն` Մարմնի մարմիններում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով:

3. Եթե կոնսենսուսով որոշում ընդունելուն ուղղված բոլոր ջանքերը սպառվել են, Ասամբլեայում որոշումներն ընդունվում են քվեարկության միջոցով. ընթացակարգային հարցերով` ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ, իսկ ըստ էության հարցերով` ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող անդամների ձայների 2/3-ով, ինչպես դա նախատեսված է Կոնվենցիայի 159-րդ հոդվածի 8-րդ կետում:

4. Ասամբլեայի որոշումները ցանկացած հարցի վերաբերյալ, որով իրավասու է զբաղվել նաև Խորհուրդը, կամ ցանկացած վարչական, բյուջետային կամ ֆինանսական հարցի վերաբերյալ կայացվում են Խորհրդի երաշխավորությունների հիման վրա: Եթե Ասամբլեան չի ընդունում Խորհրդի երաշխավորությունը որևէ հարցի վերաբերյալ, նա այդ հարցը վերադարձնում է Խորհրդին հետագա քննարկման համար: Խորհուրդը պետք է այդ հարցը վերանայի Ասամբլեայի կողմից արտահայտված կարծիքների հիման վրա:

5. Եթե կոնսենսուսով որոշում ընդունելուն ուղղված բոլոր ջանքերը սպառվել են, Խորհրդում որոշումներն ընդունվում են քվեարկության միջոցով. ընթացակարգային հարցերով` ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ, իսկ ըստ էության հարցերով, բացառությամբ այն դեպքերի, երբ Կոնվենցիան նախատեսում է Խորհրդում որոշումների ընդունումը կոնսենսուսով, ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող անդամների ձայների 2/3-ով` պայմանով, որ այդ որոշումների դեմ չի արտահայտվում 9-րդ կետում նշված պալատներից որևէ մեկի մեծամասնությունը: Որոշումներն ընդունելիս Խորհուրդը պետք է ձգտի գործել` ելնելով Մարմնի բոլոր անդամների շահերից:

6. Բոլոր դեպքերում, երբ պարզվում է, որ որևէ հարցով կոնսենսուսի հասնելու ոչ բոլոր ջանքերն են սպառվել, Խորհուրդը կարող է հետաձգել որոշման ընդունումը` հետագա բանակցություններին նպաստելու նպատակով:

7. Ասամբլեայի կամ Խորհրդի այն որոշումները, որոնք ունեն ֆինանսական կամ բյուջետային հետևանքներ, ընդունվում են Ֆինանսական կոմիտեի երաշխավորությունների հիման վրա:

8. Կոնվենցիայի 161-րդ հոդվածի 8-րդ կետի «բ» և «գ» ենթակետերի դրույթները չեն կիրառում:

9. ա) Պետությունների յուրաքանչյուր խումբ, որն ընտրվում է 15 «ա»-»գ» կետի համաձայն, Խորհրդում քվեարկության ժամանակ դիտվում է որպես պալատ: 15 «դ» և «ե» կետի համաձայն ընտրվող զարգացող պետությունները Խորհրդում քվեարկության ժամանակ դիտվում են որպես մեկ պալատ:

բ) Մինչև Խորհրդի անդամների ընտրությունը Ասամբլեան պետք է կազմի այն պետությունների ցուցակները, որոնք բավարարում են 15 «ա»-»դ» կետում նշված պետությունների խմբերում անդամության չափանիշները: Եթե պետությունը միաժամանակ բավարարում է մի քանի խմբերում անդամության չափանիշները, Խորհրդի ընտրությունների ժամանակ նա կարող է առաջադրվել միակ մեկ խմբի կողմից, և Խորհրդում քվեարկության ժամանակ նա պետք է ներկայացնի միայն այդ խումբը:

