Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

 16.07.2011 -

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին

 

i

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Համահայկական բանկի ստեղծման և գործունեության կարգը և պայմանները, գործունեության սկզբունքները, կառավարման մարմինների ձևավորման և գործունեության կարգը, Համահայկական բանկի կարգավորման և վերահսկողության իրականացման կարգը, ինչպես նաև Համահայկական բանկի գործունեության հետ կապված այլ հարաբերություններ:

 

i
Հոդված 2. Համահայկական բանկի կարգավիճակը

 

1. Համահայկական բանկը բաց բաժնետիրական ընկերություն է, որը հիմնադրվում է սույն օրենքի հիման վրա:

2. Համահայկական բանկի գործունեությունը կարգավորվում է բանկերի գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով և դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 3. Համահայկական բանկի ընդհանուր կապիտալը, հիմնադիրները և մասնակիցները

 

1. Համահայկական բանկի ընդհանուր կապիտալի չափը պետք է լինի Հայաստանի Հանրապետության տարածքում նոր ստեղծվող բանկի համար սահմանված ընդհանուր կապիտալի չափից ոչ պակաս:

2. Համահայկական բանկի հիմնադիրներից է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ` Կենտրոնական բանկ) կամ Հայաստանի Հանրապետությունը: Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության` որպես Համահայկական բանկի հիմնադիրների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Համահայկական բանկի հիմնադիր կամ մասնակից կարող են լինել նաև քաղաքացիական իրավունքի այլ սուբյեկտներ:

 

Հոդված 4. Համահայկական բանկի գործունեության սկզբունքները

 

1. Համահայկական բանկը բաժնետիրական ընկերություն է, որը գործում է մասնավոր և պետական համագործակցության հիման վրա:

2. Համահայկական բանկը գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հետ Հայաստանի Հանրապետության տարածքում չմրցելու սկզբունքով:

 

Հոդված 5. «Համահայկական բանկ» բառակապակցության և «Համահայկական» բառի օգտագործումը

 

1. «Համահայկական բանկ» բառակապակցությունն իր անվանման մեջ կարող են օգտագործել բացառապես սույն օրենքի հիման վրա հիմնադրված կազմակերպությունը, դրա մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները: Ընդ որում` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ բանկերը չեն կարող իրենց անվանման մեջ օգտագործել «Համահայկական» բառը կամ դրա թարգմանություններն ու ածանցյալները:

 

ԳԼՈՒԽ 2
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 6. Համահայկական բանկի նպատակն ու գործառնությունները

 

1. Համահայկական բանկի նպատակն է նպաստել ուժեղ, մրցունակ և գիտելիքի վրա հիմնված հայության ներուժի ձևավորմանը և այն ուղղել ամբողջ հայության մրցունակության ավելացմանը համաշխարհային շուկայում:

2. Համահայկական բանկն իր գործունեությունն իրականացնում է լիազոր մարմնի ռազմավարության ներքո:

3. Համահայկական բանկը`

1) կարող է պարտատոմսեր և դեպոզիտային սերտիֆիկատներ տեղաբաշխել ոչ ռեզիդենտներին հրապարակային առաջարկի հիման վրա, իսկ ռեզիդենտներին` միայն ոչ հրապարակային առաջարկի հիման վրա: Ընդ որում, պարտատոմսերով և (կամ) դեպոզիտային սերտիֆիկատներով յուրաքանչյուր ռեզիդենտից ներգրաված միջոցների չափը պետք է ավելի լինի 100 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամից.

2) չի վարում հաշիվներ և չի տրամադրում կարճաժամկետ վարկեր (սույն օրենքի իմաստով կարճաժամկետ վարկեր են համարվում 3 օրացուցային տարուց ոչ ավել ժամկետով տրամադրված վարկերը).

3) տրամադրում է Հայաստանի Հանրապետության մասնավոր հատվածի մրցունակությունը բարձրացնելու և արտահանումը խթանելու համար երկարաժամկետ զարգացման վարկեր և (կամ) ներդրումներ:

(6-րդ հոդ. փոփ. 23.06.11 ՀՕ-215-Ն օրենք)

 

Հոդված 7. Լիազոր մարմինը և Համահայկական բանկի գործունեության ծրագիրն ու հաշվետվությունը

 

1. Լիազոր մարմինը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Լիազոր մարմնի կազմավորման և գործունեության կարգը, ինչպես նաև խնդիրները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Համահայկական բանկը գործունեության ծրագիր կազմելիս առաջնորդվում է լիազոր մարմնի ռազմավարությամբ:

3. Համահայկական բանկն ամեն տարի կազմում և մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը լիազոր մարմին է ներկայացնում Համահայկական բանկի խորհրդի հաստատած` Համահայկական բանկի հաջորդ տարվա ներդրումային գործունեության տարեկան ծրագիրը, որը պետք է համապատասխանի լիազոր մարմնի ռազմավարությանը: Սույն մասով սահմանված ժամկետը չի տարածվում Համահայկական բանկի գործունեության առաջին տարվա ներդրումային գործունեության ծրագրի վրա: Համահայկական բանկի գործունեության առաջին տարվա համար ներդրումային գործունեության ծրագրի ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են սույն օրենքի անցումային դրույթներով:

