Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 19.05.2005 ԹՎԱԿԱՆԻ Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 19.05.2005 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 759-Ն ՈՐՈՇ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական         Քաղաքացիական գործ թիվ 3-124 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                             2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-3308

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

Դատավորներ` Լ. Սոսյան

Լ. Գրիգորյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                              

2008 թվականի փետրվարի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.11.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Կարինե Մարգարյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) Կենտրոն տարածքային ստորաբաժանման, Ընկերության, «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն), Ռուզաննա Մանիջոյանի` անշարժ գույքը պետական կարիքների համար վերցնելու և դրա դիմաց փոխհատուցման գումար վճարելու մասին պայմանագիրը փոփոխելու և պակաս վճարված փոխհատուցման գումարը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Կարինե Մարգարյանը պահանջել է պարտավորեցնել Ընկերությանը և Կազմակերպությանը փոփոխել անշարժ գույքի պետական կարիքների համար վերցնելու և դրա դիմաց փոխհատուցման գումար վճարելու մասին պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր), Ռուզաննա Մանիջոյանին հանել բնակարանի համասեփականատերերի ցուցակից` նրան լրացնելով որպես ՀՀ կառավարության 19.05.2005 թվականի թիվ 759-Ն որոշման 8-րդ կետով նախատեսված աջակցության և խրախուսման գումար ստացողի, և Կարինե Մարգարյանին վճարել պակաս վճարված 3.842.774 ՀՀ դրամ փոխհատուցման գումարը` սահմանելով դրա վճարման ժամկետը:

ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 11.06.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կարինե Մարգարյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:

i

1) Վերաքննիչ դատարանը, կիրառել է քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած 14.04.2006 թվականի վճռով հաստատված` Սամվել Մանիջոյանի մասով 13.06.2003 թվականի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր լինելու փաստին սույն գործով նախադատելի փաստի ուժ է տվել, Ռուզաննա Մանիջոյանի մասով սեփականության իրավունքի գրանցումն անվավեր լինելը փաստելու համար:

Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի տրամաբանությամբ նշված հանգամանքը կարող էր հաստատվել այդպիսին հիմնավորող որոշակի ապացույցով, որպիսին սակայն, քննվող քաղաքացիական գործում բացակայում են: Հակառակ դրան վիճարկվող Պայմանագրի կնքման ժամանակ սեփականության իրավունքի գրանցման վկայականում որպես համասեփականատերեր նշված են եղել Կարինե Մարգարյանը, Առաքել, Սամվել, Ռուզաննա և Համլետ Մանիջոյանները, և ի տարբերություն Սամվել Մանիջոյանի` Ռուզաննա Մանիջոյանի սեփականության իրավունքը երբևէ չի վիճարկվել: Փաստորեն, Վերաքննիչ դատարանը դադարեցրել է Ռուզաննա Մանիջոյանի սեփականության իրավունքը առանց դադարման համապատասխան հիմքի:

i

2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի գնահատել այն հանգամանքը, որ Ընկերության կողմից Պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կատարվել են, հետևաբար, եթե Կարինե Մարգարյանը գտել է, որ եթե Ռուզաննա Մանիջոյանը չի հանդիսանում համասեփականատեր, ուստի հայցը պետք է ներկայացներ Ռուզաննա Մանիջոյանի, այլ ոչ թե` Ընկերության դեմ: Հետևաբար, տվյալ դեպքում պետք է լուծվեր նաև անպատշաճ կողմի փոխարինման հարցը:

i

3) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 19.05.2005 թվականի թիվ 759-Ն որոշման 9-րդ կետը և չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ, 280-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Այսպես, Ռուզաննա Մանիջոյանը 3.842.774 ՀՀ դրամի փոխարեն, իր երեխաների հետ միասին 9.000.000 ՀՀ դրամ ստանալու համար հրաժարվել է իր սեփականության իրավունքից հօգուտ Ընկերության, ինչի պայմաններում Վերաքննիչ դատարանը պետք է կիրառեր սեփականության իրավունքից հրաժարվելու հետ կապված իրավահարաբերություններ կարգավորող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ, 280-րդ հոդվածները, որոնք չի կիրառել:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.11.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության կամ վճիռը փոփոխել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները.