10. 15 «ա»-»դ» կետում նշված պետությունների խմբերից յուրաքանչյուրը Խորհրդում պետք է ներկայացված լինի այն անդամներով, որոնց նա առաջադրել է: Խմբերից յուրաքանչյուրը պետք է առաջադրի այնքան թեկնածու, որքան տեղ նա պետք է զբաղեցնի: Երբ 15 «ա»-»ե» կետում նշված խմբերից յուրաքանչյուրի հավանական թեկնածուների թիվը գերազանցում է այդ խմբերից յուրաքանչյուրի համար առկա տեղերի քանակը, որպես ընդհանուր կանոն` կիրառվում է փոխատեղման սկզբունքը: Այդ խմբերից յուրաքանչյուրի մեջ մտնող պետությունները որոշում են, թե ինչպես տվյալ սկզբունքը պետք է կիրառվի այդ խմբերում:

11. ա) Խորհուրդը աշխատանքների պլանը հաստատելու մասին Իրավաբանական և տեխնիկական հանձնաժողովի երաշխավորությունը հաստատում է, եթե միայն ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող իր անդամների ձայների 2/3-ով, ներառյալ Խորհրդի պալատներից յուրաքանչյուրում ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող անդամների մեծամասնությունը, որոշում չի ընդունում մերժել աշխատանքների պլանը: Եթե Խորհուրդը նշված ժամկետում որոշում չի ընդունում աշխատանքների պլանը հաստատելու մասին երաշխավորության վերաբերյալ, այդ ժամկետը լրանալուց հետո երաշխավորությունը համարվում է Խորհրդի կողմից հաստատված: Այդ ժամկետը սովորաբար կազմում է 60 օր, եթե միայն Խորհուրդը չի որոշում ավելի երկար ժամկետ նախատեսել: Եթե Հանձնաժողովը առաջարկում է մերժել աշխատանքների պլանը կամ երաշխավորություն չի ընդունում, Խորհուրդը, չնայած դրան, կարող է հաստատել աշխատանքների պլանը` ըստ էության հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման կարգը սահմանող իր ընթացակարգի կանոններին համապատասխան:

բ) Կոնվենցիայի 162-րդ հոդվածի 2-րդ կետի «ժ» ենթակետի դրույթները չեն կիրառվում:

12. Երբ վեճ է առաջանում աշխատանքների պլանը մերժելու առիթով, այդ վեճը ենթակա է կարգավորման Կոնվենցիայում նախատեսված` վեճերի կարգավորման ընթացակարգերի շրջանակներում:

13. Իրավաբանական և տեխնիկական հանձնաժողովում քվեարկության դրվող որոշումները ընդունվում են ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:

14. Կոնվենցիայի 11-րդ մասի 4-րդ բաժնի Բ և Գ ենթաբաժինները պետք է մեկնաբանվեն ու կիրառվեն սույն բաժնին համապատասխան:

15. Խորհուրդը կազմված է Մարմնի 36 անդամներից, որոնք ընտրվում են Ասամբլեայի կողմից` հետևյալ կարգով.

ա) չորսն ընտրվում են այն մասնակից պետությունների թվից, որոնք վերջին հինգ տարիների ընթացքում, որոնց վերաբերյալ կան վիճակագրական տվյալներ, կամ սպառել են օգտակար հանածոների այն կատեգորիաներից արտադրված հումքային ապրանքների ընդհանուր համաշխարհային սպառման ավելի քան 2 տոկոսը, որոնք արդյունահանվելու են Շրջանում, կամ ունեցել են այդ ապրանքների ընդհանուր համաշխարհային ներմուծման ծավալի ավելի քան 2 տոկոսի չափով զուտ ներմուծում` պայմանով, որ այդ չորս անդամների թվի մեջ են մտնում արևելաեվրոպական տարածաշրջանի պետություններից մեկը, որն ունի այդ տարածաշրջանում համախառն ներքին արդյունքի տեսակետից ամենախոշոր տնտեսությունը, և այն պետությունը, որը Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ունի համախառն ներքին արդյունքի տեսակետից ամենախոշոր տնտեսությունը, եթե այդ պետությունները կցանկանան ներկայացված լինել տվյալ խմբում,

