Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻ ԳԵՎՈՐԳ ԳԶՐԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻ ԳԵՎՈՐԳ ԳԶՐԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐ ...

 

 

020.0710.240707

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՔԱՂԱՔԱՑԻ ԳԵՎՈՐԳ ԳԶՐԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 311 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 414.2. ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 24 հուլիսի 2007թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի /նախագահող/, Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմող կողմի ներկայացուցիչ Ն. Բաղդասարյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Գևորգ Գզրարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311 հոդվածի 2-րդ կետի, 414.2. հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղաքացի Գ. Գզրարյանի` 26.01.2007թ. դիմումն է սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմող Գ. Գզրարյանի, նրա ներկայացուցիչ` փաստաբան Ն. Բաղդասարյանի և պատասխանող կողմի գրավոր բացատրությունները, հետազոտելով գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998թ. հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից այն ստորագրվել է 1998թ. սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999թ. հունվարի 12-ից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311 հոդվածը վերնագրված է. «Քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելը»: Նշված հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ դատարանը գործն ուղարկում է լրացուցիչ նախաքննության` «... 2) մեղադրողի միջնորդությամբ` երբ առկա են մեղադրանքը ավելի ծանր կամ փաստական հանգամանքներով սկզբնականից տարբերվող մեղադրանքով փոխելու հիմքեր»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը 2006թ. հուլիսի 7-ին լրացվել է 414.2. հոդվածով, որը վերնագրված է. «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը»: Ըստ այդ հոդվածի` «Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե` 1) վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ... 3) ստորադաս դատարանի կողմից դատավարական կամ նյութական իրավունքի խախտման արդյունքում հնարավոր դատական սխալը կարող է առաջացնել ծանր հետևանքներ... «:

2. Քաղ. Գ. Գզրարյանի բողոքի էությունը կայանում է նրանում, որ Գեղարքունիքի մարզի դատախազությունն իր նկատմամբ ՀՀ քր. օր-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարան: Նշված դատարանը 13.06.2006թ., ղեկավարվելով ՀՀ քր.դատ.օր.-ի 311 հոդվածի 2-րդ կետով, բավարարել է մեղադրողի միջնորդությունը և գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության:

26.07.2006թ. ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը, քննության առնելով պաշտպանի վերաքննիչ բողոքը, որոշում է կայացրել` Գ. Ֆ. Գզրարյանի վերաբերյալ քրեական գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքն առանց բավարարման թողնելու մասին` հետևյալ պատճառաբանությամբ. «Քննության առնելով պաշտպանի վերաքննիչ բողոքը և հիմնավորումները, մեղադրողի առարկությունը և միջնորդությունը գործը լրացուցիչ քննության վերադարձնելու մասին, ուսումնասիրելով գործի նյութերը և կայացված որոշման պատճառաբանությունները, վերաքննիչ դատարանը եկավ հետևության, որ գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին մեղադրողի միջնորդությունը և դատարանի կայացրած որոշումը հիմնավորված են և պատճառաբանված... հետևաբար պաշտպանի բերած վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց բավարարման»:

20.09.2006թ. վճռաբեկ դատարանը, քննության առնելով պաշտպանի վճռաբեկ բողոքը, որոշում է կայացրել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին` պատճառաբանելով հետևյալը. «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ներկայացված բողոքում չկան հիմքեր եզրահանգելու, որ ստորադաս դատարանի կողմից դատավարական կամ նյութական իրավունքի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը կարող է առաջացնել ծանր հետևանք, և որ վճռաբեկ դատարանի կողմից կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար: Հետևաբար, բերված բողոքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2. հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքերը բացակայում են»:

3. Ըստ դիմողի` իր նկատմամբ կիրառված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311 հոդվածի 2-րդ կետի նորմերը հակասում են ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի 2-րդ մասին, 19 հոդվածի 1-ին մասին և 20 հոդվածի 3-րդ մասին, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2. հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի նորմերը հակասում են ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի 2-րդ մասին, 19 հոդվածի 1-ին մասին և 21 հոդվածին:

Դիմողը գտնում է, որ համաձայն ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի 1-ին մասի` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, իսկ ՀՀ Սահմանադրության 19 հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք: Նույն պահանջն է նախատեսված նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 1-ին մասում, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասում:

Ըստ դիմողի` ՀՀ Սահմանադրության 19 հոդվածի 1-ին մասում ամրագրված մրցակցության սկզբունքը նշանակում է, որ քրեական հետապնդումը, պաշտպանությունը և գործի լուծումը տարանջատված են, դրանք իրականացնում են տարբեր մարմիններ և անձինք: Դատարանը չի կարող հանդես գալ մեղադրանքի կամ պաշտպանության կողմում: Մրցակցության սկզբունքը բոլոր դեպքերում ենթադրում է, որ անձի հանցանքը հիմնավորելու համար անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելը և դատարանում մեղադրանքը պաշտպանելը հանդիսանում են մեղադրանքի կողմի գործառույթներ: Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311 հոդվածի 2-րդ կետի հիմքով քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելով և նախաքննության մարմնին լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու հանձնարարություն տալով` դատարանն իրականացնում է մեղադրանքի կողմի գործառույթներ, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 19 հոդվածի 1-ին մասի պահանջներին:

Քաղ. Գ. Գզրարյանի կարծիքով, դատարանը քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելով` քրեական հետապնդման մարմնին հնարավորություն է ընձեռում երկարացնելու նախաքննության և մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցի ժամկետները: Բացի դրանից, ըստ վերաքննիչ դատարանի որոշման` քրեական դատավարության օրենսգրքի 311 հոդվածի 2-րդ կետն իրավունք է վերապահում դատարանին քրեական գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության` երբ առկա են ամբաստանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքն ավելի ծանր կամ փաստական հանգամանքներով սկզբնականից տարբերվող մեղադրանքով փոխելու հիմքեր, քանի որ մեկ այլ անձի գործողություններում նույնպես կարող են առկա լինել հանցագործության հատկանիշներ, դրանով կասկածանքի տակ է դրվում նաև դատի չտրված անձի անմեղության հարցը, որի հետևանքով խախտվում է ՀՀ Սահմանադրության 21 հոդվածով ամրագրված նաև այդ անձի անմեղության կանխավարկածի իրավունքը:

4. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2. հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի առնչությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ Գլխավոր դատախազի, քաղաքացի Տ. Սահակյանի և ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության դիմումների հիման վրա` ՀՀ քր.դատ.օր.-ի 414.2. հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով առկա է ՀՀ սահմանադրական դատարանի 2007թ. ապրիլի 11-ի ՍԴՈ-691 որոշումը:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 43 հոդվածի 1-ին և 4-րդ կետերով, սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ քր.դատ.օր.-ի 414.2. հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով գործի վարույթը պետք է կարճել:

5. Պատասխանողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311 հոդվածի 2-րդ կետի բովանդակությունից հետևում է, որ գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելը դատարանը կատարում է միայն և բացառապես մեղադրանքի կողմի միջնորդության հիման վրա: Բնականաբար, այստեղ խոսքը չի կարող վերաբերել դատարանի նախաձեռնությամբ գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելուն: Ընդ որում, եթե մեղադրողը միջնորդում է մեղադրանքն ավելի ծանր կամ փաստական հանգամանքներով սկզբնականից տարբերվող մեղադրանքով փոխելու հիմքերով գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու վերաբերյալ, ապա այդ միջնորդությունն ինքնին դատարանի համար չի կարող պարտադիր լինել: Ցանկացած միջնորդություն կողմի կամ դիմողի խնդրանք է դատարանին, որը քննության է առնվում և լուծվում պարտադիր կարգով (ՀՀ քր.դատ.օր.-ի 6 և 102 հոդվածներ):

