Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 24-Ր...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 24-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-Ի ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վարչական դատարանի վճիռ               Վարչական գործ թիվ ՎԴ/0173/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/0173/05/08                               2008 թ.

Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի                      

                                              

2008 թվականի հոկտեմբերի 31-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 04.04.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության (այսուհետ` նախարարություն) ընդդեմ «Ինժգլոբալ» ԲԲԸ-ի (այսուհետ` ընկերություն)` 1.000.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Նախարարությունը պահանջել է բռնագանձել ընկերությունից 1.000.000 ՀՀ դրամ:

Վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 04.04.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վարչական դատարանը խախտել է Վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, չի կիրառել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 19-րդ հոդվածի 1-ին կետի «ժդ» ենթակետը, 21-րդ հոդվածի 3-րդ կետը, 22-րդ հոդվածի 2-րդ կետը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վարչական դատարանը չի գնահատել վարչական գործի նյութերում գտնվող ընկերության կողմից ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն հասցեագրված գրությունը, որով հայտնվել է, որ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 11.04.2007 թվականի թիվ 92-Ա հրամանով և 5 կարգադրագրով նախատեսված խախտումները վերացված են, այն է` դադարեցվել է 16.04.2007 թվականից կամրջակային կռունկի շահագործումը և ընկերությունում առկա բոլոր արտադրական վտանգավոր օբյեկտները ներկայացված են գրանցման «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վարվող ռեեստրում: Նշված գրությամբ, փաստորեն, պատասխանողն ընդունել է կամրջակային կռունկն իր կողմից շահագործելու փաստը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վարչական դատարանի 04.04.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 11.04.2007 թվականի հրամանով ընկերության նկատմամբ նշանակվել է 1.000.000 ՀՀ դրամի չափով տուգանք` օրենքով սահմանված կարգով արտադրական վտանգավոր օբյեկտը (կամրջակային կռունկը) ռեեստրում գրանցման չներկայացնելու համար:

2. Նախարարությանը հասցեագրված 23.04.2007 թվականի գրությամբ ընկերության տնօրենը հայտնել է, որ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 11.04.2007 թվականի հրամանով և թիվ 5 կարգադրագրով արձանագրված խախտումները վերացվել են, այն է` 16.04.2007 թվականից կամրջակային կռունկի շահագործումը դադարեցվել է և ընկերությունում առկա արտադրական վտանգավոր օբյեկտները ներկայացված են գրանցման:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի համաձայն` օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող (շահագործման նպատակով նախապատրաստվող, կոնսերվացվող, ապամոնտաժվող) արտադրական վտանգավոր օբյեկտների վրա, բացառությամբ միջուկային և էներգատեղակայանքների, ռադիոակտիվ նյութերի վերամշակման, ավիացիայի, ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի, ինչպես նաև ռազմական նշանակության օբյեկտների:

Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձինք են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում նույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված բնորոշմանը համապատասխանող օբյեկտ փաստացի շահագործող (շահագործման նպատակով նախապատրաստող) ֆիզիկական անձը կամ կազմակերպությունը, այդ թվում` օտարերկրյա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները` անկախ տվյալ օբյեկտի նկատմամբ առկա իրավունքի բնույթից: Համաձայն Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի` արտադրական վտանգավոր օբյեկտ են համարվում շարժասանդուղքները, ճոպանուղիները, կարուսելները, ֆունիկուլյորները, ամբարձիչ սարքավորումները և մեխանիզմները:

Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետի համաձայն` արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությանը համապատասխան` արտադրական վտանգավոր օբյեկտը ներկայացնել գրանցման ռեեստրում:

Սույն գործի փաստերի համաձայն` վիճելի իրավահարաբերության ծագման հիմք հանդիսացող կամրջակային կռունկը, որն ըստ Օրենքի 6-րդ հոդվածի համարվում է արտադրական վտանգավոր օբյեկտ, գտնվել է ընկերության տիրապետման ներքո:

Սույն գործով, Դատարանը հայցի մերժման հիմքում դնելով այն հանգամանքը, որ ընկերությունը արտադրական վտանգավոր օբյեկտը չի շահագործել, գնահատման առարկա չի դարձրել ընկերության կողմից նախարարությանը հասցեագրված 23.04.2007 թվականի գրությունը, որով ընկերության տնօրենը հայտնել է, որ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 11.04.2007 թվականի հրամանով և թիվ 5 կարգադրագրով արձանագրված խախտումները վերացվել են, այն է` 16.04.2007 թվականից կամրջակային կռունկի շահագործումը դադարեցվել է և ընկերությունում առկա արտադրական վտանգավոր օբյեկտները ներկայացված են գրանցման:

Այսինքն, վերոնշյալ գրությամբ ընկերությունն ընդունել է իր կողմից մինչև 16.04.2007 թվականը արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործելու փաստը:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Օրենքի 4-րդ հոդվածի իմաստով ընկերությունը համարվել է արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող, հետևաբար, պարտավոր էր Օրենքի 19-րդ հոդվածի հիմքով կամրջակային կռունկը ներկայացնել գրանցման համապատասխան ռեեստրում:

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով` Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վարչական դատարանի 04.04.2008 թվականի վճիռը և այն փոփոխել. ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հայցը բավարարել. «Ինժգլոբալ» ԲԲԸ-ից բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
31.10.2008
N ՎԴ/0173/05/08
Որոշում