բ) չորսն ընտրվում են ութ մասնակից պետությունների թվից, որոնք կամ անմիջականորեն, կամ իրենց քաղաքացիների միջոցով իրականացնում են ամենախոշոր ներդրումները Շրջանում գործունեության նախապատրաստման և իրականացման մեջ,

գ) չորսն ընտրվում են այն մասնակից պետությունների թվից, որոնք իրենց իրավազորության ներքո գտնվող շրջաններում արդյունահանման շնորհիվ հանդիսանում են օգտակար հանածոների այն կատեգորիաների խոշոր նետտո-արտահանողներ, որոնք արդյունահանվելու են Շրջանում, այդ թվում` առնվազն երկու զարգացող պետություն, որոնց տնտեսության համար այդ օգտակար հանածոների արտահանումն ունի էական նշանակություն,

դ) վեցն ընտրվում են հատուկ շահեր ունեցող` զարգացող մասնակից պետությունների թվից: Այդ հատուկ շահերը ներառում են մեծ ազգաբնակչություն ունեցող պետությունների, դեպի ծով ելք չունեցող կամ աշխարհագրական առումով անբարենպաստ դիրք ունեցող պետությունների, կղզիների վրա գտնվող պետությունների, Շրջանում արդյունահանվող օգտակար հանածոների խոշոր ներմուծող հանդիսացող պետությունների, այդ օգտակար հանածոների հավանական արտադրողներ հանդիսացող պետությունների և նվազագույն չափով զարգացած պետությունների շահերը,

ե) տասնութն ընտրվում են Խորհրդում տեղերի արդարացի աշխարհագրական բաշխման ապահովման սկզբունքին համապատասխան` պայմանով, որ սույն ենթակետի հիման վրա յուրաքանչյուր աշխարհագրական տարածաշրջանից պետք է ընտրվի առնվազն մեկ անդամ: Այդ նպատակով աշխարհագրական տարածաշրջաններ են հանդիսանում Աֆրիկան, Ասիան, Արևելյան Եվրոպան, Լատինական Ամերիկան և Կարիբյան ավազանը, Արևմտյան Եվրոպան և մյուս երկրները:

16. Կոնվենցիայի 161-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները չեն կիրառվում:

 

ԲԱԺԻՆ 4
ԴԻՏԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ

 

Կոնվենցիայի 155-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի դրույթները, որոնք վերաբերում են Դիտարկման խորհրդաժողովին, չեն կիրառվում: Չնայած Կոնվենցիայի 314-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին` Ասամբլեան, Խորհրդի երաշխավորությամբ, ցանկացած ժամանակ կարող է Կոնվենցիայի 155-րդ հոդվածի 1-ին կետում նշված հարցերի դիտարկում կատարել: Սույն Համաձայնագրի ու 11-րդ մասի վերաբերյալ ուղղումները կանոնակարգվում են Կոնվենցիայի 314-րդ, 315-րդ և 316-րդ հոդվածներում շարադրված ընթացակարգերով, ընդ որում պահպանվում են Կոնվենցիայի 155-րդ հոդվածի 2-րդ կետում նշված սկզբունքները, ռեժիմը և այլ պայմանները, և չեն շոշափվում նշված հոդվածի 5-րդ կետում հիշատակված իրավունքները:

 

ԲԱԺԻՆ 5
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

1. Ի լրումն Կոնվենցիայի 144-րդ հոդվածի դրույթների` 11-րդ մասի նպատակների համար տեխնոլոգիայի փոխանցումը կարգավորվում է հետևյալ սկզբունքներով.