Պատասխանողի կարծիքով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23 հոդվածի 4-րդ մասին համապատասխան դատարանը կաշկանդված չէ կողմերի կարծիքներով, այդ թվում քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու մասին դատախազի միջնորդությամբ, և իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել քրեական գործով ճշմարտությունը բացահայտելու համար: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23 հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Դատարանը հանդես չի գալիս մեղադրանքի կամ պաշտպանության կողմում և արտահայտում է միայն իրավունքի շահերը»: Այդ առումով դատարանը դատախազի միջնորդությամբ գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու ժամանակ մեղադրանքի գործառույթ չի կարող իրականացնել:

Պատասխանողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում լրացուցիչ նախաքննության ուղարկելու այնպիսի հիմք, ինչպիսին է նախաքննության բացերը լրացնելը: Այս պարագայում որևէ հիմք չկա պնդելու, որ լրացուցիչ նախաքննության ինստիտուտը հակասում է մրցակցային դատավարության այն մոդելին, որը որդեգրել է Հայաստանի Հանրապետությունը:

Պատասխանողի կարծիքով` իր կողմից մատնանշված հիմքերից պարզ է դառնում, որ դատարանը խնդրո առարկա գործով իրականացրել է ոչ թե մեղադրանքի կողմի գործառույթ, ինչպես նշել է դիմողը, այլ, ղեկավարվելով օրենքով իրեն վերապահված իրավունքով, հարգել է մեղադրող կողմի միջնորդությունը և կայացրել որոշում քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու մասին: Նշված պատճառաբանությամբ էլ պատասխանողը գտնում է, որ դիմող կողմի բերած հիմնավորումները և եզրահանգումը բավարար հիմք չեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311 հոդվածի 2-րդ կետը ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի 2-րդ մասին, 19 հոդվածի 1-ին մասին և 20 հոդվածի 3-րդ մասին հակասող ճանաչելու համար:

6. Ինչպես վերը նշվեց, դիմողը վիճարկում է ՀՀ քր.դատ.օր.-ի 311 հոդվածի 2-րդ կետի սահմանադրականությունը: Մինչդեռ քրեական գործը դատարանի կողմից լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստիտուտը կարգավորվում է ոչ միայն վիճարկվող հոդվածի 2-րդ կետով, այլև ամբողջ հոդվածով, ինչպես նաև ՀՀ քր.դատ.օր.-ի 292 հոդվածի 5-րդ կետով, 297 հոդվածով, 363 հոդվածի 2-րդ մասով, 394 հոդվածի 5-րդ մասով, 398 հոդվածի 6-րդ մասով, 419 հոդվածի 2-րդ կետով, 421 հոդվածի 3-րդ մասով: ՈՒստի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 9-րդ մասի հիմքով, սահմանադրական դատարանը պարտավոր է պարզել նաև վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի վերոհիշյալ դրույթների սահմանադրականությունը:

ՀՀ քր.դատ.օր.-ը դատարանի կողմից քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու նորմեր է նախատեսում սկսած առաջին ատյանի դատարանում գործը դատական քննության նախապատրաստելու փուլից մինչև վերաքննիչ և վճռաբեկ վարույթները: ՀՀ քր.դատ.օր.-ի 297 հոդվածը սահմանում է, որ գործը դատական քննության նախապատրաստելիս անհրաժեշտ դատավարական գործողություններ կատարելու համար քրեական գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին որոշում դատավորը կայացնում է այն դեպքում, երբ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից թույլ են տրվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք չեն կարող վերացվել դատական քննության ընթացքում: Նույն հիմքով քրեական գործը դատական քննության փուլից լրացուցիչ նախաքննության ուղարկելու դրույթ է պարունակում ՀՀ քր.դատ.օր.-ի 311 հոդվածի 1-ին կետը:

Այսպիսով, ՀՀ քր.դատ.օր.-ը դատաքննության որևէ փուլում դատական տարբեր ատյանների դատարանների կողմից քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու երկու հիմք է նախատեսում: Դրանք են.

