Սեղմել Esc փակելու համար:
«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 15-ՐԴ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ թիվ 3-625 (ՎԴ)

    դատարանի որոշում                                              2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 08-1594

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան

Դատավորներ` Կ. Հակոբյան

Տ. Սահակյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Սարգսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

 

2008 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գոռ Մուսաելյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.04.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Երևանի Նորք-Մարաշ համայնքի թաղապետարանի (այսուհետ` Թաղապետարան) ընդդեմ Գոռ Մուսաելյանի և Արա Մուրադյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Թաղապետարանը պահանջել է Գոռ Մուսաելյանից և Արա Մուրադյանից բռնագանձել 831.975 ՀՀ դրամ գույքահարկի գումար:

Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 29.12.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.04.2008 թվականի որոշմամբ Արա Մուրադյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 29.12.2007 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` գումարը բռնագանձվել է միայն Գոռ Մուսաելյանից: Միաժամանակ որոշվել է բռնագանձել 16.638 ՀՀ դրամ պետական տուրք:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գոռ Մուսայելյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի գնահատել գործում առկա Նոր Նորքի զինվորական կոմիսարի և զորահավաքային բաժնի պետի 10.12.2007 թվականի թիվ 71 տեղեկանքը, ինչի արդյունքում, հարկվող ժամանակաշրջանից չի հանել 2004-2005 թվականներին Գոռ Մուսաելյանի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնված լինելու ժամկետը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.04.2008 թվականի որոշումը` 2004-2005 թվականների համար հաշվարկված գույքահարկի և տույժի մասով և հայցն այդ մասով մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 23.07.2003 թվականին Արա Մուրադյանն իրեն պատկանող ԲՄՎ-750 մակնիշի ավտոմեքենան վաճառել է Գոռ Մուսաելյանին:

2) Նշված մեքենայի գույքահարկի գծով պարտավորությունը 2004-2007 թվականների համար կազմում է 831.975 ՀՀ դրամ:

3) Նոր Նորքի զինվորական կոմիսարի և զորահավաքային բաժնի պետի տեղեկանքի համաձայն` Գոռ Մուսաելյանը 11.12.2003 թվականից մինչև 16.12.2005 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ծառայության ընթացքում գույքահարկից ազատվում են ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների զինված ուժերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտի մասով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանն իր բազմաթիվ որոշումներում նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումները:

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

i

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տես` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ընդդեմ «Քնար-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, քաղաքացիական գործ թիվ 3-2504 (ՏԴ) (գումար բռնագանձելու պահանջով)):

i

Դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը, թիվ 3-1843 (ՎԴ)):

Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանը չի գնահատել գործում առկա Նոր Նորքի զինվորական կոմիսարի և զորահավաքային բաժնի պետի տեղեկանքը, որով հիմնավորվում է 11.12.2003 թվականից մինչև 16.12.2005 թվականն ընկած ժամանակաշրջանում Գոռ Մուսաելյանի ՀՀ զինված ուժերում ծառայելու փաստը, որը «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով հիմք է համապատասխան ժամանակաշրջանի համար ավտոմեքենայի գույքահարկի վճարումից ազատելու համար:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.04.2008 թվականի որոշումը Գոռ Մուսաելյանից 2004-2005 թվականների գույքահարկի, տույժի և պետական տուրքի գումարներ բռնագանձելու մասով և գործն այդ մասով ուղարկել Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ա. Մկրտումյան

Դատավորներ` Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.11.2008
N 3-625(ՎԴ)
Որոշում