Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ 28-ՐԴ ՀՈԴՎԱԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ 28-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ տնտեսական դատարանի վճիռ            Քաղաքացիական գործ թիվ 3-1799 (ՏԴ)

    Քաղաքացիական գործ թիվ 2-2457                                  2007 թ.

Նախագահող դատավոր` Ե. Սողոմոնյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Է. Հայրիյանի  

                                              Ս. Սարգսյանի

                                              Ս. Գյուրջյանի                    

                                                                               

2007 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 02.10.2007 թվականի վճռի դեմ` ըստ «Գրվաչ» ՍՊ ընկերության (այսուհետ` Ընկերություն) դիմումի ընդդեմ Ծառայության` 26.04.2007 թվականի թիվ 1107563 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` դիմողը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության Արաբկիրի հարկային վարչության 26.04.2007 թվականի թիվ 1107563 ստուգման ակտը` «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկված տուգանքի մասով:

ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ` Տնտեսական դատարան) 02.10.2007 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Տնտեսական դատարանը սխալ է մեկնաբանել «Հարկերի մասին ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ պարբերությունները, «Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) մասին» ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 315 որոշման պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Տվյալ դեպքում տուգանք է կիրառվել ոչ թե արդեն իսկ արձանագրված խախտման համար, ինչպես նշել է Տնտեսական դատարանը, այլ` նույն առարկա ունեցող, սակայն իր օբյեկտիվ կողմով նախորդից տարբերվող այլ իրավախախտման համար:

Ակնհայտ է, որ քննարկվող դեպքում պատասխանողն օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկվելուց հետո չի վերացրել իրավախախտումը, որն էլ հիմք է տվել ստուգումն իրականացնող պաշտոնատար անձանց արձանագրել խախտման կրկնակի փաստ և առաջնորդվելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ պարբերություններով, առաջադրել տուգանք` խախտման արժեքի 50 տոկոսի չափով:

2) Տնտեսական դատարանը սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Օրենքի վերոհիշյալ նորմի համաձայն` հրամանի կամ հանձնարարագրի մեկ օրինակն ստուգումը սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ տրվում է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին:

Տվյալ դեպքում, բացակայում է հիշյալ նորմի խախտումը, քանի որ հրամանի կամ հանձնարարագրի մեկ օրինակն ստուգումը սկսվելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ տրվել է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին փոխարինող անձին, տվյալ դեպքում` Ընկերության 100 տոկոս բաժնետեր հանդիսացող Վաչագան Գրիգորյանին:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Տնտեսական դատարանի 02.10.2007 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 16.11.2006 թվականի թիվ 1105464 հանձնարարագրի հիման վրա Ծառայությունը կատարել է ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման ճշտության ստուգում, որի արդյունքում արձանագրվել է 05.11.2006 թվականին ձեռք բերված և արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) թիվ 3 գրքում չգրանցված 4.080.000 ՀՀ դրամի ապրանքներ:

2) 29.03.2007 թվականի թիվ 1107563 ստուգման հանձնարարագրի հիման վրա Ծառայությունը կատարել է ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման ճշտության ստուգում, որի արդյունքում արձանագրվել է, որ Ընկերությունն արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) թիվ 3 գրքում չի գրանցել վերը նշված 4.080.000 ՀՀ դրամի ապրանքները:

3) 29.03.2007 թվականին տրված թիվ 1107563 ստուգման հանձնարարագրի «Ստուգումը փաստացի սկսվել է» մասում առկա է «Վ. Գրիգորյան, ստորագրություն, 12.04.2007 թվական» գրառումը:

4) Քաղաքացիական գործում բացակայում է վերոհիշյալ հանձնարարագիրն Ընկերության տնօրենին կամ նրան փոխարինող պաշտոնական անձին հանձնված լինելու մասին որևէ ապացույց:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն` ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու..., դեպքում հարկ վճարողից գանձվում է` տուգանք` ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 25 տոկոսի չափով, այդ թվում` վաճառված (իրացված) մասի համար:

Նույն հոդվածի 3-րդ և 4-րդ պարբերությունների համաձայն` հարկային տեսչության կողմից խախտումն արձանագրելուց հետո` մեկ տարվա ընթացքում, ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու կրկնական փաստ արձանագրելու դեպքում գանձվում է տուգանք` ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 50 տոկոսի չափով, այդ թվում` վաճառված (իրացված) մասի համար:

Տնտեսական դատարանը դիմումը բավարարելու հիմքում դրել է այն փաստարկը, որ նույն ապրանքները չգրանցելու համար պատասխանատվության ենթարկված լինելու պայմաններում դրանց չգրանցելը զանցանքի կրկնական փաստ դիտելը չի բխում «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությունից:

Տնտեսական դատարանի վերոնշյալ փաստարկը Վճռաբեկ դատարանը գտնում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ.

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը նախատեսում է պատասխանատվություն ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու, ինչպես նաև չգրանցելու կրկնական փաստ արձանագրելու համար: Այսինքն, վերոնշյալ հոդվածից հետևում է, որ ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելը և նույն իրավախախտումը կրկին անգամ կատարելն ինքնուրույն վարչական իրավախախտումներ են, որոնց համար նախատեսված է պատասխանատվության տարբեր չափ:

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն Ընկերությունը 16.11.2006 թվականին թիվ 1105464 ստուգման ակտով պատասխանատվության է ենթարկվել ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու համար: Վերոնշյալ ակտով արձանագրվել է ձեռնարկատիրական գործունեության առարկաների չգրանցման փաստը, որը Ընկերության կողմից չի վերացվել, խախտումը շարունակվել է և կրկին անգամ արձանագրվել 29.03.2007 թվականի թիվ 1107563 ստուգման հանձնարարագրի հիման վրա կատարված ստուգման արդյունքում:

Այսինքն, առաջին անգամ ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու համար վարչական պատասխանատվության ենթարկելուց հետո անգործությունը փաստացի շարունակվել է, որը իրենից ներկայացնում է ինքնուրույն վարչական իրավախախտում, և որի համար պատասխանատվությունը նախատեսված է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ պարբերությամբ.

2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հրամանի կամ հանձնարարագրի մեկ օրինակը, ստուգումն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տրվում է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:

Մինչդեռ, տվյալ դեպքում, գործում բացակայում է որևէ ապացույց մինչև ստուգումը սկսելու փաստացի օրը, այն է` 12.04.2007 թվականը, հանձնարարագրի օրինակը տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին հանձնելու մասին որևէ ապացույց:

Ինչ վերաբերում է հանձնարարագրի օրինակի վրա «Ստուգումը փաստացի սկսվել է» մասում առկա «Վ. Գրիգորյան, ստորագրություն, 12.04.2007 թվական» գրառմանը, ապա դա չի կարող հաստատել տվյալ հանձնարարագիրը դրա ստորագրման պահից երեք օր առաջ հանձնված լինելը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի հիմքով Տնտեսական դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 02.10.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտումյան

Դատավորներ` Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Է. Հայրիյան

Ս. Սարգսյան

Ս. Գյուրջյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2007
N 3-1799(ՏԴ)
Որոշում