Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 844 Ո ...

 

 

040.0542.210509

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մայիսի 2009 թվականի N 542-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 844 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների լիցենզավորման կարգերը հաստատելու մասին» N 844 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

i

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժբ», «ժգ», «ժդ» և «ժե» ենթակետերով.

«ժբ) մաքսային հսկողության տարածքի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի,

ժգ) մաքսային հսկողության տարածքի կազմակերպման գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի,

ժդ) մաքսային միջնորդական (բրոքերային) գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 3 հավելվածի,

ժե) մաքսային միջնորդական (բրոքերային) գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 4 հավելվածի».

i

2) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո և ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանության գործունեությունների լիցենզավորման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.

«7.1. Օրենքով սահմանված դեպքերում կազմակերպիչը պարտավոր է իրականացնել մաքսային պահեստում ապրանքների շարժի հաշվառում և դրա վերաբերյալ մաքսային մարմիններ ներկայացնել տեղեկատվություն` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:».

i

3) որոշման 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված մաքսային փոխադրողի գործունեության լիցենզավորման կարգի`

ա. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Մաքսային փոխադրողի գործունեությունը Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների փոխադրումն է մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին:»,

բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Մաքսային փոխադրողի գործունեության իրականացման համար անհրաժեշտ է կնիքների, կապարակնիքների, դրոշմման, թվային, տառային և այլ դրոշմավորման կիրառման հնարավորություն ունեցող սեփական կամ անհատույց օգտագործման, կամ վարձակալված տրանսպորտային միջոցների առկայությունը:».

4) որոշման 1-ին կետի «զ» ենթակետով սահմանված անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզավորման կարգի`

ա. 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ ենթակետով.

i

«11) գործունեության իրականացման վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը:»,

բ. 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.

i

«3) ապահովել գործունեության վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը:».

i

5) որոշումը լրացնել նոր` NN 1, 2, 3 և 4 հավելվածներով` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ մինչև 2011 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված և դեռևս որևէ մաքսային ռեժիմով բաց չթողնված ապրանքներն ու տրանսպորտային միջոցները կարող են պահպանվել նաև մաքսային պահեստներում և ազատ մաքսային պահեստներում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի մայիսի 14-ի

N 542-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության

2002 թվականի հունիսի 22-ի

N 844 որոշման

 

ԿԱՐԳ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում մաքսային հսկողության տարածքների կազմակերպման գործունեության լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Մաքսային հսկողության տարածքը մեկ կամ մի քանի առանձնացված շենքերի, բաց հրապարակների համախումբ է, որտեղ մաքսային հսկողության ներքո պահպանվում են Հայաստանի Հանրապետություն ներմուծված և դեռևս որևէ մաքսային ռեժիմով բաց չթողնված ապրանքներն ու տրանսպորտային միջոցները:

3. Սույն կարգի համաձայն ստացված լիցենզիայի հիման վրա մաքսային հսկողության տարածքի կազմակերպման իրավունք ունեն բացառապես այդ գործունեության համար ստեղծված Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք (այսուհետ` կազմակերպիչ):

4. Հայաստանի Հանրապետությունում մաքսային հսկողության տարածքի կազմակերպման գործունեությունը լիցենզավորում է վերադաս մաքսային մարմինը (այսուհետ` լիցենզավորող մարմին)` սույն կարգին համապատասխան:

5. Մաքսային հսկողության տարածքում արգելվում է այլ առևտրային գործունեության իրականացումը:

6. Մաքսային հսկողության տարածքի բոլոր շինություններն ամբողջությամբ պետք է ներառված լինեն մաքսային հսկողության իրականացման տարածքում: Արգելվում է մաքսային հսկողության տարածք մաքսային հսկողությունից դուրս գտնվող ապրանքների կամ տրանսպորտային միջոցների մուտքը` բացառությամբ մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների:

7. Կազմակերպիչը սույն կարգի համաձայն լիցենզավորված գործունեություն իրականացնում է միայն լիցենզիայում նշված վայրերում:

8. Մաքսային հսկողության տարածքները մաքսային հսկողության գոտիներ են:

9. Մաքսային հսկողության տարածքներ անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքն իրականացվում են մաքսային մարմինների թույլտվությամբ:

 

II. ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

10. Մաքսային հսկողության տարածքը պետք է լինի ընդհանուրը առնվազն 10000 քառ. մետր, իսկ փակ տարածքները` 2000 քառ. մետր: Սույն կարգի կիրառման առումով փակ տարածքում ներառվում են`

1) կազմակերպչի վարչական ապարատի զբաղեցրած տարածքը.