4. Համահայկական բանկը մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը լիազոր մարմին է ներկայացնում սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծրագրի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունը, որը լիազոր մարմինը քննարկում և անհրաժեշտության դեպքում առաջարկություններ է ներկայացնում Համահայկական բանկին, և այդ առաջարկությունները արտացոլվում են Համահայկական բանկի հաջորդ տարվա գործունեության ծրագրերում և դրանց վերաբերյալ հաշվետվություններում:

 

Հոդված 8. Հաշվապահական հաշվառումը, ֆինանսական հաշվետվությունն ու արտաքին աուդիտը

 

i

1. Համահայկական բանկը հաշվապահական հաշվառումը վարում և ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում է «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին և միջազգային ստանդարտների ուղեցույցներին համապատասխան:

2. Յուրաքանչյուր տարի Համահայկական բանկի ֆինանսատնտեսական գործունեության ստուգման նպատակով Համահայկական բանկը պետք է ներգրավի օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով աուդիտորական ծառայությունների իրականացման իրավունք ունեցող անկախ աուդիտ իրականացնող անձի (այսուհետ` արտաքին աուդիտ)` կնքելով նրա հետ համապատասխան պայմանագիր: Համահայկական բանկի արտաքին աուդիտին ընտրում է ընդհանուր ժողովը` Կենտրոնական բանկի սահմանած կարգով:

 

ԳԼՈՒԽ 3
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

 

Հոդված 9. Համահայկական բանկի կառավարման մարմինները

 

1. Համահայկական բանկի կառավարման մարմիններն են`

1) Համահայկական բանկի մասնակիցների ընդհանուր ժողովը (այսուհետ` ընդհանուր ժողով).

2) Համահայկական բանկի խորհուրդը (այսուհետ` խորհուրդ).

3) Համահայկական բանկի գլխավոր գործադիր տնօրենը կամ վարչության նախագահը, Համահայկական բանկի կանոնադրությամբ նախատեսված դեպքում` Համահայկական բանկի տնօրինությունը կամ վարչությունը:

2. Համահայկական բանկի կառավարման մարմինների կազմավորման և գործունեության կարգը, իրավասությունների շրջանակը և այդ մարմիններին ներկայացվող պահանջները սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Համահայկական բանկի կանոնադրությամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Համահայկական բանկը գործում է Համագործակցության և զարգացման եվրոպական կազմակերպության (OECD) ընդունած կորպորատիվ կառավարման սկզբունքներին համապատասխան:

4. Համահայկական բանկը ձևավորում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կորպորատիվ կառավարման սկզբունքներին համապատասխան կազմակերպական կառուցվածք, այդ թվում` ռիսկերի կառավարման և փորձագիտական կոմիտեներ:

5. Խորհուրդն իրականացնում է Համահայկական բանկի գործունեության ընդհանուր ղեկավարումը:

6. Խորհուրդը կազմավորվում է ընդհանուր ժողովի կողմից Համահայկական բանկի կանոնադրությամբ սահմանված կարգով:

7. Խորհրդի նիստերի քվորումը սահմանվում է Համահայկական բանկի կանոնադրությամբ, բայց չի կարող խորհրդի անդամների կեսից պակաս լինել: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, կամ կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի հաստատած խորհրդի կանոնակարգով ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Ձայնի քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անձի (այդ թվում` խորհրդի այլ անդամի) չի թույլատրվում: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը որոշիչ է:

8. Խորհրդի անդամների պարտականությունների կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցման հարցերը կարգավորվում են «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

9. Խորհրդի անդամները և նախագահը Կենտրոնական բանկի կողմից որակավորում չեն ստանում և չեն գրանցվում Կենտրոնական բանկում: Խորհրդի անդամները և նախագահը հաշվառվում են Կենտրոնական բանկում:

10. Խորհրդի անդամների վրա չեն տարածվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խորհրդի անդամներին վերաբերող փոխկապակցվածության դրույթները:

11. Համահայկական բանկի խորհրդի նախագահի և (կամ) անդամի պաշտոնը կարող է համատեղվել Համահայկական բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնի հետ:

(9-րդ հոդ. փոփ. 23.06.11 ՀՕ-215-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 4
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

i
Հոդված 10. Համահայկական բանկի գրանցումն ու լիցենզավորումը

 