ա) Ձեռնարկությունը, ինչպես նաև այն զարգացող պետությունները, որոնք ցանկանում են ձեռք բերել ծովի հատակի խորջրյա շահագործման տեխնոլոգիա, պետք է ձգտեն այդպիսի տեխնոլոգիա ձեռք բերել արդարացի ու ողջամիտ առևտրային պայմաններով բաց շուկայում կամ համատեղ ձեռնարկությունների միջոցով,

բ) եթե Ձեռնարկությունը կամ զարգացող պետությունները չեն կարող ձեռք բերել ծովի հատակի խորջրյա շահագործման տեխնոլոգիա, Մարմինը կարող է խնդրել պայմանագրի բոլոր կողմերին կամ նրանցից որևէ մեկին, ինչպես նաև նրանց համար երաշխավորած պետությանը (պետություններին)` իր հետ համագործակցել Ձեռնարկության կամ նրա կողմից ստեղծված համատեղ ձեռնարկության կամ այն զարգացող պետության (պետությունների) կողմից ծովի հատակի խորջրյա շահագործման տեխնոլոգիայի ձեռքբերումը հեշտացնելու հարցում, որը ձգտում է այդպիսի տեխնոլոգիա ձեռք բերել արդարացի ու ողջամիտ առևտրային պայմաններով` մտավոր սեփականության իրավունքների արդյունավետ պաշտպանությանը համապատասխան: Մասնակից պետությունները պարտավորվում են այդ նպատակով ամեն կերպ ու արդյունավետ համագործակցել Մարմնի հետ և ապահովել, որ պայմանագրի այն կողմերը, որոնց համար իրենք երաշխավորել են, նույնպես ամեն կերպ համագործակցեն Մարմնի հետ,

գ) որպես ընդհանուր կանոն` մասնակից պետությունները պետք է զարգացնեն Շրջանում իրականացվող գործունեության հետ կապված միջազգային տեխնիկական ու գիտական համագործակցությունը կամ շահագրգիռ կողմերի միջև, կամ ծովային գիտության ու տեխնոլոգիայի և ծովային միջավայրի պաշտպանության ու պահպանման բնագավառներում մասնագիտական պատրաստման, տեխնիկական օգնության ու գիտական համագործակցության ծրագրերի մշակման միջոցով:

2. Կոնվենցիայի 3-րդ Հավելվածի 5-րդ հոդվածի դրույթները չեն կիրառվում:

 

ԲԱԺԻՆ 6
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

1. Մարմնի քաղաքականությունն արտադրության բնագավառում հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա.

ա) Շրջանի պաշարների յուրացումը պետք է իրականացվի ողջամիտ առևտրային սկզբունքներին համապատասխան,

բ) Շրջանում իրականացվող գործունեության նկատմամբ պետք է կիրառվեն Սակագների ու առևտրի գլխավոր համաձայնագրի, նրա համապատասխան օրենսգրքերի և նրա հիման վրա կնքված կամ նրան փոխարինող համաձայնագրերի դրույթները,

գ) մասնավորապես, չի թույլատրվում Շրջանում իրականացվող գործունեության դրամավորումը` բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է թույլատրվել «բ» ենթակետում նշված համաձայնագրերին համապատասխան: Սույն սկզբունքների նպատակով դրամավորման հասկացությունը սահմանվում է «բ» ենթակետում նշված համաձայնագրերի դրույթներով,

դ) Շրջանում և այլ աղբյուրներից արդյունահանվող օգտակար հանածոների միջև խտրականությունը բացառվում է: Այդ օգտակար հանածոները կամ դրանցից ներմուծման նպատակով արտադրված հումքային ապրանքները դեպի շուկաներ նախապատվելի մուտքի հնարավորություն չեն ստանում, մասնավորապես.

i) սակագնային կամ ոչ սակագնային արգելքների միջոցով, և

ii) մասնակից պետությունների կողմից այնպիսի օգտակար հանածոների կամ հումքային ապրանքների նախապատվելի մուտքի հնարավորություն տրվելու միջոցով, որոնք արտադրվում են նրանց պետական ձեռնարկությունների կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից, որոնք ունեն այդ պետությունների քաղաքացիություն կամ վերահսկվում են նրանց կամ նրանց քաղաքացիների կողմից,