2) ապրանքի պատասխանատու պահպանության համար նախատեսված պահեստային շինության տարածքը.

3) փակ շինության (անգարների)` զննման համար նախատեսված տարածքը.

4) մաքսային մարմիններին հատկացված տարածքը.

5) մաքսային բրոքերների և ինքնահայտարարագրման գրասենյակի տարածքը.

6) այլ տարածքներ:

11. Կազմակերպիչը պետք է ապահովի`

1) մաքսային հսկողության տարածքների սանիտարահիգիենիկ պայմանները, շինությունների պահպանության պահնորդաազդանշանային և հրդեհային անվտանգության պահանջները.

2) անվտանգության ծառայության (սեփական կամ վարձված) առկայությունը` մաքսային հսկողության տարածքի պաշտպանությունն ու անցագրային ռեժիմի հսկողությունն իրականացնելու համար, ինչպես նաև ամբողջ տարածքում կատարվող գործողությունները հեռակառավարվող տեսախցիկներով տեսագրելու և ձայնագրելու համար: Տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն յուրաքանչյուր օրվա համար առանձին` համակարգչում կամ ցանկացած արտաքին կրիչի վրա, որը հնարավորություն կընձեռի պարզորոշ դիտելու և լսելու կատարված տեսագրությունն ու ձայնագրությունը` համարակալելով ըստ այդ օրերի ամսաթվի: Տեսագրություններում պետք է նշվեն նաև տեսագրման ամսաթիվը և ժամը: Տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն կազմակերպչի մոտ` առնվազն 90 օր.

3) մաքսային հսկողության տարածքների համար նախատեսված շենքերի և հրապարակների առանձնացումը, պարսպապատումը, ինչպես նաև մաքսային հսկողության տարածքների կառուցումն այնպես, որպեսզի մաքսային հսկողության տարածքների և հրապարակների տարածքում իրականացվի միայն ապրանքների մաքսային հսկողության գործունեություն, բացառվեն այլ գործունեության իրականացումը, մաքսային հսկողությունից դուրս ապրանքների ստացման և մաքսային հսկողության տարածքներից դրանց դուրսբերման հնարավորությունը, մաքսային հսկողության տարածքներում գտնվող ապրանքների վնասումը.

4) մաքսային մարմինների համար համապատասխան պայմաններ` մաքսային հսկողություն իրականացնելու և մաքսային ձևակերպումներ կատարելու, ինչպես նաև մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը հանձնված ապրանքների պահպանման նպատակով.

5) պահպանման առանձնահատուկ պայմաններ պահանջող (շուտ փչացող և կոտրվող, խոնավության և ջերմաստիճանի որոշակի ռեժիմ պահանջող` դյուրավառ, շրջակա միջավայրին վնաս պատճառող) ապրանքների համար հատուկ առանձնացված և հարմարեցված շինությունների կամ սարքավորումների առկայությունը.

6) տարբեր` կշռելու հնարավորություն ունեցող էլեկտրոնային (առնվազն 15000 գործարքի հիշողությամբ) կշեռքների առկայությունը (այդ թվում` ավտոմեքենաներ կշռող առնվազն 80 տոննա և երկաթգծի` առնվազն 150 տոննա կշռելու հնարավորություն ունեցող կշեռք).

7) փոսորակների, հարթակների, փակ շինությունների (անգարների) առկայությունը` առնվազն 5 ավտոմեքենայի միաժամանակյա զննման համար.

8) մանրակրկիտ զննման համար անհրաժեշտ սարքերի և սարքավորումների ներդրումը (ռենտգենային, ռադիոակտիվ միջոցների հայտնաբերման և այլն)` վերադաս մաքսային մարմնի սահմանած պահանջներին համապատասխան.

9) մաքսային մարմինների աշխատողներին անհրաժեշտ կապի և էլեկտրոնային տեխնիկական սարքավորումների տրամադրումը, ինտերնետային և ռադիոհեռահաղորդման կապով ապահովումը` մաքսային ձևակերպումները տեղում կազմակերպելու համար.

