Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

17.12.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.11.1994  -ից մինչեւ   17.12.2005  -ը:
 

(Սույն  օրենսգիրքն ուժը կորցրել է  17.12.2005 թվականից` 24.10.05 ՀՕ-211-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ
ՕՐԵՆՍԳԻՐՔ

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «08» հունիսի 1994թ. Հ.Ն-1076-I
Օրինագիծը ՀՀ նախագահի առաջարկություններով
ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «11» հոկտեմբերի 1994թ. Հ.Ն-1111-I

 

Անտառն աշխարհագրական լանդշաֆտի տարրերից մեկն է, ծառերի, բուսական այլ կենսաձևերի, հողի, կենդանիների, մանրէների ու բնական միջավայրի բաղկացուցիչ մասերի փոխադարձորեն կապված և փոխազդող ամբողջությունը:

Անտառային օրենսգիրքը կոչված է նպաստելու անտառների գիտականորեն հիմնավորված պահպանությանը, պաշտպանությանը, վերարտադրությանը և արդյունավետ օգտագործմանը` ելնելով անտառների էկոլոգիական, սոցիալական և տնտեսական նշանակությունից:

 

ԳԼՈՒԽ I
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության անտառային օրենսդրության խնդիրները

 

Հայաստանի Հանրապետության անտառային օրենսդրության խնդիրներն են` անտառի ջրապահպան, հողապաշտպան, կլիմայակարգավորիչ, սանիտարահիգիենիկ, առողջարարական և այլ օգտակար բնական հատկությունների պահպանումը, վերարտադրությունն ու արտադրողականության բարձրացումը, բազմակողմանի և արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում ձեռնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ու օրինականության ամրապնդումը:

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության անտառային օրենսդրությունը

 

Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում ծագող հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով:

 

i
Հոդված 3. Հայաստանի Հանրապետությունում անտառների պետական սեփականությունը

 

Հայաստանի Հանրապետությունում անտառը պետության բացառիկ սեփականությունն է և տրվում է միայն օգտագործման իրավունքով:

 

i
Հոդված 4. Հայաստանի Հանրապետության անտառային ֆոնդը

 

Հայաստանի Հանրապետությունում բոլոր անտառները և անտառային տնտեսության կարիքների համար հատկացված հողերը կազմում են Հայաստանի Հանրապետության անտառային ֆոնդը:

 

ԳԼՈՒԽ II
ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

i
Հոդված 5. Անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում պետական կառավարումը

 

Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում պետական կառավարումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, պետական իշխանության տեղական մարմինները և Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինները:

 

i
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունն անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում

 

Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությանը ենթակա են`

- անտառային տնտեսության վարման հիմնական ուղղությունների սահմանումը.

- անտառային տնտեսության պետական կառավարման մարմինների կազմակերպման ու գործունեության կարգի սահմանումը.

- անտառներն ըստ նշանակության դասակարգելը, դրանք մեկ խմբից մյուսը փոխադրելը.

- անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում այլ բնապահպան միջոցառումների հետ համատեղ ծրագրերի մշակումը և դրանց կատարման կազմակերպումը.

- անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման կարգի սահմանումը.

- հատման գծով բնափայտի մթերման տարեկան նորմայի (հաշվարկային հատատեղի) հաստատումը.

- անտառօգտագործման (անտառային ֆոնդի օգտագործման) վճարների սահմանումը.

- անտառային տնտեսության վարման գիտահետազոտական, նախագծային-կոնստրուկտորական աշխատանքների կազմակերպումը և կոորդինացումը.

- անտառաշինության, պետական անտառային կադաստրի վարման, անտառային ֆոնդի պետական հաշվառման և անտառային մոնիտորինգի կազմակերպումը.

- անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման հարցերով միջազգային համագործակցության իրականացումը:

 

i
Հոդված 7. Հայաստանի Հանրապետության պետական իշխանության տեղական մարմինների իրավասությունն անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում

 

Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական իշխանության տեղական մարմինների իրավասությանը ենթակա են`

- անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինների հետ համատեղ անտառային ֆոնդի տեղամասերի հատկացումը ժամանակավոր օգտագործման.

- անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնագիտացված ծառայությունների, անտառօգտագործողների և բնակչության ներգրավումը.

- անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինների հետ համատեղ անտառօգտագործողների համար լրացուցիչ արտոնություններ սահմանելը.

- անտառային ֆոնդի տարածքում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված շինարարական ու պայթեցման աշխատանքները, օգտակար հանածոների արդյունահանման, կաբելների, խողովակաշարերի և այլ կոմունիկացիաների անցկացման, հորատման և այլ աշխատանքները վերահսկելը:

 

i
Հոդված 8. Անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինների իրավասությունը

 

Անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինների իրավասությանը ենթակա են`

- անտառային ֆոնդի պետական հաշվառումը.

- պետական իշխանության տեղական մարմինների հետ համաձայնեցված անտառային ֆոնդի տեղամասերի հատկացումը ժամանակավոր օգտագործման.

- անտառային ֆոնդի հողերի բերրիության բարձրացումն ու պահպանումը, դրանց նպատակային օգտագործման ապահովումը.

- անտառների վերարտադրությունը, դրանց արտադրողականության բարձրացումն ու խնամքը, անտառային պաշարների արդյունավետ օգտագործման կազմակերպումը.

- անտառային ֆոնդի տարածքների հրդեհային անվտանգության միջոցառումների իրականացումը, անտառային հրդեհների հայտնաբերումն ու կանխումը, վնասատուների և հիվանդությունների դեմ ժամանակին պայքարի կազմակերպումը.

- անտառօգտագործման կանոնների խախտման, անտառային ֆոնդի տարածքում անտառի օգտագործման հետ չկապված աշխատանքների, ապօրինի հատումների, ծառերի, թփերի, երիտասարդ տնկարկների և անտառամշակույթների վնասման ու ոչնչացման, քիմիական, ռադիոակտիվ նյութերով, կեղտաջրերով, կոմունալ-կենցաղային թափոններով անտառների աղտոտման և անտառային օրենսդրության այլ խախտումների ժամանակին հայտնաբերումն ու կանխարգելումը.

- պետական իշխանության տեղական մարմինների որոշումների համաձայն անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնագիտացված ծառայությունների, անտառօգտագործողների և բնակչության ներգրավումը:

 

ԳԼՈՒԽ III
ԱՆՏԱՌՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

Հոդված 9. Հայաստանի Հանրապետությունում անտառների դասակարգումը

 

Հայաստանի Հանրապետությունում անտառներն ըստ իրենց նպատակային նշանակության դասակարգվում են հետևյալ խմբերի`

- պաշտպանական նշանակության անտառներ,

- սոցիալական նշանակության անտառներ,

- հատուկ նշանակության անտառներ:

Պաշտպանական նշանակության անտառներն են`

ա) ջրապահպան (գետերի, լճերի, ջրամբարների առափնյա անտառները` ներառյալ ձկների ձվադրատեղերը պաշտպանող անտառները).