- երբ հետաքննության կամ նախաքննության մարմինների կողմից թույլ են տրվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք չեն կարող վերացվել դատաքննության ընթացքում,

- մեղադրողի միջնորդությամբ` երբ առկա են մեղադրանքը ավելի ծանր կամ փաստական հանգամանքներով սկզբնականից տարբերվող մեղադրանքով փոխելու հիմքեր:

Առաջին դեպքում` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա» (ՀՀ քր.դատ.օր.-ի 398 հոդված), և որոնք չեն կարող վերացվել դատաքննության ընթացքում:

Նշված հիմքով դատարանը քրեական գործը վերադարձնում է լրացուցիչ նախաքննության ինչպես կողմերի (կողմի) միջնորդությամբ, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ: Այսինքն` դատարանը հայտնաբերելով, որ գործով ապացույցները ձեռք են բերվել քրեադատավարական օրենքի էական խախտումներով, փոխանակ ՀՀ քր.դատ.օր.-ի 105 հոդվածի հիմքով, որը համահունչ է ՀՀ Սահմանադրության 22 հոդվածին, որպես ապացույց չօգտագործել դրանք և մյուս ապացույցների գնահատմամբ լուծել գործի ելքը, գործը վերադարձնում է լրացուցիչ նախաքննության: Դրանով իսկ դատարանը նախաքննության մարմնին հնարավորություն է տալիս «վերակենդանացնել» ձախողված մեղադրանքը:

Մյուս դեպքում, երբ առկա են մեղադրանքն ավելի ծանր կամ փաստական հանգամանքներով սկզբնականից տարբերվող մեղադրանքով փոխելու հիմքեր, դատարանը գործը վերադարձնում է լրացուցիչ նախաքննության` մեղադրողի միջնորդությամբ: Ավելի ծանր մեղադրանք ասելով` պետք է հասկանալ, որ առաջադրվելիք մեղադրանքի համար ավելի խիստ պատիժ է նախատեսվում, քան առաջադրվածի համար: Փաստական հանգամանքներով սկզբնականից տարբերվող մեղադրանքը ենթադրում է քրեական օրենքի նույն դրույթով մեղադրանքը, սակայն բովանդակային նոր ձևակերպմամբ (նոր փաստական հանգամանքները հերքելու ընթացակարգային հնարավորություն պետք է տրվի մեղադրյալին, այլապես կդիտվի նրա պաշտպանության իրավունքի խախտում):

Նման որոշման կայացման հնարավորությունը պայմանավորելով միայն մեղադրողի միջնորդության առկայությամբ` օրենսդիրը փորձ է արել դատարանին ձերբազատել մեղադրական թեքումից, սակայն, այնուամենայնիվ, խախտվել է քրեական դատավարության կարևոր սկզբունքը, ըստ որի` դատարանը հանդես չի գալիս մեղադրանքի կամ պաշտպանության կողմում և արտահայտում է միայն իրավունքի շահերը (ՀՀ քր.դատ.օր.-ի 23 հոդված), սկզբունք, որը նպատակաուղղված է ՀՀ Սահմանադրության 19 հոդվածով նախատեսված` դատարանի անկախության և անկողմնակալության ապահովմանը: Ընդ որում, դատավճիռ կայացնելիս դատարանի լուծման ենթակա հարցերը հստակ սահմանված են ՀՀ քր.դատ.օր.-ի 360 հոդվածում:

7. ՀՀ Սահմանադրության 19 հոդվածի պահանջն է, ի թիվս արդար դատաքննության այլ երաշխիքների, դատաքննության իրականացումը կողմերի հավասարության պայմաններում և անկողմնակալ դատարանի կողմից: ՀՀ քր.դատ.օր.-ով նախատեսված կարգով գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելով` դատարանը դուրս է գալիս դատավարությունում անկողմնակալ իր դերի շրջանակներից և ուղղորդում է լրացուցիչ նախաքննության ընթացքը` իրականացնելով արդարադատության գործառույթի հետ անհամատեղելի գործողություններ: Դատարանը նաև կողմերի միջև հավասարության նժարը խախտում է ի շահ մեղադրանքի կողմի, դրանով իսկ խախտելով ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի 1-ին մասում ամրագրված` անձի դատական և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը:

Քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստիտուտի նման ձևով կիրառումը պարունակում է նաև արդար դատաքննության տարրերից մեկի` դատաքննությունը ողջամիտ ժամկետում կազմակերպելու պահանջի խախտման վտանգ:

Քրեական գործի լուծման ձգձգումն ընդհանրապես բացասաբար է անդրադառնում մեղադրյալի, ինչպես նաև տուժողի վրա: Սակայն մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից ավելի վտանգավոր է գործի քննության ողջամիտ ժամկետի խախտումն այն դեպքում, երբ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: ՀՀ քր.դատ.օր.-ի 138 հոդվածը սահմանում է, որ քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին: Նույն հոդվածն ամրագրում է նաև, որ քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետի ընթացքը կասեցվում է այն օրը, երբ դատախազը քրեական գործն ուղարկում է դատարան: Այսինքն, գործը դատարանում գտնվելու ժամանակամիջոցում անձի` կալանքի տակ գտնվելու ժամկետը չի հաշվվում մինչդատական վարույթում օրենքով սահմանված առավելագույն ժամկետի` մեկ տարվա մեջ: Ստացվում է, որ դատարանի որոշմամբ քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու հետևանքով անձն անազատության մեջ կարող է պահվել մեկ տարուց շատ ավելի երկար ժամանակ:

8. ՀՀ Սահմանադրության 21 հոդվածում ամրագրված անմեղության կանխավարկածի սկզբունքի կարևոր բաղադրատարրերից է չփարատված կասկածները հօգուտ մեղադրյալի մեկնաբանելու պահանջը: Նշված պահանջի կատարումը և քրեական գործը դատարանի որոշմամբ լրացուցիչ նախաքննության ուղարկելը գործնականում անհամատեղելի են միմյանց հետ: Քրեական գործը նման կարգով լրացուցիչ նախաքննության ուղարկելու դեպքում ըստ էության շրջանցվում է նշված հոդվածում ամրագրված չփարատված կասկածները հօգուտ մեղադրյալի մեկնաբանելու սահմանադրական պահանջը:

9. Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ քրեական գործը դատարանի որոշմամբ լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստիտուտն ավելի շատ բնորոշ է եղել խորհրդային իրավակարգին, և տասնամյակներ շարունակ նման ձևով այն կիրառած երկրներում առկա է դրանից հրաժարվելու միտում: Նշված կարգի մերժման անհրաժեշտությունը հիմնականում բացատրվում է քրեական դատավարության այնպիսի կարևորագույն սկզբունքների հետ անհամատեղելիությամբ, ինչպիսիք են դատարանի անկողմնակալությունը, դատավարության կողմերի հավասարությունն ու մրցակցությունը:

Օրինակ, Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանը 1999 թվականի ապրիլի 20-ի որոշմամբ անդրադառնալով դատարանի կողմից քրեական գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու հարցին, հակասահմանադրական է ճանաչել այդ ինստիտուտի գոյությունը: 2002 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում գործող նոր քր.դատ.օր.-ն այլևս չի նախատեսում դատարանի որոշմամբ քրեական գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելը: Նոր օրենսգրքի 237 հոդվածը պահպանում է գործը դատախազին վերադարձնելու ինստիտուտը, սակայն միայն գործը դատական քննության նախապատրաստելու փուլում` վերանայելու համար այն հանգամանքները, որոնք խոչընդոտում են գործով դատական քննությունն սկսելուն (օրինակ, մեղադրական եզրակացությունը չի ստորագրվել համապատասխան դատախազի կողմից): Ի դեպ, նման նորմ պարունակում է նաև ՀՀ քր.դատ.օր.-ի 296 հոդվածը, ըստ որի 1-ին մասի` «Գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշում դատավորը կայացնում է այն դեպքում, երբ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին»: Ընդ որում, նման որոշման մեջ նշվում է նաև այն ժամկետը, որի ընթացքում դատախազը պետք է վերացնի մեղադրական եզրակացության թերությունները: Եթե մեղադրյալը գտնվում է կալանքի տակ, նշված ժամկետը չպետք է գերազանցի 3, իսկ մնացած դեպքերում` 7 օրը:

10. Սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ դատարանի որոշմամբ քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելն անհամատեղելի է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի այնպիսի տարրերի հետ, ինչպիսիք են դատաքննությունն անկողմնակալ դատարանի կողմից և այն հավասարության ու մրցակցության սկզբունքների հիման վրա իրականացնելու պահանջները: Չնայած նրան, որ դատաքննության հավասարության և մրցակցության սկզբունքները հստակ ամրագրված չեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից` 6-րդ հոդվածում նշված «արդարացի լսումներ» հասկացության մեկնաբանությունների արդյունքում ձևավորվել է հստակ նախադեպ, համաձայն որի` լսումների արդարացիության տարրերից են դատավարության կողմերի հավասարությունը և մրցակցային դատավարությունը, որոնք սերտորեն կապված են միմյանց հետ: Եվրոպական դատարանը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջը համարելով դատավարության մրցակցության և հավասարության սկզբունքներ, միաժամանակ հետևողականորեն իր վճիռներում բացահայտել է այդ սկզբունքների բովանդակությունը, որոնց համաձայն` «կողմերի հավասարությունը» նշանակում է, որ դատավարության յուրաքանչյուր կողմին պետք է ընձեռվի պատշաճ հնարավորություն ներկայացնելու իր գործը, ներառյալ` ապացույցները, այնպիսի պայմաններում, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ:

11. Գործը դատարանից լրացուցիչ նախաքննության վերադարձնելու` գործող քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված կարգն անհամատեղելի է նաև մեր երկրում սահմանադրական փոփոխությունների արդյունքում կատարվող դատաիրավական բարեփոխումների տրամաբանության հետ, բարեփոխումներ, որոնք ուղղված են դատարանի անկախության և անկողմնակալության ապահովմանը, մեղադրական թեքումից նրա վերջնական ձերբազատմանը: Մասնավորապես, «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքը ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է 2007թ. փետրվարի 22-ին, որում քննության առարկա խնդրի առնչությամբ հայեցակարգային նոր մոտեցում է որդեգրվել: Այդ օրենքի 26 հոդվածի 4-րդ մասում ամրագրված է. «Եթե առաջին ատյանի դատարանում մեղադրողը գտնում է, որ մեղադրանքը ենթակա է մեղմացման կամ խստացման, քանի որ դատական քննության ժամանակ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չէին մինչդատական վարույթում, դատախազն իրավունք ունի միջնորդություն ներկայացնելու դատարան` արարքը վերաորակելու նպատակով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ: Դատարանը դատախազի միջնորդությամբ հետաձգում է նիստը` անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու և նոր մեղադրանք առաջադրելու համար... «: Փաստորեն, օրենքի այս նոր դրույթը բացառում է դատարանի կողմից գործը լրացուցիչ քննության ուղարկելու գործող կարգը, և այս տրամաբանությունը կարող է դրվել նաև ՀՀ քր.դատ.օր.-ի բարեփոխման հիմքում: Բոլոր դեպքերում, եթե գործն ընդունվել է դատարանի վարույթ, ապա այն պետք է հանգուցալուծվի դատական նիստում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60, 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414.2. հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի վերաբերյալ Գ. Գզրարյանի դիմումի մասով գործի վարույթը կարճել:

i

2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 311 հոդվածի 2-րդ կետի դրույթները ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 19 հոդվածին (1-ին մաս) հակասող և անվավեր:

i

3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 9-րդ մասի հիմքերով ՀՀ Սահմանադրության 19 հոդվածին (1-ին մաս) հակասող և անվավեր ճանաչել նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 311 հոդվածի 1-ին կետի, ինչպես նաև 292 հոդվածի 5-րդ կետի, 297 հոդվածի, 363 հոդվածի 2-րդ մասի, 394 հոդվածի 5-րդ մասի, 398 հոդվածի 6-րդ մասի, 421 հոդվածի 3-րդ մասի դրույթները և 419 հոդվածի 2-րդ կետի լրացուցիչ նախաքննություն նախատեսող դրույթը:

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

24 հուլիսի 2007 թվականի

ՍԴՈ-710

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
24.07.2007
N ՍԴՈ-710
Որոշում