10) իր կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սահմանված սակագների մասին տեղեկատվության հրապարակայնությունը` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով.

11) ապրանքների բեռնման-բեռնաթափման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների և բեռների տեղափոխման կամ փոխադրման համար անհրաժեշտ այլ տեխնիկական միջոցների առկայությունը».

12. գործունեության վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

12. Կազմակերպիչը սույն կարգին համապատասխան լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում`

1) հայտ (դիմում), որում նշվում են հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, մաքսային հսկողության տարածքի մակերեսը, իսկ անհատ ձեռնարկատերերի համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, մաքսային հսկողության տարածքի մակերեսը.

2) պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները, իսկ անհատ ձեռնարկատերերի համար` պետական գրանցման վկայականի պատճենը.

3) մաքսային հսկողության տարածքի սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի վկայականի պատճենը.

4) մաքսային հսկողության տարածքների համար նախատեսված շենքերի և տարածքների հատակագծերը.

5) մաքսային հսկողության տարածքների պահպանության պահնորդաազդանշանային համակարգի մասին պետական լիազոր մարմնի եզրակացությունը.

6) հրդեհային անվտանգության ապահովման մասին պետական հրդեհային հսկողության մարմինների եզրակացությունը (տեղեկանքը).

7) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը.

8) պահպանության (անվտանգության) ծառայություն վարձելու դեպքում` համապատասխան պայմանագրի պատճենը, իսկ սեփական ուժերով պահպանություն իրականացնելու դեպքում` պահպանությունն իրականացնող աշխատողների ցուցակը.

9) սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման մասին պետական լիազորված մարմնի եզրակացությունը (տեղեկանքը).

10) գործունեության իրականացման վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը:

 

IV. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

13. Լիցենզիան տրվում է սույն կարգի 12-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմնում մուտքագրվելու օրվանից 30-օրյա ժամկետում: Մինչև այդ նշանակվում է քննարկում` առնվազն 7 օր առաջ կազմակերպչին գրավոր տեղեկացվելով (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) քննարկման վայրի, օրվա և ժամի մասին: Նրան հնարավորություն է ընձեռվում մասնակցելու քննարկմանը: Եթե սույն կետում նշված ժամկետում լիցենզիա ստանալու մասին հայտը չի մերժվում, և հայտատուն օրենքով սահմանված կարգով և չափով վճարել է պետական տուրքը և վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացրել լիցենզավորող մարմին, ապա լիցենզավորող մարմինը պարտավոր է սույն կետում նշված ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա, և լիցենզիան հայտատուին հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից հայտատուն իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:

14. Լիցենզավորող մարմինը հայտը քննարկում է սույն կարգի 13-րդ կետի համաձայն կազմակերպչին տեղեկացրած օրվա սահմանված ժամին` անկախ նրա կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:

15. Լիցենզիա ստանալու մասին հայտը բավարարելու դեպքում` լիցենզավորող մարմինը ընդունում է համապատասխան որոշում, որի պատճենը 3 օրվա ընթացքում (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին: Հայտում կամ ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ և այլ նման բացթողումներ) առկայության դեպքում լիցենզավորող մարմինը հայտն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում դրա մասին պատշաճ կերպով նախազգուշացնում է հայտատուին: Նշված թերությունները 10 օրվա ընթացքում վերացվելու դեպքում լիցենզավորող մարմինը սահմանված կարգով բավարարում է լիցենզիա ստանալու մասին հայտը և ընդունում համապատասխան որոշում:

16. Եթե հայտում կամ ներկայացված փաստաթղթերում տեղեկությունները թերի են, և սույն կարգի 15-րդ կետով սահմանված կարգով ու ժամկետներում դրա մասին տեղեկացվել է հայտատուին, և նա չի վերացրել թերությունները կամ, եթե տեղեկությունները ներկայացվել են ակնհայտ կեղծ ու խեղաթյուրված, կամ մաքսային հսկողության տարածքները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության և սույն կարգի պահանջները, ապա լիցենզավորող մարմինը 3-օրյա ժամկետում մերժում է հայտը` որոշման մեջ նշելով մերժման պատճառները: Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման մասին որոշման պատճենը 3 օրվա ընթացքում (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին:

17. Աննպատակահարմարության շարժառիթներով լիցենզիա չտալն արգելվում է:

18. Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

19. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվելու դեպքում կրկնակի դիմումը քննարկվում է ընդհանուր կարգով:

 

V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

20. Լիցենզավորված անձի վերակազմակերպման, բացառությամբ սույն կարգի 21-րդ կետում նշված դեպքերի, կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման կամ գործունեության տարածքում ցանկացած շինարարական, քանդման կամ հողային աշխատանքների դեպքում` լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար` կցելով նշված տեղեկությունները հավաստող փաստաթղթերը: Եթե կազմակերպիչը սույն կարգի համաձայն ստացել է լիցենզիա և դիմում է գործունեության իրականացման` մաքսային հսկողության տարածքի կազմակերպման վայրը փոխելու համար, ապա լիցենզավորող մարմին է ներկայացնում միայն գործունեության վայրի վերաբերյալ սահմանված պահանջները և չափանիշները բավարարող` սույն կարգով նախատեսված փաստաթղթերը:

21. Իրավաբանական անձի առանձնացման կամ բաժանման ձևով վերակազմակերպման դեպքում` առանձնացված իրավահաջորդը (իրավահաջորդները) և բաժանված իրավաբանական անձինք լիցենզիա ստանալու համար դիմում են սույն կարգով սահմանված ընդհանուր կարգով:

22. Լիցենզիան վերաձևակերպվում է լիցենզավորված անձի համապատասխան հայտը լիցենզավորող մարմնում մուտք լինելու օրվան հաջորդող երրորդ օրը: Լիցենզավորող մարմինը լիցենզիայի վերաձևակերպման ժամանակ լիցենզիայի գրանցամատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ: Լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են առանց լիցենզավորող հանձնաժողովի որոշման: Սակայն, նշված հայտի մերժման հիմքի առկայության դեպքում կամ հայտատուի պահանջով, պետք է իրականացվի քննարկում` լսումների կարգով: Լիցենզիայի կորստի (կորցնել, ոչնչանալ և այլն) դեպքում հայտատուն կրկնօրինակն ստանալու համար դիմում է ներկայացնում լիցենզավորող մարմին` դրա մասին նախօրոք հայտարարություն տալով զանգվածային լրատվության միջոցով: Լիցենզիան օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում հայտատուն դրա մասին հայտ է ներկայացնում լիցենզավորող մարմին` կրկնօրինակն ստանալու համար: Կրկնօրինակը հայտատուին տրվում է նրանից ոչ պիտանի դարձած լիցենզիան վերցնելուց հետո: Լիցենզիայի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը: Լիցենզավորված անձի վերաձևակերպման համար տրված հայտը կարող է մերժվել, եթե սույն կարգով կամ այլ իրավական ակտերով առկա են հայտի մերժման հիմքեր:

 

VI. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

23. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է հետևյալ դեպքերում`

1) լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների, ինչպես նաև լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների կոպիտ խախտում.

2) լիցենզավորված անձի կողմից սույն կարգով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փոփոխությունների մասին լիցենզավորող մարմնին ժամանակին չտեղեկացվելը,

3) լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտում կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացվելը,

4) լիցենզավորված անձի կողմից լիցենզիայի պահանջների պարբերաբար խախտումների կատարում.

5) լիցենզավորված անձի կողմից լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման տրվելը, գրավ դրվելը կամ օտարվելը,

6) տարեկան պետական տուրքի չվճարում,

7) լիցենզավորված անձի դիմումի համաձայն.

8) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

24. Լիցենզիայի գործողության կասեցման ընթացքում լիցենզավորված անձն իրավունք չունի իրականացնելու լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշմամբ սահմանված գործունեություն, գործառույթ կամ գործողություն` բացառությամբ լիցենզիայի գործողության կասեցման պատճառների վերացմանն ուղղվածների, ինչպես նաև լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշմամբ նախատեսված անհետաձգելի միջոցառումների իրականացման:

25. Լիցենզիայի գործողության կասեցման ընթացքում լիցենզավորված անձի կողմից արգելված գործունեության, գործառույթի կամ գործողության իրականացումը համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում և առաջացնում է օրենքով նախատեսված համապատասխան պատասխանատվություն:

26. Եթե լիցենզիայի գործողությունը կասեցվել է սույն կարգով նախատեսված մեկից ավելի հիմքերով, ապա ընդունվում է կասեցման մասին որոշում` յուրաքանչյուր հիմքով:

27. Լիցենզիայի գործողության կասեցման համար նշանակվում է քննարկում` առնվազն 7 օր առաջ կազմակերպչին գրավոր տեղեկացնելով (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) քննարկման վայրի, օրվա և ժամի մասին: Կազմակերպիչը կամ նրա ներկայացուցիչն իրավունք ունի մասնակցելու քննարկմանը: Լիցենզավորող մարմինը հարցը քննարկում է սույն կետի համաձայն կազմակերպչին տեղեկացված օրվա սահմանված ժամին` անկախ նրա կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:

28. Լիցենզիայի գործողության կասեցման դեպքում լիցենզավորող մարմինն ընդունում է համապատասխան որոշում, որում նշվում են կասեցվող գործառույթը, կասեցման պատճառները, իրավական հիմքերը և ժամկետները, և դրա պատճենը 3 օրվա ընթացքում (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) ուղարկվում է կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին: Լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում դրա մասին լիցենզավորող մարմնի որոշումը լիցենզավորված անձին պատշաճ կերպով հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից, եթե լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշմամբ կամ օրենքով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ: Սույն կարգի 23-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված լիցենզիաների վրա նշված լիցենզիաները տալու ամսաթվից:

29. Լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից: Եթե լիցենզիայի գործողության կասեցման ժամկետը սահմանվել է մինչև խախտման պատճառի վերացումը, ապա լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում լիցենզավորված անձի կողմից խախտումների վերացման մասին հայտարարությունը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերով) լիցենզավորող մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող հինգերորդ օրը, եթե այդ ժամկետում լիցենզավորող մարմինն այլ որոշում չի ընդունում կամ այլ ավելի կարճ ժամկետ չի սահմանում և դրա մասին պատշաճ կերպով չի հայտնում լիցենզավորված անձին:

30. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է`

1) եթե լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել է լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն.

2) լիցենզավորված անձի դիմումի համաձայն.

3) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ գործունեություն իրականացվելու դեպքում.

4) եթե կազմակերպիչը լուծարվել է.

5) մեկ տարվա ընթացքում առնվազն երկու անգամ սույն կարգի 23-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերի համաձայն լիցենզիայի գործողությունը կասեցվելու դեպքում.

6) եթե կազմակերպիչը չի պահպանել իր գործունեության ընթացքում հայտնի դարձած պետական, բանկային, առևտրային, ծառայողական գաղտնիքներ (գաղտնիք) պարունակող տեղեկությունների գաղտնիությունը, դրանք տրամադրել է երրորդ անձին կամ, առանց ապրանքատիրոջ գրավոր համաձայնության, հրապարակել է դրանք կամ դրանցում առկա տեղեկությունները, կամ դրանք օգտագործել է ի շահ իրեն.

7) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

31. Սույն կարգի 30-րդ կետի 1-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով` լիցենզավորող մարմնի դիմումի համաձայն: Լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված` դատարանի համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից, եթե դատարանի վճռով այլ բան նախատեսված չէ:

32. Սույն կարգի 30-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով` լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:

33. Լիցենզիայի գործողության դադարեցման համար նշանակվում է քննարկում` առնվազն 7 օր առաջ կազմակերպչին գրավոր տեղեկացնելով (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) քննարկման վայրի, օրվա և ժամի մասին: Կազմակերպիչը կամ նրա ներկայացուցիչն իրավունք ունի մասնակցելու քննարկմանը: Լիցենզավորող մարմինը հարցը քննարկում է սույն կետի համաձայն կազմակերպչին տեղեկացված օրվա սահմանված ժամին` անկախ նրա կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:

34. Սույն կարգի 30-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում` լիցենզավորող մարմինն ընդունում է համապատասխան որոշում, որի պատճենը 3 օրվա ընթացքում ուղարկվում է (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին: Լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշումն ուժի մեջ է մտնում լիցենզավորված անձին պատշաճ կերպով հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից, եթե որոշմամբ ավելի ուշ ժամկետ չի նախատեսված, իսկ սույն կարգի 30-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքում` լուծարման օրվանից:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2002 թվականի հունիսի 22-ի

N 844 որոշման

 

(Հայաստանի Հանրապետության զինանշանը)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