բ) հակաէրոզիոն (հողապաշտպան անտառազանգվածները):

Սոցիալական նշանակության անտառներն են` սանիտարահիգիենիկ (ջրամատակարարման աղբյուրների, սանիտարական պահպանության գոտիների անտառները), առողջարարական, ռեկրեացիոն նշանակության անտառները:

Հատուկ նշանակության անտառներն են` բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգում ընդգրկված անտառները:

 

ԳԼՈՒԽ IV
ՀԱՏՄԱՆ ՏԱՐԻՔԸ, ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՏԱՏԵՂ

 

i
Հոդված 10. Հատման տարիքը

 

Հատման տարիքը որոշվում է ելնելով անտառների հիմնական նպատակային նշանակությունից, էկոլոգիական, տնտեսական խնդիրներից, հատատեղերի արտադրողականությունից, աճող ծառատեսակների կենսաբանական առանձնահատկություններից, ինչպես նաև հատամասերում անտառի վերականգնման ժամկետներից:

Հատման տարիքը հիմնավորվում է հատուկ գիտական հետազոտությունների միջոցով և հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

Հոդված 11. Հաշվարկային հատատեղ

 

Հատման գծով բնափայտի մթերման տարեկան նորման (հաշվարկային հատատեղը) երկարատև ժամանակաշրջանի համար հաշվարկվում է անտառաշինության ժամանակ անտառային տնտեսություն վարող յուրաքանչյուր ձեռնարկության ու կազմակերպության համար առանձին` ելնելով անսպառ և անընդհատ անտառօգտագործման սկզբունքներից:

Հաշվարկային հատատեղը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հատկապես լիազորված մարմնի կողմից և գործում է անտառաշինության աշխատանքների ավարտից հետո, հաջորդ տարվա հունվարի 1-ից:

Անտառային ֆոնդում տեղի ունեցող փոփոխությունների դեպքում (սահմանների, հատման տարիքի) հաշվարկային հատատեղում կարող են կատարվել ուղղումներ:

 

ԳԼՈՒԽ V
ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ՈՉ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

Հոդված 12. Անտառային տարածքները ոչ անտառայինի փոխադրելու կարգը

 

Անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված նպատակներով անտառային տարածքները ոչ անտառայինի փոխադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 13. Անտառային օգտագործումների իրականացման և անտառային տնտեսության վարման հետ կապված անտառային տարածքները ոչ անտառայինի փոխադրելը

 

Անտառային տնտեսություն վարող ձեռնարկություններն ու կազմակերպությունները կարող են անտառներում և անտառային տնտեսության կարիքների համար հատկացված հողերում կառուցել անտառային տնտեսության վարման հետ կապված արտադրական և դրանց օժանդակ օբյեկտներ` անհրաժեշտության դեպքում անտառային տարածքները փոխադրելով ոչ անտառայինի:

 

ԳԼՈՒԽ VI
ԱՆՏԱՌՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ, ՆԱԽԱԳԾՈՒՄԸ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ

 

i
Հոդված 14. Անտառների վիճակի և վերարտադրության վրա ազդող օբյեկտների տեղաբաշխման, նախագծման, շինարարության ու գործարկման պայմանները և շինարարության տեղի ու նախագծերի համաձայնեցումը

 

Անտառների վիճակի և վերարտադրության վրա ազդող նոր և վերակառուցվող ձեռնարկությունների, կառուցվածքների և այլ օբյեկտների տեղաբաշխման, նախագծման, շինարարության և գործարկման ժամանակ, ինչպես նաև նոր տեխնոլոգիական պրոցեսներ արմատավորելիս պետք է նախատեսվեն և իրագործվեն այնպիսի միջոցառումներ, որոնք ապահովեն անտառների պահպանումը կեղտաջրերի, քիմիական նյութերի, արդյունաբերական արտանետումների, մնացորդների և կոմունալ-կենցաղային թափոնների բացասական ներգործությունից:

Անտառների վիճակի և վերարտադրության վրա ազդող ձեռնարկությունների, կառուցվածքների և այլ օբյեկտների շինարարության տեղը և նախագծերը որոշվում են պետական էկոլոգիական փորձաքննության հիման վրա և համաձայնեցվում Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական իշխանության տեղական մարմինների, Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինների և այլ շահագրգիռ մարմինների հետ:

 

Հոդված 15. Անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքներ կատարելու կարգը

 

Անտառային ֆոնդի տարածքում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված շինարարական ու պայթեցման աշխատանքները, օգտակար հանածոների արդյունահանումը, կաբելների, խողովակաշարերի և այլ կոմունիկացիաների անցկացումը, հորատման և այլ աշխատանքները կատարվում են պետական իշխանության տեղական մարմինների, Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինների կողմից տրված թույլտվության հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

i

ԳԼՈՒԽ VII
ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

 

Հոդված 16. Անտառօգտագործման տեսակները

 

Անտառներում կարող են իրականացվել անտառօգտագործման (անտառային ֆոնդի օգտագործման) հետևյալ տեսակները`

- բնափայտի մթերում.

- երկրորդական անտառանյութի (կոճղերի) մթերում.

- կողմնակի անտառօգտագործում (խոտհունձ, անասունների արածեցում, փեթակների և մեղվանոցների տեղադրում, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի և տեխնիկական հումքի հավաքում և մթերում).

- անտառից օգտվելը որսորդական տնտեսության կարիքների համար.

- անտառից օգտվելը գիտահետազոտական նպատակներով.

- անտառից օգտվելը մշակութային-առողջարարական նպատակներով:

 

Հոդված 17. Անտառօգտագործումն իրականացնելու ժամկետները

 

Անտառային ֆոնդի տարածքները սահմանված կարգով ժամանակավոր օգտագործման են հատկացվում կարճատև` մինչև հինգ տարի և երկարատև` հինգից մինչև տասը տարի ժամկետով:

 

Հոդված 18. Անտառօգտագործողները

 

Հայաստանի Հանրապետությունում անտառօգտագործողներ կարող են լինել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունները, կազմակերպությունները և քաղաքացիները:

 

Հոդված 19. Անտառային ֆոնդի տարածքները օգտագործման հատկացնելու կարգը

 

Անտառային ֆոնդի տարածքները հատկացվում են օգտագործման հատուկ փաստաթղթերի` անտառօգտագործման պայմանագրի, անտառահատման տոմսի կամ օրդերի, անտառային տոմսի հիման վրա:

Անտառահատման տոմսը կամ օրդերը և անտառային տոմսն անտառօգտագործողին տալիս են անտառային պաշարների կամ անտառային ֆոնդի տեղամասերի միանվագ օգտագործման իրավունք:

Անտառային ֆոնդից հատկացվող յուրաքանչյուր տեղամասի և անտառօգտագործման տեսակի համար անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերի ձևակերպման և հատկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինը:

 

i
Հոդված 20. Անտառներում քաղաքացիների գտնվելու իրավունքը

 

Քաղաքացիներն իրավունք ունեն գտնվել անտառներում իրենց հանգստի, անձնական օգտագործման նպատակով վայրի պտուղ, հատապտուղ, ընկույզ, սունկ և այլ սննդամթերք հավաքելու համար:

Քաղաքացիները պարտավոր են անտառներում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, թույլ չտալ ծառերի և թփերի կոտրատում և հատումներ, անտառային մշակույթների վնասում, անտառների աղտոտում, մրջնանոցների, թռչունների բնատեղերի ոչնչացում և անտառային օրենսդրության այլ խախտումներ:

Անտառներում քաղաքացիների գտնվելը, վայրի պտուղ, հատապտուղ, ընկույզ հավաքելը կարող է սահմանափակվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ելնելով հրդեհային անվտանգության ապահովման և անտառապտղատու, անտառասերմնային, ընկուզապտղային տնտեսությունների վարման շահերից:

Բնության հատուկ պահպանվող տարածքների անտառներում քաղաքացիների գտնվելը կարող է սահմանափակվել կամ արգելվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 21. Անտառօգտագործման պայմանագիրը

 

Անտառօգտագործման պայմանագիրը պետք է ընդգրկի`

- անտառային ֆոնդի օգտագործման հատկացվող հատվածի սահմանների նկարագրությունը.

- անտառօգտագործման տեսակը, ծավալները և կարգը.

- անտառօգտագործողի պարտականություններն անտառային պաշարների պահպանության, պաշտպանության և վերարտադրության ապահովման նպատակով.

- անտառտնտեսական միջոցառումների ֆինանսավորման պայմաններն ու կարգը.

- անտառօգտագործման վճարների չափը և դրանց մուծման ժամկետները.

- անտառային ֆոնդի հատվածի բնութագիրը և նրա վիճակին ներկայացվող պահանջները օգտագործման ժամկետի ավարտման պահին.

- մատակարարումների ծավալները պետական կարիքների համար:

Պայմանագիրը կարող է լրացուցիչ ընդգրկել անտառային ֆոնդի օգտագործման այլ պայմաններ, որոնք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

Պայմանագիրը կնքվում է անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունների, կազմակերպությունների և անտառօգտագործողների միջև:

 

Հոդված 22. Անտառահատման տոմսը (օրդերը) և անտառային տոմսը

 

Անտառահատման տոմսն այն փաստաթուղթն է, որն անտառօգտագործողին տալիս է բնափայտի և երկրորդական անտառանյութի մթերման ու դուրսբերման իրավունք: Անտառահատման տոմսը նախատեսում է բաց թողնվող բնափայտի և երկրորդական անտառանյութի քանակական և որակական բնութագրումը, դրա արժեքը, աշխատանքների կատարման ժամկետները, անտառավերականգնման և հատատեղերի մաքրման աշխատանքների պայմանները:

Անտառահատման տոմսը տրվում է անտառային տնտեսություն վարող ձեռնարկության կամ կազմակերպության կողմից:

Արմատի վրա բնափայտի մանր բացթողման օրդերն այն փաստաթուղթն է, որն անտառօգտագործողին բնափայտի ու կողմնակի անտառօգտագործման և դուրսբերման իրավունք է տալիս: Այն համապատասխան անտառահատման տոմսի հիման վրա տրվում է անտառապետության կողմից:

Անտառային տոմսը կողմնակի անտառօգտագործման իրավունք է տալիս: Այն նախատեսում է անտառօգտագործման չափերը, ժամկետները, արժեքը և պայմանները:

Անտառային տոմսը տրվում է անտառային տնտեսություն վարող ձեռնարկության կամ կազմակերպության կողմից:

 

ԳԼՈՒԽ VIII
ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 23. Անտառօգտագործողների իրավունքները

 

Անտառօգտագործողներն իրավունք ունեն`

- իրականացնել միայն այն անտառօգտագործումները և միայն այն ծավալներով, որպիսիք նշված են անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերում.

- ինքնուրույն ընտրել անտառօգտագործման իրականացման տնտեսական գործունեության ձևերը.

- սահմանված կարգով բացել անտառտնտեսական նշանակության ճանապարհներ, սարքավորել անտառային արտադրանքի պահեստավորման համար հարթակներ, կառուցել ժամանակավոր արտադրական և տնտեսական կառուցվածքներ, կազմակերպել ավտոտրանսպորտի կանգառման տեղեր` դրանց տեղաբաշխվածությունը համաձայնեցնելով անտառային տնտեսության մարմինների հետ:

 

Հոդված 24. Անտառօգտագործողների պարտականությունները

 

Անտառօգտագործողները պարտավոր են`

- աշխատանքները կատարելու ընթացքում թույլ չտալ հողատարման առաջացում, բացառել կամ սահմանափակել անտառօգտագործման բացասական ազդեցությունը անտառների վիճակի և վերարտադրության, ինչպես նաև ջրամբարների և այլ բնական օբյեկտների վրա.

- թույլ չտալ թերհատումներ և գերհատումներ, մթերված բնափայտը չթողնել հատատեղերում և անտառներում.

- ապահովել հրդեհային անվտանգության կանոնների պահանջների կատարումը և աշխատանքների կատարման վայրերում իրականացնել հակահրդեհային միջոցառումներ, անտառային հրդեհների առաջացման դեպքում մարել դրանք.

- հատատեղերը մաքրել հատման մնացորդներից, անտառօգտագործման հետևանքով անտառային ֆոնդի խախտված հատվածները բերել օգտագործման համար պիտանի վիճակի.

- լիարժեք և արդյունավետ օգտագործել հատատեղերը և անտառահանդակները.

- ժամանակին և լրիվ մուծել անտառօգտագործման վճարը:

 

Հոդված 25. Անտառային ֆոնդի օգտագործման իրավունքի դադարման կամ սահմանափակման հիմքերը

 

Անտառային ֆոնդի օգտագործման իրավունքը դադարում է, երբ`

- լրացել է անտառօգտագործման ժամկետը.

- անտառօգտագործողը հրաժարվում է անտառային ֆոնդից օգտվելու իրավունքից.

- առաջանում են անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերով նախատեսված այն պայմանները, որոնց առկայության դեպքում անտառօգտագործման հետագա իրականացումն անհնար է դառնում:

Անտառային ֆոնդի օգտագործման իրավունքը ժամկետից շուտ կարող են դադարեցնել Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինը կամ նրա տեղական մարմինները, երբ`

- անտառօգտագործման գոտում բնակվող մարդկանց կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ է սպառնում.