1. Համահայկական բանկը բանկային գործունեություն իրականացնելու համար ստանում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բանկային գործունեության լիցենզիա: Համահայկական բանկի գրանցման և լիցենզավորման համար չեն գործում բանկերի գրանցման և լիցենզավորման համար բանկերի լիցենզիա ստանալու նախնական հավանություն տալու, բանկերի գրանցման և լիցենզավորման վերաբերյալ դրույթները: Համահայկական բանկի գրանցումն ու լիցենզավորումն իրականացվում են սույն օրենքով և Կենտրոնական բանկի սահմանած կարգով և պայմաններով:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից մեկ ամսվա ընթացքում Համահայկական բանկի հիմնադիրները պարտավոր են Համահայկական բանկի գրանցման և լիցենզավորման համար դիմել Կենտրոնական բանկ` Կենտրոնական բանկի սահմանած կարգով: Համահայկական բանկի գրանցման և լիցենզավորման համար հիմնադիրները կամ նրանց լիազորած անձը պարտավոր են ներկայացնել Համահայկական բանկի հիմնադիրների հաստատած Համահայկական բանկի կանոնադրությունը, Կենտրոնական բանկի սահմանած այլ փաստաթղթեր, ինչպես նաև Կենտրոնական բանկում բացված կուտակային հաշվին ամբողջությամբ համալրել կապիտալը:

 

i
Հոդված 11. Համահայկական բանկի գործունեության իրավական կարգավորումը

 

1. Համահայկական բանկի վրա չեն տարածվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բանկերի համար սահմանված բանկային գործունեության տնտեսական նորմատիվները: Կենտրոնական բանկն իր իրավական ակտերով Համահայկական բանկի համար սահմանում է տնտեսական նորմատիվներ, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը և հաշվարկում մասնակցող տարրերի կազմը:

2. Համահայկական բանկի վրա չի տարածվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը: Կենտրոնական բանկը Համահայկական բանկի համար սահմանում է ներդրումային և բաժանորդագրական գործունեության իրականացման վերաբերյալ դրույթներ:

3. Համահայկական բանկի վրա չեն տարածվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Համահայկական բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից և այլ մասնակցություն ձեռք բերելու վերաբերյալ դրույթները: Կենտրոնական բանկը Համահայկական բանկի համար սահմանում է Համահայկական բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից և այլ մասնակցություն ձեռք բերելու այլ պահանջներ և ընթացակարգ:

4. Համահայկական բանկն իրավունք ունի, սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան, ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ` մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ընդ որում` Համահայկական բանկի վրա չեն տարածվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` բանկերի կողմից մասնաճյուղեր և ներկայացուցչություններ բացելու վերաբերյալ դրույթները: Համահայկական բանկի մասնաճյուղերը և ներկայացուցչությունները գրանցվում են Կենտրոնական բանկում` Կենտրոնական բանկի սահմանած կարգով և պայմաններով:

5. Համահայկական բանկն իրավունք ունի, օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան, հիմնադրելու իրավաբանական անձինք կամ մասնակցելու դրանց կանոնադրական կապիտալին: Իրավաբանական անձ հիմնադրելուց կամ դրա կանոնադրական կապիտալին մասնակցություն ձեռք բերելուց հետո Համահայկական բանկն այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկին` Կենտրոնական բանկի սահմանած կարգով:

6. Համահայկական բանկի անվճարունակության և սնանկության ընթացակարգը սահմանվում է «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Համահայկական բանկի լուծարման հիմքերն ու կարգը սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

7. Համահայկական բանկի վրա չի տարածվում «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

8. Համահայկական բանկն օգտվում է օրենքով սահմանված հարկային արտոնություններից:

9. Համահայկական բանկն ազատվում է գրանցման և լիցենզավորման համար սահմանված պետական տուրքի վճարումից:

 

Հոդված 12. Համահայկական բանկի նկատմամբ իրականացվող վերահսկողությունը

 

1. Համահայկական բանկի գործունեության նկատմամբ վերահսկողության իրավունքը պատկանում է Կենտրոնական բանկին: Կենտրոնական բանկն այդ վերահսկողությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Համահայկական բանկի կողմից օրենքների, օրենքների հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտումների դեպքում Կենտրոնական բանկն իրավասու է նրան ուղղելու նամակ-պահանջագրեր, որոնք ենթակա են պարտադիր կատարման այդ նամակ-պահանջագրերում նշված ժամկետներում ու պայմաններով: Դրանք չկատարելու դեպքում Կենտրոնական բանկն իրավասու է կիրառելու «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվության միջոցները:

 

ԳԼՈՒԽ 5
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i
Հոդված 13. Օրենքի ուժի մեջ մտնելը, անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Օրենքի ուժի մեջ մտնելու պահից երեք ամսվա ընթացքում Կենտրոնական բանկն ընդունում է սույն օրենքից բխող իրավական ակտերը:

3. Օրենքի ուժի մեջ մտնելու պահից տասն օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշանակում է իրավասու մարմին` Համահայկական բանկի հիմնադրի իրավունքների ձեռքբերման ու պարտականությունների իրականացման համար, եթե Հայաստանի Հանրապետությունը համարվում է Համահայկական բանկի հիմնադիրներից:

4. Համահայկական բանկի գրանցման և լիցենզավորման պահից մեկ ամսվա ընթացքում Համահայկական բանկը լիազոր մարմին է ներկայացնում Համահայկական բանկի գործունեության առաջին տարվա ներդրումային գործունեության ծրագրերը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2009 թ. հունվարի 17
Երևան
ՀՕ-30-Ն

 

pin
ՀՀ 26.12.2008
N ՀՕ-30-Ն օրենք