ԼԻՑԵՆԶԻԱ N 00000

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

________________________________________________________

           (լիցենզիա ստացած անձի անվանումը և գտնվելու վայրը)

 

________________________________________________________

        ________________________________________________________

 

________________________________________________________

          (գործունեություն իրականացնելու (մաքսային հսկողության

                        տարածքի գտնվելու) վայրը)

 

________________________________________________________

 

Տրված է ____________ _________________ ___________________

 

Գործողության ժամկետը _______________________________________

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ ____________________________

(ստորագրությունը)

 

____________________________

                                         (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2002 թվականի հունիսի 22-ի

N 844 որոշման

 

ԿԱՐԳ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ (ԲՐՈՔԵՐԱՅԻՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում մաքսային միջնորդական (բրոքերային) գործունեության լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Սույն կարգի համաձայն մաքսային միջնորդական (բրոքերային) գործունեություն իրականացնելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձինք (այսուհետ` կազմակերպիչ):

3. Հայաստանի Հանրապետությունում մաքսային միջնորդական (բրոքերային) գործունեությունը լիցենզավորում է վերադաս մաքսային մարմինը (այսուհետ` լիցենզավորող մարմին)` սույն կարգին համապատասխան:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

4. Կազմակերպիչը սույն կարգին համապատասխան լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում`

1) հայտ (դիմում), որում նշվում են հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատերերի համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը.

2) պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները, իսկ անհատ ձեռնարկատերերի համար` պետական գրանցման վկայականի պատճենը.

3) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը.

4) կազմակերպչի հետ աշխատանքային պայմանագիր կնքած մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի և աշխատանքային պայմանագրի պատճենները.

5) կազմակերպչի հարկ վճարողի հաշվառման համարի մասին տեղեկատվություն:

 

III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

5. Լիցենզիան տրվում է սույն կարգի 4-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմնում մուտքագրվելու օրվանից 30-օրյա ժամկետում: Մինչև այդ նշանակվում է քննարկում` առնվազն 7 օր առաջ կազմակերպչին գրավոր տեղեկացնելով (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) քննարկման վայրի, օրվա և ժամի մասին: Նրան հնարավորություն է ընձեռվում մասնակցելու քննարկմանը: Եթե սույն կետում նշված ժամկետում լիցենզիա ստանալու մասին հայտը չի մերժվում, և հայտատուն օրենքով սահմանված կարգով և չափով վճարել է պետական տուրքը և վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացրել լիցենզավորող մարմին, ապա լիցենզավորող մարմինը պարտավոր է սույն կետում նշված ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա, և լիցենզիան հայտատուին հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից հայտատուն իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:

6. Լիցենզավորող մարմինը հայտը քննարկում է սույն կարգի 5-րդ կետի համաձայն կազմակերպչին տեղեկացված օրվա սահմանված ժամին` անկախ նրա կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:

7. Լիցենզիա ստանալու մասին հայտը բավարարելու դեպքում լիցենզավորող մարմինն ընդունում է համապատասխան որոշում, որի պատճենը 3 օրվա ընթացքում ուղարկվում է (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին: Հայտում կամ ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ և այլ նման բացթողումներ) առկայության դեպքում լիցենզավորող մարմինը հայտն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում դրա մասին պատշաճ կերպով նախազգուշացնում է հայտատուին: Նշված թերությունները 10 օրվա ընթացքում վերացվելու դեպքում լիցենզավորող մարմինը սահմանված կարգով բավարարում է լիցենզիա ստանալու մասին հայտը և ընդունում համապատասխան որոշում:

8. Եթե հայտում կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլված տեղեկությունները թերի են, և դրա մասին սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով ու ժամկետներում տեղեկացվել է հայտատուին, և վերջինս չի վերացրել թերությունները կամ, եթե տեղեկությունները ներկայացվել են ակնհայտ կեղծ և խեղաթյուրված, ապա լիցենզավորող մարմինը 3-օրյա ժամկետում մերժում է հայտը` որոշման մեջ նշելով մերժման պատճառները: Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման վերաբերյալ որոշման պատճենը 3 օրվա ընթացքում ուղարկվում է (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին:

9. Աննպատակահարմարության շարժառիթներով լիցենզիա չտալն արգելվում է:

10. Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

11. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվելու դեպքում կրկնակի դիմումը քննարկվում է ընդհանուր կարգով:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

