Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 78-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության            Քաղաքացիական գործ թիվ 3-118 (ՎԴ)

    քաղաքացիական գործերով                                        2007 թ.

վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 06-3240

Նախագահող դատավոր` Վ. Ավանեսյան

դատավորներ` Կ. Հակոբյան

Դ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2007 թվականի մարտի 2-ին

դռնբաց դատական նիստում, քննելով հայցվոր Սասուն Խաչատրյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 06-3240 վճռի դեմ` ըստ Սասուն Խաչատրյանի հայցի ընդդեմ Արմեն Մարգարյանի և Երևանի քաղաքապետարանի` հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիրը մասնակի անվավեր ճանաչելու և որոշակի պայմանով այն կնքելու իրավունք վերապահելու պահանջների վերաբերյալ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Սասուն Խաչատրյանը պահանջել է Երևանի քաղաքապետարանի և Արմեն Մարգարյանի միջև 2003 թվականի նոյեմբերի 18-ին կնքված հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագիրը մասնակիորեն ճանաչել անվավեր, ինչպես նաև հայցվորին իրավունք վերապահել 39,37 քմ հողամասի 1/2 մասի վերաբերյալ նույն եղանակով ու գումարով առուվաճառքի պայմանագիր կնքել Երևանի քաղաքապետարանի հետ:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի հուլիսի 26-ի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 29-ի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել հայցվոր Սասուն Խաչատրյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում դատական նիստը նշանակված է եղել 2006 թվականի սեպտեմբերի 29-ին` ժամը 11.20-ին, սակայն այն առանց նախագահողի կողմից նախազգուշացման և հայցվորին տեղյակ պահելու սկսվել է նույն օրը` ժամը 16:15-ին, որի պատճառով հայցվորը հնարավորություն չի ունեցել վերաքննիչ դատարանին ներկայացնելու անհրաժեշտ ապացույցներ:

2) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճռի հիմքում են դրվել կեղծ ապացույցներ այն մասին, որ վիճելի հողատարածքը ավելի քան 20 տարի օգտագործվել է Արմեն Մարգարյանի կողմից, իսկ իր կողմից ներկայացված առարկություններին ուշադրություն չի դարձվել: Նշված հողատարածքը հանդիսանում է ավտոմեքենայի միակ հնարավոր ճանապարհը, որն իր տան տարածքը կապում է ավտոմոբիլային ընդհանուր ճանապարհին: Բացի այդ, ինքը վիճելի հողատարածքում իր միջոցներով կառուցել է կոյուղի: Վիճելի հողատարածքը ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս չի օգտագործվում:

3) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն` սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքները և օրինական շահերը: Մինչդեռ Երևանի քաղաքապետարանի 2003 թվականի հոկտեմբերի 23-ի` Երևան քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 12/6 հասցեում Արմեն Մարգարյանին վարձակալությամբ տրամադրված հողատարածքն օտարելու մասին որոշումը կայացվել է վերը նշված հոդվածի խախտումով: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 29-ի վճռով խախտվել է հայցվորի` սեփականություն ձեռք բերելու սահմանադրական իրավունքը և օրինական շահերը:

4) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի, 58-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի և 60-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի պահանջները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Քաղաքացիները և իրավաբանական անձինք ունեն օգտագործման իրավունքի ձեռքբերման վաղեմության իրավունք, եթե հողամասերը համապատասխանում են հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին: Իսկ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներից մեկն այն է, որ հողօգտագործումը չպետք է խոչընդոտի այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը:

Բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 29-ի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 04.09.2006 թվականին Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ և գործի քննությունը նշանակել է 2006 թվականի սեպտեմբերի 20-ին:

2) 20.09.2006 թվականի դատական նիստին Վերաքննիչ դատարանը գործի քննությունը հետաձգել է և նշանակել 2006 թվականի սեպտեմբերի 29-ին` ժամը 11:30-ին:

3) 29.09.2006 թվականի ժամը 11:30-ին նշանակված դատական նիստը սկսվել է նույն օրը ժամը 16:01-ին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջների չպահպանման հետևանքով անձանց իրավունքների խախտման հարցերին (տե՛ս, օրինակ` Շենգավիթի թաղապետարան ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոներ, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյաններ, քաղ. գործ թիվ 3-2236/Ա 21.12.2006 թվական (բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջով)):

Սակայն կարևորելով սույն բողոքի հիմքում ընկած հարցադրումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ նշված հարցին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` այդ մասին նրանց տեղեկացնելու պարտականությունը ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով պաշտպանվող` մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ, քանի որ նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով դատական նիստի օրվա, ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց իրազեկումը դատարանի պարտականությունն է, որի չպահպանումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է քաղաքացիական դատավարական օրենքի էական խախտում:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական նիստը նշանակված ժամից ուշացումով սկսելը հանդիսանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` ծանուցման պահանջի չպահպանում, ինչը հանգեցնում է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` յուրաքանչյուրի` արդար դատաքննության իրավունքի խախտման: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը: Տվյալ դեպքում 2006 թվականի սեպտեմբերի 20-ի դատական նիստի ձայնային արձանագրությունից ակնհայտ է, որ գործի քննությունը հետաձգվել և հաջորդ դատական նիստը նշանակվել է 2006 թվականի սեպտեմբերի 29-ին` ժամը 11:30-ին: Դատական նիստի արձանագրության համակարգչային արձանագրման կրիչի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2006 թվականի սեպտեմբերի 29-ի ժամը 11:30-ին նշանակված դատական նիստը սկսվել է նույն օրը` ժամը 16:01-ին, ինչի արդյունքում Վերաքննիչ դատարանը փաստորեն զրկել է հայցվոր կողմին դատարանում իր իրավունքները պաշտպանելու իրական հնարավորությունից:

Դատարանում յուրաքանչյուր կողմ պետք է ունենա ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործը այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի նվազ բարենպաստ վիճակում: Մրցակցային դատաքննության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ հավելյալ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն, ինչից տվյալ դեպքում վերաքննիչ դատարանում զրկված է եղել հայցվորը:

Նյութական և դատավարական իրավունքի մյուս նորմերի խախտման, չկիրառման մասին վճռաբեկ բողոք բերած անձի պատճառաբանությունները չեն կարող Վճռաբեկ դատարանի կողմից դատական ակտի վերանայման հիմք հանդիսանալ այն պայմաններում, երբ կողմի դատավարական իրավունքների սահմանափակման արդյունքում կողմի փաստարկները դատավարության ընթացքում քննության առարկա չեն դարձել:

Նշված պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը բողոքի մյուս հիմքերին չի անդրադառնում:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը գտնում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Սասուն Խաչատրյանի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 06-3240 վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.03.2007
N 3-118(ՎԴ)
Որոշում