- անտառօգտագործողների կողմից երկու անգամից ավելի խախտվում են անտառօգտագործման սահմանված կանոնները.

- առաջանում են արտակարգ իրավիճակներ (տարերային աղետներ, պատերազմական գործողություններ և այլն).

- անտառօգտագործողը սահմանված ժամկետներում ձեռնամուխ չի եղել անտառային ֆոնդի օգտագործմանը` նախատեսված ծավալների սահմաններում.

- անտառօգտագործող ձեռնարկությունը կամ կազմակերպությունը լուծարվել է.

- անտառօգտագործողը պարբերաբար չի մուծել անտառօգտագործման վճարը:

Անտառօգտագործման իրավունքի դադարման դեպքում անտառօգտագործման պայմանագիրը, անտառահատման տոմսը (օրդերը), անտառային տոմսն անվավեր են համարվում:

Անտառօգտագործման իրավունքը սահմանափակվում է Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմնի կամ նրա տեղական մարմինների կողմից, երբ խախտվում են անտառօգտագործման պայմանագրի կետերը:

 

Հոդված 26. Անտառային ֆոնդի օգտագործման հայտի մերժումը

 

Անտառային ֆոնդի օգտագործման հայտը մերժվում է այն դեպքերում, երբ`

- դիմողը կանխամտածված իր մասին ոչ ճիշտ տեղեկություններ է ներկայացրել.

- դիմողը չունի անտառօգտագործման համար անհրաժեշտ ֆինանսական, տեխնիկական հնարավորություններ.

- անտառային ֆոնդի տվյալ հատվածում արդեն կատարվում է անտառօգտագործում:

 

i
Հոդված 27. Անտառօգտագործողների իրավունքների երաշխիքները

 

Անտառօգտագործողների գործունեությանը միջամտելն արգելվում է (բացառությամբ անտառային և բնապահպան այլ օրենսդրության խախտման դեպքերի):

Անտառօգտագործողների խախտված իրավունքները ենթակա են վերականգնման: Անտառօգտագործողներին պատճառված վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ IX
ԲՆԱՓԱՅՏԻ ՄԹԵՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԲՆԱՓԱՅՏԻ ՄԹԵՐՄԱՆ ՉԱՓԸ ՈՐՈՇԵԼԸ

 

Հոդված 28. Անտառահատումների տեսակները և եղանակները

 

Անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է անտառավերականգնման հատումների եղանակով, որոնք կատարվում են հասունացած և գերհասուն անտառամասերում:

Բնափայտը մթերվում է նաև միջանկյալ օգտագործման հատումներ կատարելիս (անտառի խնամք և սանիտարական հատումներ, ինչպես նաև այլ հատումներ կատարելիս, անտառային տարածությունների մաքրումը` կապված հիդրոհանգույցների, խողովակաշարերի, ճանապարհների շինարարության հետ անտառուղիներ գցելիս, հակահրդեհային շերտեր ստեղծելիս և այլն):

 

Հոդված 29. Միջանկյալ օգտագործման և այլ հատումներ կատարելիս բնափայտի մթերման չափը որոշելը

 

Միջանկյալ օգտագործման հատումներ կատարելիս բնափայտի մթերման չափը որոշվում է անտառաշինության նյութերի հիման վրա, ելնելով անտառների տեսակակազմի և որակի բարելավման անհրաժեշտությունից, իսկ այլ հատումներ կատարելիս` անտառային տարածությունների մաքրման, անտառուղիներ գցելու և այլ աշխատանքների ծավալներից:

 

ԳԼՈՒԽ X
ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՆՅՈՒԹԻ ՄԹԵՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 30. Երկրորդական անտառանյութի մթերմանը ներկայացվող ընդհանուր պահանջները

 

Արդյունաբերական վերամշակման, անտառային արտադրությունների զարգացման և բնակչության կարիքների բավարարման համար երկրորդական անտառանյութի մթերումը պետք է իրականացվի առանց անտառին վնաս պատճառելու:

Երկրորդական անտառանյութի մթերման կարգը սահմանվում է սույն օրենսգրքի 31 հոդվածով:

 

Հոդված 31. Կոճղերի մթերումը

 

Կոճղերի մթերումը թույլատրվում է ամբողջ տարվա ընթացքում` չվերականգնված հատատեղերում և երիտասարդ տնկարկներում: Կոճղերի մթերման եղանակները և այն տնկարկների տարիքը, որտեղ թույլատրվում է կոճղերի մթերում, սահմանում է Հայաստանի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինը` իր իրավասության սահմաններում:

Կոճղերի մթերումն արգելվում է այն անտառամասերում, որտեղ այն կարող է հողատարման երևույթներ առաջացնել կամ տնկարկներին վնաս պատճառել:

 

ԳԼՈՒԽ XI
ԿՈՂՄՆԱԿԻ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 32. Կողմնակի անտառօգտագործումն իրականացնելու ընդհանուր պայմանները

 

Խոտհունձը, անասունների արածեցումը, փեթակների և մեղվանոցների տեղադրումը, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի և տեխնիկական հումքի հավաքումն ու մթերումը, ինչպես նաև այլ կողմնակի անտառօգտագործումները պետք է իրականացվեն առանց անտառին վնաս պատճառելու:

Կողմնակի անտառօգտագործման համար հատկացված տարածություններում արգելվում է դրանց մաքրումը, ծառերի հատումը, հողը վարելը, կապիտալ շինությունների կառուցումը:

Արգելվում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում ընդգրկված հազվադեպ և ոչնչացող բույսեր հավաքելը:

Կողմնակի անտառօգտագործման կարգը և պայմանները սահմանվում են սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության կողմնակի անտառօգտագործման կանոնադրությամբ:

 

i
Հոդված 33. Խոտհունձը և անասունների արածեցումը

 

Անտառներում և անտառային տնտեսության կարիքների համար հատկացված հողերում խոտհունձը և անասունների արածեցումն արգելվում է այն հատվածներում, որտեղ դա կարող է վնաս պատճառել անտառին:

Այն տարածությունները, որտեղ թույլատրվում է խոտհունձ և անասունների արածեցում, որոշվում են անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունների կամ կազմակերպությունների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

i
Հոդված 34. Անտառային ֆոնդի խոտհարքներն ու արոտավայրերն օգտագործման հատկացնելը

 

Անտառային տնտեսության կարիքների համար չօգտագործվող խոտհարքները և արոտավայրերը վճարովի, ժամանակավոր օգտագործման կարող են հատկացվել ձեռնարկություններին, կազմակերպություններին և քաղաքացիներին, եթե այդ օգտագործումը չի հակասում անտառային տնտեսության շահերին: Խոտհարքները և արոտավայրերը օգտագործման են հատկացվում` պահպանելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրության պահանջները:

 

ԳԼՈՒԽ XII
ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՕԳՏՎԵԼԸ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ

 

Հոդված 35. Որսորդական տնտեսության կարիքների համար անտառային ֆոնդից օգտվելու կարգը

 

Որսորդական տնտեսության կարիքների համար անտառային ֆոնդից օգտվելու իրավունք ունեն մասնագիտացված որսորդական տնտեսությունները, հասարակական կազմակերպությունները և քաղաքացիները:

Անտառային ֆոնդի տարածքներում անտառօգտագործումը և անտառտնտեսական միջոցառումները պետք է իրականացվեն` հաշվի առնելով վայրի կենդանիների ապրելու համար բարենպաստ պայմանների պահպանման անհրաժեշտությունը:

Անտառներում կենդանիների թիվը կարգավորվում է անտառահանդակների համար թույլատրելի խտության սահմաններում այն հաշվով, որ կենդանիները վնաս չպատճառեն անտառային տնտեսությանը:

Որսորդական տնտեսության կարիքների համար անտառային ֆոնդից օգտվելու կարգը և պայմանները սահմանվում են որսորդական տնտեսության կարիքների համար անտառից օգտվելու կանոնադրությամբ, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

Հոդված 36. Գիտահետազոտական նպատակներով անտառային ֆոնդից օգտվելու կարգը

 

Անտառային ֆոնդում գիտահետազոտական աշխատանքներ կատարելու համար համապատասխան ձեռնարկություններին և կազմակերպություններին հատկացվում է հատուկ անտառային տարածք: Հատկացված անտառատարածքներում կարող է սահմանափակվել կամ լրիվ արգելվել անտառօգտագործումը այլ ձեռնարկությունների, կազմակերպությունների կողմից, եթե դա անհամատեղելի է գիտահետազոտական աշխատանքների նպատակների հետ:

Գիտահետազոտական նպատակներով անտառից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինը:

 

Հոդված 37. Մշակութային-առողջարարական նպատակներով անտառից օգտվելու կարգը

 

Բնակչության հանգիստը կազմակերպելու նպատակով պետական իշխանության տեղական մարմինները, Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինները, ինչպես նաև դրանց հետ համաձայնեցնելով` այլ ձեռնարկությունները, կազմակերպությունները և քաղաքացիները, անտառների կանաչ գոտիներում և բնակչության հանգստի համար օգտագործվող այլ տարածքներում իրականացնում են անտառային տարածքների բարեկարգման և բնակչության սպասարկման միջոցառումներ, հաշվի առնելով անտառային միջավայրի և բնական լանդշաֆտի պահպանման անհրաժեշտությունը, ինչպես նաև պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները և սանիտարական պահանջները:

Մշակութային-առողջարարական նպատակներով անտառից օգտվելու կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինը:

 

ԳԼՈՒԽ XIII
ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ, ՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ, ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ

 

i
Հոդված 38. Անտառօգտագործման առանձնահատկությունները բնության հատուկ պահպանվող տարածքներում

 

Բնության հատուկ պահպանվող տարածքների անտառներում անտառօգտագործման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքով և դրա հիման վրա ընդունված Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով:

 

Հոդված 39. Անտառօգտագործման առանձնահատկությունները քաղաքային անտառներում

 

Քաղաքային անտառներն առաջնահերթ օգտագործվում են մշակութային-առողջարարական նպատակներով և բնակչության հանգստի համար:

Քաղաքային անտառներում արգելվում է անտառվերականգնման հատումների իրականացման կարգով բնափայտի մթերումը, երկրորդական անտառանյութի, ինչպես նաև կողմնակի անտառօգտագործման արտադրանքի արդյունագործական մթերումը և անասունների արածեցումը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ քաղաքային անտառներում կարող են արգելվել նաև անտառօգտագործման այլ տեսակներ, եթե դրանք անհամատեղելի են մշակութային-առողջարարական միջոցառումների իրականացման և բնակչության հանգստի կազմակերպման հետ:

 

i
Հոդված 40. Անտառօգտագործման առանձնահատկությունները սահմանային գոտում

 

Սահմանային գոտում անտառօգտագործման առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինը` սահմանապահ զորքերի հրամանատարության հետ համատեղ:

 

ԳԼՈՒԽ XIV
ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ: ԱՆՏԱՌԱՊԱՏՈՒՄ

 

Հոդված 41. Անտառների արտադրողականության բարձրացման միջոցառումներ

 

Անտառների արտադրողականությունը բարձրացնելու և որակը բարելավելու նպատակով իրականացվում են անտառի խնամքի, սանիտարական և սակավարժեք ծառուտների վերականգնման հատումներ, կատարվում են անտառների վերարտադրության, տեսակային և տարիքային կազմի բարելավման, արդյունավետ օգտագործման, անտառասերմնային բազաների ստեղծման, հիդրոմելիորատիվ և այլ անտառապատման միջոցառումները:

 

Հոդված 42. Անտառավերականգնման և անտառապատման կարգը

 

Անտառային ֆոնդի տարածքների էկոլոգիական վիճակի բարելավման, անտառապատվածության ապահովման և արդյունավետ օգտագործման նպատակներով հատված, այրված և նախկինում անտառածածկ այլ տարածքներում կատարվում է անտառավերականգնում, իսկ անտառային տնտեսության կարիքների համար հատկացված հողերում, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության այլ հողերում` անտառապատում:

Անտառավերականգնման աշխատանքի ծավալների և եղանակների որոշումը, ինչպես նաև այդ աշխատանքների համար տնտեսապես արժեքավոր տեսակների ընտրությունը կատարում են անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունները և կազմակերպությունները` անտառաշինության փաստաթղթերի հիման վրա, հաշվի առնելով անտառային ֆոնդում տեղի ունեցող փոփոխությունները:

Անտառավերականգնումը, անտառատնկումը, անտառային սերմերի մթերումը և տնկանյութի աճեցումն իրականացնում են անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունները և կազմակերպությունները:

Անտառօգտագործողները պարտավոր են հատատեղերում կատարել անտառավերականգնման աշխատանքներ` Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինների հետ համաձայնեցված եղանակներով ու մեթոդներով և ժամանակին հանձնել իրենց հիմնադրած անտառամշակույթները:

 

Հոդված 43. Անտառօգտագործողների պարտականությունները հատատեղերում անտառավերականգնման համար բարենպաստ պայմաններ ապահովելու բնագավառում

 

Անտառօգտագործողները պարտավոր են կատարել անտառային պաշարների վերականգնման համար բարենպաստ պայմանների ապահովման պահանջները:

Այդ պահանջները պետք է հաշվի առնվեն նաև բնափայտի մթերման և տեղափոխման նոր տեխնիկա մշակելիս: Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինները կարող են ընդհատել անտառավերականգնման համար վտանգ ներկայացնող աշխատանքների կատարումը:

 

Հոդված 44. Անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունների և կազմակերպությունների պարտականությունները անտառների արտադրողականության բարձրացման ուղղությամբ

 

Անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունները և կազմակերպություններն անտառների որակական կազմի բարելավման, դրանց արդյունավետության բարձրացման նպատակով պարտավոր են`

- կատարել անտառի խնամքի, տնտեսապես առավել արժեքավոր տեսակների սելեկցիայի, անտառային սերմնաբուծության և տեսակափորձարկման աշխատանքները.

