Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ տնտեսական դատարան                Քաղաքացիական գործ թիվ 3-1586 (ՏԴ)

    Քաղաքացիական գործ թիվ Տ2-75                                   2007 թ.

Նախագահող դատավոր` Վ. Ասլանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ս. Գյուրջյանի

                                              Ս. Սարգսյանի                     

                                              

2007 թվականի հոկտեմբերի 10-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 21.03.2007 թվականի թիվ Տ2-75 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ ՀՀ ԿԱ ՀՊԾ Սպիտակի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Ծառայություն) հայցի ընդդեմ «Աբելյան Դ/Ձ» ԲԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է պատասխանողից բռնագանձել 495.9 հազար ՀՀ դրամ գումար, որպես հարկային պարտավորություն, ինչպես նաև նախօրոք վճարված պետական տուրքի գումարը` 9.918 ՀՀ դրամ:

Դատարանի 21.03.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները և սխալ է մեկնաբանել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը վճիռ է կայացրել թերի ապացույցների հիման վրա` առանց գործում գտնվող փաստաթղթերի շուրջ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու: Մասնավորապես, գործի նյութերին կցված են պատասխանողի կողմից հարկային տեսչություն ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկները, պատասխանողի ԱԱՀ-ի անձնական հաշվի քարտերը, հայցվորի կողմից պատասխանողին տրված 08.09.2005 թվականի թիվ 676/01 տեղեկանքը` վերջինիս հարկային պարտավորությունների մասին (գ.թ.41), որոնցից երևում է, որ կողմերը ժամանակին տեղյակ են եղել պատասխանողի հարկային պարտավորությունների մասին: Այսպիսով, Դատարանը վկայակոչել է Վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի թիվ 3-1831 (ՏԴ) և 3-1772 (ՎԴ) որոշումները, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը: Մասնավորապես, հայցի մերժումը Դատարանը հիմնավորել է` պատճառաբանելով, թե հայցվորը պատասխանողի կողմից թույլ տրված խախտումը հայտնաբերել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո: Դատարանի պատճառաբանությունը հիմնավորված չէ, որովհետև եզրահանգում է արել առանց հայցվորի կողմից խախտումը հայտնաբերելու ժամկետը ճշտելու, մասնավորապես, դատարանը չի ճշտել, թե արձանագրված խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան հաջորդող երեք տարին լրանալուց հետո, թե` խախտում արձանագրողն այն երեք տարին լրանալուց հետո է ներկայացրել դատարան:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 21.03.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերությունը 1998-2002 թվականների համար Ծառայություն է ներկայացրել ավելացված արժեքի հարկի հաշվարկները, որոնց համաձայն` այդ տարիների ընթացքում վերջինիս կողմից չվճարած ԱԱՀ-ի հաշվարկների գումարը 18.07.2003 թվականի դրությամբ կազմել է 506,400 ՀՀ դրամ, որից վճարվել է 15,000 ՀՀ դրամը:

2) Ծառայությունը Ընկերության անվամբ վարել է ԱԱՀ-ի անձնական հաշվի քարտ, որի համաձայն` Ծառայության կողմից հարկային օրենսդրության խախտումներն հայտնաբերվել են 2002 թվականին, ինչի արդյունքում հաշվարկվել են տույժեր:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է մասնակի հետևյալ պատճառաբանությամբ.

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի համաձայն` հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հոդվածով սահմանված վաղեմության ժամկետը վերաբերում է հարկային օրենսդրության խախտման փաստի և դրա` հարկային մարմնի կողմից հայտնաբերման միջև ընկած ժամանակահատվածին: Հետևաբար, դատարանը նշված հոդվածով սահմանված վաղեմության ժամկետը կիրառելով խախտման փաստի հայտնաբերմանը հաջորդող ժամկետի նկատմամբ` սխալ է մեկնաբանել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը:

Նախկինում կայացված որոշումներում (տես Վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի թիվ 3-1772(ՎԴ) և 3-1831(ՏԴ) որոշումները) Վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը կիրառելի է ոչ միայն հարկային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով անցկացվող ստուգումների արդյունքում հայտնաբերված հարկային պարտավորությունների նկատմամբ: Վճռաբեկ դատարանը հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքի նշված դրույթը կիրառման որևէ բացառություն չի նախատեսում` ելնելով պարտավորության հայտնաբերման եղանակից, գտնում է, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դրույթը վերաբերում է հարկային պարտավորությունների հայտնաբերման բոլոր դեպքերին` առանց բացառության: ՈՒստի, Վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշումներն այդ մասով սույն գործի նկատմամբ կիրառելի են:

Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայությունը Ընկերության անվամբ վարել է ԱԱՀ-ի անձնական հաշվի քարտ, որի համաձայն, խախտումներն հայտնաբերվել են 2002 թվականին, ինչի արդյունքում հաշվարկվել են տույժեր:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Վճռաբեկ դատարանը սույն բողոքի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման վերաբերյալ հիմքը հիմնավոր է համարում, քանի որ դատարանը սույն գործով պատշաճ գնահատման չի արժանացրել գործի նյութերում գտնվող ավելացված արժեքի հարկի` «Աբելյան Դ/Ձ» ԲԲԸ-ի անձնական հաշվի քարտերը, որոնցով հաստատվում է Ծառայության կողմից «Աբելյան» ԴՁ-ի ժամկետանց հարկային պարտավորությունների նկատմամբ 20.06.2002 թվականին տույժերի հաշվարկման` հետևաբար նաև` հարկային օրենսդրության խախտման հայտնաբերված լինելու հանգամանքները: Հետևաբար, 1999 թվականի հունիսից սկսած` ԱԱՀ-ի գծով ընկերության պարտավորությունների նկատմամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը կիրառելի չէ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն բողոքի հիմքը հիմնավոր համարելով` այն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների ուժով ՀՀ տնտեսական դատարանի 21.03.2007 թվականի վճիռը բեկանելու բավարար հիմք է դիտում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 21.03.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ս. Գյուրջյան

Ս. Սարգսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.10.2007
N 3-1586(ՏԴ)
Որոշում