 

i

Վճռաբեկ բողոքի` Սամվել Մանիջոյանի սեփականության իրավունքի գրանցման փաստը սույն գործով նախադատելի չլինելու մասին վճռաբեկ բողոքի փաստարկն անհիմն է, քանի որ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 14.04.2006 թվականի վճռով անվավեր է ճանաչվել թիվ 1012861 սեփականության իրավունքի գրանցման վկայականը, այն պատճառաբանությամբ, որ Կադաստրի Կենտրոն տարածքային ստորաբաժանումը խախտել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 22-րդ և 23-րդ հոդվածները և թիվ 1012861 սեփականության իրավունքի վկայականում անհիմն կերպով լրացրել է Առաքել, Սամվել, Ռուզաննա և Համլետ Մանիջոյանների անունները:

Անհիմն է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի խախտման` վճռաբեկ բողոքի փաստարկը, քանի որ այդ հոդվածի համաձայն` վերաքննիչ վարույթում անպատշաճ կողմի փոխարինում չի կարող կատարվել:

Անհիմն է նաև Ռուզաննա Մանիջոյանի կողմից իր սեփականությունից հօգուտ Ընկերության հրաժարված լինելու մասին վճռաբեկ բողոքի փաստարկը, քանի որ վերջինիս կողմից սեփականության իրավունքից հրաժարումը եղել է անօրինական և չէր կարող առաջացնել որևէ իրավական հետևանք:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 13.06.2003 թվականի վկայականի համաձայն` Երևանի Նալբանդյան փողոցի 5-րդ տան թիվ 1 բնակարանը սեփականության իրավունքով պատկանել է Կ. Մարգարյանին, Առաքել, Համլետ, Ռուզաննա և Սամվել Մանիջոյաններին:

2) ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 14.04.2006 թվականի վճռով Սամվել Մանիջոյանի մասով անվավեր է ճանաչվել 13.06.2003 թվականի սեփականության իրավունքի գրանցման վկայականը (գ.թ. 19-23):

3) Պայմանագրով փոխհատուցում են ստացել Կարինե Մարգարյանը, Առաքել, Համլետ, Ռուզաննա Մանիջոյանները (գ.թ. 11-12):

4) Երևանի նալբանդյան փողոցի 5-րդ տան թիվ 1 բնակարանի նկատմամբ Ռուզաննա Մանիջոյանի սեփականության իրավունքը դադարած լինելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով դատարանը պետք է անդրադառնար և գնահատման առարկա դարձներ հետևյալ հարցադրումը. Արդյո՞ք դադարել է Ռուզաննա Մանիջոյանի սեփականության իրավունքը Երևանի Նալբանդյան փողոցի 5-րդ տան թիվ 1 բնակարանի նկատմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 14.04.2006 թվականի վճռով հաստատված հանգամանքն այն մասին, որ թիվ 1012861 սեփականության իրավունքի գրանցման վկայականում Առաքել, Սամվել, Ռուզաննա և Համլետ Մանիջոյանների անունների գրանցումը հիմնավոր չէ:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը անտեսել է այն հանգամանքը, որ թե Վերաքննիչ դատարանի վերոնշյալ վճռով և թե սույն քաղաքացիական գործով Երևանի Նալբանդյան փողոցի 5-րդ տան թիվ 1 բնակարանի նկատմամբ Ռուզաննա Մանիջոյանի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ պահանջ չի ներկայացվել, հետևաբար Վերաքննիչ դատարանը կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածը դուրս է եկել հայցապահանջի շրջանակներից:

Հիմք ընդունելով վերոնշյալը. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածը կիրառելի չէ, իսկ հայցապահանջի բավարարումը անհիմն` Երևանի Նալբանդյան փողոցի 5-րդ տան թիվ 1 բնակարանի նկատմամբ Ռուզաննա Մանիջոյանի սեփականության իրավունքը դադարած լինելը ապացուցված չլինելու պայմաններում:

2) Բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` դատարանը, գործի նախապատրաստման կամ քննության ժամանակ, պարզելով, որ հայցը հարուցվել է ոչ այն անձի կողմից, որին պատկանում է պահանջի իրավունքը կամ ոչ այն անձի դեմ, ով պետք է պատասխանի այդ հայցով, կարող է հայցվորի համաձայնությամբ թույլ տալ, որ նա կամ պատասխանողը փոխարինվեն պատշաճ հայցվորով կամ պատասխանողով:

i

Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարանում գործը քննվում է առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով, բացառությամբ անպատշաճ կողմը փոխարինելու մասին կանոնների:

Այսպիսով, գործի վերաքննության ժամանակ չի կարող քննարկվել և լուծվել անպատշաճ կողմի փոխարինման հարցը: Հետևաբար, անհիմն է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ վճռաբեկ բողոքի պատճառաբանությունը:

3) Բողոքի երրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ վճռաբեկ բողոքի սույն հիմքով բարձրացված իրավական հարցադրումը սույն քաղաքացիական գործով հայցի առարկայից դուրս է:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ, 241-րդ, 241.1-րդ և 241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.11.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.02.2008
N 3-124 (ՎԴ)
Որոշում