- միջոցառումներ ձեռնարկել հողի բերրիությունը բարձրացնելու, գերխոնավ հողերը չորացնելու, հողերի ջրային և հողմային հողատարման, ճահճակալման, աղակալման և հողերի վիճակը վատացնող այլ երևույթները կանխելու համար, ինչպես նաև իրականացնել այլ միջոցառումներ անտառների տեսակակազմը բարելավելու, արտադրողականությունն ու պաշտպանական հատկությունները բարձրացնելու ուղղությամբ.

- ապահովել հատկապես կաղնու, հաճարենու, սոճենու և այլ արժեքավոր ծառատեսակների ժամանակին վերարտադրությունը, դրանց արդյունավետության ու բնապահպան հատկությունների բարձրացումը.

- միջոցառումներ ձեռնարկել անտառավերականգնման և նոր անտառների ստեղծման նպատակով անտառային ֆոնդի հողերի լիակատար և արդյունավետ օգտագործման համար:

 

i

ԳԼՈՒԽ XV
ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

i
Հոդված 45. Անտառների պահպանության ու պաշտպանության նպատակները և խնդիրները

 

Անտառները ենթակա են պահպանման հրդեհներից, ապօրինի հատումներից և արածեցումից, անտառօգտագործման սահմանված կարգի խախտումներից և անտառին վնաս պատճառող այլ գործողություններից, ինչպես նաև ենթակա են պաշտպանության վնասատուներից և հիվանդություններից:

Անտառների պահպանությունը և պաշտպանությունն ընդգրկում է կազմակերպական, իրավական և այլ միջոցառումների համալիր և իրականացվում է` հաշվի առնելով անտառների տարածքային և կենսաբանական առանձնահատկությունները:

 

Հոդված 46. Անտառային պահպանության և պաշտպանության միջոցառումների իրականացման կարգը

 

Անտառների պահպանության ու պաշտպանության միջոցառումների իրականացումը դրվում է անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունների, կազմակերպությունների և պետական անտառային պահպանության ծառայության վրա:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և պետական իշխանության տեղական մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ապահովում են անտառների պահպանությունը և պաշտպանությունը, անտառային հրդեհների դեմ պայքարի միջոցառումների իրականացումը` դրանք մարելու համար ներգրավելով մասնագիտացված ծառայություններին, անտառօգտագործողներին և բնակչությանը: Առավել հրդեհավտանգ ժամանակաշրջանում արգելվում է բնակչության և տրանսպորտային միջոցների մուտքը անտառներ, ինչպես նաև որոշ անտառային տարածքներում բոլոր տեսակի աշխատանքները:

 

Հոդված 47. Պետական մարմինների հատուկ լիազորությունները անտառային հրդեհների, վնասատուների և անտառի հիվանդությունների դեմ պայքարի գործում

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և պետական իշխանության տեղական մարմինները անտառային հրդեհների առաջացումը կանխարգելելու, դրանց, ինչպես նաև վնասատուների և անտառի հիվանդությունների դեմ պայքարելու նպատակով`

- ամեն տարի, մինչև հրդեհավտանգ ժամանակաշրջանն սկսվելը, հաստատում են անտառային հրդեհների դեմ պայքարի գործնական առաջադրանքները.

- սահմանում են անտառային հրդեհները մարելու համար բնակչության, բանվոր-ծառայողների, հակահրդեհային տեխնիկայի, ձեռնարկությունների և կազմակերպությունների տրանսպորտային և այլ միջոցների օգտագործման կարգը.

- հրդեհները մարող անձանց ապահովում են փոխադրամիջոցներով, սննդով և բուժօգնությամբ.

- անտառներում հրդեհավտանգ ժամանակաշրջանի համար նախատեսվում են անտառահրշեջ կազմակերպությունների ստեղծումը և ապահովում են դրանց պարտականությունների կատարումը.

- աջակցում են հակահրդեհային ճանապարհների շինարարությանը և վերականգնմանը, անտառահրշեջ ծառայությունների ապահովմանը վառելիքաքսանյութերով, ինչպես նաև հրդեհավտանգ ժամանակաշրջանի համար Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմիններին ապահովում են անհրաժեշտ հերթապահ մեքենաներով և տրանսպորտային այլ միջոցներով ու վառելիքի պաշարով.

- կազմակերպում են հրդեհային անվտանգության կանոնների պահպանման լայն լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով.

- համաձայնեցնում են հրդեհների դեմ պայքարի բոլոր միջոցառումները, անհրաժեշտության դեպքում այդ նպատակի համար ստեղծելով հատուկ հանձնախմբեր.

- ապահովում են վնասատուների և անտառի հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացումը:

 

Հոդված 48. Այն ձեռնարկությունների և կազմակերպությունների պարտականությունները, որոնց գործունեությունն ազդում է անտառների վիճակի և վերարտադրության վրա

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան այն ձեռնարկությունները և կազմակերպությունները, որոնց գործունեությունն ազդում է անտառների վիճակի և վերարտադրության վրա, պարտավոր են պետական իշխանության տեղական մարմինների և Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինների հետ համաձայնեցված կիրառել տեխնոլոգիական, սանիտարական և այլ միջոցառումներ, որոնք ապահովում են անտառների պահպանությունը:

 

ԳԼՈՒԽ XVI
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

i
Հոդված 49. Հայաստանի Հանրապետության պետական անտառային պահպանության ծառայությունը

 

Հայաստանի Հանրապետության պետական անտառային պահպանության ծառայությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինների համակարգում` անտառների պահպանության և պաշտպանության միջոցառումներ իրականացնելու և անտառների վիճակի պահպանության, պաշտպանության և օգտագործման նկատմամբ հսկողություն ապահովելու նպատակով:

Պետական անտառային պահպանության ծառայությունը լիազորված է կանխելու և վերացնելու անտառային օրենսդրության խախտումները:

Պետական անտառային պահպանության ծառայության աշխատակիցներն իրավունք ունեն`

- կրել սահմանված կարգի համազգեստ, որը տրվում է անվճար.

- իրենց սեփական տների նորոգման համար անտառտնտեսությունից անվճար ստանալ շինափայտ և պետական իշխանության տեղական մարմինների կողմից հաստատված նորմերով` վառելափայտ.

- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալ ծառայողական հողակտորներ.