ե) արդյունահանման յուրաքանչյուր հատվածի վերաբերյալ Մարմնի կողմից հաստատվող շահագործման աշխատանքների պլանում պետք է նշվի արտադրության ենթադրյալ ժամանակացույցը, որը ներառում է օգտակար հանածոների հաշվարկային առավելագույն ծավալները, որոնք պետք է արդյունահանվեն տարեկան` համաձայն աշխատանքների պլանի,

զ) «բ» ենթակետում նշված համաձայնագրերի դրույթների վերաբերյալ վեճերը կարգավորելիս պետք է կիրառվեն հետևյալ կանոնները.

i) երբ համապատասխան մասնակից պետություններն այդ համաձայնագրերի կողմեր են հանդիսանում, նրանք պետք է դիմեն այդ համաձայնագրերում նախատեսված` վեճերի կարգավորման ընթացակարգերին,

ii) երբ համապատասխան մասնակից պետություններից մեկը կամ մի քանիսը այդ համաձայնագրերի կողմ չեն հանդիսանում, նրանք պետք է դիմեն Կոնվենցիայում նախատեսված` վեճերի կարգավորման ընթացակարգերին,

է) այն դեպքերում, երբ «բ» ենթակետում նշված համաձայնագրերի հիման վրա որոշում է ընդունվում այն մասին, որ մասնակից պետությունը դրամավորում է իրականացրել, որն արգելված է եղել կամ բացասաբար է անդրադարձել մեկ այլ մասնակից պետության շահերի վրա, իսկ համապատասխան մասնակից պետությունը (մասնակից պետությունները) չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, մասնակից պետությունը կարող է խնդրել Խորհրդին` ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ:

2. 1-ին կետում շարադրված սկզբունքները չեն ազդում 1-ին կետի «բ» ենթակետում նշված համաձայնագրերի, ինչպես նաև ազատ առևտրի ու մաքսային միությունների մասին համապատասխան համաձայնագրերի դրույթներից բխող իրավունքների ու պարտականությունների վրա այդ համաձայնագրերի կողմեր հանդիսացող մասնակից պետությունների միջև հարաբերություններում:

3. Եթե պայմանագրի կողմը 1-ին կետի «բ» ենթակետում նշված համաձայնագրերով թույլատրված դրամական օժանդակությունից բացի ստանում է նաև այլ դրամական օժանդակություն, դա իրենից ներկայացնում է Շրջանում գործունեության իրականացման վերաբերյալ աշխատանքների պլանը կազմող պայմանագրի հիմնարար պայմանների խախտում:

4. Ցանկացած մասնակից պետություն, որը հիմքեր ունի ենթադրելու, որ տեղի է ունեցել 1-ին կետի «բ»-»դ» կամ 3-րդ ենթակետերի պահանջների խախտում, կարող է դիմել վեճերի կարգավորման ընթացակարգերին` 1-ին կետի «զ» կամ «է» ենթակետերին համապատասխան:

5. Մասնակից պետությունը կարող է ցանկացած ժամանակ Խորհրդի ուշադրությունը հրավիրել այնպիսի գործունեության վրա, որը, իր կարծիքով, չի համապատասխանում 1-ին կետի «բ»-»դ» ենթակետերի պահանջներին:

6. Մարմինը մշակում է նորմեր, կանոններ ու ընթացակարգեր, որոնք ապահովում են սույն բաժնի դրույթների կատարումը, ներառյալ աշխատանքների պլանների հաստատումը կարգավորող համապատասխան նորմերը, կանոններն ու ընթացակարգերը:

7. Կոնվենցիայի 151-րդ հոդվածի 1-7-րդ ու 9-րդ, 162-րդ հոդվածի 2-րդ կետի «ժէ» ենթակետի և 165-րդ հոդվածի 2-րդ կետի «ժդ» ենթակետի դրույթները, ինչպես նաև դրան կից 3-րդ Հավելվածի 6-րդ հոդվածի 5-րդ կետը և 7-րդ հոդվածը չեն կիրառվում:

 

ԲԱԺԻՆ 7
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Մարմնի քաղաքականությունն այն զարգացող երկրներին օգնություն ցույց տալու հարցում, որոնց արտահանումից ստացվող մուտքերի կամ տնտեսության համար լուրջ բացասական հետևանքներ են ստեղծվել օգտակար հանածոների համապատասխան տեսակի գնի այն չափով իջեցման կամ օգտակար հանածոների այդ տեսակի արտահանման ծավալի այն չափով կրճատման արդյունքում, որքանով այդ իջեցումը կամ կրճատումը պայմանավորված է Շրջանում իրականացվող գործունեության հետ, հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա.