12. Լիցենզավորված անձի վերակազմակերպման, բացառությամբ սույն կարգի 13-րդ կետում նշված դեպքերի, կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում` լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար` կցելով նշված տեղեկությունները հավաստող փաստաթղթերը:

13. Իրավաբանական անձի առանձնացման կամ բաժանման ձևով վերակազմակերպման դեպքում` առանձնացված իրավահաջորդը (իրավահաջորդները) և բաժանված իրավաբանական անձինք լիցենզիա ստանալու համար դիմում են սույն կարգով սահմանված ընդհանուր կարգով:

14. Լիցենզիան վերաձևակերպվում է լիցենզավորված անձի համապատասխան հայտը լիցենզավորող մարմնում մուտք լինելու օրվան հաջորդող երրորդ օրը: Լիցենզավորող մարմինը լիցենզիայի վերաձևակերպման ժամանակ լիցենզիայի գրանցամատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ: Լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են առանց լիցենզավորող հանձնաժողովի որոշման: Սակայն նշված հայտի մերժման հիմքի առկայության դեպքում կամ հայտատուի պահանջով, պետք է իրականացվի քննարկում` լսումների կարգով: Լիցենզիայի կամ մաքսային ձևակերպումների մասնագետի վկայականի կորստի (կորցնել, ոչնչանալ և այլն) դեպքում հայտատուն կրկնօրինակն ստանալու համար դիմում է ներկայացնում լիցենզավորող մարմին` դրա մասին նախօրոք հայտարարություն տալով զանգվածային լրատվության միջոցով: Լիցենզիան կամ մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականն օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում հայտատուն դրա մասին հայտ է ներկայացնում լիցենզավորող մարմին` կրկնօրինակն ստանալու համար: Կրկնօրինակը հայտատուին տրվում է ոչ պիտանի դարձած լիցենզիան կամ մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականը նրանից վերցնելուց հետո: Լիցենզիայի կամ մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի կրկնօրինակների վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը: Լիցենզավորված անձի վերաձևակերպման համար տրված հայտը կարող է մերժվել, եթե սույն կարգով կամ այլ իրավական ակտերով առկա են հայտի մերժման հիմքեր:

 

V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

15. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է հետևյալ դեպքերում`

1) լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների, ինչպես նաև լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների խախտում.

2) լիցենզավորված անձի կողմից սույն կարգով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փոփոխությունների մասին լիցենզավորող մարմնին ժամանակին չտեղեկացվելը,

3) լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտում կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացվելը.

4) լիցենզավորված անձի կողմից լիցենզիայի պահանջների պարբերաբար խախտումների կատարում,

5) լիցենզավորված անձի կողմից լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման տրվելը, գրավ դրվելը կամ օտարվելը.

6) տարեկան պետական տուրքի չվճարում.

7) լիցենզավորված անձի դիմումի համաձայն.

8) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

16. Լիցենզավորված անձը լիցենզիայի գործողության կասեցման ընթացքում իրավունք չունի իրականացնելու լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշմամբ սահմանված գործունեություն, գործառույթ կամ գործողություն` բացառությամբ լիցենզիայի գործողության կասեցման պատճառների վերացմանն ուղղվածների, ինչպես նաև կասեցման մասին որոշմամբ նախատեսված անհետաձգելի միջոցառումների իրականացման:

17. Լիցենզավորված անձի կողմից լիցենզիայի գործողության կասեցման ընթացքում արգելված գործունեության, գործառույթի կամ գործողության իրականացումը համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում և առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

18. Եթե լիցենզիայի գործողությունը կասեցվել է սույն կարգով նախատեսված մեկից ավելի հիմքերով, ապա ընդունվում է կասեցման մասին որոշում` յուրաքանչյուր հիմքով:

19. Լիցենզիայի գործողության կասեցման համար նշանակվում է քննարկում` առնվազն 7 օր առաջ կազմակերպչին գրավոր տեղեկացնելով (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) քննարկման վայրի, օրվա և ժամի մասին: Կազմակերպիչը կամ նրա ներկայացուցիչն իրավունք ունի մասնակցելու քննարկմանը: Լիցենզավորող մարմինը հարցը քննարկում է սույն կետի համաձայն կազմակերպչին տեղեկացված օրվա սահմանված ժամին` անկախ նրա կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:

20. Լիցենզիայի գործողության կասեցման դեպքում լիցենզավորող մարմինն ընդունում է համապատասխան որոշում, որում նշվում են կասեցվող գործառույթը, կասեցման պատճառները, իրավական հիմքերը և ժամկետները, և դրա պատճենը 3 օրվա ընթացքում ուղարկվում է (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին: Լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում դրա մասին լիցենզավորող մարմնի որոշումը լիցենզավորված անձին պատշաճ կերպով հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից, եթե լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշմամբ կամ օրենքով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ: Սույն կարգի 15-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված լիցենզիաների վրա նշված լիցենզիաները տալու ամսաթվից:

21. Լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից: Եթե լիցենզիայի գործողության կասեցման ժամկետը սահմանվել է մինչև խախտման պատճառի վերացումը, ապա լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում լիցենզավորված անձի կողմից խախտումների վերացման մասին հայտարարությունը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերով) լիցենզավորող մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող հինգերորդ օրը, եթե այդ ժամկետում լիցենզավորող մարմինն այլ որոշում չի ընդունում կամ այլ` ավելի կարճ ժամկետ չի սահմանում և դրա մասին պատշաճ ձևով չի հայտնում լիցենզավորված անձին:

22. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է`

1) եթե լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել է լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն.

2) լիցենզավորված անձի դիմումի համաձայն.

3) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ գործունեություն իրականացվելու դեպքում.

4) եթե կազմակերպիչը լուծարվել է.

5) մեկ տարվա ընթացքում առնվազն երկու անգամ սույն կարգի 15-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերի համաձայն լիցենզիայի գործողությունը կասեցվելու դեպքում.

6) եթե կազմակերպիչը չի պահպանել իր գործունեության ընթացքում հայտնի դարձած պետական, բանկային, առևտրային, ծառայողական գաղտնիքներ (գաղտնիք) պարունակող տեղեկությունների գաղտնիությունը, դրանք տրամադրել է երրորդ անձին կամ, առանց ապրանքատիրոջ գրավոր համաձայնության, հրապարակել է դրանք կամ դրանցում առկա տեղեկությունները, կամ դրանք օգտագործել է ի շահ իրեն.

7) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

23. Սույն կարգի 22-րդ կետի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով` լիցենզավորող մարմնի դիմումի համաձայն: Լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված` դատարանի համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից, եթե դատարանի վճռով այլ բան նախատեսված չէ:

24. Սույն կարգի 22-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով` լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:

25. Լիցենզիայի գործողության դադարեցման համար նշանակվում է քննարկում` առնվազն 7 օր առաջ կազմակերպչին գրավոր տեղեկացնելով (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) քննարկման վայրի, օրվա և ժամի մասին: Կազմակերպիչը կամ նրա ներկայացուցիչն իրավունք ունի մասնակցելու քննարկմանը: Լիցենզավորող մարմինը հարցը քննարկում է սույն կետի համաձայն կազմակերպչին տեղեկացված օրվա սահմանված ժամին` անկախ նրա կամ նրա ներկայացուցչի ներկայությունից:

26. Սույն կարգի 22-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում` լիցենզավորող մարմինն ընդունում է համապատասխան որոշում, որի պատճենը 3 օրվա ընթացքում ուղարկվում է (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) կազմակերպչին կամ առձեռն հանձնվում նրա ներկայացուցչին: Լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշումն ուժի մեջ է մտնում լիցենզավորված անձին պատշաճ կերպով հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից, եթե որոշմամբ ավելի ուշ ժամկետ չի նախատեսված, իսկ սույն կարգի 22-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքում` լուծարման օրվանից:

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2002 թվականի հունիսի 22-ի

N 844 որոշման

 

(Հայաստանի Հանրապետության զինանշանը)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

ԼԻՑԵՆԶԻԱ N 00000

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ (ԲՐՈՔԵՐԱՅԻՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

____________________________________________________________________

(լիցենզիա ստացած անձի անվանումը և գտնվելու վայրը (բնակության վայրը)

____________________________________________________________________

 

Տրված է ________________ ____________________ ____________________

 

Գործողության ժամկետը _______________________________________________

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ _______________________________

(ստորագրությունը)

 

_______________________________

                                               (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.05.2009
N 542-Ն
Որոշում