- ծառայության ժամանակ կրել և օգտագործել հրազեն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

- անտառային օրենսդրության խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկել պաշտոնատար անձանց, քաղաքացիներին, ինչպես նաև դատարան և արբիտրաժ հայցեր ներկայացնել անտառային տնտեսությանը հասցված վնասի հատուցման պահանջով:

Անտառային պահպանության ծառայության աշխատակիցները ենթակա են անձի պարտադիր պետական ապահովագրության` անտառների վերարտադրության, պահպանության և պաշտպանության արտաբյուջետային ֆոնդի միջոցների հաշվին:

Պետական անտառային պահպանության ծառայության աշխատակիցների կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինը:

Պետական անտառային պահպանության ծառայության գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով:

 

ԳԼՈՒԽ XVII
ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐ

 

Հոդված 50. Անտառօգտագործման վճարների չափերը և դրանց գանձման կարգը

 

Հայաստանի Հանրապետությունում անտառօգտագործումը (անտառային ֆոնդի օգտագործումը) վճարովի է, բացառությամբ գիտահետազոտական նպատակներով անտառային ֆոնդից օգտվելու դեպքերի:

Անտառօգտագործման վճարների չափերը սահմանվում են, ելնելով անտառային պաշարի տեսակից, որակից և քանակից, անտառային ֆոնդի օգտագործվող հատվածի բնական-աշխարհագրական, անտառապատման և տնտեսական պայմաններից, ստացված արտադրանքի գներից:

Անտառօգտագործման վճարները կարող են գանձվել անտառային ֆոնդի օգտագործումից ստացված արտադրանքի միավորի հաշվարկից, իսկ անտառօգտագործման առանձին տեսակների համար` անտառային ֆոնդի օգտագործվող տարածության յուրաքանչյուր հեկտարի համար սահմանված դրույքներով:

Անտառօգտագործման վճարների գանձման կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 51. Անտառօգտագործման վճարների բաշխումը

 

Անտառօգտագործման վճարները մուտքագրվում են այն շրջանների (քաղաքների) բյուջեները, որոնց տարածքում տեղի է ունենում անտառային ֆոնդի օգտագործումը:

Այդ միջոցներից անտառների պահպանության և պաշտպանության համար հատկացումների չափերը որոշում է պետական իշխանության համապատասխան տեղական մարմինը:

 

ԳԼՈՒԽ XVIII
ԱՆՏԱՌԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 52. Անտառաշինության էությունը

 

Անտառաշինությունն ընդգրկում է անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության, արտադրողականության բարձրացման, արդյունավետ օգտագործման, անտառային տնտեսության միասնական գիտատեխնիկական քաղաքականության իրականացման միջոցառումների համակարգը:

Անտառաշինությունն ընդգրկում է`

- անտառտնտեսական ձեռնարկությունների տարածքների սահմանների որոշումը և ներտնտեսական կազմակերպումը.

- տեղեկագրական աշխատանքների կատարումը և անտառների քարտեզագրումը.

- անտառային ֆոնդի գույքագրումը, որի միջոցով որոշում են անտառների տեսակային և տարիքային կազմը, վիճակը, ինչպես նաև անտառային պաշարների որակական և քանակական բնութագրերը.

- անտառային ֆոնդի այն հատվածների հայտնաբերումը, որտեղ անհրաժեշտ է կատարել խնամքի, սանիտարական և միջանկյալ օգտագործման այլ հատումներ, անտառավերականգնման և անտառատարածքի ընդարձակման, անտառի պահպանության և պաշտպանության այլ տնտեսական միջոցառումներ, ինչպես նաև դրանց կատարման կարգի և եղանակների սահմանումը.

- անտառներն ըստ նշանակության դասակարգելու հիմնավորումը և անտառները մեկ խմբից մյուսը փոխադրելու համար առաջարկությունների նախապատրաստումը.

- անտառավերականգնման հատումների, հաշվարկային հատատեղերի և միջանկյալ օգտագործման հատումների չափերի հաշվարկումը.

- անտառավերականգնման և անտառների ընդարձակման, անտառները հրդեհներից պահպանելու, վնասատուներից ու հիվանդություններից պաշտպանելու միջոցառումների և այլ անտառտնտեսական աշխատանքների ծավալների որոշումը.

- կողմնակի և երկրորդական անտառօգտագործման ծավալների, անտառային ֆոնդի մշակութային-առողջարարական և որսորդական տնտեսության կարիքների նպատակներով օգտագործման ծավալների որոշումը.

- անտառաշինության ժամանակ մշակված նախագծերի իրականացման նկատմամբ հեղինակային հսկողությունը, ինչպես նաև այլ անտառաշինական գործողություններ:

 

Հոդված 53. Անտառաշինության նախագծերը

 

Անտառային տնտեսություն վարող ձեռնարկությունների և կազմակերպությունների համար կազմվում են համապատասխան նախագծեր, որոնք տալիս են անցած ժամանակաշրջանի համար անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման ամբողջական գնահատականը, ինչպես նաև մշակում են անտառային տնտեսության հետագա կազմակերպման և զարգացման հիմնադրույթները:

Անտառաշինության նախագծերը Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինների կողմից հաստատվելուց հետո հանդիսանում են անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման իրականացման, ընթացիկ և հեռանկարային ծրագրավորման պարտադիր նորմատիվատեխնիկական փաստաթղթեր:

 

ԳԼՈՒԽ XIX
ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ԿԱԴԱՍՏՐ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

 

Հոդված 54. Պետական անտառային կադաստր: Անտառային ֆոնդի պետական հաշվառում

 

Պետական անտառային կադաստրի վարումը և անտառային ֆոնդի պետական հաշվառումն իրականացվում են անտառների պահպանության, վերարտադրության, անտառային ֆոնդի արդյունավետ օգտագործման և կազմակերպման ու պաշտպանության, քանակական և որակական փոփոխությունների պարբերաբար հսկողության և Հայաստանի Հանրապետության կառավարությանը, պետական իշխանության տեղական մարմիններին, շահագրգիռ ձեռնարկություններին, կազմակերպություններին, հիմնարկներին և քաղաքացիներին անտառային ֆոնդի մասին տեղեկություններով ապահովելու համար:

Պետական անտառային կադաստրի և անտառային ֆոնդի պետական հաշվառման տվյալները ենթակա են մամուլում հրապարակման:

Պետական անտառային կադաստրը և անտառային ֆոնդի պետական հաշվառումը բովանդակում են անտառային ֆոնդի իրավական ռեժիմի, դրա քանակական և որակական վիճակի, անտառների դասակարգման և տնտեսական գնահատման մասին այն տեղեկությունների միասնական համակարգը, որոնք անհրաժեշտ են անտառային տնտեսության վարման և անտառային ֆոնդում տնտեսական գործունեության արդյունքների գնահատման համար:

Պետական անտառային կադաստրի վարումը և անտառային ֆոնդի պետական հաշվառումը կատարվում են Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

ԳԼՈՒԽ XX
ԱՆՏԱՌՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

i
Հոդված 55. Անտառների վիճակի, պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման նկատմամբ պետական վերահսկողությունը

 

Անտառների վիճակի, պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման նկատմամբ պետական վերահսկողության խնդիրն է` ապահովել անտառային ֆոնդի օգտագործման սահմանված կարգի, անտառօգտագործման նորմերի, անտառային տնտեսություն վարելու, անտառների պահպանության ու պաշտպանության կանոնների, ինչպես նաև անտառային օրենսդրությամբ սահմանված մյուս կանոնների պահպանումը բոլոր անտառօգտագործողների կողմից:

Պետական վերահսկողությունն անտառների վիճակի, պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման նկատմամբ իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, պետական իշխանության տեղական մարմինները և Հայաստանի Հանրապետությունում անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական մարմինները` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

Հոդված 56. Անտառային մոնիտորինգ

 

Անտառային մոնիտորինգը անտառային ֆոնդի վիճակի և զարգացման ընթացքի (դինամիկայի) դիտարկումների և հետազոտումների գնահատման ու կանխատեսման համակարգն է, որի նպատակն է անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում արդյունավետ կառավարումը և անտառների էկոլոգիական նշանակության բարձրացումը:

 

ԳԼՈՒԽ XXI
ԱՆՏԱՌԱՅԻՆ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Հոդված 57. Անտառային վեճերի լուծման կարգը

 

Անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում ծագող վեճերը լուծվում են դատական կամ արբիտրաժային կարգով:

 

i
Հոդված 58. Անտառների սեփականության իրավունքը խախտող գործարքների անվավերությունը

 

Անտառային ֆոնդի հատվածների առքուվաճառքի, նվիրատվության, գրավ դնելու, փոխանակման, ինչպես նաև անտառօգտագործման իրավունքի վերազիջման գործարքներն անվավեր են:

 

i
Հոդված 59. Անտառային օրենսդրության խախտումների տեսակները

 

Սույն օրենսգրքի 58 հոդվածով նախատեսված գործարքներ կատարելու, ինչպես նաև`

- ծառերը և թփերն ապօրինաբար վնասելու և հատելու.

- հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառը վնասելու կամ ոչնչացնելու.

- անտառներում հրդեհային անվտանգության կանոնների պահանջները խախտելու.

- անտառները քիմիական և ռադիոակտիվ նյութերով, արտադրական կեղտաջրերով, արդյունաբերական արտանետումներով, մնացուկներով և կոմունալ-կենցաղային թափոններով աղտոտելու.

- ժամանակավոր օգտագործման հատկացված անտառային ֆոնդի հատվածների վերադարձման ժամկետները խախտելու.

- անտառամշակույթները, անտառային տնկարաններում սերմնաբույսերը կամ տնկիները, ինչպես նաև անտառավերականգնման համար նախատեսված տարածություններում բնական ծագում ունեցող մատղաշն ու ինքնացանը վնասելու կամ ոչնչացնելու.

- հատատեղերի և ոչ անտառապատ այլ կարգի անտառային հողերի անտառապատման կարգը և ժամկետները խախտելու.

- անտառային ֆոնդի հողամասերն առանց պատշաճ թույլտվության օգտագործելու, այդ հողամասերում ծառերն ու թփերն արմատախիլ անելու, շենքերի կառուցման, բնափայտի մշակման, պահեստների կառուցման և այլ նպատակներով օգտագործման, անտառային ֆոնդի տարածքներն ինքնակամ զավթելու և դրանք ըստ պատկանելության չվերադարձնելու.

- անտառային ֆոնդի տարածքներում ինքնակամ խոտհունձ կատարելու և անասուններ արածեցնելու, ինչպես նաև խոտհնձի և անասունների արածեցման կանոնները խախտելու.

- անտառային ֆոնդի հողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելու.

- անտառային ֆոնդի հողերի բերրի շերտը վնասելու կամ ոչնչացնելու.

- անտառներում սանիտարական կանոնները խախտելու.

- անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերով նախատեսված նպատակներին կամ պահանջներին չհամապատասխանող անտառօգտագործում իրականացնելու.

- անտառային ֆոնդի հողերում ոռոգման և անտառաչորացման առուները, դրենաժային համակարգերը, ինչպես նաև ճանապարհները վնասելու կամ ոչնչացնելու.

- ինքնակամ վայրի պտուղ, ընկույզ, սունկ, հատապտուղ և այլն հավաքելու այն հողամասերում, որտեղ դա արգելված է կամ թույլատրվում է միայն անտառային տոմսերով.

- վայրի պտուղ, սունկ, հատապտուղ և այլն հավաքելու ժամկետները և եղանակները խախտելու.

- հատատեղերի հատկացման և անտառագնահատման, բնափայտի մթերման և դուրսբերման, երկրորդական անտառանյութ մթերելու, հատատեղերի տեղազննման սահմանված կարգը խախտելու.

- անտառային ֆոնդում սահմանափակող, անտառաշինական և այլ նշանները վնասելու և ոչնչացնելու.

- անտառի կենդանական աշխարհին վնաս հասցնելու.

- քամատապալ, ձյունակոտոր, արմատից հատված ծառերը յուրացնելու և Հայաստանի Հանրապետության անտառային օրենսդրության այլ խախտումների մեջ մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 60. Անտառային ֆոնդի ինքնակամ զավթած հատվածների վերադարձման կարգը

 

Անտառային ֆոնդի ինքնակամ զավթած հատվածները վերադարձվում են ըստ պատկանելության, առանց կատարված ծախսերի հատուցման:

 

Հոդված 61. Անտառների վիճակի և վերարտադրության համար վտանգ ներկայացնող աշխատանքների դադարեցումը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկապես լիազորված մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով արգելում կամ դադարեցնում են ձեռնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների կողմից կատարվող աշխատանքները, եթե դրանց իրականացման ընթացքում չեն ապահովվում տեխնոլոգիական, սանիտարական, հակահրդեհային և այլ միջոցառումները, որոնց հետևանքով վտանգ է առաջանում անտառների վիճակի և վերարտադրության համար:

 

ԳԼՈՒԽ XXII
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

 

Հոդված 62. Միջազգային պայմանագրերը

 

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ կանոններ, քան պարունակում է սույն օրենսգիրքը, ապա կիրառվում է միջազգային պայմանագիրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


1 նոյեմբերի 1994 թվականի,
քաղ. Երևան
Հ.Ն-1111-I.-ՀՕ-122

 

 

 

pin
ՀՀ 01.11.1994
N ՀՕ-122 օրենսգիրք