ա) Մարմինը իրային միջոցներից, որոնք գերազանցում են իր վարչական ծախսերը կատարելու համար անհրաժեշտ միջոցները, ստեղծում է տնտեսական օգնության հիմնադրամ: Այդ նպատակով հատկացվող միջոցների ծավալը պարբերաբար որոշվում է Խորհրդի կողմից` Ֆինանսական կոմիտեի երաշխավորությամբ: Տնտեսական օգնության հիմնադրամի ստեղծման համար օգտագործվում են միայն այն միջոցները, որոնք գոյանում են պայմանագրի կողմերի` ներառյալ Ձեռնարկության վճարումների և կամավոր մուծումների արդյունքում,

բ) Մարմնի տնտեսական օգնության միջոցներից օգնություն են ստանում ցամաքում արտադրող այն զարգացող պետությունները, որոնց տնտեսությունը, ինչպես պարզվել է, լուրջ վնաս է կրել ծովի հատակի օգտակար հանածոների խորջրյա արդյունահանման հետևանքով,

գ) համապատասխան դեպքերում Մարմնի կողմից` ցամաքում արտադրող տուժած զարգացող պետություններին հիմնադրամի միջոցներից օգնությունը տրամադրվում է զարգացման հարցերով համաշխարհային կամ տարածաշրջանային այն կառույցների հետ համագործակցելով, որոնք այդպիսի օգնության ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ինֆրակառուցվածք և փորձ ունեն,

դ) այդ օգնության ծավալն ու տևողությունը որոշվում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում: Ընդ որում պետք է պատշաճ կերպով հաշվի առնվեն այն հիմնախնդիրների բնույթն ու մասշտաբայնությունը, որոնց բախվում են ցամաքում արտադրող տուժած զարգացող պետությունները:

2. Կոնվենցիայի 151-րդ հոդվածի 10-րդ կետը պետք է իրականացվի 1-ին կետում նշված տնտեսական օգնության միջոցների ձևով: Կոնվենցիայի 160-րդ հոդվածի 2-րդ կետի «ժբ», 162-րդ հոդվածի 2-րդ կետի «ժդ» ենթակետը, 164-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետը, 171-րդ հոդվածի «զ» ենթակետը և 173-րդ հոդվածի 2-րդ կետը պետք է մեկնաբանվեն համապատասխան ձևով:

 

ԲԱԺԻՆ 8
ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Պայմանագրերի ֆինանսական պայմանները կարգավորող նորմեր, կանոններ ու ընթացակարգեր սահմանելիս հիմք են ընդունվում հետևյալ սկզբունքները.

ա) Մարմնին մուծումների համակարգը պետք է արդարացի լինի ինչպես պայմանագրի կողմի, այնպես էլ Մարմնի համար և պետք է նախատեսի համապատասխան միջոցներ, որոնք անհրաժեշտ են պարզելու համար` պահպանո՞ւմ է արդյոք պայմանագրի կողմը այդ համակարգը,

բ) այդ համակարգով մուծումների դրույքաչափերը պետք է լինեն այն դրույքաչափերի սահմաններում, որոնք գոյություն ունեն ցամաքում նույն կամ համանման օգտակար հանածոների արդյունահանման բնագավառում` ծովի հատակի խորջրյա շրջանները շահագործողների մրցունակության արհեստական բարձրացումից կամ նվազեցումից խուսափելու նպատակով,

