Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ, 172-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ, 172-ՐԴ, 178-ՐԴ, 1 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական               Քաղաքացիական գործ թիվ 3-361 (ՎԴ)

    դատարանի որոշում                                             2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 08-617

Նախագահող դատավոր` Դ. Խաչատրյան

Դատավորներ` Ս. Միքայելյան

Ն. Տավարացյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                              

2008 թվականի մայիսի 23-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.02.2008 թվականի որոշման դեմ` ըստ Երևան քաղաքի դատախազության (այսուհետ` Դատախազություն) դիմումի` գույքը տիրազուրկ ճանաչելու և այն պետության սեփականությանը հանձնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Դատախազությունը պահանջել է ՎԱԶ-2107 մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան ճանաչել տիրազուրկ և այն, որպես սեփականություն, հանձնել Հայաստանի Հանրապետությանը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 19.11.2007 թվականի վճռով դիմումը մերժվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.02.2008 թվականի որոշմամբ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ, 172-րդ, 178-րդ, 179-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Սույն քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության գույքային շահը կայանում է նրանում, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերին համապատասխան տիրազուրկ գույքի նկատմամբ ձեռք բերելով սեփականության իրավունք, պետությունն այդ գույքի նկատմամբ կիրականացնի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով նախատեսված սեփականատիրոջ լիազորությունները: Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածը, որով սահմանափակվել է պետության գույքային շահ հասկացության իմաստը և այն նույնացվել է սոսկ պետությանը պատճառված վնասի (դելիկտային պարտավորությունների) հատուցմանն ուղղված հայց հարուցելու պետական մարմնի լիազորությունների հետ: Սույն գործով պետության անունից հանդես է գալիս օրենքով լիազորված մարմինը` ի դեմս Դատախազության:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 21.02.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Դատախազության վարույթում գտնվող թիվ 12211801 քրեական գործի նախաքննության ընթացքում գործով մեղադրյալ Ա. Համբարձումյանի Արմավիրի մարզի Շահումյան գյուղում գտնվող տանը 11.05.2002 թվականին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա: Վերը նշված ավտոմեքենան տեղափոխվել է Մաշտոցի ներքին գործերի բաժին հետագա ստուգումներ կատարելու համար:

2) 11.05.2002 թվականին կազմված խուզարկության արձանագրության մեջ նշված է, որ գործով մեղադրյալ Արմեն Համբարձումյանի հայր Ժորա Համբարձումյանի հայտարարության համաձայն` նշված ավտոմեքենան պատկանում է իր ծանոթ Էմիլին: Վերջինս նշված ավտոմեքենան 15 օր առաջ տրվել է իրեն պարտքի դիմաց:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

1. Գույքը տիրազուրկ ճանաչելու պահանջ ներկայացնելու Դատախազության իրավունքի մասին.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է պատասխանել հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք Դատախազությունը, ելնելով իր սահմանադրական կարգավիճակից, կարող է գույքը տիրազուրկ ճանաչելու պահանջ ներկայացնել դատարան:

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն` դատախազությունը օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն` դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է միայն, եթե`

1. իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել կամ հայց չի ներկայացնում դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո կամ

2. պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կամ

3. դատախազին հայց հարուցելու միջնորդությամբ դիմել է իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, կամ

4. հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված է գույքային վնաս, կամ

5. պետական շահերի պաշտպանության հայցը հարուցվում է այլ երկրների դատարաններում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցող արբիտրաժներում, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը լիազորում է այլ պետական մարմնի կամ կազմակերպության:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 179-րդ հոդվածի համաձայն` շարժական գույքը, որը սեփականատերը լքել է կամ դրա նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու նպատակով թողել է այլ կերպ (դեն նետված գույք), այլ անձինք կարող են վերածել իրենց սեփականության` սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով:

Սույն քաղաքացիական գործով դատարանը դիմումի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Դատախազությունը լիազորված չէ տիրազուրկ ճանաչելու պահանջ ներկայացնել դատարան: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գույքը տիրազուրկ ճանաչելու պահանջ ներկայացնելը քաղաքացիական իրավունքի յուրաքանչյուր սուբյեկտի իրավունքն է, իսկ դրա իրականացման շրջանակները կարող են տարբեր լինել կախված համապատասխան սուբյեկտի լիազորությունների շրջանակից:

Հիմք ընդունելով դատախազության սահմանադրական կարգավիճակը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատախազությունը լիազորված է ներկայացնելու գույքը տիրազուրկ ճանաչելու պահանջ բոլոր այն դեպքերում, երբ դրանով խախտվում են կամ կարող են խախտվել պետության գույքային շահերը:

2. Սույն քաղաքացիական գործով առգրավված գույքը տիրազուրկ լինելու մասին.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն` տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից:

Նույն օրենսգրքի 179-րդ հոդվածի համաձայն` շարժական գույքը, որը սեփականատերը լքել է կամ դրա նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու նպատակով թողել է այլ կերպ (դեն նետված գույք), այլ անձինք կարող են վերածել իրենց սեփականության` սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ շարժական գույքը տիրազուրկ ճանաչելու համար դատարանում պետք է հիմնավորվի սեփականատիրոջ կողմից այդ գույքը դեն նետելը: Մինչդեռ, բողոք բերած անձը չի հիմնավորել վեճի առարկա գույքը սեփականատիրոջ կողմից դեն նետված լինելու հանգամանքը:

Դեռ ավելին, սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` Ա. Համբարձումյանը վեճի առարկա գույքը ստացել է պարտքի դիմաց, որպիսի հանգամանքը Դատախազության կողմից չի վիճարկվել: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով բացակայում են վեճի առարկա հանդիսացող ավտոմեքենան տիրազուրկ ճանաչելու հիմքերը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված` անփոփոխ թողնված դատական ակտը պատճառաբանելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ գործն ըստ էության ճիշտ է լուծվել, սակայն այն սխալ է պատճառաբանվել:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.02.2008 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
23.05.2008
N 3-361 (ՎԴ)
Որոշում