գ) համակարգը չպետք է բարդ լինի և առաջացնի Մարմնի կամ պայմանագրի կողմի համար զգալի վարչական ծախսեր: Անհրաժեշտ է քննարկել ընդերքի շահագործման իրավունքի համար վճարման համակարգի ընդունման կամ այդ համակարգի` եկամուտներին մասնակցելու համակարգի հետ զուգակցելու հարցը: Եթե որոշում է ընդունվում այլընտրանքային համակարգերի օգտին, պայմանագրի կողմն իրավունք ունի ընտրելու իր պայմանագրի նկատմամբ կիրառելի համակարգ: Սակայն այլընտրանքային համակարգերի միջև ընտրության հարցում ցանկացած հետագա փոփոխություն պետք է կատարվի Մարմնի և պայմանագրի կողմի միջև` համաձայնագրի հիման վրա,

դ) տարեկան հաստատագրված վճարը պետք է մուծվի արդյունաբերական արտադրության սկսվելու օրվանից սկսած: Այդ վճարը կարող է հաշվանցվել «գ» ենթակետին համապատասխան ընդունված համակարգով վճարման ենթակա այլ մուծումների հաշվին: Վճարի չափը սահմանվում է Խորհրդի կողմից,

ե) վճարումների համակարգը կարող է պարբերաբար վերանայվել` հաշվի առնելով իրադրության փոփոխությունը: Բոլոր փոփոխությունները պետք է կիրառվեն խտրականությունը բացառող կարգով: Գործող պայմանագրերի վերաբերյալ այդ փոփոխությունները կարող են կիրառվել միայն պայմանագրի կողմի ընտրությամբ: Այլընտրանքային համակարգերի միջև ընտրության հարցում ցանկացած հետագա փոփոխություն պետք է կատարվի Մարմնի և պայմանագրի կողմի միջև` համաձայնագրի հիման վրա,

զ) սույն սկզբունքների վրա հիմնված նորմերի ու կանոնների մեկնաբանման կամ կիրառման վեճերի վրա տարածվում է Կոնվենցիայում նախատեսված վեճերի կարգավորման ընթացակարգերի գործողությունը:

2. Կոնվենցիայի 3-րդ Հավելվածի 13-րդ հոդվածի 3-10-րդ կետերի դրույթները չեն կիրառվում:

3. Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 3-րդ Հավելվածի 13-րդ հոդվածի 2-րդ կետի կատարմանը, ապա մեկ փուլով սահմանափակվող (կամ հետախուզման փուլով, կամ շահագործման փուլով) աշխատանքների պլանի հաստատման վերաբերյալ հայտի քննության համար վճարը կազմում է 250.000 ԱՄՆ դոլար:

 

ԲԱԺԻՆ 9
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

1. Սույնով հիմնադրվում է Ֆինանսական կոմիտե: Կոմիտեն կազմված է 15 անդամներից, որոնք պատշաճ որակավորում ունեն ֆինանսական հարցերում: Մասնակից պետությունները պետք է առաջադրեն այնպիսի թեկնածուներ, որոնք բավարարում են բանիմացության ու բարեխղճության բարձր չափանիշներին:

2. Ֆինանսական կոմիտեի անդամների թվում չպետք է լինեն միևնույն մասնակից պետության երկու քաղաքացիներ:

3. Ֆինանսական կոմիտեի անդամները ընտրվում են Ասամբլեայի կողմից. ընդ որում պատշաճ կերպով հաշվի է առնվում արդարացի աշխարհագրական բաշխման և հատուկ շահերի ներկայացուցչության անհրաժեշտությունը: Սույն Հավելվածի 3-րդ բաժնի 15-րդ կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերում թվարկված պետությունների խմբերից յուրաքանչյուրը Կոմիտեում պետք է ներկայացված լինի առնվազն մեկ անդամով: Քանի դեռ Մարմինը չունի իր վարչական ծախսերը ոչ սահմանված մուծումներից կատարելու համար բավարար միջոցներ, Կոմիտեի անդամների թվի մեջ պետք է մտնեն մարմնի վարչական բյուջե առավելագույն ֆինանսական մուծումներ կատարող հինգ պետությունների ներկայացուցիչները: Հետագայում յուրաքանչյուր խմբից մեկ անդամի ընտրությունը պետք է տեղի ունենա համապատասխան խմբի անդամների կողմից թեկնածությունների առաջադրման հիման վրա, ինչը չի բացառում յուրաքանչյուր խմբից լրացուցիչ անդամներ ընտրելու հնարավորությունը:

4. Ֆինանսական կոմիտեի անդամների պաշտոնավարման ժամկետը հինգ տարի է; Նրանք կարող են կրկին վերընտրվել:

5. Ֆինանսական կոմիտեի անդամի մահվան, աշխատունակության կորստի կամ մինչև լիազորությունների ժամկետի ավարտը հրաժարական տալու դեպքում Ասամբլեան լիազորությունների մնացած ժամկետով ընտրում է նույն աշխարհագրական տարածաշրջանը կամ պետությունների նույն խումբը ներկայացնող Կոմիտեի անդամ:

6. Ֆինանսական կոմիտեի անդամները չպետք է ֆինանսական շահագրգռվածություն ունենալ այն հարցերի հետ կապված որևէ գործունեության մեջ, որոնց վերաբերյալ Կոմիտեին հանձնարարված է տալ երաշխավորություններ: Նույնիսկ իրենց լիազորությունների ավարտից հետո նրանք չպետք է հրապարակեն որևէ գաղտնի տեղեկատվություն, որը իրենց հայտնի է դարձել Մարմնում իրենց կատարած պարտականությունների ուժով:

7. Ֆինանսական կոմիտեի առաջարկությունները Ասամբլեայի և Խորհրդի կողմից հաշվի են առնվում հետևյալ հարցերով որոշումներ ընդունելիս.

ա) Մարմնի մարմինների ֆինանսական նորմերի, կանոնների ու ընթացակարգերի նախագծերը, ինչպես նաև Մարմնի ֆինանսների կառավարումը և ներքին ֆինանսական գործառնությունը,

բ) Կոնվենցիայի 160-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետին համապատասխան` Մարմնի վարչական բյուջե անդամների մուծումների չափի սահմանումը,

գ) բոլոր հրատապ ֆինանսական հարցերը, ներառյալ Կոնվենցիայի 172-րդ հոդվածին համապատասխան` Մարմնի Գլխավոր քարտուղարի կողմից պատրաստվող տարեկան բյուջեն, և Քարտուղարության աշխատանքային ծրագրերի իրականացման ֆինանսական ասպեկտները,

դ) վարչական բյուջեն,

ե) մասնակից պետությունների ֆինանսական պարտավորությունները, որոնք բխում են սույն Համաձայնագրի և 11-րդ մասի կատարումից, ինչպես նաև Մարմնի միջոցների ծախսումը նախատեսող առաջարկությունների ու հանձնարարականների վարչաբյուջետային հետևանքները,

զ) Շրջանում իրականացվող գործունեությունից ստացվող ֆինանսական և այլ տնտեսական օգուտների արդարացի բաշխման նորմերը, կանոնները և ընթացակարգերը ու դրանց հիման վրա ընդունվող որոշումները:

8. Ընթացակարգային հարցերով որոշումները Ֆինանսական կոմիտեում ընդունվում են ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Ըստ էության հարցերով որոշումները ընդունվում են կոնսենսուսով:

9. Սույն բաժնին համապատասխան` Ֆինանսական կոմիտեի հիմնադրմամբ Կոնվենցիայի 162-րդ հոդվածի 2-րդ կետի «իե» ենթակետի` ֆինանսական հարցերով զբաղվող օժանդակ մարմնի ստեղծման մասին պահանջը համարվում է կատարված:

 

* Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2003 թվականի հունվարի 8-ից:

 

 

pin
28.07.1994
Համաձայնագիր